Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am

Վճռաբեկ դատարան · Կոռուպցիոն հանցագործություններ

ՀԿԴ/0081/11/24

Վճռաբեկ դատարանի որոշումների ցանկից (cassationcourt.am/decisions)՝ դատարանի նախադեպային շտեմարանում այն չկա։

Գործի համարը
ՀԿԴ/0081/11/24
Դատական ակտի ընդունման ամսաթիվը
28.07.2026

Որոշման տեքստը

դատարանի Word ֆայլից
ՀԿԴ/0081/11/24 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ Հայաստանի Հանրապետության hակակոռուպցիոն դատարան, նախագահող դատավոր` Վ.Սարգսյան Հայաստանի Հանրապետության վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան, նախագահող դատավոր` Կ.Ամիրյան 2026 թվականի հուլիսի 28-ին քաղաք Երևանում ՀՀ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմը (այսուհետ նաև՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ՝ Ե․ԴԱՆԻԵԼՅԱՆԻ մասնակցությամբ դատավորներ` Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆԻ Ռ․ՄԽԻԹԱՐՅԱՆԻ Ս.ՉԻՉՈՅԱՆԻ գրավոր ընթացակարգով քննության առնելով թիվ ՀԿԴ/0081/11/24 դատական վարույթով ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան)՝ 2024 թվականի մայիսի 20-ի որոշման դեմ դիմող ******************** հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը, Պ Ա Ր Զ Ե Ց Վարույթի դատավարական նախապատմությունը. 1. 2021 թվականի հոկտեմբերի 26-ին ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ հատուկ քննչական ծառայության մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչությունում 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ նաև՝ ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է թիվ 61211021 քրեական գործը և քննչական ենթակայության հիմքով փոխանցվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե։ 1․1․ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննչական երրորդ վարչության քննիչ Վ․Մանուկյանը 2024 թվականի հունվարի 19-ին որոշում է կայացրել թիվ ********* քրեական վարույթը կարճելու մասին, և այդ որոշումը 2024 թվականի հունվարի 24-ին հաստատվել է հսկող դատախազի կողմից։ 1․2․ Քննիչի վերոնշյալ որոշման դեմ *************** բողոքը ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Է․Արսենյանի՝ 2024 թվականի փետրվարի 21-ի որոշմամբ մերժվել է։ 2․ Քննիչի՝ քրեական վարույթը կարճելու մասին 2024 թվականի հունվարի 19-ի որոշման դեմ ************** կողմից ներկայացված բողոքը ՀՀ հակակոռուպցիոն դատարանի (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան)՝ 2024 թվականի ապրիլի 12-ի որոշմամբ մերժվել է: 3. ************** կողմից բերված հատուկ վերանայման վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2024 թվականի մայիսի 20-ի որոշմամբ Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի ապրիլի 12-ի որոշումը թողել է անփոփոխ։ 4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ***************** բերել է հատուկ վերանայման վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2024 թվականի հունիսի 27-ի որոշմամբ ընդունվել է վարույթ, և սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։ Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը. Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով. 5. Բողոքաբերը գտել է, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ՝ քրեադատավարական օրենքի էական խախտում, որն ազդել է վարույթի ելքի վրա, այն է՝ սխալ է մեկնաբանվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը։ Մասնավորապես, բողոք բերած անձն արձանագրել է , որ վիճարկվող՝ «քրեական վարույթը կարճելու մասին» որոշման հիմքում դրված «քրեական հետապնդում չհարուցելու մասին» որոշումն օրենքով սահմանված կարգով բողոքարկվել է և դեռևս չի մտել օրինական ուժի մեջ, ուստի չէր կարող առաջացնել իրավական հետևանքներ, և վարույթն իրականացնող մարմինը նման պայմաններում չէր կարող կայացնել թիվ ********** քրեական վարույթը կարճելու մասին որոշում։ 5․1․ Ըստ բողոքի հեղինակի՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանում է, որ նախատեսված հիմքով վարույթը կարճելու համար պարտադիր է քրեական օրենսգրքով նախատեսված որևէ հանցանքի բացակայության հաստատումը, իսկ քրեական հետապնդում չհարուցելու կամ այն դադարեցնելու մասին օրինական ուժի մեջ չմտած որոշումը չի կարող հաստատել այդ իրավաբանական փաստը։ Բողոքաբերի պնդմամբ՝ քրեական հետապնդում չհարուցելու վերաբերյալ վարույթն իրականացնող քննիչի միջնորդությունը բավարարելու մասին հսկող դատախազի օրինական ուժի մեջ չմտած որոշումը չի կարող հիմք հանդիսանալ քրեական օրենսգրքով նախատեսված որևէ հանցանքի բացակայությունը հաստատելու համար, քանի որ օրինական ուժի մեջ չմտած որոշումը ենթակա չէ կատարման ու չի կարող առաջացնել իրավական հետևանքներ, և այդ որոշմամբ հաստատված հանգամանքները որևէ իրավական նշանակություն չունեն։ 6. Վերոգրյալի հիման վրա բողոքաբերը խնդրել է ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի մայիսի 20-ի որոշումը՝ կայացնելով դրան փոխարինող դատական ակտ, այն է՝ վարույթի հանրային մասնակցի վրա դնել անձի իրավունքների խախտումը վերացնելուն ուղղված կոնկրետ վարութային ակտեր կայացնելու (կատարելու) պարտականություն: Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները. 7. 2023 թվականի դեկտեմբերի 1-ին ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազ Մ․Անտոնյանը որոշում է կայացրել թիվ ************ քրեական վարույթով քննիչի միջնորդությունը բավարարելու և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքով ******************* նկատմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, 315-րդ հոդվածի 1-ին մասով և 353-րդ հոդվածի 1-ին մասով հանրային քրեական հետապնդում չհարուցելու մասին։ 7․1․ Վերը նշված որոշումը ********** կողմից բողոքարկվել է վերադաս դատախազին, և վերջինիս՝ 2024 թվականի հունվարի 12-ին որոշմամբ բողոքը մերժվել է, իսկ այնուհետև ********** կողմից այն բողոքարկվել է դատարան։ 8․ Նախաքննության մարմնի՝ քրեական վարույթը կարճելու մասին 2024 թվականի հունվարի 19-ի որոշմամբ արձանագրվել է հետևյալը. «(...) Նախաքննության ընթացքում ձեռք բերված հիշյալ փաստական տվյալների հաշվառմամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 196-րդ հոդվածով սահմանված կարգով միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին՝ ***************** նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասով հանրային քրեական հետապնդում չհարուցելու վերաբերյալ՝ վերջինիս կողմից իրեն վերագրվող (մեղսագրվող) արարքը կատարած չլինելու հիմքով: 2023 թվականի դեկտեմբերի 1-ին հսկող դատախազը բավարարել է ներկայացված միջնորդությունը և որոշում է կայացրել ************ նկատմամբ (…) [ք]րեական հետապնդում չհարուցելու մասին՝ վերջինիս կողմից իրեն վերագրվող (մեղսագրվող) արարքները կատարած չլինելու՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքով: Այսինքն՝ քրեական վարույթով նախաքննության ընթացքում հայտնաբերվել է ******************* նկատմամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված քրեական հետապնդումը բացառող հանգամանք: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ քրեական վարույթը ենթակա է կարճման, եթե հաստատվել է քրեական օրենսգրքով նախատեսված որևէ հանցանքի բացակայությունը (…)»։ 9. Առաջին ատյանի դատարանը 2024 թվականի ապրիլի 12-ի որոշմամբ արձանագրել է հետևյալը. «(…) Դատարանը, ուսումնասիրելով բողոքը, ինչպես նաև բողոքի կապակցությամբ ստացված նյութերը, արձանագրում է. (…) Վերոգրյալ վերլուծության լույսի ներքո անդրադառնալով ******************* կողմից ներկայացված բողոքին, Դատարանն իր անհամաձայնությունն է հայտնում բողոքաբերի կողմից ՀՀ քրեադատավարական նորմին տրված մեկնաբանությանը և փաստում, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքով վարույթը կարճելը Օրենսդիրը չի պայմանավորել քրեական հետապնդում չհարուցելու վերաբերյալ վարույթն իրականացնող քննիչի միջնորդությունը բավարարելու մասին հսկող դատախազի որոշման օրինական ուժի մեջ մտնելու հանգամանքով, հետևաբար բողոքաբերի պնդումները, կրելով սուբյեկտիվ բնույթ, չեն բխում ՀՀ քրեադատավարական օրենքի կարգավորումներից։ Այլ խոսքով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքով վարույթը կարճելու համար ամենևին պարտադիր չէ, որպեսզի դրան նախորդած՝ քրեական հետապնդում չհարուցելու վերաբերյալ վարույթն իրականացնող քննիչի միջնորդությունը բավարարելու մասին հսկող դատախազի որոշումն օրինական ուժի մեջ մտնի, քանզի նման նախապայման սահմանված չէ օրենքով։ Դատարանը փաստում է նաև, որ վարույթի հանրային մասնակցի վարութային ակտը՝ թիվ *********** քրեական վարույթը կարճելու մասին որոշումը բովանդակային առումով դատական ստուգման ենթարկելու հնարավորությունից զրկված է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հիշյալ որոշումն անօրինական դարձնող որևէ փաստարկ (բացառությամբ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 13-րդ հոդվածին տրված մեկնաբանության) բողոքաբերի կողմից չի վկայակոչվել։ Վերոգրյալի հաշվառմամբ Դատարանը հանգում է հետևության, որ նախաքննության մարմնի որոշումն օրինական է, հիշյալ որոշմամբ թույլ չի տրվել դատավարական իրավունքի, ինչպես նաև բողոքաբերի օրինական շահերի այնպիսի խախտում, որը հիմք կհանդիսանար անձի իրավունքների և ազատությունների խախտումը վերացնելու` վարույթն իրականացնող մարմնի պարտականության մասին համապատասխան դատական ակտ կայացնելու համար, ուստի Դատարանը գտնում է, որ ներկայացված բողոքը ենթակա է մերժման (…)»։ 10. Վերաքննիչ դատարանը 2024 թվականի մայիսի 20-ի որոշմամբ արձանագրել է հետևյալը. (…) Վերոնշյալի լույսի ներքո ուսումնասիրելով սույն վարույթի նյութերը՝ Վերաքննիչ դատարանը փաստում է, որ քննարկման առարկա դեպքում հիմնավոր է ************ կողմից ներկայացրած բողոքը մերժելու վերաբերյալ Դատարանի հետևությունը: (…) Վերաքննիչ դատարանն իր համաձայնությունն է հայտնում սույն որոշման 2-րդ կետում մեջբերված Դատարանի դիրքորոշումներին և դատողություններին։ (…) Ինչ վերաբերում է հատուկ վերանայման բողոքի փաստարկին առ այն, որ «Վերոգրյալի հիման վրա գտնում ենք, որ վարույթն իրականացնող մարմինը չէր կարող կայացնել թիվ *********** քրեական վարույթը կարճելու մասին որոշում այն պայմաններում, երբ դրա հիմքում դրված 01.12.2023 թվականի քրեական հետապնդում չհարուցելու մասին որոշումը չի մտել օրինական ուժի մեջ, հետևաբար նաև չէր կարող առաջացնել իրավական հետևանքներ։»՝ Վերաքննիչ դատարանը փաստում է, որ ինչպես ներկայացված փաստարկը, այդպես էլ դ[ր]ա հիմքում ընկած հիմնավորումներն անհիմն են, իսկ Դատարանն իրավաչափորեն արձանագրել է, որ «Վերոգրյալ վերլուծության լույսի ներքո անդրադառնալով ********************* կողմից ներկայացված բողոքին, Դատարանն իր անհամաձայնությունն է հայտնում բողոքաբերի կողմից ՀՀ քրեադատավարական նորմին տրված մեկնաբանությանը և փաստում, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքով վարույթը կարճելը Օրենսդիրը չի պայմանավորել քրեական հետապնդում չհարուցելու վերաբերյալ վարույթն իրականացնող քննիչի միջնորդությունը բավարարելու մասին հսկող դատախազի որոշման օրինական ուժի մեջ մտնելու հանգամանքով, հետևաբար բողոքաբերի պնդումները, կրելով սուբյեկտիվ բնույթ, չեն բխում ՀՀ քրեադատավարական օրենքի կարգավորումներից։ Այլ խոսքով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքով վարույթը կարճելու համար ամենևին պարտադիր չէ, որպեսզի դրան նախորդած՝ քրեական հետապնդում չհարուցելու վերաբերյալ վարույթն իրականացնող քննիչի միջնորդությունը բավարարելու մասին հսկող դատախազի որոշումն օրինական ուժի մեջ մտնի, քանզի նման նախապայման սահմանված չէ օրենքով։ Դատարանը փաստում է նաև, որ վարույթի հանրային մասնակցի վարութային ակտը՝ թիվ ********* քրեական վարույթը կարճելու մասին որոշումը բովանդակային առումով դատական ստուգման ենթարկելու հնարավորությունից զրկված է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հիշյալ որոշումն անօրինական դարձնող որևէ փաստարկ (բացառությամբ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 13-րդ հոդվածին տրված մեկնաբանության) բողոքաբերի կողմից չի վկայակոչվել։», ինչի վերաբերյալ Վերաքննիչ դատարանը հայտնում է իր համաձայնությունը։ Միևնույն ժամանակ Վերաքննիչ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը վերացվելու դեպքում քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշումը ենթակա է վերացման։ (…) Վերոգրյալ իրավանորմերի վերլուծության և Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների լույսի ներքո վերլուծելով և համադրելով վարույթն իրականացնող մարմնի և Դատարանի որոշման հիմնավորումները՝ Վերաքննիչ դատարանը փաստում է, որ Դատարանը, կայացված որոշմամբ, վերլուծության ենթարկելով վերաբերելի իրավակարգավորումները և դրանք կիրառելով սույն վարույթի փաստական տվյալների նկատմամբ, կայացրել է վարույթի նյութերից բխող, հիմնավորված և պատճառաբանված դատական ակտ: Վերոգրյալի հիման վրա Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը կայացնելիս Դատարանը թույլ չի տվել դատական սխալ և կայացրել է այնպիսի դատական ակտ, որը բեկանելու և հատուկ վերանայման բողոքը բավարարելու իրավաչափ հիմքեր չկան: Հետևաբար` ներկայացված հատուկ վերանայման բողոքը պետք է մերժել, իսկ Դատարանի վիճարկվող որոշումը՝ թողնել անփոփոխ (…)»։ Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը. 11. Սույն վարույթով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. hիմնավո՞ր են արդյոք քրեական հետապնդում չհարուցելու մասին որոշումն օրինական ուժի մեջ մտած չլինելու պայմաններում այդ որոշման վկայակոչմամբ քրեական վարույթը կարճելու իրավաչափության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները։ 12․ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 13-րդ հոդվածի համաձայն՝ «1. Քրեական վարույթը ենթակա է կարճման, եթե` (…) 3) կայացվել է անձի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու կամ մեղադրյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում, և սպառվել են վարույթը շարունակելու բոլոր հնարավորությունները. (…)»։ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 196-րդ հոդվածի համաձայն՝ «1. Սույն օրենսգրքի 12-րդ հոդվածով սահմանված՝ քրեական հետապնդումը բացառող հանգամանքներից որևէ մեկի առկայության դեպքում քննիչը միջնորդություն է ներկայացնում քրեական հետապնդում չհարուցելու կամ այն դադարեցնելու մասին, որի հիման վրա հսկող դատախազը որոշում է կայացնում այն բավարարելու կամ մերժելու մասին: (…) 4. Որոշման մեջ շարադրվում են քրեական վարույթ նախաձեռնելու առիթը և հիմքը, անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հիմքը, նախաքննության ընթացքում հաստատված փաստական հանգամանքները, դրանք հաստատող ապացույցները, քրեական հետապնդում չհարուցելու կամ այն դադարեցնելու իրավական հիմքերը և հիմնավորումները, կիրառված խափանման միջոցի վերացման, արգելադրված կամ առգրավված գույքի և իրեղեն ապացույցների տնօրինման հետ կապված հարցերը, ինչպես նաև որոշումը բողոքարկելու կարգը և ժամկետները: (…) 6. Քրեական հետապնդում չհարուցելու կամ այն դադարեցնելու մասին հսկող դատախազի որոշումն ստանալուց հետո քննիչը դրա պատճեններն անհապաղ հանձնում է վարույթի մասնավոր մասնակիցներին, հանցագործության մասին հաղորդում ներկայացրած անձին, ինչպես նաև այն անձին, որի իրավաչափ շահերին առնչվում է որոշումը: Նշված անձանց քննիչը բացատրում է նաև սույն օրենսգրքի 200-րդ հոդվածով սահմանված` վարույթի նյութերին ծանոթանալու կարգը: 7. Քրեական հետապնդում չհարուցելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը սույն հոդվածի 6-րդ մասում նշված անձինք կարող են բողոքարկել վերադաս դատախազին` այն ստանալու պահից տասնհինգօրյա ժամկետում: Վերադաս դատախազը բողոքն ստանալու պահից տասնհինգօրյա ժամկետում որոշում է կայացնում այն բավարարելու կամ մերժելու մասին: 8. Բողոքը բավարարելու դեպքում վերադաս դատախազը վերացնում է վիճարկվող որոշումը և իրավիճակից թելադրվող անհրաժեշտ հանձնարարություններ տալիս հսկող դատախազին: Վերադաս դատախազի որոշման պատճենը քննիչն անհապաղ հանձնում է սույն հոդվածի 6-րդ մասում նշված անձանց՝ նրանց գրավոր պարզաբանելով որոշումը բողոքարկելու կարգը և ժամկետները: 9. Բողոքը մերժելու դեպքում վերադաս դատախազն իր որոշմամբ հաստատում է վիճարկվող որոշման օրինականությունն ու հիմնավորվածությունը՝ նշելով դրա դատական բողոքարկման կարգը և ժամկետները: Բողոքը մերժելու վերաբերյալ որոշումը վերադաս դատախազն անհապաղ ուղարկում է բողոք բերած անձին: 10. Բողոք բերած անձը սույն օրենսգրքի 300-րդ հոդվածով սահմանված կարգով և ժամկետներում կարող է քրեական հետապնդում չհարուցելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը բողոքարկել դատարան: 11. Դատարանի կողմից բողոքի բավարարման դեպքում իրավասու դատախազը հարուցում է քրեական հետապնդում կամ նորոգում է այն: Եթե դատարանը բողոքը բավարարել է մեղադրական եզրակացությունը վարույթի նյութերի հետ իրավասու դատարան հանձնելուց հետո, ապա քրեական հետապնդումը հարուցելու կամ նորոգելու պահից օրենքի ուժով համարվում է, որ դատարանի վարույթում գտնվող քրեական գործից անջատվել է նոր վարույթ: Այդ մասին իրավասու դատախազը կազմում է արձանագրություն և դրա հիման վրա դատարանից պահանջում է նոր հարուցված կամ նորոգված քրեական հետապնդմանը վերաբերող քրեական գործի նյութերի պատճենները: 12. Քրեական հետապնդում չհարուցելու կամ այն դադարեցնելու մասին որոշումն օրինական ուժի մեջ է մտնում սույն օրենսգրքով սահմանված բողոքարկման ժամկետը լրանալու, իսկ բողոքարկվելու դեպքում՝ այն վերջնականապես հաստատվելու պահից»։ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 207-րդ հոդվածի համաձայն՝ «1․ Սույն օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հիմքերից որևէ մեկն առկա համարելով՝ քննիչը նախաքննության ավարտի մասին գրավոր ծանուցում է վարույթի մասնավոր մասնակիցներին, ինչպես նաև սույն օրենսգրքի 199-րդ հոդվածի 3-րդ մասում նշված անձանց և հայտնում վարույթի նյութերին ծանոթանալու տեղը, ժամանակը և հաջորդականությունը: Մինչև նախաքննության ավարտի մասին ծանուցելը քննիչը միջոցներ է ձեռնարկում իրականացվող գաղտնի քննչական գործողություններն ու օպերատիվ-հետախուզական միջոցառումները դադարեցնելու և դրանց արդյունքները վարույթի նյութերին կցելու համար։ (…) 5. Քրեական վարույթը կարճելու մասին որոշման մեջ շարադրվում են քրեական վարույթ նախաձեռնելու առիթը և հիմքը, նախաքննության ընթացքում հաստատված փաստական հանգամանքները, դրանք հաստատող ապացույցները, քրեական վարույթը կարճելու իրավական հիմքերը և հիմնավորումները, արգելադրված կամ առգրավված գույքի և իրեղեն ապացույցների տնօրինման հետ կապված հարցերը, ինչպես նաև որոշումը բողոքարկելու կարգը և ժամկետները: (…) 12. Քրեական վարույթը կարճելու մասին օրինական ուժի մեջ մտած որոշումը կարող է վերացվել վերադաս դատախազի որոշմամբ, եթե այդ որոշումը դատական ստուգման չի ենթարկվել: Այդ դեպքում վարույթը նորոգվում է: (…)»։ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 299-րդ հոդվածի համաձայն՝ «1. Դատական բողոքարկման ենթակա են հետևյալ մինչդատական ակտերը․ (…) 3) քրեական վարույթը կարճելու մասին որոշումը. 4) քրեական հետապնդում չհարուցելու, քրեական հետապնդումը դադարեցնելու, քրեական հետապնդման ժամկետը կասեցնելու, քրեական հետապնդումը նորոգելու մասին որոշումը (…)»։ 13․ Մեջբերված իրավադրույթների վերլուծության հիման վրա Վճռաբեկ դատարանը 2026 թվականի ապրիլի 9-ի թիվ ՀԿԴ/0317/11/24 որոշմամբ արձանագրել է, որ քրեական վարույթի կարճումը և հանրային քրեական հետապնդում չհարուցելը կամ այն դադարեցնելն ունեն ինքնուրույն բովանդակություն, հետապնդում են միմյանցից ըստ էության տարբերվող նպատակներ և ըստ այդմ՝ ունեն կիրառման տարբեր հիմքեր: Մասնավորապես, ի տարբերություն հանրային քրեական հետապնդում չհարուցելու կամ այն դադարեցնելու, քրեական վարույթի կարճումը հանդիսանում է վարույթի ավարտման եղանակներից մեկը, և վերոգրյալով պայմանավորված՝ օրենսդիրը հստակ տարանջատել է դրանց կիրառման հիմքերը։ Միաժամանակ, թեև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով տարանջատվել են վերոգրյալ ինստիտուտների կիրառման հիմքերը, սակայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 13-րդ հոդվածով որպես վարույթի կարճման հիմք, ի թիվս այլնի, նախատեսվել է անձի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու կամ մեղադրյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը, երբ սպառվել են վարույթը շարունակելու բոլոր հնարավորությունները։ Վճռաբեկ դատարանը նաև փաստել է, որ վերը նշված հիմքով վարույթը կարճելիս անձի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու կամ մեղադրյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշումն է հենց պայմանավորում քրեական վարույթի ավարտը։ Այլ կերպ՝ վերոնշյալ երկու որոշումները միմյանց հետ գտնվում են փոխադարձ կապի մեջ, և դրանք առանձին-առանձին դիտարկելը չի բխում օրենսգրքի տրամաբանությունից։ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 196-րդ հոդվածի համաձայն՝ քրեական հետապնդում չհարուցելու կամ այն դադարեցնելու մասին որոշումն օրինական ուժի մեջ է մտնում նույն օրենսգրքով սահմանված բողոքարկման ժամկետը լրանալու, իսկ բողոքարկվելու դեպքում՝ այն վերջնականապես հաստատվելու պահից։ Հետևաբար` անձի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու կամ մեղադրյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը կարող է հիմք հանդիսանալ վարույթը կարճելու համար ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով օրինական ուժի մեջ մտնելու պահից, որպիսի մոտեցումը միտված է այդ որոշման վկայակոչմամբ ընդունվող վարութային ակտերի հիմնավորվածության ապահովմանը։ Վճռաբեկ դատարանը գտել է, որ հակառակ մեկնաբանության դեպքում կխաթարվի ողջամիտ ժամկետում նախաքննության իրականացման պահանջը՝ նկատի ունենալով նշված որոշումների բողոքարկման արդյունքում իրավունքների խախտման փաստի արձանագրման հնարավորությունը, և ըստ այդմ՝ քրեական վարույթի ավարտման ու վերսկսման շրջապտույտը, ինչը չի բխում ինչպես հանրային, այնպես էլ մասնավոր շահերի պաշտպանությունից։ 14. Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ վերոգրյալ դիրքորոշումը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ ինչպես քրեական հետապնդում չհարուցելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը, այնպես էլ քրեական վարույթը կարճելու մասին որոշումը հանդիսանում են դատական բողոքարկման ենթակա մինչդատական ակտեր, հետևաբար վերոգրյալ որոշումների բողոքարկման արդյունքում հնարավոր է միմյանց հակասող դատական ակտերի առկայություն։ Մինչդեռ քրեական հետապնդում չհարուցելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշման դեմ դատարան ներկայացված բողոքի բավարարման դեպքում դատական ստուգման ենթարկված վարույթը կարճելու մասին որոշումը վերացնելու իրավասություն վերադաս դատախազին վերապահված չէ։ Մասնավորապես, ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը թեև նախատեսել է, որ քրեական վարույթը կարճելու մասին օրինական ուժի մեջ մտած որոշումը կարող է վերադաս դատախազի որոշմամբ վերացվել, սակայն վերոգրյալ լիազորության գործադրման համար սահմանել է հատուկ նախապայման, այն է՝ վարույթը կարճելու մասին որոշումը պետք է դատական ստուգման ենթարկված չլինի։ Այսինքն՝ շահագրգիռ անձի բողոքի քննության արդյունքում դատարանը չպետք է հաստատած լինի վարույթը կարճելու մասին որոշման իրավաչափությունը։ Այս հանգամանքով էլ պայմանավորված՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը նախատեսել է քրեական հետապնդում չհարուցելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշման օրինական ուժի մեջ մտնելու մեխանիզմ, ինչը ենթադրում է, որ վարույթը վերոնշյալ հիմքով կարող է կարճվել այն դեպքում, երբ քրեական հետապնդում չհարուցելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը մտել է օրինական ուժի մեջ։ 15. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ. - 2023 թվականի դեկտեմբեր 1-ին թիվ 61211021 քրեական վարույթով հսկող դատախազի կողմից որոշում է կայացվել ************** նկատմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, 315-րդ հոդվածի 1-ին մասով և 353-րդ հոդվածի 1-ին մասով հանրային քրեական հետապնդում չհարուցելու մասին՝ իրեն վերագրվող արարքը կատարած չլինելու հիմքով, - 2024 թվականի հունվարի 19-ին նախաքննության մարմինը որոշում է կայացրել թիվ ******* քրեական վարույթը կարճելու մասին, այն հիմնավորմամբ, որ նշված քրեական վարույթով կայացվել է ******** նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու մասին որոշում, և սպառվել են վարույթը շարունակելու բոլոր հնարավորությունները, - վարույթի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ քրեական վարույթը կարճելու մասին վերը նշված որոշման կայացման պահին ***************** նկատմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, 315-րդ հոդվածի 1-ին մասով և 353-րդ հոդվածի 1-ին մասով հանրային քրեական հետապնդում չհարուցելու մասին որոշումը բողոքարկվել է և օրինական ուժի մեջ մտած չի եղել, - Առաջին ատյանի դատարանը, քննելով նախաքննության մարմնի՝ քրեական վարույթը կարճելու մասին 2024 թվականի հունվարի 19-ի որոշման դեմ ներկայացված բողոքը, գտել է, որ հանրային քրեական հետապնդում չհարուցելու մասին որոշումն օրինական ուժի մեջ մտած չլինելու դեպքում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով որևէ արգելք առկա չէ վարույթի կարճման համար, - Վերաքննիչ դատարանն էության մեջ համաձայնել է Առաջին ատյանի դատարանի վերը նշված հետևությունների հետ։ 16. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 12-14-րդ կետերում ներկայացված իրավակարգավորումների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարաններն անձի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու մասին որոշումն օրինական ուժի մեջ մտած չլինելու պայմաններում հաստատելով նախաքննության մարմնի՝ թիվ ******** քրեական վարույթը կարճելու մասին 2024 թվականի հունվարի 19-ի որոշման օրինականությունը, սխալ են մեկնաբանել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 13-րդ հոդվածի կարգավորումները՝ թույլ տալով քրեադատավարական օրենքի պահանջների խախտում։ Այսպես, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նախաքննության մարմնի՝ 2024 թվականի հունվարի 19-ի որոշմամբ թիվ ********* քրեական վարույթը կարճվել է այն պայմաններում, երբ վերոնշյալ որոշման կայացման համար հիմք հանդիսացած՝ ************* նկատմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, 315-րդ հոդվածի 1-ին մասով և 353-րդ հոդվածի 1-ին մասով հանրային քրեական հետապնդում չհարուցելու մասին որոշումը գտնվել է բողոքարկման փուլում և դեռևս օրինական ուժի մեջ մտած չի եղել։ Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ անձի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու կամ մեղադրյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը կարող էր հիմք հանդիսանալ վարույթը կարճելու համար ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով օրինական ուժի մեջ մտնելու պահից, հետևաբար այն դեպքում, երբ անձի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու կամ մեղադրյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը դեռևս օրինական ուժի մեջ չի մտել և գտնվել է բողոքարկման փուլում, վերը նշված հիմքով քրեական վարույթի կարճումը չի կարող համարվել իրավաչափ և ապահովել հանրային ու մասնավոր շահերի հավասարակշռված պաշտպանությունը: Հակառակ մեկնաբանությունը, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ, կարող է հանգեցնել իրավական անորոշության՝ հաշվի առնելով, որ վերադաս դատախազն իրավասու է վերացնել քրեական վարույթը կարճելու մասին օրինական ուժի մեջ մտած որոշումը միայն այն դեպքում, երբ այդ որոշումը դատական ստուգման չի ենթարկվել: 17. Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ************ նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու մասին որոշումն օրինական ուժի մեջ մտած չլինելու պայմաններում այդ որոշման վկայակոչմամբ քրեական վարույթի կարճման իրավաչափության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները հիմնավոր չեն: 18. Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարույթով Առաջին ատյանի դատարանը դատական ակտ կայացնելիս, իսկ Վերաքննիչ դատարանն Առաջին ատյանի դատարանի դատական ակտն անփոփոխ թողնելիս թույլ են տվել դատական սխալ՝ մասնավորապես քրեադատավարական օրենքի էական խախտում, որը հանգեցրել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 15-րդ հոդվածով սահմանված՝ վարույթի հանրայնության սկզբունքի խախտման, ինչը, նույն օրենսգրքի 362-րդ հոդվածի համաձայն, հիմք է ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանելու և դրանց փոխարինող դատական ակտ կայացնելու համար։ Սակայն հաշվի առնելով, որ նախաքննության մարմնի՝ թիվ ***** քրեական վարույթը կարճելու մասին 2024 թվականի հունվարի 19-ի որոշման հիմքում դրված՝ ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազ Մ.Անտոնյանի՝ հանրային քրեական հետապնդում չհարուցելու միջնորդությունը բավարարելու մասին 2023 թվականի դեկտեմբերի 1-ի որոշումն այլևս մտել է օրինական ուժի մեջ, որպիսի պայմաններում ստորադաս դատարանների վիճարկվող դատական ակտերը բեկանելը և փոխարինող դատական ակտ կայացնելը, ըստ էության, առարկայազուրկ է՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի որոշումը պետք է թողնել անփոփոխ՝ հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 33-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 352-րդ, 359-րդ, 361-363-րդ և 400-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը Ո Ր Ո Շ Ե Ց 1. Թիվ ՀԿԴ/0081/11/24 դատական վարույթով ՀՀ հակակոռուպցիոն դատարանի՝ 2024 թվականի մայիսի 20-ի որոշումը թողնել անփոփոխ՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները: 2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը: Նախագահող` Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆ Դատավորներ` Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆ Ռ.ՄԽԻԹԱՐՅԱՆ Ս.ՉԻՉՈՅԱՆ