Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am

Վճռաբեկ դատարան · Քրեական

ԵԴ/0503/01/19

Վճռաբեկ դատարանի որոշումների ցանկից (cassationcourt.am/decisions)՝ դատարանի նախադեպային շտեմարանում այն չկա։

Գործի համարը
ԵԴ/0503/01/19
Դիմող / մեղադրյալ
Ալբերտ Բլբուլյան
Դատական ակտի ընդունման ամսաթիվը
07.08.2026

Որոշման տեքստը

դատարանի Word ֆայլից
ԵԴ/0503/01/19 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան, նախագահող դատավոր` Մ.Արամյան Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարան, նախագահող դատավոր` Լ.Հովհաննիսյան 7 օգոստոսի 2026 թվական ք.Երևան ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) նախագահությամբ` Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ մասնակցությամբ դատավորներ` Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ Հ.ԳՐԻԳՈՐՅԱՆԻ Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ գրավոր ընթացակարգով քննության առնելով մեղադրյալ Ալբերտ Գագիկի Բլբուլյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2026 թվականի մարտի 5-ի որոշման դեմ պաշտպան Լ.Սիմոնյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը, Պ Ա Ր Զ Ե Ց Վարույթի դատավարական նախապատմությունը. 1. 2017 թվականի սեպտեմբերի 14-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում, 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նաև ՀՀ քրեական օրենսգիրք) 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 7-րդ կետերով, 235-րդ հոդվածի 1-ին մասով, հարուցվել է թիվ 13116017 քրեական գործը։ 2017 թվականի սեպտեմբերի 15-ին որոշում է կայացվել Ալբերտ Գագիկի Բլբուլյանին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 7-րդ կետերով, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին: 2017 թվականի սեպտեմբերի 15-ին որոշում է կայացվել Ա.Բլբուլյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին: Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2017 թվականի սեպտեմբերի 15-ի որոշմամբ Ա.Բլբուլյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը՝ 2 (երկու) ամիս ժամկետով: 2017 թվականի հոկտեմբերի 29-ին Ա.Բլբուլյանը Վրաստանի Հանրապետությունում հայտնաբերվել և ձերբակալվել է, 2018 թվականի դեկտեմբերի 13-ին Վրաստանի Հանրապետությունում դատապարտվել է Վրաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» ենթակետով՝ 7 (յոթ) ամիս ժամկետով ազատազրկման, պատժի կրումից ազատվել՝ ազատազրկման ժամկետը լրանալու հիմքով, և 2019 թվականի փետրվարի 5-ին էքստրադիցիայի ենթարկվել Հայաստանի Հանրապետություն։ 2019 թվականի փետրվարի 6-ին Ա.Բլբուլյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 7-րդ կետերով, 235-րդ հոդվածի 1-ին մասով։ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2019 թվականի փետրվարի 7-ի որոշմամբ Ա.Բլբուլյանի նկատմամբ 2 (երկու) ամիս ժամկետով ընտրված կալանավորումը վերահաստատվել է՝ կալանքի սկիզբը հաշվելով 2019 թվականի փետրվարի 5-ից։ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2019 թվականի մարտի 29-ի և մայիսի 31-ի որոշումներով Ա.Բլբուլյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման ժամկետը երկարացվել է՝ յուրաքանչյուր դեպքում՝ 2 (երկու) ամիս ժամկետով։ 2019 թվականի հունիսի 25-ին որոշում է կայացվել թիվ 13116017 քրեական գործից մեղադրյալներ՝ Արմեն Կարադավիդովի և Ալբերտ Բլբուլյանի մասն առանձին վարույթում առանձնացնելու մասին։ Նախաքննության մարմնի՝ 2019 թվականի հունիսի 25-ի որոշմամբ մեղադրյալ Ա.Բլբուլյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 7-րդ կետերով, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով։ 2019 թվականի հուլիսի 10-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան։ 2. 2019 թվականի հուլիսի 10-ին դատավորների միջև գործերի բաշխման էլեկտրոնային մակագրության համակարգի միջոցով թիվ ԵԴ/0503/01/19 քրեական գործը մակագրվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր՝ Վ.Մարգարյանին։ Ա.Բլբուլյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքը թողնվել է անփոփոխ։ Վերոնշյալ քրեական գործը 2023 թվականի նոյեմբերի 16-ին վերաբաշխվել է նույն դատարանի դատավոր՝ Գ.Պողոսյանին։ Ա.Բլբուլյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքը թողնվել է անփոփոխ։ 2025 թվականի մայիսի 15-ին քրեական գործը վերաբաշխվել է դատավոր Մ.Արամյանին։ 3. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարանի)՝ 2025 թվականի մայիսի 19-ի, օգոստոսի 13-ի և նոյեմբերի 19-ի որոշումներով մեղադրյալ Ա.Բլբուլյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքը երկարաձգվել է՝ յուրաքանչյուր դեպքում՝ 3 (երեք) ամիս ժամկետով՝ մինչև 2026 թվականի փետրվարի 21-ը։ Առաջին ատյանի դատարանի՝ 2026 թվականի փետրվարի 3-ի որոշմամբ մեղադրյալ Ա.Բլբուլյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքը երկարաձգվել է 2 (երկու) ամիս ժամկետով՝ մինչև 2026 թվականի ապրիլի 21-ը։ 4. Մեղադրյալ Ա.Բլբուլյանի պաշտպան Լ.Սիմոնյանի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2026 թվականի մարտի 5-ի որոշմամբ բողոքը մերժել է, Առաջին ատյանի դատարանի՝ 2026 թվականի փետրվարի 3-ի որոշումը թողնելով անփոփոխ: 5. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ մեղադրյալ Ա.Բլբուլյանի պաշտպան Լ.Սիմոնյանը ներկայացրել է հատուկ վերանայման վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2026 թվականի ապրիլի 21-ի որոշմամբ ընդունվել է վարույթ և սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։ Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը. Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով. 6. Բողոքի հեղինակը գտել է, որ Վերաքննիչ դատարանը, Առաջին ատյանի դատարանի դատական ակտն անփոփոխ թողնելով, թույլ է տվել ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվեցնիայի 5-րդ հոդվածի, ինչպես նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի մի շարք նորմերի խախտումներ։ 6.1. Բողոքի հեղինակը նշել է, որ Ա.Բլբուլյանը սույն գործի շրջանակներում 2017 թվականի հոկտեմբերի 29-ից անորոշ և շարունակական կալանքի տակ է գտնվում, այսինքն՝ 8 տարուց ավելի, այն դեպքում, երբ ՀՀ-ում դատավորների տեղափոխությունների կամ լիազորությունների դադարեցմամբ գործի քննությունը վերսկսվում է, իսկ դատարանները հրաժարվում են որևէ երաշխիքով մեղադրյալին կալանքից ազատել։ Բողոքաբերը նշել է, որ 2019 թվականի հուլիս ամսից սկսած, քրեական գործի դատաքննության ընթացքում հարցաքննվել են բոլոր վկաները, տուժողները, հետազոտվել են գործում առկա բոլոր փաստաթղթերն ու իրեղեն ապացույցները, սակայն դատական ակտ չի կայացվել, քանի որ 2023 թվականի նոյեմբեր ամսին քրեական գործը մակագրվել է մեկ այլ դատավորի։ Այնուհետև գործի քննությունը վերսկսվել է և մինչև 2025 թվականի ապրիլ ամիսը հետազոտվել են քրեական գործում առկա գրավոր փաստաթղթերը, որից հետո քրեական գործը 2025 թվականի մայիսի 15-ին դարձյալ վերամակագրվել է մեկ այլ դատավորի։ Բողոքի հեղինակը, անդրադառնալով Վերաքննիչ դատարանի կողմից արձանագրված խափանման միջոցի հիմքերի առկայությանը, դրանք փոփոխված չլինելու, առաջադրված մեղադրանքի ծանրությանը և այդ հանգամանքով պայմանավորված Ա.Բլբուլյանին շարունակական կալանքի տակ պահելու հիմնավորումներին, նշել է, որ սույն գործով բոլոր վկաներն ու տուժողները դատաքննության ժամանակ մեկ անգամ արդեն իսկ հարցաքննվել են, և առկա չէ որևէ փաստական տվյալ, որ Ա.Բլբուլյանը փորձել է որևէ կերպ նրանց վրա ազդեցություն գործել։ Բողոք բերած անձը փաստել է, որ ստորադաս դատարանների կողմից կայացված դատական ակտերը հակասում են Վճռաբեկ դատարանի՝ Մելսիկ Ալեքսանյանի գործով 2025 թվականի ապրիլի 9-ի թիվ ԼԴ1/0059/01/17 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումներին։ 6.2. Բողոքի հեղինակը նշել է, որ Առաջին ատյանի դատարանը խախտել է մեղադրյալ Ա.Բլբուլյանի պաշտպանության իրավունքը: Մասնավորապես, բողոք բերած անձը փաստել է, որ հիմնական դատալսումները նշանակվել էին 2026 թվականի փետրվարի 3-ին՝ ժամը 14։00-ին, և ինքը, դատարանի կազմին հայտնել էր, որ ժամը 12։00-ին նույն նստավայրում այլ նիստ ունի, հետևաբար հնարավոր է չհասցնի ներկայանալ, սակայն ժամը 14։00-ին ներկայացել է դատական նիստերի դահլիճ, իսկ դատավորի կազմի աշխատակիցը դուրս գալով նիստերի դահլիճից, որոշ ժամանակ անց վերադարձել և հայտնել է, որ մեղադրյալները դեռևս դատարան չեն ներկայացվել, հետևաբար դատական նիստը ուշ է լինելու, երբ մեղադրյալները կուղեկցվեն դատարան։ Բողոքաբերը նշել է, որ նման պայմաններում, քանի որ անորոշ էր, թե երբ կներկայացվեն մեղադրյալները, ինքը հայտնել է, որ այլ դատական նիստեր ունի և չի կարող անորոշ ժամանակով սպասել։ Հետագայում պարզել է, որ մեղադրյալները դատարան էին ուղեկցվել և ժամը 13։35-ին արդեն իսկ գտնվել էին դատարանում։ 7. Վերոգրյալի հիման վրա, բողոքաբերը խնդրել է ամբողջությամբ բեկանել ստորադաս դատարանների դատական ակտերը և կայացնել դրան փոխարինող դատական ակտ՝ մեղադրյալ Ա.Բլբուլյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը վերացնել և նրա նկատմամբ ընտրել այլընտրանքային խափանման միջոցների համակցություն՝ տնային կալանք, գրավ և բացակայելու արգելք։ Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները. 8. Ալբերտ Բլբուլյանին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 7-րդ կետերով, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել հետևյալ արարքի համար. «(...) [Ն]ա խմբի կազմում երկու և ավել անձանց՝ Վ.Ա.-ին, նրան ուղեկցող Գ.Մ.-ին, Ա.Մ.-ին, Ա.Խ.-ին և Դ.Բ.-ին, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ապօրինի կերպով ձեռք բերած, պահած և կրած ռազմամթերք հանդիսացող փամփուշտներով լիցքավորված հրազեն հանդիսացող ատրճանակից կրակոցներ է արձակել վերջիններիս ուղղությամբ և սպանել Գ.Մ.-ին, իսկ Վ.Ա.-ին, Ա.Մ.-ին, Դ.Բ.-ին և Ա.Խ.-ին կյանքից ապօրինաբար զրկելու հանցավոր մտադրությունը խմբի կամքից անկախ հանգամանքներով ավարտին չի հասցվել, քանի որ արձակված կրակոցները Ա.Մ.-ին, Դ.Բ.-ին և Ա.Խ.-ին չեն դիպել, իսկ հրազենային վնասվածքներ ստացած Վ. Ա.-ն անմիջապես տեղափոխվել է հիվանդանոց և ստացել անհրաժեշտ բուժօգնություն, որպիսի գործողություններն արտահայտվել են հետևյալում. 2017 թվականի ընթացքում Ալբերտ Բլբուլյանը նախնական համաձայնության է եկել իր մտերիմ Արմեն Կարադավիդովի հետ՝ վրեժի շարժառիթով Ալավերդի քաղաքի բնակիչ Վ.Ա.-ին և նրան ուղեկցող Գ.Մ.-ին, Ա.Մ.-ին, Ա.Խ.-ին, Դ.Բ.-ին սպանելու վերաբերյալ, ինչպես նաև Արմեն Կարադավիդովի հետ նախնական համաձայնության են եկել Ռաֆիկ Խաչատրյանի հետ՝ իրենց հանցավոր դիտավորությունն իրականացնելու ընթացքում վերջինիս վարած ավտոմեքենայով խմբի անդամներին, այսինքն, իրենց, հանցագործության գործիք հանդիսացող հրազեններն ու ռազմամթերքը հանցանքի կատարման վայր փոխադրելու և սպանության ընթացքում առաջացող հնարավոր խոչընդոտները վերացնելու եղանակով օժանդակելու շուրջ: Այդ նպատակով Ալբերտ Բլբուլյանը և Արմեն Կարադավիդովը քննությամբ չպարզված հանգամանքներում ապօրինի ձեռք են բերել և 2017 թվականի ընթացքում Երևան քաղաքի Հակոբ Հակոբյան փողոցի 1-ին շենքի 119-րդ հասցեում գտնվող իրենց վարձակալած բնակարանում ապօրինի պահել են մարտական ակոսափող հրազեն հանդիսացող գործարանային արտադրության «1235112» համարի 5,45մմ տրամաչափի «ԱԿՍ-74» տեսակի ինքնաձիգ, ակոսափող հրազեն հանդիսացող գործարանային արտադրության 9մմ տրամաչափի «XAH 8675» համարի «Բայկալ 442» տեսակի սպորտային-վարժական նշանակության ատրճանակ և ռազմամթերք հանդիսացող մարտական ու սպորտային վարժական նշանակության փամփուշտներ, իսկ Ռաֆիկ Խաչատրյանի միջոցով և վերջինիս անվամբ կնքված վարձակալության պայմանագրի հիման վրա՝ 15.000 ՀՀ դրամ օրավարձով, 2017 թվականի սեպտեմբերի 13-ին Երևան քաղաքի բնակիչ Գ.Խ.-ից վարձակալել են «Volkswagen Jeta» մակնիշի ** ** *** հաշվառման համարանիշի ավտոմեքենան: Հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով հաստատապես տեղյակ լինելով, որ Վ.Ա.-ն և նրան ուղեկցող անձինք 2017 թվականի սեպտեմբերի 13-ին ժամանել են Երևան քաղաք և գտնվում են Հանրապետության փողոցի 48 հասցեում գործող «Թուֆենկյան Ավանդական Երևան» հյուրանոցում՝ Ռաֆիկ Խաչատրյանի վարած «Volkswagen Jetta» մակնիշի ** ** *** հաշվառման համարանիշի ավտոմեքենայով հյուրանոցի մերձակայքում շրջելուց, տարածքն ուսումնասիրելուց, սպանության կատարման հնարավորինս հարմար վայր ընտրելուց և ավտոմեքենան 2017 թվականի սեպտեմբերի 14-ին՝ ժամը 06:35-ից հյուրանոցի կենտրոնական մուտքի դիմաց՝ Բուզանդի փողոցի ու «Վերնիսաժ» տոնավաճառի միջնամասում առկա ավտոկայանատեղիում կայանելուց հետո, Արմեն Կարադավիդովը և Ալբերտ Բլբուլյանն ավտոմեքենայի սրահի հետնամասում զինված դարանակալել և սպասել են Վ.Ա.-ին և նրա ընկերներին: Ժամը 13:26-ի սահմաններում, նկատելով, որ Վ.Ա.-ը, Գ.Մ.-ը, Ա.Մ.-ը, Դ.Բ.-ը և Ա.Խ.-ն դուրս են գալիս հյուրանոցից՝ վերջիններիս դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկելու նպատակով Արմեն Կարադավիդովը և Ալբերտ Բլբուլյանը դուրս են եկել ավտոմեքենայից և իրենց մոտ ապօրինի պահվող՝ համապատասխանաբար մարտական փամփուշտներով լիցքավորված մարտական ակոսափող հրազեն հանդիսացող գործարանային արտադրության «1235112, համարի 5,45մմ տրամաչափի «ԱԿՍ-74» տեսակի մարտական ինքնաձիգով և ատրճանակային մարտական ու սպորտային վարժական նշանակության փամփուշտներով լիցքավորված ակոսափող հրազեն հանդիսացող գործարանային արտադրության 9մմ տրամաչափի «XAH 8675» համարի «Բայ-կալ 442» տեսակի սպորտային-վարժական նշանակության ատրճանակով, շատերի «Թուֆենկյան Ավանդական Երևան» հյուրանոցի աշխատակիցների ու հաճախորդների, հարակից փողոցներում գտնվող անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով բազմաթիվ կրակոցներ են արձակել Երևանի կենտրոնական հատվածում գտնվող հյուրանոցի մուտքի դիմաց՝ մարդաշատ վայրում գտնվող Վ.Ա.-ի և նրան ուղեկցող Գ.Մ.-ի, Ա.Մ.-ի, Դ.Բ.-ի և Ա.Խ.-ի ուղղությամբ: Այդ ընթացքում հնարավոր խոչընդոտները վերացնելու եղանակով Արմեն Կարադավիդովի և Ալբերտ Բլբուլյանի գործողություններին օժանդակելու, կրակոցներ կատարած անձանց քանակի վերաբերյալ կեղծ տպավորություն ստեղծելու և այդպիսով հնարավոր դիմադրության հանգամանքը բացառելու նպատակով, նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, Ռաֆիկ Խաչատրյանը դուրս գալով ավտոմեքենայից՝ խմբի անդամների կողմից կրակոցներ արձակելուց անմիջապես հետո իր մոտ գտնվող ատրճանակն ուղղել է գետնին ընկած Վ.Ա.-ի ու նրան ուղեկցող անձանց ուղղությամբ, սակայն չի կրակել, որից հետո խմբի անդամների հետ դիմել է փախուստի: Արմեն Կարադավիդովի արձակած կրակոցների հետևանքով Գ.Մ.-ին պատճառվել է առողջության ծանր վնասի հատկանիշներ պարունակող՝ կրծքավանդակի, աջ վերին վերջույթի համակցված հրազենային գնդակային, միջանցիկ վիրավորում, որի արդյունքում որոշակի կարճ տարածություն անցնելուց հետո Գ.Մ.-ն տեղում մահացել է, իսկ Վ.Ա.-ին պատճառվել է առողջության ծանր վնասի հատկանիշներ պարունակող՝ կրծքավանդակի աջ կեսի շրջանի միջանցիկ, չթափանցող, ճաճանչային նյարդի վնասմամբ աջ վերին վերջույթի շրջանի շոշափող, աջ ճաճանչոսկրի, բազկոսկրի բաց, բազմաբեկորային, տեղաշարժված կոտրվածքներով հրազենային, գնդակային վիրավորումների ձևով մարմնական վնասվածքներ: Վ.Ա.-ին, Ա.Մ.-ին, Դ.Բ.-ին և Ա.Խ.-ին կյանքից ապօրինաբար զրկելու հանցավոր մտադրությունը խմբի կամքից անկախ հանգամանքներով ավարտին չի հասցվել, քանի որ արձակված կրակոցները Ա.Մ.-ին, Դ.Բ.-ին և Ա.Խ.-ին չեն դիպել, իսկ հրազենային վնասվածքներ ստացած Վ.Ա.-ն անմիջապես տեղափոխվել է հիվանդանոց և ստացել անհրաժեշտ բուժօգնություն»: 9. Առաջին ատյանի դատարանի՝ 2026 թվականի փետրվարի 3-ի որոշման համաձայն՝ «(...) Դատարանը, անդրադառնալով մեղադրյալի նկատմամբ կիրառված խափանման միջոցի իրավաչափության հարցին, արձանագրում է, որ նախորդ որոշմամբ արձանագրված պայմանները և հիմքերը դեռևս իրատեսական են: Հաշվի առնելով մեղադրյալին վերագրվող ենթադրյալ հանցագործության բնույթն ու վտանգավորության բարձր աստիճանը, ելնելով գործի նյութերից, գտնում է, որ դեռևս շարունակվում են առկա լինել մեղադրյալի ազատ արձակվելու դեպքում նրա կողմից հանցանք կատարելու և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով կամ դատարանի որոշմամբ դրված պարտականություններ չկատարելու վտանգը։ Կողմերը չեն բարձրացրել դատարանի ոչ պատշաճ ջանասիրությամբ գործելու հարցը: Միաժամանակ, հաշվի առնելով, որ դեռևս շարունակվում են առկա լինել հավանական ռիսկերն առ այն, որ կալանքի տակ չգտնըվելու դեպքում մեղադրյալը կարող է փախուստի դիմել վարույթն իրականացնող մարմնից, ինչպիսի վարքագիծ արդեն իսկ դրսևորել է և տևական ժամանակ թաքնվելու արդյունքում նոր հանցանք է կատարել և դատապարտվել դրա համար, բացի այդ մեղադրյալը դատվածություն ունենալու պայմաններում մեղադրվում է նոր առանձնապես ծանր ենթադրյալ հանցանք կատարելու մեջ ինչն էլ առարկայացնում է նաև նոր հանցանք կատարելու մտավախությունը: Մեղադրյալը կարող է չկատարել իր վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով դրված պարտականությունները: Դատարանը գտնում է, որ քրեական գործը Դատարանում գտնվելու պարագայում, երբ մեղադրյալին հասու են քրեական գործի ողջ նյութերը և առավելևս իր ցուցմունքի հետ հակասության մեջ գտնվող ցուցմունքները, ապա իրեն վերագրվող հանցանքի առկայության պարագայում առկա է կանխատեսական ենթադրություն, որ վերջինս կարող է ներազդել գործով անցնող անձանց վրա իր համար նպաստավոր դատավարական իրավիճակ ստեղծելու, իր համար ձեռնտու ցուցմունքներ տալու առումով: Նշված ենթադրությունը առարկայանում է այն կասկածով, որ գործով անցնող անձանցից ոմանց հետ մեղադրյալն ունի որոշակի միջանձնային հարաբերություններ ու միջանձնային կապեր ու այդպիսի հարաբերություններ ունենալու հանգամանքը մեծացնում է հավանականությունը մեղադրյալի կողմից իր համար շահեկան դատավարական իրավիճակ ստեղծելու համար գործով անցնող անձանց վրա ներազդելու կասկածը: (...) Դատարանը, վերահաստատելով նշված հիմնավորումները, արձանագրում է, որ ձեռք չեն բերվել ու ներկայացվել այնպիսի փաստական տվյալներ, որոնց գնահատմամբ կարելի է եզրահանգել, որ վերը նշված վտանգները նվազել են, քրեական գործի փաստական հանգամանքները չեն փոփոխվել այն չափով, ինչը կարող է հիմք հանդիսանալ եզրահանգելու, որ մեղադրյալի նկատմամբ կարող է կիրառվել նրա պատշաճ վարքագիծը ապահովող այլընտրանքային խափանման միջոց կամ դրանց համակցություն։ Այլ խոսքով՝ կիրառված խափանման միջոցի գործողության ընթացքում դրա իրավաչափության պայմանները չեն փոխվել՝ դեռևս շարունակվում է առկա լինել, մեղադրյալի ազատ արձակվելու դեպքում նրա կողմից վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու, հանցանք կատարելու և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով իր վրա դրված պարտականություններ չկատարելու վտանգը։ Վերոգրյալի հաշվառմամբ՝ մեղադրյալի ազատության իրավունքի սահմանափակման աներկբա անհրաժեշտությունը գնահատելով ավելի բարձր նշանակության բարիքի, այն է՝ հանրային շահի պաշտպանության տեսանկյունից, ապահովելով հանրային և մասնավոր շահերի ողջամիտ հավասարակշռությունը, Դատարանը գտնում է, որ Մեղադրյալի ոչ պատշաճ վարքագիծը կանխելու համար պետք է երկարաձգվի նրա կալանքի ժամկետը, նկատի ունենալով, որ նշված նպատակին հնարավոր չէ հասնել նրա նկատմամբ այլընտրանքային խափանման միջոցի կամ դրանց համակցության կիրառման միջոցով։ Այլ կերպ ասած՝ վերը նշված հիմնավորումներով այլընտրանքային խափանման միջոցների համակցության կիրառումը թույլատրելի ճանաչելու համար բացակայում են դրա օբյեկտիվ և բավարար հիմքերը, ինչից հետևում է, որ անհրաժեշտ է երկարացնել մեղադրյալի նկատմամբ փաստացի կիրառված կալանքը՝ 2 ամիս ժամկետով (...)»: 10. Վերաքննիչ դատարանի՝ 2026 թվականի մարտի 5-ի որոշման համաձայն՝ «(...) Վերաքննիչ դատարանը, հատուկ վերանայման բողոքում նշված հիմքերի և այն հաստատող փաստերի սահմաններում, վերը շարադրված իրավանորմերի, իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով դատական վարույթում առկա նյութերն, Առաջին ատյանի դատարանի որոշմամբ կատարված եզրահանգումները, գտնում է, որ դրանք իրավաչափ են, բխում են ներկայացված նյութերի համակողմանի ուսումնասիրությունից և վերաբերելի իրավակարգավորումների էությունից։ Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ ազատության մեջ մնալու դեպքում մեղադրյալի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով կամ դատարանի որոշմամբ իր վրա դրված պարտականությունները չկատարելու՝ քրեական վարույթին խոչընդոտելու, ինչպես նաև հանցանք կատարելու և փախուստի դիմելու հավանականությունը շարունակում է առկա լինել: Վերաքննիչ դատարանի նման եզրահանգման հիմքում ընկած են հետևյալ հանգամանքները. - ըստ «Datalex» դատական տեղեկատվական համակարգում առկա տվյալների՝ ԵԴ/0503/01/19 գործը գտնվում է հիմնական դատալսումների փուլում, ըստ այդմ՝ հետազոտվում են գործում առկա ապացույցները, - մեղադրյալը հանցանքը ենթադրաբար կատարել է խմբի կազմում, - Ալբերտ Բլբուլյանը կապեր ունի վարույթի համար նշանակություն ունեցող հանգամանքների տիրապետող անձանց հետ, - մեղադրյալը տևական ժամանակ թաքնվել է, որի ընթացքում նոր հանցանք է կատարել և դատապարտվել դրա համար, և դատվածություն ունենալու պայմաններում մեղադրվում է նոր առանձնապես ծանր ենթադրյալ հանցանքներ կատարելու մեջ, - մեղսագրվող հանցագործությունների բնույթը, վտանգավորության աստիճանն, այդ թվում նաև` հանցավոր մտադրության իրականացման աստիճանը, ենթադրյալ հանցանքների կատարման եղանակը, սպառնացող հնարավոր պատժի խստությունը, մասնավորապես վերջինին մեղսագրվում է մեկից ավելի հանցանքների կատարում, այդ թվում՝ կյանքի և առողջության դեմ ուղղված առանձնապես ծանր հանցագործությունների կատարում և հանցափորձ, որոնց համար նախատեսված է բացառապես ազատազրկման ձևով պատիժ՝ տասներկուսից քսան տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկում։ (...) Վերոգրյալի հաշվառմամբ՝ Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ թեև միայն հանցագործության ծանրության աստիճանը չի կարող ինքնին հիմնավորել ազատությունից զրկելու անհրաժեշտությունը, սակայն մեղադրյալին վերագրվող հանցավոր արարքների բնույթն ու վտանգավորության աստիճանն ունեն էական նշանակություն նրա հետագա վարքագծի հավանականությունը կանխորոշելու հարցում: Վերաքննիչ դատարանի գնահատմամբ՝ վերոնշյալ հանգամանքներն էականորեն բարձրացնում են ազատության մեջ մնալու դեպքում մեղադրյալի ոչ իրավաչափ վարքագծի հավանականությունը, միաժամանակ համակցության մեջ թույլ են տալիս ողջամիտ դատողություն անելու այն մասին, որ վարույթի տվյալ փուլում նրա ոչ պատշաճ վարքագիծը կանխել հնարավոր է միայն վերջինի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց շարունակաբար կիրառելու միջոցով: Այլ կերպ՝ Վերաքննիչ դատարանը հաշվի առնելով մեղադրյալի օրինական վարքագիծն ապահովող և դրան խոչընդոտող բոլոր հնարավոր հանգամանքները և առաջնորդվելով նվազագույնի սկզբունքով, եզրահանգում է, որ գործում առկա են փաստական տվյալներ, որոնք բավարար են հիմնավորելու մեղադրյալին տվյալ փուլում անազատության մեջ պահելու անհրաժեշտությունը և առկա չէ այնպիսի հանգամանք, որի դեպքում կհիմնավորվի առավել մեղմ խափանման միջոց կիրառելու կամ կալանքի շարունակական կիրառումը անթույլատրելի ճանաչելու անհրաժեշտությունն՝ ի հակառակ տնային կալանք խափանման միջոցի կիրառման հնարավորության վերաբերյալ Պաշտպանի հատուկ վերանայման բողոքում բերված փաստարկների։ Վերաքննիչ դատարանը փաստում է, որ կոնկրետ դեպքում, այլընտրանքային խափանման միջոցներից տնային կալանքը, ինչպես նաև գրավը և բացակայելու արգելքը բավարար չեն հետապնդող նպատակին հասնելու համար և ի զորու չեն հակակշռելու մեղադրյալի ոչ իրավաչափ վարքագծի դրսևորման ռիսկը՝ հնարավորություն տալով ապահովելու նրա անձնական ազատության իրավունքի և վերջինիս մասնակցությամբ գործի պատշաճ քննության հանրային շահի միջև արդարացի հավասարակշռությունը: (…) Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նշել, որ մեղադրյալին սպառնացող հնարավոր պատժի համատեքստում վերջինի նկատմամբ կալանք խափանման միջոցի կիրառումն այս փուլում անհամաչափ չի կարող համարվել, և գործի նյութերից բխող մյուս հանգամանքների հետ միասին հնարավորություն է տալիս հիմնավորված ենթադրություններ անելու անձի ազատության հիմնարար իրավունքը սահմանափակելու հիմքերի առկայության մասին։ (…) Վերաքննիչ դատարանը, հաշվի առնելով մեղադրյալի դերակատարությունը ենթադրյալ հանցանքների կատարման մեջ, ինչպես նաև գործում առկա մյուս փաստական հանգամանքները, որոնք դեռևս վկայում են մեղադրյալի կողմից հնարավոր ոչ իրավաչափ վարքագիծ դրսևորելու բարձր հավանականության մասին, գտնում է, որ անկախ գործը այլ դատավորի վերամակագրված լինելու և դրանով պայմանավորված մեղադրյալի՝ տևական ժամանակ կալանքի տակ գտնվելու հանգամանքից, էական ռիսկայնությամբ գործում են կալանք խափանման միջոցի շարունակաբար կիրառումը վկայող հանգամանքները։ Իսկ ինչ վերաբերում է նրան, որ «(…) Առաջին ատյանի դատարանը խախտել է մեղադրյալ Ալբերտ Բլբուլյանի պաշտպանության իրավունքը, այն է՝ 03.02.2026 թվականի դատական նիստը իրականացրել է առանց նրա պաշտպանի մասնակցության (…)»՝ ապա Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ, ըստ բողոքի և վիճարկվող դատական ակտի, պաշտպան Լ.Սիմոնյանը պատշաճ ծանուցված է եղել դատական նիստի մասին, սակայն չի ներկայացել այլ դատական նիստին մասնակցելու պատճառաբանությամբ, որի մասին հայտնել է դատարանի աշխատակազմին։ Հետագայում դատարան ներկայանալու պայմաններում՝ տեղեկանալով դատական նիստն ուշ սկսելու մասին՝ կապված մեղադրյալներին ուղեկցող գումարտակի ուշանալու հետ, հրաժարվել է դատական նիստին մասնակցելուց՝ այլ նիստերի ներկայանալու պատճառաբանությամբ։ (…) Վերոգրյալի հիման վրա Վերաքննիչ դատարանը գտնում է, որ ի սկզբանե ծանուցված լինելով դատական նիստի մասին՝ պաշտպանն ընտրել է այլ նիստին մասնակցելը, և դատարան է ներկայացել միայն որոշակի ժամանակ ազատ լինելու առիթով։ Նման պայմաններում, երբ սկզբից ևեթ պաշտպանը նպատակադրված է եղել այլ նիստին մասնակցել, և պատշաճ ծանուցված լինելով հանդերձ հանգամանքների բերումով միայն ներկայացել է դատական նիստին, սակայն այդ պարագայում էլ չի սպասել նիստը սկսելուն, ապա որևէ հիմքեր չկան արձանագրելու պաշտպանության իրավունքի խախտման հանգամանքը՝ հաշվի առնելով կալանք խափանման միջոցի հարցի հրատապությունը։ Ամփոփելով՝ Վերաքննիչ դատարանը հանգում է հետևության, որ Առաջին ատյանի դատարանը թույլ չի տվել գործի ելքի վրա ազդեցություն ունեցող դատական սխալ, ուստի մեղադրյալ Ալբերտ Գագիկի Բլբուլյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանի հատուկ վերանայման բողոքը պետք է մերժել, իսկ Առաջին ատյանի դատարանի որոշումը՝ թողնել անփոփոխ (...)»: 11. Վերաքննիչ դատարանի՝ 2026 թվականի հունիսի 4-ի որոշմամբ Ա.Բլբուլյանն ազատվել է կալանքից և նրա նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոցների համակցություն է կիրառվել՝ տնային կալանք՝ 3 (երեք) ամիս ժամկետով, գրավ՝ 15.000.000 (տասնհինգ միլիոն) ՀՀ դրամի չափով և բացակայելու արգելք: Առաջին ատյանի դատարանի՝ 2026 թվականի հունիսի 11-ի որոշմամբ Ա.Բլբուլյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց տնային կալանքի ժամկետը երկարաձգվել է 3 (երեք) ամսով՝ մինչև 2026 թվականի սեպտեմբերի 21-ը, և անփոփոխ են թողնվել համակցված կիրառված այլընտրանքային խափանման միջոցները գրավը և բացակայելու արգելքը:։ Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը. 12. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր են արդյոք Ա.Բլբուլյանին շարունակական կալանքի տակ պահելու հիմքերի առկայության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները: 13. «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ նաև Կոնվենցիա) 5-րդ հոդվածի համաձայն՝ «1. Յուրաքանչյուր ոք ունի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք: Ոչ ոքի չի կարելի ազատությունից զրկել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով.  (...) գ. անձի օրինական կալանավորումը կամ ձերբակալումը՝ իրավախախտում կատարած լինելու հիմնավոր կասկածի առկայության դեպքում նրան իրավասու օրինական մարմնին ներկայացնելու նպատակով կամ այն դեպքում, երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է համարվում նրա կողմից հանցագործության կատարումը կամ այն կատարելուց հետո նրա փախուստը կանխելու համար,  (...) 3. Սույն հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետի դրույթներին համապատասխան ձերբակալված կամ կալանավորված յուրաքանչյուր ոք անհապաղ տարվում է դատավորի կամ այլ պաշտոնատար անձի մոտ, որն օրենքով լիազորված է իրականացնելու դատական իշխանություն և ունի ողջամիտ ժամկետում դատաքննության իրավունք կամ մինչև դատաքննությունն ազատ արձակվելու իրավունք: Ազատ արձակումը կարող է պայմանավորվել դատաքննության ներկայանալու երաշխիքներով: 4. Յուրաքանչյուր ոք, ով ձերբակալման կամ կալանավորման պատճառով զրկված է ազատությունից, իրավունք ունի վիճարկելու իր կալանավորման օրինականությունը (…)»: ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ «Անձնական ազատությունից զրկված յուրաքանչյուր ոք իրավունք ունի վիճարկելու իրեն ազատությունից զրկելու իրավաչափությունը (…)»։ 14. Մինչև դատաքննությունն ազատ արձակվելու կոնվենցիոնալ իրավունքի առնչությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ նաև Եվրոպական դատարան) ձևավորած նախադեպային իրավունքի համաձայն՝ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետը դատական իշխանության մարմիններին հնարավորություն չի տալիս ընտրություն կատարելու անձին ողջամիտ ժամկետում դատարան տանելու կամ մինչև դատարանի առջև կանգնելը ժամանակավորապես ազատ արձակելու միջև: Մինչև դատապարտումն անձը համարվում է անմեղ, և այս դրույթի նպատակն առավելապես անձին ժամանակավորապես ազատ արձակելն է այն դեպքում, երբ շարունակական կալանքն այլևս ողջամիտ չէ: Այն հարցը, թե արդյո՞ք կալանքի տակ պահելու ժամկետը ողջամիտ է եղել, չի կարող գնահատվել վերացական եղանակով: Մեղադրյալին կալանքի տակ պահելու ողջամտության հարցը պետք է գնահատվի՝ յուրաքանչյուր կոնկրետ գործի փաստերից և առանձնահատկություններից ելնելով: Շարունակական կալանքը կարող է արդարացված լինել միայն, եթե կոնկրետ գործով առկա են հանրային շահի իրական պահանջի մասին վկայող հատուկ ցուցիչներ, որոնք, չնայած անմեղության կանխավարկածի սկզբունքին, գերակայում են Կոնվենցիայի 5-րդ հոդվածով երաշխավորված անձնական ազատության իրավունքի նկատմամբ: 14.1. Եվրոպական դատարանի գնահատմամբ՝ հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկածի առկայությունը շարունակական կալանքի անհրաժեշտ պայման է, սակայն որոշակի ժամանակ անց այն դառնում է ոչ բավարար, և իրավասու մարմինները պետք է ներկայացնեն կալանքը հիմնավորող անհրաժեշտ և բավարար հիմքեր: Անձին ազատ արձակելուն կողմ կամ դեմ փաստարկները չպետք է լինեն ընդհանրական և վերացական բնույթի, այլ պետք է պարունակեն հղումներ կոնկրետ փաստերին և անձի անձնային առանձնահատկություններին, որոնք հիմնավորում են վերջինիս կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը: Կալանքի տակ պահելու փաստացի մեխանիկական երկարաձգումն անհամատեղելի է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի երաշխիքների հետ: 14.2. Շարունակական կալանքի հնարավոր հիմքերից՝ վարույթից թաքնվելու վտանգի առնչությամբ Եվրոպական դատարանը նշել է, որ այն չի կարող հիմնվել միայն ակնկալվող պատժի խստության վրա: Ընդ որում, Եվրոպական դատարանն ընդգծել է, որ թաքնվելու վտանգը կալանքի տակ գտնվելու ժամանակահատվածին զուգահեռ նվազում է այն հանգամանքի հաշվառմամբ, որ արդեն իսկ կալանքի տակ եղած ժամանակահատվածը հաշվակցվելու է վերջնական պատժի ժամկետից: 14.3. Ինչ վերաբերում է վարույթի պատշաճ ընթացքին մեղադրյալի կողմից խոչընդոտելու վտանգին, Եվրոպական դատարանը նշել է, որ այն չպետք է լինի վերացական և պետք է հաստատվի փաստական տվյալներով: Վկաների վրա ճնշում գործադրելու վտանգը կարող է ընդունելի լինել վարույթի սկզբնական փուլերում, սակայն այն չի կարող հիմնավորվել միայն ակնկալվող պատժի խստությամբ: Ընդ որում, երկարատև ժամանակահատվածում քննություն իրականացնելու անհրաժեշտությունը բավարար չէ կալանքն արդարացնելու համար. վարույթի բնականոն ընթացքի պարագայում ենթադրյալ վտանգները նվազում են, քանի որ հարցաքննությունները կատարվում են, ցուցմունքները վերցվում են և ստուգվում: 15. Վերոշարադրյալի առնչությամբ Վճռաբեկ դատարանը Մելսիկ Ալեքսանյանի գործով արձանագրել է, որ անձի պատշաճ վարքագիծն ապահովող երաշխիքների կիրառմամբ ազատ արձակվելու իրավունքը կարող է իրավաչափորեն սահմանափակվել միայն անձին կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը հիմնավորող բավարար հիմքերի առկայության դեպքում: Իսկ այդ հիմքերի առկայության մասին վկայող փաստարկները պետք է բխեն կոնկրետ գործի փաստական հանգամանքներից և հիմնավորվեն կոնկրետ փաստական տվյալներով: Շարունակական կալանքի պարագայում վարույթի բնականոն ընթացքին զուգահեռ աստիճանաբար բարձրանում է մեղադրյալին կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը հիմնավորված համարելու շեմը: 16. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ. - Ա.Բլբուլյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 7-րդ կետերով, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով։ - Առաջին ատյանի դատարանը, անդրադառնալով մեղադրյալի նկատմամբ կիրառված խափանման միջոցի իրավաչափության հարցին, արձանագրել է, որ նախորդ որոշմամբ արձանագրված պայմանները և հիմքերը դեռևս իրատեսական են. շարունակվում են առկա լինել հավանական ռիսկերն առ այն, որ կալանքի տակ չգտնվելու դեպքում մեղադրյալը կարող է փախուստի դիմել վարույթն իրականացնող մարմնից, ինչպիսի վարքագիծ արդեն իսկ դրսևորել է և տևական ժամանակ թաքնվելու արդյունքում նոր հանցանք է կատարել և դատապարտվել դրա համար, բացի այդ մեղադրյալը դատվածություն ունենալու պայմաններում մեղադրվում է նոր առանձնապես ծանր ենթադրյալ հանցանք կատարելու մեջ, ինչն էլ առարկայացնում է նաև նոր հանցանք կատարելու մտավախությունը: Բացի այդ, մեղադրյալը կարող է չկատարել իր վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով դրված պարտականությունները: Առաջին ատյանի դատարանն արձանագրել է, որ մեղադրյալին հասու են քրեական գործի ողջ նյութերը և առավել ևս իր ցուցմունքի հետ հակասության մեջ գտնվող ցուցմունքները, հետևաբար առկա է կանխատեսական ենթադրություն, որ վերջինս կարող է ներազդել գործով անցնող անձանց վրա՝ իր համար նպաստավոր դատավարական իրավիճակ ստեղծելու և ձեռնտու ցուցմունքներ տալու առումով՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ ոմանց հետ մեղադրյալն ունի որոշակի միջանձնային հարաբերություններ, որը մեծացնում է նրանց վրա ներազդելու հավանականությունը: Առաջին ատյանի դատարանն արձանագրել է նաև, որ ձեռք չեն բերվել ու ներկայացվել այնպիսի փաստական տվյալներ, որոնց գնահատմամբ կարելի է եզրահանգել, որ վերը նշված վտանգները նվազել են, քրեական գործի փաստական հանգամանքները չեն փոփոխվել այն չափով, ինչը կարող է հիմք հանդիսանալ եզրահանգելու, որ մեղադրյալի նկատմամբ կարող է կիրառվել նրա պատշաճ վարքագիծը ապահովող այլընտրանքային խափանման միջոց կամ դրանց համակցություն։ Վերորգրյալի հիման վրա, Առաջին ատյանի դատարանը գտել է, որ մեղադրյալի ոչ պատշաճ վարքագիծը կանխելու համար պետք է երկարաձգվի նրա կալանքի ժամկետը, նկատի ունենալով, որ նշված նպատակին հնարավոր չէ հասնել նրա նկատմամբ այլընտրանքային խափանման միջոցի կամ դրանց համակցության կիրառման միջոցով։ - Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ ազատության մեջ մնալու դեպքում մեղադրյալի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով կամ դատարանի որոշմամբ իր վրա դրված պարտականությունները չկատարելու՝ քրեական վարույթին խոչընդոտելու, ինչպես նաև հանցանք կատարելու և փախուստի դիմելու հավանականությունը շարունակում է առկա լինել, որպիսի եզրահանգման հիմքում ընկած են այն հանգամանքները, որ ըստ «Datalex» դատական տեղեկատվական համակարգում առկա տվյալների՝ գործը գտնվում է հիմնական դատալսումների փուլում, ըստ այդմ՝ հետազոտվում են գործում առկա ապացույցները, մեղադրյալը հանցանքը ենթադրաբար կատարել է խմբի կազմում, Ա.Բլբուլյանը կապեր ունի վարույթի համար նշանակություն ունեցող հանգամանքների տիրապետող անձանց հետ, տևական ժամանակ թաքնվել է, որի ընթացքում նոր հանցանք է կատարել և դատապարտվել դրա համար, և դատվածություն ունենալու պայմաններում մեղադրվում է նոր առանձնապես ծանր ենթադրյալ հանցանք կատարելու մեջ, ինչպես նաև մեղսագրվող հանցագործությունների բնույթը, վտանգավորության աստիճանը, այդ թվում նաև հանցավոր մտադրության իրականացման աստիճանը, ենթադրյալ հանցանքների կատարման եղանակը, սպառնացող հնարավոր պատժի խստությունը, մասնավորապես վերջինին մեղսագրվում է մեկից ավելի հանցանքների կատարում, այդ թվում՝ կյանքի և առողջության դեմ ուղղված հանցագործությունների կատարում և հանցափորձ, որոնց համար նախատեսված է բացառապես ազատազրկման ձևով պատիժ՝ տասներկուսից քսան տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկում։ Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ վարույթի տվյալ փուլում մեղադրյալի ոչ պատշաճ վարքագիծը կանխել հնարավոր է միայն վերջինի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց շարունակաբար կիրառելու միջոցով, և գործում առկա չէ այնպիսի հանգամանք, որի դեպքում կհիմնավորվի առավել մեղմ խափանման միջոց կիրառելու անհրաժեշտությունը։ Վերոգրյալի հիման վրա, Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ անկախ գործն այլ դատավորի վերամակագրված լինելու և դրանով պայմանավորված մեղադրյալի՝ տևական ժամանակ կալանքի տակ գտնվելու հանգամանքից, էական դերակատարությամբ գործում են կալանք խափանման միջոցի շարունակաբար կիրառումը վկայող հանգամանքները։ 14. Նախորդ կետում վկայակոչված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 12-15-րդ կետերում մեջբերված իրավադրույթների և շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանը նախ արձանագրում է, որ սույն գործը դեռևս 2019 թվականի հուլիսի 10-ին մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան, և շուրջ երկու անգամ տարբեր հիմքերով վերամակագրվել է այլ դատավորի, որի արդյունքում գործի քննությունը երկու անգամ սկսվել է նորից և այդ ողջ ընթացքում մեղադրյալ Ա.Բլբուլյանը եղել է կալանքի տակ։ Անդրադառնալով շարունակական կալանքի համատեքստում Ա.Բլբուլյանի՝ ավելի քան ութ տարի շարունակ կալանքի տակ գտնվելու հանգամանքին՝ Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ թեև նշված հանգամանքն ինքնին չի բացառում անձի հնարավոր ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու վտանգները, սակայն բարձրացնում է նրան շարունակաբար կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը հիմնավորված համարելու շեմը: Վերոգրյալի համատեքստում, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործն այլ դատավորին վերամակագրվելու արդյունքում գործի քննության վերսկսման բացասական հետևանքները չի կարող կրել մեղադրյալը, քանի որ գործի քննության վերսկսումը որևէ կերպ կախված չի եղել Ա.Բլբուլյանի վարքագծից։ Անդրադառնալով ստորադաս դատարանների կողմից արձանագրված հավանական ռիսկերին առ այն, որ կալանքի տակ չգտնվելու դեպքում մեղադրյալը կարող է փախուստի դիմել վարույթն իրականացնող մարմնից, ինչպիսի վարքագիծ արդեն իսկ դրսևորել է և տևական ժամանակ թաքնվելու արդյունքում նոր հանցանք է կատարել և դատապարտվել դրա համար, և դատվածություն ունենալու պայմաններում մեղադրվում է նոր առանձնապես ծանր ենթադրյալ հանցանք կատարելու մեջ, որոնք էլ առարկայացնում են նաև նոր հանցանք կատարելու մտավախությունը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այդ հանգամանքն ինքնին բավարար չէ տևական ժամանակ՝ ավելի քան ութ տարի մեղադրյալին կալանքի տակ պահելու համար, և այդ ռիսկերը հնարավոր է չեզոքացնել այլընտրանքային խափանման միջոցների կիրառմամբ։ Անդրադառնալով ստորադաս դատարանների այն հետևությանը, որ առկա է կանխատեսական ենթադրություն, որ Ա.Բլբուլյանին, քրեական գործի նյութերի և իր ցուցմունքի հետ հակասության մեջ գտնվող ցուցմունքների հասու լինելու հանգամանքը, կարող է ներազդել գործով անցնող անձանց վրա՝ իր համար նպաստավոր դատավարական իրավիճակ ստեղծելու և ձեռնտու ցուցմունքներ տալու առումով՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ ոմանց հետ մեղադրյալն ունի որոշակի միջանձնային հարաբերություններ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործի քննությունը երկու անգամ սկսվել է նորից, և առկա չէ որևէ փաստական տվյալ, որ մեղադրյալը նախորդ քննությունների ժամանակ որևէ եղանակով փորձել է ներազդել գործով անցնող անձանց վրա: 15. Վերոշարադրյալի հաշվառմամբ՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ մեղադրյալ Ա.Բլբուլյանին շարունակական կալանքի տակ պահելու հիմքերի առկայության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևություններն իրավաչափ չեն: 16. Անդրադառնալով բողոքաբերի՝ սույն որոշման 6.2-րդ կետում վկայակոչված փաստարկին, Վճռաբեկ դատարանն իր համաձայնությունն է արտահայտում Վերաքննիչ դատարանի հետևությանն առ այն, որ ի սկզբանե պատշաճ ծանուցված լինելով դատական նիստի մասին՝ պաշտպան Լ.Սիմոնյանն ընտրել է այլ նիստին մասնակցելը, հետևաբար որևէ հիմքեր չկան արձանագրելու պաշտպանության իրավունքի խախտման հանգամանքը՝ հաշվի առնելով կալանք խափանման միջոցի հարցի հրատապությունը։ 17. Այսպիսով, ամփոփելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատական ակտ կայացնելիս, Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածով նախատեսված՝ անձի ազատության և անձնական անձեռնմխելիության սկզբունքի խախտում, որն իր բնույթով էական է և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի համաձայն` հիմք է ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանելու համար։ Սակայն, հաշվի առնելով, որ բողոքաբերը ներկայացված բողոքով խնդրել է մեղադրյալ Ա.Բլբուլյանի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոցներ կիրառել տնային կալանքը, գրավը և բացակայելու արգելքը, որոնք արդեն իսկ կիրառվել են, ինչպես նաև այն, որ Վերաքննիչ դատարանի դատական ակտը եղել է ժամանակավոր և կորցրել է իրավական նշանակությունը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի՝ 2026 թվականի մարտի 5-ի որոշումը պետք է թողնել անփոփոխ՝ հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։ Միևնույն ժամանակ, հիմք ընդունելով արձանագրված խախտման բնույթը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ պետք է սույն վարույթով ճանաչել մեղադրյալ Ա.Բլբուլյանի անձնական ազատության իրավունքի խախտման փաստը։ Ելնելով վերոգրյալից ու ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 33-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 352-րդ, 359-րդ, 361-363-րդ ու 400-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը Ո Ր Ո Շ Ե Ց 1. Ճանաչել մեղադրյալ Ալբերտ Գագիկի Բլբուլյանի անձնական ազատության իրավունքի խախտման փաստը։ 2. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ 2026 թվականի փետրվարի 3-ի որոշումը և այն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի՝ 2026 թվականի մարտի 5-ի որոշումը թողնել անփոփոխ՝ հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։ Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը: Նախագահող` Հ.ԱՍԱՏՐՅԱՆ Դատավորներ` Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆ Հ.ԳՐԻԳՈՐՅԱՆ Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆ Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ Ա.ՊՈՂՈՍՅԱՆ