Վճռաբեկ դատարան · Կոռուպցիոն հանցագործություններ
ՀԿԴ/0121/01/22
Վճռաբեկ դատարանի որոշումների ցանկից (cassationcourt.am/decisions)՝ դատարանի նախադեպային շտեմարանում այն չկա։
- Գործի համարը
- ՀԿԴ/0121/01/22
- Դիմող / մեղադրյալ
- Գագիկ Պողոսյան
- Դատական ակտի ընդունման ամսաթիվը
- 06.09.2024
- ՀՀ Քրեական օրենսգիրք
- Որոշման տեքստում վկայակոչված այլ հոդվածներ
12 հոդված՝ որոշման տեքստից (դատարանի քարտում չկան)
Միջազգային փաստաթղթեր
ՀՀ Սահմանադրություն
ՀՀ Քրեական օրենսգիրք
- Հոդված 4. Օրինականության սկզբունքը
- Հոդված 5. Օրինականության սկզբունքը
- Հոդված 8. Քրեական օրենքի գործողությունը ժամանակի ընթացքում
- Հոդված 17. Հանցանքի տեսակները
- Հոդված 19. Հանցագործության տեսակները
- Հոդված 75. Քրեական պատասխանատվությունից ազատելը վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով
- Հոդված 83. Քրեական պատասխանատվությունից ազատելը վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով
- Հոդված 312.2. Իրական կամ ենթադրյալ ազդեցությունն օգտագործելու համար ապօրինի վարձատրություն տալը
- Հոդված 436. Կաշառք տալը
Որոշման տեքստը
դատարանի Word ֆայլիցՀԿԴ/0121/01/22
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության
hակակոռուպցիոն դատարան,
Նախագահող դատավոր՝ Տ․Դավթյան
Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան,
Նախագահող դատավոր՝ Կ.Ամիրյան
2024 թվական սեպտեմբերի 6-ին քաղաք Երևանում
ՀՀ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմը (այսուհետ նաև՝ Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ` Ս․ՉԻՉՈՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ՝ Ե․ԴԱՆԻԵԼՅԱՆԻ
Ա․ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆԻ
Ռ.ՄԽԻԹԱՐՅԱՆԻ
Դ․ՎԵՔԻԼՅԱՆԻ
գրավոր ընթացակարգով քննության առնելով Գագիկ Հովհաննեսի Պողոսյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան) 2024 թվականի մարտի 7-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա․Վարդապետյանի հատուկ վերանայման բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Վարույթի դատավարական նախապատմությունը.
1. ՀՀ հակակոռուպցիոն դատարանի (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան) 2024 թվականի հունվարի 26-ի որոշմամբ մեղադրյալ Գ․Պողոսյանի պաշտպան Մ․Դավթյանի միջնորդությունը բավարարվել է, Գ․Պողոսյանի նկատմամբ 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ նաև՝ ՀՀ գործող քրեական օրենսգիրք) 439-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով։
2. ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ Կ․Սերոբյանի հատուկ վերանայման բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2024 թվականի մարտի 7-ի որոշմամբ Առաջին ատյանի դատարանի որոշումը թողել է անփոփոխ։
3. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա․Վարդապետյանը բերել է հատուկ վերանայման բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2024 թվականի ապրիլի 17-ի որոշմամբ ընդունվել է վարույթ, և սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։
Հատուկ վերանայման բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.
4․ Ըստ բողոքի հեղինակի՝ Վերաքննիչ դատարանի դատական ակտով թույլ է տրվել դատական սխալ՝ նյութական և քրեադատավարական իրավունքի նորմերի էական խախտումներ, որոնք ազդել են վարույթի ելքի վրա։
Միաժամանակ, բողոքում բարձրացված հարցերի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառությունն ապահովելու համար։
4․1 Բողոք բերած անձը Վճռաբեկ դատարանի առջև բարձրացրել է հետևյալ իրավական հարցը․ իրավաչա՞փ են արդյոք Վերաքննիչ դատարանի հիմնավորումները՝ ՀՀ գործող քրեական օրենսգրքով նախատեսված ապօրինի վարձատրության առարկայի չափը սահմանված չլինելու վերաբերյալ։
Բողոքաբերը նշել է, որ ՀՀ գործող քրեական օրենսգրքով հանցագործությամբ պատճառված վնասի, այդ թվում՝ ապօրինի վարձատրություն տալու և ստանալու չափերը, բացառությամբ հատուկ մասում նախատեսված դեպքերի, տեղ են գտել ոչ թե կոնկրետ հոդվածներում, այլ ներառվել են հիմնական հասկացությունները սահմանող ՀՀ գործող քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածում։
Ընդ որում, նախատեսվել են հստակ և կոնկրետ չափեր, որոնք վերաբերելի են քրեական օրենսգրքի հատուկ մասում տեղ գտած բոլոր հանցակազմերին, այդ թվում՝ ապօրինի վարձատրություն տալուն։
Բողոքաբերի համոզմամբ, ստորադաս դատարանները սխալ են մեկնաբանել ՀՀ գործող քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետի կարգավորումները՝ անտեսելով քննարկվող նորմն այն ընդունող մարմնի կողմից հետապնդվող նպատակի համատեքստում մեկնաբանելու պահանջը։
4․2 Բողոքաբերի կողմից Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երկրորդ իրավական հարցը հետևյալն է. իրավաչա՞փ են արդյոք ստորադաս դատարանների հետևությունները՝ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով Գ․Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ։
Բողոքաբերը փաստել է, որ Գ․Պողոսյանի արարքի կատարման պահին գործող՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ նաև՝ ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 312.2-րդ հոդվածի 2-րդ մասը նույն օրենսգրքի կարգավորումների համաձայն՝ հանդիսացել է միջին ծանրության հանցագործություն, որպիսի պայմաններում այդ արարքի համար Գ․Պողոսյանին քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետը եղել է հինգ տարի: Գ․Պողոսյանի արարքը ներկայումս համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 439-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետին, որը, նույն օրենսգրքի համաձայն, հանդիսանում է միջին ծանրության հանցանք, իսկ դրա վաղեմության ժամկետը, ՀՀ գործող քրեական օրենսգրքի 83-րդ հոդվածի համաձայն, տասը տարի է:
Բողոքաբերը, անդրադառնալով Գ․Պողոսյանի արարքը ՀՀ գործող քրեական օրենսգրքի 439-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխանեցնելուն և միևնույն ժամանակ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածով սահմանված վաղեմության ժամկետները կիրառելուն, փաստել է, որ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 8-րդ և 9-րդ հոդվածների դրույթների խախտմամբ դատարանները միաժամանակ կրկնակի հետադարձ ուժ են տվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի դրույթներին: Սույն դեպքում, եթե Գ․Պողոսյանի արարքին տրվել է իրավական գնահատական ՀՀ գործող քրեական օրենսգրքի կարգավորումներով այն հաշվառմամբ, որ այդ օրենքը մեղմացնում է անձի պատիժը, ապա նրան քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետները ևս պետք է հաշվարկվեն նույն օրենսգրքի դրույթներին համապատասխան:
5. Վերոշարադրյալի հիման վրա բողոքաբերը խնդրել է ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի մարտի 7-ի որոշումը և կայացնել դրան փոխարինող դատական ակտ։
Հատուկ վերանայման բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
6. Գագիկ Պողոսյանի մեղադրանք է ներկայացվել ՀՀ գործող քրեական օրենսգրքի 439–րդ հոդվածի 2–րդ մասի 2–րդ կետով այն արարքի համար, որ․ «[Ն]ա 2021 թվականի դեկտեմբեր ամսին Վիգեն Գրիգորյանին տվել է խոշոր չափերով ապօրինի վարձատրություն՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի նկատմամբ ունեցած իրական ազդեցությունն օգտագործելու նպատակով:
Այսպես՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության Չարենցավանի հրշեջ փրկարարական ջոկատի հրամանատարի տեղակալ Գագիկ Պողոսյանը, տեղեկացված լինելով, որ իր ծանոթ Վիգեն Գրիգորյանը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանի մտերիմն է և դրանով պայմանավորված՝ վերջինի նկատմամբ ունի իրական ազդեցություն, այդ ազդեցությունն օգտագործելու արդյունքում Անդրանիկ Փիլոյանի կողմից իր լիազորությունների շրջանակում գործողություն կատարելու՝ Չարենցավանի հրշեջ փրկարարական ջոկատում իր զբաղեցրած պաշտոնից այլ՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ծառայության կազմակերպման վարչության ավագ հրահանգչի հաստիքին տեղափոխելու նպատակով, 2021 թվականի դեկտեմբեր ամսին Վիգեն Գրիգորյանին անձամբ տվել է խոշոր չափերով՝ 1.200.050 ՀՀ դրամին համարժեք 2.500 ԱՄՆ դոլար ապօրինի վարձատրություն, միաժամանակ այդ գործընթացը կազմակերպելու նպատակով նույն թվականի դեկտեմբերի 16-ին՝ ժամը 22:21-ին և 22:26–ին, իր բջջային հեռախոսահամարի «Viber» հավելվածից Վիգեն Գրիգորյանի հեռախոսահամարին է ուղարկել այդ պահին զբաղեցրած պաշտոնի, կոչման և նախընտրելի պաշտոնի վերաբերյալ տեղեկություններ, ինչպես նաև իր 009709353 սերիա համարի նույնականացման քարտի լուսանկարը։ (...)»:
7․ Առաջին ատյանի դատարանի 2024 թվականի հունվարի 26-ի որոշման համաձայն՝ «(...) Դատարանն փաստում է, որ սույն գործով Գագիկ Պողոսյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը լուծելիս ՀՀ քրեական օրենսգիրքն անձի վիճակը բարելավում է, իսկ ենթադրյալ արարքի կատարման պահին գործող ՀՀ քրեական օրենսգրքով սահմանված է, որ նմանատիպ նորմերը ևս ունեն հետադարձ ուժ, ուստի այն ունի հետադարձ ուժ և դրա՝ անձի վիճակը բարելավող դրույթները տարածվում են մինչև դրա ուժի մեջ մտնելը ենթադրաբար հանցանք կատարած Գագիկ Պողոսյանի նկատմամբ։
Տվյալ դեպքում տեղի է ունեցել նյութական օրենսդրության փոփոխություն, որը կիրառելի է սույն փաստական հանգամանքների նկատմամբ։
Այսպես՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգիրքը մեղսագրվող արարքի խոշոր չափ էր համարում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հազարապատիկը չգերազանցող գումարը (արժեքը), իսկ առանձնապես խոշոր չափ՝ հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող գումարը (արժեքը):
2022 թվականի հուլիսի 1–ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ նաև՝ ՀՀ քրեական օրենսգիրք) 3–րդ հոդվածի 3–րդ մասի 17–րդ կետի համաձայն՝ հափշտակության, պատճառած գույքային վնասի կամ հանցավոր ճանապարհով ձեռք բերված կամ ստացված գույքի կամ օգուտի չափերը` սույն օրենսգրքում հափշտակված գույքի, պատճառված գույքային վնասի, հանցավոր ճանապարհով ձեռք բերված կամ ստացված գույքի կամ օգուտի մանր չափ է համարվում 500.000 Հայաստանի Հանրապետության դրամը չգերազանցող գումարը (արժեքը), խոշոր չափ է համարվում 5 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը չգերազանցող գումարը (արժեքը), առանձնապես խոշոր չափ է համարվում 5 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող գումարը (արժեքը), բացառությամբ սույն օրենսգրքի Հատուկ մասով նախատեսված դեպքերի։
Տվյալ դեպքում Գագիկ Պողոսյանին առաջադրվել է մեղադրանք 2500 ԱՄՆ դոլարին համարժեք 1.200.050 ՀՀ դրամ ապօրինի վարձատրություն տալու համար, որը ենթադրաբար կատարվել է ՀՀ քրեական նախկին օրենսգրքի գործողության ժամանակ և համապատասխանել է առանձնապես խոշոր չափերով ապօրինի վարձատրություն տալուն։
Իրականացված օրենսդրական փոփոխությունների արդյունքում ՀՀ քրեական նոր օրենսգիրքը, ի տարբերություն կաշառք կամ ապօրինի վարձատրություն ստանալու չափերի, չի սահմանում դրանց տալու չափեր, քանի որ քրեական օրենսդրության մեջ նկարագրված են միայն հափշտակված գույքի, պատճառված գույքային վնասի, հանցավոր ճանապարհով ձեռք բերված կամ ստացված գույքի կամ օգուտի չափերը, այլ ոչ թե դրանք տալու, փոխանցելու, հանձնելու, հետևաբար՝ բացակայում է այն որակյալ դարձնող հանգամանքը և անձի արարքը ենթակա է վերաորակման ՀՀ քրեական օրենսգրքի 439–րդ հոդվածի 1–ին մասով։
Այլ կերպ ասած՝ գործող ՀՀ քրեական օրենսգրքի պայմաններում անկախ փոխանցված կամ տրված գումարի չափից, անձին չի կարող մեղադրանք առաջադրվել համապատասխան հոդվածի այն ծանրացնող կամ առավել ծանրացնող հանգամանքներով, որոնք կապված են չափերի հետ՝ խոշոր կամ առանձնապես խոշոր չափերով կատարված, քանի որ օրենսգիրքն այդ չափերը չի սահմանել, դրանց վերաբերյալ դրույթ չի նախատեսել, ուստի այլ ծանրացնող հանգամանքների բացակայության դեպքում, յուրաքանչյուր պարագայում ապօրինի վարձատրություն տալը պետք է որակվի որպես հասարակ հանցակազմով կատարված։
Սույն դեպքում, նկատի ունենալով, որ Գագիկ Պողոսյանին առաջադրված մեղադրանքը որակյալ դարձնող հանգամանք բացառապես հանդիսացել է գումարի չափը, որը ինչպես արդեն իսկ նշվել է ՀՀ քրեական օրենսգրքով որոշակիացված և նախատեսված չէ, որպես պատիժը մեղմացնող օրենք պետք է տալ հետադարձ ուժ և արձանագրել, որ վերջինի ենթադրաբար կատարած արարքը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 439–րդ հոդվածի 1–ին մասին։
Ուստի տեղի է ունեցել անձի վիճակը բարելավվող օրենսդրական փոփոխություն և վերջինի ենթադրաբար կատարած արարքի իրավական գնահատականը որոշելիս կիրառելի է ոչ թե արարքի կատարման պահին գործող, այսինքն՝ 2003 թվականի ապրիլի 18–ին ընդունված ՀՀ քրեական օրենսգիրքը, այլ 2021 թվականի մայիսի 25–ին ընդունված ՀՀ քրեական օրենսգիրքը։
Հետևաբար՝ Գագիկ Պողոսյանին մեղսագրվող արարքը համապատասխանում է ոչ թե ՀՀ քրեական օրենսգրքի 439–րդ հոդվածի 2–րդ մասին, այլ ՀՀ քրեական օրենսգրքի 439–րդ հոդվածի 1–ին մասին որն, ըստ բնույթի և հանրության համար վտանգավորության աստիճանի, դասվում է ոչ մեծ ծանրության հանցագործությունների շարքին։
Ելնելով վերոգրյալից՝ Դատարանը գտնում է, որ Գագիկ Պողոսյանին մեղսագրվող 2003 թվականի ապօրինի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 312.2-րդ հոդվածի 3–րդ մասի 1–ին կետով նախատեսված արարքը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 439–րդ հոդվածի 1–ին մասին։
Անդրադառնալով հանրային մեղադրողի այն դիրքորոշմանը, որ որպես ապօրինի վարձատրություն տալու խոշոր և առանձնապես խոշոր չափ պետք է հիմք ընդունել ՀՀ քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետով սահմանված չափերը, քանի որ դա բխում է քրեական օրենսգրքի նպատակից, ապա Դատարանը, ինչպես 2023 թվականի դեկտեմբերի 22–ին Տիգրան Գասպարյանի վերաբերյալ կայացված որոշմամբ, այնպես էլ ներկայում գտնում է, որ նմանատիպ մեկնաբանումն ուղղակիորեն կհակասի ՀՀ քրեական օրենսգրքի սկզբունքներին։
Դատարանի դիրքորոշումը պայմանավորված է այն հանգամանքով, որ արարքի կատարման պահին գործող՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգիրքը սահմանում էր իմպերատիվ արգելք՝ քրեական օրենքն անալոգիայով կիրառելու հարցում, մասնավորապես՝ նույն օրենսգրքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ քրեական օրենքն անալոգիայով կիրառելն արգելվում է։
Միաժամանակ, ՀՀ քրեական օրենսգրքի 4-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի համաձայն՝ քրեական օրենքի Հատուկ մասի նորմերն անալոգիայով կիրառելն արգելվում է:
Քրեական օրենքի Ընդհանուր մասի նորմերը կարող են անալոգիայով կիրառվել, եթե դա չի վատթարացնում անձի վիճակը:
Չնայած այն հանգամանքին, որ հանրային մեղադրողի նշած չափերը նախատեսված են ՀՀ քրեական օրենսգրքի ընդհանուր մասում, սակայն դրանց կիրառումը վատթարացնում է անձի վիճակը, քանի որ այդ չափերը հիմք ընդունելու պայմաններում, այն դեպքում, երբ դրանք նախատեսված չեն տալու, հանձնելու, փոխանցելու համար, անձի համար կնախատեսեն ավելի խիստ պատասխանատվություն, ուստի անալոգիայի կիրառմամբ անձի վիճակն ինքնըստինքյան կվատթարացվի։
Հաշվի առնելով վերոգրյալը՝ Դատարանը գտնում է, որ հանրային մեղադրողի դիրքորոշումն անընդունելի է և չի բխում ՀՀ քրեական օրենսգրքի դրույթներից, ավելին՝ հակասում է դրանց։
ՀՀ քրեական օրենսգրքի 83–րդ հոդվածի 1–ին մասի 1–ին կետի համաձայն՝ անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե ոչ մեծ ծանրության հանցանքն ավարտվելուն հաջորդող օրվանից անցել է 5 տարի, իսկ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 75–րդ հոդվածի 1–ին մասի 1–ին կետի համաձայն՝ անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե ոչ մեծ ծանրության հանցանքն ավարտված համարելու օրվանից անցել են 2 տարի։
Վերոգրյալի արդյունքում Դատարանը գալիս է այն եզրահանգման, որ վաղեմության ժամկետի մասով կատարված օրենսդրական փոփոխությունները կիրառելի չեն Գագիկ Պողոսյանի նկատմամբ, քանի որ այդ փոփոխությունը չի բարելավում, ավելին՝ վատթարացնում է անձի իրավական վիճակը։
Դատարանի դիրքորոշումը պայմանավորված է այն հանգամանքով, որ կատարված օրենսդրական փոփոխությունները՝ վաղեմության ժամկետների հաշվարկման տեսանկյունից, վատթարացնում են անձի վիճակը, քանի որ արարքի կատարման պահին գործող, այսինքն՝ 2003 թվականի ապրիլի 18–ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքով, անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե ոչ մեծ ծանրության հանցանքն ավարտված համարելու օրվանից անցել է 2 տարի, իսկ նոր օրենսդրական փոփոխությունների արդյունքում նշված ժամկետն ավելացվել՝ խստացվել է՝ դառնալով 5 տարի։
Գագիկ Պողոսյանն իրեն մեղսագրվող արարքը ենթադրաբար կատարել է 2021 թվականի դեկտեմբերի 16–ին և այդ ժամանակ գործող օրենքն է հանդիսացել 2003 թվականի ապրիլի 18–ին ընդունված ՀՀ քրեական օրենսգիրքը, որից հետո՝ 2022 թվականի հուլիսի 1–ին ուժի մեջ է մտել նոր ՀՀ քրեական օրենսգիրքը։
Հաշվի առնելով այն, որ արարքի հանցավորությունը և պատժելիությունը որոշվում են դա կատարելու ժամանակ գործող օրենքով, իսկ հետադարձության կանոններով նոր օրենսգիրքը կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ արարքի հանցավորությունը վերացնում է, պատիժը մեղմացնում կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավվում է և նկատի ունենալով, որ տվյալ պարագայում նոր օրենսդրությունը ոչ միայն անձի վիճակը չի բարելավվում, այլ ընդհակառակը՝ վատթարացնում է, ուստի Գագիկ Պողոսյանի նկատմամբ վաղեմության ժամկետների հաշվարկման տեսանկյունից կիրառելի է արարքը կատարելու պահին գործող՝ 2003 թվականի ապրիլի 18–ին ընդունված ՀՀ քրեական օրենսգիրքը։
Դատարանը, հաշվի առնելով, որ բացակայում են վաղեմության ժամկետի կասեցման, ընդհատման հիմքերը և նկատի ունենալով, որ մեղադրյալ Գագիկ Պողոսյանին մեղսագրվող ոչ մեծ ծանրության հանցանքն ավարտված համարելու օրվանից (2021 թվականի դեկտեմբերի 16-ից) անցել է 2 տարի, գտնում է, որ թիվ ՀԿԴ/0121/01/22 քրեական գործով Գագիկ Պողոսյանի նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18–ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 312.2-րդ հոդվածի 3–րդ մասի 1–ին կետով (համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 439–րդ հոդվածի 1–ին մասին) իրականացվող քրեական հետապնդումը պետք է դադարեցնել՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով՝ վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով:
Ինչ վերաբերում է հնարավոր այն մեկնաբանմանը, որ վաղեմության ժամկետները պետք է հաշվել նոր ՀՀ քրեական օրենսգրքով և այն ոչ մեծ ծանրության հանցանքի համար անցած կհամարվի հանցանքը կատարելուց 5 տարի անց, ապա Դատարանը համակարծիք չէ այդ պնդմանը, քանի որ մասնակիորեն բարելավող և մասնակիորեն վատթարացնող օրենքը հետադարձ ուժ ունի միայն բարելավող մասով։
Ավելին՝ հարկ է նկատել այն հանգամանքը, որ հետադարձ ուժ է տրվում բացառապես նոր օրենսգրքով նախատեսված պատժին, այսինքն՝ համարվում է, որ ենթադրաբար կատարված հանցանքների համար նախատեսված առավել խիստ պատիժը հանդիսանում է 2 տարի ժամկետով ազատազրկումը, իսկ մյուս բոլոր հարցերը շարունակվում են լուծվել արարքի կատարման պահին գործող օրենքով, ինչպես որ սահմանված է ՀՀ քրեական օրենսգրքով։
Այլ կերպ ասած՝ Դատարանը գտնում է, որ անձի նկատմամբ կիրառվում է բացառապես իր կողմից կատարված արարքի պահին գործող օրենքը՝ իր բոլոր կարգավորումներով հանդերձ։ Միաժամանակ նոր օրենսդրությանը հետադարձ ուժ է տրվում ոչ թե ամբողջությամբ, այլ յուրաքանչյուր դրույթ առանձին-առանձին։ Եվ այն դրույթը, որը բարելավում է անձի վիճակը, այդ մասով կիրառվում է նոր օրենսդրությունը, իսկ այն դրույթները, որոնք արարքի կատարման պահին գործող օրենքի համեմատ ավելի վատթարացնում են անձի վիճակը կամ ըստ էության որևէ փոփոխության չեն ենթարկվում, ապա դրանց հետադարձ ուժ չի տրվում, և բացի բարելավող դրույթից, մյուս բոլոր հարցերը շարունակվում են լուծվել արարքի կատարման պահին գործող օրենքով։
Տվյալ դեպքում վաղեմության ժամկետը ոչ մեծ ծանրության հանցագործության համար 5 տարի սահմանելը հանդիսանում է անձի վիճակն այլ կերպ վատթարացնող և չի կարող կիրառելի համարվել մինչ այդ նորմն ուժի մեջ մտնելը հանցանք կատարած անձի նկատմամբ։
Դատարանի դիրքորոշումը բխում է ինչպես ենթադրյալ հանցանքները կատարելու պահին գործող ՀՀ քրեական օրենսգրքի այն նորմից, որ հետադարձ ուժ ունի նաև հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքը, այնպես էլ 2022 թվականի հուլիսի 1-ից գործող ՀՀ քրեական օրենսգրքի 8–րդ հոդվածի 1–ին մասից, որով սահմանված է նաև, որ արարքի քրեաիրավական այլ հետևանքները (ինչպիսին հանդիսանում է վաղեմության ժամկետն անցնելու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու հարցը) որոշվում են դա կատարելու ժամանակ գործող քրեական օրենքով:
Այսպես՝ արարքի կատարման ժամանակ ոչ մեծ ծանրության հանցագործության համար որպես վաղեմության ժամկետ սահմանված է եղել 2 տարի, իսկ ներկայում գործող ՀՀ քրեական օրենսգիրքը այդ ժամկետը սահմանում է 5 տարի, որը նախ այլ կերպ վատթարացնում է անձի իրավական վիճակը և չի կարող կիրառվել մինչ այդ օրենքն ընդունվելը հանցանք կատարած անձի նկատմամբ, ապա նաև՝ որպես այլ քրեաիրավական հետևանք՝ ենթակա է կիրառման արարքի կատարման պահին գործող օրենքը, որը ինչպես արդեն իսկ նշվել է վաղեմության ժամկետ սահմանել է 2 տարի։
Այլ խոսքով՝ ինչպես նախկին, այլապես էլ գործող ՀՀ քրեական օրենսգրքերով սահմանված է, որ այլ կերպ վատթարացնող օրենքը հետադարձ ուժ չունի, միաժամանակ գործող ՀՀ քրեական օրենսգիրքը նախատեսում է, որ այլ կերպ բարելավող օրենքը կարող է կիրառվել եթե նախատեսված է օրենքով, չնայած նրան, որ արարքը կատարելու պահին գործող օրենքով պարտադիր հետադարձ ուժ պետք է տրվեր նաև անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքին, ինչը վկայում է, որ նոր օրենքը վատթարացնում է անձի վիճակը և վաղեմության ժամկետի հաշվարկման տեսանկյունից (ժամկետն ավելացել է) չի կարող հետադարձ ուժ ունենալ, առավել ևս այն դեպքում, երբ ներկայում գործող օրենսգրքով հստակ սահմանված է, որ արարքի հանցավորությունը, պատժելիությունը և քրեաիրավական այլ հետևանքները որոշվում են դա կատարելու ժամանակ գործող քրեական օրենքով, ինչը ևս մեկ անգամ վկայում է, որ վաղեմության ժամկետը, որպես քրեաիրավական այլ հետևանք, ենթակա է հաշվարկման այն կատարելու ժամանակ գործող օրենքով, եթե նոր օրենսգրքով անձի վիճակը չի բարելավվել։
Այսպիսով՝ Դատարանն արձանագրում է, որ քրեական հետապնդման վաղեմության ժամկետների հաշվարկը նոր օրենսդրությամբ հաշվարկելու պայմաններում հետադարձ ուժ կտրվի անձի վիճակն այլ կերպ վատթարացնող օրենքին։ (...)»:
8․ Վերաքննիչ դատարանի 2024 թվականի մարտի 7-ի որոշման համաձայն՝ «(…) Վերաքննիչ դատարանը, (…) համաձայնությունն է հայտնում Դատարանի հետևյալ վերլուծություններին․
«Վերոգրյալ իրավական նորմերի և ՀՀ վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Դատարանն փաստում է, որ սույն գործով Գագիկ Պողոսյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը լուծելիս ՀՀ քրեական օրենսգիրքն անձի վիճակը բարելավում է, իսկ ենթադրյալ արարքի կատարման պահին գործող ՀՀ քրեական օրենսգրքով սահմանված է, որ նմանատիպ նորմերը ևս ունեն հետադարձ ուժ, ուստի այն ունի հետադարձ ուժ և դրա՝ անձի վիճակը բարելավող դրույթները տարածվում են մինչև դրա ուժի մեջ մտնելը ենթադրաբար հանցանք կատարած Գագիկ Պողոսյանի նկատմամբ։
(…)
Իրականացված օրենսդրական փոփոխությունների արդյունքում ՀՀ քրեական նոր օրենսգիրքը, ի տարբերություն կաշառք կամ ապօրինի վարձատրություն ստանալու չափերի, չի սահմանում դրանց տալու չափեր, քանի որ քրեական օրենսդրության մեջ նկարագրված են միայն հափշտակված գույքի, պատճառված գույքային վնասի, հանցավոր ճանապարհով ձեռք բերված կամ ստացված գույքի կամ օգուտի չափերը, այլ ոչ թե դրանք տալու, փոխանցելու, հանձնելու, հետևաբար՝ բացակայում է այն որակյալ դարձնող հանգամանքը և անձի արարքը ենթակա է վերաորակման ՀՀ քրեական օրենսգրքի 439–րդ հոդվածի 1–ին մասով։
Այլ կերպ ասած՝ գործող ՀՀ քրեական օրենսգրքի պայմաններում անկախ փոխանցված կամ տրված գումարի չափից, անձին չի կարող մեղադրանք առաջադրվել համապատասխան հոդվածի այն ծանրացնող կամ առավել ծանրացնող հանգամանքներով, որոնք կապված են չափերի հետ՝ խոշոր կամ առանձնապես խոշոր չափերով կատարված, քանի որ օրենսգիրքն այդ չափերը չի սահմանել, դրանց վերաբերյալ դրույթ չի նախատեսել, ուստի այլ ծանրացնող հանգամանքների բացակայության դեպքում, յուրաքանչյուր պարագայում ապօրինի վարձատրություն տալը պետք է որակվի որպես հասարակ հանցակազմով կատարված։
Սույն դեպքում, նկատի ունենալով, որ Գագիկ Պողոսյանին առաջադրված մեղադրանքը որակյալ դարձնող հանգամանք բացառապես հանդիսացել է գումարի չափը, որը ինչպես արդեն իսկ նշվել է ՀՀ քրեական օրենսգրքով որոշակիացված և նախատեսված չէ, որպես պատիժը մեղմացնող օրենք պետք է տալ հետադարձ ուժ և արձանագրել, որ վերջինի ենթադրաբար կատարած արարքը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 439–րդ հոդվածի 1–ին մասին։
Ուստի տեղի է ունեցել անձի վիճակը բարելավվող օրենսդրական փոփոխություն և վերջինի ենթադրաբար կատարած արարքի իրավական գնահատականը որոշելիս կիրառելի է ոչ թե արարքի կատարման պահին գործող, այսինքն՝ 2003 թվականի ապրիլի 18–ին ընդունված ՀՀ քրեական օրենսգիրքը, այլ 2021 թվականի մայիսի 25–ին ընդունված ՀՀ քրեական օրենսգիրքը։
Հետևաբար՝ Գագիկ Պողոսյանին մեղսագրվող արարքը համապատասխանում է ոչ թե ՀՀ քրեական օրենսգրքի 439–րդ հոդվածի 2–րդ մասին, այլ ՀՀ քրեական օրենսգրքի 439–րդ հոդվածի 1–ին մասին որն, ըստ բնույթի և հանրության համար վտանգավորության աստիճանի, դասվում է ոչ մեծ ծանրության հանցագործությունների շարքին։
Ելնելով վերոգրյալից՝ Դատարանը գտնում է, որ Գագիկ Պողոսյանին մեղսագրվող 2003 թվականի ապօրինի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 312.2-րդ հոդվածի 3–րդ մասի 1–ին կետով նախատեսված արարքը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 439–րդ հոդվածի 1–ին մասին։
(…)»։
(…)
Վերաքննիչ դատարանի առջև բարձրացված երկրորդ իրավական հարցը հետևյալն է․ իրավաչափ է արդյոք Գագիկ Պողոսյանի նկատմամբ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով քրեական հետապնդման դադարեցումը․ Այսպես․
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վերաքննիչ դատարանն իր համաձայնությունն է հայտնել Դատարանի այն հետևություններին, որ Գագիկ Պողոսյանին վերագրված արարքը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 439–րդ հոդվածի 1–ին մասին՝ Վերաքննիչ դատարանը փաստում է հետևյալը․
(…)
7. 2003 և 2021 թվականներին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքերի համապատասխանաբար 75-րդ և 83-րդ հոդվածների համեմատաիրավական վերլուծությունը վկայում է, որ 2021 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգիրքը քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետների մասով տվյալ դեպքում անձի վիճակը վատթարացող օրենք է և կիրառելի չէ մեղադրյալ Գ․ Պողոսյանի նկատմամբ, քանի որ նախ՝ սահմանում է վաղեմության ավելի երկար ժամկետներ, բացի այդ, վաղեմության ժամկետը, ի տարբերություն 2003 թվականին ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի, հաշվարկվում է մինչև անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին որոշում կայացնելը։ Այսպես․
Գագիկ Պողոսյանին վերագրվում է արարք, որը կատարվել է 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի գործողության ժամանակ և վերջինիս վերագրվող արարքը համապատասխանում է 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 439-րդ հոդվածի 1-ին մասին, որով նախատեսված պատժատեսակ է նաև ազատազրկումը՝ առավելագույնը երկու տարի ժամկետով։ Այսինքն, Գագիկ Պողոսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 439-րդ հոդվածի 1-ին մասով վերագրվող արարքը դասվում է ոչ մեծ ծանրության հանցանքների շարքին։
2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 439-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը դասվում է ոչ մեծ ծանրության հանցանքների շարքին, որի համար քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետը նույն օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն 5 տարի է, ինչը մեղադրյալի համար առավել խիստ և անբարենպաստ կարգավորում է, քան 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի ոչ մեծ ծանրության հանցանքների համար քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետը, որը համաձայն այդ օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի՝ 2 տարի է։
Այսինքն, 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 439-րդ հոդվածի 1-ին մասը՝ պատիժը մեղմացնելու առումով հանդիսանում է պատասխանատվությունը մասնակիորեն մեղմացնող, միաժամանակ այդ արարքի համար քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետի առումով՝ նույն օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հետ փոխկապակցվածությամբ, պատասխանատվությունը մասնակիորեն խստացնող օրենք, հետևաբար, 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 6-րդ մասով ձևակերպված՝ «սույն հոդվածով նախատեսված չափանիշներին համապատասխան» (այսինքն, մեղմացնող մասով կիրառելով այդ հոդվածի 2-րդ մասով, իսկ խստացնող մասով այդ հոդվածի 1-ին մասով նախատեսված կարգավորումները) պայմանի կիրառմամբ 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 439-րդ հոդվածի 1-ին մասը հետադարձ ուժ ունի միայն այն մասով, որով մեղմացնում է պատասխանատվությունը։
Ընդ որում, Վերաքննիչ դատարանը վերոնշյալ դատողություններին հանգելիս հաշվի է առնում նաև Վճռաբեկ դատարանի 2023 թվականի նոյեմբերի 10-ի` Միշա Մուրադյանի վերաբերյալ թիվ ԵԴ/1424/01/21 որոշման տրամաբանությունն առ այն, որ պատժի ինստիտուտը հանդիսանում է ավելի մեծ ինստիտուտի, այն է՝ քրեական պատասխանատվության, բաղադրատարր։
(…)
Այսպիսով, նկատի ունենալով այն հանգամանքը, որ մեղադրյալ Գագիկ Պողոսյանին վերագրված արարքը համապատասխանում է 2021 թվականին մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 439-րդ հոդվածի 1-ին մասին, որը դասվում է ոչ մեծ ծանրության հանցագործությունների շարքին և որի համար քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետը 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն 2 տարի է՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Դատարանը, Գագիկ Պողոսյանին վերագրված արարքի համար քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետի հաշվարկման մասով առաջնորդվելով ենթադրյալ հանցավոր արարքը կատարելու պահին գործող՝ 2003 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի դրույթներով, գործել է իրավաչափ։ (…)»։
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
9. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է․ իրավաչա՞փ են արդյոք ստորադաս դատարանների հետևություններն առ այն, որ մեղադրյալ Գ․Պողոսյանին մեղսագրվող արարքը համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 439-րդ հոդվածի 1-ին մասին։
10․ ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի համաձայն` «Ոչ ոք չի կարող դատապարտվել այնպիսի գործողության կամ անգործության համար, որը կատարման պահին հանցագործություն չի հանդիսացել: Չի կարող նշանակվել ավելի ծանր պատիժ, քան այն, որը ենթակա էր կիրառման հանցանք կատարելու պահին: Արարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքն ունի հետադարձ ուժ»։
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 7-րդ հոդվածի համաձայն՝
«Ոչ ոք չպետք է մեղավոր ճանաչվի որևէ գործողության կամ անգործության համար, որը կատարման պահին գործող ներպետական կամ միջազգային իրավունքի համաձայն, հանցագործություն չի համարվել։ (…)»։
ՀՀ գործող քրեական օրենսգրքի 4-րդ հոդվածի համաձայն՝
«1. Ոչ ոք չի կարող ենթարկվել քրեական պատասխանատվության այն արարքի համար, որը կատարման պահին հանցանք չի համարվել:
2. Քրեական օրենքի Հատուկ մասի նորմերն անալոգիայով կիրառելն արգելվում է։
3. Քրեական օրենքի Ընդհանուր մասի նորմերը կարող են անալոգիայով կիրառվել, եթե դա չի վատթարացնում անձի վիճակը»։
10․1 Մեջբերված նորմերը Վճռաբեկ դատարանը բազմիցս վերլուծության է ենթարկել իր նախադեպային որոշումների շրջանակներում՝ ընդգծելով, որ «չկա հանցագործություն և պատիժ, եթե այն սահմանված չէ օրենքով» (nullum crimen, nulla poena sine lege) կանոնը համընդհանուր ճանաչում ստացած հիմնարար սկզբունք է և իրավունքի գերակայության կարևորագույն տարր, որը բացարձակ նշանակություն ունի մարդու իրավունքների պաշտպանության համակարգում, հետևաբար նշված սկզբունքից որևէ շեղում անթույլատրելի է: Արարքի հանցավորությունն ու պատժելիությունը պետք է նախատեսված լինեն իրավական որոշակիության չափանիշին բավարարող օրենքով, ինչը ենթադրում է, որ անձը համապատասխան դրույթի տառացի ընկալումից և, անհրաժեշտության դեպքում, դրա կապակցությամբ դատարանների տված մեկնաբանությունից պետք է հասկանա, թե որ գործողությունների և անգործության համար է քրեական պատասխանատվություն նախատեսվում և ինչ պատիժ կնշանակվի այդ գործողությունների կատարման և/կամ անգործության համար։
Անդրադառնալով դատական մեկնաբանության սահմաններին և օրենսդրական բացի հաղթահարման հիմնախնդրին՝ Վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ օրենքի՝ իրավական որոշակիության չափանիշին բավարարելն առաջին հերթին օրենսդրական կարգավորման խնդիր է, իսկ դատական մեկնաբանումը լրացնող դերակատարություն ունի: ՀՀ քրեական օրենսգրքի որևէ նորմում առկա օրենսդրական բացը չի կարող վերացվել, հաղթահարվել կամ լրացվել դատական մեկնաբանման միջոցով, քանի որ օրինականության սկզբունքի անքակտելի տարրն է քրեական օրենքը տարածական մեկնաբանելու և անալոգիայով կիրառելու արգելքը:
Վերոնշյալի համատեքստում Վճռաբեկ դատարանը նշել է, որ եթե հանցակազմի պարտադիր հատկանիշը սահմանող հասկացության բովանդակության բացահայտումը կախված չէ գործի կոնկրետ հանգամանքներից, կարող է սահմանվել դրանցից վերացարկված, սակայն սահմանված չէ օրենքով, դատարանը, չունենալով գնահատման օբյեկտիվ չափանիշներ, զրկված է դրանք մեկնաբանելու հնարավորությունից: «Խոշոր չափ» և «առանձնապես խոշոր չափ» հասկացություններն ինքնին ենթադրում են չափելի երևույթներ։ Դրանք, օգտագործվելով քանակի, կշռի կամ արժեքի հատկանիշներով օժտված առարկաները բնութագրելիս, պայմանավորված չեն գործի կոնկրետ հանգամանքներով և օբյեկտիվորեն կարող են սահմանվել (և սահմանվում են) դրանցից վերացարկված։ Այսպես, ՀՀ քրեական օրենսգրքի հատուկ մասի մի շարք նորմերում օգտագործելով «խոշոր չափ» և/ կամ «առանձնապես խոշոր չափ» եզրույթները՝ օրենսդիրը միաժամանակ հստակ սահմանել է, թե կոնկրետ առարկայի որ չափն է համարվում խոշոր, որը՝ առանձնապես խոշոր։ Հակառակ դեպքում իրավակիրառ մարմնի կողմից քննարկվող հասկացությունների կիրառումը կհանգեցնի կամայական մեղադրման, դատապարտման և պատժման, քանի որ գործի հանգամանքներով պայմանավորված չլինելու դեպքում բացակայում են իրավակիրառ մարմնի, այդ թվում՝ դատարանի կողմից այդ հասկացությունների բովանդակությունը որոշելու օբյեկտիվ չափանիշները։
11․ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի համաձայն՝
«1. Սույն օրենսգրքում օգտագործվում են հետևյալ հասկացությունները.
(…)
17) հափշտակության, պատճառած գույքային վնասի կամ հանցավոր ճանապարհով ձեռք բերված կամ ստացված գույքի կամ օգուտի չափերը` սույն օրենսգրքում հափշտակված գույքի, պատճառված գույքային վնասի, հանցավոր ճանապարհով ձեռք բերված կամ ստացված գույքի կամ օգուտի մանր չափ է համարվում 500.000 Հայաստանի Հանրապետության դրամը չգերազանցող գումարը (արժեքը), խոշոր չափ է համարվում 5 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը չգերազանցող գումարը (արժեքը), առանձնապես խոշոր չափ է համարվում 5 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող գումարը (արժեքը), բացառությամբ սույն օրենսգրքի Հատուկ մասով նախատեսված դեպքերի. (…)»։
ՀՀ գործող քրեական օրենսգրքի 439-րդ հոդվածի համաձայն՝
«Պաշտոնատար անձի նկատմամբ ունեցած ազդեցությունն օգտագործելու նպատակով ապօրինի վարձատրություն տալը՝ պաշտոնատար անձի նկատմամբ իրական կամ ենթադրյալ ազդեցություն ունեցող անձին կամ նրա մատնանշած անձին, այդ ազդեցությունն օգտագործելու նպատակով անձամբ կամ միջնորդի միջոցով նրա կամ այլ անձի համար գույք, ներառյալ դրամական միջոց, արժեթուղթ, վճարային այլ գործիք, գույքի նկատմամբ իրավունք, ծառայություն կամ որևէ այլ առավելություն առաջարկելը, խոստանալը կամ տրամադրելը` վարձատրություն տվողի կամ նրա մատնանշած անձի օգտին պաշտոնատար անձի կողմից իր իշխանական կամ ծառայողական լիազորությունների կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով գործողություն կատարելու կամ չկատարելու համար՝
(…)
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝
(…)
2) խոշոր չափերով կամ
(…)»։
12․ Ի տարբերություն ՀՀ նախկին քրեական օրենսգրքի՝ ՀՀ գործող քրեական օրենսգրքով հափշտակության, պատճառված գույքային վնասի կամ հանցավոր ճանապարհով ձեռք բերված կամ ստացված գույքի կամ օգուտի չափերը սահմանվում են ՀՀ գործող քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածով՝ օրենսգրքում օգտագործվող հիմնական հասկացությունների ներքո։ Վերոնշյալ չափերը ընդհանուր են ՀՀ գործող քրեական օրենսգրքի հատուկ մասով սահմանված բոլոր այն հանցակազմերի համար, որոնցում հանցագործության չափերը նախատեսված են որպես հանցակազմի պարտադիր հատկանիշ կամ հանցակազմը որակյալ կամ առավել որակյալ դարձնող հանգամանք, եթե կոնկրետ հանցակազմի շրջանակում այլ չափ սահմանված չէ (օրինակ՝ ՀՀ գործող քրեական օրենսգրքի հոդվածներ 267-ը, 282-ը, 290-ը և այլն)։
12․1․ Վճռաբեկ դատարանը, Սարգիս Գրիգորյանի վերաբերյալ գործով որոշմամբ անդրադառնալով գործող քրեական օրենսգրքում կաշառք տալու հանցակազմի որպես ծանրացնող և առավել ծանրացնող հանգամանք նախատեսված խոշոր և առանձնապես խոշոր չափերով կատարված արարքին քրեաիրավական գնահատական տալու հարցին, արձանագրել է, որ «խոշոր» և «առանձնապես խոշոր» չափ հասկացությունների պարագայում գործ ունենք չափելի երևույթների հետ, ուստի օրենսդիրը կա՛մ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի շրջանակներում՝ ընդհանուր հասկացությունների ներքո, կա՛մ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածով պետք է հստակ սահմաներ, թե կաշառք տալու հանցակազմի պարագայում որ չափն է համարվում խոշոր, որը՝ առանձնապես խոշոր, մինչդեռ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի 17-րդ կետում խոսքը գնում է միայն հափշտակության, պատճառված գույքային վնասի, հանցավոր ճանապարհով ձեռք բերված կամ ստացված գույքի կամ օգուտի չափերի մասին, իսկ կաշառք տալու դեպքում կաշառքի առարկայի չափերը չեն կարող նույնացվել դրանցից որևէ մեկի հետ։
Անդրադառնալով հնարավոր այն մեկնաբանությանը, որ կաշառք տալու չափերը կարող են դիտարկվել հանցավոր ճանապարհով ձեռք բերված կամ ստացված գույքի կամ օգուտի ներքո՝ Վճռաբեկ դատարանը փաստել է, որ նման մեկնաբանումը կլինի խիստ տարածական և չի համապատասխանի օրենքի որոշակիության չափանիշներին, քանի որ վերոնշյալ դեպքում խոսքը գնում է գույքը կամ օգուտը հանցավոր ճանապարհով ձեռք բերելու կամ ստանալու, այլ ոչ թե տալու մասին։ Ուստի Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի իմաստով «խոշոր չափ» և «առանձնապես խոշոր չափ» հասկացություններն օրենսդրորեն բացահայտված չեն, և առկա է օրենսդրական բաց, ինչը որևէ պարագայում չի կարող լրացվել կամ հաղթահարվել դատական մեկնաբանության միջոցով։
12․2․ Վճռաբեկ դատարանը, նախորդ կետում վկայակոչված իրավական դիրքորոշումների լույսի ներքո, Միհրդատ Մաթևոսյանի վերաբերյալ գործով որոշմամբ անդրադառնալով ՀՀ գործող քրեական օրենսգրքի 439-րդ հոդվածով նախատեսված արարքի՝ «խոշոր» և «առանձնապես խոշոր» չափերով կատարելու որակյալ հատկանիշներին, արձանագրել է, որ օրենսդրի կողմից ՀՀ գործող քրեական օրենսգրքի 439-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի առարկայի խոշոր ու առանձնապես խոշոր չափերը չեն բացահայտվել, և որ տվյալ դեպքում առկա է օրենսդրական բաց, ինչը որևէ պարագայում չի կարող լրացվել կամ հաղթահարվել դատական մեկնաբանության միջոցով, քանզի դատական մեկնաբանման շրջանակները խստորեն սահմանափակված են օրինականության սկզբունքով, իսկ օրինականության սկզբունքի անքակտելի տարրն է քրեական օրենքը տարածական մեկնաբանելու և անալոգիայով կիրառելու արգելքը։
13. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից հետևում է, որ
- Գ․Պողոսյանին մեղադրանք է ներկայացվել ՀՀ գործող քրեական օրենսգրքի 439-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված այն հանցավոր արարքի համար, որ նա 2021 թվականի դեկտեմբեր ամսին Վ․Գրիգորյանին տվել է խոշոր չափերով՝ 1.200.050 ՀՀ դրամին համարժեք 2.500 ԱՄՆ դոլար, ապօրինի վարձատրություն,
- Առաջին ատյանի դատարանը փաստել է, որ Գ․Պողոսյանին վերագրվող արարքը ենթադրաբար կատարվել է ՀՀ նախկին քրեական օրենսգրքի գործողության ժամանակ և համապատասխանել է առանձնապես խոշոր չափերով ապօրինի վարձատրություն տալուն։ Միևնույն ժամանակ, ՀՀ գործող քրեական օրենսգրքի 439-րդ հոդվածով ապօրինի վարձատրություն տալու հանցակազմի խոշոր և առանձնապես խոշոր չափերը սահմանված չեն, հետևաբար ապօրինի վարձատրություն տալու ցանկացած դեպքում, անկախ վարձատրության առարկայի չափից, հանցակազմը որակյալ դարձնող մյուս պայմանների բացակայության պայմաններում, արարքը պետք է որակվի որպես հասարակ հանցակազմով կատարված։ Արդյունքում՝ Առաջին ատյանի դատարանն արձանագրել է, որ Գ․Պողոսյանին մեղսագրվող արարքը համապատասխանում է ոչ թե ՀՀ գործող քրեական օրենսգրքի 439–րդ հոդվածի 2–րդ մասին, այլ՝ 439–րդ հոդվածի 1–ին մասին ,
- Վերաքննիչ դատարանը, ըստ էության, համաձայնել է Առաջին ատյանի դատարանի դատողությունների հետ։
14․ Սույն որոշման նախորդ կետում շարադրված փաստերը գնահատելով սույն որոշման 10-12․2-րդ կետերում մեջբերված նորմերի և իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 439-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը չի համապատասխանում իրավական որոշակիության սկզբունքին, բավարար չափով կանխատեսելի չէ, ուստի չի կարող անձին դատապարտելու հիմք լինել։
Վերոգրյալի հաշվառմամբ՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանների հետևություններն առ այն, որ ամբաստանյալ Գ․Պողոսյանին մեղսագրվող արարքը համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 439-րդ հոդվածի 1-ին մասին, իրավաչափ են։
Անդրադառնալով բողոքաբերի այն փաստարկներին, որ «[Ս]տորադաս դատարանները սխալ են մեկնաբանել ՀՀ գործող քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետի կարգավորումները՝ անտեսելով քննարկվող նորմը դրա ընդունող մարմնի կողմից հետապնդվող նպատակի համատեքստում մեկնաբանելու պահանջը», Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ օրինականության սկզբունքը և «չկա հանցագործություն և պատիժ, եթե այն սահմանված չէ օրենքով» կանոնը պահանջում են, որ հանցավոր համարվող արարքները սահմանվեն բացառապես օրենքով և նկարագրվեն իրավական որոշակիության չափանիշին բավարարող եղանակով՝ բացառելով դրանց շատ լայն և տարածական մեկնաբանումը։ Վերոնշյալը սահմանադրորեն և միջազգային կոնվենցիաներով ամրագրված հիմնարար սկզբունք է և բացարձակ նշանակություն ունի մարդու իրավունքների պաշտպանության համակարգում, որից որևէ շեղում և բացառություն նախատեսված չէ՝ նույնիսկ պատերազմի կամ ազգի կյանքին սպառնացող այլ արտակարգ դրության ժամանակ։ Հետևաբար, եթե քրեաիրավական նորմը չի բավարարում «օրենքին» ներկայացվող որակական չափանիշներին, այն չի կարող դրվել անձի դատապարտման հիմքում, որքան էլ որ կատարված արարքը լինի վտանգավոր և, ընդհանուր առմամբ, բխի օրենսդրի նպատակներից։
15. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երկրորդ իրավական հարցը հետևյալն է․ իրավաչա՞փ են արդյոք ստորադաս դատարանների հետևությունները՝ Գ.Պողոսյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով դադարեցնելու վերաբերյալ:
16․ ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի համաձայն՝ «Ոչ ոք չի կարող դատապարտվել այնպիսի գործողության կամ անգործության համար, որը կատարման պահին հանցագործություն չի հանդիսացել: Չի կարող նշանակվել ավելի ծանր պատիժ, քան այն, որը ենթակա էր կիրառման հանցանք կատարելու պահին: Արարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքն ունի հետադարձ ուժ»։
ՀՀ Սահմանադրության 73-րդ հոդվածի համաձայն՝ «1. Անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն:
2. Անձի իրավական վիճակը բարելավող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ ունեն, եթե դա նախատեսված է այդ ակտերով»։
ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի համաձայն՝ «1. Արարքի հանցավորությունը սահմանող, պատիժը խստացնող կամ հանցանք կամ քրեական օրենսդրությամբ նախատեսված արարք կատարած անձի վիճակն այլ կերպ վատթարացնող օրենսդրությունը հետադարձ ուժ չունի:
2. Արարքի հանցավորությունը լրիվ կամ մասնակիորեն վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենսդրությունն ունի հետադարձ ուժ: Նշված դեպքում այն տարածվում է մինչև դրա ուժի մեջ մտնելը հանցանք կամ քրեական օրենսդրությամբ նախատեսված արարք կատարած այն անձանց վրա, որոնց վերաբերյալ դեռևս առկա չէ օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատավարական ակտ։
(...)
4. Հանցանք կամ քրեական օրենսդրությամբ նախատեսված արարք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենսդրությունն ունի հետադարձ ուժ, եթե դա նախատեսված է օրենքով։
(...)
6. Պատասխանատվությունը մասնակիորեն մեղմացնող և միաժամանակ մասնակիորեն խստացնող օրենքը սույն հոդվածով նախատեսված չափանիշներին համապատասխան հետադարձ ուժ ունի միայն այն մասով, որը մեղմացնում է պատասխանատվությունը»:
ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 312․2-րդ հոդվածի համաձայն՝ «1. Անձին` նրա իրական կամ ենթադրյալ ազդեցությունն օգտագործելու համար ապօրինի վարձատրություն տալը, այսինքն` անձին անձամբ կամ միջնորդի միջոցով նրա կամ այլ անձի համար դրամ, գույք, գույքի նկատմամբ իրավունք, արժեթղթեր կամ որևէ այլ առավելություն խոստանալը կամ առաջարկելը կամ տրամադրելը իր կամ իր ներկայացրած անձանց օգտին որևէ պաշտոնատար անձի կամ պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային պաշտոն զբաղեցնող անձի, հանրային ծառայողի կողմից իր լիազորությունների շրջանակում որևէ գործողություն կատարելուն կամ չկատարելուն նպաստելու կամ ծառայության գծով հովանավորչության կամ թողտվության համար`
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև չորսհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:
2. Ապօրինի վարձատրություն տալը, որը կատարվել է խոշոր չափերով`
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից վեցհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը չորս տարի ժամկետով:
(…)»:
ՀՀ գործող քրեական օրենսգրքի 439-րդ հոդվածի համաձայն՝ «1. Պաշտոնատար անձի նկատմամբ ունեցած ազդեցությունն օգտագործելու նպատակով ապօրինի վարձատրություն տալը՝ պաշտոնատար անձի նկատմամբ իրական կամ ենթադրյալ ազդեցություն ունեցող անձին կամ նրա մատնանշած անձին, այդ ազդեցությունն օգտագործելու նպատակով անձամբ կամ միջնորդի միջոցով նրա կամ այլ անձի համար գույք, ներառյալ դրամական միջոց, արժեթուղթ, վճարային այլ գործիք, գույքի նկատմամբ իրավունք, ծառայություն կամ որևէ այլ առավելություն առաջարկելը, խոստանալը կամ տրամադրելը` վարձատրություն տվողի կամ նրա մատնանշած անձի օգտին պաշտոնատար անձի կողմից իր իշխանական կամ ծառայողական լիազորությունների կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով գործողություն կատարելու կամ չկատարելու համար՝
պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
…»։
ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի համաձայն՝ … 2. Ոչ մեծ ծանրության հանցագործություններ են համարվում դիտավորությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում երկու տարի ժամկետով ազատազրկումը, կամ որոնց համար նախատեսված է ազատազրկման հետ կապ չունեցող պատիժ, ինչպես նաև անզգուշությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում երեք տարի ժամկետով ազատազրկումը:
3. Միջին ծանրության հանցագործություններ են համարվում դիտավորությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում հինգ տարի ժամկետով ազատազրկումը, ինչպես նաև անզգուշությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում տասը տարի ժամկետով ազատազրկումը:
…:
ՀՀ գործող քրեական օրենսգրքի 17-րդ հոդվածի համաձայն՝ (…) 2. Ոչ մեծ ծանրության հանցանքներ են համարվում սույն օրենսգրքով նախատեսված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքի Հատուկ մասով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում 2 տարի ժամկետով ազատազրկումը, կամ որոնց համար նախատեսված է ազատությունից զրկելու հետ չկապված պատիժ:
3. Միջին ծանրության հանցանքներ են համարվում սույն օրենսգրքով նախատեսված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքի Հատուկ մասով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում 5 տարի ժամկետով ազատազրկումը:
(…):
ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի համաձայն՝ «1. Անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտված համարելու օրվանից անցել են հետևյալ ժամկետները.
1) երկու տարի՝ ոչ մեծ ծանրության հանցանքն ավարտված համարելու օրվանից.
2) հինգ տարի՝ միջին ծանրության հանցանքն ավարտված համարելու օրվանից.
(…)»։
ՀՀ գործող քրեական օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ 1. Անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտվելուն հաջորդող օրվանից անցել են հետևյալ ժամկետները.
1) 5 տարի՝ ոչ մեծ ծանրության հանցանքի դեպքում.
2) 10 տարի՝ միջին ծանրության հանցանքի դեպքում.
…:
16․1․ ՀՀ Սահմանադրության 72-73-րդ հոդվածներով ամրագրված երաշխիքները, որոնք նորմատիվ իրավական ակտի կիրառման սահմանադրական սկզբունք են, քրեաիրավական համակարգում առանցքային տեղ են գրավում, ինչը հատկապես ընդգծվում է այն հանգամանքով, որ փոփոխվող և զարգացող հասարակությունում կոնկրետ արարքի դեմ քրեաիրավական ներգործության նպատակահարմարությունը, դրա հանրային վտանգավորությունը կամ քրեականացված արարքը կատարած անձի իրավական վիճակը նորովի կարգավորվելու դեպքում, դատարանը՝ որպես քրեական դատավարությունում արդարադատության գործառույթով օժտված մարմին, պետք է քննարկման առարկա դարձնի օրենսդրական փոփոխության իրավական բնույթը, ըստ այդմ էլ՝ մինչ ընդունումը ծագած իրավահարաբերությունների վրա այն հետադարձությամբ տարածելու իրավական հնարավորությունը։
Հարկ է արձանագրել, որ ՀՀ Սահմանադրությամբ՝ ժամանակի մեջ իրավական ակտերի գործողության կանոնակարգումը հիմնվում է այն տրամաբանության վրա, որ իրավական ակտերի հետադարձ ուժով գործողության մերժումն ընդհանուր կանոն է, իսկ այդ ակտերի հետադարձ ուժով գործողության հնարավորությունը՝ բացառություն ընդհանուր կանոնից։
Ընդ որում, բացառություններն իրենց հերթին տարբեր են. ա) երբ սահմանադիրը բացառում է որևէ հայեցողություն դրսևորելու հնարավորությունը՝ սահմանելով հետադարձության ուղիղ պահանջ, օրինակ, արարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքն օժտված է անմիջական գործողությամբ և բ) երբ անձի իրավական վիճակը բարելավող իրավական ակտին հետադարձ ուժ հաղորդելու լիազորությունը թողնվում է իրավասու՝ այդ ակտն ընդունող մարմնի հայեցողությանը, օրինակ, անձի իրավական վիճակը բարելավող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ ունեն, եթե դա նախատեսված է այդ ակտերով: Տարբերակման այս գաղափարն իր արտացոլումն է գտել նաև ՀՀ գործող քրեական օրենսգրքում. այսպես՝ օրենսգրքի 8-րդ և 9-րդ հոդվածների համադրված ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ արարքի հանցավորությունը լրիվ կամ մասնակիորեն վերացնող կամ պատիժը մեղմացնող նորմի համար նախատեսվում է հետադարձ ազդեցության անմիջական պահանջ, մինչդեռ անձի վիճակն այլ կերպ բարելավող դրույթի հետադարձությունը պայմանավորվում է օրենքով նախատեսված լինելու հանգամանքով։
17․ Վճռաբեկ դատարանը, Խաչատուր Պետրոսյանի և Հասմիկ Շանոյանի վերաբերյալ գործով որոշմամբ անդրադառնալով քրեական օրենսդրության հետադարձությամբ կիրառման դեպքերին, արձանագրել է, որ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետի հաշվարկման տեսանկյունից քրեական նոր օրենքով անձին մեղսագրված հանցանքի տեսակի փոփոխությունն ինքնին չի կարող հետադարձ ներգործություն ունենալ, այսինքն, այս հարցի շրջանակներում օրենսդրական փոփոխությունների բարենպաստ լինելու ինքնուրույն ցուցիչ չէ, և տեղի ունեցած օրենսդրական փոփոխությունների բարենպաստ լինելու մասին կարելի է խոսել բացառապես քրեական պատասխանատվությունից ազատելու ինստիտուտը կանոնակարգող՝ ՀՀ նախկին և գործող քրեական օրենսգրքերի ընդհանուր նորմերի հետ համադրված գնահատելու պարագայում։ Միևնույն ժամանակ անդրադառնալով օրենսդրական փոփոխությունների արդյունքում հանցանքի տեսակի և վաղեմության ժամկետների փոփոխության իրավիճակներին, մասնավորապես՝ այն դեպքին, երբ արարքի (հանցանքի) ծանրության աստիճանը նվազում է, իսկ այդ արարքի համար սահմանված քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը չի փոփոխվում, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ օրենսդրական փոփոխության արդյունքում պատժի մեղմացման հետևանքով նախկինում ծանր համարվող հանցանքը միջին ծանրության հանցանք հանդիսանալու դեպքում կիրառելի է մեղմացնող օրենքին հետադարձ ուժ տալու կանոնը՝ հանցանքի տեսակի և պատժի մասով, այսինքն՝ արարքը պետք է որակվի ՀՀ գործող քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով։ Վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ անթույլատրելի է օրենքի փոփոխության արդյունքում հետադարձության կանոնների կիրառմամբ ստացված միջին ծանրության հանցանքի համար քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետը (տասը տարին) համեմատել ՀՀ նախկին քրեական օրենսգրքով նախատեսված միջին ծանրության հանցանքի համար քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետի (հինգ տարի) հետ։ Նման համեմատությունը սկզբունքորեն չի համապատասխանի ժամանակի ընթացքում քրեական օրենքի գործողության կանոնի էությանն ու նշանակությանը: Հակառակ մոտեցումը հանգեցնում է այնպիսի իրավիճակի, որ արարքի կատարման պահին ծանր հանցագործություն համարվող արարքի պարագայում անձի նկատմամբ կիրառվում է արարքի կատարման պահին միջին ծանրության հանցանքի համար նախատեսված կարգավորումը, որը որևէ պարագայում կիրառելի չէր։
18. Նախորդ կետում մեջբերված իրավական դիրքորոշումների լույսի ներքո, հաշվի առնելով սույն վարույթի փաստական հանգամանքները, անհրաժեշտ է դիտարկել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 312․2-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքն անձին մեղսագրված լինելու դեպքը։ Այսպես՝ իրական կամ ենթադրյալ ազդեցությունն օգտագործելու համար խոշոր չափերով ապօրինի վարձատրություն տալը, համաձայն ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի, դասվում էր միջին ծանրության հանցագործությունների շարքին, որի համար քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը հինգ տարի էր։ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 439-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարքը դասվում է ոչ մեծ ծանրության հանցագործությունների շարքին։ Միևնույն ժամանակ, օրենսդիրը ՀՀ գործող քրեական օրենսգրքի ընդհանուր մասում՝ վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով քրեական պատասխանատվությունից ազատելու կարգը սահմանող 83-րդ հոդվածում սահմանել է, որ ոչ մեծ ծանրության հանցանքի դեպքում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտվելուն հաջորդող օրվանից անցել է հինգ տարի։
Ուստի, ստացվում է, որ պաշտոնատար անձի նկատմամբ ունեցած իրական կամ ենթադրյալ ազդեցությունն օգտագործելու նպատակով ապօրինի վարձատրություն տալը գործող քրեական օրենսգրքով թեև դասվել է ոչ մեծ ծանրության հանցագործությունների շարքին, սակայն քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետի տեսանկյունից երկու օրենսդրություններն էլ ցուցաբերում են նույն մոտեցումը, ըստ որի՝ պաշտոնատար անձի նկատմամբ ունեցած իրական կամ ենթադրյալ ազդեցությունն օգտագործելու նպատակով ապօրինի վարձատրություն տալու մեջ մեղադրվող անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե մեղսագրվող արարքի կատարման պահից անցել է հինգ տարի։ Վերոգրյալից հետևում է, որ գործող քրեական օրենսդրությամբ հանցանքի տեսակի փոփոխությունը քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետների տեսանկյունից անձի համար որևէ բարենպաստ հետևանք չի առաջացնում, քանզի վաղեմության ժամկետի առումով քրեական օրենսդրության նախկին և ներկա կարգավորումները նույնական են։ Այլ խոսքով՝ պաշտոնատար անձի նկատմամբ ունեցած իրական կամ ենթադրյալ ազդեցությունն օգտագործելու նպատակով ապօրինի վարձատրություն տալու հանցանքի տեսակի փոփոխության հետևանքով քրեական պատասխանատվության ենթարկելու ժամկետը, նախկին օրենսգրքի համեմատ, փոփոխությունների չի ենթարկվել, ուստի քննարկվող դեպքում քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը ենթակա է լուծման արարքի կատարման պահին գործող՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքով նախատեսված միջին ծանրության հանցագործության կատարման համար քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետի հաշվառմամբ։
19․ Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ.
- Գ.Պողոսյանին մեղադրանք է ներկայացվել ՀՀ գործող քրեական օրենսգրքի 439-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, միևնույն ժամանակ ենթադրյալ արարքը կատարվել է 2021 թվականի դեկտեմբերին և համապատասխանել է ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 312․2-րդ հոդվածի 2-րդ մասին,
- Առաջին ատյանի դատարանն արձանագրել է, որ մեղադրյալ Գ․Պողոսյանին մեղսագրված հանցանքը համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 439-րդ հոդվածի 1-ին մասին, որը ոչ մեծ ծանրության հանցանք է: Միևնույն ժամանակ, Առաջին ատյանի դատարանը փաստել է, որ մեղադրյալի նկատմամբ պետք է կիրառվի արարքի կատարման պահին գործող ՀՀ նախկին քրեական օրենսգրքով սահմանված վաղեմության ժամկետները, ուստի քանի որ արարքը ենթադրաբար կատարվելուց հետո անցել է երկու տարուց ավել ժամանակ Գ․Պողոսյանի նկատմամբ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 439-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով հարուցված քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման՝ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով,
- Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ 2003 և 2021 թվականներին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքերի՝ համապատասխանաբար 75-րդ և 83-րդ հոդվածների համեմատական վերլուծությունը վկայում է, որ ՀՀ գործող քրեական օրենսգիրքը քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետների մասով տվյալ դեպքում անձի վիճակը վատթարացող օրենք է և կիրառելի չէ մեղադրյալ Գ․Պողոսյանի նկատմամբ, քանի որ սահմանում է քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ավելի երկար ժամկետներ։ Արդյունքում, Վերաքննիչ դատարանը գտել է, որ վաղեմության ժամկետը անցնելու առումով մեղադրյալ Գ․Պողոսյանի նկատմամբ կիրառելի են ՀՀ նախկին քրեական օրենսգրքի ոչ մեծ ծանրության հանցանքի վաղեմության ժամկետների վերաբերյալ դրույթները, քանի որ դրանք առավել բարենպաստ են վերջինիս համար։
20. Նախորդ կետում վկայակոչված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 16-18-րդ կետերում մեջբերված իրավադրույթների և իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թեև Գ․Պողոսյանին վերագրվող հանցանքը ՀՀ գործող քրեական օրենսգրքով դասվել է ոչ մեծ ծանրության հանցանքների շարքին, սակայն վաղեմության ժամկետի հաշվարկի առումով օրենսդրական այդ փոփոխությունը բարենպաստ հետևանքներ չի առաջացնում, քանզի թե՛ արարքի կատարման պահին, թե՛ ՀՀ գործող քրեական օրենսգրքով անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե մեղսագրվող արարքը կատարելուց անցել է հինգ տարի:
Մասնավորապես, արարքի կատարման պահին մեղադրյալին վերագրվող հանցանքը եղել է միջին ծանրության, որի վաղեմության ժամկետը հինգ տարի է: ՀՀ գործող քրեական օրենսգրքին համապատասխանեցնելու արդյունքում մեղադրյալին վերագրվող հանցանքը ոչ մեծ ծանրության է, որի վաղեմության ժամկետը կրկին հինգ տարի է: Ուստի թե՛ նախկին, թե՛ գործող քրեական օրենսդրությունները թույլ են տալիս մեղադրյալ Գ․Պողոսյանին վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով ազատել քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտվելու օրվանից անցել է հինգ տարի։
21. Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանների հետևությունն առ այն, որ Գ․Պողոսյանին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու հիմքով վերջինիս քրեական պատասխանատվությունից ազատելու հարցը լուծելիս վաղեմության ժամկետը ենթակա է հաշվարկման արարքի կատարման պահին գործող՝ ոչ մեծ ծանրության հանցագործությունների վաղեմության ժամկետի հաշվարկման կանոնով, իրավաչափ չէ։
22․ Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի կողմից Միշա Մուրադյանի գործով արձանագրված իրավական դիրքորոշումները վկայակոչելուն, ապա Վճռաբեկ դատարանն այն հիմնավոր չի համարում, քանի որ, ինչպես հետևում է սույն որոշման նախորդ կետերում արձանագրվածից, քննարկվող իրավիճակում առկա չէ քրեական պատասխանատվության մեղմացման կամ վերացման հարց, ուստի Միշա Մուրադյանի գործով արտահայտած իրավական դիրքորոշումները չեն կարող կիրառելի լինել սույն դեպքում։
23. Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարույթով ստորադաս դատարանները թույլ են տվել նյութական օրենքի ոչ ճիշտ կիրառում, այն է` կիրառել են 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, որը սույն վարույթով ենթակա չէր կիրառման, ինչը, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի, հիմք է Առաջին ատյանի դատարանի 2024 թվականի հունվարի 26-ի որոշումը և այն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի 2024 թվականի մարտի 7-ի որոշումը բեկանելու համար։
24․ Հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները Վճռաբեկ դատարանը գտնում է, որ մեղադրյալ Գ․Պողոսյանի պաշտպան Մ․Դավթյանի միջնորդությունը պետք է մերժել։
Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանը, հաշվի առնելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները, պետք է ըստ էության քննության առնի Գ․Պողոսյանի վերաբերյալ քրեական գործը և արդյունքում հանգի համապատասխան հետևության։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 33-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 352-րդ, 359-րդ, 361-363-րդ ու 400-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1 Թիվ ՀԿԴ/0121/01/22 քրեական գործով Գագիկ Հովհաննեսի Պողոսյանի վերաբերյալ ՀՀ հակակոռուպցիոն դատարանի 2024 թվականի հունվարի 26-ի որոշումը և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի 2024 թվականի մարտի 7-ի որոշումը բեկանել և պաշտպան Մ․Դավթյանի միջնորդությունը մերժել։
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:
Նախագահող` Ս.ՉԻՉՈՅԱՆ
Դատավորներ` Ե․ԴԱՆԻԵԼՅԱՆ
Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆ
Ռ.ՄԽԻԹԱՐՅԱՆ
Դ.ՎԵՔԻԼՅԱՆ
