Վճռաբեկ դատարան · Քրեական
ՏԴ/0243/01/21
Վճռաբեկ դատարանի որոշումների ցանկից (cassationcourt.am/decisions)՝ դատարանի նախադեպային շտեմարանում այն չկա։
- Գործի համարը
- ՏԴ/0243/01/21
- Դիմող / մեղադրյալ
- Յուրիկ ՄարդանյանԱրթուր ԳրիգորյանՄովսես ԶարգարյանՎարդան Շահնազարյան
- Դատական ակտի ընդունման ամսաթիվը
- 31.07.2026
- ՀՀ Քրեական օրենսգիրք
- Որոշման տեքստում վկայակոչված այլ հոդվածներ
12 հոդված՝ որոշման տեքստից (դատարանի քարտում չկան)
ՀՀ Քրեական օրենսգիրք
- Հոդված 69. Պատժի ժամկետները հաշվարկելը և պատիժը հաշվակցելը
- Հոդված 70. Պատիժը պայմանականորեն չկիրառելը
- Հոդված 185. Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը
- Հոդված 296. Ծառերի, թփերի և բուսածածկի ապօրինի հատումը
- Հոդված 309. Պաշտոնեական լիազորություններն անցնելը
- Հոդված 333. Սուտ մատնությունը
- Հոդված 452. Պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը
Որոշման տեքստը
դատարանի Word ֆայլիցՏԴ/0243/01/21
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Տավուշի մարզի առաջին ատյանի
ընդհանուր իրավասության դատարան,
նախագահող դատավոր՝ Ս.Մարդանյան
Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական դատարան,
նախագահող դատավոր` Մ.Արղամանյան
դատավորներ` Ա.Նիկողոսյան
Լ.Ալավերդյան
31 հուլիսի 2026 թվական ք.Երևան
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ` Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ` Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ
Հ.ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ
գրավոր ընթացակարգով քննության առնելով Յուրիկ Մարկոսի Մարդանյանի, Արթուր Աշոտի Գրիգորյանի, Մովսես Աշոտի Զարգարյանի և Վարդան Միշայի Շահնազարյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի ապրիլի 18-ի որոշման դեմ պաշտպան Ս.Ոսկանյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Վարույթի դատավարական նախապատմությունը.
1. 2020 թվականի դեկտեմբերի 21-ին ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քրեական օրենսգիրք) 316-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է թիվ 56104220 քրեական գործը։
Նախաքննության մարմնի՝ 2020 թվականի դեկտեմբերի 22-ի որոշումներով Ա.Ս.Խ.-ը, Ա.Դ.Ծ.-ն և Լ.Դ.Մ.-ն ճանաչվել են տուժողներ:
Նախաքննության մարմնի՝ 2020 թվականի դեկտեմբերի 25-ի որոշումներով Յուրիկ Մարդանյանը, Արթուր Գրիգորյանը, Մովսես Զարգարյանը և Վարդան Շահնազարյանը ներգրավվել են որպես մեղադրյալներ, և նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով։ Նույն օրվա մեկ այլ որոշումներով նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը։
1.1. 2021 թվականի փետրվարի 1-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից բռնություն գործադրելով զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է թիվ 62201721 քրեական գործը։
Նախաքննության մարմնի՝ 2021 փետրվարի 2-ի և նույն թվականի փետրվարի 5-ի որոշումներով համապատասխանաբար Յ.Մարդանյանը և Ա.Գրիգորյանը ճանաչվել են տուժողներ:
2021 թվականի մարտի 5-ին ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայությանն է հանձնվել թիվ 56104220 քրեական գործը, որը նույն թվականի մարտի 10-ին միացվել է թիվ 62201721 քրեական գործին, և նախաքննությունը շարունակվել է թիվ 62201721 համարով:
Նախաքննության մարմինը 2021 թվականի մայիսի 12-ին որոշում է կայացրել ՀՀ ոստիկանության Տավուշի բաժնի աշխատակիցներ՝ Ա.Ծ.-ի և Լ.Մ.-ի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ Յ.Մարդանյանի և Ա.Գրիգորյանի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցակազմերի բացակայության հիմքով քրեական հետապնդում չիրականացնելու մասին:
1.2. 2021 թվականի սեպտեմբերի 30-ին թիվ 62201721 քրեական գործի նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է նոր՝ թիվ 56102521 քրեական գործը, որը նույն օրը միացվել է թիվ 62201721 քրեական գործին։
Նախաքննության մարմնի՝ 2021 թվականի դեկտեմբերի 10-ի որոշումներով Մ.Զարգարյանին, Վ.Շահնազարյանին և Ա.Գրիգորյանին առաջադրված մեղադրանքները փոփոխվել են և նրանց նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ Ա.Գրիգորյանին՝ նաև ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով։ 2021 թվականի դեկտեմբերի 15-ի որոշմամբ փոխվել է նաև Յ.Մարդանյանին առաջադրված մեղադրանքը, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով։
2021 թվականի դեկտեմբերի 28-ին թիվ 62201721 քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան):
2. Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի նոյեմբերի 6-ի որոշմամբ Ա.Գրիգորյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով քրեական հետապնդումը դադարեցվել է՝ նրա արարքում հանցակազմի բացակայության հիմքով:
2.1. Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի նոյեմբերի 29-ի դատավճռով Յ.Մարդանյանը, Ա.Գրիգորյանը, Մ.Զարգարյանը և Վ.Շահնազարյանը մեղավոր են ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով, և նրանցից յուրաքանչյուրի նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 2 (երկու) տարի 6 (վեց) ամիս ժամկետով։ ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածով սահմանված կարգով՝ նշանակված պատիժներին հաշվակցել է վերջիններիս անազատության մեջ գտնվելու 3 (երեք) օրը, և թողնվել է կրելու ազատազրկում՝ 2 (երկու) տարի 5 (հինգ) ամիս 27 (քսանյոթ) օր ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կարգով նշանակված պատիժները պայմանականորեն չեն կիրառվել, և նրանցից յուրաքանչյուրի նկատմամբ սահմանվել է փորձաշրջան՝ 2 (երկու) տարի ժամկետով։ Ամբաստանյալների նկատմամբ ընտրված խափանման միջոցը` չհեռանալու մասին ստորագրությունը թողնվել է անփոփոխ՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը: Որպես դատական ծախս որոշվել է ամբաստանյալներից համապարտության կարգով բռնագանձել 20.000 (քսան հազար) ՀՀ դրամ: Նույն դատական ակտով լուծվել է նաև գործով իրեղեն ապացույցների հարցը:
3. Դատախազի և պաշտպանի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2024 թվականի ապրիլի 18-ին որոշում է կայացրել պաշտպանի բողոքը մերժելու, մեղադրողի բողոքը բավարարելու, Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի նոյեմբերի 29-ի դատավճիռը փոփոխելու մասին: Յ.Մարդանյանի, Ա.Գրիգորյանի, Մ.Զարգարյանի և Վ.Շահնազարյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը վերացվել է և նրանց թողնվել է կրելու ազատազրկում՝ 2 (երկու) տարի 5 (հինգ) ամիս 27 (քսանյոթ) օր ժամկետով: Պատժի կրման սկիզբը հաշվվել է փաստացի արգելանքի վերցնելու պահից։
4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ պաշտպան Ս.Ոսկանյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2024 թվականի հոկտեմբերի 29-ի որոշմամբ ընդունվել է վարույթ, և սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։
Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.
5. Բողոքի հեղինակի պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ՝ նյութական և դատավարական իրավունքի այնպիսի խախտումներ, որոնք խաթարել են արդարադատության բուն էությունը:
Այսպես՝ բողոքի հեղինակը նշել է, որ սույն գործով հետազոտված ապացույցներով հերքվում է ամբաստանյալների կողմից իրենց մեղսագրված արարքները կատարած լինելու հանգամանքը կամ առնվազն չի հաստատվում նրանց մեղավորությունը: Ավելին՝ դատարանն իր դատավճռում չի անդրադարձել սույն գործով մեղադրյալների նկատմամբ իրականացված դատաբժշկական փորձաքննությունների եզրակացություններին և 2021 թվականի մայիսի 12-ին կայացված՝ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշմանը, որոնցով, ըստ բողոք բերած անձի, հերքվում է մեղադրյալներին մեղսագրված արարքները նրանց կողմից կատարած լինելու հանգամանքը: Մասնավորապես, բողոքաբերն ընդգծել է, որ վերոնշյալ որոշմամբ, ինչպես նաև մեղադրյալների, վկաներ Հ.Դ.-ի, Ա.Ա.-ի և Դ.Մ.-ի ցուցմունքներով չի հաստատվում իշխանության ներկայացուցիչների գործողությունների իրավաչափությունը, իսկ Յ.Մարդանյանի վերաբերյալ իրականացված դատաբժշկական փորձաքննությունների եզրակացություններով հաստատվում է նրա կողմից մարմնական վնասվածք ստանալու հանգամանքը, որն էլ հավաստի և արժանահավատ է դարձնում իշխանության ներկայացուցչի կողմից նրա նկատմամբ բռնություն գործադրելու և դրանով պայմանավորված Ա.Գրիգորյանի կողմից իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ մեղադրյալների և վկաների ցուցմունքները:
Բողոքի հեղինակը նշել է նաև, որ սույն գործի հանգամանքները որոշակի ասպեկտներով նույնական են Գագիկ Ջհանգիրյանի վերաբերյալ քննված թիվ ԵԿԴ/0134/01/08 քրեական գործի հանգամանքների հետ, մասնավորապես այն առումով, որ քննարկվող դեպքում նույնպես ոստիկանության աշխատակիցների տված ցուցմունքները որևէ կասկածի տակ չեն դրվել ստորադաս դատարանների կողմից, դրանք անվերապահորեն ընդունվել են որպես արժանահավատ և ծանրակշիռ, ինչի արդյունքում էլ մեղադրյալների նկատմամբ կայացվել է ակնհայտ անհիմն մեղադրական դատավճիռ։
Բողոք բերած անձը փաստարկել է նաև, որ միջադեպի արդյունքում թեթև աստիճանի մարմնական վնասվածք է ստացել միայն Ա.Ծ.-ն, իսկ գործի քննության ընթացքում որևէ ապացույցով չի հաստատվել, թե նշված վնասվածքը վերջինս ու՞մ գործողությունների հետևանքով է ստացվել, որպիսի պայմաններում անթույլատրելի է մեկ վնասվածք հասցնելու համար մեղադրել միանգամից 4 անձի:
Արդյունքում բողոքի հեղինակը եզրահանգել է, որ ստորադաս դատարանները, հիմնվելով չփաստարկված ենթադրությունների վրա, մեղադրյալների և տուժող ճանաչված ոստիկանության ծառայողների արարքներին տվել են սխալ քրեաիրավական գնահատական:
6. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի ապրիլի 18-ին որոշումը՝ ճանաչելով և հռչակելով մեղադրյալների անմեղությունը կամ օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի դատական ակտին:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
7. Յուրիկ Մարդանյանին ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրանք է առաջադրվել այն արարքի համար, որ «(…) [Ն]ա 2020թ. դեկտեմբերի 21-ին` ժամը 16:00-ի սահմաններում, նախապես տեղյակ լինելով, որ նույն բնակավայրի բնակիչ Վ.Ժ.Օ.-ին պատկանող և վերջինիս կողմից վարվող փայտանյութով բարձված «ԳԱԶ 63» մակնիշի 13 ԼԼ 600 հաշվառման համարանիշի ավտոմեքենան փայտանյութի օրինականությունն ստուգելու նպատակով ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Տավուշի բաժնի օպերատիվ գծով տեղակալ Ա.Ս.Խ.-ի, նույն բաժնի ՔՀԲ օպերլիազոր Ա.Դ.Ծ.-ի և ՀՈԲ տեսուչ Լ.Դ.Մ.-ի ուղեկցությամբ տեղափոխվում է ոստիկանության Տավուշի բաժնի հատուկ պահպանվող տարածք, Արծվաբերդ բնակավայրի սկզբնամասում չենթարկվելով իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին, խոչընդոտել է ծառայողական պարտականությունների կատարմանը, իշխանության ներկայացուցիչների նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով, այն է` գտնվելով խմբի կազմում, առաջացած վիճաբանության և քաշքշուկի ժամանակ նույն բնակավայրի բնակիչներ 24.02.2000թ. ծնված Արթուր Աշոտի Գրիգորյանի, 19.04.2000թ. ծնված Մովսես Աշոտի Զարգարյանի և 03.02.2001թ. ծնված Վարդան Միշայի Շահնազարյանի հետ բազմաթիվ հարվածներ է հասցրել ոստիկանության Տավուշի բաժնի ՔՀԲ օպերլիազոր Ա.Ծ.-ի մարմնի տարբեր մասերին: Այնուհետև, շուրջ 10 րոպե անց շարունակել է հանրորեն վտանգավոր գործողությունները, այն է` կրկին բազմաթիվ հարվածներ է հասցրել Ա. Ծ.-ի մարմնի տարբեր մասերին, վերջինիս վայր ընկնելուց հետո շարունակել է բռունցքներով և ոտքերով բազմաթիվ հարվածներ հասցնել Ա.Ծ.-ի մարմնի տարբեր մասերին: Յուրիկ Մարդանյանի և նրա հետ գտնվող անձանց կողմից խմբի կազմում հասցված հարվածների հետևանքով Ա.Ծ.-ի առողջությանը պատճառվել է թեթև վնաս»:
7.1. Արթուր Գրիգորյանին ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 316-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրանք է առաջադրվել այն արարքների համար, որ «(…) [Ն]ա 2020թ. դեկտեմբերի 21-ին` ժամը 16:00-ի սահմաններում, նախապես տեղյակ լինելով, որ նույն բնակավայրի բնակիչ Վ.Ժ.Օ.-ին պատկանող և վերջինիս կողմից վարվող փայտանյութով բարձված «ԳԱԶ 63» մակնիշի 13 ԼԼ 600 հաշվառման համարանիշի ավտոմեքենան փայտանյութի օրինականությունն ստուգելու նպատակով ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Տավուշի բաժնի օպերատիվ գծով տեղակալ Ա.Ս.Խ.-ի, նույն բաժնի ՔՀԲ օպերլիազոր Ա.Դ.Ծ.-ի և ՀՈԲ տեսուչ Լ.Դ.Մ.-ի ուղեկցությամբ տեղափոխվում է ոստիկանության Տավուշի բաժնի հատուկ պահպանվող տարածք, Արծվաբերդ բնակավայրի սկզբնամասում չենթարկվելով իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին, խոչընդոտել է ծառայողական պարտականությունների կատարմանը, իշխանության ներկայացուցիչների նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով, այն է` գտնվելով խմբի կազմում, առաջացած վիճաբանության և քաշքշուկի ժամանակ նույն բնակավայրի բնակիչներ 23.12.1977թ. ծնված Յուրիկ Մարկոսի Մարդանյանի, 19.04.2000թ. ծնված Մովսես Աշոտի Զարգարյանի և 03.02.2001թ. ծնված Վարդան Միշայի Շահնազարյանի հետ բազմաթիվ հարվածներ է հասցրել ոստիկանության Տավուշի բաժնի ՀՈԲ տեսուչ Լ.Մ.-ի և միջադեպը կանխելու փորձ կատարող ոստիկանության Տավուշի բաժնի ՔՀԲ օպերլիազոր Ա.Ծ.-ի մարմնի տարբեր մասերին, այնուհետև վերջիններիս վայր ընկնելուց հետո նշված անձանց հետ շարունակել է կրկին բռունցքներով և ոտքերով բազմաթիվ հարվածներ հասցնել Լ.Մ.-ի և Ա. Ծ.-ի մարմնի տարբեր մասերին: Այնուհետև շուրջ 10 րոպե անց շարունակել է հանրորեն վտանգավոր գործողությունները, այն է` կրկին բազմաթիվ հարվածներ է հասցրել Լ.Մ.-ի և Ա.Ծ.-ի մարմնի տարբեր մասերին, վերջիններիս վայր ընկնելուց հետո շարունակել է բռունցքներով և ոտքերով բազմաթիվ հարվածներ հասցնել Ա.Ծ.-ի և Լ.Մ.-ի մարմնի տարբեր մասերին, որի հետևանքով Ա.Ծ.-ի առողջությանը պատճառվել է թեթև վնաս, այնուհետև հետապնդել հարվածներ ստանալուց խուսափելու նպատակով ոստիկանության ծառայողական ՎԱԶ 2106 մակնիշի 031 II 11 հաշվառման համարանիշի ավտոմեքենան նստած Ա.Ծ.-ին և քաշելու միջոցով վնասել մեքենայի առջևի աջ դուռը, որի հետևանքով պետությանը պատճառվել է զգալի չափերով` 34.500 ՀՀ դրամի գույքային վնաս»:
7.2. Մովսես Զարգարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրանք է առաջադրվել այն արարքի համար, որ «(…) [Ն]ա 2020թ. դեկտեմբերի 21-ին` ժամը 16:00-ի սահմաններում, նախապես տեղյակ լինելով, որ նույն բնակավայրի բնակիչ Վ.Ժ.Օ.-ին պատկանող և վերջինիս կողմից վարվող փայտանյութով բարձված «ԳԱԶ 63» մակնիշի 13 ԼԼ 600 հաշվառման համարանիշի ավտոմեքենան փայտանյութի օրինականությունն ստուգելու նպատակով ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Տավուշի բաժնի օպերատիվ գծով տեղակալ Ա.Ս.Խ.-ի, նույն բաժնի ՔՀԲ օպերլիազոր Ա.Դ.Ծ.-ի և ՀՈԲ տեսուչ Լ.Դ.Մ.-ի ուղեկցությամբ տեղափոխվում է ոստիկանության Տավուշի բաժնի հատուկ պահպանվող տարածք, Արծվաբերդ բնակավայրի սկզբնամասում չենթարկվելով իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին, խոչընդոտել է ծառայողական պարտականությունների կատարմանը, իշխանության ներկայացուցիչների նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով, այն է` գտնվելով խմբի կազմում, առաջացած վիճաբանության և քաշքշուկի ժամանակ նույն բնակավայրի բնակիչներ 24.02.2000թ. ծնված Արթուր Աշոտի Գրիգորյանի, 23.12.1977թ. ծնված Յուրիկ Մարկոսի Մարդանյանի և 03.02.2001թ. ծնված Վարդան Միշայի Շահնազարյանի հետ բազմաթիվ հարվածներ է հասցրել ոստիկանության Տավուշի բաժնի ՀՈԲ տեսուչ Լ.Մ.-ի և միջադեպը կանխելու փորձ կատարող ոստիկանության Տավուշի բաժնի ՔՀԲ օպերլիազոր Ա.Ծ.-ի մարմնի տարբեր մասերին, այնուհետև վերջիններիս վայր ընկնելուց հետո նշված անձանց հետ շարունակել է կրկին բռունցքներով և ոտքերով բազմաթիվ հարվածներ հասցնել Լ.Մ.-ի և Ա.Ծ.-ի մարմնի տարբեր մասերին: Այնուհետև շուրջ 10 րոպե անց շարունակել է հանրորեն վտանգավոր գործողությունները, այն է` կրկին բազմաթիվ հարվածներ է հասցրել Լ.Մ.-ի և Ա.Ծ.-ի մարմնի տարբեր մասերին, վերջիններիս վայր ընկնելուց հետո շարունակել է բռունցքներով և ոտքերով բազմաթիվ հարվածներ հասցնել Ա.Ծ.-ի և Լ.Մ.-ի մարմնի տարբեր մասերին: Մովսես Զարգարյանի և նրա հետ գտնվող անձանց կողմից խմբի կազմում հասցված հարվածների հետևանքով Ա.Ծ.-ի առողջությանը պատճառվել է թեթև վնաս»:
7.3. Վարդան Շահնազարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրանք է առաջադրվել այն արարքի համար, որ «(…) [Ն]ա 2020թ. դեկտեմբերի 21-ին` ժամը 16:00-ի սահմաններում, ընկերոջ` նույն բնակավայրի բնակիչ՝ 24.02.2000թ.-ին ծնված Արթուր Աշոտի Գրիգորյանից հեռախոսազանգի միջոցով տեղեկացել է, որ նույն բնակավայրի բնակիչ Վ.Ժ.Օ.-ին պատկանող և վերջինիս կողմից վարվող փայտանյութով բարձված «ԳԱԶ 63» մակնիշի 13 ԼԼ 600 հաշվառման համարանիշի ավտոմեքենան փայտանյութի օրինականությունն ստուգելու նպատակով ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Տավուշի բաժնի ծառայողների ուղեկցությամբ տեղափոխվում է ոստիկանության Տավուշի բաժնի հատուկ պահպանվող տարածք, այնուհետև ընկերոջ կողմից հրահանգավորվելուց հետո, փայտանյութով բեռնված բեռնատարի ճանապարհը խոչընդոտելու նպատակով, իր կողմից վարվող «Ուազ» մակնիշի ավտոմեքենայի միջոցով Արծվաբերդ բնակավայրի սկզբնամասում փակել և խոչընդոտել է փայտանյութով բեռնված բեռնատարի տեղաշարժը, որից հետո չենթարկվելով իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին, խոչընդոտել է ծառայողական պարտականությունների կատարմանը, իշխանության ներկայացուցիչների նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով, այն է` գտնվելով խմբի կազմում, առաջացած վիճաբանության և քաշքշուկի ժամանակ նույն բնակավայրի բնակիչներ 24.02.2000թ. ծնված Արթուր Աշոտի Գրիգորյանի, 19.04.2000թ. ծնված Մովսես Աշոտի Զարգարյանի, 23.12.1977թ. ծնված Յուրիկ Մարկոսի Մարդանյանի հետ բազմաթիվ հարվածներ է հասցրել ոստիկանության Տավուշի բաժնի ՀՈԲ տեսուչ Լ.Մ.-ի և միջադեպը կանխելու փորձ կատարող նույն բաժնի ՔՀԲ օպերլիազոր Ա.Ծ.-ի մարմնի տարբեր մասերին, այնուհետև վերջիններիս վայր ընկնելուց հետո նշված անձանց հետ շարունակել է կրկին բռունցքներով և ոտքերով բազմաթիվ հարվածներ հասցնել Լ.Մ.-ի և Ա.Ծ.-ի մարմնի տարբեր մասերին: Այնուհետև շուրջ 10 րոպե անց շարունակել է հանրորեն վտանգավոր գործողությունները, այն է` կրկին բազմաթիվ հարվածներ է հասցրել Լ.Մ.-ի և Ա.Ծ.-ի մարմնի տարբեր մասերին, վերջիններիս վայր ընկնելուց հետո շարունակել է բռունցքներով և ոտքերով բազմաթիվ հարվածներ հասցնել Ա.Ծ.-ի և Լ.Մ.-ի մարմնի տարբեր մասերին: Վարդան Շահնազարյանի և նրա հետ գտնվող անձանց կողմից խմբի կազմում հասցված հարվածների հետևանքով Ա.Ծ.-ի առողջությանը պատճառվել է թեթև վնաս»:
8. Ամբաստանյալ Յուրիկ Մարդանյանն իրեն մեղավոր չի ճանաչել և դատաքննության ընթացքում ցուցմունք է տվել այն մասին, որ 2020 թվականի դեկտեմբերի 21-ին քրոջ որդու՝ Ա.Գրիգորյանի հետ Վ.Օ.-ի «ԳԱԶ 63» մակնիշի ավտոմեքենայով գնացել են անտառ` փայտ բերելու: Գյուղ վերադառնալու ժամանակ իրենց կանգնեցրել են ոստիկանության ծառայողները և պահանջել փայտանյութի վերաբերյալ փաստաթուղթ: Նրանց տվել է թափուկ վառելափայտի փաստաթուղթը, որը տեսնելուց հետո ասել են, որ այն իրականությանը չի համապատասխանում: Պահանջել են մեքենան վարել դեպի ոստիկանության բաժին: Իրենք առաջարկել են, որ սպասեն փաստաթուղթը տվող անձին, որ վերջինս կգա կասի, որ այն օրինական է: Իրենց միջև լեզվակռիվ է առաջացել: Դրանից հետո մի ոստիկան նստել է «ԳԱԶ 63» մակնիշի ավտոմեքենան և Վ.Օ.-ին առաջարկել, որ մեքենան տեղափոխի ոստիկանության բաժին, իսկ մյուս երկուսը նստել են իրենց ծառայողական մեքենան և շարժվել «ԳԱԶ 63» մակնիշի ավտոմեքենայի հետևից: Ինքը և քրոջ որդին միայնակ մնացել են նշված տարածքում: Ինքը զանգահարել է Վ.Օ.-ի հորը` Ժ.Օ.-ին և խնդրել փակել ճանապարհը` մտածելով, որ որպես տարիքով մարդ վերջինիս ոստիկանները կլսեն և բեռնատարը ոստիկանության բաժին չեն տանի: Ա.Գրիգորյանն էլ զանգահարել է Դ.Մ.-ին և խնդրել է, որ մեքենայով գա իրենց հետևից: Գնալով գյուղի սկզբնամաս՝ տեսել են «ԳԱԶ 63» մակնիշի ավտոմեքենան, որի շուրջ հավաքված են մարդիկ: Ա.Ծ.-ն բարձր տոնով խոսում էր: Մոտենալով վերջինիս հարցրել է` ո՞վ է և ինչու՞ է բարձրաձայն խոսում: Վերջինս պատասխանել է, որ ինքն ով է, որ իրեն ներկայանա: Այդ ժամանակ իրենց միջև վեճ է առաջացել: Ա.Ծ.-ն իրեն հարվածել է, որի հետևանքով գետնին է ընկել: Չգիտի՝ Ա.Գրիգորյանն Ա.Ծ.-ին հարվածել է, թե ոչ: Լ.Մ.-ն և Ա.Ծ.-ն ակտիվ մասնակցություն են ունեցել, բայց Ա.Խ.-ն առհասարակ չի խառնվել: Միջադեպի ժամանակ հարված ստացել է միայն Ա.Ծ.-ից, իսկ ինքը ոչ ոքի չի հարվածել:
8.1. Դեպքի ժամանակ առաջինն Ա.Ծ.-ի կողմից իր ծնոտին հարվածելու հանգամանքի մասին Յ.Մարդանյանը հայտնել է նաև նախաքննության ընթացքում որպես մեղադրյալ և տուժող հարցաքննվելիս, ինչպես նաև Ա.Ծ.-ի հետ առերես հարցաննության ժամանակ:
9. Ամբաստանյալ Արթուր Գրիգորյանն իրեն մեղավոր չի ճանաչել և դատաքննության ընթացքում տվել է Յ.Մարդանյանի ցուցմունքին նույնաբովանդակ ցուցմունք՝ հայտնելով, որ Արծվաբերդ գյուղի սկզբնամասում տեսնելով, որ Ա.Ծ.-ն հարվածում է իր մորեղբորը՝ Յ.Մարդանյանին, զայրացել է և մեկ անգամ էլ ինքն է հարվածել Ա.Ծ.-ին: Ա.Գրիգորյանը հայտնել է նաև, որ իրեն մեկ անգամ հարվածել է Լ.Մ.-ն և որպես պատասխան ինքն էլ մեկ անգամ հարվածել է վերջինին: Ա.Ծ.-ն հայհոյանքներ է հնչեցրել և գնացել դեպի ծառայողական մեքենան: Պարզելու համար, թե ինչու է հայհոյում, առաջացել է դեպի Ա.Ծ.-ն և մեկ անգամ հարվածել վերջինին: Վնասել է նաև ավտոմեքենայի դուռը: Ա.Ծ.-ն համազգեստով չի եղել և չի պատկերացրել, որ ոստիկանը կարող է հայհոյել կամ հարվածել: Միայն Ա.Խ.-ն է ներկայացել որպես ոստիկանության աշխատակից, նա համազգեստով չի եղել, իսկ Լ.Մ.-ն համազգեստով է եղել: Ա.Ծ.-ն մեքենայի մեջ նստած ոտքով հարվածել է իր որովայնին:
9.1. Դեպքի ժամանակ առաջինն Ա.Ծ.-ի կողմից Յ.Մարդանյանին հարված հասցնելու հանգամանքի մասին Ա.Գրիգորյանը հայտնել է նաև իր ձերբակալման ժամանակ, հետագայում որպես կասկածյալ, մեղադրյալ և տուժող ցուցմունքներ տալիս, ինչպես նաև Ա.Ծ.-ի, Լ.Մ.-ի և Ա.Խ.-ի հետ առերես հարցաքննվելիս:
10. Ամբաստանյալ Մովսես Զարգարյանն իրեն մեղավոր չի ճանաչել և դատաքննության ընթացքում ցուցմունք է տվել այն մասին, որ 2020 թվականի դեկտեմբերի 21-ին զանգ է ստացել Ա.Գրիգորյանից, ինչից հետո Դ.Մ.-ի «ՈՒազ» մակնիշի ավտոմեքենայով գնացել են Ա.Գրիգորյանի հետևից: Ճանապարհին նկատել են ավտոմեքենաներ և քաղաքացիներ: Յ.Մարդանյանը և Ա.Գրիգորյանը իջել են մեքենայից, իսկ ինքը և Դ.Մ.-ն մեքենան հավաքվածներից մոտ 10մ հեռավորության վրա կանգնեցրել են ու ոտքով մոտեցել հավաքվածներին: Յ.Մարդանյանի և Ա.Ծ.-ի խոսակցությունը լսել և ականատես է եղել Ա.Ծ.-ի կողմից Յ.Մարդանյանի ծնոտին հարվածելուն, ինչի հետևանքով վերջինս ընկել է, իսկ ինքն օգնել է նրան և գետնից բարձրացրել: Այնուհետև խառնաշփոթ իրավիճակ է ստեղծվել: Ինքը ոչ ոքի դիտավորյալ չի հարվածել, բայց քաշքշուքին միջամտել է:
10.1. Նախաքննության ընթացքում որպես կասկածյալ հարցաքննվելիս և Ա.Ծ.-ի հետ առերես հարցաքննության ժամանակ Մ.Զարգարյանը նշել է, որ տեսել է Յ.Մարդանյանին գետնին ընկած, իսկ հավաքվածներից լսել է, որ վերջինին հարվածել է Ա.Ծ.-ն:
11. Ամբաստանյալ Վարդան Շահնազարյանն իրեն մեղավոր չի ճանաչել և դատաքննության ընթացքում ցուցմունք է տվել այն մասին, որ 2020 թվականի դեկտեմբերի 21-ին Յ.Մարդանյանը զանգահարել է իրեն, որ իր մեքենայով գնա և փակի Վ.Օ.-ի բեռնատար ավտոմեքենայի ճանապարհը, որպեսզի անտառտնտեսության աշխատակիցները գան հաստատեն, որ փայտանյութը օրինական է և ավտոմեքենան չտեղափոխվի ոստիկանության բաժին: Դրանից հետո իր «ՈՒազ» մակնիշի ավտոմեքենայով գնացել է գյուղի սկզբնամաս, առաջացել «ԳԱԶ 63» մակնիշի ավտոմեքենային ընդառաջ և կանգնեցրել: Իջել է մեքենայից: Հարցրել են, թե ինչու՞ է մեքենան կանգնեցնում, պատասխանել է, որ սպասեք, անտառտնտեսության աշխատակիցները շուտով կմոտենան: Ինքը քաշքշուքի չի մասնակցել և որևէ մեկին չի հարվածել:
11.1. Վ.Շահնազարյանը նախաքննության ընթացքում որպես վկա և Լ.Մ.-ի ու Ա.Ծ.-ի հետ առերես հարցաքննվելիս հայտնել է, որ վիճաբանությունը ծավալվել է ոստիկան Ա.Ծ.-ի կողմից Յ.Մարդանյանի հասցեին հայհոյանքներ հնչեցնելու և վերջինի ծնոտին բռունցքով մեկ անգամ հարվածելուց հետո, ով հարվածի արդյունքում ընկել է գետնին:
12. Տուժողներ Ա.Խ.-ն, Ա.Ծ.-ն և Լ.Մ.-ն ըստ էության նույնաբովանդակ ցուցմունքներ են տվել այն մասին, որ 2020 թվականի դեկտեմբերի 21-ին իրենց ծառայողական ավտոմեքենայով ծառայություն են իրականացնելիս եղել, երբ նկատել են թաց փայտանյութով բարձված «ԳԱԶ 63» մակնիշի ավտոմեքենան: Փայտանյութի ձեռքբերման և տեղափոխման օրինականությունը ստուգելու նպատակով նշված ավտոմեքենան կանգնեցրել են և վարորդի՝ Վ.Օ.-ի հետ համաձայնության են եկել, որ ստուգման նպատակով մեքենան տեղափոխեն ոստիկանության Տավուշի բաժնի հատուկ պահպանվաղ տարածք: Արծվաբերդ գյուղի գյուղամեջում իրենց առջևից ընթացող բեռնատարի ճանապարհը հատել է «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենան, որից իջել են 3-4 երիտասարդներ: Այնուհետև մեկ այլ «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենա է մոտեցել, որից իջել են Յ.Մարդանյանը և Ա.Գրիգորյանը: Նշված անձինք խոչընդոտել են փայտանյութով բեռնված ավտոմեքենայի տեղափոխումը ոստիկանության հատուկ պահպանվող տարածք, չեն ենթարկվել իրենց օրինական պահանջներին, ինչի արդյունքում միջադեպ ու ծեծկռտուք է առաջացել, նրանք սկսել են հայհոյել ոստիկանության հասցեին: Առաջինն Ա.Գրիգորյանն է հարվածել Լ.Մ.-ի դեմքին: Ամբաստանյալները սկսել են ոտքերով և ձեռքերով հարվածներ հասցնել Լ.Մ.-ին և Ա.Ծ.-ին: Հարվածների ու քաշքշուքի արդյունքում վերջիններս ընկել են գետնին, իսկ Յ.Մարդանյանը, Ա.Գրիգորյանը, Մ.Զարգարյանը և Վ.Շահնազարյանը շարունակել են ոտքերով և ձեռքերով հարվածել: Վիճաբանությունը հանդարտեցրել են քաղաքացիները և պատահական անցորդները: Դրանից հետո կրկին փորձել են օրինական ձևով ավտոմեքենան տեղափոխել հատուկ պահպանվող տարածք, սակայն կրկին իրենց պահանջներին չեն ենթարկվել ու շարունակել են հարվածներ հասցնել, իսկ երբ Ա.Ծ.-ն փորձել է նստել ոստիկանության մեքենան, Ա.Գրիգորյանը մոտեցել և ոտքով խփելով ջարդել է մեքենայի դուռը: Ոստիկանությունը քաղաքացիների նկատմամբ բռնություն չի գործադրել, այլ փորձել է կարգի հրավիրել:
13. Վկա Վարդան Օհանյանը ցուցմունքներ է տվել այն մասին, որ 2020 թվականի դեկտեմբերի 21-ին փայտանյութի բեռնման աշխատանքներին իրեն օգնելու համար դիմել է կնոջ եղբորը` Յ.Մարդանյանին և կնոջ քրոջ որդուն` Ա.Գրիգորյանին, որից հետո իր ավտոմեքենայով գնացել են անտառ: Հետ վերադառնալիս, իրեն կանգնեցրել են ոստիկանության աշխատակիցները և պահանջել են վառելափայտի համապատասխան փաստաթուղթը: Փաստաթուղթը տեսնելուց հետո ասել են, որ չի համապատասխանում բարձված փայտանյութին և պահանջել են, որ մեքենան տեղափոխի ոստիկանության բաժին: Գյուղի սկզբնամաս հասնելու ժամանակ մի «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենա ճանապարհը փակել է՝ խոչընդոտ ստեղծելով, ինչի պատճառով չի կարողացել մեքենան վարել: Ավտոմեքենայի ղեկից իջել է Վարդան Շահնազարյանը: Դրանից հետո եկել է ևս մեկ «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենա և նշված ավտոմեքենայից իջել են Ա.Գրիգորյանը և Յ.Մարդանյանը, այդ ընթացքում ինքը մեքենայից չի իջել: Դեպքի վայրում շատ մարդ է հավաքվել, որից հետո քաշքշուք է առաջացել: Մի պահ նկատել է, որ Յ.Մարդանյանի, Լ.Մ.-ի և Ա.Ծ.-ի հագուստները ցեխոտված են, բայց թե ով ում է հարվածել, տեղյակ չէ, քանի որ չի տեսել: Ըստ Յ.Մարդանյանի՝ ստույգ պատճառ չի եղել, այլ ինքը խնդրել է Ա.Ծ.-ին ներկայանալ, ով զայրացել ու հայհոյանք հնչեցնելով մեկ անգամ հարվածել է նրա ծնոտին:
14. ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Տավուշի բաժնի աշխատակիցներ, վկաներ Հ.Ս.-ն, Ա.Ս.-ն և Ա.Բ.-ն ըստ էության նույնաբովանդակ ցուցմունքներ են տվել այն մասին, որ ոստիկանության բաժնում ահազանգ են ստացել, որ դեպք է տեղի ունեցել Արծվաբերդ գյուղում, պետք է գնան դեպքի վայր: Ըստ Ա.Ծ.-ի և Լ.Մ.-ի՝ քաղաքացիները բռնություն են կիրառել իրենց նկատմամբ: Վկաները հայտնել են նաև, որ Լ.Մ.-ի և Ա.Ծ.-ի վրա նկատել են մարմնական վնասվածքներ, իսկ Յ.Մարդանյանի վրա՝ ոչ:
15. Վկաներ Ա.Ա.-ն, Հ.Դ.-ն և Դ.Մ.-ն ըստ էության նույնաբովանդակ ցուցմունքներ են տվել այն մասին, որ 2020 թվականի դեկտեմբերի 21-ին գտնվել են դեպքի վայրում և տեսել են, թե ինչպես է առաջինն Ա.Ծ.-ն հայհոյել է ու բռունցքով մեկ անգամ հարվածել Յ.Մարդանյանին, այնուհետև Ա.Գրիգորյանը մոտեցել և մեկ անգամ հարվածել է Ա.Ծ.-ին: Դրանից հետո ներկա գտնվող քաղաքացիները փորձել են բաժանել և թույլ չտալ, որ վիճաբանությունը շարունակվի:
16. Դատաբժշկական փորձաքննության թիվ 328 եզրակացության համաձայն` Ա.Ծ.-ի մարմնական վնասվածքները` ըստ ներկայացված բժշկական փաստաթղթերի և օբյեկտիվ ուսումնասիրության տվյալների` գլխի աջ հետին քունքածոծրակային, ձախ քունքային շրջանների, աջ ականջախեցու հետին մակերեսի, աջ ակնագնդի սպիտակուցաթաղանթի դրսային շրջանի արյունազեղումների, ձախ ճակատային, ձախ հետին քունքածոծրակային շրջանների, աջ սրունքի միջին երրորդականի առաջային մակերեսի քերծվածքների ձևով պատճառվել են բութ առարկայով, հնարավոր է որոշման մեջ նշված ժամկետում և հանգամանքներում, որոնք առողջությանը պատճառել են թեթև վնաս: Գլխի աջ հետին քունքածոծրակային, ձախ քունքային շրջանների, աջ ականջախեցու հետին մակերեսի արյունազեղումները և ձախ ճակատային, ձախ հետին քունքածոծրակային շրջանների, աջ սրունքի միջին երրոդականի առաջային մակերեսի քերծվածքները առողջության թեթև վնասի հատկանիշներ չեն պարունակում: Աջ ակնագնդի սպիտակուցաթաղանթի արյունազեղումը պատճառել է առողջությանը թեթև վնաս։
17. Դատաբժշկական փորձաքննության թիվ 327 եզրակացության համաձայն՝ Լ.Մ.-ի ստացած մարմնական վնասվածքները՝ ըստ ներկայացված բժշկական փաստաթղթերի և օբյեկտիվ ուսումնասիրության տվյալների` աջից ճակատային շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդի, քթի և այտային շրջանների քերծվածքների, ձախ ստորակնակապիճային շրջանի արյունազեղման ձևով, պատճառվել են բութ առարկայով, հնարավոր է որոշման մեջ նշված ժամկետում և հանգամանքներում, որոնք ինչպես միասին, այնպես էլ առանձին-առանձին վերցված առողջության թեթև վնասի հատկանիշներ չեն պարունակում։
18. Դատաբժշկական փորձաքննության թիվ 329 եզրակացության համաձայն՝ Ըստ փորձաքննվողի խոսքերի, 21.12.2020թ.-ին՝ ժամը 14։00-ի սահմաններում (...) վիճաբանություն է ծագել ոստիկանության աշխատակիցների հետ և այդ ժամանակ ոստիկանության աշխատակիցներից Ա.-ն ձեռքով հարվածել է դեմքի աջ հատվածին։ Քերծվածքներն առաջացել են 3 և ավելի օր առաջ աշխատանքի ժամանակ՝ ծառերի ճյուղերի ազդեցության հետևանքով։ (...)
Յուրիկ Մարդանյանի ստացած մարմնական վնասվածքը, ըստ ներկայացված բժշկական փաստաթղթերի և օբյեկտիվ ուսումնասիրության տվյալների՝ աջից ստորին ծնոտի շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդի ձևով, պատճառվել են բութ առարկայով/ներով/, հնարավոր է որոշման մեջ նշված ժամկետում և հանգամանքներում, որն առողջության թեթև վնասի հատկանիշներ չի պարունակում։ Փորձաքննությամբ հայտնաբերվել են նաև քերծվածքներ՝ աջ դաստակի 1-ին մատի հիմային ֆալանգին, ձախ դաստակի 4-րդ մատի հիմային ֆալանգին և աջ սրունքին, որոնք պատճառվել են բութ առարկայի/ների/ սուր եզրերով, հնարավոր են փորձաքննվողի կողմից նշված ժամկետում և հանգամանքներում, որոնք ինչպես միասին, այնպես էլ առանձին-առանձին վերցված առողջության թեթև վնասի հատկանիշներ չեն պարունակում»։
18.1. Դատաբժշկական լրացուցիչ փորձաքննությունների թիվ 024 և 0863/հ եզրակացությունների համաձայն՝ Յ.Մարդանյանի՝ աջից ստորին ծնոտի շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդի ձևով մարմնական վնասվածքը պատճառվել է բութ առարկայի առնվազն մեկ անմիջական ներգործության արդյունքում, որի առաջացումը հնարավոր է ինչպես Յ.Մարդանյանի կողմից հայտնած հանգամանքներում, այնպես էլ ոստիկանների նշած հանգամանքներում, այն է՝ գետնին ընկած ժամանակ վերջիններիս կողմից ձեռքով կամ ոտքով Յ.Մարդանյանի ծնոտի աջ հատվածին հարվածելու արդյունքում։ Յ.Մարդանյանի վերոնշյալ վնասվածքը, ելնելով դրա բնույթից, կարող էր ակնհայտ տեսանելի չլիներ և արտահայտիչ դառնար աստիճանաբար։
19. Դատաբժշկական փորձաքննության թիվ 330 եզրակացության և դատաբժշկական լրացուցիչ փորձաքննության թիվ 023 եզրակացությունների համաձայն՝ Ա.Գրիգորյանի ստացած մարմնական վնասվածքները, ըստ ներկայացված բժշկական փաստաթղթերի և օբյեկտիվ ուսումնասիրության տվյալների՝ թեթև վնասի հատկանիշներ չպարունակող՝ աջ դաստակի փափուկ հյուսվածքների սալջարդի, աջ դաստակի թիկնային մակերեսի, աջ դաստակի 1-ին, 3-րդ, 4-րդ և 5-րդ մատերի թիկնային մակերեսների քերծվածքների ձևով պատճառվել են բութ առարկայով/ներով/, հնարավոր է որոշման մեջ նշված ժամկետում և հանգամանքներում, որոնք ինչպես միասին, այնպես էլ առանձին վերցված առողջության թեթև վնասի հատկանիշներ չեն պարունակում։ Իսկ ինչ վերաբերում է կրծքավանդակի և որովայնի շրջաններին, ապա փորձաքննությամբ տվյալ շրջաններում մարմնական վնասվածքներ չեն հայտնաբերվել:
20. Դատաբժշկական փորձաքննության թիվ 336, 325 և 326 եզրակացությունների համաձայն՝ Ա.Խ.-ի, Մ.Զարգարյանի և Վ.Շահնազարյանի մոտ մարմնական վնասվածքների օբյեկտիվ հատկանիշներ չեն հայտնաբերվել։
21. Դատահետքաբանական փորձաքննության թիվ 58-21 եզրակացության համաձայն` Լ.Մ.-ից առգրավված ոստիկանական համազգեստի ձմեռային բաճկոնի աջ թևքն ուսին միացվող մասի թիկունքի հատվածն աղտոտված է հողածածկի քսվածքի տեսքով, իսկ ձախ թևն ուսին միանալու ստորին կարը մոտ 13 սմ երկարությամբ քանդված է, որոնք կարող էին պատճառվել մեխանիկական ձգվածության՝ քաշել-ձգելու հետևանքով, հնարավոր է նաև որոշման մեջ նշված հանգամանքներում: Փորձաքննության ներկայացված Ա.Ծ.-ից առգրավված քաղաքացիական բաճկոնի առաջամասի կենտրոնական մակերեսներին առկա են բաց շագանակագույն փոշենման և հողանման նյութի շերտանստվածքներ, որտեղ արտատպված չեն կոշիկի, ոտքի կամ այլ առարկայի կամ մարմնի կոնֆիգուրացիա, ուստի կարելի է եզրակացնել, որ այն կարող էր առաջանալ ինչպես ոտքով հարվածի, այնպես էլ բազմաթիվ այլ հանգամանքներում:
22. Թիվ 62201721 քրեական գործով 2021 թվականի մայիսի 12-ի՝ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշման համաձայն՝ «(...) [Գ]ործով ձեռք բերված ապացույցները (...) բավարար չեն հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշին համապատասխան հաստատված համարելու՝ 2020 թվականի դեկտեմբերի 21-ին (...) տեղի ունեցած վիճաբանության ժամանակ ՀՀ ոստիկանության Տավուշի բաժնի ծառայող աշխատակից Ա.Ծ.-ի կողմից Յուրիկ Մարդանյանի հասցեին հայհոյանք հնչեցնելու կամ վերջինիս ծնոտին բռունցքով դիտավորյալ հարվածելու և մարմնական վնասվածք պատճառելու, ինչպես նաև Արթուր Գրիգորյանի կողմից Ա.Ծ.-ին հարվածելուց հետո նրա կամ Լ.Մ.-ի կողմից Արթուր Գրիգորյանին փոխադարձ հարվածներ հասցնելու, ծառայողական մեքենան նստելուց հետո Ա.Ծ.-ի կողմից Արթուր Գրիգորյանի որովայնին հարվածելու հանգամանքները։ (...) [Ձ]եռք բերված փաստական տվյալներով հնարավոր չէ միանշանակ հետևության հանգել առ այն, որ Յուրիկ Մարդանյանի ծնոտի շրջանում առկա մարմնական վնասվածքը պատճառվել է դեպքի վայրում կամ հենց ոստիկան Ա.Ծ.-ի կողմից՝ դիտավորյալ, այլ ոչ թե վերջինիս կողմից գետնին ընկած ժամանակ շարունակական հարվածներից խուսափելու նպատակով ձեռքերով կամ ոտքերով կատարած անկանոն շարժումները նրա ծնոտին հարվածվելու արդյունքում։
Քննարկվող դեպքում, բացի գործի ելքով շահագրգիռ անձանց Յուրիկ Մարդանյանի, նրա քրոջ որդի՝ Արթուր Գրիգորյանի, վերջինիս ընկերների և համագյուղացիներ Մովսես Զարգարյանի, Վարդան Շահնազարյանի, Ա.Ա.-ի, Հ.Դ.-ի և Դ.Մ.-ի ցուցմուքներից, որոնք կարող է գնահատվել որպես կասկած, հիշյալ հանգամանքները չեն փարատվել քրեադատավարական օրենսգքրի դրույթներին համապատասխան պատշաճ ընթացակարգի շրջանակներում ձեռք բերված այլ օբյեկտիվ ապացույցներով, ուստի (...) պետք է մեկնաբանվեն հօգուտ վերոհիշյալ ոստիկանների։
(...) Այսպիսով, հիմք ընդունելով վերոշարադրյալը, իրենց համակցության մեջ գնահատելով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցները և հաշվի առնելով (...) անմեղության կանխավարկածի սկզբունքը, որի համաձայն՝ հանցանք գործելու մեջ անձի մեղավորության մասին հետևությունը չի կարող հիմնվել ենթադրությունների վրա, այն պետք է հաստատվի գործին վերաբերող փոխկապակցված հավաստի ապացույցների բավարար համակցությամբ՝ գտնում եմ, որ սույն գործով ձեռք բերված ապացույցները բավարար չեն Յուրիկ Մարդանյանի և Արթուր Գրիգորյանի հայտնած տեղեկությունները հաստատված համարելու համար և սպառվել են նոր ապացույցներ ձեռք բերելու հնարավորությունները։ (...)»:
23. Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի նոյեմբերի 29-ի դատավճռի համաձայն. «(...) [Վ]երոգրյալ փաստերի հիման վրա Դատարանը գալիս է այն եզրահանգման, որ 21.12.2020թ. ՀՀ ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Տավուշի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Ա.Խ.-ի, ՔՀԲ օպերլիազոր Ա.Ծ.-ի և ՀՈԲ տեսուչ Լ.Մ.-ի կողմից իրականացվել են ապօրինի անտառախախտումների, փայտանյութի ապօրինի տեղափոխման ուղղությամբ ուժեղացված ծառայություն: Նույն օրը ժամը՝ 16:00-ի սահմաններում, ՀՀ Տավուշի Արծվաբերդ բնակավայրի վարչական շրջանում նույն բնակավայրի բնակիչ Վ.Ժ.Օ.-ին սեփականության իրավունքով պատկանող և նրա կողմից վարվող «Գազ 63» մակնիշի 13 ԼԼ 600 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի թափքում առկա փայտանյութի օրինականությունը ստուգելու նպատակով ոստիկանության ծառայողները կանգնեցրել են նշված բեռնատար ավտոմեքենան: Ամբաստանյալներ Յուրիկ Մարկոսի Մարդանյանի և Արթուր Աշոտի Գրիգորյանի կողմից ներկայացվել է 21.12.2020թ. «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղի «Նորաշենի անտառպետության» անտառապետ Վ.Թ.-ի կողմից Ա.Ա.-ի անվամբ տրված թիվ 104313 թափուկ փայտանյութի օգտագործման տոմսը: Բեռնատարի թափքում առկա փայտանյութի օրինականությունը կասկածի տեղիք է տվել ոստիկաններին և վարորդ Վ.Ժ.Օ.-ին առաջարկել են փայտանյութի օրինականությունը ստուգելու համար փայտանյութով բարձված բեռնատար ավտոմեքենան տեղափոխեն ՀՀ ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Տավուշի բաժնի հատուկ պահպանվող տարածք: Կողմերը համաձայնության են եկել և վարորդ Վ.Ժ.Օ.-ն ՀՈԲ տեսուչ Լ.Մ.-ի ուղեկցությամբ ուղևորվել են դեպի ոստիկանության բաժին, իսկ բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Ա.Խ.-ն և ՔՀԲ օպերլիազոր Ա.Ծ.-ն ոստիկանության ծառայողական ՎԱԶ 2106 մակնիշի 031 II 11 հաշվառման համարանիշի ավտոմեքենայով ուղևորվել են «Գազ 63» մակնիշի 13 ԼԼ 600 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի հետևից: Ամբաստանյալ Վարդան Միշայի Շահնազարյանը Արթուր Աշոտի Գրիգորյանից հեռախոսազանգի միջոցով տեղեկանալով Վ.Ժ.Օ.-ին պատկանող և վերջինիս կողմից վարվող փայտանյութով բարձված «Գազ 63» մակնիշի 13 ԼԼ 600 հաշվառման համարանիշի ավտոմեքենան փայտանյութի օրինականությունն ստուգելու նպատակով ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Տավուշի բաժնի ծառայողների ուղեկցությամբ ՀՀ ՆԳՆ ոստիկանության Տավուշի բաժնի հատուկ պահպանվող տարածք տեղափոխելու վերաբերյալ, փայտանյութով բեռնված բեռնատարի ճանապարհը խոչընդոտելու նպատակով, իր կողմից վարվող «Ուազ» մակնիշի ավտոմեքենայի միջոցով Արծվաբերդ բնակավայրի սկզբնամասում փակել և խոչընդոտել է փայտանյութով բեռնված բեռնատարի տեղաշարժը: Արծվաբերդ բնակավայրի սկզբնամասում ամբաստանյալներ` Արթուր Աշոտի Գրիգորյանը, Մովսես Աշոտի Զարգարյանը, Յուրիկ Մարկոսի Մարդանյանը և Վարդան Միշայի Շահնազարյանը չենթարկվելով իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին, խոչընդոտել են ծառայողական պարտականությունների կատարմանը, իշխանության ներկայացուցիչների նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով, գտնվելով խմբի կազմում, առաջացած վիճաբանության և քաշքշուկի ժամանակ բազմաթիվ հարվածներ են հասցրել ոստիկանության Տավուշի բաժնի ՔՀԲ օպերլիազոր Ա.Ծ.-ի և միջադեպը կանխելու փորձ կատարող ՀՈԲ տեսուչ Լ.Մ.-ի մարմնի տարբեր մասերին, այնուհետև վերջիններիս վայր ընկնելուց հետո նշված անձանց հետ շարունակել են կրկին բռունցքներով և ոտքերով բազմաթիվ հարվածներ հասցնել Լ.Մ.-ի և Ա.Ծ.-ի մարմնի տարբեր մասերին: Այնուհետև շուրջ 10 րոպե անց շարունակել են հանրորեն վտանգավոր գործողությունները, այն է` կրկին բազմաթիվ հարվածներ են հասցրել Լ.Մ.-ի և Ա.Ծ.-ի մարմնի տարբեր մասերին, վերջիններիս վայր ընկնելուց հետո շարունակել են բռունցքներով և ոտքերով բազմաթիվ հարվածներ հասցնել Ա.Ծ.-ի և Լ.Մ.-ի մարմնի տարբեր մասերին, ինչի հետևանքով Ա.Ծ.-ի առողջությանը պատճառվել է թեթև մարմնական վնաս: Օպերատիվ խմբի ժամանելուց հետո փայտանյութով բարձված «Գազ 63» մակնիշի 13 ԼԼ 600 հաշվառման համարանիշի ավտոմեքենան տեղափոխվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Տավուշի բաժին:
Այսպիսով, Դատարանը գտնում է, որ սույն գործով ձեռք բերված հավաստի ապացույցների համակցությունը բավարար է հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշին համապատասխան հաստատված համարելու, որ ամբաստանյալներ Յուրիկ Մարկոսի Մարդանյանը, Արթուր Աշոտի Գրիգորյանը, Մովսես Աշոտի Զարգարյանը և Վարդան Միշայի Շահնազարյանը կատարել են 01.08.2003թ. ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով /համապատասխանում է 01.07.2022թ. ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասին/ նախատեսված արարք: (...) Ամբաստանյալներ Յուրիկ Մարկոսի Մարդանյանը, Արթուր Աշոտի Գրիգորյանը, Մովսես Աշոտի Զարգարյանը և Վարդան Միշայի Շահնազարյանը պաշտոնատար անձ հանդիսացող ոստիկանության ծառայողների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով, այն է վերջիններիս չենթարկվելու և «Գազ 63» մակնիշի 13 ԼԼ 600 հաշվառման համարանիշի ավտոմեքենան ոստիկանության բաժին չտեղափոխվելու համար բռնություն են գործադրել նրանց նկատմամբ:Դատարանը նշվածի համատեքստում հարկ է համարում ընդգծել, որ թեև ամբաստանյալներ Յուրիկ Մարկոսի Մարդանյանը, Արթուր Աշոտի Գրիգորյանը, Մովսես Աշոտի Զարգարյանը և Վարդան Միշայի Շահնազարյանը, թե նախաքննության և թե դատաքննության ընթացքում չեն ընդունել իրենց մեղքը, սակայն վերը նշված մյուս ապացույցների համակցությամբ և մեջբերված նյութաիրավական նորմերի համեմատական վերլուծությամբ Դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալներ Յուրիկ Մարկոսի Մարդանյանին, Արթուր Աշոտի Գրիգորյանին, Մովսես Աշոտի Զարգարյանին և Վարդան Միշայի Շահնազարյանին վերագրվող արարքը դրա կատարման պահին և ներկայումս գործող ՀՀ քրեական օրենսգրքերով համարվել և համարվում է հանցավոր:Վերոգրյալից ելնելով՝ Դատարանը հանգում է հետևության, որ ապացուցված է Յուրիկ Մարկոսի Մարդանյանին, Արթուր Աշոտի Գրիգորյանին, Մովսես Աշոտի Զարգարյանին և Վարդան Միշայի Շահնազարյանին մեղսագրվող արարքը, այն նրանց կողմից կատարելը, ինչպես նաև նրանց մեղավորությունն այդ արարքի կատարման մեջ: (...)»։
24. Վերաքննիչ դատարանն իր դատական ակտում արձանագրել է հետևյալը. «(...) Դատաքննությամբ և գործով ձեռք բերված ապացույցների հիման վրա վերլուծելով գործի փաստական տվյալները, վերաքննիչ դատարանը հանգում է եզրակացության առ այն, որ Յուրիկ Մարդանյանի, Արթուր Գրիգորյանի, Մովսես Զարգարյանի և Վարդան Շահնազարյանի կողմից կատարված հանցանքը հիմնավորված և նրանց մեղավորությունը հաստատված է գործին վերաբերող փոխկապակցված հավաստի ապացույցների բավարար ամբողջությամբ։ (...)
Վերաքննիչ դատարանը գտնում է, որ սույն գործով պահպանված է «օբյեկտիվ մեղսայնացման» պահանջը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Տավուշի բաժնի աշխատակիցներ, գործով տուժողներ Ա.Խ.-ի, Լ.Մ.-ի, Ա.Ծ.-ի և վկաներ Հ.Ս.-ի, Ա.Ս.-ի, Ա.Բ.-ի, Ա.Ա.-ի, Հ.Դ.-ի ցուցմունքներով նույնականացվել է մեղադրյալներ Յուրիկ Մարդանյանի, Արթուր Գրիգորյանի, Մովսես Զարգարյանի և Վարդան Շահնազարյանի անձը, առանձնացվել ու նկարագրվել են նրանցից յուրաքանչյուրի գործողությունները, որոնք իրենց ամբողջության մեջ համապատասխանում են ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված իշխանության ներկայացուցչի նկատմամբ իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ կապված կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու հանցակազմին։
(...) Անդրադառնալով ապացույցների անբավարարության վերաբերյալ պաշտպանի վերաքննիչ բողոքի պատճառաբանություններին, և հիմք ընդունելով ՀՀ վճռաբեկ դատարանի (...) նախադեպային որոշումներով արտահայտված դիրքորոշումները, վերաքննիչ դատարանը փաստում է, որ ապացույցների բավարարությունը որոշվում է ոչ թե թվաբանական, այլ որակական չափանիշով։ Այս առումով վերաքննիչ դատարանը գտնում է նաև, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Տավուշի բաժնի աշխատակիցներ, գործով տուժողներ Ա.Խ.-ի, Լ.Մ.-ի, Ա.Ծ.-ի և վկաներ Հ.Ս.-ի, Ա.Ս.-ի, Ա.Բ.-ի, Ա.Ա.-ի, Հ.Դ.-ի հայտնած տեղեկությունների արժանահավատությունը կասկածի տակ դնող որևէ օբյեկտիվ հանգամանք բացակայում է, առավել ևս, երբ դրանց իսկությունը անմիջականորեն հավաստվում է (...) դատաբժշկական փորձաքննության 08.01.2021թ. թիվ 327 և 328 եզրակացություններով, (...) դատահետքաբանական փորձաքննության 22.06.2021թ. թիվ 58-21 եզրակացությամբ (...)։
Անդրադառնալով իշխանության ներկայացուցիչների գործողությունների ոչ իրավաչափության վերաբերալ պաշտպանի վերաքննիչ բողոքի պատճառաբանությանը, վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ 2020թ-ի դեկտեմբերի 21-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Տավուշի բաժնի ծառայողների կողմից «Գազ 63» մակնիշի 13 ԼԼ 600 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի թափքում առկա փայտանյութի օրինականությունը ստուգելու նպատակով այն կանգնեցնելու պահանջը եղել է օրինական և իրենց իրավասությունների շրջանակում, ինչպես նրանց կողմից իրավաչափ պահանջ է ներկայացվել ավտոմեքենան ոստիկանության բաժին տեղափոխելու մասին, քանի որ ներկայացված «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղի «Նորաշենի անտառպետության» անտառապետ Վարդան Թարխանյանի կողմից թիվ 104313 թափուկ փայտանյութի օգտագործման տոմսը տրված է եղել այլ անձի՝ Ա.Ա.-ի անվամբ և ակնհայտորեն չի համապատասխանել ավտոմեքենայի թափքում առկա թաց փայտանյութին, ինչը հետագայում հաստատվել է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Տավուշի տարածքային բաժնի կողմից թիվ 131 վնասի հաշվարկով, որի համաձայն՝ «Գազ 63» մակնիշի 13 ԼԼ 600 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի թափքում առկա է եղել 4.86 խմ ծավալով «Բոխի» և «Թեղի» ծառատեսակներից պատրաստված վառելափայտ և ոչ թե թափուկ փայտանյութ։ Այս առումով վերաքննիչ դատարանը հարկ է համարում նաև արձանագրել, որ մեղադրյալ Վարդան Օհանյանի պաշտպանի միջնորդությամբ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 08.08.2023թ-ի որոշմամբ նրա նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ ռեաբիլիտացիոն՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու հիմքով (...)։
Վերաքննիչ դատարանը փաստում է նաև, որ ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննիչ Վ.Խաչատրյանի 12.05.2021թ-ի որոշմամբ թիվ 62201721 քրեական գործով ՀՀ ոստիկանության Տավուշի բաժնի աշխատակիցներ Ա.Ծ.-ի և Լ.Մ.-ի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել՝ նրանց արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հանցակազմի բացակայության հիմքով, իսկ կապված ապացույցները հետազոտված չլինելու վերաբերյալ պաշտպանի վերաքննիչ բողոքի պատճառաբանության հետ, վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից գործում առկա բոլոր ապացույցները հետազոտվել են արդարության բոլոր պահանջների պահպանմամբ ու բխում են գործի հանգամանքների լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննության պահանջից, և դրանք բավարար համարելով մեղադրյալներ Յուրիկ Մարդանյանի, Արթուր Գրիգորյանի, Մովսես Զարգարյանի և Վարդան Շահնազարյանի գործողություններում ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցակազմի հատկանիշների առկայությունը հավաստելու համար (...)»:
Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը.
25. 2021 թվականի հունիսի 30-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող 483-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ «Մինչև սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելը կայացված դատական ակտերով վերաքննիչ և վճռաբեկ բողոքները բերվում և քննվում են մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով»։
Վերոգրյալից հետևում է, որ 2022 թվականի հուլիսի 1-ից հետո կայացված դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոքները բերվում և քննվում են 2022 թվականի հուլիսի 1-ից գործող քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով: Հետևաբար, սույն բողոքի քննությունն իրականացնելիս, որպես Վճռաբեկ դատարանում բողոքի քննության ընթացակարգ հիմք է ընդունվում 2022 թվականի հուլիսի 1-ից գործող կարգը։ Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Առաջին ատյանի դատարանը քրեական գործը քննության է առել, իսկ Վերաքննիչ դատարանն Առաջին ատյանի դատարանի դատական ակտի իրավաչափությունը գնահատել է 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իրավակարգավորումների շրջանակներում, ուստի ստորադաս դատարանների հետևությունների իրավաչափության գնահատման համար Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իրավակարգավորումները:
26. Սույն վարույթով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավոր են արդյո՞ք Յ.Մարդանյանին, Ա.Գրիգորյանին, Մ.Զարգարյանին և Վ.Շահնազարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքներում մեղավոր ճանաչելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները։
27. ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի համաձայն` «1. Իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ (...)։
2. Սույն հոդվածի առաջին մասում նշված անձանց նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնությունը՝ կապված նրանց կողմից իրենց ծառայողական պարտականությունները կատարելու հետ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով»։
27.1. Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով իշխանության ներկայցուցչի նկատմամբ բռնություն գործադրելու հանցակազմի վերլուծությանը, Վահան Գևորգյանի գործով որոշմամբ արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը. «Մեջբերված նորմով նախատեսված հանցակազմի անմիջական օբյեկտը կառավարման բնականոն գործունեության, ինչպես նաև իշխանության ներկայացուցիչների կողմից կառավարման հետ կապված իրենց լիազորությունների իրականացման ապահովմանն ուղղված հասարակական հարաբերություններն են, իսկ որպես լրացուցիչ օբյեկտ հանդես են գալիս իշխանության ներկայացուցիչների (նրանց մերձավորների) կյանքը, առողջությունը, պատիվն ու արժանապատվությունը։
ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցակազմի օբյեկտիվ կողմը դրսևորվում է իշխանության ներակայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով` կապված իշխանության ներկայացուցչի կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ։Կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն է համարվում այնպիսի գործողություններ կատարելը, որոնք ուղղված են անձի առողջությանը ցանկացած ծանրության (թեթև, միջին կամ ծանր) վնաս պատճառելուն կամ սպանելուն։ Ընդ որում, արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով որակելու համար պարտադիր է, որ իշխանության ներակայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելը կապված լինի իշխանության ներկայացուցչի կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ։ Այդպիսի կապն առկա է այն դեպքերում, երբ հանցավորը, իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավորի նկատմամբ բռնություն գործադրելով, ցանկանում է դադարեցնել իշխանության ներկայացուցչի ծառայողական գործունեությունը կամ վրեժ լուծել նրանից այդ գործունեության համար։
(...) Իշխանության ներկայացուցչի կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելը ենթադրում է, որ իշխանության ներկայացուցիչը գործում է օրենքով և այլ իրավական ակտերով նրան վերապահված լիազորությունների շրջանակում։ Այլ խոսքով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի առկայության համար անհրաժեշտ է, որպեսզի իշխանության ներկայացուցչի գործողությունները լինեն իրավաչափ, հակառակ դեպքում արարքը չի կարող գնահատվել որպես կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործություն։
Այն դեպքում, երբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելը կապված չէ իշխանության ներկայացուցչի կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ, ինչպես նաև` որպես իշխանության ներկայացուցիչ հանդես եկող անձի գործողություններն ապօրինի են, նրա կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելը կարող է որակվել որպես անձի կյանքի կամ առողջության դեմ ուղղված հանցագործություն (համապատասխան հանցակազմերի մնացած հատկանիշների առկայության դեպքում)։
Սուբյեկտիվ կողմից հիշյալ հանցագործությունը կատարվում է ուղղակի դիտավորությամբ՝ արարք կատարած անձը գիտակցում է, որ իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավորի նկատմամբ բռնություն է գործադրում կամ բռնության սպառնալիք է տալիս։ Ընդ որում, սուբյեկտիվ կողմի պարտադիր հատկանիշ է հանցանք կատարած անձի նպատակը՝ խոչընդոտել իշխանության ներկայացուցչի ծառայողական գործունեությանը կամ դադարեցնել այն, կամ էլ շարժառիթը՝ վրեժ լուծել իշխանության ներկայացուցչից նրա գործունեության համար»։
28. 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք) 18-րդ հոդվածի համաձայն` «3. Հանցանք գործելու մեջ անձի մեղավորության մասին հետևությունը չի կարող հիմնվել ենթադրությունների վրա, այն պետք է հաստատվի գործին վերաբերող փոխկապակցված հավաստի ապացույցների բավարար ամբողջությամբ:
4. Մեղադրանքն ապացուցված լինելու վերաբերյալ բոլոր կասկածները, որոնք չեն կարող փարատվել սույն օրենսգրքի դրույթներին համապատասխան պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում, մեկնաբանվում են հօգուտ մեղադրյալի կամ կասկածյալի»։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Դատավորը, ինչպես նաև հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը ապացույցները գնահատում են իրենց ներքին համոզմամբ: (...)»:
Նույն օրենսգրքի 126-րդ հոդվածի համաձայն՝ «Գործով հավաքված ապացույցները ենթակա են բազմակողմանի և օբյեկտիվ ստուգման` ձեռք բերված ապացույցի վերլուծության, այն այլ ապացույցների հետ համադրելու, նոր ապացույցներ հավաքելու, ապացույցների ձեռքբերման աղբյուրներն ստուգելու միջոցով»:
Նույն օրենսգրքի 127-րդ հոդվածի համաձայն՝ «1. Յուրաքանչյուր ապացույց ենթակա է գնահատման` վերաբերելիության, թույլատրելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից:
2. Հետաքննության մարմնի աշխատակիցը, քննիչը, դատախազը, դատավորը, ղեկավարվելով օրենքով, ապացույցները գնահատում են ապացույցների համակցության մեջ` դրանց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության վրա հիմնված իրենց ներքին համոզմամբ»:
28.1. Վճռաբեկ դատարանը, վերահաստատելով և զարգացնելով «ապացույցների բավարարության» հասկացության վերաբերյալ նախկինում արտահայտած իր իրավական դիրքորոշումները, Արարատ Ավագյանի և Վահան Սահակյանի գործով արձանագրել է հետևյալը. «(…) [Ա]պացույցների բավարարությունը» որոշելու չափանիշներն են.
1) անմեղության կանխավարկածը,
2) վարույթն իրականացնող մարմինների ներքին համոզմունքը,
3) դատավարական որոշումների հիմնավորվածությունը և պատճառաբանվածությունը։
(…) Հանցանք կատարելու մեջ անձի մեղավորությունը հաստատված համարելը ոչ այլ ինչ է, քան անմեղության կանխավարկածի հաղթահարում։ (…) [Դա] ենթադրում է ապացույցների այնպիսի ամբողջության առկայություն, որն անհրաժեշտ է անձի մեղավորությունը ողջամիտ (հիմնավոր) կասկածից վեր ապացուցված համարելու, այլ ոչ թե անձի մեղավորության մասին ենթադրություններ անելու համար։ (…)
[Հ]անցանքի մեջ մեղադրվող յուրաքանչյուր անձի վերաբերյալ` ապացուցման ենթակա յուրաքանչյուր հանգամանքի կապակցությամբ դատարանի հետևությունը պետք է հիմնված լինի ոչ թե գնահատողական դատողությունների, կանխատեսումների կամ կարծիքների, այլ կոնկրետ գործով օրենքով սահմանված կարգով ձեռք բերված փաստական տվյալների վրա: (…) [Մ]եղսագրվող հանցագործության և դրա հատկանիշների ապացուցման բեռը կրում է մեղադրանքի կողմը, իսկ չփարատված կասկածները պետք է մեկնաբանվեն հօգուտ մեղադրյալի: (…)
Ապացույցի արժանահավատության հատկանիշը նույնպես վերաբերում է ապացույցի բովանդակային գնահատմանը։ Արժանահավատ է այն ապացույցը, որի ճշմարտացիությունը կասկած չի հարուցում։ Ապացույցն արժանահավատության տեսանկյունից գնահատելիս դատարանը պետք է հիմք ընդունի հետևյալ հանգամանքները.
ա) ապացույցի աղբյուրի հատկանիշները (օրինակ՝ փորձագետի ձեռնհասությունը, ցուցմունք տվող անձի շահագրգռվածությունը, որոշ դեպքերում հոգեբանական և ֆիզիոլոգիական հատկանիշները, վիճակը, (…)),
բ) ապացույցի ձևավորման հանգամանքները (օրինակ՝ վկայի կողմից կոնկրետ հանգամանքն ընկալելու պայմանները, պաշտպանի, ներկայացուցչի ներկայությունը և այլն),
գ) ապացուցողական տեղեկությունը ձեռք բերելու միջոցը,
դ) ապացույցի բովանդակությունը կազմող տեղեկությունը հաստատող կամ հերքող հանգամանքների առկայությունը,
ե) նույն տեղեկության ստացումն այլ աղբյուրից։
Յուրաքանչյուր ապացույց արժանահավատության տեսանկյունից պետք է գնահատվի ապացույցների համակցության մեջ՝ բազմակողմանի և մանրամասն գնահատելով փաստական տվյալների ստացման աղբյուրները և ապացույցի ձևավորման ամբողջ ընթացքը։ Ապացույցի արժանահավատության վերաբերյալ վերջնական որոշում կարող է կայացվել դրա բովանդակությունն այլ աղբյուրներից ստացված տեղեկությունների հետ համադրելու արդյունքում։ Որոշակի փաստի վերաբերյալ այս կամ այն աղբյուրից ստացված տեղեկությունների արժանահավատությունը գնահատելու համար անհրաժեշտ է վերլուծել ստացված տեղեկությունների բովանդակությունը, համադրել դրանք այլ ապացույցների հետ, պարզել դրանց համապատասխանությունը կամ հակասությունը, հակասության դեպքում` դրա պատճառները։
Ապացույցի արժանահավատության վերաբերյալ դատարանի եզրահանգումները պետք է հիմնվեն գործում առկա փաստական տվյալների վրա։ (…)
(…) [Ք]րեական դատավարությունում մեղքի հարցը լուծելիս որպես ապացույցների բավարարության շեմ պետք է գործի «հիմնավոր կասկածից վեր» ապացուցողական չափանիշը: Ընդ որում, «հիմնավոր կասկածից վեր» ապացուցողական չափանիշ ասելով` պետք է հասկանալ փաստական տվյալների (ապացույցների) այնպիսի համակցություն, որը բացառում է հակառակի ողջամիտ հավանականությունը։ Վերոգրյալը չի նշանակում, որ հանցանք գործելու մեջ անձի մեղավորությունն ընդհանրապես չի կարող առաջացնել որևէ կասկած, սակայն այդպիսի կասկածի հավանականության դեպքում դրա աստիճանը պետք է լինի աննշան (խիստ ցածր)։ Այլ խոսքով՝ մեղադրանքը կազմող յուրաքանչյուր փաստական հանգամանք պետք է հիմնավորվի ապացույցների այնպիսի ծավալով, որը կբացառի դրա ապացուցվածության վերաբերյալ ցանկացած ողջամիտ կասկած»:
29. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ
Յ.Մարդանյանին, Ա.Գրիգորյանին, Մ.Զարգարյանին և Վ.Շահնազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով։
- Առաջին ատյանի դատարանն իր դատական ակտում արձանագրել է, որ սույն գործով ձեռք բերված ապացույցների համակցությունը բավարար է հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշին համապատասխան հաստատված համարելու, որ ամբաստանյալներ Յ.Մարդանյանը, Ա.Գրիգորյանը, Մ.Զարգարյանը և Վ.Շահնազարյանը կատարել են ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարք: Մասնավորապես, Առաջին ատյանի դատարանը նշել է, որ ամբաստանյալները պաշտոնատար անձ հանդիսացող ոստիկանության ծառայողների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով, այն է՝ վերջիններիս չենթարկվելու և «Գազ 63» մակնիշի 13 ԼԼ 600 հաշվառման համարանիշի ավտոմեքենան ոստիկանության բաժին չտեղափոխվելու համար բռնություն են գործադրել նրանց նկատմամբ:
- Վերաքննիչ դատարանը, մերժելով պաշտպանի ներկայացրած բողոքը, իր հերթին փաստել է, որ ամբաստանյալներին մեղսագրված արարքը հիմնավորված և նրանց մեղավորությունը հաստատված է գործին վերաբերող փոխկապակցված հավաստի ապացույցների բավարար ամբողջությամբ։ Անդրադառնալով իշխանության ներկայացուցիչների գործողությունների ոչ իրավաչափ լինելու վերաբերալ պաշտպանի պատճառաբանությանը՝ Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ 2020 թվականի դեկտեմբերի 21-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Տավուշի բաժնի ծառայողների կողմից «Գազ 63» մակնիշի 13 ԼԼ 600 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի թափքում առկա փայտանյութի օրինականությունը ստուգելու նպատակով այն կանգնեցնելու պահանջը եղել է օրինական և իրենց իրավասությունների շրջանակում, ինչպես նաև նրանց կողմից իրավաչափ պահանջ է ներկայացվել ավտոմեքենան ոստիկանության բաժին տեղափոխելու մասին, քանի որ ներկայացված թափուկ փայտանյութի օգտագործման տոմսը տրված է եղել այլ անձի անվամբ և ակնհայտորեն չի համապատասխանել ավտոմեքենայի թափքում առկա թաց փայտանյութին, ինչը հետագայում հաստատվել է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Տավուշի տարածքային բաժնի կողմից թիվ 131 վնասի հաշվարկով, բացի այդ ՀՀ հատուկ քննչական ծառայության 2021 թվականի մայիսի 12-ի որոշմամբ թիվ 62201721 քրեական գործով ՀՀ ոստիկանության Տավուշի բաժնի աշխատակիցներ Ա.Ծ.-ի և Լ.Մ.-ի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել՝ նրանց արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հանցակազմի բացակայության հիմքով:
30. Սույն որոշման 8-24-րդ և 29-րդ կետերում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով 27-28.1-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ամբաստանյալներ Յ.Մարդանյանի, Ա.Գրիգորյանի, Մ.Զարգարյանի և Վ.Շահնազարյանի արարքներում ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցակազմի առկայության մասին ստորադաս դատարանների հետևությունները հիմնավորված չեն։ Այսպես՝ թեև ամբաստանյալներ Յ.Մարդանյանի, Ա.Գրիգորյանի, Մ.Զարգարյանի և Վ.Շահնազարյանի, տուժողներ Ա.Ծ.-ի, Լ.Մ.-ի, Ա.Խ.-ի, վկաներ Վ.Օ.-ի, Հ.Ս.-ի, Ա.Ս.-ի, Ա.Բ.-ի, Ա.Ա.-ի, Հ.Դ.-ի և Դ.Մ.-ի ցուցմունքների, Լ.Մ.-ի և Ա.Ծ.-ի նկատմամբ իրականացված համապատասխանաբար թիվ 327 և 328 դատաբժշկական փորձաքննությունների եզրակացությունների և դատահետքաբանական փորձաքննության թիվ 58-21 եզրակացության համադրված վերլուծությունը վկայում է այն մասին, որ ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Տավուշի բաժնի ծառայողներ Ա.Ծ.-ի և Լ.Մ.-ի նկատմամբ կիրառվել է բռնություն, վերջիններս մարմնական վնասվածքներ են ստացել իրենց լիազորությունների շրջանակներում ավտոմեքենայի թափքում առկա փայտանյութի օրինականությունն ստուգելու նպատակով «Գազ 63» մակնիշի 13 ԼԼ 600 հաշվառման համարանիշի ավտոմեքենան կանգնեցնելու և այն ոստիկանության բաժին տեղափոխելու հարցի շուրջ ամբաստանյալների հետ ծավալված խոսակցության և վիճաբանության արդյունքում, սակայն, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ, ինչպես վերոնշյալ, այնպես էլ սույն գործով ձեռք բերված մյուս փաստական տվյալները բավարար չեն հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշին համապատասխան հաստատված համարելու, որ ոստիկանության ծառայողներ Ա.Ծ.-ի և Լ.Մ.-ի նկատմամբ բռնությունը կիրառվել և վերջիններս մարմնական վնասվածքները ստացել են կապված իրենց օրինական ծառայողական պարտականությունները կատարելու հետ։
Վերոգրյալի համատեքստում Վճռաբեկ դատարանը կարևոր է համարում ընդգծել, որ սույն գործով ապացուցման առարկան կազմող հանգամանքների՝ իշխանության ներկայացուցիչների գործողությունների իրավաչափության և նրանց նկատմամբ բռնության գործադրման նպատակի և շարժառիթի վերաբերյալ գործում առկա են իրարամերժ և հակասական տվյալներ։ Այսպես՝ ամբաստանյալների կողմից առաջինը ոստիկանների նկատմամբ բռնություն կիրառելու մասին տեղեկություններ են հայտնել միայն սույն գործով ՀՀ ոստիկանության Տավուշի բաժնի աշխատակիցներ, տուժողներ Ա.Ծ.-ն, Լ.Մ.-ն և Ա.Խ.-ն, իսկ ինչ վերաբերում է նույն բաժնի աշխատակիցներ, վկաներ Հ.Ս.-ի, Ա.Ս.-ի և Ա.Բ.-ի ցուցմունքներին, ապա դրանք անուղղակի ապացույցներ են և ըստ էության վերոնշյալ հանգամանքների պարզման համար էական նշանակություն չունեն, քանի որ նշված վկաներն իրենց ցուցմունքներով հայտնել են, որ Ա.Ծ.-ից և Լ.Մ.-ից են լսել, որ քաղաքացիները նրանց նկատմամբ բռնություն են կիրառել: Մինչդեռ, հարկ է նկատել, որ տուժողների և վերոնշյալ վկաների ցուցմունքներին էականորեն հակասող ցուցմունքներ են տվել ինչպես մեղադրյալները, այնպես էլ սույն գործով ականատես վկաները: Մասնավորապես ամբաստանյալներ Յ.Մարդանյանը, Ա.Գրիգորյանը, Մ.Զարգարյանը և Վ.Շահնազարյանն ըստ էության նույնաբովանդակ ցուցմունքներ են տվել այն մասին, որ վիճաբանությունը ծավալվել է ոստիկան Ա.Ծ.-ի կողմից Յ.Մարդանյանի հասցեին հայհոյանքներ հնչեցնելու և վերջինիս ծնոտին բռունցքով մեկ անգամ հարվածելուց հետո:
Ամբաստանյալների վերոնշյալ ցուցմունքներն արժանահավատության տեսանկյունից գնահատելիս կարևոր է ընդգծել, որ վերջիններս նման տեղեկություն հայտնել են ինչպես դատաքննության, այնպես էլ ողջ նախաքննության ընթացքում դատավարական տարբեր կարգավիճակներով հարցաքննվելիս, և իրենց ցուցմունքը պնդել են տուժողների հետ առերես հարցաքննությունների ժամանակ, ավելին՝ Ա.Ծ.-ի կողմից Յ.Մարդանյանին առաջինը հարվածելու մասին ամբաստանյալ Ա.Գրիգորյանը հայտնել է դեպքից անմիջապես հետո՝ ձերբակալման ժամանակ: Բացի այդ, ամբաստանյալների վերոնշյալ ցուցմունքներն արժանահավատության տեսանկյունից գնահատելիս հատկանշական է, որ դրանք ոչ միայն չեն հերքվում, այլև ըստ էության հաստատվում են նաև դեպքին ականատես վկաներ Ա.Ա.-ի, Հ.Դ.-ի և Դ.Մ.-ի նախաքննական և դատաքննական ցուցմունքներով, ինչպես նաև արժանահավատության բարձր աստիճան ունեցող՝ Յ.Մարդանյանի նկատմամբ նշանակված առաջնային թիվ 329 և լրացուցիչ թիվ 024 և 0863/հ դատաբժշկական փորձաքննությունների եզրակացություններով, ըստ որոնց՝ Յ.Մարդանյանի՝ աջից ստորին ծնոտի շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդի ձևով մարմնական վնասվածքը պատճառվել է բութ առարկայի առնվազն մեկ անմիջական ներգործության արդյունքում, որի առաջացումը հնարավոր է նաև Յ.Մարդանյանի կողմից հայտնած հանգամանքներում, այն է՝ Ա.Ծ.-ի կողմից վերջինիս դեմքի աջ հատվածին հարվածելու արդյունքում:
Վերոնշյալ հանգամանքների համադրված վերլուծության հիման վրա Վճռաբեկ դատարանի համար հասկանալի չէ, թե ինչու են ստորադաս դատարաններն ավելի արժանահավատ գնահատել ոստիկանների ցուցմունքները և իրենց դատողությունները կառուցելիս հիմք չեն ընդունել նաև Յ.Մարդանյանի նկատմամբ իրականացված դատաբժշկական փորձաքննությունների եզրակացությունները:
Վերոգրյալի հիման վրա անդրադառնալով Վերաքննիչ դատարանի այն հետևությանը, որ նախաքննության մարմնի՝ 2021 թվականի մայիսի 12-ի որոշմամբ թիվ 62201721 քրեական գործով ՀՀ ոստիկանության Տավուշի բաժնի աշխատակիցներ Ա.Ծ.-ի և Լ.Մ.-ի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել՝ նրանց արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հանցակազմի բացակայության հիմքով, ապա սույն գործի փաստական հանգամանքների պայմաններում վերոնշյալ որոշման առկայությունն ինքնին բավարար չէ Յ.Մարդանյանի, Ա.Գրիգորյանի, Մ.Զարգարյանի և Վ.Շահնազարյանի գործողություններում ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցակազմի հատկանիշների առկայությունը հավաստելու համար, ավելին՝ դրանով ևս ըստ էության չի հաստատվել ոստիկանների գործողությունների իրավաչափությունը և փաստվել է, որ գործով ձեռք բերված ապացույցները բավարար չեն Յ.Մարդանյանի և Ա.Գրիգորյանի հայտնած տեղեկությունները հաստատված համարելու համար և սպառվել են նոր ապացույցներ ձեռք բերելու հնարավորությունները:
31. Ընդհանրացնելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ կոնկրետ գործով ապացուցման առարկան կազմող այնպիսի հանգամանքների վերաբերյալ, ինչպիսիք են իշխանության ներկայացուցիչների գործողությունների իրավաչափությունը և նրանց նկատմամբ բռնության գործադրման նպատակն ու շարժառիթը, առկա են չփարատված կասկածներ, որոնք պետք է մեկնաբանել հօգուտ ամբաստանյալների:
Վերոշարադրյալ վերլուծության հիման վրա Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ստորադաս դատարանները պատշաճ ստուգման և գնահատման չեն ենթարկել սույն գործի փաստական հանգամանքները, իսկ քրեական գործում առկա ապացույցների համակցությունը բավարար չէ հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշին համապատասխան ապացուցված համարել, որ ամբաստանյալներ Յ.Մարդանյանը, Ա.Գրիգորյանը, Մ.Զարգարյանը և Վ.Շահնազարյանը կատարել են իրենց մեղսագրված՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքը: Այլ կերպ՝ մեղադրական դատավճռի հիմքում դրված ապացույցների համակցությունը բավարար չէ վերջիններիս մեղսագրվող հանցավոր արարքի փաստական հանգամանքները հաստատված համարելու այն ծավալով, որը կբացառի դրա ապացուցվածության վերաբերյալ ցանկացած ողջամիտ կասկած:
Հետևաբար, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Յ.Մարդանյանին, Ա.Գրիգորյանին, Մ.Զարգարյանին և Վ.Շահնազարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքներում մեղավոր ճանաչելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները հիմնավոր չեն։
32. Ամփոփելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ստորադաս դատարանները Յ.Մարդանյանին, Ա.Գրիգորյանին, Մ.Զարգարյանին և Վ.Շահնազարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով մեղավոր ճանաչելիս թույլ են տվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի ոչ ճիշտ կիրառում և չեն պահպանել ապացույցները գործի լուծման համար բավարարության տեսանկյունից գնահատելու օրենսդրական պահանջը՝ խախտելով անմեղության կանխավարկածի և ապացույցները գնահատելու վերաբերյալ 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ, 25-րդ, 126-րդ և 127-րդ հոդվածների պահանջները, որոնք իրենց բնույթով էական են և 2021 թվականի հունիսի 30-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 387-րդ հոդվածի համաձայն` հիմք են ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանելու և վարույթն Առաջին ատյանի դատարան՝ նոր քննության փոխանցելու համար։ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նոր քննության ընթացքում Առաջին ատյանի դատարանը, վերացնելով արձանագրված խախտումները, սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ ամբաստանյալների գործողությունները պետք է քննարկման առարկա դարձնի անձի կյանքի կամ առողջության դեմ ուղղված հանցագործությունների համատեքստում և հանգի համապատասխան հետևության։
33. Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Յ.Մարդանյանի, Ա.Գրիգորյանի, Մ.Զարգարյանի և Վ.Շահնազարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը պետք է պահպանել։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, 2021 թվականի հունիսի 30-ին ընդունված Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 33-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 352-րդ, 359-րդ, 361-րդ, 363-րդ, 385-387-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Յուրիկ Մարկոսի Մարդանյանի, Արթուր Աշոտի Գրիգորյանի, Մովսես Աշոտի Զարգարյանի և Վարդան Միշայի Շահնազարյանի վերաբերյալ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2023 թվականի նոյեմբերի 29-ի դատավճիռը և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի ապրիլի 18-ի որոշումը բեկանել և վարույթը փոխանցել Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության:
2. Յուրիկ Մարկոսի Մարդանյանի, Արթուր Աշոտի Գրիգորյանի, Մովսես Աշոտի Զարգարյանի և Վարդան Միշայի Շահնազարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը թողնել անփոփոխ։
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:
Նախագահող` Հ.ԱՍԱՏՐՅԱՆ
Դատավորներ` Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆ
Հ.ԳՐԻԳՈՐՅԱՆ
Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆ
