Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am

Վճռաբեկ դատարան · Քրեական

ԵԴ1/0052/11/24

Վճռաբեկ դատարանի որոշումների ցանկից (cassationcourt.am/decisions)՝ դատարանի նախադեպային շտեմարանում այն չկա։

Գործի համարը
ԵԴ1/0052/11/24
Դատական ակտի ընդունման ամսաթիվը
07.08.2026

Որոշման տեքստը

դատարանի Word ֆայլից
ԵԴ1/0052/11/24 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան, նախագահող դատավոր` Տ․Մուրադյան Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարան, նախագահող դատավոր` Լ․Ալավերդյան 7 օգոստոսի 2026 թվական ք.Երևան ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ` Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ մասնակցությամբ դատավորներ` Ս․ԱՎԵՏԻՍՅԱՆԻ Հ.ԳՐԻԳՈՐՅԱՆԻ Ա․ԴԱՆԻԵԼՅԱՆԻ Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի օգոստոսի 9-ի որոշման դեմ տուժողներ «****** *****» և «****» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների լիազոր ներկայացուցիչ Հ.Սուքիասյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը, Պ Ա Ր Զ Ե Ց Վարույթի դատավարական նախապատմությունը. 1․ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Լ․Գրիգորյանի՝ 2023 թվականի դեկտեմբերի 27-ի որոշմամբ վերացվել են թիվ 44162620 քրեական վարույթով մեղադրյալներ Հ․Թ-ի և Ռ․Թ-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը դադարեցնելու մասին ՀՀ գլխավոր դատախազության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազ Կ․Ադամյանի՝ 2023 թվականի հոկտեմբերի 26-ի որոշումն ու այն հաստատելու մասին վերադաս դատախազի՝ 2023 թվականի նոյեմբերի 30-ի որոշումը։ ՀՀ գլխավոր դատախազության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազ Ա․Մանուկյանի՝ 2024 թվականի հունվարի 11-ի գրությամբ մեղադրյալներ Հ․Թ-ի և Ռ․Թ-ի պաշտպանին տրվել է գրավոր պատասխան այն մասին, որ վերոգրյալ վարութային ակտի դեմ ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված բողոքը քննելու իրավասությամբ դատախազությունն օժտված չէ, քանի որ թիվ 44162620 քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան։ 2․ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)՝ 2024 թվականի փետրվարի 23-ի որոշմամբ մեղադրյալներ Հ․Թ-ի ու Ռ․Թ-ի պաշտպանի բողոքը մասնակիորեն բավարարվել է, արձանագրվել է Հ․Թ-ի և Ռ․Թ-ի արդար դատաքննության իրավունքի խախտման փաստը։ Վերոգրյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Լ․Գրիգորյանի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2024 թվականի ապրիլի 1-ին որոշում է կայացրել բողոքը մերժելու, Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի փետրվարի 23-ի որոշումն անփոփոխ թողնելու մասին։ Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Լ․Գրիգորյանն ու տուժողներ «****** *****» և «****» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների լիազոր ներկայացուցիչ Հ.Սուքիասյանը ներկայացրել են հատուկ վերանայման վճռաբեկ բողոքներ։ Վճռաբեկ դատարանի` 2024 թվականի հունիսի 6-ի որոշմամբ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Լ․Գրիգորյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է։ Տուժողներ «****** *****» ու «****» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների լիազոր ներկայացուցիչ Հ.Սուքիասյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը Վճռաբեկ դատարանի` 2024 թվականի սեպտեմբերի 9-ի որոշմամբ թողնվել է առանց քննության՝ Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի փետրվարի 23-ի որոշումը նույն հիմքով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում հատուկ վերանայման կարգով բողոքաբերի կողմից բողոքարկված չլինելու պատճառաբանությամբ։ 3. Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի փետրվարի 23-ի որոշման դեմ տուժողներ «****** *****» և «****» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների լիազոր ներկայացուցիչ Հ.Սուքիասյանի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան)՝ 2024 թվականի օգոստոսի 9-ի որոշմամբ թողնվել է առանց քննության։ 4. Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի օգոստոսի 9-ի որոշման դեմ լիազոր ներկայացուցիչ Հ.Սուքիասյանը ներկայացրել է հատուկ վերանայման վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2024 թվականի հոկտեմբերի 9-ի որոշմամբ ընդունվել է վարույթ ու սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։ Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը. Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով. 5. Բողոքի հեղինակի պնդմամբ՝ ստորադաս դատարանն առերևույթ թույլ է տվել դատական սխալ, և միաժամանակ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման անհրաժեշտություն։ Այսպես, օրենսդրական վերաբերելի կարգավորումների համադրված վերլուծության հիման վրա բողոքաբերը փաստարկել է, որ տուժողը ոչ միայն քրեական դատավարության ինքնուրույն, այլ նաև դատարանի մատչելիության հիմնարար իրավունքը կրող սուբյեկտ է, ուստի այդ իրավունքի իրացումը չի կարող սահմանափակվել բացառապես այն հանգամանքով, որ նույն հիմքով դատական վերանայման բողոք արդեն իսկ ներկայացվել է դատախազի կողմից։ Ընդ որում, ի տարբերություն դատախազի, որն իր լիազորություններն իրականացնում է հանրային շահի պաշտպանության նպատակով, տուժողը դատական վերանայման բողոք ներկայացնելու իրավունքն իրացնում է բացառապես իր մասնավոր շահերին առնչվող մասով։ Այսինքն՝ դատախազի կողմից հատուկ վերանայման վերաքննիչ բողոք ներկայացնելու հանգամանքը, առավել ևս այն պայմաններում, երբ տուժողը դատական վարույթին մասնակից չի դարձվել, ինքնին չի ենթադրում, որ տուժողն իրացրել է դատական վերանայման բողոք բերելու իր իրավունքը։ Արդյունքում, բողոք բերած անձն արձանագրել է, որ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի կողմից հատուկ վերանայման վերաքննիչ բողոքը բերված լինելու փաստը դիտարկելով որպես տուժողների՝ դատական վերանայման բողոք բերելու իրավունքի իրացում, Վերաքննիչ դատարանն անիրավաչափորեն սահմանափակել է տուժողների՝ դատարանի մատչելիության հիմնարար իրավունքը։ Վերոգրյալի հետ մեկտեղ, դատախազի և ի շահ տուժողների բերված հատուկ վերանայման վերաքննիչ բողոքների բովանդակության համադրված ուսումնասիրության արդյունքում, բողոքի հեղինակը եզրահանգել է, որ դրանք նույնական չեն՝ բողոքի հիմքը, այն հաստատող փաստերը, ինչպես նաև դրանք հիմնավորող փաստարկներն էապես տարբերվելու պատճառաբանությամբ։ 6. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի օգոստոսի 9-ի որոշումն ու վարույթը փոխանցել համապատասխան ստորադաս դատարան՝ նոր քննության: Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները. 7․ Դատական վերանայման բողոքն առանց քննության թողնելու եզրահանգումը Վերաքննիչ դատարանը պատճառաբանել է հետևյալ կերպ․ «(․․․) ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Լ.Գրիգորյանի՝ 2023 թվականի դեկտեմբերի 27-ի որոշման դեմ մեղադրյալներ Ռ․ և Հ․Թ-ի պաշտպան Գ.Գևորգյանի կողմից բողոք է ներկայացվել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան, որը Առաջին ատյանի դատարանի 2024 թվականի փետրվարի 23-ի որոշմամբ մասնակի բավարարվել է։ Հիշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Լ.Գրիգորյանի կողմից բերվել է հատուկ վերանայման բողոք, որը Վերաքննիչ դատարանի 2024 թվականի ապրիլի 1-ի որոշմամբ մերժվել է։ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Լ.Գրիգորյանի կողմից ներկայացվել է հատուկ վերանայման վճռաբեկ բողոք, Վճռաբեկ դատարանի 2024 թվականի հունիսի 6-ի որոշմամբ հատուկ վերանայման վճռաբեկ բողոքի վարույթ ընդունվելը մերժվել է։ Վերաքննիչ դատարանը, ուսումնասիրելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Լ․Գրիգորյանի հատուկ վերանայման բողոքների հիմքերը, դրանք համադրելով Բողոքաբերի հատուկ վերանայման բողոքի հիմքերի հետ, գտնում է, որ դրանք նույնական են, համընկնում են իրենց բնույթով և բովանդակությամբ։ Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ չնայած այն հանգամանքին, որ տուժողը հնարավորություն չի ունեցել ներկայացնելու հատուկ վերանայման բողոքներ, սակայն մեղադրանքի կողմը, իրացնելով բողոքարկման իրավունքը, հատուկ վերանայման բողոքները բերել է այն հիմքերով և հիմնավորումներով, որոնք վկայակոչված են Բողոքաբերի հատուկ վերանայման բողոքում։ Նման պայմաններում հաշվի առնելով այն հանգամանքը, որ հատուկ վերանայման բողոքում նշված հիմքով, նույն դատական ակտի առնչությամբ և նույն անձի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ դատարանն արդեն իսկ որոշում է կայացրել, որի օրինականությունը և հիմնավորվածությունը ստուգվել է վերադաս ատյանի կողմից, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ առկա է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 391-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով նախատեսված հիմք։ (…)»։ Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը. 8. Սույն վարույթով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչա՞փ է արդյոք տուժողներ «****** *****» և «****» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների լիազոր ներկայացուցիչ Հ.Սուքիասյանի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումը։ 9․ ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք»: ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք»: «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ նաև՝ Եվրոպական կոնվենցիա) 13-րդ հոդվածի համաձայն` «Յուրաքանչյուր ոք, ում՝ սույն Կոնվենցիայով ամրագրված իրավունքներն ու ազատությունները խախտվում են, ունի պետական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք, նույնիսկ եթե խախտումը կատարել են ի պաշտոնե գործող անձինք»: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 391-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Հատուկ վերանայման բողոքը թողնվում է առանց քննության, եթե՝ (․․․) 5) բողոքում նշված հիմքով, նույն դատական ակտի առնչությամբ և նույն անձի վերաբերյալ վերաքննիչ դատարանն արդեն իսկ որոշում է կայացրել»։ 10. Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով դատարանի մատչելիության սահմանադրական իրավունքի վերաբերյալ հիմնահարցերին, ձևավորել է հետևյալ իրավական դիրքորոշումը. «Դատարանի մատչելիության իրավունքը պետք է լինի իրական և ոչ թե պատրանքային, ինչը ենթադրում է, որ անձն իր իրավունքների ու ազատությունների խախտման յուրաքանչյուր դեպքում` ողջամիտ սահմանափակումների պայմաններում, պետք է դատարան դիմելու, իր խախտված իրավունքները և ազատությունները վերականգնելու իրական հնարավորություն ունենա: Դատական պաշտպանության իրավունքի իրացման հնարավոր սահմանափակումները չպետք է ձևական բնույթ կրեն, որպեսզի շահագրգիռ անձը հավասար պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունքի իրացման հնարավորություն ունենա: Հակառակ դեպքում կխախտվեն անձի` դատարանի մատչելիության և արդար դատաքննության իրավունքները»: Դատարանի մատչելիության իրավունքի վերաբերյալ իրավական դիրքորոշումներ է արտահայտել նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ նաև՝ Եվրոպական դատարան): Մասնավորապես` Հիրշհորն ընդդեմ Ռումինիայի գործով վճռում Եվրոպական դատարանը նշել է, որ դատարան դիմելու իրավունքը բացարձակ չէ և կարող է որոշակի սահմանափակումների ենթարկվել. դրանք թույլատրված են այն կանխադրույթի հիման վրա, որ դատարան դիմելու իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից սահմանված կարգավորման առկայություն: Այս առումով պետություններն ունեն հայեցողության որոշակի սահման, թեև Եվրոպական կոնվենցիայի պահանջների պահպանման կապակցությամբ վերջնական որոշումը կայացնում է Եվրոպական դատարանը: Անհրաժեշտ է հիմնավորել, որ կիրառված սահմանափակումները դատարան դիմելու՝ անձի իրավունքն այն աստիճան չեն սահմանափակում կամ նվազեցնում, որ դրա արդյունքում խաթարվի իրավունքի բուն էությունը: Բացի դրանից, սահմանափակումը չի համապատասխանի Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասին, եթե այն օրինական նպատակ չհետապնդի, և առկա չլինի համաչափության ողջամիտ հարաբերակցություն՝ գործադրված միջոցի և հետապնդված նպատակի միջև: 11․ Նախորդ կետում շարադրված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակում նախատեսող՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 391-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով սահմանված հիմքին՝ կիրառման համար անհրաժեշտ նախապայմանների առումով։ Այսպես, նշված դրույթի իրավակարգավորման համաձայն՝ հատուկ վերանայման բողոքը վերաքննիչ դատարանը թողնում է առանց քննության, եթե բողոքում նշված հիմքով, նույն դատական ակտի առնչությամբ ու նույն անձի վերաբերյալ վերաքննիչ դատարանն արդեն իսկ որոշում է կայացրել: Այստեղ, Վճռաբեկ դատարանը, նախ և առաջ արձանագրում է, որ դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման քննարկվող հիմքն իր իրավական բնույթով համանման է 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված՝ դատական վերանայման բողոքն առանց քննության թողնելու հետևյալ հիմքին․ «բողոքում նշված հիմքով նույն գործով վճռաբեկ դատարանն արդեն իսկ որոշում է կայացրել»։ Մասնավորապես՝ այդ երկու իրավակարգավորումները դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման նախապայմանների տեսանկյունից ունեն նույնական իրավական բովանդակություն։ Ընդ որում, գործող կարգավորումն առանձնանում է միայն նրանով, որ նեղացվել է կիրառման շրջանակը՝ դրանում ավելացնելով այնպիսի պայման, որ բողոքը պետք է բերված լինի նաև նույն անձի վերաբերյալ։ Այսինքն, օրենսդիրը ոչ թե փոխել է սահմանափակման էությունը, այլ նեղացրել դրա կիրառման շրջանակը։ Միաժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «նույն դատական ակտի առնչությամբ» և «նույն գործով» ձևակերպումները տվյալ համատեքստում կրում են նույն բովանդակային ծանրաբեռնվածությունը, քանի որ երկուսն էլ վերաբերում են նույն դատական վարույթի շրջանակներում կայացված նույն դատական ակտի վերանայմանը։ Հետևաբար, տարբեր ձևակերպումների կիրառումը չի ենթադրում կարգավորման տարբերություն, այլ միտված է միևնույն՝ նույն դատական ակտի կրկնակի դատական վերանայումը բացառելու նպատակին։ Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 391-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով սահմանված՝ հատուկ վերանայման վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու հիմքը մեկնաբանելիս անհրաժեշտ է հաշվի առնել քրեադատավարական նախկին օրենսդրության համարժեք իրավակարգավորմանը տրված մեկնաբանությունները։ Մասնավորապես, քրեադատավարական նախկին օրենսդրության՝ ‹‹Բողոքում նշված հիմքով նույն գործով վճռաբեկ դատարանն արդեն իսկ որոշում է կայացրել›› ձևակերպմանն անդրադարձ է կատարել Սահմանադրական դատարանը՝ ՍԴՈ-709 որոշման շրջանակներում՝ ձևավորելով հետևյալ իրավական դիրքորոշումը. «Սահմանադրական դատարանը գտնում է, որ քրեական դատավարության օրենսգրքի 407 հոդվածի՝ վիճարկվող 4-րդ մասում տեղ գտած դրույթը, համաձայն որի՝ բողոքը թողնվում է առանց քննության, եթե վճռաբեկ դատարանն այդ բողոքում նշված հիմքով նույն գործով արդեն իսկ որոշում է կայացրել, իրավազոր պահանջ է, քանզի բողոքն առանց քննության թողնելու նման հիմքի նախատեսումը կոչված է բացառելու կրկին անդրադառնալ այնպիսի հարցերի քննությանը, որոնց կապակցությամբ արդեն իսկ վճռաբեկ դատարանն արտահայտել է իր իրավական դիրքորոշումը, երբ ի հայտ չեն եկել նոր հանգամանքներ: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 407 հոդվածի 4-րդ մասում օգտագործվող՝ «բողոքում նշված հիմքով» և «նույն գործով» ձևակերպումները ենթադրում են, որ նույնաբնույթ է համարվում կրկին ներկայացված այն բողոքը, որում նույն դիմողը միևնույն առարկայի վերաբերյալ նույն պատճառաբանություններով ներկայացված բողոքի հիման վրա ձգտում է հասնել նպաստավոր որոշման։ (․․․)»։ Քրեադատավարական նախկին օրենսդրության այդ դրույթի կապակցությամբ Սահմանադրական դատարանը մեկ այլ որոշմամբ նաև արձանագրել է, որ «(․․․) Վճռաբեկ դատարանը բողոքն առանց քննության պետք է թողնի այն դեպքում, երբ արդեն իրացվել է վճռաբեկ բողոք բերելու անձի իրավունքը, և բողոքում ներկայացված հարցերի առնչությամբ վճռաբեկ դատարանն արդեն իսկ որոշում է կայացրել: Հակառակ դեպքում, գործին մասնակցող տարբեր անձանց կողմից ինքնուրույն, սակայն նույն հիմքով բողոք բերելու պարագայում, եթե որևէ մեկի՝ վերադարձնելուց հետո նոր թերություններով ներկայացված բողոքի վերաբերյալ կայացվի բողոքն առանց քննության թողնելու մասին որոշում այն հիմնավորմամբ, որ բողոքում նշված հիմքով նույն գործով Վճռաբեկ դատարանն արդեն իսկ որոշում է կայացրել, ապա հաջորդ բողոքաբերների՝ նույն հիմքով ներկայացրած բողոքները նույնպես պետք է թողնվեն առանց քննության, քանի որ կհամարվի, որ ներկայացված հիմքով արդեն իսկ առկա է Վճռաբեկ դատարանի որոշումը: Նման իրավիճակը դատական պաշտպանության իրավունքի լուրջ սահմանափակում կհանդիսանա։ (․․․)»։ 12․ Այսպիսով, ամփոփելով Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումների ուսումնասիրությունը, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ կրկնակի վերանայումը բացառող քննարկվող հիմքին Սահմանադրական դատարանը հաղորդել է այնպիսի սահմանադրաիրավական բովանդակություն, համաձայն որի՝ նույնաբնույթ է համարվում կրկին ներկայացրած այն բողոքը, որով նույն անձը միևնույն առարկայի վերաբերյալ նույն հիմնավորումներով ձգտում է հասնել իր համար նպաստավոր դատական ակտի կայացման։ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Սահմանադրական դատարանի նման մոտեցումը, լինելով դատարանի մատչելիության սահմանադրական իրավունքի սահմանափակման սահմանադրաչափության պայման, անհրաժեշտաբար կիրառելի է քրեադատավարական գործող օրենսդրության համիմաստ իրավակարգավորման համար, հետևաբար ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 391-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով նախատեսված սահմանափակումը կիրառելի է միայն այն դեպքում, երբ վերաքննիչ դատարանն արդեն իսկ որոշում է կայացրել նույն անձի կողմից նախկինում ներկայացված՝ նույն հիմքով, նույն դատական ակտի առնչությամբ և նույն անձի վերաբերյալ բողոքի առնչությամբ։ 13․ Անդրադառնալով սույն վարույթի փաստական հանգամանքներին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ․ - Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Լ․Գրիգորյանի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2024 թվականի ապրիլի 1-ին որոշում է կայացրել բողոքը մերժելու, վիճարկվող որոշումն անփոփոխ թողնելու մասին։ Վճռաբեկ դատարանի՝ 2024 թվականի հունիսի 6-ի որոշմամբ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Լ․Գրիգորյանի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է, - Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ տուժողներ «****** *****» և «****» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների լիազոր ներկայացուցիչ Հ.Սուքիասյանը ներկայացրել է հատուկ վերանայման վերաքննիչ բողոք, - Վերաքննիչ դատարանը նախ փաստարկել է, որ տուժողների լիազոր ներկայացուցիչ Հ.Սուքիասյանի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքն ու ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Լ․Գրիգորյանի նախկինում ներկայացրած դատական վերանայման բողոքը նույնական են, քանի որ համընկնում են իրենց բնույթով և բովանդակությամբ։ Նշվածի հաշվառմամբ Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ լիազոր ներկայացուցիչ Հ.Սուքիասյանի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքում նշված հիմքով, նույն դատական ակտի առնչությամբ ու նույն անձի վերաբերյալ արդեն իսկ 2024 թվականի ապրիլի 1-ին որոշում է կայացրել, որի օրինականությունը և հիմնավորվածությունը ստուգվել է վերադաս դատարանի կողմից։ Արդյունքում Վերաքննիչ դատարանը եզրահանգել է, որ լիազոր ներկայացուցիչ Հ.Սուքիասյանի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 391-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով նախատեսված հիմքով պետք է թողնել առանց քննության։ 14․ Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 10-12-րդ կետերում շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 391-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով նախատեսված՝ հատուկ վերանայման վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու հիմքը Վերաքննիչ դատարանը կիրառել է դատարանի մատչելիության իրավունքի՝ տվյալ սահմանափակմանը տրված սահմանադրաիրավական բովանդակությանը չհամապատասխանող մեկնաբանությամբ, քանի որ բացակայում է Սահմանադրական դատարանի կողմից վերհանված՝ նույն անձի կողմից բողոք ներկայացված լինելու նախապայմանը։ Այսինքն՝ տուժողներ «***** *****» և «****» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների լիազոր ներկայացուցիչ Հ.Սուքիասյանի ու ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Լ.Գրիգորյանի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքների նույնականության վերաբերյալ Վերաքննիչ դատարանի կողմից կատարված արձանագրումն ինքնին բավարար չէ փաստելու, որ բողոքում նշված հիմքով, նույն դատական ակտի առնչությամբ և նույն անձի վերաբերյալ վերաքննիչ դատարանն արդեն իսկ որոշում է կայացրել, քանի որ Առաջին ատյանի դատարանի որոշումը տուժողների լիազոր ներկայացուցչի կողմից նախկինում վերաքննիչ դատարան չի բողոքարկվել։ 15․ Այսպիսով, ընդհանրացնելով վերոգրյալը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարույթի փաստական հանգամանքների պայմաններում, Վերաքննիչ դատարանը, ներկայացված բողոքը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 391-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով նախատեսված հիմքով առանց քննության թողնելով, անհամաչափորեն սահմանափակել է տուժողներ «****** *****» և «****» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների դատական պաշտպանության իրավունքը։ Հետևաբար, տուժողներ «****** *****» ու «****» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների լիազոր ներկայացուցիչ Հ.Սուքիասյանի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումն իրավաչափ չէ: Նման պայմաններում, հատուկ վերանայման վերաքննիչ բողոքների նույնական չլինելու առումով բողոքաբերի փաստարկին անդրադառնալու անհրաժեշտությունը բացակայում է։ 16․ Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարույթով Վերաքննիչ դատարանը դատական ակտ կայացնելիս թույլ է տվել քրեադատավարական օրենքի` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 391-րդ հոդվածի խախտում, որն իր բնույթով էական է, քանի որ հանգեցրել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 23-րդ հոդվածով նախատեսված՝ դատական պաշտպանության ապահովման սկզբունքի խախտման, ինչն ազդել է վարույթի ելքի վրա և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի համաձայն՝ հիմք է Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու ու վարույթը նույն դատարան՝ նոր քննության փոխանցելու համար։ Նոր քննության ընթացքում Վերաքննիչ դատարանը պետք է հանգի համապատասխան հետևության՝ հաշվի առնելով նաև սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ ու 171-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 33-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 352-րդ, 359-րդ, 361-363-րդ և 400-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը Ո Ր Ո Շ Ե Ց «****** ****» ու «****» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների լիազոր ներկայացուցիչ Հ.Սուքիասյանի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի օգոստոսի 9-ի որոշումը բեկանել և վարույթը փոխանցել նույն դատարան՝ նոր քննության: Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը: Նախագահող` Հ.ԱՍԱՏՐՅԱՆ Դատավորներ` Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆ Հ.ԳՐԻԳՈՐՅԱՆ Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆ Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ Ա.ՊՈՂՈՍՅԱՆ