Վճռաբեկ դատարան · Կոռուպցիոն հանցագործություններ
ՀԿԴ/0054/01/22
Վճռաբեկ դատարանի որոշումների ցանկից (cassationcourt.am/decisions)՝ դատարանի նախադեպային շտեմարանում այն չկա։
- Գործի համարը
- ՀԿԴ/0054/01/22
- Դիմող / մեղադրյալ
- Արտյոմ ԴավթյանՀովհաննես Առաքելյան
- Դատական ակտի ընդունման ամսաթիվը
- 26.08.2024
- ՀՀ Քրեական օրենսգիրք
- Որոշման տեքստում վկայակոչված այլ հոդվածներ
12 հոդված՝ որոշման տեքստից (դատարանի քարտում չկան)
Միջազգային փաստաթղթեր
ՀՀ Սահմանադրություն
ՀՀ Քրեական օրենսգիրք
- Հոդված 4. Օրինականության սկզբունքը
- Հոդված 17. Հանցանքի տեսակները
- Հոդված 19. Հանցագործության տեսակները
- Հոդված 34. Հանցափորձը
- Հոդված 44. Հանցափորձը և դրա տեսակները
- Հոդված 46. Հանցակիցների տեսակները
- Հոդված 47. Հանցակիցների քրեական պատասխանատվությունը
- Հոդված 75. Քրեական պատասխանատվությունից ազատելը վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով
- Հոդված 83. Քրեական պատասխանատվությունից ազատելը վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով
- Հոդված 312. Կաշառք տալը
Որոշման տեքստը
դատարանի Word ֆայլիցՀԿԴ/0054/01/22
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության
Հակակոռուպցիոն դատարան,
Նախագահող դատավոր՝ Վ․Դոլմազյան
Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական դատարան,
Նախագահող դատավոր՝ Ս.Մարաբյան
2024 թվականի օգոստոսի 26-ին քաղաք Երևանում
ՀՀ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմը (այսուհետ նաև՝ Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ` Ս․ՉԻՉՈՅԱՆԻ մասնակցությամբ դատավորներ՝ Ե․ԴԱՆԻԵԼՅԱՆԻ
Ա․ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆԻ
Ռ.ՄԽԻԹԱՐՅԱՆԻ
Դ․ՎԵՔԻԼՅԱՆԻ
գրավոր ընթացակարգով քննության առնելով Արտյոմ Անդրանիկի Դավթյանի և Հովհաննես Մերուժանի Առաքելյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան) 2023 թվականի փետրվարի 6-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա․Վարդապետյանի հատուկ վերանայման բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը.
1. ՀՀ հակակոռուպցիոն դատարանի (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան) 2022 թվականի դեկտեմբերի 16-ի որոշմամբ ամբաստանյալներ Ա․Դավթյանի և Հ․Առաքելյանի պաշտպան Ռ․Սիրեկանյանի միջնորդությունը բավարարվել է, Ա․Դավթյանի նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ նաև՝ ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և Հ․Առաքելյանի նկատմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է՝ վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով։
2. ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազ Ա․Մուրադյանի հատուկ վերանայման բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2023 թվականի փետրվարի 6-ի որոշմամբ Առաջին ատյանի դատարանի որոշումը թողել է անփոփոխ։
3. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա․Վարդապետյանը բերել է հատուկ վերանայման բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2023 թվականի մարտի 31-ի որոշմամբ ընդունվել է վարույթ, և սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։
Հատուկ վերանայման բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.
4․ Ըստ բողոքի հեղինակի՝ Վերաքննիչ դատարանի դատական ակտով թույլ է տրվել դատական սխալ՝ նյութական և քրեադատավարական իրավունքի նորմերի էական խախտումներ, որոնք ազդել են վարույթի ելքի վրա։
Միաժամանակ, բողոքում բարձրացված հարցերի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառումն ապահովելու համար։
Բողոք բերած անձը Վճռաբեկ դատարանի առջև բարձրացրել է հետևյալ իրավական հարցը․ իրավաչափ են արդյո՞ք Վերաքննիչ դատարանի հիմնավորումները՝ 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքով (այսուհետ նաև՝ ՀՀ գործող քրեական օրենսգիրք) նախատեսված կաշառք տալու հանցակազմի դեպքում կաշառքի առարկայի խոշոր և առանձնապես խոշոր չափերը սահմանված չլինելու վերաբերյալ։
Բողոքաբերը նշել է, որ ՀՀ գործող քրեական օրենսգրքով հանցագործությամբ պատճառված վնասի, այդ թվում՝ կաշառք տալու և ստանալու չափերը, բացառությամբ հատուկ մասում նախատեսված դեպքերի, տեղ են գտել ոչ թե կոնկրետ հոդվածներում, այլ ներառվել են հիմնական հասկացությունները սահմանող՝ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածում։
Ընդ որում, նախատեսվել են հստակ և կոնկրետ չափեր, որոնք վերաբերելի են քրեական օրենսգրքի հատուկ մասում տեղ գտած բոլոր հանցակազմերին, այդ թվում՝ կաշառք տալուն։
Բողոքաբերի համոզմամբ, Վերաքննիչ դատարանի դիտարկումն առ այն, որ տվյալ դեպքում առկա է օրենքի բաց, որը չի կարող հաղթահարվել, վերացվել կամ լրացվել դատական մեկնաբանության միջոցով, հիմնավոր չէ, քանի որ «օրենքի ենթադրյալ բացը» դատարանները ստեղծել են ՀՀ գործող քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի 17-րդ կետում տեղ գտած նորմին սահմանափակ, տառացի մեկնաբանում տալով՝ չբացահայտելով այն ընդունող մարմնի նպատակը։
Բողոքաբերի կողմից Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երկրորդ իրավական հարցը հետևյալն է. իրավաչա՞փ են արդյոք ստորադաս դատարանների հետևությունները՝ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով Ա․Դավթյանի և Հ․Առաքելյանի նկատմամբ քրեական հետապնդման դադարեցման վերաբերյալ։
Բողոքաբերը փաստել է, որ կաշառք տալու հանցակազմը որակյալ դարձնող հանցագործության առարկայի չափերի փոփոխության հետևանքով տեղի է ունեցել արարքի մասնակի ապաքրեականացում, որի արդյունքում Ա․Դավթյանի արարքը ենթակա է որակման ՀՀ գործող քրեական օրենսգրքի 44-436-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, իսկ Հ․Առաքելյանի՝ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 46-436-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, որոնք դասվում են միջին ծանրության հանցագործությունների շարքին, այն դեպքում, երբ արարքները կատարելու պահին գործող օրենսգրքով դրանք դասվել են ծանր հանցագործությունների շարքին։ Վերոնշյալ հանգամանքով պայմանավորված՝ ՀՀ քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով Ա․Դավթյանի արարքը համապատասխանել է ՀՀ քրեական օրենսգրքի 44-436-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետին, իսկ Հ․Առաքելյանի արարքը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-436-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետին, որոնք միջին ծանրության հանցանքներ են, և որոնց վաղեմության ժամկետը 10 տարի է, մինչդեռ Ա․Դավթյանի և Հ․Առաքելյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելիս Վերաքննիչ դատարանը հիմք է ընդունել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածով նախատեսված միջին ծանրության հանցագործության վաղեմության ժամկետը՝ անտեսելով այն հանգամանքը, որ հանցանքների կատարման պահին Ա․Դավթյանին և Հ․Առաքելյանին վերագրվող արարքները հանդիսացել են ծանր հանցանքներ, որոնց վաղեմության ժամկետը եղել է 10 տարի։
5. Վերոշարադրյալի հիման վրա բողոքաբերը խնդրել է ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի փետրվարի 6-ի որոշումը և կայացնել դրան փոխարինող դատական ակտ։
Հատուկ վերանայման բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
6. Արտյոմ Անդրանիկի Դավթյանին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղադրանք է առաջադրվել այն արարքի համար, որ «[Ն]ա փորձել է մորեղբոր՝ Հովհաննես Առաքելյանի, հորեղբոր՝ Հրանտ Դավթյանի օժանդակությամբ, համագյուղացի Սերգեյ Աղաջանյանի միջնորդությամբ առանձնապես խոշոր չափերով կաշառք տալ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մանվել Ադամյանին՝ վերջինիս կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով իր օգտին գործողություն կատարելուն նպաստելու համար, սակայն հանցագործությունն իր կամքից անկախ հանգամանքներով ավարտին չի հասցրել։ Այսպես. ՀՀ ՊՆ Մաշտոցի տարածքային զինվորական կոմիսարիատի զորակոչիկ Արտյոմ Դավթյանը Կենտրոնական բժշկական հանձնաժողովի 2014 թվականի դեկտեմբերի 29-ի եզրակացությամբ «աջակողմյան խրոնիկիական թարախային հայմորիտ» ախտորոշմամբ ժամկետային զինվորական ծառայությունից ստացել է 3 տարի ժամանակով տարկետում, սակայն մտահոգություն ունենալով, որ առողջական խնդրի անտեսման հետևանքով 2017 թվականի ձմեռային զորակոչի ընթացքում իրեն կարող են զորակոչել ՀՀ զինված ուժեր, մտադրվել է պաշտոնատար անձանց կաշառք տալու միջոցով ազատվել ժամկետային զինվորական ծառայությունից։ Ճշտումների արդյունքում պարզելով, որ այդ հարցով կարող է դիմել համագյուղացի Սերգեյ Աղաջանյանին, Արտյոմ Դավթյանը հորեղբոր՝ Հրանտ Դավթյանի և քեռու՝ Հովհաննես Առաքելյանի օժանդակությամբ հանդիպել է Սերգեյ Աղաջանյանին ու քննարկել կաշառքի դիմաց զինվորական ծառայությունից ազատվելու հարցը։ Վերջինս, գիտակցելով Արտյոմ Դավթյանի գործողությունների բնույթը, ինչպես նաև տեղյակ լինելով ՀՀ ՊՆ զինվորական կոմիսարիատներում և ՀՀ տարբեր բժշկական հաստատություններում Մանվել Ադամյանի ունեցած կապերի և հնարավորությունների վերաբերյալ, այդ մասին հայտնել է նրան Մանվել Ադամյանը, մասնագիտական պարտականությունների կատարման բերումով տիրապետելով զինվորական կոմիսարիատի աշխատանքների, զորակոչիկների բժշկական հետազոտությունների նրբություններին, ինչպես նաև ոլորտը կարգավորող օրենսդրական ենթաօրենսդրական ակտերի պահանջներին, և գիտակցելով, որ Արտյոմ Դավթյանի մոտ առկա են առողջական խնդիրներ, որոնք կարող են հնարավորություն տալ վերջինիս 2017 թվականի ձմեռային զորակոչի ընթացքում ազատվել ժամկետային զինվորական ծառայությունից, օգտվելով այդ հանգամանքից, մտադրվել է կաշառք ստանալու պատրվակով Արտյոմ Դավթյանից խաբեությամբ հափշտակել խոշոր չափերով գումար, ապա իր մտադրության իրագործման նպատակով Սերգեյ Աղաջանյանին ցուցում է տվել հանդիպել զորակոչիկին և նրանից պահանջել 4500 ԱՄՆ դոլար գումար՝ իբրև կաշառք՝ նրան ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու հարցը լուծելու համար։ Արտյոմ Դավթյանին մոլորության մեջ գցելու, նրա մոտ՝ իր օգտին գործողություններ կատարելու պատրանք ստեղծելու և նրա գիտակցության վրա ազդելով խաբեությամբ խոշոր չափերով գումար հափշտակելու նպատակով, Մանվել Ադամյանը Սերգեյ Աղաջանյանի միջոցով պահանջել է նաև նախկին բժշկական հետազոտության ակտի պատճենը, ինչպես նաև ցուցումներ է տվել առանց Սերգեյ Աղաջանյանին տեղյակ պահելու հետազոտությունների չներկայանալ։ Սերգեյ Աղաջանյանը, գիտակցելով, որ Մանվել Ադամյանը կաշառք է ստանում, ստանձնել է կաշառք ստանալու և կաշառք տալու հարցում միջնորդի դերակատարությունն ու իր գործողություններով փորձել է նպաստել կաշառք տվողի և իր գիտակցմամբ կաշառք ստացողի միջև կաշառքի շուրջ համաձայնության գալուն՝ Մանվել Ադամյանի պահանջը ներկայացրել է Արտյոմ Դավթյանին, ով համաձայնել է ժամկետային զինվորական ծառայությունից ազատվելու համար 4500 ԱՄՆ դոլար կաշառք տալ: Պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո, 2017 թվականի հոկտեմբեր ամսվա վերջերին Մանվել Ադամյանը Սերգեյ Աղաջանյանի միջոցով պահանջել է գումարը տալ ՝ գործընթացը սկսելու նպատակով։ Արտյոմ Դավթյանը, գիտակցելով, որ իրեն ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու, այսինքն իր օգտին գործողություն կատարելուն նպաստելու համար կաշառք է տալիս պաշտոնատար անձին, պահանջված՝ առանձնապես խոշոր չափերով՝ 2.172.915 ՀՀ դրամին համարժեք 4500 ԱՄՆ դոլարը, որպես կաշառք 2017 թվականի հոկտեմբերի վերջից նոյեմբերի սկիզբն ընկած ժամանակահատվածում, գործով չպարզված օրը, Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասում միջնորդավորված կերպով փոխանցել է Սերգեյ Աղաջանյանին, ով իր հերթին Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի «Մունումենտ» կոչվող թաղամասում գումարն ամբողջությամբ տվել է Մանվել Ադամյանին։ Վերջինս, կաշառք ստանալու պատրվակով Արտյոմ Դավթյանից Սերգեյ Աղաջանյանի միջոցով ստանալով հիշյալ գումարը, խաբեությամբ հափշտակել է և տնօրինել, ապա՝ Արտյոմ Դավթյանի մոտ՝ նրա օգտին գործողություններ կատարելու պատրանքը շարունակելու նպատակով, երբ վերջինս հետազոտման նպատակով ուղեգրվել է «Թիվ 2 բուժմիավորում» ՓԲ ընկերություն, Սերգեյ Աղաջանյանի միջոցով իրազեկել է, որ բժիշկը տեղեկացվել է նրա այցելության մասին, ապա հանդիպել է հիշյալ բժշկական հաստատության քիթ-կոկորդ-ականջաբանության բաժանմունքի վարիչ Լյուդմիլա Միրաքյանին, որից հետո Սերգեյ Աղաջանյանի միջոցով ցուցում է տվել Արտյոմ Դավթյանին այնպես անել, որ հետազոտման ընթացքում «արտադրություն լինի», որպիսի գործողությունները միտված են եղել իրականության խեղաթյուրումը շարունակելուն: Արտյոմ Դավթյանը 2018 թվականի հունվարի 15-ին հետազոտվել է հիշյալ բժշկական կենտրոնում, որտեղ իրականացված օբյեկտիվ հետազոտության արդյունքում նրա մոտ ախտորոշվել է «աջակողմյան խրոնիկ թարախային հայմորիտ, խրոնիկ հիպերտրոֆիկ ռինիտ»:
Դրանից հետո նոր հետազոտություն անցնելու նպատակով Արտյոմ Դավթյանը Մաշտոցի տարածքային զինկոմիսարիատի կողմից ուղեգրվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որի մասին վերջինս տեղեկացրել է Սերգեյ Աղաջանյանին, իսկ նա իր հերթին` Մանվել Ադամյանին, ապա՝ միասին այցելել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ Մանվել Ադամյանը հանդիպել է բժշկական կենտրոնի տնօրեն Միքայել Մանուկյանին, խնդրել անցկացնել օբյեկտիվ հետազոտություն: Հետագա օրերին, երբ Արտյոմ Դավթյանը հետազոտման ընթացքում «պունկցիա» կատարելու վերաբերյալ իր մտավախություններն է հայտնել Սերգեյ Աղաջանյանին և խնդրել այդ հարցը կարգավորել, Սերգեյ Աղաջանյանն իր հերթին այդ մասին հայտնել է Մանվել Ադամյանին։ Վերջինս հեռախոսազրույց է ունեցել բժշկական կենտրոնի տնօրենի հետ, ապա Սերգեյ Աղաջանյանի միջոցով Արտյոմ Դավթյանին վստահեցրել, որ բաժանմունքի վարիչը տեղյակ է իր այցելության մասին։ Նշված գործողությունները նույնպես միտված են եղել իրականության խեղաթյուրումը շարունակելուն և Արտյոմ Դավթյանի մոտ` նրա օգտին գործողություններ կատարելու պատրանք ստեղծելուն: «Էրեբունի» բժշկական կենտրոնում իրականացված օբյեկտիվ հետազոտության արդյունքում նույնպես Արտյոմ Դավթյանի մոտ ախտորոշվել է «քթի միջնապատի ծռվածություն, աջակողմյան խրոնիկ թարախային հայմորիտ»։
«Թիվ 2 բուժմիավորում» ՓԲ ընկերությունում և «Էրեբունի» բժշկական կենտրոնում իրականացված օբյեկտիվ հետազոտությունների արդյունքների հիման վրա Կենտրոնական բժշկական հանձնաժողովի 2018 թվականի հունվարի 30-ի եզրակացությամբ՝ ՀՀ պաշտպանության նախարարի 410-13 հրամանի 65 հոդվածի «Ա» կետի պահանջների հիման վրա՝ Արտյոմ Դավթյանը ճանաչվել է խաղաղ ժամանակ ոչ պիտանի զինվորական ծառայության համար և հաշվառվել ՀՀ զինված ուժերի պահեստազորում։
Արդյունքում, Արտյոմ Դավթյանը հանցագործությունը՝ Հրանտ Դավթյանի, Հովհաննես Առաքելյանի օժանդակությամբ և Սերգեյ Աղաջանյանի միջնորդությամբ պաշտոնատար անձին առանձնապես խոշոր չափերով կաշառք տալն իր կամքից անկախ հանգամանքներով ավարտին չի հասցրել, քանի որ Մանվել Ադամյանը կաշառք ստանալու պատրվակով նրանից ստանալով գումարը, խաբեությամբ հափշտակել է այն։
Այսպիսով, Արտյոմ Դավթյանը փորձել է Հրանտ Դավթյանի, Հովհաննես Առաքելյան օժանդակությամբ, Սերգեյ Աղաջանյանի միջնորդությամբ առանձնապես խոշոր չափերով՝ 2․172․915 ՀՀ դրամին համարժեք՝ 4500 ԱՄՆ դոլար կաշառք տալ պաշտոնատար անձ հանդիսացող Մանվել Ադամյանին՝ վերջինիս կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով իր օգտին գործողություն կատարելուն նպաստելու համար, սակայն, հանցագործությունն իր կամքից անկախ հանգամանքներով ավարտին չի հասցրել (...)»:
7․ Հովհաննես Մերուժանի Առաքելյանին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղադրանք է առաջադրվել այն արարքի համար, որ «[Ն]ա օժանդակել է քրոջ որդու՝ Արտյոմ Դավթյանի կողմից պաշտոնատար անձ հանդիսացող, ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մանվել Ադամյանին վերջինիս մտերիմ Սերգեյ Աղաջանյանի միջնորդությամբ առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու փորձին:
Այսպես․
ՀՀ ՊՆ Մաշտոցի տարածքային զինվորական կոմիսարիատի զորակոչիկ Արտյոմ Դավթյանը Կենտրոնական բժշկական հանձնաժողովի 2014 թվականի դեկտեմբերի 29-ի եզրակացությամբ «աջակողմյան խրոնիկիական թարախային հայմորիտ» ախտորոշմամբ ժամկետային զինվորական ծառայությունից ստացել է 3 տարի ժամանակով տարկետում, սակայն մտահոգություն ունենալով, որ առողջական խնդրի անտեսման հետևանքով 2017 թվականի ձմեռային զորակոչի ընթացքում իրեն կարող են զորակոչել ՀՀ զինված ուժեր, մտադրվել է պաշտոնատար անձանց կաշառք տալու միջոցով ազատվել ժամկետային զինվորական ծառայությունից։ Ճշտումների արդյունքում պարզելով, որ այդ հարցով կարող է դիմել համագյուղացի Սերգեյ Աղաջանյանին, խնդրել է հորեղբորը՝ Հրանտ Դավթյանին և մորեղբորը՝ Հովհաննես Առաքելյանին հանդիպել Սերգեյ Աղաջանյանին, նրա հետ քննարկել այդ հարցը։ Հովհաննես Առաքելյանը և Հրանտ Դավթյանը, գիտակցելով Արտյոմ Դավթյանի գործողությունների բնույթը, օժանդակել են նրա գործողություններին, մասնավորապես՝ Արտյոմ Դավթյանի համար վերացրել են կաշառք ստացող պաշտոնատար անձի մտերիմ, կաշառք տալու և ստանալու հարցում միջնորդ հանդես եկող Սերգեյ Աղաջանյանի հետ անձամբ կապ հաստատելու, նրա հետ համաձայնություն ձեռք բերելու, ապա վերջինիս միջնորդությամբ պաշտոնատար անձին առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու համապատասխան հնարավորության բացակայության խոչընդոտը, այն է՝ 2017 թվականի հոկտեմբեր ամսվա վերջերին Հրանտ Դավթյանը և Հովհաննես Առաքելյանը Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասում հանդիպել են Սերգեյ Աղաջանյանին, նրան ներկայացրել խնդիրը, խնդրել են ժամկետային զինվորական ծառայությունից ազատվելու հարցում օգնել Արտյոմ Դավթյանին, ինչպես նաև նրա հետ քննարկել են պահանջվող գումարի չափը, որպիսի գործողություններով նաև հիմքեր են ստեղծել Արտյոմ Դավթյանի և Սերգեյ Աղաջանյանի հետագա շփման համար: Մորեղբոր և հորեղբոր օժանդակությամբ Արտյոմ Դավթյանն իր հերթին հանդիպել է Սերգեյ Աղաջանյանին ու քննարկել կաշառքի դիմաց զինվորական ծառայությունից ազատվելու հարցը: Վերջինս այդ մասին հայտնել է Մանվել Ադամյանին, ով մասնագիտական պարտականությունների կատարման բերումով տիրապետելով զինվորական կոմիսարիատի աշխատանքների, զորակոչիկների բժշկական հետազոտությունների նրբություններին, ինչպես նաև ոլորտը կարգավորող օրենսդրական ենթաօրենսդրական ակտերի պահանջներին, և գիտակցելով, որ Արտյոմ Դավթյանի մոտ առկա են առողջական խնդիրներ, որոնք կարող են հնարավորություն տալ վերջինիս 2017 թվականի ձմեռային զորակոչի ընթացքում ազատվել ժամկետային զինվորական ծառայությունից, օգտվելով այդ հանգամանքից, մտադրվել է կաշառք ստանալու պատրվակով Արտյոմ Դավթյանից խաբեությամբ հափշտակել խոշոր չափերով գումար, ապա՝ իր մտադրության իրագործման նպատակով Սերգեյ Աղաջանյանին ցուցում է տվել հանդիպել զորակոչիկին և նրանից պահանջել 4500 ԱՄՆ դոլար գումար՝ իբրև կաշառք՝ նրան ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու հարցը լուծելու համար։ Սերգեյ Աղաջանյանը Մանվել Ադամյանի պահանջը ներկայացրել է Արտյոմ Դավթյանին, ով գիտակցելով, որ իրեն ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու, այսինքն իր օգտին գործողություն կատարելուն նպաստելու համար կաշառք է տալիս պաշտոնատար անձին, Սերգեյ Աղաջանյանի միջոցով պահանջված առանձնապես խոշոր չափերով՝ 2.172.915 ՀՀ դրամին համարժեք 4500 ԱՄՆ դոլարը, որպես կաշառք, 2017 թվականի հոկտեմբերի վերջից նոյեմբերի սկիզբն ընկած ժամանակահատվածում, գործով չպարզված օրը, տվել է Մանվել Ադամյանին։ Վերջինս, կաշառք ստանալու պատրվակով Արտյոմ Դավթյանից հիշյալ գումարը ստանալով, խաբեությամբ հափշտակել է այն և տնօրինել։
Արտյոմ Դավթյանի զորակոչի շրջանակներում հետազոտություններ է անցել «Թիվ 2 բուժմիավորում» ՓԲ ընկերությունում և «Էրեբունի» բժշկական կենտրոնում, որտեղ իրականացված օբյեկտիվ հետազոտությունների արդյունքների հիման վրա Կենտրոնական բժշկական հանձնաժողովի 2018 թվականի հունվարի 30-ի եզրակացությամբ՝ ՀՀ պաշտպանության նախարարի 410-13 հրամանի 65 հոդվածի «Ա» կետի պահանջների հիման վրա ճանաչվել է խաղաղ ժամանակ ոչ պիտանի զինվորական ծառայության համար և հաշվառվել ՀՀ զինված ուժերի պահեստազորում:
Արդյունքում, Արտյոմ Դավթյանը հանցագործությունը՝ Հրանտ Դավթյանի և Հովհաննես Առաքելյանի օժանդակությամբ, Սերգեյ Աղաջանյանի միջնորդությամբ պաշտոնատար անձին առանձնապես խոշոր չափերով կաշաոք տալն իր կամքից անկախ հանգամանքներով ավարտին չի հասցրել, քանի որ Մանվել Ադամյանը կաշառք ստանալու պատրվակով ստանալով գումարը, խաբեությամբ հափշտակել է այն (...)»:
8․ Առաջին ատյանի դատարանի 2023 թվականի դեկտեմբերի 16-ի որոշման համաձայն՝ «(...) Դատարանը գտնում է, որ սույն գործով ամբաստանյալներ Արտյոմ Դավթյանի և Հովհաննես Առաքելյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը քննարկելիս ՀՀ նոր քրեական օրենսգիրքն ունի հետադարձ ուժ, դրա բարելավող դրույթները տարածվում են մինչև դրա ուժի մեջ մտնելը ենթադրաբար հանցանք կատարած Արտյոմ Դավթյանի և Հովհաննես Առաքելյանի վրա:
Դատարանը նաև արձանագրում է, որ ՀՀ նոր քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածով նախատեսված կաշառք տալու հանցակազմի կաշառքի առարկայի չափը սահմանված չէ ՀՀ նոր քրեական օրենսգրքով, սահմանված չէ, թե որն է խոշոր չափը, որը՝ առանձնապես խոշոր չափը, հետևաբար, Դատարանը գտնում է, որ առկա խմբագրությամբ ՀՀ նոր քրեական օրենսգրքով կաշառք տալու ցանկացած դեպքում, անկախ կաշառքի առարկայի չափից, տվյալ հանցակազմը որակյալ դարձնող մյուս պայմանների բացակայության դեպքում, արարքը ենթակա է որակման հիշյալ հոդվածի 1-ին մասով:
Դատարանի հիշյալ եզրահանգումը պայմանավորված է նրանով, որ ՀՀ նոր քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետով կամ որևէ այլ նորմով կաշառք տալու դեպքում կաշառքի առարկայի չափի մասին խոսք չկա, ինչից բխում է, որ կաշառք տալու դեպքում, անկախ կաշառքի առարկայի չափից, այն կարող է որակվել միայն այդ հանցանքի հասարակ ձևով, եթե իհարկե՝ բացակայում են ՀՀ նոր քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված այդ հանցակազմը որակյալ դարձնող հանգամանքները:
(...)
Վերոգրյալի հիման վրա Դատարանը գտնում է, որ ամբաստանյալներ Արտյոմ Դավթյանին և Հովհաննես Առաքելյանին մեղսագրված ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-312–րդ հոդվածի 3-րդ մասի 1–ին կետով և 38-34-312–րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցանքները համապատասխանաբար համապատասխանում են ՀՀ նոր քրեական օրենսգրքի 44-436–րդ հոդվածի 1-ին մասով և 46-436–րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքներին, հետևաբար Արտյոմ Դավթյանին և Հովհաննես Առաքելյանին մեղսագրվող արարքը պետք է գնահատել որպես ենթադրաբար կաշառք տալու հասարակ տեսակի փորձ և կաշառք տալու հասարակ տեսակի փորձի օժանդակություն, որոնք միջին ծանրության հանցանքներ են։
Դատարանը գտնում է, որ Արտյոմ Դավթյանին և Հովհաննես Առաքելյանին մեղսագրված արարքների համար քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետը պետք է հաշվել առավելագույնը 2017 թվականի նոյեմբերի 1-ից, հետևաբար, նկատի ունենալով, որ ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ վաղեմության ժամկետի ընթացքը չի ընդհատվել, այսինքն՝ Արտյոմ Դավթյանին և Հովհաննես Առաքելյանի կողմից իրենց մեղսագրվող արարքը ենթադրաբար կատարելուց հետո անցել է 5 /հինգ/ տարուց ավելի ժամանակ, անցել է քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը, նրանք չեն առարկել այդ հիմքով իրենց նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելուն, ուստի Արտյոմ Դավթյանի նկատմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-312–րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ Հովհաննես Առաքելյանի նկատմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-34-312–րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման (...)»:
9․ Վերաքննիչ դատարանի 2023 թվականի փետրվարի 6-ի որոշման համաձայն՝ «(…) 2021 թվականին ընդունված քրեական օրենսգրքի 436-րդ հուվածով սահմանված կաշառք տալու հանցակազմի պարագայում օրենսդիրը, որպես այդ հանցանքը որակյալ դարձնող հանգամանքներ նախատեսել է «խոշոր չափը» և «առանձնապես խոշոր չափը», միևնույն ժամանակ, օրենսգրքի հատուկ մասի նորմերի վերլուծությունը ցույց է տալիս, որ օրենսդիրը չի նախատեսել, թե քննարկվող հանցակազմի առարկայի որ չափն է համարվում խոշոր, որը՝ առանձնապես խոշոր: Դրա հետ մեկտեղ հարկ է փաստել, որ նույն օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետի վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը սահմանել է «հափշտակության, պատճառած գույքային վասի կամ հանցավոր ճանապարհով ձեռք բերված կամ ստացված գույքի կամ օգուտի չափերը», որոնք փաստացի վերաբերելի չեն կաշառք տալու հանցակազմին:
Այլ կերպ ասած՝ ՀՀ քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետում տրված՝ սեռային հասկացության բնորոշումից հետևում է, որ այն հանդիսանում է որպես սահմանվող հասկացություն, քանի որ ունի բացահայտված կոնկրետ բովանդակություն, որով տալիս է անհրաժեշտ ու բավարար չափանիշ ամեն մի օբյեկտ տվյալ դասի մեջ ներառելու կամ նրանից բացառելու համար: Ըստ այդ բովանդակության և դրանում տրված չափանիշի այն կոչված է լուծելու բացառապես «հափշտակության, պատճառած գույքային վնասի կամ հանցավոր ճանապարհով ձեռք բերված կամ ստացված գույքի կամ օգուտի» չափերի հետ կապված հարցերը, որոնք որևէ կերպ չեն կարող նույնացվել կաշառք տալու հանցակազմի առարկայի չափի հետ, ինչն էլ նշանակում է, որ քննարկվող նորմը չի սահմանել կաշառք տալու հանցակազմի առարկա կաշառքի չափը:
Վերոգրյալի հետ մեկտեղ Վերաքննիչ դատարանը, (…), հարկ է համարում նշել, որ տվյալ դեպքում առկա օրենսդրական բացը չի կարող վերացվել, հաղթահարվել կամ լրացվել դատական մեկնաբանման միջոցով, քանի որ օրինականության սկզբունքի անքակտելի տարրն է քրեական օրենքը տարածական մեկնաբանելու և անալոգիայով կիրառելու արգելքը: Ընդ որում, պետք է փաստել, որ 2021 թվականին ընդունված քրեական օրենսգրքի 4-րդ հոդվածի 3-րդ մասն ուղղակիորեն արգելում է քրեական օրենքի ընդհանուր մասի նորմերի անալոգիայով կիրառումը, եթե դա վատթարացնում է անձի վիճակը:
Այսպիսով, հաշվի առնելով այն, որ «խոշոր չափ» և «առանձնապես խոշոր չափ» հասկացություններն ինքնին ենթադրում են չափելի երևույթներ, և դրանք, օգտագործվելով քանակի, կշռի կամ արժեքի հատկանիշներով օժտված առարկաները բնութագրելիս, պայմանավորված չեն գործի կոնկրետ հանգամանքներով և օբյեկտիվորեն կարող են սահմանվել դրանցից վերացարկված, նկատի ունենալով նաև, որ քրեական օրենքի տարածական մեկնաբանումը և ընդհանուր մասի նորմերի՝ անձի վիճակի վատթարացման դեպքում անալոգիայով կիրառելը, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ 2021 թվականին ընդունված քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի իմաստով «խոշոր չափ» և «առանձնապես խոշոր չափ» հասկացությունների բովանդակությունը նույն օրենսգրքի ընդհանուր կամ հատուկ մասում սահմանված չլինելը օրենսդրական բաց է, որի հետևանքով 2021 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը և 3-րդ մասի 2-րդ կետը չեն համապատասխանում իրավական որոշակիության սկզբունքին (բավարար չափով կանխատեսելի չեն), հետևաբար նաև դրանք անձին մեղադրելու հիմք չեն:
Հիմք ընդունելով վերոշարադրյալը, և այդ համատեքստում նկատի ունենալով նաև 2021 թվականին ընդունված քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 2-րդ մասը, նույն օրենսգրքի 436-րդ հոդվածով սահմանված կաշառք տալու հանցակազմի իմաստով «խոշոր չափ» և «առանձնապես խոշոր չափ» եզրույթների վերաբերյալ նախորդ կետում արված վերլուծությունը՝ Վերաքննիչ դատարանն իր համաձայնությունն է հայտնում Առաջին ատյանի դատարանի, ըստ էության, այն դատողությանը, որ ամբաստանյալներ Արտյոմ Դավթյանին և Հովհաննես Առաքելյանին մեղսագրված ՀՀ քրեական օրենսգրքի (ընդունված՝ 18․04․2003, ՀՕ-528-Ն) 34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 38-34-312–րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցանքները համապատասխանաբար համապատասխանում են 2021 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 44-436–րդ հոդվածի 1-ին մասով և 46-436–րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքներին, հետևաբար Արտյոմ Դավթյանին և Հովհաննես Առաքելյանին մեղսագրվող արարքը պետք է գնահատել՝ որպես ենթադրաբար կաշառք տալու հասարակ տեսակի փորձ և կաշառք տալու հասարակ տեսակի փորձի օժանդակություն, որոնք միջին ծանրության հանցանքներ են։
(…)
2003 և 2021 թվականներին ընդունված քրեական օրենսգրքերի համապատասխանաբար 75-րդ և 83-րդ հոդվածների համեմատաիրավական վերլուծությունը վկայում է, որ 2021 թվականին ընդունված քրեական օրենսգիրքը քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետների մասով տվյալ դեպքում անձի վիճակը վատթարացող օրենք է և կիրառելի չէ ամբաստանյալներ Ա․Դավթյանի և Հ․Առաքելյանի նկատմամբ, քանի որ նախ` սահմանում է վաղեմության ավելի երկար ժամկետներ, բացի այդ, վաղեմության ժամկետը, ի տարբերություն 2003 թվականին ընդունված քրեական օրենսգրքի, հաշվարկվում է մինչև անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին որոշում կայացնելը:
(…)
Նկատի ունենալով, որ ամբաստանյալ Արտյոմ Դավթյանին մեղսագրված՝ ՀՀ քրեական օրենսգրքի (ընդունված՝ 18.04.2003, ՀՕ-528-Ն) 34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցանքը համապատասխանում է 2021 թվականին ընդունված քրեական օրենսգրքի 44-436-րդ հոդվածի 1-ին մասին՝ որպես կաշառք տալու փորձի հասարակ տեսակ, իսկ ամբաստանյալ Հովհաննես Առաքելյանին մեղսագրված՝ ՀՀ քրեական օրենսգրքի (ընդունված՝ 18․04․2003, ՀՕ-528-Ն) 38-34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցանքը համապատասխանում է 2021 թվականին ընդունված քրեական օրենսգրքի 46-436-րդ հոդվածի 1–ին մասով՝ որպես կաշառք տալու հասարակ տեսակի փորձի օժանդակություն (…), որոնք թե 2003, թե' 2021 թվականներին ընդունված քրեական օրենսգրքերով դասվում [են] միջին ծանրության հանցագործությունների շարքին, ինչպես նաև 2021 թվականին ընդունված քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 6-րդ մասի հիման վրա հաշվի առնելով, որ պատասխանատվությունը մասնակիորեն մեղմացնող և միաժամանակ մասնակիորեն խստացնող օրենքը հետադարձ ուժ ունի միայն այն մասով, որով մեղմացնում է պատասխանատվությունը՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանը, Արտյոմ Դավթյանին և Հովհաննես Առաքելյանին մեղսագրված արարքների համար քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետների հաշվարկման մասով առաջնորդվելով ենթադրյալ հանցավոր արարքը կատարելու պահին գործող՝ 2003 թվականին ընդոանված քրեական օրենսգրքի դրույթներով, գործել է իրավաչափ (…)»։
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է․ իրավաչա՞փ են արդյոք ստորադաս դատարանների հետևություններն առ այն, որ ամբաստանյալ Ա․Դավթյանին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղսագրվող արարքը համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 44-436-րդ հոդվածի 1-ին մասին, իսկ ամբաստանյալ Հ․Առաքելյանին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղսագրվող արարքը համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 46-436-րդ հոդվածի 1-ին մասին։
11․ ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի համաձայն` «Ոչ ոք չի կարող դատապարտվել այնպիսի գործողության կամ անգործության համար, որը կատարման պահին հանցագործություն չի հանդիսացել: Չի կարող նշանակվել ավելի ծանր պատիժ, քան այն, որը ենթակա էր կիրառման հանցանք կատարելու պահին: Արարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքն ունի հետադարձ ուժ»։
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 7-րդ հոդվածի համաձայն՝
«Ոչ ոք չպետք է մեղավոր ճանաչվի որևէ գործողության կամ անգործության համար, որը կատարման պահին գործող ներպետական կամ միջազգային իրավունքի համաձայն, հանցագործություն չի համարվել։ (…)»։
ՀՀ գործող քրեական օրենսգրքի 4-րդ հոդվածի համաձայն՝
«1. Ոչ ոք չի կարող ենթարկվել քրեական պատասխանատվության այն արարքի համար, որը կատարման պահին հանցանք չի համարվել:
2. Քրեական օրենքի Հատուկ մասի նորմերն անալոգիայով կիրառելն արգելվում է։
3. Քրեական օրենքի Ընդհանուր մասի նորմերը կարող են անալոգիայով կիրառվել, եթե դա չի վատթարացնում անձի վիճակը»։
Մեջբերված նորմերը Վճռաբեկ դատարանը բազմիցս վերլուծության է ենթարկել իր նախադեպային որոշումների շրջանակներում՝ ընդգծելով, որ «չկա հանցագործություն և պատիժ, եթե այն սահմանված չէ օրենքով» (nullum crimen, nulla poena sine lege) կանոնը համընդհանուր ճանաչում ստացած հիմնարար սկզբունք է և իրավունքի գերակայության կարևորագույն տարր, որը բացարձակ նշանակություն ունի մարդու իրավունքների պաշտպանության համակարգում, հետևաբար նշված սկզբունքից որևէ շեղում անթույլատրելի է: Արարքի հանցավորությունն ու պատժելիությունը պետք է նախատեսված լինեն իրավական որոշակիության չափանիշին բավարարող օրենքով, ինչը ենթադրում է, որ անձը համապատասխան դրույթի տառացի ընկալումից և, անհրաժեշտության դեպքում, դրա կապակցությամբ դատարանների տված մեկնաբանությունից պետք է հասկանա, թե որ գործողությունների և անգործության համար է քրեական պատասխանատվություն նախատեսվում և ինչ պատիժ կնշանակվի այդ գործողությունների կատարման և/կամ անգործության համար։
Անդրադառնալով դատական մեկնաբանության սահմաններին և օրենսդրական բացի հաղթահարման հիմնախնդրին՝ Վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ օրենքի՝ իրավական որոշակիության չափանիշին բավարարելն առաջին հերթին օրենսդրական կարգավորման խնդիր է, իսկ դատական մեկնաբանումը լրացնող դերակատարություն ունի: ՀՀ քրեական օրենսգրքի որևէ նորմում առկա օրենսդրական բացը չի կարող վերացվել, հաղթահարվել կամ լրացվել դատական մեկնաբանման միջոցով, քանի որ օրինականության սկզբունքի անքակտելի տարրն է քրեական օրենքը տարածական մեկնաբանելու և անալոգիայով կիրառելու արգելքը:
Վերոնշյալի համատեքստում Վճռաբեկ դատարանը նշել է, որ եթե հանցակազմի պարտադիր հատկանիշը սահմանող հասկացության բովանդակության բացահայտումը կախված չէ գործի կոնկրետ հանգամանքներից, կարող է սահմանվել դրանցից վերացարկված, սակայն սահմանված չէ օրենքով, դատարանը, չունենալով գնահատման օբյեկտիվ չափանիշներ, զրկված է դրանք մեկնաբանելու հնարավորությունից: «Խոշոր չափ» և «առանձնապես խոշոր չափ» հասկացություններն ինքնին ենթադրում են չափելի երևույթներ։ Դրանք, օգտագործվելով քանակի, կշռի կամ արժեքի հատկանիշներով օժտված առարկաները բնութագրելիս, պայմանավորված չեն գործի կոնկրետ հանգամանքներով և օբյեկտիվորեն կարող են սահմանվել (և սահմանվում են) դրանցից վերացարկված։ Այսպես, ՀՀ քրեական օրենսգրքի հատուկ մասի մի շարք նորմերում օգտագործելով «խոշոր չափ» և/ կամ «առանձնապես խոշոր չափ» եզրույթները՝ օրենսդիրը միաժամանակ հստակ սահմանել է, թե կոնկրետ առարկայի որ չափն է համարվում խոշոր, որը՝ առանձնապես խոշոր։ Հակառակ դեպքում իրավակիրառ մարմնի կողմից քննարկվող հասկացությունների կիրառումը կհանգեցնի կամայական մեղադրման, դատապարտման և պատժման, քանի որ գործի հանգամանքներով պայմանավորված չլինելու դեպքում բացակայում են իրավակիրառ մարմնի, այդ թվում՝ դատարանի կողմից այդ հասկացությունների բովանդակությունը որոշելու օբյեկտիվ չափանիշները։
12․ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի համաձայն՝
«1. Սույն օրենսգրքում օգտագործվում են հետևյալ հասկացությունները.
(…)
17) հափշտակության, պատճառած գույքային վնասի կամ հանցավոր ճանապարհով ձեռք բերված կամ ստացված գույքի կամ օգուտի չափերը` սույն օրենսգրքում հափշտակված գույքի, պատճառված գույքային վնասի, հանցավոր ճանապարհով ձեռք բերված կամ ստացված գույքի կամ օգուտի մանր չափ է համարվում 500.000 Հայաստանի Հանրապետության դրամը չգերազանցող գումարը (արժեքը), խոշոր չափ է համարվում 5 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը չգերազանցող գումարը (արժեքը), առանձնապես խոշոր չափ է համարվում 5 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող գումարը (արժեքը), բացառությամբ սույն օրենսգրքի Հատուկ մասով նախատեսված դեպքերի. (…)»։
ՀՀ գործող քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի համաձայն՝
«1. Կաշառք տալը՝ պաշտոնատար անձին կամ նրա մատնանշած անձին անձամբ կամ միջնորդի միջոցով գույք, ներառյալ դրամական միջոց, արժեթուղթ, վճարային այլ գործիք, գույքի նկատմամբ իրավունք, ծառայություն կամ որևէ այլ առավելություն խոստանալը, առաջարկելը կամ տրամադրելը՝ պաշտոնատար անձի իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով կաշառք տվողի կամ նրա մատնանշած անձի օգտին գործողություն կատարելու կամ չկատարելու համար՝
(…)։
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է`
(…)
2) խոշոր չափերով կամ
(…)։
3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝
(…)
2) առանձնապես խոշոր չափերով`
(…)»։
13․ Վճռաբեկ դատարանը, Սարգիս Գրիգորյանի վերաբերյալ գործով որոշմամբ անդրադառնալով գործող քրեական օրենսգրքում կաշառք տալու հանցակազմի՝ որպես ծանրացնող և առավել ծանրացնող հանգամանք նախատեսված խոշոր և առանձնապես խոշոր չափերով կատարված արարքներին քրեաիրավական գնահատական տալու հարցին, արձանագրել է, որ «խոշոր» և «առանձնապես խոշոր» չափ հասկացությունների պարագայում գործ ունենք չափելի երևույթների հետ, ուստի օրենսդիրը կա՛մ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի շրջանակներում՝ ընդհանուր հասկացությունների ներքո, կա՛մ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածով պետք է հստակ սահմաներ, թե կաշառք տալու հանցակազմի պարագայում որ չափն է համարվում խոշոր, որը՝ առանձնապես խոշոր, մինչդեռ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի 17-րդ կետում խոսքը գնում է միայն հափշտակության, պատճառված գույքային վնասի, հանցավոր ճանապարհով ձեռք բերված կամ ստացված գույքի կամ օգուտի չափերի մասին, իսկ կաշառք տալու դեպքում կաշառքի առարկայի չափերը չեն կարող նույնացվել դրանցից որևէ մեկի հետ։
Անդրադառնալով հնարավոր այն մեկնաբանությանը, որ կաշառք տալու չափերը կարող են դիտարկվել հանցավոր ճանապարհով ձեռք բերված կամ ստացված գույքի կամ օգուտի ներքո, Վճռաբեկ դատարանը փաստել է, որ նման մեկնաբանումը կլինի խիստ տարածական և չի համապատասխանի օրենքի որոշակիության չափանիշներին, քանի որ վերոնշյալ դեպքում խոսքը գնում է գույքը կամ օգուտը հանցավոր ճանապարհով ձեռք բերելու կամ ստանալու, այլ ոչ թե տալու մասին։ Ուստի Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի իմաստով «խոշոր չափ» և «առանձնապես խոշոր չափ» հասկացություններն օրենսդրորեն բացահայտված չեն, և առկա է օրենսդրական բաց, ինչը որևէ պարագայում չի կարող լրացվել կամ հաղթահարվել դատական մեկնաբանության միջոցով։
14․ Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից հետևում է, որ
- Ա․Դավթյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված այն հանցավոր արարքի համար, որ նա փորձել է Հ․Դավթյանի և Հ․Առաքելյան օժանդակությամբ, Ս․Աղաջանյանի միջնորդությամբ առանձնապես խոշոր չափերով՝ 2․172․915 ՀՀ դրամին համարժեք՝ 4500 ԱՄՆ դոլար կաշառք տալ պաշտոնատար անձ հանդիսացող Մանվել Ադամյանին՝ վերջինիս կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով իր օգտին գործողություն կատարելուն նպաստելու համար, սակայն հանցագործությունն իր կամքից անկախ հանգամանքներով ավարտին չի հասցրել։ Իսկ Հ․Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված այն հանցավոր արարքի համար, որ նա օժանդակել է քրոջ որդու՝ Ա․Դավթյանի կողմից պաշտոնատար անձ հանդիսացող, ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մ․Ադամյանին վերջինիս մտերիմ Սերգեյ Աղաջանյանի միջնորդությամբ առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու փորձին,
- Առաջին ատյանի դատարանը փաստել է, որ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածով կաշառք տալու հանցակազմի խոշոր և առանձնապես խոշոր չափերը սահմանված չեն, հետևաբար կաշառք տալու ցանկացած դեպքում, անկախ կաշառքի առարկայի չափից, հանցակազմը որակյալ դարձնող մյուս պայմանների բացակայության պայմաններում արարքը ենթակա է որակման հիշյալ հոդվածի 1-ին մասով։ Արդյունքում Առաջին ատյանի դատարանն արձանագրել է, որ ամբաստանյալ Ա․Դավթյանին մեղսագրված՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցանքը համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 44-436-րդ հոդվածի 1-ին մասին, իսկ ամբաստանյալ Հ․Առաքելյանին մեղսագրված՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցանքը՝ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 46-436-րդ հոդվածի 1-ին մասին,
- Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ Առաջին ատյանի դատարանն իրավացիորեն փաստել է, որ ամբաստանյալ Ա․Դավթյանին մեղսագրված՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցավոր արարքը համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 44-436-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքին, իսկ ամբաստանյալ Հ․Առաքելյանին մեղսագրված ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցանքը՝ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 46-436-րդ հոդվածի 1-ին մասին, հետևաբար ամբաստանյալներին մեղսագրվող արարքները պետք է գնահատել որպես ենթադրաբար կաշառք տալու հասարակ տեսակի փորձ և փորձի օժանդակություն։
15․ Սույն որոշման նախորդ կետում մեջբերված փաստերը գնահատելով սույն որոշման 11-13-րդ կետերում մեջբերված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանների հետևություններն առ այն, որ ամբաստանյալ Ա․Դավթյանին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղսագրվող արարքը համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 44-436-րդ հոդվածի 1-ին մասին, իրավաչափ են։
Ինչ վերաբերում է ամբաստանյալ Հ․Առաքելյանին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղսագրված արարքի համապատասխանեցման հարցին, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ստորադաս դատարաններն իրավաչափ եզրահանգման են եկել ամբաստանյալին վերագրվող արարքը հասարակ կաշառք տալու հանցակազմին համապատասխանեցնելու հարցում, սակայն ստորադաս դատարանները հաշվի չեն առել, որ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 47-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ կատարողի կողմից իրենից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չհասցնելու դեպքում մյուս հանցակիցները պատասխանատվություն են կրում հանցագործության հանցափորձի համար, ուստի սույն դեպքում ամբաստանյալ Հ․Առաքելյանին մեղսագրված ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցանքը չի համապատասխանում ՀՀ գործող քրեական օրենսգրքի 46-436-րդ հոդվածի 1-ին մասին։
Անդրադառնալով բողոքաբերի այն փաստարկին, որ «[Օ]րենքի ենթադրյալ բացը» դատարանները ստեղծել են ՀՀ գործող քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի 17-րդ կետում տեղ գտած նորմին սահմանափակ, տառացի մեկնաբանում տալով՝ չբացահայտելով այն ընդունող մարմնի նպատակը»՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ օրինականության սկզբունքը և «չկա հանցագործություն և պատիժ, եթե այն սահմանված չէ օրենքով» կանոնը պահանջում են, որ հանցավոր համարվող արարքները սահմանվեն բացառապես օրենքով և նկարագրվեն իրավական որոշակիության չափանիշին բավարարող եղանակով՝ բացառելով դրանց շատ լայն և տարածական մեկնաբանումը։ Վերոնշյալը սահմանադրորեն և միջազգային կոնվենցիաներով ամրագրված հիմնարար սկզբունք է և բացարձակ նշանակություն ունի մարդու իրավունքների պաշտպանության համակարգում, որից որևէ շեղում և բացառություն նախատեսված չէ՝ նույնիսկ պատերազմի կամ ազգի կյանքին սպառնացող այլ արտակարգ դրության ժամանակ։ Հետևաբար, եթե քրեաիրավական նորմը չի բավարարում «օրենքին» ներկայացվող որակական չափանիշներին, այն չի կարող դրվել անձի դատապարտման հիմքում, որքան էլ որ կատարված արարքը լինի վտանգավոր և, ընդհանուր առմամբ, բխի օրենսդրի նպատակներից։
16. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երկրորդ իրավական հարցը հետևյալն է․ իրավաչա՞փ են արդյոք ստորադաս դատարանների հետևությունները՝ Ա.Դավթյանի և Հ․Առաքելյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումները քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով դադարեցնելու վերաբերյալ:
17․ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի համաձայն՝ «1. Պաշտոնատար անձին կաշառք տալը, այսինքն՝ պաշտոնատար անձին անձամբ կամ միջնորդի միջոցով նրա կամ այլ անձի համար դրամ, գույք, գույքի նկատմամբ իրավունք, արժեթղթեր կամ որևէ այլ առավելություն խոստանալը կամ առաջարկելը կամ տրամադրելը՝ իր կամ իր ներկայացրած անձանց օգտին պաշտոնատար անձի կողմից իր լիազորությունների շրջանակում որևէ գործողություն կատարելու կամ չկատարելու կամ պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքն օգտագործելով այդպիսի գործողություն կատարելուն կամ չկատարելուն նպաստելու կամ ծառայության գծով հովանավորչության կամ թողտվության համար՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
…
3. Կաշառք տալը, որը կատարվել է՝
1) առանձնապես խոշոր չափերով,
…
պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով»:
ՀՀ գործող քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի համաձայն՝ «1. Կաշառք տալը՝ պաշտոնատար անձին կամ նրա մատնանշած անձին անձամբ կամ միջնորդի միջոցով գույք, ներառյալ դրամական միջոց, արժեթուղթ, վճարային այլ գործիք, գույքի նկատմամբ իրավունք, ծառայություն կամ որևէ այլ առավելություն խոստանալը, առաջարկելը կամ տրամադրելը՝ պաշտոնատար անձի իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով կաշառք տվողի կամ նրա մատնանշած անձի օգտին գործողություն կատարելու կամ չկատարելու համար՝
պատժվում է կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
…»։
ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի համաձայն՝ … 3. Միջին ծանրության հանցագործություններ են համարվում դիտավորությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում հինգ տարի ժամկետով ազատազրկումը, ինչպես նաև անզգուշությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում տասը տարի ժամկետով ազատազրկումը:
4. Ծանր հանցագործություններ են համարվում դիտավորությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում տասը տարի ժամկետով ազատազրկումը: …:
ՀՀ գործող քրեական օրենսգրքի 17-րդ հոդվածի համաձայն՝ (…) 3. Միջին ծանրության հանցանքներ են համարվում սույն օրենսգրքով նախատեսված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքի Հատուկ մասով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում 5 տարի ժամկետով ազատազրկումը:
4. Ծանր հանցանքներ են համարվում սույն օրենսգրքով նախատեսված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքի Հատուկ մասով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում 10 տարի ժամկետով ազատազրկումը: (…):
ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի համաձայն՝ «1. Անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտված համարելու օրվանից անցել են հետևյալ ժամկետները.
(…)
2) հինգ տարի՝ միջին ծանրության հանցանքն ավարտված համարելու օրվանից.
3) տասը տարի՝ ծանր հանցանքն ավարտված համարելու օրվանից. (…)»։
ՀՀ գործող քրեական օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ 1. Անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտվելուն հաջորդող օրվանից անցել են հետևյալ ժամկետները.
…
2) 10 տարի՝ միջին ծանրության հանցանքի դեպքում.
3) 15 տարի՝ ծանր հանցանքի դեպքում. …:
18․ Վճռաբեկ դատարանը, Խաչատուր Պետրոսյանի և Հասմիկ Շանոյանի վերաբերյալ գործով որոշմամբ անդրադառնալով քրեական օրենսդրության հետադարձությամբ կիրառման դեպքերին, արձանագրել է, որ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետի հաշվարկման տեսանկյունից քրեական նոր օրենքով անձին մեղսագրված հանցանքի տեսակի փոփոխությունն ինքնին չի կարող հետադարձ ներգործություն ունենալ, այսինքն, այս հարցի շրջանակներում օրենսդրական փոփոխությունների բարենպաստ լինելու ինքնուրույն ցուցիչ չէ, և տեղի ունեցած օրենսդրական փոփոխությունների բարենպաստ լինելու մասին կարելի է խոսել բացառապես քրեական պատասխանատվությունից ազատելու ինստիտուտը կանոնակարգող՝ ՀՀ նախկին և գործող քրեական օրենսգրքերի ընդհանուր նորմերի հետ համադրված գնահատելու պարագայում։ Միևնույն ժամանակ անդրադառնալով օրենսդրական փոփոխությունների արդյունքում հանցանքի տեսակի և վաղեմության ժամկետների փոփոխության իրավիճակներին, մասնավորապես՝ այն դեպքին, երբ արարքի (հանցանքի) ծանրության աստիճանը նվազում է, իսկ այդ արարքի համար սահմանված քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը չի փոփոխվում՝ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ օրենսդրական փոփոխության արդյունքում պատժի մեղմացման հետևանքով նախկինում ծանր համարվող հանցանքը միջին ծանրության հանցանք հանդիսանալու դեպքում կիրառելի է մեղմացնող օրենքին հետադարձ ուժ տալու կանոնը՝ հանցանքի տեսակի և պատժի մասով, այսինքն՝ արարքը պետք է որակվի ՀՀ գործող քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով։ Վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ անթույլատրելի է օրենքի փոփոխության արդյունքում հետադարձության կանոնների կիրառմամբ ստացված միջին ծանրության հանցանքի համար քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետը (տասը տարին) համեմատել ՀՀ նախկին քրեական օրենսգրքով նախատեսված միջին ծանրության հանցանքի համար քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետի (հինգ տարի) հետ։ Նման համեմատությունը սկզբունքորեն չի համապատասխանի ժամանակի ընթացքում քրեական օրենքի գործողության կանոնի էությանն ու նշանակությանը: Հակառակ մոտեցումը հանգեցնում է այնպիսի իրավիճակի, որ արարքի կատարման պահին ծանր հանցագործություն համարվող արարքի պարագայում անձի նկատմամբ կիրառվում է արարքի կատարման պահին միջին ծանրության հանցանքի համար նախատեսված կարգավորումը, որը որևէ պարագայում կիրառելի չէր։
19. Նախորդ կետում մեջբերված իրավական դիրքորոշումների լույսի ներքո, հաշվի առնելով սույն վարույթի փաստական հանգամանքները, անհրաժեշտ է դիտարկել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 38-34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված արարքները անձին մեղսագրված լինելու դեպքը։ Այսպես՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու փորձը և դրան օժանդակելը, համաձայն ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի, դասվում էին ծանր հանցագործությունների շարքին, որի համար քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը տասը տարի էր։ ՀՀ գործող քրեական օրենսդրությամբ 44-436-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարքը դասվում է միջին ծանրության հանցագործությունների շարքին։ Միևնույն ժամանակ, օրենսդիրը ՀՀ գործող քրեական օրենսգրքի ընդհանուր մասում՝ վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով քրեական պատասխանատվությունից ազատելու կարգը սահմանող 83-րդ հոդվածում, սահմանել է, որ միջին ծանրության հանցանքի դեպքում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտվելուն հաջորդող օրվանից անցել է տասը տարի։
Ուստի ստացվում է, որ կաշառք տալու փորձը և/կամ դրան օժանդակելը գործող քրեական օրենսգրքով թեև դասվել են միջին ծանրության հանցագործությունների շարքին, սակայն քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետի տեսանկյունից երկու օրենսդրություններն էլ ցուցաբերում են նույն մոտեցումը, ըստ որի՝ կաշառք տալու փորձի և/կամ դրան օժանդակելու մեջ մեղադրվող անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե մեղսագրվող արարքի կատարման պահից անցել է տասը տարի։ Վերոգրյալից հետևում է, որ գործող քրեական օրենսդրությամբ հանցանքի տեսակի փոփոխությունը քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետների տեսանկյունից անձի համար որևէ բարենպաստ հետևանք չի առաջացնում, քանզի վաղեմության ժամկետի առումով քրեական օրենսդրության նախկին և ներկա կարգավորումները նույնական են։ Այլ խոսքով՝ կաշառք տալու փորձի և/կամ դրան օժանդակելու հանցանքի տեսակի փոփոխության հետևանքով քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը, նախկին օրենսգրքի համեմատ, փոփոխությունների չի ենթարկվել, ուստի քննարկվող դեպքում քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը ենթակա է լուծման՝ տվյալ արարքի համար դրա կատարման պահին գործող քրեական օրենսդրությամբ նախատեսված ծանր հանցագործության կատարման համար քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետի հաշվառմամբ։
20․ Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ.
- Ա.Դավթյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ Հ․Առաքելյանին՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով,
- Առաջին ատյանի դատարանն արձանագրել է, որ ամբաստանյալ Ա․Դավթյանին մեղսագրված՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցանքը համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 44-436-րդ հոդվածի 1-ին մասին, իսկ ամբաստանյալ Հ․Առաքելյանին մեղսագրված՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցանքը՝ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 46-436-րդ հոդվածի 1-ին մասին, որոնք միջին ծանրության հանցանքներ են: Միևնույն ժամանակ, Առաջին ատյանի դատարանը փաստել է, որ ամբաստանյալների կողմից իրենց մեղսագրվող արարքները ենթադրաբար կատարվելուց հետո անցել է հինգ տարուց ավել ժամանակ, ուստի Ա․Դավթյանի և Հ․Առաքելյանի նկատմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և համապատասխանաբար 38-34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական հետապնդումները ենթակա են դադարեցման՝ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով,
- Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ 2003 և 2021 թվականներին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքերի՝ համապատասխանաբար 75-րդ և 83-րդ հոդվածների համեմատական վերլուծությունը վկայում է, որ ՀՀ գործող քրեական օրենսգիրքը քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետների մասով տվյալ դեպքում անձի վիճակը վատթարացող օրենք է և կիրառելի չէ ամբաստանյալներ Ա․Դավթյանի և Հ․Առաքելյանի նկատմամբ, քանի որ սահմանում է քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ավելի երկար ժամկետներ։ Արդյունքում Վերաքննիչ դատարանը գտել է, որ վաղեմության ժամկետն անցնելու առումով ամբաստանյալներ Ա․Դավթյանի և Հ․Առաքելյանի նկատմամբ կիրառելի են ՀՀ նախկին քրեական օրենսգրքի միջին ծանրության հանցանքի քրեական պատասխանատվության վաղեմության ժամկետները, քանի որ դրանք առավել բարենպաստ են վերջիններիս համար։
21. Նախորդ կետում վկայակոչված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 17-19-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թեև Ա․Դավթյանին և Հ․Առաքելյանին վերագրվող հանցանքները ՀՀ գործող քրեական օրենսգրքով դասվել են միջին ծանրության հանցանքների շարքին, սակայն վաղեմության ժամկետի հաշվարկի առումով օրենսդրական այդ փոփոխությունը բարենպաստ հետևանքներ չի առաջացնում, քանզի թե՛ արարքի կատարման պահին, թե՛ ՀՀ գործող քրեական օրենսգրքով անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե մեղսագրվող արարքը կատարելուց անցել է տասը տարի:
Մասնավորապես, արարքի կատարման պահին ամբաստանյալներին վերագրվող հանցանքները եղել են ծանր, որոնց վաղեմության ժամկետը տասը տարի է: ՀՀ գործող քրեական օրենսգրքին համապատասխանեցնելու արդյունքում ամբաստանյալներին վերագրվող հանցանքները միջին ծանրության են, որոնց վաղեմության ժամկետը կրկին տասը տարի է: Ուստի թե՛ նախկին, թե՛ գործող քրեական օրենսդրությունները թույլ են տալիս ամբաստանյալներ Ա․Դավթյանին և Հ․Առաքելյանին վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով ազատել քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտվելու օրվանից անցել է տասը տարի։
22. Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանների հետևություններն առ այն, որ Ա․Դավթյանին և Հ․Առաքելյանին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցել են, իրավաչափ չեն, քանզի տվյալ դեպքում արարքի կատարման պահին ծանր հանցագործություն համարվող արարքի պարագայում անձանց նկատմամբ կիրառվել է արարքի կատարման պահին միջին ծանրության հանցանքի համար նախատեսված կարգավորումը, որը իրավաչափ չէ։
23. Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարույթով ստորադաս դատարանները թույլ են տվել նյութական օրենքի ոչ ճիշտ կիրառում, այն է` կիրառել են 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, որը սույն վարույթով ենթակա չէր կիրառման, ինչը, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի, հիմք է Առաջին ատյանի դատարանի 2022 թվականի դեկտեմբերի 16-ի որոշումը և այն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի 2023 թվականի փետրվարի 6-ի որոշումը բեկանելու համար։
Հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ամբաստանյալներ Ա․Դավթյանի և Հ․Առաքելյանի պաշտպան Ռ․Սիրեկանյանի միջնորդությունը պետք է մերժել։
24․ Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանը, հաշվի առնելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները, պետք է ըստ էության քննության առնի Ա․Դավթյանի և Հ․Առաքելյանի վերաբերյալ քրեական գործը և արդյունքում հանգի համապատասխան հետևության։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 33-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 352-րդ, 359-րդ, 361-363-րդ ու 400-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Արտյոմ Անդրանիկի Դավթյանի և Հովհաննես Մերուժանի Առաքելյանի վերաբերյալ ՀՀ հակակոռուպցիոն դատարանի՝ 2022 թվականի դեկտեմբերի 16-ի որոշումը և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի փետրվարի 6-ի որոշումը բեկանել և պաշտպան Ռ․Սիրեկանյանի միջնորդությունը մերժել։
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:
Նախագահող` Ս.ՉԻՉՈՅԱՆ
Դատավորներ` Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆ
Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆ
Ռ.ՄԽԻԹԱՐՅԱՆ
Դ.ՎԵՔԻԼՅԱՆ
