Վճռաբեկ դատարան · Քրեական
ԵԴ/1605/01/21
Վճռաբեկ դատարանի որոշումների ցանկից (cassationcourt.am/decisions)՝ դատարանի նախադեպային շտեմարանում այն չկա։
- Գործի համարը
- ԵԴ/1605/01/21
- Դիմող / մեղադրյալ
- Արման Մկրտչյան
- Դատական ակտի ընդունման ամսաթիվը
- 31.07.2026
- ՀՀ Քրեական օրենսգիրք
- Որոշման տեքստում վկայակոչված այլ հոդվածներ
12 հոդված՝ որոշման տեքստից (դատարանի քարտում չկան)
ՀՀ Քրեական օրենսգիրք
- Հոդված 3. Սույն օրենսգրքում օգտագործվող հիմնական հասկացությունները
- Հոդված 17. Հանցանքի տեսակները
- Հոդված 34. Հանցափորձը
- Հոդված 44. Հանցափորձը և դրա տեսակները
- Հոդված 75. Քրեական պատասխանատվությունից ազատելը վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով
- Հոդված 176. Կողոպուտը
- Հոդված 176. Հղիության արհեստական ընդհատմանը (աբորտ կատարելուն) կամ ամլացմանը հարկադրելը
- Հոդված 177. Գողությունը
- Հոդված 185. Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը
- Հոդված 258. Խուլիգանությունը
ՀՀ Քրեական դատավարության օրենսգիրք
Որոշման տեքստը
դատարանի Word ֆայլիցԵԴ/1605/01/21
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Երևան քաղաքի առաջին ատյանի
ընդհանուր իրավասության դատարան,
նախագահող դատավոր՝ Դ.Հարությունյան
Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական դատարան,
նախագահող դատավոր` Մ.Արղամանյան
դատավորներ՝ Գ.Հովհաննիսյան
Լ.Ալավերդյան
31 հուլիսի 2026 թվական ք.Երևան
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ` Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ` Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ
Հ.ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ
գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի հոկտեմբերի 6-ի որոշման դեմ մեղադրյալ Արման Հրաչյայի Մկրտչյանի պաշտպան Ա.Հովհաննիսյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Վարույթի դատավարական նախապատմությունը.
1. 2021 թվականի նոյեմբերի 24-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան) ստացվել Արման Հրաչյայի Մկրտչյանի վերաբերյալ քրեական գործը՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նաև ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 176-րդ հոդվածի 1-ին մասով՝ երկու դրվագ, և ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-176-րդ հոդվածի 1-ին մասով։
2. Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի դեկտեմբերի 22-ի որոշմամբ, դատաքննության ընթացքում, Արման Մկրտչյանի նկատմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին մասով՝ երկու դրվագ, և 34-176-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարեցվել է և քրեական գործի վարույթը կարճվել՝ տուժողների հետ հաշտության հիմքով։
3. Առաջին ատյանի դատարանի հիշյալ որոշման դեմ դատախազի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2023 թվականի հոկտեմբերի 6-ի որոշմամբ բողոքը բավարարել է, Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի դեկտեմբերի 22-ի որոշումը՝ տուժողների հետ հաշտության հիմքով Ա.Մկրտչյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին, բեկանել է և վարույթը փոխանցել նույն դատարան՝ նոր քննության։
4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ մեղադրյալ Ա.Մկրտչյանի պաշտպան Ա.Հովհաննիսյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2024 թվականի մայիսի 8-ի որոշմամբ ընդունվել է վարույթ, և սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ։
Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.
5. Բողոքի հեղինակի պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել դատական սխալ՝ 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քրեական օրենսգիրք) 82-րդ հոդվածի 5-րդ մասի սխալ մեկնաբանում, որն ազդել է վարույթի ելքի վրա։
5.1. Մասնավորապես, բողոքաբերը նշել է, որ մեղադրյալ Արման Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-176-րդ հոդվածի 1-ին մասով և 176-րդ հոդվածի 1-ին մասով (երկու դրվագ), որոնք մեղադրյալը ենթադրաբար կատարել է տարբեր ժամանակահատվածներում, սակայն նախաքննության փուլում դրանք միացվել են մեկ վարույթում և դատաքննությունը ևս իրականացվել է մեկ վարույթով, որի արդյունքում Առաջին ատյանի դատարանի որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 82-րդ հոդվածի կիրառմամբ վերջինս ազատվել է քրեական պատասխանատվությունից։ Բողոքաբերի գնահատմամբ՝ Առաջին ատյանի դատարանի կողմից կայացվել է արդար և իրավունքի շահերից բխող որոշում, որը, սակայն, անարդարացիորեն և ոչ իրավաչափ կերպով բեկանվել է Վերաքննիչ դատարանի կողմից։
5.2. Միևնույն ժամանակ, բողոքաբերի պնդմամբ, բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ առկա է իրավունքի զարգացման խնդիր, ինչպես նաև Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ քրեական օրենսգրքի 82-րդ հոդվածի 5-րդ մասի կիրառման վերաբերյալ պարկտիկայում առկա են տարաբնույթ մեկնաբանություններ։ Այս առումով բողոքաբերը վկայակոչել է թիվ ԵԴ/1354/01/21 քրեական գործով Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի մայիսի 31-ի որոշումը, որի դեմ ներկայացված դատախազի բողոքը վարույթ ընդունելը Վճռաբեկ դատարանի որոշմամբ մերժվել է։
6. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի հոկտեմբերի 6-ի որոշումը և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի դեկտեմբերի 22-ի որոշմանը։
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
7. Արման Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին մասով (երկու դրվագ) և 34-176-րդ հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ «(…) [Նա] ապօրինի անհատույց գույքային շահ ստանալու դիտավորությամբ 2020թ. հուլիսի 31-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, ******* քաղաքի ******** պողոտայի *** շենքի մոտակայքում բացահայտ հափշտակել է ******* ********-ի պարանոցի շղթան՝ վերջինիս պատճառելով զգալի չափի` 80.000 ՀՀ դրամի գույքային վնաս:
Բացի այդ` Արման Մկրտչյանը 2020թ. օգոստոսի 5-ին՝ ժամը 14:50-ի սահմաններում, ****** քաղաքի ******* պողոտայում ապօրինի անհատույց գույքային շահ ստանալու դիտավորությամբ բացահայտ հափշտակել է ******* *******-ի պարանոցի շղթան՝ վերջինիս պատճառելով զգալի չափի՝ 45.000 ՀՀ դրամի գույքային վնաս:
Նույն օրը ժամը 18:00-ի սահմաններում Արման Մկրտչյանը դարձյալ ապօրինի անհատույց գույքային շահ ստանալու դիտավորությամբ ****** քաղաքի *******-ի փողոցի *** շենքի դիմաց գտնվող «Հայփոստ» ՓԲԸ-ի մոտակայքում փորձել է բացահայտ հափշտակել ******* *******-ի պարանոցին առկա շղթան, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցվել իր կամքից անկախ հանգամանքներում: (…)»։
8. Ըստ Արման Հրաչյայի Մկրտչյանի դատվածության վերաբերյալ ձև 8 տեղեկանքի՝ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ 2015 թվականի նոյեմբերի 11-ի դատավճռով և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2016 թվականի փետրվարի 8-ի որոշմամբ Արման Հրաչյայի Մկրտչյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 1.1-ին կետերով և դատապարտվել ազատազրկման` 4 (չորս) տարի ժամկետով։ Արման Մկրտչյանը 2017 թվականի օգոստոսի 23-ին պայմանական վաղաժամկետ ազատվել է պատիժը կրելուց, իսկ 2018 թվականի նոյեմբերի 13-ին վերջինի նկատմամբ կիրառվել է համաներում։
Բացի այդ, ՀՀ քննչական կոմիտեի Կենտրոնի քննչական բաժնում, Արման Հրաչյայի Մկրտչյանի վերաբերյալ, ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 1-ին մասի և 258-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով քննվել է թիվ 15861618 քրեական գործը, որը 2019 թվականի սեպտեմբերի 9-ին կարճվել է՝ 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ նաև ՀՀ նախկին քրեական դատավարության օրենսգիրք) 35-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետով նախատեսված՝ համաներման ակտով:
9. Առաջին ատյանի դատարանը 2022 թվականի դեկտեմբերի 22-ի որոշմամբ արձանագրել է հետևյալը. «(…) [Ա]նդրադառնալով ամբաստանյալ Արման Հրաչյայի Մկրտչյանի նկատմամբ տուժողի և հանցանք կատարած անձի հաշտության հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու հարցին, Դատարանն արձանագրում է, որ տվյալ պարագայում ամբաստանյալ Ա.Մկրտչյանին մեղսագրվում է երկու դրվագ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին մասով և 34-176-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքների կատարում, այսինքն՝ վերջինիս մեղսագրվում է միջին ծանրության հանցագործություններ, նրան մեղսագրվող արարքում առկա չեն ընտանիքում բռնության հատկանիշներ, իսկ տուժողներ ******** *********-ը և ******* **********-ը հայտնել են, որ Արման Մկրտչյանի նկատմամբ որևէ բողոք և պահանջ չունեն, հաշտվել են վերջինիս հետ:
Անդրադառնալով տուժող ******** ********-ի դիրքորոշմանը, Դատարանը փաստում է, որ դեռևս քրեական գործի նախաքննության ընթացքում **.*******-ը հայտնել է, որ Ա.Մկրտչյանը վերադարձրել է իրենից հափշտակված շղթան, ուստի վերջինիս նկատմամբ որևէ բողոք և պահանջ չունի: Այսինքն՝ Դատարանն արձանագրում է, որ թեև քրեական գործի դատաքննության ընթացքում տուժող **.*********-ը ամբաստանյալի հետ հաշտության վերաբերյալ որևէ դիրքորոշում չի ներկայացրել, այդուհանդերձ նախաքննության ընթացքում տուժողը նշել է, որ ամբաստանյալի նկատմամբ որևէ բողոք և պահանջ չունի, իսկ տուժողի դիրքորոշման փոփոխության վերաբերյալ որևէ տեղեկություն Դատարան չի ներկայացրել:
Դեռ ավելին՝ մեղադրող Հ.Ղարիբյանը, տուժողի և հանցանք կատարած անձի հաշտության հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու և գործի վարույթը կարճելու հարցի վերաբերյալ դիրքորոշում հայտնելով, ըստ էության, որևէ առարկություն չի ներկայացրել:
(…) Սույն դեպքում Դատարանն արձանագրում է, որ թեև ամբաստանյալ Ա.Մկրտչյանը Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2015 թվականի նոյեմբերի 11-ի թիվ ԵԿԴ/0101/01/15 դատավճռով մեղավոր է ճանաչվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 1.1 կետերով նախատեսված հանցագործության կատարման մեջ և վերջինիս նկատմամբ պատիժ է նշանակվել` ազատազրկում 4 (չորս) տարի 3 (երեք) ամիս ժամկետով, իսկ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2016 թվականի փետրվարի 8-ի որոշմամբ ամբաստանյալ Ա.Մկրտչյանը մեղավոր է ճանաչվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 1.1 կետերով և դատապարտվել ազատազրկման` 4 (չորս) տարի ժամկետով, այդուհանդերձ ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնից ստացված Ձև 8 տեղեկանքում առկա տեղեկությունների ուսումնասիրությունից հետևում է, որ Ա.Մկրտչյանը, 2017 թվականի օգոստոսի 23-ին, պայմանական վաղաժամկետ ազատվել է պատիժը կրելուց: Այլ խոսքով՝ Դատարանն արձանագրում է, որ սույն քրեական գործով նախատեսված ենթադրյալ հանրորեն վտանգավոր արարքները կատարելու պահին Ա.Մկրտչյանը համարվել է առաջին անգամ հանցանք կատարած անձ, ուստի վերջինիս նկատմամբ կիրառելի են 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 82-րդ հոդվածի կանոնները, իսկ հակառակի վերաբերյալ որևէ դիրքորոշում Դատարան չի ներկայացվել: Հարկ է նշել նաև, որ ամբաստանյալ Ա.Մկրտչյանը չի առարկել իր նկատմամբ տուժողի հետ հաշտության հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու դեմ:
Այսպիսով՝ Դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Ա.Մկրտչյանի նկատմամբ երկու դրվագ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին մասով և 34-176-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումն ենթակա է դադարեցման, իսկ թիվ ԵԴ/1605/01/21 քրեական գործի վարույթը՝ կարճման՝ տուժողի և հանցանք կատարած անձի հաշտության հիմքով (…)»։
10. Վերաքննիչ դատարանը 2023 թվականի հոկտեմբերի 6-ի որոշմամբ արձանագրել է հետևյալը. «(…) Ստուգելով գործի փաստական հանգամանքների բացահայտման ու քրեական օրենքի կիրառման ճշտությունը, վերաքննիչ բողոքում նշված հիմքերի սահմաններում վերլուծելով քրեական գործի նյութերը, վերաքննիչ դատարանը հանգում է այն հետևության, որ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազ Ա.Արամյանի վերաքննիչ բողոքը պետք է բավարարել, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2022թ-ի դեկտեմբերի 22-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան նոր քննության, հետևյալ պատճառաբանությամբ։
Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 82-րդ հոդվածով սահմանված հիմքով քրեական պատասխանատվությունից ազատվելու համար, ի թիվ տուժողի հետ հաշտության, նախատեսված են նաև այլ պայմաններ։ Մասնավորապես, տուժողի և հանցանք կատարած անձի հետ հաշտության հիմքով քրեական պատասխանատվությունից կարող է ազատվել այն անձը, ով՝
- առաջին անգամ կատարել է ոչ մեծ կամ միջին ծանրության հանցանք,
- նրա ու տուժողի միջև առկա է հաշտության վերաբերյալ ինքնուրույն և ազատ կամարտահայտության վրա հիմնված փոխադարձ համաձայնություն,
- կատարված հանցանքում առկա չեն ընտանիքում բռնության հատկանիշներ,
- անձը նախկինում նույն հիմքով չի ազատվել քրեական պատասխանատվությունից։
Աշոտ Բաբայանի վերաբերյալ թիվ ԵԱՔԴ/0157/01/10 քրեական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 2011թ-ի հուլիսի 13-ի որոշման համատեքստում վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ հանցանք կատարած անձի համար հաշտությունը, ի թիվ այլնի, հանցանքի կատարման մեջ իրեն մեղավոր ճանաչելն է, այդ արարքի համար զղջալը, ափսոսանք հայտնելը, իսկ տուժողի համար՝ հանցանք կատարած անձին ներելը։ Միևնույն ժամանակ հաշտության կամավոր բնույթը ենթադրում է հաշտվելու վերաբերյալ կողմերի ինքնուրույն և ազատ կամահայտնություն։
Վերաքննիչ դատարանը գտնում է, որ սույն դեպքում օրենսդրի նպատակը հանդիսանում է միայն մեկ հանցանքի՝ առաջին անգամ կատարված հանցանքի համար անձին քրեական պատասխանատվությունից ազատելը:
Առաջին ատյանի դատարանը վիճարկվող որոշման մեջ արձանագրել է, որ տուժողներ ***** *********-ի, ******** *******-ի և մեղադրյալ Արման Մկրտչյանի միջև ձեռք է բերվել հաշտության վերաբերյալ փոխադարձ համաձայնություն, մեղադրյալն իր անմեղությունը չի վիճարկել և քրեական հետապնդումը դադարեցվել է։
Վերաքննիչ դատարանն արձանագրում է նաև, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը հաշտության հիմքով քրեական հետապնդումը դադարեցրել է նաև տուժող ****** ******-ի մասով, նշելով, որ նախաքննության ընթացքում վերջինը հայտնել է, որ չունի բողոք և պահանջ, իսկ դատաքննության փուլում որևէ դիրքորոշում չի ներկայացրել, ինչը վերաքննիչ դատարանի գնահատմամբ իրավաչափ չէ, քանի որ բողոքը չունենալը դեռ չի նշանակում, որ տուժողը հաշտության վերաբերյալ ազատ կամարտահայտությամբ փոխադարձ համաձայնության է եկել և հաշտվել մեղադրյալի հետ։
Ամեն դեպքում, վերաքննիչ դատարանը փաստում է, որ մեղադրյալ Արման Մկրտչյանի միևնույն վարույթի շրջանակներում մեղսագրվում է մեկից ավել հանցանքի կատարում, հետևաբար ՀՀ քրեական օրենսգրքի 82-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգավորման իմաստով նա երկրորդ և երրորդ հանցագործությունների կատարման պահին չի հանդիսացել «առաջին անգամ հանցանք կատարած անձ» և ՀՀ քրեական օրենսգրքի 82-րդ հոդվածը Արման Մկրտչյանի նկատմամբ տուժողներ ****** ********-ի և ******** ********-ի հետ հաշտության մասով կիրառման ենթակա չէր, քանի որ Արման Մկրտչյանն արդեն իսկ մեկ անգամ՝ նույն որոշմամբ տուժող ******** ********-ի հետ հաշտության հիմքով, ազատվել է քրեական պատասխանատվությունից և տվյալ դեպքում նա չի կարող համարվել առաջին անգամ հանցանք կատարած անձ, քանի որ նրա կողմից կատարվածները մեկ միասնական արարք չէ և ուղղված է տարբեր անձանց դեմ։
Վերոգրյալի համակցությամբ վերաքննիչ դատարանը գտնում է, որ առաջին ատյանի դատարանը ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին մասով տուժող ********* ********-ի և ՀՀ քրեական օրենսգրքի 44-176-րդ հոդվածի 1-ին մասով տուժող ******* ********-ի հետ հաշտության մասով մեղադրյալ Արման Մկրտչյանին ազատելով քրեական պատասխանատվությունից և դադարեցնելով նրա նկատմամբ քրեական հետապնդումը, թույլ է տվել դատական սխալ՝ նյութական և դատավարական նորմերի սխալ կիրառում, ինչի հիման վրա Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2022թ-ի դեկտեմբերի 22-ի որոշումը ենթակա է բեկանման։
Միևնույն ժամանակ վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ վերաքննիչ վերանայման գործիքակազմը բավարար չէ արձանագրված դատական սխալները վերացնելու համար, քանի որ հակառակ մեկնաբանության պարագայում, խաթարվելու է առաջին ատյանի և վերաքննիչ դատարանների միջև ձևավորված գործառութային կապի և դատական վերանայման ծավալի վերընթաց նվազման սկզբունքի արդյունավետ կենսագործումը, ուստի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազ Ա.Արամյանի վերաքննիչ բողոքը պետք է բավարարել, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 2022 թվականի դեկտեմբերի 22-ի որոշումը բեկանել և գործով վարույթը փոխանցել ստորադաս դատարան՝ նոր քննության (…)»։
Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը.
11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր են արդյոք Վերաքննիչ դատարանի հետևություններն առ այն, որ Առաջին ատյանի դատարանը ՀՀ քրեական օրենսգրքի 82-րդ հոդվածի հիման վրա՝ տուժողներ ******* ********-ի և ******* ********-ի դրվագներով՝ տուժողների և հանցանք կատարած անձի հաշտության հիմքով Արման Մկրտչյանին քրեական պատասխանատվությունից ազատելու հարցում եկել է սխալ եզրահանգման։
12. ՀՀ քրեական օրենսգրքի 82-րդ հոդվածի համաձայն՝ «1. Եթե անձն առաջին անգամ է հանցանք կատարել, ապա ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նրա կատարած արարքը ոչ մեծ կամ միջին ծանրության հանցանք է, և նրա ու տուժողի միջև առկա է հաշտության վերաբերյալ ինքնուրույն և ազատ կամարտահայտության վրա հիմնված փոխադարձ համաձայնությունը, բացառությամբ այն դեպքերի, երբ կատարված հանցանքում առկա են ընտանիքում բռնության հատկանիշներ։
(…)
5. Նախկինում սույն հոդվածով նախատեսված հիմքով քրեական պատասխանատվությունից ազատված անձը չի կարող նույն հիմքով կրկին ազատվել քրեական պատասխանատվությունից»:
ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի համաձայն՝ «1. Կողոպուտը՝ ուրիշի գույքի բացահայտ հափշտակությունը՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից վեցհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով (…)»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի համաձայն՝ «1. Քրեական հետապնդում չպետք է հարուցվի, իսկ հարուցված քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման, եթե`
(...)
12) անձը Հայաuտանի Հանրապետության քրեական oրենuգրքի ընդհանուր կամ հատուկ մասի դրույթների ուժով ենթակա է ազատման քրեական պատաuխանատվությունից (...)»:
Նույն օրենսգրքի 13-րդ հոդվածի համաձայն` «1. Քրեական վարույթը ենթակա է կարճման, եթե`
(...)
3) կայացվել է անձի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու կամ մեղադրյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում, և սպառվել են վարույթը շարունակելու բոլոր հնարավորությունները. (...)»:
13. Վճռաբեկ դատարանը, վերլուծելով ՀՀ քրեական օրենսգրքի 3-րդ, 17-րդ և 82-րդ հոդվածների համապատասխան իրավադրույթները, Մարզպետ Բեգլարյանի գործով նախադեպային դիրքորոշում է ձևավորել «առաջին անգամ հանցանք կատարած անձ» հասկացության, ինչպես նաև տուժողի և հանցանք կատարած անձի հաշտության հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու նորմի մեկնաբանման վերաբերյալ։
Մասնավորապես, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ եթե անձի նկատմամբ պետությունը դեռևս չի իրագործել քրեաիրավական ներգործություն, սահմանված կարգով չի արտահայտել իր պարսավանքը կատարված հանցավոր արարքին ու գնահատական տվել դրան, այն կատարող անձին չի ենթարկել քրեական պատասխանատվության և պատժի, իրավական տեսանկյունից տվյալ անձը պետք է դիտարկվի որպես առաջին անգամ հանցանք կատարած՝ անկախ մեղսագրվող ենթադրյալ հանցավոր արարքների քանակից։ Այլ կերպ՝ նշված դեպքում անձը չի կարող համարվել նախկինում հանցանք կատարած, քանի դեռ պետությունը՝ ի դեմս իրավասու մարմնի՝ դատարանի, մեղադրական դատավճռի կայացմամբ չի հաստատել վերջինիս մեղավորությունը մեղսագրվող հանցավոր արարքում կամ արարքներում։
Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ՀՀ քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված՝ «առաջին անգամ հանցանք կատարած անձի» բնորոշման մեջ առկա՝ «անձ, որը նախկինում հանցանք չի կատարել» ձևակերպմանը, արձանագրել է, որ որպես այդպիսին պետք է դիտարկել այն անձին, որի՝ նախկինում դատապարտման վերաբերյալ տեղեկություններ առկա չեն։ Այլ կերպ՝ եթե անձին մեղսագրվող ենթադրյալ հանցավոր արարքը կամ արարքները կատարելու օրվա դրությամբ վերջինիս նկատմամբ առկա չի եղել նախկինում (կոնկրետ գործով մեղսագրվող արարքից/արարքներից առաջ կատարված) հանցանքի կատարումը հավաստող օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատական ակտ, անձը պետք է դիտվի որպես առաջին անգամ հանցանք կատարած կամ որ նույնն է՝ «անձ, որը նախկինում հանցանք չի կատարել»։
Վճռաբեկ դատարանը նշել է նաև, որ անձը ՀՀ գործող քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի իմաստով չի համարվի առաջին անգամ հանցանք կատարած, եթե վերջինս նախկինում կատարված հանցանքի համար դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտով դատապարվելուց հետո, չմարված կամ չվերացված դատվածության պայմաններում, կատարում է նոր հանցանք։
13.1. Նույն որոշմամբ Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ՀՀ քրեական օրենսգրքի 82-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված՝ տուժողի և հանցանք կատարած անձի հաշտության հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու նորմի կիրառելիության սահմանափակմանը, արձանագրել է, որ նշված արգելքը գործում է միայն այն դեպքում, երբ անձը տուժողի հետ հաշտության հիմքով քրեական պատասխանատվությունից ազատվելուց հետո կրկին հանցանք է կատարում, հակառակ պարագայում, երբ հանցանքը կատարվել է նախքան հաշտության հիմքով քրեական պատասխանատվությունից ազատվելու ակտի կայացումը, տվյալ նորմի կիրառելիությունը չի կարող սահմանափակվել։
14. Սույն վարույթի փաստական տվյալների վերլուծությունից հետևում է, որ՝
- Արման Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին մասով՝ երկու դրվագ, և 34-176-րդ հոդվածի 1-ին մասով,
- Արման Մկրտչյանի դատվածության վերաբերյալ տեղեկանքի համաձայն՝ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ 2015 թվականի նոյեմբերի 11-ի դատավճռով և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2016 թվականի փետրվարի 8-ի որոշմամբ Արման Հրաչյայի Մկրտչյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 1.1.-ին կետերով և դատապարտվել ազատազրկման` 4 (չորս) տարի ժամկետով։ 2017 թվականի օգոստոսի 23-ին Արման Մկրտչյանը պայմանական վաղաժամկետ ազատվել է պատիժը կրելուց, իսկ 2018 թվականի նոյեմբերի 13-ին վերջինի նկատմամբ կիրառվել է համաներում։
Բացի այդ, Արման Հրաչյայի Մկրտչյանի վերաբերյալ, ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 1-ին մասի և 258-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով ՀՀ քննչական կոմիտեի Կենտրոնի քննչական բաժնում, քննվող թիվ 15861618 քրեական գործը 2019 թվականի սեպտեմբերի 9-ին կարճվել է՝ ՀՀ նախկին քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետով նախատեսված՝ համաներման հիմքով։
- Առաջին ատյանի դատարանը, անդրադառնալով Ա.Մկրտչյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 82-րդ հոդվածի հիման վրա քրեական հետապնդումը դադարեցելու վերաբերյալ տուժողների դիրքորոշմանը, արձանագրել է, որ տուժողներ ********* *******-ը և ******* ********-ը հայտնել են, որ Արման Մկրտչյանի նկատմամբ որևէ բողոք և պահանջ չունեն, հաշտվել են վերջինի հետ:
Անդրադառնալով տուժող ******* ********-ի դիրքորոշմանը, Առաջին ատյանի դատարանն արձանագրել է, որ թեև քրեական գործի դատաքննության ընթացքում տուժող ******** *********-ը Ա.Մկրտչյանի հետ հաշտության վերաբերյալ որևէ դիրքորոշում չի ներկայացրել, այդուհանդերձ նախաքննության ընթացքում տուժողը նշել է, որ նրա նկատմամբ որևէ բողոք և պահանջ չունի, իսկ տուժողի դիրքորոշման փոփոխության վերաբերյալ որևէ տեղեկություն դատարան չի ներկայացվել:
Արդյունքում, Առաջին ատյանի դատարանը, հանգելով հետևության, որ սույն քրեական գործով նախատեսված ենթադրյալ հանրորեն վտանգավոր արարքները կատարելու պահին Ա.Մկրտչյանը համարվել է առաջին անգամ հանցանք կատարած անձ, վերջինի նկատմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին մասով՝ երկու դրվագ, և 34-176-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարեցրել է և քրեական գործի վարույթը կարճել՝ տուժողների և հանցանք կատարած անձի հաշտության հիմքով։
- Վերաքննիչ դատարանը, անդրադառնալով տուժող ******** **********-ի դրվագով Ա.Մկրտչյանի նկատմամբ հաշտության հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելուն, արձանագրել է, որ չնայած նախաքննության ընթացքում տուժողը հայտնել է, որ չունի բողոք և պահանջ, իսկ դատաքննության փուլում որևէ դիրքորոշում չի ներկայացրել, սակայն, բողոք չունենալը դեռ չի նշանակում, որ տուժողը հաշտության վերաբերյալ ազատ կամարտահայտությամբ փոխադարձ համաձայնության է եկել և հաշտվել մեղադրյալի հետ։
Բացի այդ, Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ Արման Մկրտչյանին միևնույն վարույթի շրջանակներում մեղսագրվում է մեկից ավելի հանցանքների կատարում, հետևաբար ՀՀ քրեական օրենսգրքի 82-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգավորման իմաստով նա երկրորդ և երրորդ հանցագործությունների կատարման պահին չի հանդիսացել «առաջին անգամ հանցանք կատարած անձ» և ՀՀ քրեական օրենսգրքի 82-րդ հոդվածն Արման Մկրտչյանի նկատմամբ տուժողներ ******** ********-ի և ******* ********-ի դրվագներով կիրառման ենթակա չէր, քանի որ Ա.Մկրտչյանն արդեն իսկ մեկ անգամ՝ նույն որոշմամբ տուժող ******* ********-ի հետ հաշտության հիմքով, ազատվել է քրեական պատասխանատվությունից։ Վերոգրյալի հաշվառմամբ Վերաքննիչ դատարանն Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի դեկտեմբերի 22-ի որոշումը բեկանել է և վարույթը փոխանցել ստորադաս դատարան՝ նոր քննության։
15. Նախորդ կետում մեջբերված փաստական տվյալները գնահատելով սույն որոշման 12-13.1-րդ կետերում մեջբերված իրավական նորմերի և արտահայտված իրավական դիրքորոշումների համատեքստում՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանը, տուժող ****** *********-ի դրվագով՝ տուժողի և հանցանք կատարած անձի հաշտության հիմքով, Արման Մկրտչյանի նկատմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարեցնելու և նրան քրեական պատասխանատվությունից ազատելու հարցում եկել է ճիշտ եզրահանգման։
Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ եթե անձին մեղսագրվող ենթադրյալ հանցավոր արարքը կամ արարքները կատարելու օրվա դրությամբ վերջինիս նկատմամբ առկա չի եղել նախկինում (կոնկրետ գործով մեղսագրվող արարքից/արարքներից առաջ կատարված) հանցանքի կատարումը հավաստող օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատական ակտ, անձը պետք է դիտվի որպես առաջին անգամ հանցանք կատարած կամ որ նույնն է՝ «անձ, որը նախկինում հանցանք չի կատարել»։
Միաժամանակ, ՀՀ քրեական օրենսգրքի 82-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված սահմանափակումը կիրառելու համար անհրաժեշտ է անձի կողմից ենթադրյալ հանցավոր արարքի կատարման պահի դրությամբ տուժողի հետ հաշտության հիմքով նախկինում քրեական պատասխանատվությունից ազատված լինելը։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը՝
- մեղադրյալ Արման Մկրտչյանին մեղսագրվում է միջին ծանրության հանցագործություն,
- Ա.Մկրտչյանը ՀՀ քրեական օրենսգրքի իմաստով համարվում է առաջին անգամ հանցանք կատարած անձ,
- նրա և տուժող ******* *******-ի միջև առկա է հաշտության վերաբերյալ ինքնուրույն և ազատ կամարտահայտության վրա հիմնված փոխադարձ համաձայնություն,
- Արման Մկրտչյանը նշված դրվագով իրեն մեղսագրվող հանցանքը կատարել է 2020 թվականի օգոստոսի 5-ին, իսկ այդ օրվա դրությամբ նա չի ունեցել չմարված դատվածություն, ինչպես նաև տուժողի հետ հաշտության հիմքով քրեական պատասխանատվությունից ազատված չի եղել։
Այսպիսով, Արման Մկրտչյանը համարվում է առաջին անգամ հանցանք կատարած անձ, բացի այդ նրա նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 82-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված սահմանափակումը կիրառելի չէ, ուստի տուժող ******** **********-ի դրվագով ևս վերջինս ենթակա է քրեական պատասխանատվությունից ազատման՝ տուժողի հետ հաշտության հիմքով, ինչն իրավացիորեն փաստել է Առաջին ատյանի դատարանը: Մինչդեռ Վերաքննիչ դատարանը, տուժող ******* ***********-ի և հանցանք կատարած անձի հաշտության հիմքով Ա.Մկրտչյանին քրեական պատասխանատվությունից ազատելու անթույլատրելիությունն արձանագրելով՝ եկել է սխալ եզրահանգման։
16. Վերոշարադրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի հետևությունն առ այն, որ Առաջին ատյանի դատարանը Արման Մկրտչյանին ՀՀ քրեական օրենսգրքի 82-րդ հոդվածի հիման վրա՝ տուժող ******** **********-ի դրվագով՝ տուժողի և հանցանք կատարած անձի հաշտության հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու հարցում եկել է սխալ եզրահանգման, հիմնավոր չէ։
17. Ինչ վերաբերում է Արման Մկրտչյանին ՀՀ քրեական օրենսգրքի 82-րդ հոդվածի հիման վրա ****** ********-ի դրվագով՝ տուժողի և հանցանք կատարած անձի հաշտության հիմքով Արման Մկրտչյանին քրեական պատասխանատվությունից ազատելուն, Վճռաբեկ դատարանն իր համաձայնությունն է հայտնում Վերաքննիչ դատարանի այն դատողությանը, որ նախաքննության փուլում տուժող **.*********-ի կողմից Ա.Մկրտչյանի նկատմամբ որևէ բողոք և պահանջ չունենալու մասին հայտարարությունը դեռևս չի նշանակում, որ տուժողը հաշտության վերաբերյալ ազատ կամարտահայտությամբ փոխադարձ համաձայնության է եկել և հաշտվել մեղադրյալի հետ։
Մասնավորապես, Վճռաբեկ դատարանն Աշոտ Բաբայանի վերաբերյալ որոշմամբ արձանագրել է հետևյալը. «(…) Հանցանք կատարած անձի համար հաշտությունը հանցանքի կատարման մեջ իրեն մեղավոր ճանաչելն է, այդ արարքի համար զղջալը, ափսոսանք հայտնելը, իսկ տուժողի համար՝ հանցանք կատարած անձին ներելը: Բացի այդ, հաշտությունը ենթադրում է տուժողի և ենթադրյալ հանցագործի կամավոր և փոխադարձ համաձայնություն միմյանց հետ հաշտվելու վերաբերյալ: Այսինքն` հաշտությունը պետք է լինի ինչպես գործողություն, այնպես էլ փոխադարձ գործողությունների արդյունք:
Հաշտության կամավոր բնույթը ենթադրում է հաշտվելու վերաբերյալ կողմերի ինքնուրույն և ազատ կամահայտնություն:
Հաշտության փոխադարձ բնույթը նշանակում է, որ կողմերից երկուսն էլ պետք է հայտարարեն հաշտության մասին:
Հաշտության կամավոր և փոխադարձ բնույթի բացակայության դեպքում վարույթն իրականացնող մարմինը չի կարող որոշում կայացնել հաշտության հիմքով քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ: Այլ կերպ՝ հաշտությունը երկու կողմերի փոխադարձ կամահայտնությունն է, այն երբեք չի կարող կրել միակողմանի բնույթ, և եթե տուժողը ցանկություն է հայտնում հաշտվելու, իսկ հանցանք կատարած անձը դրա դեմ առարկում է, կամ հակառակը, ապա հաշտության հիմքով քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու իրավական հիմքը բացակայում է: Նույն կերպ, հաշտությունը կամավոր և փոխադարձ չի կարող համարվել, հետևաբար՝ այդ հիմքով քրեական գործի վարույթը չի կարող դադարեցվել, եթե հաշտությունը հետևանք է տուժողի նկատմամբ հանցանք կատարած անձի գործադրած ոչ իրավաչափ ներգործության»:
18. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տուժող **.********-ի կողմից նախաքննության փուլում Ա.Մկրտչյանի նկատմամբ բողոք կամ պահանջ չունենալու մասին հայտարարությունը բավարար չէ հաստատելու տուժողի և հանցանք կատարած անձի՝ հաշտվելու վերաբերյալ ինքնուրույն և ազատ կամարտահայտության վրա հիմնված փոխադարձ համաձայնության առկայության փաստը։
19. Հետևաբար, Վերաքննիչ դատարանի հետևությունն առ այն, որ Առաջին ատյանի դատարանը Արման Մկրտչյանին ՀՀ քրեական օրենսգրքի 82-րդ հոդվածի հիման վրա՝ տուժող ****** ********-ի դրվագով՝ տուժողի և հանցանք կատարած անձի հաշտության հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու հարցում եկել է սխալ եզրահանգման, հիմնավոր է։
20․ Միևնույն ժամանակ, հաշվի առնելով, որ նշված դրվագով Ա.Մկրտչյանին մեղսագրվում է 2020 թվականի օգոստոսի 5-ին կատարված միջին ծանրության հանցանք, որի համար քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը, համաձայն ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի՝ հինգ տարի է, և հաշվի առնելով, որ Ա.Մկրտչյանի նկատմամբ ******** **********-ի դրվագով ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-176-րդ հոդվածի 1-ին մասով քրեական պատասխանատվության ենթարկելու հնգամյա ժամկետը լրացել է 2025 թվականի օգոստոսի 5-ին, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ա.Մկրտչյանի նկատմամբ վերոնշյալ մասով քրեական հետապնդումը պետք է դադարեցնել՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:
21. Ամփոփելով՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը՝ տուժող ****** ********-ի դրվագով դատական ակտ կայացնելիս, եկել է սխալ եզրահանգման, մասնավորապես՝ չի կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 82-րդ հոդվածը, որը ենթակա էր կիրառման։ Այսինքն՝ թույլ է տրվել նյութական օրենքի ոչ ճիշտ կիրառում, ինչը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 387-րդ հոդվածի համաձայն, հիմք է ստորադաս դատարանի դատական ակտը բեկանելու համար։
Միաժամանակ, Ա․Մկրտչյանի վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի դեկտեմբերի 22-ի որոշումը՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-176-րդ հոդվածի 1-ին մասով՝ ****** ********-ի դրվագով, պետք է փոփոխել, և Ա․Մկրտչյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանը, ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին մասով՝ երկու դրվագով, Ա․Մկրտչյանին ՀՀ քրեական օրենսգրքի 82-րդ հոդվածի հիման վրա՝ տուժողի և հանցանք կատարած անձի հաշտության հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելով, կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ, հետևաբար Առաջին ատյանի դատարանի դատական ակտը մնացած մասով պետք է թողնել անփոփոխ՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ, 31-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 352-րդ, 359-րդ, 361-363-րդ և 385-387-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1․ Արման Հրաչյայի Մկրտչյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի հոկտեմբերի 6-ի որոշումը բեկանել։
2․ Արման Հրաչյայի Մկրտչյանի վերաբերյալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2022 թվականի դեկտեմբերի 22-ի որոշումը՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 34-176-րդ հոդվածի 1-ին մասով՝ ******* *********-ի դրվագով, փոփոխել, և Արման Հրաչյայի Մկրտչյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով։
3․ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատական ակտը մնացած մասով թողնել անփոփոխ՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:
Նախագահող` Հ.ԱՍԱՏՐՅԱՆ
Դատավորներ` Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆ
Հ.ԳՐԻԳՈՐՅԱՆ
Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆ
