Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am

Վճռաբեկ դատարան · Կոռուպցիոն հանցագործություններ

ՀԿԴ/0054/01/22

Վճռաբեկ դատարանի որոշումների ցանկից (cassationcourt.am/decisions)՝ դատարանի նախադեպային շտեմարանում այն չկա։

Գործի համարը
ՀԿԴ/0054/01/22
Դիմող / մեղադրյալ
Շալիկո Նադոյան
Դատական ակտի ընդունման ամսաթիվը
26.08.2024

Որոշման տեքստը

դատարանի Word ֆայլից
ՀԿԴ/0054/01/22 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ Հայաստանի Հանրապետության Հակակոռուպցիոն դատարան, Նախագահող դատավոր՝ Վ․Դոլմազյան Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարան, Նախագահող դատավոր՝ Ս. Մարաբյան 2024 թվական օգոստսի 26-ին քաղաք Երևանում ՀՀ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմը (այսուհետ նաև՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ` Ս․ՉԻՉՈՅԱՆԻ մասնակցությամբ դատավորներ՝ Ե․ԴԱՆԻԵԼՅԱՆԻ Ա․ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆԻ Ռ.ՄԽԻԹԱՐՅԱՆԻ Դ․ՎԵՔԻԼՅԱՆԻ գրավոր ընթացակարգով քննության առնելով Շալիկո Շիրալու Նադոյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան) 2023 թվականի փետրվարի 6-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա․Վարդապետյանի հատուկ վերանայման բողոքը, Պ Ա Ր Զ Ե Ց Վարույթի դատավարական նախապատմությունը. 1. ՀՀ հակակոռուպցիոն դատարանի (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան) 2022 թվականի դեկտեմբերի 16-ի որոշմամբ ամբաստանյալ Շ․Նադոյանի պաշտպան Ղ․Պապոյանի միջնորդությունը բավարարվել է, Շ․Նադոյանի նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ նաև՝ ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու հիմքով։ 2. ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազ Ա․Մուրադյանի հատուկ վերանայման բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2023 թվականի փետրվարի 6-ի որոշմամբ Առաջին ատյանի դատարանի որոշումը թողել է անփոփոխ։ 3. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա․Վարդապետյանը բերել է հատուկ վերանայման բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2023 թվականի մարտի 31-ի որոշմամբ ընդունվել է վարույթ, և սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։ Հատուկ վերանայման բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը. Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով. 4․ Ըստ բողոքի հեղինակի՝ Վերաքննիչ դատարանի դատական ակտով թույլ է տրվել դատական սխալ՝ նյութական և քրեադատավարական իրավունքի նորմերի էական խախտումներ, որոնք ազդել են վարույթի ելքի վրա։ Միաժամանակ բողոքում բարձրացված հարցերի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառումն ապահովելու համար։ Բողոք բերած անձը Վճռաբեկ դատարանի առջև բարձրացրել է հետևյալ իրավական հարցը․ իրավաչա՞փ են արդյոք Վերաքննիչ դատարանի հիմնավորումները՝ 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքով (այսուհետ նաև՝ ՀՀ գործող քրեական օրենսգիրք) նախատեսված կաշառք տալու հանցակազմի դեպքում կաշառքի առարկայի խոշոր և առանձնապես խոշոր չափերը սահմանված չլինելու վերաբերյալ։ Բողոքաբերը նշել է, որ ՀՀ քրեական օրենսգրքով հանցագործությամբ պատճառված վնասի, այդ թվում՝ կաշառք տալու և ստանալու չափերը, բացառությամբ հատուկ մասում նախատեսված դեպքերի, տեղ են գտել ոչ թե կոնկրետ հոդվածներում, այլ ներառվել են հիմնական հասկացությունները սահմանող ՀՀ գործող քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածում։ Ընդ որում, նախատեսվել են հստակ և կոնկրետ չափեր, որոնք վերաբերելի են քրեական օրենսգրքի հատուկ մասում տեղ գտած բոլոր հանցակազմերին, այդ թվում՝ կաշառք տալուն։ Ըստ բողոքաբերի՝ Վերաքննիչ դատարանի հետևությունն առ այն, որ տվյալ դեպքում առկա է օրենքի բաց, որը չի կարող հաղթահարվել, վերացվել կամ լրացվել դատական մեկնաբանության միջոցով, հիմնավոր չէ, քանի որ «օրենքի ենթադրյալ բացը» դատարանները ստեղծել են ՀՀ գործող քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի 17-րդ կետում տեղ գտած նորմին սահմանափակ, տառացի մեկնաբանում տալով՝ չբացահայտելով այն ընդունող մարմնի նպատակը։ Բողոքաբերի կողմից Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երկրորդ իրավական հարցը հետևյալն է. իրավաչա՞փ են արդյոք ստորադաս դատարանների հետևությունները՝ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով Շ․Նադոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ։ Բողոքաբերը նաև փաստել է, որ կաշառք տալու հանցակազմը որակյալ դարձնող հանցագործության առարկայի չափերի փոփոխության հետևանքով տեղի է ունեցել արարքի մասնակի ապաքրեականացում, որի արդյունքում Շ․Նադոյանի արարքը ենթակա է որակման ՀՀ գործող քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասով, որը դասվում է միջին ծանրության հանցագործությունների շարքին, իսկ արարքը կատարելու պահին գործող օրենսգրքով այն դասվել է ծանր հանցագործությունների շարքին։ Վերոնշյալ հանգամանքով պայմանավորված՝ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով Շ․Նադոյանի արարքը համապատասխանել է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետին, որը միջին ծանրության հանցանք է, և որի վաղեմության ժամկետը 10 տարի է, մինչդեռ նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելիս Վերաքննիչ դատարանը հիմք է ընդունել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածով նախատեսված միջին ծանրության հանցագործության վաղեմության ժամկետը՝ անտեսելով այն հանգամանքը, որ հանցանքի կատարման պահին տվյալ արարքը հանդիսացել է ծանր հանցանք, որի վաղեմության ժամկետը եղել է 10 տարի։ 5. Վերոշարադրյալի հիման վրա բողոքաբերը խնդրել է ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի փետրվարի 6-ի որոշումը և կայացնել դրան փոխարինող դատական ակտ։ Հատուկ վերանայման բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները. 6. Շալիկո Շիրալու Նադոյանին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղադրանք է առաջադրվել այն արարքի համար, որ «(...) [Ն]ա Սերգեյ Աղաջանյանի միջնորդությամբ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մանվել Ադամյանին տվել է առանձնապես խոշոր չափերով կաշառք՝ վերջինիս կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով, իր որդու՝ զորակոչիկ Փաշա Նադոյանի օգտին գործողություն կատարելուն նպաստելու համար։ Այսպես․ ՀՀ ՊՆ Արմավիրի տարածքային զինվորական կոմիսարիատի զորակոչիկ Փաշա Նադոյանը ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով ներգրավված է եղել որպես մեղադրյալ ժամկետային զինվորական ծառայության 2014 թվականի ամառային զորակոչից խուսափելու համար և գտնվել է հետախուզման մեջ։ 2017 թվականի օգոսոտսի 15-ին Փաշա Նադոյանն ինքնակամ ներկայացել է, նրան առաջադրվել է մեղադրանք և վերջինս պատրաստակամություն է հայտնել զինվորական ծառայության համար պիտանի ճանաչվելու դեպքում զորակոչվել ՀՀ զինված ուժեր։ Փաշա Նադոյանը ներկայացվել է ՀՀ ՊՆ Արմավիրի տարածքային զինկոմիսարիատ՝ առաջնահերթության կարգով վերջինիս պիտանելիության և ՀՀ զինված ուժեր զորակոչվելու հարցը լուծելու համար։ ՀՀ ՊՆ Արմավիրի զինկոմիսարիատի տարածքային բժշկական հանձնաժողովի կողմից Փաշա Նադոյանը ճանաչվել է պիտանի զինվորական ծառայության համար, ինչի հիման վրա նախատեսվել է նրան 2018 թվականի հունվարի 10-ին՝ 1-ին խմբի կազմում զորակոչել ՀՀ զինված ուժեր։ Փաշա Նադոյանի հայրը՝ Շալիկո Նադոյանը կասկածներ է ունեցել որդու մոտ առողջական խնդիրների առկայության մասին, սակայն մտադրվել է Փաշա Նադոյանին ժամկետային զինվորական ծառայությունից ազատել պաշտոնատար անձանց կաշառք տալու միջոցով։ Շալիկո Նադոյանն իր մորեղբոր որդու՝ Աֆանդի Միրզոյանի միջոցով խնդիրը ներկայացրել է Սերգեյ Աղաջանյանին։ Վերջինս այդ մասին հայտնել է իր մտերիմ Մանվել Ադամյանին և զորակոչիկի տվյալները փոխանցել նրան։ Մի քանի օր անց Մանվել Ադամյանը Սերգեյ Աղաջանյանի միջոցով Շալիկո Նադոյանին փոխանցել է վերջինիս որդուն՝ Փաշա Նադոյանին զինվորական ծառայությունից ազատելու հիմքեր ստեղծելուն նպաստելու համար իրեն առանձնապես խոշոր չափերով՝ 22000 ԱՄՆ դոլար կաշառք տալու պահանջը, մասնավորապես, Մանվել Ադամյանը Սերգեյ Աղաջանյանին տեղեկացրել է, որ Փաշա Նադոյանին զինվորական ծառայությունից ազատելու հիմքեր ստեղծելուն նպաստելու համար իրեն պետք է տան 22000 ԱՄՆ դոլար՝ ընդ որում երկու փուլով: Նախ 15000 ԱՄՆ դոլար՝ բժշկական հետազոտություններն անցնելու հարցը կազմակերպելու համար, այնուհետև՝ 7000 ԱՄՆ դոլար, երբ բժշկական հետազոտություններն անցնելուց հետո Փաշա Նադոյանի վերաբերյալ քննվող քրեական գործի շրջանակներում նշանակվի փորձաքննություն: Սերգեյ Աղաջանյանը, գիտակցելով Մանվել Ադամյանի և Շալիկո Նադոյանի գործողությունների բնույթը, ստանձնել է կաշառք ստանալու և տալու հարցում միջնորդի դերակատարությունն ու իր գործողություններով նպաստել է կաշառք ստացողի և կաշառք տվողի միջև կաշառքի շուրջ համաձայնության գալուն, մասնավորապես՝ Աֆանդի Միրզոյանի միջոցով տեղյակ է պահել Շալիկո Նադոյանին հանդիպելու, ինչից հետո՝ 2017 թվականի հոկտեմբերի 2-ին, պայմանավորվածության համաձայն վերջիններս հանդիպել են Երևան քաղաքի Իսակովի պողոտայում՝ Արգավանդ գյուղի մոտ: Խոսակցության ընթացքում Շալիկո Նադոյանը պատրաստակամություն է հայտնել որդուն զինվորական ծառայությունից ազատելու համար տալ ցանկացած չափի գումար, իսկ Սերգեյ Աղաջանյանը Շալիկո Նադոյանին փոխանցել է Մանվել Ադամյանի պահանջը՝ Փաշա Նադոյանին զինվորական ծառայությունից ազատելու հիմքեր ստեղծելուն նպաստելու համար իրեն առանձնապես խոշոր չափերով՝ 22000 ԱՄՆ դոլար կաշառք տալու վերաբերյալ, առանց շեշտելու նրա անունը և պարզաբանել է կաշառքի գումարը երկու փուլով տալու անհրաժեշտության մասին: Շալիկո Նադոյանը համաձայնվել է ներկայացված պայմաններին: Մի քանի օր անց Մանվել Ադամյանը Սերգեյ Աղաջանյանի միջոցով Շալիկո Նադոյանից պահանջել է կաշառքի գումարի առաջին մասը՝ 15000 ԱՄՆ դոլարը, գործընթացն սկսելու համար: Պայմանավորվածության համաձայն՝ 2017 թվականի հոկտեմբերի 12-ին Շալիկո և Փաշա Նադոյանները Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում, «Բանգլադեշ» կոչվող թաղամասում հանդիպել են Սերգեյ Աղաջանյանին, որտեղ Շալիկո Նադոյանը, պաշտոնատար անձին կաշառք տալու դիտավորությամբ վերջինիս առձեռն փոխանցել է կաշառքի գումարի մի մասը՝ առանձնապես խոշոր չափերով՝ 7.204.800 ՀՀ դրամին համարժեք 15000 ԱՄՆ դոլարը, որը Սերգեյ Աղաջանյանը, գործով չպարզված օրը, Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանում, «Մոնումենտ» կաչվող թաղամասում ամբողջությամբ տվել է Մանվել Ադամյանին: Սերգեյ Աղաջանյանի միջոցով Շալիկո Նադոյանից ստանալով կաշառքի գումարի մի մասը, Մանվել Ադամյանն օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, նպաստել է Շալիկո Նադոյանի որդու՝ զորակոչիկ Փաշա Նադոյանի օգտին գործողություններ կատարելուն, մասնավորապես՝ ՀՀ ՊՆ Արմավիրի տարածքային զինվորական կոմիտարիատի զինկոմ Արսեն Համբարձումյանին և ՀՀ գլխավոր նյարդաբան Գուրգեն Հովհաննիսյանին դիմելու միջոցով ստեղծել է Փաշա Նադոյանին նյարդաբանական հիվանդությունների գծով հետազոտություն անցնելու հիմք: Վերջինս հետազոտություններ է անցել նախ «Թիվ 2 բուժմիավորում» ՓԲԸ-ում, ապա՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժկական կենտրոնում, որտեղ կատարված հետազոտությունների արդյունքում Փաշա Նադոյանի մոտ ախտորոշվել է «գլխուղեղի զարգացման արատ ռետրոցերեբելյար կիստա», ինչի հիման վրա Կենտրոնական բժշկական հանձնաժողովի 2018 թվականի հունվարի 10-ի եզրակացությամբ, ՀՀ պաշտպանության նախարարի 410-13 հրամանի 14 հոդվածի «Բ» կետի պահանջներով, ճանաչվել է խաղաղ ժամանակ ոչ պիտանի զինվորական ծառայության համար և հաշվառվել է ՀՀ զինված ուժերի պահեստազորում։ ՀՀ ՊՆ Արմավիրի տարածքային զինվորական կոմիսարը 2018 թվականի հունվարի 11-ի գրությամբ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնին իրազեկել է Փաշա Նադոյանի՝ ՀՀ զինված ուժերի պահեստազորում հաշվառվելու վերաբերյալ, ինչից հետո 2018 թվականի հունվարի 17-ին Փաշա Նադոյանի վերաբերյալ քննվող քրեական գործի շրջանակներում նրա վերաբերյալ նշանակվել է դատաբժշկական և ռազմաբժշկական համալիր փորձաքննություն, որի կատարման շրջանակներում զորակոչիկ Փաշա Նադոյանը հետազոտման նպատակով 2018 թվականի փետրվարի 23-ին ուղեգրվել է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն: Ուղեգրման մասին Փաշա Նադոյանը տեղեկացրել է Սերգեյ Աղաջանյանին, ինչից հետո նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Շալիկո Նադոյանը կաշառքի գումարի մնացած մասը՝ առանձնապես խոշոր չափերով 3.363.220 ՀՀ դրամին համարժեք 7000 ԱՄՆ դոլարը Սերգեյ Աղաջանյանի միջոցով քննությամբ չպարզված օրը տվել է Մանվել Ադամյանին: Սերգեյ Աղաջանյանը վերջինիս տեղեկացրել է գորակոչիկի ուղեգրման մասին, որից հետո միասին Փաշա Նադոյանի հարցով այցելել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղից դուրս գալուց հետո Մանվել Ադամյանը Սերգեյ Աղաջանյանին վստահեցրել է, որ հարցը կարգավորված է: Փաշա Նադոյանի վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնում քննված քրեական գործով նշանակված համալիր փորձաքննության շրջանակներում Փաշա Նադոյանի մոտ հաստատվել է ռետրոցերեբելյար կիստայի առկայությունը, որի վերաբերյալ տրվել է եզրակացություն և արդյունքում նրա վերաբերյալ քրեական գործով վարույթը կարճվել, իսկ Փաշա Նադոյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով իրականացվող քրեական հետապնդումը դադարեցվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով: Այսպիսով, Շալիկո Նադոյանը Սերգեյ Աղաջանյանի միջնորդությամբ առանձնապես խոշոր չափերով 10.568.020 ՀՀ դրամին համարժեք, ընդհանուրը 22000 ԱՄՆ դոլար կաշառք է տվել Մանվել Ադամյանին՝ վերջինիս կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով, իր որդու՝ զորակոչիկ Փաշա Նադոյանի օգտին գործողություն կատարելուն նպաստելու համար (...)»: 7․ Առաջին ատյանի դատարանի 2023 թվականի դեկտեմբերի 16-ի որոշման համաձայն՝ «(...) Դատարանը գտնում է, որ սույն գործով ամբաստանյալ Շալիկո Նադոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը քննարկելիս ՀՀ նոր քրեական օրեսնգիրքն ունի հետադարձ ուժ, դրա բարելավող դրույթները տարածվում են մինչև դրա ուժի մեջ մտնելը ենթադրաբար հանցանք կատարած Շալիկո Նադոյանի վրա: Դատարանը նաև արձանագրում է, որ ՀՀ նոր քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածով նախատեսված կաշառք տալու հանցակազմի կաշառքի առարկայի չափը սահմանված չէ ՀՀ նոր քրեական օրենսգրքով, սահմանված չէ, թե որն է խոշոր չափը, որը՝ առանձնապես խոշոր չափը, հետևաբար, Դատարանը գտնում է, որ առկա խմբագրությամբ ՀՀ նոր քրեական օրենսգրքով կաշառք տալու ցանկացած դեպքում, անկախ կաշառքի առարկայի չափից, տվյալ հանցակազմը որակյալ դարձնող մյուս պայմանների բացակայության դեպքում, արարքը ենթակա է որակման հիշյալ հոդվածի 1-ին մասով: Դատարանի հիշյալ եզրահանգումը պայմանավորված է նրանով, որ ՀՀ նոր քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետով կամ որևէ այլ նորմով կաշառք տալու դեպքում կաշառքի առարկայի չափի մասին խոսք չկա, ինչից բխում է, որ կաշառք տալու դեպքում, անկախ կաշառքի առարկայի չափից, այն կարող է որակվել միայն այդ հանցանքի հասարակ ձևով, եթե իհարկե՝ բացակայում են ՀՀ նոր քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված այդ հանցակազմը որակյալ դարձնող հանգամանքները: Վերը նշվածը հաշվի առնելով՝ Դատարանը գտնում է, որ ՀՀ նոր քրեական օրենսգրքով խոշոր չափերով կամ առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու հանցակազմ չկա, ինչից հետևում է, որ այդ համատեքստում, խոշոր չափերով կամ առանձնապես խոշոր չափերով կաշառք տալն ապաքրեականացվել է: ՀՀ նախկին քրեական օրեսնգրքի 312-րդ հոդվածով նախատեսված կաշառք տալու հանցակազմի 2-րդ մասով նախատեսված է եղել դրա որակյալ ձևը, այն է՝ կատարվել է խոշոր չափերով, իսկ 3-րդ մասով՝ այն է՝ կատարվել է առանձնապես խոշոր չափերով, կամ կազմակերպված խմբի կողմից: (...) Վերոգրյալի հիման վրա Դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Շալիկո Նադոյանին մեղսագրված ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցանքը համապատասխանում է ՀՀ նոր քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքին, հետևաբար Շալիկո Նադոյանին մեղսագրվող արարքը պետք է գնահատել որպես ենթադրաբար կաշառք տալու հասարակ տեսակ, որը միջին ծանրության հանցանք է: Դատարանը գտնում է, որ Շալիկո Նադոյանին մեղսագրված արարքի համար քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետը պետք է հաշվել առավելագույնը 2017 թվականի հոկտեմբերի 2-ից, հետևաբար, նկատի ունենալով, որ ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ վաղեմության ժամկետի ընթացքը չի ընդհատվել, այսինքն Շալիկո Նադոյանի կողմից իրեն մեղսագրվող արարքը ենթադրաբար կատարելուց հետո անցել է 5 /հինգ/ տարուց ավելի ժամանակ, անցել է քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը, նա չի առարկել այդ հիմքով իր նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելուն, ուստի Շալիկո Նադոյանի նկատմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման (...)»: 8․ Վերաքննիչ դատարանի 2023 թվականի փետրվարի 6-ի որոշման համաձայն՝ « (…) 2021 թվականին ընդունված քրեական օրենսգրքի 436-րդ հուվածով սահմանված կաշառք տալու հանցակազմի պարագայում օրենսդիրը, որպես այդ հանցանքը որակյալ դարձնող հանգամանքներ նախատեսել է «խոշոր չափը» և «առանձնապես խոշոր չափը», միևնույն ժամանակ, օրենսգրքի հատուկ մասի նորմերի վերլուծությունը ցույց է տալիս, որ օրենսդիրը չի նախատեսել, թե քննարկվող հանցակազմի առարկայի որ չափն է համարվում խոշոր, որը՝ առանձնապես խոշոր: Դրա հետ մեկտեղ հարկ է փաստել, որ նույն օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետի վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը սահմանել է «հափշտակության, պատճառած գույքային վասի կամ հանցավոր ճանապարհով ձեռք բերված կամ ստացված գույքի կամ օգուտի չափերը», որոնք փաստացի վերաբերելի չեն կաշառք տալու հանցակազմին: Այլ կերպ ասած՝ ՀՀ քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետում տրված՝ սեռային հասկացության բնորոշումից հետևում է, որ այն հանդիսանում է որպես սահմանվող հասկացություն, քանի որ ունի բացահայտված կոնկրետ բովանդակություն, որով տալիս է անհրաժեշտ ու բավարար չափանիշ ամեն մի օբյեկտ տվյալ դասի մեջ ներառելու կամ նրանից բացառելու համար: Ըստ այդ բովանդակության և դրանում տրված չափանիշի այն կոչված է լուծելու բացառապես «հափշտակության, պատճառած գույքային վնասի կամ հանցավոր ճանապարհով ձեռք բերված կամ ստացված գույքի կամ օգուտի» չափերի հետ կապված հարցերը, որոնք որևէ կերպ չեն կարող նույնացվել կաշառք տալու հանցակազմի առարկայի չափի հետ, ինչն էլ նշանակում է, որ քննարկվող նորմը չի սահմանել կաշառք տալու հանցակազմի առարկա կաշառքի չափը: Վերոգրյալի հետ մեկտեղ Վերաքննիչ դատարանը, (…), հարկ է համարում նշել, որ տվյալ դեպքում առկա օրենսդրական բացը չի կարող վերացվել, հաղթահարվել կամ լրացվել դատական մեկնաբանման միջոցով, քանի որ օրինականության սկզբունքի անքակտելի տարրն է քրեական օրենքը տարածական մեկնաբանելու և անալոգիայով կիրառելու արգելքը: Ընդ որում, պետք է փաստել, որ 2021 թվականին ընդունված քրեական օրենսգրքի 4-րդ հոդվածի 3-րդ մասն ուղղակիորեն արգելում է քրեական օրենքի ընդհանուր մասի նորմերի անալոգիայով կիրառումը, եթե դա վատթարացնում է անձի վիճակը: Այսպիսով, հաշվի առնելով այն, որ «խոշոր չափ» և «առանձնապես խոշոր չափ» հասկացություններն ինքնին ենթադրում են չափելի երևույթներ, և դրանք, օգտագործվելով քանակի, կշռի կամ արժեքի հատկանիշներով օժտված առարկաները բնութագրելիս, պայմանավորված չեն գործի կոնկրետ հանգամանքներով և օբյեկտիվորեն կարող են սահմանվել դրանցից վերացարկված, նկատի ունենալով նաև, որ քրեական օրենքի տարածական մեկնաբանումը և ընդհանուր մասի նորմերի՝ անձի վիճակի վատթարացման դեպքում անալոգիայով կիրառելը, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ 2021 թվականին ընդունված քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի իմաստով «խոշոր չափ» և «առանձնապես խոշոր չափ» հասկացությունների բովանդակությունը նույն օրենսգրքի ընդհանուր կամ հասուկ մասում սահմանված չլինելը օրենսդրական բաց է, որի հետևանքով 2021 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը և 3-րդ մասի 2-րդ կետը չեն համապատասխանում իրավական որոշակիության սկզբունքին (բավարար չափով կանխատեսելի չեն), հետևաբար նաև դրանք անձին մեղադրելու հիմք չեն: Հիմք ընդունելով վերոշարադրյալը, և այդ համատեքստում նկատի ունենալով նաև 2021 թվականին ընդունված քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 2-րդ մասը, նույն օրենսգրքի 436-րդ հոդվածով սահմանված կաշառք տալու հանցակազմի իմաստով «խոշոր չափ» և «առանձնապես խոշոր չափ» եզրույթների վերաբերյալ նախորդ կետում արված վերլուծությունը՝ Վերաքննիչ դատարանն իր համաձայնությունն է հայտնում Առաջին ատյանի դատարանի, ըստ էության, այն դատողությանը, որ ամբաստանյալ Շալիկո Նադոյանին մեղսագրված ՀՀ քրեական օրենսգրքի (ընդունված 18.04.2003, ՀՕ- 528-Ն) 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցանքը համապատասխանում է 2021 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքին, հետևաբար Շալիկո Նադոյանին մեղսագրվող արարքը պետք է գնահատել որպես ենթադրաբար կաշառք տալու հասարակ տեսակ, որը միջին ծանրության հանցանք է: (…) 2003 և 2021 թվականներին ընդունված քրեական օրենսգրքերի համապատասխանաբար 75-րդ և 83-րդ հոդվածների համեմատաիրավական վերլուծությունը վկայում է, որ 2021 թվականին ընդունված քրեական օրենսգիրքը քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետների մասով տվյալ դեպքում անձի վիճակը վատթարացող օրենք է և կիրառելի չէ ամբաստանյալ Շ.Նադոյանի նկատմամբ, քանի որ նախ` սահմանում է վաղեմության ավելի երկար ժամկետներ, բացի այդ, վաղեմության ժամկետը, ի տարբերություն 2003 թվականին ընդունված քրեական օրենսգրքի, հաշվարկվում է մինչև անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին որոշում կայացնելը: (…) Նկատի ունենալով, որ ամբաստանյալ Շալիկո Նադոյանին մեղսագրված՝ ՀՀ քրեական օրենսգրքի (ընդունված՝ 18.04.2003, ՀՕ-528-Ն) 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցանքը համապատասխանում է 2021 թվականին ընդունված քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 1-ին մասին՝ որպես կաշառք տալու հասարակ տեսակ (…), ինչը թե 2003, թե' 2021 թվականներին ընդունված քրեական օրենսգրքերով դասվում է միջին ծանրության հանցագործությունների շարքին, ինչպես նաև 2021 թվականին ընդունված քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 6-րդ մասի հիման վրա հաշվի առնելով, որ պատասխանատվությունը մասնակիորեն մեղմացնող և միաժամանակ մասնակիորեն խստացնող օրենքը հետադարձ ուժ ունի միայն այն մասով, որով մեղմացնում է պատասխանատվությունը՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանը, Շալիկո Նադոյանին մեղսագրված արարքի համար քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետների հաշվարկման մասով առաջնորդվելով ենթադրյալ հանցավոր արարքը կատարելու պահին գործող՝ 2003 թվականին ընդոանված քրեական օրենսգրքի դրույթներով, գործել է իրավաչափ (…)»։ Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը. 9. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է․ իրավաչա՞փ են արդյոք ստորադաս դատարանների հետևություններն առ այն, որ ամբաստանյալ Շ․Նադոյանին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղսագրվող արարքը համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 1-ին մասին։ 10․ ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի համաձայն` «Ոչ ոք չի կարող դատապարտվել այնպիսի գործողության կամ անգործության համար, որը կատարման պահին հանցագործություն չի հանդիսացել: Չի կարող նշանակվել ավելի ծանր պատիժ, քան այն, որը ենթակա էր կիրառման հանցանք կատարելու պահին: Արարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքն ունի հետադարձ ուժ»։ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 7-րդ հոդվածի համաձայն՝ «Ոչ ոք չպետք է մեղավոր ճանաչվի որևէ գործողության կամ անգործության համար, որը կատարման պահին գործող ներպետական կամ միջազգային իրավունքի համաձայն, հանցագործություն չի համարվել։ (…)»։ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 4-րդ հոդվածի համաձայն՝ «1. Ոչ ոք չի կարող ենթարկվել քրեական պատասխանատվության այն արարքի համար, որը կատարման պահին հանցանք չի համարվել: 2. Քրեական օրենքի Հատուկ մասի նորմերն անալոգիայով կիրառելն արգելվում է։ 3. Քրեական օրենքի Ընդհանուր մասի նորմերը կարող են անալոգիայով կիրառվել, եթե դա չի վատթարացնում անձի վիճակը»։ Մեջբերված նորմերը Վճռաբեկ դատարանը բազմիցս վերլուծության է ենթարկել իր նախադեպային որոշումների շրջանակներում՝ ընդգծելով, որ «չկա հանցագործություն և պատիժ, եթե այն սահմանված չէ օրենքով» (nullum crimen, nulla poena sine lege) կանոնը համընդհանուր ճանաչում ստացած հիմնարար սկզբունք է և իրավունքի գերակայության կարևորագույն տարր, որը բացարձակ նշանակություն ունի մարդու իրավունքների պաշտպանության համակարգում, հետևաբար նշված սկզբունքից որևէ շեղում անթույլատրելի է: Արարքի հանցավորությունն ու պատժելիությունը պետք է նախատեսված լինեն իրավական որոշակիության չափանիշին բավարարող օրենքով, ինչը ենթադրում է, որ անձը համապատասխան դրույթի տառացի ընկալումից և, անհրաժեշտության դեպքում, դրա կապակցությամբ դատարանների տված մեկնաբանությունից պետք է հասկանա, թե որ գործողությունների և անգործության համար է քրեական պատասխանատվություն նախատեսվում և ինչ պատիժ կնշանակվի այդ գործողությունների կատարման և/կամ անգործության համար։ Անդրադառնալով դատական մեկնաբանության սահմաններին և օրենսդրական բացի հաղթահարման հիմնախնդրին՝ Վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ օրենքի՝ իրավական որոշակիության չափանիշին բավարարելն առաջին հերթին օրենսդրական կարգավորման խնդիր է, իսկ դատական մեկնաբանումը լրացնող դերակատարություն ունի: ՀՀ քրեական օրենսգրքի որևէ նորմում առկա օրենսդրական բացը չի կարող վերացվել, հաղթահարվել կամ լրացվել դատական մեկնաբանման միջոցով, քանի որ օրինականության սկզբունքի անքակտելի տարրն է քրեական օրենքը տարածական մեկնաբանելու և անալոգիայով կիրառելու արգելքը: Վերոնշյալի համատեքստում Վճռաբեկ դատարանը նշել է, որ եթե հանցակազմի պարտադիր հատկանիշը սահմանող հասկացության բովանդակության բացահայտումը կախված չէ գործի կոնկրետ հանգամանքներից, կարող է սահմանվել դրանցից վերացարկված, սակայն սահմանված չէ օրենքով, դատարանը, չունենալով գնահատման օբյեկտիվ չափանիշներ, զրկված է դրանք մեկնաբանելու հնարավորությունից: «Խոշոր չափ» և «առանձնապես խոշոր չափ» հասկացություններն ինքնին ենթադրում են չափելի երևույթներ։ Դրանք, օգտագործվելով քանակի, կշռի կամ արժեքի հատկանիշներով օժտված առարկաները բնութագրելիս, պայմանավորված չեն գործի կոնկրետ հանգամանքներով և օբյեկտիվորեն կարող են սահմանվել (և սահմանվում են) դրանցից վերացարկված։ Այսպես, ՀՀ քրեական օրենսգրքի հատուկ մասի մի շարք նորմերում օգտագործելով «խոշոր չափ» և/ կամ «առանձնապես խոշոր չափ» եզրույթները՝ օրենսդիրը միաժամանակ հստակ սահմանել է, թե կոնկրետ առարկայի որ չափն է համարվում խոշոր, որը՝ առանձնապես խոշոր։ Հակառակ դեպքում իրավակիրառ մարմնի կողմից քննարկվող հասկացությունների կիրառումը կհանգեցնի կամայական մեղադրման, դատապարտման և պատժման, քանի որ գործի հանգամանքներով պայմանավորված չլինելու դեպքում բացակայում են իրավակիրառ մարմնի, այդ թվում՝ դատարանի կողմից այդ հասկացությունների բովանդակությունը որոշելու օբյեկտիվ չափանիշները։ 11․ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի համաձայն՝ «1. Սույն օրենսգրքում օգտագործվում են հետևյալ հասկացությունները. (…) 17) հափշտակության, պատճառած գույքային վնասի կամ հանցավոր ճանապարհով ձեռք բերված կամ ստացված գույքի կամ օգուտի չափերը` սույն օրենսգրքում հափշտակված գույքի, պատճառված գույքային վնասի, հանցավոր ճանապարհով ձեռք բերված կամ ստացված գույքի կամ օգուտի մանր չափ է համարվում 500.000 Հայաստանի Հանրապետության դրամը չգերազանցող գումարը (արժեքը), խոշոր չափ է համարվում 5 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը չգերազանցող գումարը (արժեքը), առանձնապես խոշոր չափ է համարվում 5 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող գումարը (արժեքը), բացառությամբ սույն օրենսգրքի Հատուկ մասով նախատեսված դեպքերի. (…)»։ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի համաձայն՝ «1. Կաշառք տալը՝ պաշտոնատար անձին կամ նրա մատնանշած անձին անձամբ կամ միջնորդի միջոցով գույք, ներառյալ դրամական միջոց, արժեթուղթ, վճարային այլ գործիք, գույքի նկատմամբ իրավունք, ծառայություն կամ որևէ այլ առավելություն խոստանալը, առաջարկելը կամ տրամադրելը՝ պաշտոնատար անձի իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով կաշառք տվողի կամ նրա մատնանշած անձի օգտին գործողություն կատարելու կամ չկատարելու համար՝ (…)։ 2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է` (…) 2) խոշոր չափերով կամ (…)։ 3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝ (…) 2) առանձնապես խոշոր չափերով` (…)»։ 12․ Վճռաբեկ դատարանը Սարգիս Գրիգորյանի վերաբերյալ գործով որոշմամբ, անդրադառնալով գործող քրեական օրենսգրքում կաշառք տալու հանցակազմի որպես ծանրացնող և առավել ծանրացնող հանգամանք նախատեսված խոշոր և առանձնապես խոշոր չափերով կատարված արարքին քրեաիրավական գնահատական տալու հարցին, արձանագրել է, որ «խոշոր» և «առանձնապես խոշոր» չափ հասկացությունների պարագայում գործ ունենք չափելի երևույթների հետ, ուստի օրենսդիրը կա՛մ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի շրջանակներում՝ ընդհանուր հասկացությունների ներքո, կա՛մ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածով պետք է հստակ սահմաներ, թե կաշառք տալու հանցակազմի պարագայում որ չափն է համարվում խոշոր, որը՝ առանձնապես խոշոր, մինչդեռ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի 17-րդ կետում խոսքը գնում է միայն հափշտակության, պատճառված գույքային վնասի, հանցավոր ճանապարհով ձեռք բերված կամ ստացված գույքի կամ օգուտի չափերի մասին, իսկ կաշառք տալու դեպքում կաշառքի առարկայի չափերը չեն կարող նույնացվել դրանցից որևէ մեկի հետ։ Անդրադառնալով հնարավոր այն մեկնաբանությանը, որ կաշառք տալու չափերը կարող են դիտարկվել հանցավոր ճանապարհով ձեռք բերված կամ ստացված գույքի կամ օգուտի ներքո, Վճռաբեկ դատարանը փաստել է, որ նման մեկնաբանումը կլինի խիստ տարածական և չի համապատասխանի օրենքի որոշակիության չափանիշներին, քանի որ վերոնշյալ դեպքում խոսքը գնում է գույքը կամ օգուտը հանցավոր ճանապարհով ձեռք բերելու կամ ստանալու, այլ ոչ թե տալու մասին։ Ուստի Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի իմաստով «խոշոր չափ» և «առանձնապես խոշոր չափ» հասկացություններն օրենսդրորեն բացահայտված չեն և առկա է օրենսդրական բաց, ինչը որևէ պարագայում չի կարող լրացվել կամ հաղթահարվել դատական մեկնաբանության միջոցով։ 13․ Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից հետևում է, որ - Շ․Նադոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված այն հանցավոր արարքի համար, որ նա Սերգեյ Աղաջանյանի միջնորդությամբ առանձնապես խոշոր չափերով՝ 10.568.020 ՀՀ դրամին համարժեք, ընդհանուրը 22000 ԱՄՆ դոլար կաշառք է տվել Մանվել Ադամյանին՝ վերջինիս կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով, իր որդու' զորակոչիկ Փաշա Նադոյանի օգտին գործողություն կատարելուն նպաստելու համար, - Առաջին ատյանի դատարանը փաստել է, որ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածով կաշառք տալու հանցակազմի խոշոր և առանձնապես խոշոր չափերը սահմանված չեն, հետևաբար կաշառք տալու ցանկացած դեպքում, անկախ կաշառքի առարկայի չափից, հանցակազմը որակյալ դարձնող մյուս պայմանների բացակայության պայմաններում արարքը ենթակա է որակման հիշյալ հոդվածի 1-ին մասով։ Արդյունքում Առաջին ատյանի դատարանն արձանագրել է, որ ամբաստանյալ Շ․Նադոյանին մեղսագրված՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցանքը համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 1-ին մասին, - Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ Առաջին ատյանի դատարանն իրավացիորեն փաստել է, որ ամբաստանյալ Շ․Նադոյանին մեղսագրված՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցավոր արարքը համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքին, հետևաբար Շ․Նադոյանին մեղսագրվող արարքը պետք է գնահատել որպես ենթադրաբար կաշառք տալու հասարակ տեսակ։ 14․ Սույն որոշման նախորդ կետում մեջբերված փաստերը գնահատելով սույն որոշման 10-12-րդ կետերում շարադրված իրավական վերլուծության լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանների հետևություններն առ այն, որ ամբաստանյալ Շ․Նադոյանին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղսագրվող արարքը համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 1-ին մասին, իրավաչափ են։ Անդրադառնալով բողոքաբերի այն փաստարկին, որ «[Օ]րենքի ենթադրյալ բացը» դատարանները ստեղծել են ՀՀ գործող քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի 17-րդ կետում տեղ գտած նորմին սահմանափակ, տառացի մեկնաբանում տալով՝ չբացահայտելով այն ընդունող մարմնի նպատակը»՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ օրինականության սկզբունքը և «չկա հանցագործություն և պատիժ, եթե այն սահմանված չէ օրենքով» կանոնը պահանջում են, որ հանցավոր համարվող արարքները սահմանվեն բացառապես օրենքով և նկարագրվեն իրավական որոշակիության չափանիշին բավարարող եղանակով՝ բացառելով դրանց շատ լայն և տարածական մեկնաբանումը։ Վերոնշյալը սահմանադրորեն և միջազգային կոնվենցիաներով ամրագրված հիմնարար սկզբունք է և բացարձակ նշանակություն ունի մարդու իրավունքների պաշտպանության համակարգում, որից որևէ շեղում և բացառություն նախատեսված չէ՝ նույնիսկ պատերազմի կամ ազգի կյանքին սպառնացող այլ արտակարգ դրության ժամանակ։ Հետևաբար, եթե քրեաիրավական նորմը չի բավարարում «օրենքին» ներկայացվող որակական չափանիշներին, այն չի կարող դրվել անձի դատապարտման հիմքում, որքան էլ որ կատարված արարքը լինի վտանգավոր և, ընդհանուր առմամբ, բխի օրենսդրի նպատակներից։ 15. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երկրորդ իրավական հարցը հետևյալն է․ իրավաչա՞փ են արդյոք ստորադաս դատարանների հետևությունները՝ Շ.Նադոյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով դադարեցնելու վերաբերյալ: 16․ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի համաձայն՝ «1. Պաշտոնատար անձին կաշառք տալը, այսինքն՝ պաշտոնատար անձին անձամբ կամ միջնորդի միջոցով նրա կամ այլ անձի համար դրամ, գույք, գույքի նկատմամբ իրավունք, արժեթղթեր կամ որևէ այլ առավելություն խոստանալը կամ առաջարկելը կամ տրամադրելը՝ իր կամ իր ներկայացրած անձանց օգտին պաշտոնատար անձի կողմից իր լիազորությունների շրջանակում որևէ գործողություն կատարելու կամ չկատարելու կամ պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքն օգտագործելով այդպիսի գործողություն կատարելուն կամ չկատարելուն նպաստելու կամ ծառայության գծով հովանավորչության կամ թողտվության համար՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով: … 3. Կաշառք տալը, որը կատարվել է՝ 1) առանձնապես խոշոր չափերով, … պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով»: ՀՀ գործող քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի համաձայն՝ «1. Կաշառք տալը՝ պաշտոնատար անձին կամ նրա մատնանշած անձին անձամբ կամ միջնորդի միջոցով գույք, ներառյալ դրամական միջոց, արժեթուղթ, վճարային այլ գործիք, գույքի նկատմամբ իրավունք, ծառայություն կամ որևէ այլ առավելություն խոստանալը, առաջարկելը կամ տրամադրելը՝ պաշտոնատար անձի իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով կաշառք տվողի կամ նրա մատնանշած անձի օգտին գործողություն կատարելու կամ չկատարելու համար՝ պատժվում է կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով: …»։ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի համաձայն՝ … 3. Միջին ծանրության հանցագործություններ են համարվում դիտավորությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում հինգ տարի ժամկետով ազատազրկումը, ինչպես նաև անզգուշությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում տասը տարի ժամկետով ազատազրկումը: 4. Ծանր հանցագործություններ են համարվում դիտավորությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում տասը տարի ժամկետով ազատազրկումը: …: ՀՀ գործող քրեական օրենսգրքի 17-րդ հոդվածի համաձայն՝ (…) 3. Միջին ծանրության հանցանքներ են համարվում սույն օրենսգրքով նախատեսված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքի Հատուկ մասով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում 5 տարի ժամկետով ազատազրկումը: 4. Ծանր հանցանքներ են համարվում սույն օրենսգրքով նախատեսված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքի Հատուկ մասով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում 10 տարի ժամկետով ազատազրկումը: (…): ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի համաձայն՝ «1. Անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտված համարելու օրվանից անցել են հետևյալ ժամկետները. (…) 2) հինգ տարի՝ միջին ծանրության հանցանքն ավարտված համարելու օրվանից. 3) տասը տարի՝ ծանր հանցանքն ավարտված համարելու օրվանից. (…)»։ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ 1. Անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտվելուն հաջորդող օրվանից անցել են հետևյալ ժամկետները. … 2) 10 տարի՝ միջին ծանրության հանցանքի դեպքում. 3) 15 տարի՝ ծանր հանցանքի դեպքում. …: 17․ Վճռաբեկ դատարանը, Խաչատուր Պետրոսյանի և Հասմիկ Շանոյանի վերաբերյալ գործով որոշմամբ անդրադառնալով քրեական օրենսդրության հետադարձությամբ կիրառման դեպքերին, արձանագրել է, որ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետի հաշվարկման տեսանկյունից քրեական նոր օրենքով անձին մեղսագրված հանցանքի տեսակի փոփոխությունն ինքնին չի կարող հետադարձ ներգործություն ունենալ, այսինքն, այս հարցի շրջանակներում օրենսդրական փոփոխությունների բարենպաստ լինելու ինքնուրույն ցուցիչ չէ, և տեղի ունեցած օրենսդրական փոփոխությունների բարենպաստ լինելու մասին կարելի է խոսել բացառապես քրեական պատասխանատվությունից ազատելու ինստիտուտը կանոնակարգող՝ ՀՀ նախկին և գործող քրեական օրենսգրքերի ընդհանուր նորմերի հետ համադրված գնահատելու պարագայում։ Միևնույն ժամանակ անդրադառնալով օրենսդրական փոփոխությունների արդյունքում հանցանքի տեսակի և վաղեմության ժամկետների փոփոխության իրավիճակներին, մասնավորապես՝ այն դեպքին, երբ արարքի (հանցանքի) ծանրության աստիճանը նվազում է, իսկ այդ արարքի համար սահմանված քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը չի փոփոխվում՝ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ օրենսդրական փոփոխության արդյունքում պատժի մեղմացման հետևանքով նախկինում ծանր համարվող հանցանքը միջին ծանրության հանցանք հանդիսանալու դեպքում կիրառելի է մեղմացնող օրենքին հետադարձ ուժ տալու կանոնը՝ հանցանքի տեսակի և պատժի մասով, այսինքն՝ արարքը պետք է որակվի ՀՀ գործող քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով։ Վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ անթույլատրելի է օրենքի փոփոխության արդյունքում հետադարձության կանոնների կիրառմամբ ստացված միջին ծանրության հանցանքի համար քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետը (տասը տարին) համեմատել ՀՀ նախկին քրեական օրենսգրքով նախատեսված միջին ծանրության հանցանքի համար քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետի (հինգ տարի) հետ։ Նման համեմատությունը սկզբունքորեն չի համապատասխանի ժամանակի ընթացքում քրեական օրենքի գործողության կանոնի էությանն ու նշանակությանը: Հակառակ մոտեցումը հանգեցնում է այնպիսի իրավիճակի, որ արարքի կատարման պահին ծանր հանցագործություն համարվող արարքի պարագայում անձի նկատմամբ կիրառվում է արարքի կատարման պահին միջին ծանրության հանցանքի համար նախատեսված կարգավորումը, որը որևէ պարագայում կիրառելի չէր։ 18. Նախորդ կետում մեջբերված իրավական դիրքորոշումների լույսի ներքո, հաշվի առնելով սույն վարույթի փաստական հանգամանքները, անհրաժեշտ է դիտարկել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված արարքն անձին մեղսագրված լինելու դեպքը։ Այսպես՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք տալը, համաձայն ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի, դասվում էր ծանր հանցագործությունների շարքին, որի համար քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը տասը տարի էր։ ՀՀ գործող քրեական օրենսդրությամբ 436-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարքը դասվում է միջին ծանրության հանցագործությունների շարքին։ Միևնույն ժամանակ, օրենսդիրը ՀՀ գործող քրեական օրենսգրքի ընդհանուր մասում՝ վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով քրեական պատասխանատվությունից ազատելու կարգը սահմանող 83-րդ հոդվածում, սահմանել է, որ միջին ծանրության հանցանքի դեպքում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտվելուն հաջորդող օրվանից անցել է տասը տարի։ Ուստի, ստացվում է, որ կաշառք տալը գործող քրեական օրենսգրքով թեև դասվել է միջին ծանրության հանցագործությունների շարքին, սակայն քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետի տեսանկյունից երկու օրենսդրություններն էլ ցուցաբերում են նույն մոտեցումը, ըստ որի՝ կաշառք տալու մեջ մեղադրվող անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե մեղսագրվող արարքի կատարման պահից անցել է տասը տարի։ Վերոգրյալից հետևում է, որ գործող քրեական օրենսդրությամբ հանցանքի տեսակի փոփոխությունը քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետների տեսանկյունից անձի համար որևէ բարենպաստ հետևանք չի առաջացնում, քանզի վաղեմության ժամկետի առումով քրեական օրենսդրության նախկին և ներկա կարգավորումները նույնական են։ Այլ խոսքով՝ կաշառք տալու հանցանքի տեսակի փոփոխության հետևանքով քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը, նախկին օրենսգրքի համեմատ, փոփոխությունների չի ենթարկվել, ուստի քննարկվող դեպքում քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը ենթակա է լուծման տվյալ արարքի համար դրա կատարման պահին գործող քրեական օրենսդրությամբ նախատեսված ծանր հանցագործության կատարման համար քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետի հաշվառմամբ։ 19․ Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ. - Շ.Նադոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, - Առաջին ատյանի դատարանն արձանագրել է, որ ամբաստանյալ Շ․Նադոյանին մեղսագրված՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցանքը համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 1-ին մասին, որը միջին ծանրության հանցանք է: Միևնույն ժամանակ, Առաջին ատյանի դատարանը փաստել է, որ ամբաստանյալի կողմից իրեն մեղսագրվող արարքը ենթադրաբար կատարվելուց հետո անցել է հինգ տարուց ավել ժամանակ, ուստի Շ․Նադոյանի նկատմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման՝ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով, - Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ 2003 և 2021 թվականներին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքերի՝ համապատասխանաբար 75-րդ և 83-րդ հոդվածների համեմատական վերլուծությունը վկայում է, որ ՀՀ գործող քրեական օրենսգիրքը քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետների մասով տվյալ դեպքում անձի վիճակը վատթարացող օրենք է և կիրառելի չէ ամբաստանյալ Շ․Նադոյանի նկատմամբ, քանի որ սահմանում է քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ավելի երկար ժամկետներ։ Արդյունքում, Վերաքննիչ դատարանը գտել է, որ վաղեմության ժամկետը անցնելու առումով ամբաստանյալ Շ․Նադոյանի նկատմամբ կիրառելի են ՀՀ նախկին քրեական օրենսգրքի միջին ծանրության հանցանքի քրեական պատասխանատվության վաղեմության ժամկետները, քանի որ դրանք առավել բարենպաստ են վերջինիս համար։ 20. Նախորդ կետում վկայակոչված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 16-18-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թեև Շ․Նադոյանին վերագրվող հանցանքը ՀՀ գործող քրեական օրենսգրքով դասվել է միջին ծանրության հանցանքների շարքին, սակայն վաղեմության ժամկետի հաշվարկի առումով օրենսդրական այդ փոփոխությունը բարենպաստ հետևանքներ չի առաջացնում, քանզի թե՛ արարքի կատարման պահին, թե՛ ՀՀ գործող քրեական օրենսգրքով անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե մեղսագրվող արարքը կատարելուց անցել է տասը տարի: Մասնավորապես, արարքի կատարման պահին ամբաստանյալին վերագրվող հանցանքը եղել է ծանր, որի վաղեմության ժամկետը տասը տարի է: ՀՀ գործող քրեական օրենսգրքին համապատասխանեցնելու արդյունքում ամբաստանյալին վերագրվող հանցանքը միջին ծանրության է, որի վաղեմության ժամկետը կրկին տասը տարի է: Ուստի թե՛ նախկին, թե՛ գործող քրեական օրենսդրությունները թույլ են տալիս ամբաստանյալ Շ․Նադոյանին վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով ազատել քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտվելու օրվանից անցել է տասը տարի։ 21. Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանների հետևությունն առ այն, որ Շ․Նադոյանին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցել է, իրավաչափ չէ, քանզի տվյալ դեպքում արարքի կատարման պահին ծանր հանցագործություն համարվող արարքի պարագայում անձի նկատմամբ կիրառվել է արարքի կատարման պահին միջին ծանրության հանցանքի համար նախատեսված կարգավորումը, որը իրավաչափ չէ։ 22. Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարույթով ստորադաս դատարանները թույլ են տվել նյութական օրենքի ոչ ճիշտ կիրառում, այն է` կիրառել են 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, որը սույն վարույթով ենթակա չէր կիրառման, ինչը, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի, հիմք է Առաջին ատյանի դատարանի 2022 թվականի դեկտեմբերի 16-ի որոշումը և այն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի 2023 թվականի փետրվարի 6-ի որոշումը բեկանելու համար։ Հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Շ․Նադոյանի պաշտպան Ղ․Պապոյանի միջնորդությունը պետք է մերժել։ 23․ Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանը, հաշվի առնելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները, պետք է ըստ էության քննության առնի Շ․Նադոյանի վերաբերյալ քրեական գործը և արդյունքում հանգի համապատասխան հետևության։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 33-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 352-րդ, 359-րդ, 361-363-րդ ու 400-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը Ո Ր Ո Շ Ե Ց 1. Շալիկո Շիրալու Նադոյանի վերաբերյալ ՀՀ հակակոռուպցիոն դատարանի՝ 2022 թվականի դեկտեմբերի 16-ի որոշումը և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի փետրվարի 6-ի որոշումը բեկանել և պաշտպան Ղ․Պապոյանի միջնորդությունը մերժել։ 2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը: Նախագահող` Ս.ՉԻՉՈՅԱՆ Դատավորներ` Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆ Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆ Ռ.ՄԽԻԹԱՐՅԱՆ Դ.ՎԵՔԻԼՅԱՆ