Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am

Վճռաբեկ դատարան · Հակակոռուպցիոն քաղաքացիական

ՀԿԴ/0173/02/23

Վճռաբեկ դատարանի որոշումների ցանկից (cassationcourt.am/decisions)՝ դատարանի նախադեպային շտեմարանում այն չկա։

Գործի համարը
ՀԿԴ/0173/02/23
Հայցվոր
ՀՀ գլխավոր դատախազություն
Պատասխանող
ՀՀ Կոտայքի մարզի Նաիրի համայնք, Իրինա Վալտերի Բաբոյան Երրորդ անձինք՝ Արա Մամասի Թորգոմեան, Կադաստրի կոմիտե
Դատական ակտի ընդունման ամսաթիվը
05.08.2026
Հատուկ կարծիք
PDF DOC

Որոշման տեքստը

դատարանի Word ֆայլից
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի որոշում Հակակոռուպցիոն քաղաքացիական գործ թիվ ՀԿԴ/0173/02/23 Նախագահող դատավոր` Ա. Ոսկանյան Դատավորներ՝ Գ. Թորոսյան Գ. Հարությունյան Հակակոռուպցիոն քաղաքացիական գործ թիվ ՀԿԴ/0173/02/23 2026թ. ՈՐՈՇՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով` նախագահող Ա. ԴԱՎԹՅԱՆ զեկուցող Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ Գ. ԳՅՈԶԱԼՅԱՆ Ա. ԿՈՒՐԵԽՅԱՆ Լ. ՄԵԼԻՔՋԱՆՅԱՆ «05» օգոստոսի 2026թ. քաղաք Երևան գրավոր ընթացակարգով քննելով ըստ ՀՀ գլխավոր դատախազության հայցի ընդդեմ ՀՀ Կոտայքի մարզի Նաիրի համայնքի, Իրինա Վալտերի Բաբոյանի, երրորդ անձինք՝ Արա Մամասի Թորգոմեանի, Կադաստրի կոմիտեի՝ հողամասերի աճուրդն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջների մասին, հակակոռուպցիոն քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան) 15.05.2025 թվականի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազության բերած վճռաբեկ բողոքը, Պ Ա Ր Զ Ե Ց 1. Գործի դատավարական նախապատմությունը. 1.1. 12.09.2023 թվականին դիմելով ՀՀ հակակոռուպցիոն դատարան (այսուհետ նաև՝ Դատարան)` ՀՀ գլխավոր դատախազությունը (այսուհետ նաև՝ Դատախազություն) պահանջել է անվավեր ճանաչել Քասախի գյուղապետի կողմից կազմակերպված ▪▪▪▪▪▪▪▪▪ ▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪ հասցեի ▪▪▪▪▪▪ հա մակերեսով հողամասն օտարելու վերաբերյալ աճուրդը և որպես հետևանք անվավեր ճանաչել՝ աճուրդ վաճառքում հաղթող ճանաչված Իրինա Վալտերի Բաբոյանի հետ ▪▪▪▪▪▪ հողատարածքի նկատմամբ պայմանագիր կնքելու՝ Քասախ համայնքի ղեկավարի 02․08․2012 թվականի թիվ 156-Ա որոշումը, Գարուշ Սիմոնյանի և Իրինա Վալտերի Բաբոյանի միջև 03․08․2012 թվականին կնքված հողամասի առուվաճառքի պայմանագիրն ու դրա հիման վրա վերջինիս տրված անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման թիվ ▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪ վկայականը և սեղանամատյանի գրառումները։ 1.2. Դատարանի (դատավոր՝ Ն. Ավագյան) 19․03․2024 թվականի որոշմամբ սույն գործով թույլատրվել է հայցի հիմքի և առարկայի փոփոխությունը, որի արդյունքում հայցի առարկան ձևակերպվել է հետևյալ կերպ. «անվավեր ճանաչել Քասախի գյուղապետի կողմից կազմակերպված ▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪ հասցեի ▪▪▪▪▪▪ մակերեսով հողամասն օտարելու վերաբերյալ աճուրդը և որպես հետևանք անվավեր ճանաչել՝ ա. աճուրդ վաճառքում հաղթող ճանաչված Իրինա Բաբոյանի հետ ▪▪▪▪▪▪ հա. հողատարածքի նկատմամբ պայմանագիր կնքելու՝ Քասախի համայնքի ղեկավարի 2.08.2012 թվականի N 156-Ա որոշումը, բ. Գարուշ Սիմոնյանի և Իրինա Բաբոյանի միջև 2012 թվականի օգոստոսի 3-ին կնքված հողամասի առուվաճառքի N ▪▪▪▪ պայմանագիրը և դրա հիման վրա որպես սեփականություն՝ Իրինա Բաբոյանի անվամբ, 08.08.2012 թվականին՝ նշված անշարժ գույքի իրավունքի պետական գրանցումը (▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪): գ. Իրինա Բաբոյանի և Արա Թորգոմեանի միջև 2012 թվականի սեպտեմբերի 6-ին կնքված հողամասի առուվաճառքի N 2254 պայմանագիրը և դրա հիման վրա որպես սեփականություն՝ Արա Թորգոմեանի անվամբ, 12.09.2012 թվականին՝ նշված անշարժ գույքի իրավունքի պետական գրանցումը (▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪)»: 1․3․ Դատարանի 11.09.2024 թվականի վճռով Դատախազության հայցը բավարարվել է մասնակի, վճռվել է՝ «1.1. Անվավեր ճանաչել Քասախի գյուղապետի կողմից կազմակերպված ▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪ հասցեի ▪▪▪▪▪▪ մակերեսով հողամասն օտարելու վերաբերյալ աճուրդը։ 1.2. Անվավեր ճանաչել Գարուշ Սիմոնյանի և Իրինա Բաբոյանի միջև 2012 թվականի օգոստոսի 3-ին կնքված հողամասի առուվաճառքի N 2362 պայմանագիրը։ 2. Մնացած պահանջների մասով հայցը մերժել։ (․․․)»։ 1.4. 10.10.2024 թվականին, փոստային ծառայության միջոցով, վերաքննիչ բողոք է ներկայացրել Դատախազությունը (ներկայացուցիչ՝ Կ․ Հակոբյան), որը Վերաքննիչ դատարանի 29․10․2024 թվականի որոշմամբ վերադարձվել է։ 1.5. 19.11.2024 թվականին, փոստային ծառայության միջոցով, Դատախազությունը կրկին ներկայացրել է վերաքննիչ բողոք, որը Վերաքննիչ դատարանի 28․11․2024 թվականի որոշմամբ ընդունվել է վարույթ: 1.6. Վերաքննիչ դատարանի 15.05.2025 թվականի որոշմամբ Դատախազության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 11.09.2024 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ։ 1.7. 04.06.2025 թվականին, փոստային ծառայության միջոցով, վճռաբեկ բողոք է ներկայացրել Դատախազությունը (ներկայացուցիչ՝ Ս․ Սարգսյան) (այսուհետ նաև՝ Բողոքաբեր)։ 1.8. 10.09.2025 թվականի որոշմամբ Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքն ընդունել է վարույթ։ 1․9․ Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։ 2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը. 2․1․ Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով. Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել և կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ, 275-րդ և 304-րդ հոդվածները, չի կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 123-րդ հոդվածը։ Բողոքաբերը բողոքում ներկայացրել է հետևյալ փաստարկները. 2.2. Հայտնել է, որ ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ ԵԿԴ/0805/02/10 քաղաքացիական գործով 05.04.2013 թվականի որոշմամբ արտահայտված դիրքորոշումների լույսի ներքո վինդիկացիոն հայց հնարավոր է հարուցել միայն այն դեպքում, երբ հաստատվում է գույքի տիրապետման ապօրինի լինելը, այդ թվում, երբ տիրապետման տիտղոսը վերանում է: Մինչդեռ սույն գործով ինչպես Դատարանը, այնպես էլ Վերաքննիչ դատարանը չեն անդրադարձել սկզբնական գործարքին հաջորդող գործարքներով գույքի ձեռքբերման և տիրապետման իրավաչափությանը, տիրապետման օրինական հիմքը չի վերացվել, ուստի վինդիկացիոն հայց ներկայացնելու հնարավորությունը բացակայում է: 2.3. Դատարանն արդեն իսկ եզրահանգել է, որ պետք է անվավեր ճանաչել Քասախի գյուղապետի կողմից կազմակերպված ▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪ հասցեի հողամասն օտարելու վերաբերյալ աճուրդը, ինչպես նաև՝ Գարուշ Նվերի Սիմոնյանի և Իրինա Վալտերի Բաբոյանի միջև 03.08.2012թ. կնքված հողամասի առուվաճառքի պայմանագիրը և դրա հիման վրա Իրինա Վալտերի Բաբոյանի սեփականության իրավունքի պետական գրանցումը, իսկ գործարքն անվավեր ճանաչելու դեպքում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ և 304-րդ հոդվածները նախատեսում են անվավերության հետևանքներ կիրառելու պահանջ, այն է՝ գործարքի անվավերության դեպքում կողմերից յուրաքանչյուրը պարտավոր է մյուս կողմին վերադարձնել գործարքով իր ամբողջ ստացածը։ 2.4. Անդրադառնալով հաջորդող գործարքի անվավերության, ▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪ ▪▪▪▪▪▪▪▪▪▪▪ հասցեի հողամասը բնեղենով վերադարձնելու հնարավորության առկայության և գույքի բարեխիղճ ձեռք բերող հանդիսանալու հարցերը ներկայացված հայցատեսակի շրջանակներում քննարկման առարկա դարձնելու վերաբերյալ բողոքում նշված փաստարկները հիմնավոր չլինելու մասին Վերաքննիչ դատարանի հիմնավորմանը՝ Բողոքաբերը նշել է, որ նման մոտեցումն այս հարցում հիմնավոր չէ, քանի որ առանց այդ հարցերի քննարկման հնարավոր չէ գնահատել հաջորդող գործարքներով գույքի ձեռքբերման օրինական կամ տիտղոսային լինելը, հետևաբար՝ քննարկել նաև վինդիկացիոն հայց ներկայացնելու հնարավորության հարցը: Վերաքննիչ դատարանը պարտավոր էր անդրադառնալ գույքը բնեղենով վերադարձնելու հնարավորությանը և դրա շրջանակներում գույքը ձեռք բերողի բարեխղճությանը, ինչը չի արել: 2.5. Որպես գործարքի անվավերության հետևանք՝ հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 123-րդ հոդվածով սահմանված իրավակարգավորումը և ելնելով դատական խնայողության սկզբունքից՝ Վերաքննիչ դատարանը պետք է քննարկման առարկա դարձներ նաև Դատախազության պահանջը՝ Իրինա Վալտերի Բաբոյանի և Արա Մամասի Թորգոմեանի միջև 06.09.2012 թվականին կնքված վերը նշված հողամասի առուվաճառքի պայմանագիրը և Արա Մամասի Թորգոմեանի սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու մասով՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 304-րդ հոդվածի շրջանակներում անդրադառնալով գույքը բնեղենով վերադարձնելու հնարավորությանը և գույքը ձեռք բերողների բարեխղճությանը, հատկապես հաշվի առնելով նաև այն, որ Արա Մամասի Թորգոմեանը սույն գործով դատավարության մասնակից է: 2․6․ Հայտնել է, որ եթե սույն գործով Դատարանը և Վերաքննիչ դատարանը եզրահանգել են, որ քննարկման առարկա չի կարող հանդիսանալ Իրինա Վալտերի Բաբոյանի և Արա Մամասի Թորգոմեանի միջև 06.09.2012 թվականին կնքված հողամասի առուվաճառքի հաջորդող պայմանագրի գույքի ձեռքբերման իրավաչությունը և Արա Մամասի Թորգոմեանի սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջը, ապա մեկ այլ՝ թիվ ՀԿԴ/0031/02/22 հակակոռուպցիոն քաղաքացիական գործով, Դատարանն իր՝ օրինական ուժի մեջ մտած 30․08․2024 թվականի վճռով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 275-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա ոչ միայն քննարկման առարկա է դարձրել հաջորդող գործարքների իրավաչափության հարցը, այլ նաև՝ դրանք անվավեր է ճանաչել։ Դատարանի և Վերաքննիչ դատարանի մոտեցումը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 275-րդ հոդվածի 1-ին մասի իրավակարգավորման տեսանկյունից հակասում է ՀԿԴ/0031/02/22 հակակոռուպցիոն քաղաքացիական գործով ՀՀ հակակոռուպցիոն դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած 30․08․2024 թվականի վճռին այն մեկնաբանությամբ, որ սույն գործով դատարանները գտել են, որ հաջորդող գործարքների նկատմամբ նշված նորմի կիրառման հիմքերը բացակայում են, իսկ ՀԿԴ/0031/02/22 հակակոռուպցիոն քաղաքացիական գործով ՀՀ հակակոռուպցիոն դատարանը գտել է, որ նման գործարքների նկատմամբ այդ նորմը կիրառելի է: 2․7․ Նշել է, որ տվյալ դեպքում դատարանները ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 275-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա պետք է քննարկման առարկա դարձնեին այն հարցը, թե արդյո՞ք վեճի առարկա հանդիսացող հողամասը պետության (Քասախ համայնքի) տիրապետությունից դուրս է եկել սեփականատիրոջ կամքով, թե՝ ոչ, մինչդեռ այդ հարցը չի քննարկվել, ինչը հակասում է ՀՀ վճռաբեկ դատարանի 08.10.2020 թվականի թիվ ԵԿԴ/1397/02/11 քաղաքացիական գործով որոշման իրավական դիրքորոշումներին: ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ եթե նույնիսկ գույքը ձեռք բերած անձը չգիտեր և չէր կարող իմանալ, որ գույքը ձեռք է բերել այն օտարելու իրավունք չունեցող անձից, ապա ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 275-րդ հոդվածի 1-ին մասի ուժով տվյալ անշարժ գույքը ենթակա է վերադարձման սեփականտիրոջը, եթե այդ գույքը վերջիններիս տիրապետումից դուրս է եկել անկախ նրանց կամքից: Բոլոր դեպքերում գույքը ձեռք բերած անձի բարեխղճության հարցի լուծման համար վճռական են սկզբնական սեփականատիրոջ տիրապետումից գույքի դուրս գալու հանգամանքները, հետևաբար սույն գործի փաստերի ներքո ենթակա է քննարկման այն հարցը, թե արդյո՞ք հողամասը պետության տիրապետումից դուրս է եկել իր կամքից անկախ։ Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն օտարվել և պետության (համայնքի) տիրապետումից դուրս է եկել պաշտոնատար անձանց ոչ օրինաչափ գործողությունների հետևանքով՝ ձևական աճուրդով, սեփականատիրոջ կամքից անկախ, հետևաբար սույն գործով վեճի առարկա հանդիսացող հողամասը պետք է վերադարձվի սկզբնական սեփականատիրոջը, սակայն Դատարանը և Վերաքննիչ դատարանն այս հարցերը քննարկման առարկա չեն դարձրել՝ մերժելով Դատախազության հայցն ու բողոքը՝ նշված պահանջների մասով։ 2.8․ Վերոգրյալի հիման վրա` Բողոքաբերը պահանջել է ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի 15.05.2025 թվականի որոշումը և գործն ուղարկել ստորադաս դատարան` նոր քննության, կամ ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի 15.05.2025 թվականի որոշումը և կայացնել նոր դատական ակտ։ 3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը. Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝ 3.1. ՀՀ Կոտայքի մարզի Քասախի գյուղապետարանի աշխատակազմի քարտուղարի կողմից 02.08.2012 թվականին տրված «Քասախի գյուղական համայնքի ավագանու 27․02․2012 թվականի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Քասախ գյուղական համայնքի համայնքային սեփականություն համարվող հողերը աճուրդ-վաճառքի միջոցով օտարելու թույլտվություն տալու մասին» թիվ 8 որոշումից» քաղվածքի համաձայն՝ համայնքի ավագանին որոշել է համայնքային սեփականություն համարվող բնակելի և գյուղատնտեսական նշանակության հողերը աճուրդ-վաճառքի միջոցով օտարել և հաստատել մեկնարկային գները՝ համաձայն հավելվածի. (...) 10. ծածկագիրը՝ ▪▪▪▪▪▪▪▪▪, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման, մակերեսը՝ ▪▪▪▪▪▪ հա, մեկնարկային գինը՝ 1.990.560 ՀՀ դրամ (հատոր 2-րդ, գ.թ. 99): 3.2. 30.07.2012 թվականի «Հողամասն աճուրդով վաճառելու մասին» թիվ 13/6 արձանագրության համաձայն՝ Քասախ համայնքի ավագանու՝ 27.02.2012 թվականի թիվ 8-Ն որոշմամբ ▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪ բնակելի կառուցապատման ▪▪▪▪▪▪ հա հողամասը դրվել է աճուրդի (լոտ թիվ 10, ծածկագիր ▪▪▪▪▪▪▪▪▪), աճուրդում առաջարկված հողամասի առավելագույն գինը կազմել է 2.289.144 ՀՀ դրամ, աճուրդում հաղթող է ճանաչվել Իրինա Վալտերի Բաբոյանը (հատոր 1-ին, գ.թ. 36): 3.3. Հայաստանի Հանրապետության Քասախ համայնքի ղեկավարի 02.08.2012 թվականի «2012 թվականի հուլիսի 30-ին հողամասերի աճուրդ վաճառքում հաղթող ճանաչված Իրինա Վալտերի Բաբոյանի հետ ▪▪▪▪▪▪ հա հողատարածքի նկատմամբ պայմանագիր կնքելու մասին» թիվ 156-Ա որոշմամբ որոշել է 30․07․2012 թվականին հողամասերի աճուրդ վաճառքում հաղթող ճանաչված Իրինա Վալտերի Բաբոյանի հետ ▪▪▪▪▪▪▪▪▪ ծածկագրով ▪▪▪▪▪▪ հա բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասի նկատմամբ կնքել առուծախի պայմանագիր (հատոր 1-ին, գ.թ. 35): 3․4․ Վաճառող ՀՀ Կոտայքի մարզի Քասախ համայնքի՝ ի դեմս համայնքի ղեկավար Արա Մկրտչյանի լիազորված անձ Գարուշ Սիմոնյանի և գնորդ Իրինա Վալտերի Բաբոյանի միջև 03․08․2012 թվականին կնքված աճուրդով հողամասի առուվաճառքի պայմանագրի համաձայն՝ վաճառողը պարտավորվել է գնորդին որպես սեփականություն հանձնել ▪▪▪▪▪ ▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪ քմ հողամասը, որը գտնվում է ▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪ հասցեում (...), իսկ գնորդը պարտավորվել է ընդունել Գույքը և դրա համար վճարել համայնքի հաշվին՝ 2.289.144,0 ՀՀ դրամ, որը պայմանագրի վավերացման պահին գնորդի կողմից վճարված էր (հատոր 1-ին, գ.թ. 37-38): 3․5․ Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ ▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪ վկայականի համաձայն՝ 08․08․2012 թվականին ▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪ հողամաս հասցեում գտնվող ▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪ կադաստրային ծածկագրով ▪▪▪▪ հա բնակավայրերի նպատակային նշանակության հողամասի նկատմամբ գրանցվել է Իրինա Վալտերի Բաբոյանի սեփականության իրավունքը (հատոր 1-ին, գ.թ. 33-34)։ 3․6․ Վաճառող Իրինա Վալտերի Բաբոյանի և գնորդ Արա Մամասի Թորգոմեանի միջև 06․09․2012 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի համաձայն՝ վաճառողը վաճառել է, իսկ գնորդը որպես սեփականություն ձեռք է բերել «Անշարժ գույք», որը գտնվում է ▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪ հասցեում (▪▪▪▪ հա (▪▪▪▪▪▪▪▪ քմ) բնակելի կառուցապատման հողամաս, ծածկագիր՝ ▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪)։ Հողամասի վաճառքի գինը կազմել է 1.500.000 ՀՀ դրամ, որը պայմանագիրը վավերացնելու պահին գնորդի կողմից կանխիկ վճարվել է վաճառողին ամբողջությամբ։ Պայմանագիրը վավերացվել է նոտարի կողմից և գրանցվել սեղանամատյանում՝ ▪▪▪▪ համարի տակ (հատոր 2-րդ, գ.թ. 11-12): 3․7․ Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ ▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪ վկայականի համաձայն՝ 06․09․2012 թվականի ս/մ ▪▪▪▪ առուվաճառքի պայմանագրի հիման վրա, 12․09․2012 թվականին ▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪ հողամաս հասցեում գտնվող ▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪ կադաստրային ծածկագրով ▪▪▪▪ հա բնակավայրերի նպատակային նշանակության հողամասի նկատմամբ գրանցվել է Արա Մամասի Թորգոմեանի սեփականության իրավունքը (հատոր 2-րդ, գ.թ. 13-14)։ 3.8. Դատարանի 19.03.2024 թվականի որոշմամբ թույլատրվել է հայցի հիմքի և առարկայի փոփոխությունը, որի արդյունքում պահանջը ձևակերպվել է հետևյալ կերպ. «անվավեր ճանաչել Քասախի գյուղապետի կողմից կազմակերպված ▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪ հասցեի ▪▪▪▪▪▪ մակերեսով հողամասն օտարելու վերաբերյալ աճուրդը և որպես հետևանք անվավեր ճանաչել՝ ա. աճուրդ վաճառքում հաղթող ճանաչված Իրինա Բաբոյանի հետ ▪▪▪▪▪▪ հա. հողատարածքի նկատմամբ պայմանագիր կնքելու՝ Քասախի համայնքի ղեկավարի 2.08.2012 թվականի N 156-Ա որոշումը, բ. Գարուշ Սիմոնյանի և Իրինա Բաբոյանի միջև 2012 թվականի օգոստոսի 3-ին կնքված հողամասի առուվաճառքի N 2362 պայմանագիրը և դրա հիման վրա որպես սեփականություն՝ Իրինա Բաբոյանի անվամբ, 08.08.2012 թվականին՝ նշված անշարժ գույքի իրավունքի պետական գրանցումը (▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪): գ. Իրինա Բաբոյանի և Արա Թորգոմեանի միջև 2012 թվականի սեպտեմբերի 6-ին կնքված հողամասի առուվաճառքի N 2254 պայմանագիրը և դրա հիման վրա որպես սեփականություն՝ Արա Թորգոմեանի անվամբ, 12.09.2012 թվականին՝ նշված անշարժ գույքի իրավունքի պետական գրանցումը (N ▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪)» (հատոր 2-րդ, գ.թ. 39-40): 4․ Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները. 4.1. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է եղել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքով՝ նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի իմաստով, այն է՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, քանի որ առկա էին հիմքեր պարզելու, որ միևնույն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 275-րդ հոդվածի 1-ին մասը կիրառվել է ՀԿԴ/0031/02/22 հակակոռուպցիոն քաղաքացիական գործով 30.08.2024 թվականի օրինական ուժի մեջ մտած դատական ակտով նույն նորմին տրված մեկնաբանությանը հակասող մեկնաբանությամբ, ինչպես նաև բողոքարկվող դատական ակտում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 275-րդ հոդվածի 1-ին մասին տրված մեկնաբանությունը հակասում է ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ ԵԿԴ/1397/02/11 քաղաքացիական գործով 08.10.2020 թվականի որոշման մեջ տվյալ նորմին տրված մեկնաբանությանը: Օրենքների միատեսակ կիրառությունն ապահովող ՀՀ վճռաբեկ դատարանի սահմանադրական առաքելությունն առավել քան կարևորվում է հենց այն հարցերի քննարկման ժամանակ, երբ անձը, ի թիվս այլնի, վկայակոչելով ՀՀ վճռաբեկ դատարանի նախկինում կայացված որոշման մեջ արտահայտված դիրքորոշումը բարձրացնում է հակասության հարց և ակնկալում է, որ Վճռաբեկ դատարանն իր որոշմամբ կվերացնի առկա հակասությունը՝ դրանով իսկ իրականացնելով օրենքի միատեսակ կիրառման իր սահմանադրական առաքելությունը։ Այս տեսակետից, Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու փուլում, հավատարիմ՝ որոշումները կոլեգիալ կարգով ընդունելու սկզբունքին, որոշակի կասկածներ է ունեցել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 275-րդ հոդվածի 1-ին մասի հակասական կիրառման վերաբերյալ, ինչը վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու փուլում անհնար է եղել հաղթահարել և անհրաժեշտություն է առաջացել վճռաբեկ բողոքն ընդունել վարույթ և ըստ էության քննության միջոցով պարզել այդ հարցը։ ՀՀ սահմանադրական դատարանը նշել է, որ ՀՀ վճռաբեկ դատարանը ոչ միայն իրականացնում է կոնկրետ գործով իրավունքների դատական պաշտպանություն, այլև իր կայացրած դատական ակտով ապահովում է միատեսակ իրավակիրառ պրակտիկայի ձևավորումը՝ պահպանելով իրավական նորմերին տրվող մեկնաբանության որոշակիությունը, կայունությունը և հետևողականությունը։ Այս տեսակետից ՀՀ վճռաբեկ դատարանի դատական ակտերը բողոքաբերների համար առաջացնում են ընդհանուր իրավասության դատական համակարգում վերջնական լուծում ձևավորող հետևանքներ, հետևապես՝ իրավական որոշակիության և կանխատեսելիության անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ՀՀ վճռաբեկ դատարանի կայացրած որոշումների որակական հատկանիշները պետք է համարժեք լինեն ՀՀ վճռաբեկ դատարանի և վերջինիս կայացրած դատական ակտերի սահմանադրաիրավական և գործնական նշանակությանը (առավել մանրամասն տե՛ս Սահմանադրական դատարանի 19/12/2023 թվականի թիվ ՍԴՈ-1707 որոշումը)։ Ասվածի լույսի ներքո Վճռաբեկ դատարանը սույն բողոքի քննության շրջանակներում վերահաստատում է նախկինում արտահայտած դիրքորոշումները և հարկ է համարում կրկին անդրադառնալ գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի առկայության դեպքում գույքը բարեխիղճ ձեռք բերողից հետ պահանջելու հարցի քննարկման հնարավորությանը։ 4․2․ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 275-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` եթե գույքը հատուցմամբ ձեռք է բերվել գույքն օտարելու իրավունք չունեցող անձից, որի մասին ձեռք բերողը չգիտեր կամ չէր կարող իմանալ (բարեխիղճ ձեռք բերող), ապա սեփականատերն իրավունք ունի ձեռք բերողից տվյալ գույքը պահանջել միայն այն դեպքում, երբ գույքը կորցրել է սեփականատերը կամ այն անձը, ում այդ գույքի սեփականատերը հանձնել է տիրապետման, կամ այն հափշտակվել է մեկից կամ մյուսից, կամ նրանց տիրապետումից դուրս է եկել այլ ճանապարհով` անկախ նրանց կամքից։ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 289-րդ հոդվածի համաձայն՝ գործարքները քաղաքացիների և իրավաբանական անձանց այն գործողություններն են, որոնք ուղղված են քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն կամ դրանց դադարելուն: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 303-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործարքն անվավեր է նույն օրենսգրքով սահմանված հիմքերով դատարանի կողմից այն այդպիսին ճանաչելու ուժով (վիճահարույց գործարք) կամ անկախ նման ճանաչումից (առոչինչ գործարք): ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 304-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անվավեր գործարքը չի հանգեցնում իրավաբանական հետևանքների, բացառությամբ այն հետևանքների, որոնք կապված են գործարքի անվավերության հետ: Նման գործարքն անվավեր է կնքելու պահից: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գործարքի անվավերության դեպքում կողմերից յուրաքանչյուրը պարտավոր է մյուս կողմին վերադարձնել գործարքով ամբողջ ստացածը, իսկ ստացածը բնեղենով վերադարձնելու անհնարինության դեպքում (ներառյալ, երբ ստացածն արտահայտվում է գույքից օգտվելու, կատարված աշխատանքի կամ մատուցված ծառայության մեջ)` հատուցել դրա արժեքը դրամով, եթե գործարքի անվավերության այլ հետևանքներ նախատեսված չեն օրենքով: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 305-րդ հոդվածի համաձայն՝ օրենքի կամ այլ իրավական ակտերի պահանջներին չհամապատասխանող գործարքն անվավեր է, եթե օրենքը չի սահմանում, որ նման գործարքն առոչինչ է կամ չի նախատեսում խախտման այլ հետևանքներ: 4․3․ ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներից մեկով հանգել է այն եզրակացության, որ․ «(․․․) ցանկացած քաղաքացիաիրավական գործարք կարող է դրա մասնակիցների համար առաջացնել ցանկալի իրավական հետևանքներ, եթե այն վավեր է, այսինքն՝ համապատասխանում է օրենքից բխող որոշակի պահանջների ու պայմանների: Այն դեպքում, երբ գործարքը չի համապատասխանում այդ պահանջներին, ապա այն համարվում է անվավեր կա՛մ օրենքով սահմանված հիմքերով դատարանի կողմից անվավեր ճանաչվելու դեպքում (վիճահարույց գործարք), կա՛մ անկախ նման ճանաչումից (առոչինչ գործարք): (․․․) վիճահարույց գործարքն անվավեր ճանաչելը և դրա անվավերության հետևանքները կիրառելը քաղաքացիական իրավունքների պաշտպանության եղանակներից մեկն է, քանի որ այդպիսի գործարքն անվավեր ճանաչվելու դեպքում տեղի է ունենում երկկողմանի ռեստիտուցիա, այսինքն՝ անվավեր ճանաչված գործարքի կողմերից յուրաքանչյուրը պարտավոր է մյուս կողմին վերադարձնել գործաքով իր ամբողջ ստացածը, իսկ ստացածը բնեղենով վերադարձնելու անհնարինության դեպքում` հատուցել դրա արժեքը դրամով, եթե գործարքի անվավերության այլ հետևանքներ օրենքով նախատեսված չեն (տե՛ս նաև Վահագն Կապլանյանն ընդդեմ ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության և ՀՀ ֆինանսների նախարարության թիվ ԼԴ/0435/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.12.2015 թվականի որոշումը)։ Նախկինում կայացրած մեկ այլ որոշմամբ անդրադառնալով անվավեր գործարքների հետևանքներին՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է․ «(․․․) օրենսդիրը թե՛ վիճահարույց, և թե՛ առոչինչ գործարքների համար նախատեսել է անվավերության միևնույն իրավական հետևանքները, այն է` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 304-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` անվավեր գործարքը չի հանգեցնում իրավաբանական հետևանքների, բացառությամբ այն հետևանքների, որոնք կապված են գործարքի անվավերության հետ: Նման գործարքն անվավեր է կնքելու պահից։ Նշված հոդվածի 2-րդ կետն ամրագրում է անվավեր գործարքի հետևանքները։ Ըստ այդմ, անվավեր գործարքի կողմերը պարտավոր են վերադարձնել գործարքով ստացվածը (երկկողմանի կամ միակողմանի ռեստիտուցիա)։ (․․․) երբ հնարավոր չէ բնեղենով վերադարձնել գործարքով ձեռք բերվածը, ապա պետք է տրվի դրա դրամական փոխհատուցումը» (տե՛ս Սեդրակ Բարսեղյանն ընդդեմ Գագիկ Բարսեղյանի և Կարինե Բաղդասարյանի թիվ ԱՐԱԴ2/0077/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.04.2022 թվականի որոշումը)։ 4․4․ Վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումը՝ ՀՀ վճռաբեկ դատարանը հավելել է․ «(․․․) գործարքի անվավերությունն ունի սուբյեկտիվ և օբյեկտիվ սահմաններ։ Գործարքի անվավերության սուբյեկտիվ սահմանները ներառում են գործարքի մասնակիցներին (այն անձանց, որոնք կնքել (կատարել) են անվավեր գործարքը, կամ հօգուտ որոնց կնքվել է այդ գործարքը), ինչպես նաև՝ այն անձանց ու մարմիններին, որոնք օրինական ուժի մեջ մտած դատական ակտի հիման վրա իրենց իրավասության սահմաններում օրենքի ուժով պարտավոր են ապահովել գործարքի կողմի սեփականության կամ այլ իրավական տիտղոսի վերականգնումը։ Գործարքի անվավերության օբյեկտիվ սահմանները ներառում են փաստական և իրավական այն հետևանքները, որոնք անմիջականորեն առաջացել են անվավեր գործարքի կնքմամբ, ուղղակի պատճառահետևանքային կապի մեջ են գտնվում կնքված գործարքի հետ, անմիջականորեն բխել են դրանից ու ենթակա են վերացման՝ մինչև իրավունքի խախտումը եղած դրությունը հնարավորինս վերականգնելու համար («restitutio in integrum»): Նշվածի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործարքի անվավերության ընդհանուր հետևանքը երկկողմանի ռեստիտուցիայի կիրառումն է, որի ուժով գործարքի կողմերից յուրաքանչյուրը պարտավոր է մյուս կողմին վերադարձնել գործարքով ամբողջ ստացածը, իսկ ստացածը բնեղենով վերադարձնելու անհնարինության դեպքում (ներառյալ, երբ ստացածն արտահայտվում է գույքից օգտվելու, կատարված աշխատանքի կամ մատուցված ծառայության մեջ)` հատուցել դրա արժեքը դրամով, եթե գործարքի անվավերության այլ հետևանքներ նախատեսված չեն օրենքով: Ընդ որում, ռեստիտուցիայի շրջանակներում պետք է դիտարկել ոչ միայն գործարքով ստացածը փաստացի վերադարձնելու կողմի պարտականությունը, ինչով վերացվում են անվավեր գործարքի կնքման (կատարման) փաստական հետևանքները, այլ նաև տվյալ գործարքի հիմքով այդ գործարքից բխող իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելը, սեփականության կամ այլ իրավական տիտղոսի փոփոխությունը վերացնելը՝ այդպիսով վերականգնելով մինչև տվյալ անվավեր գործարքի կնքումը եղած դրությունը։ (․․․) Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործարքի անվավերության հետևանքներ կիրառելիս դատարանները պետք է հաշվի առնեն, որ երկկողմանի ռեստիտուցիան չի կարող կիրառվել որպես հետևանք այն դեպքերում, երբ դատարանը հաստատված է համարել, որ անվավեր (առաջին) գործարքի կատարման արդյունքում վիճելի գույքը կրկին օտարվել է նոր ձեռքբերողներին հաջորդող (երկրորդ, երրորդ) գործարքներով։ Նման իրավիճակներում, հաշվի առնելով հայցի առարկան և հիմքը, դատարանները պետք է քննարկման առարկա դարձնեն կա՛մ անվավեր գործարքով ստացածը բնեղենով վերադարձնելու անհնարինությամբ պայմանավորված դրա արժեքը դրամով հատուցելու հարցը, կա՛մ հաջորդող վիճահարույց գործարքների անվավերությունն ու դրանց նկատմամբ անվավերության հետևանքներ կիրառելու հնարավորությունը, կա՛մ գույքն ուրիշի ապօրինի տիրապետությունից հետ պահանջելու (վինդիկացիայի) վերաբերյալ հայցապահանջը՝ բոլոր դեպքերում նկատի ունենալով, որ կաշկանդված են դատարան ներկայացված հայցի առարկայով և հիմքերով (տե՛ս Արմեն Դալլաքյանն ընդդեմ Աշոտ Գալստյանի, Մխիթար Մաթևոսյանի թիվ ԼԴ1/1286/02/19 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.04.2025 թվականի որոշումը)։ ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշումներից մեկով անդրադառնալով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 275-րդ հոդվածի վերլուծությանն, արձանագրել է, որ գույքը ձեռք բերողը կարող է օրենսդրության տեսանկյունից դիտվել որպես բարեխիղճ ձեռք բերող, եթե գույքը ձեռք է բերել այն օտարելու իրավունք չունեցող անձից, որի մասին ձեռք բերողը չգիտեր կամ չէր կարող իմանալ: Օրենսդիրն ամրագրել է այն ելակետային դրույթը, որ այս պարագայում գույքը հետ չի կարող պահանջվել բարեխիղճ ձեռք բերողից: Միաժամանակ ՀՀ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ որոշ նախապայմանների առկայության պարագայում, այնուամենայնիվ, հնարավորություն է նախատեսված նման գույքը հետ պահանջելու բարեխիղճ ձեռք բերողից, ինչը նպատակ է հետապնդում հավասարակշռելու նաև գույքի սեփականատիրոջ իրավունքները` հաշվի առնելով, որ որոշ դեպքերում հնարավոր է, որ գույքը վերջինիս տիրապետությունից դուրս եկած լինի անկախ սեփականատիրոջ կամքից: Այս պարագայում օրենսդիրն առաջնորդվել է այն դրույթով, որ սեփականատերը նպատակ չի ունեցել գույքը տնօրինելու օտարման եղանակով: Ըստ այդմ, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 275-րդ հոդվածի 1-ին կետը սահմանել է, որ բարեխիղճ ձեռք բերողից սեփականատերն իրավունք ունի տվյալ գույքը պահանջելու հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության պարագայում` 1. գույքը ձեռք է բերվել հատուցմամբ, 2. գույքը ձեռք է բերվել այն օտարելու իրավունք չունեցող անձից, 3. գույքը ձեռք բերողը չի իմացել կամ չէր կարող իմանալ դրա մասին, 4. սեփականատերը կամ գույքը տիրապետողը կորցրել են գույքը, կամ այն նրանցից հափշտակվել է, կամ դուրս է եկել նրանց տիրապետումից այլ ճանապարհով` անկախ նրանց կամքից։ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ վերոգրյալ նախապայմանների միաժամանակյա առկայությունը բավարար է, որպեսզի սեփականատերը վերականգնի իր սեփականության իրավունքը` չնայած այն հանգամանքին, որ գույք ձեռք բերողը հանդիսացել է բարեխիղճ ձեռք բերող: Հետևաբար նշված նախապայմանները պետք է քննարկման առարկա դարձվեն և պարզվեն գործի քննության ընթացքում (տե՛ս Մարի, Մամիկոն, Գայանե և Անժելա Ղումաշյաններն ընդդեմ Վահագն Սահակյանի, երրորդ անձ Երևանի «Շենգավիթ» նոտարական տարածքի նոտար Աստղիկ Մազմանյանի թիվ ԵՇԴ/0056/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07․04․2018 թվականի որոշումը)։ Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով գույքը բարեխիղճ ձեռք բերողից հետ պահանջելու իրավական հարցին, նշել է, որ գույքի բարեխիղճ ձեռք բերող հանդիսանալու հանգամանքն ինքնին հիմք չէ օրենքի պահանջներին հակասող գործարքն անվավեր ճանաչելու և գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու պահանջը մերժելու համար, քանի որ գույքի բարեխիղճ ձեռք բերողն օրենքով պաշտպանված չէ սեփականատիրոջ՝ գույքը վերադարձնելու պահանջից, եթե գույքը վերջինիս տիրապետումից դուրu է եկել նրա կամքից անկախ պատճառներով (տե՛ս Լաուրա Ամիրյանն ընդդեմ Եղիսաբեթ Ալավերդյանի, Գոհար Պողոսյանի թիվ 3-1311 (ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.09.2007 թվականի որոշումը)։ 4․5․ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը քաղաքացիական գործը հարուցում է միայն հայցադիմումի կամ դիմումի հիման վրա: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գործին մասնակցող անձն իրականացնում է իր դատավարական իրավունքները, տնօրինում է դատական պաշտպանության միջոցները և եղանակները սեփական հայեցողությամբ՝ օրենքով սահմանված կարգով: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ նույն օրենսգրքով սահմանված կարգով հայցվորը (դիմողը) իրավունք ունի ամբողջությամբ կամ մասնակիորեն հրաժարվելու իր պահանջից, փոփոխելու հայցի առարկան և հիմքը կամ դրանցից յուրաքանչյուրը, պատասխանողն իրավունք ունի ամբողջությամբ կամ մասնակիորեն ընդունելու հայցվորի պահանջը, կողմերը կարող են վեճը լուծել հաշտության համաձայնությամբ, սկսել արտոնագրված հաշտարարի մասնակցությամբ հաշտարարական գործընթաց կամ գործը հանձնել արբիտրաժի լուծմանը: 4․6․ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ․ «(․․․) Յուրաքանչյուր հայց (ոչ հայցային բնույթի գործերով՝ դիմում), ուղղված լինելով այս կամ այն անձի սուբյեկտիվ իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանը, անհատականացվում է իր տարրերով՝ առարկայով ու հիմքով։ Վերջիններս որոշելու իրավունքը, տնօրինչականության սկզբունքի ուժով, պատկանում է բացառապես դատական պաշտպանություն հայցող սուբյեկտին, որն իր կամ, օրենքով նախատեսված դեպքերում, այլ անձի իրավունքների և օրինական շահերի պաշտպանությամբ դիմում է դատարան։ Դատարան դիմելու սահմանադրական իրավունքը ենթադրում է, որ դատարան դիմող անձն ինքն է որոշում ընդդեմ ում դիմել դատարան, ինչու և ինչպիսի պահանջով։ Ընդ որում, գործող դատավարական օրենսդրությունը դատարան դիմող անձին թույլ է տալիս ոչ միայն ինքնուրույն, սեփական հայեցողությամբ որոշելու դատարան ներկայացվող հայցի (դիմումի) առարկան՝ ներառյալ իրավունքի (օրենքով պահպանվող շահի) պաշտպանության հայցվող եղանակը, դրա փաստական և իրավական հիմքերը, այլ նաև վարույթի ընթացքում փոփոխել հայցը (դիմումը) առանց կրկնակի հայցադիմում (դիմում) ներկայացնելու՝ դրանով իսկ դատական պաշտպանություն հայցող անձին հնարավորություն տալով վարույթի ընթացքում ուղղելու թույլ տված թերացումներն ու ամրապնդելու իր դիրքորոշումը (տե՛ս ըստ «Գուդկրեդիտ» լուծարվող ՈւՎԿ ՓԲԸ-ն դիմումի թիվ ԵԴ/11155/02/20 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28․02․2025 թվականի որոշումը)։ Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ. 4․7․ Գործի փաստերից (տե՛ս վերը՝ 3․1․-3․8․-րդ կետերը) հետևում է, որ Հայաստանի Հանրապետության Քասախ համայնքի ղեկավարի 02.08.2012 թվականի «2012 թվականի հուլիսի 30-ին հողամասերի աճուրդ վաճառքում հաղթող ճանաչված Իրինա Վալտերի Բաբոյանի հետ ▪▪▪▪▪▪ հա հողատարածքի նկատմամբ պայմանագիր կնքելու մասին» թիվ 156-Ա որոշան հիման վրա 03.08.2012 թվականին Հայաստանի Հանրապետության Քասախ համայնքի և Իրինա Վալտերի Բաբոյանի միջև կնքվել է աճուրդով հողամասի առուվաճառքի պայմանագիր, որով Իրինա Վալտերի Բաբոյանը գնել է ▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪ ▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪ հասցեում գտնվող ▪▪▪▪▪ քմ մակերեսով հողամասը, որի նկատմամբ 08.08.2012 թվականին գրանցվել է Իրինա Վալտերի Բաբոյանի սեփականության իրավունքը: 06.09.2012 թվականին Իրինա Վալտերի Բաբոյանի և Արա Մամասի Թորգոմեանի միջև կնքվել է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր, որով Իրինա Վալտերի Բաբոյանը վաճառել է, իսկ Արա Մամասի Թորգոմեանը որպես սեփականություն ձեռք է բերել ▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪ հասցեում գտնվող հողամասը, որի նկատմամբ 12.09.2012 թվականին գրանցվել է Արա Մամասի Թորգոմեանի սեփականության իրավունքը: Դատախազությունը հայցադիմումով պահանջել է անվավեր ճանաչել հողամասերի աճուրդն ու կիրառել անվավերության հետևանքներ։ Դատարանի 19․03․2024 թվականի որոշմամբ թույլատրվել է հայցի հիմքի և առարկայի հետևյալ փոփոխությունը. «անվավեր ճանաչել Քասախի գյուղապետի կողմից կազմակերպված ▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪ հասցեի ▪▪▪▪▪▪ մակերեսով հողամասն օտարելու վերաբերյալ աճուրդը և որպես հետևանք անվավեր ճանաչել՝ ա. աճուրդ վաճառքում հաղթող ճանաչված Իրինա Բաբոյանի հետ ▪▪▪▪▪▪ հա. հողատարածքի նկատմամբ պայմանագիր կնքելու՝ Քասախի համայնքի ղեկավարի 2.08.2012 թվականի N 156-Ա որոշումը, բ. Գարուշ Սիմոնյանի և Իրինա Բաբոյանի միջև 2012 թվականի օգոստոսի 3-ին կնքված հողամասի առուվաճառքի N 2362 պայմանագիրը և դրա հիման վրա որպես սեփականություն՝ Իրինա Բաբոյանի անվամբ, 08.08.2012 թվականին՝ նշված անշարժ գույքի իրավունքի պետական գրանցումը (▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪): գ. Իրինա Բաբոյանի և Արա Թորգոմեանի միջև 2012 թվականի սեպտեմբերի 6-ին կնքված հողամասի առուվաճառքի N 2254 պայմանագիրը և դրա հիման վրա որպես սեփականություն՝ Արա Թորգոմեանի անվամբ, 12.09.2012 թվականին՝ նշված անշարժ գույքի իրավունքի պետական գրանցումը (N ▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪)»: 4.8. Դատարանը 11.09.2024 թվականի վճռով արձանագրել է հետևյալը․ «(․․․) այն դեպքում, երբ անվավեր ճանաչված աճուրդի հիման վրա կնքված պայմանագրի անվավերության դեպքում պայմանագրի առարկա գույքը մեկ այլ պայմանագրով արդեն իսկ փոխանցվել է երրորդ անձի, սկզբնական վաճառողը՝ սույն դեպքում՝ հայցվորը, գույքը բնեղենով ստանալու համար պետք է ներկայացնի ոչ թե անվավեր ճանաչված պայմանագրին հաջորդող պայմանագրերի անվավերության պահանջ որպես սկզբնապես կնքված պայմանագրի անվավերության հետևանք, այլ վինդիկացիոն հայց, քանի որ ինչպես արդեն արձանագրվել է, գործարքի անվավերության միակ հետևանքը երկկողմանի ռեստիտուցիան է, որը կիրառելի է բացառապես գործարքի կողմերի համար։ Այսինքն՝ պայմանագրի անվավերությունը ինքնաբերաբար չի կարող հանգեցնել հաջորդող պայմանագրերի անվավերության։ Հետևաբար, բոլոր այն դեպքերում, երբ հայցվորի վերջնական նպատակը գույքը բնեղենով վերադարձնելն է, և գույքը սկզբնական գնորդից այլ պայմանագրի հիման վրա փոխանցվել է երրորդ անձի, հայցվորը պետք է ներկայացնի ոչ թե բոլոր պայմանագրերի անվավերության պահանջ, այլ վերջին ձեռք բերողի դեմ ներկայացնի ուրիշի ապօրինի տիրապետումից գույքը հետ պահանջելու՝ վինդիկացիոն հայց։ Ասվածը հիմնավորվում է նաև այն հանգամանքով, որ օրենսդիրը հնարավորություն է տալիս պահանջելու ստացածի դրամական համարժեք, եթե այն բնեղենով վերադարձնելն անհնարին է, իսկ անհնարինությունն առկա է, ի թիվս այլնի, նաև այն դեպքում, երբ գույքն անվավեր ճանաչված պայմանագրի կողմի սեփականությունից դուրս է եկել։ Այսինքն՝ օրենսդրի նպատակը եղել է հավասարկշռելու մի կողմից պայմանագրի կողմերի, մյուս կողմից՝ երրորդ անձանց իրավունքները։ Հակառակ մեկնաբանումը կխաթարի քաղաքացիական շրջանառության կայունությունը՝ նկատի ունենալով, որ պայմանագրի մյուս կողմը, եթե բարեխիղճ է, չի կարող իր կողմից կնքված պայմանագրով նախատեսված պաշտպանության միջոցներից օգտվել, քանի որ նշված հիմքով պայմանագրի անվավերության պահանջ քննելիս ձեռքբերողի բարեխղճության հարց չի քննարկվում։ Պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջների դեպքում քննարկման առարկա են դարձվում բացառապես անվավերության հիմքերը։ Բարեխիղճ ձեռքբերողի հարցը քննարկվում է բացառապես վինդիկացիոն հայցի շրջանակներում (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 274-276-րդ հոդվածներ)։ (...) Դատարանը հաստատված է համարում Աճուրդը վերը նշված պահանջների խախտմամբ անցկացված լինելու փաստը այն հիմնավորմամբ, որ ըստ հայցվորի ներկայացրած գրավոր ապացույցների՝ աճուրդի մասին հայտարարությունը չի հրապարակվել հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում։ (․․․) Բացի նշված ընթացակարգային նորմերի խախտումից Դատարանն արձանագրում է, որ գործում առկա ապացույցներով հաստատվում է աճուրդը փաստացի կայացած չլինելու փաստը։ Մասնավորապես, քրեական գործի շրջանակներում Իրինա Վալտերի Բաբոյանը որպես վկա հարցաքննվելիս հայտնել է, որ աճուրդի մասին որևէ տեղեկություն չի ունեցել (...)։ Հաշվի առնելով, որ լոտի վերաբերյալ աճուրդն անվավեր ճանաչելը հանգեցնում է դրանում հաղթած անձի հետ կնքված պայմանագրի անվավերության, Դատարանը փաստում է, որ աճուրդի արդյունքում Իրինա Վալտերի Բաբոյանի հետ կնքված պայմանագիրը ևս ենթակա է անվավեր ճանաչման: Դատարանը արձանագրում է, որ տվյալ պայմանագրի անվավերության դեպքում, սույն վճռի 6.2 բաժնի 2-րդ կետի վերլուծությունների լույսի ներքո պետք է կիրառվի երկկողմանի ռեստիտուցիա, այսինքն՝ Իրինա Բաբոյանը պետք է վերադարձնի ▪▪▪▪ հա հողամասը, իսկ Կոտայքի մարզի Նաիրի համայնքը Իրինա Բաբոյանին վերադարձնի պայմանագրի գինը՝ 2.289.144 ՀՀ դրամը։ Հաշվի առնելով, որ գործում առկա ապացույցներով հաստատվում է այն փաստը, որ Իրինա Վալտերի Բաբոյանը օտարել է իրեն պատկանող ▪▪▪▪ հա հողամասը Արա Թորգոմեանին՝ Դատարանի գնահատմամբ առկա է գույքը բնեղենով վերադարձնելու անհնարինություն, որպիսի պայմաններում պետք է կիրառվի կոմպենսացիոն ռեստիտուտցիան։ Միևնույն ժամանակ հաշվի առնելով, որ պայմանագրով նախատեսված գնի հետ կապված որևէ առարկություն չի ներկայացվել, Դատարանը ռեստիտուցիայի ուժով ծագած պարտավորությունները հաշվանցի հիման վրա համարում է դադարած։ Անդրադառնալով Իրինա Վալտերի Բաբոյանի սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջին՝ Դատարանն արձանագրում է, որ աճուրդը, ինչպես նաև դրա հիման վրա կնքված առուվաճառքի պայմանագիրը անվավեր ճանաչելու դեպքում դրանք, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 304-րդ հոդվածի 1-ին մասի ուժով, անվավեր են համարվելու կնքվելու պահից։ Ասվածը նշանակում է, որ պետական գրանցումը, որը իրականացվել է կնքվելու պահից անվավեր գործարքների հիման վրա, ևս անվավեր է։ (․․․) Ինչ վերաբերում է Իրինա Բաբոյանի և Արա Թորգոմեանի միջև կնքված պայմանագրի անվավերությանը՝ Դատարանը վերը շարադրված վերլուծությունների հիման վրա արձանագրում է, որ Քասախ համայնքի ղեկավարի և Իրինա Բաբոյանի միջև կնքված պայմանագրի անվավերությունը ինքնաբերաբար չի կարող հանգեցնել հաջորդիվ կնքված պայմանագրերի անվավերության։ Դատարանն արձանագրում է նաև, որ գույքը բնեղենով վերադարձնելու նպատակի իրացման համար սույն դեպքում կիրառելի է այլ հայցատեսակ․ մասնավորապես՝ հայցվորը կարող է ներկայացնել գույքն ուրիշի ապօրինի տիրապետումից հետ պահանջելու (վինդիկացիոն) հայց, որի քննության շրջանակներում էլ արդեն քննարկման առարկա պետք է դարձվի ձեռք բերողի բարեխիղճ կամ անբարեխիղճ լինելու հանգամանքը։ (․․․)»։ 4.9. Վերաքննիչ դատարանը բողոքարկվող որոշմամբ արձանագրել է, որ․ (...) բողոք բերած անձը Իրինա Բաբոյանի և Արա Թորգոմեանի միջև 06.09.2012 թվականին կնքված հողամասի առուվաճառքի թիվ ▪▪▪▪ պայմանագրի անվավերությունը և դրա հիման վրա Արա Թորգոմեանի սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելը պայմանավորել է միայն այն հանգամանքով, որ դրանք հանդիսանում են առաջին պահանջից ածանցված, այսինքն՝ Քասախ համայնքի և Իրինա Բաբոյանի միջև 2012 թվականի օգոստոսի 3-ին կնքված հողամասի առուվաճառքի թիվ ▪▪▪▪ պայմանագրի անվավերության հետևանք: (․․․) Վերաքննիչ դատարանը, հաշվի առնելով ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից թիվ ԼԴ1/1286/02/19 քաղաքացիական գործով 04.04.2025 թվականին կայացված որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները, արձանագրում է, որ Իրինա Բաբոյանի և Արա Թորգոմեանի միջև 06.09.2012 թվականին կնքված հողամասի առուվաճառքի թիվ 2254 պայմանագրի անվավերության հարցը դատարանի կողմից կարող էր քննարկվել միայն իրավասու անձի կողմից օրենքով նախատեսված համապատասխան հիմքով վիճարկվելու դեպքում, մինչդեռ ՀՀ գլխավոր դատախազության կողմից ներկայացված հայցադիմումի, ինչպես նաև հայցի առարկայի և հիմքի փոփոխություն կատարելու մասին միջնորդության հիմքում այդպիսիք առկա չեն եղել և սույն գործի քննության ընթացքում չեն ներկայացվել, իսկ հաջորդող պայմանագրի անվավերությունը չէր կարող հանդիսանալ աճուրդն անվավեր ճանաչելու արդյունքում դրանում հաղթած անձի հետ կնքված առուվաճառքի պայմանագրի անվավերության անվերապահ հետևանք, քանի որ այն չի հանդիսանում անվավեր համարված վերը նշված պայմանագրի իրավաբանական հետևանք: Այսինքն՝ Իրինա Բաբոյանի և Արա Թորգոմեանի միջև 06.09.2012 թվականին կնքված հողամասի առուվաճառքի թիվ 2254 պայմանագիրն անվավեր ճանաչելը չի կարող աներկբայորեն ածանցվել իրեն նախորդող, բայց ուղղակի պատճառահետևանքային կապի մեջ չգտնվող գործարքի անվավերությունից, քանի որ այդ պայմանագրի կնքմամբ գործարքի կողմերն արտահայտել են իրենց կամքը, հետևաբար դրանց՝ օրենքով նախատեսված որոշակի արատ ունենալու իրողությունն առաջին հերթին պետք է վիճարկվի և ճանաչվի դատարանի կողմից։ (․․․) Ինչ վերաբերում է Արա Թորգոմեանի՝ հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելուն, ապա Վերաքննիչ դատարանը փաստում է, որ այն Հայցվորի կողմից ուղղակիորեն ածանցվել է Իրինա Բաբոյանի և Արա Թորգոմեանի միջև 06.09.2012 թվականին կնքված հողամասի առուվաճառքի թիվ ▪▪▪▪ պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջից: Հաշվի առնելով, որ տվյալ պահանջը հանդիսանում է որպես նշված պայմանագիրն անվավեր ճանաչելու հետևանք, հետևաբար պայմանագիրն օրենքով սահմանված կարգով վիճարկված չլինելու և դատարանի կողմից անվավեր ճանաչված չլինելու դեպքում այդ պահանջը ևս մեխանիկորեն չէր կարող բավարարվել։ (․․․) Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ հաջորդող գործարքի անվավերության հարցը քննարկման առարկա կարող էր դառնալ միայն շահագրգիռ անձի կողմից օրենսդրությամբ սահմանված կարգով և հիմքերով վիճարկվելու պարագայում։ Հետևաբար Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Դատարանը հանգել է ճիշտ եզրակացության՝ արձանագրելով, որ Քասախ համայնքի ղեկավարի և Իրինա Բաբոյանի միջև կնքված պայմանագրի անվավերությունը ինքնաբերաբար չի կարող հանգեցնել հաջորդիվ կնքված պայմանագրերի անվավերության: (․․․)»։ 4․10․ Տվյալ դեպքում, Բողոքաբերը, որպես ստորադաս դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտում միևնույն նորմը՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 275-րդ հոդվածի 1-ին մասը, հակասող մեկնաբանությամբ կիրառված լինելու հիմնավորում վկայակոչել է թիվ ՀԿԴ/0031/02/22 հակակոռուպցիոն քաղաքացիական գործով 30․08․2024 թվականի օրինական ուժի մեջ մտած վճիռը (տե՛ս վերը՝ 2․26․-րդ կետը)։  Համեմատական վերլուծություն կատարելով Վերաքննիչ դատարանի 15․05․2025 թվականի որոշման և թիվ ՀԿԴ/0031/02/22 հակակոռուպցիոն քաղաքացիական գործով ՀՀ հակակոռուպցիոն դատարանի կողմից 30․08․2024 թվականին կայացված վճռի՝ միևնույն նորմն իրար հակասող մեկնաբանությամբ կիրառած լինելու վերաբերյալ՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը․ Թիվ ՀԿԴ/0031/02/22 հակակոռուպցիոն քաղաքացիական գործով ՀՀ հակակոռուպցիոն դատարանը 13․06․2023 թվականին վճռել է Դատախազության հայցն աճուրդներն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջների մասին, բավարարել մասնակի։ ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը 25․01․2024 թվականի որոշմամբ Դատախազության վերաքննիչ բողոքը բավարարել է մասնակի՝ ՀՀ հակակոռուպցիոն դատարանի 13.06.2023 թվականի թիվ ՀԿԴ/0031/02/22 վճիռն անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասով բեկանել է և գործն ուղարկել է նույն դատարան՝ նույն որոշման պատճառաբանություններով սահմանված ծավալով նոր քննության: Թիվ ՀԿԴ/0031/02/22 հակակոռուպցիոն քաղաքացիական գործով ՀՀ հակակոռուպցիոն դատարանը 30․08․2024 թվականի վճռում նշել է հետևյալը․ «(․․․) Բոլոր դեպքերում, գույքը ձեռքբերած անձի բարեխղճության հարցի լուծման համար վճռական են սկզբնական սեփականատիրոջ տիրապետումից գույքի դուրս գալու հանգամանքները, հետևաբար սույն գործի փաստերի ներքո ենթակա է քննարկման այն հարցը թե արդյո՞ք հողամասը պետության տիրապետումից դուրս է եկել իր կամքից անկախ։ Տվյալ դեպքում այն որ, պետությունն իրոք կամեցել է օտարել վեճի առարկա հողամասը և դրա օտարման կազմակերպման համար որոշումներ են կայացվել, դա անվիճելի է։ Սակայն սեփականատիրոջ կամքը հողամասն աճուրդի միջոցով օտարելու վերաբերյալ չի կարող գնահատվել բացառապես օտարելու մտադրության վերաբերյալ տվյալներով, այլ նաև պետք է հաշվի առնել օտարման իրականացման՝ հողամասը սեփականատիրոջ տիրապետությունից դուրս գալու գործարքի օրինականության հարցը, առավել ևս, որ պետության կողմից հողամասի օտարման համար աճուրդի իրականացման կարգը օրենքով հստակ կարգավորող ընթացակարգ է։ Սույն գործով Դատարանն արդեն իսկ արձանագրել է որպես օրինական ուժ ստացած վճռով հաստատված փաստ այն, որ վեճի առարկա հողամասի աճուրդը՝ օտարման գործարքը կատարվել է օրենքի խախտմամբ, հետևաբար հողամասը սեփակատիրոջ տիրապետությանից դուրս է եկել նրա կամքից անկախ։ Դատարանը գտնում է, որ մարզպետը՝ պետական սեփականության հողամասերն օտարելու իրավունք ուներ բացառապես աճուրդային եղանակով՝ օրենքով սահմանված կարգով, ինչը չի ապահովել: Փաստացի, պետական սեփականություն հանդիսացող հողամասը օտարվել և պետության տիրապետումից դուրս է եկել պաշտոնատար անձանց ոչ օրինաչափ գործողությունների հետևանքով՝ ձևական աճուրդով, սեփականատիրոջ կամքից անկախ, հետևաբար սույն գործով վեճի առարկա հանդիսացող հողամասը պետք է վերադարձվի սկզբնական սեփակատիրոջը։ Քանի որ Դատարանն գործ ունի այնպիսի իրավիճակի հետ, երբ վիճարկված աճուրդը և դրա արդյունքում հողամասի նկատմամբ Կոտայքի մարզպետի և Կնյազ Ռազմիկի Սարգսյանի միջև 31.05.2007 թվականի կնքված հողամասի առուվաճառքի թիվ 2583 պայմանագիրը Դատարանի վճռով անվավեր են ճանաչված, ուստի նման պայմաններում անվավեր գործարքների անվավերության հետևանքի կիրառման անհրաժեշտությամբ պայմանավորված պետք է անվավեր ճանաչել նաև Կնյազ Սարգսյանի և Խաչիկ Երեմյանի միջև 23/03/2009 թվականին կնքված թիվ 737 հողամասի առուվաճառքի պայմանագիրը և դրա հիման վրա հողամասի նկատմամբ Խաչիկ Երեմյանի սեփականության իրավունքի պետական գրանցումը: Գործարքն անվավեր ճանաչելու դեպքում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14 և 304-րդ հոդվածները նախատեսում են անվավերության հետևանքների կիրառելու պահանջ, որն է՝ գործարքի անվավերության դեպքում կողմերից յուրաքանչյուրը պարտավոր է մյուս կողմին վերադարձնի գործարքով իր ամբողջ ստացածը։ Տվյալ դեպքում երկկողմանի ռեստիտուցիա կիրառելու անհրաժեշտությունը տարածվում է հողամասի ինչպես սկզբնական, այնպես էլ հետագա օտարման պայմանագրի անվավերության համար որպես հետևանք՝ քանի որ․ 1․ Սկզբնական սեփականատիրոջ խախտված իրավունքը միայն պայմանագրի անվավեր ճանաչելով՝ առանց հողամասը վերադարձնելու կամ համարժեք փոխհատուցում տալու չի կարող վերականգնվել և խախտված իրավունքի դատական պաշտպանությունը կլինի իմաստազուրկ, և 2․ Երկրորդ գործարքով ձեռքբերողը չի գործադրել բավարար շրջահայեցություն և զգուշավորություն, քանի որ 1.235.000 ՀՀ դրամով ձեռքբերված հողամասի մոտ երկու տարի անց՝ անշարժ գույքի գների շարունակական աճի պայմաններում 1.000.000 ՀՀ դրամով օտարումը բավարար հիմք է սկզբնական և հետագա գործարքի ողջամտության և օրինականության նկատմամբ լուրջ կասկած ունենալու համար: (․․․)։ 4․11․ Վերոշարադրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո (տե՛ս վերը՝ 4․2․-4․5․-րդ կետերը), համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀԿԴ/0031/02/22 հակակոռուպցիոն քաղաքացիական գործով անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասով նոր քննություն իրականացնելով քննության առարկա է դարձել ՀՀ քաղաքացիական օրենսգրիք 275-րդ հոդվածի հիման վրա գույքը ձեռք բերած անձի բարեխղճության հարցը, մինչդեռ տվյալ գործով Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ Իրինա Վալտերի Բաբոյանի և Արա Մամասի Թորգոմեանի միջև 06.09.2012 թվականին կնքված հողամասի առուվաճառքի թիվ 2254 պայմանագրի անվավերության հարցը դատարանի կողմից կարող էր քննարկվել միայն իրավասու անձի կողմից օրենքով նախատեսված համապատասխան հիմքով վիճարկվելու դեպքում, սակայն Դատախազության կողմից ներկայացված հայցադիմումի, ինչպես նաև հայցի առարկայի և հիմքի փոփոխություն կատարելու մասին միջնորդության հիմքում այդպիսիք առկա չեն եղել և սույն գործի քննության ընթացքում չեն ներկայացվել, այն հիմնավորմամբ, որ հաջորդող պայմանագրի անվավերությունը չէր կարող հանդիսանալ աճուրդն անվավեր ճանաչելու արդյունքում դրանում հաղթած անձի հետ կնքված առուվաճառքի պայմանագրի անվավերության անվերապահ հետևանք, քանի որ այն չի հանդիսանում անվավեր համարված վերը նշված պայմանագրի իրավաբանական հետևանք։ Այսինքն՝ անվավերության հետևանքները չեն կիրառվել համապատասխան հայցի հիմքի ու առարկայի բացակայության պատճառով։ Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը հիմնավոր չի համարում ստորադաս դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտում միևնույն նորմը հակասող մեկնաբանությամբ կիրառված լինելու Բողոքաբերի այն հիմնավորումները, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը 15․05․2025 թվականին որոշում կայացնելիս ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 275-րդ հոդվածը կիրառել է հակասող մեկնաբանությամբ։ 4․12․ Հաջորդիվ Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով բողոքարկվող դատական ակտում որևէ նորմի մեկնաբանությունը Վճռաբեկ դատարանի որոշման մեջ տվյալ նորմին տրված հակասող մեկնաբանությամբ կիրառված լինելու այն հիմնավորումներին, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 275-րդ հոդվածի 1-ին մասին տրված մեկնաբանությունը հակասում է ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ ԵԿԴ/1397/02/11 քաղաքացիական գործով 08.10.2020 թվականի որոշման մեջ տվյալ նորմին տրված մեկնաբանությանը (տե՛ս վերը՝ 2․7․-րդ կետը), հարկ է համարում նշել հետևյալը։ ՀՀ վճռաբեկ դատարանը թիվ ԵԿԴ/1397/02/11 քաղաքացիական գործով 08․10․2020 թվականի որոշմամբ արձանագել է հետևյալը․ «(․․․) Սույն գործով Վերաքննիչ դատարանը, դատական ակտը՝ Բանկի և «Ֆրեդեքս Սերվիսիզ» ՓԲԸ-ի միջև 15.10.2013 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի գործարքն անվավեր ճանաչելու մասով, թողնելով օրինական ուժի մեջ, արձանագրել է, որ գույքի բարեխիղճ ձեռք բերողն օրենքով պաշտպանված չէ սեփականատիրոջ կամ գույքը տիրապետողի՝ գույքը վերադարձնելու պահանջից, երբ գույքը վերջինիս տիրապետումից դուրս է եկել անկախ նրա կամքից: Միաժամանակ, Վերաքննիչ դատարանը հանգել է այն հետևության, որ գույքի բարեխիղճ ձեռք բերող հանդիսանալու հանգամանքն ինքնին չի սահմանափակում գույքն օրենքով տիրապետող անձի կողմից տվյալ դեպքում հայցվորների կողմից օրենքի պահանջներին հակասող գործարքն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու միջոցով հետ պահանջելու իրավունքի իրականացումը: Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործով հայցը ներկայացվել է 30.06.2011 թվականին և տվյալ հայցի առարկան ի սկզբանե՝ 11.05.2009 թվականի հրաժարագնով պարտավորության դիմաց գույքի հանձնման պայմանագրի անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու մասին պահանջն է: (․․․) Վերը նշված իրավական դիրքորոշումները համադրելով սույն գործի փաստերի հետ՝ Վճռաբեկ դատարանը արձանագրում է, որ «Ֆրեդեքս Սերվիսիզ» ՓԲԸ-ն 15.10.2013 թվականի պայմանագրով վեճի առարկա գույքը ձեռք է բերել սույն գործի քննության ընթացքում: Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ «Ֆրեդեքս Սերվիսիզ» ՓԲԸ-ն, եթե չգիտեր, ապա կարող էր իմանալ, որ անշարժ գույքի պայմանագրի առարկա գույքերը սույն գործով վեճի առարկա են, որպիսի պայմաններում կարող էր նաև իմանալ, որ այդ գույքերը ձեռք է բերում ենթադրյալ օտարելու իրավունք չունեցող անձից: Վճռաբեկ դատարանի նման հետևությունը բխում է նաև նրանից, որ սույն գործով Համահայցվորները, վիճարկելով 11.05.2009 թվականին կնքված հրաժարագնով պարտավորության դիմաց գույքի հանձնման պայմանագիրը, ըստ էության վիճարկել են նաև Բանկի սեփականության իրավունքի ծագման հիմքերը վեճի առարկա անշարժ գույքերի նկատմամբ, որպիսի հանգամանքն արդեն իսկ բավարար էր ենթադրելու, որ Բանկը 15.10.2013 թվականի պայմանագրով կարող էր հանդիսանալ օրենքով սահմանված կարգով օտարելու իրավունք չունեցող անձ: Ավելին, եթե նույնիսկ «Ֆրեդեքս Սերվիսիզ» ՓԲԸ-ն չգիտեր և չէր կարող իմանալ, որ ▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪ ▪▪▪▪, ▪▪▪▪, ▪▪▪▪, ▪▪▪▪, ▪▪▪▪, ▪▪▪▪, ▪▪▪▪, ▪▪▪▪, ▪▪▪▪▪, ▪▪▪▪▪, ▪▪▪▪▪ հասցեներում գտնվող անշարժ գույքերը դատական վեճի առարկա են, ապա ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 275-րդ հոդվածի 1-ին կետի ուժով տվյալ անշարժ գույքերը ենթակա են վերադարձման սեփականատիրոջը, եթե այդ գույքերը վերջիններիս տիրապետումից դուրս են եկել անկախ նրանց կամքից: Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հիմնավոր է Վերաքննիչ դատարանի այն հետևությունը, որ գույքի բարեխիղճ ձեռք բերողն օրենքով պաշտպանված չէ սեփականատիրոջ կամ գույքը տիրապետողի՝ գույքը վերադարձնելու պահանջից, երբ գույքը վերջինիս տիրապետումից դուրս է եկել անկախ նրա կամքից: (․․․)»։ 4․13․ ՀՀ վճռաբեկ դատարանը թիվ ԵԿԴ/1397/02/11 քաղաքացիական գործով 08․10․2020 թվականի վկայակոչված որոշմամբ, հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 275-րդ հոդվածի 1-ին մասի վերաբերյալ նախկինում, մասնավորապես՝ թիվ ԵՇԴ/0056/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.04.2018 թվականի որոշմամբ, թիվ 3-1311 (ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.09.2007 թվականի որոշմամբ արտահայտված դիրքրորոշումները, անդրադարձել է ՀՀ քաղաքացիական օրենքգրքի 275-րդ հոդվածի 1-ին մասի կիրառելիությանը, մինչդեռ սույն գործով Վերաքննիչ դատարանը հաջորդող գործարքի անվավերության հարցի քննարկումը կապել է միայն շահագրգիռ անձի կողմից օրենսդրությամբ սահմանված կարգով և հիմքերով վիճարկվելու պայմանի առկայության հետ, որի առկայությունը չի հիմնավորվել սույն պարագայում։ Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը հիմնավոր չի համարում Վերաքննիչ դատարանի բողոքարկվող որոշմամբ և թիվ ԵԿԴ/1397/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08․10․2020 թվականի որոշմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 275-րդ հոդվածի 1-ին մասի վերաբերյալ արտահայտված վերոշարադրյալ դիրքորոշումը, և արձանագրում է, որ նշված նորմը չի կիրառել ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից նույն նորմին տրված մեկնաբանությանը հակասող մեկնաբանությամբ՝ տարբեր փաստական հանգամանքների առկայությամբ պայմանավորված։ 4․14․ Ամբողջ վերոգրյալի հիման վրա՝ Վճռաբեկ դատարանը, բողոքի քննության արդյունքում վերը նշված պատճառաբանությունների հիման վրա, արձանագրում է, որ տվյալ դեպքում չի հիմնավորվում այն հանգամանքը, որ Վերաքննիչ դատարանը միևնույն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 275-րդ հոդվածի 1-ին մասը կիրառել է ՀԿԴ/0031/02/22 հակակոռուպցիոն քաղաքացիական գործով 30.08.2024 թվականի օրինական ուժի մեջ մտած դատական ակտով նույն նորմին տրված մեկնաբանությանը հակասող մեկնաբանությամբ, ինչպես նաև այն, որ բողոքարկվող դատական ակտում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 275-րդ հոդվածի 1-ին մասին տրված մեկնաբանությունը հակասում է ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ ԵԿԴ/1397/02/11 քաղաքացիական գործով 08.10.2020 թվականի որոշման մեջ տվյալ նորմին տրված մեկնաբանությանը: 4․15․ Ամփոփելով վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքի հիմքերի առկայությունը բավարար չէ Վերաքննիչ դատարանի 15․05.2025 թվականի դատական ակտը բեկանելու համար, քանի որ Վերաքննիչ դատարանը, Դատախազության բողոքը մերժելով կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող եզրափակիչ դատական ակտ։ Ելնելով վերոգրյալից` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված՝ վճռաբեկ բողոքը մերժելու և ստորադաս դատարանի դատական ակտն օրինական ուժի մեջ թողնելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը: 5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ. 5․1․ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է՝ վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն գլխի [ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ] կանոններին համապատասխան: 5․2․ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետի համաձայն` դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվում են դատախազության մարմինները` պետական շահերի պաշտպանության վերաբերյալ հայցերով: 5․3․ Նկատի ունենալով, որ Վերաքննիչ դատարանը 15․05.2025 թվականի որոշմամբ Դատախազության վերաքննիչ բողոքը մերժել է, և սույն որոշմամբ Դատախազության վճռաբեկ բողոքը մերժվում է, ու Վերաքննիչ դատարանի 15․05.2025 թվականի որոշումը թողնվում է օրինական ուժի մեջ, ուստի Վճռաբեկ դատարանը գտնում է, որ պետական տուրքի հարցը պետք է համարել լուծված։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ու 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը Ո Ր Ո Շ Ե Ց 1. Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի 15․05.2025 թվականի որոշումը թողնել օրինական ուժի մեջ։ 2. Դատական ծախսերի հարցը համարել լուծված: 3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման: Նախագահող Զեկուցող Ա․ ԴԱՎԹՅԱՆ Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ Գ. ԳՅՈԶԱԼՅԱՆ Ա. ԿՈՒՐԵԽՅԱՆ Լ. ՄԵԼԻՔՋԱՆՅԱՆ