Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am

Վճռաբեկ դատարան · Կոռուպցիոն հանցագործություններ

ՀԿԴ/0037/06/25

Վճռաբեկ դատարանի որոշումների ցանկից (cassationcourt.am/decisions)՝ դատարանի նախադեպային շտեմարանում այն չկա։

Գործի համարը
ՀԿԴ/0037/06/25
Դատական ակտի ընդունման ամսաթիվը
23.07.2026
ՀՀ Քրեական դատավարության օրենսգիրք
Որոշման տեքստում վկայակոչված այլ հոդվածներ
15 հոդված՝ որոշման տեքստից (դատարանի քարտում չկան)

Որոշման տեքստը

դատարանի Word ֆայլից
ՀԿԴ/0037/06/25 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն դատարան, նախագահող դատավոր՝ Վ.Սարգսյան Հայաստանի Հանրապետության վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան, նախագահող դատավոր` Ժ.Մելիքսեթյան 2026 թվականի հուլիսի 23-ին քաղաք Երևանում ՀՀ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմը (այսուհետ նաև` Վճռաբեկ դատարան), նախագահությամբ` Ս.ՉԻՉՈՅԱՆԻ մասնակցությամբ դատավորներ` Ե․ԴԱՆԻԵԼՅԱՆԻ Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆԻ Ռ․ՄԽԻԹԱՐՅԱՆԻ Դ.ՎԵՔԻԼՅԱՆԻ գրավոր ընթացակարգով քննության առնելով թիվ ՀԿԴ/0037/06/25 դատական վարույթով ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան)՝ 2025 թվականի մայիսի 19-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Վարդապետյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը, Պ Ա Ր Զ Ե Ց Վարույթի դատավարական նախապատմությունը. 1. 2022 թվականի դեկտեմբերի 8-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ) և 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով նախաձեռնվել է թիվ ******* քրեական վարույթը։ 2024 թվականի հունվարի 18-ին ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության չորրորդ վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 286-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով նախաձեռնվել է թիվ ******* քրեական վարույթը։ 2024 թվականի հուլիսի 30-ին, ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով նախաձեռնվել է թիվ ******* քրեական վարույթը։ 2024 թվականի օգոստոսի 15-ին ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության երկրորդ վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 277-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 43-255-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով նախաձեռնվել է թիվ ******* քրեական վարույթը։ Նախաքննության մարմնի՝ 2024 թվականի օգոստոսի 20-ի որոշմամբ թիվ ******* և ******* քրեական վարույթները միացվել են, և նախաքննությունը շարունակվել է թիվ ******* համարի ներքո։ Նախաքննության մարմնի՝ 2024 թվականի օգոստոսի 30-ի որոշմամբ թիվ ******* և ******* քրեական վարույթները միացվել են, և նախաքննությունը շարունակվել է թիվ ******* համարի ներքո։ Նույն օրը նախաքննության մարմնի որոշմամբ թիվ ******** և ********* քրեական վարույթները միացվել են, և նախաքննությունը շարունակվել է թիվ ********** համարի ներքո։ 2024 թվականի սեպտեմբերի 19-ին ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության երկրորդ վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 445-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով նախաձեռնվել է թիվ ******* քրեական վարույթը։ 2024 թվականի հոկտեմբերի 23-ին թիվ 58222524 քրեական վարույթը միացվել է թիվ ******* քրեական վարույթին, և նախաքննությունը շարունակվել է ******* համարով։ 2․ 2025 թվականի փետրվարի 25-ին ՀՀ գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազ Ա․Դանիելյանի որոշմամբ թիվ ******* քրեական վարույթով ***************** նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով։ 3․ ՀՀ հակակոռուպցիոն դատարանի (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան)՝ 2025 թվականի փետրվարի 26-ի որոշմամբ նախաքննության մարմնի միջնորդությունը՝ մեղադրյալ ***************** նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին, բավարարվել է մասնակի, և մեղադրյալ ***************** նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոցներ համակցված կիրառվել են տնային կալանք՝ 2 (երկու) ամսով, գրավ՝ 120.000.000 (հարյուր քսան միլիոն) ՀՀ դրամի չափով և բացակայելու արգելք։ 3․1․ ՀՀ հակակոռուպցիոն դատարանի վերոնշյալ որոշման դեմ մեղադրյալ ***************** պաշտպան Ն․Վարդանյանի և ՀՀ գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազ Ա․Դանիելյանի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի մարտի 27-ի որոշմամբ բողոքները մերժել է և ՀՀ հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի փետրվարի 26-ի որոշումը թողել է անփոփոխ։ 4․ Առաջին ատյանի դատարանի՝ 2025 թվականի ապրիլի 23-ի որոշմամբ նախաքննության մարմնի միջնորդությունը բավարարվել է, և մեղադրյալ ***************** նկատմամբ կիրառված՝ այլընտրանքային խափանման միջոց տնային կալանքի ժամկետը երկարաձգվել է 2 (երկու) ամսով՝ մինչև 2025 թվականի հունիսի 25-ը։ 5. Մեղադրյալ ***************** պաշտպան Ն․Վարդանյանի հատուկ վերանայման բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2025 թվականի մայիսի 19-ի որոշմամբ Առաջին ատյանի դատարանի՝ 2025 թվականի ապրիլի 23-ի որոշումը բեկանել է մասնակի՝ բեկանված մասով կայացնելով դրան փոխարինող դատական ակտ, այն է՝ նախաքննության մարմնի միջնորդությունը բավարարել է մասնակի և մեղադրյալ ***************** նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառել վարչական հսկողությունը: 6. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Վարդապետյանի և մեղադրյալ ***************** պաշտպան Ա.Վարդանյանի կողմից բերվել են հատուկ վերանայման վճռաբեկ բողոքներ։ 2025 թվականի հունիսի 27-ին Վճռաբեկ դատարանում ստացվել է մեղադրյալ ***************** պաշտպան Ն․Վարդանյանի վճռաբեկ բողոքի պատասխանը։ 6․1․ Վճռաբեկ դատարանի՝ 2025 թվականի հունիսի 30-ի որոշմամբ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Վարդապետյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ, և սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։ Վճռաբեկ դատարանի՝ 2025 թվականի օգոստոսի 15-ի որոշմամբ մեղադրյալ ***************** պաշտպան Ա.Վարդանյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է։ Վճռաբեկ բողոքի հիմքերը, դրանք հիմնավորող փաստարկները և պահանջը. 7. Բողոքի հեղինակը գտել է, որ Վերաքննիչ դատարանի որոշումն օրինական և հիմնավոր չէ, դրանով թույլ է տրվել դատական սխալ՝ քրեադատավարական օրենքի էական խախտում, որն ազդել է վարույթի ելքի վրա։ Բողոքաբերի գնահատմամբ՝ Վերաքննիչ դատարանը ճիշտ չի գնահատել վարույթով ձեռք բերված և Առաջին ատյանի դատարանի կողմից արձանագրված փաստական տվյալները՝ կատարելով ներկայացված հիմնավորումներից չբխող դատողություններ։ 7․1․ Մասնավորապես, բողոք բերած անձի պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել մեղադրյալ ***************** վերագրվող ենթադրյալ հանցավոր գործողության կատարման բնույթը, դրա դրսևորման ձևը, կատարման եղանակը, ենթադրյալ հանցավոր արարքի կատարման մեջ մեղադրյալի ունեցած դերակատարությունը, ենթադրյալ հանցագործության ծանրության աստիճանը, ակնկալվող հնարավոր պատժի խստությունը, ենթադրյալ չվճարված հարկերի և տուրքերի չափը, գործով անցնող անձանց հետ մեղադրյալ ***************** փոխհարաբերությունների բնույթը (օրինակ՝ վկաներ *****************, **************, ***************** հանդիսանում են մեղադրյալի ենթակայությամբ գործող ընկերության աշխատակիցներ), մեղադրյալի՝ ***************** ******* ******* ընկերության տնօրենի պաշտոնը զբաղեցնելու հանգամանքը։ 7․2․ Բացի այդ, ըստ բողոքաբերի՝ Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել նաև այն, որ նախաքննությունը գտնվում է ապացույցների հավաքման ակտիվ փուլում, որպիսի հանգամանքը, ի թիվս վերը շարադրված հանգամանքների, ավելի է ամրապնդում այն մտավախությունը, որ առավել նվազ միջամտություն ենթադրող խափանման միջոցի կիրառման պայմաններում մեղադրյալ **************** կարող է միջամտել ապացուցման գործընթացին և այդպիսով խոչընդոտել մինչդատական վարույթում գործի քննությանը: 7․3․ Բողոք բերած անձը նշել է, որ Վերաքննիչ դատարանը նաև հաշվի չի առել, որ ներկայացված նյութերում առկա տեղեկությունները փաստում են, որ մեղադրյալ ***************** մեղսագրված հանցավոր արարքի կատարմանը տարբեր դերակատարմամբ հնարավոր մասնակցություն են ունեցել նաև այլ անձինք, որոնց հետ մեղադրյալը գտնվել է որոշակի հարաբերությունների մեջ, հետևաբար նախաքննության այս փուլում առկա է իրական վտանգ, որ *****************, իր հեղինակությունն օգտագործելով, կարող է ապօրինի ազդեցություն գործադրել դատավարության մասնակիցների վրա, ինչը հնարավոր չէ չեզոքացնել ավելի մեղմ՝ վարչական հսկողություն խափանման միջոցի կիրառման արդյունքում: 8. Վերոգրյալի հիման վրա բողոքաբերը խնդրել է ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2025 թվականի մայիսի 19-ի որոշումը և կայացնել դրան փոխարինող դատական ակտ՝ օրինական ուժ տալով Առաջին ատյանի դատարանի՝ 2025 թվականի ապրիլի 23-ի որոշմանը։ Վճռաբեկ բողոքի պատասխանը. 9. Մեղադրյալ ***************** պաշտպան Ն․Վարդանյանը վճռաբեկ բողոքի պատասխանում նշել է, որ Վերաքննիչ դատարանը կայացրել է հիմնավորված և պատճառաբանված դատական ակտ, որը բեկանելու փաստական ու իրավական հիմքերն ու հիմնավորումները բացակայում են։ Պաշտպանի գնահատմամբ՝ Առաջին ատյանի դատարանը վարույթն իրականացնող մարմնի պատշաճ ջանասիրության հարցը քննարկել է ոչ թե ***************** մասով, այլ ամբողջ վարույթով իրականացվող քննության համատեքստում։ Պաշտպանի կարծիքով՝ վարույթն իրականացնող մարմինը չի ցուցաբերել անհրաժեշտ ջանասիրություն, և այն արձանագրելով՝ Առաջին ատյանի դատարանը հանգել է սխալ հետևության, ինչը Վերաքննիչ դատարանը որոշակիորեն շտկել է։ Պաշտպանը փաստել է, որ Վերաքննիչ դատարանը, առաջնորդվելով նվազագույնի սկզբունքով, վարույթում առկա նյութերի գնահատմամբ, հաշվի առնելով այն, որ վարույթը նախաձեռնվել է դեռևս 2022 թվականին, և մեղադրանք ներկայացնելուց առնվազն մեկ տարի առաջ մեղադրյալ ***************** տեղեկացված է եղել իր վերաբերյալ վարույթի և գործի քննության փաստի վերաբերյալ, կատարված են բազմածավալ քննչական գործողություններ՝ եզրակացրել է, որ վարույթն արդեն իսկ չի գտնվում ապացույցների հավաքման ակտիվ փուլում, հետևաբար բողոքաբերի փաստարկն առ այն, որ հաշվի չի առնվել նախաքննության ապացույցների ակտիվ հավաքման փուլում գտնվելու հանգամանքը, հիմնավոր չէ։ 9․1․ Արդյունքում պաշտպանը խնդրել է Վերաքննիչ դատարանի՝ 2025 թվականի մայիսի 19-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը մերժել։ Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները. 10. 2025 թվականի փետրվարի 25-ին ***************** ***************** նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով հանրային քրեական հետապնդում է հարուցվել այն բանի համար, որ «(…) նա, հանդիսանալով «***************** ***************** ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) մասնակիցը և միաժամանակ տնօրենը, Ընկերության գործունեության նկատմամբ իրականացնելով ընթացիկ ղեկավարում և պարտավոր լինելով օրենսդրությամբ կամ այլ իրավական ակտերով սահմանված կարգով Ընկերության կողմից իրականացվող հաշվապահական հաշվառման և վիճակագրական հաշվետվությունների ներկայացման նկատմամբ իրականացնել պատշաճ հսկողություն, մեկ միասնական դիտավորությամբ չի վճարել առանձնապես խոշոր չափերով հարկերը և տուրքերը։ Այսպես․ ***************** **************, 2000 թվականի հունվարի 12-ից հանդիսանալով օրենքով չարգելված ցանկացած տեսակի ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու ճանապարհով շահույթ ստանալու նպատակ հետապնդող Ընկերության գործադիր մարմնի ղեկավարը, ՀՀ հարկային օրենսգրքի 33-րդ հոդվածի համաձայն՝ պատասխանատու լինելով ընկերության հաշվապահական հաշվառումը կազմակերպելու, հարկային օրենսդրությամբ նախատեսված հաշվետվություններ, հաշվարկներ, հարկման հիմք հանդիսացող այլ փաստաթղթեր ու տեղեկություններ սահմանված ժամկետում հարկային մարմին ներկայացնելու, հարկերը ճիշտ և ինքնուրույն հաշվարկելու, ժամանակին վճարելու ու հարկային օրենսդրության մյոս պահանջները պահպանելու համար, շահութահարկի և ԱԱՀ-ի հաշվարկով հարկային մարմին ներկայացված հաշվետվություններում` ակնհայտ խեղաթյուրված տվյալներ մտցնելու միջոցով առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դիտավորությամբ, 2018-2023 թվականները ներառյալ ժամանակահատվածում, Հնդկաստանի Հանրապետությունից և այլ պետություններից ՀՀ է ներմուծել և իրացրել տարբեր խմբաքանակներով Խ.Ե.Կ-ի` գոմշի սառեցված ոսկրահան արտադրական միս: Ընդ որում, հիշյալ ժամանակահատվածում կազմել և մաքսային մարմիններին ներկայացրել է հաշվապահական և այլ՝ բովանդակությամբ կեղծ փաստաթղթեր՝ իբրև Խ.Ե.Կ-ի մսի որոշ խմբաքանակը ձեռք է բերել և ՀՀ ներմուծել Սինգապուրի Հանրապետության՝ իրականում գոյություն չունեցող «****************** ****************» ընկերությունից՝ այդ կերպ առանց վերջինի կողմից ապրանքների մատակարարման տրամադրելով կեղծ փաստաթղթեր, որից հետո, խախտելով ՀՀ հարկային օրենսգրքի 107-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի, 61-րդ հոդվածի 1-ին մասի, 111-րդ հոդվածի պահանջները, թերհայտարարագրել է ներմուծված մսամթերքի իրացման գները՝ նվազեցնելով համախառն եկամուտը, որի արդյունքում չի վճարել օրենքով սահմանված չափի շահութահարկը և ԱԱՀ-ն, ինչպես նաև 2021-2022 թվականները ներառյալ ժամանակահատվածում, ***************** ***************** ***************** ***************** ***************** ***************** ***************** ***************** ***************** (սուպերմարկետ և դեղատուն) իրականացրել է մանրածախ առևտուր, որպիսի գործունեության ընթացքում նույնպես, համախառն եկամուտը թերհայտարարագրելու եղանակով առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դիտավորությամբ, իրացված տարբեր տեսակի ապրանքների նկատմամբ 2021 թվականին իրականում փաստացի 13.16% վերադիր կիրառելու պայմաններում շահութահարկի և ԱԱՀ-ի հաշվարկով հարկային մարմին ներկայացված հաշվետվություններում ակնհայտ խեղաթյուրված տվյալներ մտցնելու միջոցով արտացոլել է, թե իբրև այն կազմել է 4.7%, իսկ 2022 թվականին իրականում փաստացի 15.56% վերադիր կիրառելու պայմաններում՝ 9.12%, որպիսի պայմաններում` չի վճարել նշվածի տարբերությունը կազմող՝ օրենքով սահմանված չափի շահութահարկը և ԱԱՀ-ն՝ այդ կերպ չվճարելով ընդհանուր առանձնապես խոշոր չափերով՝ 686.485.008 ՀՀ դրամի չափով հարկային պարտավորությունները: Բացի այդ, ************* **************, հանդիսանալով Ընկերության գործադիր մարմնի ղեկավարը, Ընկերության կողմից ՀՀ մաքսային տարածք ներմուծված ապրանքների՝ 26.10.2020 թվականի ***************** հայտարարագրով հայտարարագրված և 23.02.2021 թվականի թիվ 07 ակտով «Ոչնչացում» մաքսային ընթացակարգով ձևակերպված՝ 25.500 կգ հավի աղացած սառեցված միսը «Ոչնչացում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների ոչնչացման աշխատանքների կազմակերպող և համակարգող հանձնաժողովի՝ 2020 թվականի դեկտեմբերի 29-ի որոշման հիման վրա 2021 թվականի փետրվարի 23-ին տեղափոխել են ***************** ************************ ճանապարհի հատվածում գտնվող աղբավայր, իսկ 08.05.2024 թվականի **************************** ******************** և *********************** հայտարարագրերով հայտարարագրված և «Ոչնչացում» մաքսային ընթացակարգով ձևակերպված՝ 25.982 կգ քաշով խոզի սառեցված անոսկոր ազդրամիսը և 27.510 կգ քաշով հավի սառեցված անոսկոր կրծքամիսը 2024 թվականի մայիսի 22-ին տեղափոխել են ՀՀ ***************** ***************** ***************** ************** հասցեում գտնվող աղբավայր` իբրև հորման եղանակով ոչնչացնելու նպատակով, սակայն դրանք չեն ոչնչացրել, այլ, հարկեր չվճարելու դիտավորությամբ, հետագայում այն իրացրել են՝ չվճարելով 13.078.174 ՀՀ դրամ ԱԱՀ և 348.223 ՀՀ դրամ շահութահարկ։ Վերոգրյալից բացի, ****************************, հանդիսանալով Ընկերության գործադիր մարմնի ղեկավարը, 2020 թվականի սեպտեմբերի 20-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 12-ը ներառյալ ժամանակահատվածում Հնդկաստանի Հանրապետությունից ձեռք է բերել և «Ներքին սպառման համար բացթողում» ընթացակարգով ՀՀ է ներմուծել ընդհանուր 2125.4 տոննա մսամթերք, որպիսի գործընթացում, ՀՀ ներմուծված ապրանքների համար՝ հայտարարագրված մաքսային արժեքի վերաբերյալ ոչ ճշգրիտ տեղեկություններ ներկայացնելու միջոցով առանձնապես խոշոր չափերով հարկերը և տուրքերը չվճարելու դիտավորությամբ, խախտելով Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 5-րդ գլխի, 84-րդ, 106-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ և 9-րդ ենթակետերի, 108-րդ հոդվածի 1-ին կետի 10-րդ ենթակետի, ինչպես նաև ԵՏՀ կոլեգիայի` 20.12.2012 թվականի 283 որոշման պահանջները, նշված չափով մսամթերքը Հնդկաստանի Հանրապետությունում անհամեմատ բարձր գնով ձեռք բերած լինելու պայմաններում, կազմել, ՀՀ մաքսային մարմնին է ներկայացրել և հայտարարագրել դրանց ձեռքբերման իրական գինը չարտացոլող, մաքսային ցածր արժեքների վերաբերյալ ոչ ճշգրիտ տեղեկություններ պարունակող փաստաթղթեր՝ մսամթերքի ձեռքբերման գինը հայտարարագրելով պակաս արժեքով և այդ կերպ չվճարելով պետության հանդեպ ունեցած՝ 136.141.853 ՀՀ դրամ մաքսատուրքը և 194.358.206 ՀՀ դրամ ԱԱՀ-ն։ Վերը նկարագրված պայմաններում *****************, մեկ միասնական դիտավորությամբ, չի վճարել առանձնապես խոշոր չափերով` ընդհանուր 1.030.411.464 (մեկ միլիարդ երեսուն միլիոն չորս հարյուր տասնմեկ հազար չորս հարյուր վաթսունչորս) ՀՀ դրամի չափով հարկերը և տուրքերը (…)»։ 11․ Առաջին ատյանի դատարանը 2025 թվականի ապրիլի 23-ի որոշմամբ արձանագրել է հետևյալը. « (...) Դատարանը, գնահատելով սույն միջնորդությանը կից ներկայացված նյութերը, գտնում է, որ (1) ********** ******* վերագրվող ենթադրյալ հանցավոր գործողության կատարման բնույթը, դրա դրսևորման ձևը, կատարման եղանակը, ենթադրյալ հանցավոր արարքի կատարման մեջ մեղադրյալի ունեցած դերակատարությունը, (2) ենթադրյալ հանցագործության ծանրության աստիճանը (ծանր), (3) ակնկալվող հնարավոր պատժի խստությունը (ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված է պատիժ` բացառապես ազատազրկման ձևով՝ չորսից ութ տարի ժամկետով), (4) ենթադրյալ չվճարված հարկերի և տուրքերի չափը (1.030.411.464 (մեկ միլիարդ երեսուն միլիոն չորս հարյուր տասնմեկ հազար չորս հարյուր վաթսունչորս) ՀՀ դրամ), (5) գործով անցնող անձանց հետ մեղադրյալ ***************** փոխհարաբերությունների բնույթը (օրինակ՝ վկաներ *****************, *****************, *************** ********** ՝ հանդիսանում են մեղադրյալի ենթակայությամբ գործող ընկերության աշխատակիցներ), (6) մեղադրյալի՝ «************************** ընկերության տնօրենի պաշտոնը զբաղեցնելու հանգամանքը և դրանով պայմանավորված գործով անցնող անձանց մոտ նրա ունեցած հեղինակությունը բավարար են փաստելու, որ առկա է գործով անցնող անձանց նկատմամբ ապօրինի ազդեցություն գործադրելու և ապացուցման գործընթացին խոչընդոտելու հիմքը: Այլ կերպ ասած՝ վերը նշված հանգամանքների համակցությունը Դատարանին թույլ է տալիս գալու այն եզրահանգման, որ մեղադրյալի նկատմամբ այլընտրանքային նվազ խիստ խափանման միջոցի կիրառումը չի կարող գործուն երաշխիք լինել խափանման միջոցի համապատասխան հիմքի չեզոքացման համար։ Միևնույն ժամանակ սույն որոշմամբ շարադրված իրավադրույթների, դրանց վերլուծության արդյունքում ձևավորված դատողությունների և իրավական դիրքորոշումների լույսի ներքո Դատարանը հանգում է հետևության, որ այլընտրանքային նվազ խիստ խափանման միջոցների (այդ թվում՝ վարչական հսկողության) կիրառման միջոցով ողջամտորեն հնարավոր չէ ապահովել մեղադրյալի հետագա պատշաճ վարքագիծը մինչդատական վարույթի ընթացքում։ Դատարանը փաստում է, որ կիրառված խափանման միջոցի գործողության ընթացքում չեն փոխվել կամ վերացել դրա իրավաչափության պայմանները՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ առկա չեն այնպիսի փաստեր կամ տեղեկություններ, որոնք կարող են վկայել մեղադրյալ ************** ********** կողմից քրեական վարույթին խոչընդոտելու, այդ թվում՝ ապացուցման գործընթացին ապօրինի միջամտելու հավանականության էականորեն նվազման մասին։ Այլ խոսքով, սույն գործի նյութերում առկա չեն ծանրակշիռ փաստական տվյալներ, որոնք բավարար են հիմնավորելու խափանման միջոց տնային կալանքի ժամկետը չերկարաձգելու անհրաժեշտությունը՝ պայմանավորված մեղադրյալի կողմից քրեական վարույթին խոչընդոտելու, այդ թվում` ապացուցման գործընթացին ապօրինի միջամտելու նվազ հավանականությամբ։ Այսպիսով, մեղադրյալի օրինական վարքագիծն ապահովող և դրան խոչընդոտող բոլոր հնարավոր հանգամանքների հաշվառմամբ, Դատարանն արձանագրում է, որ սույն փուլում մեղադրյալ ************** ********* պատշաճ վարքագիծը հնարավոր է ապահովել այլընտրանքային խափանման միջոց տնային կալանքի կիրառման պայմաններում, ինչը հասարակության ընդհանուր շահի և անհատի հիմնարար իրավունքների միջև կապահովի արդարացի հավասարակշռություն։ (...) Տվյալ դեպքում, ուսումնասիրելով միջնորդությանը կից ներկայացված նյութերը՝ Դատարանն արձանագրում է, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից մեղադրյալի անազատության մեջ գտնվելու ժամանակահատվածում դրսևորվել է պատշաճ ջանասիրություն, քանի որ կատարվել են մի շարք ապացուցողական և վարութային այլ գործողություններ (մասնավորապես՝ հարցաքննություն, զննում, առգրավում, նշանակվել են փորձաքննություններ և այլն)։ Դատարանն արձանագրում է նաև, որ այն դեպքում, երբ քրեական վարույթն իրականացվում է այնպիսի ենթադրյալ հանցագործության դեպքի առթիվ, որով անցնում են մի քանի մեղադրյալներ, ապա պատշաճ ջանասիրություն դրսևորելու հարցը պետք է քննարկել ոչ թե կոնկրետ մեղադրյալի մասով և նրա հետ այս կամ այն քննչական կամ վարութային այլ գործողություններ կատարելու համատեքստում, այլ ամբողջ վարույթով իրականացվող քննության համատեքստում։ Վերոգրյալի հաշվառմամբ՝ Դատարանը գտնում է, որ սույն գործի հանգամանքների պայմաններում, հիմք ընդունելով նաև կալանավորման հիմքերն ու պայմանները, մեղադրանքի ծանրությունը և գործի այլ հանգամանքները, վարույթն իրականացնող քննիչի դրսևորած ջանասիրությունը կարող է գնահատվել բավարար: Դատարանը հաշվի է առնում մեղադրյալի անձը բնութագրող հանգամանքները, այդուհանդերձ, Դատարանը փաստում է, որ վերոգրյալը` մեղադրյալի կողմից քննությանը խոչընդոտելու բարձր ռիսկի առկայության վերաբերյալ հիմնավորումների պայմաններում չի կարող կանխորոշող և էական նշանակություն ունենալ, իսկ տնային կալանքի անհրաժեշտությունը հնարավոր չէ չեզոքացնել այլընտրանքային առավել մեղմ խափանման միջոցի, այդ թվում՝ վարչական հսկողության կիրառմամբ։ Հետևաբար, Դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասում թվարկված մեղադրյալի հավանական գործողությունների մասին հետևությունները, որոնք առաջ են բերում անձի ազատության իրավունքի սահմանափակում, հիմնված են վարույթի նյութերից բխող ողջամիտ ենթադրությունների վրա, հետևաբար, կիրառված խափանման միջոցի ժամկետը երկարաձգելու անհրաժեշտության վերաբերյալ առկա են բավարար փաստարկներ, հետևաբար այն ենթակա է բավարարման։ Միևնույն ժամանակ, նկատի ունենալով նաև ապացուցման գործընթացին միջամտելու բարձր հավանականության վերաբերյալ վերևում շարադրված դատողությունը՝ Դատարանը Քննիչի միջնորդության արդյունքում հիմնավոր է համարում վարույթի սույն փուլում մեղադրյալի՝ այլ անձանց հետ հաղորդակցվելու իրավունքը սահմանափակելը` 2 (երկու) ամիս ժամանակով (…)»։ 12. Վերաքննիչ դատարանը վիճարկվող որոշմամբ արձանագրել է հետևյալը. «(…) Անդրադառնալով վարույթն իրականացնող մարմնի կողմից դրսևորած պատշաճ ջանասիրության հարցին՝ Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ քրեական վարույթի սույն փուլում վերջինի կողմից կատարվել են մի շարք քննչական և դատավարական գործողություններ, վարույթն իրականացնող մարմնի կողմից դրսևորվել է քրեական վարույթի սույն փուլի համար բավարար աստիճանի պատշաճ ջանասիրություն: Այս կապակցությամբ ստուգման ենթարկելով Բողոքաբերի պնդումները պատշաճ ջանասիրության վերաբերյալ՝ Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ տնային կալանքի ժամկետի երկարաձգմանը նախորդող ժամանակահատվածում կատարված և հաջորդող ժամանակահատվածում պլանավորվող քննչական և դատավարական գործողությունների հաջորդականության, տեսակի և ծավալի որոշման բացառիկ իրավասությունը վերապահված է քննիչին, բացի այդ, քննիչի կողմից դրսևորված պատշաճ ջանասիրությունը գնահատելիս՝ Վերաքննիչ դատարանն առաջնորդվում է ոչ թե կոնկրետ մեղադրյալի մասով կատարված քննչական կամ դատավարական գործողությունների քանակով, այլ թե ինչ միջոցներ են ձեռնարկվել ընդհանուր քրեական վարույթի համար նշանակություն ունեցող հանգամանքները բացահայտելու նպատակով, ուստի Վերաքննիչ դատարանը կրկին նշում է, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից դրսևորվել է վարույթի այս փուլի համար բավարար աստիճանի ջանասիրություն։ (…) Այսպես՝ անդրադառնալով տնային կալանքի երկարաձգման դատավարական նպատակների (հիմքերի) վերաբերյալ հետևություններին՝ Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանը, իրավացի եզրահանգման է եկել առ այն, որ գործի քննության տվյալ փուլում առկա է միայն վարույթին խոչընդոտելու հավանականությունը։ Միևնույն ժամանակ, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ *********** ********** կողմից ապացուցման գործընթացին միջամտելու ռիսկը գործի քննության տվյալ փուլում այն աստիճանի բարձր չէ, որ վերջինիս պատշաճ վարքագիծը հնարավոր լինի ապահովել բացառապես մեղադրյալի ազատության իրավունքի շարունակական սահմանափակմամբ: Վերաքննիչ դատարանի՝ հիշյալ եզրահանգումը պայմանավորված է նրանով, որ վարույթն իրականացնող մարմնի միջնորդությանը կից չեն ներկայացվել այնպիսի փաստական տվյալներ և հիմնավորումներ, որոնք կանխորոշում են մեղադրյալ ***************** անձնական ազատությանը միջամտող բավականին ինտենսիվ և խիստ խափանման միջոց հանդիսացող տնային կալանքի կիրառման անհրաժեշտությունը, ուստի, Վերաքննիչ դատարանը գալիս է եզրահանգման, որ ************** ************* օրինական վարքագիծը հնարավոր է ապահովել քրեադատավարական ներգործության այլ միջոցով՝ վարչական հսկողության կիրառմամբ: Վերաքննիչ դատարանի վերոհիշյալ դիրքորոշումը պայմանավորված է նաև այն մոտեցմամբ, որ քրեական վարույթի քննության յուրաքանչյուր փուլում գործի քննությանը զուգընթաց այդ փուլի առանձնահատկություններից և օրենքով սահմանված կարգավորումներից ելնելով՝ փոփոխության են ենթարկվում նաև կալանքի (տնային կալանքի) հիմքերի առկայությունը հիմնավորող փաստական տվյալները, որոնք կայուն չեն, չեն էլ կարող կայուն լինել, ինչից ելնելով էլ նշվածի արդյունքում նվազում են փաստական հանգամանքների վրա հիմնված մեղադրյալի կողմից ոչ իրավաչափ վարքագիծ դրսևորելու ռիսկերը։ Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում առկա չէ այնպիսի հասարակական շահ, որն անմեղության կանխավարկածի համատեքստում, կարող է արդարացնել խիստ տեսակի խափանման միջոցով անձի ազատության սահմանափակումը: Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ նշվածի վերաբերյալ եզրահանգման գալու համար կիրառելի են մի շարք գործերով՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները։ (…) Վերաքննիչ դատարանի նման եզրահանգումը պայմանավորված է նաև նրանով, որ անձի նկատմամբ հարկադրանքի միջոց ընտրելիս` պետք է առաջնորդվել նվազագույնի սկզբունքով, այսինքն՝ չընտրել ավելի խիստ խափանման միջոց, քան այն, որով քրեական վարույթի ընթացքում հնարավոր կլինի ապահովել մեղադրյալի օրինական վարքագիծը, իսկ քննարկվող դեպքում Վերաքննիչ դատարանը սույն վարույթում առկա նյութերի ուսումնասիրության համատեքստում գնահատում է նաև այն հանգամանքները, որ միմյանց միացված և մեկ վարույթի շրջանակներում քննվող քրեական վարույթը նախաձեռնվել է դեռևս 2022 թվականին, ***************** վերագրվող հանցանքի կապակցությամբ վարույթը նախաձեռնվել է 2024 թվականին, ուստի, մեղադրյալ ***************** տեղեկացված է եղել սույն վարույթի և գործի քննության փաստի վերաբերյալ, բացի այդ, թեպետ վերջինիս նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել 2025 թվականի փետրվարի 25-ին, սակայն, գրեթե մեկ տարի առաջ՝ 2024 թվականի մարտի 26-ին, ***************** հարցաքննվել է վկայի դատավարական կարգավիճակում, այսինքն՝ առնվազն 2024 թվականից ******************** տեղեկացված է եղել քննվող քրեական վարույթի մասին և կարող էր ունենալ ողջամիտ ենթադրություն իր վերաբերյալ քրեական հետապնդում հարուցելու հավանականության մասին։ Ասվածից հետևում է նաև, որ սույն քրեական վարույթն արդեն իսկ չի գտնվում ապացույցների հավաքման ակտիվ փուլում՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ կատարված են մի շարք բազմածավալ քննչական գործողություններ, մասնավորապես` զննումներ, առգրավումներ, վկաների և մեղադրյալների հարցաքննություններ, նշանակվել են փորձաքննություններ և այլն։ Նշվածի հետ մեկտեղ հարկ է նկատել նաև, որ ***************** նախկինում դատապարտված չի եղել, ունի ընտանիք, մշտական բնակության վայր, որպիսի հանգամանքները թույլ են տալիս գալ այն հետևության, որ մեղադրյալ ************** ********** օրինական վարքագիծը հնարավոր է ապահովել համապատասխան սահմանափակումներով վարչական հսկողություն խափանման միջոցի կիրառմամբ, որը որպես բավարար և ողջամիտ միջոց, կարող է հաղթահարել նրա կողմից հնարավոր ոչ օրինական վարքագիծ դրսևորելու վերաբերյալ մտավախությունները, այն առավել պիտանի է հետապնդվող նպատակին հասնելու համար, ավելին՝ այն հնարավորություն կտա ապահովելու ազատության իրավունքի և նրա մասնակցությամբ գործի պատշաճ քննության հանրային շահի միջև արդարացի հավասարակշռությունը։ Վերոգրյալի լույսի ներքո՝ հաշվի առնելով խափանման միջոցի համար հիմք հանդիսացած հանգամանքները և մեղադրյալ ***************** կողմից դրանց դրսևորման հավանականության աստիճանը, ինչպես նաև մեղադրյալի անձը բնութագրող տվյալները՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ տվյալ փուլում գործի քննությանը խոչընդոտելու վտանգը ժամանակին զուգընթաց այն աստիճան բարձր չէ, որով կհիմնավորվի ազատության սահմանափակման միջոցով մեղադրյալի պատշաճ վարքագիծն ապահովելու անհրաժեշտությունը։ Բացի այդ, Վերաքննիչ դատարանի` այլընտրանքային խափանման միջոց վարչական հսկողություն կիրառելու հետևությունը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ գործում չկան և չեն ներկայացվել այնպիսի տեղեկություններ, փաստական տվյալներ, որոնք կարող են վկայել այն մասին, որ վարչական հսկողությունը՝ համապատասխան սահմանափակումներով, ի զորու չէ տվյալ պահին կանխել մեղադրյալի հավանական ոչ իրավաչափ վարքագիծը։ Ավելորդ չէ հիշատակել, որ խափանման միջոցները կիրառվում են միատեսակ իրավաչափության պայմաններով (չկա բացառապես կալանավորում կիրառելու համար նախատեսված յուրատեսակ հիմք), սակայն այդ խափանման միջոցներից յուրաքանչյուրի համար այդ կիրառման հիմքերն ունեն տարբեր ինտենսիվություն՝ ռիսկայնության տարրեր աստիճաններ։ Դրանով է պայմանավորված, որ կալանավորումը կիրառվում է որպես ծայրահեղ միջոց (last resort), այն դեպքում, երբ այլ խափանման միջոցներով հնարավոր չէ ապահովել մեղադրյալի պատշաճ վարքագիծը։ Ի դեպ, նաև դատարանների խնդիրն է պարզել խափանման միջոց ընտրելիս այս կամ այն հիմքի հավանականության աստիճանը՝ դրանով պայմանավորելով խափանման միջոցի տեսակը։ Ամփոփելով վերոգրյալը՝ հաշվի առնելով մեղադրյալի անձը բնութագրող հատկանիշները, վերը արձանագրված հանգամանքները, ինչպես նաև առաջնորդվելով անձի ազատության սահմանափակման նվազագույնի սկզբունքով, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ համապատասխան սահմանափակումներով վարչական հսկողության կիրառմամբ հնարավոր է հասնել հետապնդվող նպատակին, այն է՝ ապահովել մեղադրյալի վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված պարտականությունների կատարումը, հետևաբար, հիմնավոր չեն Առաջին ատյանի դատարանի այն հետևությունները, որ վարույթի քննության տվյալ փուլում տնային կալանքն այն բացառիկ խափանման միջոցն է, որը կարող է գործուն երաշխիք հանդիսանալ մեղադրյալի պատշաճ վարքագիծն ապահովելու համար (…)»։ Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը. 13. Սույն վարույթով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր է արդյոք այլընտրանքային խափանման միջոց վարչական հսկողության կիրառմամբ մեղադրյալ ***************** օրինական վարքագիծն ապահովելու հնարավորության վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունը։ 14. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 115-րդ հոդվածի համաձայն՝ «1. Խափանման միջոցներն են կալանքը և այլընտրանքային խափանման միջոցները։ 2. Այլընտրանքային խափանման միջոցներն են` 1) տնային կալանքը. 2) վարչական հսկողությունը. (…)»։ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 116-րդ հոդվածի համաձայն՝ «(…) 2. Խափանման միջոցը կարող է կիրառվել, եթե դա անհրաժեշտ է՝ (…) 3) մեղադրյալի կողմից իր վրա սույն օրենսգրքով կամ դատարանի որոշմամբ դրված պարտականությունների կատարումն ապահովելու համար: 3. Խափանման միջոցի տեսակն ընտրելիս հաշվի են առնվում մեղադրյալի օրինական վարքագիծն ապահովող և դրան խոչընդոտող բոլոր հնարավոր հանգամանքները։ (…)»։ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 122-րդ հոդվածի համաձայն՝ «1. Այլընտրանքային խափանման միջոցները կարող են կիրառվել ինչպես առանձին, այնպես էլ համակցված, եթե հնարավոր է ապահովել դրանց պայմանների միաժամանակյա պահպանումը: 2. Սույն օրենսգրքի 115-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված խափանման միջոցները կարող է կիրառել միայն դատարանը: Դատական վարույթում դատարանն իրավասու է կիրառելու նաև սույն օրենսգրքի 115-րդ հոդվածի 2-րդ մասի 3-8-րդ կետերով նախատեսված այլընտրանքային խափանման միջոցները: 3. Մինչդատական վարույթում սույն օրենսգրքի 115-րդ հոդվածի 2-րդ մասի 3-8-րդ կետերով նախատեսված այլընտրանքային խափանման միջոցները կարող է կիրառել` (…) 3) դատարանը` խափանման միջոց կիրառելու կամ կիրառված խափանման միջոցի ժամկետը երկարաձգելու միջնորդությունը լուծելիս: (…)»։ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 123-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Տնային կալանքը մեղադրյալի ազատության այնպիսի սահմանափակում է, որի ընթացքում նա պարտավոր է չլքել դատարանի որոշման մեջ նշված բնակության տարածքը:»։ 14.1. Վերոշարադրյալ իրավական նորմերի առնչությամբ Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ խափանման միջոցները, դասակարգվելով կալանավորման և կալանքին այլընտրանք հանդիսացող խափանման միջոցների, նպատակ ունեն ապահովելու քրեական վարույթի ընթացքում մեղադրյալի պատշաճ վարքագիծը, և կիրառվում են միայն այն դեպքում, երբ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ անձը կարող է կատարել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված գործողությունները կամ դրանցից որևէ մեկը: Ընդ որում՝ վերոնշյալ նպատակի իրականացման համար անհրաժեշտ ու պիտանի խափանման միջոցի կոնկրետ տեսակի ընտրության հարցն օրենսդիրը վերապահել է վարույթն իրականացնող մարմնի հայեցողությանը՝ միաժամանակ երաշխավորելով մեղադրյալի պատշաճ վարքագիծը նրա իրավունքների հնարավոր նվազ սահմանափակմամբ ապահովելու հնարավորությունը։ Մասնավորապես, օրենսդիրն ամրագրել է, որ անձի նկատմամբ խափանման միջոց ընտրելիս վարույթն իրականացնող մարմինը պետք է առաջնորդվի նվազագույնի սկզբունքով, այն է՝ չընտրի ավելի խիստ խափանման միջոց, քան այն, որով քրեական վարույթի ընթացքում հնարավոր կլինի ապահովել մեղադրյալի օրինական վարքագիծը։ 14.2․ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում կրկնել նաև, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասում թվարկված` մեղադրյալի ոչ պատշաճ վարքագծի դրսևորման հավանական ձևերի մասին հետևությունները բոլոր դեպքերում պետք է պայմանավորված լինեն վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացվող տեղեկություններով, փաստերով կամ ապացույցներով։ Ընդ որում՝ կալանավորման անհրաժեշտության մասին դատարանի հետևությունները պետք է հիմնված լինեն ոչ թե այդ փաստական տվյալները մեկը մյուսից անջատ, ինքնավար հետազոտման ենթարկելու, այլ դրանք իրենց համակցության մեջ գնահատման ենթարկելու արդյունքում ձևավորվող փաստարկված դատողությունների վրա։ 14.3․ Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով անձի նկատմամբ խափանման միջոց ընտրելիս նրան վերագրվող արարքի բնույթը և վտանգավորության աստիճանը հաշվի առնելու կարևորությանը, իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ թեև մեղադրյալին վերագրվող արարքի բնույթն ու վտանգավորության աստիճանը չեն կարող գնահատվել որպես կալանավորման հիմնավորվածությունը հաստատելու ինքնուրույն հիմք, այնուամենայնիվ, դրանք էական նշանակություն ունեն խափանման միջոցի տեսակն ընտրելիս: Մեղսագրվող հանցանքի ծանրությունը և, հետևաբար նաև ակնկալվող պատժի խստությունը հանդիսանում են քրեական վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու կամ գործի քննությանը խոչընդոտելու հավանականությունը գնահատելու կարևոր տարրեր ու գործի նյութերից բխող մյուս հանգամանքների հետ միասին հնարավորություն են տալիս հիմնավորված ենթադրություններ անել անձի ազատության հիմնարար իրավունքը սահմանափակելու հիմքերի առկայության կամ բացակայության մասին: 15. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ՝ - ***************** նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով հարուցվել է հանրային քրեական հետապնդում, և նրան մեղադրանք է ներկայացվել այն ենթադրյալ արարքի կատարման համար, որ նա, հանդիսանալով «***************** ************* ******* ******** մասնակիցը և միաժամանակ տնօրենը, ընկերության գործունեության նկատմամբ իրականացնելով ընթացիկ ղեկավարում և պարտավոր լինելով օրենսդրությամբ կամ այլ իրավական ակտերով սահմանված կարգով ընկերության կողմից իրականացվող հաշվապահական հաշվառման և վիճակագրական հաշվետվությունների ներկայացման նկատմամբ իրականացնել պատշաճ հսկողություն, մեկ միասնական դիտավորությամբ չի վճարել առանձնապես խոշոր չափերով հարկերը և տուրքերը։ - Առաջին ատյանի դատարանը, գնահատելով նախաքննության մարմնի միջնորդությանը կից ներկայացված նյութերը, միևնույն ժամանակ, հիմք ընդունելով ***************** վերագրվող ենթադրյալ հանցավոր գործողության կատարման բնույթը, դրա դրսևորման ձևը, կատարման եղանակը, ենթադրյալ հանցավոր արարքի կատարման մեջ մեղադրյալի ունեցած դերակատարությունը, ենթադրյալ հանցագործության ծանրության աստիճանը, ակնկալվող հնարավոր պատժի խստությունը, ենթադրյալ չվճարված հարկերի և տուրքերի չափը, վարույթով անցնող անձանց հետ մեղադրյալ ***************** փոխհարաբերությունների բնույթը և վարույթով անցնող անձանց մոտ նրա ունեցած հեղինակությունը, գտել է, որ առկա է մեղադրյալի կողմից վարույթով անցնող անձանց նկատմամբ ապօրինի ազդեցություն գործադրելու և ապացուցման գործընթացին խոչընդոտելու հիմքը: Արդյունքում Առաջին ատյանի դատարանը եկել է այն եզրահանգման, որ մեղադրյալ ***************** պատշաճ վարքագիծը հնարավոր է ապահովել այլընտրանքային խափանման միջոց տնային կալանքի կիրառման պայմաններում։ - Վերաքննիչ դատարանը, մասնակի բեկանելով Առաջին ատյանի դատարանի որոշումը, փաստել է, որ ***************** օրինական վարքագիծը հնարավոր է ապահովել քրեադատավարական ներգործության այլ միջոցով՝ վարչական հսկողության կիրառմամբ, քանի որ սույն քրեական վարույթն արդեն իսկ չի գտնվում ապացույցների հավաքման ակտիվ փուլում՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ ***************** վերագրվող հանցանքի կապակցությամբ վարույթը նախաձեռնվել է 2024 թվականին, ուստի, մեղադրյալ ***************** տեղեկացված է եղել սույն վարույթի և գործի քննության փաստի վերաբերյալ, բացի այդ, թեպետ վերջինիս նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել 2025 թվականի փետրվարի 25-ին, սակայն, գրեթե մեկ տարի առաջ՝ 2024 թվականի մարտի 26-ին, ***************** հարցաքննվել է վկայի դատավարական կարգավիճակով, այսինքն՝ առնվազն 2024 թվականից ***************** տեղեկացված է եղել քննվող քրեական վարույթի մասին և կարող էր ունենալ ողջամիտ ենթադրություն իր վերաբերյալ քրեական հետապնդում հարուցվելու հավանականության մասին։ 16. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 14-14․3-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այլընտրանքային խափանման միջոց վարչական հսկողության կիրառմամբ մեղադրյալ ***************** օրինական վարքագիծն ապահովելու հնարավորության վերաբերյալ հետևության հանգելիս Վերաքննիչ դատարանը պատշաճ իրավական գնահատման չի ենթարկել սույն վարույթում առկա մի շարք հանգամանքներ։ Մասնավորապես՝ - ***************** վերագրվող արարքի բնույթը, կատարման եղանակը, հանրային վտանգավորության աստիճանը, մասնավորապես այն, որ նրան մեղսագրվում է սեփականության, տնտեսության և տնտեսական գործունեության դեմ ուղղված ենթադրյալ ծանր հանցագործություն, որի համար որպես հիմնական պատիժ նախատեսված է բացառապես ազատազրկում՝ չորսից ութ տարի ժամկետով։ Վերոգրյալի կապակցությամբ Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ մեղսագրվող հանցավոր արարքների բնույթն ու վտանգավորության աստիճանը և ակնկալվող պատժի խստությունը, թեև ինքնին բավարար չեն անձի ազատության կանխավարկածը հաղթահարելու համար, սակայն գործի նյութերից բխող մյուս հանգամանքների համատեքստում, հանդիսանում են մեղադրյալի կողմից քննությանը խոչընդոտելու հավանականությունը գնահատելու կարևոր տարրեր, ինչն ուղղակիորեն բխում է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ձևավորած իրավակիրառ պրակտիկայից։ - *****************, որպես ղեկավար ունեցած դերակատարությունն ու ազդեցությունը իր ենթակայության տակ գտնվող և սույն վարույթով անցնող անձանց շրջանում, վերջինների հետ փոխհարաբերությունների բնույթը (***************** ***************** ***************** ընկերության տնօրենն է եղել, իսկ վկաներ ***************** ***************** *****************՝ նշված ընկերության աշխատակիցներ), ուստի ողջամիտ է ենթադրությունն առ այն, որ ***************** իր օգտին ցուցմունքներ տալու և (կամ) ցուցմունքները համապատասխանեցնելու ակնկալիքով կարող է ազդեցություն գործադրել այդ անձանց վրա՝ այդ կերպ ապօրինի միջամտելով ապացուցման գործընթացին՝ խոչընդոտելով նաև քրեական վարույթին։ - Քրեական վարույթի բարդությունն ու վարույթի համար նշանակություն ունեցող հանգամանքները, մեղսագրված ենթադրյալ հանցագործությունը բացահայտելու նպատակով մեծածավալ ապացուցողական գործողությունների կատարման անհրաժեշտությունը, այդ թվում՝ տարբեր երկրներից միջազգային իրավական օգնություն ստանալու անհրաժեշտությունը։ Հետևաբար, Վճռաբեկ դատարանն իր անհամաձայնությունն է հայտնում Վերաքննիչ դատարանի այն հետևությանը, որ սույն քրեական վարույթն արդեն իսկ չի գտնվում ապացույցների հավաքման ակտիվ փուլում, քանի որ քրեական վարույթի նախաքննությունը դեռևս շարունակվում է, և ապացույցների ձեռքբերման գործընթացն ավարտված չէ, որպիսի հանգամանքը, ի թիվս վերը շարադրված փաստական տվյալների, անհրաժեշտ է հաշվի առնել ***************** կողմից գործի քննությանը և ապացուցման գործընթացին խոչընդոտելու հավանականությունը գնահատելիս։ 17․ Միևնույն ժամանակ, անդրադառնալով Վերաքննիչ դատարանի դատողությանն առ այն, որ թեպետ ***************** նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել 2025 թվականի փետրվարի 25-ին, սակայն գրեթե մեկ տարի առաջ՝ 2024 թվականի մարտի 26-ին, ***************** հարցաքննվել է վկայի դատավարական կարգավիճակով, այսինքն՝ առնվազն 2024 թվականից ***************** տեղեկացված է եղել քննվող քրեական վարույթի մասին և կարող էր ունենալ ողջամիտ ենթադրություն իր վերաբերյալ քրեական հետապնդում հարուցելու հավանականության մասին, Վճռաբեկ դատարանն այդ համատեքստում կարևորում է փաստել այն հանգամանքը, որ գործի քննության իրական ծավալի և սահմանների մասին ***************** կարող էր տեղեկանալ միայն մեղադրյալի դատավարական կարգավիճակ ձեռք բերելուց հետո, որպիսի հանգամանքը ևս կարևոր է քրեական վարույթին խոչընդոտելու ռիսկի գնահատման տեսանկյունից։ 18․ Ընդհանրացնելով սույն որոշման նախորդ կետերում կատարված վերլուծությունը, սույն վարույթի փաստական հանգամանքների վերը նշված առանձնահատկությունները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկվող դատական ակտի կայացման պահին մեղադրյալ ***************** կողմից քրեական վարույթին խոչընդոտելու, այդ թվում՝ ապացուցման գործընթացին ապօրինի միջամտելու ողջամիտ հավանականությունը այն աստիճան ցածր չի եղել, որ իրավաչափ հիմք տար արձանագրելու, որ առանց ազատության իրավունքի սահմանափակման հնարավոր էր վարույթի տվյալ փուլում ապահովել նրա պատշաճ վարքագիծը։ 19. Միաժամանակ անդրադառնալով Վերաքննիչ դատարանի այն փաստարկին, որ որոշում կայացնելիս հաշվի են առնվում նաև մեղադրյալի անձը բնութագրող տվյալները, ապա դրանք սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների պայմաններում, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ, ***************** ոչ իրավաչափ վարքագծի դրսևորման ռիսկը հակակշռող բավարար գործոններ չեն կարող համարվել և ի զորու չեն երաշխավորելու մեղադրյալի օրինական վարքագիծը՝ վարչական հսկողության կիրառմամբ։ Հետևաբար վարչական հսկողություն այլընտրանքային խափանման միջոցի կիրառմամբ մեղադրյալ ***************** օրինական վարքագիծն ապահովելու հնարավորության վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունը հիմնավոր չէ։ 20. Ամփոփելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ մեղադրյալ ***************** նկատմամբ կիրառված այլընտրանքային խափանման միջոց տնային կալանքի ժամկետը երկարաձգելու մասին Առաջին ատյանի դատարանի որոշումն օրինական է, հիմնավորված ու պատճառաբանված, և այն մասնակի բեկանելու արդյունքում Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ՝ քրեադատավարական օրենքի էական խախտում, այն է՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 15-րդ հոդվածով սահմանված սկզբունքի խախտում, ինչը, նույն օրենսգրքի 362-րդ հոդվածի համաձայն, հիմք է ստորադաս դատարանի դատական ակտը բեկանելու համար: Դրա հետ մեկտեղ, սակայն, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ մեղադրյալ ***************** նկատմամբ կիրառված տնային կալանքը վարչական հսկողությունով փոխարինելու մասին Վերաքննիչ դատարանի որոշման կայացումից հետո անցել է ավելի քան մեկ տարի, իսկ խափանման միջոցի իրավաչափության պայմաններն ու, մասնավորապես, խափանման միջոց կիրառելու հիմքերը, որպես կանոն, ժամանակի ընթացքում փոփոխվում են, այլ կերպ՝ ստատիկ չեն և, ի թիվս այլնի, վա րույթի համապատասխան փուլի առանձնահատկություններով պայմանավորված՝ ենթարկվում են փոփոխության, և Վճռաբեկ դատարանն օբյեկտիվորեն զրկված է մեղադրյալ ***************** խափանման միջոց(ներ)ի կիրառման հիմք(եր)ի և ներկա պահին դրանց շարունակականության ու կոնկրետ խափանման միջոցի պիտանիության հարցում փաստարկված դատողություն անելու իրական հնարավորությունից, ինչը չի կարող մեկնաբանվել ի վնաս մեղադրյալի։ Ուստի, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի որոշումը պետք է թողնել անփոփոխ՝ հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 15-րդ, 31-րդ, 33-34-րդ, 264-րդ, 281-րդ, 361-363-րդ և 400-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը Ո Ր Ո Շ Ե Ց 1. Թիվ ՀԿԴ/0037/06/25 դատական վարույթով մեղադրյալ ***************** ******* ********** վերաբերյալ ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի մայիսի 19-ի որոշումը թողնել անփոփոխ՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները: 2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը։ Նախագահող` Ս․ՉԻՉՈՅԱՆ Դատավորներ՝ Ե․ԴԱՆԻԵԼՅԱՆ Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆ Ռ.ՄԽԻԹԱՐՅԱՆ Դ․ՎԵՔԻԼՅԱՆ