Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am

Վճռաբեկ դատարան · Քրեական

ԵԴ1/1731/01/23

Վճռաբեկ դատարանի որոշումների ցանկից (cassationcourt.am/decisions)՝ դատարանի նախադեպային շտեմարանում այն չկա։

Գործի համարը
ԵԴ1/1731/01/23
Դիմող / մեղադրյալ
Դավիթ Աբրամով
Դատական ակտի ընդունման ամսաթիվը
07.08.2026

Որոշման տեքստը

դատարանի Word ֆայլից
ԵԴ1/1731/01/23 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան, նախագահող դատավոր՝ Մ.Շահվերդյան Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարան, նախագահող դատավոր` Լ.Աբգարյան դատավորներ` Ռ․Պապոյան Մ․Պապոյան 7 օգոստոսի 2026 թվական ք.Երևան ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ` Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ մասնակցությամբ դատավորներ` Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ Հ.ԳՐԻԳՈՐՅԱՆԻ Ա․ԴԱՆԻԵԼՅԱՆԻ Լ․ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ գրավոր ընթացակարգով քննության առնելով մեղադրյալ Դավիթ Արամի Աբրամովի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2025 թվականի ապրիլի 1-ի որոշման դեմ պաշտպան Կ․Մարգարյանի վճռաբեկ բողոքը, Պ Ա Ր Զ Ե Ց Վարույթի դատավարական նախապատմությունը. 1. 2023 թվականի հունիսի 3-ին, ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով նախաձեռնվել է թիվ 17198623 քրեական վարույթը։ Հսկող դատախազի՝ 2023 թվականի սեպտեմբերի 20-ի որոշմամբ Դավիթ Արամի Աբրամովի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով։ Նախաքննության մարմնի` 2023 թվականի սեպտեմբերի 25-ի որոշմամբ Դավիթ Աբրամովի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։ Հսկող դատախազի՝ 2023 թվականի սեպտեմբերի 28-ի որոշմամբ հանրային քրեական հետապնդման ժամկետը կասեցվել է։ 2023 թվականի հոկտեմբերի 18-ին Դ․Աբրամովը ձերբակալվել է։ Հսկող դատախազի՝ 2023 թվականի հոկտեմբերի 18-ի որոշմամբ հանրային քրեական հետապնդման կասեցված ժամկետը վերսկսվել է ու նույն օրը Դ․Աբրամովին մեղադրանք է ներկայացվել։ 2023 թվականի հոկտեմբերի 26-ին քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան): 2. Առաջին ատյանի դատարանի՝ 2025 թվականի փետրվարի 5-ի դատավճռով Դ․Աբրամովը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել կարճաժամկետ ազատազրկում՝ 1 (մեկ) ամիս ժամկետով։ Դ․Աբրամովի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված բացակայելու արգելքը թողնվել է անփոփոխ։ 3․ Մեղադրյալ Դ․Աբրամովի վերաքննիչ բողոքի հիման վրա քննության առնելով քրեական գործը` ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2025 թվականի ապրիլի 1-ին որոշում է կայացրել բողոքը մերժելու, Առաջին ատյանի դատարանի` 2025 թվականի փետրվարի 5-ի դատավճիռն անփոփոխ թողնելու մասին: 4. Վերաքննիչ դատարանի վերոգրյալ որոշման դեմ վճռաբեկ բողոք է ներկայացրել մեղադրյալ Դ․Աբրամովը, որը Վճռաբեկ դատարանը 2025 թվականի մայիսի 27-ի որոշմամբ վերադարձրել է` տրամադրելով 20-օրյա ժամկետ` թերությունները վերացնելու, բողոքը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 355-րդ ու 382-րդ հոդվածների պահանջներին համապատասխանեցնելու և կրկին ներկայացնելու համար: Միաժամանակ, մեղադրյալ Դ․Աբրամովը դիմում-բողոք է ներկայացրել Վճռաբեկ դատարան՝ խնդրելով իրեն տրամադրել հանրային պաշտպան։ Վճռաբեկ դատարանի՝ 2025 թվականի հունիսի 9-ի որոշմամբ Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատից պահանջվել է նշանակել հանրային պաշտպան։ Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի՝ 2025 թվականի հունիսի 23-ի որոշմամբ Վճռաբեկ դատարանի պահանջը բավարարվել է ու քրեական վարույթով նշանակվել է պաշտպան։ 4․1․ Վճռաբեկ դատարանի՝ 2025 թվականի հուլիսի 14-ի որոշմամբ մեղադրյալ Դ․Աբրամովի կողմից կրկին ներկայացված վճռաբեկ բողոքը թողնվել է առանց քննության, իսկ պաշտպան Կ․Մարգարյանի բերած վճռաբեկ բողոքը, նույն թվականի հուլիսի 29-ի որոշմամբ, ընդունվել է վարույթ և սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։ Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը. Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով. 5. Բողոքի հեղինակի պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել լուրջ դատական սխալ, որը կարող է խաթարել արդարադատության բուն էությունը: Այսպես, բողոք բերած անձը նախ փաստարկել է, որ Դ․Աբրամովի վերաբերյալ դատական վարույթն իրականացվել է պաշտպանի բացակայությամբ։ Մինչդեռ, դատահոգեբուժական փորձագիտական եզրակացության համաձայն՝ Դ․Աբրամովը հանդիսանում է «**** ****** ********* *****» ախտորոշմամբ ախտաբանական բնավորությամբ (նախկին դասակարգմամբ՝ ********) անձնավորություն։ Միաժամանակ, Դ․Աբրամովը ներկայացրած վերաքննիչ բողոքով մատնանշել էր պաշտպան չունենալու պատճառով իր պաշտպանությունը ճիշտ կազմակերպելու անկարողությունը, ինչը դրսևորվել է, ի թիվս այլնի, մեղադրյալի ներկայացրած ապացույցները պատշաճ չհետազոտելու ու պաշտպանության կողմի թվով երեք վկաներին հարցաքննության չհրավիրելու ձևով։ Նման պայմաններում, ըստ բողոքի հեղինակի՝ իրավունքները և պարտականությունները պարզաբանող հուշաթերթիկ տրամադրելը չի ապահովում վարույթի արդարացիությունը, քանի որ հուշաթերթիկի առկայությունը դեռևս չի ենթադրում իրավական գիտելիքի առկայություն ու դրա պատշաճ իրացման հնարավորություն։ 5․1․ Վերոգրյալի հետ մեկտեղ, բողոքաբերը փաստարկել է, որ սույն վարույթով առկա չէ ապացույցների բավարար համակցություն հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշին համապատասխան հաստատված համարելու առաջադրված մեղադրանքում Դ․Աբրամովի մեղավորությունը։ Միևնույն ժամանակ, բողոք ներկայացրած անձը գտել է, որ առկա են մեղադրյալ Դ․Աբրամովի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքեր։ 6. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2025 թվականի ապրիլի 1-ի որոշումը և կայացնել դրան փոխարինող դատական ակտ, այն է՝ ճանաչել ու հռչակել Դ․Աբրամովի անմեղությունը ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով առաջադրված մեղադրանքում կամ Դ․Աբրամովի նկատմամբ կարճաժամկետ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել։ Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները. 7. Դավիթ Աբրամովի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով հարուցվել է հանրային քրեական հետապնդում և նրան մեղադրանք է ներկայացվել այն արարքի համար, որ նա, 2023 թվականի հունիսի 3-ին՝ ժամը՝ 16։20-ի սահմաններում, դիտավորությամբ հարվածներ է հասցրել իր ****՝ Ի․Ա-ի մարմնի տարբեր հատվածներին՝ պատճառելով թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ: 8․ Նախաքննության ընթացքում տված ցուցմունքով մեղադրյալ Դ․Աբրամովը հայտնել է, որ․ «[Ենթադրյալ արարքը] կատարել է հոգեպես ոչ կայուն վիճակում, հոգեբուժական ու նարկոլոգիական կլինիկաներում հաշվառում չունի, սակայն ծառայության ընթացքում անցել է փորձաքննություն, ունի եզրակացություն»։ Քննիչի հարցին, թե հաճախակի է առաջանում նման խնդիր, պատասխանել է, որ․ «ոչ, հիմնական խնդիրը եղել է ծառայության ընթացքում»։ Հոգեկան առողջության խնդրի առկայության, ենթադրյալ արարքը հոգեվիճակով պայմանավորված կատարելու և զինվորական ծառայությունից հետո այդ հոգեվիճակը որոշակի իրավիճակներում կրկնվելու մասին տվյալներ մեղադրյալ Դ․Աբրամովը հաղորդել է նաև դատաքննության ընթացքում՝ ներկայացնելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի՝ 2021 թվականի նոյեմբերի 12-ի թիվ ***** եզրակացության պատճենը, համաձայն որի՝ նրա մոտ ախտորոշվել է․ «******* ********** ******** ************ ****** **** ******* **** *** (***.*)։ (․․․)»։ Մեղադրյալ Դ․Աբրամովի մոտ հոգեկան առողջության խնդրի առկայության մասին հայտարարություն է արել նաև տուժող Ի․Ա-ն։ 9․ Դատահոգեբուժական փորձաքննություն նշանակելու մասին Առաջին ատյանի դատարանի որոշման համաձայն՝ «(․․․) [Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի՝ 2021 թվականի նոյեմբերի 12-ի թիվ ****] եզրակացությունն [Առաջին ատյանի] դատարանի մոտ հիմնավոր ենթադրություն է հարուցում ենթադրյալ արարքը կատարելու պահին մեղադրյալ Դ․Աբրամովի մոտ հոգեկան առողջության խնդիր ունենալու առկայության մասին, իսկ հոգեկան առողջության խնդիրներ ունենալու հետևանքով դեպքի պահին իր գործողությունների բնույթը, նշանակությունը, դրանց վնասակարությունը գիտակցելու կամ դրանք ղեկավարելու՝ անձի ունակ չլինելու հանգամանքը կարող է հաստատվել միայն դատահոգեբուժական փորձագետի եզրակացությամբ։ (․․․)»։ 9․1․ Ամբուլատոր դատահոգեբուժական փորձագիտական հանձնաժողովային եզրակացության համաձայն՝ «Դ․Աբրամովը հոգեկան հիվանդությամբ չի տառապել և ներկայումս նույնպես չի տառապում, այլ նա հանդիսանում է «**** ****** ******** *****» ախտորոշմամբ ախտաբանական բնավորությամբ (նախկին դասակարգմամբ՝ փսիխոպաթ) անձնավորություն: Սակայն անձի խանգարումը Դ․Աբրամովի մոտ չի ուղեկցվում, իրեն մեղսագրվող արարքի կատարման ժամանակ ևս չի ուղեկցվել գիտակցության, ընկալման, հիշողության խանգարումներով, զառանցական մտքերով, այլ հոգեախտաբանական հիվանդագին նշաններով, որ զրկեր նրան իր գործողությունների համար իրեն հաշիվ տալու ու դրանք ղեկավարելու ունակություններից: Դ․Աբրամովը հետազոտվող իրավիճակում կարող էր գիտակցել իր գործողությունների բնույթը, վտանգավորությունը, ունակ է եղել հաշիվ տալու իրեն իր գործողությունների համար և ղեկավարելու դրանք: Ուստի՝ մեղսագրվող արարքի նկատմամբ Դ․Աբրամովին հարկ է ճանաչել ՄԵՂՍՈւՆԱԿ: Ներկայիս հոգեվիճակով իր կամ հասարակության համար սոցիալապես վտանգ չի ներկայացնում, բժշկական բնույթի հարկադրանքի միջոցների կարիք չունի: Դ․Աբրամովը կարող է ճիշտ ընկալել ու վերարտադրել դեպքերը և իրադարձություններն ու դրանց վերաբերյալ տալ արժանահավատ ցուցմունքներ: Ունակ է մասնակցելու քննչական և մյուս դատավարական գործողություններին»։ 10․ Դավիթ Արամի Աբրամովի վերաբերյալ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 5-րդ մասով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2020 թվականի հունվարի 29-ի դատավճռի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ վերջինը, շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության ընթացքում՝ 2019 թվականի հուլիսի 11-ից, ստացիոնար բուժում է ստացել զորամասի հոգեբուժական բաժանմունքում։ 11․ Առաջին ատյանի դատարանը, գնահատելով հիմնական դատալսումների ընթացքում՝ հանրային մեղադրողի, մեղադրյալի ու տուժողի մասնակցությամբ հետազոտված ապացույցները, արձանագրել է, որ ապացուցված է մեղադրյալին վերագրվող արարքը, այդ արարքի քրեական հակաիրավականությունը, մեղադրյալի կողմից այն կատարելը և մեղադրյալի մեղավորությունը տվյալ արարքը կատարելու մեջ: 12․ Վերաքննիչ դատարանը, վիճարկվող դատական ակտն անփոփոխ թողնելով, արձանագրել է հետևյալը. «(․․․) Անդրադառնալով պաշտպան չունենալու ու իր պաշտպանությունը կազմակերպելու հնարավորությունից զրկված լինելու վերաբերյալ բողոքի հեղինակի պնդումներին՝ Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ դրանք ակնհայտ անհիմն են և հերքվում են վարույթում առկա մի շարք նյութերով։ Մասնավորապես, մեղադրյալ Դ․Աբրամովին ինչպես նախաքննության, այնպես էլ դատաքննության ընթացքում պարզաբանվել են իր իրավունքները, այդ թվում՝ պաշտպան ունենալու իրավունքը, վերջինս իր ստորագրություններով հաստատել է նման պարզաբանումներին ծանոթացած լինելու փաստը, իսկ Առաջին ատյանի դատարանը մեղադրյալին ուղարկել է նաև իր իրավունքների ու պարտականությունների վերաբերյալ հուշաթերթը, ինչը ստանալու փաստը մեղադրյալ Դ․Աբրամովը հաստատել է նախնական դատալսումների համար հրավիրված դատական նիստում։ Վերաքննիչ դատարանն արձանագրում է նաև, որ պաշտպան ունենալու իրավունքը մեղադրյալ Դ․Աբրամովին պարզաբանվել է Վերաքննիչ դատարանում ընթացող դատաքննության ընթացքում, սակայն մեղադրյալ Դ․Աբրամովը հայտարարել է իր պաշտպանությունն անձամբ իրականացնելու պատրաստակամության և պաշտպան ունենալու ցանկության բացակայության մասին, հետևապես պաշտպանության իրավունքի խախտման վերաբերյալ բողոքի հեղինակի պնդումները հիմնավոր չեն։ Ինչ վերաբերում է բողոքի հեղինակի այն պնդմանը, որ ի պաշտպանություն մեղադրյալի՝ հանդես չեն եկել պաշտպանության կողմի վկաները, ապա Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ մեղադրյալ Դ․Աբրամովին իր իրավունքների ու պարտականությունների վերաբերյալ հուշաթերթն ուղարկելու միջոցով պարզաբանվել է նախնական դատալսումների ընթացքում՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 311-րդ հոդվածով նախատեսված հարցերի կապակցությամբ միջնորդությամբ հանդես գալու իրավունքը, ինչը ներառում է նաև հետազոտման ենթակա ապացույցների ծավալի հարցի քննարկումը, սակայն մեղադրյալը նման բովանդակությամբ միջնորդություն չի ներկայացրել ինչպես նախնական, այնպես էլ հիմնական դատալսումների ընթացքում, որի պայմաններում հիմնավորված չէ նաև պաշտպանության կողմի վկաների հարցաքննված չլինելու վերաբերյալ նրա փաստարկը։ (․․․)»: Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը. 13․ Սույն վարույթով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. մեղադրյալ Դ․Աբրամովի կողմից անձամբ իր պաշտպանությունն իրականացնելն արդյո՞ք ուղեկցվել է դրա նշանակությանը համարժեք նվազագույն դատավարական երաշխիքներով։ 14․ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 20-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Սույն օրենսգրքով պարտադիր համարվող դեպքերում վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է ապահովել վարույթին պաշտպանի ժամանակին և իրական մասնակցությունը»։ Նույն օրենսգրքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Վարույթն իրականացնող մարմինը չի ընդունում պաշտպանից մեղադրյալի հրաժարվելը կամ անհապաղ միջոցներ է ձեռնարկում վարույթին պաշտպանի մասնակցությունն ապահովելու համար, եթե՝ 1) մեղադրյալի համար դժվար է ինքնուրույն պաշտպանվել հոգեկան, մտավոր կամ ֆիզիկական առողջության խնդիր ունենալու պատճառով. (…)»։ 14․1. Քրեադատավարական հիշյալ դրույթներն ամրագրում են այն հիմնարար հայեցակարգը, համաձայն որի՝ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի պաշտպանության արդյունավետությունը գնահատվում է ոչ միայն դատարանի մատչելիությամբ, այլև դատական պաշտպանության գործնական կարողունակությամբ։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում է նրան, որ եթե մեղադրյալի համար դժվար է ինքնուրույն պաշտպանվել՝ հոգեկան, մտավոր կամ ֆիզիկական առողջության խնդիր ունենալու պատճառով, ապա վարույթն իրականացնող մարմնից պահանջվում է միջոցներ ձեռնարկել վարույթին պաշտպանի պարտադիր մասնակցությունն ապահովելու համար։ Դա նշանակում է, որ անձի մոտ հոգեկան առողջության խնդրի առկայության մասին տեղեկատվության ի հայտ գալն ինքնին պահանջում է, որ վարույթի ընթացքում ինքնուրույն պաշտպանվելու հնարավորությունը ենթարկվի պարտադիր ստուգման ու ինքնուրույն պաշտպանվելու անհնարինությունը հաստատվելու դեպքում միջոցներ ձեռնարկվեն վարույթին պաշտպանի պարտադիր մասնակցությունն ապահովելու ուղղությամբ։ Վճռաբեկ դատարանի գնահատմամբ, պաշտպանի պարտադիր մասնակցության վերաբերյալ կարգավորումը հավասարապես վերաբերում է նաև պաշտպանությունն ինքնուրույն իրականացնելու փաստարկմամբ վարույթը շարունակելու մեղադրյալի կամահայտնության դեպքին։ 14.2. Նշված դատավարական պարտավորության իրականացման շրջանակում ուշադրության են արժանի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ նաև՝ Եվրոպական դատարան) մեկնաբանությունները, որոնք նպատակաուղղված են ապահովելու քրեական դատավարությունում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց իրավունքների արդյունավետ պաշտպանությունը։ Այսպես, Vaudelle v. France գործով Եվրոպական դատարանն արձանագրել է, որ հատուկ դատավարական երաշխիքներ կարող են անհրաժեշտ լինել այն անձանց շահերի պաշտպանության համար, որոնք հոգեկան առողջության խնդրի պատճառով լիովին ի վիճակի չեն ինքնուրույն գործելու։ Grigoryevskikh v. Russia գործով Եվրոպական դատարանը նշել է, որ այն անձինք, որոնք ի վիճակի չեն դատարանում ինքնուրույն իրականացնել իրենց պաշտպանությունը, կարող են նաև անկարող լինել դատարանի ուշադրությունը հրավիրելու իրավաբանական օգնության բացակայության վրա, եթե այդ հարցը դատարանի կողմից չբարձրացվի։ Այսինքն, նույնիսկ եթե անձն ինքնուրույն չի խնդրել պաշտպան կամ չի բողոքել նրա բացակայությունից, դատարանը պարտավոր է սեփական նախաձեռնությամբ (ex officio) գնահատել պաշտպանի մասնակցության անհրաժեշտությունը։ Krpelík v. the Czech Republic գործով Եվրոպական դատարանն ընդգծել է, որ իշխանությունները, գիտակցելով դիմողի դժվարությունները, պետք է ակտիվորեն և բոլոր պատշաճ միջոցներով ապահովեին, որ դիմողը գիտակցեր ու հասկանար, որ անհրաժեշտության դեպքում կարող է օգտվել անվճար փաստաբանական օգնությունից և պահանջել փաստաբան։ Որպես օրինակ, կարող է տրամադրվել իրավունքների ու պարտականությունների վերաբերյալ տեղեկատվության հեշտ ընթեռնելի և հասկանալի տարբերակ կամ ներգրավվել միջնորդ, ինչը կհեշտացներ հաղորդակցությունն ու կապահովեր, որ տեղեկատվությունը հասանելի և ընկալելի լիներ։ Այս կերպ, իշխանությունները կարող են հավաստիանալ, որ անձը հասկացել է իրեն տրամադրված տեղեկատվությունն ու գիտակցել առանց իրավաբանական օգնության ցուցմունք տալու հետևանքները, իսկ նման կարողության վերաբերյալ կասկածի դեպքում՝ ձեռնարկել միջոցներ նրա պաշտպանությունը փաստաբանի միջոցով ապահովելու համար։ Krpelík v. the Czech Republic գործով Եվրոպական դատարանը նաև նշել է, որ թեև դիմողի գործունակությունը երբևէ պաշտոնապես սահմանափակված չի եղել, և նա նախկինում մի քանի անգամ ենթարկվել էր քրեական հետապնդման, այդ հանգամանքները չեն վերացնում նրա՝ պաշտպանությունը նախապատրաստելու ու իրականացնելու կարողության վերաբերյալ առկա բոլոր կասկածները։ Միաժամանակ, Akdağ v. Turkey և Krpelík v. the Czech Republic գործերով Եվրոպական դատարանն ուշադրություն է դարձրել մեղադրյալի կարողությանը՝ հասկանալու պաշտպանից հրաժարվելու հետևանքները՝ արձանագրելով, որ հոգեկան խնդիր ունեցող անձի դեպքում միայն ձևական հրաժարումը բավարար չէ. նրանք հաճախ չեն կարող ինքնուրույն գնահատել պաշտպանից հրաժարվելու հետևանքները և պետք է գնահատվի նրանց իրական կարողությունը՝ գիտակցված որոշում կայացնելու համար։ 15․ Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ` - Դավիթ Աբրամովի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում և նրան մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, - Առաջին ատյանի դատարանը, հանրային մեղադրողի, մեղադրյալի ու տուժողի մասնակցությամբ անցկացրած դատաքննության արդյունքում, Դ․Աբրամովի վերաբերյալ կայացրել է մեղադրական դատավճիռ, - Վերաքննիչ դատարանն անդրադառնալով պաշտպանության իրավունքի խախտման մասին փաստարկներին՝ նշել է, որ քրեական վարույթի շրջանակներում մեղադրյալին պարզաբանվել են նրա իրավունքները, այդ թվում՝ պաշտպան ունենալու, ինչը, նախնական քննության ժամանակ հաստատվել է Դ․Աբրամովի ստորագրությամբ, իսկ Առաջին ատյանի դատարանում՝ իրավունքները և պարտականությունները պարզաբանող հուշաթերթիկը ստանալու վերաբերյալ Դ․Աբրամովի հավաստմամբ։ Ավելին՝ պաշտպան ունենալու իրավունքը պարզաբանվել է նաև վերաքննիչ վարույթում, ինչի կապակցությամբ մեղադրյալը հանդես է եկել իր պաշտպանությունն անձամբ իրականացնելու ու պաշտպան ունենալու ցանկության բացակայության վերաբերյալ հայտարարությամբ։ Միաժամանակ, Առաջին ատյանի դատարանի տրամադրած հիշյալ հուշաթերթիկով պարզաբանվել էր հետազոտման ենթակա ապացույցների ծավալը լրացնելու միջնորդություն ներկայացնելու իրավունքը, սակայն Դ․Աբրամովը պաշտպանության կողմի վկաներին հարցաքննելու միջնորդությամբ հանդես չի եկել։ Արդյունքում, Վերաքննիչ դատարանը վարույթի փաստական հանգամանքներով հերքված է համարել պաշտպանության իրավունքի խախտման կապակցությամբ բողոքաբերի փաստարկը։ 16. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 14-14․2-րդ կետերում շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քրեական վարույթի սկզբնական փուլից ի վեր Դ․Աբրամովը վերագրված արարքի կատարումը պայմանավորել է անկայուն հոգեվիճակով՝ հայտնելով, որ զինվորական ծառայության ընթացքում ունեցել է հոգեկան առողջության խնդիր, որը հետագայում՝ իրավիճակով պայմանավորված, կրկնվել է։ Դ․Աբրամովի մոտ հոգեկան առողջության խնդրի առկայության մասին հայտնել է նաև նրա ****՝ սույն վարույթով տուժող Ի․Ա-ն։ Առաջին ատյանի դատարանին հասու է եղել Դ․Աբրամովի հոգեկան առողջության վիճակի վերաբերյալ պարտադիր զինվորական ծառայության ընթացքում կազմված փաստաթուղթը, մասնավորապես, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի՝ 2021 թվականի նոյեմբերի 12-ի եզրակացությունը, համաձայն որի՝ Դ․Աբրամովի մոտ ախտորոշվել է «******* *********** ******** ************ ******* **** ******* **** ***» *****)» վիճակ։ Ընդ որում, շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության ընթացքում՝ 2019 թվականի հուլիսի 11-ից, Դ․Աբրամովը ստացիոնար բուժում է ստացել զորամասի հոգեբուժական բաժանմունքում։ Հիշյալ եզրակացությունն Առաջին ատյանի դատարանի մոտ առաջացրել է արարքը կատարելու պահին Դ․Աբրամովի մոտ հոգեկան առողջության խնդրի առկայության մասին հիմնավոր ենթադրություն, ինչն էլ հիմք է հանդիսացել նշանակելու համապատասխան փորձաքննություն, որի եզրակացության համաձայն՝ Դ․Աբրամովը հանդիսանում է «**** ****** ******** *****» ախտորոշմամբ ախտաբանական բնավորությամբ (նախկին դասակարգմամբ՝ ********) անձնավորություն։ Նշվածի հետ մեկտեղ, ուշադրության է արժանի այն, որ թեև Դ․Աբրամովը դատական քննության ընթացքում իրեն վերագրվող արարքի կատարումը պայմանավորել է անկայուն հոգեվիճակով, այդուհանդերձ, հանդես է եկել առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր ճանաչելու հայտարարությամբ։ Պաշտպան չունենալու պատճառով պաշտպանությունը ճիշտ կազմակերպելու անկարողությունը վերաքննիչ բողոքում մատնանշելով հանդերձ, Վերաքննիչ դատարանում, երբ պարզաբանվել է պաշտպան ունենալու իրավունքը, Դ․Աբրամովը հանդես է եկել պաշտպանությունն անձամբ իրականացնելու և պաշտպան ունենալու ցանկության բացակայության վերաբերյալ հայտարարությամբ։ 16․1․ Վճռաբեկ դատարանի գնահատմամբ, հոգեկան առողջության վերաբերյալ վերը նշված տվյալները ողջամտորեն կասկածի տակ են դնում պաշտպանությունն անձամբ իրականացնելու՝ մեղադրյալ Դ․Աբրամովի կարողությունը՝ ինքնուրույն պաշտպանվելու դժվարության վերաբերյալ առաջացած ողջամիտ ենթադրության մակարդակով, և այդ կասկածը չի փարատվում փորձագիտական եզրակացությամբ արձանագրված՝ Դ․Աբրամովի մեղսունակ լինելու ու վարութային գործողություններին մասնակցելու ունակության վերաբերյալ գնահատականով․ այստեղ գործնական արտահայտություն է ստանում օրենսդրական հստակ կարգավորումն առ այն, որ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի դեպքում անհրաժեշտ է ոչ թե վարութային գործողությանը մասնակցելու անկարողության, այլ պաշտպանության իրավունքի ինքնուրույն իրականացման դժվարության հավաստիությունը, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դիրքորոշումն առ այն, որ գործունակությունը սահմանափակված չլինելն ինքնին չի վերացնում պաշտպանությունը նախապատրաստելու և իրականացնելու կարողության վերաբերյալ առկա բոլոր կասկածները։ Տվյալ դեպքում, ստորադաս դատարանները պետք է քննարկման առարկա դարձնեին այն հարցը, թե արդյո՞ք մեղադրյալ Դ․Աբրամովը ա) գիտակցել ու հասկացել է պետական միջոցների հաշվին պաշտպան ունենալու հնարավորությունը, բ) հասկացել և կանխատեսել է պաշտպանից հրաժարվելու ու պաշտպանությունն անձամբ իրականացնելու հնարավոր հետևանքները։ Մինչդեռ, այդ առումով Առաջին ատյանի դատարանի ձեռնարկած գործողությունները կրել են ձևական բնույթ, իսկ Վերաքննիչ դատարանը, իր տրամադրության տակ ունենալով մեղադրյալ Դ․Աբրամովի հոգեկան առողջության վերաբերյալ հիշյալ տվյալները, չի գնահատել վերջինի իրական կարողությունը՝ մատնանշված հարցերում գիտակցված որոշում կայացնելու համար։ Մինչդեռ վերոգրյալը, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ, ողջամտորեն կասկածի տակ է դնում իրավաբանական օգնության անհրաժեշտությունն ու պաշտպանի բացակայության հետևանքները գիտակցելու Դ․Աբրամովի իրական կարողությունը։ 17․ Ընդհանրացնելով կատարված վերլուծությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մեղադրյալ Դ․Աբրամովի վերաբերյալ դատական վարույթին պաշտպանի մասնակցությունը պարտադիր էր և Առաջին ատյանի դատարանը պետք է սեփական նախաձեռնությամբ (ex officio) միջոցներ ձեռնարկեր պաշտպանի մասնակցությունն ապահովելու ուղղությամբ, քանի որ սույն վարույթով պաշտպանի մասնակցությունը դառնում է ոչ թե պարզապես իրավունք, այլ արդար դատաքննության պարտադիր երաշխիք։ Այսպիսով՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մեղադրյալ Դ․Աբրամովի կողմից անձամբ իր պաշտպանությունն իրականացնելը չի ուղեկցվել դրա նշանակությանը համարժեք նվազագույն դատավարական երաշխիքներով։ 18․ Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարույթով Առաջին ատյանի դատարանը՝ դատական ակտ կայացնելիս, իսկ Վերաքննիչ դատարանը՝ Առաջին ատյանի դատարանի դատական ակտն անփոփոխ թողնելով, թույլ են տվել դատական սխալ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 20-րդ ու 46-րդ հոդվածների խախտումներ, որոնք ազդել են վարույթի ելքի վրա, ինչը, նույն օրենսգրքի 387-րդ հոդվածի համաձայն, ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանելու և վարույթը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան՝ նոր քննության փոխանցելու հիմք է։ Նոր քննության ընթացքում դատարանը պետք է վերացնի սույն որոշմամբ արձանագրված խախտումներն ու առաջադրված մեղադրանքում Դ.Աբրամովի մեղավորության հարցում՝ պատշաճ իրավական ընթացակարգի ապահովմամբ հանգի համապատասխան հետևության: Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքաբերի՝ սույն որոշման 5․1-րդ կետում շարադրված փաստարկներին անդրադառնալու իրավական հնարավորությունը բացակայում է։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ ու 171-րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 361-րդ, 363-րդ և 385-387-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը Ո Ր Ո Շ Ե Ց Մեղադրյալ Դավիթ Արամի Աբրամովի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ 2025 թվականի փետրվարի 5-ի դատավճիռն ու այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2025 թվականի ապրիլի 1-ի որոշումը բեկանել և վարույթը փոխանցել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան՝ նոր քննության։ Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը: Նախագահող` Հ.ԱՍԱՏՐՅԱՆ Դատավորներ` Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆ Հ.ԳՐԻԳՈՐՅԱՆ Ա․ԴԱՆԻԵԼՅԱՆ Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ Ա.ՊՈՂՈՍՅԱՆ