Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am

Վճռաբեկ դատարան · Կոռուպցիոն հանցագործություններ

ՀԿԴ/0218/01/25

Վճռաբեկ դատարանի որոշումների ցանկից (cassationcourt.am/decisions)՝ դատարանի նախադեպային շտեմարանում այն չկա։

Գործի համարը
ՀԿԴ/0218/01/25
Դիմող / մեղադրյալ
Արսեն Բազիկյան
Դատական ակտի ընդունման ամսաթիվը
30.07.2026
ՀՀ Քրեական դատավարության օրենսգիրք

Որոշման տեքստը

դատարանի Word ֆայլից
ՀԿԴ/0218/01/25 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն դատարան, նախագահող դատավոր` Խ.Ղազարյան Հայաստանի Հանրապետության վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան, նախագահող դատավոր՝ Ա.Մարտիրոսյան 2026 թվականի հուլիսի 30-ին քաղաք Երևանում ՀՀ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմը (այսուհետ նաև՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ` Ս.ՉԻՉՈՅԱՆԻ մասնակցությամբ դատավորներ` Ե․ԴԱՆԻԵԼՅԱՆԻ Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆԻ Ռ․ՄԽԻԹԱՐՅԱՆԻ գրավոր ընթացակարգով քննության առնելով մեղադրյալ Արսեն Ռուբենի Բազիկյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան) 2026 թվականի հունվարի 8-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա․Վարդապետյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը, Պ Ա Ր Զ Ե Ց Վարույթի դատավարական նախապատմությունը. 1. 2025 թվականի օգոստոսի 20-ին ՀՀ հակակոռուպցիոն դատարան (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան) է մուտքագրվել քրեական գործն ըստ մեղադրանքի՝ Ա․Բազիկյանի՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ նաև՝ ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 184-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 308-րդ հոդվածի 1-ին մասով (62 դրվագ), 308-րդ հոդվածի 2-րդ մասով (3 դրվագ) և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (6 դրվագ), որին շնորհվել է թիվ ՀԿԴ/0218/01/25 համարը։ 1.1 Առաջին ատյանի դատարանի 2025 թվականի օգոստոսի 23-ի որոշմամբ թիվ ՀԿԴ/0218/01/25 քրեական գործն ստանձնվել է վարույթ և նշանակվել նախնական դատալսումներ։ 2․ Առաջին ատյանի դատարանի 2025 թվականի նոյեմբերի 27-ի որոշմամբ հանրային մեղադրող Ա․Գևորգյանի միջնորդությունը բավարարվել է մասնակի, և մեղադրյալ Ա․Բազիկյանի նկատմամբ, որպես խափանման միջոցներ, համակցված կիրառվել են վարչական հսկողությունն ու բացակայելու արգելքը: 3․ Մեղադրյալ Ա․Բազիկյանի պաշտպան Գ․Չապանյանի հատուկ վերանայման բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանի 2026 թվականի հունվարի 8-ի որոշմամբ Առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանվել և կայացվել է դրան փոխարինող դատական ակտ․ հանրային մեղադրող Ա․Գևորգյանի միջնորդությունը մերժվել է, և մեղադրյալ Ա․Բազիկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված վարչական հսկողությունը վերացվել է, իսկ բացակայելու արգելքը թողնվել է անփոփոխ։ 4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գխավոր դատախազ Ա․Վարդապետյանը ներկայացրել է հատուկ վերանայման բողոք, որը Վճռաբեկ դատարանի 2026 թվականի մարտի 4-ի որոշմամբ ընդունվել է վարույթ, և սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։ Հատուկ վերանայման բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը. Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով. 5․․ Ըստ բողոքաբերի՝ առավել մեղմ խափանման միջոցի կիրառմամբ մեղադրյալ Ա․Բազիկյանի պատշաճ վարքագիծն ապահովելու հարցում հետևության հանգելիս՝ Վերաքննիչ դատարանը պատշաճ ուշադրության չի արժանացրել այն հանգամանքը, որ Ա․ Բազիկյանին մեղսագրվող արարքները դասվում են կոռուպցիոն հանցանքների շարքին, որոնց լատենտայնության առավել բարձր աստիճանով պայմանավորված՝ քրեական վարույթի բոլոր հանգամանքներն ու ենթադրյալ կոռուպցիոն սխեմայի ամբողջական բացահայտումը և դրանց հաստատումը պահանջում են առավել մեծ ջանքեր ու միջոցներ՝ հատկապես, որ ենթադրյալ հանցանքի առերևույթ կատարումը կապվում է այս կամ այն չափով բարձր կամ էական վարչական լծակներով օժտված պաշտոն զբաղեցրած անձի անվան հետ, ինչը ձևավորում է կասկած, որ անձը կարող է չկատարել իր վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով իր վրա դրված պարտականությունները, այդ թվում՝ ապօրինի միջամտելով ապացուցման գործընթացին: Այս կապակցությամբ բողոքաբերը փաստել է, որ հիմնական դատալսումները դեռևս չեն սկսվել և ապացույցները չեն հետազոտվել, ընդ որում, մեղադրական եզրակացությամբ վկայակոչվել և հիմնական դատալսումների փուլում դեռևս պետք է հարցաքննվեն 41 վկաներ, իսկ քրեական վարույթով տեղեկությունների տիրապետող հիշյալ անձինք մեղադրյալ Ա․Բազիկյանի հետ որոշակի հարաբերությունների մեջ գտնվող անձինք են (կատարված ենթադրյալ հանցանքների կատարմանն առերևույթ ներգրավված են եղել նրա մերձավորները, վերջինիս հետ որոշակի հարաբերությունների մեջ գտնվող անձինք, ********* համայնքի բնակիչները), իսկ Ա․Բազիկյանը տևական ժամանակ՝ 2003 թվականից մինչև 2021 թվականը հանդիսացել է պաշտոնատար անձ՝ զբաղեցնելով ******** ******** ********** համայնքի ղեկավարի պաշտոնը: 5․1․ Բողոքաբերը, քննարկման առարկա դարձնելով մեղադրյալ Ա․Բազիկյանի կողմից քրեական վարույթին խոչընդոտելու, այդ թվում՝ ապացուցման գործընթացին միջամտելու հավանականության բարձր կամ ցածր լինելու հարցը, նշել է, որ այդ կապակցությամբ գնահատման են ենթակա հետևյալ հանգամանքները. - ենթադրաբար խախտված հասարակական հարաբերությունների բնույթն ու կարևորությունը: Ա․Բազիկյանի կողմից կատարված հանրորեն վտանգավոր արարքներով վտանգվել է պետական ապարատի բնականոն գործունեությունը, - մեղսագրվող արարքների կատարման եղանակը։ Ա.Բազիկյանն իրեն մեղսագրվող արարքները կատարել է ուղղակի դիտավորությամբ, - հանցավոր մտադրության նպատակը, հետևանքները։ Ա․Բազիկյանը, շուրջ 18 տարի զբաղեցնելով ******** ******** ******** համայնքի ղեկավարի պաշտոնը, հանդիսանալով պաշտոնատար անձ, զբաղվել է կոռուպցիոն գործունեությամբ, որի արդյունքում փաստացի ձեռք է բերել համայնքին պատկանող բազմաթիվ անշարժ գույքեր, ինչպես նաև օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված գույքերը, - մեղսագրվող հանցանքների ծանրության աստիճանը։ Այսպիսով՝ Բողոքաբերը գտնում է, որ վերոշարադրյալ փաստական տվյալները պատշաճ չգնահատելու արդյունքում Վերաքննիչ դատարանը զրկված է եղել մեղադրյալի անձի մասին ճիշտ պատկերացում կազմելու, ինչպես նաև նրա հետագա վարքագծի վերաբերյալ հիմնավորված հետևություն կատարելու հնարավորությունից: 5․2․ Բողոքաբերը նշել է նաև, որ վերոնշյալ հանգամանքների, ինչպես նաև ՀՀ վճռաբեկ դատարանի՝ 2025 թվականի նոյեմբերի 6-ի թիվ ՀԿԴ/0253/06/24 գործով կայացված որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Առաջին ատյանի դատարանն Ա.Բազիկյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխելու հարցը վերստին քննության առարկա է դարձրել, և գործի բոլոր հանգամանքների հաշվառմամբ վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել նաև վարչական հսկողությունը: Այլ կերպ, Առաջին ատյանի դատարանը որպես վարույթն իրականացնող մարմին, ունենալով քրեական գործի դատաքննության ցանկացած փուլում մեղադրյալի նկատմամբ ընտրված խափանման միջոցի հարցը կրկին քննարկելու հնարավորություն և իրավասություն, նոր իրավիճակի պայմաններում գործի բոլոր հանգամանքների կրկին հետազոտման և գնահատման արդյունքում իրավաչափորեն արձանագրել է նաև դատաքննության ընթացքում մեղադրյալի կողմից ապօրինի ճանապարհով վարույթի իրականացմանը խոչընդոտելու հավանականության առկայությունը, որպիսի պայմաններում Վերաքննիչ դատարանի հետևություններն իրավաչափ չեն: 5․3․ Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի հետևություններին առ այն, որ սույն վարույթի ընթացքում շուրջ մեկ տարվա ժամանակահատվածում առնվազն անձի նկատմամբ ընտրված է եղել բացառապես բացակայելու արգելք խափանման միջոց, տեղի է ունեցել վարութային փուլի փոփոխություն՝ մինչդատական վարույթի ավարտի և գործի դատաքննության մեկնարկի տեսքով, ապա այս կապակցությամբ բողոքաբերը փաստել է, որ Առաջին ատյանի դատարանը, որպես վարույթն իրականացնող մարմին այդ հարցին ևս անդրադարձել է և նշված հանգամանքների հաշվառմամբ փաստել, որ կալանքին այլընտրանքային խափանման միջոցների՝ տվյալ դեպքում վարչական հսկողության և բացակայելու արգելքի համակցված կիրառմամբ հնարավոր է ապահովել վարույթի բնականոն ընթացքը: Ավելին, Ա.Բազիկյանի վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի 2025 թվականի նոյեմբերի 6-ին կայացրած որոշման ուսումնասիրությունից ակնհայտ է դառնում, որ դրանում մատնանշվել են այնպիսի հանգամանքներ, որոնք հավասարապես վկայում են նաև դատաքննության ընթացքում մեղադրյալի կողմից ապացուցման գործընթացին ապօրինի միջամտելու հավանականության առկայության մասին: Բացի այդ, Վերաքննիչ դատարանը ուշադրության չի արժանացրել նաև այն հանգամանքը, որ վճռաբեկ բողոքը ներկայացվելուց հետո Ա.Բազիկյանին ներկայացված մեղադրանքը փոփոխվել, լրացվել և նրա նկատմամբ նոր քրեական հետապնդում է հարուցվել՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերով, 62 դրվագ՝ 308-րդ հոդվածի 1-ին մասով, 3 դրվագ՝ 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 6 դրվագ՝ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով: 6․ Արդյունքում, բողոքի հեղինակը խնդրել է ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2026 թվականի հունվարի 8-ի որոշումը, բեկանված մասով կայացնել դրան փոխարինող դատական ակտ՝ օրինական ուժ տալով Առաջին ատյանի դատարանի՝ 2025 թվականի նոյեմբերի 27-ի որոշմանը։ Հատուկ վերանայման վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները. 7. Առաջին ատյանի դատարանի 2025 թվականի նոյեմբերի 27-ի որոշման համաձայն՝ «(...) Նախ և առաջ, Դատարանն արձանագրում է, որ 2025 թվականի սեպտեմբերի 23-ին՝ «Մեղադրյալի նկատմամբ կիրառված խափանման միջոցը վերացնելու, փոփոխելու, անփոփոխ թողնելու կամ դրա ժամկետը երկարաձգելու հարցը քննության առնելու մասին» ՀՀ հակակոռուպցիոն դատարանի կողմից որոշման կայացման օրվանից հետո ի հայտ է եկել նոր հանգամանք, որը որոշում կայացնելու օրվա դրությամբ դեռևս հայտնի չի եղել Դատարանին: Մասնավորապես՝ 2025 թվականի նոյեմբերի 6-ին ՀՀ Վճռաբեկ դատարանի կողմից հրապարակվել է որոշում՝ մեղադրյալ Արսեն Բազիկյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու հարցի վերաբերյալ, որը Դատարանի գնահատմամբ հանդիսանում է նոր հանգամանք՝ դատաքննության ընթացքում խափանման միջոցի հարցի վերստին քննության համատեքստում: ՀՀ Վճռաբեկ դատարանի 2025 թվականի նոյեմբերի 6-ի թիվ ՀԿԴ/0253/06/25 որոշմամբ հայտնած դիրքորոշման համաձայն՝ «16. (...) Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ առավել մեղմ խափանման միջոցի կամ խափանման միջոցների համակցված կիրառմամբ մեղադրյալ Ա.Բազիկյանի օրինական վարքագիծն ապահովելու հնարավորության վերաբերյալ հետևության հանգելիս ստորադաս դատարանները պատշաճ իրավական գնահատման չեն ենթարկել սույն վարույթում առկա մի շարք հանգամանքներ: 16.1. Այսպես, տվյալ դեպքում՝ պատշաճ՝ վերլուծության և գնահատման չի ենթարկվել Ա.Բազիկյանին մեղսագրվող ենթադրյալ արարքների բնույթը, դրանց հանրային վտանգավորության բարձր՝ աստիճանը: Մասնավորապես, պատշաճ չի գնահատվել այն հանգամանքը, որ մեղադրյալ Ա.Բազիկյանին մեղսագրվում են կոռուպցիոն բնույթի միջին ծանրության և առանձնապես ծանր հանցագործություններ՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը՝ 33 դրվագ, պաշտոնեական դիրքն օգտագործելով հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը՝ 2 դրվագ, որոնք ոտնձգում են այնպիսի կարևոր արժեքների դեմ, ինչպիսիք են պետական ծառայության բնականոն գործունեությունը և Հայաստանի Հանրապետության տնտեսական կարգը։ 16.2. Վճռաբեկ դատարանը նաև գտնում է, որ դատարանները բավարար չափով գնահատման չեն ենթարկել մեղադրյալի անձը բնութագրող հատկանիշները։ Մասնավորապես, հաշվի չի առնվել մեղադրյալ Ա.Բազիկյանի՝ նախկինում զբաղեցրած պաշտոնեական դիրքը և դրանով պայմանավորված՝ վերջինիս մոտ ձևավորված կայուն սոցիալական կապերի առկայությունը։ Մասնավորապես՝ պատշաճ չի գնահատվել այն հանգամանքը, որ Ա.Բազիկյանը շուրջ 15 տարի զրաղեցրել է ******************** ****************** *************** պաշտոնը, նրա կողմից կատարված ենթադրյալ հանցանքների կատարմանն առերևույթ ներգրավված են եղել նրա մերձավորները, վերջինիս հետ որոշակի հարաբերությունների մեջ գտնվող անձինք, ************ համայնքի բնակիչները։ (...) 16.3. Ստորադաս դատարանները համակցության մեջ չեն գնահատել քրեական վարույթում առկա փաստական տվյալներն առ այն, որ սույն քրեական վարույթը գտնվել է ապացույցների հավաքման ակտիվ փուլում, որի պայմաններում առկա է բարձր հավանականությունն առ այն, որ մեղադրյալ Ա.Բազիկյանը, մնալով ազատության մեջ, չի կատարի իր՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված պարտականությունները, այն է՝ կմիջամտի ապացուցողական գործընթացին` անօրինական ազդեցություն գործադրելով վարույթին ներգրավվման ենթակա և արդեն իսկ ներգրավված անձանց վրա: (...)»։ Դատարանն արձանագրում է, որ թեև ՀՀ Վճռաբեկ դատարանի դիրքորոշումը վերաբերում է ՀՀ հակակոռուպցիոն դատարանի՝ 2024 թվականի դեկտեմբերի 24-ի և ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի փետրվարի 3-ի որոշումներին, այնուամենայնիվ, մեղադրյալ Արսեն Բազիկյանի վերաբերյալ քրեական վարույթը ներկայումս գտնվում է ՀՀ հակակոռուպցիոն դատարանի տիրույթում և ՀՀ Վճռաբեկ դատարանի դիրքորոշումը ուղենշային նշանակություն ունի մեղադրյալի նկատմամբ խափանման միջոցի կիրառման և վերջինիս պատշաճ վարքագծի ապահովման հարցի տեսանկյունից: (...) Դատարանն ընդգծում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասով ամրագրված՝ մեղադրյալի ոչ պատշաճ վարքագծի դրսևորման հավանական ձևերի վերաբերյալ կատարվող դատողությունները պետք է բոլոր հանգամանքներում հիմնված լինեն քրեական գործում առկա տեղեկատվության ու փաստական տվյալների վրա։ Կոնկրետ խափանման միջոցի կիրառման անհրաժեշտության վերաբերյալ դատողությունները չեն կարող կառուցվել գնահատման ենթակա տվյալների առանձին դիտարկման վրա, այլ պետք է ձևավորվեն դրանց փոխկապակցված համադրմամբ և ամբողջական գնահատման արդյունքում՝ հիմնավորված և փաստարկված եզրակացությունների ձևով։ Դատարանը, ընդունելի համարելով ՀՀ Վճռաբեկ դատարանի թիվ ՀԿԴ/0253/06/25 քրեական վարույթով 2025 թվականի նոյեմբերի 6-ին արտահայտած իրավական դիրքորոշումներն առ այն, որ Արսեն Բազիկյանը շուրջ 15 տարի զբաղեցրել է ********* ********* ******* ******** ******** ******** պաշտոնը, այդ ընթացքում ձևավորել է կայուն սոցիալական կապեր, ինչպես նաև այն, որ ենթադրյալ հանցանքների կատարմանն առերևույթ ներգրավված են եղել նրա մերձավոր ազգականները, վերջինիս հետ որոշակի հարաբերությունների մեջ գտնվող անձինք, ******** բնակիչները, հարկ է համարում նկատել, որ վերոնշյալ հանգամանքները հավասարապես հանդիսանում են ինչպես նախաքննության, այնպես էլ դատաքննության ընթացքում Արսեն Բազիկյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու հիմնավորվածության կապակցությամբ գնահատման ենթակա հանգամանքներ: Մինչդեռ, ի տարբերություն նախաքննության փուլում ստեղծված իրադրության, երբ վկաները դեռևս հարցաքննված չեն եղել, նախաքննությունը գտնվել է ապացույցների հավաքման ակտիվ շրջանում, մեղադրյալի կողմից վկաների նկատմամբ ազդեցություն գործադրելու կամ վարույթին ապօրինի եղանակով խոչընդոտելու հավանականությունն առավել բարձր է եղել, ներկայում, Դատարանի գնահատմամբ այդ հանգամանքների ազդեցությունը նվազել է։ Մասնավորապես, երբ նախաքննության ընթացքում վկաներն արդեն հարցաքննվել են, ապացույցներն ամբողջացվել են, նախաքննությունն ավարտվել է, հանրային մեղադրողը գործը հաստատված մեղադրական եզրակացությամբ ուղարկել է Դատարան, Դատարանն ընդունել է քրեական գործի վարույթը և նշանակել նախնական դատալսումներ, որոշվել է ապացույցների հետազոտման կարգը, Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել իրավիճակի զգալի փոփոխություն և մեղադրյալի կողմից քրեական վարույթին ապօրինի եղանակով խոչընդոտելու հավանականությունը էապես նվազել է: Այլ կերպ ասած, Դատարանն ընդգծում է, որ թեև շարունակում են առկա լինել ՀՀ Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները, առ այն, որ մեղադրյալն ապօրինի ճանապարհով կարող է խոչընդոտել վարույթի իրականացմանը, այնուամենայնիվ Դատարանն անհրաժեշտ է համարում ընդգծել նաև այն հանգամանքը, որ մեղադրյալը շուրջ 1 տարի գտնվելով ազատության մեջ դրսևորել է պատշաճ վարքագիծ և մինչ այս պահն առկա չէ որևէ փաստական հանգամանք առ այն, որ մեղադրյալ Արսեն Բազիկյանը խոչընդոտել է քննությանը, ուստի այդ բոլոր հանգամանքները և քրեական գործում առկա փաստական տվյալները համակցության մեջ գնահատման ենթարկելով՝ կարելի է եզրահանգել, որ ժամանակի ընթացքում մեղադրյալ Արսեն Բազիկյանի կողմից հնարավոր ոչ իրավաչափ վարքագիծ դրսևորելու ռիսկերը որակական առումով ենթարկվել են այնպիսի փոփոխությունների, որ Դատարանին հնարավորություն են տալիս իրավաչափ հետևության հանգելու այլընտրանքային առավել մեղմ խափանման միջոցի կիրառմամբ մեղադրյալ Արսեն Բազիկյանի օրինական վարքագիծն ապահովելու հարցում։ Դատարանը, ՀՀ Վճռաբեկ դատարանի որոշման լույսի ներքո, գտնում է, որ քրեական գործի քննության սույն փուլում մեղադրյալի կողմից վարույթի բնականոն ընթացքին խոչընդոտելու հավանականությունն այն աստիճանի բարձր չէ, որ վերջինիս նկատմամբ կիրառվի ամենախիստ խափանման միջոցը և վերջինիս պատշաճ վարքագիծը հնարավոր է ապահովել առավել մեղմ այլընտրանքային խափանման միջոցի, այն է՝ վարչական հսկողության կիրառմամբ։ Ընդ որում, Դատարանը փաստում է, որ մեղադրյալ Արսեն Բազիկյանի նկատմամբ սահամանափակումների կիրառումը հնարավորություն կտա ապահովելու վերջինիս օրինական վարքագիծը, ուստի վարչական հսկողության կիրառման ժամանակահատվածում մեղադրյալին պետք է պարտավորեցնել շաբաթը մեկ անգամ գրանցվել ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության ************ ************ ************ հասցե՝ ************ ************ ************ , ինչպես նաև արգելել հաղորդակցվել սույն քրեական գործով անցնող մասնավոր մասնակիցների և վարույթին օժանդակող անձանց /վկաների/ հետ։ Ինչ վերաբերում է մեղադրյալի կողմից փախուստի դիմելու հավանականությանը, ապա Դատարանն արձանագրում է, որ խափանման միջոցի կիրառման նշված հիմքը ևս շարունակում է առկա լինել, քանի որ մեղադրյալը բացի Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինելուց հանդիսանում է նաև Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, և օգտագործելով իր անձնագիրը, կարող է դիմել փախուստի: Սակայն Դատարանի գնահատմամբ, դա ևս կարող է չեզոքացվել մեղադրյալի ազատության իրավունքի նկատմամբ առավել մեղմ սահմանափակումների կիրառման պայմաններում։ Մասնավորապես՝ այլընտրանքային խափանման միջոց բացակայելու արգելք խափանման միջոցի համակցված կիրառումը հնարավորություն կտա ապահովելու մեղադրյալի օրինական վարքագիծը, քանի որ Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգում վերջինիս նկատմամբ կիրառված են Հայաստանի Հանրապետությունը լքելու կապակցությամբ սահմանափակումներ, ուստի Դատարանն արձանագրում է, որ բացակայելու արգելք խափանման միջոցն ի զորու է չեզոքացնելու մեղադրյալի կողմից փախուստի դիմելու հավանականությունը։ (...)»։ 8․ Վերաքննիչ դատարանի 2026 թվականի հունվարի 8-ի որոշման համաձայն՝ «(…) Վերաքննիչ դատարանի արձանագրմամբ բողոքաբերի փաստարկները հանգում են նրան, որ Վճռաբեկ դատարանի 2025 թվականի նոյեմբերի 6-ի թիվ ՀԿԴ/0253/06/25 որոշումն իրավական տեսանկյունից չի կարող համարվել կաշկանդող և, առավել ևս, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 117-րդ հոդվածի իմաստով՝ նոր հանգամանք, բացի այդ նշված որոշումը առավելապես վերաբերելի էր մինչդատական վարույթում չհարցաքննված վկաների վրա ազդեցություն գործադրելու հնարավոր ռիսկին և որևէ նոր տվյալ չէր պարունակում և չէր էլ կարող պարունակել դատական վարույթում Ա․Բազիկյանի կողմից դրսևորվող վարքագծի վերաբերյալ, ուստի այն դատական վարույթում Ա.Բազիկյանի վարքագծի դրսևորման վերաբերյալ առհասարակ ելակետ չէր։ Այս համատեքստում անդրադառնալով սույն վարույթով դիտվող իրավիճակին՝ հարկ է արձանագրել, որ թիվ ************ վարույթը 2025 թվականի օգոստոսի 20-ին ստացվել է ՀՀ հակակոռուպցիոն դատարանում, որի կապակցությամբ նույն թվականի օգոստոսի 25-ին կայացվել է քրեական գործը վարույթ ստանձնելու և նախնական դատալսումներ նշանակելու մասին որոշում: Ընդ որում, քրեական վարույթը դատարան մուտքագրելու պահին Արսեն Բազիկյանի նկատմամբ ընտրված է եղել բացակայելու արգելք խափանման միջոցը: 2025 թվականի սեպտեմբերի 23-ի որոշմամբ ՀՀ հակակոռուպցիոն դատարանը մեղադրյալ Արսեն Բազիկյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ հանրային մեղադրող Արսեն Գևորգյանի միջնորդությունը մերժել է, և Արսեն Բազիկյանի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց կիրառված բացակայելու արգելքը թողնվել է անփոփոխ այն պատճառաբանությամբ, որ 2022 թվականից մինչ օրս Արսեն Բազիկյանը դրսևորել է պատշաճ վարքագիծ, ներկայացել է վարույթն իրականացնող մարմնի հրավերով, և որևէ տվյալ հայտնի չէ, որ վերջինը որևէ եղանակով փորձել է խոչընդոտել գործի քննությանը: Արդեն 2025 թվականի նոյեմբերի 27-ի որոշմամբ ստորադաս դատարանը Վճռաբեկ դատարանի 2025 թվականի նոյեմբերի 6-ի որոշման դիրքորոշումների լույսի ներքո գտել է, որ Արսեն Բազիկյանի նկատմամբ խափանման միջոց կիրառելու հիմքերն օժտված են որոշակի ռիսկայնությամբ, և մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է համակցված կերպով վարչական հսկողությունը և բացակայելու արգելքը: Մինչդեռ, հատկանշական է, որ Առաջին ատյանի դատարանի հիշյալ դատական ակտում որևէ հիմնավորում առկա չէ առ այն, թե խափանման միջոցի կիրառման իրավաչափության պայմանների ինչպիսի փոփոխությունն է հանգեցրել մեղադրյալ Արսեն Բազիկյանի նկատմամբ առավել խիստ խափանման միջոցի՝ վարչական հսկողության ընտրությանը: Մասնավորապես, ստորադաս դատարանը, ուղենիշային համարելով սույն գործի շրջանակում Վճռաբեկ դատարանի 2025 թվականի նոյեմբերի 6-ի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները, հանգել է հետևության, որ այդ որոշումը պետք է գնահատել որպես նոր հանգամանք, որը հիմք է ծառայում խափանման միջոցի փոփոխության համար, սակայն Առաջին ատյանի դատարանի կողմից անտեսվել է այն հանգամանքը, որ Վճռաբեկ դատարանի քննարկվող որոշումը կայացվել է ՀՀ հակակոռուպցիոն դատարանի 2024 թվականի օգոստոսի 21-ի և ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի 2025 թվականի փետրվարի 3-ի որոշումների վերանայման արդյունքում, և այդ պահի դրությամբ առկա իրավահարաբերության պայմաններում, մասնավորապես, երբ վարույթի՝ ակտիվ նախաքննության փուլում գտնվելու և դեռևս ապացուցողական և վարութային գործողությունների կատարումն ամբողջ ծավալով սպառված չլինելու հանգամանքով պայմանավորված բարձր է գնահատվել չհարցաքննված վկաների վրա հավանական ազդեցության գործադրման հնարավորությունը։ Հատկանշական է Վերաքննիչ դատարանի համար, որ նոր հանգամանքի գնահատումը չի կարող պարզապես մեխանիկական գնահատման ենթարկվել, այլ կերպ՝ խափանման միջոցի հարցի վերանայման որպես նոր հանգամանք չպետք է դիտարկել ցանկացած նոր հայտնի դարձած հանգամանք (սույն դեպքում Վճռաբեկ դատարանի որոշումը), այլ՝ նոր իրողություն, որի առկայությունը փոփոխում է այն իրավաչափությունը, որն արդեն հաստատվել է դատարան/ների կողմից: Սույն դեպքում նախկինում ստորադաս ատյանների կողմից արտահայտած կարծիքների և եզրահանգումների վերաբերյալ Վճռաբեկ դատարանի դիրքորոշումը վերաբերելի է եղել այդ պահին կայացված ակտերի իրավաչափությանը և այդ ժամանակ օբյեկտիվ իրականության մեջ առկա անհրաժեշտությանը և խափանման միջոցի կիրառման պայմանների բավարարությանը: Սակայն Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նկատել, որ սույն վարույթի ընթացքում շուրջ մեկ տարվա ժամանակահատվածում առնվազն անձի նկատմամբ ընտրված է եղել բացառապես բացակայելու արգելք խափանման միջոց, ավելին՝ տեղի է ունեցել վարութային փուլի փոփոխություն՝ մինչդատական վարույթի ավարտի և գործի դատաքննության մեկնարկի տեսքով, իսկ ՀՀ հակակոռուպցիոն դատարանը վարույթ ստանձնելով և անձի նկատմամբ խափանման միջոցի հարցը քննարկելով գտել է, որ բացակայելու արգելք խափանման միջոցը վարութային հիշյալ իրողությունների լույսի ներքո կարող է ծառայել համարժեք զսպիչ միջոց հնարավոր ոչ պատշաճ վարքագծի դրսևորման ռիսկերի զսպման դիտանկյունից, ինչպիսի արձանագրման վերաբերյալ հակառակի մասին վկայող տվյալ առնվազն վարույթի հանրային մասնակցի կողմից չի ներկայացվել: Նման պայմաններում անձին վերագրվող արարքների բազմադրվագությունը, բնույթը, հանրային վտանգավորության աստիճանը, մեղադրյալի ունեցած սոցիալական կապերի առկայությունը որքան էլ կարևոր կողմնորոշիչներ են խափանման միջոցի տեսակի ընտրության հարցում, այդուհանդերձ անձի՝ օբյեկտիվ իրականության մեջ նվազ խափանման միջոցի կիրառման պայմաններում դրսևորած վարութային վարքագիծը, ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու վերաբերյալ համապատասխան տվյալների բացակայությունը հնարավորություն է ընձեռում խափանման միջոցի կիրառման հիմքերի առկայության ռիսկերը քննարկել ոչ միայն կանխատեսումների և ենթադրությունների, այլ նաև փաստական դաշտում, քանի որ ամեն դեպքում այդ կանխատեսվող գործողություններն էլ անհրաժեշտ է հիմնավորել քրեական գործով ձեռք բերված որոշակի տվյալներով: Իսկ այլ իրավահարաբերության վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը չի կարող գնահատվել որպես վարույթի սույն փուլում առկա իրողության վերաբերյալ նոր հանգամանք առավել խիստ խափանման միջոցի կիրառման համար: Այսինքն, փաստացի Առաջին ատյանի դատարանի համար տեսանելի, նաև 2025 թվականի սեպտեմբերին կայացված դատական ակտի շրջանակում գնահատելի է եղել 2022 թվականից առ այսօր անձի դրսևորած պատշաճ վարութային վարքագիծը, որն ապահովվել է բացակայելու արգելք խափանման միջոցի կիրառմամբ, հիշյալ խափանման միջոցը վարույթի ողջ ընթացքում փաստացի հիմնավորել է իր պիտանիությունը, բացակայել է նաև այնպիսի նոր հանգամանքի ի հայտ գալը կամ կիրառված խափանման միջոցի իրավաչափության պայմանի խախտման դեպքը, որպիսի պայմաններում բացառապես Վճռաբեկ դատարանի սույն վարույթի շրջանակում արդեն իսկ փոփոխված իրավահարաբերության առնչությամբ արտահայտած դիրքորոշումը չի կարող պայմանավորել անձի իրավունքների և օրինաչափ շահերի սահմանափակումն առավել խիստ խափանման միջոցի կիրառմամբ: Ուստի ողջ վերոգրյալի պայմաններում Վերաքննիչ դատարանի գնահատմամբ Առաջին ատյանի դատարանը վարութային առկա իրողությունների ոչ ճիշտ գնահատման արդյունքում մեղադրյալ Արսեն Բազիկյանի նկատմամբ առավել խիստ խափանման միջոցի՝ վարչական հսկողության կիրառման արդյունքում հանգել է ոչ իրավաչափ հետևության, իսկ բողոքաբերի փաստարկները հաղթահարում են ծանրակշիռ փաստարկման այն շեմը, որը բավարար է դատական ակտը բեկանելու համար: Հետևաբար, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ մեղադրյալ Արսեն Բազիկյանի պաշտպան Գրիգոր Չապանյանի հատուկ վերանայման բողոքը ենթակա է բավարարման, իսկ ՀՀ հակակոռուպցիոն դատարանի թիվ ՀԿԴ/0218/01/25 վարույթով 2025 թվականի նոյեմբերի 27-ի «Մեղադրյալի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոփոխելու հարցը քննության առնելու մասին» որոշումը պետք է բեկանել՝ կայացնելով դրան փոխարինող դատական ակտ՝ վերացնել մեղադրյալ Արսեն Ռուբենի Բազիկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված վարչական հսկողությունը, անփոփոխ թողնելով բացակայելու արգելքը։ (…)»։ Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը. 9. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր են արդյոք մեղադրյալ Ա․Բազիկյանի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց համակցված կիրառված վարչական հսկողությունը վերացնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունները։ 10․ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Վարույթն իրականացնող մարմինն անձի նկատմամբ հարկադրանքի միջոց ընտրելիս առաջնորդվում է նվազագույնի սկզբունքով։ Արգելվում է անձի նկատմամբ ընտրել ավելի խիստ հարկադրանքի միջոց, քան այն, որով քրեական վարույթի ընթացքում հնարավոր կլինի ապահովել անձի օրինական վարքագիծը։»։ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Մեղադրյալը պարտավոր է՝ (…) 3) չխոչընդոտել քրեական վարույթին, այդ թվում` ապօրինի չմիջամտել ապացուցման գործընթացին. (…)»։ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 116-րդ հոդվածի համաձայն՝ «(…) 2. Խափանման միջոցը կարող է կիրառվել, եթե դա անհրաժեշտ է՝ (…) 3) մեղադրյալի կողմից իր վրա սույն օրենսգրքով կամ դատարանի որոշմամբ դրված պարտականությունների կատարումն ապահովելու համար: 3. Խափանման միջոցի տեսակն ընտրելիս հաշվի են առնվում մեղադրյալի օրինական վարքագիծն ապահովող և դրան խոչընդոտող բոլոր հնարավոր հանգամանքները: (…)»։ Վկայակոչված իրավադրույթների վերաբերյալ Վճռաբեկ դատարանի ձևավորած իրավական դիրքորոշումների համաձայն՝ խափանման միջոցները, դասակարգվելով կալանավորման ու կալանքին այլընտրանք հանդիսացող խափանման միջոցների, նպատակ ունեն ապահովելու քրեական վարույթի ընթացքում մեղադրյալի պատշաճ վարքագիծը, և կիրառվում են միայն այն դեպքում, երբ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ անձը կարող է կատարել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված գործողությունները կամ դրանցից որևէ մեկը: Ընդ որում՝ վերոնշյալ նպատակի իրականացման համար անհրաժեշտ ու պիտանի խափանման միջոցի կոնկրետ տեսակի ընտրության հարցն օրենսդիրը վերապահել է վարույթն իրականացնող մարմնի հայեցողությանը՝ միաժամանակ երաշխավորելով մեղադրյալի պատշաճ վարքագիծը նրա իրավունքների հնարավոր նվազ սահմանափակմամբ ապահովելու հնարավորությունը։ Մասնավորապես, օրենսդիրն ամրագրել է, որ անձի նկատմամբ խափանման միջոց ընտրելիս՝ վարույթն իրականացնող մարմինը պետք է առաջնորդվի նվազագույնի սկզբունքով, այն է՝ չընտրի ավելի խիստ խափանման միջոց, քան այն, որով քրեական վարույթի ընթացքում հնարավոր կլինի ապահովել մեղադրյալի օրինական վարքագիծը։ 11․ Վճռաբեկ դատարանը, Դավիթ Համբարձումյանի վերաբերյալ որոշմամբ անդրադառնալով մեղադրյալի՝ քրեական օրենքով արգելված ենթադրյալ արարքները կատարելիս պաշտոնատար անձ հանդիսանալու հանգամանքի գնահատմանը, արձանագրել է, որ մեղադրյալը՝ Դ․Համբարձումյանը, քրեական օրենքով արգելված ենթադրյալ արարքները կատարելիս, զբաղեցրել է քաղաքապետի պաշտոնը: Ընդ որում, այդ պաշտոնը նա շարունակել է զբաղեցնել նաև քրեական վարույթի ընթացքում օգտվելով նաև դրանից բխող իշխանությունից, ուստի նման պայմաններում, էապես բարձր է եղել հավանականությունն առ այն, որ ազատության մեջ գտնվելու դեպքում, մեղադրյալը կարող է դրսևորել ոչ իրավաչափ վարքագիծ և խոչընդոտել մինչդատական վարույթում գործի քննությանը՝ հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ քրեական գործով որպես մեղադրյալ և վկա ներգրավված անձինք որոշակի փոխհարաբերությունների մեջ են գտնվել մեղադրյալի հետ։ 12․ Դատական քննության փուլում գտնվող գործով դատարանի կողմից մեղադրյալի (ամբաստանյալի) ազատության իրավունքը սահմանափակող խափանման միջոցի կիրառման իրավաչափության ստուգման շրջանակներում Վճռաբեկ դատարանը կարևորել է այն հանգամանքը, որ գործի դատական քննության ընթացքում մեղադրյալի (ամբաստանյալի) նկատմամբ խափանման միջոցի կիրառման վերաբերյալ հարցը լուծելիս, առաջին ատյանի դատարանը հանդես է գալիս որպես վարույթն իրականացնող մարմին։ Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ նման պայմաններում, որպես վարույթն իրականացնող մարմին հանդես եկող առաջին ատյանի դատարանի դատական ակտը բեկանելիս, վերաքննիչ դատարանի կողմից կայացված որոշումը պետք է հիմնված լինի ծանրակշիռ փաստական հանգամանքների վրա և ունենա պատճառաբանվածության առավել բարձր չափանիշ։ Հակառակ մոտեցումը, Վճռաբեկ դատարանի համոզմամբ, կարող է իր բացասական ազդեցությունը թողնել առաջին ատյանի դատարանում հիմնական քրեական գործի քննության բնականոն ընթացքի վրա` դրանով իսկ սահմանափակելով առաջին ատյանի դատարանի ներքին անկախությունը։ 13. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ՝ - Ա․Բազիկյանին մեղադրանք է ներկայացվել (1) պաշտոնեական դիրքն օգտագործելով, խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով գույքի այլ տիրապետողին խոշոր չափերի վնաս պատճառելու համար, (2) պաշտոնեական դիրքն օգտագործելով, իրեն վստահված ուրիշի գույքի խոշոր չափերով հափշտակություն կատարելու համար, (3) անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու համար, որը համայնքի օրինական շահերին պատճառել է էական վնաս, (4) անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու համար, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, (5) ենթադրաբար հանցանքների արդյունքում ձեռք բերված անշարժ գույքերը պաշտոնեական դիրքն օգտագործելով օրինականացնելու համար, - Վճռաբեկ դատարանը՝ 2025 թվականի նոյեմբերի 6-ի թիվ ՀԿԴ/0254/06/24 որոշմամբ, բացի վարույթն ապացույցների հավաքման ակտիվ փուլում գտնվելու հանգամանքի, արձանագրել է նաև, որ ստորադաս դատարանների կողմից պատշաճ վերլուծության և գնահատման չեն ենթարկել մեղադրյալին մեղսագրվող արարքների բնույթն ու վտանգավորության աստիճանը, վերջինիս անձնական տվյալները, այդ թվում՝ զբաղեցրած պաշտոնը և վարույթի համար նշանակություն ունեցող հանգամանքների տիրապետող անձանց հետ ունեցած կապերի առկայությունը, որոնք գործի նյութերից բխող տվյալների համատեքստում ողջամտորեն կարող էին վկայել, որ վարույթի քննության տվյալ փուլում առկա է մեղադրյալ Ա․Բազիկյանի կողմից քրեական վարույթին խոչընդոտելու բարձր հավանականություն, մասնավորապես վերջինը կմիջամտի ապացուցողական գործընթացին՝ անօրինական ազդեցություն գործադրելով վարույթին ներգրավվման ենթակա և արդեն իսկ ներգրավված անձանց վրա։ - Առաջին ատյանի դատարանը, նախնական դատալսումների փուլում քննության առնելով մեղադրյալ Ա.Բազիկյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ հանրային մեղադրող Ա․Գևորգյանի միջնորդությունը, մասնակի բավարարել է այն՝ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոցներ համակցված կիրառելով վարչական հսկողությունը և բացակայելու արգելքը: Առաջին ատյանի դատարանը՝ որոշում կայացնելիս, մասնավորապես, հաշվի է առել Ա․Բազիկյանի նկատմամբ մինչդատական վարույթում կիրառված խափանման միջոցի վերաբերյալ որոշման դատական վերանայման շրջանակներում Վճռաբեկ դատարանի որոշումը և գտել է, որ քրեական գործի քննության սույն փուլում մեղադրյալի կողմից քրեական գործի բնականոն ընթացքին խոչընդոտելու հավանականությունն այն աստիճանի բարձր չէ, որ վերջինիս նկատմամբ կիրառվի ամենախիստ խափանման միջոցը, և գտել է, որ նրա պատշաճ վարքագիծը հնարավոր կլինի ապահովել առավել մեղմ այլընտրանքային խափանման միջոցների, այն է՝ վարչական հսկողության և բացակայելու արգելքի համակցված կիրառմամբ, քանի որ տեղի է ունեցել իրավիճակի զգալի փոփոխություն և մեղադրյալի կողմից քրեական վարույթին ապօրինի եղանակով խոչընդոտելու հավանականությունն էապես նվազել է: - Վերաքննիչ դատարանը բեկանելով Առաջին ատյանի դատարանի դատական ակտը, գտել է, որ վարութային առկա իրողությունների ոչ ճիշտ գնահատման արդյունքում մեղադրյալ Ա․Բազիկյանի նկատմամբ առավել խիստ խափանման միջոցի՝ վարչական հսկողության համակցված կիրառման արդյունքում դատարանը հանգել է ոչ իրավաչափ հետևության, իսկ բողոքաբերի փաստարկները հաղթահարում են ծանրակշիռ փաստարկման այն շեմը, որը բավարար է դատական ակտը բեկանելու համար։ Արդյունքում Վերաքննիչ դատարանը վերացրել է մեղադրյալ Ա․Բազիկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված վարչական հսկողությունը, անփոփոխ թողնելով բացակայելու արգելքը։ Մասնավորապես, Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ Առաջին ատյանի դատարանի կողմից անտեսվել է այն հանգամանքը, որ Վճռաբեկ դատարանի քննարկվող որոշումը կայացվել է ՀՀ հակակոռուպցիոն դատարանի 2024 թվականի օգոստոսի 21-ի և ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի 2025 թվականի փետրվարի 3-ի որոշումների վերանայման արդյունքում, և այդ պահի դրությամբ առկա իրավահարաբերության պայմաններում, վարույթի՝ ակտիվ նախաքննության փուլում գտնվելու և դեռևս ապացուցողական և վարութային գործողությունների կատարումն ամբողջ ծավալով սպառված չլինելու հանգամանքով պայմանավորված՝ բարձր է գնահատվել չհարցաքննված վկաների վրա հավանական ազդեցության գործադրման հնարավորությունը։ 14. Նախորդ կետում վկայակոչված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 10-12-րդ կետերում մեջբերված իրավադրույթների և իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ա․Բազիկյանի նկատմամբ համակացված խափանման միջոցներ կիրառելու մասին Առաջին ատյանի դատարանի որոշման իրավաչափությունը ստուգելիս՝ Վերաքննիչ դատարանը պատշաճ իրավական գնահատման չի ենթարկել մի շարք հանգամանքներ, մասնավորապես այն, որ․ - խափանման միջոցի հարցը լուծելիս` Առաջին ատյանի դատարանը գնահատման է ենթարկել մեղադրյալի կողմից գործի քննության ընթացքում ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու, այն է` մեղադրյալի կողմից վարույթի բնականոն ընթացքին խոչընդոտելու, ինչպես նաև փախուստի հնարավոր ռիսկերը՝ հանդես գալով որպես գործով վարույթն իրականացնող մարմին, - Առաջին ատյանի դատարանի կողմից մեղադրյալի խափանման միջոցի հարցը լուծելիս՝ քրեական գործը դեռևս գտնվել է նախնական դատալսումների փուլում, և որևէ ապացույց չի հետազոտվել, իսկ Ա․Բազիկյանին մեղսագրվում են ենթադրաբար տևական ժամանակ կատարված և բազմադրվագ հանցավոր արարքներ, - Վճռաբեկ դատարանի 2025 թվականի նոյեմբերի 6-ի թիվ ՀԿԴ/0253/06/24 որոշմամբ արտահայտած դիրքորոշումը պայմանավորված չի եղել բացառապես վարույթով ապացույցների հավաքման ակտիվ փուլով, այլ, ի թիվս նշվածի՝ հաշվի է առնվել մեղադրյալին մեղսագրվող արարքների բնույթն ու վտանգավորության աստիճանը, վերջինիս անձնական տվյալները, այդ թվում՝ զբաղեցրած պաշտոնը և վարույթի համար նշանակություն ունեցող հանգամանքների տիրապետող անձանց հետ ունեցած կապերի առկայությունը, որպիսի հանգամանքը դեռևս տվյալ փուլում, երբ գործը գտնվել է նախնական դատալսումների փուլում և չեն հարցաքննվել դատակոչի ենթակա վկաները, որոնց շարքում են նաև մեղադրյալի գործընկերները, շարունակել են վկայել մեղադրյալի կողմից քննությանը խոչընդոտելու ռիսկի մասին, որը, սակայն այնքան բարձր չի եղել, որ հնարավոր լիներ այդ վտանգը չեզոքացնել բացառապես մեղադրյալի նկատմամբ ազատության սահմանափակման հետ կապված խափանման միջոց կիրառելու միջոցով։ Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործի դատական քննության փուլում մեղադրյալի կողմից ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու հավանականությունը գնահատելիս, ի թիվս այլ հանգամանքների, պետք է հաշվի առնել դատաքննության ընթացքում կատարվելիք դատական գործողությունների ողջամտորեն սպասվելիք ծավալները և բնույթը, ինչպես նաև դրանց օբյեկտիվության վրա մեղադրյալի կողմից ազդեցություն գործելու հնարավորությունը։ Առաջին ատյանի դատարանը, հանդես գալով որպես վարույթն իրականացնող մարմին և ողջ ծավալով տիրապետելով դատական քննության ընթացքին ու վարույթի համար նշանակություն ունեցող տեղեկատվությանը, արձանագրել է, որ տեղի է ունեցել իրավիճակի զգալի փոփոխություն, և մեղադրյալի կողմից քրեական վարույթին ապօրինի եղանակով խոչընդոտելու հավանականությունն էապես նվազել է ու այն աստիճանի բարձր չէ, որ վերջինիս նկատմամբ կիրառվի ամենախիստ խափանման միջոցը, ուստի մեղադրյալի պատշաճ վարքագիծը հնարավոր է ապահովել առավել մեղմ այլընտրանքային խափանման միջոցների, այն է՝ վարչական հսկողության և բացակայելու արգելքի համակցված կիրառմամբ։ 15․ Վերոշարադրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ Վերաքննիչ դատարանը, բեկանելով Առաջին ատյանի դատարանի` մեղադրյալի նկատմամբ համակցված այլընտրանքային խափանման միջոցներ կիրառելու մասին որոշումը, հաշվի չի առել այն հանգամանքը, որ այդ դատական ակտը կայացնելիս՝ Առաջին ատյանի դատարանը հանդես է եկել որպես վարույթն իրականացնող մարմին, իսկ նման պայմաններում որպես վարույթն իրականացնող մարմին հանդես եկող Առաջին ատյանի դատարանի դատական ակտը բեկանելիս Վերաքննիչ դատարանի կողմից կայացված դատական ակտը պետք է հիմնված լիներ ծանրակշիռ փաստական հանգամանքների վրա և ունենար պատճառաբանվածության առավել բարձր չափանիշ, որպիսիք տվյալ դեպքում բացակայում են։ Ուստի, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ա․Բազիկյանի նկատմամբ բացակայելու արգելքի հետ համակցված վարչական հսկողություն այլընտրանքային խափանման միջոց կիրառելու անհրաժեշտության բացակայության վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունը հիմնավոր չէ: Այլ կերպ՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, բեկանելով Առաջին ատյանի դատարանի որոշումը, չի մատնանշել ծանրակշիռ փաստական հանգամանքներ, որոնք կարող էին վկայել քրեական վարույթն իրականացնող՝ Առաջին ատյանի դատարանի կողմից կայացված որոշման ոչ իրավաչափ լինելու մասին։ 16․ Այսպիսով, ամփոփելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը Առաջին ատյանի դատարանի դատական ակտը բեկանելիս և մեղադրյալ Ա.Բազիկյանի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց վարչական հսկողությունը վերացնելիս, թույլ է տվել դատական սխալ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 15-րդ հոդվածով ամրագրված վարույթի հանրայնության սկզբունքի խախտում, ինչը, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի, հիմք է Վերաքննիչ դատարանի 2026 թվականի հունվարի 8-ի որոշումն ամբողջությամբ բեկանելու համար: Դրա հետ մեկտեղ, սակայն, հարկ է արձանագրել, որ խափանման միջոցի իրավաչափության պայմաններն ու, մասնավորապես խափանման միջոց կիրառելու հիմքերը, որպես կանոն, ժամանակի ընթացքում փոփոխվում են, այլ կերպ՝ ստատիկ չեն և, ի թիվս այլնի, վարույթի համապատասխան փուլի առանձնահատկություններով պայմանավորված՝ ենթարկվում են փոփոխության։ Տվյալ դեպքում, ինչպես երևում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում առկա տվյալների ուսումնասիրությունից, սույն քրեական գործով դատաքննությունն արդեն գտնվում է հիմնական դատալսումների փուլում, և հատուկ վերանայման վարույթի առանձնահատկություններով պայմանավորված, սահմանափակ նյութերի պայմաններում, Վճռաբեկ դատարանը, ի տարբերություն վարույթն իրականացնող Առաջին ատյանի դատարանի, օբյեկտիվորեն զրկված է մեղադրյալ Ա․Բազիկյանի նկատմամբ խափանման միջոց(ներ)ի կիրառման հիմք(եր)ի՝ ներկա պահին շարունակականության և կոնկրետ խափանման միջոց(ներ)ի պիտանելիության հարցում փաստարկված դատողություն անելու իրական հնարավորությունից, ինչը չի կարող մեկնաբանվել ի վնաս մեղադրյալի։ Ուստի՝ հաշվի առնելով նախորդիվ ասվածը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի 2026 թվականի հունվարի 8-ի որոշումը պետք է թողնել անփոփոխ` հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 15- րդ, 31-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 361-րդ, 363-րդ և 400-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը Ո Ր Ո Շ Ե Ց 1. Թիվ ՀԿԴ/0218/01/25 գործով ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի 2026 թվականի հունվարի 8-ի որոշումը թողնել անփոփոխ՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները: 2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը: Նախագահող` Ս․ՉԻՉՈՅԱՆ Դատավորներ՝ Ե․ԴԱՆԻԵԼՅԱՆ Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆ Ռ․ՄԽԻԹԱՐՅԱՆ