Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am

Վճռաբեկ դատարան · Քրեական

ԵԴ1/0364/11/23

Վճռաբեկ դատարանի որոշումների ցանկից (cassationcourt.am/decisions)՝ դատարանի նախադեպային շտեմարանում այն չկա։

Գործի համարը
ԵԴ1/0364/11/23
Դիմող / մեղադրյալ
Արավան Գրիգորյան
Դատական ակտի ընդունման ամսաթիվը
24.07.2026

Որոշման տեքստը

դատարանի Word ֆայլից
ԵԴ1/0364/11/23 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան, նախագահող դատավոր՝ Ս.Գզոգյան ՀՀ վերաքննիչ քրեական դատարան, նախագահող դատավոր` Վ.Ռշտունի 24 հուլիսի 2026 թվական ք.Երևան ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ` Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ մասնակցությամբ դատավորներ` Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ Հ.ԳՐԻԳՈՐՅԱՆԻ Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ գրավոր ընթացակարգով քննության առնելով Արավան Վաչագանի Գրիգորյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի փետրվարի 9-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Վարդապետյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը, Պ Ա Ր Զ Ե Ց Վարույթի դատավարական նախապատմությունը. 1. 2022 թվականի մայիսի 14-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում կատարված հանցագործությունների քննության բաժնում 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ նաև` ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 243.1-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 70902222 քրեական գործը: 2. Նախաքննության մարմնի` 2022 թվականի հունիսի 30-ի որոշմամբ Արավան Վաչագանի Գրիգորյանը ներգրավվել է որպես մեղադրյալ։ Նույն օրվա այլ որոշումներով մեղադրյալ Ա.Գրիգորյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը, և նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ 3. Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազության դատախազ Ա.Դավթյանի` 2023 թվականի հունվարի 31-ի որոշմամբ թիվ 70902222 քրեական վարույթով մեղադրյալ Արավան Գրիգորյանի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդման ժամկետը կասեցվել է` մեղադրյալի գտնվելու վայրն անհայտ լինելու հիմքով: 4. 2023 թվականի օգոստոսի 28-ին մեղադրյալ Ա.Գրիգորյանի պաշտպան Լ.Ղազարյանը միջնորդություն է ներկայացրել վարույթն իրականացնող մարմնին` իր պաշտպանյալի նկատմամբ հեռակա վարույթ իրականացնելու մասին։ 5. Նախաքննության մարմնի` 2023 թվականի սեպտեմբերի 1-ի որոշմամբ պաշտպան Լ.Ղազարյանի միջնորդությունը մերժվել է՝ հիմնավորված չլինելու պատճառաբանությամբ։ 6. Նախաքննության մարմնի` 2023 թվականի սեպտեմբերի 1-ի որոշման դեմ մեղադրյալ Ա.Գրիգորյանի պաշտպան Լ.Ղազարյանի բողոքը Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազության դատախազ Ա.Դավթյանի` 2023 թվականի սեպտեմբերի 11-ի որոշմամբ մերժվել է։ 7. 2023 թվականի սեպտեմբերի 27-ին մեղադրյալ Ա.Գրիգորյանի պաշտպան Լ.Ղազարյանը բողոք է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան՝ խնդրելով վերացնել նախաքննության մարմնի` 2023 թվականի սեպտեմբերի 1-ի և Երևանի քաղաքի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի դատախազության դատախազ Ա.Դավթյանի` 2023 թվականի սեպտեմբերի 11-ի որոշումները և վարույթի հանրային մասնակիցներին պարտավորեցնել վերականգնելու Արավան Գրիգորյանի խախտված արդար դատաքննության իրավունքն ու օրինական շահերը։ 8. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի (դատավոր Արամայիս Ասատրյան)` 2023 թվականի սեպտեմբերի 29-ի որոշմամբ մեղադրյալ Ա.Գրիգորյանի պաշտպան Լ.Ղազարյանի բողոքի հիման վրա մինչդատական ակտի վիճարկման վարույթ հարուցելը մերժվել է` նկատի ունենալով այն հանգամանքը, որ բողոք է բերվել այնպիսի մինչդատական ակտի դեմ, որը մինչդատական ակտերի իրավաչափության դատական երաշխիքների շրջանակում ենթակա չէ բողոքարկման: 9. Մեղադրյալ Ա.Գրիգորյանի պաշտպան Լ.Ղազարյանի հատուկ վերանայման բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (դատավոր Սևակ Համբարձումյան)` 2023 թվականի նոյեմբերի 6-ին որոշում է կայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի` 2023 թվականի սեպտեմբերի 29-ի որոշումը բեկանելու և նյութը նույն դատարան՝ նոր քննության փոխանցելու մասին։ 10. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան)` 2024 թվականի հունվարի 8-ի որոշմամբ Ա.Գրիգորյանի պաշտպան Լ.Ղազարյանի բողոքը բավարարվել է և վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցվել` վերացնելու մեղադրյալ Ա.Գրիգորյանի իրավունքների խախտումը և միջնորդության քննության արդյունքում կայացնելու պատճառաբանված դատավարական ակտ։ 11. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2024 թվականի փետրվարի 9-ի որոշմամբ դատախազի բողոքը մերժվել է, իսկ Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի հունվարի 8-ի որոշումը` թողնվել անփոփոխ։ 12. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Վարդապետյանը բերել է հատուկ վերանայման վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2024 թվականի ապրիլի 18-ի որոշմամբ ընդունվել է վարույթ և սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ: Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը. Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով. 13. Բողոքի հեղինակի պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանը, Առաջին ատյանի դատարանի դատական ակտն անփոփոխ թողնելով, թույլ է տվել դատական սխալ, դատավարական իրավունքի այնպիսի խախտում, որն ազդել է վարույթով ճիշտ որոշում կայացնելու վրա։ 13.1. Բողոք բերած անձը գտել է, որ Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել և կիրառել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 299-րդ, 300-րդ, 476-րդ, 477-րդ հոդվածներով սահմանված իրավադրույթները, ինչի արդյունքում խախտվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 15-րդ հոդվածով սահմանված՝ վարույթի հանրայնության սկզբունքը, ինչն էլ ազդել է վարույթի ելքի վրա: 13.2. Բողոքաբերը փաստարկել է, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում հավաքված ապացույցները տվյալ պահին կարող են բավարար լինել անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համար, սակայն բավարար չլինեն նախաքննությունն ավարտելու և քրեական վարույթի նյութերը հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկելու համար, այդ իսկ պատճառով էլ, ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը նախաքննության փուլում հեռակա վարույթ կիրառելու իրավասությունը վերապահել է քննիչին, իսկ պաշտպանության կողմի համար էլ նախաքննության փուլում հեռակա վարույթ չկիրառելու որոշման բողոքարկման կարգ չի սահմանել, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ տվյալ դեպքում մեղադրյալի հայտնաբերվելու, նախաքննությունը շարունակվելու և նոր փաստական տվյալներ ձեռք բերվելու դեպքում հնարավոր է՝ մեղադրյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի և հեռակա վարույթ կիրառելու անհրաժեշտություն նույնիսկ չառաջանա: 13.3. Բողոքաբերն ընդգծել է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 299-րդ հոդվածով սահմանված՝ բողոքարկման ենթակա որոշումների թվում հեռակա վարույթ չկիրառելու որոշումը նախատեսված չէ: Միևնույն ժամանակ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 481-րդ հոդվածը սահմանում է, որ պաշտպանության կողմը դատական ակտը կարող է բողոքարկել նաև հեռակա վարույթի կիրառման ոչ իրավաչափ լինելու հիմքով, իսկ նույն օրենսգրքի 389-րդ հոդվածը նախատեսում է միայն առաջին ատյանի դատարանի՝ հեռակա դատաքննություն իրականացնելը մերժելու և նախնական դատալսումներն ընդհանուր կարգով շարունակելու մասին որոշման բողոքարկում, ինչը նույնպես վկայում է այն մասին, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը նախաքննության փուլում հեռակա վարույթ չկիրառելու որոշման բողոքարկման հնարավորություն չի նախատեսում: 13.4. Բողոքաբերի համոզմամբ` քննարկվող որոշումը չի կարող բողոքարկվել նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասի կարգավորումների շրջանակում, քանի որ հեռակա վարույթ չկիրառելու որոշմամբ մեղադրյալի կամ որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձի որևէ իրավունքի խախտում թույլ չի տրվում: 14. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի որոշումը և կայացնել դրան փոխարինող դատական ակտ։ Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները. 15. Առաջին ատյանի դատարանի որոշման համաձայն՝ (…) [Փ]աստական հանգամանքների վերլուծությունից երևում է, որ մեղադրյալ Արավան Գրիգորյանը պատշաճ ծանուցվել է հարուցված քրեական հետապնդման մասին, քննիչի կողմից ձեռնարկվել են բավարար և գործուն միջոցներ մեղադրյալին հայտնաբերելու և նրա մասնակցությամբ գործի քննությունն իրականացնելու համար, մասնավորապես, ի թիվս այլոց, մեղադրյալ Արավան Գրիգորյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել (...)։ Ավելին, վերջինիս պաշտպանը միջնորդություն է ներկայացրել վարույթն իրականացնող մարմնին՝ հայտնելով, որ Արավան Գրիգորյանը տեղյակ է հարուցված քրեական հետապնդման մասին և ցանկանում է գործը քննվի հեռակա վարույթի կարգով։ Մինչդեռ պաշտպանի միջնորդությունը մերժվել է այն հիմքով, որ չի ներկայացվել որևէ հանգամանք վարույթին մեղադրյալի մասնակցության անհնարինության վերաբերյալ։ Վերոհիշյալի հիման վրա Դատարանն արձանագրում է, որ վարույթն իրականացնող մարմինը պաշտպանի միջնորդության քննության շրջանակներում չի իրականացրել պատշաճ քննություն մեղադրյալի բացակայության անհնարինության՝ հարգելի կամ ոչ հարգելի լինելու հարցի շուրջ։ (...) Դատարանը գտնում է, որ հեռակա վարույթ իրականացնելու մասին միջնորդության քննության շուրջ վարույթն իրականացնող մարմնի կողմից չի իրականացվել բազմակողմանի, լրիվ ու օբյեկտիվ քննություն, իսկ միջնորդության քննության արդյունքում կայացված որոշումը չի բխում քննությամբ ձեռք բերված փաստական հանգամանքների համակցությունից, կայացվել է չպատճառաբանված դատական ակտ, որի արդյունքում խախտվել են բողոք ներկայացրած անձի իրավունքները: Դատարանի գնահատմամբ նշված քրեական գործով ձեռք բերված փաստական հանգամանքների համակցությունը բավարար չէ հեռակա վարույթ չիրականացնելու վերաբերյալ հետևության հանգելու համար, իսկ քննիչի կողմից որոշումը կայացվել է վաղաժամ, հետևաբար դիմողի բողոքը՝ միջնորդությունը քննության առնելու մասին (...) քննիչ Հ.Խաչատրյանի 2023 թվականի սեպտեմբերի 1-ի և (...) դատախազ Ա.Դավթյանի 2023 թվականի սեպտեմբերի 11-ի որոշումների դեմ, ենթակա է բավարարման, անհրաժեշտ է պարտավորեցնել վարույթն իրականացնող մարմնին վերացնել մեղադրյալ Արավան Գրիգորյանի իրավունքների խախտումը և միջնորդության քննության արդյունքում կայացնել պատճառաբանված դատավարական ակտ։ (…)։ 16. Վերաքննիչ դատարանի որոշման համաձայն՝ (…) Անդրադառնալով հեռակա վարույթ իրականացնելու միջնորդությունը մերժելու մասին քննիչի որոշումը մինչդատական ակտերի իրավաչափության դատական երաշխիքների շրջանակի մեջ ներառված չլինելու վերաբերյալ բողոքաբերի պնդումներին` Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ այդ առնչությամբ արդեն իսկ առկա է ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի 2023 թվականի նոյեմբերի 6-ին կայացված որոշումը, որի համաձայն` եթե բողոքարկվող որոշումը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված բողոքարկման ենթակա որոշումների թվում նախատեսված չլինելու պատճառաբանությունն ընդունելի է, ապա երկրորդ պատճառաբանությունը՝ դատաքննության ընթացքում դրա վիճարկման հնարավորությունը, բացառվում է՝ նկատի ունենալով, որ անձը գտնվում է հետախուզման մեջ, չի ցանկանում ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին, դիմել է իր նկատմամբ հեռակա վարույթ և դատաքննություն իրականացնելու միջնորդությամբ, որը մերժվել է քննիչի որոշմամբ և հենց այդ որոշման դեմ է բողոք ներկայացրել առաջին ատյանի դատարան: Այսինքն` տվյալ գործով առանց մեղադրյալի մասնակցության հեռակա վարույթ իրականացնելու հնարավորություն չկա, իսկ եթե դատաքննությունը պետք է իրականացվի ընդհանուր կարգով՝ մեղադրյալի ներկայանալու և մասնակցելու պայմաններում, ապա այդ դեպքում իմաստազրկվում է մեղադրյալի բացակայությամբ վարույթի ինստիտուտը և հեռակա վարույթ իրականացնելու մասին մեղադրյալի միջնորդության քննարկումն այդ դատաքննության ընթացքում: Նշված որոշման մեջբերված հատվածից բխում է, որ հեռակա վարույթ իրականացնելու միջնորդությունը մերժելու մասին քննիչի որոշումը ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի` օրինական ուժի մեջ մտած որոշմամբ դիտարկվել է մինչդատական ակտերի իրավաչափության դատական երաշխիքների շրջանակում, ընդ որում, նման մոտեցումն ընդունելի է նաև սույն դատարանի համար: Բացի այդ, Վերաքննիչ դատարանը հատկանշական է համարում այն, որ հեռակա վարույթ իրականացնելու մասին պաշտպանի միջնորդությունը (…) քննիչ Հ.Խաչատրյանի կողմից 2023 թվականի սեպտեմբերի 1-ին կայացված որոշմամբ մերժվել է այն հիմնավորմամբ, որ մեղադրյալ Արավան Գրիգորյանի վերաբերյալ քրեական վարույթի ընթացքում փաստական տվյալներ ձեռք չեն բերվել այն մասին, որ նա խուսափում է քրեական վարույթին մասնակցելուց: Իսկ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազության դատախազ Ա.Դավթյանը պաշտպանի բողոքը 2023 թվականի սեպտեմբերի 11-ին կայացված որոշմամբ մերժել է այն հիմնավորմամբ, որ քրեական վարույթի ընթացքում ձեռք բերված տվյալները բավարար չեն հաստատված համարելու, որ մեղադրյալ Արավան Գրիգորյանը պատշաճ ծանուցված է իր նկատմամբ հարուցված քրեական հետապնդման մասին և ծանուցված լինելով այդ մասին` խուսափում է քրեական վարույթին մասնակցելուց, բացի այդ, քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից դեռևս չեն ձեռնարկվել անհրաժեշտ և բավարար բոլոր միջոցները` վարույթին մեղադրյալի մասնակցությունն ապահովելու համար: Մինչդեռ Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ ներկայացված նյութերում առկա են փաստական տվյալներ առ այն, որ մեղադրյալ Արավան Գրիգորյանը տեղյակ է ինչպես նախաձեռնված քրեական վարույթի, այնպես էլ իր նկատմամբ հարուցված քրեական հետապնդման մասին, ավելին` հրաժարվում է ներկայանալ ու մասնակցել վարույթի քննությանը: Մասնավորապես` մեղադրյալ Արավան Գրիգորյանը դեռևս 2023 թվականի օգոստոսի 8-ին (…) քննիչ Հ.Խաչատրյանին ուղղված դիմումով հայտնել է, որ տեղեկացել է իր վերաբերյալ քննվող քրեական վարույթի և հարուցված քրեական հետապնդման մասին, գտնվում է ՀՀ-ից դուրս, չի կարող ներկայանալ քննության, գիտի իր իրավունքների, պարտականությունների, ինչպես նաև հեռակա դատաքննության մասին և համաձայն է, որ իր նկատմամբ իրականացվի հեռակա դատաքննություն: Բացի այդ, մեղադրյալ Արավան Գրիգորյանը նոտարական վավերացմամբ դիմում է հասցեագրել նաև Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների դատախազ Ա.Օսեյանին, որով հայտնել է, որ տեղյակ է քննվող վարույթի, իր նկատմամբ հարուցված քրեական հետապնդման և հայտարարված հետախուզման մասին, նշել է նաև, որ գտնվում է ՀՀ-ից դուրս, հրաժարվում է ներկայանալ ու մասնակցել քննությանը, տեղեկացված է իր իրավունքների և պարտականությունների, ինչպես նաև հեռակա վարույթի ու դատական քննության մասին և համաձայն է, որ իր նկատմամբ իրականացվի հեռակա վարույթ ու դատական քննություն հեռակա կարգով: Իսկ մեղադրյալ Արավան Գրիգորյանի սահմանահատումների պատմության համաձայն` վերջինը **** թվականի ***** *-ին` ժամը 13:38-ին, «Զվարթնոց» օդանավակայանից լքել է ՀՀ սահմանները: Վերը նշվածի պայմաններում առերևույթ կարելի է ենթադրել, որ մեղադրյալ Արավան Գրիգորյանը ծանուցված է իր նկատմամբ հարուցված քրեական հետապնդման մասին, չի գտնվում ՀՀ տարածքում, հրաժարվում է ներկայանալ` դրանով իսկ խուսափելով վարույթին մասնակցելուց, ընդ որում, վերջինի նկատմամբ արդեն իսկ հայտարարված է հետախուզում: Վերաքննիչ դատարանը գտնում է, որ նախաքննական մարմինը և դատախազը պատշաճ կերպով չեն գնահատել թվարկված հանգամանքները և բավարար չափով չեն հիմնավորել, թե հատկապես ինչ այլ տվյալներ են պետք համոզվելու համար, որ մեղադրյալը խուսափում է քննությանը մասնակցելուց կամ ինչ այլ գործողություններ պետք է իրականացվեն կամ միջոցներ ձեռնարկվեն նրա ներկայությունն ապահովելու համար: Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ վերը նշված հարցերին պատճառաբանված պատասխաններ չներկայացնելը դատարանն արդարացիորեն է դիտարկել որպես մեղադրյալի իրավունքների խախտում: Ավելին` եթե նախաքննական մարմնի կողմից նշված հարցերին անդրադառնալը կարող է հանգեցնել մեղադրյալ Արավան Գրիգորյանի նկատմամբ հեռակա վարույթ իրականացնելու մասին որոշման կայացման, ապա նման իրադրությունը խնդրահարույց չէ և չի հակասում քրեադատավարական կարգավորումներին, քանի որ ի տարբերություն ՀՀ քրեական դատավարության նախկին օրենսգրքի` գործող օրենսգիրքը սահմանում է, որ մինչդատական ակտի վիճարկման վարույթի արդյունքում ներկայացված բողոքը բավարարելու դեպքում դատարանը վարույթի հանրային մասնակցի վրա դնում է անձի իրավունքների խախտումը վերացնելուն ուղղված կոնկրետ վարութային ակտեր կայացնելու (կատարելու) պարտականություն: (…)։ Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը. 17. Սույն վարույթով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչափ է արդյո՞ք ստորադաս դատարանների դիրքորոշումն առ այն, որ նախաքննության փուլում մեղադրյալի նկատմամբ հեռակա վարույթ չիրականացնելու վերաբերյալ որոշումը ենթակա է դատական բողոքարկման: 18. Մեղադրյալի բացակայությամբ վարույթ (այսուհետ նաև՝ հեռակա վարույթ) իրականացնելու նպատակը, հիմքերն ու պայմանները Վճռաբեկ դատարանը վեր է լուծել Մանուկ Խաչատրյանի գործով կայացված որոշմամբ: Մասնավորապես, միջազգային իրավական փաստաթղթերի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը դիրքորոշում է արտահայտել առ այն, որ. - in absentia դատավարությունները (հեռակա վարույթը) «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածին չեն հակասում, - օրենսդրությամբ նման հնարավորություն նախատեսելն իրավաչափ է, երբ պահպանվում են դրա կիրառման ներպետական և միջազգային իրավական չափանիշները, - հեռակա վարույթը դիտարկվում է իրավունքից հրաժարման համատեքստում և կարող է անցկացվել միայն այն պարագայում, երբ մեղադրյալը գիտակցված և կամավոր հրաժարվել է քննությանը մասնակցելու իր իրավունքից, - նման կարգավորման նպատակը արդարադատության, ինչպես նաև վարույթի մյուս մասնակիցների շահերի համաչափ պաշտպանությունն է: Այն կոչված է բացառելու, որպեսզի վարույթի ընթացքը և հանգուցալուծումը կախված լինեն բացառապես մեկ անձի սուբյեկտիվ վարքագծից, - հեռակա վարույթի կիրառումը ոչ թե վարույթն իրականացնող մարմնի սուբյեկտիվ կամարտահայտությամբ անձին պարտադրվող ընթացակարգ է, այլ անձի դրսևորած ոչ իրավաչափ վարքագծի, այն է՝ վարույթն իրականացնող մարմնից խուսափելու հետևանք, որն անձի համար վրա է հասնում իր իսկ կամարտահայտության արդյունքում։ 19. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 299-րդ հոդվածի համաձայն՝ «1. Դատական բողոքարկման ենթակա են հետևյալ մինչդատական ակտերը․ 1) ձերբակալումը. 2) ենթադրյալ հանցագործության մասին հաղորդումն արձանագրելուց կամ քրեական վարույթ նախաձեռնելուց հրաժարվելը. 3) քրեական վարույթը կարճելու մասին որոշումը. 4) քրեական հետապնդում չհարուցելու, քրեական հետապնդումը դադարեցնելու, քրեական հետապնդման ժամկետը կասեցնելու, քրեական հետապնդումը նորոգելու մասին որոշումը. 5) վարույթի մասնակից ճանաչելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին որոշումը. 6) խափանման միջոց կիրառելու մասին որոշումը. 7) վարույթն իրականացնող մարմին հարկադրաբար ներկայացնելու մասին որոշումը. 8) վարույթից հեռացնելու կամ վարույթին մասնակցելուց ազատելու մասին որոշումը. 9) գրավը պետության եկամուտ դարձնելու մասին որոշումը. 10) հատուկ պաշտպանության միջոցի կիրառումը մերժելու կամ դադարեցնելու մասին որոշումը. 11) Հայաuտանի Հանրապետության գլխավոր դատախազի որոշումը՝ քրեական հետապնդում չհարուցելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը նոր հանգամանքի կամ նոր ի հայտ եկած հանգամանքի հիմքով վերացնելու մասին: 2. Դատական բողոքարկման ենթակա են նաև մինչդատական այն ակտերը, որոնց վիճարկումը դատաքննության ընթացքում անհնար է լինելու կամ բողոքարկողին ակնհայտորեն զրկելու է իր իրավաչափ շահերն արդյունավետ պաշտպանելու իրական հնարավորությունից»: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Սույն օրենսգրքի 299-րդ հոդվածով նախատեսված մինչդատական ակտերի դեմ բողոքներ կարող է ներկայացնել վարույթի մասնավոր մասնակիցը, ինչպես նաև ցանկացած այլ անձ, եթե հիմնավորում է իր իրավաչափ շահերի նկատմամբ այդ ակտի անհամաչափ ներգործությունը»: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 301-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Մինչդատական ակտի վերաբերյալ բողոքը պարունակում է՝ (…) 7) սույն օրենսգրքի 299-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված վարութային ակտերի բողոքարկման դեպքում` հիմնավորում այն մասին, որ դատաքննության ընթացքում տվյալ ակտի վիճարկումն անհնար է լինելու կամ բողոքարկողին ակնհայտորեն զրկելու է իր իրավաչափ շահերն արդյունավետ պաշտպանելու իրական հնարավորությունից. (…)»: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 302-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Վարույթի հարուցումը հիմնավորված մերժվում է, եթե պահպանված չէ սույն օրենսգրքի 299-րդ և 300-րդ հոդվածներով սահմանված որևէ պահանջ (…)»: 20. Վերոշարադրյալ իրավական նորմերի համադրված վերլուծության հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հանրային մասնակիցների վարութային ակտերի (մինչդատական ակտերի) իրավաչափության դատական երաշխիքների շրջանակներում դատական կարգով ենթակա են բողոքարկման՝ 1 հանրային մասնակիցների՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված մինչդատական ակտերը, 2 հանրային մասնակիցների՝ անձի իրավաչափ շահերը ոտնահարող և նշված հոդվածի 1-ին մասում չնշված այն մինչդատական ակտերը, որոնց վիճարկումը դատաքննության ընթացքում անհնար է լինելու կամ բողոքարկողին ակնհայտորեն զրկելու է իր իրավաչափ շահերն արդյունավետ պաշտպանելու իրական հնարավորությունից։ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ վերջին դեպքում մինչդատական ակտի վիճարկման վերաբերյալ բողոքը նախևառաջ պետք է պարունակի հիմնավորում առ այն, որ քրեական վարույթի հանրային մասնակցի վարութային ակտով տեղի է ունեցել ներգործություն անձի որևէ իրավունքին, օրենքով պաշտպանվող իրավաչափ շահին, ինչպես նաև այն, որ դատաքննության ընթացքում տվյալ ակտի վիճարկումը կլինի անհնար կամ ոչ արդյունավետ: 21. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ. - նախաքննության մարմնի որոշմամբ Արավան Գրիգորյանը ներգրավվել է որպես մեղադրյալ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի 1-ին մասով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը և հայտարարվել է հետախուզում, - դատախազի որոշմամբ մեղադրյալ Ա.Գրիգորյանի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդման ժամկետը կասեցվել է` մեղադրյալի գտնվելու վայրն անհայտ լինելու հիմքով, - մեղադրյալ Ա.Գրիգորյանի պաշտպան Լ.Ղազարյանը միջնորդություն է ներկայացրել վարույթն իրականացնող մարմնին` իր պաշտպանյալի նկատմամբ հեռակա վարույթ իրականացնելու մասին, - քննիչի որոշմամբ պաշտպան Լ.Ղազարյանի վերոնշյալ միջնորդությունը մերժվել է՝ հիմնավորված չլինելու պատճառաբանությամբ, - քննիչի վերոնշյալ որոշման դեմ պաշտպան Լ.Ղազարյանի բողոքը դատախազի որոշմամբ մերժվել է, - քննիչի և դատախազի վերոնշյալ որոշումների դեմ պաշտպան Լ.Ղազարյանի բողոքն Առաջին ատյանի դատարանի` 2024 թվականի հունվարի 8-ի որոշմամբ բավարարվել է և վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցվել` վերացնելու մեղադրյալ Ա.Գրիգորյանի իրավունքների խախտումը և միջնորդության քննության արդյունքում կայացնելու պատճառաբանված դատավարական ակտ: Դատարանը նշել է, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից չի իրականացվել պատշաճ քննություն՝ մեղադրյալի բացակայության անհնարինության՝ հարգելի կամ ոչ հարգելի լինելու հարցի շուրջ, իսկ միջնորդության քննության արդյունքում կայացված որոշումը չի բխում քննությամբ ձեռք բերված փաստական հանգամանքների համակցությունից, - Վերաքննիչ դատարանի` 2024 թվականի փետրվարի 9-ի որոշմամբ դատախազի բողոքը մերժվել է, իսկ Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի հունվարի 8-ի որոշումը` թողնվել անփոփոխ: Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ վարույթի նյութերից ելնելով առերևույթ ենթադրելի է, որ մեղադրյալ Արավան Գրիգորյանը ծանուցված է իր նկատմամբ հարուցված քրեական հետապնդման մասին, չի գտնվում ՀՀ տարածքում, հրաժարվում է ներկայանալ` դրանով իսկ խուսափելով վարույթին մասնակցելուց, ընդ որում, նրա նկատմամբ հայտարարված է հետախուզում: Վերաքննիչ դատարանը գտել է, որ նախաքննական մարմինը և դատախազը պատշաճ կերպով չեն գնահատել թվարկված հանգամանքները և բավարար չափով չեն հիմնավորել, թե էլ ինչ տվյալներ են պետք համոզվելու համար, որ մեղադրյալը խուսափում է քննությանը մասնակցելուց, կամ ինչ այլ գործողություններ պետք է իրականացվեն կամ միջոցներ ձեռնարկվեն` նրա ներկայությունն ապահովելու համար: Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ վերը նշված հարցերին պատճառաբանված պատասխաններ չներկայացնելն Առաջին ատյանի դատարանն արդարացիորեն է դիտարկել որպես մեղադրյալի իրավունքների խախտում։ 22. Սույն որոշման նախորդ կետում ներկայացված փաստական հանգամանքները գնահատելով 18-20-րդ կետերում մեջբերված իրավանորմերի և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները, ըստ էության քննության առնելով պաշտպանի բողոքը, դուրս են եկել մինչդատական վարույթի դատական երաշխիքների շրջանակներից: Մասնավորապես, ստորադաս դատարանները ոչ իրավաչափորեն անտեսել են այն հանգամանքը, որ բողոքարկված մինչդատական ակտը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված` դատական բողոքարկման ենթակա մինչդատական ակտերի թվում ներառված չէ: 22.1. Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք մինչդատական վարույթում հեռակա վարույթ իրականացնելու վերաբերյալ պաշտպանի միջնորդությունը մերժելու մասին որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 299-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում ոչ պաշտպան Լ.Ղազարյանը՝ Առաջին ատյանի դատարան ներկայացրած իր բողոքում, ոչ էլ ստորադաս դատարանները՝ իրենց դատական ակտերում, չեն ներկայացրել որևէ հիմնավորում, թե մեղադրյալ Ա.Գրիգորյանի նկատմամբ հեռակա վարույթ իրականացնելու մասին պաշտպանի միջնորդությունը մերժելով՝ մեղադրյալի որ իրավունքն է կամ որ իրավաչափ շահն է վտանգվել կամ սահմանափակվել։ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում կրկնել Մանուկ Խաչատրյանի գործով արտահայտված այն դիրքորոշումը, որ հեռակա վարույթը կարող է կիրառվել այն պարագայում, երբ մեղադրյալը հրաժարվում է գործի քննությանը մասնակցելու իր իրավունքից՝ որպես նրա դրսևորած ոչ պատշաճ վարքագծին հակազդեցություն, որի հիմնական նպատակներն են արդարադատության, ինչպես նաև վարույթի մյուս մասնակիցների իրավաչափ շահերի պաշտպանությունը: Հեռակա վարույթը կոչված է բացառելու, որպեսզի վարույթի ընթացքը և հանգուցալուծումը կախված լինեն բացառապես մեկ անձի սուբյեկտիվ վարքագծից։ Հեռակա վարույթը՝ մեղադրյալի ոչ իրավաչափ վարքագծի, այն է՝ վարույթն իրականացնող մարմնից խուսափելու հետևանք է, որն անձի համար վրա է հասնում իր իսկ կամարտահայտության արդյունքում։ 23. Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ մինչդատական վարույթում մեղադրյալի նկատմամբ հեռակա վարույթ իրականացնելու վերաբերյալ պաշտպանի միջնորդությունը մերժելու մասին որոշումը որևէ պարագայում չի կարող դիտարկվել որպես մեղադրյալի իրավունքի կամ իրավաչափ շահի նկատմամբ ներգործություն, հետևաբար չի կարող նաև դասվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 299-րդ հոդվածի 2-րդ մասով ընդհանրական կերպով նախատեսված և դատական երաշխիքների շրջանակում բողոքարկման ենթակա ակտերի թվին։ 24. Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հեռակա վարույթ իրականացնելու վերաբերյալ մեղադրյալ Ա.Գրիգորյանի պաշտպան Լ.Ղազարյանի միջնորդությունը մերժելու մասին քննիչի որոշումը չի հանդիսանում մինչդատական ակտերի իրավաչափության դատական երաշխիքների վարույթի առարկա: 25. Վճռաբեկ դատարանը փաստում է նաև, որ վիճարկվող որոշումը մինչդատական վարույթի դատական երաշխիքների առարկա չհանդիսանալու պայմաններում, գնահատման ենթակա չէ նաև դատախազի՝ 2023 թվականի սեպտեմբերի 11-ի որոշումը: 26. Վերոգրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանների դիրքորոշումն առ այն, որ նախաքննության փուլում հեռակա վարույթ չիրականացնելու վերաբերյալ որոշումը ենթակա է դատական բողոքարկման, իրավաչափ չէ։ 27. Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն վարույթով Առաջին ատյանի դատարանը՝ դատական ակտ կայացնելիս, իսկ Վերաքննիչ դատարանը՝ Առաջին ատյանի դատարանի դատական ակտն անփոփոխ թողնելով, թույլ են տվել դատական սխալ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 299-րդ և 300-րդ հոդվածների խախտումներ, որոնք իրենց բնույթով էական են, քանի որ հանգեցրել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 15-րդ հոդվածով նախատեսված հանրայնության սկզբունքի խախտման, ինչն ազդել է վարույթի ելքի վրա, և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի համաձայն՝ հիմք է ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանելու և դրանց փոխարինող դատական ակտ կայացնելու համար, մերժելով մեղադրյալ Ա.Գրիգորյանի պաշտպան Լ.Ղազարյանի կողմից Առաջին ատյանի դատարան ներկայացված` բողոքը։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 33-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 352-րդ, 359-րդ, 361-363-րդ և 400-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը Ո Ր Ո Շ Ե Ց Արավան Վաչագանի Գրիգորյանի վերաբերյալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ 2024 թվականի հունվարի 8-ի և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի փետրվարի 9-ի որոշումները բեկանել և մեղադրյալ Ա.Գրիգորյանի պաշտպան Լ.Ղազարյանի բողոքը մերժել։ Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը: Նախագահող` Հ.ԱՍԱՏՐՅԱՆ Դատավորներ` Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆ Հ.ԳՐԻԳՈՐՅԱՆ Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆ Ա.ՊՈՂՈՍՅԱՆ