Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am

Վճռաբեկ դատարան · Քրեական

ԱՐԴ/0003/09/24

Վճռաբեկ դատարանի որոշումների ցանկից (cassationcourt.am/decisions)՝ դատարանի նախադեպային շտեմարանում այն չկա։

Գործի համարը
ԱՐԴ/0003/09/24
Դիմող / մեղադրյալ
Արթուր Մարտիրոսյան
Դատական ակտի ընդունման ամսաթիվը
07.08.2026

Որոշման տեքստը

դատարանի Word ֆայլից
ԱՐԴ/0003/09/24 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան, նախագահող դատավոր` Կ․Դավթյան Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարան, նախագահող դատավոր` Հ․Պետրոսյան 7 օգոստոսի 2026 թվական ք.Երևան ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ` Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ մասնակցությամբ դատավորներ` Ս․ԱՎԵՏԻՍՅԱՆԻ Հ.ԳՐԻԳՈՐՅԱՆԻ Ա․ԴԱՆԻԵԼՅԱՆԻ Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի հոկտեմբերի 10-ի որոշման դեմ մեղադրյալ Արթուր Եգոռի Մարտիրոսյանի պաշտպան Հ․Գալստյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը, Պ Ա Ր Զ Ե Ց Վարույթի դատավարական նախապատմությունը. 1․ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)՝ 2024 թվականի մարտի 6-ի որոշմամբ բավարարվել է ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Վահան Տիգրանյանի միջնորդությունը և թույլատրվել է թիվ 58230622 քրեական վարույթի շրջանակներում 2 (երկու) ամիս ժամկետով Արթուր Եգոռի Մարտիրոսյանի նկատմամբ իրականացնել «թվային, այդ թվում` հեռախոսային հաղորդակցության վերահսկում» գաղտնի քննչական գործողությունը: 2․ Մեղադրյալ Արթուր Մարտիրոսյանի պաշտպան Հ․Գալստյանի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան)՝ 2024 թվականի հոկտեմբերի 10-ի որոշմամբ թողնվել է առանց քննության։ 3. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ պաշտպան Հ․Գալստյանը ներկայացրել է հատուկ վերանայման վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2024 թվականի նոյեմբերի 29-ի որոշմամբ ընդունվել է վարույթ ու սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։ Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը. Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով. 4. Բողոքի հեղինակի պնդմամբ՝ ստորադաս դատարանն առերևույթ թույլ է տվել դատական սխալ, և միաժամանակ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման անհրաժեշտություն։ Այսպես, մատնանշելով գաղտնի քննչական գործողություն կատարելու միջնորդության քննության վարույթի առանձնահատկությունը, և միաժամանակ հաշվի առնելով դատարանի մատչելիության իրավունքին ներպետական ու Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանների կողմից տրված մեկնաբանությունները, բողոք ներկայացրած անձը փաստարկել է, որ գաղտնի քննչական գործողությունը կարգադրած դատական ակտի բողոքարկման իրավունքի սահմանափակման համաչափության համար, ի թիվս այլնի, անհրաժեշտ է պարզել, թե դատական ակտը երբ է հասանելի եղել շահագրգիռ անձին կամ վերջինս երբ է տեղեկացվել դրա առկայության մասին։ Անդրադառնալով սույն վարույթի փաստական հանգամանքներին, բողոք բերած անձը նշել է, որ Առաջին ատյանի դատարանի դատական ակտը պաշտպանության կողմին հասու է դարձել 2024 թվականի օգոստոսի 30-ին՝ Ա․Մարտիրոսյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությանը կցված նյութերից, և այդ փաստը հավաստող փաստաթղթերը՝ միջնորդության առաջին էջի ու դրան կից նյութերի ցուցակի պատճենները, կցվել էին հատուկ վերանայման վերաքննիչ բողոքին։ Արդյունքում, բողոքի հեղինակն արձանագրել է, որ ստորադաս դատարանի դիրքորոշումը, թե վիճարկվող որոշումը հասու դառնալու ժամանակի վերաբերյալ չի ներկայացվել պատշաճ ապացույց, իրավաչափ չլինելուց բացի, անորոշ է՝ նկատի ունենալով, որ Վերաքննիչ դատարանն իր դատական ակտում չի որոշակիացրել, թե այդ փաստը հավաստող ինչպիսի՞ փաստաթուղթն է համարում պատշաճ։ 5. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի հոկտեմբերի 10-ի որոշումը և վարույթը փոխանցել նույն դատարան՝ նոր քննության: Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները. 6․ Հատուկ վերանայման վերաքննիչ բողոքում, որը փոստային կապի օպերատորին հանձնվել է 2024 թվականի սեպտեմբերի 9-ին, վիճարկվող դատական ակտի ստացման ժամկետի կապակցությամբ նշվել է հետևյալը․ «Բողոքարկվող դատական ակտը ստացվել է Արթուր Մարտիրոսյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը քննության առնելու ժամանակ՝ 2024 թվականի օգոստոսի 30-ին»։ 6․1․ Դատական վերանայման բողոքին կից Վերաքննիչ դատարան է ներկայացվել՝ - թիվ 58230622 քրեական վարույթն իրականացնող մարմնի՝ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին 2024 թվականի օգոստոսի 30-ի միջնորդության առաջին էջի պատճենը, - հիշյալ միջնորդությանը կցվող նյութերի ցանկի պատճենը, համաձայն որի՝ միջնորդությանը կից դատարան են ներկայացվել հետևյալ փաստաթղթերի պատճենները․ «(․․․) Միջնորդություն՝ դատարանին Արթուր Մարտիրոսյանի հեռախոսահամարի նկատմամբ գաղտնալսում կատարելու մասին, դատարանի որոշումը՝ գաղտնալսումը թույլատրելու հետ կապված, որոշում՝ գաղտնի քննչական գործողություն անցկացնելու մասին (․․․)», - թիվ 58230622 քրեական վարույթն իրականացնող մարմնին հասցեագրված դիմումի պատճենը՝ մեղադրյալ Ա․Մարտիրոսյանի պաշտպանությունը ստանձնած փաստաբան Հ․Գալստյանին վարույթին ներգրավելու խնդրանքով։ 7․ Դատական վերանայման բողոքն առանց քննության թողնելու մասին եզրահանգումը Վերաքննիչ դատարանը պատճառաբանել է հետևյալ կերպ․ «(․․․) «Պաշտպանը ներկայացված բողոքում նշել է, որ բողոքարկվող դատական ակտը ստացվել է և իրեն հասու է դարձել Արթուր Մարտիրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը քննության առնելու ժամանակ՝ 2024 թվականի օգոստոսի 30-ին», և որպես ապացույց բողոքին կից ներկայացրել է «ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության [հատկապես կարևոր գործերով] ավագ քննիչ Վահան Սարգսի Տիգրանյանի կողմից 30․08․2024 թվականին կայացված՝ Արթուր Եգոռի Մարտիրոսյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին միջնորդության առաջին էջը։ Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ բողոքին կից ներկայացված վերը նշված փաստաթուղթը չի կարող համարվել որպես բողոքարկվող որոշումը պաշտպանի կողմից հասու լինելու փաստը հավաստող պատշաճ փաստաթուղթ։ Հետևաբար, նման պայմաններում, [Վերաքննիչ դ]ատարանը չի կարող արձանագրել, որ պաշտպանի կողմից պահպանվել է որոշումը բողոքարկելու դատավարական ժամկետը։ Բողոքաբեր Հ․Գալստյանի ներկայացրած հատուկ վերանայման բողոքը ժամկետանց է, քանի որ նա բաց է թողել Առաջին ատյանի դատարանի՝ 06․03․2024 թվականի որոշումը բողոքարկելու՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված 10-օրյա ժամկետը, հաշվի առնելով, որ վերջինս բողոքին կից չի ներկայացրել բողոքարկվող որոշումն իրեն հասու լինելու ժամկետի վերաբերյալ պատշաճ փաստաթուղթ»։ Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը. 8. Սույն վարույթով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչա՞փ է արդյոք պաշտպան Հ․Գալստյանի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքը ժամկետանց լինելու հիմքով առանց քննության թողնելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումը։ 9․ «Ապացուցողական գործողությունների կատարման դատական երաշխիքների շրջանակը» վերտառությամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 291-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Սույն օրենսգրքով սահմանված պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում դատարանը քննում է՝ (․․․) 2) գաղտնի քննչական գործողություն կատարելու վերաբերյալ միջնորդությունը․ (․․․)»։ Նույն օրենսգրքի 293-րդ հոդվածի համաձայն՝ «1. Միջնորդության քննությունն իրականացվում է գրավոր, իսկ սույն օրենսգրքի 264-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքերում՝ բանավոր ընթացակարգով: Բանավոր ընթացակարգով քննությունն անցկացվում է դռնփակ դատական նիստում՝ միջնորդությունը ներկայացրած անձի պարտադիր մասնակցությամբ։ Դատական նիստին կարող է մասնակցել հսկող դատախազը, իսկ գաղտնի քննչական գործողություն կատարելու կամ դրա ժամկետը երկարաձգելու միջնորդության դեպքում` նաև համապատասխան հետաքննության մարմնի պետը կամ հետաքննիչը: 2. Դատարանի պահանջով քննիչը, հսկող դատախազը, դատական նիստին մասնակցող հետաքննության մարմնի պետը և հետաքննիչը տալիս են միջնորդության առարկայի վերաբերյալ բացատրություններ։ (․․․) 5. Միջնորդության քննության արդյունքով դատարանի կայացրած որոշումը պատշաճ ձևով տրվում է միջնորդությունը ներկայացրած քննիչին ոչ ուշ, քան որոշման եզրափակիչ մասը հրապարակելուց հետո՝ 3 ժամվա ընթացքում»։ 9․1․ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 171-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ «Վարույթին ներգրավված անձանց կողմից փաստաթղթերի ստացման ժամկետը հաստատվում է վարույթի նյութերին կցված պատշաճ փաստաթղթով»։ Նույն օրենսգրքի 353-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Դատական վերանայման բողոք բերելու իրավունք ունեն՝ 1) վարույթի մասնավոր մասնակիցը. (․․․)»։ Նույն օրենսգրքի 390-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Վերաքննիչ դատարանում հատուկ վերանայման բողոքը բերվում է համապատասխան դատական ակտն ստանալու օրվանից հետո՝ տասնօրյա ժամկետում»։ 10․ Գաղտնի քննչական գործողության կատարման օրինականությունը, գաղտնիությունն ու արագությունը՝ տվյալ դեպքում հանրային շահի պաշտպանության տեսանկյունից, ապահովելու շրջանակներում օրենսդիրը նախատեսել է դրա կատարման թույլտվությունը հայցող միջնորդության քննության այնպիսի իրավական ընթացակարգ, որը չունի մրցակցային բնույթ, իսկ միջնորդության քննության արդյունքում կայացվող դատական ակտը տրամադրվում է բացառապես նախաձեռնող մարմնին։ Այդուհանդերձ, շահագրգիռ անձանց համար հասանելի է վերադասության կարգով գաղտնի քննչական գործողության կատարումը թույլատրող դատական ակտի իրավաչափությունը վիճարկելու՝ իրավական պաշտպանության միջոցը։ 10․1․ Վճռաբեկ դատարանը, դատական պաշտպանության և դատարանի մատչելիության իրավունքի համատեքստում մշտապես ընդգծել է, որ ինքնին իրավական պաշտպանության արդյունավետության չափանիշը փոխկապակցված է նաև այդ պաշտպանությունը հայցողի կողմից սահմանված ժամկետների պահպանման հետ։ Միաժամանակ, վերահսկողության գաղտնի միջոցառումների դեպքում, շահագրգիռ անձի՝ բողոքարկման իրավունքի անհիմն ու անհամաչափ սահմանափակում թույլ չտալուն միտված Վճռաբեկ դատարանն իր նախադեպային իրավունքում մշակել է վերահսկումը թույլատրող դատական ակտի բողոքարկման ժամկետի պահպանման գնահատման թեստ՝ բաղկացած հետևյալ հարցերից. ա) երբ է անձին հասանելի եղել դատական ակտը կամ անձը հաստատապես տեղյակ է եղել դրա առկայության մասին, բ) արդյո՞ք դատական ակտը ստանալու իրավունքն իրացնելիս անձը գործել է բարեխղճորեն, գ) արդյո՞ք վարույթն իրականացնող մարմինը խոչընդոտել է դատական ակտը ստանալու կամ դրան ծանոթանալու անձի իրավունքի իրացմանը։ Վերոհիշյալ առաջին չափանիշի առումով Վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ դատական ակտի հասանելի կամ դրա առկայության մասին հաստատապես տեղյակ լինելու պահը կարող է բազմատեսակ դրսևորումներ ունենալ, այդպիսին կարող են համարվել, ի թիվս այլնի, կատարման ենթակա վարութային գործողություններին, այդ թվում՝ հարկադրանքի միջոցի կիրառման վարույթին մասնակցելը կամ նախաքննության ավարտը: 10․2․ Հաշվի առնելով շարադրված իրավական դիրքորոշման՝ շահագրգիռ անձի՝ դատական պաշտպանության իրավունքի առավելագույնս արդյունավետ իրացումը երաշխավորելու նպատակային նշանակությունը՝ առանձնակի կարևորվում է իրավակիրառ պրակտիկայում ձևավորված՝ հաջորդիվ շարադրված մեկնաբանության կիրառման կայունությունն ու հետևողականությունը․ բողոքն առանց քննության թողնելու մասին որոշումը պետք է հիմնված լինի բողոքարկմանը ներկայացվող չափանիշների և պահանջների պահպանված չլինելու մասին փաստերի բովանդակային գնահատման վրա՝ ապահովելու համար բողոքարկման իրավունքի սահմանափակման ու հետապնդվող նպատակի միջև համարժեք հարաբերակցությունը, ինչն իր հերթին, ի թիվս այլոց, հանգեցնում է նրան, որ դատական պաշտպանության իրավունքի իրացման հնարավոր սաhմանափակումները չպետք է ձևական բնույթ կրեն, որպեսզի շահագրգիռ անձը հավասար պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ ու անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունքի իրացման հնարավորություն ունենա: Հակառակ դեպքում կխախտվեն անձի՝ դատարանի մատչելիության և արդար դատաքննության իրավունքները: 11․ Անդրադառնալով սույն վարույթի փաստական հանգամանքներին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ․ - Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի մարտի 6-ի որոշմամբ բավարարվել է Ա․Մարտիրոսյանի նկատմամբ «թվային, այդ թվում` հեռախոսային հաղորդակցության վերահսկում» գաղտնի քննչական գործողություն կատարելու թույլտվություն ստանալու վերաբերյալ թիվ 58230622 քրեական վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը, - հիշյալ դատական ակտի դեմ Ա․Մարտիրոսյանի պաշտպան Հ․Գալստյանը 2024 թվականի սեպտեմբերի 9-ին ներկայացրել է հատուկ վերանայման վերաքննիչ բողոք՝ փաստարկելով, որ վիճարկվող դատական ակտը ստացվել է 2024 թվականի օգոստոսի 30-ին՝ Ա․Մարտիրոսյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդության քննության ընթացքում։ Որպես այդ փաստը հավաստող ապացույց բողոքին կցվել են կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին թիվ 58230622 քրեական վարույթն իրականացնող մարմնի միջնորդության առաջին էջի և միջնորդությանը կցվող նյութերի ցանկի պատճենները, համաձայն որոնց՝ միջնորդության հիմնավորվածությունը հաստատելու համար դատարան են ներկայացվել նաև «Արթուր Մարտիրոսյանի հեռախոսահամարի նկատմամբ գաղտնալսում կատարելու մասին» միջնորդության, «գաղտնալսումը թույլատրելու հետ կապված» դատարանի որոշման ու «գաղտնի քննչական գործողություն անցկացնելու մասին» որոշման պատճենները։ Վերը նշվածի հետ բողոքին կցվել է փաստաբան Հ․Գալստյանի՝ մեղադրյալ Ա․Մարտիրոսյանի պաշտպանությունն ստանձնելու փաստը հավաստող ապացույց, - գտնելով, որ բողոքարկվող դատական ակտը 2024 թվականի օգոստոսի 30-ին ստանալը հավաստելու համար պաշտպանի ներկայացրած՝ Ա․Մարտիրոսյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին թիվ 58230622 քրեական վարույթն իրականացնող մարմնի՝ նույն օրով թվագրված միջնորդության առաջին էջի պատճենը չի կարող համարվել վիճարկվող որոշումը պաշտպանին հասու դառնալու փաստը հաստատող պատշաճ ապացույց, Վերաքննիչ դատարանը հատուկ վերանայման վերաքննիչ բողոքը՝ ժամկետանց լինելու հիմքով, թողել է առանց քննության։ 12․ Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 10-10․1-րդ կետերում շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանի հետևությունն առ այն, որ չի ներկայացվել վիճարկվող դատական ակտը պաշտպանին հասու դառնալու օրվա վերաբերյալ պատշաճ ապացույց, հիմնավոր չէ։ Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ներկայացված նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ թիվ 58230622 քրեական վարույթի շրջանակներում Ա․Մարտիրոսյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին միջնորդությանը կից՝ 2024 թվականի օգոստոսի 30-ին, ի թիվս այլ փաստաթղթերի, դատարան են ներկայացվել նաև Ա․Մարտիրոսյանի հեռախոսահամարի նկատմամբ գաղտնալսում իրականացնելու վերաբերյալ միջնորդության, ինչպես նաև այն բավարարելու մասին դատարանի որոշման պատճենները։ Միաժամանակ, Ա․Մարտիրոսյանի նկատմամբ հարկադրանքի նշված միջոցի կիրառման դատական երաշխիքների շրջանակում միջնորդության և դրան կից նյութերի օրինակը պաշտպանության կողմին տրամադրելու հավաստիությունը կասկածի տակ դնելու հիմք առկա չէ՝ հատկապես հաշվի առնելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 285-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված օրենսդրական պահանջը։ Վճռաբեկ դատարանի գնահատմամբ, նշվածը ողջամտորեն բավարար է արձանագրելու, որ Ա․Մարտիրոսյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդության ու կից նյութերի օրինակը ստանալով՝ պաշտպանության կողմին հասու է դարձել Առաջին ատյանի դատարանի բողոքարկվող դատական ակտը։ Հետևաբար, Վերաքննիչ դատարանի այն եզրահանգումը, որ հատուկ վերանայման վերաքննիչ բողոքին կից չեն ներկայացվել Առաջին ատյանի դատարանի դատական ակտը 2024 թվականի օգոստոսի 30-ին պաշտպանին հասու դառնալը հիմնավորող պատշաճ փաստաթղթեր, հերքվում է վերոնշյալի բովանդակային վերլուծությամբ և գնահատմամբ՝ հաշվի առնելով գաղտնի քննչական գործողություն կատարելու վերաբերյալ միջնորդության քննության և արդյունքում կայացված դատական ակտի՝ պաշտպանության կողմին հասանելիության առանձնահատկությունները։ Վերոգրյալի հետ մեկտեղ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանն իր դատական ակտում որևէ փաստարկ չի ներկայացրել առ այն, որ վիճարկվող որոշումը պաշտպանության կողմին հասանելի է եղել ավելի վաղ, նման տվյալներ չկան նաև ներկայացված նյութերում։ Վերոգրյալի պայմաններում, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանի բողոքարկվող դատական ակտը պաշտպանին 2024 թվականի օգոստոսի 30-ին հասու դառնալու փաստը հավաստող պատշաճ փաստաթղթերը կցված են հատուկ վերանայման վերաքննիչ բողոքին, որը փոստային կապի օպերատորին է հանձնվել 2024 թվականի սեպտեմբերի 9-ին, այսինքն, Առաջին ատյանի դատարանի դատական ակտի դեմ հատուկ վերանայման բողոքը պաշտպանը ներկայացրել է օրենքով սահմանված տասնօրյա ժամկետում։ 13․ Այսպիսով, ընդհանրացնելով վերոգրյալը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարույթի փաստական հանգամանքների պայմաններում, Վերաքննիչ դատարանը, ներկայացված բողոքը ժամկետանց լինելու հիմքով առանց քննության թողնելով, անհամաչափորեն սահմանափակել է Ա․Մարտիրոսյանի դատական պաշտպանության իրավունքը։ Արդյունքում չի ապահովվել իրավունքի սահմանափակման և հետապնդվող նպատակի միջև ողջամիտ հավասարակշռությունը: Հետևաբար, Ա․Մարտիրոսյանի պաշտպան Հ․Գալստյանի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքը ժամկետանց լինելու հիմքով առանց քննության թողնելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումն իրավաչափ չէ: Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարույթով Վերաքննիչ դատարանը դատական ակտ կայացնելիս թույլ է տվել քրեադատավարական օրենքի` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 171-րդ հոդվածի խախտում, որն իր բնույթով էական է, քանի որ հանգեցրել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 23-րդ հոդվածով նախատեսված՝ դատական պաշտպանության ապահովման սկզբունքի խախտման, ինչն ազդել է վարույթի ելքի վրա ու ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի համաձայն՝ հիմք է Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու և վարույթը նույն դատարան՝ նոր քննության փոխանցելու համար։ Նոր քննության ընթացքում Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքի կապակցությամբ պետք է հանգի համապատասխան հետևության՝ հաշվի առնելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 33-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 352-րդ, 359-րդ, 361-363-րդ և 400-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը Ո Ր Ո Շ Ե Ց Մեղադրյալ Արթուր Եգոռի Մարտիրոսյանի պաշտպան Հ․Գալստյանի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի հոկտեմբերի 10-ի որոշումը բեկանել և վարույթը փոխանցել նույն դատարան՝ նոր քննության: Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը: Նախագահող` Հ.ԱՍԱՏՐՅԱՆ Դատավորներ` Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆ Հ.ԳՐԻԳՈՐՅԱՆ Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆ Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ Ա.ՊՈՂՈՍՅԱՆ