Վճռաբեկ դատարան · Կոռուպցիոն հանցագործություններ
ՀԿԴ/0002/01/23
Վճռաբեկ դատարանի որոշումների ցանկից (cassationcourt.am/decisions)՝ դատարանի նախադեպային շտեմարանում այն չկա։
- Գործի համարը
- ՀԿԴ/0002/01/23
- Դիմող / մեղադրյալ
- Արուսյակ Ալեքսանյան
- Դատական ակտի ընդունման ամսաթիվը
- 18.09.2025
- ՀՀ Սահմանադրություն
- Միջազգային փաստաթղթեր
- ՀՀ Քրեական դատավարության օրենսգիրք
- Որոշման տեքստում վկայակոչված այլ հոդվածներ
5 հոդված՝ որոշման տեքստից (դատարանի քարտում չկան)
Միջազգային փաստաթղթեր
ՀՀ Քրեական օրենսգիրք
ՀՀ Քրեական դատավարության օրենսգիրք
Որոշման տեքստը
դատարանի Word ֆայլիցՀԿԴ/0002/01/23
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
ՀՀ հակակոռուպցիոն դատարան,
նախագահող դատավոր՝ Վ.Դոլմազյան
Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան,
նախագահող դատավոր՝ Ժ․Մելիքսեթյան
ՀՀ վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմը (այսուհետ` նաև Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ` Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ՝ Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆԻ
Ռ․ՄԽԻԹԱՐՅԱՆԻ
Ս.ՉԻՉՈՅԱՆԻ
Դ․ՎԵՔԻԼՅԱՆԻ
2025 թվականի սեպտեմբերի 18-ին քաղաք Երևանում
գրավոր ընթացակարգով քննության առնելով թիվ ՀԿԴ/0002/01/23 գործով ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան) 2024 թվականի օգոստոսի 16-ի և 2024 թվականի դեկտեմբերի 2-ի որոշումների դեմ մեղադրյալ Ա․Ալեքսանյանի պաշտպան Ա․Վարդանյանի վճռաբեկ բողոքները,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը․
1․ 2023 թվականի հունվարի 3-ին թիվ 58248222 քրեական վարույթն ըստ մեղադրանքի՝ Արուսյակ Հարությունի Ալեքսանյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ և 5-րդ կետերով, 482-րդ հոդվածի 1-ին մասով, Էրիկ Սարգսի Ալեքսանյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ և 5-րդ կետերով, Թամարա Էդուարդի Պետրոսյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ և 5-րդ կետերով, 46-482-րդ հոդվածի 1-ին մասով, հաստատված մեղադրական եզրակացությամբ ստացվել է ՀՀ հակակոռուպցիոն դատարանում։
2. ՀՀ հակակոռուպցիոն դատարանը (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան) 2024 թվականի մայիսի 29-ի թիվ ՀԿԴ/0002/01/23 որոշմամբ մեղադրյալ Ա․Ալեքսանյանի նկատմամբ կիրառված այլընտրանքային խափանման միջոց տնային կալանքի ժամկետը երկարաձգել է երեք ամսով՝ մինչև 2024 թվականի սեպտեմբերի 13–ը ներառյալ։
2.1 Վերոնշյալ որոշման դեմ Ա․Ալեքսանյանի պաշտպան Ա․Վարդանյանի հատուկ վերանայման բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2024 թվականի օգոստոսի 16-ի որոշմամբ բողոքը մերժել է, իսկ Առաջին ատյանի դատարանի 2024 թվականի մայիսի 29-ի որոշումը՝ թողել անփոփոխ։
2.2 Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ մեղադրյալ Ա․Ալեքսանյանի պաշտպան Ա․Վարդանյանը հատուկ վերանայման բողոք է բերել, որը Վճռաբեկ դատարանի 2024 թվականի հոկտեմբերի 8-ի որոշմամբ ընդունվել է վարույթ և սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:
3. Առաջին ատյանի դատարանը 2024 թվականի սեպտեմբերի 10-ի թիվ ՀԿԴ/0002/01/23 որոշմամբ մեղադրյալ Ա․Ալեքսանյանի նկատմամբ կիրառված այլընտրանքային խափանման միջոց տնային կալանքի ժամկետը երկարաձգել է ևս երեք ամսով՝ մինչև 2024 թվականի դեկտեմբերի 13–ը ներառյալ։
3.1 Վերոնշյալ որոշման դեմ պաշտպան Ա․Վարդանյանի հատուկ վերանայման բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի դեկտեմբերի 2-ի որոշմամբ Առաջին ատյանի դատարանի 2024 թվականի սեպտեմբերի 10-ի որոշումը թողնվել է անփոփոխ։
3.2 Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ պաշտպան Ա․Վարդանյանը բերել է հատուկ վերանայման բողոք, որը Վճռաբեկ դատարանի 2025 թվականի հունվարի 17-ի որոշմամբ ընդունվել է վարույթ և սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:
4․ Վճռաբեկ դատարանը 2025 թվականի սեպտեմբերի 11-ի որոշմամբ Վերաքննիչ դատարանի 2024 թվականի օգոստոսի 16-ի և 2024 թվականի դեկտեմբերի 2-ի որոշումների դեմ մեղադրյալ Ա․Ալեքսանյանի պաշտպան Ա․Վարդանյանի կողմից բերված հատուկ վերանայման բողոքների վերաբերյալ դատական վարույթները միացրել է մեկ վարույթում:
Հատուկ վերանայման բողոքների հիմքերը, դրանք հիմնավորող փաստարկները և պահանջը․
Մեղադրյալ Ա․Ալեքսանյանի պաշտպան Ա․Վարդանյանի հատուկ վերանայման բողոքները քննվում են հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով․
5․ Բողոքաբերը գտել է, որ Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի օգոստոսի 16-ի որոշմամբ թույլ է տրվել դատական սխալ` քրեադատավարական օրենքի էական խախտում, որն ազդել է վարույթի ելքի վրա։
5․1․ Ի հիմնավորումն վերոշարադրյալ փաստարկի՝ բողոքաբերը նշել է, որ մեղադրյալ Ա.Ալեքսանյանի ազատության իրավունքը շարունակական սահմանափակման է ենթարկվել՝ տևական ժամանակ առանց տեղեկացվելու իրեն ազատությունից զրկելու պատճառների մասին, որի հետևանքով Ա․Ալեքսանյանն այդ ժամանակահատվածում հնարավորություն չի ունեցել իրեն ազատությունից զրկելու իրավաչափությունը վիճարկելու և արդյունավետ իրավական պաշտպանություն հայցելու հնարավորությունից, ինչն էլ հանգեցրել է այդ ժամանակահատվածում մեղադրյալ Ա․Ալեքսանյանի ազատության իրավունքի խախտման։
5․2․ Մասնավորապես, ըստ բողոքաբերի՝ Ա․Ալեքսանյանի՝ տնային կալանքի տակ գտնվելու եռամսյա ժամկետով երկարաձգման վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի` 2024 թվականի մայիսի 29-ի որոշումն Ա․Ալեքսանյանն ստացել է 2024 թվականի հուլիսի 17-ին՝ ավելի քան 45 օր անց՝ ի հակադրումն ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի 2-րդ, 5-րդ մասերի՝ զրկված լինելով իրեն 2024 թվականի հունիսի 13-ից առ հուլիսի 17-ը փաստացի շարունակական անազատության մեջ պահվելու պատճառներն իմանալու և իր ազատության իրավունքի սահմանափակումը վիճարկելու արդյունավետ իրավական հնարավորությունից։
5․3․ Բացի այդ, ըստ բողոք բերած անձի՝ ստորադաս դատարանները պատշաճ գնահատման չեն ենթարկել Ա․Ալեքսանյանի նկատմամբ տնային կալանքը որպես խափանման միջոց կիրառելու հիմքերի շարունակական առկայության հանգամանքը, ինչը հանգեցրել է վերջինի ազատության իրավունքի խախտման, ազդել է վարույթի ելքի վրա։
5․4․ Բողոքաբերի պնդմամբ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածով նախատեսված՝ խափանման միջոցի նվազագույնի սկզբունքի կիրառման համար ստորադաս դատարանները պետք է իրականացնեին Ա․Ալեքսանյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցի երկարաձգման վերստին քննություն զրոյական կետից՝ զերծ մնալով կարծրատիպային և վերացական դատողություններից, գնահատման ենթարկելով Ա․Ալեքսանյանի փոխազդեցությունը գործով անցնող այլ անձանց հետ, նրա կողմից գործով ապացուցողական գործընթացին միջամտելու, ոչ իրավաչափ վարքագիծ դրսևորելու ռիսկերը, դրանց չեզոքացման հնարավորություններն այլընտրանքային խափանման միջոցների կամ դրանց համակցված կիրառման արդյունքում՝ հաշվի առնելով նաև Ա․Ալեքսանյանի անձը, նրա՝ փաստացի անազատության մեջ գտնվելու նախորդ ժամանակահատվածը։
6․ Բողոքաբերը գտել է նաև, որ Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի դեկտեմբերի 2-ի որոշմամբ նույնպես թույլ է տրվել դատական սխալ` քրեադատավարական օրենքի էական խախտում, որն ազդել է վարույթի ելքի վրա։
6․1․ Մասնավորապես Ա․Ալեքսանյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը եռամսյա ժամկետով երկարաձգելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի` 2024 թվականի սեպտեմբերի 10-ի որոշումն Ա․Ալեքսանյանի կողմից ստացվել է 2024 թվականի հոկտեմբերի 28-ին՝ 48 օր անց՝ ի հակադրումն ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի 2-րդ, 5-րդ մասերի՝ զրկված լինելով իրեն 2024 թվականի սեպտեմբերի 13-ից առ հոկտեմբերի 28-ը փաստացի շարունակական անազատության մեջ պահելու պատճառներն իմանալու և իր ազատության իրավունքի սահմանափակումը վիճարկելու արդյունավետ իրավական հնարավորությունից։
Ընդ որում, բողոքաբերը նաև նշել է, որ Վերաքննիչ դատարանից բողոքի՝ վերը նշված մասով չի պահանջվել բեկանել կայացված դատական ակտը, կամ էլ քննարկման առարկա դարձնել դատական ակտի բեկանման հնարավորությունը, այլ ընդամենը պաշտպանական կողմը խնդրել է արձանագրել Ա․Ալեքսանյանի ազատության իրավունքի խախտման փաստը։
6․2․ Բացի այդ, ըստ բողոք բերած անձի՝ ստորադաս դատարանները պատշաճ գնահատման չեն ենթարկել Ա․Ալեքսանյանի նկատմամբ տնային կալանքը որպես խափանման միջոց կիրառելու հիմքերի շարունակական առկայության հանգամանքը, ինչպես նաև տրվել են այնպիսի ձևակերպումներ, որոնք ինչպես առանձին-առանձին, այնպես էլ համակցության մեջ ստեղծում են Ա․Ալեքսանյանի նկատմամբ մինչև դատական քննության ավարտը խափանման միջոցի փոփոխության անհնարինություն՝ Ա․Ալեքսանյանի նկատմամբ խափանման միջոցի կիրառումը դարձնելով որպես պատիժ, ինչը հանգեցրել է վերջինի ազատության իրավունքի խախտման, ազդել է վարույթի ելքի և սխալ որոշման կայացման վրա։
7․ Վերոգրյալից ելնելով բողոքաբերը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի 2024 թվականի օգոստոսի 16-ի և 2024 թվականի դեկտեմբերի 2-ի որոշումները՝ արձանագրելով ազատությունից զրկվելու կապակցությամբ արդյունավետ իրավական պաշտպանություն հայցելու՝ Ա․Ալեքսանյանի իրավունքների խախտման փաստը, ինչպես նաև արձանագրել Ա․Ալեքսանյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցի կիրառման հիմքերի բացակայությունը, կամ այլընտրանքային այլ խափանման միջոցի կամ համակցված միջոցների կիրառման հնարավորությունը։
Հատուկ վերանայման բողոքների քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները․
8․ Ա․Ալեքսանյանին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ և 5-րդ կետերով և 482-րդ հոդվածի 1-ին մասով, այն բանի համար, որ. «(…) [Ն]ա, Հայաստանի Հանրապետության Նախագահի 2021 թվականի հոկտեմբերի 20-ի ՆՀ-328-Ա հրամանագրով նշանակվելով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնում` մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության մասնագիտացմամբ, ՀՀ Սահմանադրության 164-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով արդարադատություն իրականացնելիս պարտավոր լինելով գործել անկախ, անաչառ և միայն Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան, «Դատական օրենսգիրք» ՀՀ Սահմանադրական օրենքի 7-րդ հոդվածի հիմքով արդարադատություն և որպես դատարան` օրենքով նախատեսված այլ լիազորություններ, ինչպես նաև դատավորի կարգավիճակից բխող իրավունքներ իրականացնելիս գործելով պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, պաշտոնատար, ֆիզիկական և իրավաբանական անձանցից անկախ և հաշվետու չլինելով որևէ մեկի, այդպիսով դատական իշխանության ոլորտում իրականացնելով իշխանական լիազորություններ, տեղեկացված լինելով եղբոր՝ Ռ․Ա-ի ընկերոջ և իր մտերիմ, ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Էրիկ Ալեքսանյանի պաշտպանյալ Ս․Գ․-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ նույն դատարանի որոշման առկայության մասին, նպատակադրվել է ապօրինի գործողություններ կատարել Ս․Գ․-ի օգտին, այն է՝ ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու միջոցով վերջինին կալանքից ազատել, որպիսի հանցավոր նպատակին հասնելու դիտավորությամբ նախնական համաձայնության է եկել պաշտոնատար անձ հանդիսացող իր օգնական Թամարա Պետրոսյանի և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի գրասենյակի՝ ինքնությունը դեռևս չպարզված պաշտոնատար անձի հետ, ապա այլ պաշտոնատար անձանց հետ խմբի կազմում, ինչպես նաև Էրիկ Ալեքսանյանի օժանդակությամբ, ՀՀ Սահմանադրության 28-րդ հոդվածով սահմանված օրենքի առջև բոլորի հավասարության սահմանադրական սկզբունքի և «Դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 10-րդ հոդվածով սահմանված օրենքի և դատարանի առջև բոլորի հավասարության սկզբունքի խախտմամբ՝ պայմանավորված մեղադրյալի հետ անձնական բնույթի միջնորդավորված կապերի առկայությամբ, դուրս է եկել իր՝ արդարադատության իրականացման իշխանական բացառիկ լիազորությունների շրջանակից, որն անզգուշությամբ առաջացրել է այլ ծանր հետևանք, ինչպես նաև Թամարա Պետրոսյանի օժանդակությամբ կայացրել է ակնհայտ անարդար դատական ակտ՝ Ս․Գ․-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքը փոփոխելով գրավով (…)»:
9․ Առաջին ատյանի դատարանի 2024 թվականի մայիսի 29-ի որոշման համաձայն․ «(…) Դատարանը նախկինում կայացրած որոշումներով արձանագրել է, որ մեղադրյալ Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանք կիրառելու պայմաններն առկա են։
Մեղադրյալ Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված տնային կալանքի ժամկետը երկարաձգելու հարցը քննարկելու պահի դրությամբ նրա նկատմամբ հարուցված քրեական հետապնդումն առերևույթ բացառող, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածով նախատեսված, հանգամանքներ առկա չեն։
(…) [2]024 թվականի մայիսի 29-ի դրությամբ, Դատարանն արձանագրում է, որ խափանման միջոցի՝ տնային կալանքի գործողության ընթացքում դրա իրավաչափության պայմաններն, ըստ էության, չեն փոխվել, այդ ընթացքում հարցաքննվել է մեկ վկա՝ Մ․Ս․-ն։ Դեռևս չեն հարցաքննվել վկա Գ․Պ․-ն և մեղադրյալները։
Այսպիսով, Դատարանն արձանագրում է, որ 2024 թվականի մարտի 13-ին կայացված որոշմամբ մեղադրյալ Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ տնային կալանք կիրառելու հիմքերը չեն վերացել, դրանք շարունակում են առկա լինել, հետևաբար, Դատարանն արձանագրում է, որ կիրառված այլընտրանքային խափանման միջոց տնային կալանքը ենթակա չէ փոխման, քանի որ այլընտրանքային այլ խափանման միջոցի կամ միջոցների համակցված կիրառումը Դատարանի գնահատմամբ չի կարող բավարար երաշխիք լինել Արուսյակ Ալեքսանյանի հնարավոր ոչ պատշաճ վարքագիծը և արձանագրված ռիսկերը չեզոքացնելու համար (...)»:
10․ Վերաքննիչ դատարանը 2024 թվականի օգոստոսի 16-ի որոշմամբ արձանագրել է հետևյալը. «(…) Հատուկ վերանայման բողոքի հիմքերի և այն հաստատող փաստերի սահմաններում դատական վերանայման ենթարկելով Առաջին ատյանի դատարանի որոշումը և անդրադառնալով խափանման միջոց կիրառված տնային կալանքի ժամկետի երկարաձգման բացակայության վերաբերյալ հատուկ վերանայման բողոքի փաստարկներին՝ Վերաքննիչ դատարանն արձանագրում է հետևյալը.
(…)
Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Առաջին ատյանի դատարանը՝ 2024 թվականի մայիսի 29-ի որոշմամբ մեղադրյալ Արուսյակ Հարությունի Ալեքսանյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված տնային կալանքի ժամկետը 3 (երեք) ամիս ժամկետով երկարաձգելու անհրաժեշտությունը պայմանավորել է այն հանգամանքով, որ 2024 թվականի մայիսի 29-ի դրությամբ մեղադրյալի նկատմամբ կիրառված խափանման միջոցի՝ տնային կալանքի իրավաչափության պայմանները գործողության ընթացքում չեն փոխվել, որպիսի պայմաններում, դեռևս շարունակում է առկա լինել մեղադրյալին տնային կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը:
(…):
Վերաքննիչ դատարանի նման հետևությունը պայմանավորված է այն հանգամանքներով, որ սույն քրեական վարույթը գտնվում է հինական դատալսումների փուլում, դեռևս չեն հարցաքննվել վկա Գ.Պ․-ն և մեղադրյալները, բացի այդ մեղադրյալին վերագրվող հանցագործությունների բնույթը, կատարման եղանակը, հանցավոր մտադրության իրականացման աստիճանը, մեղսագրվող ենթադրյալ հանցագործությունների կատարման մեջ անձի դերակատարությունը, զբաղեցրած պաշտոնը, դրանից ելնելով նաև մեղադրյալի և գործով անցնող անձանց փոխհարաբերությունների բնույթը էական նշանակություն ունեն մեղադրյալի վարքագծի հավանականությունը կանխորոշելու հարցում և վերոթվարկված հանգամանքների համադրությամբ բավարար են փաստելու, որ գործի քննության տվյալ փուլում մեղադրյալի կողմից ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու հավանականությունը դեռևս շարունակում է առկա լինել, հետևաբար Վերաքննիչ դատարանի համոզմամբ Առաջին ատյանի դատարանը, մեղադրյալի նկատմամբ կիրառված խափանման միջոցի հարցը քննարկելիս, հանգել է ճիշտ հետևության, ուստի՝ այդ առումով պաշտպանական կողմի ներկայացրած փաստարկներն անհիմն են և ենթակա են մերժման։
Անդրադառնալով Բողոքաբերի այն դիտարկմանը, որ ՀՀ հակակոռուպցիոն դատարանի՝ 2024 թվականի մայիսի 29-ի որոշումն իրավաչափ չէ այն դեպքում, երբ նշված որոշմամբ դատարանը չի իրականացրել Արուսյակ Ալեքսանյանի ազատության իրավունքի շարունակական զրկման իրավաչափության վերստին քննություն` կարծրատիպային ձևակերպումների կիրառմամբ առավելապես հիմնվելով Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ խափանման միջոցի կիրառման նախորդ՝ 2024 թվականի մարտի 13-ի որոշման վրա, Վերաքննիչ դատարանը փաստում է, որ տնային կալանքի կիրառման համար հիմք հանդիսացած հանգամանքերը Առաջին ատյանի դատարանի կողմից դատական ակտը կայացնելու պահի դրությամբ շարունակել են առկա լինել, չեն սպառվել, որպիսի պայմաններում Առաջին ատյանի դատարանն իրավացիորեն փաստել է, որ մեղադրյալի հնարավոր ոչ իրավաչափ վարքագծի զսպման համար անհրաժեշտ է տնային կալանք խափանման միջոցի ժամկետի երկարաձգումը։
Վերոգրյալը հաշվի առնելով՝ Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Բողոքում Պաշտպանի կողմից ներկայացված հիմնավորումները չեն փաստում Առաջին ատյանի դատարանի կողմից կիրառված տնային կալանք խափանման միջոցի ոչ նպատակային լինելու մասին։
(…) Միևնույն ժամանակ Վերաքննիչ դատարանը փաստում է, որ Առաջին ատյանի դատարանի կողմից կայացված դատական ակտն ուշ տրամադրելն ինքնին բավարար չէ բողոքարկվող դատական ակտը բեկանելու համար (…)»։
11․ Առաջին ատյանի դատարանի 2024 թվականի սեպտեմբերի 10-ի որոշման համաձայն․ «(…) Դատարանն արձանագրում է, որ մեղադրյալ Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված տնային կալանքի ժամկետը երկարաձգելու հարցը 2024 թվականի սեպտեմբերի 10-ին քննարկելու պահի դրությամբ նրա նկատմամբ հարուցված քրեական հետապնդումն առերևույթ բացառող, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածով նախատեսված, հանգամանքներ առկա չեն, որպիսի հետևությունը պայմանավորված է գործի քննության տվյալ փուլում առկա տեղեկությունները, հետազոտված ապացույցները գնահատելու տեսանկյունից և չի ենթադրում Դատարանի կողմից որևէ փաստական տվյալի հաստատում կամ հերքում։
(…)
Սույն գործով մեղադրյալները երեքն են, նրանցից Թամարա Պետրոսյանը Արուսյակ Ալեքսանյանի օգնականն է եղել և համաձայն նրան ներկայացված մեղադրանքի՝ հանցակցել է Արուսյակ Ալեքսանյանին։ Մեղադրյալներ Արուսյակ Ալեքսանյանը և Էրիկ Ալեքսանյանը ցուցմունք չեն տվել, իսկ Թամարա Պետրոսյանը որոշակի բովանդակությամբ ցուցմունք տալուց հետո օգտվել է լռելու իրավունքից, չի պատասխանել իրեն տրված հարցերին։
Ցուցմունք տալը մեղադրյալի իրավունքն է և ցուցմունք տալու ցանկություն հայտնելու դեպքում, եթե առկա չէ այն արգելելու կատեգորիկ հիմքեր, ուստի Դատարանն ապահովելու է մեղադրյալի լսված լինելու իրավունքը։
Բացի այդ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան դրույթների մեկնաբանությունից հետևում է, որ վարույթի մասնակիցների եզարափակիչ ելույթով հանդես գալուց, ինչպես նաև մեղադրյալի եզրափակիչ հայտարարությամբ հանդես գալուց հետո ապացույցների հետազոտումը կարող է վերսկսվել։
Վերը նշվածից հետևում է, որ Դատարանը չի կարող իմպերատիվ կերպով արձանագրել, որ ապացույցների հետազոտումն ավարտվել է։
Նկատի ունենալով, որ համաձայն սույն գործով մեղադրյալներին ներկայացված մեղադրանքների՝ մեկ այլ գործով մեղադրյալ Ս․Գ․-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքը փոխելու մասին Էրիկ Ալեքսանյանի կողմից ներկայացված միջնորդությունը ստացել է Թամարա Պետրոսյանը, ով այդ հանգամանքների մասին հայտնել է որոշակի տեղեկություններ։
Իրենց ներկայացված մեղադրանքների, այդ թվում՝ գործի հանագամանքների մասին ցուցմունք տալու ցանկություն կարող են հայտնել Էրիկ Ալեքսանյանը կամ Թամարա Պետրոսյանը և այդ ժամանակ կամ եզրափակիչ ելույթով կամ եզրափակիչ հայտարարությամբ հանդես գալու ժամանակ հայտնեն հանգամանքներ, ինչը կարող է հիմք հանդիսանալ ապացույցների հետազոտումը վերսկսելու համար, հետևաբար՝ Դատարանն արձանագրում է, որ մեղադրյալ Արուսյակ Ալեքսանյանի կողմից իր ենթադրյալ հանցակիցներ, մեղադրյալներ Էրիկ Ալեքսանյանի և Թամարա Պետրոսյանի նկատմամբ ապօրինի ազդեցություն ունենալու ռիսկը չի նվազել, որը կարող է հիմք հանդիսանալ կիրառված տնային կալանքը փոխելու համար։
Նույն կերպ Դատարանն արձանագրում է, որ քանի դեռ քրեական գործով ապացույցների հետազոտումը չի ավարտվել, առկա է նաև Արուսյակ Ալեքսանյանի կողմից հանցանք կատարելու ռիսկը։
Ինչ վերաբերում է պաշտպան Առնոլդ Վարդանյանի այն պնդմանը, որ Արուսյակ Ալեքսանյանի պաշտոնավարումը կասեցված է, հետևաբար չի կարող խոսք լինել հանցանք կատարելու մասին, ապա Դատարանն արձանագրում է, որ Արուսյակ Ալեքսանյանի կողմից հանցանք կատարելու հավանականությունը չի կապվել պաշտոնավարման հետ։
Այսպիսով, հաշվի առնելով վերը նշված հանգամանքերը, դրանք համադրելով ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից արտահայտած իրավական դիրքորոշումների հետ, Դատարանն արձանագրում է, որ մեղադրյալ Արուսյակ Ալեքսանյանին տնային կալանքի տակ պահելու հիմքերը չեն վերացել (…)» ։
12․ Վերաքննիչ դատարանը 2024 թվականի դեկտեմբերի 2-ի որոշմամբ արձանագրել է հետևյալը. «(…) [Մ]եջբերված պատճառաբանությունների համատեքստում գնահատման ենթարկելով Բողոքաբերի փաստարկները՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ վիճարկվող դատական ակտը պարունակում է բավարար չափով և պատշաճ կերպով հիմնավորված ու պատճառաբանված դատողություններ, Առաջին ատյանի դատարանը հանգել է մեղադրյալի հնարավոր վարքագծին վերաբերող տվյալներից և մեղադրյալի անձի անձնական տվյալներից բխող իրավաչափ հետևության, այդ մասով բողոքարկվող դատական ակտը բովանդակում է բավարար և իրավաչափ պատճառաբանություններ, որոնց չհամաձայնելու հիմքեր, Վերաքննիչ դատարանի գնահատմամբ, առկա չեն։
Այլ կերպ ասած, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ սույն գործի փաստական հանգամանքների պայմաններում Առաջին ատյանի դատարանի` մեղադրյալի հնարավոր ոչ պատշաճ վարքագծի կանխման առումով տնային կալանքի անհրաժեշտության մասին եզրահանգումները հիմնավոր են և բխում են գործի՝ գնահատման ենթակա տվյալների ամբողջությունից, հետևաբար գործի քննության տվյալ փուլում տնային կալանք խափանման միջոցը վերացնելով և առավել մեղմ այլընտրանքային խափանման միջոց կիրառելով դեռևս հնարավոր չէ ապահովել մեղադրյալ Ա.Ալեքսանյանի պատշաճ վարքագիծը։
Անդրադառնալով Բողոքաբերի այն դիտարկմանը, որ ՀՀ հակակոռուպցիոն դատարանի՝ 2024 թվականի սեպտեմբերի 10-ի որոշումն իրավաչափ չէ այն դեպքում, երբ նշված որոշմամբ դատարանը չի իրականացրել Արուսյակ Ալեքսանյանի ազատության իրավունքի շարունակական զրկման իրավաչափության վերստին քննություն` կարծրատիպային ձևակերպումների կիրառմամբ առավելապես հիմնվելով Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ խափանման միջոցի կիրառման նախորդ՝ 2024 թվականի մայիսի 29-ի որոշման վրա, տվել է այնպիսի ձևակերպումներ և դատողություններ, որոնք ինչպես առանձին-առանձին, այնպես էլ համակցության մեջ ստեղծում են Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ մինչև դատաքննության ավարտը խափանման միջոցի փոփոխության անհնարինություն՝ Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ խափանման միջոցի կիրառումը դարձնելով որպես պատիժ, Վերաքննիչ դատարանը փաստում է, որ տնային կալանքի կիրառման համար հիմք հանդիսացած հանգամանքերը Առաջին ատյանի դատարանի կողմից դատական ակտը կայացնելու պահի դրությամբ շարունակել են առկա լինել, չեն սպառվել, որպիսի պայմաններում Առաջին ատյանի դատարանն իրավացիորեն փաստել է, որ մեղադրյալի հնարավոր ոչ իրավաչափ վարքագծի զսպման համար անհրաժեշտ է տնային կալանք խափանման միջոցի ժամկետի երկարաձգումը։
Վերոգրյալը հաշվի առնելով՝ Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Բողոքաբերի կողմից ներկայացված հիմնավորումները չեն փաստում Առաջին ատյանի դատարանի կողմից կիրառված տնային կալանք խափանման միջոցի ոչ նպատակային լինելու մասին։
Վերաքննիչ դատարանը փաստում է, որ Բողոքաբերի դատողությունները, ընդհանուր առմամբ, անհամաձայնություն են Առաջին ատյանի դատարանի հետևությունների հետ և չեն պարունակում փաստարկներ, որոնց գնահատման արդյունքում հնարավոր կլիներ գալ եզրահանգման, որ Առաջին ատյանի դատարանը ոչ իրավաչափ հետևության է հանգել։ Այլ կերպ ասած, Վերաքննիչ դատարանը փաստում է, որ հատուկ վերանայման բողոքով ներկայացված փաստարկներն այնպիսին չեն, որ անձին շարունակական տնային կալանքի տակ պահելը լինի ոչ իրավաչափ։
Վերոգրյալի համատեքստում՝ Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատարանի դատարանի հետևություններն անհիմն համարելու և կայացված ակտը բեկանելու համար անհրաժեշտ են այնպիսի քանակական և (կամ) որակական փաստական հանգամանքներ, որոնք իրենց համակցությամբ կարող են Վերաքննիչ դատարանի մոտ ձևավորել ներքին համոզմունք առ այն, որ Առաջին ատյանի դատարանը կայացրել է ոչ իրավաչափ դատական ակտ։
Այս առումով Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նշել Վճռաբեկ դատարանի արտահայտած դիրքորոշումն առ այն, որ որպես վարույթն իրականացնող մարմին հանդես եկող առաջին ատյանի դատարանի դատական ակտը բեկանելիս, Վերաքննիչ դատարանի կողմից կայացված դատական ակտը պետք է հիմնված լինի ծանրակշիռ փաստական հանգամանքների վրա և ունենա պատճառաբանվածության առավել բարձր աստիճան։ Հակառակ մոտեցումը, Վճռաբեկ դատարանի համոզմամբ, կարող է իր բացասական ազդեցությունը թողնել առաջին ատյանի դատարանում քրեական գործի քննության բնականոն ընթացքի վրա` դրանով իսկ սահմանափակելով առաջին ատյանի դատարանի ներքին անկախությունը:
Վերաքննիչ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում Բողոքաբերի կողմից չեն ներկայացվել այնպիսի ծանրակշիռ փաստական տվյալներ, որոնք թույլ կտան գալ հիմնավոր հետևության, որ մեղադրյալի նկատմամբ կիրառված խափանման միջոցի ընտրությունն ակնհայտորեն չի համապատասխանել այդ հարցը լուծելիս գնահատման ենթակա հանգամանքներից բխող ողջամիտ ենթադրություններին։ Մինչդեռ Առաջին ատյանի դատարանի դատական ակտի ուսումնասիրությունից հետևում է, որ խափանման միջոցի հարցը լուծելիս Առաջին ատյանի դատարանը, հանդես գալով որպես գործով վարույթն իրականացնող մարմին, պատշաճ գնահատման է ենթարկել դատարանում գործի քննության ընթացքում մեղադրյալ Արուսյակ Ալեքսանյանի կողմից ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու ռիսկերը։
Այլ կերպ ասած՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ գործի քննության տվյալ փուլում մեղադրյալի նկատմամբ կիրառված տնային կալանք խափանման միջոցը կարող է լինել գործուն երաշխիք՝ մեղադրյալի ոչ իրավաչափ վարքագծի դրսևորման ռիսկերը չեզոքացնելու համար։
(…)
Միևնույն ժամանակ Վերաքննիչ դատարանը փաստում է, որ Առաջին ատյանի դատարանի կողմից կայացված դատական ակտն ուշ տրամադրելն ինքնին բավարար չէ բողոքարկվող դատական ակտը բեկանելու համար (…)»։
13. Առաջին ատյանի դատարանը 2024 թվականի մայիսի 29-ին կայացված որոշումը պաշտպանական կողմին հանձնել է 2025 թվականի հուլիսի 17-ին՝ ավելի քան 45 օր, իսկ 2024 թվականի սեպտեմբերի 10-ի որոշումը՝ 2025 թվականի հոկտեմբերի 28-ին՝ շուրջ 48 օր հետո։
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
14. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. խախտվե՞լ է արդյոք մեղադրյալ Ա․Ալեքսանյանի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքն այն դեպքում, երբ Ա․Ալեքսանյանի՝ տնային կալանքի տակ գտնվելու ժամկետը երկարաձգելու վերաբերյալ ՀՀ հակակոռուպցիոն դատարանի կողմից 2024 թվականի մայիսի 29-ին և 2024 թվականի սեպտեմբերի 10-ին կայացված որոշումները մեղադրյալ Ա․Ալեքսանյանը ստացել է համապատասխանաբար քառասունհինգ և քառասունութ օր անց։
15․ ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Անձնական ազատությունից զրկված յուրաքանչյուր ոք իրեն հասկանալի լեզվով անհապաղ տեղեկացվում է ազատությունից զրկվելու պատճառների, իսկ քրեական մեղադրանք ներկայացվելու դեպքում՝ նաև մեղադրանքի մասին»։
Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ «Անձնական ազատությունից զրկված յուրաքանչյուր ոք իրավունք ունի վիճարկելու իրեն ազատությունից զրկելու իրավաչափությունը, որի վերաբերյալ դատարանը սեղմ ժամկետում որոշում է կայացնում և կարգադրում է նրան ազատ արձակել, եթե ազատությունից զրկելը ոչ իրավաչափ է»։
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ նաև՝ Կոնվենցիա) 5-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ «Յուրաքանչյուր ձերբակալված իրեն հասկանալի լեզվով անհապաղ տեղեկացվում է իր ձերբակալման պատճառների և ներկայացվող ցանկացած մեղադրանքի մասին»։
Կոնվենցիայի նույն հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք, ով ձերբակալման կամ կալանավորման պատճառով զրկված է ազատությունից, իրավունք ունի վիճարկելու իր կալանավորման օրինականությունը, որի կապակցությամբ դատարանն անհապաղ որոշում է կայացնում և կարգադրում է նրան ազատ արձակել, եթե կալանավորումն անօրինական է»։։
16․ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ նաև՝ Եվրոպական դատարան) նախադեպ է ձևավորել այն մասին, որ անձի՝ իրեն ազատությունից զրկելու պատճառներն իմանալը կազմում է անձի ազատության իրավունքի պաշտպանության՝ Կոնվենցիայի 5-րդ հոդվածով երաշխավորված՝ անքակտելի բաղադրիչը։ Ավելին, դատարանն ընդգծել է, որ այն դեպքում, երբ ազատությունից զրկվածները տեղեկացված չեն լինում իրենց ազատությունից զրկելու պատճառների մասին, նրանց՝ իրենց անազատության մեջ պահելու իրավաչափությունը բողոքարկելու իրավունքը զրկվում է արդյունավետությունից։ Եվրոպական դատարանն ընդգծել է, որ իրավական պաշտպանության գոյություն ունեցող միջոցը պետք է լինի բավարար չափով որոշակի, իսկ կալանքի օրինականությունը պետք է ստուգվի ողջամիտ պարբերականությամբ և ժամկետում։
Միևնույն ժամանակ Եվրոպական դատարանի ձևավորած նախադեպային իրավունքի համաձայն՝ տնային կալանքի նկատմամբ վերաբերելի մասով (mutatis mutandis) կիրառելի են նաև Կոնվենցիայի 5-րդ հոդվածով նախատեսված երաշխիքները, ինչից հետևում է, որ տնային կալանքի տակ գտնվելու ժամկետը երկարաձգելիս անձը հնարավորինս սեղմ ժամկետում պետք է տեղեկացվի իրեն շարունակական անազատության մեջ պահելու հիմքերի ու պատճառների մասին։ Հակառակ մոտեցումը կհանգեցնի անձի՝ Կոնվենցիայի 5-րդ և ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածներով նախատեսված իրավունքների խախտման։
17. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ՝
- մեղադրյալ Ա․Ալեքսանյանին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ և 5-րդ կետերով և 482-րդ հոդվածի 1-ին մասով,
- Առաջին ատյանի դատարանը 2024 թվականի մայիսի 29-ի որոշմամբ, անդրադառնալով Ա․Ալեքսանյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցի հարցին, նշել է, որ մեղադրյալ Ա․Ալեքսանյանի նկատմամբ տնային կալանք կիրառելու հիմքերը չեն վերացել, դրանք շարունակում են առկա լինել, հետևաբար կիրառված այլընտրանքային խափանման միջոց տնային կալանքը ենթակա չէ փոփոխման, քանի որ այլընտրանքային այլ խափանման միջոցի կամ միջոցների համակցված կիրառումը Առաջին ատյանի դատարանի գնահատմամբ չի կարող բավարար երաշխիք լինել Ա․Ալեքսանյանի հնարավոր ոչ պատշաճ վարքագիծը և արձանագրված ռիսկերը չեզոքացնելու համար։
Առաջին ատյանի դատարանը 2024 թվականի սեպտեմբերի 10-ի որոշմամբ նույնպես նշել է, որ մեղադրյալ Արուսյակ Ալեքսանյանին տնային կալանքի տակ պահելու հիմքերը չեն վերացել։
- Միևնույն ժամանակ, Առաջին ատյանի դատարանը 2024 թվականի մայիսի 29-ին կայացված որոշումը պաշտպանական կողմին հանձնել է 2025 թվականի հուլիսի 17-ին՝ ավելի քան 45 օր, իսկ 2024 թվականի սեպտեմբերի 10-ի որոշումը՝ 2025 թվականի հոկտեմբերի 28-ին՝ շուրջ 48 օր հետո։
- Վերաքննիչ դատարանն ըստ էության համաձայնել է Առաջին ատյանի դատարանի որոշումներում առկա իրավական դիրքորոշումների հետ, միևնույն ժամանակ արձանագրելով, որ Առաջին ատյանի դատարանի կողմից կայացված դատական ակտերը մեղադրյալին ուշ տրամադրելն ինքնին բավարար չէ բողոքարկվող դատական ակտը բեկանելու համար։
18․ Նախորդ կետում վկայակոչված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 15-16-րդ կետերում մեջբերված իրավադրույթների և իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում խախտվել է մեղադրյալ Ա․Ալեքսանյանի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքը, քանի որ վերջինս տևական ժամանակ չի տեղեկացվել իրեն ազատությունից զրկելու պատճառների մասին, մինչդեռ թե՛ ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի 2-րդ մասը, թե՛ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 2-րդ մասը հստակ սահմանում են, որ ազատությունից զրկվելու պատճառների մասին յուրաքանչյուր ոք իրավունք ունի տեղեկանալ անհապաղ։ Մինչդեռ իր նկատմամբ կիրառված տնային կալանք խափանման միջոցի ժամկետները երկարաձգելու վերաբերյալ 2024 թվականի օգոստոսի 16-ի և 2024 թվականի դեկտեմբերի 2-ի որոշումները մեղադրյալ Ա․Ալեքսանյանը ստացել է համապատասխանաբար քառասունհինգ և քառասունութ օր անց։
Վճռաբեկ դատարանը միաժամանակ գտնում է, որ մեղադրյալ Ա․Ալեքսանյանին ազատությունից զրկելու պատճառների մասին նրան տևական ժամանակ չտեղեկացնելը վերջինիս զրկել է իրեն ազատությունից զրկելու իրավաչափությունը սեղմ ժամկետում վերադաս դատական ատյանում վիճարկելու հնարավորությունից։
Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ խախտվել է մեղադրյալ Ա․Ալեքսանյանի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքը, քանի որ նա տևական ժամանակ չի տեղեկացվել իրեն ազատությունից զրկելու պատճառների մասին և չի ունեցել սեղմ ժամկետում այն վիճարկելու հնարավորություն։
19․ Միաժամանակ, անդրադառնալով այլընտրանքային խափանման միջոց տնային կալանքի կիրառմամբ մեղադրյալ Ա․Ալեքսանյանի օրինական վարքագիծն ապահովելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևություններին, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանները պատշաճ վերլուծության և գնահատման են ենթարկել մեղադրյալին մեղսագրվող արարքների բնույթն ու վտանգավորության աստիճանը (Ա․Ալեքսանյանին մեղսագրվող արարքներից մեկը դասվում է հանրային ծառայության շահերի դեմ ուղղված ծանր, իսկ մյուսը՝ արդարադատության շահերի դեմ ուղղված միջին ծանրության հանցագործությունների շարքին), վերջինիս անձը, անձի զբաղեցրած պաշտոնը, նաև դրանով պայմանավորված՝ հանրության մեջ ունեցած դիրքն ու հեղինակությունը, իր ծառայողական գործունեության հետ սերտ կապված հանցագործություններ կատարելու մեջ մեղադրվելը), որոնք գործի նյութերից բխող մյուս տվյալների համատեքստում ողջամտորեն կարող էին վկայել, որ գործի քննության տվյալ փուլում շարունակում է առկա լինել մեղադրյալ Ա.Ալեքսանյանի կողմից քրեական վարույթին խոչընդոտելու ռիսկը։
20․ Վերոգրյալի հաշվառմամբ՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանները, գալով հետևության, որ մեղադրյալ Ա.Ալեքսանյանի օրինական վարքագիծը հնարավոր է ապահովել միայն տնային կալանք այլընտրանքային խափանման միջոցի կիրառմամբ, հանգել են իրավաչափ եզրահանգման, ուստի Վերաքննիչ դատարանի 2024 թվականի օգոստոսի 16-ի և 2024 թվականի դեկտեմբերի 2-ի որոշումները պետք է թողնել անփոփոխ՝ հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 15- րդ, 31-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 361-րդ, 363-րդ և 400-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Մեղադրյալ Արուսյակ Ալեքսանյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի 2024 թվականի օգոստոսի 16-ի և 2024 թվականի դեկտեմբերի 2-ի որոշումները թողնել անփոփոխ՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:
2. Ճանաչել Ա․Ալեքսանյանի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքի խախտման փաստը:
3․ Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:
Նախագահող` Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆ
Դատավորներ` Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆ
Ռ․ՄԽԻԹԱՐՅԱՆ
Ս.ՉԻՉՈՅԱՆ
Դ.ՎԵՔԻԼՅԱՆ
