Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am

Վճռաբեկ դատարան · Կոռուպցիոն հանցագործություններ

ՀԿԴ/0142/06/24

Վճռաբեկ դատարանի որոշումների ցանկից (cassationcourt.am/decisions)՝ դատարանի նախադեպային շտեմարանում այն չկա։

Գործի համարը
ՀԿԴ/0142/06/24
Դիմող / մեղադրյալ
Բենիկ Բալբաբյան
Դատական ակտի ընդունման ամսաթիվը
28.07.2026

Որոշման տեքստը

դատարանի Word ֆայլից
ՀԿԴ/0142/06/24 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն դատարան Նախագահող դատավոր՝ Վ.Ստեփանյան Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարան Նախագահող դատավոր՝ Կ.Ամիրյան 2026 թվականի հուլիսի 28-ին քաղաք Երևանում ՀՀ վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմը (այսուհետ նաև՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ՝ Ե․ԴԱՆԻԵԼՅԱՆԻ մասնակցությամբ դատավորներ` Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆԻ Ռ․ՄԽԻԹԱՐՅԱՆԻ Ս.ՉԻՉՈՅԱՆԻ գրավոր ընթացակարգով քննության առնելով թիվ ՀԿԴ/0142/06/24 վարույթով մեղադրյալ Բենիկ Ազատի Բալբաբյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան) 2024 թվականի սեպտեմբերի 2-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա․Վարդապետյանի հատուկ վերանայման բողոքը, Պ Ա Ր Զ Ե Ց Գործի դատավարական նախապատմությունը. 1. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող թիվ ******** քրեական վարույթի նախաքննության ընթացքում՝ 2024 թվականի հուլիսի 30-ին, հսկող դատախազի կողմից կայացվել է Բենիկ Ազատի Բալբաբյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշում: 2․ ՀՀ հակակոռուպցիոն դատարանի (այսուհետ նաև՝ Հակակոռուպցիոն դատարան)՝ 2024 թվականի օգոստոսի 1-ի որոշմամբ նախաքննական մարմնի միջնորդությունը Բ․Բալբաբյանի նկատմամբ 2 (երկու) ամիս ժամկետով կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին, մերժվել է: 3. ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազ Դ․Հարությունյանի հատուկ վերանայման բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2024 թվականի սեպտեմբերի 2-ի որոշմամբ Առաջին ատյանի դատարանի` 2024 թվականի օգոստոսի 1-ի որոշումը թողել է անփոփոխ: 4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա․Վարդապետյանի կողմից բերվել է հատուկ վերանայման բողոք, որը Վճռաբեկ դատարանի 2024 թվականի հոկտեմբերի 21-ի որոշմամբ ընդունվել է վարույթ, և սահմանվել է բողոքի քննության գրավոր ընթացակարգ։ Հատուկ վերանայման բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը. Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով. 5. Բողոքաբերը գտնում է, որ սույն վարույթով Վերաքննիչ դատարանի կողմից կայացված դատական ակտն օրինական և հիմնավոր չէ, այն կայացնելիս թույլ է տրվել դատական սխալ` քրեադատավարական օրենքի էական խախտում, մասնավորապես՝ սխալ են կիրառվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 97-րդ և 116-րդ հոդվածներով նախատեսված իրավադրույթները, ինչի արդյունքում թույլ է տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 15-րդ հոդվածով նախատեսված՝ վարույթի հանրայնության սկզբունքի խախտում, այն է՝ չի ապահովվել հանրային և մասնավոր շահերի հավասարակշռված պաշտպանությունը: 5.1․ Բողոքաբերի պնդմամբ՝ սույն վարույթով ներկայացված միջնորդության հիմքում դրված Ներքին դիտում օպերատիվ-հետախուզական միջոցառում Բ.Բալբաբյանի նկատմամբ, տեխնիկական միջոցի՝ բջջային հեռախոսի կիրառմամբ, ձայնագրման միջոցով վերահսկվել է առանձին դեպքերի և իրադարձությունների ընթացքը, մինչդեռ Վերաքննիչ դատարանը եկել է սխալ եզրահանգման՝ քննարկման առարկա դարձնելով ******************** ավտոմեքենայի՝ որպես բնակարանի անձեռնմխելիության իրավունքի սահմանափակման իրավաչափությունը: Բացի այդ, Վերաքննիչ դատարանն անտեսել է այն փաստը, որ սույն դեպքում «Ներքին դիտում օպերատիվ-հետախուզական միջոցառումն իրականացվել է ոչ թե ********************, այլ Բ․Բալբաբյանի նկատմամբ՝ նրա կողմից օգտագործվող բջջային հեռախոսի միջոցով: Բողոքաբերը միաժամանակ նշել է, որ «Ներքին դիտում օպերատիվ-հետախուզական միջոցառումն իրականացնելու կարգը սահմանող դրույթով նախատեսվել է տեխնիկական միջոցների կիրառմամբ առանձին դեպքերի և իրադարձությունների ընթացքը վերահսկելու հնարավորություն: Այլ խոսքով՝ թեև որպես մեջբերված օպերատիվ-հետախուզական միջոցառումն անցկացնելու վայր օրենքով նախատեսվել է բնակարանը, այդուհանդերձ օրենքով սահմանվել է նաև տեխնիկական միջոցների կիրառմամբ առանձին դեպքերի և իրադարձությունների ընթացքը վերահսկելու հնարավորություն, որի դեպքում այն իրականացնելու կոնկրետ վայր օրենքով նախատեսված չէ: 5.2 Ընդ որում, ըստ բողոքաբերի՝ տվյալ քրեական վարույթով մյուս մեղադրյալ ***************** նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ մեկ այլ դատական վարույթով ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանն արձանագրել է, որ ՀՀ հակակոռուպցիոն դատարանն իր մեկնաբանություններում փաստացի նույնացրել է «փաստական տվյալ» և «ապացույց» հասկացությունները՝ առկա տվյալները գնահատելով ապացույցների թույլատրելիության, վերաբերելիության և արժանահավատության համատեքստում, որը սույն փուլում անթույլատրելի է: ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը գտել է նաև, որ այս փուլում դատարանի կողմից նման մեկնաբանությունները հանգեցնում են քրեական դատավարության հստակ նախանշված փուլային կառուցվածքի խախտմանը: Վերոգրյալի հաշվառմամբ բողոքաբերը նշել է, որ նույն վարույթով մի դեպքում Վերաքննիչ դատարանն իրականացված Ներքին դիտում օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքները գնահատել է որպես ոչ իրավաչափորեն ձեռք բերված, մյուս դեպքում արձանագրել է, որ ստորադաս դատարանն իր մեկնաբանություններում փաստացի նույնացրել է «փաստական տվյալ» և «ապացույց» հասկացությունները՝ առկա տվյալները գնահատելով ապացույցների թույլատրելիության, վերաբերելիության և արժանահավատության համատեքստում: 5.3 Բողոքաբերը գտել է նաև, որ ներկայացված միջնորդության փաստական հանգամանքներն իրենց մեջ պարունակում են ենթադրյալ հանցագործության հետ Բ․Բալբաբյանի օբյեկտիվ կապը հաստատող որոշակի տեղեկություններ ու փաստեր, առկա են նաև բավարար հիմքեր` եզրակացնելու, որ դեպքը, իրադարձությունը համընկնում է այն ենթադրյալ հանցանքին, որի կատարման մեջ անձը կասկածվում է: Ըստ բողոքաբերի՝ Վերաքննիչ դատարանը ներկայացված նյութերը քննարկման առարկա է դարձրել միմյանցից անջատ, դրանք պատշաճ վերլուծության չի ենթարկել իրենց համակցության մեջ, որի արդյունքում Բ․Բալբաբյանին ներկայացված մեղադրանքում հիմնավոր կասկածի բացակայության վերաբերյալ հանգել է սխալ հետևության։ 6. Վերոգրյալի հիման վրա բողոքաբերը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի սեպտեմբերի 2-ի որոշումը՝ կայացնելով դրան փոխարինող դատական ակտ՝ բավարարելով հսկող դատախազի կողմից բերված հատուկ վերանայման բողոքը: Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները. 7. 2024 թվականի հուլիսի 30-ին Բ.Բալբաբյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով հարուցվել է հանրային քրեական հետապնդում այն արարքի համար, որ․ «(…) [Նա], զբաղեցնելով ********** **************** համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, ճարտարապետության, գյուղատնտեսության և բնակկոմունալ տնտեսության բաժնի պետի պաշտոնը, տեղական ինքնակառավարման մարմնի անունից հանդես գալու, դրա անունից իրավունք, պարտականություն ու պատասխանատվություն առաջացնող գործառույթներ իրականացնելու լիազորությունների ուժով հանդիսանալով պաշտոնատար անձ, կաշառք տվողի օգտին ապօրինի գործողության համար ստացել է կաշառք: Այսպես. ********** մարզի *************** համայնքի բնակիչ ********************* ***************, ցանկություն ունենալով աճուրդով ձեռք բերել նույն համայնքի ************ փողոցի **** հասցեում գտնվող, 0,08 հա մակերեսով հողամասը, այդ հարցով 2024 թվականի ապրիլին դիմել է իր ծանոթ՝ ********** մարզի ************* համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, ճարտարապետության, գյուղատնտեսության և բնակկոմունալ տնտեսության բաժնի պետի պաշտոնը զբաղեցնող Բենիկ Բալբաբյանին: Այնուհետև, ********************* օգտին ապօրինի գործողության, մասնավորապես՝ ************ համայնքի ************ փողոցի **** հասցեում գտնվող, 0,08 հա մակերեսով հողամասն անխոչընդոտ և առանց ձգձգումների աճուրդով վերջինիս օտարելու հարցի դրական լուծմանն իր իշխանական լիազորությունները, դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով նպաստելու համար, պաշտոնատար անձ հանդիսացող Բենիկ Բալբաբյանը 2024 թվականի ապրիլի 19-ին՝ ժամը 09:23-ին, ******* մարզի ************ քաղաքի **** թաղամասի ***** շենքի բակում՝ ********************** ավտոմեքենայում, վերջինիցս ստացել է 200.000 ՀՀ դրամ կաշառք: Արդյունքում՝ Բենիկ Բալբաբյանի և *********************** ուղղորդմամբ վերոհիշյալ հողամասի աճուրդին որպես մասնակից գրանցված՝ վերջինիս եղբայրը՝ ******************** 2024 թվականի մայիսի 6-ին միանձնյա մասնակցել է Կոտայքի մարզի *********** համայնքապետարանում անցկացված աճուրդին և ճանաչվել հաղթող (…)»: 8. Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի օգոստոսի 1-ի որոշման համաձայն՝ «(…) Դատարանն արձանագրում է, որ ************************ կողմից Բենիկ Բալբաբյանին գումար փոխանցելու վերաբերյալ փաստական տվյալ պարունակող միակ փաստաթուղթը «Ներքին դիտում» և տեխնիկական միջոցների կիրառմամբ «Արտաքին դիտում» համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքների մասին» 2024 թվականի հունիսի 25-ի արձանագրությունն է։ Ըստ նշված արձանագրության՝ զննության են ենթարկվել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ 2024 թվականի մարտի 19-ի որոշման հիման վրա Բենիկ Բալբաբյանի նկատմամբ 2024 թվականի մարտի 19-ից մինչև 2024 թվականի մայիսի 19-ն իրականացված «Ներքին դիտում» և «Արտաքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում արված ձայնագրությունները։ Մասնավորապես, արձանագրության համաձայն՝ ներկայացված է Բենիկ Բալբաբյանի և ****************** միջև 2024 թվականի ապրիլի 19-ին՝ ժամը 09։23-ին, ավտոմեքենայի մեջ տեղի ունեցած խոսակցությունը, ըստ որի՝ ****************** Բ.Բալբաբյանին փոխանցում է գումար։ Ընդ որում, Դատարանը փաստում է, որ ինչպես սույն արձանագրությամբ, այնպես էլ միջնորդությանը կից ներկայացված փաստաթղթերում առկա չէ փաստական տվյալ այն մասին, թե նշված գումարը Բ.Բալբաբյանին ինչ նպատակով է տրվում։ Միևնույն ժամանակ, ըստ «Թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքների մասին» 2024 թվականի հունիսի 20-ի արձանագրության՝ 2024 թվականի ապրիլի 19-ին Բենիկ Բալբաբյանն այլ անձանցից՝ ոմն «*******» և «*********» գումար է խնդրում՝ իր անսարք մեքենան վերանորոգելու նպատակով։ Վերոշարադրյալի համատեքստում Դատարանը փաստում է, որ միջնորդությանը կից ներկայացված է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ 2024 թվականի մարտի 19-ի որոշումը, որով թույլատրվել է 2024 թվականի մարտի 19-ից մինչև 2024 թվականի մայիսի 19-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում Բենիկ Ազատի Բալբաբյանի նկատմամբ նրա կողմից օգտագործվող ***************** գործարանային համարի բջջային հեռախոսով ու ************* բջջային հեռախոսահամարով իրականացնել «Թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում», ************** քաղաքի **** թաղամասի ***** շենքի ***** բնակարանում և *********** քաղաքի ************** անվան հրապարակի ** հասցեում գտնվող՝ ********** համայնքապետարանի վարչական շենքի *** հարկի թիվ *** համարի սենյակի մուտքից դեպի աջ առկա աշխատասենյակում՝ «Ներքին դիտում», ինչպես նաև «Արտաքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառումների կատարումը։ Այսինքն՝ Դատարանի տվյալ որոշմամբ որևէ տրանսպորտային միջոցում ներքին դիտում իրականացնելու սանկցիա չի տրվել, այնինչ տրանսպորտային միջոցը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով դիտարկվում է որպես բնակարան։ Դատարանն արձանագրում է, որ միջնորդությանը կից ներկայացված չէ սույն քրեական վարույթի առարկան կազմող ենթադրյալ հանցանքի շուրջ օպերատիվ-հետախուզական միջոցառման կատարումը թույլատրելու վերաբերյալ իրավասու դատարանի որոշում, իսկ քննիչի՝ դատական նիստին կատարված հայտարարության համաձայն՝ «Ներքին դիտում» և տեխնիկական միջոցների կիրառմամբ «Արտաքին դիտում» համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքների մասին» 2024 թվականի հունիսի 25-ի արձանագրությամբ ներկայացված են Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ 2024 թվականի մարտի 19-ի որոշման հիման վրա իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները։ Այսպիսով, Դատարանը փաստում է, որ տրանսպորտային միջոցում (ընդ որում, ըստ խոսակցությունների բովանդակության՝ կարելի է ողջամտորեն ենթադրել, որ խոսակցությունը տեղի է ունենում ****************** ավտոմեքենայում) «Ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու թույլտվություն առկա չի եղել, հետևաբար՝ Բենիկ Բալբաբյանին ************************ կողմից գումար փոխանցելու մասին վկայող փաստական տվյալները ձեռք են բերվել և վարույթն իրականացնող մարմնի կողմից դրվել են Բենիկ Բալբաբյանին ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցանքը կատարելու վերաբերյալ հիմնավոր կասկածի հիմքում օրենքի կոպիտ խախտմամբ կատարված գործողությամբ, և սույն որոշման 3.3 կետում վկայակոչված իրավական դիրքորոշման համատեքստում դրանք չեն կարող դրվել մեղադրյալին վերագրվող ենթադրյալ հանցանքում հիմնավոր կասկածի առկայությունը հաստատելու մասին հետևության հիմքում։ Դատարանն արձանագրում է, որ Բենիկ Բալբաբյանին վերագրվող ենթադրյալ հանցանքի վերաբերյալ փաստական տվյալներ են առկա նաև հանցագործության մասին հաղորդմամբ, որում ներկայացված տեղեկատվությունը կրում է վերը վկայակոչված օպերատիվ-հետախուզական միջոցառումներից ածանցյալ բնույթ։ Բացի այդ, հանցագործության մասին հաղորդումն ինքնին չի կարող դիտարկվել որպես հանցանք կատարած լինելու մասին հիմնավոր կասկածը հաստատող իրավաչափ հիմք։ Վերոգրյալի հետ մեկտեղ Դատարանը վերստին փաստում է, որ ***** ************** կողմից Բենիկ Բալբաբյանին գումար փոխանցելու մասին փաստական տվյալ պարունակող միակ փաստաթուղթը «Ներքին դիտում» և տեխնիկական միջոցների կիրառմամբ «Արտաքին դիտում» համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքների մասին» 2024 թվականի հունիսի 25-ի արձանագրությունն է, որում առկա չէ տվյալ գումարը մեղադրյալին փոխանցելու նպատակի մասին որևէ խոսակցություն։ Միևնույն ժամանակ, ըստ միջնորդությանը կից ներկայացված փաստաթղթերի՝ միևնույն ժամանակաշրջանում՝ նույն օրը, Բենիկ Բալբաբյանն իր մեքենան վերանորոգելու նպատակով գումար է խնդրել տարբեր անձանցից։ Դատարանը գտնում է, որ նույնիսկ սույն որոշման 3.3 կետում վկայակոչված իրավական դիրքորոշման անտեսման դեպքում Դատարանին չի ներկայացվել փաստական տվյալների այնպիսի համակցություն, որի հիման վրա Դատարանը կարող էր հանգել հիմնավոր և պատճառաբանված հետևության առ այն, որ առկա են Բենիկ Բալբաբյանի կողմից իրեն վերագրվող՝ ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված ենթադրյալ հանցանքը կատարելու վերաբերյալ վարույթն իրականացնող մարմնի վարկածը հաստատող «հիմնավոր կասկածի» չափանիշը հաղթահարող բավարար ապացույցներ։ Իսկ անցկացված աճուրդի արդյունքում *************** *************** համայնքին պատկանող անշարժ գույքի օտարման փաստն ինքնին չի կարող վկայել, որ Բենիկ Բալբաբյանը դրա դիմաց ենթադրաբար ստացել է կաշառք։ Այս առումով Դատարանը հարկ է համարում շեշտել, որ մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց կիրառելու անհրաժեշտության և իրավաչափության հարցը Դատարանը քննության է առնում բացառապես մեղադրյալին ներկայացված մեղադրանքի սահմաններում։ Վերոշարադրյալի համատեքստում Դատարանն արդեն իսկ առարկայազուրկ է համարում խափանման միջոցի կիրառման իրավաչափության մյուս պայմաններին անդրադառնալը։ (…)»: 9․ Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի սեպտեմբերի 2-ի որոշման համաձայն՝ «(...) Վերաքննիչ դատարանն իր համաձայնությունն է հայտնում Դատարանի հետևություններին առ այն, որ «********************* կողմից Բենիկ Բալբաբյանին գումար փոխանցելու վերաբերյալ փաստական տվյալ պարունակող միակ փաստաթուղթը «Ներքին դիտում» և տեխնիկական միջոցների կիրառմամբ «Արտաքին դիտում» համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքների մասին» 2024 թվականի հունիսի 25-ի արձանագրությունն է: Ըստ նշված արձանագրության՝ զննության են ենթարկվել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ 2024 թվականի մարտի 19-ի որոշման հիման վրա Բենիկ Բալբաբյանի նկատմամբ 2024 թվականի մարտի 19-ից մինչև մայիսի 19-ն իրականացված «Ներքին դիտում» և «Արտաքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում արված ձայնագրությունները։ Մասնավորապես, արձանագրության համաձայն՝ ներկայացված է Բենիկ Բալբաբյանի և *********************** միջև 2024 թվականի ապրիլի 19-ին՝ ժամը 09:23-ին, ավտոմեքենայի մեջ տեղի ունեցած խոսակցությունը, ըստ որի՝ *************** Բ.Բալբաբյանին փոխանցում է գումար: Ընդ որում, Դատարանը փաստում է, որ ինչպես սույն արձանագրությամբ, այնպես էլ միջնորդությանը կից ներկայացված փաստաթղթերում առկա չէ փաստական տվյալ այն մասին, թե նշված գումարը Բ.Բալբաբյանին ինչ նպատակով է տրվում: Միևնույն ժամանակ, ըստ «Թվային, այդ թվում` հեռախոսային հաղորդակցության վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքների մասին» 2024 թվականի հունիսի 20-ի արձանագրության՝ 2024 թվականի ապրիլի 19-ին Բենիկ Բալբաբյանն այլ անձանցից՝ ոմն «******» և «********» գումար է խնդրում՝ իր անսարք մեքենան վերանորոգելու նպատակով»: Ընդ որում, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Դատարանի վերոնշյալ հետևության վերաբերյալ ներկայացված բողոքում հակափաստարկներ առկա չեն: (…) Վերաքննիչ դատարանն իր համաձայնությունն է հայտնում Դատարանի այն հետևությանը, որ «(…) տրանսպորտային միջոցում ներքին դիտում իրականացնելու սանկցիա չի տրվել, այնինչ տրանսպորտային միջոցը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով դիտարկվում է որպես բնակարան: Դատարանն արձանագրում է, որ միջնորդությանը կից ներկայացված չէ սույն քրեական վարույթի առարկան կազմող ենթադրյալ հանցանքի շուրջ օպերատիվ-հետախուզական միջոցառման կատարումը թույլատրելու վերաբերյալ իրավասու դատարանի որոշում, իսկ քննիչի՝ դատական նիստին կատարված հայտարարության համաձայն՝ «Ներքին դիտում» և տեխնիկական միջոցների կիրառմամբ «Արտաքին դիտում» համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքների մասին» 2024 թվականի հունիսի 25-ի արձանագրությամբ ներկայացված են Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ 2024 թվականի մարտի 19-ի որոշման հիման վրա իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները: Այսպիսով, Դատարանը փաստում է, որ տրանսպորտային միջոցում (ընդ որում, ըստ խոսակցությունների բովանդակության՝ կարելի է ողջամտորեն ենթադրել, որ խոսակցությունը տեղի է ունենում ***************** ավտոմեքենայում) «Ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու թույլտվություն առկա չի եղել, հետևաբար՝ Բենիկ Բալբաբյանին ************************ կողմից գումար փոխանցելու մասին վկայող փաստական տվյալները ձեռք են բերվել և վարույթն իրականացնող մարմնի կողմից դրվել են Բենիկ Բալբաբյանին ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցանքը կատարելու վերաբերյալ հիմնավոր կասկածի հիմքում օրենքի կոպիտ խախտմամբ կատարված գործողությամբ, և սույն որոշման 3.3 կետում վկայակոչված իրավական դիրքորոշման համատեքստում դրանք չեն կարող դրվել մեղադրյալին վերագրվող ենթադրյալ հանցանքում հիմնավոր կասկածի առկայությունը հաստատելու մասին հետևության հիմքում»: Այս համատեքստում անդրադառնալով ներկայացված փաստարկին առ այն, որ «Այլ խոսքով, մինչդատական վարույթի դատական երաշխիքների վարույթի ընթացքում Դատարանի կողմից քննարկվել են այնպիսի հարցեր և տրվել են այնպիսի գնահատականներ, որոնք դուրս են գտնվել տվյալ պահին իր առջև դրված խնդիրների շրջանակից և որոնք կազմում են հետագա դատական քննության առարկան»՝ Վերաքննիչ դատարանը փաստում է, որ տվյալ միջնորդության քննության ժամանակ Դատարանի առջև դրված խնդիրն է մեղադրյալին վերագրվող ենթադրյալ արարքում հիմնավոր կասկածի առկայության կամ բացակայության հարցի քննարկումը, իսկ Դատարանը քննության առարկա դեպքում դուրս չի եկել մինչդատական երաշխիքների շրջանակում դատարանների ունեցած լիազորությունների շրջանակից և քննարկման առարկա չի դարձրել այնպիսի հարցեր, որոնք բնորոշ չեն այդ փուլին: Վերաքննիչ դատարանը փաստում է, որ Դատարանի կողմից որևէ ապացույցի բովանդակային քննարկում և վերջինս անթույլատրելի ճանաչում չի կատարվել, այլ ընդամենն արձանագրվել է, որ, առերևույթ, այն տվյալները, որոնք կարող էին վկայել ենթադրյալ կաշառք ստանալու հանցակազմի մասին, առերևույթ ստացվել են ******* *********** բնակարանում (ավտոմեքենայում) տեղի ունեցած ներքին դիտման ժամանակ, որի վերաբերյալ թույլտվություն առկա չի եղել: Ընդ որում, այդպիսի թույլտվության բացակայության վերաբերյալ հետևությունը ոչ միայն բխում է նրանից, որ ներկայացված միջնորդության մեջ հակառակը հիմնավորող փաստաթղթեր առկա չեն, այլև Բողոքաբերը ևս ընդունում է այդ փաստը։ Ինչ վերաբերում է հատուկ վերանայման բողոքի փաստարկին առ այն, որ «Հետաքննության մարմինը, ղեկավարվելով Առաջին ատյանի դատարանի հիշյալ որոշմամբ՝ Բ.Բալբաբյանի նկատմամբ վերջինիս կողմից օգտագործվող համապատասխան գործարանային համարի բջջային հեռախոսով իրականացնելով «Ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառումը՝ ստացել է այնպիսի արդյունքներ, որպիսիք ակնկալվել են ստանալ թույլտվությունը հայցելիս: (...) Հարկ է արձանագրել, որ ինչպես Դատարանն է իրավացիորեն նշել՝ ***************** նկատմամբ «Ներքին դիտում» ՕՀՄ իրականացնելու թույլտվության վերաբերյալ Դատարանի համապատասխան որոշում առկա չէ, սակայն միաժամանակ հարկ է նաև փաստել, որ հիշյալ գործողությունն իրականացվել է ոչ թե վերջինիս նկատմամբ, ինչպես որ Դատարանն է սխալ եզրահանգել, այլ այն իրականացվել է Բենիկ Բալբաբյանի նկատմամբ՝ նրա կողմից օգտագործվող համապատասխան գործարանային համարի բջջային հեռախոսի միջոցով, հետևաբար՝ անհասկանալի է ******************** նկատմամբ «Ներքին դիտում» ՕՀՄ իրականացնելու թույլտվության բացակայության վերաբերյալ Դատարանի վերլուծություններն ու եզրահանգումները և նշվածով պայմանավորված՝ ներկայացված միջնորդությունը մերժելը»՝ Վերաքննիչ դատարանը փաստում է, որ բջջային հեռախոսը կարող է ծառայել որպես «Ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունավետ իրականացմանն ուղղված գործիք, բայց հեռախոսում ներքին դիտում իրականացնել օբյեկտիվ իրականության մեջ հնարավոր չէ, որպիսի մոտեցումը բխում է նաև «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածից, ըստ որի՝ ներքին դիտումը հատուկ կամ այլ տեխնիկական միջոցների կիրառմամբ կամ առանց դրանց անձին բնակարանում հետևելը կամ առանձին դեպքերի և իրադարձությունների ընթացքը վերահսկելն է տեսաձայնագրման, տեսագրման, ձայնագրման կամ լուսանկարման միջոցով կամ առանց դրանց՝ էլեկտրոնային կամ այլ կրիչների վրա դիտման արդյունքների ամրագրմամբ: Հեռախոսի միջոցով ներքին դիտում իրականացնելու վերաբերյալ փաստարկը կարող էր ողջամիտ դիտարկվել այն դեպքում, երբ «Ներքին դիտում» օպերատիվ- հետախուզական միջոցառումն իրականացված լիներ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի 2024 թվականի մարտի 19-ի որոշմամբ թույլատրված հասցեներում (*********** քաղաքի ***** թաղամասի ****** շենքի ******* բնակարանում կամ ********** քաղաքի *************** անվան հրապարակի ** հասցեում գտնվող՝ ************ համայնքապետարանի վարչական շենքի **** հարկի թիվ **** համարի սենյակի մուտքից դեպի աջ առկա աշխատասենյակում) կամ առկա լիներ և քննիչի միջնորդությամբ Հակակոռուպցիոն դատարան ներկայացվեր դատարանի՝ ********************** ավտոմեքենայում «Ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու վերաբերյալ թույլտվություն, մինչդեռ քննության առարկա դեպքում դրանք բացակայում են: (…) Դատարան ներկայացված նյութերի կապակցությամբ Վերաքննիչ դատարանը փաստում է հետևյալը. 1. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության 4-րդ բաժնի ավագ օպերլիազոր Հայկ Վարդանյանի 2024 թվականի հունիսի 25-ի առերևույթ հանցանքի հատկանիշներ հայտնաբերելու մասին հաղորդումն ինքնին չի կարող դիտարկվել որպես հանցանք կատարած լինելու մասին հիմնավոր կասկածը հաստատող իրավաչափ հիմք։ 2. Բենիկ Բալբաբյանի անձնագրային, զբաղեցրած պաշտոնի և պաշտոնի անձնագրի վերաբերյալ տվյալների քաղվածքը չի պարունակում որևէ փաստական տվյալ, որը կարող է վկայել մեղադրյալի կողմից ենթադրյալ կաշառք ստանալու մասին։ 3. Օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում կատարված ձայնագրությունները կրող լազերային սկավառակներն արտավարութային փաստաթուղթ ճանաչելու մասին որոշումներն իրենցից ներկայացնում են համապատասխան միջոցառումների արդյունքների դատավարական արտահայտման ձևերը: 4. Վկա ********************* հարցաքննության արձանագրությունը չի պարունակում որևէ փաստական տվյալ, որը կարող է առերևույթ վկայել մեղադրյալի կողմից ենթադրյալ կաշառք ստանալու մասին: 5. Վկա ********************* հարցաքննության արձանագրությունը չի պարունակում որևէ փաստական տվյալ, որը կարող է առերևույթ վկայել մեղադրյալի կողմից ենթադրյալ կաշառք ստանալու մասին: 6. Վկա ********************* հարցաքննության արձանագրությունը չի պարունակում որևէ փաստական տվյալ, որը կարող է առերևույթ վկայել մեղադրյալի կողմից ենթադրյալ կաշառք ստանալու մասին: 7. Աճուրդային փաստաթղթերը չեն պարունակում այնպիսի փաստական տվյալներ, որոնք կարող են վկայել մեղադրյալի կողմից ենթադրյալ կաշառք ստանալու մասին: (…) Վերոշարադրյալի լույսի ներքո Վերաքննիչ դատարանն իր համաձայնությունն է հայտնում Դատարանի հետևություններին առ այն, որ «Դատարանին չի ներկայացվել փաստական տվյալների այնպիսի համակցություն, որի հիման վրա Դատարանը կարող էր հանգել հիմնավոր և պատճառաբանված հետևության առ այն, որ առկա են Բենիկ Բալբաբյանի կողմից իրեն վերագրվող՝ ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված ենթադրյալ հանցանքը կատարելու վերաբերյալ վարույթն իրականացնող մարմնի վարկածը հաստատող «հիմնավոր կասկածի» չափանիշը հաղթահարող բավարար ապացույցներ», իսկ հակառակի մասին Բողոքաբերի փաստարկները հիմնավոր չեն: (…)»: Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը. 10․ Սույն վարույթով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչա՞փ են արդյոք մեղադրյալ Բ.Բալբաբյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցանք կատարելու հիմնավոր կասկածի բացակայության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները։ 11․ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի համաձայն՝ «1. Յուրաքանչյուր ոք ունի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք։ Ոչ ոքի չի կարելի ազատությունից զրկել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և oրենքով uահմանված կարգով. (…) գ) անձի oրինական կալանավորումը կամ ձերբակալումը` իրավախախտում կատարած լինելու հիմնավոր կաuկածի առկայության դեպքում նրան իրավաuու oրինական մարմնին ներկայացնելու նպատակով կամ այն դեպքում, երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է համարվում նրա կողմից հանցագործության կատարումը կամ այն կատարելուց հետո նրա փախուuտը կանխելու համար (…)»։ ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք ունի անձնական ազատության իրավունք։ Ոչ ոք չի կարող անձնական ազատությունից զրկվել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով` (…) 4) անձին իրավասու մարմին ներկայացնելու նպատակով, երբ առկա է նրա կողմից հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկած, կամ երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է հանցանքի կատարումը կամ դա կատարելուց հետո անձի փախուստը կանխելու նպատակով (…)»: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 116-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Խափանման միջոց չի կարող կիրառվել, եթե բացակայում է մեղադրյալի կողմից իրեն վերագրվող հանցանքը կատարելու մասին հիմնավոր կասկածը»: 12․ Վճռաբեկ դատարանը Հարություն Խաչատրյանի վերաբերյալ գործով կայացված որոշմամբ արտահայտել է իրավական դիրքորոշում առ այն, որ հիմնավոր կասկածը պետք է ապահովի անձի ազատության և անձեռնմխելիության իրավունքի հիմնավորված և օրինաչափ սահմանափակումը, իսկ դատական վերահսկողությունը լինի երաշխիք այդ իրավունքի անհիմն սահմանափակումները կանխելու համար։ Այսինքն՝ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնելիս դատարանն իրավունք չունի անդրադառնալու մեղադրանքի էությանը, հիմնավորվածությանը, քանի որ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողությունը չի հետապնդում կատարված հանցագործության բոլոր հանգամանքները հետազոտելու և դրանց քրեաիրավական գնահատական տալու կամ տրված գնահատականը ստուգելու ու համապատասխան որոշում կայացնելու նպատակ։ Այդ հարցերը կարող են քննարկման առարկա դառնալ միայն գործն ըստ էության քննելու և լուծելու ընթացքում, այսինքն՝ հանդիսանում են արդարադատության իրականացման արդյունքում լուծման ենթակա հարցեր։ Եթե մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնելիս դատարանն անդրադառնա այդ հարցերին և որոշում կայացնի դրանց վերաբերյալ, ապա կխախտվի քրեական դատավարության փուլային կառուցվածքը, քրեադատավարական գործառույթների տարանջատման սկզբունքը, իսկ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողությունը կվերածվի բուն արդարադատության իրականացման գործընթացի։ Այլ կերպ՝ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնելիս դատարանը չպետք է այնպիսի հարցեր քննարկի և դրանց վերաբերյալ որոշումներ ընդունի, որոնք կազմում են հետագա դատական քննության առարկան: Վճռաբեկ դատարանը գտել է, որ հիմնավոր կասկածի հարցը քննարկելիս դատարանը, ելնելով մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանությունն ապահովելու պարտավորությունից, պետք է քննարկման առարկա դարձնի երկու հիմնական փոխկապված հարցեր։ Առաջին` առկա՞ են արդյոք կասկածը հիմնավորող տեղեկություններ, փաստեր կամ ապացույցներ, որոնք ուղղակիորեն կմատնանշեն անձի առնչությունն իրեն վերագրվող ենթադրյալ հանցագործությանը, երկրորդ` դեպքը, որի կատարման մեջ անձը կասկածվում է, առերևույթ համընկնում է քրեական օրենսգրքով սահմանված որևէ հանցակազմի հատկանիշներին: 12․1․ Զարգացնելով Հարություն Խաչատրյանի վերաբերյալ գործով կայացված որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները, Վճռաբեկ դատարանը Էդգար Եղիազարյանի վերաբերյալ որոշմամբ արձանագրել է, որ մինչդատական վարույթում կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար հիմնավոր կասկածի առկայությունն ունի հիմնարար նշանակություն, քանզի դրա բացակայության պայմաններում անձի ազատության ցանկացած սահմանափակում կհամարվի ի սկզբանե ապօրինի: Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ իրավասու մարմինը պետք է ներկայացնի փաստեր կամ տեղեկություններ, որոնք կհամոզեն դատարանին, որ անձը հիմնավոր կերպով է կասկածվում /մեղադրվում/ ենթադրյալ հանցագործության կատարման մեջ: Այսինքն՝ քրեական հետապնդման մարմինները պետք է ներկայացնեն կասկածը հիմնավորող որոշակի փաստական հանգամանքներ, իսկ դրա վերաբերյալ դատարանի հետևությունները պետք է լինեն պատճառաբանված և, միևնույն ժամանակ, չպետք է պարունակեն իրավական գնահատականներ անձի մեղավորության կամ անմեղության հարցի առնչությամբ: Վճռաբեկ դատարանն ընդգծել է նաև, որ․ - հիմնավոր կասկածի բացակայության դեպքում անձի ազատության իրավունքը սահմանափակելն ինքնին ապօրինի է, - հիմնավոր կասկածը չի պահանջում կատարված արարքի մեջ մեղադրյալի մեղավորությունն ապացուցող՝ հիմնավոր կասկածից վեր ապացուցման չափանիշին համապատասխան բավարար փաստերի առկայություն, այնուամենայնիվ, «կասկածը» պետք է լինի ողջամիտ, այն պետք է հիմնված լինի օրենքով սահմանված կարգով ձեռքբերված որոշակի փաստական տվյալների վրա (որոնք կվկայեն կատարված արարքին անձի առնչությունը և դեպքի, իրադարձության համընկնումը այն հանցանքին, որի առերևույթ կատարման մեջ անձը կասկածվում /մեղադրվում/ է), իսկ դրա առկայության կամ բացակայության վերաբերյալ դատարանի հետևությունները պետք է լինեն հիմնավորված և պատճառաբանված, (…) - մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնելիս, մասնավորապես՝ կալանավորման վերաբերյալ միջնորդությունը քննելիս դատարանն իրավասու չէ քննարկման առարկա դարձնելու այնպիսի հարցեր, որոնք դուրս են այդ պահին իր առջև դրված խնդիրների շրջանակից, ուստիև հիմնավոր կասկածի առկայությունը ստուգելիս դատարանն իրավասու չէ կանխորոշելու մեղքի հարցը, իրավական գնահատական տալու անձի մեղավորությանը կամ անմեղությանը, անմիջականորեն փաստելու անձի արարքում հանցակազմի առկայությունը կամ բացակայությունը: Միևնույն ժամանակ, դատարանը, վերոգրյալ հարցերի շուրջ իրավական գնահատականներ չտալով, իրավասու է որոշում կայացնել կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու կամ ժամկետը երկարացնելու կամ վերահաստատելու վերաբերյալ քրեական հետապնդման մարմնի ներկայացրած միջնորդությունը մերժելու մասին այն դեպքում, երբ հավաստում է քրեական գործով վարույթը բացառող հանգամանքի առերևույթ առկայությունը և դրա հնարավոր կիրառելիությունը: Ընդ որում, քրեական գործով վարույթը բացառող այդ հանգամանքի առերևույթ առկայության մասին վկայությունը պետք է լինի ոչ թե ներկայացված նյութերի, այդ թվում՝ ապացույցների` գործը ըստ էության քննելու և լուծելու ժամանակ պահանջվող աստիճանի չափ բազմակողմանի և խորը վերլուծության արդյունք, այլ այդպիսի վկայությունը պետք է հիմնված լինի ներկայացված նյութերից բխող համեմատաբար ակնհայտ փաստերի վրա (…), - հիմնավոր կասկածի հարցը գնահատման ենթարկելիս վճռորոշ նշանակություն կարող են ունենալ այն իրավիճակները, երբ արարքին տրված իրավական որակումը ակնհայտորեն չհամապատասխանի արարքի փաստական նկարագրությանը (կամ անձին վերագրված փաստերը հաստատող՝ միջնորդությանը կից ներկայացված նյութերին) (…)։ 13. Սույն վարույթի փաստական հանգամանքներից երևում է, որ - 2024 թվականի հուլիսի 30-ին հսկող դատախազի կողմից Բ․Բալբաբյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 22-րդ մասի 3-րդ կետով, - Առաջին ատյանի դատարանը 2024 թվականի օգոստոսի 1-ի որոշմամբ Բ․Բալբաբյանի նկատմամբ 2 ամիս ժամկետով կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին միջնորդությունը մերժել է՝ նշելով, որ դատարան չի ներկայացվել փաստական տվյալների այնպիսի համակցություն, որի հիման վրա Առաջին ատյանի դատարանը կարող էր հանգել հիմնավոր և պատճառաբանված հետևության առ այն, որ առկա են Բ․Բալբաբյանի կողմից իրեն վերագրվող՝ ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված ենթադրյալ հանցանքը կատարելու վերաբերյալ վարույթն իրականացնող մարմնի վարկածը հաստատող հիմնավոր կասկածի չափանիշը հաղթահարող բավարար ապացույցներ։ Առաջին ատյանի դատարանի գնահատմամբ տրանսպորտային միջոցում (ըստ իրականացվող խոսակցությունների բովանդակության՝ ********************* ավտոմեքենայում) «Ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու թույլտվություն առկա չի եղել, հետևաբար՝ Բ.Բալբաբյանին ****************** կողմից գումար փոխանցելու մասին վկայող փաստական տվյալները ձեռք են բերվել և վարույթն իրականացնող մարմնի կողմից դրվել են Բ․Բալբաբյանին ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցանքը կատարելու վերաբերյալ հիմնավոր կասկածի հիմքում օրենքի կոպիտ խախտմամբ կատարված գործողությամբ, և դրանք չեն կարող դրվել մեղադրյալին վերագրվող ենթադրյալ հանցանքում հիմնավոր կասկածի առկայությունը հաստատելու մասին հետևության հիմքում։ - Վերաքննիչ դատարանը 2024 թվականի սեպտեմբերի 2-ի որոշմամբ իր համաձայնությունն է հայտել Առաջին ատյանի դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումներին։ 14. Նախորդ կետում մեջբերված փաստական տվյալները գնահատելով սույն որոշման 11-12.1-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և ներկայացված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Բ.Բալբաբյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը քննության առնելիս դատարանները քննարկման առարկա են դարձրել այնպիսի հարցեր, որոնք դուրս են մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակից։ Այսինքն, կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդության քննության շրջանակներում Առաջին ատյանի դատարանի կողմից թույլատրած «Ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները ամրագրող լազերային սկավառակների զննության արձանագրության վերաբերյալ գնահատականներ տալիս ստորադաս դատարանները քննարկման առարկա են դարձրել այնպիսի հարցեր, որոնք ակնհայտորեն դուրս են գտնվում մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակից, խնդրո առարկա միջնորդությունը քննության առնելիս դատարանի առջև դրված խնդիրներից և հանդիսանում են գործի հետագա քննության առարկա։ Բացի այդ, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ առաջնորդվելով նախաքննական գաղտնիքի պաշտպանության անհրաժեշտությամբ՝ վարույթն իրականացնող քննիչն իրավասու է դատարանին ներկայացնել իր միջնորդությունը հիմնավորող անհրաժեշտ տվյալների վերաբերելի հատվածները, որոնց բովանդակային գնահատման հիման վրա դատարանը պետք է քննարկման առարկա դարձնի կալանքը որպես խափանման միջոց կիրառելու իրավաչափությունը։ Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ստորադաս դատարանները մինչդատական վարույթի նկատմամբ նախնական դատական վերահսկողության շրջանակներում, դատարան ներկայացված նյութերում առկա փաստական տվյալները վերլուծելու և միմյանց հետ համադրելու արդյունքում այն աստիճանի ապացուցողական քննություն են կատարել, որ ըստ էության իրավական գնահատականի են արժանացրել նախնական դատական վերահսկողության առարկա չհանդիսացող փաստական հանգամանքներ։ Այսինքն՝ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնելու շրջանակներում հանցագործություն կատարած լինելու հիմնավոր կասկածի բացակայության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները ներկայացված նյութերի, այդ թվում՝ ապացույցների` գործն ըստ էության քննելու և լուծելու ժամանակ պահանջվող աստիճանի չափ խորը վերլուծության արդյունք է, ինչի հետևանքով, ըստ էության, խախտվել է քրեական դատավարության փուլային կառուցվածքը, քրեադատավարական գործառույթների տարանջատման սկզբունքը, իսկ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողությունը պարունակել է քրեական գործի ըստ էության քննությանը բնորոշ՝ արդարադատության իրականացման գործընթացի տարրեր։ Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ ստորադաս դատարանների հետևությունները՝ «ներքին դիտում» և տեխնիկական միջոցների կիրառմամբ «արտաքին դիտում» համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներն ամրագրող լազերային սկավառակների զննության արձանագրության վերաբերյալ, հիմնավոր չէ։ 15․ Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն վարույթով Առաջին ատյանի դատարանը դատական ակտ կայացնելիս, իսկ Վերաքննիչ դատարանը՝ Առաջին ատյանի դատարանի դատական ակտն անփոփոխ թողնելով, թույլ են տվել դատական սխալ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 15-րդ հոդվածով սահմանված սկզբունքի խախտում, ինչը նույն օրենսգրքի 362-րդ հոդվածի համաձայն՝ հիմք է ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանելու համար: Սակայն հաշվի առնելով, որ ստորադաս դատարանների կայացրած դատական ակտերը եղել են ժամանակավոր և սույն որոշումը կայացնելու պահին կորցրել են իրենց իրավական նշանակությունը, ուստի բողոքարկված դատական ակտը չի կարող բեկանվել։ Հետևաբար` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանների դատական ակտերը պետք է թողնել անփոփոխ՝ հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։ 16․ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 15- րդ, 31-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 361-րդ, 363-րդ և 400-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը Ո Ր Ո Շ Ե Ց 1. Բենիկ Ազատի Բալբաբյանի վերաբերյալ թիվ ՀԿԴ/0142/06/24 ՀՀ հակակոռուպցիոն դատարանի 2024 թվականի օգոստոսի 1-ի որոշումը անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի՝ 2024 թվականի սեպտեմբերի 2-ի որոշումը թողնել անփոփոխ՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։ 2․ Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը։ Նախագահող` Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆ Դատավորներ՝ Ռ․ՄԽԻԹԱՐՅԱՆ Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆ Ս.ՉԻՉՈՅԱՆ