Վճռաբեկ դատարան · Կոռուպցիոն հանցագործություններ
ՀԿԴ/0094/01/23
Վճռաբեկ դատարանի որոշումների ցանկից (cassationcourt.am/decisions)՝ դատարանի նախադեպային շտեմարանում այն չկա։
- Գործի համարը
- ՀԿԴ/0094/01/23
- Դիմող / մեղադրյալ
- Ելվինա Հովհաննիսյան
- Դատական ակտի ընդունման ամսաթիվը
- 21.10.2024
- ՀՀ Քրեական օրենսգիրք
- Որոշման տեքստում վկայակոչված այլ հոդվածներ
9 հոդված՝ որոշման տեքստից (դատարանի քարտում չկան)
ՀՀ Սահմանադրություն
ՀՀ Քրեական օրենսգիրք
- Հոդված 8. Քրեական օրենքի գործողությունը ժամանակի ընթացքում
- Հոդված 17. Հանցանքի տեսակները
- Հոդված 19. Հանցագործության տեսակները
- Հոդված 75. Քրեական պատասխանատվությունից ազատելը վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով
- Հոդված 83. Քրեական պատասխանատվությունից ազատելը վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով
- Հոդված 314. Պաշտոնեական կեղծիքը
- Հոդված 445. Պաշտոնեական կեղծիքը
Որոշման տեքստը
դատարանի Word ֆայլիցՀԿԴ/0094/01/23
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության
Հակակոռուպցիոն դատարան,
նախագահող դատավոր՝ Ս․Խաչատրյան
Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան,
նախագահող դատավոր` Ա․Հովհաննիսյան
2024 թվականի հոկտեմբերի 21-ին քաղաք Երևանում
ՀՀ վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմը (այսուհետ` նաև Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ` Դ.ՎԵՔԻԼՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ՝ Ե․ԴԱՆԻԵԼՅԱՆԻ
Ռ․ՄԽԻԹԱՐՅԱՆԻ
գրավոր ընթացակարգով քննության առնելով Ելվինա Արտաշեսի Հովհաննիսյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան) 2024 թվականի փետրվարի 2-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա․Վարդապետյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Վարույթի դատավարական նախապատմությունը.
1. 2023 թվականի մայիսի 19-ին ՀՀ հակակոռուպցիոն դատարան (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան) է ստացվել թիվ 62231221 քրեական գործն ըստ մեղադրանքի Ելվինա Արտաշեսի Հովհաննիսյանի՝ 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ նաև՝ ՀՀ գործող քրեական օրենսգիրք) 445-րդ հոդվածի 1-ին մասով, և մյուսների։
2. Գործի դատաքննության ընթացքում, Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի դեկտեմբերի 6–ի որոշմամբ պաշտպան Բ․Եղիազարյանի միջնորդությունը բավարարվել է և մեղադրյալ Ե․Հովհաննիսյանի նկատմամբ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով։
3. ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազ Ա․Գևորգյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի փետրվարի 2-ի որոշմամբ Առաջին ատյանի դատարանի 2023 թվականի դեկտեմբերի 6–ի որոշումը թողնվել է անփոփոխ։
4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Վարդապետյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2024 թվականի մարտի 19-ի որոշմամբ ընդունվել է վարույթ և սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։
4․1․ Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
Վճռաբեկ բողոքի հիմքերը, դրանք հիմնավորող փաստարկները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.
5. Բողոքի հեղինակը գտել է, որ Վերաքննիչ դատարանի 2024 թվականի փետրվարի 2-ի որոշումն օրինական և հիմնավոր չէ, այդ որոշմամբ թույլ է տրվել դատական սխալ` նյութական օրենքի խախտում, որն ազդել է վարույթի ելքի վրա։
Մասնավորապես, բողոքաբերը փաստել է, որ հետադարձ ուժ տալու հանգամանքով պայմանավորված՝ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի նորմի կիրառման ուժով Ե.Հովհաննիսյանի կատարած արարքը համապատասխանել է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին, որի վաղեմության ժամկետը 5 տարի է, ուստի այն դեռևս չի անցել և լրանալու է միայն 2026 թվականի հոկտեմբեր ամսին: Մինչդեռ, Ե.Հովհաննիսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելիս հիմք է ընդունվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ նաև՝ ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 75-րդ հոդվածով սահմանված՝ ոչ մեծ ծանրության հանցագործության վաղեմության ժամկետի հաշվարկը սահմանող կարգավորումը, որը 2 տարի է, որպիսի պայմաններում հաշվի չի առնվել այն հանգամանքը, որ հանցանքի կատարման պահին Ե.Հովհաննիսյանի կատարած արարքը հանդիսացել է ոչ թե ոչ մեծ ծանրության, այլ միջին ծանրության հանցանք, որի վաղեմության ժամկետն արարքի կատարման պահին գործող օրենքով եղել է 5 տարի:
Ամփոփելով վերոգրյալը՝ բողոքաբերը գտել է, որ Ե.Հովհաննիսյանի վիճակը բարելավող օրենքին (պատժի մեղմացման հիմքով) իրավացիորեն հետադարձ ուժ տալով՝ ստորադաս դատարանները ՀՀ գործող քրեական օրենսգրքի 8-րդ և 9-րդ հոդվածների դրույթների խախտմամբ՝ միաժամանակ կրկին հետադարձ ուժ են տվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի՝ վաղեմության ժամկետները սահմանող դրույթներին այն դեպքում, երբ արարքի կատարման պահին գործող օրենքով Ե.Հովհաննիսյանի կատարած արարքը հանդիսացել է միջին ծանրության հանցագործություն, որի դեպքում անձին քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետը 5 տարի է:
6. Վերոգրյալի հիման վրա բողոքաբերը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի փետրվարի 2-ի որոշումը՝ կայացնելով դրան փոխարինող դատական ակտ։
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
7. Մեղադրյալ Ե.Հովհաննիսյանի նկատմամբ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 445–րդ հոդվածի 1–ին մասով հարուցվել է հանրային քրեական հետապնդում այն բանի համար, որ․ «(…) [Նա], «զբաղեցնելով «Դալարի առողջության առաջնային պահպանման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ ՊՈԱԿ) ընտանեկան բժշկի պաշտոնը և առանձին լիազորությամբ, հանդիսանալով պետական մարմնի կազմակերպությունում կազմակերպական-տնօրինչական, վարչատնտեսական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, Անաիդա Գրիգորյանի և Ռեբեկա Գրիգորյանի դրդմամբ ՊՈԱԿ-ի ընտանեական բուժքույր, օպերատոր Նազիկ Ամիրյանի հետ [2021 թվականի հոկտեմբերի 14-ին] կատարել է պաշտոնեական կեղծիք: (...)»:
8. Քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի որոշմամբ արձանագրվել է հետևյալը. «(...) «Էկենգ» փոխգործելիության հարթակից արտատպված տեղեկությունների համաձայն՝ մեղադրյալ Ելվինա Արտաշեսի Հովհաննիսյանի դատապարտված լինելու կամ այլ հանցանք կատարելու վերաբերյալ տեղեկություններ առկա չեն, ինչը վկայում է, որ մեղադրյալի քրեական պատասխանատվության ենթարկելու ժամկետները չեն ընդհատվել։
Դատարանն արձանագրում է, որ մեղադրյալ Ելվինա Հովհաննիսյանին մեղսագրվող ՀՀ քրեական գործող օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասը հանդիսանում է ոչ մեծ ծանրության հանցագործություն։
Միաժամանակ, դատարանն արձանագրում է, որ ՀՀ Սահմանադրության 73–րդ, ՀՀ քրեական գործող օրենսգրքի 9–րդ հոդվածների, ինչպես նաև 17-րդ հոդվածի իրավական կարգավորումների լույսի ներքո հաշվի առնելով այն հանգամանքները, որ հանցագործությունը կատարվել է 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի գործողության պայմաններում և տվյալ օրենսգրքով ոչ մեծ ծանրության հանցագործության կատարման համար քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետ է նախատեսվել երկու տարին, հետևաբար մեղադրյալ Ելվինա Հովհաննիսյանին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետները հաշվելիս անհրաժեշտ է առաջնորդվել արարքի կատարման պահին դրա հաշվարկի վերաբերյալ առկա՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի կարգավորումներով, քանի որ ՀՀ քրեական գործող օրենսգրքի 83–րդ հոդվածով նախատեսված ժամկետների կիրառումը էականորեն կվատթարացնի մեղադրյալ Ելվինա Հովհաննիսյանի վիճակը։
Բացի այդ, դատարանը գտնում է, որ անձի վիճակը բարելավող նորմերի կիրառման քանակի առումով ՀՀ քրեական և դատավարական օրենսդրությունները որևէ սահմանափակում չեն նախատեսում։
Այսպիսով, դատարանն արձանագրում է, որ մեղադրյալ Ելվինա Հովհաննիսյանին ներկայացված մեղադրանքի համաձայն՝ նրան մեղսագրվող ՀՀ քրեական գործող օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքը կատարվել է 2021 թվականի հոկտեմբերի 14-ին, այսինքն՝ նրան քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետը պետք է հաշվել 2021 թվականի հոկտեմբերի 14-ից, քանի որ քրեական պատասխանատվության ենթակելու վաղեմության ժամկետի ընթացքը չի ընդհատվել։
Վերոգրյալը վկայում է, որ Ելվինա Հովհաննիսյանին մեղսագրվող արարքը կատարելուց հետո՝ 2021 թվականի հոկտեմբերի 14-ից անցել է 2 /երկու/ տարուց ավելի ժամանակ, հետևաբար անցել է մեղադրյալ Ելվինա Հովհաննիսյանին մեղսագրվող արարքի համար քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետները, ուստի վերջինիս նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման։ (...)»։
9. Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով Առաջին ատյանի դատարանի վիճարկվող որոշումը, փաստել է. «(...) [Վ]երաքննիչ դատարանն իր համաձայնությունն է հայտնում Հակակոռուպցիոն դատարանի հետևյալ դատողությանը․ «ՀՀ Սահմանադրության 73–րդ, ՀՀ քրեական գործող օրենսգրքի 9–րդ հոդվածների, ինչպես նաև 17-րդ հոդվածի իրավական կարգավորումների լույսի ներքո հաշվի առնելով այն հանգամանքները, որ հանցագործությունը կատարվել է 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի գործողության պայմաններում և տվյալ օրենսգրքով ոչ մեծ ծանրության հանցագործության կատարման համար քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետ է նախատեսվել երկու տարին, հետևաբար մեղադրյալ Ելվինա Հովհաննիսյանին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետները հաշվելիս անհրաժեշտ է առաջնորդվել արարքի կատարման պահին դրա հաշվարկի վերաբերյալ առկա՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի կարգավորումներով, քանի որ ՀՀ քրեական գործող օրենսգրքի 83–րդ հոդվածով նախատեսված ժամկետների կիրառումը էականորեն կվատթարացնի մեղադրյալ Ելվինա Հովհաննիսյանի վիճակը։»։ Այլ կերպ՝ հաշվի առնելով 2021 թվականին ընդունված քրեական օրենսգրքի 8-րդ և 9-րդ հոդվածների 1-ին մասերը, ըստ որոնց՝ արարքի ինչպես հանցավորությունը և պատժելիությունը, այնպես էլ քրեաիրավական այլ հետևանքները որոշվում են դա կատարելու ժամանակ գործող քրեական օրենքով, իսկ հանցանք կամ քրեական օրենսդրությամբ նախատեսված արարք կատարած անձի վիճակն այլ կերպ վատթարացնող օրենսդրությունը հետադարձ ուժ չունի, նկատի ունենալով նաև նույն օրենսգրքի 9-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված քրեաիրավական նորմի, այդ թվում՝ դրանում ամրագրված «պատասխանատվություն» եզրույթի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի ձևավորած և սույն որոշման նախորդ կետում մեջբերված իրավական դիրքորոշումները՝ Վերաքննիչ դատարանը ընդունելի չի համարում բողոքաբերի այն դիտարկումները, որ Առաջին ատյանի դատարանը տվյալ դեպքում ճիշտ չի կիրառել նյութական օրենքը։ Այլ խոսքով՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանը, Ելվինա Հովհաննիսյանին մեղսագրված արարքի համար քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետների հաշվարկման մասով առաջնորդվելով ենթադրյալ հանցավոր արարքը կատարելու պահին գործող՝ 2003 թվականին ընդունված քրեական օրենսգրքի դրույթներով, գործել է իրավաչափ։
5․4․ Ամփոփելով վերոշարադրյալը՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանը համապատասխան դատական ակտ կայացնելիս թույլ չի տվել վարույթի ելքի վրա ազդեցություն ունեցող դատական սխալ, ուստի դատախազ Ա․Գևորգյանի բողոքը պետք է մերժել, իսկ Առաջին ատյանի դատարանի վիճարկվող դատական ակտը՝ թողնել անփոփոխ՝ հիմք ընդունելով սույն որոշմամբ շարադրված հիմնավորումները։ (...)»:
Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը.
10. Սույն վարույթով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչա՞փ են արդյոք մեղադրյալ Ե.Հովհաննիսյանի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները։
11. ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի համաձայն՝ «Ոչ ոք չի կարող դատապարտվել այնպիսի գործողության կամ անգործության համար, որը կատարման պահին հանցագործություն չի հանդիսացել: Չի կարող նշանակվել ավելի ծանր պատիժ, քան այն, որը ենթակա էր կիրառման հանցանք կատարելու պահին: Արարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքն ունի հետադարձ ուժ»։
ՀՀ Սահմանադրության 73-րդ հոդվածի համաձայն՝ «1. Անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն:
2. Անձի իրավական վիճակը բարելավող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ ունեն, եթե դա նախատեսված է այդ ակտերով»։
ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի համաձայն՝ «1. Արարքի հանցավորությունը սահմանող, պատիժը խստացնող կամ հանցանք կամ քրեական օրենսդրությամբ նախատեսված արարք կատարած անձի վիճակն այլ կերպ վատթարացնող օրենսդրությունը հետադարձ ուժ չունի:
2. Արարքի հանցավորությունը լրիվ կամ մասնակիորեն վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենսդրությունն ունի հետադարձ ուժ: Նշված դեպքում այն տարածվում է մինչև դրա ուժի մեջ մտնելը հանցանք կամ քրեական օրենսդրությամբ նախատեսված արարք կատարած այն անձանց վրա, որոնց վերաբերյալ դեռևս առկա չէ օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատավարական ակտ։
(...)
4. Հանցանք կամ քրեական օրենսդրությամբ նախատեսված արարք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենսդրությունն ունի հետադարձ ուժ, եթե դա նախատեսված է օրենքով։
(...)
6. Պատասխանատվությունը մասնակիորեն մեղմացնող և միաժամանակ մասնակիորեն խստացնող օրենքը սույն հոդվածով նախատեսված չափանիշներին համապատասխան հետադարձ ուժ ունի միայն այն մասով, որը մեղմացնում է պատասխանատվությունը»:
12․ ՀՀ Սահմանադրության 72-րդ և 73-րդ հոդվածներով ամրագրված երաշխիքները, որոնք նորմատիվ իրավական ակտի կիրառման սահմանադրական սկզբունք են, քրեաիրավական համակարգում առանցքային տեղ են գրավում, ինչը հատկապես ընդգծվում է այն հանգամանքով, որ փոփոխվող և զարգացող հասարակությունում կոնկրետ արարքի դեմ քրեաիրավական ներգործության նպատակահարմարությունը, դրա հանրային վտանգավորությունը կամ քրեականացված արարքը կատարած անձի իրավական վիճակը նորովի կարգավորվելու դեպքում, դատարանը, որպես քրեական դատավարությունում արդարադատության գործառույթով օժտված մարմին, պետք է քննարկման առարկա դարձնի օրենսդրական փոփոխության իրավական բնույթը, ըստ այդմ էլ՝ մինչ ընդունումը ծագած իրավահարաբերությունների վրա այն հետադարձությամբ տարածելու իրավական հնարավորությունը։
Հարկ է արձանագրել, որ ՀՀ Սահմանադրությամբ՝ ժամանակի մեջ իրավական ակտերի գործողության կանոնակարգումը հիմնվում է այն տրամաբանության վրա, որ իրավական ակտերի հետադարձ ուժով գործողության մերժումն ընդհանուր կանոն է, իսկ այդ ակտերի հետադարձ ուժով գործողության հնարավորությունը՝ բացառություն ընդհանուր կանոնից։
Ընդ որում, բացառություններն իրենց հերթին տարբեր են. ա) երբ սահմանադիրը բացառում է որևէ հայեցողություն դրսևորելու հնարավորությունը՝ սահմանելով հետադարձության ուղիղ պահանջ, օրինակ, արարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքն օժտված է անմիջական գործողությամբ և բ) երբ անձի իրավական վիճակը բարելավող իրավական ակտին հետադարձ ուժ հաղորդելու լիազորությունը թողնվում է իրավասու՝ այդ ակտն ընդունող մարմնի հայեցողությանը, օրինակ, անձի իրավական վիճակը բարելավող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ ունեն, եթե դա նախատեսված է այդ ակտերով: Տարբերակման այս գաղափարն իր արտացոլումն է գտել նաև ՀՀ գործող քրեական օրենսգրքում. այսպես՝ օրենսգրքի 8-րդ և 9-րդ հոդվածների համադրված ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ արարքի հանցավորությունը լրիվ կամ մասնակիորեն վերացնող կամ պատիժը մեղմացնող նորմի համար նախատեսվում է հետադարձ ազդեցության անմիջական պահանջ, մինչդեռ անձի վիճակն այլ կերպ բարելավող դրույթի հետադարձությունը պայմանավորվում է օրենքով նախատեսված լինելու հանգամանքով։
13․ Վճռաբեկ դատարանը, Խաչատուր Պետրոսյանի և Հասմիկ Շանոյանի վերաբերյալ գործով որոշմամբ անդրադառնալով քրեական օրենսդրության հետադարձությամբ կիրառման դեպքերին, արձանագրել է, որ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետի հաշվարկման տեսանկյունից քրեական նոր օրենքով անձին մեղսագրված հանցանքի տեսակի փոփոխությունն ինքնին չի կարող հետադարձ ներգործություն ունենալ, այսինքն, այս հարցի շրջանակներում օրենսդրական փոփոխությունների բարենպաստ լինելու ինքնուրույն ցուցիչ չէ, և տեղի ունեցած օրենսդրական փոփոխությունների բարենպաստ լինելու մասին կարելի է խոսել բացառապես քրեական պատասխանատվությունից ազատելու ինստիտուտը կանոնակարգող՝ ՀՀ նախկին և գործող քրեական օրենսգրքերի ընդհանուր նորմերի հետ համադրված գնահատելու պարագայում։ Միևնույն ժամանակ անդրադառնալով օրենսդրական փոփոխությունների արդյունքում հանցանքի տեսակի և վաղեմության ժամկետների փոփոխության իրավիճակներին, մասնավորապես՝ այն դեպքին, երբ արարքի (հանցանքի) ծանրության աստիճանը նվազում է, իսկ այդ արարքի համար սահմանված քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը չի փոփոխվում, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ օրենսդրական փոփոխության արդյունքում պատժի մեղմացման հետևանքով նախկինում ծանր համարվող հանցանքը միջին ծանրության հանցանք հանդիսանալու դեպքում կիրառելի է մեղմացնող օրենքին հետադարձ ուժ տալու կանոնը՝ հանցանքի տեսակի և պատժի մասով, այսինքն՝ արարքը պետք է որակվի ՀՀ գործող քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով։ Վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ անթույլատրելի է օրենքի փոփոխության արդյունքում հետադարձության կանոնների կիրառմամբ ստացված միջին ծանրության հանցանքի համար քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետը (տասը տարին) համեմատել ՀՀ նախկին քրեական օրենսգրքով նախատեսված միջին ծանրության հանցանքի համար քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետի (հինգ տարի) հետ։ Նման համեմատությունը սկզբունքորեն չի համապատասխանի ժամանակի ընթացքում քրեական օրենքի գործողության կանոնի էությանն ու նշանակությանը: Հակառակ մոտեցումը հանգեցնում է այնպիսի իրավիճակի, որ արարքի կատարման պահին ծանր հանցագործություն համարվող արարքի պարագայում անձի նկատմամբ կիրառվում է արարքի կատարման պահին միջին ծանրության հանցանքի համար նախատեսված կարգավորումը, որը որևէ պարագայում կիրառելի չէ։
14․ Նախորդ կետում մեջբերված՝ Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո, հաշվի առնելով սույն վարույթի փաստական հանգամանքները, անհրաժեշտ է դիտարկել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքն անձին մեղսագրված լինելու դեպքը։ Այսպես՝ պաշտոնեական կեղծիք կատարելու հանցանքը, համաձայն ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի, դասվում էր միջին ծանրության հանցագործությունների շարքին, որի համար քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը հինգ տարի էր։ ՀՀ գործող քրեական օրենսդրությամբ 445-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարքը դասվում է ոչ մեծ ծանրության հանցագործությունների շարքին։ Միևնույն ժամանակ, օրենսդիրը ՀՀ գործող քրեական օրենսգրքի ընդհանուր մասում՝ վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով քրեական պատասխանատվությունից ազատելու կարգը սահմանող 83-րդ հոդվածում սահմանել է, որ ոչ մեծ ծանրության հանցանքի դեպքում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտվելուն հաջորդող օրվանից անցել է հինգ տարի։
Ուստի, ստացվում է, որ պաշտոնեական կեղծիք կատարելը գործող քրեական օրենսգրքով թեև դասվել է ոչ մեծ ծանրության հանցագործությունների շարքին, սակայն քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետի տեսանկյունից երկու օրենսդրություններն էլ ցուցաբերում են նույն մոտեցումը, ըստ որի՝ պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ մեղադրվող անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե մեղսագրվող արարքի կատարման պահից անցել է հինգ տարի։
Վերոգրյալից հետևում է, որ գործող քրեական օրենսդրությամբ հանցանքի տեսակի փոփոխությունը քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետների տեսանկյունից անձի համար որևէ բարենպաստ հետևանք չի առաջացնում, քանզի վաղեմության ժամկետի առումով քրեական օրենսդրության նախկին և ներկա կարգավորումները նույնական են։ Այլ խոսքով՝ պաշտոնեական կեղծիք կատարելու հանցանքի տեսակի փոփոխության հետևանքով քրեական պատասխանատվության ենթարկելու ժամկետը, նախկին օրենսգրքի համեմատ, փոփոխությունների չի ենթարկվել, ուստի, քննարկվող դեպքում, քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու հարցը ենթակա է լուծման՝ տվյալ արարքի համար դրա կատարման պահին գործող քրեական օրենսդրությամբ նախատեսված քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետի հաշվառմամբ։
15. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ․
- մեղադրյալ Ե.Հովհաննիսյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում այն բանի համար, որ նա, զբաղեցնելով «Դալարի առողջության առաջնային պահպանման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության ընտանեկան բժշկի պաշտոնը և առանձին լիազորությամբ, հանդիսանալով պետական մարմնի կազմակերպությունում կազմակերպական-տնօրինչական, վարչատնտեսական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, Ա․Գրիգորյանի և Ռ․Գրիգորյանի դրդմամբ նշված կազմակերպության ընտանեական բուժքույր, օպերատոր Ն․Ամիրյանի հետ 2021 թվականի հոկտեմբերի 14-ին կատարել է պաշտոնեական կեղծիք, ինչը որակվել է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 445–րդ հոդվածի 1–ին մասով,
- Առաջին ատյանի դատարանը նշել է, որ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի գործողության պայմաններում և տվյալ օրենսգրքով ոչ մեծ ծանրության հանցագործության կատարման համար քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետ է նախատեսվել երկու տարին, հետևաբար մեղադրյալ Ե․Հովհաննիսյանին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետները հաշվելիս անհրաժեշտ է առաջնորդվել արարքի կատարման պահին դրա հաշվարկի վերաբերյալ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի՝ ոչ մեծ ծանրության հանցագործությունների համար սահմանված կարգավորումներով, քանի որ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 83–րդ հոդվածով նախատեսված ժամկետների կիրառումը էականորեն վատթարացնում է մեղադրյալ Ե․Հովհաննիսյանի վիճակը,
- Վերաքննիչ դատարանը, համաձայնելով Առաջին ատյանի դատարանի՝ մեղադրյալ Ե․Հովհաննիսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ կատարված իրավական հետևությունների հետ, արձանագրել է, որ Ե․Հովհաննիսյանին մեղսագրված արարքի համար քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետների հաշվարկման մասով՝ Առաջին ատյանի դատարանը գործել է իրավաչափ։
16. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 11-14-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մեղադրյալ Ե․Հովհաննիսյանին մեղսագրվող հանցանքը, ՀՀ գործող քրեական օրենսգրքի դրույթների համաձայն, թեև դասվում է ոչ մեծ ծանրության հանցագործությունների շարքին, սակայն նույն օրենսգրքի՝ վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով քրեական պատասխանատվությունից ազատելուն վերաբերող իրավանորմերի համակարգային վերլուծությունը վկայում է, որ հիշյալ օրենսդրական դրույթների փոփոխությունները Ե․Հովհաննիսյանի համար վաղեմության ժամկետների հաշվարման առումով բարենպաստ հետևանքներ չեն առաջացնում, քանզի երկու օրենսդրություններն էլ ցուցաբերում են նույն մոտեցումը։
Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ինչպես նախկին, այնպես էլ՝ գործող քրեական օրենսդրությունները թույլ են տալիս մեղադրյալ Ե․Հովհաննիսյանին վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով ազատել քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտվելու օրվանից անցել է հինգ տարի։ Նախորդիվ ասվածից հետևում է, որ վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով գործող քրեաիրավական օրենքով ոչ մեծ ծանրության, իսկ նախկին քրեական օրենսդրությամբ միջին ծանրության հանցագործությունների համար քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետների հաշվարկման առումով սահմանվել է նույնանման ժամկետ՝ հինգ տարի, որի լրանալու դեպքում միայն կարող է դադարեցվել մեղադրյալ Ե․Հովհաննիսյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը։
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ստորադաս դատարանների մոտեցումը ոչ իրավաչափորեն հանգեցրել է նրան, որ մեղադրյալ Ե․Հովհաննիսյանին վերագրվող ենթադրյալ արարքը կատարելուց շուրջ երկու տարի անց նա ազատվել է քրեական պատասխանատվությունից, այն դեպքում, երբ և՛ վերագրվող ենթադրյալ արարքի կատարման ժամանակ, և՛ գործող քրեական օրենքի համաձայն, Ե.Հովհաննիսյանին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը հինգ տարի է։
17. Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանների հետևությունն առ այն, որ մեղադրյալ Ե․Հովհաննիսյանի նկատմամբ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը լուծելիս վաղեմության ժամկետը ենթակա է հաշվարկման արարքի կատարման պահին գործող քրեական օրենքով ոչ մեծ ծանրության հանցագործությունների համար սահմանված վաղեմության ժամկետի հաշվարկման կանոնով, իրավաչափ չէ։
18. Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարույթով Առաջին ատյանի դատարանը՝ դատական ակտ կայացնելիս, իսկ Վերաքննիչ դատարանը՝ Առաջին ատյանի դատարանի դատական ակտն անփոփոխ թողնելով, թույլ են տվել նյութական օրենքի ոչ ճիշտ կիրառում, այն է` կիրառել են ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, որը սույն վարույթով ենթակա չէր կիրառման, ինչը, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի, հիմք է ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանելու համար։ Միևնույն ժամանակ, հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ պաշտպան Բ․Եղիազարյանի միջնորդությունը պետք է մերժել։
Վերոգրյալի հաշվառմամբ, հիմք ընդունելով սույն որոշմամբ, ինչպես նաև Ռեբեկա Գրիգորյանի գործով որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանը պետք է ըստ էության քննության առնի Ե․Հովհաննիսյանի վերաբերյալ քրեական գործը և արդյունքում հանգի համապատասխան հետևության։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 33-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 352-րդ, 359-րդ, 361-363-րդ ու 400-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Ելվինա Արտաշեսի Հովհաննիսյանի վերաբերյալ ՀՀ հակակոռուպցիոն դատարանի՝ 2023 թվականի դեկտեմբերի 6–ի որոշումը և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի՝ 2024 թվականի փետրվարի 2-ի որոշումը բեկանել և պաշտպան Բ․Եղիազարյանի միջնորդությունը մերժել։
2․ Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:
Նախագահող` Դ․ՎԵՔԻԼՅԱՆ
Դատավորներ՝ Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆ
Ռ․ՄԽԻԹԱՐՅԱՆ
