Վճռաբեկ դատարան · Քրեական
ԼԴ/0160/01/21
Վճռաբեկ դատարանի որոշումների ցանկից (cassationcourt.am/decisions)՝ դատարանի նախադեպային շտեմարանում այն չկա։
- Գործի համարը
- ԼԴ/0160/01/21
- Դիմող / մեղադրյալ
- Սանթրիկ Թումանյան
- Դատական ակտի ընդունման ամսաթիվը
- 31.07.2026
- ՀՀ Քրեական օրենսգիրք
- Որոշման տեքստում վկայակոչված այլ հոդվածներ
4 հոդված՝ որոշման տեքստից (դատարանի քարտում չկան)
ՀՀ Քրեական օրենսգիրք
ՀՀ Քրեական դատավարության օրենսգիրք
Որոշման տեքստը
դատարանի Word ֆայլիցԼԴ/0160/01/21
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Լոռու մարզի առաջին ատյանի
ընդհանուր իրավասության դատարան,
նախագահող դատավոր` Մ.Հարությունյան
Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական դատարան
նախագահող դատավոր՝ Ա.Մաթևոսյան
դատավորներ՝ Լ.Ալավերդյան
Կ.Հովհաննիսյան
31 հուլիսի 2026 թվական ք.Երևան
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ մասնակցությամբ դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ
Հ.ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ
գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2025 թվականի հունիսի 3-ի որոշման դեմ մեղադրյալ Սանթրիկ Ասքանազի Թումանյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Վարույթի դատավարական նախապատմությունը.
1. Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան) 2025 թվականի փետրվարի 3-ի դատավճռով Սանթրիկ Ասքանազի Թումանյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքի կատարման մեջ, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 1 (մեկ) տարի ժամկետով: ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա Ս.Թումանյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել է փորձաշրջան՝ 2 (երկու) տարի ժամկետով: Վերջինիս նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ ստորագրությունը չհեռանալու մասին, թողնվել է անփոփոխ՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:
Առաջին ատյանի դատարանի դատավճռով վճռվել է Ս.Թումանյանից հօգուտ պետական բյուջեի բռնագանձել 9.111.000 ( ինը միլիոն հարյուր տասնմեկ հազար ) ՀՀ դրամ` որպես պատճառված վնասի հատուցում: Նաև վճռվել է գյուղատնտեսական նշանակության հողամասերի՝ Ս.Թումանյանի մասնաբաժնի, ինչպես նաև նրա անվամբ հաշվառված շարժական գույքի վրա դրված կալանքը պահպանել դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց մեկ ամիս, որից հետո՝ վերացնել, իսկ ապացույց ճանաչված այլ փաստաթղթերը պահել գործի հետ միասին՝ վերջինիս պահելու ամբողջ ժամանակամիջոցում:
2. Լոռու մարզի դատախազության ավագ դատախազ Ս.Պապոյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2025 թվականի հունիսի 3-ի որոշմամբ բողոքը մերժել է՝ Առաջին ատյանի դատարանի՝ 2025 թվականի փետրվարի 3-ի դատավճիռը թողնելով անփոփոխ:
3. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ մեղադրյալ Ս. Թումանյանը ներկայացրել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2025 թվականի նոյեմբերի 4-ի որոշմամբ ընդունվել է վարույթ, և սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։
Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոշարադրյալ փաստարկներով.
4. Բողոքաբերի պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանի կողմից առերևույթ թույլ է տրվել դատական սխալ՝ նյութական և դատավարական իրավունքի այնպիսի խախտումներ, որոնք ազդել են գործի ելքի վրա:
4.1. Բողոքաբերը նշել է, որ քաղաքացիական հայցի հատուցումն ամբողջությամբ իր վրա դնելիս դատարանները թույլ են տվել դատական սխալ՝ հաշվի չառնելով, որ պահաբաժնի համար իրենց աշխատանքային պարտականությունների շրջանակում պատասխանատվություն են կրել նաև անտառտնտեսության այլ պաշտոնատար անձինք, որոնք ևս պետք է իրենց չափաբաժինն ունենային քաղաքացիական հայցի հատուցման մեջ:
4.2. Բողոքի հեղինակը գտել է, որ իրեն ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքի կատարման մեջ մեղավոր ճանաչելու և իր նկատմամբ 1 տարի ժամկետով ազատազրկման ձևով պատիժ նշանակելու պայմաններում առկա մեղմացնող հագամանքների և ծանրացնող հանգամանքների բացակայության հաշվառմամբ 2 տարի ժամկետով փորձաշրջան սահմանելը խիստ է, ինչի արդյունքում էլ թույլ է տրվել դատական սխալ:
4.3. Բողոքաբերը նաև նշել է, որ օբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված ուշացման պատճառով իր բացակայությամբ Վերաքննիչ դատարանի կողմից նիստն անցկացնելու ու բողոքը մերժելու վերաբերյալ դատական ակտ կայացնելու արդյունքում թուլ է տրվել դատական սխալ:
5. Վերոգրյալի հիման վրա, բողոքաբերը խնդրել է բեկանել և փոփոխել ստորադաս դատարանների դատական ակտերը և կայացնել նոր դատական ակտ կամ վարույթը փոխանցել Առաջին ատյանի դատարան՝ նոր քննության:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
6. Ս.Թումանյանը ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ. «(…) որ Նա «Հայանտառ» ՊՈԱ կազմակերպության տնօրենի 2020 թվականի մարտի 19-ի թիվ 151-Ա հրամանի համաձայն 2020 թվականի մարտի 20-ից մինչև նույն թվականի օգոստոսի 3-ն աշխատելով նույն ՊՈԱ կազմակերպության «Դսեղի անտառտնտեսություն» մասնաճյուղի Դսեղի անտառպետության 2-րդ պահաբաժնի անտառապահի պաշտոնում, հանդիսանալով պաշտոնատար անձ, և ի պաշտոնե պարտավոր լինելով իրականացնել կանխարգելիչ միջոցառումներ և հսկողություն ապօրինի անտառահատումների ու ՀՀ անտառային օրենսդրության այլ խախտումների նկատմամբ, իսկ անհրաժեշտության դեպքում կազմել անտառխախտման արձանագրություններ և սահմանված ժամկետում ներկայացնել անտառապետին, ստուգել բնափայտի մթերման, անասունների արածեցման, խոտհունձի և այլ տեսակի անտառօգտագործման իրավունք ընձեռող փաստաթղթերն ու հսկողություն սահմանել անտառօգտագործողների կողմից դրանց կատարման նկատմամբ, օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն կրելով իր պահաբաժնում ժամանակին չհայտնաբերված և չարձանագրված անտառխախտման յուրաքանչյուր դեպքի համար, լրիվ գույքային պատասխանատվություն կրելով իր մեղքով մասնաճյուղին և /կամ/ պետությանը պատճառված վնասի համար, այսինքն՝ օժտված լինելով իրավական նշանակություն ունեցող, իրավահարաբերություններ առաջացնող, դադարեցնող կամ փոփոխող գործողություններ կատարելու, անտառխախտման արձանագրություն կազմելու և տրամադրելու պաշտոնատար անձի գործառույթներով և վարչատնտեսական լիազորություններով, իր ծառայության նկատմամբ անբարեխիղճ և անփույթ վերաբերմունք դրսևորելու հետևանքով իր վրա դրված պարտականությունները պատշաճ չի կատարել, նշված պահաբաժիններում, պարբերաբար շրջայցեր չի իրականացրել, ապօրինի ծառահատում կատարվելու վերաբերյալ անտառխախտման արձանագրություններ չի կազմել, իսկ արդյունքում 2020 թվականի ապրիլի 20-ից մինչև հուլիսի 22-ն ընկած ժամանակահատվածում «Հայանտառ» ՊՈԱ կազմակերպության «Թումանյանի անտառտնտեսություն» մասնաճյուղի Դսեղի անտառպետության 2-րդ պահաբաժնում ապօրինի հատվել են 103 հատ տարբեր տեսակի ծառեր, ինչի հետևանքով կազմակերպության և պետության իրավունքներին ու օրինական շահերին անզգուշությամբ պատճառվել է ծանր հետևանք հանդիսացող՝ ընդհանուր 9.111.000 ՀՀ դրամի վնաս։ (...)»:
7. Առաջին ատյանի դատարանը 2025 թվականի փետրվարի 3-ի դատավճռով, հաստատված համարելով Ս.Թումանյանին առաջադրված մեղադրանքը, արձանագրել է. «(...) Դատարանը վերլուծելով և գնահատելով դատաքննության ընթացքում հետազոտված ապացույցները իրենց վերաբերելիության, թույլատրելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից, ներքին համոզմամբ ապացուցված է համարում, որ ամբաստանյալ Սանթրիկ Ասքանազի Թումանյանը (...) կատարել է 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարք ու նա քրեական պատասխանատվության պետք է ենթարկվի նշված հանցագործությունը կատարելու համար (...):
Դատարանն ամբաստանյալ Սանթրիկ Ասքանազի Թումանյանի նկատմամբ պատիժ նշանակելիս հաշվի է առնում նաև նրա անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները (...):
(®) Սանթրիկ Ասքանազի Թումանյանի անձը բնութագրող տվյալները, Դատարանի վերը նշված մեկնաբանությունները, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող նշված հանգամանքը և պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունն իրենց համակցությամբ բավարար են հանգելու այն հետևության, որ նրա նկատմամբ նպատակահարմար է նշանակել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասի սանկցիայով նախատեսված ազատազրկում պատժատեսակը՝ 1 (մեկ) տարի ժամկետով։ Դատարանը գտնում է, որ նրա ուղղվելը հնարավոր է առանց նշանակված պատիժը կրելու ու նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու միջոցով տվյալ գործով հնարավոր է հասնել պատժի նպատակներին` սոցիալական արդարության վերականգնմանը, պատժի ենթարկված անձի վերասոցիալականացմանը և հանցագործությունների կանխմանը, այսինքն՝ Դատարանը նպատակահարմար է գտնում 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառումը։
(...)
Դատարանը գտնում է, որ ներկայացված հայցը պետք է բավարարել ամբողջությամբ և Ս.Թումանյանից հօգուտ պետական բյուջեի բռնագանձել 9.111.000 ՀՀ դրամ` որպես պատճառված վնասի հատուցում (...)¦:
8. Վերաքննիչ դատարանը դատախազի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում 2025 թվականի հունիսի 3-ի որոշմամբ արձանագրել է հետևյալը. «(…) Առաջին ատյանի դատարանի հետևությունը՝ ամբաստանյալ Սանթրիկ Թումանյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ, հիմնավոր է և բխում է գործի նյութերից: Վերաքննիչ դատարանը գտնում է, որ, (...) Առաջին ատյանի դատարանը թույլ չի տվել գործի ելքի վրա ազդեցություն ունեցող դատական սխալ, այսինքն՝ բացակայում են վիճարկվող դատական ակտը բեկանելու հիմքերը (…)»:
Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը․
9. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թեև սույն վարույթով բողոքաբերը բարձրացրել է գույքային հայցի անարդար լուծման, իր բացակայությամբ նիստն անցկացնելու և խիստ փորձաշրջան սահմանելու հարցերը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ելնելով դատական վերանայման ծավալի վերընթաց նվազման սկզբունքից, զրկված է նշված հիմքերին անդրադառնալու հնարավորությունից, քանի որ բողոքաբերն Առաջին ատյանի դատարանի դատական ակտը չի բողոքարկել Վերաքննիչ դատարանում։ Այնուամենայնիվ, հիմք ընդունելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 359-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում ամրագրված նորմը, Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում քննարկման առարկա դարձնել Ս.Թումանյանի նկատմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական հետապնդման դադարեցման հարցը` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով, քանի որ սույն վարույթի շրջանակներում առերևույթ առկա է ի շահ մեղադրյալի վճռաբեկ բողոքի սահմաններից դուրս գալու հիմք:
9.1. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 359-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Վերադաս դատարանն իրավասու է ի շահ մեղադրյալի դուրս գալու վերաքննիչ կամ վճռաբեկ բողոքի սահմաններից, եթե՝
1) ստորադաս դատարանի դատական ակտը հրապարակելուց հետո հայտնաբերվում է քրեական հետապնդումը բացառող հանգամանք. (...)։
10. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի համաձայն` «1. Քրեական հետապնդում չպետք է հարուցվի, իսկ հարուցված քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման, եթե`
(...)
12) անձը Հայաստանի Հանրապետության քրեական oրենսգրքի ընդհանուր կամ հատուկ մասի դրույթների ուժով ենթակա է ազատման քրեական պատաuխանատվությունից (...)»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 13-րդ հոդվածի համաձայն` «1. Քրեական վարույթը ենթակա է կարճման, եթե`(...)
3) կայացվել է անձի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու կամ մեղադրյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում, և սպառվել են վարույթը շարունակելու բոլոր հնարավորությունները (...)»:
ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` «Միջին ծանրության հանցագործություններ են համարվում դիտավորությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում հինգ տարի ժամկետով ազատազրկումը, ինչպես նաև անզգուշությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում տասը տարի ժամկետով ազատազրկումը»:
ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի համաձայն` «1. Անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտված համարելու օրվանից անցել են հետևյալ ժամկետները.
(...)
2) հինգ տարի՝ միջին ծանրության հանցանքն ավարտված համարելու օրվանից.
(…)։
2. Վաղեմության ժամկետը հաշվարկվում է հանցանքն ավարտված համարելու օրվանից մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու պահը (…)»:
ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի համաձայն՝ «1. Պաշտոնատար անձի կողմից ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետևանքով իր պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ էական վնաս է պատճառել անձանց կամ կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին կամ հասարակության կամ պետության օրինական շահերին (գույքային վնասի դեպքում՝ հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափը գերազանցող գումարը կամ դրա արժեքը՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով:
2. Նույն արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանքներ՝
պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով»:
10.1 Մեջբերված նորմերի վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը վաղեմության ժամկետն անցնելը դիտում է որպես քրեական գործի վարույթը և քրեական հետապնդումը բացառող հանգամանք՝ սահմանելով, որ քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե անցել են վաղեմության ժամկետները:
11. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Ս.Թումանյանին վերագրվող՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքն ավարտվել է 2020 թվականի հուլիսի 22-ին, վերոնշյալ արարքը կատարելու մեջ Ս.Թումանյանի մեղավորությունը հաստատող մեղադրական դատավճիռը կայացվել է 2025 թվականի փետրվարի 3-ին, որը բողոքարկվել է Վերաքննիչ դատարան, իսկ Վերաքննիչ դատարանը բողոքի քննության արդյունքում որոշում է կայացրել 2025 թվականի հունիսի 3-ին: Նշված որոշման դեմ մեղադրյալ Ս.Թումանյանի կողմից 2025 թվականի օգոստոսի 11-ին բերված վճռաբեկ բողոքը Վճռաբեկ դատարանի կողմից վարույթ է ընդունվել 2025 թվականի նոյեմբերի 4-ին:
12․ Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 10-րդ և 10.1-րդ կետերում վկայակոչված իրավանորմերի և արտահայտված դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ս.Թումանյանին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետների հաշվարկի առումով կիրառելի են վերջինիս կողմից արարքի կատարման պահին գործող ՀՀ նախկին քրեական օրենսգրքի կարգավորումները. այսինքն՝ Ս.Թումանյանին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը 5 տարի է, որը հաշվարկվում է հանցանքն ավարտված համարելու օրվանից՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու պահը:
Ս.Թումանյանին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական պատասխանատվության ենթարկելու հնգամյա ժամկետը լրացել է 2025 թվականի հուլիսի 22-ին, իսկ այդ օրվա դրությամբ, նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտած չի եղել, ուստի պետք է Ս.Թումանյանի վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի՝ 2025 թվականի փետրվարի 3-ի դատավճիռը և այն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի՝ 2025 թվականի հունիսի 3-ի որոշումը բեկանել՝ Ս.Թումանյանի նկատմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական հետապնդումը դադարեցնել՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով, և քրեական վարույթը կարճել: Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով սույն որոշման 9-րդ կետում արված եզրահանգումը, գտնում է, որ Ս.Թումանյանից հօգուտ պետական բյուջեի պետք է բռնագանձել 9.111.000 (ինը միլիոն հարյուր տասնմեկ հազար) ՀՀ դրամ՝ որպես պատճառված վնասի հատուցում՝ առանց քննարկելու դրա իրավաչափությունը:
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ս.Թումանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ ստորագրությունը չհեռանալու մասին, պետք է վերացնել։
Քրեական գործով **-***-****-****, *-***-****-****, **-***-****-****, **-***-****-****, **-***-****-**** կադաստրային ծածկագրերով գյուղատնտեսական նշանակության հողամասերի՝ Սանթրիկ Ասքանազի Թումանյանի մասնաբաժնի, ինչպես նաև նրա անվամբ հաշվառված շարժական գույքի վրա դրված կալանքը պետք է պահպանել սույն որոշման կայացման օրվանից մեկ ամիս, իսկ ապացույց ճանաչված այլ փաստաթղթերը պահել քրեական գործի հետ միասին՝ վերջինիս պահելու ամբողջ ժամանակամիջոցում:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ, 13-րդ, 31-րդ, 33-րդ, 34-րդ, 162-րդ, 264-րդ, 281-րդ, 352-րդ, 359-րդ, 361-363-րդ, 381-383-րդ, 386-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Սանթրիկ Ասքանազի Թումանյանի վերաբերյալ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2025 թվականի փետրվարի 3-ի դատավճիռը և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2025 թվականի հունիսի 3-ի որոշումը բեկանել՝ Սանթրիկ Ասքանազի Թումանյանի նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական հետապնդումը դադարեցնել՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով, և քրեական վարույթը կարճել:
2. Սանթրիկ Ասքանազի Թումանյանից հօգուտ պետական բյուջեի բռնագանձել 9.111.000 (ինը միլիոն հարյուր տասնմեկ հազար) ՀՀ դրամ` որպես պատճառված վնասի հատուցում:
3. Սանթրիկ Ասքանազի Թումանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ ստորագրությունը չհեռանալու մասին, վերացնել։
4. Քրեական գործով **-***-****-****, *-***-****-****, **-***-****-****, **-***-****-****, **-***-****-**** կադաստրային ծածկագրերով գյուղատնտեսական նշանակության հողամասերի՝ Սանթրիկ Ասքանազի Թումանյանի մասնաբաժնի, ինչպես նաև նրա անվամբ հաշվառված շարժական գույքի վրա դրված կալանքը պահպանել սույն որոշման կայացման օրվանից մեկ ամիս, իսկ ապացույց ճանաչված այլ փաստաթղթերը պահել քրեական գործի հետ միասին՝ վերջինիս պահելու ամբողջ ժամանակամիջոցում:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը։
Նախագահող` Հ.ԱՍԱՏՐՅԱՆ
Դատավորներ` Ս․ԱՎԵՏԻՍՅԱՆ
Հ.ԳՐԻԳՈՐՅԱՆ
Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆ
