Վճռաբեկ դատարան · Կոռուպցիոն հանցագործություններ
ՀԿԴ/0198/06/25
Վճռաբեկ դատարանի որոշումների ցանկից (cassationcourt.am/decisions)՝ դատարանի նախադեպային շտեմարանում այն չկա։
- Գործի համարը
- ՀԿԴ/0198/06/25
- Դատական ակտի ընդունման ամսաթիվը
- 24.07.2026
- ՀՀ Քրեական դատավարության օրենսգիրք
- Որոշման տեքստում վկայակոչված այլ հոդվածներ
7 հոդված՝ որոշման տեքստից (դատարանի քարտում չկան)
Միջազգային փաստաթղթեր
ՀՀ Սահմանադրություն
ՀՀ Քրեական օրենսգիրք
ՀՀ Քրեական դատավարության օրենսգիրք
Որոշման տեքստը
դատարանի Word ֆայլիցՀԿԴ/0198/06/25
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության
Հակակոռուպցիոն դատարան,
նախագահող դատավոր՝ Ս.Խաչատրյան
Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան,
նախագահող դատավոր` Ա.Հովհաննիսյան
2026 թվականի հուլիսի 24-ին քաղաք Երևանում
ՀՀ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմը (այսուհետ նաև` Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ` Ս.ՉԻՉՈՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ` Ե․ԴԱՆԻԵԼՅԱՆԻ
Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆԻ
Դ.ՎԵՔԻԼՅԱՆԻ
գրավոր ընթացակարգով քննության առնելով մեղադրյալ ********* ********* ************ վերաբերյալ ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան)՝ 2025 թվականի սեպտեմբերի 18-ի որոշման դեմ մեղադրյալ ********* ********* ************ պաշտպան Ս․Մարաբյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Վարույթի դատավարական նախապատմությունը.
1. 2025 թվականի օգոստոսի 13-ին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի տնտեսական գործունեության դեմ ուղղված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով նախաձեռնվել է թիվ ************ քրեական վարույթը։
2․ 2025 թվականի օգոստոսի 15-ին ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ Ա․Կոստանյանի որոշմամբ ************ նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով։
3․ ՀՀ հակակոռուպցիոն դատարանի (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան)՝ 2025 թվականի օգոստոսի 16-ի որոշմամբ նախաքննության մարմնի միջնորդությունը՝ մեղադրյալ ************ նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին, բավարարվել է մասնակի և վերջինիս նկատմամբ, որպես այլընտրանքային խափանման միջոց, կիրառվել է տնային կալանք՝ 2 (երկու) ամիս ժամկետով։
4. ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ Ա․Կոստանյանի հատուկ վերանայման բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանի 2025 թվականի սեպտեմբերի 18-ի որոշմամբ Առաջին ատյանի դատարանի 2025 թվականի օգոստոսի 16-ի որոշումն ամբողջությամբ բեկանվել է, և մեղադրյալ ************ նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը՝ 2 (երկու) ամիս ժամկետով։
5. Վերաքննիչ դատարանի 2025 թվականի սեպտեմբերի 18-ի որոշման դեմ մեղադրյալ ************ պաշտպան Ս․Մարաբյանը հատուկ վերանայման վճռաբեկ բողոք է բերել, որը Վճռաբեկ դատարանի՝ 2025 թվականի նոյեմբերի 14-ի որոշմամբ ընդունվել է վարույթ, և սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։
Հատուկ վերանայման բողոքի հիմքերը, դրանք հիմնավորող փաստարկները և պահանջը.
Հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.
6. Ըստ բողոքաբերի՝ Վերաքննիչ դատարանը, դուրս գալով վերանայման բողոքի հիմքերի և փաստարկների սահմաններից, իր որոշման մեջ հիմնավորումներ և պնդումներ է արել այնպիսի փաստական հանգամանքների վերաբերյալ, որոնք չեն հանդիսացել բողոքի քննության առարկա և ի հայտ են եկել վիճարկվող որոշումից հետո, մասնավորապես այն հանգամանքը, որ մեղադրյալի նկատմամբ հետագայում հարուցվել է հանրային քրեական հետապնդում նոր դրվագով (ՀՀ ֆինանսների նախարարության ստուգող խմբին կեղծ փաստաթղթեր ներկայացնելու համար)։
Վերոգրյալի կապակցությամբ բողոքաբերը փաստարկել է, որ վերանայման վարույթում դատարանն իրավունք չունի հօգուտ բողոքի ներկայացնել այնպիսի հիմքեր ու հիմնավորումներ, որոնք չեն ներկայացվել առաջին ատյանի դատարանում, առկա չեն վարույթի նյութերում և որպիսի պնդումները վարույթի մասնակիցների կողմից վարույթի որևէ փուլում չեն արվել:
Բողոք բերած անձը գտել է, որ Վերաքննիչ դատարանը, քննարկման առարկա դարձնելով Առաջին ատյանի դատարանի դատական ակտում մեջբերված փաստական հանգամանքները, որոնք ի հայտ են եկել առավել ուշ, և հատուկ վերանայման բողոքը ներկայացնելու պահին նման փաստական հանգամանքներ առկա չեն եղել, դուրս է եկել հատուկ վերանայման բողոքի և քննության սահմաններից` անդրադառնալով այնպիսի հանգամանքների, որոնք, ըստ էության, քննության առարկա չէին կարող դառնալ սույն վարույթով, որպիսի հանգամանքը հանգեցրել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի և 21-րդ հոդվածի խախտմանը։
6․1․ Բողոքաբերի պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությունը, որ մեղադրյալի կողմից վարույթին խոչընդոտելու «հավանականությունը բարձր է», չի բավարարում կալանքի կիրառման օրենսդրական պահանջներին և կալանքի կիրառմանը ներկայացվող բարձր ապացուցողական շեմին, նման ձևակերպումը կարող էր իրավաչափ լինել տնային կալանքի կիրառման համար, սակայն կալանքի կիրառման իրավաչափությունը ենթադրում է ոչ թե հավանական, այլ ապացուցված և պատճառաբանված անհրաժեշտություն՝ հիմնված կոնկրետ փաստական տվյալների վրա։
Բողոքաբերը գտել է, որ Առաջին ատյանի դատարանի կողմից բոլոր հանգամանքների հաշվառմամբ կայացվել է համաչափ որոշում, դատարանի գնահատականները չեն ազդել քրեական վարույթի նախնական, ակտիվ փուլում գտնվելու, ապացույցների ձեռքբերմանը հավանական խոչընդոտելու ռիսկի վրա:
Միևնույն ժամանակ բողոքաբերը նշել է նաև, որ պաշտպանության կողմի՝ Վերաքննիչ դատարան ներկայացրած բողոքի պատասխանում նշված այն հանգամանքները, որ մեղադրյալն ընդունել է մեղադրանքը և վերականգնել է վնասից որոշակի գումար, նպատակ են ունեցել ցույց տալու, որ վարույթին խոչընդոտելու հարց չի կարող առաջանալ, մինչդեռ Վերաքննիչ դատարանն արձանագրել է միայն մեղադրյալին նոր մեղադրանք ներկայացվելը՝ անտեսելով հօգուտ մեղադրյալի հանգամանքները:
6․2․․ Բացի այդ, բողոքաբերը նշել է, որ մինչ տնային կալանքի կիրառման երկամսյա ժամկետի լրանալը վարույթն իրականացնող մարմինը նոր միջնորդությամբ դիմել է դատարան՝ նույն անձի նկատմամբ կալանք կիրառելու պահանջով, ինչը մերժվել է։
Ըստ բողոքաբերի՝ վերը նշված հանգամանքն Առաջին ատյանի դատարանի՝ մեղադրյալի նկատմամբ կիրառված սկզբնական տնային կալանքի որոշման դեմ ներկայացված վերաքննիչ բողոքը դարձնում է առարկայազուրկ։
Բողոքաբերի պնդմամբ՝ նման իրավիճակում Վերաքննիչ դատարանի կողմից առարկայազուրկ բողոքը քննության առնելը հանգեցրել է դատավարական օրենքի էական խախտման՝ խաթարելով արդար դատաքննության արդյունավետության սկզբունքը: Վերաքննիչ դատարանի կողմից Առաջին ատյանի դատարանի վիճարկված որոշման դեմ ներկայացված բողոքի շարունակական քննությունը հակասում է քրեական դատավարության այն հիմնարար սկզբունքին, ըստ որի՝ վերաքննիչ բողոքը ենթակա է քննության միայն այն դեպքում, երբ առկա է բողոքարկման առարկա, և պահպանված է արդիականությունը:
6․3․ Վերոգրյալից բացի, բողոքաբերի պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել ************ հիվանդությունները, որոնց հաշվառմամբ էր նաև Առաջին ատյանի դատարանը եկել այն եզրահանգման, որ տնային կալանքը կարող է ապահովել նրա պատշաճ վարքագիծը:
7․ Արդյունքում, բողոք բերած անձը խնդրել է ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2025 թվականի սեպտեմբերի 18-ի որոշումը՝ Առաջին ատյանի դատարանի՝ 2025 թվականի օգոստոսի 16-ի որոշումը թողնելով օրինական ուժի մեջ։
Հատուկ վերանայման վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
8. ************ նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով այն բանի համար, որ «(…) [Ն]ա, 2008 թվականի սեպտեմբերի 2-ից զբաղեցնելով ********* ********* ************ ************ ************ ************ (այսուհետ՝ Նախարարություն) «********* ********* ************ ********* ********* ************ ********* ********* ************ ********* ********* ****** բաժնի պետ-գլխավոր հաշվապահի պաշտոնն ու օժտված լինելով Կոմիտեի ֆինանսական միջոցները տնօրինելու և Նախարարության անունից իրավունք, պարտականություն և պատասխանատվություն առաջացնող գործառույթներ կատարելու լիազորությամբ, ծառայողական լիազորություններն օգտագործելով, հափշտակել է իր տնօրինմանը հանձնված առանձնապես խոշոր չափերով դրամական միջոցներ, որպիսի հակաօրինական գործողությունները դրսևորվել են հետևյալում.
Այսպես,
********* ************ ************, 2008 թվականի սեպտեմբերի 2-ից զբաղեցնելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ««********* ********* ************ ********* ********* ************ ********* ********* ************ ********* ********* ****** բաժնի պետ-գլխավոր հաշվապահի պաշտոնն ու օժտված լինելով Կոմիտեի ֆինանսական միջոցները տնօրինելու և Նախարարության անունից իրավունք, պարտականություն և պատասխանատվություն առաջացնող գործառույթներ կատարելու լիազորությամբ, հանդիսանալով պաշտոնատար անձ, «Գիտական ենթակառուցվածքի արդիականացում» 1162-11002 միջոցառման շրջանակներում գիտական կազմակերպությունների կողմից տարեկան ֆինանսավորումների արդյունքում չօգտագործված (տնտեսված) միջոցներից Կոմիտեի ************ հաշվին 2019 թվականից մինչև 2024 թվականը «7777 Բանկերից վերադարձված գումարներ» հոդվածին /այսուհետ՝ «7777» հոդված/ վերադարձված 210,946,800 դրամը, ՀՀ կառավարության՝ 2018 թվականի հունիսի 15-ի «Բյուջեների կատարման կարգը հաստատելու և ՀՀ կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 706-Ն որոշման Հավելվածով սահմանված բյուջեների կատարման կարգի 87-րդ կետով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վերադարձնելու փոխարեն, 2019 թվականից մինչև 2024 թվականն ընկած ժամանակահատվածում [փոխանցել է] իր անվամբ ՀՀ առևտրային տարբեր բանկերում բացված թիվ ************, **************, ************ և ************ հաշիվներին։
Փոխանցված 210,946,800 ՀՀ դրամից «7777» հոդվածից ******* ***** իրականացրել է 105,007,200 դրամ գումարի չափով փոխանցումներ՝ կատարված փոխանցումների «Վճարման նպատակը» դաշտում նշելով՝ «փոխանցում տարանցիկ հաշվին փորձագետների հարկային պարտավորությունների փոխհատուցման նպատակով», «առհաշիվ անձին եկամտային հարկի փոխհատուցման նպատակով», «առհաշիվ անձին արտաժութային փոխանցման նպատակով», «առհաշիվ անձին միջազգային փոխանցման համար, համաձայն 3242405005 հաշիվ ապրանքագրի», «Վճարում ըստ պայմանագրի համակարգի գիտական գործուղումների իրականացում ********* ********* ************ ************ ************», «Համաձայն 10/04/2023 Ն 9․2․3/7996-2023 զեկուցագրի, ներկայացուցչական ծախսերի վճարում» և այլ տարատեսակ նպատակներ:
Բացի այդ, ************ *********** վերը թվարկված նույն բանկային հաշիվներին 2019 թվականից մինչև 2024 թվականն ընկած ժամանակահատվածում «Այլ ընթացիկ դրամաշնորհներ 4639» տնտեսագիտական հոդվածից ևս իրականացրել է 51,102,000 դրամի չափով (47,242.500+2,147,900+1,711,500) դրամական փոխանցումներ:
«7777» և «Այլ ընթացիկ դրամաշնորհներ 4639» տնտեսագիտական հոդվածներից «որպես միջազգային անդամակցության վճարներ» ************ ********** անվամբ ՀՀ առևտրային բանկերում բացված թվով 2 հաշիվներին (*************, ******************) վերջինիս կողմից փոխանցվել է ընդհանուր 84,257,500 դրամ գումար՝ «7777» հոդվածից՝ 37,015,100 դրամ (17,200,000 + 19,815,100) և 4639 հոդվածից՝ 47,242,500 դրամ։
Մասնավորապես, Կոմիտեի կողմից «Հորիզոն Եվրոպա շրջանակային ծրագրին Հայաստանի Հանրապետության մասնակցության մասին» համաձայնագրի շրջանակում Եվրոմիության` 2.141.360.07 ԵՎՐՈ անդամավճարները 2024 թվականի մայիսի 13-ին մուծված լինելու պայմաններում, Կոմիտեի ************հաշվեհամարի 7777 հոդվածից իր՝ ************հաշվեհամարին 2024 թվականի մայիսի 14-ին փոխանցել է 37.015.185 ՀՀ դրամ՝ որպես նպատակ նշելով «Միջազգային փոխանցման համար»:
Բացի այդ, Կոմիտեի կողմից նույն համաձայնագրի շրջանակում Եվրոմիության՝ 570.682.58 ԵՎՐՈ անդամավճարներից 2022 թվականի ապրիլի 1-ի դրությամբ 535.460 ԵՎՐՈ-ն մուծված լինելու պայմաններում, Կոմիտեի ************հաշվեհամարի 4639 հոդվածից իր՝ ************** հաշվեհամարին 2022 թվականի մարտի 28-ին, պակասորդ 35.222.58 ԵՎՐՈ-ի փոխարեն փոխանցել է 86.172 ԵՎՐՈ, որպես նպատակ նշելով «Միջազգային պարտավորության համար»:
Բացի այդ, ************ *********** անվամբ «Կոնվերսբանկ» ՓԲԸ-ում բացված ************ հաշվին 2023 թվականի ապրիլ ամսվա ընթացքում ևս փոխանցվել է 4,409,500 դրամ՝ 2023 թվականի ապրիլի 24-27-ը գերմանական «Gmp Architects von Gerkan» և «Marg and Partners» ընկերության ներկայացուցիչներ Շտեֆան Շյուցի և Քրիստիան Հելմունդի, ինչպես նաև «Nussli» շինարարական ընկերության ներկայացուցիչ ************ այցը Հայաստան կազմակերպելու և նշված անձանց ճանապարհածախսի, հյուրանոցի կեցության և այլ անհրաժեշտ ներկայացուցչական ծախսերը կատարելու նպատակով:
Համաձայն նշված անձանց անվամբ ավստրիական ավիաուղիների կողմից 2023 թվականի ապրիլի 12-ին դուրս գրված թվով 3 հաշիվների՝ հիշյալ անձինք պետք է ժամանեին Հայաստան ապրիլի 24-ից 27-ը՝ Բեռլին-Վիեննա-Երևան, Երևան-Վիեննա- Բեռլին չվերթներով, իսկ ավստրիական ավիաուղիների կողմից 2023 թվականի ապրիլի 22-ին դուրս գրված այլ 3 հաշիվների համաձայն՝ նույն անձինք պետք է ժամանեին Հայաստան ապրիլի 25-ին Բեռլին-Վիեննա-Երևան չվերթով:
Մինչդեռ, Կոմիտեի հաշվից ************ *********** իր անվամբ «Կոնվերսբանկ» ՓԲԸ-ում բացված ************ հաշվին փոխանցումներն իրականացրել է 2023 թվականի ապրիլի 11-ին՝ 2,147,900 դրամի չափով և ապրիլի 26-ին՝ 1,711,500 դրամի չափով՝ «Վճարման նպատակը» դաշտում նշելով «Վճարում ըստ պայմանագրի համակարգի գիտական գործուղումների իրականացում ************ ***********************»:
************ *********** նույն թիվ ************հաշվին «7777» հոդվածից 2023 թվականի ապրիլի 21-ին փոխանցել է 550,000 դրամ՝ «Համաձայն 10/04/2023 Ն 92.3/7996-2023 զեկուցագրի, ներկայացուցչական ծախսերի վճարում» նպատակով, որի կապակցությամբ ստուգող խմբին ներկայացվել է 2023 թվականի ապրիլի 13-ին «************ *******» ՍՊԸ-ին վճարված «N 1122» փոխանցման հաշիվը՝ 394,900 դրամ փոխանցումով, տպված ՀԾ հաշվապահ համակարգով, առանց Կոմիտեի կողմից տվյալ փոխանցման հաշվի ընդունման և հաստատման, կնիքի և իրավասու պատասխանատու անձի ստորագրության բացակայությամբ:
Վերոհիշյալ փոխանցման հաշվում նշված է 2023 թվականի ապրիլի 24-ից 27-ն ընկած ժամանակահատվածի համար Երևան ժամանած 3 անձանց համար կեցության ծախսեր (ներառյալ նախաճաշ)՝ 300,700 դրամ, յուրաքանչյուրին 100,200 դրամ և 2023 թվականի ապրիլի 25-ի և 27-ի համար տեղափոխման ծառայության արժեք՝ 28,300 դրամի չափով, ընդ որում նշված 394,900 դրամ գումարը Կոմիտեի կողմից նույն «****** *** *****» ՍՊԸ-ին նույն նպատակով արդեն իսկ փոխանցվել է 2023 թվականի ապրիլի 14-ին նաև 7777 հոդվածից։
Վերը նշված անձանց Հայաստան այցելելու, ձեռք բերված ավիատոմսերի, կեցության ծախսերի դիմաց ************ *********** անվամբ բացված թիվ ************բանկային հաշվին փոխանցված 4,409,500 դրամի (2,147,900 +1,711,500+550,000) վճարումները հավաստող փաստաթղթեր առկա չեն:
Բացի վերոնշյալ դրամական փոխանցումներից, ֆինանսների նախարարության գործառնական վարչության «LS-Finance» համակարգում առկա տեղեկատվության և ստուգման ընթացքում ձեռքբերված տվյալների համաձայն՝ Կոմիտեի ֆինանսական գործունեության իրականացման համար նախատեսված գանձապետական այլ հաշիվներից ************ *********** իր անվամբ ՀՀ առևտրային բանկերում բացված վերը թվարկված հաշիվներին փոխանցել է ևս 55,996,800 ՀՀ դրամ, մասնավորապես՝ Կոմիտեի ************ տարանցիկ հաշվից՝ 52,572,800 դրամ («Գործադիր իշխանության պետ.՝ հաշիվ ************», «պետական հիմնարկների աշխատողների սոցիալական փաթեթ»-ի միջոցների ************ հաշվից, և «Բարձրագույն մասնագիտական կրթություն ստացող ուսանողների կրթաթոշակ» ************ հաշվից՝ 3,424,000 դրամի չափով), «Վճարման նպատակը» դաշտում համապատասխանաբար նշելով «առհաշիվ անձին արտաժութային փոխանցման նպատակով», «կուտակային վճար սոցքարտ 1», «գիտության կոմիտե, առհաշիվ անձին եկամտային հարկի փոխհատուցման նպատակով սոցքարտ 1», «փոխանցում տարանցիկ հաշվին փորձագետների հարկային պարտավորությունների փոխհատուցման նպատակով» և այլ տարատեսակ նպատակներ:
Արդյունքում, ************ *********** իր տնօրինմանը հանձնված պետական միջոցները հափշտակելու մեկ միասնական դիտավորությամբ, իր ծառայողական լիազորություններն օգտագործելով, Կոմիտեի ֆինանսական գործունեության իրականացման համար բացված գանձապետական հաշիվներից իր անվամբ ՀՀ առևտրային տարբեր բանկերում բացված 4 բանկային հաշիվներին դրամական միջոցներ փոխանցելու եղանակով, 2019 թվականից մինչև 2024 թվականն ընկած ժամանակահատվածում հափշատկել է ընդհանուր 212,106,000 դրամ, պատճառելով պետությանը առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս: (…)»:
9․ Առաջին ատյանի դատարանը 2025 թվականի օգոստոսի 16-ի դատական ակտում արձանագրել է հետևյալը. «(...) Անդրադառնալով ************ *********** նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ քննիչի միջնորդությամբ մատնանշված հիմքին՝ դատարանն արձանագրում է, որ քրեական վարույթով ձեռք բերված տվյալները բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ առկա է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով սահմանված խափանման միջոց կիրառելու հիմքը (մեղադրյալի կողմից իր վրա սույն օրենսգրքով կամ դատարանի որոշմամբ դրված պարտականությունների կատարումն ապահովելու համար):
Դատարանի նման եզրահանգումների համար հիմք են հանդիսացել այն հանգամանքները, որ ************ ********** մեղսագրվում է կոռուպցիոն բնույթի ծանր հանցանքի կատարում, քրեական վարույթով քննությունը գտնվում է սկզբնական փուլում, կատարման ենթակա են մի շարք վարութային, ապացուցողական գործողություններ, որով պայմանավորված՝ մեղադրյալը կարող է չկատարել իր վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով դրված պարտականությունները, որը կարող է դրսևորվել նրա կողմից քրեական վարույթին խոչընդոտելու, ներառյալ՝ ապացուցման գործընթացին ապօրինի միջամտելու, քրեական դատավարությանը մասնակցող, այդ թվում՝ քննությանը ներգրավման ենթակա անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու, նրանց հետ քննության առումով միասնական դիրքորոշում ձևավորելու, իր ունեցած սոցիալական կապերի օգտագործմամբ դեպքի բոլոր հանգամանքների, այդ թվում՝ ենթադրյալ այլ մասնակիցների բացահայտման, վերջիններից ակնկալվող ցուցմունքները չեզոքացնելու կամ նման փորձ կատարելու, արդեն հարցաքննված վկայի վրա՝ նրա ցուցմունքները փոխելու, այդ ցուցմունքներից հրաժարվելու առումով ազդեցություն գործադրելու կամ այլ ճանապարհով:
Այս առումով, դատարանը հիմնավոր է համարում նաև վարույթն իրականացնող մարմնի այն պնդումը, որ մեղադրյալ ************ *********, մնալով ազատության մեջ, կարող է օգտագործելով անձանց որոշակի շրջանակի հետ, այդ թվում՝ միջնորդավորված եղանակով ունեցած իր փոխհարաբերությունները, ինտենսիվ գործողություններ կատարել քրեական վարույթի մասնավոր մասնակիցների կամ վարույթին օժանդակող անձանց վրա ապօրինի ազդեցություն գործադրելու ուղղությամբ, որպեսզի վարույթն իրականացնող մարմինը հնարավորություն չունենա բացահայտելու ենթադրաբար կատարված հանցանքի բոլոր հանգամանքները և հնարավոր այլ մասնակիցներին:
Միաժամանակ վերլուծելով քրեական վարույթի փաստական հանգամանքները՝ դատարանը գտնում է, որ այնուամենայնիվ մեղադրյալի կողմից իր վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով կամ դատարանի որոշմամբ դրված պարտականությունները չկատարելու հավանականությունն այն աստիճանի բարձր չէ, որպեսզի կարողանա պայմանավորել մեղադրյալի ազատությունից զրկելու հետ կապված խափանման միջոցի կիրառման անհրաժեշտությունը և բացառի նվազ խիստ խափանման միջոցների կիրառման անհնարինությունը։
Այլ կերպ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հիմքի հավանականությունը քննության սույն փուլում այնչափ բարձր չէ, որպեսզի հաղթահարի փաստական հանգամանքների վրա հիմնված ենթադրությունների այն անհրաժեշտ նշաձողը, որը թույլ կտա մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքի կիրառումը հիմնավոր դիտարկել:
(...)
Այսպիսով, մեղադրյալի օրինական վարքագիծն ապահովող և դրան խոչընդոտող բոլոր հնարավոր հանգամանքների հաշվառմամբ, դատարանն արձանագրում է, որ քննիչի միջնորդությունը ենթակա է մասնակի բավարարման, քանի որ մեղադրյալ ************ ******** պատշաճ վարքագիծը հնարավոր է ապահովել այլընտրանքային խափանման միջոցի, մասնավորապես՝ տնային կալանքի կիրառմամբ, ինչը հասարակության ընդհանուր շահի և անհատի հիմնարար իրավունքների միջև կապահովի արդարացի հավասարակշռություն:
Դատարանի վերը նշված հետևությունների համար նշանակություն է ունեցել այն հանգամանքը, որ մեղադրյալին վերագրվում է այնպիսի գործողությունների կատարմամբ ենթադրյալ հանցանքի կատարում, որը մեծամասամբ արտացոլված է «************ ************* ************» կոմիտեի ֆինանսական և հաշվապահական փաստաթղթերում, որոնք ամբողջությամբ գտնվում են ստուգող խմբի տիրապետության տակ:
Բացի այդ, դատարանի վերը նշված որոշման համար էական նշանակություն է ունեցել այն հանգամանքը, որ մեղադրյալ ************ *********** 2025 թվականի ապրիլի 8-ից տեղեկացված է եղել «************ *********************** ************» կոմիտեում իրականացվող ֆինանսական ստուգման մասին, համագործակցել է ստուգող խմբի անդամների հետ, նրանց ներկայացրել ֆինանսական, հաշվապահական անհրաժեշտ փաստաթղթեր, իսկ ստուգման ընթացքին խոչընդոտելու կամ միջամտելու վերաբերյալ վարույթն իրականացնող մարմնի կողմից տվյալներ չեն ներկայացվել։
Բացի այդ, դատարանի վերը նշված որոշման համար որոշակի նշանակություն է ունեցել մեղադրյալի խնամքին անչափահաս երեխայի առկայության, մեղադրյալի դրական բնութագիր, առողջական խնդիրներ ունենալու հանգամանքները:
(...)»։
10. Վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հատուկ վերանայման բողոք է ներկայացրել Վերաքննիչ դատարան՝ նշելով հետևյալը. Նախ հարկ է արձանագրել որ Դատարանի ուշադրությունից դուրս է մնացել այն հանգամանքը, որ սույն քրեական վարույթով նախաքննությունը գտնվում է նախնական փուլում, ակտիվ կերպով իրականացվում են ապացույցների հավաքում և գնահատում, դեռևս հարցաքննված չեն վարույթի համար նշանակություն ունեցող հանգամանքների, դրանց փոխկապակցվածության մասին վկայող հնարավոր տեղեկություններ ունեցող անձինք, և իրականացվում են համապատասխան վարութային գործողություններ՝ վերաբերելի փաստաթղթեր հայտնաբերելու ուղղությամբ:
Բացի վերոգրյալը Դատարանը պատշաճ գնահատման չի արժանացրել նաև մեղադրյալին մեղսագրվող հանրային վտանգավորությունը, բնույթը, կատարման եղանակը, այն դեպքում երբ մեղադրյալ ************ *********** մեղսագրվում է կոռուպցիոն բնույթի ծանր հանցանքի կատարում:
Հարկ է նկատել նաև, որ վիճարկվող ակտի կայացման օրվա դրությամբ դատարանն իր տրամադրության տակ չի ունեցել մեղադրյալի կողմից ստուգող խմբին հաշվապահական փաստաթղթեր ներկայացնելու հանգամանքները հաստատող տվյալներ, մինչդեռ հանգել է այդպիսի հետևության վիճարկվող ակտում, բացի այդ, անտեսել է վարույթն իրականացնող մարմնի հայտարարություններն առ այն, որ մեղադրյալի կողմից, իր իսկ հաշիվներին փոխանցված գումարները նպատակային նշանակության ծառայելուն ի հիմնավորումն ներկայացված անդորրագրերը որևէ արժանահավատություն չեն ներշնչում, այլապես, ինչպե՞ս կարող է բացատրել իր ստորագրությամբ հաստատված՝ ՀՀ ֆինանսների նախարարության «Client Treasury» համակարգից Եվրոպական միության կողմից նշած հասցեին և հաշվեհամարին՝ Կոմիտեի ************ հաշվեհամարից 4621 հոդվածից 2 փոխանցմամբ 2.141.360.07 ԵՎՐՈ–ն փոխանցված լինելու, այսինքն՝ Եվրոմիության կողմից ներկայացված հաշիվ ապրանքագրով սահմանված ողջ պարտավորության գումարը 2024 թվականի մայիսի 13–ի դրությամբ կատարված լինելու պայմաններում, մեկ օր անց՝ 2024 թվականի մայիսի 14–ին ևս 86.843 EURO կրկին նույն հաշվեհամարին նույն ինվոյսի դիմաց փոխանցելու նպատակահարմարությունն ու տրամաբանությունը։
Վերոնշյալ գործունեությունը աներկբա վկայում է կատարված առերևույթ հափշտակությունները քողարկելու, դրանք օրինական շղարշի ներքո ներկայացնելու փորձի մասին, ինչը միանշանակ պետք էր գնահատվեր մեղադրյալի կողմից ոչ թե ստուգող խմբին կատարած աջակցություն, այլ՝ իրականությունը խեղաթյուրելու եղանակով ստուգող խմբի աշխատանքին խոչընդոտելու հանգամանք, որպիսի փաստական տվյալներին նույնպես Դատարանը պատշաճ ուշադրություն չի դարձրել։
Բացի այդ, դատարանը բավարարվել է այն հանգամանքով, որ Կոմիտեի ֆինանսատնտեսական փաստաթղթերը գտնվում են ստուգող խմբի տրամադրության տակ, մինչդեռ՝ ինչպես նշվել է կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդության մեջ, քրեական վարույթով ապացուցման ենթական հանգամանքներն իրենց համակցության մեջ չեն բավարարվում միայն մեղադրյալի հաշիվներին փոխանցված գումարների հետագա շարժի վերաբերյալ տեղեկատվության ստացմամբ, ուստի, Դատարանը անտեսել է մեղադրյալի ենթակայության ներքո աշխատող և հաշվապահական հաշվառում վարող և հաշվետվություններ ներկայացնող աշխատակիցների՝ ովքեր տեղեկություններ ունեն կատարված փոխանցումների մանրամասնությունների և իրական նպատակների վերաբերյալ, քննությանն անհայտ ՍՊ ընկերությունների տնօրենների և անհատ ձեռնարկատերերի, որոնց ներկայացրած հաշվեհամարներին իր հաշվեհամարից մեղադրյալը փոխանցել է գումարներ, անտեսել է նաև Կոմիտեի գլխավոր քարտուղար Լևոն Ֆարմանյանի արդյունավետ հարցաքննությունները մեղադրյալի անազատության մեջ գտնվելու պայմաններում իրականացնելու նպատակահարմարության խնդիրը։
Միևնույն ժամանակ, Դատարանը բավարար չափով ուշադրություն չի դարձրել մեղադրյալի անձը բնութագրող հատկանիշները։ Մասնավորապես, հաշվի չի առնվել, որ մեղադրյալ ************ ***********, հանդիսանալով պաշտոնատար անձ, օգտագործելով անձանց որոշակի շրջանակի հետ, այդ թվում՝ միջնորդավորված եղանակով ունեցած իր փոխհարաբերությունները, նաև իր պաշտոնեական դիրքն ու այդ դիրքից բխող հեղինակությունը, կարող է ինտենսիվ գործողություններ կատարել քրեական վարույթի մասնավոր մասնակիցների կամ վարույթին օժանդակող անձանց վրա ապօրինի ազդեցություն գործադրելու ուղղությամբ, որպեսզի վարույթն իրականացնող մարմինը հնարավորություն չունենա բացահայտելու ենթադրաբար կատարված հանցանքի բոլոր հանգամանքները և հնարավոր այլ մասնակիցներին:
Վերը նշված հանգամանքների հաշվառմամբ գտնում եմ, որ մեղադրյալ ********* ********** կողմից ապացուցման գործընթացին ապօրինի միջամտելու եղանակով գործի քննության խոչընդոտելու հավանականությունը նախաքննության այս փուլում այն աստիճան բարձր է, որ վերջինիս պատշաճ վարքագիծը հնարավոր է ապահովել միայն խափանման միջոց կալանքի կիրառմամբ՝ հաշվի առնելով, որ քրեական վարույթը գտնվում է ապացույցների հավաքման ակտիվ փուլում, միջոցներ են ձեռնարկվում ենթադրյալ հանցանքի կատարման բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ, կատարվում են ապացույցների հավաքմանը, ստուգմանն ու գնահատմանն ուղղված ապացուցողական գործողություններ այդ թվում նաև՝ վերջինիս հետ առնչություն ունեցած անձանց հարցաքննություններ, ուստի հավանական է, որ մեղադրյալը, մնալով ազատության մեջ, չի կատարի քրեական դատավարության օրենսգրքով իր վրա դրված պարտականությունները, մասնավորապես՝ անօրինական ազդեցություն կգործադրի վարույթի մասնակիցների, այդ թվում, ինչպես արդեն իսկ հարցաքննված անձանց, այնպես էլ դեռևս չհարցաքննված անձանց նկատմամբ, ինչպես նաև՝ ապօրինի կմիջամտի ապացուցման գործընթացին՝ իր համար դրական դատավարական իրավիճակ ստեղծելով։
…»։
11 Մեղադրյալ ************ պաշտպան Տ․Կարապետյանը հատուկ վերանայման բողոքի պատասխան է ներկայացրել, ի թիվս այլնի, նշելով հետևյալը՝ «(...) Հարկ է ընդգծել նաև այն հանգամանքը, որ 2025 թվականի օգոստոսի 16-ին ՀՀ հակակոռուպցիոն դատարանի կողմից (նախագահությամբ՝ դատավոր Ս.Խաչատրյանի) որոշման կայացումից հետո 2025 թվականի օգոստոսի 28-ին ներկայացվել է վերաքննիչ բողոք, սակայն ըստ էության չսպասելով դատարանի կողմից առնվազն բողոքը վարույթ ընդունելու մասին որոշման կայացմանը (բողոքը վարույթ է ընդունվել 2025 թվականի սեպտեմբերի 8-ին) 2025 թվականի սեպտեմբերի 3-ին վարույթն իրականացնող քննիչի կողմից ՀՀ հակակոռուպցիոն դատարան է ներկայացվել նոր` տնային կալանքի տակ գտնվող մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին միջնորդություն, որի քննարկման արդյունքում 2025 թվականի սեպտեմբերի 8- ին ՀՀ հակակոռուպցիոն դատարանը (նախագահությամբ՝ դատավոր Վ.Սարգսյանի) կայացրել է միջնորդությունը մերժելու մասին որոշում (ՀԿԴ/0225/06/25):
Դատարանի թիվ ՀԿԴ/0225/06/25 որոշման համաձայն՝
«(...) Անդրադառնալով նաև՝ քրեական վարույթով նոր էական հանգամանք հայտնաբերված լինելու վերաբերյալ Քննիչի դատողություններին՝ Դատարանը հարկ է համարում նկատել, որ ինչպես երևում է ներկայացված միջնորդությունից, վարույթն իրականացնող մարմինը մեղադրյալ ************ *********** նկատմամբ կալանքը, որպես խափանման միջոց, կիրառելու նոր էական հանգամանք է դիտարկել մեղադրյալի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին՝ 2025 թվականի սեպտեմբերի 3-ի որոշումը․ ************ ********* կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 457-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություններ ենթադրաբար կատարելը (...)»։
Ավելին, նման պայմաններում հատուկ վերանայման սույն բողոքի քննարկումն է դառնում առարկայազուրկ, քանի որ մինչև Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի կողմից քննության առարկա բողոքի քննարկումը, արդեն իսկ վերստին քննարկման առարկա է դարձվել մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը, որը, կրկին մերժվել է: Այսինքն ստացվում է, որ ************ *********** նկատմամբ կալանքը սույն փուլում կիրառելի չլինելու վերաբերյալ պնդումները հաստատվել են նույն դատարանի տարբեր դատավորների կողմից, ինչն ամրապնդում է նաև պաշտպանական կողմի ներկայացրած դիրքորոշումը:
Ընդ որում, հարկ է նկատել, որ հատուկ վերանայման բողոքի ներկայացումից հետո, սակայն մինչև կալանքի երկրորդ միջնորդության ներկայացումը, մեղադրյալը տվել է ցուցմունք, համագործակցել է վարույթն իրականացնող մարմնի հետ, մասնակի ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը, պատրաստակամություն է հայտնել բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների ձեռքբերման և իրեն ներկայացման պայմաններում ներկայացնել բացատրություններ կատարված փոխանցումների վերաբերյալ»։
12․ Վերաքննիչ դատարանը վիճարկվող որոշմամբ արձանագրել է. «(…) [Գ]նահատման ենթարկելով դատախազի կողմից բերված փաստարկները՝ Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նախևառաջ փաստել, որ վիճարկվող որոշման բովանդակությունից հետևում է, որ Հակակոռուպցիոն դատարանը, քննարկելով նախաքննական մարմնի միջնորդությունը, արձանագրել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված՝ խափանման միջոցի նպատակի (հիմքի) առկայությունը՝ որպես հիմնավորում նշելով, ի թիվս այլնի, հետևյալը. (...):
Այսպես, Առաջին ատյանի դատարանը փաստել է, որ իր կողմից կայացված որոշման համար էական նշանակություն է ունեցել այն հանգամանքը, որ մեղադրյալ ************ ******** 2025 թվականի ապրիլի 8-ից տեղեկացված է եղել «************ ******************* ***********» կոմիտեում իրականացվող ֆինանսական ստուգման մասին, համագործակցել է ստուգող խմբի անդամների հետ, նրանց ներկայացրել ֆինանսական, հաշվապահական անհրաժեշտ փաստաթղթեր, իսկ ստուգման ընթացքին խոչընդոտելու կամ միջամտելու վերաբերյալ վարույթն իրականացնող մարմնի կողմից տվյալներ չեն ներկայացվել։ Մինչդեռ ինչպես հետևում է վարույթի նյութերի ուսումնասիրությունից, էական գնահատված այդպիսի հանգամանքների վերաբերյալ արձանագրում անելիս Առաջին ատյանի դատարանը պատշաճ ուշադրության չի արժանացրել և գնահատման չի ենթարկել մեղադրյալ ************ կողմից ստուգող խմբին ներկայացված առանձին փաստաթղթերի՝ առերևույթ ոչ հավաստի լինելու կասկածի մասին դատական նիստի ընթացքում քննիչի կողմից արված հայտարարությունները՝ հատկապես այն պայմաններում, երբ միջնորդությամբ մեջբերվել են նաև վկա **************** ցուցմունքները, որով վերջինս, ի թիվս այլնի, հայտնել է, որ ************՝ ստուգող խմբին ներկայացրած անդորրագրերը հնարավոր է՝ չեն համապատասխանում իրականությանը (միջնորդությանը կից ներկայացվել է նաև վկա ************ հարցաքննության՝ 13.08.2025թ. արձանագրությունը)։ Այլ կերպ՝ այդ պայմաններում այդպիսի արձանագրումներ անելը, Վերաքննիչ դատարանի գնահատմամբ, չի եղել դատական նիստում արված հայտարարությունների և վարույթի նյութերի՝ իրենց համակցության մեջ պատշաճ գնահատման արդյունք, այսինքն՝ դրանք Առաջին ատյանի դատարանի կողմից արվել են այդպիսի դատողություններ անելու համար բավարար հիմքեր չունենալու պայմաններում (ընդ որում, ինչպես հետևում է պաշտպան ****************** կողմից բացատրությանը կից ներկայացված` մեղադրյալ ************ նկատմամբ որպես խափանման միջոց կալանք կիրառելու մասին նախաքննական մարմնի միջնորդությունը քննության առնելու վերաբերյալ Հակակոռուպցիոն դատարանի 08.09.2025թ. որոշման բովանդակությունից, վիճարկվող որոշումը կայացնելուց հետո՝ 2025թ. սեպտեմբերի 3-ին, ************ նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում նաև ՀՀ ֆինանսների նախարարության ստուգող խմբին կեղծ փաստաթղթեր ներկայացնելու համար): Միևնույն ժամանակ հարկ է փաստել, որ վերոգրյալը տվյալ դեպքում առավել կարևորվում է, քանի որ, ինչպես արդեն նշվեց, հիշյալ հանգամանքներն Առաջին ատյանի դատարանի կողմից էական են գնահատվել՝ մեղադրյալի նկատմամբ կալանքի ձևով խափանման միջոց չկիրառելու մասին հետևության հանգելիս:
5.3.1. Ինչ վերաբերում է վիճարկվող որոշման հիմքում Առաջին ատյանի դատարանի կողմից դրված այն հանգամանքին, որ մեղադրյալին վերագրվում է այնպիսի գործողությունների կատարմամբ ենթադրյալ հանցանքի կատարում, որը մեծամասամբ արտացոլված է «************ ****************** ************» կոմիտեի ֆինանսական և հաշվապահական փաստաթղթերում, որոնք ամբողջությամբ գտնվում են ստուգող խմբի տիրապետության տակ, ապա հիշյալ հանգամանքը դիտարկելով ինչպես նույն որոշման նախորդ կետում արված արձանագրումների, այնպես էլ հենց Առաջին անվանի դատարանի կողմից արված, ի թիվս այլնի, այն դիտարկումների համատեքստում, որ «(...) ************ *********** մեղսագրվում է կոռուպցիոն բնույթի ծանր հանցանքի կատարում, քրեական վարույթով քննությունը գտնվում է սկզբնական փուլում, կատարման ենթակա են մի շարք վարութային, ապացուցողական գործողություններ, որով պայմանավորված՝ մեղադրյալը կարող է չկատարել իր վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով դրված պարտականությունները (...): Այս առումով, դատարանը հիմնավոր է համարում նաև վարույթն իրականացնող մարմնի այն պնդումը, որ մեղադրյալ ************ **********, մնալով ազատության մեջ, կարող է, օգտագործելով անձանց որոշակի շրջանակի հետ, այդ թվում՝ միջնորդավորված եղանակով ունեցած իր փոխհարաբերությունները, ինտենսիվ գործողություններ կատարել քրեական վարույթի մասնավոր մասնակիցների կամ վարույթին օժանդակող անձանց վրա ապօրինի ազդեցություն գործադրելու ուղղությամբ, որպեսզի վարույթն իրականացնող մարմինը հնարավորություն չունենա բացահայտելու ենթադրաբար կատարված հանցանքի բոլոր հանգամանքները և հնարավոր այլ մասնակիցներին (…)» Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Հակակոռուպցիոն դատարանի վիճարկվող որոշման հիմքում դրված ինչպես վերոհիշյալ գրավոր փաստաթղթերին առնչվող հանգամանքները, այնպես էլ մեղադրյալի անձը բնութագրող համապատասխան տվյալները, որպիսիք ևս դրվել են բողոքարկվող դատական ակտի հիմքում, տվյալ դեպքում արդեն իսկ չեն կարող բավարար հակակշռող գործոններ դիտվել՝ թույլ տալով արձանագրելու, որ Առաջին ատյանի դատարանի կողմից վարույթի ելքի վրա ազդեցություն ունեցող դատական սխալ թույլ չի տրվել: Այլ կերպ՝ թեև Առաջին ատյանի դատարանը փաստել է, որ մեղադրյալին վերագրվող համապատասխան գործողությունների կատարմամբ ենթադրյալ հանցանքն արտացոլված է Կոմիտեի ֆինանսատնտեսական փաստաթղթերում, որոնք գտնվում են ստուգող խմբի տրամադրության տակ, սակայն բացի սույն որոշման նախորդ կետում արդեն իսկ արձանագրվածից, պատշաճ գնահատման չի ենթարկել նաև այն, որ կատարվելիք ապացուցողական գործողությունները չեն սահմանափակվում միայն համապատասխան փաստաթղթերում արտացոլված գումարների հետագա շարժի և այլ հանգամանքների վերաբերյալ տեղեկատվության ստացմամբ, այլ դրանք ներառում են նաև դրանցից բխող մի շարք այլ ապացուցողական և վարութային գործողություններ, այդ թվում՝ մեղադրյալ ************ հետ աշխատանքային և այլ բնույթի փոխհարաբերությունների մեջ գտնվող անձանց հարցաքննություններ: Նման պայմաններում Առաջին ատյանի դատարանը պատշաճ ուշադրության չի արժանացրել նաև այն հանգամանքը, որ մեղադրյալն իրեն վերագրվող արարքն առերևույթ կատարելիս և ըստ վիճարկվող որոշման ներածական մասի՝ նաև ներկայումս զբաղեցնում է ՀՀ ԿԳՄՍՆ «************ ****************** ************» կոմիտեի ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման բաժնի պետ-գլխավոր հաշվապահի պաշտոնը, ով ի պաշտոնե տիրապետում է համապատասխան ոլորտի առանձնահատկություններին, որպիսի հանգամանքը դրանից բխող կայուն և լայն սոցիալական կապերի ենթադրյալ առկայության պայմաններում էական ազդեցություն ունի մեղադրյալի կողմից ապացուցման գործընթացին ապօրինի միջամտելու հավանականության աստիճանը գնահատելու համար՝ հատկապես այն պայմաններում, երբ քրեական վարույթով հարցաքննվելիք անձինք աշխատանքային, այդ թվում՝ վերադաս-ստորադաս փոխհարաբերությունների մեջ են գտնվում մեղադրյալի հետ: Այլ կերպ՝ տվյալ դեպքում խնդրո առարկա հարցը գնահատման ենթարկելիս Վերաքննիչ դատարանը հաշվի է առնում նաև ինչպես այդ առումով Վճռաբեկ դատարանի կողմից արտահայտված իրավական դիրքորոշումները (․․․), այնպես էլ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից ձևավորված կայուն նախադեպային իրավունքն այն մասին, որ անձի ազատության իրավունքի սահմանափակման հարցը լուծելիս առանձնահատուկ դերակատարում ունի, ի թիվս այլնի, նրա՝ հասարակությունում ունեցած դերը, զբաղեցրած պաշտոնն ու հնարավոր ազդեցությունը գործով անցնող վկաների վրա, նրա հնարավորությունները խոչընդոտելու մինչդատական վարույթի բնականոն ընթացքին (․․․):
Այսպիսով, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ կալանքին այլընտրանք հանդիսացող տնային կալանք խափանման միջոցի կիրառմամբ մեղադրյալ ************ օրինական վարքագիծն ապահովելու հնարավորության վերաբերյալ հետևության հանգելիս Առաջին ատյանի դատարանը պատշաճ իրավական գնահատման չի ենթարկել սույն վարույթում առկա մի շարք փաստական հանգամանքներ՝ օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոններ (բացի վերը նշվածից, նաև մեղադրյալին մեղսագրված արարքի վտանգավորության աստիճանը և բնույթը բնորոշող հանգամանքները, այդ թվում՝ մեղսագրվող արարքի կատարման եղանակը, դրսևորման ձևը, մեղադրյալի դերակատարումը և այլն), որոնք էականորեն բարձրացնում են վարույթի քննությանը մեղադրյալի խոչընդոտելու հավանականության աստիճանը հատկապես այն պայմաններում, երբ նախաքննությունը դեռևս գտնվում է ապացույցների ձեռքբերման ակտիվ փուլում:
Ընդհանրացնելով վերոգրյալը Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ սույն վարույթի փաստական հանգամանքների վերը նշված առանձնահատկությունները վարույթի նյութերից բխող մյուս տվյալների համատեքստում վկայում են, որ քրեական վարույթին մեղադրյալի խոչընդոտելու հավանականության աստիճանն Առաջին ատյանի դատարանի կողմից պատշաճ գնահատման չի ենթարկվել, իսկ արդյունքում արվել է սխալ եզրահանգում՝ մեղադրյալի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց տնային կալանքի կիրառելիության վերաբերյալ։
Ինչ վերաբերում է գրավոր պատասխանում պաշտպան Տ.Կարապետյանի կողմից նշված, ի թիվս այլնի, այն հանգամանքներին, որ վիճարկվող որոշման կայացումից հետո մեղադրյալ ************ մասնակի ընդունել է ներկայացված մեղադրանքը, ներկայացված մեղադրանքի հիմքում դրված շուրջ 191 մլն ՀՀ դրամ պատճառված վնասից 180 մլն դրամի մասով ընդունել է մեղադրանքի փաստերը, պատրաստակամություն է հայտնել մաս-մաս վերականգնել այդ վնասը, իսկ դրանից 08.09.2025թ. արդեն իսկ վերականգնվել է 78.200.000 ՀՀ դրամ գումարը, ապա Վերաքննիչ դատարանը փաստում է, որ դրանք՝ քրեական վարույթին մեղադրյալի խոչընդոտելու հավանականության վերաբերյալ վերը մատնանշված` հատկապես սույն որոշման 5.3-րդ կետում արձանագրված հանգամանքների համատեքստում չեն կարող գնահատվել որպես մեղադրյալի ոչ իրավաչափ վարքագծի դրսևորման բարձր ռիսկը հակակշռող այնպիսի գործոններ, որոնք վարույթի սույն փուլում կարող են թույլ տալ՝ եզրահանգում անելու, որ տնային կալանք կիրառելով՝ Առաջին ատյանի դատարանը դատական ակտի բեկանման հիմք հանդիսացող դատական սխալ թույլ չի տվել:
Իսկ ինչ վերաբերում է պաշտպանի այն դատողությանը, թե հատուկ վերանայման սույն բողոքի քննարկումը դառնում է առարկայազուրկ, քանի որ մինչև Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի կողմից քննության առարկա բողոքի քննարկումը, արդեն իսկ վերստին քննարկման առարկա է դարձվել մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը, որը կրկին մերժվել է, այսինքն՝ ստացվում է, որ ************ ********* նկատմամբ կալանքը սույն փուլում կիրառելի չլինելու վերաբերյալ պնդումները հաստատվել են նույն դատարանի տարբեր դատավորների կողմից, ինչն ամրապնդում է նաև պաշտպանական կողմի ներկայացրած դիրքորոշումը, ապա Վերաքննիչ դատարանը հարկ է համարում փաստել, որ մեղադրյալի նկատմամբ ընտրված խափանման միջոցի վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման իրավաչափությունը կարող է ստուգվել բացառապես վերաքննիչ դատարանի կողմից, ուստի վերոնշյալ դատողությունն ինքնին չի կարող հիմնավոր համարվել:
5.4. Այսպիսով, հիմք ընդունելով վերոգրյալը, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ մեղադրյալ ************ նկատմամբ խափանման միջոցի կիրառման հարցը լուծելիս Առաջին ատյանի դատարանը, պատշաճ գնահատման չենթարկելով քննիչի կողմից ներկայացված միջնորդությունը և կից նյութերը, թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 15-րդ հոդվածով սահմանված վարույթի հանրայնության սկզբունքի խախտում, ինչը նույն օրենսգրքի 362-րդ հոդվածի համաձայն՝ քրեադատավարական օրենքի էական խախտում է և հիմք Հակակոռուպցիոն դատարանի որոշումն ամբողջությամբ բեկանելու համար:
(…)
5.5. Ամփոփելով ողջ վերոշարադրյալը՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ դատախազ Ա.Կոստանյանի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքը պետք է մասնակիորեն բավարարել Հակակոռուպցիոն դատարանի վիճարկվող որոշումը պետք է ամբողջությամբ բեկանել և կայացնել դրան փոխարինող դատական ակտ, այն է՝ նախաքննական մարմնի՝ 2025 թվականի օգոստոսի 16-ի միջնորդությունը պետք է բավարարել մասնակի, և մեղադրյալ ***************** *************** նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանքը՝ 2 (երկու) ամիս ժամկետով՝ սահմանափակելով նրա՝ այլ անձանց հետ (բացառությամբ մերձավոր ազգականների) հաղորդակցվելու իրավունքը։ Կալանքի սկիզբը պետք է հաշվել մեղադրյալ ************ փաստացի արգելանքի վերցնելու պահից՝ երկամսյա ժամկետում հաշվակցելով մինչև կալանավորվելը ************՝ ձերբակալման և տնային կալանքի տակ գտնվելու ժամանակահատվածը:
(…)»։
Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը.
13. Սույն վարույթով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք Վերաքննիչ դատարանը 2025 թվականի սեպտեմբերի 18-ի որոշմամբ դուրս է եկել հատուկ վերանայման բողոքի հիմքի և այն հաստատող փաստերի սահմաններից։
14․ ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝
«Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով»։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 359-րդ հոդվածի համաձայն՝
(…) 3. Հատուկ վերանայումն իրականացվում է բողոքում նշված հիմքի և այն հաստատող փաստերի սահմաններում:
4. Հատուկ վերանայման կարգով դատական ակտ կայացնելիս վերադաս դատարանը հիմնվում է միայն ստորադաս դատարանում հետազոտված ապացույցների կամ նյութերի և վարույթի մասնակիցների արած պնդումների վրա:
14.1. Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ նաև՝ ՄԻԵԴ) արդար դատաքննության, դրա բաղադրատարր հանդիսացող կողմերի հավասարության և մրցակցության սկզբունքների վերաբերյալ արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումները.
-քրեական գործերով մրցակցային դատաքննության իրավունքը նշանակում է, որ և՛ մեղադրանքի կողմին, և՛ պաշտպանության կողմին պետք է տրվի հնարավորություն՝ ծանոթանալու միմյանց ներկայացրած փաստարկներին և ներկայացնելու իրենց դիտողությունները միմյանց փաստարկների վերաբերյալ։
-արդարադատության իրականացման նկատմամբ դատավարության մասնակիցների վստահությունը հիմնվում է այն գիտակցման վրա, որ իրենց տրվել է գործում առկա բոլոր փաստաթղթերի (ներառյալ` դատարանի կողմից սեփական նախաձեռնությամբ ձեռք բերված փաստաթղթերի) վերաբերյալ իրենց կարծիքներն արտահայտելու հնարավորություն։
15․ Վերաքննության գործառութային առանձնահատկությունների համատեքստում Վճռաբեկ դատարանը, 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի շրջանակներում, կայուն նախադեպային իրավունք է ձևավորել առ այն, որ վերաքննիչ դատարանը որպես կանոն, վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում վերանայում է ստորադաս ատյանի դատական ակտի հիմնավորվածությունն ու իրավաչափությունը։ Վերաքննիչ բողոքի հիմքերը և հիմնավորումները ոչ միայն կանխորոշում են այն հարցերի շրջանակը, որոնք պետք է քննարկման առարկա դարձվեն վերաքննիչ վարույթի շրջանակներում, այլև նախանշում են վերաքննիչ վերանայման սահմանները։ Վերաքննիչ դատարանն իրավունք չունի իր դատական ակտը հիմնավորել այնպիսի էական փաստարկումներով, որոնք ներկայացված չեն վերաքննիչ բողոքում։ Վերաքննիչ դատարանն իրավասու է դուրս գալ վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններից միայն այն դեպքում, երբ առկա է դատավարական իրավունքի այնպիսի խախտում, որն անվերապահորեն պետք է հանգեցնի դատական ակտի բեկանման կամ առկա է քրեական գործի վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու հիմք: Մյուս բոլոր դեպքերում վերաքննիչ դատարանը կաշկանդված է դատական վերանայման սահմանների վերաբերյալ կանոններով, հետևաբար իրավասու չէ սեփական նախաձեռնությամբ, վերաքննիչ բողոքի հիմքերից և հիմնավորումներից դուրս արձանագրել դատական սխալ և ուղղել այն: Վերաքննիչ վերանայման սահմաններից դուրս գալու հիմքերի սահմանափակ և խիստ որոշակի շրջանակը կոչված է բացառելու վերադաս դատական ատյանի կողմից բողոքում չնշված, անկանխատեսելի հանգամանքներով սահմաններից դուրս գալը։ Հակառակ պարագայում, վերադաս դատարանը կիրականացնի գործի լրիվ ծավալով ըստ էության քննություն, ինչն անհամատեղելի կլինի մրցակցության սկզբունքից բխող՝ սահմանափակ վերանայման՝ օրենսդրորեն ամրագրված գաղափարի հետ:
Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով 2021 հունիսի 30-ին ընդունված, 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 359-րդ հոդվածով նախատեսված Վերաքննիչ դատարանում սահմանափակ հատուկ վերանայման ինստիտուտին, նշել է, որ վերաքննության գործառութային առանձնահատկությունների վերաբերյալ նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումները վերաբերելի մասով (mutatis mutandis) շարունակում են կիրառելի լինել նաև 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված վերոնշյալ կարգավորման նկատմամբ։
16․ Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ.
- ************ նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով այն բանի համար, որ նա, 2008 թվականի սեպտեմբերի 2-ից զբաղեցնելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «************ ****************** ************» կոմիտեի ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման բաժնի պետ-գլխավոր հաշվապահի պաշտոնն ու օժտված լինելով Կոմիտեի ֆինանսական միջոցները տնօրինելու և Նախարարության անունից իրավունք, պարտականություն և պատասխանատվություն առաջացնող գործառույթներ կատարելու լիազորությամբ, ծառայողական լիազորություններն օգտագործելով, ենթադրաբար հափշտակել է իր տնօրինմանը հանձնված առանձնապես խոշոր չափերով դրամական միջոցներ։
-Առաջին ատյանի դատարանը, 2025 թվականի օգոստոսի 16-ի որոշմամբ՝ մեղադրյալի օրինական վարքագիծն ապահովող և դրան խոչընդոտող բոլոր հնարավոր հանգամանքների հաշվառմամբ, հաստատված է համարել մեղադրյալի կողմից քրեական վարույթին խոչընդոտելու ռիսկը, սակայն գտել է, որ այդ ռիսկն այն աստիճանի բարձր չէ, որ հնարավոր լինի կանխել բացառապես կալանք խափանման միջոցի կիրառման միջոցով։ Առաջին ատյանի դատարանը, ի թիվս մյուս նշանակություն ունեցող հանգամանքների, էական է համարել այն հանգամանքը, որ ************ 2025 թվականի ապրիլի 8-ից տեղեկացված է եղել Կոմիտեում իրականացվող ֆինանսական ստուգման մասին, համագործակցել է ստուգող խմբի անդամների հետ, նրանց ներկայացրել ֆինանսական, հաշվապահական անհրաժեշտ փաստաթղթեր, իսկ ստուգման ընթացքին խոչընդոտելու կամ միջամտելու վերաբերյալ վարույթն իրականացնող մարմնի կողմից տվյալներ չեն ներկայացվել։
- Առաջին ատյանի դատարանի վերոնշյալ որոշման դեմ ներկայացված հատուկ վերանայման բողոքի համաձայն՝ վիճարկվող ակտի կայացման օրվա դրությամբ Առաջին ատյանի դատարանն իր տրամադրության տակ չի ունեցել մեղադրյալի կողմից ստուգող խմբին հաշվապահական փաստաթղթեր ներկայացնելու հանգամանքները հաստատող տվյալներ, մինչդեռ հանգել է այդպիսի հետևության՝ անտեսելով վարույթն իրականացնող մարմնի հայտարարություններն առ այն, որ մեղադրյալի կողմից, ի հիմնավորումն իր իսկ հաշիվներին փոխանցված գումարները նպատակային նշանակության ծառայելուն ներկայացված անդորրագրերը որևէ արժանահավատություն չեն ներշնչում։
- Պաշտպան ************ կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի պատասխանում, ի թիվս այլնի, անդրադարձ է կատարվել (մեջբերելով դատական ակտի համապատասխան վերլուծությունները և կցելով ակտի պատճենը) ՀՀ հակակոռուպցիոն դատարանի 2025 թվականի սեպտեմբերի 8-ի որոշմանը, որով քննարկման առարկա է եղել նաև ************ *********** կողմից` ՀՀ քրեական օրենսգրքի 457-րդ հոդվածի 1-ին մասով (ՀՀ ֆինանսների նախարարության ստուգող խմբին կեղծ փաստաթղթեր ներկայացնելու վերաբերյալ) նախատեսված ենթադրաբար նոր հանցանք կատարելը՝ որպես նոր էական հանգամանք վերջինի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար։
- Հատուկ վերանայման բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել Առաջին ատյանի դատարանի դատական ակտը բեկանելու և մեղադրյալ ************ *********** նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որով ի թիվս այլնի նաև արձանագրել է, որ Առաջին ատյանի դատարանը պատշաճ ուշադրության չի արժանացրել և գնահատման չի ենթարկել մեղադրյալ ************ կողմից ստուգող խմբին ներկայացված առանձին փաստաթղթերի՝ առերևույթ ոչ հավաստի լինելու կասկածի մասին դատական նիստի ընթացքում քննիչի կողմից արված հայտարարությունները՝ հատկապես այն պայմաններում, երբ միջնորդությամբ մեջբերվել են նաև վկա ************ ցուցմունքները, որով վերջինս, ի թիվս այլնի, հայտնել է, որ ************՝ ստուգող խմբին ներկայացրած անդորրագրերը հնարավոր է՝ չեն համապատասխանում իրականությանը, և այդ պայմաններում այդպիսի արձանագրումներ անելը, Վերաքննիչ դատարանի գնահատմամբ, չի եղել դատական նիստում արված հայտարարությունների և վարույթի նյութերի՝ իրենց համակցության մեջ պատշաճ գնահատման արդյունք, այսինքն՝ դրանք Առաջին ատյանի դատարանի կողմից արվել են այդպիսի դատողություններ անելու համար բավարար հիմքեր չունենալու պայմաններում (ընդ որում, ինչպես հետևում է Հակակոռուպցիոն դատարանի 2025 թվականի սեպտեմբերի 8-ի որոշման բովանդակությունից, վիճարկվող որոշումը կայացնելուց հետո՝ 2025թ. սեպտեմբերի 3-ին, ************ նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում նաև ՀՀ ֆինանսների նախարարության ստուգող խմբին կեղծ փաստաթղթեր ներկայացնելու համար)։
17․ Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 14-15-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանը խնդրո առարկա հարցը քննարկելով դատական վերանայման ծավալի վերընթաց նվազման սկզբունքի համատեքստում, գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, սահմանափակված լինելով վիճարկվող դատական ակտում քննարկված հարցերի շրջանակով՝ չէր կարող իր վերստուգիչ լիազորությունն իրացնելիս անդրադառնալ ստորադաս դատարանում քննարկման առարկա չդարձված հանգամանքներին, այն է՝ ՀՀ հակակոռուպցիոն դատարանի 2025 թվականի սեպտեմբերի 8-ի դատական ակտում առկա տվյալներին։
Կոնկրետ տվյալ դեպքում բողոքի առարկան է եղել ի թիվս այլնի, մեղադրյալի կողմից վարույթին խոչընդոտելու ոչ բարձր ռիսկի վերաբերյալ Առաջին ատյանի հետևությունները, և չնայած Վերաքննիչ դատարանի՝ վիճարկվող ակտում վերոգրյալ արձանագրմանը, այնուհանդերձ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ մեղադրյալ ************ կողմից վարույթի քննությանը խոչընդոտելու ռիսկը գնահատելիս՝ Վերաքննիչ դատարանը հաշվի է առել ոչ թե Առաջին ատյանի դատարանում քննարկման առարկա չդարձած վերոգրյալ փաստական տվյալները, այլ նման հետևության համար հիմք են հանդիսացել ի թիվս այլնի ************ կողմից ստուգող խմբին ներկայացված առանձին փաստաթղթերի՝ առերևույթ ոչ հավաստի լինելու կասկածի մասին դատական նիստի ընթացքում քննիչի կողմից արված հայտարարությունները և Վ.Վարդանյանի ցուցմունքները, որով վերջինս, ի թիվս այլնի, հայտնել է, որ ************՝ ստուգող խմբին ներկայացրած անդորրագրերը հնարավոր է՝ չեն համապատասխանում իրականությանը։ Հակառակ պարագայում, եթե Վերաքննիչ դատարանի հետևությունները հիմնված լինեին ՀՀ հակակոռուպցիոն դատարանի 2025 թվականի սեպտեմբերի 8-ի որոշման վրա, ապա այն կհանգեցներ դատարանների միջև ձևավորված գործառութային կապի և դատական վերանայման ծավալի վերընթաց նվազման սկզբունքի խախտմանը։ Ավելին, նման պայմաններում կխախտվեն նաև անձի` կալանավորման հիմքերի առկայության մասով դատարանի դիրքորոշումների օրինականությունը դատական ստուգման ենթարկելու մատչելիության և դատական պաշտպանության իրավունքների արդյունավետ իրականացման երաշխիքները։
Այսպիսով, ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ Վերաքննիչ դատարանը ************ կողմից վարույթի քննությանը խոչընդոտելու բարձր ռիսկի վերաբերյալ հետևության հանգելիս, ի թիվս այլնի, հաշվի է առել այն հանգամանքները, որոնք գնահատման են ենթարկվել Առաջին ատյանի դատարանի կողմից, և բողոքաբերը ևս վկայակոչել էր իր վերաքննիչ բողոքի հիմքը հաստատող փաստերում։ Այլ կերպ՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ թեև Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ հակակոռուպցիոն դատարանի 2025 թվականի սեպտեմբերի 8-ի որոշմանն անդրադառնալը և/կամ որևէ կերպ հղում կատարելը թեև անհիմն էր և այն քննության առարկա չէր կարող լինել, այնուհանդերձ տվյալ դեպքում դա բավարար չէ փաստելու, որ Վերաքննիչ դատարանը՝ կալանավորման հիմքի առկայության մասով դատարանի դիրքորոշումների օրինականությունը դատական ստուգման ենթարկելելիս դուրս է եկել բողոքի քննության սահմաններից։
Ուստի, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը՝ 2025 թվականի սեպտեմբերի 18-ի որոշմամբ դուրս չի եկել հատուկ վերանայման բողոքի հիմքի և այն հաստատող փաստերի սահմաններից։
18. Սույն վարույթով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երկրորդ իրավական հարցը հետևյալն է. իրավաչա՞փ են արդյոք մեղադրյալ ************ նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունները։
18․1. ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն`
«Յուրաքանչյուր ոք ունի անձնական ազատության իրավունք: Ոչ ոք չի կարող անձնական ազատությունից զրկվել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով՝
(…)
3) օրենքով սահմանված որոշակի պարտականության կատարումն ապահովելու նպատակով.
4) անձին իրավասու մարմին ներկայացնելու նպատակով, երբ առկա է նրա կողմից հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկած, կամ երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է հանցանքի կատարումը կամ դա կատարելուց հետո անձի փախուստը կանխելու նպատակով. (…)»:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի համաձայն`
«1. Յուրաքանչյուր ոք ունի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք: Ոչ ոքի չի կարելի ազատությունից զրկել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով uահմանված կարգով.
(…)
բ. անձի օրինական ձերբակալումը կամ կալանավորումը դատարանի օրինական կարգադրությանը չենթարկվելու համար կամ օրենքով նախատեսված ցանկացած պարտավորության կատարումն ապահովելու նպատակով,
գ) անձի օրինական կալանավորումը կամ ձերբակալումը` իրավախախտում կատարած լինելու հիմնավոր կաuկածի առկայության դեպքում նրան իրավաuու օրինական մարմնին ներկայացնելու նպատակով կամ այն դեպքում, երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է համարվում նրա կողմից հանցագործության կատարումը կամ այն կատարելուց հետո նրա փախուuտը կանխելու համար. (…)»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝
«Անձին կալանավորելը (…) թույլատրվում [է] միայն դատարանի որոշմամբ` այն դեպքում, երբ անձի օրինական վարքագիծը չի կարող երաշխավորվել հարկադրանքի այլ միջոցներով»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 116-րդ հոդվածի համաձայն՝
«(…) 2. Խափանման միջոցը կարող է կիրառվել, եթե դա անհրաժեշտ է՝
1) մեղադրյալի փախուստը կանխելու համար կամ
2) մեղադրյալի կողմից հանցանք կատարելը կանխելու համար կամ
3) մեղադրյալի կողմից իր վրա սույն օրենսգրքով կամ դատարանի որոշմամբ դրված պարտականությունների կատարումն ապահովելու համար:
3. Խափանման միջոցի տեսակն ընտրելիս հաշվի են առնվում մեղադրյալի օրինական վարքագիծն ապահովող և դրան խոչընդոտող բոլոր հնարավոր հանգամանքները: (…)»։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝
«Կալանքը կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ այլընտրանքային խափանման միջոցների կիրառումն անբավարար է սույն օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների կատարումն ապահովելու համար»։
18․2. Վճռաբեկ դատարանն իր նախադեպային իրավունքում բազմիցս արձանագրել է, որ խափանման միջոցները, դասակարգվելով կալանավորման և կալանքին այլընտրանք հանդիսացող խափանման միջոցների, նպատակ ունեն ապահովելու քրեական վարույթի ընթացքում մեղադրյալի պատշաճ վարքագիծը, և կիրառվում են միայն այն դեպքում, երբ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ անձը կարող է կատարել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված գործողությունները կամ դրանցից որևէ մեկը: Ընդ որում՝ վերոնշյալ նպատակի իրականացման համար անհրաժեշտ և պիտանի խափանման միջոցի կոնկրետ տեսակի ընտրության հարցն օրենսդիրը վերապահել է վարույթն իրականացնող մարմնի հայեցողությանը՝ միաժամանակ երաշխավորելով մեղադրյալի պատշաճ վարքագիծը նրա իրավունքների հնարավոր նվազ սահմանափակմամբ ապահովելու հնարավորությունը։ Մասնավորապես, օրենսդիրն ամրագրել է, որ անձի նկատմամբ խափանման միջոց ընտրելիս վարույթն իրականացնող մարմինը պետք է առաջնորդվի նվազագույնի սկզբունքով, այն է՝ չընտրի ավելի խիստ խափանման միջոց, քան այն, որով քրեական վարույթի ընթացքում հնարավոր կլինի ապահովել մեղադրյալի օրինական վարքագիծը։
Վերոգրյալի հետ մեկտեղ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված խափանման միջոցների աստիճանակարգությունում, ելնելով ներգործության բնույթից, աստիճանից և վրա հասնող հետևանքներից, կալանքը համարվում է ամենախիստը, քանի որ առավելագույն չափով է սահմանափակում մարդու սահմանադրական իրավունքներն ու ազատությունները, և որպես անձի ոչ պատշաճ վարքագծի կանխման վերջին հնարավոր միջոց (ultima ratio) պետք է կիրառվի այն բացառիկ դեպքերում, երբ կհիմնավորվի մեղադրյալի օրինական վարքագիծն այլընտրանքային խափանման միջոցներով երաշխավորելու անհնարինությունը։ Այլ խոսքով՝ կալանքը կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ վարույթն իրականացնող մարմինը փաստական հանգամանքների բավարար ամբողջությամբ կհիմնավորի, իսկ դատարանն էլ պատճառաբանված որոշմամբ կհաստատի, որ միայն այդ խափանման միջոցի կիրառմամբ է հնարավոր հասնել խափանման միջոցների կիրառմամբ հետապնդվող նպատակներին՝ այդ համատեքստում հաշվի առնելով մեղադրյալի օրինական վարքագիծն ապահովող և դրան խոչընդոտող բոլոր հնարավոր հանգամանքները։
18․3. Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասում թվարկված` մեղադրյալի ոչ պատշաճ վարքագծի դրսևորման հավանական ձևերի մասին հետևությունները բոլոր դեպքերում պետք է պայմանավորված լինեն վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացվող տեղեկություններով, փաստերով կամ ապացույցներով։ Ընդ որում՝ կալանավորման անհրաժեշտության մասին դատարանի հետևությունները պետք է հիմնված լինեն ոչ թե այդ փաստական տվյալները մեկը մյուսից անջատ, ինքնավար հետազոտման ենթարկելու, այլ դրանք իրենց համակցության մեջ գնահատման ենթարկելու արդյունքում ձևավորվող փաստարկված դատողությունների վրա:
18․4. Վճռաբեկ դատարանը միաժամանակ կրկնում է, որ թեև մեղադրյալին վերագրվող արարքի բնույթն ու վտանգավորության աստիճանը չեն կարող գնահատվել որպես կալանավորման հիմնավորվածությունը հաստատելու ինքնուրույն հիմք, այնուամենայնիվ, դրանք էական նշանակություն ունեն խափանման միջոցի տեսակն ընտրելիս: Մեղսագրվող հանցանքի ծանրությունը և, հետևաբար նաև ակնկալվող պատժի խստությունը հանդիսանում են քրեական վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու կամ գործի քննությանը խոչընդոտելու հավանականությունը գնահատելու կարևոր տարրեր ու գործի նյութերից բխող մյուս հանգամանքների հետ միասին հնարավորություն են տալիս հիմնավորված ենթադրություններ անել անձի ազատության հիմնարար իրավունքը սահմանափակելու հիմքերի առկայության կամ բացակայության մասին:
19. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ՝
- ************ նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով՝ իրեն, որպես ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «************ ************* ************» կոմիտեի ********* ********* ************ ************ ************ բաժնի պետ-գլխավոր հաշվապահ, վստահված առանձնապես խոշոր չափերով գույքը հափշտակելու համար։
- Առաջին ատյանի դատարանը՝ գնահատելով մեղադրյալի օրինական վարքագիծն ապահովելուն խոչընդոտող հնարավոր հանգամանքները և հաշվի առնելով մեղադրյալի կողմից ոչ օրինական վարքագիծ դրսևորելու ոչ բարձր ռիսկի մասին վկայող եզրահանգումները, արձանագրել է, որ քրեական վարույթի տվյալ փուլում մեղադրյալ ************ պատշաճ վարքագիծը հնարավոր է ապահովել այլընտրանքային խափանման միջոցի, մասնավորապես՝ տնային կալանքի կիրառմամբ։ Առաջին ատյանի դատարանի նման որոշման համար նշանակություն է ունեցել այն, որ մեղադրյալին վերագրվում է այնպիսի գործողությունների կատարմամբ ենթադրյալ հանցանքի կատարում, որը մեծամասամբ արտացոլված է «************ ************** ************» կոմիտեի ֆինանսական և հաշվապահական փաստաթղթերում, որոնք ամբողջությամբ գտնվում են ստուգող խմբի տիրապետության տակ։ Միևնույն ժամանակ Առաջին ատյանի դատարանն ընդգծել է, որ ************ համագործակցել է ստուգող խմբի անդամների հետ, նրանց ներկայացրել ֆինանսական, հաշվապահական անհրաժեշտ փաստաթղթեր, իսկ ստուգման ընթացքին խոչընդոտելու կամ միջամտելու վերաբերյալ վարույթն իրականացնող մարմնի կողմից տվյալներ չեն ներկայացվել, ինչպես նաև այն, որ մեղադրյալի խնամքին է անչափահաս երեխա, մեղադրյալը դրական է բնութագրվում և ունի առողջական խնդիրներ։
- Վերաքննիչ դատարանը, անդրադառնալով մեղադրյալ ************** նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու հիմքին, ըստ էության, արձանագրել է, որ վերջինիս կողմից ապացուցման գործընթացին ապօրինի միջամտելու եղանակով գործի քննության խոչընդոտելու հավանականության աստիճանը նախաքննության այս փուլում այն աստիճան բարձր է, որ վերջինիս պատշաճ վարքագիծը հնարավոր է ապահովել միայն խափանման միջոց կալանքի կիրառմամբ՝ հաշվի առնելով, որ քրեական վարույթը գտնվում է ապացույցների հավաքման ակտիվ փուլում, միջոցներ են ձեռնարկվում ենթադրյալ հանցանքի կատարման բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ, կատարվում են ապացույցների հավաքմանը, ստուգմանն ու գնահատմանն ուղղված ապացուցողական գործողություններ այդ թվում նաև՝ վերջինիս հետ առնչություն ունեցած անձանց հարցաքննություններ, մասնավորապես՝ անօրինական ազդեցություն կգործադրի վարույթի մասնակիցների, այդ թվում, ինչպես արդեն իսկ հարցաքննված անձանց, այնպես էլ դեռևս չհարցաքննված անձանց նկատմամբ, ինչպես նաև՝ ապօրինի կմիջամտի ապացուցման գործընթացին՝ իր համար դրական դատավարական իրավիճակ ստեղծելով։
20․ Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 18-18.4-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների ու շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանի դիրքորոշումն առ այն, մեղադրյալ ************ պատշաճ վարքագիծը հնարավոր է ապահովել այլընտրանքային խափանման միջոց տնային կալանքի կիրառմամբ, հիմնավոր չէ։
Վերոնշյալի կապակցությամբ Վճռաբեկ դատարանը իր համաձայնությունն է հայտնում Վերաքննիչ դատարանի դիրքորոշմանն առ այն, որ Առաջին ատյանի դատարանը պատշաճ ուշադրության չի արժանացրել և գնահատման չի ենթարկել մեղադրյալ ************ կողմից ստուգող խմբին ներկայացված առանձին փաստաթղթերի՝ առերևույթ ոչ հավաստի լինելու կասկածի մասին դատական նիստի ընթացքում քննիչի կողմից արված հայտարարությունները՝ հատկապես այն պայմաններում, երբ միջնորդությամբ մեջբերվել են նաև վկա ************ ցուցմունքները, որով վերջինս, ի թիվս այլնի, հայտնել է, որ ************՝ ստուգող խմբին ներկայացրած անդորրագրերը հնարավոր է՝ չեն համապատասխանում իրականությանը։ Այսինքն, առնվազն այդ փուլում նշված հանգամանքի իսկությունը կասկածի տակ էր դրված, ինչը կարող էր վկայել մեղադրյալի կողմից ապացուցման գործընթացին խոչընդոտելու և/կամ ապացույցները խեղաթյուրելու ողջամիտ կասկածի առկայության մասին։
Բացի այդ, Վերաքննիչ դատարանն անդրադառնալով Առաջին ատյանի դատարանի համար նշանակություն ունեցող այն հանգամանքին, որ ************ վերագրվող ենթադրյալ հանցանքի կատարումը մեծամասամբ արտացոլված է «************ ************** ************» կոմիտեի ֆինանսական և հաշվապահական փաստաթղթերում, որոնք ամբողջությամբ գտնվում են ստուգող խմբի տիրապետության տակ, իրավացիորեն նշել է, որ կատարվելիք ապացուցողական գործողությունները չեն սահմանափակվում միայն համապատասխան փաստաթղթերում արտացոլված գումարների հետագա շարժի և այլ հանգամանքների վերաբերյալ տեղեկատվության ստացմամբ, այլ դրանք ներառում են նաև դրանցից բխող մի շարք այլ ապացուցողական և վարութային գործողություններ, այդ թվում՝ մեղադրյալ ************** հետ աշխատանքային և այլ բնույթի փոխհարաբերությունների մեջ գտնվող անձանց հարցաքննություններ, հատկապես այն պայմաններում, երբ քրեական վարույթով հարցաքննության ենթակա անձինք աշխատանքային, այդ թվում՝ վերադաս-ստորադաս փոխհարաբերությունների մեջ են գտնվում մեղադրյալի հետ: Ուստի, այս առումով կիրառելի են ինչպես Դավիթ Համբարձումյանի գործով Վճռաբեկ դատարանի կողմից արտահայտված իրավական դիրքորոշումները, այնպես էլ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Amirov v. Russia գործով վճիռը, որտեղ դատարանը դիմումատուի ազատության իրավունքի սահմանափակման իրավաչափությունը ստուգելիս ընդունելի է համարել ներպետական դատարանների կողմից մեղսագրվող արարքների ծանր բնույթի հետ մեկտեղ հաշվի առնված` դիմումատուի` Մախաչկալայի քաղաքապետ հանդիսանալու հանգամանքը, կապեր ունենալը, իր պաշտոնից բխող իշխանությունը, քաղաքական և սոցիալական կարգավիճակը` վկաների վրա ազդեցություն գործադրելով գործի քննությանը խոչընդոտելու տեսանկյունից։
Միաժամանակ, անդրադառնալով բողոքաբերի՝ սույն որոշման 6․4-րդ կետում վկայակոչված փաստարկին առ այն, որ Առաջին ատյանի դատարանը, որոշում կայացնելիս հաշվի է առել նաև մեղադրյալի հիվանդությունները, ապա դրանք սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների պայմաններում, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ, ******************` ոչ իրավաչափ վարքագծի դրսևորման ռիսկը հակակշռող բավարար գործոններ չեն կարող համարվել և ի զորու չեն երաշխավորելու մեղադրյալի պատշաճ վարքագիծը՝ այլընտրանքային խափանման միջոցի՝ տնային կալանքի կիրառմամբ։
Հետևաբար` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ մեղադրյալ ************ նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունները հիմնավոր են:
21․ Վերոգրյալի հետ մեկտեղ, անդրադառնալով բողոքաբերի՝ փաստարկին առ այն, որ մեղադրյալն ընդունել է մեղադրանքը և վերականգնել է վնասից որոշակի գումար, նպատակ են ունեցել ցույց տալու, որ վարույթին խոչընդոտելու հարց չի կարող առաջանալ, մինչդեռ Վերաքննիչ դատարանն անտեսել է հօգուտ մեղադրյալի բերված վերոնշյալ հանգամանքները, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքաբերի պնդումը կառուցված է Առաջին ատյանի դատարանի դատական ակտին հաջորդող ժամանակահատվածում տեղի ունեցած իրադարձությունների վերլուծության վրա, ուստի այս առումով հարկ է նշել, որ ստորադաս դատարանի որոշման իրավաչափության ստուգման դեպքում, դատական վերանայման ծավալը սահմանափակված է միջնորդության քննության ժամանակ հետազոտված՝ կալանավորման անհրաժեշտությունը հիմնավորող փաստական տվյալների և վարույթի մասնակիցների արված պնդումների գնահատմամբ, եթե առկա չէ դատական ակտը ոչ իրավաչափ դարձնող փաստական հանգամանք, հետևաբար բողոքաբերի հիշյալ փաստարկը տվյալ պարագայում չի կարող գնահատվել։
Այլ կերպ՝ նշված տվյալները Առաջին ատյանի դատարանի քննարկման առարկա չդարձված հանգամանքներ են, ուստիև Վերաքննիչ դատարանի կողմից ստորադաս ատյանի դատական ակտի հիմնավորվածությունն ու իրավաչափությունը վերանայելիս չէին կարող հաշվի առնվել և գնահատվել։
22․ Ինչ վերաբերում է բողոքաբերի՝ սույն որոշման 6․2-րդ կետում մատնանշած փաստարկին, ապա Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ Վերաքննիչ դատարանի հատուկ վերանայման բողոքի քննարկման առարկան եղել է Առաջին ատյանի դատարանի 2025 թվականի օգոստոսի 16-ի դատական ակտի հիմնավորվածությունն ու իրավաչափությունը, որով ************ նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառված եղել տնային կալանքը՝ 2 ամիս ժամկետով։ Վերաքննիչ դատարանի 2025 թվականի սեպտեմբերի 18-ի որոշմամբ մեղադրյալ ************ նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը 2 ամիս ժամկետով, որին հաշվակցվել է մեղադրյալի՝ ձերբակալված լինելու և տնային կալանքի տակ գտնվելու ժամանակահատվածը, իսկ մինչ այդ՝ մեղադրյալը ազատված չի եղել տնային կալանքից կամ կալանքից, և չի կայացվել այնպիսի դատական ակտ, որի հաշվառմամբ Վերաքննիչ դատարանը կաշկանդված կլիներ, և որը կայացող դատական ակը կդարձներ իրավական ուժ չունեցող և/կամ բողոքի քննարկումը կդարձներ առարկայազուրկ և ժամանակավրեպ։
23․ Այսպիսով, ամփոփելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի 2025 թվականի սեպտեմբերի 18-ի որոշումն օրինական է և հիմնավոր, ուստի մեղադրյալ ************ պաշտպան Ս․Մարաբյանի ներկայացրած հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը պետք է մերժել, իսկ Վերաքննիչ դատարանի որոշումը՝ թողնել անփոփոխ՝ հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 15-րդ, 31-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 361-րդ, 363-րդ և 400-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Թիվ ՀԿԴ/0198/06/25 դատական վարույթով մեղադրյալ ********* ********* ************ վերաբերյալ ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի սեպտեմբերի 18-ի որոշումը թողնել անփոփոխ՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը։
Նախագահող` Ս․ՉԻՉՈՅԱՆ
Դատավորներ՝ Ե․ԴԱՆԻԵԼՅԱՆ
Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆ
Դ․ՎԵՔԻԼՅԱՆ
