Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am

Վճռաբեկ դատարան · Քրեական

ԵԴ/1182/01/22

Վճռաբեկ դատարանի որոշումների ցանկից (cassationcourt.am/decisions)՝ դատարանի նախադեպային շտեմարանում այն չկա։

Գործի համարը
ԵԴ/1182/01/22
Դիմող / մեղադրյալ
Սուրեն Հակոբյան
Դատական ակտի ընդունման ամսաթիվը
31.07.2026

Որոշման տեքստը

դատարանի Word ֆայլից
ԵԴ/1182/01/22 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան, նախագահող դատավոր` Ս.Գզոգյանի Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարան, նախագահող դատավոր` Կ.Հովհաննիսյան դատավորներ՝ Լ.Աբգարյան Վ.Մարգարյան 31 հուլիսի 2026 թվական ք.Երևան ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) նախագահությամբ` Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ մասնակցությամբ դատավորներ` Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ Հ.ԳՐԻԳՈՐՅԱՆԻ Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ գրավոր ընթացակարգով քննության առնելով Սուրեն Ռոմանի Հակոբյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2024 թվականի մարտի 27-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Լ.Գրիգորյանի վճռաբեկ բողոքը, Պ Ա Ր Զ Ե Ց Վարույթի դատավարական նախապատմությունը. 1. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)՝ 2023 թվականի հոկտեմբերի 26-ի դատավճռով Սուրեն Ռոմանի Հակոբյանը ﬔղավոր է ճանաչվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նաև ՀՀ քրեական օրենսգիրք) 112-րդ հոդվածի 1-ին մասով, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 3 (երեք) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի կիրառմամբ՝ նշանակված պատժին հաշվակցվել է անազատության մեջ գտնվելու 2 (երկու) ամիս 17 (տասնյոթ) օրը, և վերջնական պատիժ է սահմանվել ազատազրկում՝ 2 (երկու) տարի 9 (ինը) ամիս 13 (տասներեք) օր ժամկետով։ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ՝ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել, և սահմանվել է փորձաշրջան՝ 5 (հինգ) տարի ժամկետով՝ փորձաշրջանի ընթացքում մշտական բնակության վայրը չփոխելու պարտականության սահմանմամբ: Ս.Հակոբյանի վարքագծի նկատմամբ վերահսկողությունը դրվել է ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության համապատասխան ստորաբաժանման վրա՝ փորձաշրջանի կրման ժամկետի սկիզբը հաշվարկելով ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության տարածքային մարմնում հաշվառման վերցնելու պահից։ Որոշվել է Ս.Հակոբյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ բացակայելու արգելքը, թողնել անփոփոխ՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը, իսկ 2.000.000 (երկու միլիոն) ՀՀ դրամի չափով գրավը դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ վերադարձնել վերջինին։ Որոշվել է նաև, դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, իրեղեն ապացույց դանակը և տուժող Ա.Մ.-ի հագուստները ոչնչացնել: 2. Մեղադրողի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2024 թվականի մարտի 27-ի որոշմամբ բողոքը ﬔրժել է՝ Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի հոկտեմբերի 26-ի դատավճիռը թողնելով անփոփոխ: 3. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Լ.Գրիգորյանը վճռաբեկ բողոք է ներկայացրել, որը Վճռաբեկ դատարանի` 2024 թվականի հոկտեմբերի 1-ի որոշմամբ ընդունվել է վարույթ, և սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ: Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը. Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով. 4. Բողոքաբերը, վկայակոչելով Վճռաբեկ դատարանի մի շարք նախադեպային որոշումներ, նշել է, որ Ս.Հակոբյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին Առաջին ատյանի դատարանի որոշումն անփոփոխ թողնելով՝ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ՝ նյութական օրենքի այնպիսի խախտում, որն ազդել է վարույթի ելքի վրա: 4.1․Ս.Հակոբյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս, ստորադաս դատարանները պատշաճ իրավական վերլուծության չեն ենթարկել մեղադրյալի անձի և նրա կատարած արարքի հանրային վտանգավորության վրա ազդող մի շարք գործոններ, մասնավորապես՝ խախտված հասարակական հարաբերության բնույթն ու կարևորությունը՝ այն, որ Ս.Հակոբյանը ոտնձգել է այնպիսի հասարակական հարաբերության դեմ, որի խախտումը խիստ բացասաբար է անդրադարձել տուժողի առողջական վիճակի վրա, վնաս պատճառելու համար օգտագործված կտրող-ծակող առարկան՝ դանակը, ինչպես նաև պատճառված մարմնական վնասվածքի բնույթն ու տեղակայումը՝ տուժողի կենսական կարևոր օրգանների՝ որովայնի աջ հատվածի շրջանում: Մինչդեռ, ստորադաս դատարանների կողմից արձանագրված՝ մեղադրյալի անձը բնութագրող հանգամանքը՝ դրական բնութագրվելը, որևէ կերպ չի վկայում անձի կամ նրա կողմից կատարված արարքի հանրային վտանգավորության նվազ աստիճանի մասին: Բողոքաբերը եկել է հետևության, որ վերոգրյալ պայմաններում, ստորադաս դատարանների կողմից մեղադրյալ Ս.Հակոբյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքում դրված՝ անձը բնութագրող տվյալը և պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները չեն կարող բավարար լինել ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու և պատժի նպատակների իրականացմանը հասնելու համար: 5․Վերոշարադրյալի հիման վրա, բողոքաբերը խնդրել է բեկանել Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի հոկտեմբերի 26-ի դատավճիռն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի մարտի 27-ի որոշումը և կայացնել դրան փոխարինող դատական ակտ՝ անթույլատրելի ճանաչելով Ս.Հակոբյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը: Վճռաբեկ բողոքի պատասխանը. 6. Մեղադրյալ Ս.Հակոբյանը, ներկայացված դատական վերանայման բողոքի պատասխանում նշել է, որ անհրաժեշտ է հաշվի առնել այն փաստական հանգամանքները, որ մեղքն ընդունել է, ինչպես նաև տվել է խոստովանական ցուցմունքներ, իր կողմից առանձնակի վտանգավոր գործողություններ չեն իրականացվել, տուժողին կյանքից զրկելու դիտավորություն չի ունեցել, դեպքից անմիջապես հետո զբաղվել է տուժողի բուժօգնության կազմակերպմամբ, նախաքննության ընթացքում ցուցմունք կամ բացատրություններ տալուց չի խուսափել, տուժողի հետ միմյանց նկատմամբ որևէ պահանջ կամ բացասական տրամադրվածություն չունեն, դեպքը խուլիգանությամբ կամ այլ անօրինական գործողությունների կատարմամբ չի զուգորդվել։ Մեղադրյալը նաև նշել է, որ հանդիսանում է ընտանիքի միակ խնամողը, ծնողների խնամքը կազմակերպում և իրականացնում է ինքը, ընտանիքը հեռացել է Արցախից և բնակություն հաստատել Երևանում, և ֆինանսական միջոցների բացակայության պատճառով հնարավոր չէ կայուն վարձակալական հիմունքներով բնակարան ձեռք բերել, իսկ ստացված դրամական միջոցներն ուղղվում են դեղորայքի ձեռքբերմանը, ունի ծանր հիվանդություններ, մասնավորապես՝ վերջին փուլում գտնվող շաքարային դիաբետ, բացի այդ ձեռք է բերել նաև այլ հիվանդություններ, որոնք զարգացել և դարձել են գրեթե անբուժելի, մասնակցել է 44-օրյա պատերազմին, կազմել է ընտանիք, որը, պատիժ կրելու դեպքում չի կարողանա պահպանել։ Վերոգրյալը հաշվի առնելով՝ մեղադրյալը նշել է, որ պատժի կրման դեպքում որևէ կերպ չեն լուծվի ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով նախատեսված պատժի նպատակները, ինչպես նաև կվտանգվի իր ծնողների կենսագոյությունը և իր կյանքը։ 7. Վերոշարադրյալի հիման վրա, բողոքի պատասխանի հեղինակը խնդրել է մերժել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Լ.Գրիգորյանի վճռաբեկ բողոքը։ Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները. 8․Սուրեն Հակոբյանը ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է ներկայացվել այն արարքի համար, որ «(…) նա (…) 2021 թվականի հուլիսի 14-ին՝ ժամը 05։30-ի սահմաններում ընկերոջ՝ Ա.Ա.Մ.-ի հետ գնացել է Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայի 1-ին շենքի 4/1 հասցեում գործող վերջինիս կողմից վարձակալած «Երևան Հուկա» ակումբ։ Ակումբում առանձնացել են տնօրեն՝ Ա.Մ.-ի աշխատասենյակ և զրուցել են իրենց բիզնեսի վերաբերյալ։ Այդ ընթացքում նրանց միջև վիճաբանություն է ծագել, որի ժամանակ Սուրեն Հակոբյանն իր մոտ եղած, ծալովի դանակով դիտավորությամբ մեկ անգամ հարվածել է Ա.Մ.-ի որովայնի աջ հատվածին՝ նրա առողջությանը պատճառելով որովայնի խոռոչը թափանցող ծակած կտրած վերքի ձևով, ուղեկցված բարակ աղու և միջընդերքի վնասումով և մեծ ճարպոնի արտանկումով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս։ (…)»: 9. Առաջին ատյանի դատարանը, Սուրեն Հակոբյանին ներկայացված մեղադրանքը հաստատաված համարելով, 2023 թվականի հոկտեմբերի 26-ի դատավճռով արձանագրել է հետևյալը «(…) Դատարանը մեղադրյալ Ս․Հակոբյանի նկատմամբ պատիժ նշանակելիս հաշվի է առնում նրան մեղսագրված հանցագործության՝ հանրության համար վտանգավորության աստիճանն ու բնույթը, այդ թվում՝ հանցանքի կատարման հանգամանքները և եղանակը, ինչպես նաև խախտված հասարակական հարաբերության սոցիալական նշանակությունը: Դատարանը մեղադրյալ Ս․Հակոբյանի նկատմամբ պատիժ նշանակելիս հաշվի է առնում նաև նրա անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները: Մասնավորապես, դատարանը, որպես Ս․Հակոբյանի անձը բնութագրող տվյալ հաշվի է առնում այն, [որ] նախկինում դատապարտված չի եղել։ Դատարանը որպես մեղադրյալ Ս․Հակոբյանի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանք հաշվի է առնում այն, որ նա իրեն լիովին մեղավոր է ճանաչել, տվել խոստովանական ցուցմունքներ, անկեղծորեն զղջացել է կատարած արարքի համար, խնամքին է անչափահաս դուստրը, վատառողջ է՝ նրա մոտ ախտորոշվել է 2-րդ տիպ շաքարային դիաբետ և այլ հիվանդություններ, տուժողն որևէ բողոք կամ պահանջ չունի, բացի այդ, 2020 թվականին մասնակցել է Արցախի Հանրապետությունում մարտական գործողություններին։ Դատարանը, արձանագրում է, որ մեղադրյալ Ս․Հակոբյանի պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքներ առկա չեն: Դատարանը գտնում է, որ կատարած արարքի համար մեղադրյալ Ս․Հակոբյանը ենթակա է պատժի: Դատարանը, հաշվի առնելով վերոնշյալ` մեղադրյալ Ս․Հակոբյանի արարքի հանրության համար վտանգավորության աստիճանն ու բնույթը, նրա անձը բնութագրող հանգամանքները, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները, ինչպես նաև ծանրացնող հանգամանքների բացակայությունը, գտնում է, որ մեղադրյալ Ս․Հակոբյանն իր կատարած` ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության համար ենթակա է պատժի ազատազրկման ձևով՝ 3 (երեք) տարի ժամկետով։ (…) Հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշումներում ձևավորված իրավական դիրքորոշումը և միևնույն ժամանակ, հաշվի առնելով Ս.Հակոբյանի կատարած արարքի բնույթն ու հանրային վտանգավորության աստիճանը, առանձնահատկությունները, նրա անձը, վերը թվարկված մեղմացնող հանգամանքների համակցությունը, ծանրացնող հանգամանքների բացակայությունը, և այն, որ նրա խնամքին [է] անչափահաս դուստրը, և որ մեղադրյալի նկատմամբ նշանակված պատիժը նրա ընտանիքի անդամների կյանքի պայմանների վրա կարող է բացասական ազդեցություն ունենալ, ելնելով սոցիալական արդարության վերականգնման, պատժի ենթարկված անձի վերասոցիալականացման և նոր հանցագործությունների կանխման անհրաժեշտությունից՝ Դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Ս.Հակոբյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու միջոցով հնարավոր է հասնել պատժի նպատակներին, այդ թվում` պատժի ենթարկված անձի ուղղմանը: Միևնույն ժամանակ, Դատարանը գտնում է, որ Սուրեն Հակոբյանի նկատմամբ փորձաշրջանի ընթացքում պետք է սահմանել պարտականություն, այն է՝ առանց վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի համաձայնության Հայաստանի Հանրապետության տարածքը չլքել և բնակության վայրը փոխելու դեպքում վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնին սեղմ ժամկետներում հայտնել նոր բնակության վայրի հասցեն։ (...)»։ 10. Վերաքննիչ դատարանն արձանագրել է հետևյալը. «(…) Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ մեղադրյալ Սուրեն Հակոբյանի նկատմամբ պատժի տեսակը և չափը որոշելիս, ինչպես նաև նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս Առաջին ատյանի դատարանը ղեկավարվել է պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներով, բազմակողմանի գնահատման է ենթարկել մեղադրյալի անձը բնութագրող տվյալները, նրա պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները (ծանրացնող հանգամանքների բացակայությունը), մեղադրյալի կողմից կատարված հանցագործության բնույթն ու վտանգավորության աստիճանը, որպիսի պայմաններում մեղադրյալի նկատմամբ նշանակել է համաչափ պատիժ, որն իրավացիորեն պայմանականորեն չի կիրառել: Առաջին ատյանի դատարանի կողմից մեղադրյալի նկատմամբ ազատազրկման ձևով պատիժ նշանակելը և այն պայմանականորեն չկիրառելը բխում է 2003 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ հոդվածով սահմանված արդարության և պատասխանատվության անհատականացման սկզբունքից (համապատասխանում է կատարված հանցանքի ծանրությանը, այն կատարելու հանգամանքներին, հանցավորի անձնավորությանը, անհրաժեշտ և բավարար է նրան ուղղելու և նոր հանցագործությունները կանխելու համար), ինչպես նաև կարող է ապահովել 2003 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով սահմանված պատժի նպատակները, այն է` վերականգնել սոցիալական արդարությունը, ուղղել պատժի ենթարկված անձին, ինչպես նաև կանխել հանցագործությունները: (...) Այսպիսով, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ մեղադրյալ Սուրեն Հակոբյանի նկատմամբ ազատազրկման ձևով պատիժ նշանակելու, նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի հետևություններն արդարության և պատասխանատվության անհատականացման սկզբունքի երաշխավորման տեսանկյունից բավարար չափով հիմնավորված են, իսկ Առաջին ատյանի դատարանի կողմից թույլ չի տրվել այնպիսի դատական սխալ, որն ազդեցություն է ունեցել կամ կարող էր ազդեցություն ունենալ գործի ելքի վրա: Նման պայմաններում Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանի դատավճիռը բեկանելու իրավաչափ հիմք չկա, ուստի այն պետք է թողնել անփոփոխ, իսկ դատախազի կողմից բերված վերաքննիչ բողոքը` մերժել: (…)»։ Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը. 11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիﬓավորվա՞ծ են արդյոք ամբաստանյալ Ս.Հակոբյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները: 12. Վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը ևս մեկ անգամ կրկնում է, որ դատարանի համոզվածությունը և վստահությունն այն մասին, որ մեղադրյալի ուղղվելը հնարավոր է առանց իրական պատիժ կրելու, պետք է հիմնվի օբյեկտիվ գոյություն ունեցող այնպիսի տվյալների համակողմանի վերլուծության վրա, որոնք բնութագրում են արարքը, հանցավորի անձը և վկայում պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքերի առկայության մասին: Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանը բազմիցս նշել է, որ թեև պատիժը պայմանականորեն չկիրառելու հետ կապված ՀՀ քրեական օրենսգիրքն ինչպես հանցագործությունների, այնպես էլ անձանց շրջանակի որևէ սահմանափակում չի նախատեսում, սակայն դատարանի հետևությունները պետք է, ի թիվս այլնի, հիմնված լինեն նաև հանցագործության հանրային վտանգավորության աստիճանի և բնույթի ամբողջական գնահատման վրա` հաշվի առնելով այնպիսի գործոններ, ինչպիսիք են օրենքով պահպանվող հասարակական հարաբերության բնույթը, մեղքի ձևը և տեսակը, պատճառված վնասի չափը, պատաuխանատվությունը և պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքները, հանցագործության հանգամանքները, եղանակը, գործիքներն ու միջոցները, նպատակներն ու շարժառիթները և այլն: 12․1. Վճռաբեկ դատարանը բազմիցս կրկնել է, որ անձի առողջությանը ծանր վնաս պատճառելու վերաբերյալ գործերով հանցագործության հանրային վտանգավորության աստիճանը ճիշտ գնահատելու և որպես արդյունք հանցավորի նկատմամբ քրեաիրավական ներգործության համաչափ միջոց կիրառելու համար դատարանները պետք է հաշվի առնեն ինչպես խախտվող հասարակական հարաբերության բնույթն ու կարևորությունը, այնպես էլ արարքի հանրային վտանգավորության աստիճանի վրա ազդող այնպիսի հանգամանքներ, ինչպիսիք են անձի հոգեբանական վերաբերմունքն իր կատարած արարքի և դրա հետևանքների նկատմամբ, հատուկ ուշադրություն պետք է դարձնեն արարքի կատարման եղանակին, օգտագործված գործիքներին, միջոցներին, մարմնական վնասվածքների քանակին, բնույթին ու տեղակայմանը։ Առանց վերը թվարկված համգամանքների գնահատման՝ առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու վերաբերյալ գործերով հնարավոր չէ ճիշտ պատկերացում կազմել հանցավորի անձնավորության և հանցագործության՝ հանրության համար վտանգավորության աստիճանի մասին։ Արդյունքում, նշանակված պատժով չի ապահովվի կատարած արարքի և կիրառված քրեաիրավական ներգործության միջոցի համաչափությունը, ինչպես նաև կխաթարվեն պատժի նշանակման ընդհանուր սկզբունքները։ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար կամ առաջացրել է տեսողության, խոսքի, լսողության կամ որևէ օրգանի կամ օրգանի ֆունկցիայի կորուստ կամ արտահայտվել է դեմքի անջնջելի այլանդակմամբ, ինչպես նաև կյանքի համար վտանգավոր այլ վնաս է պատճառել առողջությանը կամ առաջացրել է դրա քայքայում՝ զուգորդված ընդհանուր աշխատունակության ոչ պակաս, քան մեկ երրորդի կայուն կորստով կամ հանցավորի համար ակնհայտ մասնագիտական աշխատունակության լրիվ կորստով կամ առաջացրել է հղիության ընդհատում, հոգեկան հիվանդություն, թմրամոլությամբ կամ թունամոլությամբ հիվանդացում՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով»: 13. Սույն գործի նյութերի ուսուﬓասիրությունից երևում է, որ. - Առաջին ատյանի դատարանը, հաշվի առնելով Ս.Հակոբյանի կատարած հանցագործության հանրության համար վտանգավորության աստիճանը և բնույթը, հանցանքի կատարման հանգամանքները և եղանակը, խախտված հասարակական հարաբերության սոցիալական նշանակությունը, մեղադրյալ Ս.Հակոբյանի անձը (նախկինում դատապարտված չլինելը), պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները, մասնավորապես՝ մեղքն ընդունելը, խոստովանական ցուցմունքներ տալը, կատարած արարքի համար անկողծորեն զղջալը, խնամքին անչափահաս երեխայի առկայությունը, 2-րդ տիպի շաքարային դիաբետի և այլ հիվանդությունների առկայությունը, տուժողի որևէ բողոք կամ պահանջ չունենալը, 2020 թվականին Արցախի Հանրապետությունում մարտական գործողությունների մասնակից լինելը, եկել է եզրահանգման, որ պատժի նպատակների իրագործման տեսանկյունից բացակայում է Ս.Հակոբյանի կողմից պատիժը փաստացի կրելու անհրաժեշտությունը և նրա ուղղվելը հնարավոր է առանց պատիժը ռեալ կրելու, և արդյունքում նրա նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառել։ - Վերաքննիչ դատարանը գտել է, որ Ս.Հակոբյանի նկատմամբ Առաջին ատյանի դատարանի կողմից ազատազրկման ձևով նշանակված պատիժը, այն պայմանականորեն չկիրառելու և փորձաշրջան սահմանելու անհրաժեշտության վերաբերյալ հետևություններն՝ արդարության և պատասխանատվության անհատականացման սկզբունքի երաշխավորման տեսանկյունից հիմնավոր են, և Առաջին ատյանի դատարանի կողմից թույլ չի տրվել այնպիսի դատական սխալ, որն ազդեցություն է ունեցել կամ կարող էր ազդեցություն ունենալ գործի ելքի վրա։ 14. Նախորդ կետում շարադրված փաստական տվյալները գնահատելով սույն որոշմամբ մեջբերված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանների կողմից Ս.Հակոբյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքում դրված՝ անձը բնութագրող և պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները, պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը, ինչպես նաև սույն քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալները ողջամտորեն չեն նվազեցնում մեղադրյալի կամ նրա կատարած արարքի հանրային վտանգավորությունն այն աստիճան, որ վերջինիս նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառելը համարվի իրավաչափ։ 15․Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ս.Հակոբյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս, ստորադաս դատարանները պատշաճ իրավական վերլուծության չեն ենթարկել մեղադրյալի կողմից կատարած հանցավոր արարքի բնույթի և հանրային վտանգավորության աստիճանի վրա ազդող մի շարք գործոններ, մասնավորապես․ ա) խախտված հասարակական հարաբերության բնույթն ու կարևորությունը՝ այն, որ Ս.Հակոբյանի արարքը ոտնձգել է այնպիսի հասարակական հարաբերության դեմ, որի խախտումը խիստ բացասաբար է անդրադարձել տուժողի առողջական վիճակի վրա՝ նրա առողջությանը պատճառելով կյանքի համար վտանգավոր ծանր վնաս, բ) հանցավորի հոգեբանական վերաբերմունքն իր արարքի և դրա հետևանքների նկատմամբ, մասնավորապես այն, որ մեղադրյալը գործել է ուղղակի դիտավորությամբ, գիտակցել է, որ իր գործողություններով տուժողի առողջությանը պատճառում է ծանր վնաս, նախատեսել է իր արարքի և հետևանքների միջև առկա անմիջական պատճառական կապը, գ) հանցագործության իրադրությունը, գործիքն ու եղանակը․ Ս.Հակոբյանն իր մոտ եղած, ծալովի դանակով, վիճաբանության ընթացքում, տուժողի առողջությանը ծանր մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ, մեկ անգամ հարվածել է նրա որովայնի աջ հատվածին, դ) տուժողի առողջությանը հասցված վնասի բնույթն ու տեղակայումը, մասնավորապես այն, որ մեղադրյալը հարված է հասցրել տուժողի որովայնի աջ հատվածին, և առողջությանը պատճառել այնպիսի ծանր վնաս, որն արտահայտվել է որովայնի խոռոչը թափանցող ծակած-կտրած վերքի ձևով՝ ուղեկցված բարակ աղու և միջընդերքի վնասումով և մեծ ճարպոնի արտանկումով, որը վտանգավոր է կյանքի համար։ 16. Ընդհանրացնելով սույն որոշման նախորդ կետում կատարված վերլուծությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները Ս.Հակոբյանի նկատմամբ նշանակված պատիժը կրելու նպատակահարմարության հարցի վերաբերյալ եզրահանգումները պետք է կառուցեին վերոնշյալ հանգամանքների` իրենց ամբողջության մեջ մանրամասն վերլուծության արդյունքում, իսկ դրանք անտեսելը հանգեցրել է քրեադատավարական օրենքով սահմանված պահանջներին չհամապատասխանող դատական ակտերի կայացման։ 17․ Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ ստորադաս դատարանների կողմից վկայակոչված՝ մեղադրյալ Ս.Հակոբյանի անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները և ծանրացնող հանգամանքների բացակայությունը, արդեն իսկ հաշվի են առնվել վերջինիս նկատմամբ տվյալ արարքի կատարման համար ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված ազատազրկման ձևով պատժի նվազագույն չափը կիրառելիս։ Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ս.Հակոբյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները հիմնավորված չեն: 18. Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանները, ամբաստանյալ Ս.Հակոբյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելով, թույլ են տվել ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի ոչ ճիշտ կիրառում: Այսինքն, թույլ է տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 387-րդ հոդվածով նախատեսված նյութական իրավունքի խախտում: Հետևաբար, անհրաժեշտ է Ս.Հակոբյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու մասով ստորադաս դատարանների դատական ակտերը փոփոխել. նրա նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա պայմանականորեն չկիրառելը պետք է վերացնել և թողնել կրելու Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի` 2023 թվականի հոկտեմբերի 26-ի դատավճռով ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, նույն օրենսգրքի 69-րդ հոդվածի կանոններով նշանակված՝ 2 (երկու) տարի 9 (ինը) ամիս 13 (տասներեք) օր ժամկետով ազատազրկումը՝ պատժի կրման սկիզբը հաշվելով նրան փաստացի արգելանքի վերցնելու պահից: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 361-րդ, 363-րդ և 385-387-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը Ո Ր Ո Շ Ե Ց 1. Սուրեն Ռոմանի Հակոբյանի վերաբերյալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ 2023 թվականի հոկտեմբերի 26-ի դատավճիռը և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի մարտի 27-ի որոշումը փոփոխել: 2. Սուրեն Ռոմանի Հակոբյանի նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված պատիժը ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա պայմանականորեն չկիրառելը վերացնել և թողնել կրելու Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ 2023 թվականի հոկտեմբերի 26-ի դատավճռով, հաշվակցման կանոններով նշանակված՝ 2 (երկու) տարի 9 (ինը) ամիս 13 (տասներեք) օր ժամկետով ազատազրկումը։ Պատժի կրման սկիզբը հաշվել Սուրեն Ռոմանի Հակոբյանին փաստացի արգելանքի վերցնելու պահից: 3. Ստորադաս դատարանների դատական ակտերը ﬓացած մասով թողնել անփոփոխ: Որոշուﬓ օրինական ուժի ﬔջ է մտնում կայացնելու օրը։ Նախագահող` Հ.ԱՍԱՏՐՅԱՆ Դատավորներ` Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆ Հ.ԳՐԻԳՈՐՅԱՆ Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆ Ա.ՊՈՂՈՍՅԱՆ