Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am

Վճռաբեկ դատարան · Կոռուպցիոն հանցագործություններ

ՀԿԴ/0124/15/25

Վճռաբեկ դատարանի որոշումների ցանկից (cassationcourt.am/decisions)՝ դատարանի նախադեպային շտեմարանում այն չկա։

Գործի համարը
ՀԿԴ/0124/15/25
Դատական ակտի ընդունման ամսաթիվը
23.07.2026

Որոշման տեքստը

դատարանի Word ֆայլից
ՀԿԴ/0124/15/25 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ Հայաստանի Հանրապետության hակակոռուպցիոն դատարան, նախագահող դատավոր Ս.Դադոյան Հայաստանի Հանրապետության վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան, նախագահող դատավոր Կ.Ամիրյան 2026 թվականի հուլիսի 23-ին քաղաք Երևանում ՀՀ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմը (այսուհետ նաև՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ` մասնակցությամբ դատավորներ՝ Ռ.ՄԽԻԹԱՐՅԱՆԻ Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆԻ Ս.ՉԻՉՈՅԱՆԻ Դ.ՎԵՔԻԼՅԱՆԻ գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան)՝ 2025 թվականի հոկտեմբերի 24-ի որոշման դեմ Հ**** Գ*****-ի և Ա*** Բ*****-ի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքները, Պ Ա Ր Զ Ե Ց Վարույթի դատավարական նախապատմությունը. 1. 2025 թվականի ապրիլի 10-ին ՀՀ hակակոռուպցիոն կոմիտեի քննչական առաջին վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 444-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով նախաձեռնվել է թիվ ******* քրեական վարույթը։ 2․ 2025 թվականի սեպտեմբերի 8-ին Թ***** Գ*****-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 444-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ 3. 2025 թվականի սեպտեմբերի 9-ին ՀՀ hակակոռուպցիոն կոմիտեի արդարադատության շահերի դեմ ուղղված, ինչպես նաև իրավապահ մարմինների ծառայողներին վերագրվող հանցագործությունների քննության վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Մ.Այդինյանը (այսուհետ նաև՝ Քննիչ) թիվ ******** քրեական վարույթով որոշում է կայացրել Հ․Գ*****-ի և Ա․Բ******-ի անուններով «**********» **** *********** բացված ավանդային հաշիվներում առկա 49.234.793 (քառասունինը միլիոն երկու հարյուր երեսունչորս հազար յոթ հարյուր իննսուներեք) ՀՀ դրամ կազմող դրամական միջոցների, ինչպես նաև տվյալ հաշիվներին փոխանցվող ամսական տոկոսագումարների արգելադրման մասին և 2025 թվականի սեպտեմբերի 11-ին այդ որոշման իրավաչափությունը հաստատելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն դատարան։ 4. ՀՀ հակակոռուպցիոն դատարանի (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան)՝ 2025 թվականի սեպտեմբերի 26-ի որոշմամբ Քննիչի միջնորդությունը բավարարվել է։ 5. Առաջին ատյանի դատարանի վերը նշված որոշման դեմ Հ․Գ******-ի և Ա․Բ******-ի կողմից ներկայացվել են հատուկ վերանայման բողոքներ, որոնք Վերաքննիչ դատարանի՝ 2025 թվականի հոկտեմբերի 24-ի որոշմամբ թողնվել են առանց քննության։ 6. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ Հ.Գ*******-ի և Ա.Բ**********-ի կողմից բերվել են հատուկ վերանայման վճռաբեկ բողոքներ, որոնք Վճռաբեկ դատարանի՝ 2025 թվականի նոյեմբերի 20-ի որոշմամբ ընդունվել են վարույթ, և սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։ Հատուկ վերանայման վճռաբեկ բողոքների հիմքերը, փաստարկները և պահանջները. Վճռաբեկ բողոքները քննվում են հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով. 7․ Բողոքաբերները գտել են, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել քրեադատավարական օրենքի էական խախտում՝ Հ.Գ******-ին և Ա․Բ*******-ին զրկելով դատական պաշտպանության իրավունքի իրացման հնարավորությունից, և որ բողոքարկվող դատական ակտը հակասում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և Վճռաբեկ դատարանի որոշումներով արտահայտված իրավական դիրքորոշումներին։ 7.1. Մասնավորապես, բողոքի հեղինակները, փաստարկելով, որ որպես մեղադրյալ Թ․Գ*******-ին ենթադրաբար պատկանող և վերջինիս կողմից չհայտարարագրված գույք՝ արգելադրվել են իրենց կողմից ավանդադրված գումարները, նշել են, որ Առաջին ատյանի դատարանի կողմից կայացված դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք ներկայացրել են ոչ թե որպես Թ.Գ******-ի պաշտպաններ, ինչպես թյուրիմացաբար փաստել է Վերաքննիչ դատարանը, այլ որպես դատավարության մասնակից չհանդիսացող անձինք, որոնց իրավաչափ շահերին առնչվում է դատական ակտը։ 8. Արդյունքում բողոքաբերները խնդրել են Վերաքննիչ դատարանի՝ 2025 թվականի հոկտեմբերի 24-ի որոշումը բեկանել և վարույթը փոխանցել նույն դատարան՝ նոր քննության։ Հատուկ վերանայման վճռաբեկ բողոքների քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները. 9. Քննիչի՝ գույքի արգելադրման որոշման իրավաչափությունը հաստատելու վերաբերյալ 2025 թվականի սեպտեմբերի 11-ի միջնորդության համաձայն՝ «(…) Նկատի ունենալով, որ սույն քրեական [վարույթով] մեղադրյալ Թ******* Գ***********-ին փաստացի պատկանող գույքը՝ 20.05.2025թ. դրությամբ ընդհանուր 49.234.793 (քառասունինը միլիոն երկու հարյուր երեսունչորս հազար յոթ հարյուր իննսուներեք) ՀՀ դրամի չափով ավանդների գումարը որպես հանցագործության առարկա (նախաքննությամբ ձեռք բերված տվյալները հաշվի առնելով՝ հետագա քննության առարկա է հանդիսանալու նաև նշված դրամական միջոցների ծագման աղբյուրների հարցը) հնարավոր է բռնագրավվի կամ բռնագանձվի, ինչն ապահովելու համար վարույթ իրականացնողի կողմից 09.09.2025թ․-ին որոշում է կայացվել սույն քրեական վարույթով արգելադրել մեղադրյալ Թ***** ***** Գ*********-ին փաստացի պատկանող, սակայն Հ**** ***** Գ********-ի և Ա****** ******* Բ******-ի անունով բացված ավանդային հաշիվներում առկա՝ նախաքննության տվյալների համաձայն 20.05.2025թ. դրությամբ համապատասխանաբար *******թ. կնքված թիվ *************** ժամկետային ավանդի պայմանագրով նախատեսված՝ ************** ավանդային հաշվեհամարում առկա 30.818.877 ՀՀ դրամ (երեսուն միլիոն ութ հարյուր տասնութ հազար ութ հարյուր յոթանասունյոթ) և ******թ. կնքված «Ճկուն» ֆիզիկական անձանց համար ժամկետային ավանդի թիվ ********** պայմանագրով նախատեսված ************** ավանդային հաշվեհամարում առկա 18.415.916 ՀՀ դրամ (տասնութ միլիոն չորս հարյուր տասնհինգ հազար ինը հարյուր տասնվեց) կազմող դրամական միջոցները, ինչպես նաև պայմանագրերով նախատեսված կարգով տվյալ հաշիվներին փոխանցվող ամսական տոկոսագումարները արգելադրման ողջ ժամանակահատվածի համար։ Վերոգրյալ որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ առկա է ողջամիտ ենթադրություն այն մասին, որ նշված դրամական միջոցները կարող են դրանց ձևական տերեր Հ**** Գ*******-ի և Ա****** Բ*********-ի կողմից կանխիկացվել, այլ հաշիվների փոխանցվել և թաքցվել՝ դրանց հնարավոր բռնագրավումից կամ բռնագանձումից խուսափելու նպատակով։ (…) Արգելադրված գույքի՝ ավանդային հաշիվներում առկա դրամական միջոցների փաստացի սեփականատեր է հանդիսանում սույն քրեական վարույթով մեղադրյալ Թ****** ********* Գ**********-ը (…), սակայն նշված դրամական միջոցները չհայտարարագրելու և թաքցնելու նպատակով «**********» ****-ում ավանդի պայմանագրերը կնքվել են մեղադրյալի ****** Հ**** ******* Գ**********-ի (…) և վերջինիս ******** Ա**** ******* Բ********-ի (…) անունով, ընդ որում, 20.05.2025թ. դրությամբ (…) Հ***** Գ********-ի անունով բացված ավանդային հաշվում առկա է եղել 30.818.877 ՀՀ դրամ գումար, իսկ Ա***** Բ********-ի անունով ավանդային հաշվում՝ 18.415.916 ՀՀ դրամ գումար։ Անհրաժեշտ է նաև արձանագրել, որ Հ**** Գ*******-ը և Ա***** Բ*******-ը վերոգրյալ պայմաններում չեն հանդիսանում բարեխիղճ երրորդ անձինք, այլ իրականում մեղադրյալ Թ****** Գ*******-ին պատկանող նշված դրամական միջոցներն իրենց անուններով բանկում ավանդ են դրել և կնքել համապատասխան ավանդային պայմանագրեր՝ այդ կերպ հնարավորություն տալով մեղադրյալ Թ******* Գ******-ին թաքցնել փաստացի իրեն պատկանող առանձնապես խոշոր չափերով գույքը՝ նշված դրամական միջոցներն իրեն պատկանելու հանգամանքը և դրանց հայտնաբերումը դժվարացնելու կամ անհնարին դարձնելու նպատակով։ Հ***** Գ*******-ը և Ա**** Բ******-ը ձևական են ներգրավվել նշված դրամական միջոցները բանկում ավանդադնելու գործընթացներին, նրանք տեղյակ էին, որ այդ գույքը Թ***** Գ********-ին պատկանելու հանգամանքը պետք է գաղտնի պահվի, ինչի մասին նույն Թ**** Գ*******-ը ****՝ Հ***** Գ********-ի հետ խոսակցություններում բազմիցս շեշտել է, որն էլ արձանագրվել է ՕՀՄ-ի արդյունքներով։ (…)»: 10. Առաջին ատյանի դատարանը 2025 թվականի սեպտեմբերի 26-ի որոշմամբ արձանագրել է հետևյալը. «(…) [Մ]իջնորդության և կից նյութերի ուսումնասիրությամբ երևում է, որ Թ***** Գ*******-ը, զբաղեցնելով *********** «******» **** ********** ******* ********** պաշտոնը, հանդիսանալով հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձ, ******թթ. ընթացքում իր ***** և ***** ******** անվամբ «*********» *** *********-ում ավանդադրել է փաստացի իրեն պատկանող առանձնապես խոշոր չափերով գումարներ և յուրաքանչյուր ամիս ստացել ավանդի տոկոսագումարները։ Թ***** Գ*********-ը վերոգրյալ ավանդները և դրանցից ստացված եկամուտները չի հայտարարագրել և թաքցրել է իր 2022, 2023 և 2024 թվականներին ներկայացրած տարեկան հայտարարագրերում, ինչը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով գույքի և եկամուտների չհայտարարագրման։ Դատարանը նշվածը գնահատում է հաշվի առնելով միջնորդությանը կից ներկայացված նյութերը։ Վերոնշվածը հաշվի առնելով՝ Դատարանը գույքի արգելադրման նպատակը, այն է՝ գույքի հնարավոր բռնագրավումը կամ բռնագանձումը ապահովելը, համարում է առկա։ Անդրադառնալով գույքի արգելադրման հիմքերի առկայությանը՝ Դատարանն արձանագրում է, որ Քննիչը որպես գույքի արգելադրման հիմք միջնորդության մեջ նշել է, որ Հ***** Գ*******-ի և Ա***** Բ*******-ի կողմից կարող են ավանդային հաշիվներում առկա գումարները կանխիկացվել, այլ հաշիվների փոխանցվել և թաքցվել։ Կից ներկայացված նյութերի ուսումնասիրությամբ և Դատարանի գնահատմամբ գույքի արգելադրման հիմքը ևս առկա է։ (…)»։ 11. Վերաքննիչ դատարանը, 2025 թվականի հոկտեմբերի 24-ի որոշմամբ առանց քննության թողնելով Հ.Գ******-ի և Ա.Բ********-ի հատուկ վերանայման բողոքները, այն պատճառաբանել է հետևյալ կերպ. «(…) Ուսումնասիրելով ներկայացված հատուկ վերանայման բողոքները՝ Վերաքննիչ դատարանը փաստում է, որ քննության առարկա դեպքում առկա է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 391-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված բողոքն առանց քննության թողնելու հիմքը: Մասնավորապես, Վերաքննիչ դատարանը հարկ է համարում փաստել, որ սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ Հակակոռուպցիոն կոմիտեի արդարադատության շահերի դեմ ուղղված, ինչպես նաև իրավապահ մարմինների ծառայողներին վերագրվող հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ քննիչ Մարիամ Այդինյանի գրության բովանդակության ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ամենաուշը 2025 թվականի սեպտեմբերի 16-ի դրությամբ մեղադրյալ Թ***** Գ*******-ի պաշտպաններ են հանդիսացել փաստաբաններ Պ****** Պ********-ը և Մ******** Ս********-ը և ոչ թե հատուկ վերանայման բողոք ներկայացրած անձինք: Ընդ որում, Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նշել, որ նշյալ պաշտպանների (Պ***** Պ****** և Մ****** Ս********) կողմից վիճարկվող դատական ակտը չի բողոքարկվել։ Ավելին, «Գույքի արգելադրման մասին քննիչի որոշման իրավաչափությունը հաստատելու վերաբերյալ միջնորդությունը քննելու մասին» վերոնշյալ որոշումը չի բողոքարկվել նաև Թ******* Գ********-ի կողմից: Ելնելով վերոգրյալից՝ Վերաքննիչ դատարանը փաստում է, որ Բողոքաբերները հատուկ վերանայման բողոք ներկայացնելու ժամանակ այլևս չեն հանդիսացել Թ****** Գ*******-ի պաշտպանները, հետևաբար վերջիններս չունեն վիճարկվող դատական ակտի դեմ հատուկ վերանայման բողոք ներկայացնելու իրավունք: Այլ կերպ ասած՝ նշյալ դատական ակտը չի բողոքարկվել դրա իրավասությունն ունեցող դատավարական սուբյեկտների կողմից, այլ բողոքարկվել է այնպիսի անձանց կողմից, ովքեր կոնկրետ դեպքում հատուկ վերանայման բողոք բերելու իրավասություն չունեն: Ողջ վերոշարադրյալի լույսի ներքո Վերաքննիչ դատարանը փաստում է, որ Բողոքաբերների կողմից ներկայացված հատուկ վերանայման բողոքները պետք է թողնել առանց քննության։ (…)»։ Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը. 12. Սույն վարույթով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված է հետևյալ իրավական հարցը. հիմնավո՞ր է արդյոք Հ.Գ*******-ի և Ա.Բ********-ի հատուկ վերանայման բողոքներն առանց քննության թողնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի եզրահանգումը: 13․ ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք»: ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք»: «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ նաև՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք։ (…)»: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 353-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Դատական վերանայման բողոք բերելու իրավունք ունեն՝ 1) վարույթի մասնավոր մասնակիցը. 2) վարույթի մասնավոր մասնակից չհանդիսացող անձը, եթե դատական ակտն ուղղակիորեն վերաբերում է նրա իրավաչափ շահերին. 3) դատախազը»: Նույն օրենսգրքի 391-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ «Հատուկ վերանայման բողոքը թողնվում է առանց քննության, եթե՝ (…) 2) բողոքը բերել է բողոքարկման իրավունք չունեցող անձը. (…)»: 14․ ՀՀ Սահմանադրական դատարանը, վերահաստատելով դատարանի մատչելիության իրավունքի վերաբերյալ նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները, 2018 թվականի հունիսի 19-ի թիվ ՍԴՈ-1420 որոշմամբ արձանագրել է հետևյալը. - դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ, - ընթացակարգային որևէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված՝ դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում, - դատարանի (արդարադատության) մատչելիությունը կարող է ունենալ որոշակի սահմանափակումներ, որոնք չպետք է խաթարեն այդ իրավունքի բուն էությունը, - դատարան դիմելիս անձը չպետք է ծանրաբեռնվի ավելորդ ձևական պահանջներով, - իրավական որոշակիության ապահովման պահանջից ելնելով՝ դատարանի մատչելիության իրավունքի իրացման համար անհրաժեշտ որոշակի իմպերատիվ նախապայմանի առկայությունն ինքնին չի կարող դիտվել որպես ՀՀ Սահմանադրությանը հակասող: Այլ հարց է, որ նման նախապայմանը պետք է լինի իրագործելի, ողջամիտ և իր ծանրությամբ չհանգեցնի իրավունքի էության խախտման։ 14.1. Արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասը կազմող՝ դատարանի մատչելիության իրավունքի վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ նաև՝ Եվրոպական դատարան) արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումները. - դատարանի մատչելիության իրավունքը բացարձակ չէ, և պետությունները կարող են այն իրացնելու հնարավորությունը պայմանավորել որոշակի պահանջներով և չափանիշներով, - պետությունը դատարան դիմելու իրավունքից օգտվելու համար կարող է սահմանել որոշակի պայմաններ, պարզապես պետության կողմից կիրառված սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն անձի՝ դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը, - դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետին չի համապատասխանի, եթե այն իրավաչափ նպատակ չի հետապնդում, և եթե կիրառված միջոցների և հետապնդվող նպատակի միջև չկա համաչափության ողջամիտ հարաբերակցություն, - ներպետական դատական ատյանները դատավարական կանոնները կիրառելիս պետք է ձեռնպահ մնան դրանց չափազանցված ձևականացումից, որն իր ազդեցությունը կունենա դատավարության արդարացիության վրա: Դատարանի մատչելիության իրավունքը խախտվում է, երբ սահմանված կարգավորումները դադարում են ծառայել իրավական որոշակիության և արդարադատության պատշաճ կազմակերպման նպատակներին և վերածվում են իրավասու դատարանի կողմից գործն ըստ էության քննության առնելու խոչընդոտի։ 14.2. Եվրոպական դատարանը Մամիկոնյանն ընդդեմ Հայաստանի գործով նշել է. «(...) Դատարանի իրավունքը, որի մի մասն է կազմում մատչելիության իրավունքը, բացարձակ չէ. այն կարող է ենթարկվել անուղղակի սահմանափակումների, մասնավորապես՝ բողոքի ընդունելիության պայմանների առնչությամբ, քանի որ դրա բնույթից ելնելով՝ պահանջվում է պետության կողմից իրականացվող կարգավորում, որին այս առնչությամբ վերապահված է հայեցողական լիազորությունների որոշակի շրջանակ: Այնուամենայնիվ, այդ սահմանափակումները չպետք է սահմանափակեն կամ նվազեցնեն անձի՝ դատարանի մատչելիության իրավունքն այնպես կամ այն չափով, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը. վերջապես, նման սահմանափակումները չեն համապատասխանի Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներին, եթե դրանք չեն հետապնդում իրավաչափ նպատակ կամ գործադրվող միջոցի և հետապնդվող նպատակի միջև առկա չէ համաչափության ողջամիտ հարաբերակցություն։ Որպեսզի մատչելիության իրավունքը լինի արդյունավետ, անհատը պետք է ունենա հստակ և գործնական հնարավորություն՝ վիճարկելու այն ակտը, որով միջամտություն է արվում իր իրավունքներին։ (…)»: 15. Արդար դատաքննության իրավունքի համատեքստում կարևորելով անձի՝ դատարանի մատչելիության իրավունքի բացառիկ նշանակությունն անձի իրավունքների պաշտպանության իրավական համակարգում՝ Վճռաբեկ դատարանը կայուն նախադեպային իրավունք է ձևավորել այն մասին, որ դատարանի մատչելիության իրավունքը պետք է լինի իրական և ոչ թե պատրանքային, ինչը ենթադրում է, որ անձն իր իրավունքների ու ազատությունների խախտման յուրաքանչյուր դեպքում` ողջամիտ սահմանափակումների պայմաններում, պետք է դատարան դիմելու, իր խախտված իրավունքները և ազատությունները վերականգնելու իրական հնարավորություն ունենա: Դատական պաշտպանության իրավունքի իրացման հնարավոր սաhմանափակումները չպետք է ձևական բնույթ կրեն, որպեսզի շահագրգիռ անձը հավասար պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունքի իրացման հնարավորություն ունենա: Հակառակ դեպքում կխախտվեն անձի՝ դատարանի մատչելիության և արդար դատաքննության իրավունքները։ 15.1. Վերոգրյալի հետ մեկտեղ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ դատական պաշտպանության իրավունքի իրացման համատեքստում բողոքն առանց քննության թողնելու ինստիտուտը հանդիսանում է դատական պաշտպանության իրավունքի սահմանափակման իրավաչափ դրսևորում։ Միաժամանակ, հաշվի առնելով, որ բողոքն առանց քննության թողնելը բացառում է բողոքի ըստ էության քննության հնարավորությունը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն կարող է համարվել իրավաչափ բացառապես այն դեպքերում, երբ հաստատապես կփաստվի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սպառիչ կերպով նախատեսված համապատասխան հիմքերի առկայությունը։ Վճռաբեկ դատարանի գնահատմամբ՝ հակառակ մոտեցումը չի կարող բխել մարդու իրավունքների ու ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի երաշխավորման և իրացման սահմանադրորեն ամրագրված սկզբունքներից, և կհանգեցնի անձի՝ դատական պաշտպանության իրավունքի ոչ իրավաչափ սահմանափակման։ 15.2. Վճռաբեկ դատարանը փաստում է, որ հատուկ վերանայման բողոքն առանց քննության թողնելու՝ օրենքով նախատեսված հիմքերից մեկը բողոքն այն անձի կողմից ներկայացված լինելն է, որը չունի բողոքարկման իրավունք։ Հետևաբար բողոքն այդ հիմքով առանց քննության թողնելիս պետք է հաստատապես փաստվի, որ բողոք բերած անձն օրենքի իմաստով չի հանդիսանում տվյալ դատական ակտը բողոքարկելու իրավասու սուբյեկտ։ Վերոգրյալի առնչությամբ հարկ է փաստել, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը, սահմանելով բողոք բերելու հնարավորություն ունեցող անձանց շրջանակը, ի թիվս վարույթի մասնավոր մասնակցի և դատախազի, նման իրավունքով օժտել է նաև վարույթի մասնավոր մասնակից չհանդիսացող այն անձին, ում իրավաչափ շահերին վիճարկվող դատական ակտն ուղղակիորեն վերաբերում է։ Վերոգրյալ կարգավորմամբ վարույթին չներգրավված անձանց տրվել է իրավունքների և իրավաչափ շահերի պաշտպանության նպատակով բողոք բերելու իրավունք՝ ելնելով քրեական վարույթի շրջանակներում վարույթի մասնավոր մասնակից չհանդիսացող անձանց իրավաչափ շահերի հնարավոր սահմանափակման հնարավորությունից։ Հետևաբար դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել վերջիններիս դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված՝ դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ։ 16. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ․ - Առաջին ատյանի դատարանի՝ 2025 թվականի սեպտեմբերի 26-ի որոշմամբ Քննիչի միջնորդությունը բավարարվել է, և հաստատվել է Հ.Գ*******-ի ու Ա.Բ********-ի անուններով բացված ավանդային հաշիվներում առկա դրամական միջոցների և այդ հաշիվներին փոխանցվող տոկոսագումարների՝ որպես մեղադրյալ Թ․Գ*******-ին փաստացի պատկանող գույքի արգելադրման մասին որոշման իրավաչափությունը։ - Վերաքննիչ դատարանը Հ.Գ********-ի և Ա.Բ******-ի հատուկ վերանայման բողոքները թողել է առանց քննության՝ փաստելով, որ բողոքաբերները հատուկ վերանայման բողոք ներկայացնելու ժամանակ այլևս չեն հանդիսացել մեղադրյալ Թ․Գ********-ի պաշտպանները, հետևաբար վիճարկվող դատական ակտի դեմ հատուկ վերանայման բողոքներ ներկայացնելու իրավունք չունեն։ 17. Նախորդ կետում վկայակոչված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 13-15.2-րդ կետերում մեջբերված իրավանորմերի և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Վերաքննիչ դատարանը, առանց քննության թողնելով Հ.Գ*******-ի և Ա.Բ******-ի կողմից ներկայացված հատուկ վերանայման բողոքները, ոչ իրավաչափորեն սահմանափակել է վերջիններիս դատական պաշտպանության և դատարանի մատչելիության իրավունքը։ Մասնավորապես, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, բացառելով Առաջին ատյանի դատարանի որոշումը Հ.Գ*******-ի և Ա.Բ*******-ի կողմից վերադասության կարգով բողոքարկելու հնարավորությունը, հատուկ վերանայման բողոքներին կից նյութերի շրջանակում պատշաճ վերլուծության ու իրավական գնահատման չի ենթարկել տեղեկատվությունն այն մասին, որ ստորադաս դատարանի որոշմամբ հաստատվել է Հ.Գ*******-ի և Ա.Բ*********-ի անուններով բացված հաշիվներում առկա դրամական միջոցների և այդ հաշիվներին փոխանցվող տոկոսագումարների արգելադրման մասին Քննիչի որոշման իրավաչափությունը։ Հետևաբար կայացված դատական ակտն ուղղակիորեն վերաբերում է Հ.Գ*******-ի և Ա.Բ*******-ի իրավաչափ շահերին, որպիսի հանգամանքն էլ հենց պայմանավորում է ստորադաս դատարանի դատական ակտը վերադասության կարգով վիճարկելու՝ Հ.Գ*******-ի և Ա.Բ**********-ի իրավունքը։ 18. Այսպիսով՝ վերն արտահայտված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն անհիմն է համարում Վերաքննիչ դատարանի այն հետևությունը, որ Հ.Գ*********-ը և Ա.Բ*******-ն Առաջին ատյանի դատարանի՝ 2025 թվականի սեպտեմբերի 26-ի որոշումը բողոքարկելու իրավունք չունեն։ Հետևաբար Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ Հ.Գ********-ի և Ա.Բ*********-ի հատուկ վերանայման բողոքներն առանց քննության թողնելու մասին Վերաքննիչ դատարանի եզրահանգումը հիմնավոր չէ։ 19. Միևնույն ժամանակ անդրադառնալով Վերաքննիչ դատարանի այն հետևությանը, որ բողոքաբերները հատուկ վերանայման բողոք ներկայացնելու ժամանակ այլևս չեն հանդիսացել մեղադրյալ Թ.Գ********-ի պաշտպանները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ համաձայն վարույթի նյութերի՝ բողոքաբերները երբևէ չեն հանդիսացել մեղադրյալի պաշտպանները և հատուկ վերանայման բողոք ներկայացրել են ոչ թե որպես մեղադրյալի պաշտպաններ, այլ որպես վարույթի մասնավոր մասնակից չհանդիսացող անձինք, որոնց իրավաչափ շահերին դատական ակտն ուղղակիորեն առնչվում է։ Այլ կերպ՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի վերոնշյալ դատողությունը չի բխում վարույթի փաստական տվյալներից։ 20․ Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն վարույթով Վերաքննիչ դատարանը, Հ.Գ*******-ի և Ա.Բ******-ի հատուկ վերանայման բողոքներն առանց քննության թողնելով, թույլ է տվել դատական սխալ՝ քրեադատավարական օրենքի էական խախտում, ինչը հանգեցրել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 23-րդ հոդվածով ամրագրված՝ դատական պաշտպանության ապահովման սկզբունքի խախտման և նույն օրենսգրքի 362-րդ հոդվածի համաձայն՝ հիմք է ստորադաս դատարանի դատական ակտը բեկանելու և վարույթը նույն դատարան՝ նոր քննության փոխանցելու համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը նոր քննության ընթացքում, սույն որոշմամբ արձանագրված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ, ներկայացված բողոքների կապակցությամբ պետք է հանգի համապատասխան հետևության։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 33-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 362-րդ, 363-րդ, 400-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը Ո Ր Ո Շ Ե Ց 1. Հ**** Գ*******-ի և Ա***** Բ********-ի հատուկ վերանայման բողոքներն առանց քննության թողնելու մասին ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի հոկտեմբերի 24-ի որոշումը բեկանել և վարույթը փոխանցել նույն դատարան՝ նոր քննության: 2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը: Նախագահող` Ռ.ՄԽԻԹԱՐՅԱՆ Դատավորներ` Ե․ԴԱՆԻԵԼՅԱՆ Ա․ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆ Ս․ՉԻՉՈՅԱՆ Դ.ՎԵՔԻԼՅԱՆ