Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am

Վճռաբեկ դատարան · Կոռուպցիոն հանցագործություններ

ԵԴ/0253/01/19

Վճռաբեկ դատարանի որոշումների ցանկից (cassationcourt.am/decisions)՝ դատարանի նախադեպային շտեմարանում այն չկա։

Գործի համարը
ԵԴ/0253/01/19
Դիմող / մեղադրյալ
Ռոբերտ Քոչարյան
Դատական ակտի ընդունման ամսաթիվը
05.06.2024

Որոշման տեքստը

դատարանի Word ֆայլից
ԵԴ/0253/01/19 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի որոշում Նախագահող դատավոր՝ Ռ.Բարսեղյան 2024 թվականի հունիսի 5-ին քաղաք Երևանում ՀՀ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ` Ե․ԴԱՆԻԵԼՅԱՆԻ մասնակցությամբ դատավորներ՝ Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆԻ Դ․ՎԵՔԻԼՅԱՆԻ Ս․ՉԻՉՈՅԱՆԻ գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան) 2021 թվականի մարտի 15-ի որոշման դեմ ամբաստանյալ Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի պաշտպան Հ․Ալումյանի վճռաբեկ բողոքը, Պ Ա Ր Զ Ե Ց Գործի դատավարական նախապատմությունը. 2019 թվականի ապրիլի 29-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան) ստացվել է Ռ.Քոչարյանի և մյուսների վերաբերյալ թիվ ԵԴ/0253/01/19 քրեական գործը: 2019 թվականի ապրիլի 30-ին քրեական գործն ընդունվել է Առաջին ատյանի դատարանի դատավոր Վ.Գրիգորյանի վարույթ, ում կողմից 2019 թվականի մայիսի 6-ին կայացվել է որոշում` ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ: 2019 թվականի մայիսի 7-ին քրեական գործն ընդունվել է Առաջին ատյանի դատարանի դատավոր Դ.Գրիգորյանի վարույթ: 2019 թվականի օգոստոսի 19-ին քրեական գործը վերաբաշխվել է` դատավոր Դ.Գրիգորյանի լիազորությունների կասեցված լինելու հիմքով և 2019 թվականի օգոստոսի 20-ին ընդունվել է Առաջին ատյանի դատարանի դատավոր Ա.Դանիբեկյանի վարույթ: Առաջին ատյանի դատարանի` 2019 թվականի սեպտեմբերի 2-ի «Քրեական գործը դատական քննության նշանակելու մասին» որոշմամբ, ի թիվս այլնի, որոշվել է Ռ.Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը թողնել անփոփոխ և առաջին դատական նիստում, կողմերի մասնակցությամբ քննության առնել մեղադրյալ Ռ.Քոչարյանի նկատմամբ այլ խափանման միջոց կիրառելու վերաբերյալ պաշտպան Հ.Խուդոյանի միջնորդությունները։ Առաջին ատյանի դատարանի 2019 թվականի սեպտեմբերի 2-ի որոշման դեմ մեղադրյալ Ռ.Քոչարյանի պաշտպան Հ.Ալումյանի վերաքննիչ բողոքը Վերաքննիչ դատարանի 2019 թվականի սեպտեմբերի 16-ի որոշմամբ թողնվել է առանց քննության: Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ մեղադրյալ Ռ.Քոչարյանի պաշտպան Հ.Ալումյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի 2019 թվականի դեկտեմբերի 26-ի որոշմամբ ընդունվել է վարույթ: Վճռաբեկ դատարանի 2021 թվականի փետրվարի 18-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ: Վճռաբեկ դատարանի 2021 թվականի փետրվարի 25-ի որոշմամբ վճռաբեկ բողոքը մասնակիորեն բավարարվել է, մեղադրյալ Ռ․Քոչարյանի պաշտպան Հ․Ալումյանի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի 2019 թվականի սեպտեմբերի 16-ի որոշումը բեկանվել և գործն ուղարկել է նույն դատարան նոր քննության։ Վերաքննիչ դատարանի 2021 թվականի մարտի 3-ի որոշմամբ մեղադրյալ Ռ․Քոչարյանի պաշտպան Հ․Ալումյանի վերաքննիչ բողոքն ընդունվել է վարույթ և նշանակվել դատական քննության։ Վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանի 2021 թվականի մարտի 15-ի որոշմամբ բողոքը մերժվել է, իսկ Առաջին ատյանի դատարանի 2019 թվականի սեպտեմբերի 2-ի որոշումը՝ թողնվել օրինական ուժի մեջ։ Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ մեղադրյալ Ռ․Քոչարյանի պաշտպան Հ․Ալումյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի 2021 թվականի օգոստոսի 2-ի որոշմամբ ընդունվել է վարույթ։ 7․1․Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։ 2022 թվականի հունվարի 16-ին գործը բաշխվել (հանձնվել) է ՀՀ վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմին։ Վճռաբեկ դատարանի 2024 թվականի մայիսի 24-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ: Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը. Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով․ Բողոքի հեղինակի պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ՝ քրեադատավարական օրենքի էական խախտում, ինչը խաթարել է արդարադատության բուն էությունը։ Մասնավորապես, բողոք բերած անձը նշել է, որ Առաջին ատյանի դատարանը մեղադրյալ Ռ․Քոչարյանին շարունակաբար կալանքի տակ պահելու մասին որոշումն առանց մեղադրյալ Ռ․Քոչարյանի և նրա պաշտպանի մասնակցության կայացնելիս թույլ է տվել «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ նաև՝ Կոնվենցիա) 5-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերի խախտումներ։ Ստորադաս դատարանի դատական ակտն այն մասով, որ վերաբերում է մեղադրյալ Ռ․Քոչարյանի խափանման միջոցին, զուրկ է կալանավորման հիմքերին և պայմաններին վերաբերող պատճառաբանություններից, այլ միայն հղում է պարունակում Վերաքննիչ դատարանի 2019 թվականի հունիսի 25-ի որոշմանը, որով անփոփոխ էր թողնվել մեղադրյալ Ռ․Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը։ Մեղադրյալ Ռ․Քոչարյանին անորոշ ժամկետով կալանքի տակ պահելու մասին Առաջին ատյանի դատարանի որոշմամբ խախտվել է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետով ամրագրված օրինականության սկզբունքը։ Անձին ազատությունից զրկելու հետ կապված լսումները պետք է լինեն մրցակցային և բոլոր դեպքերում ապահովվեն կողմերի հավասարությունը։ Տվյալ դեպքում դատավարության որևէ սուբյեկտ չի միջնորդել, որպեսզի Ռ․Քոչարյանի նկատմամբ կիրաված կալանքը երկարաձգվի։ Առաջին ատյանի դատարանն առանց մեղադրանքի կողմի միջնորդության, որոշում է կայացրել Ռ․Քոչարյանին կալանքի տակ պահելն անորոշ ժամկետով երկարացնելու մասին։ Բողոքաբերի կարծիքով, Առաջին ատյանի դատարանի որոշմամբ լուծում չի տրվել կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ մեղադրյալ Ռ․Քոչարյանի պաշտպանի՝ 2019 թվականի հունիսի 27-ի և օգոստոսի 14-ի միջնորդություններին, այլ հետաձգել է դրանց քննությունը մինչև 2019 թվականի սեպտեմբերի 12-ը՝ չնշելով, թե ինչ էական հանգամանքներ պարզելու նպատակով է հետաձգվում դրանց քննարկումը։ Վերոշարադրյալի հիման վրա բողոքի հեղինակը խնդրել է Առաջին ատյանի դատարանի 2021 թվականի մարտի 15-ի որոշումը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի 2019 թվականի սեպտեմբերի 2-ի որոշումը մեղադրյալ Ռ․Քոչարյանի մասով բեկանել և փոփոխել: Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները. 13. Առաջին ատյանի դատարանը, 2019 թվականի սեպտեմբերի 2-ի` «Քրեական գործը դատական քննության նշանակելու մասին» որոշմամբ անդրադառնալով Ռ.Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի հարցին, արձանագրել է.«(…) [Ս]ույն քրեական գործը դատական քննության նախապատրաստելու փուլում նշանակված դատական նիստում Ռոբերտ Քոչարյանի և նրա պաշտպանների մասնակցությամբ դատարանը քննության է առել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ մինչդատական վարույթի ընթացքում որպես խափանման միջոց ընտրված կալանավորման վերացման, փոփոխման կամ պահպանման հարցը և 2019 թվականի մայիսի 18-ի որոշմամբ փոփոխելով այն` որպես խափանման միջոց ընտրել է անձնական երաշխավորությունը: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2019 թվականի հունիսի 25-ի որոշմամբ Առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանվել է, Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված անձնական երաշխավորությունը վերացվել և նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը` կալանքի սկիզբը հաշվելով փաստացի արգելանքի վերցնելու պահից: Այսպիսով, ՀՀ Սահմանադրական դատարանի 26.06.2018թ. թիվ ՍԴՈ-1421 որոշմամբ ձևավորված իրավական դիրքորոշման համապատասխան, սույն քրեական գործը դատական քննության նախապատրաստելու փուլում Ռոբերտ Քոչարյանի կողմից իրացվել է իր անձնական ազատության սահմանափակման հարցը քննարկելիս դատարանի կողմից լսված լինելու սահմանադրական իրավունքը, որպիսի պայմաններում դատարանի կազմի փոփոխությունը չի ենթադրում դատավարության նույն փուլում խափանման միջոցի հարցը դատական նիստում կրկին քննարկելու անհրաժեշտություն: Հետևաբար, նկատի ունենալով, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման վերացման, փոփոխման կամ պահպանման հարցը դատավարության ներկա փուլում արդեն իսկ լուծվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 25.06.2019թ. որոշմամբ, դատարանը գտնում է, որ նշված որոշմամբ կիրառված խափանման միջոցը` կալանավորումը, տվյալ պահին պետք է թողնել անփոփոխ: Միաժամանակ, անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանի կողմից ներկայացված միջնորդություններին` «Մեղադրյալի նկատմամբ ազատազրկման հետ չկապված խափանման միջոց ընտրելու վերաբերյալ» և «Մեղադրյալի նկատմամբ կալանավորման այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու և նրա նկատմամբ գրավը` որպես կալանավորման այլընտրանքային խափանման միջոց կիրառելու մասին», դատարանը գտնում է, որ նշված միջնորդությունները պետք է առաջնահերթության կարգով քննության առնվեն դատական քննության փուլում` առաջին դատական նիստում, կողմերի մասնակցությամբ (…)» : 14. Վերաքննիչ դատարանը 2021 թվականի մարտի 15-ի որոշմամբ արձանագրել է.«(…) [Հ]Հ Սահմանադրական դատարանի 26.06.2018թ. թիվ ՍԴՈ-1421 որոշմամբ ձևավորված իրավական դիրքորոշումների համատեքստում՝ էականորեն փոփոխվել է [Օ]րենսգրքի 293-րդ հոդվածի կիրառման տրամաբանությունը, որը հաշվի չի առել բողոքաբերը: Ինչպես երևում է Օրենսգրքի 293-րդ հոդվածի 2-րդ մասից՝ դատական քննություն նշանակելու մասին որոշման մեջ, ի թիվս այլ հարցերի, պետք է բովանդակվեն նաև որոշում՝ խափանման միջոցները վերացնելու, փոխելու կամ ընտրելու մասին: Ընդ որում, այս նորմը համակարգային առումով փոխկապված էր նույն օրենսգրքի 300-րդ հոդվածի հետ, որում սահմանված էր, որ դատարանը, որոշումներ կայացնելու հետ միաժամանակ, բացի գործն ըստ ընդդատության ուղարկելու մասին որոշումից, պարտավոր է քննել մեղադրյալի նկատմամբ խափանման միջոցներ ընտրելու կամ չընտրելու և դրա տեսակի հիմնավոր լինելու կամ չլինելու հարցը` խափանման միջոցն ընտրված լինելու դեպքում: Ըստ այդմ՝ Դատարանները խափանման միջոցի մասին որոշումը ներառում էին դատական քննություն նշանակելու մասին որոշման մեջ և լուծում դրա հարցը՝ առանց նիստ անցկացնելու, այսինքն՝ կայացվում էր միասնական որոշում: ՀՀ սահմանադրական դատարանի 26.06.2018թ. թիվ ՍԴՈ-1421 որոշմամբ Օրենսգրքի 300-րդ հոդվածը՝ ՀՀ Սահմանադրությանը հակասող ճանաչելու մասին որոշում կայացնելիս ՀՀ սահմանադրական դատարանն անդրադարձ չի արել այդ հոդվածի հետ համակարգային կապի մեջ գտնվող՝ Օրենսգրքի 293-րդ հոդվածին, արդյունքում ստացվում է այնպես, որ անկախ նրանից, որ դատարանը, կատարելով ՀՀ սահմանադրական դատարանի վերոնշյալ որոշման պահանջը, նիստ է նշանակում և առանձին որոշմամբ լուծում խափանման միջոցի հարցը, պարտավոր է դատական քննություն նշանակելու մասին որոշմամբ ևս անդրադառնալու խափանման միջոցի հարցին և որոշում կայացնել դրա մասին, հակառակ դեպքում՝ դատական քննություն նշանակելու մասին որոշումը չի համապատասխանի օրենքի իմպերատիվ պահանջին: Սակայն, ասվածը չի նշանակում, որ երբ դատարանը, դատական քննություն նշանակելու մասին որոշմամբ, անդրադարձ է կատարում խափանման միջոց կալանավորման հարցին, ապա խախտում է անձի հիմնարար իրավունքները՝ ինչպես պնդում է բողոքաբերը, քանի որ այն արդեն իսկ ապահովված է եղել մինչ այդ որոշման կայացումը: Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Օրենսգրքի 293-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը՝ խափանման միջոց կալանավորման մասով պետք է մեկնաբանել այլ տրամաբանությամբ, քան այն, որը գործում էր մինչև ՀՀ սահմանադրական դատարանի 26.06.2018թ. թիվ ՍԴՈ-1421 որոշումը, այն է՝ կա՛մ այն պետք է դիտարկել ձևական պահանջ և չկիրառել կալանավորման համատեքստում, կա՛մ եթե կիրառվում է, ապա չպետք է դիտարկել անձի իրավունքների խախտման համատեքստում, քանի որ Սահմանադրական դատարանի որոշումից հետո՝ դատական քննություն նշանակելու մասին որոշման մեջ խափանման միջոց կալանավորման մասով պետք է միշտ վկայակոչվի մինչ այդ դատական նիստում քննարկված և կայացված որոշումը՝ անկախ նրանից դրանով պահպանվել է խափանման միջոցը, թե փոփոխվել կամ վերացվել: Վերաքննիչ դատարանի գնահատմամբ՝ Առաջին ատյանի դատարանը ճիշտ է մեկնաբանել և կիրառել օրենսգրքի 293-րդ հոդվածի 2-րդ մասը, քանի որ պարզապես վկայակոչել է արդեն իսկ դատական նիստում քննարկված և դրա արդյունքում կայացված որոշումը (ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 25.06.2019թ. որոշումը) և ինքնուրույն այդ հարցը դատական նիստում կրկին չի քննարկել՝ նկատի ունենալով, որ մինչ այդ երաշխավորված է եղել ՀՀ սահմանադրական դատարանի որոշմամբ սահմանված պահանջների կատարումը: Բողոքաբերի տրամաբանությամբ առաջնորդվելու դեպքում՝ դատարանը հենց ղեկավարվեց Օրենսգրքի 293-րդ հոդվածի 2-րդ մասով և որոշում կայացրեց նաև խափանման միջոց կալանավորման մասին, ապա թույլ է տալիս անձնական ազատության իրավունքի խախտում, թեկուզև մինչ այդ առանձին նիստով քննության առարկա դարձրած լինի խափանման միջոց կալանավորման հիմնավոր կամ անհիմն լինելու հարցը և որոշում կայացրած լինի դրա հիմնավոր լինելու մասին: Եթե հիմք ընդունվի այն հնարավոր մեկնաբանությունը, որ դատարանը պարտավոր էր առանձին նիստ հրավիրելու և քննարկելու խափանման միջոցի հարցը, քանի որ տեղի է ունեցել դատավորի փոփոխություն, ապա ՀՀ սահմանադրական դատարանի քննարկվող որոշման մեջ ձևավորած իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ էական է այն, որպեսզի գործը դատախազի կողմից դատարան ուղարկելուց հետո մեղադրյալի նկատմամբ ընտրված խափանման միջոցի հարցը քննարկվի դատական նիստում, որպեսզի անձը կանգնի դատարանի առաջ և լսված լինի դատարանի կողմից, որպիսի հանգամանքը սույն գործով պահպանված է՝ անկախ նրանից, թե դատարանը տվյալ դեպքում ներկայացրել է նախագահող դատավոր Դ.Գրիգորյանը, թե Ա.Դանիբեկյանը: Այն էական նշանակություն չունի և չի կարող ունենալ, եթե դատավորը համապատասխանում է «օրենքի հիման վրա ստեղծված դատարանի» չափանիշին, որպիսին սույն դեպքում բողոքում չի ներկայացվել: Ընդ որում, ինչն առավել կարևոր է սույն գործի փաստական հանգամանքների պայմաններում, դատարանը թեև դատական քննություն նշանակելու մասին որոշմամբ անդրադարձ կատարել է մեղադրյալի խափանման միջոցի հարցին, սակայն նշանակել է նաև կոնկրետ օր՝ խափանման միջոց կալանավորման հարցը քննության առնելու մասին, ինչը նշանակում է, որ դատարանը մեղադրյալին չի զրկել դատական նիստում իր նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման հարցը քննարկելու իրավունքից: Այս տեսանկյունից՝ Վերաքննիչ դատարանը նաև ցանկանում է արձանագրել, որ սույն գործի փաստական հանգամանքների պայմաններում (այն առանձնահատուկ է, քանի որ մինչ դատական քննություն նշանակելը տեղի է ունեցել դատավորի փոփոխություն) անձի իրավունքների ապահովման համար էական նշանակություն չունի նաև այն, թե դատարանը խափանման միջոց կալանավորման հարցը դատական նիստում քննության է նշանակում՝ դատական քննության նախապատրաստական փուլում, թե դատական քննության փուլում, կարևոր է, որպեսզի անձին երաշխավորվի լսված լինելու և դատարանի առաջ կանգնելու իրավունքը: Ինչպես երևում է բողոքարկված որոշմամբ՝ դատարանն ապահովել է մեղադրյալի իրավունքների իրացման հնարավորությունը կոնկրետ օր նշանակելով խափանման միջոցի քննարկման համար: Հետևաբար՝ բողոքաբերի պնդումն առ այն, որ Առաջին ատյանի դատարանի` 02.09.2019 թվականի որոշումն այն մասով, որը վերաբերում է պարոն Ռ. Քոչարյանի խափանման միջոցին, կայացվել է առանց պարոն Քոչարյանի և նրա պաշտպանների փաստարկները լսելու, առանց այդ հարցի քննարկմանը նրանց մասնակից դարձնելու, անհիմն է: Անդրադառնալով վերաքննիչ բողոքում նշված այն պնդմանը, որ Առաջին ատյանի դատարանի որոշումն այն մասով, որը վերաբերում է պարոն Ռ. Քոչարյանի խափանման միջոցին, զուրկ է կալանավորման հիմքերին ու պայմաններին վերաբերող որևէ պատճառաբանությունից, Վերաքննիչ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ, ինչպես նշվեց վերևում` Առաջին ատյանի դատարանը մեղադրյալի նկատմամբ կալանավորումը, որպես խափանման միջոց կիրառելու հարցը քննարկման առարկա չի դարձրել, այլ վկայակոչել է Վերաքննիչ դատարանի 25.05.2019թ. որոշումը և կիրառված խափանման միջոցը` կալանավորումը տվյալ պահին թողել է անփոփոխ, հետևաբար տրամաբանական է նաև, որ Առաջին ատյանի դատարանի որոշման մեջ առկա չեն անդրադարձներ կալանավորման հիմքերին, հիմնավորումներին և պատճառաբանություններին, որոնց անդրադառնալու համար դատարանը նշանակել է կոնկրետ օր: Ինչ վերաբերում է բողոքաբերի այն պնդմանը, որ Առաջին ատյանի դատարանի 02.09.2019 թվականի որոշմամբ, լուծում չի տրվել կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ պարոն Ռ.Քոչարյանի պաշտպանի 27.06.2019 թվականի և 14.08.2019 թվականի միջնորդություններին, Վերաքննիչ դատարանը փաստում է, որ նախ՝ Առաջին ատյանի դատարանի կողմից նշված միջնորդությունների քննարկումը որոշվել է առաջնահերթության կարգով քննության առնել դատական քննության փուլում` առաջին դատական նիստում (2019 թվականի սեպտեմբերի 12-ին), կողմերի մասնակցությամբ (Տես սույն որոշման 3-րդ կետը), երկրորդ՝ թեև դատարանի կողմից այդ միջնորդությունների քննարկման օր որոշելը որոշակիորեն անհամատեղելի է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ «միջնորդությունները և պահանջները պետք է քննության առնվեն և լուծվեն դրանք հայտարարելուց անմիջապես հետո» պահանջին, սակայն այն պայմանավորված է այն հանգամանքով, որ սույն քրեական գործով տեղի է ունեցել դատավորի փոփոխություն, իսկ միջնորդությունները ներկայացնելու պահին սույն քրեական գործը դեռևս մակագրված չի եղել դատավոր Ա.Դանիբեկյանին (2019 թվականի օգոստոսի 20-ին քրեական գործն ընդունվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Դանիբեկյանի վարույթ), ինչը նշանակում է, որ նա չէր կարող այդ միջնորդություններին անդրադառնալ անմիջապես, իսկ գործի մակագրությունից հետո դատարանը փաստացի վարույթ է ընդունել քրեական գործը և որոշում կայացրել դատական քննություն նշանակելու մասին, որում նաև սահմանել է միջնորդությունների քննության օրը՝ ինչի մասին նշվեց վերևում: Անդրադառնալով վերաքննիչ բողոքում նշված այն պնդմանը, որ Ռ. Քոչարյանի նկատմամբ կիրառվել է անժամկետ կալանավորում, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ նախ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում սահմանված չէ կալանքի տակ պահելու ժամկետային սահմանափակում դատական քննության փուլի համար, հետևաբար դատարանը չէր էլ կարող կոնկրետ ժամկետ սահմանել՝ կալանավորման տակ պահելու, սակայն նկատի ունենալով, որ դատարանը կարող է ինչպես սեփական նախաձեռնությամբ, այնպես էլ կողմերի միջնորդությամբ անդրադառնալ կալանավորման հարցին դատական քննության փուլում՝ առանց որևէ սահմանափակումների և պայմանների, հետևաբար խոսք լինել չի կարող դատարանի կողմից մեղադրյալի իրավունքների և ազատությունների խախտման մասին: Բացի այդ, Առաջին ատյանի դատարանն իր որոշման մեջ հստակ օր է նշել (2019 թվականի սեպտեմբերի 12-ին), թե երբ է քննության առնելու մեղադրյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման հարցը, որով և մեղադրյալին արդեն իսկ տրվում է իր նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վիճարկելու հնարավորություն: Հետևաբար խոսք լինել չի կարող անժամկետ կալանավորման, առավել ևս անձի` կամայականություններից պաշտպանվելու պատշաճ հնարավորությունից զրկելու մասին, ինչպես նշված է վերաքննիչ բողոքում (…)»: Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը. 12. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավոր է արդյո՞ք Վերաքննիչ դատարանի հետևությունն այն մասին, որ Ռ․Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումն անփոփոխ թողնելու մասին Առաջին ատյանի դատարանի որոշումն իրավաչափ է։ 13. ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի անձնական ազատության իրավունք: Ոչ ոք չի կարող անձնական ազատությունից զրկվել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով՝(…) 4) անձին իրավասու մարմին ներկայացնելու նպատակով, երբ առկա է նրա կողմից հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկած, կամ երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է հանցանքի կատարումը կամ դա կատարելուց հետո անձի փախուստը կանխելու նպատակով. (…)»: «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի համաձայն` «1. Յուրաքանչյուր ոք ունի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք: Ոչ ոքի չի կարելի ազատությունից զրկել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով uահմանված կարգով. (…) գ) անձի օրինական կալանավորումը կամ ձերբակալումը` իրավախախտում կատարած լինելու հիմնավոր կաuկածի առկայության դեպքում նրան իրավաuու օրինական մարմնին ներկայացնելու նպատակով կամ այն դեպքում, երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է համարվում նրա կողմից հանցագործության կատարումը կամ այն կատարելուց հետո նրա փախուuտը կանխելու համար. (…) 3․ Սույն հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետի դրույթներին համապատասխան ձերբակալված կամ կալանավորված յուրաքանչյուր ոք անհապաղ տարվում է դատավորի կամ այլ պաշտոնատար անձի մոտ, որն օրենքով լիազորված է իրականացնելու դատական իշխանություն և ունի ողջամիտ ժամկետում դատաքննության իրավունք կամ մինչև դատաքննությունն ազատ արձակվելու իրավունք: Ազատ արձակումը կարող է պայմանավորվել դատաքննության ներկայանալու երաշխիքներով:(…)»: 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք) 292-րդ հոդվածի համաձայն՝ «Քրեական գործն իր վարույթ ընդունած դատավորը հետազոտում է գործի նյութերը և քրեական գործը վարույթ ընդունելու պահից 15 օրվա ընթացքում կայացնում հետևյալ որոշումներից մեկը` դատական քննություն նշանակելու մասին.(…)»։ Նույն օրենսգրքի 293-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «2. Դատական քննություն նշանակելու մասին որոշման մեջ պետք է բովանդակվեն`(…) որոշում` խափանման միջոցները և պատճառված վնասի ապահովման միջոցները վերացնելու, փոխելու կամ ընտրելու մասին, որոշումներ` դատավարության մասնակիցների հարուցած միջնորդությունների, բացարկների և այլ հայտարարությունների առթիվ(…):»։ Նույն օրենսգրքի 300-րդ հոդվածի համաձայն՝ «Որոշումներ կայացնելու հետ միաժամանակ, բացի գործն ըստ ընդդատության ուղարկելու մասին որոշումից, դատարանը պարտավոր է քննել մեղադրյալի նկատմամբ խափանման միջոցներ ընտրելու կամ չընտրելու և դրա տեսակի հիմնավոր լինելու կամ չլինելու հարցը` խափանման միջոցն ընտրված լինելու դեպքում»։ 13.1. Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ՀՀ Սահմանադրական դատարանի` 2018 թվականի հունիսի 26-ի թիվ ՍԴՈ-1421 որոշմամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածն այն մասով, որ չի նախատեսում գործը դատական քննության նախապատրաստելիս դատարանի կողմից մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ չընտրելու և կալանքը որպես խափանման միջոց ընտրված լինելու դեպքում դրա հիմնավոր լինելու կամ չլինելու հարցի քննությանը մեղադրյալի և (կամ) նրա պաշտպանի մասնակցության հնարավորություն, ճանաչվել է ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի 5-րդ մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին, 75-րդ և 81-րդ հոդվածներին հակասող և անվավեր: Մասնավորապես, ՀՀ Սահմանադրական դատարանն արձանագրել է հետևյալը. «(…) [Գ]ործը դատական քննության նախապատրաստելու շրջանակներում դատարանի կողմից առանց մեղադրյալի և/կամ նրա պաշտպանի մասնակցության մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ չընտրելու, կալանքը որպես խափանման միջոց ընտրված լինելու դեպքում դրա հիմնավոր լինելու կամ չլինելու հարցը քննելու ժամանակ, մասնավորապես, անձնական ազատության, արդար դատաքննության իրավունքների, քրեական դատավարության ընթացքում մրցակցության սկզբունքի ապահովման օրենսդրական երաշխիքներ նախատեսված չեն: (…) Սահմանադրական դատարանը, կարևորելով անձի արդար դատաքննության իրավունքի երաշխավորումը, միաժամանակ գտնում է, որ գործը դատական քննության նախապատրաստելու փուլում դատարանի կողմից կալանքի որպես խափանման միջոցի վերաբերյալ հարցի քննության ընթացքում պետք է ապահովել ինչպես պաշտպանության, այնպես էլ՝ մեղադրանքի կողմի մասնակցությունը` ելնելով քրեական դատավարության ընթացքում մրցակցության սկզբունքի ապահովման անհրաժեշտությունից: (…) Սահմանադրական դատարանը գտնում է, որ գործը դատական քննության նախապատրաստելու փուլում դատարանն իր նախաձեռնությամբ մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ չընտրելու, կալանքը որպես խափանման միջոց ընտրված լինելու դեպքում դրա հիմնավոր լինելու կամ չլինելու հարցը որոշելիս չի կարող ազատվել կողմերի կարծիքը լսելու պարտականությունից, և կողմերը չեն կարող զրկված լինել իրենց դիրքորոշումները ներկայացնելու հնարավորությունից: Հակառակ պարագայում՝ այն կարող է պարունակել վտանգ, որ դատարանն իր վրա է վերցնում մեղադրանքի կամ պաշտպանության գործառույթներ: Բացի դրանից, դատարանը զրկվում է հարցը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննելու փաստացի հնարավորությունից, որի երաշխավորման կարևոր նախապայման է նաև կողմերի կարծիքները, փաստարկները, դիրքորոշումները լսելը: Սահմանադրական դատարանը գտնում է, որ անձնական ազատության սահմանադրական իրավունքի սահմանափակումն իրավաչափ է միայն դատարանի որոշմամբ, որն ընդունվել է դատական նիստում՝ դատարանի կողմից կալանքը որպես խափանման միջոց ընտրելու, ինչպես նաև ընտրված կալանքի հիմքերի և հիմնավորումների համակողմանի և անաչառ քննության, այդ թվում՝ մեղադրյալի և (կամ) նրա պաշտպանի՝ իր դիրքորոշումը դատարանին ներկայացնելու հնարավորության առկայության դեպքում: Ելնելով վերոգրյալից՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն գործով վիճարկվող իրավակարգավորումն այն մասով, որ չի նախատեսում գործը դատական քննության նախապատրաստելիս դատարանի կողմից մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ չընտրելու և կալանքը որպես խափանման միջոց ընտրված լինելու դեպքում դրա հիմնավոր լինելու կամ չլինելու հարցի քննությանը մեղադրյալի և (կամ) նրա պաշտպանի մասնակցության հնարավորություն, չի ապահովում անձի՝ դատարանի կողմից լսվելու սահմանադրական իրավունքի իրացումը՝ օրենքով սահմանված կարգով: Հետևաբար այն չի համապատասխանում նաև արդար դատաքննության չափանիշներին: (…) [Գ]ործը դատական քննության նախապատրաստելու փուլում վիճարկվող իրավակարգավորման ուժով մեղադրյալի նկատմամբ անձնական ազատության իրավունքի սահմանափակում նախատեսող խափանման միջոցի վերաբերյալ հարցի քննության արդյունքում ընդունվում է որոշում (Օրենսգրքի 293-րդ հոդվածի 2-րդ մաս), որն, ի թիվս այլնի, Օրենսգրքի 65-րդ հոդվածի 2-րդ մասի 20-րդ կետի, ինչպես նաև Օրենսգրքի 73-րդ հոդվածի 15-րդ կետի ուժով կարող է բողոքարկվել մեղադրյալի, նրա պաշտպանի կողմից (ինչը և կատարվել է սույն գործում առկա ԵԷԴ/0063/01/17 և ԵԿԴ/0250/01/17 քրեական գործերի շրջանակներում), և այդ բողոքի քննությանն Օրենսգրքի ընդհանուր իրավակարգավորումների շրջանակներում (մասնավորապես, Օրենսգրքի 390 և 418-րդ հոդվածներ) մեղադրյալի և նրա պաշտպանի մասնակցության հնարավորություն նախատեսված է: Ուստիև, Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն գործով վիճարկվող իրավակարգավորումը խնդրահարույց չէ ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի 5-րդ մասի համատեքստում այն առումով, որ Օրենսգրքում, մասնավորապես, առկա են կալանքի՝ որպես խափանման միջոցի վերաբերյալ հարցի քննության արդյունքում ընդունված որոշման դատական բողոքարկման (ստուգման) օրենսդրական երաշխիքներ: (…) Ելնելով վերոգրյալից` Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն գործով վիճարկվող իրավակարգավորումն այն մասով, որը չի նախատեսում գործը դատական քննության նախապատրաստելիս դատարանի կողմից մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ չընտրելու և կալանքը որպես խափանման միջոց ընտրված լինելու դեպքում դրա հիմնավոր լինելու կամ չլինելու հարցի քննությանը մեղադրյալի և (կամ) նրա պաշտպանի մասնակցության հնարավորություն, համահունչ չէ ՀՀ վավերացրած` մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկայի շրջանակներում ձևավորված անձնական ազատության իրավունքի սահմանափակման չափորոշիչներին (…): (…) Ելնելով մարդու հիմնական իրավունքների անմիջական գործողության սահմանադրական պահանջից, ինչպես նաև դատարանի կողմից կալանքի՝ որպես խափանման միջոցի, ընտրության և հիմնավորվածության հարցի քննության քրեադատավարական ընթացակարգերի օրենսդրական կարգավորումների ընդհանուր տրամաբանությունից` Սահմանադրական դատարանը գտնում է, որ մինչև ՀՀ Ազգային ժողովի կողմից համապատասխան իրավակարգավորումներ սահմանելը դատական պրակտիկան պետք է առաջնորդվի այն մոտեցմամբ, որ քրեական գործը դատական քննության նախապատրաստելիս դատարանի կողմից մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ չընտրելու և կալանքը որպես խափանման միջոց ընտրված լինելու դեպքում դրա հիմնավոր լինելու կամ չլինելու հարցի քննությանը պետք է ապահովվի, մասնավորապես, մեղադրյալի և (կամ) նրա պաշտպանի մասնակցության հնարավորությունը (ինչպես նախատեսված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի, մասնավորապես, 285-րդ և 312-րդ հոդվածներով)՝ առաջնորդվելով անձնական ազատության իրավունքի, արդար դատաքննության բաղադրատարր հանդիսացող լսվելու իրավունքի լիարժեք և արդյունավետ իրացման, քրեական դատավարության ընթացքում մրցակցության սկզբունքի ապահովման անհրաժեշտությամբ»։ 13.2. Ամփոփելով ՀՀ Սահմանադրական դատարանի վերոնշյալ որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ այն պայմաններում, երբ գործը դատական քննության նախապատրաստելու շրջանակներում դատարանի կողմից մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ չընտրելու, կալանքը որպես խափանման միջոց ընտրված լինելու դեպքում դրա հիմնավոր լինելու կամ չլինելու հարցը քննարկվում է առանց մեղադրյալի կամ նրա պաշտպանի մասնակցության, չեն ապահովվում անձի անձնական ազատության, արդար դատաքննության իրավունքների, քրեական դատավարության ընթացքում մրցակցության սկզբունքի ապահովման օրենսդրական երաշխիքները: Հետևաբար, ելնելով ազատության, արդար դատաքննության բաղադրատարր հանդիսացող լսվելու իրավունքի լիարժեք և արդյունավետ իրացման, քրեական դատավարության ընթացքում մրցակցության սկզբունքի ապահովման անհրաժեշտությունից` քրեական գործը դատական քննության նախապատրաստելիս դատարանի կողմից մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ չընտրելու և կալանքը որպես խափանման միջոց ընտրված լինելու դեպքում դրա հիմնավոր լինելու կամ չլինելու հարցի քննությանը մեղադրյալի և (կամ) նրա պաշտպանի մասնակցության հնարավորությունը պետք է ապահովվի: 15. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ. - «Քրեական գործը դատական քննության նշանակելու մասին» որոշմամբ Առաջին ատյանի դատարանը որոշել է Ռ․Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը թողնել անփոփոխ և առաջին դատական նիստում՝ կողմերի մասնակցությամբ քննության առնել մեղադրյալ Ռ․Քոչարյանի նկատմամբ այլ խափանման միջոց կիրառելու վերաբերյալ պաշտպան Հ․Խուդոյանի միջնորդությունները, - Վերաքննիչ դատարանը, օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի որոշումը, արձանագրել է, որ Առաջին ատյանի դատարանը ճիշտ է մեկնաբանել և կիրառել օրենսգրքի 293-րդ հոդվածի 2-րդ մասը, քանի որ պարզապես վկայակոչել է արդեն իսկ դատական նիստում քննարկված և դրա արդյունքում կայացված որոշումը (Վերաքննիչ դատարանի 2019 թվականի հունիսի 25-ի որոշումը) և ինքնուրույն այդ հարցը դատական նիստում կրկին չի քննարկել՝ նկատի ունենալով, որ մինչ այդ երաշխավորված է եղել ՀՀ Սահմանադրական դատարանի որոշմամբ սահմանված պահանջների կատարումը: Ըստ Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունների՝ ՀՀ Սահմանադրական դատարանի քննարկվող որոշման մեջ ձևավորած իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ էական է այն, որպեսզի գործը դատախազի կողմից դատարան ուղարկելուց հետո մեղադրյալի նկատմամբ ընտրված խափանման միջոցի հարցը քննարկվի դատական նիստում, որպեսզի անձը կանգնի դատարանի առաջ և լսված լինի Առաջին ատյանի դատարանի կողմից, որպիսի հանգամանքը սույն գործով պահպանված է՝ անկախ նրանից, թե դատարանը տվյալ դեպքում ներկայացրել է նախագահող դատավոր Դ.Գրիգորյանը, թե Ա.Դանիբեկյանը: Դատարանը, թեև դատական քննություն նշանակելու մասին որոշմամբ անդրադարձ կատարել է մեղադրյալի խափանման միջոցի հարցին, սակայն նշանակել է նաև կոնկրետ օր՝ խափանման միջոց կալանավորման հարցը քննության առնելու մասին, ինչը նշանակում է, որ դատարանը մեղադրյալին չի զրկել դատական նիստում իր նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման հարցը քննարկելու իրավունքից: Անձի իրավունքների ապահովման համար էական նշանակություն չունի նաև այն, թե դատարանը խափանման միջոց կալանավորման հարցը դատական նիստում քննության է նշանակում՝ դատական քննության նախապատրաստական փուլում, թե դատական քննության փուլում, կարևոր է, որպեսզի անձին երաշխավորվի լսված լինելու և դատարանի առաջ կանգնելու իրավունքը: Ինչպես երևում է բողոքարկված որոշման բովանդակությունից՝ դատարանն ապահովել է մեղադրյալի իրավունքների իրացման հնարավորությունը կոնկրետ օր նշանակելով խափանման միջոցի քննարկման համար: 16. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 12-14-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «Քրեական գործը դատական քննության նշանակելու մասին» Առաջին ատյանի դատարանի որոշումն օրինական ուժի մեջ թողնելով՝ Վերաքննիչ դատարանը պատշաճ գնահատման չի ենթարկել սույն գործում առկա մի շարք փաստական հանգամանքներ։ Նախևառաջ, Վերաքննիչ դատարանը պատշաճ գնահատման չի ենթարկել այն հանգամանքը, որ Առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի մայիսի 18-ի «Մինչդատական վարույթի ընթացքում որպես խափանման միջոց ընտրված կալանավորման վերացման, փոփոխման կամ պահպանման հարցը քննության առնելու մասին» որոշմամբ մեղադրյալ Ռ․Քոչարյանի նկատմամբ ընտրված կալանքը փոփոխվել է, որպես խափանման միջոց ընտրվել է անձնական երաշխավորությունը և վերջինս անհապաղ ազատ է արձակվել դատական նիստերի դահլիճից, այնուհետև Վերաքննիչ դատարանի 2019 թվականի հունիսի 25-ի որոշմամբ վերը հիշատակված որոշումը բեկանվել է, մեղադրյալ Ռ․Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված անձնական երաշխավորությունը վերացվել է և նրա նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։ 2019 թվականի օգոստոսի 19-ին քրեական գործը վերաբաշխվել է՝ դատավոր Դ․Գրիգորյանի լիազորությունները կասեցված լինելու հիմքով, իսկ 2019 թվականի օգոստոսի 20-ին՝ ընդունվել դատավոր Ա․Դանիբեկյանի վարույթ։ «Քրեական գործը դատական քննության նշանակելու մասին» որոշմամբ Առաջին ատյանի դատարանն անդրադարձել է մեղադրյալ Ռ․Քոչարյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցի հարցին և անփոփոխ է թողել Վերաքննիչ դատարանի որոշմամբ դեռևս 2019 թվականի հունիսի 25-ին մեղադրյալ Ռ․Քոչարյանի նկատմամբ կիրառված կալանքը։ Այսպիսով, Առաջին ատյանի դատարանը հիշատակված որոշմամբ թեև անդրադարձ կատարել է մեղադրյալի նկատմամբ կիրառված խափանման միջոցի հարցին և անփոփոխ թողել այն, սակայն չի ապահովել կողմերի՝ իրենց դատավարական իրավունքների իրացման և դատավարական պարտականությունների կատարման համար անհրաժեշտ պայմանները, այն է՝ նշված հարցի կապակցությամբ կողմերը զրկված են եղել իրենց դիրքորոշումները, կարծիքները, փաստարկները ներկայացնելու հնարավորությունից, բացի այդ դատարանն ինքն իրեն զրկել է հարցը բազմակողմանի քննելու հնարավորությունից։ Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի այն փաստարկին, որ քրեական դատավարության նախապատրաստական փուլում մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորման հիմնավոր լինելու կամ չլինելու հարցի քննության տեսանկյունից էական նշանակություն չունի թե որպես նախագահող դատավոր հանդես կգա Դ․Գրիգորյանը, թե Ա․Դանիբեկյանը, ապա Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ Առաջին ատյանի դատարանի դատավոր Ա․Դանիբեկյանին քրեական գործը վերամակագրելուց հետո, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով 2019 թվականի օգոստոսի 20-ին այն ընդունվել է դատավորի վարույթ, իսկ այնուհետև նույն դատավորի կողմից կայացվել է «Քրեական գործը դատական քննության նշանակելու մասին» որոշում, որով դատարանն անդրադարձել է նաև մեղադրյալ Ռ․Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորման հարցին՝ անփոփոխ թողնելով այն։ Այսպիսով, Վերաքննիչ դատարանն իր վերը հիշատակված փաստարկները ներկայացնելիս հաշվի չի առել այն հանգամանքը, որ տեղի է ունեցել քրեական գործի վերամակագրություն, դրա արդյունքում գործն ընդունվել է այլ դատավորի վարույթ և կայացվել է դատական քննություն նշանակելու մասին որոշում, որը, ի թիվս այլնի, պետք է բովանդակեր նշում մեղադրյալի նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացնելու, փոխելու կամ ընտրելու մասին որոշում, մինչդեռ Առաջին ատյանի դատարանը, հիշատակելով Վերաքննիչ դատարանի դեռևս 2019 թվականի հունիսի 25-ին կայացված որոշումը, անփոփոխ է թողել այն՝ ըստ էության քննության առարկա չդարձնելով մեղադրյալ Ռ․Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի հիմնավոր լինելու կամ չլինելու հարցը։ 17. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածը, այնքանով, որքանով գործը դատական քննության նախապատրաստելու փուլում չի նախատեսում կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ այն ընտրված լինելու դեպքում դրա հիմնավոր լինելու կամ չլինելու հարցի քննարկումը մեղադրյալի կամ նրա պաշտպանի մասնակցությամբ դատական նիստով կատարելու կարգ, խախտում է անձի ազատության իրավունքը` անհապաղ դատարանի առջև կանգնելու և իրեն ազատությունից զրկելու իրավաչափությունը վիճարկելու իրավունքների տեսանկյունից։ Միևնույն ժամանակ, հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրական դատարանի դիրքորոշումն առ այն, որ անձնական ազատության սահմանադրական իրավունքի սահմանափակումն իրավաչափ է միայն դատարանի որոշմամբ, որն ընդունվել է դատական նիստում՝ դատարանի կողմից կալանքը որպես խափանման միջոց ընտրելու, ինչպես նաև ընտրված կալանքի հիմքերի և հիմնավորումների համակողմանի և անաչառ քննության, այդ թվում՝ մեղադրյալի և (կամ) նրա պաշտպանի՝ իր դիրքորոշումը դատարանին ներկայացնելու հնարավորության առկայության դեպքում, Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ սույն գործով վիճարկվող իրավակարգավորումը չի ապահովում նաև անձի՝ դատարանի կողմից լսված լինելու սահմանադրական իրավունքի իրացումը: 18. Ինչ վերաբերում է մեղադրյալ Ռ․Քոչարյանի պաշտպան Հ․Խուդոյանի կողմից 2019 թվականի հունիսի 27-ին և 2019 թվականի օգոստոսի 14-ին ներկայացված միջնորդությունները չքննարկելուն, ապա Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ քրեական գործի վերամակագրությունից հետո քրեական գործը համապատասխան դատավորի կողմից վարույթ ընդունելուց հետո տասնհինգօրյա ժամկետում վարույթի նյութերն ուսումնասիրելով՝ դատավորը պետք է որոշում կայացնի «Քրեական գործը դատական քննության նշանակելու մասին»՝ անդրադառնալով նաև մինչ այդ ներկայացված միջնորդություններին։ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ միջնորդություններն անմիջապես քննության առնելու մասին օրենքի դրույթը չի կարող մեկնաբանվել իբրև միջնորդությունը ներկայացնելու հաջորդ օրը կամ նույն պահին քննելու՝ վարույթն իրականացնող մարմնի պարտականություն, այսինքն, երբ միջնորդությունները ներկայացվել են մինչև դատական քննություն նշանակելու մասին որոշման կայացումը, ապա դրանք օրենքով սահմանված կարգով քննության առարկա պետք է դարձվեն տվյալ որոշման շրջանակներում։ Սույն գործի փասատական հանգամանքների համաձայն՝ քրեական գործը դատավոր Դ․Գրիգորյանի լիազորությունները կասեցված լինելու հիմքով վերամակագրվել է դատավոր Ա․Դանիբեկյանին և 2020 թվականի օգոստոսի 20-ին ընդունվել է վարույթ, իսկ պաշտպանը վերը հիշատակված միջնորդությունները ներկայացրել է մինչև դատավորի կողմից քրեական գործի դատական քննության նշանակելու մասին որոշման կայացումը, հետևաբար միջնորդությունները պետք է քննվեին և լուծվեին դատական քննություն նշանակելու մասին որոշմամբ։ 19. Վերոնշյալի հիման վրա՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի հետևությունն առ այն, որ Առաջին ատյանի դատարանը, մեղադրյալ Ռ․Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը անփոփոխ թողնելով, իրավաչափ եզրահանգման է եկել, հիմնավոր չէ։ 20. Այսպիսով, ամփոփելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանները, սույն գործով դատական ակտեր կայացնելիս, թույլ են տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ և 300-րդ հոդվածների պահանջների խախտումներ, որոնք իրենց բնույթով էական են և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի համաձայն՝ հիմք են ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանելու համար։ Սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վերաքննիչ դատարանը 2020 թվականի հունիսի 18-ին կայացված դատական ակտով ամբաստանյալ Ռ․Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը վերացրել է և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառել գրավը՝ 2.000.000.000 (երկու միլիարդ) ՀՀ դրամի չափով, որն էլ Վճռաբեկ դատարանի 2021 թվականի հուլիսի 30-ի որոշմամբ թողնվել է օրինական ուժի մեջ՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքարկված դատական ակտը չի կարող բեկանվել, քանի որ եղել է ժամանակավոր և սույն որոշումը կայացնելու պահին կորցրել է իր իրավական նշանակությունը: Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը ենթակա է մերժման, իսկ Վերաքննիչ դատարանի որոշումը պետք է թողնել օրինական ուժի մեջ՝ հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը Ո Ր Ո Շ Ե Ց 1. Թիվ ԵԴ/0253/01/19 քրեական գործով ամբաստանյալ Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի պաշտպան Հ․Ալումյանի վճռաբեկ բողոքը մերժել։ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2021 թվականի մարտի 15-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները: 2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման: Նախագահող` Ե․ԴԱՆԻԵԼՅԱՆ Դատավորներ` Ա․ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆ Ս․ՉԻՉՈՅԱՆ Դ․ՎԵՔԻԼՅԱՆ