Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am

Վճռաբեկ դատարան · Կոռուպցիոն հանցագործություններ

ՀԿԴ/0094/01/23

Վճռաբեկ դատարանի որոշումների ցանկից (cassationcourt.am/decisions)՝ դատարանի նախադեպային շտեմարանում այն չկա։

Գործի համարը
ՀԿԴ/0094/01/23
Դիմող / մեղադրյալ
Լուսիկ Մանուկյան
Դատական ակտի ընդունման ամսաթիվը
19.09.2024
Որոշման տեքստում վկայակոչված այլ հոդվածներ
12 հոդված՝ որոշման տեքստից (դատարանի քարտում չկան)

Որոշման տեքստը

դատարանի Word ֆայլից
ՀԿԴ/0094/01/23 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն դատարան, Նախագահող դատավոր՝ Ս.Խաչատրյան Հայաստանի Հանրապետության վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան, Նախագահող դատավոր` Ա.Հովհաննիսյան 2024 թվականի սեպտեմբերի 19-ին քաղաք Երևանում ՀՀ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմը (այսուհետ նաև` Վճռաբեկ դատարան), նախագահությամբ` Ս.ՉԻՉՈՅԱՆԻ մասնակցությամբ դատավորներ` Ե․ԴԱՆԻԵԼՅԱՆԻ Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆԻ Ռ․ՄԽԻԹԱՐՅԱՆԻ Դ.ՎԵՔԻԼՅԱՆԻ գրավոր ընթացակարգով քննության առնելով Լուսիկ Նասիբեկի Մանուկյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան)՝ 2024 թվականի ապրիլի 15-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Վարդապետյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը, Պ Ա Ր Զ Ե Ց Վարույթի դատավարական նախապատմությունը. 1. 2023 թվականի մայիսի 19-ին ՀՀ հակակոռուպցիոն դատարան (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան) է ստացվել թիվ 62231221 քրեական գործն ըստ մեղադրանքի՝ Ալեքսան Սետրակի Ջաբրելյանի՝ 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ նաև՝ ՀՀ գործող քրեական օրենսգիրք) 439-րդ հոդվածի 1-ին մասով, 46-445-րդ հոդվածի 1-ին մասով, Մարիամ Լևուշի Արամյանի՝ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 439-րդ հոդվածի 1-ին մասով, 46-445-րդ հոդվածի 1-ին մասով, Անաիդա Ալեքսեյի Գրիգորյանի՝ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 439-րդ հոդվածի 1-ին մասով, 46-445-րդ հոդվածի 1-ին մասով, Լուսիկ Նասիբեկի Մանուկյանի՝ 2 դրվագ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 439-րդ հոդվածի 1-ին մասով, 2 դրվագ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 46-445-րդ հոդվածի 1-ին մասով, Ռեբեկա Վոլոդյայի Գրիգորյանի՝ 5 դրվագ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ նաև՝ ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 311․2 հոդվածի 2-րդ մասով, 5 դրվագ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 46-445-րդ հոդվածի 1-ին մասով, Ելվինա Արտաշեսի Հովհաննիսյանի՝ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասով, Նազիկ Արտաշի Ամիրյանի՝ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասով։ 2. Գործի դատաքննության ընթացքում Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի փետրվարի 29-ի որոշմամբ պաշտպան Ռ․Բալոյանի միջնորդությունը բավարարվել է, և մեղադրյալ Լ․Մանուկյանի նկատմամբ 2 դրվագ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 439-րդ հոդվածի 1-ին մասով, 2 դրվագ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 46-445-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով։ 3. ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազ Ա․Գևորգյանի հատուկ վերանայման բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի ապրիլի 15-ի որոշմամբ Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի փետրվարի 29-ի որոշումը թողնվել է անփոփոխ։ 4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Վարդապետյանը բերել է հատուկ վերանայման վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2024 թվականի մայիսի 16-ի որոշմամբ ընդունվել է վարույթ և սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։ Հատուկ վերանայման բողոքի հիմքերը, դրանք հիմնավորող փաստարկները և պահանջը. Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով. 5. Բողոքի հեղինակը գտել է, որ Վերաքննիչ դատարանի 2024 թվականի ապրիլի 15-ի որոշումն օրինական և հիմնավոր չէ, վիճարկվող որոշմամբ թույլ է տրվել դատական սխալ` նյութական օրենքի խախտում, որն ազդել է վարույթի ելքի վրա։ Մասնավորապես, բողոքաբերը փաստել է, որ Լ․Մանուկյանի կատարած արարքներին հետադարձ ուժ տալու հանգամանքով պայմանավորված՝ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի կիրառմամբ նրա կատարած արարքները համապատասխանեցվել են նույն օրենսգրքի 439-րդ հոդվածի 1-ին մասին (2 դրվագ) և 46-445-րդ հոդվածի 1-ին մասին (2 դրվագ), որոնք հանդիսանում են ոչ մեծ ծանրության հանցանքներ, որոնց վաղեմության ժամկետը հինգ տարի է, իսկ այն դեռևս չի անցել և լրանալու է 2026 թվականի հոկտեմբերին: Մինչդեռ, ըստ բողոքաբերի՝ Լ․Մանուկյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելիս հիմք է ընդունվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածով սահմանված՝ ոչ մեծ ծանրության հանցագործության վաղեմության ժամկետի հաշվարկը սահմանող կարգավորումը, որը երկու տարի է, որպիսի պայմաններում հաշվի չի առնվել այն հանգամանքը, որ հանցանքների կատարման պահին Լ․Մանուկյանի կատարած արարքները հանդիսացել են ոչ թե ոչ մեծ ծանրության, այլ՝ միջին ծանրության հանցանքներ, որոնց վաղեմության ժամկետն արարքների կատարման պահին գործող օրենքով եղել է հինգ տարի: Ամփոփելով վերոգրյալը՝ բողոքի հեղինակը նշել է, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տրվել ՀՀ գործող քրեական օրենսգրքի 8-րդ, 9-րդ և 83-րդ հոդվածներով նախատեսված իրավադրույթների խախտում, մասնավորապես սխալ է մեկնաբանել և կիրառել վաղեմության ժամկետն անցնելու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ նյութական իրավունքի նորմերը, կիրառել է ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածը, որը ենթակա չէր կիրառման, և չի կիրառել ՀՀ գործող քրեական օրենսգրքի 83-րդ հոդվածը, որը ենթակա էր կիրառման: 6. Վերոգրյալի հիման վրա բողոքաբերը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի ապրիլի 15-ի որոշումը՝ կայացնելով դրան փոխարինող դատական ակտ։ Հատուկ վերանայման բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները. 7. Մեղադրական եզրակացության համաձայն՝ Լ․Մանուկյանի նկատմամբ 2 դրվագ՝ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 439-րդ հոդվածի 1-ին մասով, 2 դրվագ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 46-445-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է հանրային քրեական հետապնդում այն արարքների կատարաման համար, որ․ «[Ն]ա «Արտաշատի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության պոլիկլինիկայի մատենավար Ռեբեկա Գրիգորյանին՝ նրա իրական ազդեցությունն օգտագործելու համար վերջինիս տվել է ընդհանուր 40.000 ՀՀ դրամ ապօրինի վարձատրություն իր և իր ներկայացրած անձի՝ որդու՝ Արման Գևորգյանի օգտին «Բուրաստանի առողջության առաջնային պահպանման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ ՊՈԱԿ) տնօրեն Կարինե Թադևոսյանի կողմից իր լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու համար: Բացի այդ, Լուսիկ Մանուկյանը Ռեբեկա Գրիգորյանի հետ դրդել է ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձ հանդիսացող Կարինե Թադևոսյանին` կատարելու պաշտոնեական կեղծիք: Այսպես՝ Լուսիկ Մանուկյանը, չցանկանալով կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ փաստացի պատվաստվել, 2021 թվականի հոկտեմբերի սկզբին (քննությամբ չպարզված օրը) իր Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23 փողոցի թիվ 105-3ա հասցեում գտնվող հագուստի խանութ այցելած «Արտաշատի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության պոլիկլինիկայի աշխատակից Ռեբեկա Գրիգորյանին զրույցի ընթացքում տեղեկացրել է գումարի դիմաց առանց փաստացի պատվաստման պատվաստված լինելը հավաստող կեղծ սերտիֆիկատ (տեղեկանք) ձեռք բերելու մտադրության մասին: Ռեբեկա Գրիգորյանը, Հայաստանի Հանրապետությունում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող ՊՈԱԿ-ում մշտապես կազմակերպական-տնօրինչական, վարչատնտեսական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ Կարինե Թադևոսյանի հետ ունեցած ազգակցական, մտերմական կապի առկայությամբ պայմանավորված, օգտագործելով վերջինիս կողմից իր լիազորությունների շրջանակում որոշումներ կայացնելու հարցում իրական ազդեցություն ունենալու հնարավորությունը, Լուսիկ Մանուկյանի օգտին Կարինե Թադևոսյանի կողմից իր լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու՝ ՀՀ առողջապահության նախարարի 2021 թվականի մայիսի 27-ի թիվ 2020-Լ հրամանով հաստատված կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ առանց փաստացի պատվաստման պատվաստված լինելը հավաստող կեղծ սերտիֆիկատ (տեղեկանք) ձեռք բերելու համար շահադիտական՝ գումարն իրեն պահելու շահից ելնելով, օգտագործել է այդ իրական ազդեցությունը և ընդունել Լուսիկ Մանուկյանի՝ 20.000 ՀՀ դրամ տալու առաջարկը, ինչից հետո նրանից անձամբ ստացել է նշված գումարը: Այնուհետև, Ռեբեկա Գրիգորյանը համոզելու եղանակով Կարինե Թադևոսյանին խնդրել է առանց փաստացի պատվաստվելու Լուսիկ Մանուկյանին տրամադրել պատվաստված լինելը հավաստող կեղծ սերտիֆիկատ (տեղեկանք): Կարինե Թադևոսյանը, ՀՀ առողջապահության նախարարի՝ 2020 թվականի օգոստոսի 17-ի թիվ 21-Ն հրամանի 19-րդ կետի համաձայն՝ պատասխանատու լինելով կանխարգելիչ պատվաստումների պատշաճ իրականացման համար, Լուսիկ Մանուկյանի և Ռեբեկա Գրիգորյանի դրդմամբ կատարել է պաշտոնեական կեղծիք, մասնավորապես՝ վերջինիս չմերժելու անձնական այլ դրդումներով իր լիազորությունների շրջանակում առանց Լուսիկ Մանուկյանի փաստացի պատվաստման, 2021 թվականի հոկտեմբերի 8-ին վերջինիս անձնական տվյալները նույն ՊՈԱԿ-ի աշխատակիցներ Սոնիկ Հարությունյանի և Աիդա Հովսեփյանի միջոցով գրանցել է պաշտոնական շրջանառության մեջ գտվող և շրջանառության ենթակա պատվաստումների հաշվառման ու պլանավորման գրանցամատյաններում՝ դրանցում մտցնելով իրականությանը չհամապատասխանող կեղծ տեղեկություններ այն մասին, որ իբրև Լուսիկ Մանուկյանին նույն օրը ներարկվել է 21087 սերիայի «Աստրա Զենեկա» պատվաստանյութի առաջին 0.5 միլիգրամ դեղաչափը: Դրանից հետո Լուսիկ Մանուկյանի անվամբ պատվաստված լինելու վերաբերյալ կեղծ տվյալները Կարինե Թադևոսյանի պահանջով ՊՈԱԿ-ի օպերատոր Աննա Հովսեփյանի կողմից մուտքագրվել են Հայաստանի Հանրապետությունում էլեկտրոնային առողջապահության միասնական տեղեկատվական «Արմեդ» համակարգ, ինչի արդյունքում Լուսիկ Մանուկյանի անձնական տվյալներով ինքնաշխատ եղանակով կազմվել է պատվաստված լինելը հավաստող, բովանդակությամբ իրականությանը չհամապատասխանող, իրավունք վերապահող պաշտոնեական կեղծ փաստաթուղթ՝ սերտիֆիկատ: Դրանից հետո Կարինե Թադևոսյանը կազմել է Լուսիկ Մանուկյանի անվամբ ՀՀ առողջապահության նախարարի 2021 թվականի ապրիլի 2-ի թիվ 1094-Ա հրամանով հաստատված «COVID-19»-ի դեմ պատվաստված լինելու վերաբերյալ պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող Ձև 2 քարտը և այն վերջինիս հանձնելու համար փոխանցել է Ռեբեկա Գրիգորյանին, ինչից հետո վերջինս այցելել է Լուսիկ Մանուկյանի հագուստի խանութ և նրան փոխանցել նշված Ձև 2 քարտը: Բացի այդ, Լուսիկ Մանուկյանը, 2021 թվականի հոկտեմբերի 8-ից հետո (քննությամբ չպարզված օրը) իր անվամբ պատվաստված լինելու վերաբերյալ պաշտոնեական կեղծ փաստաթուղթը՝ սերտիֆիկատը, Ռեբեկա Գրիգորյանից ստանալուց հետո՝ համոզվելով, որ Ռեբեկա Գրիգորյանից հնարավոր է գումարի դիմաց առանց փաստացի պատվաստման ստանալ պատվաստված լինելու վերաբերյալ կեղծ փաստաթուղթ, կրկին դիմել է Ռեբեկա Գրիգորյանին իր կողմից ներկայացված անձի՝ որդու՝ Արման Գևորգյանի համար, 20.000 ՀՀ դրամի դիմաց ՀՀ առողջապահության նախարարի 2021 թվականի մայիսի 27-ի թիվ 2020-Լ հրամանով հաստատված կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ առանց փաստացի պատվաստման պատվաստված լինելը հավաստող կեղծ սերտիֆիկատ (տեղեկանք) ստանալու խնդրանքով: Ռեբեկա Գրիգորյանը, Հայաստանի Հանրապետությունում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող ՊՈԱԿ-ում մշտապես կազմակերպական-տնօրինչական, վարչատնտեսական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ Կարինե Թադևոսյանի հետ ունեցած ազգակցական, մտերմական կապի առկայությամբ պայմանավորված, օգտագործելով վերջինիս կողմից իր լիազորությունների շրջանակում որոշումներ կայացնելու հարցում իրական ազդեցություն ունենալու հնարավորությունը, Լուսիկ Մանուկյանի ներկայացրած անձի՝ Արման Գևորգյանի օգտին Կարինե Թադևոսյանի կողմից իր լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու՝ ՀՀ առողջապահության նախարարի 2021 թվականի մայիսի 27-ի թիվ 2020-Լ հրամանով հաստատված կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ առանց փաստացի պատվաստման պատվաստված լինելը հավաստող կեղծ սերտիֆիկատ (տեղեկանք) ձեռք բերելու համար շահադիտական՝ գումարն իրեն պահելու շահից ելնելով, օգտագործել է այդ իրական ազդեցությունը և ընդունել Լուսիկ Մանուկյանի՝ 20.000 ՀՀ դրամ տալու առաջարկը և նույն պահին նրանից անձամբ ստացել նշված գումարը: Այնուհետև, Ռեբեկա Գրիգորյանը համոզելու եղանակով Կարինե Թադևոսյանին խնդրել է Արման Գևորգյանին տրամադրել պատվաստված լինելը հավաստող կեղծ սերտիֆիկատ (տեղեկանք): Կարինե Թադևոսյանը, ՀՀ առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 17-ի թիվ 21-Ն հրամանի 19-րդ կետի համաձայն՝ պատասխանատու լինելով կանխարգելիչ պատվաստումների պատշաճ իրականացման համար, Լուսիկ Մանուկյանի և Ռեբեկա Գրիգորյանի դրդմամբ կատարել է պաշտոնեական կեղծիք, մասնավորապես՝ վերջինիս չմերժելու անձնական այլ դրդումներով, իր լիազորությունների շրջանակում 2021 թվականի հոկտեմբերի 15-ին, առանց Արման Գևորգյանի փաստացի պատվաստման, վերջինիս անձնական տվյալներն անձամբ, ինչպես նաև նույն ՊՈԱԿ-ի աշխատակիցներ Սոնիկ Հարությունյանի և Աիդա Հովսեփյանի միջոցով գրանցել է պաշտոնական շրջանառության մեջ գտվող և շրջանառության ենթակա մեծահասակի ամբուլատոր բժշկական քարտում, պատվաստումների հաշվառման և պլանավորման գրանցամատյաններում՝ դրանցում մտցնելով իրականությանը չհամապատասխանող կեղծ տեղեկություններ այն մասին, որ իբրև Արման Գևորգյանին նշված օրը ներարկվել է 21087 սերիայի «Աստրա Զենեկա» պատվաստանյութի առաջին 0.5 միլիգրամ դեղաչափը: Դրանից հետո Արման Գևորգյանի անվամբ պատվաստված լինելու վերաբերյալ կեղծ տվյալները Կարինե Թադևոսյանի պահանջով ՊՈԱԿ-ի օպերատոր Աննա Հովսեփյանի կողմից մուտքագրվել են Հայաստանի Հանրապետությունում էլեկտրոնային առողջապահության միասնական տեղեկատվական «Արմեդ» համակարգ, ինչի արդյունքում Արման Գևորգյանի անձնական տվյալներով ինքնաշխատ եղանակով կազմվել է պատվաստված լինելը հավաստող, բովանդակությամբ իրականությանը չհամապատասխանող, իրավունք վերապահող պաշտոնեական կեղծ փաստաթուղթ՝ սերտիֆիկատ։ (…)»: 8․ Առաջին ատյանի դատարանը 2024 թվականի փետրվարի 29-ի դատական ակտում արձանագրել է հետևյալը. «(...) ՀՀ ՆԳՆ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնից ստացված և «Էկենգ» փոխգործելիության հարթակից արտատպված տեղեկությունների համաձայն՝ մեղադրյալ Լուսիկ Մանուկյանի դատապարտված լինելու կամ այլ հանցանք կատարելու վերաբերյալ տեղեկություններ առկա չեն, ինչը վկայում է, որ մեղադրյալի քրեական պատասխանատվության ենթարկելու ժամկետները չեն ընդհատվել։ Դատարանն արձանագրում է, որ մեղադրյալ Լուսիկ Մանուկյանին մեղսագրվող երկու դրվագ՝ ՀՀ քրեական գործող օրենսգրքի 439-րդ հոդվածի 1-ին մասով և երկու դրվագ՝ 46-445-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքները հանդիսանում են ոչ մեծ ծանրության հանցագործություններ։ Միաժամանակ, դատարանն արձանագրում է, որ ՀՀ Սահմանադրության 73-րդ, ՀՀ քրեական գործող օրենսգրքի 9-րդ հոդվածների, ինչպես նաև 17-րդ հոդվածի իրավական կարգավորումների լույսի ներքո հաշվի առնելով այն հանգամանքները, որ հանցագործությունները կատարվել են 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի գործողության պայմաններում և տվյալ օրենսգրքով ոչ մեծ ծանրության հանցագործության կատարման համար քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետ է նախատեսվել երկու տարին, հետևաբար մեղադրյալ Լուսիկ Մանուկյանին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետները հաշվելիս անհրաժեշտ է առաջնորդվել արարքի կատարման պահին դրա հաշվարկի վերաբերյալ առկա՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի կարգավորումներով, քանի որ ՀՀ քրեական գործող օրենսգրքի 83-րդ հոդվածով նախատեսված ժամկետների կիրառումը էականորեն կվատթարացնի մեղադրյալ Լուսիկ Մանուկյանի վիճակը։ Բացի այդ, դատարանը գտնում է, որ անձի վիճակը բարելավող նորմերի կիրառման քանակի առումով ՀՀ քրեական և դատավարական օրենսդրությունները որևէ սահմանափակում չեն նախատեսում։ Այսպիսով, դատարանն արձանագրում է, որ մեղադրյալ Լուսիկ Մանուկյանին ներկայացված մեղադրանքի համաձայն՝ նրան մեղսագրվող երկու դրվագ՝ ՀՀ քրեական գործող օրենսգրքի 439-րդ հոդվածի 1-ին մասով և երկու դրվագ ՀՀ քրեական գործող օրենսգրքի 46-445-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքներից վերջինը կատարվել է 2021 թվականի հոկտեմբերի 15-ին, այսինքն՝ նրան քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետը պետք է հաշվել 2021 թվականի հոկտեմբերի 15-ից, քանի որ քրեական պատասխանատվության ենթակելու վաղեմության ժամկետի ընթացքը չի ընդհատվել։ Վերոգրյալը վկայում է, որ Լուսիկ Մանուկյանին մեղսագրվող վերջին արարքը կատարելուց հետո՝ 2021 թվականի հոկտեմբերի 15-ից անցել է 2 /երկու/ տարուց ավելի ժամանակ, հետևաբար անցել է մեղադրյալ Լուսիկ Մանուկյանին մեղսագրվող արարքների համար քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետները, ուստի վերջինիս նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման։ (...)»։ 9. Վերաքննիչ դատարանը վիճարկվող որոշմամբ արձանագրել է. «(…) Վերաքննիչ դատարանն իր համաձայնությունն է հայտնում Հակակոռուպցիոն դատարանի հետևյալ դատողությանը. «ՀՀ Սահմանադրության 73-րդ, ՀՀ քրեական գործող օրենսգրքի 9-րդ հոդվածի, ինչպես նաև 17-րդ հոդվածի իրավական կարգավորումների լույսի ներքո հաշվի առնելով այն հանգամանքները, որ հանցագործությունները կատարվել են 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի գործողության պայմաններում և տվյալ օրենսգրքով ոչ մեծ ծանրության հանցագործության կատարման համար քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետ է նախատեսվել երկու տարին, հետևաբար մեղադրյալ Լուսիկ Մանուկյանին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետները հաշվարկելիս անհրաժեշտ է առաջնորդվել արարքի կատարման պահին դրա հաշվարկի վերաբերյալ առկա՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի կարգավորումներով, քանի որ ՀՀ քրեական գործող օրենսգրքի 83-րդ հոդվածով նախատեսված ժամկետների կիրառումը էականորեն կվատթարացնի մեղադրյալ Լուսիկ Մանուկյանի վիճակը»: Այլ կերպ՝ հաշվի առնելով 2021 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 8-րդ և 9-րդ հոդվածների 1-ին մասերը, ըստ որոնց՝ արարքի ինչպես հանցավորությունը և պատժելիությունը, այնպես էլ քրեաիրավական այլ հետևանքները որոշվում են դա կատարելու ժամանակ գործող քրեական օրենքով, իսկ հանցանք կամ քրեական օրենսդրությամբ նախատեսված արարք կատարած անձի վիճակն այլ կերպ վատթարացնող օրենսդրությունը հետադարձ ուժ չունի, նկատի ունենալով նաև նույն օրենսգրքի 9-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված քրեաիրավական նորմի, այդ թվում՝ դրանում «պատասխանատվություն» եզրույթի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի ձևավորած և սույն որոշման նախորդ կետում մեջբերված իրավական դիրքորոշումները՝ Վերաքննիչ դատարանն ընդունելի չի համարում բողոքաբերի այն դիտարկումները, որ Առաջին ատյանի դատարանը տվյալ դեպքում ճիշտ չի կիրառել նյութական օրենքը: Այլ խոսքով՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանը, Լուսիկ Մանուկյանին մեղսագրված արարքների համար քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետների հաշվարկման մասով առաջնորդվելով ենթադրյալ հանցավոր արարքը կատարելու պահին գործող՝ 2003 թվականին ընդունված քրեական օրենսգրքի դրույթներով, գործել է իրավաչափ։ (…)»։ Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը. 10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչա՞փ են արդյոք մեղադրյալ Լ․Մանուկյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները։ 11. ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի համաձայն՝ «Ոչ ոք չի կարող դատապարտվել այնպիսի գործողության կամ անգործության համար, որը կատարման պահին հանցագործություն չի հանդիսացել: Չի կարող նշանակվել ավելի ծանր պատիժ, քան այն, որը ենթակա էր կիրառման հանցանք կատարելու պահին: Արարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքն ունի հետադարձ ուժ»։ ՀՀ Սահմանադրության 73-րդ հոդվածի համաձայն՝ «1. Անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն: 2. Անձի իրավական վիճակը բարելավող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ ունեն, եթե դա նախատեսված է այդ ակտերով»։ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի համաձայն՝ «1. Արարքի հանցավորությունը սահմանող, պատիժը խստացնող կամ հանցանք կամ քրեական օրենսդրությամբ նախատեսված արարք կատարած անձի վիճակն այլ կերպ վատթարացնող օրենսդրությունը հետադարձ ուժ չունի: 2. Արարքի հանցավորությունը լրիվ կամ մասնակիորեն վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենսդրությունն ունի հետադարձ ուժ: Նշված դեպքում այն տարածվում է մինչև դրա ուժի մեջ մտնելը հանցանք կամ քրեական օրենսդրությամբ նախատեսված արարք կատարած այն անձանց վրա, որոնց վերաբերյալ դեռևս առկա չէ օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատավարական ակտ։ (...) 4. Հանցանք կամ քրեական օրենսդրությամբ նախատեսված արարք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենսդրությունն ունի հետադարձ ուժ, եթե դա նախատեսված է օրենքով։ (...) 6. Պատասխանատվությունը մասնակիորեն մեղմացնող և միաժամանակ մասնակիորեն խստացնող օրենքը սույն հոդվածով նախատեսված չափանիշներին համապատասխան հետադարձ ուժ ունի միայն այն մասով, որը մեղմացնում է պատասխանատվությունը»: 11.1. ՀՀ Սահմանադրության 72-73-րդ հոդվածներով ամրագրված երաշխիքները, որոնք նորմատիվ իրավական ակտի կիրառման սահմանադրական սկզբունք են, քրեաիրավական համակարգում առանցքային տեղ են գրավում, ինչը հատկապես ընդգծվում է այն հանգամանքով, որ փոփոխվող և զարգացող հասարակությունում կոնկրետ արարքի դեմ քրեաիրավական ներգործության նպատակահարմարությունը, դրա հանրային վտանգավորությունը կամ քրեականացված արարքը կատարած անձի իրավական վիճակը նորովի կարգավորվելու դեպքում դատարանը՝ որպես քրեական դատավարությունում արդարադատության գործառույթով օժտված մարմին, պետք է քննարկման առարկա դարձնի օրենսդրական փոփոխության իրավական բնույթը, ըստ այդմ էլ՝ մինչ ընդունումը ծագած իրավահարաբերությունների վրա այն հետադարձութամբ տարածելու իրավական հնարավորությունը։ Հարկ է արձանագրել, որ ՀՀ Սահմանադրությամբ ժամանակի մեջ իրավական ակտերի գործողության կանոնակարգումը հիմնվում է այն տրամաբանության վրա, որ իրավական ակտերի հետադարձ ուժով գործողության մերժումն ընդհանուր կանոն է, իսկ այդ ակտերի հետադարձ ուժով գործողության հնարավորությունը՝ բացառություն ընդհանուր կանոնից։ Ընդ որում, բացառություններն իրենց հերթին տարբեր են. ա) երբ սահմանադիրը բացառում է որևէ հայեցողություն դրսևորելու հնարավորությունը՝ սահմանելով հետադարձության ուղիղ պահանջ, օրինակ, արարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքն օժտված է անմիջական գործողությամբ և բ) երբ անձի իրավական վիճակը բարելավող իրավական ակտին հետադարձ ուժ հաղորդելու լիազորությունը թողնվում է իրավասու՝ այդ ակտն ընդունող մարմնի հայեցողությանը, օրինակ, անձի իրավական վիճակը բարելավող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ ունեն, եթե դա նախատեսված է այդ ակտերով: Տարբերակման այս գաղափարն իր արտացոլումն է գտել նաև ՀՀ գործող քրեական օրենսգրքում. այսպես՝ օրենսգրքի 8-րդ և 9-րդ հոդվածների համադրված ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ արարքի հանցավորությունը լրիվ կամ մասնակիորեն վերացնող կամ պատիժը մեղմացնող նորմի համար նախատեսվում է հետադարձ ազդեցության անմիջական պահանջ, մինչդեռ անձի վիճակն այլ կերպ բարելավող դրույթի հետադարձությունը պայմանավորվում է օրենքով նախատեսված լինելու հանգամանքով։ 12․ Վճռաբեկ դատարանը, Խաչատուր Պետրոսյանի և Հասմիկ Շանոյանի վերաբերյալ գործով որոշմամբ անդրադառնալով քրեական օրենսդրության հետադարձությամբ կիրառման դեպքերին, արձանագրել է, որ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետի հաշվարկման տեսանկյունից քրեական նոր օրենքով անձին մեղսագրված հանցանքի տեսակի փոփոխությունն ինքնին չի կարող հետադարձ ներգործություն ունենալ, այսինքն, այս հարցի շրջանակներում օրենսդրական փոփոխությունների բարենպաստ լինելու ինքնուրույն ցուցիչ չէ, և տեղի ունեցած օրենսդրական փոփոխությունների բարենպաստ լինելու մասին կարելի է խոսել բացառապես քրեական պատասխանատվությունից ազատելու ինստիտուտը կանոնակարգող՝ ՀՀ նախկին և գործող քրեական օրենսգրքերի ընդհանուր նորմերի հետ համադրված գնահատելու պարագայում։ Միևնույն ժամանակ անդրադառնալով օրենսդրական փոփոխությունների արդյունքում հանցանքի տեսակի և վաղեմության ժամկետների փոփոխության իրավիճակներին, մասնավորապես՝ այն դեպքին, երբ արարքի (հանցանքի) ծանրության աստիճանը նվազում է, իսկ այդ արարքի համար սահմանված քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը չի փոփոխվում, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ օրենսդրական փոփոխության արդյունքում պատժի մեղմացման հետևանքով նախկինում ծանր համարվող հանցանքը միջին ծանրության հանցանք հանդիսանալու դեպքում կիրառելի է մեղմացնող օրենքին հետադարձ ուժ տալու կանոնը՝ հանցանքի տեսակի և պատժի մասով, այսինքն՝ արարքը պետք է որակվի ՀՀ գործող քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով։ Վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ անթույլատրելի է օրենքի փոփոխության արդյունքում հետադարձության կանոնների կիրառմամբ ստացված միջին ծանրության հանցանքի համար քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետը (տասը տարին) համեմատել ՀՀ նախկին քրեական օրենսգրքով նախատեսված միջին ծանրության հանցանքի համար քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետի (հինգ տարի) հետ։ Նման համեմատությունը սկզբունքորեն չի համապատասխանի ժամանակի ընթացքում քրեական օրենքի գործողության կանոնի էությանն ու նշանակությանը: Հակառակ մոտեցումը հանգեցնում է այնպիսի իրավիճակի, որ արարքի կատարման պահին ծանր հանցագործություն համարվող արարքի պարագայում անձի նկատմամբ կիրառվում է արարքի կատարման պահին միջին ծանրության հանցանքի համար նախատեսված կարգավորումը, որը որևէ պարագայում կիրառելի չէր։ 13․ Նախորդ կետում մեջբերված՝ Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո, հաշվի առնելով սույն վարույթի փաստական հանգամանքները, անհրաժեշտ է դիտարկել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 312․2-րդ հոդվածի 1-ին մասով և 38-314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքներն անձին մեղսագրված լինելու դեպքը։ Այսպես՝ իրական կամ ենթադրյալ ազդեցությունն օգտագործելու համար ապօրինի վարձատրություն տալը և պաշտոնեական կեղծիք կատարելուն դրդելը, համաձայն ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի, դասվում էին միջին ծանրության հանցագործությունների շարքին, որոնց համար քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը հինգ տարի էր։ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 439-րդ հոդվածի 1-ին մասով և 46-445-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարքները դասվում են ոչ մեծ ծանրության հանցագործությունների շարքին։ Միևնույն ժամանակ, օրենսդիրը ՀՀ գործող քրեական օրենսգրքի ընդհանուր մասում՝ վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով քրեական պատասխանատվությունից ազատելու կարգը սահմանող 83-րդ հոդվածում սահմանել է, որ ոչ մեծ ծանրության հանցանքի դեպքում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտվելուն հաջորդող օրվանից անցել է հինգ տարի։ Ուստի ստացվում է, որ պաշտոնատար անձի նկատմամբ ունեցած իրական կամ ենթադրյալ ազդեցությունն օգտագործելու նպատակով ապօրինի վարձատրություն տալը և պաշտոնեական կեղծիք կատարելուն դրդելը ՀՀ գործող քրեական օրենսգրքով թեև դասվել են ոչ մեծ ծանրության հանցագործությունների շարքին, սակայն քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետի տեսանկյունից երկու օրենսդրություններն էլ ցուցաբերում են նույն մոտեցումը, ըստ որի՝ վերոնշյալ հանցանքները կատարելու մեջ մեղադրվող անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե մեղսագրվող արարքների կատարման պահից անցել է հինգ տարի։ Վերոգրյալից հետևում է, որ գործող քրեական օրենսդրությամբ հանցանքների տեսակի փոփոխությունը քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետների տեսանկյունից անձի համար որևէ բարենպաստ հետևանք չի առաջացնում, քանզի վաղեմության ժամկետի առումով քրեական օրենսդրության նախկին և ներկա կարգավորումները նույնական են։ Այլ խոսքով՝ նշված հանցանքների տեսակի փոփոխության հետևանքով քրեական պատասխանատվության ենթարկելու ժամկետը նախկին օրենսգրքի համեմատ փոփոխությունների չի ենթարկվել, ուստի քննարկվող դեպքում,քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը ենթակա է լուծման տվյալ արարքների համար դրանց կատարման պահին գործող քրեական օրենսդրությամբ նախատեսված քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետի հաշվառմամբ։ 14․ Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ` - մեղադրյալ Լ․Մանուկյանին մեղադրանք է ներկայացվել 2 դրվագ՝ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 439-րդ հոդվածի 1-ին մասով և 2 դրվագ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 46-445-րդ հոդվածի 1-ին մասով այն ենթադրյալ արարքների կատարման համար, որ նա «Արտաշատի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության պոլիկլինիկայի մատենավար Ռ․Գրիգորյանին՝ նրա իրական ազդեցությունն օգտագործելու համար տվել է ընդհանուր 40.000 ՀՀ դրամ ապօրինի վարձատրություն իր և իր ներկայացրած անձի՝ որդու՝ Ա․Գևորգյանի օգտին «Բուրաստանի առողջության առաջնային պահպանման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Կ․Թադևոսյանի կողմից իր լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու համար: Բացի այդ, Լ․Մանուկյանը Ռ․Գրիգորյանի հետ դրդել է ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձ հանդիսացող Կ․Թադևոսյանին կատարելու պաշտոնեական կեղծիք: Մեղսագրվող հանցավոր արարքներից վերջինն ավարտվել է 2021 թվականի հոկտեմբերի 15-ին։ - Առաջին ատյանի դատարանն արձանագրել է, որ մեղադրյալ Լ․Մանուկյանի կողմից հանցագործությունները կատարվել են ՀՀ նախկին քրեական օրենսգրքի գործողության պայմաններում և տվյալ օրենսգրքով ոչ մեծ ծանրության հանցագործության համար քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետ է նախատեսվել երկու տարին, հետևաբար մեղադրյալ Լ․Մանուկյանին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետները հաշվելիս անհրաժեշտ է առաջնորդվել արարքի կատարման պահին գործող օրենքով նախատեսված վաղեմության ժամկետների կարգավորումներով, քանի որ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 83-րդ հոդվածով նախատեսված ժամկետների կիրառումը վատթարացնում է մեղադրյալի վիճակը։ - Վերաքննիչ դատարանը, վերլուծելով ՀՀ նախկին և ներկա քրեական օրենսգրքերի վերաբերելի նորմերը, գտել է, որ Առաջին ատյանի դատարանը, Լ․Մանուկյանին մեղսագրված արարքների համար քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետների հաշվարկման մասով առաջնորդվելով ենթադրյալ հանցավոր արարքը կատարելու պահին գործող՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված քրեական օրենսգրքի դրույթներով, գործել է իրավաչափ։ 15. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 11-13-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մեղադրյալ Լ․Մանուկյանին մեղսագրվող 2 դրվագ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 439-րդ հոդվածի 1-ին մասով, 2 դրվագ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 46-445-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքները թեև դասվում են ոչ մեծ ծանրության հանցագործությունների շարքին, սակայն նույն օրենսգրքի՝ վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով քրեական պատասխանատվությունից ազատելուն վերաբերող իրավանորմերի համակարգային վերլուծությունը ցույց է տալիս, որ հիշյալ օրենսդրական դրույթների փոփոխությունները Լ․Մանուկյանի համար վաղեմության ժամկետների առումով բարենպաստ հետևանքներ չեն առաջացնում, քանզի երկու օրենսդրություններն էլ ցուցաբերում են նույն մոտեցումը․ վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով, ինչպես գործող քրեաիրավական օրենքով ոչ մեծ ծանրության, այնպես էլ նախկին քրեական օրենսդրությամբ միջին ծանրության հանցագործությունների համար անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե մեղսագրվող արարքը կատարելուց անցել է հինգ տարի։ Մինչդեռ, ստորադաս դատարանների մոտեցումը ոչ իրավաչափորեն հանգեցրել է նրան, որ վերագրվող ենթադրյալ արարքները կատարելուց շուրջ երկու տարի անց մեղադրյալ Լ․Մանուկյանն ազատվել է քրեական պատասխանատվությունից, այն դեպքում, երբ, և՛ վերագրվող ենթադրյալ արարքների կատարման ժամանակ, և՛ գործող քրեական օրենքի համաձայն՝ նրան քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը հինգ տարի է։ Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն իր անհամաձայնությունն է հայտնում Վերաքննիչ դատարանի այն եզրահանգմանը, որ տվյալ դեպքում առկա է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված պայմանը։ 16. Այսպիսով՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանների հետևությունն առ այն, որ մեղադրյալ Լ․Մանուկյանի նկատմամբ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը լուծելիս վաղեմության ժամկետը ենթակա է հաշվարկման արարքի կատարման պահին գործող՝ ոչ մեծ ծանրության հանցագործությունների վաղեմության ժամկետի հաշվարկման կանոնով, իրավաչափ չէ։ 17. Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարույթով Առաջին ատյանի դատարանը դատական ակտ կայացնելիս, իսկ Վերաքննիչ դատարանը Առաջին ատյանի դատարանի դատական ակտն անփոփոխ թողնելով, թույլ են տվել նյութական օրենքի ոչ ճիշտ կիրառում, այն է` կիրառել են 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, որը սույն վարույթով ենթակա չէր կիրառման, ինչը, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի, հիմք է ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանելու համար։ 18․ Հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ մեղադրյալ Լ․Մանուկյանի պաշտպան Ռ․Բալոյանի միջնորդությունը պետք է մերժել։ Միևնույն ժամանակ, հիմք ընդունելով սույն որոշմամբ, ինչպես նաև Ռեբեկա Գրիգորյանի վերաբերյալ գործով որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանը պետք է ըստ էության քննության առնի Լ․Մանուկյանի վերաբերյալ քրեական գործը և արդյունքում հանգի համապատասխան հետևության։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 33-34-րդ, 264-րդ, 281-րդ, 352-րդ, 359-րդ, 361-363-րդ և 400-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը Ո Ր Ո Շ Ե Ց 1. Թիվ ՀԿԴ/0094/01/23 քրեական գործով Լուսիկ Նասիբեկի Մանուկյանի վերաբերյալ ՀՀ հակակոռուպցիոն դատարանի 2024 թվականի փետրվարի 29-ի որոշումը և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի՝ 2024 թվականի ապրիլի 15-ի որոշումը բեկանել, պաշտպան Ռ․Բալոյանի միջնորդությունը մերժել։ 2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը։ Նախագահող` Ս․ՉԻՉՈՅԱՆ Դատավորներ՝ Ե․ԴԱՆԻԵԼՅԱՆ Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆ Ռ․ՄԽԻԹԱՐՅԱՆ Դ․ՎԵՔԻԼՅԱՆ