Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am

Վճռաբեկ դատարան · Վարչ. միջանկյալ

ՎԴ/2251/05/26

Վճռաբեկ դատարանի որոշումների ցանկից (cassationcourt.am/decisions)՝ դատարանի նախադեպային շտեմարանում այն չկա։

Գործի համարը
ՎԴ/2251/05/26
Հայցվոր
«Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի» կրոնական կազմակերպություն
Պատասխանող
ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության
Դատական ակտի ընդունման ամսաթիվը
27.07.2026
Վարչական իրավունք
Վարչական դատավարություն

Որոշման տեքստը

դատարանի Word ֆայլից
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ Վարչական գործ թիվ ՎԴ/2251/05/26 2026թ. Ո Ր Ո Շ Ո Ւ Մ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝ նախագահող զեկուցող Հ. ԲԵԴԵՎՅԱՆ Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ Ք. ՄԿՈՅԱՆ 2026 թվականի հուլիսի 27-ին գրավոր ընթացակարգով քննելով «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի» կրոնական կազմակերպության վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 19.03.2026 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշման դեմ` վարչական գործով ըստ հայցի «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի» կրոնական կազմակերպության ընդդեմ ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության, երրորդ անձ՝ Արման Սարոյան՝ թիվ 14469063 կատարողական վարույթի շրջանակում Արման Սարոյանին «Կատարողական վարույթի մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի կիրառմամբ «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու» անունից «Արարատբանկ» բաց բաժնետիրական ընկերությունում և «Արդշինբանկ» բաց բաժնետիրական ընկերությունում «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու» կանոնադրության 68-րդ հոդվածով, ինչպես նաև կիրառելի այլ կանոններով թեմի առաջնորդի համար սահմանված իրավասություններն ու պարտականությունները, այդ թվում նաև՝ Մասյացոտնի թեմի ֆինանսական հաշիվների (միջոցների) տնօրինումը և թեմի ֆինանսական գործարքների իրականացումը լիազորելու գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու պահանջների մասին, Պ Ա Ր Զ Ե Ց 1. Գործի դատավարական նախապատմությունը. Դիմելով դատարան` «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի» կրոնական կազմակերպությունը պահանջել է ոչ իրավաչափ ճանաչել թիվ 14469063 կատարողական վարույթի շրջանակում Արման Սարոյանին «Կատարողական վարույթի մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի կիրառմամբ «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու» անունից «Արարատբանկ» բաց բաժնետիրական ընկերությունում և «Արդշինբանկ» բաց բաժնետիրական ընկերությունում «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու» կանոնադրության 68-րդ հոդվածով, ինչպես նաև կիրառելի այլ կանոններով թեմի առաջնորդի համար սահմանված իրավասություններն ու պարտականությունները, այդ թվում նաև՝ Մասյացոտնի թեմի ֆինանսական հաշիվների (միջոցների) տնօրինումը և թեմի ֆինանսական գործարքների իրականացումը լիազորելու գործողությունները։ Միաժամանակ հայցվորը միջնորդել է կիրառել հայցի ապահովման միջոց՝ իրավիճակը ժամանակավոր (մինչև սույն գործով կայացվող վճռի օրինական ուժի մեջ մտնելը) փոփոխել՝ համարել թիվ 14469063 կատարողական վարույթի շրջանակում Արման Սարոյանին «Կատարողական վարույթի մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի կիրառմամբ «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու» անունից «Արդշինբանկ» բաց բաժնետիրական ընկերությունում և «Արարատբանկ» բաց բաժնետիրական ընկերությունում հանդես գալու լիազորությունը կասեցված կամ դադարեցված։ ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ռ. Մաքեյան) (այսուհետ` Դատարան) 17.02.2026 թվականի որոշմամբ հայցի ապահովում կիրառելու վերաբերյալ միջնորդությունը մերժվել է: ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (նախագահող դատավոր` Ռ. Մախմուդյան) (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 19.03.2026 թվականի որոշմամբ «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի» կրոնական կազմակերպության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 17.02.2026 թվականի «Հայցի ապահովում կիրառելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին» որոշումը թողնվել է անփոփոխ։ Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի» կրոնական կազմակերպությունը (ներկայացուցիչ՝ Արա Զոհրաբյան)։ Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։ 2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը. Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով. Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասը, 63-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ և 27-րդ հոդվածները, 91-րդ հոդվածի 1-ին մասը, 145-րդ հոդվածը։ Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով. Վերաքննիչ դատարանն անտեսել է «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի» կրոնական կազմակերպության կողմից ներկայացված միջնորդությամբ բերված այն փաստարկը, որ վարչական գործով մեկ գործի քննության միջին տևողությունը 2-4 տարի է. այդ ընթացքում Արման Սարոյանի ակնհայտ անհիմն կատարողական գործողության արդյունքում «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի» կրոնական կազմակերպության հաշիվների տնօրինման իրավասությունը չկասեցնելն արդեն իսկ նշանակում է, որ դատական ակտի օրինական ուժ ստանալու դեպքում, անկախ վերջինիս բովանդակությունից, «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի» կրոնական կազմակերպության՝ «Արարատբանկ» ԲԲԸ-ում և «Արդշինբանկ» ԲԲԸ-ում բացված հաշիվներում որևէ գումար չի լինելու, և վերջինիս դատական պաշտպանության իրավունքն ըստ էության կրելու է ձևական բնույթ, ուստի չի ծառայելու իր նպատակին։ Մինչդեռ Վերաքննիչ դատարանը նոր պատճառաբանություններ է տվել, որոնք բացարձակ որևէ փաստական աղերս չունեն հայցվորի կողմից բողոքարկվող դատական ակտի հետ, այլ կերպ ասած՝ Դատարանի կողմից տրվել է այլ պատճառաբանություն, իսկ Վերաքննիչ դատարանի կողմից՝ բոլորովին այլ: Վերաքննիչ դատարանը Դատարանին կաշկանդել է ընդհանուր իրավասության դատարանի կատարողական թերթի սահմանները գերազանցող կատարողական գործողություններին իրավական գնահատական տալու հարցում՝ դրանով իսկ կանխորոշելով ըստ էության գործի ելքը։ Ավելին՝ Վերաքննիչ դատարանը վեճի ըստ էության դաշտ է մուտք գործել, ընդ որում՝ կատարելով ակնհայտ սխալ եզրահանգումներ: Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի» կրոնական կազմակերպությունը վիճարկում է ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության՝ կատարողական թերթի պահանջներից չբխող գործողությունները: Վերաքննիչ դատարանն արհեստական եղանակով նույնացրել և փոխկապակցել է թիվ ԱՐԴ/0046/02/26 քաղաքացիական գործով կայացված միջանկյալ ակտի իրավական ու փաստական էությունը, սույն գործով ներկայացված պահանջի հետ, մինչդեռ սույն գործով ներկայացված պահանջը և նշված քաղաքացիական գործով կայացված միջանկյալ դատական ակտը միմյանց հետ որևէ աղերս չունեն: Սույն գործով ներկայացված հայցի առարկան թիվ 14469063 կատարողական վարույթի շրջանակում ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու պահանջն է, այլ կերպ ասած՝ ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության գործողությունները չեն բխում կամ համահունչ չեն թիվ ԱՐԴ/0046/02/26 քաղաքացիական գործով կայացված հայցի ապահովման միջոցների հետ. հենց այդ հանգամանքն էլ սույն գործով քննության առարկան է: Բացի այդ, Վերաքննիչ դատարանը դուրս է եկել վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների շրջանակից և կատարել է սխալ եզրահանգում։ Վերաքննիչ դատարանն իրականացրել է ոչ թե միջանկյալ դատական ակտի բողոքարկման քննություն, այլ՝ միանձնյա եղանակով իրականացրել է «Գործն ըստ էության լուծող դատական ակտի վերաքննություն» և Դատարանի «թերի կամ սխալ պատճառաբանված» միջանկյալ դատական ակտը պատճառաբանել է: Ստեղծված պայմաններում փաստվում է, որ Վերաքննիչ դատարանն ուղղակի ընդունել և արձանագրել է, որ Դատարանը, «Հայցի ապահովում կիրառելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին» որոշմամբ միջնորդությունը մերժելով այլ պատճառաբանությամբ, այնուամենայնիվ եկել է ճիշտ եզրահանգման։ Վերաքննիչ դատարանի նման մոտեցումն իրավական առումով պարալիզացված մոտեցում է, առնվազն մի քանի հիմքով՝ - Վերաքննիչ դատարանը դուրս է եկել վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների շրջանակից, - Վերաքննիչ դատարանը դուրս է եկել բողոքարկվող միջանկյալ դատական ակտի պատճառաբանական մասից, - Վերաքննիչ դատարանը միանձնյա եղանակով իրականացրել է «գործն ըստ էության լուծող դատական ակտի վերաքննություն» և «թերի կամ սխալ պատճառաբանված» միջանկյալ դատական ակտն ինքն է պատճառաբանել, որի լիազորությունը չուներ, - Վերաքննիչ դատարանն ըստ էության արձանագրել է, որ միջանկյալ դատական ակտի դեպքում կարևոր չէ պատճառաբանությունը, այլ եզրափակիչ մասն է կարևոր։ Ստացվում է, որ Վերաքննիչ դատարանը հայցվորի պահանջը մերժել է Դատարանի պատճառաբանությունների շրջանակից դուրս՝ նոր պատճառաբանություններով, իրականացրել է ոչ թե վերաքննություն, այլ՝ գործի նոր քննություն: Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել հայցվորի վերաքննիչ բողոքի հիմքերին և հիմնավորումներին, դատական ակտում տվել է նոր պատճառաբանություններ, որոնք առկա չեն բողոքարկվող դատական ակտում: Վերաքննիչ դատարանի նոր պատճառաբանությունները հայցվորի համար հանգեցրել են անկանխատեսելի հետևանքների և զրկել վերջինիս այդ մասով դիրքորոշում ներկայացնելու հնարավորությունից: Տվյալ դեպքում Վերքաննիչ դատարանը չի իրականացրել արդարադատություն, ուստի առնվազն անհասկանալի է, թե ում համար և ում վերաքննիչ բողոքի հիման վրա է իրականացրել վերաքննություն: Այն դեպքում, երբ Վերաքննիչ դատարանը դուրս է գալիս վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների շրջանակից, սակայն ընդունում է, որ «դրանք հիփոթետիկ կարող են հիմնավոր լինել», ապա խաթարվում է դատարանի անկողմնակալությունը և մրցակցային դատավարության էությունը։ Վերոգրյալի հիման վրա՝ բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 19.03.2026 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ։ 3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի, 63-րդ հոդվածի 1-ին մասի և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 145-րդ հոդվածի 2-րդ մասի խախտման հետևանքով առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով. Վերոգրյալով պայմանավորված՝ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքների կարևոր բաղադրիչ հանդիսացող դատական ակտի բողոքարկման իրավունքի արդյունավետ իրականացման և օրենքով նախատեսված վերաքննության սահմանները պահպանելու օրենսդրական կարգավորումների համատեքստում անդրադառնալ վերաքննիչ բողոքը մերժելու և ՀՀ վարչական դատարանի միջանկյալ դատական ակտն անփոփոխ թողնելու ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 145-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված լիազորությունն իրացնելու առանձնահատկություններին։ ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք: ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք: ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 145-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ միջանկյալ դատական ակտերի դեմ բերված վերաքննիչ բողոքների քննության արդյունքով վերաքննիչ դատարանը, (…) մերժում է վերաքննիչ բողոքը՝ նույն օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասի 1-8-րդ կետերով, 9-րդ կետով (բացառությամբ վարչական ակտի կատարումը կասեցնելու մասին միջանկյալ դատական ակտերի) և 10-րդ ու 11-րդ կետերով նախատեսված միջանկյալ դատական ակտերը թողնելով անփոփոխ, իսկ 9-րդ կետով նախատեսված՝ վարչական ակտի կատարումը կասեցնելու մասին միջանկյալ դատական ակտերը թողնում է օրինական ուժի մեջ: ՀՀ Սահմանադրության 172-րդ հոդվածի համաձայն` վերաքննիչ դատարաններն առաջին ատյանի դատարանների դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում վերանայող դատական ատյան են: «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ դատարանն օրենքով սահմանված լիազորությունների սահմաններում վերանայում է առաջին ատյանի դատարանների` բողոքարկման ենթակա դատական ակտերը: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` վերաքննիչ դատարանում գործերի քննության կարգը, ինչպես նաև վերաքննության սահմանները սահմանվում են օրենքով։ ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ փաստել է, որ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորված են անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքները, որոնց կարևոր բաղադրիչներից մեկը բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովելու դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը (տե՛ս, «Ֆասթ Սփլայ» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ3/0347/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.03.2015 թվականի որոշումը): Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ դատական պաշտպանության իրավունքն իրենում ներառում է նաև վերադաս ատյանի կողմից ստորադաս ատյանի կայացրած դատական ակտերի բողոքարկման հնարավորությունը: Բողոքարկման իրավունքի իրացմամբ շահագրգիռ սուբյեկտը հնարավորություն է ստանում բողոքի միջոցով արտահայտելու ստորադաս ատյանի կողմից կայացված դատական ակտի հետ իր անհամաձայնությունը՝ ակնկալելով իր կողմից ներկայացված հիմքերի պատշաճ կարգով քննություն իրավասու դատարանի կողմից (տե՛ս, «Մելտեքս» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ կառավարության, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի թիվ ՎԴ/10869/05/19 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 10.11.2023 թվականի որոշումը): ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ, 5-րդ և 6-րդ կետերի համաձայն` վերաքննիչ բողոքում նշվում են նյութական կամ դատավարական իրավունքի նորմի այն խախտումը, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, այդ խախտումների, ինչպես նաև գործի ելքի վրա դրանց ազդեցության վերաբերյալ հիմնավորումները, բողոք բերող անձի պահանջը: ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքում ներկայացված պահանջի սահմաններում` ձեռնարկելով անհրաժեշտ միջոցներ բողոքն ըստ էության քննելու համար: ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 146-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ որոշման պատճառաբանական մասը բովանդակում է եզրահանգում` բողոքում առաջադրված յուրաքանչյուր պահանջի հիմնավորվածության վերաբերյալ, մասնավորապես պատասխանելով հետևյալ հարցերին. ա. արդյո՞ք հիմնավոր է տվյալ պահանջը` բողոքում դրա վերաբերյալ նշված հիմնավորումների սահմաններում կամ անկախ դրանցից, բ. եթե վերաքննիչ բողոքի հիմքում դրված պահանջը հիմնավոր չէ, ապա ի՞նչ պատճառաբանմամբ` հղում կատարելով միջազգային պայմանագրի, օրենքի և այլ իրավական ակտի նորմերին, սահմանադրական դատարանի, վճռաբեկ դատարանի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի այն որոշումներին, որոնց հիման վրա վերաքննիչ դատարանը համարում է, որ բողոքի հիմքում դրված պահանջը հիմնավոր չէ, գ. եթե վերաքննիչ բողոքի հիմքում դրված պահանջը հիմնավոր է, ապա ի՞նչ հիմնավորմամբ` հղում կատարելով միջազգային պայմանագրի, օրենքի կամ այլ իրավական ակտի այն նորմերին, սահմանադրական դատարանի, վճռաբեկ դատարանի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի այն որոշումներին, որոնց հիման վրա վերաքննիչ դատարանը համարում է, որ բողոքի հիմքում դրված պահանջը հիմնավոր է, դ. վերաքննիչ բողոքի հիմքում դրված պահանջի հիմնավորվածության դեպքում արդյո՞ք վերաքննիչ բողոքում նշված` դատարանի թույլ տված նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի խախտումը ազդել է կամ կարող էր ազդել գործի ելքի վրա` պատճառաբանելով համապատասխան եզրահանգումը: Վերոնշյալ իրավանորմերի համատեքստում, ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ վերաքննությունը հանդիսանում է դատական համակարգի կարևորագույն կառուցվածքային ու ընթացակարգային բաղադրիչը, որի առանցքային գործառույթը նախ և առաջ ստորադաս դատարանի դատական ակտում թույլ տրված սխալների վերացումն է։ ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է նաև, որ վերաքննությունը վարչական արդարադատության այն ինստիտուտներից է, որի նպատակն է ապահովել առաջին ատյանի դատարանի դատական ակտերի օրինականության և հիմնավորվածության վերահսկողությունը։ Հանդիսանալով իրավական պաշտպանության միջոց` վերաքննությունը միաժամանակ ծառայում է անձանց իրավունքների և դատական համակարգում օրինականության պահպանմանը։ ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարել նշել, որ վերաքննության ինստիտուտի առաջնահերթ նպատակներից է արդարադատության սխալները բացառելը, որոնք կարող են լինել թե՛ իրավական, թե՛ փաստական բնույթի։ Իրավական սխալները վերաբերում են նորմերի սխալ կամ ոչ լիարժեք կիրառմանը, իսկ փաստական սխալները վերաբերում են ապացույցների սխալ գնահատմանը կամ անտեսմանը, որոնք կարող են խախտել արդար դատաքննության սկզբունքները։ Հետևաբար, վերաքննությունը ենթադրում է դատական սխալների գնահատում։ ՀՀ վճռաբեկ դատարանն ամրագրել է, որ վերաքննիչ դատարանում գործի քննությունը հանդիսանում է ոչ թե նոր, ինքնուրույն դատաքննություն, այլ վերանայում՝ ուղղված առաջին ատյանի դատարանի իրավական գնահատականի ստուգմանը։ Այլ կերպ ասած, վերաքննիչ դատարանը գնահատում է՝ արդյոք նախորդ ատյանի դատարանն իր վարույթում թույլ չի տվել դատավարական կամ նյութական իրավունքի նորմերի խախտումներ, որոնք կարող էին ազդել դատական ակտի օրինականության և արդարության վրա։ ՀՀ վճռաբեկ դատարանն ամրագրել է նաև, որ վերաքննության նպատակը ոչ միայն դատական գործընթացի արդյունավետության ապահովումն է, այլև իրավական որակի բարձրացումը, որը բխում է իրավական անվտանգության և կանխատեսելիության սկզբունքներից։ Կանխատեսելիությունը դատական ակտերի կայացման գործընթացում հանդիսանում է դատական համակարգի նկատմամբ վստահության ամրապնդման հիմք, ինչը նշանակում է, որ վերաքննիչ դատարանի գործառույթն է ապահովել այն իրավական միջավայրը, որտեղ պատշաճորեն վերահսկվում է դատական ակտերի օրինականությունը։ Միաժամանակ, ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ վարչական դատարանի՝ ինչպես գործն ըստ էության լուծող դատական ակտերի, այնպես էլ բողոքարկման ենթակա միջանկյալ դատական ակտերի վերանայման հիմքը համապատասխան վերաքննիչ բողոքն է, որը բերվում է դատավարության մասնակիցների կամ դատավարության մասնակից չդարձված այն անձանց կողմից, ում իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է դատական ակտ։ Ընդ որում, անձի բողոքը հիմնված է իր իրավական ներքին համոզման վրա, որ ստորադաս դատարանի դատական ակտը հակասում է օրենքի պահանջներին, հիմնված չէ ամբողջական կամ օբյեկտիվ փաստական վերլուծության վրա, կամ այլ կերպ խախտում է իր դատավարական կամ նյութական իրավունքները։ Այս պայմաններում բողոքաբերը, օգտագործելով օրենքով իրեն վերապահված բողոքարկման իրավունքը, ձգտում է հասնել իր իրավունքները ենթադրաբար խախտող դատական ակտի վերանայմանը՝ ավելի բարձր ատյանի դատարանի կողմից։ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վերաքննությունը չի կարող վերածվել ողջ ծավալով կրկնակի քննության, ինչը կհանգեցնի դատավարական գործընթացի դանդաղեցման և կողմերի իրավունքների խախտման։ Նշվածը կանխելու նպատակով օրենսդիրը սահմանել է վերաքննության կարգով բողոքի քննության հստակ շրջանակ, այն է՝ վերաքննիչ դատարանը պետք է ուղղի նախորդ ատյանի դատական սխալները՝ օրենքով կանխորոշված սահմաններում իրականացնելով պատշաճ քննություն։ Հետևաբար, վերաքննությունը, լինելով երկրորդ ատյանի դատական վերահսկողության մեխանիզմ, չի հանդիսանում այնպիսի դատական վերանայում, որի շրջանակներում կարող է իրականացվել գործի փաստական քննության լիակատար կրկնություն կամ լրիվ նոր քննություն։ ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարել ընդգծել, որ վերաքննության սահմանները նպատակ ունեն կանխելու դատավարական ամբողջ գործընթացի անհարկի կրկնությունները, և հատկանշական է, որ վերաքննության սահմանների անցումը կամ դրանց անտեսումը կարող է ինքնին հանգեցնել դատավարության մասնակիցների իրավունքների անհարկի խախտման՝ խաթարելով արդարադատության բուն էությունը և արդյունավետությունը։ ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է նաև, որ վերաքննության սահմանները, բողոք բերող անձի իրավունքների պաշտպանության արդյունավետ գործընթաց իրականացնելու տեսանկյունից չեն ենթադրում վերաքննության իրավունքի սահմանափակում, այլ նպատակ ունեն ապահովելու բողոքարկված դատական ակտի իրավաչափության գնահատումն առավել ուղիղ և նպատակային քննության շրջանակում՝ անդրադառնալով բողոքում նշված բոլոր հիմքերին։ ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ վերաքննիչ դատարանը, մի կողմից` չի կարող սեփական նախաձեռնությամբ դուրս գալ վարչական դատարանում գործի քննության շրջանակներից, այսինքն՝ առանց վերաքննիչ բողոքում համապատասխան հիմքի առկայության կայացնել դատական ակտ այն իրավական և փաստական հիմքերով, որոնք առաջին ատյանի դատարանում քննության առարկա չեն դարձվել: Իսկ մյուս կողմից՝ վերաքննիչ բողոքում վարչական դատարանի կողմից քննության առարկա չդարձված հիմքի առկայության դեպքում վերաքննիչ դատարանը պարտավոր է ըստ էության քննության առարկա դարձնել նաև վերաքննիչ բողոքի այդ հիմքը՝ այս պարագայում չսահմանափակվելով վարչական դատարանում գործի քննության շրջանակներով: ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է նաև, որ այն դեպքում, երբ վերաքննիչ բողոքում վկայակոչված չէ այնպիսի հիմք, որի վերաբերյալ վարչական դատարանում քննություն չի իրականացվել, ապա վերաքննիչ դատարանը չի կարող դուրս գալ վարչական դատարանում գործի քննության շրջանակներից և կայացնել դատական ակտ վերաքննիչ բողոքում չվկայակոչված և վարչական դատարանում քննության առարկա չդարձված հիմքով (տե'ս, անհատ ձեռնարկատեր Գևորգ Դավթյանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Մաշտոցի հարկային տեսչության ՀՀ վճռաբեկ դատարանի 30․11․2018 թվականի թիվ ՎԴ/2976/05/15 վարչական գործով որոշումը): Մեկ այլ որոշմամբ անդրադառնալով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 134-րդ և 144-րդ հոդվածների համակարգային վերլուծությանը` ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վերաքննիչ դատարանը պարտավոր է քննության առարկա դարձնել վերաքննիչ բողոքում նշված բոլոր հիմքերը` ի պաշտոնե իրականացնել բողոքի քննություն, իր դիրքորոշումն ու եզրահանգումներն արտահայտել բողոքում ներկայացված յուրաքանչյուր հիմքի վերաբերյալ: Հակառակ դեպքում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածի վերը նշված դրույթը կկրի հռչակագրային բնույթ, եթե վերաքննիչ դատարանը սահմանափակվի զուտ այդ դրույթին համահունչ վերաքննիչ բողոքի հիմքերը դատական ակտում շարադրելով և չանդրադառնա այդ հիմքերի հիմնավորվածության հարցին: Հետևաբար բողոքում բարձրացված հիմքերը պարտադիր քննության առարկա պետք է դառնան վերադաս դատական ատյանում, և դատարանի կայացրած որոշումը պետք է պարունակի այդ հիմքերի վերաբերյալ եզրահանգումներ: Այդուհանդերձ, հիշատակված դրույթների նման մեկնաբանումը չի նշանակում բողոքի յուրաքանչյուր հիմքում ներառված ցանկացած փաստարկի գնահատում և վերլուծում: Բողոքը քննող դատարանը բողոքի հիմքերում ներառված փաստարկներին պետք է անդրադառնա այն հաշվով, որ նախ դրանք լինեն վերաբերելի բողոքի հիմքերին, և այդ փաստարկներն ունենան ազդեցություն բողոքի հիմքը կամ հիմքերը հիմնավորված համարելու տեսանկյունից (տե՛ս, «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունն ընդդեմ ՀՀ քննչական կոմիտեի թիվ ՎԴ/4169/05/15 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 25.12.2019 թվականի որոշումը): ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը պարտավոր է անդրադառնալ վերաքննիչ բողոքում նշված բոլոր հիմքերին և քննության առարկա դարձնել բողոք բերած անձի համապատասխան հիմնավորումները` որոշման պատճառաբանական մասում եզրահանգման գալով վերաքննիչ բողոքի այդ հիմքերի հիմնավոր կամ անհիմն լինելու վերաբերյալ (տե՛ս, «Մելտեքս» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ կառավարության, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի թիվ ՎԴ/10869/05/19 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 10.11.2023 թվականի որոշումը): Վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները՝ ՀՀ վճռաբեկ դատարանը կրկին ամրագրել է, որ գործի վերաքննության փուլում վերաքննիչ դատարանը պարտավոր է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ վերաքննիչ բողոքի բոլոր հիմքերն ըստ էության քննության առարկա դարձնելու համար: Միաժամանակ, գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելու ("ex officio") սկզբունքը վերաքննիչ դատարանին հնարավորություն չի ընձեռում սեփական նախաձեռնությամբ և ինքնուրույն լրացնել վերաքննիչ բողոքի հիմքերը: Ընդ որում, վերաքննիչ դատարանը, դատական ակտը վերանայելով վերաքննիչ բողոքում ներկայացված պահանջի uահմաններում և ձեռնարկելով անհրաժեշտ միջոցներ բողոքն ըuտ էության քննելու համար, չի կարող սեփական նախաձեռնությամբ դուրս գալ առաջին ատյանի դատարանում գործի քննության շրջանակներից` կայացնելով դատական ակտ այն իրավական և փաստական հիմքերով, որոնք առաջին ատյանի դատարանում քննության առարկա չեն դարձվել։ Այլ կերպ ասած, վերաքննիչ դատարանը` չի կարող կայացնել դատական ակտ այն իրավական և փաստական հիմքերով, որոնք առաջին ատյանի դատարանում քննության առարկա չեն դարձվել, եթե վերաքննիչ բողոքում այդպիսի հիմք առկա չէ, եթե վերաքննիչ բողոքում առկա է վարչական դատարանի կողմից քննության առարկա չդարձված հիմք, ապա վերաքննիչ դատարանը պարտավոր է ըստ էության քննության առարկա դարձնել նաև վերաքննիչ բողոքի այդ հիմքը՝ չսահմանափակվելով վարչական դատարանում գործի քննության շրջանակներով: Այսպիսով, ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ բացառապես նշված պայմանների պահպանման դեպքում է հնարավոր ապահովել արդար դատաքննության իրավունքի տարր հանդիսացող՝ դատավարության մասնակիցների առնվազն երկու դատական ատյանում լսված լինելու իրավունքի իրացումը։ Ամփոփելով նշվածը՝ ՀՀ վճռաբեկ դատարանն ամրագրել է, որ վերաքննիչ դատարանը գործի վերաքննությունը պետք է իրականացնի օրենքով կանխորոշված սահմաններում, մասնավորապես՝ բողոքի քննություն իրականացնելիս պետք է պահպանվեն հետևյալ բոլոր պայմանները՝ վերաքննիչ դատարանը պետք է անդրադառնա բացառապես այն հիմքերին, որոնք վերաբերում են բողոք ներկայացրած անձի իրավունքներին և շահերին. վերաքննիչ բողոքի բոլոր հիմքերն ըստ էության քննության առարկա դարձնելու համար՝ վերաքննիչ դատարանը պետք է ի պաշտոնե իրականացնի բողոքի քննություն՝ իր դիրքորոշումն ու եզրահանգումներն արտահայտելով բողոքում ներկայացված յուրաքանչյուր հիմքի վերաբերյալ՝ անկախ այն հանգամանքից, թե վերաքննիչ բողոքում վկայակոչված այս կամ այն հիմքը վարչական դատարանում քննարկվել է, թե՝ ոչ. պետք է զերծ մնա վերաքննիչ բողոքում չվկայակոչված այնպիսի հիմքի անդրադառնալուց, որի վերաբերյալ վարչական դատարանում քննություն չի իրականացվել (տե՛ս, անհատ ձեռնարկատեր Անդրինե Միրզախանյանն ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի Արարատյան մաքսատուն-վարչության թիվ ՎԴ/2969/05/20 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 25.09.2025 թվականի որոշումը)։ Վերահաստատելով վերոգրյալ իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը կարող է իրացնել վերաքննիչ բողոքը մերժելու և միջանկյալ դատական ակտն անփոփոխ կամ օրինական ուժի մեջ թողնելու՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 145-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված իր լիազորությունը միայն այն դեպքում, երբ պատշաճ կարգով ապահովում է վերաքննիչ բողոք ներկայացրած անձի՝ ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածներով սահմանված դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքները։ Մասնավորապես՝ վերաքննիչ բողոքը մերժման ենթակա լինելու՝ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի եզրահանգումը պետք է բխի վերաքննիչ բողոքում վկայակոչված բոլոր հիմքերի և հիմնավորումների վերաբերյալ իրավական դիրքորոշումներից և դրանց կիրառմամբ ստորադաս դատարանի դատական ակտում թույլ տրված դատական սխալների գնահատման արդյունքում ձևավորված համոզմունքից։ Ողջ վերոշարադրյալի հաշվառմամբ՝ Վճռաբեկ դատարանն անթույլատրելի է համարում վերաքննության սահմանների ցանկացած շեղում և գտնում է, որ իրավական անվտանգության և կանխատեսելիության սկզբունքների ապահովման, դատական ակտը բողոքարկելու իրավունքի իրացման արդյունավետության տեսանկյունից վերաքննիչ ատյանը պարտավոր է վերաքննիչ բողոքի քննությունն իրականացնել բացառապես վերաքննիչ բողոքում ներկայացված բոլոր հիմքերի և հիմնավորումների շրջանակում՝ իրավական գնահատական տալով բողոք բերած անձի կողմից ստորադաս դատարանին վերագրված դատական սխալներին։ Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ. Սույն գործը հարուցվել է «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի» կրոնական կազմակերպության կողմից ներկայացված ճանաչման հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է ոչ իրավաչափ ճանաչել թիվ 14469063 կատարողական վարույթի շրջանակում Արման Սարոյանին «Կատարողական վարույթի մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի կիրառմամբ «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու» անունից «Արարատբանկ» բաց բաժնետիրական ընկերությունում և «Արդշինբանկ» բաց բաժնետիրական ընկերությունում «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու» կանոնադրության 68-րդ հոդվածով, ինչպես նաև կիրառելի այլ կանոններով թեմի առաջնորդի համար սահմանված իրավասություններն ու պարտականությունները, այդ թվում նաև՝ Մասյացոտնի թեմի ֆինանսական հաշիվների (միջոցների) տնօրինումը և թեմի ֆինանսական գործարքների իրականացումը լիազորելու գործողությունները։ Միաժամանակ հայցվորը միջնորդել է կիրառել հայցի ապահովման միջոց՝ իրավիճակը ժամանակավոր (մինչև սույն գործով կայացվող վճռի օրինական ուժի մեջ մտնելը) փոփոխել՝ համարել թիվ 14469063 կատարողական վարույթի շրջանակում Արման Սարոյանին «Կատարողական վարույթի մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի կիրառմամբ «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու» անունից «Արդշինբանկ» բաց բաժնետիրական ընկերությունում և «Արարատբանկ» բաց բաժնետիրական ընկերությունում հանդես գալու լիազորությունը կասեցված կամ դադարեցված։ Դատարանը 17.02.2026 թվականի որոշմամբ հայցի ապահովում կիրառելու վերաբերյալ միջնորդությունը մերժել է` հետևյալ պատճառաբանությամբ․ «Տվյալ դեպքում Հայցվորի հիմնավորումը վերաբերում է էական վնաս հասցնելուն, մինչդեռ միջնորդությամբ վկայակոչած փաստարկները որևէ ապացույցով ամրագրված չեն, այլ կրում են ենթադրական բնույթ, հետևաբար հիմքեր չկան եզրահանգելու, որ հայցի ապահովման միջոց չձեռնարկելը կարող է էական վնաս հասցնել միջնորդություն ներկայացնող անձին: Նշված եզրահանգման համար դատարանը հաշվի է առնում նաև այն հանգամանքը, որ սույն պարագայում առկա չէ որևէ ողջամիտ կասկած կամ դրա կապակցությամբ արժանահավատ և բավարար ապացույց, որը կվկայեր միջնորդություն ներկայացնող անձին էական վնաս հասցվելու մասին: Միևնույն ժամանակ, ներկայացված հայցով Հայցվորն ակնկալում է, որ դատարանը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված ճանաչման հայցի շրջանակում ոչ իրավաչափ ճանաչի թիվ 14469063 կատարողական վարույթի շրջանակում Արման Սարոյանին «Կատարողական վարույթի մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի կիրառմամբ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու անունից «Արարատբանկ» բաց բաժնետիրական ընկերությունում և «Արդշինբանկ» բաց բաժնետիրական ընկերությունում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոնադրության 68-րդ հոդվածով, ինչպես նաև կիրառելի այլ կանոններով թեմի առաջնորդի համար սահմանված իրավասություններն ու պարտականությունները, այդ թվում նաև՝ Մասյացոտնի թեմի ֆինանսական հաշիվների (միջոցների) տնօրինումը և թեմի ֆինանսական գործարքների իրականացումը լիազորելը: ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված Հայցվորի նպատակը սպառված գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու միջոցով նմանատիպ իրավիճակում նմանատիպ գործողությունները կրկին կատարելու վտանգը չեզոքացնելը, կամ առաջացած վնասի հատուցում ստանալը կամ պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը վերականգնելն է, մինչդեռ վերջինս չի հիմնավորել, որ առանց իրավիճակի ժամանակավոր փոփոխման հնարավոր չի լինի կամ դժվար կլինի հասնել նշված նպատակներին»: Վերաքննիչ դատարանը 19.03.2026 թվականի որոշմամբ «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի» կրոնական կազմակերպության վերաքննիչ բողոքը մերժել է, և Դատարանի 17.02.2026 թվականի «Հայցի ապահովում կիրառելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին» որոշումը թողել է անփոփոխ` հետևյալ պատճառաբանությամբ․ «(...) թիվ ԱՐԴ/0046/02/26 քաղաքացիական գործով կիրառված հայցի ապահովման պայմաններում, երբ մինչև նույն գործով եզրափակիչ դատական ակտ կայացնելը Արման Սարոյանին թույլատրվել է Մայր Աթոռի՝ Մասյացոտնի թեմի ֆինանսական հաշիվների (միջոցների) տնօրինումը և թեմի ֆինանսական գործարքների իրականացումը, սույն գործով հայցվոր «Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցի» կրոնական կազմակերպության ներկայացուցչի կողմից հայցի ապահովում կիրառելու վերաբերյալ միջնորդությամբ ներկայացված հիմնավորումները չեն կարող հանգեցնել նույն միջնորդությամբ ներկայացված՝ իրավիճակը ժամանակավոր (մինչև սույն գործով կայացվող վճռի օրինական ուժի մեջ մտնելը) փոփոխելու հայցի ապահովման միջոցի կիրառման, և ըստ այդմ՝ թիվ 14469063 կատարողական վարույթի շրջանակում Արման Սարոյանին «Կատարողական վարույթի մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի կիրառմամբ Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու անունից «Արդշինբանկ» ԲԲԸ-ում և «Արարատբանկ» ԲԲԸ-ում հանդես գալու լիազորությունը կասեցված կամ դադարեցված համարելուն։ (...) հայցվորի ներկայացուցչի նման բովանդակությամբ միջնորդության ներկայացումը փաստացիորեն հանգեցնելու է թիվ ԱՐԴ/0046/02/26 քաղաքացիական գործով 16.01.2026թ. կիրառված հայցի ապահովման` վերը նշված միջոցի վերացման, ինչը քաղաքացիական գործի շրջանակներում կիրառված լինելու պայմաններում, վարչական դատավարության ընթացակարգերով վերացնելու կառուցակարգեր գործող օրենսդրությունը չի նախատեսում։ Փոխարենը, հայցվորի ներկայացուցիչը թիվ ԱՐԴ/0046/02/26 քաղաքացիական գործով կիրառված հայցի ապահովման միջոցի վերացմանն ուղղված քայլեր կարող է/էր ձեռնարկել միայն նույն քաղաքացիական գործի շրջանակներում ներկայացվող միջնորդություններով, իսկ այդպիսի միջնորդությունների մերժման վերաբերյալ դատական ակտերի բողոքարկման իրավական հնարավորությունների դեպքում էլ՝ իրացնելու դրանք վերաքննությամբ բողոքարկելու իր իրավունքից։ Հակառակ պարագայում, ստացվում է, որ արդեն օրինական ուժի մեջ մտած դատական ակտով կիրառված հայցի ապահովման միջոցի առկայության պայմաններում, Վերաքննիչ դատարանի կողմից սույն վարչական գործով ներկայացված հայցի ապահովման միջոցի կիրառումը հանգեցնելու է նրան, որ բնության մեջ առկա են լինելու բովանդակային առումով տրամագծորեն միմյանց հակադրվող երկու դատական ակտեր, որոնցից մեկով Արման Սարոյանին կթույլատրվի տնօրինել Մայր Աթոռի՝ Մասյացոտնի թեմի ֆինանսական հաշիվները (միջոցները) և թեմի ֆինանսական գործարքների իրականացումը՝ (հիմք՝ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացված դատական ակտի), իսկ մյուսով՝ Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու անունից «Արդշինբանկ» ԲԲԸ-ում և «Արարատբանկ» ԲԲԸ-ում հանդես գալու և համապատասխան գործարքներ իրականացնելու մասով կկասեցվի կամ կդադարեցվի Արման Սարոյանի իրավասությունը (...)։ (...) նման պայմաններում, հայցվորի ներկայացուցչի կողմից հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությամբ ներկայացված հիմնավորումներին անդրադառնալու անհրաժեշտությունը բացակայում է, անգամ եթե դրանք հիփոթետիկ կարող են հիմնավոր լինել, քանի որ արդեն իսկ առկա է մեկ այլ՝ թիվ ԱՐԴ/0046/02/26 քաղաքացիական գործով կայացված հայցի ապահովման միջոց կիրառելու մասին որոշում, որպիսի որոշման գոյությունը, քանի դեռ այն չի վերացվել այդ միջոցը կիրառած դատարանի կողմից, արդեն իսկ հանգեցնում է սույն գործով միջնորդության մերժման։ Հետևաբար, չնայած ՀՀ վարչական դատարանը հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ հայցվորի ներկայացուցչի միջնորդության հիման վրա կայացված 17.02.2026թ. «Հայցի ապահովում կիրառելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին» որոշմամբ միջնորդությունը մերժել է այլ պատճառաբանությամբ, այնուամենայնիվ եկել է ճիշտ եզրահանգման»: Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով սույն գործի փաստերին և Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը․ Սույն գործով հայցվորի կողմից ներկայացված հայցի ապահովում կիրառելու վերաբերյալ միջնորդությունը Դատարանի կողմից, ըստ էության, մերժվել է այն պատճառաբանությամբ, որ հիմքեր չկան եզրահանգելու, որ հայցի ապահովման միջոց չձեռնարկելը կարող է էական վնաս հասցնել միջնորդություն ներկայացրած անձին։ Հայցվորի կողմից 18․02․2026 թվականին էլեկտրոնային համակարգով Վերաքննիչ դատարան ներկայացված վերաքննիչ բողոքում նշված հիմքերն ամբողջովին վերաբերել են հայցի ապահովում կիրառելու անհրաժեշտությանը և պարունակել են Դատարանի կողմից միջնորդությունը մերժելու պատճառաբանություններն անհիմն գնահատող վերլուծություններ՝ ըստ էության անհամաձայնություն հայտնելով հայցի ապահովման միջոց չձեռնարկելու արդյունքում միջնորդություն ներկայացրած անձին էական վնաս հասցնելու հիմքերի բացակայության և դրանք հիմնավորող ապացույցներ ներկայացված չլինելու մասին Դատարանի իրավական դիրքորոշումների վերաբերյալ։ Վերաքննիչ դատարանը, անտեսելով վերաքննիչ բողոքի հիմքերն ու հիմնավորումները, չի անդրադարձել և իրավական գնահատական չի տվել բողոք բերած անձի կողմից ստորադաս դատարանին վերագրված դատական սխալներին, իրացրել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 145-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված իր լիազորությունը և մերժել է վերաքննիչ բողոքը՝ անփոփոխ թողնելով Դատարանի որոշումն այնպիսի հիմքով, որը Դատարանը չի քննարկել, իսկ վերաքննիչ բողոքը դրա մասին որևէ փաստարկ չի պարունակել։ Մասնավորապես՝ Վերաքննիչ դատարանը խուսափել է իրավական գնահատական տալ բողոք բերած անձի կողմից ստորադաս դատարանին վերագրված դատական սխալներին և, անտեսելով վերաքննիչ բողոքի հիմքերն ու հիմնավորումները, եզրահանգում է արել այն մասին, որ հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ հայցվոր կողմի միջնորդությամբ ներկայացված հիմնավորումներին անդրադառնալու անհրաժեշտությունը բացակայում է՝ նման իրավական դիրքորոշումը, ըստ էության, պայմանավորելով թիվ ԱՐԴ/0046/02/26 քաղաքացիական գործով կայացված միջանկյալ դատական ակտի գոյության հանգամանքով։ Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը սեփական նախաձեռնությամբ դուրս է եկել Դատարանում քննարկման առարկա դարձված հարցերի շրջանակներից, ավելին՝ շեղվել է հայցվորի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի հիմքերից և դատական ակտ է կայացրել այնպիսի իրավական և փաստական հիմքերով, որոնք ոչ միայն չեն քննարկվել Դատարանի կողմից, այլև վկայակոչված չեն եղել վերաքննիչ բողոքում: Վճռաբեկ դատարանի գնահատմամբ Վերաքննիչ դատարանը փաստացի չի ապահովել դատավարության մասնակցի՝ դատական ակտի բողոքարկման իրավունքի արդյունավետ իրացումը, ինչը հանգեցրել է վերջինիս՝ ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածներով երաշխավորված դատարանի մատչելիության և արդյունավետ դատական պաշտպանության իրավունքների խախտմանը, որպիսի պարագայում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 145-րդ հոդվածի 2-րդ մասի կիրառումը չի կարող իրավաչափ լինել։ Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերաքննիչ բողոքում ներկայացված հիմքերին և հիմնավորումներին անդրադառնալու և բողոք բերած անձի կողմից ստորադաս դատարանին վերագրված դատական սխալներին իրավական գնահատական տալու միջոցով ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածներով երաշխավորված դատարանի մատչելիության և արդյունավետ դատական պաշտպանության իրավունքների իրացումն ապահովելու պարագայում է միայն հնարավոր կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 145-րդ հոդվածի 2-րդ մասի լիազորությունը և մերժել վերաքննիչ բողոքը՝ անփոփոխ թողնելով Դատարանի որոշումը։ Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար: Միաժամանակ, հաշվի առնելով, որ Վերաքննիչ դատարանն անդրադարձ չի կատարել և իրավական գնահատական չի տվել Դատարանի «Հայցի ապահովում կիրառելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին» որոշման իրավաչափության վերաբերյալ վերաքննիչ բողոքում ներկայացված բոլոր հիմքերին և հիմնավորումներին, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ անհրաժեշտ է այդ հիմքերի և հիմնավորումների ըստ էության քննություն ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի կողմից։ Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 153-րդ, 169-րդ և 171-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը Ո Ր Ո Շ Ե Ց 1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 19.03.2026 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը։ 2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ: Նախագահող Զեկուցող Հ. ԲԵԴԵՎՅԱՆ Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ Ք. ՄԿՈՅԱՆ