Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am

Վճռաբեկ դատարան · Քրեական

ԳԴ4/0062/01/23

Վճռաբեկ դատարանի որոշումների ցանկից (cassationcourt.am/decisions)՝ դատարանի նախադեպային շտեմարանում այն չկա։

Գործի համարը
ԳԴ4/0062/01/23
Դիմող / մեղադրյալ
Հովսեփ Թորոսյան
Դատական ակտի ընդունման ամսաթիվը
07.08.2026
Որոշման տեքստում վկայակոչված այլ հոդվածներ
1 հոդված՝ որոշման տեքստից (դատարանի քարտում չկան)

Որոշման տեքստը

դատարանի Word ֆայլից
ԳԴ4/0062/01/23 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան, նախագահող դատավոր՝ Ա.Կարապետյան Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարան, նախագահող դատավոր՝ Կ.Հովհաննիսյան դատավորներ՝ Լ.Աբգարյան Ա.Վարդանյան 7 օգոստոսի 2026 թվական ք. Երևան ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), նախագահությամբ՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ մասնակցությամբ դատավորներ` Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ Հ․ԳՐԻԳՈՐՅԱՆԻ Ա․ԴԱՆԻԵԼՅԱՆԻ Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ գրավոր ընթացակարգով քննության առնելով մեղադրյալ Հովսեփ Համլետի Թորոսյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի հունվարի 18-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Լ․Գրիգորյանի վճռաբեկ բողոքը, Պ Ա Ր Զ Ե Ց Վարույթի դատավարական նախապատմությունը. 1. 2022 թվականի հոկտեմբերի 26-ին, ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում, նախաձեռնվել է թիվ 50120422 քրեական վարույթը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով։ 2022 թվականի հոկտեմբերի 29-ին Հովսեփ Թորոսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով հարուցվել է հանրային քրեական հետապնդում, և նրան մեղադրանք է ներկայացվել։ 2023 թվականի հունիսի 7-ին Հ․Թորոսյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, և նրան նոր մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով։ 2023 թվականի հունիսի 13-ին քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան): 2. Առաջին ատյանի դատարանը, 2023 թվականի սեպտեմբերի 11-ի դատավճռով, Հովսեփ Թորոսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով մեղսագրվող արարքը վերաորակել է և վերջինին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նախատեսված հանցանքում՝ նրա նկատմամբ պատիժ նշանակելով ազատազրկում՝ 5 (հինգ) տարի ժամկետով։ Հ․Թորոսյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատժին հաշվակցվել է անազատության մեջ գտնվելու 3 (երեք) օրը՝ պատժի կրման սկիզբը հաշվելով նրան փաստացի արգելանքի վերցնելու պահից։ Միաժամանակ որոշվել է Հ․Թորոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված բացակայելու արգելքը՝ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելուց և դրա կատարումն ապահովելուց հետո վերացնել, դատավճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո քրեական գործով իրեղեն ապացույց ճանաչված դանակը և արյան նմուշները ոչնչացնել, իսկ Շ․Խ.-ի հագուստները վերադարձնել վերջինին: Նույն դատական ակտով որոշվել է նաև Հովսեփ Համլետի Թորոսյանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 837.000 (ութ հարյուր երեսունյոթ հազար) ՀՀ դրամ` որպես քրեական գործով կատարված վարութային ծախսերի փոխհատուցում: 3. Մեղադրյալ Հ․Թորոսյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2024 թվականի հունվարի 18-ի որոշմամբ ներկայացված բողոքը բավարարել է՝ Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի սեպտեմբերի 11-ի դատավճիռը բեկանել և փոփոխել է։ Հ․Թորոսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 3 (երեք) տարի ժամկետով։ Հ․Թորոսյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատժին հաշվակցվել է արգելանքի տակ գտնվելու՝ 3 (երեք) օրը և նրա նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 2 (երկու) տարի 11 (տասնմեկ) ամիս 27 (քսանյոթ) օր ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի հիման վրա Հ․Թորոսյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել է փորձաշրջան՝ 3 (երեք) տարի ժամկետով՝ առանց դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի համաձայնության Հայաստանի Հանրապետության տարածքը չլքելու, բնակության վայրը փոխելու դեպքում դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնին սեղմ ժամկետում նոր բնակության վայրի հասցեն հայտնելու և հոգեբանական-վերականգնողական կուրս անցնելու պարտականությունների սահմանմամբ։ Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի սեպտեմբերի 11-ի դատավճիռը մնացած մասով թողնվել է անփոփոխ։ 4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Լ․Գրիգորյանը ներկայացրել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2024 թվականի մայիսի 6-ի որոշմամբ ընդունվել է վարույթ և սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։ Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը. Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով. 5. Բողոքաբերը փաստարկել է, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ՝ նյութական օրենքի էական խախտում, որն ազդել է վարույթի ելքի վրա: 5․1․ Բողոքի հեղինակը, անդրադառնալով ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նախատեսված ծանրացնող հանգամանքին, նշել է, որ «մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկա կամ միջոց» հասկացության ներքո պետք է հասկանալ այն կենցաղային նշանակության առարկաները, որոնց կիրառմամբ հանցավորը կարող է վնաս պատճառել տուժողի առողջությանը, ինչպես նաև բոլոր այն առարկաները, որոնք զենք չեն հանդիսանում, միևնույն ժամանակ, արտադրման կամ պատրաստման պահից, այսինքն՝ իրենց բնույթով, ի սկզբանե, այնպիսին են, որ կիրառման դեպքում ունակ են, ի թիվս այլ ենթադրվող օգտագործման նպատակների, անձի առողջությանը վնաս պատճառելու, կամ, ի սկզբանե, այդպիսի հատկություն չունեն, բայց նախապես՝ մինչև հանցանք կատարելը, հարմարեցվել են այդպիսի հատկություն ձեռք բերելու համար։ 5․2․ Բողոքաբերը, անդրադառնալով դանակի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի իմաստով մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկա հանդիսանալու հարցին, նշել է, որ այն, ի սկզբանե, ունի անձին մարմնական վնասվածք պատճառելու հատկություն, և հանցավորի կողմից այն նախապես հարմարեցնելու կամ պատրաստելու անհրաժեշտությունը բացակայում է։ Հետևաբար, եթե հանցավորն արարքը կատարում է դանակի գործադրմամբ, արդեն իսկ ենթադրվում է, որ անձն օգտագործում է մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված առարկա, և դանակը նախապես պատրաստելը կամ հարմարեցնելը չի նույնանում հանցավորի կողմից այն նախապես վերցնելու հետ։ 5․3․ Բացի այդ, բողոքաբերը, անդրադառնալով Վերաքննիչ դատարանի այն դատողությանը, որ Հովսեփ Թորոսյանին ներկայացված մեղադրանքի փաստական հանգամանքներում ներառված չէ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստած կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրումը, հետևաբար, դատարանն իր սեփական նախաձեռնությամբ է Հ.Թորոսյանի մեղադրանքի ծավալում այդ որակյալ հատկանիշը ներառել՝ դուրս գալով նրան ներկայացված մեղադրանքի հիմքում դրված փաստական հանգամանքների շրջանակից, փաստարկել է, որ նշված եզրահանգումը չի բխում գործում առկա փաստական տվյալներից, մասնավորապես՝ Հ.Թորոսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշմամբ հստակ նշված է, որ վերջինը Շ․Խ.-ին հարվածներ հասցրել և մարմնական վնասվածք է պատճառել իր մոտ պահվող դանակով: 6. Հիմք ընդունելով վերոշարադրյալը` բողոքաբերը խնդրել է մասնակի՝ մեղադրյալին վերագրվող արարքին տրված իրավական գնահատականի մասով բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի հունվարի 18-ի որոշումը և գործն ուղարկել ստորադաս դատարան՝ նոր քննության կամ կայացնել դրան փոխարինող դատական ակտ: Վճռաբեկ բողոքի պատասխանը. 7. Հ․Թորոսյանի պաշտպան Կ․Քալանթարյանը, ներկայացրած դատական վերանայման բողոքի պատասխանում նշել է, որ Հ․Թորոսյանին առաջադրված մեղադրանքում վերջինի մոտ այդ պահին գտնվող դանակը Շ․Խ.-ին մարմնական վնասվածք պատճառելու համար հատուկ պատրաստված կամ հարմարեցված չի եղել, քանի որ այդպիսին լինելու դեպքում պարզորոշ է, որ Հ․Թորոսյանի մեղադրանքում պետք է նկարագրվեին դանակի՝ հատուկ պատրաստված լինելու կամ հարմարեցված լինելու վերաբերյալ տվյալներ։ Մինչդեռ, պաշտպան Կ․Քալանթարյանի պնդմամբ՝ Առաջին ատյանի դատարանը ոչ իրավաչափորեն Հ․Թորոսյանին մեղադրանք է առաջադրել հանցակազմի առավել որակյալ հատկանիշով, այնինչ, վերջինի արարքի փաստական կողմը վկայում է արարքին տրված իրավական համեմատությամբ իր բնույթով առավել նվազ ծանրության ենթադրյալ հանցագործության կատարման մասին։ 8. Վերոշարադրյալի հիման վրա, բողոքի պատասխանի հեղինակը խնդրել է ամբողջությամբ մերժել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Լ.Գրիգորյանի վճռաբեկ բողոքը՝ Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի հունվարի 18-ի որոշումը թողնելով անփոփոխ։ Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները. 9. Հովսեփ Թորոսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով մեղադրանք է առաջադրվել հետևյալ արարքի համար․ «[Ն]ա, «2022 թվականի հոկտեմբերի 26-ին, ժամը 19։30-ի սահմաններում գտնվելով ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Նաիրյան փողոցի 151-րդ շենքի դիմաց գտնվող «Սոֆի» հարսանյաց սրահի մոտ և լսելով նույն վայրում ոչ սթափ վիճակում գտնվող Շ.Խ.-ի կողմից իր և մոր հասցեին հնչեցված սեռական բնույթի հայհոյանքները, նրա այդ վարքագիծը դադարեցնելու համար դիտողություն է արել, սակայն Շ.Խ.-ն շարունակել է սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնել Հովսեփ Համլետի Թորոսյանի հասցեին, ինչից դրդված վերջինս իր մոտ պահվող դանակով, դիտավորյալ հարվածել է Շ.Խ.-ի որովայնին՝ պատճառելով առողջության ծանր վնասի հատկանիշներ պարունակող և կյանքի համար վտանգավոր՝ ծանր աստիճանի հեմոռագիկ-հիպովոլեմիկ շոկերով, տարածուն պերիտոնիտով, սուր շնչառական անբավարարությամբ ուղեկցված՝ որովայնի առաջնային պատի ծակած-կտրած թափանցող երկու վերքերի՝ մեծ ճարպոնի արտանկման, ստամոքսի առաջնային պատի ծակած-կտրած թափանցող վերքերի՝ մեծ ճարպոնի վնասման ձևով մարմնական վնասվածք (…)»։ 10. Առաջին ատյանի դատարանի դատավճռով արձանագրվել է հետևյալը. «(...) Անդրադառնալով քննարկվող որակյալ տարատեսակի դրսևորման մյուս եղանակին, այն է մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կիրառելիությանը՝ Դատարանն արձանագրում է հետևյալը. Այսպես, հոդվածի դիսպոզիցիայում օգտագործվող նախապես եզրույթի ներքո անհրաժեշտ է դիտարկել նախքան մեղսագրվող արարքի օբյեկտիվ կողմի մեկնարկը՝ մինչև հանցավոր իրադրության առաջացումը գոյություն ունեցող իրավիճակը: Այլ խոսքով, այն գործիքները, որոնք մարմնական վնասվածք պատճառելու համար պատրաստվել կամ հարմարեցվել են հենց դեպքի պահին, այլ ոչ թե՝ նախապես, քննարկվող որակյալ տարատեսակի առարկա հանդիսանալ չեն կարող: (...) Անդրադառնալով քննարկվող հանցագործության առարկայի նպատակային նշանակությանը՝ Դատարանը գտնում է, որ որպես այդպիսին կարող են հանդիսանալ այն առարկաները, որոնց բնութագրիչ հատկանիշները վկայում են նշված առարկայի ինքնին մարմնական վնասվածք պատճառելու հնարավորություն ունենալու մասին: Դրանց բնութագրիչ հատկանիշների շրջանակներում անհրաժեշտ է նախ և առաջ հաշվի առնել առարկայի խոցելիությունը, այդ թվում՝ չափսերը, սրության աստիճանը, ինչպես նաև հանցավոր իրադրությունում կիրառման հնարավորությունը: Այլ խոսքով, ցանկացած առարկայի կիրառումը չի կարող մեխանիկորեն հանգեցնել հանցավորի արարքը քննարկվող հոդվածի մասով որակելու համար, քանի որ չի բացառվում այնպիսի իրավիճակի առկայությունը, երբ վնասվածքը պատճառվում է, ոչ թե առարկայի գործնական հատկանիշների, այլ այն կիրառողի առավել ինտենսիվ ուժգնությամբ գործածելու արդյունքում: (...) Դատարանը հարկ է համարում ընդգծել, որ քննարկվող նորմի բառացի և տրամաբանական մեկնաբանումից հետևում է, որ քննարկվող հանցագործության առարկա կարող է հանդիսանալ նաև այլոց կողմից արտադրված, պատրաստված կամ հարմարեցված առարկան: Այլ խոսքով՝ նախորդ կետում նշված հատկանիշներով հենց հանցավորի կողմից առարկան օժտած լինելու կամ այլ նպատակներով այն օգտագործած լինելու հանգամանքները սույն իրադրությունում քրեաիրավական առումով չեն արժևորվում: (...) Սույն քրեական գործով դատաքննության ընթացքում հետազոտված փաստական տվյալներից հետևում է, որ Հովսեփ Թորոսյանի կողմից Շ.Խ.-ին մարմնական վնասվածք է պատճառվել ընդհանուր 158 մմ երկարությամբ, 68 մմ շեղբի երկարությամբ և 1.66 մմ կռակի հաստությամբ, բացվող-փակվող, սրածայր դանակի գործադրմամբ, որը վերջինիս մոտ պահվել է մշտապես: (...) Նախորդ կետում նշված հանգամանքները, գնահատելով 3.2.1-3.3.2 կետերում ներկայացված իրավանորմերի և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Դատարանը գտնում է, որ Հովսեփ Թորոսյանի կողմից Շ.Խ.-ի առողջությանը ծանր վնասվածք է պատճառվել մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված առարկայի գործադրմամբ: (...) Հաշվի առնելով վերոգրյալը, այդ թվում՝ դրանց վերաբերյալ հիմնական դատալսումների ընթացքում կողմերի հետ արված քննարկումները՝ Դատարանը գտնում է, որ Հովսեփ Թորոսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով մեղսագրված արարքը անհրաժեշտ է վերաորակել ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (…)»։ 11․ Վերաքննիչ դատարանը 2024 թվականի հունվարի 18-ի որոշմամբ արձանագրել է հետևյալը. «(…) [Հ]աշվի առնելով, որ Առաջին ատյանի դատարանը, մեղադրյալ Հովսեփ Թորոսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով վերագրվող արարքին տրված իրավական գնահատականը փոխել է, և կայացրած վերդիկտով նրան մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նախատեսված հանցագործության կատարման մեջ, Վերաքննիչ դատարանը, հարկ է համարում նախ անդրադառնալ և վերլուծել նշված կետով նախատեսված որակյալ հատկանիշի էությունը, փաստելով, որ Առաջին ատյանի դատարանը նման որակում տալով նախ դուրս է եկել մեղադրանքի հիմքում դրված փաստական հանգամանքների շրջանակից և բացի այդ սխալ է մեկնաբանել նյութական օրենքը։ Այսպես. ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով քրեական պատասխանատվություն է նախատեսվում մեկ ուրիշի առողջությանը ծանր վնաս պատճառելու համար, որը կատարվել է զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ։ Նշված ծանրացնող հանգամանքի առկայությունը փաստելու համար, փաստացի Օրենսդիրը սահմանել է 3 հնարավոր իրավիճակ՝ 1) Երբ մեկ ուրիշի առողջությանը ծանր մարմնական վնասվածքը պատճառվել է զենքով։ Նկատի ունենալով, որ «Զենքի շրջանառության մասին» ՀՀ օրենքով հստակ սահմանվում է զենքի հասկացությունը, ինչպես նաև զենքի տեսակները, ուստի այս հնարավոր իրավիճակի գնահատման համար յուրաքանչյուր դեպքում պետք է փաստել, որ մարմնական վնասվածքը պատճառվել է նշված օրենքում թվարկված զենքերի տեսակներից որևէ մեկով, որի կիրառումը ընդգրկված է եղել հանցավորի դիտավորության մեջ և գիտակցվել է նրա կողմից։ 2) Երբ մեկ ուրիշի առողջությանը ծանր մարմնական վնասվածքը պատճառվել է մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված առարկայով կամ միջոցով։ Այս առումով պետք է նախ կրկին ընդգծել, որ յուրաքանչյուր ծանրացնող հանգամանք անձին մեղսագրելու համար պետք է այն ընդգրկված լինի հանցավորի դիտավորության մեջ և գիտակցվի նրա կողմից, ուստի նախապես պատրաստված լինելու հատկանիշը ևս պետք է գնահատել այս համատեքստում։ Այսինքն, յուրաքանչյուր դեպքում, քննարկվող հատկանիշի առկայությունը կամ բացակայությունը փաստելու համար, պետք է գնահատել, թե տվյալ առարկան կամ միջոցը, որով ծանր մարմնական վնասվածք է պատճառվել մեկ ուրիշին, հանցավորի կողմից նախապես պատրաստվել է մարմնական վնասվածք պատճառելու համար, թե ոչ։ Ընդ որում, այստեղ պատրաստելը ոչ թե տվյալ առարկան ստեղծելն է կամ այն ձևափոխելը, այլ հանցավորի սուբյեկտիվ ընկալման մեջ այն նախապես նախատեսելն է մեկ ուրիշին մարմնական վնասվածք հասցնելու համար։ Ընդ որում՝ էական չէ, թե հանցավորն այդ առարկայով կամ միջոցով արդեն իսկ կոնկրետ անձին է նախատեսում մարմնական վնասվածքը պատճառել, թե ոչ։ Այլ խոսքով, հանցավորը կարող է ինչպես նախապես վիճաբանությունից առաջ իր հետ վերցնել դանակ՝ կոնկրետ անձին մարմնական վնասվածք հասցնելու համար, այնպես էլ օրինակ կարող է իր մոտ մշտապես ունենա դանակ կամ այլ առարկա կամ որևէ այլ միջոց՝ նպատակ ունենալով, որ անհրաժեշտության դեպքում դրանով որևէ անձի կպատճառի մարմնական վնասվածք, այդ կերպ այդ առարկան կամ միջոցը նախապես պատրաստելով՝ մարմնական վնասվածք պատճառելու համար։ Հարկ է ընդգծել, որ յուրաքանչյուր դեպքում անհրաժեշտ է հիմնավորել, որ կոնկրետ առարկան կամ միջոցը հանցավորը նախապես պատրաստել է մարմնական վնասվածք պատճառելու համար և եթե այդ փաստը հիմնավորող բավարար ապացույցներ չկան, ապա անձին նշված ծանրացնող հանգամանքը մեղսագրվել չի կարող։ Նշվածի համատեքստում հարկ է եզրահանգել, որ անմիջապես արարքի կատարման պահին կամ դրա ընթացքում հանցավորի կողմից վերցրած առարկան կամ միջոցը, եթե չի հանդիսանում զենք, միանշանակ չի հանգեցնում այս ծանրացնող հանգամանքի առկայությունը և ըստ էության, այդ առարկան կամ միջոցը հենց նախապես պատրաստելու կամ հարմարեցնելու հանգամանքն է բարձրացնում անձի հանրային վտանգավորության աստիճանը և հանգեցնում առավել որակյալ հանցակազմի առկայությանը։ 3) Երբ մեկ ուրիշի առողջությանը ծանր մարմնական վնասվածքը պատճառվել է մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես հարմարեցված առարկայով կամ միջոցով։ Այս դեպքում հանցավորը, հենց այդ նպատակով՝ մարմնական վնասվածք պատճառելու համար, նախապես առարկան ստեղծում է կամ ձևափոխում, այդ կերպ հարմարեցնելով այն։ Ընդ որում, այս դեպքում ևս անհրաժեշտ չէ, որպեսզի հանցավորը կոնկրետ անձին մարմնական վնասվածք պատճառելու համար կատարի այդ գործողությունները և կարող է նրա դիտավորությունն ուղղված լինի հետագայում որևէ անձի մարմնական վնասվածք պատճառելուն, սակայն յուրաքաչյուր դեպքում անհրաժեշտ է հիմնավորել, որ հանցավորը տվյալ առարկան կամ միջոցը նախապես հարմարեցրել է մեկ ուրիշի մարմնական վնասվածք պատճառելու համար։ Վերոգրյալի համատեքստում, անդրադառնալով քննարկվող դեպքին, պետք է փաստել, որ քրեական գործով առկա չէ ապացույցների այնպիսի համակցություն, որով կհիմնավորվեր, որ Հովսեփ Թորոսյանը Շ.Խ.-ին մարմնական վնասվածքը պատճառել է այդ նպատակով նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայով կամ միջոցով։ Ավելին, ըստ առկա ապացույցների և ներկայացված մեղադրանքի՝ Հովսեփ Թորոսյանը կանգնած է եղել իրենց շենքի բակում, երբ նրան է մոտեցել իրեն անծանոթ Շ.Խ.-ն՝ ոգելից խմիչք օգտագործած վիճակում, պահանջել, որ նա հեռանա այդտեղից և սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցնել Հ․Թորոսյանի հասցեին, որից հետո Հ.Թորոսյանը նրա այդ վարքագիծը դադարեցնելու համար դիտողություն է արել, սակայն Շ.Խ.-ն Հ.Թորոսյանի մոր հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանքներ, ինչից դրդված վերջինս իր մոտ պահվող դանակով, դիտավորյալ հարվածել է Շ.Խ.-ի որովայնին՝ պատճառելով առողջության ծանր վնասի հատկանիշներ պարունակող և կյանքի համար վտանգավոր մարմնական վնասվածք։ Նման պայմաններում ակնհայտ է, որ Հովսեփ Թորոսյանին չի կարող մեղսագրվել մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված գործիքի կամ միջոցի գործադրումը, քանի որ դանակն իր մոտ գտնվելու փաստն ինքնին, չի կարող բավարար համարվել մարմնական վնասվածք պատճառելու նպատակով նախապես պատրաստված կամ հարմարեցրած լինելու հանգամանքը հիմնավորված համարելու համար, եթե չկա այդ հանգամանքը հիմնավորող այլ փաստական տվյալ։ Ավելին, Վերաքննիչ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ Հովսեփ Թորոսյանին ներկայացված մեղադրանքի փաստական հանգամանքներում ներառված չէ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրումը, իսկ նման պայմաններում պետք է փաստել, որ Առաջին ատյանի դատարանը սեփական նախաձեռնությամբ Հ.Թորոսյանի մեղադրանքի ծավալում այդ որակյալ հատկանիշը ներառելով՝ դուրս է եկել նրան ներկայացված մեղադրանքի հիմքում դրված փաստական հանգամանքների շրջանակից, ինչը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 276-րդ հոդվածի 4-րդ մասի համատեքստում անթույլատրելի է։ Ելնելով վերոգրյալից, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Հովսեփ Համլետի Թորոսյանի արարքում առկա է ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հանցակազմը, ուստի նրան պետք է մեղավոր ճանաչել այդ հոդվածով հանցանք կատարելու մեջ (…)»։ Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը. 12․ Սույն վարույթով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավորվա՞ծ են արդյոք Հովսեփ Թորոսյանի արարքում առողջությանը ծանր վնաս պատճառելու հանցակազմի՝ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ կատարելու ծանրացնող հանգամանքի բացակայության վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունները: 13. ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի համաձայն՝ «1. Մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ նրա առողջությանն այլ վնաս պատճառելը, որը` 1) վտանգավոր է կյանքի համար, (…) 2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է` (…) 6) զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ (…)»: 14․ Վճռաբեկ դատարանը, համակարգային վերլուծության ենթարկելով ՀՀ գործող և նախկին քրեական օրենսգրքերը, արձանագրել է, որ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի բազմաթիվ հանցակազմերում որպես ծանրացնող հանգամանք նախատեսված՝ հանցանքը որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ կատարելու որակյալ հատկանիշն էական բովանդակային փոփոխության է ենթարկվել։ Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը՝ Ռուստամ Շավալյանի գործով իրավական դիրքորոշում է արտահայտել առ այն, որ «(…) [Ո]րակյալ է համարվում ոչ թե առարկայի կամ միջոցի պարզապես օգտագործումը, այլ մարմնական վնասվածք պատճառելու համար որոշակի նախապատրաստական գործողությունների իրականացումը, այն է՝ առարկան կամ միջոցը նախապես պատրաստելը կամ հարմարեցնելը։ Այլ կերպ՝ արարքը քննարկվող ծանրացնող հանգամանքով որակելու համար, անհրաժեշտ է նախևառաջ ուշադրություն դարձնել հանցավորի սուբյեկտիվ ընկալմանը և վերջինիս կողմից օբյեկտիվորեն իրականացված գործողությունների բնույթին։ Մասնավորապես, վերոնշյալ որակյալ հանգամանքն անձին մեղսագրելու համար, կարևոր է, որ վերջինս մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես որոշակի ակտիվ գործողություններ իրականացնի, այն է՝ պատրաստի կամ հարմարեցնի համապատասխան առարկան կամ միջոցը։ Հաշվի առնելով «պատրաստել» կամ «հարմարեցնել» արտահայտությունների լեզվաբացատրական նշանակությունը, ինչպես նաև դրանց վերաբերյալ առկա դոկտրինալ մեկնաբանությունները՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ առարկան կամ միջոցը պատրաստել ասելով պետք է հասկանալ ցանկացած գործողություն, որի արդյունքում մարմնական վնասվածք պատճառելու համար պատրաստի առարկա կամ միջոց է ստացվում կամ ստեղծվում։ Ինչ վերաբերում է առարկան կամ միջոցը հարմարեցնելուն, ապա այն ենթադրում է հանցավորի կողմից արդեն իսկ գոյություն ունեցող առարկայի կամ միջոցի նկատմամբ որևէ ներգործության իրականացում՝ լրիվ կամ մասնակի կառուցվածքային փոփոխության ենթարկում, կարգավորում կամ ձևափոխում, որպեսզի դրանք առավել արդյունավետ կամ հարմար լինեն օգտագործման համար (օրինակ՝ մետաղյա ձողը կամ խոհանոցային դանակը սրելը, մետաղական մալուխը ընդհանուր զանգվածից կտրելով առանձնացնելը և այլն) (…)»։ 15. Այսպիսով, հիմք ընդունելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նախատեսված որակյալ տեսակն անձին մեղսագրելու համար անհրաժեշտ է հաստատված համարել, որ առողջությանը ծանր վնաս պատճառվել է մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ։ 16. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ` - Հովսեփ Թորոսյանին մեղադրանք է ներկայացվել այն բանի համար, որ նա, իր մոտ պահվող դանակով, դիտավորյալ հարվածել է Շ․Խ.-ի որովայնին՝ պատճառելով առողջության ծանր վնասի հատկանիշներ պարունակող և կյանքի համար վտանգավոր մարմնական վնասվածք։ - Առաջին ատյանի դատարանը, Հ․Թորոսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով մեղսագրվող արարքը վերաորակել է և վերջինիս մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով՝ արձանագրելով, որ Հ․Թորոսյանի կողմից Շ․Խ.-ի առողջությանը ծանր վնասվածք է պատճառվել մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված առարկայի գործադրմամբ: - Վերաքննիչ դատարանն իր հերթին ընդգծել է, որ յուրաքանչյուր դեպքում անհրաժեշտ է հիմնավորել, որ կոնկրետ առարկան կամ միջոցը հանցավորը նախապես պատրաստել է մարմնական վնասվածք պատճառելու համար և եթե այդ փաստը հիմնավորող բավարար ապացույցներ չկան, ապա անձին նշված ծանրացնող հանգամանքը մեղսագրվել չի կարող։ Նշվածի համատեքստում, Վերաքննիչ դատարանը փաստարկել է, որ անմիջապես արարքի կատարման պահին կամ դրա ընթացքում հանցավորի կողմից վերցրած առարկան կամ միջոցը, եթե չի հանդիսանում զենք, միանշանակ չի հանգեցնում այս ծանրացնող հանգամանքի առկայությունը և ըստ էության, այդ առարկան կամ միջոցը հենց նախապես պատրաստելու կամ հարմարեցնելու հանգամանքն է բարձրացնում անձի հանրային վտանգավորության աստիճանը և հանգեցնում առավել որակյալ հանցակազմի առկայությանը։ Հետևաբար, Վերաքննիչ դատարանը նշել է, որ քրեական գործով առկա չէ ապացույցների այնպիսի համակցություն, որով կհիմնավորվեր, որ Հովսեփ Թորոսյանը Շ․Խ.-ին մարմնական վնասվածքը պատճառել է այդ նպատակով նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայով կամ միջոցով։ Վերաքննիչ դատարանն արձանագրել է նաև, որ Հովսեփ Թորոսյանին ներկայացված մեղադրանքի փաստական հանգամանքներում ներառված չէ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրումը, իսկ Առաջին ատյանի դատարանը սեփական նախաձեռնությամբ Հ.Թորոսյանի մեղադրանքի ծավալում այդ որակյալ հատկանիշը ներառելով՝ դուրս է եկել նրան ներկայացված մեղադրանքի հիմքում դրված փաստական հանգամանքների շրջանակից։ 17. Սույն որոշման նախորդ կետում մեջբերված փաստական տվյալները գնահահատելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը Հովսեփ Թորոսյանի արարքում մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի գործադրմամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու ծանրացնող հանգամանքի բացակայության և կատարված արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով որակելու հարցում եկել է ճիշտ հետևության։ Մասնավորապես, Վերաքննիչ դատարանն իրավաչափորեն փաստել է, որ համապատասխան առարկայի կամ միջոցի գործադրման փաստը դեռևս բավարար չէ անձի արարքում ծանրացնող հանգամանքի առկայությունը հավաստելու համար, այլ յուրաքանչյուր դեպքում անհրաժեշտ է հիմնավորել, որ տվյալ առարկան կամ միջոցը նախապես պատրաստվել կամ հարմարեցվել է մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելու համար։ Վերոգրյալից ելնելով՝ Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ առողջությանը ծանր վնաս պատճառելու հանցակազմի քննարկվող որակյալ տեսակն անձին մեղսագրելու համար անհրաժեշտ է գործում առկա փաստական տվյալներով հաստատված համարել, որ առողջությանը ծանր վնաս պատճառվել է մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ։ Մինչդեռ, սույն գործում առկա չէ որևէ տվյալ առ այն, որ մեղադրյալ Հովսեփ Թորոսյանի կողմից գործադրված առարկան նախապես պատրաստվել կամ հարմարեցվել է մարմնական վնասվածք պատճառելու համար։ 17.1. Վճռաբեկ դատարանը հիմնավոր չի համարում նաև բողոքաբերի՝ սույն որոշման 5․3-րդ կետում վկայակոչված փաստարկը, և իր համաձայնությունն է արտահայտում Վերաքննիչ դատարանի հետևությանն առ այն, որ Առաջին ատյանի դատարանը, մեղադրյալ Հ․Թորոսյանի արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով որակելիս նաև դուրս է եկել ներկայացված մեղադրանքի հիմքում դրված փաստական հանգամանքների շրջանակից։ 18․ Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն իր անհամաձայնությունն է արտահայտում բողոքաբերի այն փաստարկին, որ դանակն ի սկզբանե ունի անձին մարմնական վնասվածք պատճառելու հատկություն, և հանցավորի կողմից այն նախապես հարմարեցնելու կամ պատրաստելու անհրաժեշտությունը բացակայում է։ Վերոնշյալի համատեքստում Վճռաբեկ դատարանը փաստում է, որ նշված ծանրացնող հանգամանքի դեպքում խոսք է գնում ոչ թե ընդհանրապես առարկայի կամ միջոցի՝ ի սկզբանե անձին մարմնական վնասվածք պատճառելու հատկություն ունենալու, այլ անձի կողմից այդ նպատակով՝ մարմնական վնասվածք պատճառելու համար, կոնկրետ գործողություններ իրականացնելու՝ նախապես պատրաստելու կամ հարմարացնելու մասին։ Հակառակ մեկնաբանությունը, Վճռաբեկ դատարանի համոզմամբ, ողջամտորեն կվտանգի չկա հանցագործություն և պատիժ, եթե այն սահմանված չէ օրենքով (nullum crimen, nulla poena sine lege) հանրահայտ սկզբունքը, որից, ի թիվս այլնի, բխում է, որ քրեական օրենքը չպետք է ի վնաս անձի տարածական մեկնաբանության ենթարկվի։ Անձը չի կարող ենթարկվել քրեական պատասխանատվության և պատժի այլ կերպ, քան օրենքով ուղղակիորեն նախատեսված դեպքերում, կարգով և չափով: Վերոնշյալ կանոնը բացարձակ նշանակություն ունի մարդու իրավունքների պաշտպանության համակարգում և իրավունքի գերակայության կարևորագույն տարր է, հետևաբար նշված սկզբունքից որևէ շեղումն անթույլատրելի է: 19. Այսպիսով, ամփոփելով սույն որոշմամբ կատարված վերլուծությունը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Հովսեփ Թորոսյանի արարքում առողջությանը ծանր վնաս պատճառելու հանցակազմի՝ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ կատարելու ծանրացնող հանգամանքի բացակայության վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունները հիմնավորված են։ Ընդհանրացնելով վերոշարադրյալը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, Առաջին ատյանի դատարանի դատական ակտը բեկանելով և փոփոխելով, թույլ չի տվել դատական սխալ, կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ, հետևաբար, ստորադաս դատարանի դատական ակտը պետք է թողնել անփոփոխ՝ հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։ 20․ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 352-րդ, 359-րդ, 361-363-րդ և 385-387-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը Ո Ր Ո Շ Ե Ց Հովսեփ Համլետի Թորոսյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի հունվարի 18-ի որոշումը թողնել անփոփոխ՝ հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։ Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը: Նախագահող` Հ.ԱՍԱՏՐՅԱՆ Դատավորներ` Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆ Հ․ԳՐԻԳՈՐՅԱՆ Ա․ԴԱՆԻԵԼՅԱՆ Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ Ա.ՊՈՂՈՍՅԱՆ