Վճռաբեկ դատարան · Կոռուպցիոն հանցագործություններ
ՀԿԴ/0131/09/24
- Գործի համարը
- ՀԿԴ/0131/09/24
- Դատական ակտի ընդունման ամսաթիվը
- 31.07.2026
- ՀՀ Սահմանադրություն
- Միջազգային փաստաթղթեր
Որոշման տեքստը
դատարանի Word ֆայլիցՀԿԴ/0131/09/24
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության
Հակակոռուպցիոն դատարան,
Նախագահող դատավոր՝ Վ․Սարգսյան
Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան,
Նախագահող դատավոր՝ Ա.Մարտիրոսյան
2026 թվականի հուլիսի 31-ին քաղաք Երևանում
ՀՀ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմը (այսուհետ նաև՝ Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ` Ս․ՉԻՉՈՅԱՆԻ մասնակցությամբ դատավորներ՝ Ե․ԴԱՆԻԵԼՅԱՆԻ
Ա․ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆԻ
Ռ.ՄԽԻԹԱՐՅԱՆԻ
գրավոր ընթացակարգով քննության առնելով թիվ ՀԿԴ/0131/09/24 վարույթով ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան) 2025 թվականի հուլիսի 10-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա․Վարդապետյանի հատուկ վերանայման բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը.
2024 թվականի օգոստոսի 9-ին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննչական երկրորդ վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Ա․Խլղաթյանի կողմից (այսուհետ նաև՝ քննիչ) ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 46-435-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով նախաձեռնվել է թիվ ********** քրեական վարույթը:
2024 թվականի օգոստոսի 12-ին քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել ՀՀ հակակոռուպցիոն դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան)՝ թիվ ********** քրեական վարույթով թույլատրել երկու ամիս ժամանակով՝ 2024 թվականի օգոստոսի 12-ից մինչև 2024 թվականի հոկտեմբերի 12-ը ներառյալ՝ Գևորգ Գագիկի Ղափլանյանի, Գեորգի Հովհաննեսի Թովմասյանի, Աշոտ Խաչիկի Բաղդասարյանի, Նորիկ Վարազդատի Գասպարյանի, Փիլոս Անդրանիկի Ղազանչյանի և Գրիգոր Գուրգենի Մալխասյանի նկատմամբ իրականացնել Թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում», Ներքին դիտում», ինչպես նաև «Արտաքին դիտում» գաղտնի քննչական գործողությունները։
Թիվ ՀԿԴ/0131/09/24 վարույթով Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի օգոստոսի 12-ի որոշմամբ քննիչի միջնորդությունը բավարարվել է, և թույլատրվել է 2024 թվականի օգոստոսի 12-ից մինչև հոկտեմբերի 12-ը ներառյալ Գևորգ Ղափլանյանի, Գեորգի Թովմասյանի, Աշոտ Բաղդասարյանի, Նորիկ Գասպարյանի, Փիլոս Ղազանչյանի, Գրիգոր Մալխասյանի նկատմամբ իրականացնել «Թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում», «Ներքին դիտում» և տեխնիկական միջոցների կիրառմամբ «Արտաքին դիտում» գաղտնի քննչական գործողությունները։
Առաջին ատյանի դատարանի վերոհիշյալ որոշման դեմ հատուկ վերանայման բողոքներ են բերել մեղադրյալ Գրիգոր Մալխասյանի պաշտպաններ Ալեքսան Ծերունյանը և Պարույր Սաֆարյանը, մեղադրյալ Աշոտ Բաղդասարյանի պաշտպան Գոռ Միքայելյանը։
Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2025 թվականի հուլիսի 10-ի որոշմամբ Առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանվել է, և կայացվել է դրան փոխարինող դատական ակտ, այն է՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննչական երկրորդ վարչության ՀԿԳ ավագ քննիչ Ա․Խլղաթյանի՝ «Ներքին դիտում», «Արտաքին դիտում» և «Թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում» գաղտնի քննչական գործողություններ կատարելու թույլտվություն ստանալու միջնորդությունը մերժվել է։
Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա․Վարդապետյանը բերել է հատուկ վերանայման բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2025 թվականի սեպտեմբերի 3-ի որոշմամբ ընդունվել է վարույթ, և սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։
Հատուկ վերանայման բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.
Բողոքաբերը գտել է, որ վիճարկվող որոշումն օրինական և հիմնավոր չէ, դրանով թույլ է տրվել դատական սխալ՝ քրեադատավարական օրենքի էական խախտում, որն ազդել է վարույթի ելքի վրա։
Բողոքաբերը նշել է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը չի նախատեսում որևէ պահանջ՝ գաղտնի քննչական գործողություն կատարելու, ինչպես նաև գաղտնի քննչական գործողության ժամկետը երկարաձգելու միջնորդությունը միայն մեկ անձի մասով ներկայացնելու վերաբերյալ: Ավելին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում առկա չէ որևէ իմպերատիվ պահանջ առ այն, որ օրենսդիրն իրավակիրառողին առաջնորդել է «մեկ անձ-մեկ միջնորդություն» տրամաբանությամբ: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 8-րդ մասը, որի համաձայն՝ եթե նորմատիվ իրավական ակտում բառը նշված է եզակի թվով, ապա դա տարածվում է նաև այդ բառի հոգնակիի վրա և ընդհակառակը, եթե տվյալ իրավական ակտով այլ բան նախատեսված չէ, կամ ուղղակի այլ բան չի բխում այդ իրավական ակտի բովանդակությունից:
Ինչ վերաբերում է վիճարկվող դատական ակտով Վերաքննիչ դատարանի համեմատական կերպով մեջբերած ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 348-րդ հոդվածի 4-րդ մասին, առ այն, որ «Մի քանի մեղադրյալների դեպքում սույն հոդվածում նշված բոլոր վերաբերելի հարցերի պատասխանները շարադրվում են յուրաքանչյուր մեղադրյալի նկատմամբ առանձին», ապա հարկ է փաստել, որ մեջբերված նորմը վերաբերում է դատավճռի բովանդակությանը և որևէ կերպ չի կարող առնչություն ունենալ ապացուցողական գործողությունների կատարման դատական երաշխիքների շրջանակում ներկայացված միջնորդությանը կամ դատարանի կողմից կայացվող որոշմանը:
Հարկ է փաստել նաև, որ վիճարկվող որոշումը վերաբերում է նույն վարույթով անցնող անձանց, որոնց մեղսագրված արարքները փոխկապակցված են միմյանց, ուստի յուրաքանչյուր անձի մասով առանձին միջնորդություն ներկայացնելը և այն դատարանի կողմից յուրաքանչյուրի մասով առանձին քննարկելը, ի թիվս այլնի, անհարկի արհեստական ծանրաբեռնվածություն կառաջացնի թե՛ վարույթն իրականացնող մարմնի, թե՛ ապացուցողական գործողությունների կատարման դատական երաշխիքների շրջանակում միջնորդությունը քննող դատարանի համար:
Անհրաժեշտ է նաև փաստել, որ Վերաքննիչ դատարանն ըստ էության քրեադատավարական խնդրո առարկա նորմերի մեկնաբանման նկատմամբ դրսևորել է չափազանց ձևականացված (excessive formalism) մոտեցում, քանզի հարկ է փաստել, որ մեկ միջնորդության ներկայացմամբ մի քանի անձի նկատմամբ գաղտնի քննչական գործողություններ կատարելու թույլտվության հայցումը ըստ էության չի խախտել և չէր էլ կարող խախտել որևէ մասնավոր անձի որևէ իրավունք:
Միևնույն ժամանակ, անհրաժեշտ է արձանագրել, որ Վճռաբեկ դատարանը թիվ 26/04.12.2020 գործով 2025 թվականի հունիսի 23-ի որոշման շրջանակներում քննության է առել թվով վեց դատական ակտերի դեմ ներկայացված հատուկ վերանայման բողոքներ, որպիսի մոտեցումը թույլ է տալիս եզրակացնել, որ քրեական դատավարության օրենսդրության ընդհանուր տրամաբանությունը, mutatis mutandis, թույլատրում է մեկ փաստաթղթի մեջ մի քանի անձանց վերաբերող դատավարական ակտերի շարադրումը:
Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի այն պնդմանը, որ դատական ակտում չի հիմնավորվել յուրաքանչյուր անձի տարբեր իրավունքների սահմանափակման անհրաժեշտությունը և ստորադաս դատարանը քննիչի` թվով վեց անձի իրավունքի սահմանափակման նպատակով ներկայացված միջնորդությունը քննարկել է ընդհանրական կերպով՝ առանց բավարար պատճառաբանությունների, թե կոնկրետ անձի մասով արդյոք ներկայացվել են բավարար հիմնավորումներ վերջինի սահմանադրական իրավունքներին նման կոշտ միջամտություն թույլատրելու համար, հարկ է փաստել, որ քննիչն իր միջնորդությունում պատշաճ արձանագրել է բոլոր այն փաստարկները, որոնք հիմնավորում են անձանց սահմանադրական իրավունքների սահմանափակման անհրաժեշտությունը և համաչափությունը, այդ թվում՝ միջնորդվող ապացուցողական գործողությունից ակնկալվող արդյունքն այլ եղանակով ստանալու ողջամիտ անհնարինությունը, Առաջին ատյանի դատարանն էլ՝ վիճարկվող դատական ակտում ներկայացրել է բավարար պատճառաբանություններ և հիմնավորումներ՝ անձանց իրավունքների և ազատությունների ոլորտ նվազ միջամտության եղանակով նույն տեղեկությունների ձեռքբերման այլ միջոցների բացակայության, ինչպես նաև միջնորդության՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի պահանջներին բավարարելու վերաբերյալ՝ նշելով, որ ներկայացված միջնորդությունն իրավաչափ է, միջնորդվող գաղտնի քննչական գործողությունները նախատեսված են օրենքով, դրանց կատարումը հետապնդում է իրավաչափ նպատակ և անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում հետապնդվող նպատակին հասնելու համար, ինչպես նաև բավարար հիմքեր կան ենթադրելու, որ դրանց արդյունքում կարող են ձեռք բերվել տվյալ վարույթի համար նշանակություն ունեցող ապացույցներ, այդ թվում նաև` գործի լուծման համար անհրաժեշտ տեղեկություններ՝ հանցագործության դեպքի, հանգամանքների ու մասնակիցների վերաբերյալ։
Այսպիսով, Վերաքննիչ դատարանը, գաղտնի քննչական գործողություններ կատարելու թույլտվություն տալու մասին քննիչի միջնորդությունը մերժելով, թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 242-րդ հոդվածի խախտում, որի արդյունքում խախտվել է նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 15-րդ հոդվածով սահմանված՝ վարույթի հանրայնության սկզբունքը:
Վերոշարադրյալի հիման վրա բողոքաբերը խնդրել է ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2025 թվականի հուլիսի 10-ի որոշումը՝ և կայացնել դրան փոխարինող դատական ակտ։
Հատուկ վերանայման բողոքի պատասխանները․
Պաշտպաններ Ա.Ծերունյանը և Պ.Սաֆարյանը հատուկ վերանայման բողոքի պատասխաններում, ըստ էության, նշել են, որ «մեկ անձ-մեկ միջնորդություն» քրեական դատավարության օրենսգրքով իմպերատիվ պահանջ նախատեսված չլինելը, չի նշանակում, որ վարույթն իրականացնող մարմինը կարող է կատարել գործողություններ, որոնք հակասում են քրեական դատավարության օրենսգրքի ընդհանուր տրամաբանությանն ու էությանը։ Սույն գործով 6 անձանց նկատմամբ ներկայացվել է երեք՝ տարբեր տեսակի գաղտնի քննչական գործողություններ թույլատրելու միջնորդություն, որի արդյունքում կայացված որոշումը յուրաքանչյուր անձի մասով աոանձին վերցված հիմնավորումներ չի պարունակել, բացի այդ հիմնավորումներ առկա չեն եղել նաև կիրառվող յուրաքանչյուր գաղտնի քննչական գործողության վավերապայմանների վերաբերյալ, այլ դրանք կրել են ընդհանրական բնույթ։
Պաշտպան Ա.Ծերունյանը նշել է, որ յուրաքանչյուրի անձի՝ իր վերաբերյալ կայացված դատական ակտի լինելը դատական ակտի սկզբունքային և հիմնարար հատկանիշներից է, որոնց բացակայության դեպքում դատական ակտը ենթակա է բեկանման։ Երբ մեկ դատական ակտով թույլատրվում է 6 տարբեր անձանց նկատմամբ 3 տարբեր տեսակի գաղտնի քննչական գործողությունների իրականացում, ապա նշված բոլոր անձանց մասով դատական ակտը պետք է պարունակի հիմնավորումներ և պատճառաբանություններ, ու դրանք չեն կարող կրել ընդհանրական բնույթ։ Հակառակ պարագայում, երբ նրանցից յուրաքանչյուրի մասով պատճաոաբանություններ և հիմնավորումներ չլինեն, անձը ոչ իրավաչափորեն կզրկվի իր նկատմամբ կայացված դատական ակտի արդյունավետ վիճարկման (դատական ստուգման, վերանայման) իրավունքից։ Պետք է նկատի ունենալ, որ դատական վերանայման ժամանակ, ի թիվս այլնի բողոքարկման առարկա է հանդիսանում նան դատական ակտի հիմնավորումները և պատճառաբանությունը, իսկ երբ դրանք բացակայում են, նախ դատական ակտը չի համապատասխանում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 9-րդ հոդվածի պահանջներին, բացի այդ պաշտպանության կողմին զրկում է հիմնավորումների և պատճառաբանությունների մասով դատական վերանայման բողոք ներկայացնել՝ արդյունավետ կերպով իրացնելով դատական պաշտպանության իրավունքը։
Պաշտպանության կողմն անդրադառնալով բողոքի այն փաստարկին, որ վիճարկվող որոշումը վերաբերում է նույն վարույթով անցնող անձանց, որոնց մեղսագրված արարքները փոխկապակցված են միմյանց, ուստի յուրաքանչյուր անձի մասով աոանձին միջնորդություն ներկայացնելը և այն դատարանի կողմից յուրաքանչյուրի մասով աոանձին քննարկելը, ի թիվս այլնի, անհարկի արհեստական ծանրաբեռնվածություն կաոաջացնի թե՛ վարույթն իրականացնող մարմնի, թե՛ ապացուցողական գործողությունների կատարման դատական երաշխիքների շրջանակում միջնորդությունը քննող դատարանի համար, նշել է, որ նույն վարույթով անցնող և փոխկապակցված մեղադրանքներով անձանց նկատմամբ սահմանադրական մեկ այլ իրավունքի՝ անձնական ազատության սահմանափակման վարույթների դեպքում 6 տարբեր մեղադրյալների մեկ որոշմամբ չեն ձերբակալում, կամ նրանց նկատմամբ կալանք կիրառելու մեկ միջնորդություն ներկայացնելու և մեկ դատական ակտով 6 անձանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու պրակտիկա գոյություն չունի, ինչը ևս մեկ անգամ վկայում է սահմանադրական իրավունքի սահմանափակման վարույթի անհատական լինելու մասին։
Հատուկ վերանայման բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
Քննիչի՝ «Ներքին դիտում», «Արտաքին դիտում» և «Թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում» գաղտնի քննչական գործողություններ կատարելու թույլտվություն ստանալու միջնորդության համաձայն․
«(…) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 243-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի կարգավորումների համաձայն՝ գաղտնի քննչական գործողությունները կարող են կատարվել այն ֆիզիկական անձի նկատմամբ, որի վերաբերյալ առկա են ենթադրյալ հանցանք կատարելու մասին վկայող փաստեր, որի համատեքստում հարկ է նշել, որ ձեռք բերված տվյալները վկայում են, որ Գեորգի Թովմասյանի կողմից կաշառք տալու համաձայնությունը տալու, պաշտոնատար անձ հանդիսացող Գևորգ Ղափլանյանի կողմից առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու առաջարկն ընդունելու, Նորիկ Գասպարյանի, Աշոտ Բաղդասարյանի, Փիլոս Ղազանչյանի և Գրիգոր Մալխասյանի կողմից կաշառք ստանալու օժանդակության ենթադրյալ հանցանքները կատարելու մասին:
(…) Վարույթն իրականացնող մարմնի գնահատմամբ, ձեռք բերված փաստական տվյալները վկայում են Գեորգի Թովմասյանի կողմից կաշառք տալու համաձայնություն տալու, պաշտոնատար անձ հանդիսացող Գևորգ Ղափլանյանի կողմից առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու առաջարկն ընդունելու, Նորիկ Գասպարյանի, Աշոտ Բաղդասարյանի, Փիլոս Ղազանչյանի և Գրիգոր Մալխասյանի կողմից կաշառք ստանալու օժանդակության ենթադրյալ հանցանքները կատարելու մասին, մինչդեռ չի պարզվել ՀՀ տարբեր գերատեսչությունների պաշտոնատար անձանց շրջանակը, ստացած առերևույթ կաշառքի չափը, ովքեր ներգրավված են եղել հիշյալ գործում, ենթադրյալ հանցանքների կատարման բոլոր հանգամանքներն ու մասնակիցները՝ առերեևույթ կոռուպցիոն սխեմայում յուրաքանչյուր դերակատարի շահագրգռվածությունը, իսկ նշված հանգամանքներն էական նշանակություն ունեն վարույթի համար և ակնհայտ է, որ քննության ներկա փուլում այդ ապացույցներն այլ եղանակով ողջամտորեն հնարավոր չէ ձեռք բերել:
Բացի այդ, այդ ապացույցները քննության հետագա փուլերում այլ եղանակով ողջամտորեն անհնար կլինի քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով ստանալ, քանի որ ըստ էության քննարկվում է կաշառքի առարկան կոնկրետ գործողության համար կոռուպցիոն սխեմայի մասնակիցների միջև ըստ պայմանավորվածության բաշխելու հարցը, որը ամենայն հավանականությամբ դեռևս ավարտին չի հասցվել, ուստի բացի գաղտնի քննչական գործողությունների միջոցով, մնացած այլ գործողություններով հիշյալ տվյալները ձեռք բերելը անհնար է:
Նշված փաստարկի համար հիմք է հանդիսանում այն, որ ապօրինի գործողություններին մասնակից են դարձել համապատասխան պետական հիմնարկների, մասնավորապես՝ կադաստրի կոմիտեի, Երևանի քաղաքապետարանի և տեսչական մարմնի պաշտոնատար անձինք, նրանց մտերիմներն ու ընկերները, ովքեր բոլորն էլ, ըստ էության, ունեն շահագրգռվածություն, մասնավորապես՝ կարող է նրանց բոլորի նկատմամբ սույն քրեական վարույթով հարուցվել քրեական հետապնդում ու հաշվի առնելով նրանց դրսևորած վարքագիծը առ այն, որ խուսափել են ուղիղ կապով հեռախոսազրույցներից, կարող են լռել, ինչի պայմաններում հանրային իշխանությունը կարող է զրկվել ապացույցներ ձեռք բերելու հնարավորությունից, իսկ քննարկվող գաղտնի քննչական գործողությունը հետագայում ձեռնարկելը կարող է հանդիսանալ ժամանակավրեպ՝ նկատի ունենալով, որ նրանց հետ ակտիվ վարութային գործողությունների ընթացքում այդ անձինք տեղեկանալով նախկինում իրականացված ՕՀ միջոցառումներից, ուղղակիորեն կարող են զգուշանալ և ավելի գաղտնապահ վերաբերմունք դրսևորել, ուստի վարույթն իրականացնող մարմնի գնահատմամբ սույն դեպքում չափազանց կարևոր է ճիշտ ժամանակին՝ այժմ ձեռնարկել ու իրականացնել գաղտնի քննչական գործողությունը:
Նկատի ունենալով, որ ներքին դիտում, արտաքին դիտում, ինչպես նաև թվային, այդ թվում` հեռախոսային հաղորդակցության վերահսկում գաղտնի քննչական գործողություններն իրականացվում են կաշառք տալու և ստանալու, ծանր կամ առանձնապես ծանր հանցանքների վերաբերյալ վարույթներով և տվյալ դեպքում ակնկալվում է ձեռք բերել առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ ապացույցներ, բացահայտել հիշյալ հանցագործությունները և միաժամանակ հաշվի առնելով, որ այլ եղանակով այդ ապացույցի ձեռքբերումը ողջամտորեն անհնար է, ուստի անհրաժեշտություն է առաջացել Գեորգի Թովմասյանի, Գևորգ Ղափլանյանի, Նորիկ Գասպարյանի, Աշոտ Բաղդասարյանի, Փիլոս Ղազանչյանի, Գրիգոր Մալխասյանի նկատմամբ՝ երկու ամիս ժամանակով իրականացնել ներքին դիտում, արտաքին դիտում, ինչպես նաև թվային, այդ թվում` հեռախոսային հաղորդակցության վերահսկում գաղտնի քննչական գործողությունները:
Հիշատակման է արժանի նաև այն հանգամանքը, որ Գեորգի Թովմասյանի, Գևորգ Ղափլանյանի, Նորիկ Գասպարյանի, Աշոտ Բաղդասարյանի, Փիլոս Ղազանչյանի, Գրիգոր Մալխասյանի նկատմամբ գաղտնի քննչական գործողությունների կատարմամբ նրանց սահմանադրական իրավունքի սահմանափակման անհրաժեշտությունը բխում է հանրային շահից, կատարվող գործողությունը համաչափ է քննչական գործողության արդյունքում ակնկալվող ապացույցին։ (...)»:
Առաջին ատյանի դատարանի 2024 թվականի օգոստոսի 12-ի որոշման համաձայն՝ «(…) Ուսումնասիրելով միջնորդությունը և կից ներկայացված նյութերը, մասնավորապես՝ «[Ա]ռերևույթ հանցանքի հատկանիշներ հայտնաբերելու մասին» հաղորդումը, «Ներքին դիտում», ինչպես նաև բաց տարածություններում, հանրային վայրերում կամ բնակարան չհանդիսացող փակ տարածությունում տեխնիկական միջոցների կիրառմամբ օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքների մասին՝ 2024 թվականի մայիսի 8-ի արձանագրությունը, «Թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքների մասին 2024 թվականի օգոստոսի արձանագրությունները, «Օպերատիվ հարցում» և «Օպերատիվ տեղեկությունների ձեռքբերում» համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքների մասին 2024 թվականի հունիսի 21-ի, հուլիսի 8-ի ու 15-ի արձանագրությունները և այլ նյութերը, Դատարանը գտնում է, որ ներկայացված միջնորդությունն իրավաչափ է, միջնորդվող գաղտնի քննչական գործողությունները նախատեսված են օրենքով, դրանց կատարումը հետապնդում է իրավաչափ նպատակ և անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում հետապնդվող նպատակին հասնելու համար, ինչպես նաև բավարար հիմքեր կան ենթադրելու, որ դրանց արդյունքում կարող են ձեռք բերվել տվյալ վարույթի համար նշանակություն ունեցող ապացույցներ, այդ թվում նաև` գործի լուծման համար անհրաժեշտ տեղեկություններ՝ հանցագործության դեպքի, հանգամանքների ու մասնակիցների վերաբերյալ։
Միևնույն ժամանակ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ այլ եղանակով այդ ապացույցների ձեռքբերումը ողջամտորեն անհնար է, այսինքն՝ բացակայում են անձի իրավունքների և ազատությունների ոլորտ նվազ միջամտության եղանակով նույն տեղեկությունների ձեռքբերման այլ միջոցները, ուստի Դատարանը, փաստելով, որ ներկայացված միջնորդությունը համապատասխանում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի պահանջներին, գտնում է, որ այն ենթակա է բավարարման: (…)»։
Վերաքննիչ դատարանը՝ 2025 թվականի հուլիսի 10-ի որոշման համաձայն․ «(…) Վերաքննիչ դատարանը, նախևառաջ, հարկ է համարում արձանագրել, որ Առաջին ատյանի դատարանը բավարարել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննչական երկրորդ վարչության ՀԿԳ ավագ քննիչ Արթուր Խլղաթյանի միջնորդությունը, և թույլատրել Գևորգ Ղափլանյանի, Գեորգի Թովմասյանի, Աշոտ Բաղդասարյանի, Նորիկ Գասպարյանի, Փիլոս Ղազանչյանի և Գրիգոր Մալխասյանի նկատմամբ կատարել միջնորդվող գաղտնի քննչական համալիր գործողություններ: Այս առնչությամբ, ներկայացված բողոքների հիմքերի և հիմնավորումների շրջանակում դատական վերանայման ենթարկելով ստորադաս դատարանի կայացրած դատական ակտը, Վերաքննիչ դատարանն արձանագրում է հետևյալը․
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ամրագրված գաղտնի քննչական գործողությունները հանդիսանում են անձանց սահմանադրական իրավունքներին միջամտության առավել ինտենսիվ ու կոշտ միջամտություններից մեկը, ուստի հանցավորության դեմ պայքարի և մարդու իրավունքների պաշտպանության միջև պատշաճ հավասարակշռություն ապահովելու նպատակով օրենքով ամրագրված են պահանջներ, որոնց պահպանման դեպքում միայն կարելի է խոսել հիշյալ գործողությունների կատարման օրինականության և դրանց արդյունքում ձեռք բերված ապացույցների թույլատրելիության մասին: Այս համատեքստում Վերաքննիչ դատարանը հարկ է համարում ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ գաղտնի քննչական գործողություններ կատարելու, ինչպես նաև դրանց ժամկետները երկարաձգելու վարույթի հարուցման ներկայացվող պահանջների համակարգային վերլուծությունից է բխում այն գաղափարը, որ և՛ քննիչի կողմից ներկայացված միջնորդությունը, և՛ դրա քննարկման արդյունքում կայացված դատական ակտը պետք է վերաբերի մեկ անձի իրավունքների սահմանափակմանը։
(...)
Ինչպես հետևում է վերը շարադրված նորմերի համալիր մեկնաբանությունից, օրենսդիրն առաջնորդվել է «մեկ անձ-մեկ միջնորդություն» տրամաբանությամբ։ Այդ է վկայում հիշյալ նորմերում միջնորդությանը ներկայացվող վավերապայմանների թվարկմամբ օրենսդրորեն վկայակոչվող ձևակերպումը՝ եզակի թվով «անձ» եզրույթի օգտագործումը, բացի այդ, այն տրամաբանությունը, որ անձի սահմանադրական իրավունքների միջամտության հարցին չպետք է անդրադարձ կատարել ընդհանրական կերպով, այլ յուրաքանչյուր կոնկրետ դեպքում ամեն անձի մասով պետք է անհատական իրավական գնահատականի արժանացնել նման միջամտության իրավաչափության հարցը: Ավելին, հենց այդ տրամաբանության արտացոլումն է նաև այն, որ օրենսդիրը միջնորդությունը մասնակի բավարարելու մասին որոշում կայացնելու հնարավորություն դատարանին չի վերապահում։ Այս առնչությամբ հարկ է հավելել, որ հանրային և մասնավոր շահերի միջև արդարացի հավասարակշռությունն ապահովելու նպատակով, դատարանին հնարավորություն է տրվել միջնորդությունը բավարարելու դեպքում ի շահ ապացուցողական գործողության արդյունքում իրավունքների սահմանափակման ենթարկվող անձի, փոխել թույլատրվող ապացուցողական գործողության կատարման վերաբերելի պայմանները, այդ թվում՝ ժամկետը (օրինակ՝ թույլ տալ ներքին դիտում կատարել նույն բնակարանի միջնորդվող երկու սենյակներից միայն մեկում կամ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների առգրավումը թույլատրել ավելի կարճ ժամանակահատվածի համար, քան միջնորդվում է կամ թույլ տալ ոչ թե երկու, այլ մեկ էլեկտրոնային սարքի խուզարկություն և այլն): Այսինքն՝ նույնիսկ օրենսդրի կողմից տրված մեկնաբանության պարագայում դատարանը կարող է միայն փոխել միջնորդվող գործողության վերաբերելի պայմանները, այն էլ ի շահ ապացուցողական գործողության արդյունքում իրավունքների սահմանափակման ենթարկվող անձի: Այս առումով մի քանի անձանց մասով գաղտնի քննչական գործողություններ կատարելու թույլտվություն ստանալու միջնորդության պարագայում դատարանը չի կարող մասնակի բավարարել այն, քանի որ սույն դեպքում գործ չունենք ապացուցողական գործողության պայմանի հետ, այլ կոնկրետ անձի, ում իրավունքների սահմանափակման հարցն էլ այդ թվում հիշյալ պայմանների պահպանման համատեքստում պետք է քննարկման առարկա դարձվի: Ստացվում է, որ բոլոր այն դեպքերում, երբ մեկ միջնորդությամբ կներկայացվի մի քանի անձի նկատմամբ գաղտնի քննչական գործողություն կատարելու թույլտվություն ստանալու վերաբերյալ միջնորդություն, դատարանն, ըստ էության զրկված լինելով այն մասնակի բավարարելու հնարավորությունից, պետք է ընդհանրական մոտեցում ցուցաբերի և արդյունքում, օրինակ, մեկ անձի իրավունքի սահմանափակման վերաբերյալ հետևության հանգելիս այն տարածի մյուսների վրա, ինչպիսի մոտեցումը, Վերաքննիչ դատարանի գնահատմամբ, անթույլատրելի է: Այլ է իրավիճակը, երբ մեկ միջնորդության շրջանակներում ներկայացվում է միևնույն անձի նկատմամբ մի քանի, համալիր գաղտնի քննչական գործողություններ կատարելու թույլտվություն: Այս դեպքում վերը նշված մեկնաբանությունների լույսի ներքո դատարանը հնարավորություն ունի դրանց ինքնուրույն իրավական գնահատականի արժանացնելու նաև այն համատեքստում, որ իրավունքների սահմանափակման հարցը վերաբերում է մեկ անձի: Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նաև համեմատական կերպով մեջբերել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 348-րդ հոդվածի 4-րդ մասն առ այն, որ «Մի քանի մեղադրյալների դեպքում սույն հոդվածում նշված բոլոր վերաբերելի հարցերի պատասխանները շարադրվում են յուրաքանչյուր մեղադրյալի նկատմամբ առանձին:»: Այսինքն, օրենսդիրը դատավճիռ կայացնելիս հնարավորություն է ընձեռում մեկ դատավճռի շրջանակներում անդրադարձ կատարել մի քանի մեղադրյալների արարքին, ընդ որում պայմանով, որ յուրաքանչյուր մեղադրյալի նկատմամբ պետք է առանձին շարադրվի հիշյալ հարցերի պատասխանները, մինչդեռ ապացուցողական գործողություն կատարելու միջնորդության և դրա արդյունքում կայացված դատական ակտի պարագայում նման օրենսդրական հնարավորություն առկա չէ, ինչն ավելի քան տրամաբանական մոտեցում է օրենսդրի կողմից, քանի որ, ապացուցողական գործողությունը՝ առավելապես գաղտնի քննչական գործողության կատարումը, ենթադրում է անձի՝ սահմանադրությամբ երաշխավորված իրավունքների կոշտ և ինտենսիվ միջամտություն, որպիսի պարագայում դատարանների կողմից պետք է դրսևորվի անհատական ուշադրություն, այդպիսի գործողությունների իրականացման թույլտվության համար պետք է գնահատվեն կոնկրետ անձի իրավունքների սահմանափակման համար ներկայացված փաստական տվյալների բավարարությունը և հանրային ու մասնավոր շահի միջև հավասարակշռություն ապահովվի, ինչն ինքնին արդեն բացառում է դատարանի կողմից ընդհանրական մոտեցման թույլատրելիությունը կամ իրավաչափությունը: Վերաքննիչ դատարանը գտնում է, որ նույնիսկ եթե միջնորդությունը վերաբերում է միևնույն վարույթով անցնող, ենթադրաբար փոխկապակցված անձանց, միևնույն է՝ վերը շարադրված հիմնավորումների ուժով յուրաքանչյուրի մասով պետք է ներկայացվի առանձին միջնորդություն և կայացվի առանձին դատական ակտ՝ անհատականացված կերպով ներկայացնելով հստակ փաստական և իրավական հիմնավորումներ, որոնք պայմանավորում են գաղտնի քննչական գործողության կատարման անհրաժեշտությունը և կանխորոշում են դրա արդյունքում ապացույց ստանալու ողջամիտ հավանականությունը։
Վերը շարադրվածի լույսի ներքո Վերաքննիչ դատարանի գնահատմամբ բողոքաբերների կողմից ներկայացվել են հիմնավոր փաստարկներ առ այն, որ տարբեր անձանց իրավունքների ընդհանուր կերպով սահմանափակման վերաբերյալ դատական ակտ կայացնելու օրենսդրական հնարավորություն առկա չէ, բացի այդ դատական ակտում չի հիմնավորվել յուրաքանչյուր անձի տարբեր իրավունքների սահմանափակման անհրաժեշտությունը: Այս համատեքստում Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նկատել, որ ստորադաս դատարանը քննիչի` թվով վեց անձի իրավունքի սահմանափակման նպատակով ներկայացված միջնորդությունը քննարկել է ընդհանրական կերպով՝ առանց բավարար պատճառաբանությունների, թե կոնկրետ անձի մասով արդյոք ներկայացվել են բավարար հիմնավորումներ վերջինի սահմանադրական իրավունքներին նման կոշտ միջամտություն թույլատրելու համար: Վերաքննիչ դատարանի գնահատմամբ, թեև հիշյալ վեց անձինք վարույթով ենթադրյալ փոխկապակցվածություն ունեն, սակայն յուրաքանչյուրի դեպքում առերևույթ առկա է տարբեր բնույթի ենթադրյալ հանցանքի կասկած, բացի այդ յուրաքանչյուրի պարագայում պետք է տեսանելի լինի գաղտնի քննչական գործողության կատարման հիմքը և այդ հիմքերի բավարարությունը։ Ընդ որում, ասվածը նաև պետք է դիտարկել համաչափության և որոշակիության սկզբունքների ապահովման համատեքստում՝ հաշվի առնելով, որ գաղտնի քննչական գործողության կատարումը պետք է լինի տվյալ ապացույցի ձեռքբերման վերջին միջոց, կատարվի միայն այն դեպքում, երբ այլ եղանակով այդ ապացույցը ձեռք բերել հնարավոր չէ, ուստի բոլոր դեպքերում պետք է հստակ պատճառաբանվի անձի սահմանադրական իրավունքներին նման խիստ միջամտության համաչափությունը հետապնդվող նպատակին: Այսինքն, բացի այն, որ վեց տարբեր անձանց իրավունքների միջամտության հարցը քննարկվել է մեկ դատական ակտի շրջանակներում, դեռ ավելին՝ առկա չէ յուրաքանչյուրի մասով առանձին հիմնավորումներ միջնորդվող ապացուցողական գործողությունների կատարման, դրանց տեսակների իրավաչափության վերաբերյալ։ Նման պայմաններում վերադաս ատյանի համար ևս տեսանելի չէ, թե ինչպիսի պատճառաբանությունների արդյունքում է Առաջին ատյանի դատարանը հանգել նման հետևությունների, հատկապես, երբ դրանց հիմքում դրվել են ընդհանրական, չանհատականացված դատողություններ:
Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նկատել, որ մինչդատական վարույթով դատական երաշխիքների ապահովումն ուղղված է դատական իշխանության սահմանադրական գործառույթների իրականացմանը գործի մինչդատական վարույթում՝ նպատակ ունենալով թույլ չտալ անձի իրավունքների և ազատությունների անօրեն և չհիմնավորված սահմանափակումներ, ինչպես նաև վերականգնել խախտված իրավունքներն ու ազատությունները։ Այլ կերպ՝ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործառույթը կիմաստազրկվի, եթե դատարանն առաջնորդվի վարույթն իրականացնող մարմնի ներկայացրած միջնորդության մեխանիկական վերարտադրությամբ, և յուրաքանչյուր դեպքում հիմնավոր գնահատականի չարժանացնի նման միջնորդության իրավաչափությունը։ Այս համատեքստում, անդրադառնալով մեղադրյալ Գրիգոր Մալխասյանի պաշտպան Ա․Ծերունյանի բողոքում բարձրացված փաստարկներին, Վերաքննիչ դատարանը հարկ է համարում ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ Առաջին ատյանի դատարանը որպես Գրիգոր Մալխասյանի նկատմամբ ներքին դիտում գաղտնի քննչական գործողություն կատարելու հասցե նշել է «Սուրբ Գևորգյան» փողոցը, մինչդեռ նման հասցե օբյեկտիվ իրականության մեջ առկա չէ։ Այսինքն, քննիչի կողմից ներկայացված միջնորդության մեջ առկա վրիպակն նույնկերպ արտացոլվել է դատական ակտի մեջ, իսկ ստորադաս դատարանի կողմից պատշաճ կերպով չի ստուգվել նման հասցեի առկայությունը, անձի առնչությունը դրան, որպիսի պայմաններում հնարավոր չէ խոսել նախնական վերահսկողության նպատակի իրացման մասին։
Դեռ ավելին, Վերաքննիչ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ Գրիգոր Մալխասյանի նկատմամբ ներքին դիտում է իրականացվել նրա կողմից շահագործվող **********» մակնիշի ********** հաշվառման համարանիշի ավտոմեքենայում։ Որպես Գրիգոր Մալխասյանի կողմից նշված տրանսպորտային միջոցի շահագործումը հավաստող տվյալ վարույթն իրականացնող մարմինը միջնորդությանը կից ներկայացրել է վերջինիս վարչական իրավախախտումների ամփոփաթերթը։ Այս առնչությամբ հարկ է նկատել, որ հիշյալ ամփոփաթերթում Գրիգոր Մալխասյանի կողմից վարչական իրավախախտումներ կատարելիս հիշատակվում են նաև այլ տրանսպորտային միջոցներ, ուստի վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացված միջնորդությամբ, դրա քննարկման արդյունքում կայացված դատական ակտով ևս չի նշվել գեթ մեկ պատճառաբանություն առ այն, թե ինչու պետք է ներքին դիտում իրականացնել հենց հիշյալ տրանսպորտային միջոցում։ Ընդ որում, արժանահիշատակ է այն փաստը, որ Գրիգոր Մալխասյանի պաշտպան Ն․Մալխասյանի կողմից դատական նիստում ներկայացված ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից պատասխան գրությամբ պարզ է դարձել, թե ինչ հիմնավորմամբ է քննիչի կողմից ներկայացվել, իսկ Առաջին ատյանի դատարանի կողմից՝ հաստատվել Գրիգոր Մալխասյանի առնչությունը հիշյալ տրանսպորտային միջոցին։ Վերաքննիչ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ նմանաբնույթ, առաջին հայացքից՝ ձևական պահանջների անտեսումն առաջ է բերում անձանց իրավունքների անհարկի և չհիմնավորված միջամտության լուրջ վտանգ, որը կարևորում է և վարույթի ընթացքում մասնավոր շահի, և հանրային շահի ապահովման տեսանկյունից, քանի որ անձանց սահմանադրական իրավունքներին ոչ իրավաչափ միջամտության պարագայում սահմանափակվում է ձեռք բերված ապացույցի օգտագործման հնարավորությունը՝ վերջինի անթույլատրելիության հիմքով։
Այսպիսով, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ մեկ դատական ակտով վեց տարբեր անձանց իրավունքներին միջամտությունը ընդհանրական, չանհատականացված հիմնավորմամբ թույլատրելով և ներկայացված միջնորդությամբ արտացոլված տվյալները պատշաճ ստուգման չենթարկելով, խախտվել է մինչդատական վարույթի նկատմամբ դատական պատշաճ վերահսկողության ապահովման պահանջը, որի արդյունքում Առաջին ատյանի դատարանը եկել է ոչ իրավաչափ և ոչ հիմնավոր եզրահանգման, իսկ բողոքաբերների կողմից այդ համատեքստում ներկայացվել են ծանրակշիռ փաստարկումներ։
Ուստի, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ թիվ ********** մինչդատական վարույթով մեղադրյալ Գրիգոր Մալխասյանի պաշտպաններ Ալեքսան Ծերունյանի ու Պարույր Սաֆարյանի և մեղադրյալ Աշոտ Բաղդասարյանի պաշտպան Գոռ Միքայելյանի հատուկ վերանայման բողոքները պետք է բավարարել, իսկ ՀՀ հակակոռուպցիոն դատարանի 2024 թվականի օգոստոսի 12-ի ««Ներքին դիտում», «Արտաքին դիտում» և «Թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում» գաղտնի քննչական գործողություններ կատարելու թույլտվություն ստանալու մասին միջնորդությունը քննելու վերաբերյալ»» որոշումը՝ բեկանել և կայացնել դրան փոխարինող ակտ.
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննչական երկրորդ վարչության քննիչ Ա.Խլղաթյանի միջնորդությունը մերժել։ (...)»։
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է․ հիմնավորվա՞ծ է արդյոք Վերաքննիչ դատարանի հետևությունն առ այն, որ նախաքննության մարմնի կողմից ներկայացված միջնորդությունը, և դրա քննարկման արդյունքում կայացված դատական ակտը պետք է վերաբերի բացառապես մեկ անձի իրավունքների սահմանափակմանը։
Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի համաձայն՝
«1. Յուրաքանչյուր ոք ունի իր անձնական ու ընտանեկան կյանքի, բնակարանի և նամակագրության նկատմամբ հարգանքի իրավունք։
2 Չի թույլատրվում պետական մարմինների միջամտությունն այդ իրավունքի իրականացմանը, բացառությամբ այն դեպքերի, երբ դա նախատեսված է օրենքով և անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում ի շահ պետական անվտանգության, հասարակական կարգի կամ երկրի տնտեսական բարեկեցության, ինչպես նաև անկարգությունների կամ հանցագործությունների կանխման, առողջության կամ բարոյականության պաշտպանության կամ այլ անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով»:
ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածի համաձայն.
«1. Յուրաքանչյուր ոք ունի իր մասնավոր և ընտանեկան կյանքի, պատվի ու բարի համբավի անձեռնմխելիության իրավունք:
2. Մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, երկրի տնտեսական բարեկեցության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով»։
ՀՀ Սահմանադրության 34-րդ հոդվածի համաձայն.
«1.Յուրաքանչյուր ոք ունի իրեն վերաբերող տվյալների պաշտպանության իրավունք:
2.Անձնական տվյալների մշակումը պետք է կատարվի բարեխղճորեն, օրենքով սահմանված նպատակով, անձի համաձայնությամբ կամ առանց այդ համաձայնության` օրենքով սահմանված այլ իրավաչափ հիմքի առկայությամբ:(...)»։
ՀՀ Սահմանադրության 78-րդ հոդվածի համաձայն`
«Հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է պիտանի և անհրաժեշտ լինեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար: Սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է համարժեք լինեն սահմանափակվող հիմնական իրավունքի և ազատության նշանակությանը»։
ՀՀ Սահմանադրության 81-րդ հոդվածի համաձայն.
«1. Հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ Սահմանադրությունում ամրագրված դրույթները մեկնաբանելիս հաշվի է առնվում Հայաստանի Հանրապետության վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան:
2. Հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակումները չեն կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված սահմանափակումները»։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 242-րդ հոդվածի համաձայն.
«1. Գաղտնի քննչական գործողություն կարող է կատարվել միայն այն դեպքում, երբ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ դրա արդյունքով կարող է ձեռք բերվել տվյալ վարույթի համար նշանակություն ունեցող ապացույց, և միաժամանակ այլ եղանակով այդ ապացույցի ձեռքբերումը ողջամտորեն անհնար է:
2. Գաղտնի քննչական գործողությունը կատարվում է քննիչի հանձնարարությամբ` դատարանի որոշման հիման վրա:
3. Գաղտնի քննչական գործողությունները կարող են կատարվել ծանր կամ առանձնապես ծանր, ինչպես նաև կաշառք ստանալու կամ կաշառք տալու ենթադրյալ հանցանքների վերաբերյալ վարույթներով:
(...)»։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 292-րդ հոդվածի համաձայն՝
«1. Ապացուցողական գործողություն կատարելու, ինչպես նաև գաղտնի քննչական գործողության ժամկետը երկարաձգելու վարույթը հարուցվում է քննիչի միջնորդության հիման վրա:
2. Քննիչի միջնորդությունը պարունակում է՝
1) իրավասու դատարանի անվանումը.
2) քննիչի անունը, ազգանունը և պաշտոնը.
3) միջնորդությունը դատարան ներկայացնելու տարին, ամիսը, օրը, ժամը և րոպեն.
4) վարույթի համարը.
5) այն անձի վերաբերելի տվյալները, որի սահմանադրական իրավունքը միջնորդվում է սահմանափակել.
6) միջնորդվող ապացուցողական գործողությունը, ինչպես նաև դրա կատարման վերաբերելի պայմանները, այդ թվում՝ ժամկետները.
7) միջնորդվող ապացուցողական գործողությունից ակնկալվող արդյունքը.
8) գաղտնի քննչական գործողության ժամկետի երկարաձգման միջնորդության դեպքում` գաղտնի քննչական գործողության կատարման ընթացքում ստացված արդյունքը.
9) այն փաստարկները, որոնք հիմնավորում են անձի սահմանադրական իրավունքի սահմանափակման անհրաժեշտությունը և համաչափությունը, այդ թվում՝ միջնորդվող ապացուցողական գործողությունից ակնկալվող արդյունքն այլ եղանակով ստանալու ողջամիտ անհնարինությունը.
10) միջնորդությանը կցվող նյութերի ցանկը։
3. Միջնորդությանը կցվում է քրեական վարույթ նախաձեռնելու մասին արձանագրության պատճենը, ինչպես նաև միջնորդության հիմնավորվածությունը հաստատող անհրաժեշտ նյութերի պատճենները, իսկ նույն քրեական վարույթով նույն միջնորդությունը մերժելու մասին որոշում կայացված լինելու դեպքում՝ նաև դատարանի համապատասխան որոշման պատճենը։
(…)
11. Վարույթի հարուցումը հիմնավորված մերժվում է, եթե պահպանված չէ սույն հոդվածի 2-8-րդ մասերով սահմանված որևէ պայման։ Վարույթի հարուցման մերժումը խոչընդոտ չէ նոր միջնորդություն ներկայացնելու համար»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 293-րդ հոդվածի համաձայն՝
«3․ Միջնորդության քննության արդյունքով դատարանը կայացնում է հետևյալ որոշումներից մեկը.
1) միջնորդությունը մերժելու մասին.
2) միջնորդությունը բավարարելու և միջնորդվող ապացուցողական գործողության կատարումը թույլատրելու մասին.
3) միջնորդությունը բավարարելու և միջնորդվող գաղտնի քննչական գործողության կատարման ժամանակը երկարաձգելու մասին։
(…)
4. Միջնորդությունը բավարարելու դեպքում դատարանը կարող է, ի շահ ապացուցողական գործողության արդյունքում իրավունքների սահմանափակման ենթարկվող անձի, փոխել թույլատրվող ապացուցողական գործողության կատարման վերաբերելի պայմանները, այդ թվում՝ ժամկետը։
(…)»:
Վճռաբեկ դատարանը մշտապես ընդգծել է անձի մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքի հիմնարար բնույթն ու իր նախադեպային իրավունքում հետևողականորեն բացահայտել է այդ իրավունքի սահմանափակման նկատմամբ դատական վերահսկողության բովանդակությունը, համաձայն որի՝ նշված հիմնարար իրավունքին միջամտության ավելի բարձր աստիճան ունեցող օպերատիվ-հետախուզական միջոցառումների, ինչպես նաև գաղտնի քննչական գործողությունների իրականացման նկատմամբ նախնական դատական վերահսկողությունը պատշաճ ընթացակարգի երաշխիք է` գաղտնի վերահսկողությունը թույլատրող որոշումներում համապատասխան պատճառները նշելու պահանջի հետ մեկտեղ, ապահովելու այն, որ կիրառման ենթակա միջոցառումները պատահականորեն կամ առանց պատշաճ և հատուկ ուսումնասիրման չեն թույլատրվելու դատարանի կողմից։ Վերահսկողության այդ գաղտնի միջոցառումների դեպքում, գործի փաստական հանգամանքների (in concreto) համակողմանի գնահատմամբ, դատարանը պետք է ստուգման ենթարկի հայցվող միջամտության՝ իր բնույթին, նպատակային նշանակությանն օրենսդրությամբ առաջադրվող համաչափության պայմաններին համապատասխանելու հարցը՝ որոշելու համար, թե արդյո՞ք առկա են հայցվող միջամտությունը թույլատրելու բավարար և հիմնավոր հիմքեր։
Այս առումով անհրաժեշտ է վերստին ընդգծել, որ մասնավոր ու ընտանեկան կյանքի իրավունքին միջամտության ավելի բարձր աստիճան ունեցող օպերատիվ-հետախուզական միջոցառումների, ինչպես նաև՝ գաղտնի քննչական գործողությունների կատարումը պետք է լինի իրավասու մարմնի կողմից օրենքով իր վրա դրված խնդիրների իրականացման վերջին միջոց և կատարվի միայն այն դեպքում, երբ այլ եղանակով անհրաժեշտ այդ տեղեկատվության ձեռքբերումը ողջամտորեն անհնարին է։
Մեջբերված սահմանադրաիրավական և քրեադատավարական նորմերն ամրագրում են անձի Սահմանադրությամբ ամրագրված հիմնական իրավունքները և նախատեսում դրա ապահովման երաշխիքները: Մասնավորապես՝ որպես այդպիսի երաշխիք է հանդես գալիս գաղտնի քննչական գործողության կատարումը մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության առարկայի շարքում նախատեսելը:
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ գաղտնի քննչական գործողությունները կարող են կատարվել բացառապես դատարանի որոշման հիման վրա, ընդ որում, օրենսդիրը խստիվ կանոնակարգել է ինչպես տվյալ ապացուցողական գործողության իրականացման, այնպես էլ դրա նկատմամբ իրականացվող դատական վերահսկողության ընթացակարգերը։ Ապացուցողական գործողության կատարման՝ տվյալ դեպքում գաղտնի քննչական գործողության, ինչպես նաև դրա նկատմամբ դատական վերահսկողությունը կանոնակարգող նորմերի բովանդակությունից հետևում է, որ առկա չէ հստակ կարգավորում՝ մեկ միջնորդության շրջանակներում ապացուցողական գործողության արդյունքում իրավունքների սահմանափակման ենթարկվող անձանց քանակի վերաբերյալ: Ավելին, այդ փաստը չի կարող միջնորդության իրավաչափության տեսանկյունից գնահատվել, քանի որ մեջբերված իրավանորմերի համադրված վերլուծությունից բխում է, որ գաղտնի քննչական գործողություն կատարման իրավաչափությունը գնահատելիս, դատարանի գնահատման առարկան են կազմում քննիչի հարուցած միջնորդության հիմնավորվածությունը հաստատող նյութերում առկա այնպիսի փաստական տվյալները, որոնք բավարար հիմք կտան ենթադրելու, որ գաղտնի քննչական գործողության արդյունքում կարող է ձեռք բերվել քրեական վարույթի համար նշանակություն ունեցող ապացույց։ Ուշագրավ է այն հանգամանքը, որ ապացուցողական գործողության արդյունքում ակնկալվում է ձեռք բերել ապացույց, որի հիման վրա պարզվում են ապացուցման ենթակա հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը, ինչպես նաև վարույթի համար նշանակություն ունեցող այլ հանգամանքներ: Նման պայմաններում մեկ միջնորդությամբ, սակայն նույն վարույթով անցնող մեկից ավել փոխկապակցված անձանց նկատմամբ քննչական կամ գաղտնի քննչական գործողություն կատարելու թույլտվություն ստանալու վերաբերյալ մեկ միջնորդություն ներկայացնելը երբեմն կարող է բխել նաև վարույթի օպերատիվ քննության նպատակներից, որն ուղղված է գործի հանգամանքների անհապաղ բացահայտմանը։
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ արդարացված կլինի, եթե վարույթն իրականացնող մարմինը յուրաքանչյուր անձի մասով առանձին միջնորդություն ներկայացնի դատարան, իսկ դատարանն էլ, իր հերթին, յուրաքանչյուր անձի մասով քննարկի սահմանադրական իրավունքի սահմանափակման թույլատրելիության հարցը և կայացնի առանձին որոշում:
Այնուհանդերձ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այն դեպքերում, երբ միջնորդությունը ներկայացվել է մեկ վարույթի շրջանակներում, մի քանի անձանց վերաբերյալ, որոնց մեղադրանքները կամ նրանց վերագրվող փաստերը փոխկապակցված են, ապա վարույթն իրականացնող մարմնի կողմից այդ անձանց վերաբերյալ մեկ միջնորդություն ներկայացնելը ևս արդարացված է և բխում է վարույթի օպերատիվ քննության անհրաժեշտությունից։ Ապացուցողական գործողության կատարման թույլտվության միջնորդություն ներկայացնելու առանձնահատկությունն՝ ի տարբերություն հարկադրանքի միջոցի կիրառման միջնորդությունների, այն է, որ օրենքով սահմանված դրույթները չեն պարտադրում ներկայացնել յուրաքանչյուր անձի վերաբերյալ մեկ միջնորդություն, այլ հարցի լուծումը թողնում են վարույթն իրականացնող մարմնի հայեցողությանը, ով հաշվի է առնում միջնորդության ներկայացման ձևի ինչպես նպատակահարմարությունը, այնպես էլ վարույթի վարման տակտիկան և բազմակողմանի քննության հնարավորությունը։ Այս առանձնահատկությունն այդ թվում պայմանավորված է նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 293-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված դրույթով, որի համաձայն միջնորդությունը բավարարելու դեպքում դատարանը կարող է, ի շահ ապացուցողական գործողության արդյունքում իրավունքների սահմանափակման ենթարկվող անձի, փոխել թույլատրվող ապացուցողական գործողության կատարման վերաբերելի պայմանները, այդ թվում՝ ժամկետը։
Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից հետևում է, որ.
-նախաքննության մարմինը միջնորդություն է ներկայացրել Առաջին ատյանի դատարան՝ թիվ ********** քրեական վարույթով Գևորգ Ղափլանյանի, Գեորգի Թովմասյանի, Աշոտ Բաղդասարյանի, Նորիկ Գասպարյանի, Փիլոս Ղազանչյանի, Գրիգոր Մալխասյանի նկատմամբ «Թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում», «Ներքին դիտում» և տեխնիկական միջոցների կիրառմամբ «Արտաքին դիտում» գաղտնի քննչական գործողություններ կատարելու վերաբերյալ, և որպես միջնորդությամբ ակնկալվող արդյունքներն այլ եղանակով ստանալու անհնարինություն՝ նշել հետևյալը՝ «ապօրինի գործողություններին մասնակից են դարձել համապատասխան պետական հիմնարկների, մասնավորապես՝ կադաստրի կոմիտեի, Երևանի քաղաքապետարանի և տեսչական մարմնի պաշտոնատար անձինք, նրանց մտերիմներն ու ընկերները, ովքեր բոլորն էլ, ըստ էության, ունեն շահագրգռվածություն, մասնավորապես՝ կարող է նրանց բոլորի նկատմամբ սույն քրեական վարույթով հարուցվել քրեական հետապնդում ու հաշվի առնելով նրանց դրսևորած վարքագիծը առ այն, որ խուսափել են ուղիղ կապով հեռախոսազրույցներից, կարող են լռել, ինչի պայմաններում հանրային իշխանությունը կարող է զրկվել ապացույցներ ձեռք բերելու հնարավորությունից, իսկ քննարկվող գաղտնի քննչական գործողությունը հետագայում ձեռնարկելը կարող է հանդիսանալ ժամանակավրեպ՝ նկատի ունենալով, որ նրանց հետ ակտիվ վարութային գործողությունների ընթացքում այդ անձինք տեղեկանալով նախկինում իրականացված ՕՀ միջոցառումներից, ուղղակիորեն կարող են զգուշանալ և ավելի գաղտնապահ վերաբերմունք դրսևորել, ուստի վարույթն իրականացնող մարմնի գնահատմամբ սույն դեպքում չափազանց կարևոր է ճիշտ ժամանակին՝ այժմ ձեռնարկել ու իրականացնել գաղտնի քննչական գործողությունը»։
-Քննիչի միջնորդությունը Առաջին ատյանի դատարանի 2024 թվականի օգոստոսի 12-ի որոշմամբ բավարարվել է՝ հաշվի առնելով, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից կատարվել են բավարար քննչական և վարութային գործողություններ, ինչի մասին են վկայում «Ներքին դիտում», ինչպես նաև բաց տարածություններում, հանրային վայրերում կամ բնակարան չհանդիսացող փակ տարածությունում տեխնիկական միջոցների կիրառմամբ օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքների մասին՝ 2024 թվականի մայիսի 8-ի արձանագրությունը, «Թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքների մասին 2024 թվականի օգոստոսի արձանագրությունները, «Օպերատիվ հարցում» և «Օպերատիվ տեղեկությունների ձեռքբերում» համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքների մասին 2024 թվականի հունիսի 21-ի, հուլիսի 8-ի ու 15-ի արձանագրությունները, և արդեն վարույթի սույն փուլում գործի լուծման համար անհրաժեշտ տեղեկությունները՝ հանցագործության դեպքի, հանգամանքների ու մասնակիցների վերաբերյալ ակնկալվող ապացույցները, այլ եղանակով ձեռք բերելը ողջամտորեն անհնար է։
-Վերաքննիչ դատարանը, բեկանել է Առաջին ատյանի դատարանի որոշումը և կայացրել դրան փոխարինող դատական ակտ՝ արձանագրելով, որ գաղտնի քննչական գործողություններ կատարելու, ինչպես նաև դրանց ժամկետները երկարաձգելու վարույթի հարուցման ներկայացվող պահանջների համակարգային վերլուծությունից է բխում այն գաղափարը, որ և՛ քննիչի կողմից ներկայացված միջնորդությունը, և՛ դրա քննարկման արդյունքում կայացված դատական ակտը պետք է վերաբերի մեկ անձի իրավունքների սահմանափակմանը։ Վերաքննիչ դատարանը նշել է նաև, որ յուրաքանչյուրի մասով պետք է ներկայացվի առանձին միջնորդություն և կայացվի առանձին դատական ակտ՝ անհատականացված կերպով ներկայացնելով հստակ փաստական և իրավական հիմնավորումներ, որոնք պայմանավորում են գաղտնի քննչական գործողության կատարման անհրաժեշտությունը և կանխորոշում են դրա արդյունքում ապացույց ստանալու ողջամիտ հավանականությունը։
Նախորդ կետում շարադրված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 17-21-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն առաջին հերթին՝ անդրադառնալով Վերաքննիչ դատարանի հետևություններին առ այն, որ մեկ դատական ակտով վեց տարբեր անձանց իրավունքներին միջամտությունը խախտում է մինչդատական վարույթի նկատմամբ դատական պատշաճ վերահսկողության ապահովման պահանջը, փաստում է, որ դրանք հիմնավոր չեն։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ թեև առավել արդարացի կլինի յուրաքանչյուր անձի վերաբերյալ առանձին միջնորդություններ ներկայացնելը, սակայն սույն դեպքում մեկ միջնորդություն ներկայացնելն, այնուհանդերձ, չի կարող միջնորդությունը մերժելու հիմք հանդիսանալ։ Հատկապես, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նկատել, որ տվյալ դեպքում խնդրո առարկա միջնորդությունը վերաբերում է նույն վարույթով անցնող՝ միմյանց փոխկապակցված անձանց, որպիսի հանգամանքը առանձնահատուկ նշանակություն ունի նման միջնորդություն ներկայացնելիս։ Այլ կերպ՝ այն պարագայում, երբ մեկ միջնորդությամբ հայցվող տեղեկատվության ստացումը վերաբերում է մեկից ավել անձանց, որոնք նույն վարույթի շրջանակներում փոխկապակցված են միմյանց և վերջիններին վերագրվող փաստերը փոխլրացնում են միմյանց, ապա առավել քան արդարացված է մեկ միջնորդություն ներկայացնելու հանգամանքը։
Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ չնայած Առաջին ատյանի դատարանը կայացրել է մեկից ավելի անձանց նկատմամբ գաղտնի քննչական գործողությունների կատարելու թույլտվություն տալու մասին մեկ որոշում, սակայն դրա արդյունքում ինքնին չի խախտվել ապացուցողական գործողության արդյունքում իրավունքների սահմանափակման ենթարկվող անձանց սահմանադրական իրավունքները։
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանի կողմից մեկ որոշմամբ Գևորգ Ղափլանյանի, Գեորգի Թովմասյանի, Աշոտ Բաղդասարյանի, Նորիկ Գասպարյանի, Փիլոս Ղազանչյանի, Գրիգոր Մալխասյանի նկատմամբ «Թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում», «Ներքին դիտում» և տեխնիկական միջոցների կիրառմամբ «Արտաքին դիտում» գաղտնի քննչական գործողություններ կատարելու թույլտվություն տալու արդյունքում չեն խախտվել ոչ վերջինների սահմանադրական իրավունքները և ոչ էլ մինչդատական վարույթի նկատմամբ դատական պատշաճ վերահսկողութան ապահովման պահանջը։
Ինչ վերաբերում է վճռաբեկ բողոքի պատասխանում պաշպանության կողմի ներկայացված համեմատականներին առ այն, որ խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնելիս քրեադատավարական նորմերը նույնպես իմպերատիվ պահանջ չեն նախատեսում այն մասին, որ դրանցից որևէ մեկի կիրառման վերաբերյալ միջնորդությունը պետք է ներկայացվի «մեկ անձ-մեկ միջնորդություն» տրամաբանությամբ, սակայն պրակտիկայում նշված խափանման միջոցների կիրառման վերաբերյալ միջնորդությունը ներկայացվում է ըստ անձի՝ «մեկ անձ-մեկ միջնորդություն» տրամաբանությամբ, ապա Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ ի տարբերություն ապացուցողական գործողությունների կատարման դատական երաշխիքների շրջանակում դատարանի կայացված որոշումների՝ խափանման միջոցի կիրառման միջնորդության քննության արդյունքով դատարանը կայացնում է հետևյալ երեք որոշումներից մեկը՝ միջնորդությունը մերժելու մասին, միջնորդությունը մասնակի բավարարելու մասին, կամ միջնորդությունն ամբողջությամբ բավարարելու մասին։ Այսինքն` դատարանը չի կարող մեկ որոշմամբ միաժամանակ կայացնել միջնորդությունը մասնակի բավարարելու և միջնորդությունն ամբողջությամբ բավարարելու մասին որոշում, կամ այդ երեքից ցանկացած երկուսը միասին։ Ի տարբերություն նշվածի՝ ապացուցողական գործողություն կատարելու կամ գաղտնի քննչական գործողության ժամկետը երկարաձգելու միջնորդության քննության արդյունքով դատարանը կայացնում է հետևյալ որոշումներից մեկը՝ միջնորդությունը մերժելու մասին, միջնորդությունը բավարարելու և միջնորդվող ապացուցողական գործողության կատարումը թույլատրելու մասին, կամ միջնորդությունը բավարարելու և միջնորդվող գաղտնի քննչական գործողության կատարման ժամանակը երկարաձգելու մասին, և եթե դատարանը բավարարել է միջնորդությունը, ապա կարող է, ի շահ ապացուցողական գործողության արդյունքում իրավունքների սահմանափակման ենթարկվող անձի, փոխել թույլատրվող ապացուցողական գործողության կատարման վերաբերելի պայմանները, ինչն իրենից ենթադրում է նաև այն իրավունքների սահմանափակման ենթարկվող անձանցից մեկի կամ մի քանիսի նկատմամբ որևէ ապացուցողական գործողության կատարման թույլտվության բացառում, ինչը հնարավոր չէ խափանման միջոցի միջնորդության քննության արդյունքում։
Այսպիսով՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի հետևություններն առ այն, որ նախաքննության մարմնի կողմից ներկայացված միջնորդությունը, և դրա քննարկման արդյունքում կայացված դատական ակտը պետք է վերաբերի բացառապես մեկ անձի իրավունքների սահմանափակմանը, հիմնավոր չեն։
Անդրադառնալով բողոքաբերի փաստարկին առ այն, որ քննիչն իր միջնորդությունում պատշաճ արձանագրել է բոլոր այն փաստարկները, որոնք հիմնավորում են անձանց սահմանադրական իրավունքների սահմանափակման անհրաժեշտությունը և համաչափությունը, այդ թվում՝ միջնորդվող ապացուցողական գործողությունից ակնկալվող արդյունքն այլ եղանակով ստանալու ողջամիտ անհնարինությունը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նման պնդումները չեն բխում վարույթի նյութերից։ Այս համատեքստում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել հետևյալը․
Հաշվի առնելով գաղտնի քննչական գործողությունների իրականացմամբ անձի անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիության իրավունքին միջամտության ինտենսիվ բնույթը՝ որպես վարույթի համար նշանակություն ունեցող ապացույց ձեռք բերելու լրացուցիչ և առանցքային պայման՝ օրենսդիրը սահմանել է ապացույցն այլ եղանակով ձեռք բերելու ողջամիտ անհնարինությունը։ Այլ կերպ՝ քննիչը պետք է հիմնավոր կերպով պատճառաբանի և/կամ ներկայացված նյութերից ողջամտորեն պետք է բխի, որ այլ եղանակով հնարավոր չէ ձեռք բերել վարույթի համար նշանակություն ունեցող այս կամ այն ապացույցը, որն ակնկալվում է ստանալ գաղտնի քննչական գործողության կատարման արդյունքում։ Ապացույցն այլ եղանակով ձեռք բերելու ողջամիտ անհնարինության մասին կարող են վկայել արդեն իսկ իրականացված անհրաժեշտ վարութային գործողությունները, որոնք արդյունք չեն տվել, ինչպես նաև առերևույթ հանցագործության բնույթը՝ պայմանավորված դրա բարձր լատենտայնությամբ։
Մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքին միջամտող միջոցառումների նկատմամբ դատական վերահսկողությունը պետք է հիմնվի այն տրամաբանության վրա, որ քրեական վարույթի շրջանակներից դուրս օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու թույլտվություն ստանալու միջնորդությունը և նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում համաբնույթ գաղտնի քննչական գործողություն կատարելու թույլտվություն ստանալու մասին միջնորդությունը լուծելիս, այն չափանիշները, որոնց գնահատմամբ կարելի է պարզել անձի սահմանադրական իրավունքի սահմանափակման անհրաժեշտությունն ու համաչափությունը, նույն բովանդակությունը չեն կարող ունենալ։ Հակառակ պարագայում՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և գաղտնի քննչական գործողությունների իրականացման փաստական հիմքերի ապացուցողական շեմը կնույնացվի՝ անտեսելով դրանց առանձնահատուկ բնույթը։
Գաղտնի քննչական գործողության կատարման փաստական հիմքն այն տվյալներն են, որոնք պայմանավորում են գաղտնի քննչական գործողության կատարման անհրաժեշտությունը և կանխորոշում են դրա արդյունքում ապացույց ստանալու ողջամիտ հավանականությունը։ Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն փաստարկները, որոնք հիմնավորում են անձի սահմանադրական իրավունքի սահմանափակման անհրաժեշտությունը, ինչպես նաև դրա համաչափությունը՝ ապացուցողական գործողության ակնկալվող արդյունքին՝ իրավունքների սահմանափակման ենթարկվող մի քանի անձանց դեպքում պետք է շարադրվի յուրաքանչյուրի մասով առանձին՝ (թեկուզև մեկ միջնորդությամբ) և պատշաճ հիմնավորված լինի։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, քննության առնելով գաղտնի հեռահաղորդակցային վերահսկողության համակարգը, արձանագրել է, որ Կոնվենցիայի 8-րդ հոդվածի շրջանակում միջամտությունը կարող է համարվել իրավաչափ միայն այն դեպքում, երբ այն ուղեկցվում է բավարար երաշխիքներով կամայականության դեմ, այդ թվում՝ պատշաճ պատճառաբանվածության պահանջով։
Դատարանը, մասնավորապես, ընդգծել է, որ գաղտնի վերահսկողության թույլտվությունները պետք է հիմնված լինեն կոնկրետ և անհատականացված գնահատման վրա, այլ ոչ թե ընդհանուր կամ ձևական ձևակերպումների։
Սույն դեպքում, վարույթի նյութերից հետևում է, որ՝
-թիվ ********** քրեական վարույթը նախաձեռնվել է 2024 թվականի օգոստոսի 9-ին,
- 2024 թվականի օգոստոսի 12-ին վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան թիվ 62268324 քրեական վարույթով «Թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում», «Ներքին դիտում», ինչպես նաև «Արտաքին դիտում» գաղտնի քննչական գործողություններ կատարելու թույլտվություն ստանալու վերաբերյալ, և դրա հիմնավորվածությունը հաստատող կից նյութերում ներկայացված են բացառապես վարույթից դուրս իրականացված օպերատիվ-հետախուզական գործունեության արդյունքները` «թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքների մասին, ««ներքին դիտում» և «արտաքին դիտում»» օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքների մասին, «օպերատիվ հարցում» և «օպերատիվ տեղեկությունների ձեռքբերում» համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքների մասին 2024 թվականի արձանագրությունները։
Նախորդ կետում շարադրված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշմամբ վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ կոնկրետ սույն վարույթով ներկայացված միջնորդության քննության արդյունքում, Առաջին ատյանի դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ քննիչի միջնորդությունը չի պարունակում բավարար հիմնավորում վարույթով արդեն իսկ իրականացված գործողությունների, դրանց բնույթի ու ծավալի, դրանց անարդյունավետ լինելու և այդ հանգամանքով պայմանավորված ապացույցն այլ եղանակով, քան թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկման, ներքին դիտման և տեխնիկական միջոցների կիրառմամբ արտաքին դիտման միջոցով ձեռք բերելու ողջամիտ անհնարինության մասին։ Այլ կերպ՝ քննիչի կողմից փաստական տվյալների բավարար ամբողջությամբ չի հիմնավորվել միջնորդվող գաղտնի քննչական գործողությունների կատարման իրավաչափությունն ու անհրաժեշտությունը, որպիսի պայմաններում միջնորդությունը ենթակա էր մերժման։
Բացի այդ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ թե քննիչի կողմից ներկայացված միջնորդությունում, և թե դրա քննարկման արդյունքում կայացված դատական ակտում պատճառաբանություններն ու հիմնավորումները համապատասխանաբար ներկայացվել և գնահատվել են «մեկ հիմնավորում՝ բոլորի համար» սկզբունքով։ Մինչդեռ, պետք է կարևորվեր յուրաքանչյուր անձի մասով միջնորդության հիմնավոր լինելը, իսկ քննիչի միջնորդությունն ու դրա հիման վրա կայացվող դատական ակտում տեղ գտած պատճառաբանություններն ու հիմնավորումները իրենց հերթին պետք է լինեին անհատականացված՝ յուրաքանչյուրի համար առանձին պատճառաբանված։
Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թեև Վերաքննիչ դատարանը սխալ է պատճառաբանել իր որոշումը, սակայն արդյունքում, բեկանելով Առաջին ատյանի դատարանի 2024 թվականի օգոստոսի 12-ի որոշումը և մերժելով քննիչի՝ 2024 թվականի օգոստոսի 12-ի «Թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում», «Ներքին դիտում», ինչպես նաև «Արտաքին դիտում» գաղտնի քննչական գործողություններ կատարելու թույլտվություն ստանալու մասին միջնորդությունը՝ եկել է ճիշտ եզրահանգման, ուստի Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի 2025 թվականի հուլիսի 10-ի դատական ակտը պետք է թողնել անփոփոխ՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 33-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 359-րդ, 361-363-րդ ու 400-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
Թիվ ՀԿԴ/0131/09/24 վարույթով ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի 2025 թվականի հուլիսի 10-ի որոշումը թողնել անփոփոխ՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:
Նախագահող` Ս.ՉԻՉՈՅԱՆ
Դատավորներ` Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆ
Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆ
Ռ.ՄԽԻԹԱՐՅԱՆ
