Վճռաբեկ դատարան · Կոռուպցիոն հանցագործություններ
ՀԿԴ/0178/01/22
Վճռաբեկ դատարանի որոշումների ցանկից (cassationcourt.am/decisions)՝ դատարանի նախադեպային շտեմարանում այն չկա։
- Գործի համարը
- ՀԿԴ/0178/01/22
- Դիմող / մեղադրյալ
- Օվսաննա Կարապետյան
- Դատական ակտի ընդունման ամսաթիվը
- 19.09.2024
- ՀՀ Քրեական օրենսգիրք
- Որոշման տեքստում վկայակոչված այլ հոդվածներ
13 հոդված՝ որոշման տեքստից (դատարանի քարտում չկան)
ՀՀ Սահմանադրություն
ՀՀ Քրեական օրենսգիրք
- Հոդված 8. Քրեական օրենքի գործողությունը ժամանակի ընթացքում
- Հոդված 19. Հանցագործության տեսակները
- Հոդված 38. Հանցակիցների տեսակները
- Հոդված 46. Հանցակիցների տեսակները
- Հոդված 75. Քրեական պատասխանատվությունից ազատելը վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով
- Հոդված 83. Քրեական պատասխանատվությունից ազատելը վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով
- Հոդված 311. Կաշառք ստանալը
- Հոդված 312. Կաշառք տալը
- Հոդված 313. Կաշառքի միջնորդությունը
- Հոդված 314. Պաշտոնեական կեղծիքը
- Հոդված 445. Պաշտոնեական կեղծիքը
Որոշման տեքստը
դատարանի Word ֆայլիցՀԿԴ/0178/01/22
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության
հակակոռուպցիոն դատարան,
Նախագահող դատավոր՝ Վ.Սարգսյան
Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան,
Նախագահող դատավոր` Կ.Ամիրյան
2024 թվականի սեպտեմբերի 19-ին քաղաք Երևանում
ՀՀ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմը (այսուհետ նաև` Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ` Ս.ՉԻՉՈՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ` Ե․ԴԱՆԻԵԼՅԱՆԻ
Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆԻ
Ռ․ՄԽԻԹԱՐՅԱՆԻ
Դ.ՎԵՔԻԼՅԱՆԻ
գրավոր ընթացակարգով քննության առնելով Օվսաննա Կորյունի Կարապետյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան)՝ 2024 թվականի մարտի 7-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Վարդապետյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Վարույթի դատավարական նախապատմությունը.
1. 2022 թվականի դեկտեմբերի 26-ին ՀՀ հակակոռուպցիոն դատարան (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան) է ստացվել թիվ 62232421 քրեական գործն ըստ մեղադրանքի՝ Լուսիկ Վարազդատի Մնացականյանի՝ 4 դրվագ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ նաև՝ ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 311-րդ հոդվածի 2-րդ մասով և 3 դրվագ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով, Հրանտ Նշանի Գևորգյանի՝ 3 դրվագ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով և 3 դրվագ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-314-րդ հոդվածի 1-ին մասով, Քերոբ Լենդրուշի Քյարամյանի՝ 3 դրվագ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով և 2 դրվագ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-314-րդ հոդվածի 1-ին մասով, Օվսաննա Կորյունի Կարապետյանի՝ 3 դրվագ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-314-րդ հոդվածի 1-ին մասով և Սուրեն Ստյոպայի Թովմասյանի՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-314-րդ հոդվածի 1-ին մասով։
2. Գործի դատաքննության ընթացքում, Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի հունվարի 31-ի որոշմամբ պաշտպան Հ․Գալստյանի միջնորդությունը բավարարվել է, և Օվսաննա Կարապետյանի նկատմամբ՝ 3 դրվագ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-314-րդ հոդվածի 1-ին մասով իրականացվող քրեական հետապնդումը դադարեցվել է` վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով։
3. ՀՀ գլխավոր դատախազության հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազ Լ․Ստեփանյանի հատուկ վերանայման բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանի 2024 թվականի մարտի 7-ի որոշմամբ Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի հունվարի 31-ի որոշումը թողնվել է անփոփոխ։
4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Վարդապետյանը բերել է հատուկ վերանայման վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2024 թվականի ապրիլի 17-ի որոշմամբ ընդունվել է վարույթ և սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։
Հատուկ վերանայման բողոքի հիմքերը, դրանք հիմնավորող փաստարկները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.
5. Բողոքի հեղինակը գտել է, որ Վերաքննիչ դատարանի 2024 թվականի մարտի 7-ի որոշումն օրինական և հիմնավոր չէ, վիճարկվող որոշմամբ թույլ է տրվել դատական սխալ՝ նյութական օրենքի խախտում, որն ազդել է վարույթի ելքի վրա։
Մասնավորապես բողոքաբերը փաստել է, որ Օ․Կարապետյանին վերագրվող հանցանքներից վերջինն ավարտվել է 2021 թվականի հոկտեմբերի 12-ին, և ենթադրյալ հանցանքը կատարելու պահին նրա արարքը համապատասխանել է ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-314-րդ հոդվածի 1-ին մասին, որը միջին ծանրության հանցանք է, և որի համար քրեական պատախանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը, նույն օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն, հինգ տարի է:
2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ նաև՝ ՀՀ գործող քրեական օրենսգիրք) 445-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը ոչ մեծ ծանրության հանցանք է, որի համար քրեական պատախանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը, նույն օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն, նույնպես հինգ տարի է, ուստի երկու դեպքում էլ ենթադրյալ պաշտոնեական կեղծիքը կատարելու համար Օ․Կարապետյանին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը դեռևս չի անցել (այն լրանալու է 2026 թվականի հոկտեմբերի 12-ին):
5․1․ Բողոքաբերի պնդմամբ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված իրավադրույթը կիրառելու դեպքում մեղադրյալ Օ․Կարապետյանի նկատմամբ ՀՀ նախկին քրեական օրեսգրքի 38-314-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը, քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու հիմքով, դադարեցման ենթակա չէր՝ նկատի ունենալով, որ վաղեմության ժամկետներին վերաբերող իրավանորմերի հետադարձ ուժ ունենալն օրենքով նախատեսված չէ:
Ամփոփելով վերոգրյալը՝ բողոքի հեղինակը նշել է, որ Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ գործող քրեական օրենսգրքի 8-9-րդ հոդվածների դրույթները, ինչի արդյունքում կիրառել է ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածը, որը ենթակա չէր կիրառման, և չի կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 83-րդ հոդվածը, որը ենթակա էր կիրառման։
6. Վերոգրյալի հիման վրա, բողոքաբերը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի մարտի 7-ի որոշումը՝ կայացնելով դրան փոխարինող դատական ակտ։
Հատուկ վերանայման բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
7. Մեղադրական եզրակացության համաձայն՝ Օվսաննա Կարապետյանին 3 դրվագ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-314-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է ներկայացվել հետևյալ արարքների համար․ «(․․․) Լուսիկ Մնացականյանը 2007 թվականի մայիսի 1-ին կնքված աշխատանքային պայմանագրով աշխատանքի է ընդունվել Արմավիրի մարզի Ալաշկերտ համայնքի «Ալաշկերտի բժշկական ամբուլատորիա» ՓԲ ընկերությունում՝ որպես տնօրեն: Ալաշկերտ համայնքի ավագանու՝ 2014 թվականի հուլիսի 8-ի թիվ 19-Ա որոշմամբ նշված ՓԲԸ-ն վերակազմակերպվել է «Ալաշկերտի բժշկական ամբուլատորիա» համայնքային ոչ առևտրային կազմակերպության, իսկ Լուսիկ Մնացականյանը շարունակել է զբաղեցնել տնօրենի պաշտոնը: Համաձայն ՀՈԱԿ-ի կանոնադրության 19-րդ և 20-րդ կետերի՝ Լուսիկ Մնացականյանն իրականացրել է համայնքային կազմակերպության ընթացիկ գործունեության ղեկավարումը և կրել է Հայաստանի Հանրապետության օրենսդրության, այլ իրավական ակտերի, համայնքային կազմակերպության կանոնադրության և կնքված պայմանագրերի պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար պատասխանատվություն, իսկ համաձայն 23-րդ կետի 2-րդ և 7-րդ ենթակետերի՝ օրենսդրությամբ, հիմնադրի, լիազոր մարմնի որոշումներով և կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինել է համայնքային կազմակերպության գույքը, այդ թվում՝ ֆինանսական միջոցները, արձակել է հրամաններ, հրահանգներ, տվել է պարտադիր կատարման ցուցումներ և վերահսկել է դրանց կատարումը: Այսինքն՝ Լուսիկ Մնացականյանը հանդիսացել է ՀՈԱԿ-ում մշտապես կազմակերպական-տնօրինչական և վարչատնտեսական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ:
Միաժամանակ, ՀՀ առողջապահության նախարարի 2021 թվականի ապրիլի 29-ի թիվ 1562-Ա հրամանի հիմքով՝ իր՝ 09.07.2021թ. թիվ 7 հրամանի համաձայն, Լուսիկ Մնացականյանը հանդիսացել է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումների իմունոկանխարգելման կաբինետի պատասխանատու:
Դեռևս 1987 թվականից, որպես բուժքույր, «Ալաշկերտի բժշկական ամբուլատորիա» ՀՈԱԿ-ում է աշխատում նաև սույն վարույթով մյուս մեղադրյալը՝ Օվսաննա Կարապետյանը, ով Լուսիկ Մնացականյանի հետ գտնվել է ենթակայության հարաբերությունների մեջ:
2020 թվականի փետրվարից Հայաստանի Հանրապետության տարածք ներթափանցած կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածմամբ պայմանավորված՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը և լիազոր պետական մարմինը՝ ՀՀ առողջապահության նախարարությունը, ՀՀ սահմանադրության 86-րդ հոդվածի 7-րդ կետով ստանձնելով բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի իրականացման, արդյունավետ և մատչելի բժշկական սպասարկման պայմանների ստեղծման պարտավորություն, երաշխավորելով բնակչության առողջության և կյանքի անվտանգությունը, անզիջում պայքար է մղել կորոնավիրուսային համավարակի տարածման դեմ՝ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելով դրա վնասակար հետևանքների չեզոքացման ուղղությամբ: Այդ նպատակով ընդունվել են համապատասխան նորմատիվ-իրավական ակտեր, համավարակի դեմ արդյունավետ պայքարելու համար ներդրվել են բնակչությանը համատարած պատվաստելու միջոցառումներ, բժշկական հաստատություններին անվճար հիմունքներով հատկացվել են պատվաստանյութեր և այլն: Այդ թվում՝ նշված միջոցառումների արդյունավետ իրականացման նպատակով ՀՀ առողջապահության նախարարի՝ 2021 թվականի օգոստոսի 20-ի թիվ 65-Ն հրամանով սահմանվել է, որ աշխատողը յուրաքանչյուր 14 օրը մեկ պարտավոր է ներկայացնել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման պոլիմերազային շղթայական ռեակցիայի հետազոտության բացասական թեստի արդյունք կամ համավարակի դեմ պատվաստումը հավաստող սերտիֆիկատը (տեղեկանք):
Քերոբ Քյարամյանը, ով նույն ժամանակահատվածում աշխատել է «Ռեդի-Սթեդի» ՍՊ ընկերությունում, պատվաստման դեպքում որոշակի առողջական խնդիրներ առաջանալու մտավախություն ունենալով, չի ցանկացել կորոնավիրուսային հիվանդության դեմ փաստացի պատվաստվել և ՀՀ առողջապահության նախարարի՝ հիշյալ հրամանով սահմանված՝ կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումը հավաստող սերտիֆիկատը գործատուին ներկայացնելու և այդպիսով՝ պարբերաբար պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) հետազոտության վճարովի թեստ չհանձնելու նպատակով, իր նախկին համագյուղացու՝ Հրանտ Գևորգյանի հետ ունեցած մտերիմ հարաբերություններից ելնելով՝ 2021 թվականի սեպտեմբերի 30-ին դիմել է վերջինիս՝ խնդրելով միջնորդել իր և որդիների՝ Արթուր և Արմեն Քյարամյանների համար, առանց կորոնավիրուսային հիվանդության դեմ փաստացի պատվաստման, գումարի դիմաց ստանալ պատվաստված լինելը հավաստող կեղծ սերտիֆիկատներ:
Հրանտ Գևորգյանը, ընդառաջելով Քերոբ Քյարամյանի խնդրանքին, տեղյակ լինելով վերջինիս կողմից կաշառքի դիմաց առանց փաստացի պատվաստման պատվաստված լինելը հավաստող կեղծ սերտիֆիկատ (տեղեկանք) ձեռք բերելու մտադրության մասին, նպատակ ունենալով իր գործողություններով միջնորդել վերջինիս կողմից կաշառք տալուն, խոստացել է դիմել իր հետ մտերիմ փոխհարաբերությունների մեջ գտնվող՝ Հայաստանի Հանրապետությունում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող «Ալաշկերտի բժշկական ամբուլատորիա» ՀՈԱԿ-ի տնօրեն Լուսիկ Մնացականյանին և պայմանավորվածություն ձեռք բերել կաշառքի դիմաց առանց փաստացի պատվաստման պատվաստված լինելը հավաստող կեղծ սերտիֆիկատ (տեղեկանք) ձեռք բերելու շուրջ, ապա՝ նպաստել է կաշառք տալու շուրջ կայացած համաձայնության իրականացմանը:
Այնուհետև՝ 2021 թվականի սեպտեմբերի 30-ին, Հրանտ Գևորգյանը հանդիպել է Լուսիկ Մնացականյանին և վերջինիս հետ ձեռք բերել կեղծ սերտիֆիկատներից յուրաքանչյուրի համար 30․000-ական ՀՀ դրամ, ընդհանուր՝ 90․000 ՀՀ դրամ, կաշառք տալու և ստանալու վերաբերյալ պայմանավորվածություն և ստանալով Լուսիկ Մնացականյանի համաձայնությունը՝ նույն օրն այդ մասին հայտնել է Քերոբ Քյարամյանին: Միաժամանակ, պատվաստման փաստը հաստատող փաստաթղթերում համապատասխան գրառումներ կատարելու և փաստաթղթերին կցելու նպատակով Լուսիկ Մնացականյանը Հրանտ Գևորգյանից պահանջել է Քերոբ Քյարամյանի և նրա որդիների անձը հաստատող փաստաթղթերի պատճենները, իսկ Հրանտ Գևորգյանն այդ փաստաթղթերն, իր հերթին, պահանջել է Քերոբ Քյարամյանից:
Հրանտ Գևորգյանը Քերոբ Քյարամյանից ստացել և Լուսիկ Մնացականյանին է փոխանցել Քերոբ, Արմեն և Արթուր Քյարամյանների անձը հաստատող փաստաթղթերի պատճենները, միաժամանակ հայտնելով Քերոբ Քյարամյանի խոստման մասին առ այն, որ կաշառքի գումարը՝ ընդհանուր 90․000 ՀՀ դրամը, վերջինս կտրամադրի երկրորդ՝ ամբողջական պատվաստման վերաբերյալ տվյալները Հայաստանի Հանրապետությունում էլեկտրոնային առողջապահության միասնական տեղեկատվական «Արմեդ» համակարգ մուտքագրվելուց հետո, այդ կերպ՝ նյութապես շահագրգռելով Լուսիկ Մնացականյանին վերջինիս դրդել է կատարել նաև պաշտոնեական կեղծիք:
Կաշառք տալու առաջարկն ընդունելուց հետո, Լուսիկ Մնացականյանը, ՀՀ առողջապահության նախարարի՝ 2020թ. օգոստոսի 17-ի թիվ 21-Ն հրամանի 19-րդ կետի համաձայն՝ պատասխանատու լինելով կանխարգելիչ պատվաստումների պատշաճ իրականացման համար, Քերոբ Քյարամյանի և Հրանտ Գևորգյանի դրդմամբ իր լիազորությունների շրջանակում, առանց Քերոբ Քյարամյանի, Արթուր Քյարամյանի և Արմեն Քյարամյանի փաստացի պատվաստման, վերջիններիս անձնական տվյալները գրանցել է իր կողմից բացված ամբուլատոր քարտերում, ինչպես նաև նույն ՀՈԱԿ-ի աշխատակից Օվսաննա Կարապետյանին կարգադրել է ամբուլատոր քարտերում և պատվաստումների գրանցամատյանում մտցնել իրականությանը չհամապատասխանող ակնհայտ կեղծ տեղեկություններ իբր նշված անձինք ջերմաչափվել և 2021 թվականի հոկտեմբերի 5-ին ստացել են «Աստրա Զենեկա» պատվաստանյութի առաջին 0.5 միլիգրամ դեղաչափը:
Դրանից հետո, Քերոբ, Արթուր և Արմեն Քյարամյանների անվամբ պատվաստված լինելու վերաբերյալ կեղծ տվյալները ՀՈԱԿ-ի օպերատոր Լուսինե Մովսիսյանի կողմից մուտքագրվել են Հայաստանի Հանրապետությունում էլեկտրոնային առողջապահության միասնական տեղեկատվական «Արմեդ» համակարգ, ինչի արդյունքում անձնական տվյալներով ինքնաշխատ եղանակով կազմվել է պատվաստված լինելը հավաստող, բովանդակությամբ իրականությանը չհամապատասխանող, իրավունք վերապահող կեղծ փաստաթղթեր՝ սերտիֆիկատներ:
2021 թվականի հոկտեմբերի 6-ին Հրանտ Գևորգյանը ՀՈԱԿ-ի օպերատոր Լուսինե Մովսիսյանից ստացել և նույն օրը հեռախոսային հավելվածի միջոցով Քերոբ Քյարամյանին է փոխանցել վերը նշված կեղծ սերտիֆիկատները:
Այնուհետև, Քերոբ Քյարամյանն իր աշխատանքի վայրում՝ «Ռեդի-Սթեդի» ՍՊ ընկերության՝ Երևան քաղաքի Արին-Բերդ փողոցի 5-րդ նրբանցքի թիվ 11 հասցեում գտնվող պահեստում տեղեկանալով, որ իր գործընկերը՝ Գուրգեն Անանյանը, չի ցանկանում պատվաստվել և մտադրություն ունի գործատուին ներկայացնելու համար ձեռք բերել առանց պատվաստման պատվաստումը հավաստող սերտիֆիկատ, այդ հարցում վերջինիս օգնելու նպատակով հայտնել է, որ կարող է առանց պատվաստման սերտիֆիկատ ձեռք բերել, որից հետո խնդրել է իրեն տրամադրել նույնականացման քարտի պատճենը:
Գուրգեն Անանյանի նույնականացման քարտը լուսանկարելուց հետո Քերոբ Քյարամյանը 2021 թվականի հոկտեմբերի 7-ին զանգահարել է իր մտերիմ Հրանտ Գևորգյանին և խնդրել իր կողմից ներկայացրած անձի՝ Գուրգեն Անանյանի համար, առանց կորոնավիրուսային հիվանդության դեմ փաստացի պատվաստման, գումարի դիմաց ստանալ պատվաստված լինելը հավաստող կեղծ սերտիֆիկատ:
Հրանտ Գևորգյանը, կրկին ընդառաջելով Քերոբ Քյարամյանի խնդրանքին, տեղյակ լինելով վերջինիս կողմից կաշառքի դիմաց առանց փաստացի պատվաստման Գուրգեն Անանյանի անվամբ պատվաստված լինելը հավաստող կեղծ սերտիֆիկատ (տեղեկանք) ձեռք բերելու մտադրության մասին, նպատակ ունենալով իր գործողություններով միջնորդել Քերոբ Քյարամյանի կողմից կաշառք տալուն, խոստացել է դիմել ՀՈԱԿ-ի տնօրեն Լուսիկ Մնացականյանին և պայմանավորվածություն ձեռք բերել կաշառքի դիմաց առանց փաստացի պատվաստման պատվաստված լինելը հավաստող կեղծ սերտիֆիկատ (տեղեկանք) ձեռք բերելու շուրջ, ապա՝ նպաստել է կաշառք տալու շուրջ կայացած համաձայնության իրականացմանը:
Այնուհետև, Հրանտ Գևորգյանը Լուսիկ Մնացականյանի հետ ձեռք բերելով կեղծ սերտիֆիկատի համար 30.000 ՀՀ դրամ կաշառք տալու և ստանալու վերաբերյալ պայմանավորվածություն և ստանալով Լուսիկ Մնացականյանի համաձայնությունը՝ նույն օրն այդ մասին հայտնել է Քերոբ Քյարամյանին: Միաժամանակ, պատվաստման փաստը հաստատող փաստաթղթերում համապատասխան գրառումներ կատարելու և փաստաթղթերին կցելու նպատակով Լուսիկ Մնացականյանը Հրանտ Գևորգյանից պահանջել է Գուրգեն Անանյանի անձը հաստատող փաստաթղթերի պատճենները, իսկ Հրանտ Գևորգյանն այդ փաստաթղթերն իր հերթին պահանջել է Քերոբ Քյարամյանից:
Հրանտ Գևորգյանը Քերոբ Քյարամյանից ստացել և 2021 թվականի հոկտեմբերի 12-ին Լուսիկ Մնացականյանին է փոխանցել Գուրգեն Անանյանի անձը հաստատող փաստաթղթերի լուսապատճենները: Միաժամանակ, 2021 թվականի հոկտեմբերի կեսին Հրանտ Գևորգյանն իր բնակության վայրում Քերոբ Քյարամյանից ստացել և Լուսիկ Մնացականյանին է տվել 30.000 ՀՀ դրամ կաշառքի գումարը, այդ կերպ՝ նյութապես շահագրգռելով Լուսիկ Մնացականյանին վերջինիս դրդել է կատարել նաև պաշտոնեական կեղծիք:
Ստացված կաշառքի դիմաց, Լուսիկ Մնացականյանը, ՀՀ առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 17-ի թիվ 21-Ն հրամանի 19-րդ կետի համաձայն՝ պատասխանատու լինելով կանխարգելիչ պատվաստումների պատշաճ իրականացման համար, Քերոբ Քյարամյանի և Հրանտ Գևորգյանի դրդմամբ իր լիազորությունների շրջանակում, առանց Գուրգեն Անանյանի փաստացի պատվաստման, վերջինիս անձնական տվյալները գրանցել է իր կողմից բացված ամբուլատոր քարտում, ինչպես նաև Օվսաննա Կարապետյանին կարգադրել է ամբուլատոր քարտում և պատվաստումների գրանցամատյանում մտցնել իրականությանը չհամապատասխանող ակնհայտ կեղծ տեղեկություններ իբր Գուրգեն Անանյանը ջերմաչափվել և 2021 թվականի հոկտեմբերի 12-ին ստացել է «Աստրա Զենեկա» պատվաստանյութի առաջին 0.5 միլիգրամ դեղաչափը:
Դրանից հետո, Գուրգեն Անանյանի՝ պատվաստված լինելու վերաբերյալ կեղծ տվյալները ՀՈԱԿ-ի օպերատոր Լուսինե Մովսիսյանի կողմից մուտքագրվել են Հայաստանի Հանրապետությունում էլեկտրոնային առողջապահության միասնական տեղեկատվական «Արմեդ» համակարգ, ինչի արդյունքում անձնական տվյալներով ինքնաշխատ եղանակով կազմվել է պատվաստված լինելը հավաստող, բովանդակությամբ իրականությանը չհամապատասխանող, իրավունք վերապահող կեղծ փաստաթուղթ՝ սերտիֆիկատ:
2021 թվականի հոկտեմբերի 14-ին Հրանտ Գևորգյանը ՀՈԱԿ-ի օպերատոր Լուսինե Մովսիսյանից ստացել և նույն օրը հեռախոսային հավելվածի միջոցով Քերոբ Քյարամյանին է փոխանցել վերը նշված կեղծ սերտիֆիկատը:
Այնուհետև՝ 2021 թվականի հոկտեմբերի կեսին, Քերոբ Քյարամյանն իր աշխատանքի վայրում՝ վերը նշված պահեստում, տեղեկանալով, որ իր գործընկերներ Դավիթ Մանուկյանը և Կարեն Այվազյանը չեն ցանկանում պատվաստվել և մտադրություն ունեն կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումը հավաստող սերտիֆիկատները գործատուին ներկայացնելով՝ պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) հետազոտության վճարովի թեստ պարբերաբար չհանձնել, այդ հարցում վերջիններիս օգնելու նպատակով հայտնել է, որ կարող է առանց պատվաստման սերտիֆիկատ ձեռք բերել, որից հետո խնդրել է իրեն տրամադրել անձը հաստատող փաստաթղթերի պատճենները:
Դավիթ Մանուկյանի և Կարեն Այվազյանի անձը հաստատող փաստաթղթերը լուսանկարելուց հետո Քերոբ Քյարամյանը, առանց վերջիններիս գիտության, 2021 թվականի հոկտեմբերի 17-ին զանգահարել է իր մտերիմ Հրանտ Գևորգյանին և խնդրել իր կողմից ներկայացրած անձանց՝ Դավիթ Մանուկյանի և Կարեն Այվազյանի համար, առանց կորոնավիրուսային հիվանդության դեմ փաստացի պատվաստման, գումարի դիմաց ստանալ պատվաստված լինելը հավաստող կեղծ սերտիֆիկատներ: Միաժամանակ, Քերոբ Քյարամյանը Հրանտ Գևորգյանին խնդրել է կաշառքի գումարը տալ իր միջոցներից՝ խոստանալով հետագայում հատուցել:
Հրանտ Գևորգյանը, կրկին ընդառաջելով Քերոբ Քյարամյանի խնդրանքին, տեղյակ լինելով վերջինիս կողմից կաշառքի դիմաց առանց փաստացի պատվաստման Դավիթ Մանուկյանի և Կարեն Այվազյանի անվամբ պատվաստված լինելը հավաստող կեղծ սերտիֆիկատներ ձեռք բերելու մտադրության մասին, նպատակ ունենալով հանդես գալ որպես միջնորդ, խոստացել է դիմել Լուսիկ Մնացականյանին և պայմանավորվածություն ձեռք բերել կաշառքի դիմաց առանց փաստացի պատվաստման պատվաստված լինելը հավաստող կեղծ սերտիֆիկատներ (տեղեկանքներ) ձեռք բերելու շուրջ, ապա՝ նպաստել է կաշառք տալու շուրջ կայացած համաձայնության իրականացմանը:
Դրանից հետո, Հրանտ Գևորգյանը Լուսիկ Մնացականյանի հետ ձեռք բերելով կեղծ սերտիֆիկատների դիմաց կաշառք տալու և ստանալու վերաբերյալ պայմանավորվածություն և ստանալով Լուսիկ Մնացականյանի համաձայնությունը՝ այդ մասին անմիջապես հայտնել է Քերոբ Քյարամյանին: Միաժամանակ, պատվաստման փաստը հաստատող փաստաթղթերում համապատասխան գրառումներ կատարելու և փաստաթղթերին կցելու նպատակով Լուսիկ Մնացականյանը Հրանտ Գևորգյանից պահանջել է Դավիթ Մանուկյանի և Կարեն Այվազյանի անձը հաստատող փաստաթղթերի պատճենները և հեռախոսահամարները, իսկ Հրանտ Գևորգյանն այդ փաստաթղթերն ու տվյալներն իր հերթին պահանջել է Քերոբ Քյարամյանից:
Հրանտ Գևորգյանը Քերոբ Քյարամյանից ստացել և 2021 թվականի հոկտեմբերի 26-ին Լուսիկ Մնացականյանին է փոխանցել Դավիթ Մանուկյանի և Կարեն Այվազյանի անձը հաստատող փաստաթղթերի լուսապատճենները և նրանց հեռախոսահամարները:
Կաշառք տալու առաջարկն ընդունելուց հետո՝ 2021 թվականի նոյեմբերի 1-ին, Լուսիկ Մնացականյանը՝ կաշառք ստանալու, Հրանտ Գևորգյանը՝ կաշառքի միջնորդության, իսկ Քերոբ Քյարամյանը՝ կաշառք տալու կասկածանքով բերման են ենթարկվել ՀՀ ազգային անվտանգության ծառայության Արմավիրի մարզային վարչություն:
Բացի այդ, Արմավիրի մարզի Ալաշկերտ համայնքի բնակիչ Սիրանուշ Կիրակոսյանը, 2021 թվականի հոկտեմբերին, տեղեկանալով, որ իր ընտանիքին պատկանող, Արմավիրի մարզի Ալաշկերտ համայնքում գտնվող «Ալաշկերտ» սուպերմարկետի հսկիչ-վաճառողուհի Նինա Արևշատյանը չի ցանկանում կորոնավիրուսային հիվանդության դեմ փաստացի պատվաստվել, փոխարենը՝ ՀՀ առողջապահության նախարարի 20.08.2021թ.-ի թիվ 65-Ն հրամանով սահմանված՝ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումը հավաստող սերտիֆիկատը գործատուին ներկայացնելու և այդպիսով՝ պարբերաբար պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) հետազոտության վճարովի թեստ չհանձնելու նպատակով մտադրված է ստանալ պատվաստված լինելը հավաստող կեղծ սերտիֆիկատ, վերջինիս հայտնել է, որ այդ հարցով կարող է դիմել «Ալաշկերտի բժշկական ամբուլատորիա» ՀՈԱԿ-ի տնօրեն Լուսիկ Մնացականյանին:
Միաժամանակ, Սիրանուշ Կիրակոսյանը, տեղյակ լինելով այն մասին, որ իր հարսի հայրը՝ Վարուժան Մխիթարյանը, նույնպես չի ցանկանում կորոնավիրուսային հիվանդության դեմ փաստացի պատվաստվել, նպատակադրվել է նրա համար պատվաստված լինելը հավաստող կեղծ սերտիֆիկատ ձեռք բերելու հարցով ևս դիմել Լուսիկ Մնացականյանին:
Այնուհետև, Սիրանուշ Կիրակոսյանը, 2021 թվականի հոկտեմբերի 14-ին «Ալաշկերտի բժշկական ամբուլատորիա» ՀՈԱԿ-ում՝ տնօրեն Լուսիկ Մնացականյանի աշխատասենյակում, հանդիպել է վերջինիս և հայտնել Նինա Արևշատյանի ու Վարուժան Մխիթարյանի՝ առանց փաստացի պատվաստման, պատվաստված լինելը հավաստող կեղծ սերտիֆիկատներ ձեռք բերելու ցանկության մասին, որից հետո Լուսիկ Մնացականյանը, հայտնելով կեղծ սերտիֆիկատներ տրամադրելու հնարավորության մասին, իր լիազորությունների շրջանակում ակնհայտ ապօրինի գործողություն կատարելու համար դրանցից յուրաքանչյուրի դիմաց Սիրանուշ Կիրակոսյանի միջոցով պահանջել է 15․000-ական ՀՀ դրամ, ընդհանուր՝ 30․000 ՀՀ դրամ կաշառք:
Բացի այդ, Արմավիր քաղաքի բնակիչ, սույն քրեական վարույթով մեղադրյալ Սուրեն Թովմասյանը 2021 թվականի սեպտեմբերին դիմել է իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող, «Ալաշկերտի բժշկական ամբուլատորիա» ՀՈԱԿ-ի տնօրեն Լուսիկ Մնացականյանին՝ հայտնելով, որ որոշակի առողջական խնդիրների պատճառով չի ցանկանում կորոնավիրուսային հիվանդության դեմ փաստացի պատվաստվել, փոխարենը՝ ՀՀ առողջապահության նախարարի 20.08.2021թ.-ի թիվ 65-Ն հրամանով սահմանված՝ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումը հավաստող սերտիֆիկատը գործատուին ներկայացնելու և այդպիսով՝ պարբերաբար պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) հետազոտության վճարովի թեստ չհանձնելու նպատակով մտադրված է ստանալ պատվաստված լինելը հավաստող կեղծ սերտիֆիկատ:
Լուսիկ Մնացականյանը, ՀՀ առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 17-ի թիվ 21-Ն հրամանի 19-րդ կետի համաձայն՝ պատասխանատու լինելով կանխարգելիչ պատվաստումների պատշաճ իրականացման համար, ընդառաջելով Սուրեն Թովմասյանի խնդրանքին, նրա դրդմամբ և անձնական այլ դրդումներից ելնելով, առանց վերջինիս փաստացի պատվաստման, 2021 թվականի սեպտեմբերի 27-ին նրա անձնական տվյալները գրանցել է իր կողմից բացված ամբուլատոր քարտում, ինչպես նաև Օվսաննա Կարապետյանին կարգադրել է ամբուլատոր քարտում և պատվաստումների գրանցամատյանում մտցնել իրականությանը չհամապատասխանող ակնհայտ կեղծ տեղեկություններ, թե, իբր, Սուրեն Թովմասյանը ջերմաչափվել և 2021 թվականի սեպտեմբերի 27-ին ստացել է «Աստրա Զենեկա» պատվաստանյութի առաջին 0.5 միլիգրամ դեղաչափը:
Դրանից հետո, Սուրեն Թովմասյանի՝ պատվաստված լինելու վերաբերյալ կեղծ տվյալները ՀՈԱԿ-ի օպերատոր Լուսինե Մովսիսյանի կողմից մուտքագրվել են Հայաստանի Հանրապետությունում էլեկտրոնային առողջապահության միասնական տեղեկատվական «Արմեդ» համակարգ, ինչի արդյունքում անձնական տվյալներով ինքնաշխատ եղանակով կազմվել է պատվաստված լինելը հավաստող, բովանդակությամբ իրականությանը չհամապատասխանող, իրավունք վերապահող կեղծ փաստաթուղթ՝ սերտիֆիկատ։ (…)»:
8․ Առաջին ատյանի դատարանը 2024 թվականի հունվարի 31-ի դատական ակտում արձանագրել է հետևյալը. «(...) Դատարանն արձանագրում է, որ մեղադրյալ Օվսաննա Կարապետյանին ներկայացված մեղադրանքի բովանդակությունից հետևում է, որ նրան մեղսագրվում են ՀՀ քրեական նախկին օրենսգրքի 38-314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դիտավորյալ հանցանքներ, որոնցից վերջինն ավարտվել է՝ 2021 թվականի հոկտեմբերի 12-ին, երբ Օվսաննա Կարապետյանը՝ ամբուլատոր քարտում և պատվաստումների գրանցամատյանում մտցրել է իրականությանը չհամապատասխանող՝ առերևույթ ակնհայտ կեղծ տեղեկություններ՝ իբր Գուրգեն Անանյանը ջերմաչափվել և 2021 թվականի հոկտեմբերի 12-ին ստացել է «Աստրա Զենեկա» պատվաստանյութի առաջին 0.5 միլիգրամ դեղաչափը:
Դատարանն արձանագրում է, որ մեղադրյալ Օվսաննա Կարապետյանին վերագրվում է արարք, որը կատարվել է ՀՀ քրեական նախկին օրենսգրքի գործողության ժամանակ և համապատասխանում է ՀՀ քրեական նոր օրենսգրքի 46-445-րդ հոդվածի 1-ին մասին, որով, որպես պատիժ, նախատեսված է նաև ազատազրկումը՝ առավելագույնը երկու տարի ժամկետով։
Այլ խոսքով, Օվսաննա Կարապետյանին վերագրվող՝ ՀՀ քրեական նախկին օրենսգրքի 38-314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը համապատասխանում է ՀՀ քրեական նոր օրենսգրքի 46-445-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքին, որը հանդես է գալիս որպես պատիժը մեղմացնող օրենք (քանի որ, ի տարբերություն ՀՀ քրեական նախկին օրենսգրքի 314-րդ հոդվածի, որը դասվում է միջին ծանրության հանցանքների շարքին, ՀՀ քրեական նոր օրենսգրքի 445-րդ հոդվածը դասվում է ոչ մեծ ծանրության հանցանքների շարքին), հետևաբար ունի հետադարձ ուժ։
(…) 2003 և 2021 թվականներին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքերի՝ համապատասխանաբար 75-րդ և 83-րդ հոդվածների համեմատական վերլուծության արդյունքում Դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական նոր օրենսգիրքը քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետների հաշվարկման մասով՝ տվյալ դեպքում անձի վիճակը վատթարացնող օրենք է և կիրառելի չէ մեղադրյալ Օվսաննա Կարապետյանի նկատմամբ, քանի որ՝ նախ սահմանում է վաղեմության ժամկետի հաշվարկման ավելի երկար ժամկետներ, բացի այդ՝ վաղեմության ժամկետը, ի տարբերություն ՀՀ քրեական նախկին օրենսգրքի, հաշվարկվում է մինչև անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին որոշում կայացնելը։
Դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական նոր օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը դասվում է ոչ մեծ ծանրության հանցանքների շարքին, որի համար քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետը նույն օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն 5 տարի է, ինչը մեղադրյալի համար առավել խիստ և անբարենպաստ կարգավորում է՝ ի տարբերություն ՀՀ քրեական նախկին օրենսգրքով սահմանված՝ ոչ մեծ ծանրության հանցանքների համար քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետի, որը հիշյալ օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ 2 տարի է։
Այսինքն, ՀՀ քրեական նոր օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասը՝ պատժի մեղմացման առումով հանդիսանում է պատասխանատվությունը մասնակիորեն մեղմացնող, միաժամանակ այդ արարքի համար քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետի առումով՝ նույն օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված կարգավորումների համատեքստում պատասխանատվությունը մասնակիորեն խստացնող օրենք, հետևաբար՝ ՀՀ քրեական նոր օրենսգրքի 9-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված՝ «սույն հոդվածով նախատեսված չափանիշներին համապատասխան» (այսինքն՝ մեղմացնող մասով կիրառելով այդ հոդվածի 2-րդ մասով, իսկ խստացնող մասով այդ հոդվածի 1-ին մասով նախատեսված կարգավորումները) պայմանի կիրառմամբ ՀՀ քրեական նոր օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասը հետադարձ ուժ ունի միայն այն մասով, որով մեղմացնում է պատասխանատվությունը։
Անդրադառնալով Օվսաննա Կարապետյանի կողմից քննությունից կամ դատից խուսափելու հանգամանքին՝ Դատարանն արձանագրում է, որ քրեական գործի նյութերում բացակայում է որևէ փաստական տվյալ առ այն, որ մեղադրյալ Օվսաննա Կարապետյանը՝ իրեն մեղսագրվող՝ ՀՀ քրեական նախկին օրենսգրքի 38-314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված վերջին արարքի կատարումից հետո կատարել է նոր հանցանք կամ խուսափել է քննությունից կամ դատից։
Վերոգրյալի հաշվառմամբ Դատարանն արձանագրում է, որ մեղսագրվող արարքի համար Օվսաննա Կարապետյանին քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետը պետք է հաշվել՝ 2021 թվականի հոկտեմբերի 13-ից, հետևաբար, նկատի ունենալով, որ միասնական էլեկտրոնային տեղեկատվական համակարգի տրամադրած տեղեկատվության համաձայն՝ վաղեմության ժամկետի ընթացքը չի ընդհատվել կամ կասեցվել, և Օվսաննա Կարապետյանի կողմից մեղսագրվող՝ ՀՀ քրեական նախկին օրենսգրքի 38-314-րդ հոդվածի 1-ին մասով (համապատասխանում է՝ ՀՀ քրեական նոր օրենսգրքի 46-445-րդ հոդվածի 1-ին մասին) նախատեսված վերջին արարքը՝ ենթադրաբար կատարելուց հետո անցել է 2 (երկու) տարուց ավել ժամանակ, այսինքն՝ անցել է քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը, իսկ մեղադրյալն առարկություն չի ներկայացրել՝ իր նկատմամբ նշված հոդվածով իրականացվող քրեական հետապնդումն այդ հիմքով դադարեցնելու կապակցությամբ, ուստի Օվսաննա Կարապետյանի նկատմամբ՝ 3 դրվագ ՀՀ քրեական նախկին օրենսգրքի 38-314-րդ հոդվածի 1-ին մասով (համապատասխանում է՝ ՀՀ քրեական նոր օրենսգրքի 46-445-րդ հոդվածի 1-ին մասին) իրականացվող քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման։ (...)»։
9. Վերաքննիչ դատարանը վիճարկվող որոշմամբ արձանագրել է. «(…) 2003 և 2021 թվականներին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքերի համապատասխանաբար 75-րդ և 83-րդ հոդվածների համեմատաիրավական վերլուծությունը վկայում է, որ 2021 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգիրքը քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետների մասով տվյալ դեպքում անձի վիճակը վատթարացող օրենք է և կիրառելի չէ մեղադրյալ Օ․Կարապետյանի նկատմամբ, քանի որ նախ՝ սահմանում է վաղեմության ավելի երկար ժամկետներ, բացի այդ, վաղեմության ժամկետը, ի տարբերություն 2003 թվականին ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի, հաշվարկվում է մինչև անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին որոշում կայացնելը։
Այսպես․
Օվսաննա Կարապետյանին վերագրվում է արարք, որը կատարվել է 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի գործողության ժամանակ և վերջինիս վերագրվող արարքը համապատասխանում է 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասին, որով նախատեսված պատժատեսակ է նաև ազատազրկումը՝ առավելագույնը երկու տարի ժամկետով։ Այսինքն, Օվսաննա Կարապետյանին ՀՀ քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասով վերագրվող արարքը դասվում է ոչ մեծ ծանրության հանցանքների շարքին։
Վերաքննիչ դատարանը գտնում է, որ քննության առարկա դեպքի նկատմամբ կիրառելի է ՀՀ քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 6-րդ մասը՝ հետևյալ հիմնավորմամբ․ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը համապատասխանում է 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքին, որը հանդես է գալիս որպես պատիժը մեղմացնող օրենք և ունի հետադարձ ուժ։
Միաժամանակ, 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը դասվում է ոչ մեծ ծանրության հանցանքների շարքին, որի համար քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետը նույն օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ 5 տարի է, ինչը մեղադրյալի համար առավել խիստ և անբարենպաստ կարգավորում է, քան 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի՝ 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքին համապատասխանեցման արդյունքում այդ հոդվածի ծանրությանը համարժեք՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի ոչ մեծ ծանրության հանցանքների համար քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետը, որը համաձայն այդ օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի՝ 2 տարի է։
Այսինքն, 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասը՝ պատիժը մեղմացնելու առումով հանդիսանում է պատասխանատվությունը մասնակիորեն մեղմացնող, միաժամանակ այդ արարքի համար քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետի առումով՝ նույն օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հետ փոխկապակցվածությամբ, պատասխանատվությունը մասնակիորեն խստացնող օրենք, հետևաբար, 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 6-րդ մասով ձևակերպված՝ «սույն հոդվածով նախատեսված չափանիշներին համապատասխան» (այսինքն, մեղմացնող մասով կիրառելով այդ հոդվածի 2-րդ մասով, իսկ խստացնող մասով այդ հոդվածի 1-ին մասով նախատեսված կարգավորումները) պայմանի կիրառմամբ 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասը հետադարձ ուժ ունի միայն այն մասով, որով մեղմացնում է պատասխանատվությունը։ (…)»։
Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը.
10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչա՞փ են արդյոք մեղադրյալ Օ․Կարապետյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները։
11. ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի համաձայն՝ «Ոչ ոք չի կարող դատապարտվել այնպիսի գործողության կամ անգործության համար, որը կատարման պահին հանցագործություն չի հանդիսացել: Չի կարող նշանակվել ավելի ծանր պատիժ, քան այն, որը ենթակա էր կիրառման հանցանք կատարելու պահին: Արարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքն ունի հետադարձ ուժ»։
ՀՀ Սահմանադրության 73-րդ հոդվածի համաձայն՝ «1. Անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն:
2. Անձի իրավական վիճակը բարելավող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ ունեն, եթե դա նախատեսված է այդ ակտերով»։
ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի համաձայն՝ «1. Արարքի հանցավորությունը սահմանող, պատիժը խստացնող կամ հանցանք կամ քրեական օրենսդրությամբ նախատեսված արարք կատարած անձի վիճակն այլ կերպ վատթարացնող օրենսդրությունը հետադարձ ուժ չունի:
2. Արարքի հանցավորությունը լրիվ կամ մասնակիորեն վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենսդրությունն ունի հետադարձ ուժ: Նշված դեպքում այն տարածվում է մինչև դրա ուժի մեջ մտնելը հանցանք կամ քրեական օրենսդրությամբ նախատեսված արարք կատարած այն անձանց վրա, որոնց վերաբերյալ դեռևս առկա չէ օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատավարական ակտ։
(...)
4. Հանցանք կամ քրեական օրենսդրությամբ նախատեսված արարք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենսդրությունն ունի հետադարձ ուժ, եթե դա նախատեսված է օրենքով։
(...)
6. Պատասխանատվությունը մասնակիորեն մեղմացնող և միաժամանակ մասնակիորեն խստացնող օրենքը սույն հոդվածով նախատեսված չափանիշներին համապատասխան հետադարձ ուժ ունի միայն այն մասով, որը մեղմացնում է պատասխանատվությունը»:
11.1. ՀՀ Սահմանադրության 72-73-րդ հոդվածներով ամրագրված երաշխիքները, որոնք նորմատիվ իրավական ակտի կիրառման սահմանադրական սկզբունք են, քրեաիրավական համակարգում առանցքային տեղ են գրավում, ինչը հատկապես ընդգծվում է այն հանգամանքով, որ փոփոխվող և զարգացող հասարակությունում կոնկրետ արարքի դեմ քրեաիրավական ներգործության նպատակահարմարությունը, դրա հանրային վտանգավորությունը կամ քրեականացված արարքը կատարած անձի իրավական վիճակը նորովի կարգավորվելու դեպքում դատարանը՝ որպես քրեական դատավարությունում արդարադատության գործառույթով օժտված մարմին, պետք է քննարկման առարկա դարձնի օրենսդրական փոփոխության իրավական բնույթը, ըստ այդմ էլ՝ մինչ ընդունումը ծագած իրավահարաբերությունների վրա այն հետադարձութամբ տարածելու իրավական հնարավորությունը։
Հարկ է արձանագրել, որ ՀՀ Սահմանադրությամբ ժամանակի մեջ իրավական ակտերի գործողության կանոնակարգումը հիմնվում է այն տրամաբանության վրա, որ իրավական ակտերի հետադարձ ուժով գործողության մերժումն ընդհանուր կանոն է, իսկ այդ ակտերի հետադարձ ուժով գործողության հնարավորությունը՝ բացառություն ընդհանուր կանոնից։
Ընդ որում, բացառություններն իրենց հերթին տարբեր են. ա) երբ սահմանադիրը բացառում է որևէ հայեցողություն դրսևորելու հնարավորությունը՝ սահմանելով հետադարձության ուղիղ պահանջ, օրինակ, արարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքն օժտված է անմիջական գործողությամբ և բ) երբ անձի իրավական վիճակը բարելավող իրավական ակտին հետադարձ ուժ հաղորդելու լիազորությունը թողնվում է իրավասու՝ այդ ակտն ընդունող մարմնի հայեցողությանը, օրինակ, անձի իրավական վիճակը բարելավող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ ունեն, եթե դա նախատեսված է այդ ակտերով: Տարբերակման այս գաղափարն իր արտացոլումն է գտել նաև ՀՀ գործող քրեական օրենսգրքում. այսպես՝ օրենսգրքի 8-րդ և 9-րդ հոդվածների համադրված ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ արարքի հանցավորությունը լրիվ կամ մասնակիորեն վերացնող կամ պատիժը մեղմացնող նորմի համար նախատեսվում է հետադարձ ազդեցության անմիջական պահանջ, մինչդեռ անձի վիճակն այլ կերպ բարելավող դրույթի հետադարձությունը պայմանավորվում է օրենքով նախատեսված լինելու հանգամանքով։
12․ Վճռաբեկ դատարանը, Խաչատուր Պետրոսյանի և Հասմիկ Շանոյանի վերաբերյալ գործով որոշմամբ անդրադառնալով քրեական օրենսդրության հետադարձությամբ կիրառման դեպքերին, արձանագրել է, որ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետի հաշվարկման տեսանկյունից քրեական նոր օրենքով անձին մեղսագրված հանցանքի տեսակի փոփոխությունն ինքնին չի կարող հետադարձ ներգործություն ունենալ, այսինքն, այս հարցի շրջանակներում օրենսդրական փոփոխությունների բարենպաստ լինելու ինքնուրույն ցուցիչ չէ, և տեղի ունեցած օրենսդրական փոփոխությունների բարենպաստ լինելու մասին կարելի է խոսել բացառապես քրեական պատասխանատվությունից ազատելու ինստիտուտը կանոնակարգող՝ ՀՀ նախկին և գործող քրեական օրենսգրքերի ընդհանուր նորմերի հետ համադրված գնահատելու պարագայում։ Միևնույն ժամանակ անդրադառնալով օրենսդրական փոփոխությունների արդյունքում հանցանքի տեսակի և վաղեմության ժամկետների փոփոխության իրավիճակներին, մասնավորապես՝ այն դեպքին, երբ արարքի (հանցանքի) ծանրության աստիճանը նվազում է, իսկ այդ արարքի համար սահմանված քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը չի փոփոխվում, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ օրենսդրական փոփոխության արդյունքում պատժի մեղմացման հետևանքով նախկինում ծանր համարվող հանցանքը միջին ծանրության հանցանք հանդիսանալու դեպքում կիրառելի է մեղմացնող օրենքին հետադարձ ուժ տալու կանոնը՝ հանցանքի տեսակի և պատժի մասով, այսինքն՝ արարքը պետք է որակվի ՀՀ գործող քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով։ Վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ անթույլատրելի է օրենքի փոփոխության արդյունքում հետադարձության կանոնների կիրառմամբ ստացված միջին ծանրության հանցանքի համար քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետը (տասը տարին) համեմատել ՀՀ նախկին քրեական օրենսգրքով նախատեսված միջին ծանրության հանցանքի համար քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետի (հինգ տարի) հետ։ Նման համեմատությունը սկզբունքորեն չի համապատասխանի ժամանակի ընթացքում քրեական օրենքի գործողության կանոնի էությանն ու նշանակությանը: Հակառակ մոտեցումը հանգեցնում է այնպիսի իրավիճակի, որ արարքի կատարման պահին ծանր հանցագործություն համարվող արարքի պարագայում անձի նկատմամբ կիրառվում է արարքի կատարման պահին միջին ծանրության հանցանքի համար նախատեսված կարգավորումը, որը որևէ պարագայում կիրառելի չէր։
13․ Նախորդ կետում մեջբերված՝ Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո, հաշվի առնելով սույն վարույթի փաստական հանգամանքները, անհրաժեշտ է դիտարկել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքն անձին մեղսագրված լինելու դեպքը։ Այսպես՝ պաշտոնեական կեղծիք կատարելուն օժանդակելը, համաձայն ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի, դասվում էր միջին ծանրության հանցագործությունների շարքին, որի համար քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը հինգ տարի էր։ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 46-445-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարքը դասվում է ոչ մեծ ծանրության հանցագործությունների շարքին։ Միևնույն ժամանակ, օրենսդիրը ՀՀ գործող քրեական օրենսգրքի ընդհանուր մասում՝ վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով քրեական պատասխանատվությունից ազատելու կարգը սահմանող 83-րդ հոդվածում, սահմանել է, որ ոչ մեծ ծանրության հանցանքի դեպքում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտվելուն հաջորդող օրվանից անցել է հինգ տարի։
Ուստի ստացվում է, որ պաշտոնեական կեղծիք կատարելուն օժանդակելը ՀՀ գործող քրեական օրենսգրքով թեև դասվել է ոչ մեծ ծանրության հանցագործությունների շարքին, սակայն քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետի տեսանկյունից երկու օրենսդրություններն էլ ցուցաբերում են նույն մոտեցումը, ըստ որի՝ պաշտոնեական կեղծիք կատարելուն օժանդակելու մեջ մեղադրվող անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե մեղսագրվող արարքի կատարման պահից անցել է հինգ տարի։ Վերոգրյալից հետևում է, որ գործող քրեական օրենսդրությամբ հանցանքի տեսակի փոփոխությունը քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետների տեսանկյունից անձի համար որևէ բարենպաստ հետևանք չի առաջացնում, քանզի վաղեմության ժամկետի առումով քրեական օրենսդրության նախկին և ներկա կարգավորումները նույնական են։ Այլ խոսքով՝ պաշտոնեական կեղծիք կատարելու հանցանքի տեսակի փոփոխության հետևանքով քրեական պատասխանատվության ենթարկելու ժամկետը նախկին օրենսգրքի համեմատ փոփոխությունների չի ենթարկվել, ուստի քննարկվող դեպքում քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը ենթակա է լուծման տվյալ արարքի համար դրա կատարման պահին գործող քրեական օրենսդրությամբ նախատեսված քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետի հաշվառմամբ։
14․ Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ`
- մեղադրյալ Օ․Կարապետյանին մեղադրանք է ներկայացվել 3 դրվագ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-314-րդ հոդվածի 1-ին մասով (համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 46-445-րդ հոդվածի 1-ին մասին) այն ենթադրյալ արարքների կատարման համար, որ նա, հանդիսանալով «Ալաշկերտի բժշկական ամբուլատորիա» համայնքային ոչ աևտրային կազմակերպության բուժքույր, օժանդակել է կազմակերպության տնօրեն Լ.Մնացականյանի կողմից պաշտոնեական փաստաթղթերում պաշտոնեական կեղծիք կատարելուն: Մեղադրական եզրակացության համաձայն՝ ենթադրյալ հանցավոր արարքներից վերջինի կատարումն ավարտվել է 2021 թվականի հոկտեմբերի 12-ին։
- Առաջին ատյանի դատարանն արձանագրել է, որ մեղադրյալ Օ․Կարապետյանին մեղսագրվող՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 46-445-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքին, որը հանդես է գալիս որպես պատիժը մեղմացնող օրենք և ունի հետադարձ ուժ, քանի որ, ի տարբերություն ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի, որը դասվում է միջին ծանրության հանցանքների շարքին, ՀՀ գործող քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածը դասվում է ոչ մեծ ծանրության հանցանքների շարքին։ Միևնույն ժամանակ, նկատի ունենալով, որ ՀՀ գործող քրեական օրենսգիրքը 445-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի համար քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետի առումով նույն օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված կարգավորումների համատեքստում հանդիսանում է պատասխանատվությունը մասնակիորեն խստացնող օրենք, հետևաբար ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված իրավական կարգավորումների հաշվառմամբ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասն անհրաժեշտ է կիրառել այն մասով, որով մեղմացնում է պատասխանատվությունը, իսկ վաղեմության ժամկետների մասով կիրառման ենթակա են ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված կարգավորումները։
- Վերաքննիչ դատարանը, վերլուծելով ՀՀ նախկին և ներկա քրեական օրենսգրքերի վերաբերելի նորմերը, գտել է, որ Առաջին ատյանի դատարանը, Օ․Կարապետյանին մեղսագրված արարքի համար քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետների հաշվարկման մասով առաջնորդվելով ենթադրյալ հանցավոր արարքը կատարելու պահին գործող՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված քրեական օրենսգրքի դրույթներով, գործել է իրավաչափ։
15. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 11-13-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մեղադրյալ Օ․Կարապետյանին մեղսագրվող՝ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 46-445-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը ՀՀ գործող քրեական օրենսգրքով թեև դասվել է ոչ մեծ ծանրության հանցագործությունների շարքին, սակայն նույն օրենսգրքի՝ վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով քրեական պատասխանատվությունից ազատելուն վերաբերող իրավանորմերի համակարգային վերլուծությունը ցույց է տալիս, որ հիշյալ օրենսդրական դրույթների փոփոխություններն Օ․Կարապետյանի համար վաղեմության ժամկետների առումով բարենպաստ հետևանքներ չեն առաջացնում, քանզի երկու օրենսդրություններն էլ ցուցաբերում են նույն մոտեցումն առ այն, որ վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով, ինչպես գործող քրեաիրավական օրենքով ոչ մեծ ծանրության, այնպես էլ նախկին քրեական օրենսդրությամբ միջին ծանրության հանցագործությունների համար անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե մեղսագրվող արարքը կատարելուց անցել է հինգ տարի։ Այսինքն՝ թե՛ նախկին, թե՛ գործող քրեական օրենսդրությունները թույլ են տալիս քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով մեղադրյալ Օ․Կարապետյանին ազատել քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտվելու օրվանից անցել է հինգ տարի։
Մինչդեռ ստորադաս դատարանների մոտեցումը ոչ իրավաչափորեն հանգեցրել է նրան, որ վերագրվող ենթադրյալ արարքները կատարելուց շուրջ երկու տարի անց մեղադրյալ Օ․Կարապետյանն ազատվել է քրեական պատասխանատվությունից, այն դեպքում, երբ, և՛ նախկին, և՛ գործող քրեական օրենքի համաձայն՝ նրան քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը հինգ տարի է։ Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն իր անհամաձայնությունն է հայտնում Վերաքննիչ դատարանի այն եզրահանգմանը, որ տվյալ դեպքում առկա է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված պայմանը։
16. Այսպիսով՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանների հետևությունն առ այն, որ մեղադրյալ Օ․Կարապետյանի նկատմամբ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը լուծելիս վաղեմության ժամկետը ենթակա է հաշվարկման արարքի կատարման պահին գործող՝ ոչ մեծ ծանրության հանցագործությունների վաղեմության ժամկետի հաշվարկման կանոնով, իրավաչափ չէ։
17. Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարույթով Առաջին ատյանի դատարանը դատական ակտ կայացնելիս, իսկ Վերաքննիչ դատարանը, Առաջին ատյանի դատարանի դատական ակտն անփոփոխ թողնելով, թույլ են տվել նյութական օրենքի ոչ ճիշտ կիրառում, այն է` կիրառել են 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, որը սույն վարույթով ենթակա չէր կիրառման, ինչը, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի, հիմք է ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանելու համար։
18․ Հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ մեղադրյալ Օ․Կարապետյանի պաշտպան Հ․Գալստյանի միջնորդությունը պետք է մերժել։
Միևնույն ժամանակ, հիմք ընդունելով սույն որոշմամբ, ինչպես նաև Ռեբեկա Գրիգորյանի վերաբերյալ գործով որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանը պետք է ըստ էության քննության առնի Օ․Կարապետյանի վերաբերյալ քրեական գործը և արդյունքում հանգի համապատասխան հետևության։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 33-34-րդ, 264-րդ, 281-րդ, 352-րդ, 359-րդ, 361-363-րդ և 400-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Թիվ ՀԿԴ/0178/01/22 քրեական գործով Օվսաննա Կորյունի Կարապետյանի վերաբերյալ ՀՀ հակակոռուպցիոն դատարանի 2024 թվականի հունվարի 31-ի որոշումը և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի 2024 թվականի մարտի 7-ի որոշումը բեկանել, պաշտպան Հ․Գալստյանի միջնորդությունը մերժել։
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը։
Նախագահող` Ս․ՉԻՉՈՅԱՆ
Դատավորներ՝ Ե․ԴԱՆԻԵԼՅԱՆ
Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆ
Ռ․ՄԽԻԹԱՐՅԱՆ
Դ․ՎԵՔԻԼՅԱՆ
