Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am

Վճռաբեկ դատարան · Քրեական

ԵԴ/0503/01/19

Վճռաբեկ դատարանի որոշումների ցանկից (cassationcourt.am/decisions)՝ դատարանի նախադեպային շտեմարանում այն չկա։

Գործի համարը
ԵԴ/0503/01/19
Դիմող / մեղադրյալ
Արմեն Կարադավիդով
Դատական ակտի ընդունման ամսաթիվը
07.08.2026

Որոշման տեքստը

դատարանի Word ֆայլից
ԵԴ/0503/01/19 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան, նախագահող դատավոր` Մ.Արամյան Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարան, նախագահող դատավոր` Կ.Հովհաննիսյան 7 օգոստոսի 2026 թվական ք.Երևան ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) նախագահությամբ` Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ մասնակցությամբ դատավորներ` Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ Հ.ԳՐԻԳՈՐՅԱՆԻ Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ գրավոր ընթացակարգով քննության առնելով մեղադրյալ Արմեն Լևանի Կարադավիդովի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2025 թվականի դեկտեմբերի 18-ի որոշման դեմ պաշտպան Լ.Սիմոնյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը, Պ Ա Ր Զ Ե Ց Վարույթի դատավարական նախապատմությունը. 1. 2017 թվականի սեպտեմբերի 14-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում, 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նաև ՀՀ քրեական օրենսգիրք) 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 7-րդ կետերով, 235-րդ հոդվածի 1-ին մասով, հարուցվել է թիվ 13116017 քրեական գործը։ 2017 թվականի սեպտեմբերի 15-ին որոշում է կայացվել Արմեն Լևանի Կարադավիդովին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 7-րդ կետերով, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին: 2017 թվականի սեպտեմբերի 15-ին որոշում է կայացվել Ա.Կարադավիդովի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին: Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2017 թվականի սեպտեմբերի 15-ի որոշմամբ Ա.Կարադավիդովի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը՝ 2 (երկու) ամիս ժամկետով: 2017 թվականի հոկտեմբերի 29-ին Ա.Կարադավիդովը Վրաստանի Հանրապետությունում հայտնաբերվել և ձերբակալվել է, 2018 թվականի դեկտեմբերի 13-ին Վրաստանի Հանրապետությունում դատապարտվել է Վրաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» ենթակետով՝ 7 (յոթ) ամիս ժամկետով ազատազրկման, պատժի կրումից ազատվել՝ ազատազրկման ժամկետը լրանալու հիմքով, և 2019 թվականի փետրվարի 5-ին էքստրադիցիայի ենթարկվել Հայաստանի Հանրապետություն։ 2019 թվականի փետրվարի 6-ին Ա.Կարադավիդովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 7-րդ կետերով, 235-րդ հոդվածի 1-ին մասով։ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2019 թվականի փետրվարի 7-ի որոշմամբ Ա.Կարադավիդովի նկատմամբ 2 (երկու) ամիս ժամկետով ընտրված կալանավորումը վերահաստատվել է՝ կալանքի սկիզբը հաշվելով 2019 թվականի փետրվարի 5-ից։ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2019 թվականի մարտի 29-ի և մայիսի 31-ի որոշումներով Ա.Կարադավիդովի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման ժամկետը երկարացվել է՝ յուրաքանչյուր դեպքում՝ 2 (երկու) ամիս ժամկետով։ 2019 թվականի հունիսի 25-ին որոշում է կայացվել թիվ 13116017 քրեական գործից մեղադրյալներ՝ Արմեն Կարադավիդովի և Ալբերտ Բլբուլյանի մասն առանձին վարույթում առանձնացնելու մասին։ Նախաքննության մարմնի՝ 2019 թվականի հունիսի 25-ի որոշմամբ մեղադրյալ Ա.Կարադավիդովին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 7-րդ կետերով, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով։ 2019 թվականի հուլիսի 10-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան։ 2. 2019 թվականի հուլիսի 10-ին դատավորների միջև գործերի բաշխման էլեկտրոնային մակագրության համակարգի միջոցով թիվ ԵԴ/0503/01/19 քրեական գործը մակագրվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր՝ Վ․Մարգարյանին։ Ա.Կարադավիդովի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքը թողնվել է անփոփոխ։ Վերոնշյալ քրեական գործը 2023 թվականի նոյեմբերի 16-ին վերաբաշխվել է նույն դատարանի դատավոր՝ Գ.Պողոսյանին։ Ա.Կարադավիդովի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքը թողնվել է անփոփոխ։ 2025 թվականի մայիսի 15-ին քրեական գործը վերաբաշխվել է դատավոր Մ.Արամյանին։ 3. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարանի)՝ 2025 թվականի մայիսի 19-ի, օգոստոսի 13-ի և նոյեմբերի 19-ի որոշումներով մեղադրյալ Ա.Կարադավիդովի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքը երկարաձգվել է՝ յուրաքանչյուր դեպքում՝ 3 (երեք) ամիս ժամկետով՝ մինչև 2026 թվականի փետրվարի 21-ը։ 4. Մեղադրյալ Ա.Կարադավիդովի պաշտպան Լ.Սիմոնյանի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2025 թվականի դեկտեմբերի 18-ի որոշմամբ բողոքը մերժել է, Առաջին ատյանի դատարանի՝ 2025 թվականի նոյեմբերի 19-ի որոշումը թողնելով անփոփոխ: 5. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ մեղադրյալ Ա.Կարադավիդովի պաշտպան Լ.Սիմոնյանը ներկայացրել է հատուկ վերանայման վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2026 թվականի մարտի 12-ի որոշմամբ ընդունվել է վարույթ և սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։ Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը. Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով. 6. Բողոքի հեղինակը գտել է, որ Վերաքննիչ դատարանը, Առաջին ատյանի դատարանի դատական ակտն անփոփոխ թողնելով, թույլ է տվել ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվեցնիայի 5-րդ հոդվածի, ինչպես նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի մի շարք նորմերի խախտումներ։ 6.1. Բողոքի հեղինակը նշել է, որ Ա.Կարադավիդովը սույն գործի շրջանակներում 2017 թվականի հոկտեմբերի 29-ից անորոշ և շարունակական կալանքի տակ է գտնվում, այսինքն՝ 8 տարվանից ավելի, այն դեպքում, երբ ՀՀ-ում դատավորների տեղափոխությունների կամ լիազորությունների դադարեցմամբ գործի քննությունը վերսկսվում է, իսկ դատարանները հրաժարվում են որևէ երաշխիքով մեղադրյալին կալանքից ազատել։ Բողոքաբերը նշել է, որ 2019 թվականի հուլիս ամսից սկսած, քրեական գործի դատաքննության ընթացքում հարցաքննվել են բոլոր վկաները, տուժողները, հետազոտվել են գործում առկա բոլոր փաստաթղթերն ու իրեղեն ապացույցները, սակայն դատական ակտ չի կայացվել, քանի որ 2023 թվականի նոյեմբեր ամսին քրեական գործը մակագրվել է մեկ այլ դատավորի։ Այնուհետև գործի քննությունը վերսկսվել է և մինչև 2025 թվականի ապրիլ ամիսը հետազոտվել են քրեական գործում առկա գրավոր փաստաթղթերը, որից հետո քրեական գործը 2025 թվականի մայիսի 15-ին դարձյալ վերամակագրվել է մեկ այլ դատավորի։ Բողոքի հեղինակը, անդրադառնալով Վերաքննիչ դատարանի կողմից արձանագրված խափանման միջոցի հիմքերի առկայությանը, դրանք փոփոխված չլինելու, առաջադրված մեղադրանքի ծանրությանը և այդ հանգամանքով պայմանավորված Ա.Կարադավիդովին շարունակական կալանքի տակ պահելու հիմնավորումներին, նշել է, որ սույն գործով բոլոր վկաներն ու տուժողները դատաքննության ժամանակ մեկ անգամ արդեն իսկ հարցաքննվել են, և առկա չէ որևէ փաստական տվյալ, որ Ա.Կարադավիդովը փորձել է որևէ կերպ նրանց վրա ազդեցություն գործել։ Բողոքաբերը նշել է, որ Վերաքննիչ դատարանը չի հիմնավորել, թե ինչու տնային կալանքի և մյուս այլընտրանքային խափանման միջոցների համակցությունը չեն կարող բավարար երաշխիք հանդիսանալ մեղադրյալի պատշաճ վարքագիծն ապահովելու համար։ Բողոքի հեղինակն ընդգծել է, որ ոչ թե պաշտպանական կողմը պետք է ներկայացներ որևէ փաստական տվյալ խափանման միջոցի հիմքերի նվազման վերաբերյալ, այլև Առաջին ատյանի դատարանը ծանրակշիռ փաստարկներով պետք է հիմնավորեր անձին շարունակաբար կալանքի տակ պահելու անհրաժեշտ ու բավարար հիմքերի առկայությունը, այլ ոչ թե համապատասխան երաշխիքների կիրառմամբ անձին ազատ արձակելը: Բողոք բերած անձը փաստել է, որ ստորադաս դատարանների կողմից կայացված դատական ակտերը հակասում են Վճռաբեկ դատարանի՝ Մելսիկ Ալեքսանյանի գործով 2025 թվականի ապրիլի 9-ի թիվ ԼԴ1/0059/01/17 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումներին։ 7. Վերոգրյալի հիման վրա, բողոքաբերը խնդրել է ամբողջությամբ բեկանել ստորադաս դատարանների դատական ակտերը և կայացնել դրան փոխարինող դատական ակտ՝ մեղադրյալ Ա.Կարադավիդովի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը վերացնել և նրա նկատմամբ ընտրել այլընտրանքային խափանման միջոցների համակցություն՝ տնային կալանք, գրավ և բացակայելու արգելք։ Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները. 8. Արմեն Կարադավիդովին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 7-րդ կետերով, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել հետևյալ արարքի համար. «[Ն]ա խմբի կազմում երկու և ավել անձանց՝ Վ.Ա.-ին, նրան ուղեկցող Գ.Մ.-ին, Ա.Մ.-ին, Ա.Խ.-ին և Դ.Բ.-ին, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ապօրինի կերպով ձեռք բերած, պահած և կրած ռազմամթերք հանդիսացող փամփուշտներով լիցքավորված հրազեն հանդիսացող ատրճանակից կրակոցներ է արձակել վերջիններիս ուղղությամբ և սպանել Գ.Մ.-ին, իսկ Վ.Ա.-ին, Ա.Մ.-ին, Դ.Բ.-ին և Ա.Խ.-ին կյանքից ապօրինաբար զրկելու հանցավոր մտադրությունը խմբի կամքից անկախ հանգամանքներով ավարտին չի հասցվել, քանի որ արձակված կրակոցները Ա.Մ.-ին, Դ.Բ.-ին և Ա.Խ.-ին չեն դիպել, իսկ հրազենային վնասվածքներ ստացած Վ.Ա.-ն անմիջապես տեղափոխվել է հիվանդանոց և ստացել անհրաժեշտ բուժօգնություն, որպիսի գործողություններն արտահայտվել են հետևյալում. 2017 թվականի ընթացքում Արմեն Լևանի Կարադավիդովը նախնական համաձայնության է եկել իր մտերիմ Ալբերտ Բլբուլյանի հետ՝ վրեժի շարժառիթով Ալավերդի քաղաքի բնակիչ Վ.Ա.-ին և նրան ուղեկցող Գ.Մ.-ին, Ա.Մ.-ին, Ա.Խ.-ին, Դ.Բ.-ին սպանելու վերաբերյալ, ինչպես նաև Ալբերտ Բլբուլյանի հետ նախնական համաձայնության են եկել Ռաֆիկ Խաչատրյանի հետ՝ իրենց հանցավոր դիտավորությունն իրականացնելու ընթացքում վերջինիս վարած ավտոմեքենայով խմբի անդամներին, այսինքն, իրենց, հանցագործության գործիք հանդիսացող հրազեններն ու ռազմամթերքը հանցանքի կատարման վայր փոխադրելու և սպանության ընթացքում առաջացող հնարավոր խոչընդոտները վերացնելու եղանակով օժանդակելու շուրջ: Այդ նպատակով Արմեն Կարադավիդովը և Ալբերտ Բլբուլյանը քննությամբ չպարզված հանգամանքներում ապօրինի ձեռք են բերել և 2017 թվականի ընթացքում Երևան քաղաքի Հակոբ Հակոբյան փողոցի 1-ին շենքի 119-րդ հասցեում գտնվող իրենց վարձակալած բնակարանում ապօրինի պահել են մարտական ակոսափող հրազեն հանդիսացող գործարանային արտադրության «1235112» համարի 5,45մմ տրամաչափի «ԱԿՍ-74» տեսակի ինքնաձիգ, ակոսափող հրազեն հանդիսացող գործարանային արտադրության 9մմ տրամաչափի «XAH 8675» համարի «Բայկալ 442» տեսակի սպորտային-վարժական նշանակության ատրճանակ և ռազմամթերք հանդիսացող մարտական ու սպորտային վարժական նշանակության փամփուշտներ, իսկ Ռաֆիկ Խաչատրյանի միջոցով և վերջինիս անվամբ կնքված վարձակալության պայմանագրի հիման վրա՝ 15.000 ՀՀ դրամ օրավարձով, 2017 թվականի սեպտեմբերի 13-ին Երևան քաղաքի բնակիչ Գ.Խ.-ից վարձակալել են «Volkswagen Jeta» մակնիշի ** ** *** հաշվառման համարանիշի ավտոմեքենան: Հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով հաստատապես տեղյակ լինելով, որ Վ.Ա.-ն և նրան ուղեկցող անձինք 2017 թվականի սեպտեմբերի 13-ին ժամանել են Երևան քաղաք և գտնվում են Հանրապետության փողոցի 48 հասցեում գործող «Թուֆենկյան Ավանդական Երևան» հյուրանոցում՝ Ռաֆիկ Խաչատրյանի վարած «Volkswagen Jetta» մակնիշի ** ** *** հաշվառման համարանիշի ավտոմեքենայով հյուրանոցի մերձակայքում շրջելուց, տարածքն ուսումնասիրելուց, սպանության կատարման հնարավորինս հարմար վայր ընտրելուց և ավտոմեքենան 2017 թվականի սեպտեմբերի 14-ին՝ ժամը 06:35-ից հյուրանոցի կենտրոնական մուտքի դիմաց՝ Բուզանդի փողոցի ու «Վերնիսաժ» տոնավաճառի միջնամասում առկա ավտոկայանատեղիում կայանելուց հետո, Արմեն Կարադավիդովը և Ալբերտ Բլբուլյանն ավտոմեքենայի սրահի հետնամասում զինված դարանակալել և սպասել են Վ.Ա.-ին և նրա ընկերներին: Ժամը 13:26-ի սահմաններում, նկատելով, որ Վ.Ա.-ն, Գ.Մ.-ն, Ա.Մ.-ն, Դ.Բ.-ն և Ա.Խ.-ն դուրս են գալիս հյուրանոցից՝ վերջիններիս դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկելու նպատակով Արմեն Կարադավիդովը և Ալբերտ Բլբուլյանը դուրս են եկել ավտոմեքենայից և իրենց մոտ ապօրինի պահվող՝ համապատասխանաբար մարտական փամփուշտներով լիցքավորված մարտական ակոսափող հրազեն հանդիսացող գործարանային արտադրության «1235112, համարի 5,45մմ տրամաչափի «ԱԿՍ-74» տեսակի մարտական ինքնաձիգով և ատրճանակային մարտական ու սպորտային վարժական նշանակության փոմփուշտներով լիցքավորված ակոսափող հրազեն հանդիսացող գործարանային արտադրության 9մմ տրամաչափի «XAH 8675» համարի «Բայկալ 442» տեսակի սպորտային-վարժական նշանակության ատրճանակով, շատերի՝ «Թուֆենկյան Ավանդական Երևան» հյուրանոցի աշխատակիցների ու հաճախորդների, հարակից փողոցներում գտնվող անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով բազմաթիվ կրակոցներ են արձակել Երևանի կենտրոնական հատվածում գտնվող հյուրանոցի մուտքի դիմաց՝ մարդաշատ վայրում գտնվող Վ.Ա.-ի և նրան ուղեկցող Գ.Մ.-ի, Ա.Մ.-ի, Դ.Բ.-ի և Ա.Խ.-ի ուղղությամբ: Այդ ընթացքում հնարավոր խոչընդոտները վերացնելու եղանակով Արմեն Կարադավիդովի և Ալբերտ Բլբուլյանի գործողություններին օժանդակելու, կրակոցներ կատարած անձանց քանակի վերաբերյալ կեղծ տպավորություն ստեղծելու և այդպիսով հնարավոր դիմադրության հանգամանքը բացառելու նպատակով, նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, Ռաֆիկ Խաչատրյանը դուրս գալով ավտոմեքենայից՝ խմբի անդամների կողմից կրակոցներ արձակելուց անմիջապես հետո իր մոտ գտնվող ատրճանակն ուղղել է գետնին ընկած Վ.Ա.-ի ու նրան ուղեկցող անձանց ուղղությամբ, սակայն չի կրակել, որից հետո խմբի անդամների հետ դիմել է փախուստի: Արմեն Կարադավիդովի արձակած կրակոցների հետևանքով Գ.Մ.-ին պատճառվել է առողջության ծանր վնասի հատկանիշներ պարունակող՝ կրծքավանդակի, աջ վերին վերջույթի համակցված հրազենային գնդակային, միջանցիկ վիրավորում, որի արդյունքում որոշակի կարճ տարածություն անցնելուց հետո Գ.Մ.-ն տեղում մահացել է, իսկ Վ.Ա.-ին պատճառվել է առողջության ծանր վնասի հատկանիշներ պարունակող՝ կրծքավանդակի աջ կեսի շրջանի միջանցիկ, չթափանցող, ճաճանչային նյարդի վնասմամբ աջ վերին վերջույթի շրջանի շոշափող, աջ ճաճանչոսկրի, բազկոսկրի բաց, բազմաբեկորային, տեղաշարժված կոտրվածքներով հրազենային, գնդակային վիրավորումների ձևով մարմնական վնասվածքներ: Վ.Ա.-ին, Ա.Մ.-ին, Դ.Բ.-ին և Ա.Խ.-ին կյանքից ապօրինաբար զրկելու հանցավոր մտադրությունը խմբի կամքից անկախ հանգամանքներով ավարտին չի հասցվել, քանի որ արձակված կրակոցները Ա.Մ.-ին, Դ.Բ.-ին և Ա.Խ.-ին չեն դիպել, իսկ հրազենային վնասվածքներ ստացած Վ.Ա.-ն անմիջապես տեղափոխվել է հիվանդանոց և ստացել անհրաժեշտ բուժօգնություն»: 9. Առաջին ատյանի դատարանի՝ 2025 թվականի նոյեմբերի 19-ի որոշման համաձայն՝ «(...) Դատարանը, անդրադառնալով մեղադրյալի նկատմամբ կիրառված խափանման միջոցի իրավաչափության հարցին, արձանագրում է, որ նախորդ որոշմամբ արձանագրված պայմանները և հիմքերը դեռևս իրատեսական են: Միաժամանակ, հաշվի առնելով, որ դեռևս շարունակվում են առկա լինել հավանական ռիսկերն առ այն, որ կալանքի տակ չգտնվելու դեպքում մեղադրյալը կարող է փախուստի դիմել վարույթն իրականացնող մարմնից, ինչպիսի վարքագիծ արդեն իսկ դրսևորել է և տևական ժամանակ թաքնվելու արդյունքում նոր հանցանք է կատարել և դատապարտվել դրա համար, ինչն էլ առարկայացնում է նաև նոր հանցանք կատարելու մտավախությունը: Մեղադրյալը կարող է չկատարել իր վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով դրված պարտականությունները: Դատարանը գտնում է, որ քրեական գործը Դատարանում գտնվելու պարագայում, երբ մեղադրյալին հասու են քրեական գործի ողջ նյութերը և առավել ևս իր ցուցմունքի հետ հակասության մեջ գտնվող ցուցմունքները, ապա իրեն վերագրվող հանցանքի առկայության պարագայում առկա է կանխատեսական ենթադրություն, որ վերջինս կարող է ներազդել գործով անցնող անձանց վրա իր համար նպաստավոր դատավարական իրավիճակ ստեղծելու, իր համար ձեռնտու ցուցմունքներ տալու առումով: Նշված ենթադրությունը առարկայանում է այն կասկածով, որ գործով անցնող անձանցից ոմանց հետ մեղադրյալը ունի որոշակի միջանձնային հարաբերություններ ու միջանձնային կապեր ու այդպիսի հարաբերություններ ունենալու հանգամանքը մեծացնում է հավանականությունը մեղադրյալի կողմից իր համար շահեկան դատավարական իրավիճակ ստեղծելու համար գործով անցնող անձանց վրա ներազդելու կասկածը: (...) Դատարանը, վերահաստատելով նշված հիմնավորումները, արձանագրում է, որ ձեռք չեն բերվել ու ներկայացվել այնպիսի փաստական տվյալներ, որոնց գնահատմամբ կարելի է եզրահանգել, որ վերը նշված վտանգները նվազել են, քրեական գործի փաստական հանգամանքները չեն փոփոխվել այն չափով, ինչը կարող է հիմք հանդիսանալ եզրահանգելու, որ մեղադրյալի նկատմամբ կարող է կիրառվել նրա պատշաճ վարքագիծը ապահովող այլընտրանքային խափանման միջոց կամ դրանց համակցություն։ Այլ խոսքով՝ կիրառված խափանման միջոցի գործողության ընթացքում դրա իրավաչափության պայմանները չեն փոխվել՝ դեռևս շարունակվում է առկա լինել, մեղադրյալի ազատ արձակվելու դեպքում նրա կողմից վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու, հանցանք կատարելու և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով իր վրա դրված պարտականությունները չկատարելու վտանգը։ Վերոգրյալի հաշվառմամբ՝ մեղադրյալի ազատության իրավունքի սահմանափակման աներկբա անհրաժեշտությունը գնահատելով ավելի բարձր նշանակության բարիքի, այն է՝ հանրային շահի պաշտպանության տեսանկյունից, ապահովելով հանրային և մասնավոր շահերի ողջամիտ հավասարակշռությունը, Դատարանը գտնում է, որ մեղադրյալի ոչ պատշաճ վարքագիծը կանխելու համար պետք է երկարաձգվի նրա կալանքի ժամկետը, նկատի ունենալով, որ նշված նպատակին հնարավոր չէ հասնել նրա նկատմամբ այլընտրանքային խափանման միջոցի կամ դրանց համակցության կիրառման միջոցով։ Այլ կերպ ասած՝ վերը նշված հիմնավորումներով այլընտրանքային խափանման միջոցների համակցության կիրառումը թույլատրելի ճանաչելու համար բացակայում են դրա օբյեկտիվ և բավարար հիմքերը, ինչից հետևում է, որ անհրաժեշտ է երկարացնել մեղադրյալի նկատմամբ փաստացի կիրառված կալանքը՝ 3 ամիս ժամկետով (...)»: 10. Վերաքննիչ դատարանի՝ 2025 թվականի դեկտեմբերի 18-ի որոշման համաձայն՝ «(...) Վերաքննիչ դատարանը նախ հարկ է համարում նկատել, որ Արմեն Կարադավիդովին մեղսագրվող ենթադրյալ հանցանքներին նրա առնչությունը հատուկ վերանայման բողոքում չի վիճարկվում: Անդրադառնալով բողոքաբերի այն փաստարկին, որ Կարադավիդովը սույն գործով կալանքի տակ է պահվում 2017 թվականի հոկտեմբերի 29-ից, այսինքն 8 տարուց ավելի ժամանակով, սույն քրեական գործով մեկ անգամ հետազոտվել են քրեական գործում առկա բոլոր գրավոր ապացույցները, իրեղեն ապացույցները, հարցաքննվել են բոլոր վկաները և փորձագետը, իսկ երկորդ անգամ հետազոտվել են գրավոր ապացույցների գերակշիռ մասը, և առկա չէ որևէ փաստական տվյալ, որ Արմեն Կարադավիդովը կամ մյուս մեղադրյալը որևէ կերպ փորձել են տուժողների կամ վկաների վրա ազդեցություն գործել, ապա Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանը խափանման միջոցի նպատակների և կատարված հանցավոր արարքների բնույթի և վտանգավորության աստիճանի հանգամանքներով պայմանավորված հանգել է ճիշտ հետևության, միևնույն ժամանակ Վերաքննիչ դատարանը թեև գտնում է, որ ուշադրության է արժանի նաև այն հանգամանքը, որ Արմեն Կարադավիդովը ավելի քան ութ տարի գտնվում է կալանքի տակ և ընդգծում է ողջամիտ ժամկետում գործի քննությունն ապահովելու կարևորությունը, սակայն միաժամանակ գտնում է, որ քննարկվող իրավիճակում դեռևս խափանման միջոցներից միայն կալանքի կիրառմամբ է հնարավոր հասնել մեղադրյալի վրա դրված պարտականությունների կատարման ապահովմանը։ Վերաքննիչ դատարանի գնահատմամբ տվյալ փուլում շարունակում են առկա լինել մեղադրյալի նկատմամբ կիրառված կալանքը խափանման միջոցի ժամկետը երկարաձգելու հիմքերը, հաշվի առնելով այն, որ կալանքի տակ չգտնվելու դեպքում մեղադրյալը կարող է փախուստի դիմել վարույթն իրականացնող մարմնից, ինչպիսի վարքագիծ արդեն իսկ դրսևորել է և տևական ժամանակ թաքնվելու արդյունքում առերևույթ հանցանք է կատարել և դատապարտվել, ինչն էլ առարկայացնում է նաև հանցանք կատարելու մտավախությունը, իսկ քրեական գործի քննությանը խոչընդոտելու առումով Առաջին ատյանի դատարանն իրավաչափորեն գնահատման է արժանացրել այն, որ մեղադրյալին արդեն հասու են քրեական գործի ողջ նյութերը և առավել ևս իր ցուցմունքի հետ հակասության մեջ գտնվող ցուցմունքները, և առկա է կանխատեսական ենթադրություն, որ վերջինս կարող է ներազդել գործով անցնող անձանց վրա իր համար նպաստավոր դատավարական իրավիճակ ստեղծելու, իր համար ձեռնտու ցուցմունքներ տալու առումով, նկատի ունենալով նաև, որ գործով անցնող անձանցից ոմանց հետ մեղադրյալը ունի որոշակի միջանձնային հարաբերություններ ու միջանձնային կապեր, որպիսի պարագայում մեծանում է նաև հավանականությունը մեղադրյալի կողմից իր համար շահեկան դատավարական իրավիճակ ստեղծելու համար գործով անցնող անձանց վրա ներազդելու կասկածը: Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նշել նաև, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նշված խափանման միջոցի նպատակներն ունեն կանխատեսական, հավանական բնույթ և նշված իրավակարգավորումից բխում է, որ խափանման միջոցի կիրառումը նպատակ է հետապնդում կանխել համապատասխան ենթադրյալ վարքագծի դրսևորումը: Իսկ համապատասխան տեղեկությունների, փաստերի և/կամ ապացույցների հիման վրա տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը մեղադրյալի հնարավոր վարքագծի մասով ողջամտորեն հանգում է վերը նշված հետևությանը: Վերաքննիչ դատարանի վերոհիշյալ դիրքորոշումը պայմանավորված է նաև այն մոտեցմամբ, որ թեև վարույթն իրականացնող մարմինը, տվյալ դեպքում Առաջին ատյանի դատարանը, անձի նկատմամբ խափանման միջոց ընտրելիս պետք է առաջնորդվի նվազագույնի սկզբունքով, այն է՝ չպետք է ընտրի ավելի խիստ խափանման միջոց, քան այն, որով քրեական վարույթի ընթացքում հնարավոր կլինի ապահովել մեղադրյալի օրինական վարքագիծը, սակայն միաժամանակ պետք է յուրաքանչյուր դեպքում իր առջև խնդիր դնի այլընտրանքային այնպիսի խափանման միջոց կիրառելու, որը բարձր հավանականությամբ ի զորու է ապահովելու դրա նպատակաների իրացումը, իսկ քննարկվող դեպքում Վերաքննիչ դատարանը գտնում է, որ վարույթում առկա փաստական տվյալները, կատարված առերևույթ հանցագործության վտանգավորության աստիճանը և բնույթը, քրեական գործի քննության փուլը, ակնկալվող հնարավոր պատժի նշանակման հնարավորությունը, դրա տեսակները և չափերը թույլ են տալիս հետևության հանգելու, որ մեղադրյալ Արմեն Կարադավիդովի օրինական վարքագիծը հնարավոր է ապահովել կալանքի կիրառմամբ։ Անդրադառնալով հատուկ վերանայման բողոքում մեղադրյալի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոցի կիրառելիությունը հիմնավորող հանգամանքներին՝ Վերաքննիչ դատարանը փաստում է, որ տվյալ դեպքում վարույթն իրականացնող մարմնի կողմից իր լիազորություններն անարգել իրականացնելն ապահովելու համար օրենքով նախատեսված երաշխիք այլընտրանքային խափանման միջոցը հանդիսանալ չի կարող, հաշվի առնելով, որ այն բավարար և ողջամիտ միջոց չի հանդիսանում ապահովելու մեղադրյալ Արմեն Կարադավիդովի պատշաճ քրեադատավարական վարքագիծը: Վերաքննիչ դատարանի գնահատմամբ՝ կոնկրետ դեպքում այլընտրանքային խափանման միջոցները չեն կարող չեզոքացնել մեղադրյալի ոչ պատշաճ վարքագծի դրսևորման մտավախությունը՝ հաշվի առնելով, որ մեղադրյալ Արմեն Կարադավիդովի վարքագծի նկատմամբ չի կարող իրականացվել այն հսկողությունը, որն իրականացվում է կալանք խափանման միջոցի դեպքում, ուստի բողոքաբերի պնդումները ընդունելի չեն Վերաքննիչ դատարանի համար: Սույն դեպքում պաշտպանը Վերաքննիչ դատարան չի ներկայացրել մեղադրյալի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ այլընտրանքային խափանման միջոցներով փոփոխելու անհրաժեշտության վերաբերյալ ծանրակշիռ փաստական տվյալներ, մինչդեռ քրեական գործը գտնվում է դատարանի վարույթում, և Վերաքննիչ դատարանը փաստում է, որ կիրառված խափանման միջոցը փոփոխելու, առավել մեղմ խափանման միջոց ընտրելու համար անհրաժեշտ են ծանրակշիռ փաստարկներ, ուստի կիրառված խափանման միջոցի ակնհայտ անհամաչափության բացակայության պայմաններում, հենց Առաջին ատյանի դատարանը պետք է գնահատի կիրառված խափանման միջոցի արդյունավետությունը՝ որպես քրեական վարույթն իրականացնող մարմին։ Վերոգրյալը բխում է նաև Վճռաբեկ դատարանի նախադեպային պրակտիկայից, որի համաձայն՝ դատական քննության փուլում գտնվող քրեական վարույթներով խափանման միջոց կալանավորման իրավաչափության, այն այլընտրանքային խափանման միջոցով փոխարինելու հարցերը քննարկելիս պետք է հաշվի առնել նաև այն, որ Առաջին ատյանի դատարանը հանդես է գալիս որպես վարույթն իրականացնող մարմին, ուստի որպես վարույթն իրականացնող մարմին հանդես եկող Առաջին ատյանի դատարանի դատական ակտը բեկանելիս Վերաքննիչ դատարանի կողմից կայացված դատական ակտը պետք է հիմնված լինի ծանրակշիռ փաստական հանգամանքների վրա և ունենա պատճառաբանվածության առավել բարձր չափանիշ, հակառակ մոտեցումը, Վճռաբեկ դատարանի համոզմամբ, կարող է իր բացասական ազդեցությունը թողնել առաջին ատյանի դատարանում հիմնական քրեական գործի քննության բնականոն ընթացքի վրա` դրանով իսկ սահմանափակելով առաջին ատյանի դատարանի ներքին անկախությունը (...): Ամփոփելով վերոգրյալը՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ ինչպես ներկայացված բողոքում, այնպես էլ ստացված նյութերում բացակայում են Առաջին ատյանի դատարանի դատական ակտը բեկանելու համար անհրաժեշտ փաստական հանգամանքները, որպիսի պայմաններում մեղադրյալ Արմեն Կարադավիդովի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանի ներկայացրած հատուկ վերանայման բողոքը պետք է մերժել, իսկ Առաջին ատյանի դատարանի վիճարկվող որոշումը՝ թողնել անփոփոխ (...)»: 11. Վերաքննիչ դատարանի՝ 2026 թվականի մարտի 13-ի որոշմամբ Ա.Կարադավիդովն ազատվել է կալանքից և նրա նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոցների համակցություն է կիրառվել՝ տնային կալանքը՝ 3 (երեք) ամիս ժամկետով, գրավը՝ 30.000.000 (երեսուն միլիոն) ՀՀ դրամի չափով և բացակայելու արգելքը։ Առաջին ատյանի դատարանի՝ 2026 թվականի ապրիլի 13-ի և հունիսի 11-ի որոշումներով Ա.Կարադավիդովի նկատմամբ կիրառված խափանման միջոց տնային կալանքի ժամկետը երկարաձգվել է։ Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը. 12. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր են արդյոք Ա.Կարադավիդովին շարունակական կալանքի տակ պահելու հիմքերի առկայության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները: 13. «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ նաև Կոնվենցիա) 5-րդ հոդվածի համաձայն՝ «1. Յուրաքանչյուր ոք ունի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք: Ոչ ոքի չի կարելի ազատությունից զրկել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով.  (...) գ. անձի օրինական կալանավորումը կամ ձերբակալումը՝ իրավախախտում կատարած լինելու հիմնավոր կասկածի առկայության դեպքում նրան իրավասու օրինական մարմնին ներկայացնելու նպատակով կամ այն դեպքում, երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է համարվում նրա կողմից հանցագործության կատարումը կամ այն կատարելուց հետո նրա փախուստը կանխելու համար,  (...) 3. Սույն հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետի դրույթներին համապատասխան ձերբակալված կամ կալանավորված յուրաքանչյուր ոք անհապաղ տարվում է դատավորի կամ այլ պաշտոնատար անձի մոտ, որն օրենքով լիազորված է իրականացնելու դատական իշխանություն և ունի ողջամիտ ժամկետում դատաքննության իրավունք կամ մինչև դատաքննությունն ազատ արձակվելու իրավունք: Ազատ արձակումը կարող է պայմանավորվել դատաքննության ներկայանալու երաշխիքներով: 4. Յուրաքանչյուր ոք, ով ձերբակալման կամ կալանավորման պատճառով զրկված է ազատությունից, իրավունք ունի վիճարկելու իր կալանավորման օրինականությունը (…)»: ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ «Անձնական ազատությունից զրկված յուրաքանչյուր ոք իրավունք ունի վիճարկելու իրեն ազատությունից զրկելու իրավաչափությունը (…)»։ 14. Մինչև դատաքննությունն ազատ արձակվելու կոնվենցիոնալ իրավունքի առնչությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ նաև Եվրոպական դատարան) ձևավորած նախադեպային իրավունքի համաձայն՝ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետը դատական իշխանության մարմիններին հնարավորություն չի տալիս ընտրություն կատարելու անձին ողջամիտ ժամկետում դատարան տանելու կամ մինչև դատարանի առջև կանգնելը ժամանակավորապես ազատ արձակելու միջև: Մինչև դատապարտումն անձը համարվում է անմեղ, և այս դրույթի նպատակն առավելապես անձին ժամանակավորապես ազատ արձակելն է այն դեպքում, երբ շարունակական կալանքն այլևս ողջամիտ չէ: Այն հարցը, թե արդյո՞ք կալանքի տակ պահելու ժամկետը ողջամիտ է եղել, չի կարող գնահատվել վերացական եղանակով: Մեղադրյալին կալանքի տակ պահելու ողջամտության հարցը պետք է գնահատվի՝ յուրաքանչյուր կոնկրետ գործի փաստերից և առանձնահատկություններից ելնելով: Շարունակական կալանքը կարող է արդարացված լինել միայն, եթե կոնկրետ գործով առկա են հանրային շահի իրական պահանջի մասին վկայող հատուկ ցուցիչներ, որոնք, չնայած անմեղության կանխավարկածի սկզբունքին, գերակայում են Կոնվենցիայի 5-րդ հոդվածով երաշխավորված անձնական ազատության իրավունքի նկատմամբ: 14.1. Եվրոպական դատարանի գնահատմամբ՝ հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկածի առկայությունը շարունակական կալանքի անհրաժեշտ պայման է, սակայն որոշակի ժամանակ անց այն դառնում է ոչ բավարար, և իրավասու մարմինները պետք է ներկայացնեն կալանքը հիմնավորող անհրաժեշտ և բավարար հիմքեր: Անձին ազատ արձակելուն կողմ կամ դեմ փաստարկները չպետք է լինեն ընդհանրական և վերացական բնույթի, այլ պետք է պարունակեն հղումներ կոնկրետ փաստերին և անձի անձնային առանձնահատկություններին, որոնք հիմնավորում են վերջինիս կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը: Կալանքի տակ պահելու փաստացի մեխանիկական երկարաձգումն անհամատեղելի է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի երաշխիքների հետ: 14.2. Շարունակական կալանքի հնարավոր հիմքերից՝ վարույթից թաքնվելու վտանգի առնչությամբ Եվրոպական դատարանը նշել է, որ այն չի կարող հիմնվել միայն ակնկալվող պատժի խստության վրա: Ընդ որում, Եվրոպական դատարանն ընդգծել է, որ թաքնվելու վտանգը կալանքի տակ գտնվելու ժամանակահատվածին զուգահեռ նվազում է այն հանգամանքի հաշվառմամբ, որ արդեն իսկ կալանքի տակ եղած ժամանակահատվածը հաշվակցվելու է վերջնական պատժի ժամկետից: 14.3. Ինչ վերաբերում է վարույթի պատշաճ ընթացքին մեղադրյալի կողմից խոչընդոտելու վտանգին, Եվրոպական դատարանը նշել է, որ այն չպետք է լինի վերացական և պետք է հաստատվի փաստական տվյալներով: Վկաների վրա ճնշում գործադրելու վտանգը կարող է ընդունելի լինել վարույթի սկզբնական փուլերում, սակայն այն չի կարող հիմնավորվել միայն ակնկալվող պատժի խստությամբ: Ընդ որում, երկարատև ժամանակահատվածում քննություն իրականացնելու անհրաժեշտությունը բավարար չէ կալանքն արդարացնելու համար. վարույթի բնականոն ընթացքի պարագայում ենթադրյալ վտանգները նվազում են, քանի որ հարցաքննությունները կատարվում են, ցուցմունքները վերցվում են և ստուգվում: 15. Վերոշարադրյալի առնչությամբ Վճռաբեկ դատարանը Մելսիկ Ալեքսանյանի գործով արձանագրել է, որ անձի պատշաճ վարքագիծն ապահովող երաշխիքների կիրառմամբ ազատ արձակվելու իրավունքը կարող է իրավաչափորեն սահմանափակվել միայն անձին կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը հիմնավորող բավարար հիմքերի առկայության դեպքում: Իսկ այդ հիմքերի առկայության մասին վկայող փաստարկները պետք է բխեն կոնկրետ գործի փաստական հանգամանքներից և հիմնավորվեն կոնկրետ փաստական տվյալներով: Շարունակական կալանքի պարագայում վարույթի բնականոն ընթացքին զուգահեռ աստիճանաբար բարձրանում է մեղադրյալին կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը հիմնավորված համարելու շեմը: 16. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ. - Ա.Կարադավիդովի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 7-րդ կետերով, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով։ - Առաջին ատյանի դատարանը, անդրադառնալով մեղադրյալի նկատմամբ կիրառված խափանման միջոցի իրավաչափության հարցին, արձանագրել է, որ նախորդ որոշմամբ արձանագրված պայմանները և հիմքերը դեռևս իրատեսական են. շարունակվում են առկա լինել հավանական ռիսկերն առ այն, որ կալանքի տակ չգտնվելու դեպքում մեղադրյալը կարող է փախուստի դիմել վարույթն իրականացնող մարմնից, ինչպիսի վարքագիծ արդեն իսկ դրսևորել է և տևական ժամանակ թաքնվելու արդյունքում նոր հանցանք է կատարել և դատապարտվել դրա համար, ինչն էլ առարկայացնում է նաև նոր հանցանք կատարելու մտավախությունը: Բացի այդ, մեղադրյալը կարող է չկատարել իր վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով դրված պարտականությունները: Առաջին ատյանի դատարանն արձանագրել է, որ մեղադրյալին հասու են քրեական գործի ողջ նյութերը և առավել ևս իր ցուցմունքի հետ հակասության մեջ գտնվող ցուցմունքները, հետևաբար առկա է կանխատեսական ենթադրություն, որ վերջինս կարող է ներազդել գործով անցնող անձանց վրա՝ իր համար նպաստավոր դատավարական իրավիճակ ստեղծելու և ձեռնտու ցուցմունքներ տալու առումով՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ ոմանց հետ մեղադրյալն ունի որոշակի միջանձնային հարաբերություններ, որը մեծացնում է նրանց վրա ներազդելու հավանականությունը: Առաջին ատյանի դատարանն արձանագրել է նաև, որ ձեռք չեն բերվել ու ներկայացվել այնպիսի փաստական տվյալներ, որոնց գնահատմամբ կարելի է եզրահանգել, որ վերը նշված վտանգները նվազել են, քրեական գործի փաստական հանգամանքները չեն փոփոխվել այն չափով, ինչը կարող է հիմք հանդիսանալ եզրահանգելու, որ մեղադրյալի նկատմամբ կարող է կիրառվել նրա պատշաճ վարքագիծը ապահովող այլընտրանքային խափանման միջոց կամ դրանց համակցություն։ Վերորգրյալի հիման վրա, Առաջին ատյանի դատարանը գտել է, որ մեղադրյալի ոչ պատշաճ վարքագիծը կանխելու համար պետք է երկարաձգվի նրա կալանքի ժամկետը, նկատի ունենալով, որ նշված նպատակին հնարավոր չէ հասնել նրա նկատմամբ այլընտրանքային խափանման միջոցի կամ դրանց համակցության կիրառման միջոցով։ - Վերաքննիչ դատարանը գտել է, որ ուշադրության է արժանի նաև այն հանգամանքը, որ Ա.Կարադավիդովն ավելի քան ութ տարի գտնվում է կալանքի տակ և ընդգծել է ողջամիտ ժամկետում գործի քննությունն ապահովելու կարևորությունը, սակայն միաժամանակ գտել է, որ քննարկվող իրավիճակում դեռևս խափանման միջոցներից միայն կալանքի կիրառմամբ է հնարավոր հասնել մեղադրյալի վրա դրված պարտականությունների կատարման ապահովմանը։ Վերաքննիչ դատարանը, անդրադառնալով հատուկ վերանայման բողոքում մեղադրյալի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոցի կիրառելիությունը հիմնավորող հանգամանքներին՝ փաստել է, որ տվյալ դեպքում վարույթն իրականացնող մարմնի կողմից իր լիազորություններն անարգել իրականացնելն ապահովելու համար օրենքով նախատեսված երաշխիք այլընտրանքային խափանման միջոցը հանդիսանալ չի կարող, հաշվի առնելով, որ այն բավարար և ողջամիտ միջոց չի հանդիսանում՝ ապահովելու մեղադրյալ Ա.Կարադավիդովի պատշաճ քրեադատավարական վարքագիծը: Բացի այդ, Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ պաշտպանը չի ներկայացրել մեղադրյալի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ այլընտրանքային խափանման միջոցներով փոխարինելու անհրաժեշտության վերաբերյալ ծանրակշիռ փաստական տվյալներ, մինչդեռ քրեական գործը գտնվում է դատարանի վարույթում, և Վերաքննիչ դատարանը փաստում է, որ կիրառված խափանման միջոցը փոփոխելու, առավել մեղմ խափանման միջոց ընտրելու համար անհրաժեշտ են ծանրակշիռ փաստարկներ, ուստի կիրառված խափանման միջոցի ակնհայտ անհամաչափության բացակայության պայմաններում, հենց Առաջին ատյանի դատարանը պետք է գնահատի կիրառված խափանման միջոցի արդյունավետությունը՝ որպես քրեական վարույթն իրականացնող մարմին։ 14. Նախորդ կետում վկայակոչված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 12-15-րդ կետերում մեջբերված իրավադրույթների և շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանը նախ արձանագրում է, որ սույն գործը դեռևս 2019 թվականի հուլիսի 10-ին մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան, և շուրջ երկու անգամ տարբեր հիմքերով վերամակագրվել է այլ դատավորի, որի արդյունքում գործի քննությունը երկու անգամ սկսվել է նորից և այդ ողջ ընթացքում մեղադրյալ Ա.Կարադավիդովը եղել է կալանքի տակ։ Անդրադառնալով շարունակական կալանքի համատեքստում Ա.Կարադավիդովի՝ ավելի քան ութ տարի շարունակ կալանքի տակ գտնվելու և ողջամիտ ժամկետում գործի քննությունն ապահովելու կարևորությունը Վերաքննիչ դատարանի կողմից արձանագրելու հանգամանքին՝ Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ թեև նշված հանգամանքներն ինքնին չեն բացառում անձի հնարավոր ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու վտանգները, սակայն բարձրացնում են նրան շարունակաբար կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը հիմնավորված համարելու շեմը: Վերոգրյալի համատեքստում, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործն այլ դատավորին վերամակագրվելու արդյունքում գործի քննության վերսկսման բացասական հետևանքները չի կարող կրել մեղադրյալը, քանի որ գործի քննության վերսկսումը որևէ կերպ կախված չի եղել Ա.Կարադավիդովի վարքագծից։ Անդրադառնալով ստորադաս դատարանների կողմից արձանագրված հավանական ռիսկերին առ այն, որ կալանքի տակ չգտնվելու դեպքում մեղադրյալը կարող է փախուստի դիմել վարույթն իրականացնող մարմնից, ինչպիսի վարքագիծ արդեն իսկ դրսևորել է և տևական ժամանակ թաքնվելու արդյունքում նոր հանցանք է կատարել և դատապարտվել դրա համար, որն էլ առարկայացնում է նաև նոր հանցանք կատարելու մտավախությունը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այդ հանգամանքն ինքնին բավարար չէ տևական ժամանակ՝ ավելի քան ութ տարի մեղադրյալին կալանքի տակ պահելու համար, և այդ ռիսկերը հնարավոր է չեզոքացնել այլընտրանքային խափանման միջոցների կիրառմամբ։ Անդրադառնալով ստորադաս դատարանների այն հետևությանը, որ առկա է կանխատեսական ենթադրություն, որ Ա.Կարադավիդովին, քրեական գործի նյութերի և իր ցուցմունքի հետ հակասության մեջ գտնվող ցուցմունքների հասու լինելու հանգամանքը, կարող է ներազդել գործով անցնող անձանց վրա՝ իր համար նպաստավոր դատավարական իրավիճակ ստեղծելու և ձեռնտու ցուցմունքներ տալու առումով՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ ոմանց հետ մեղադրյալն ունի որոշակի միջանձնային հարաբերություններ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործի քննությունը երկու անգամ սկսվել է նորից, և առկա չէ որևէ փաստական տվյալ, որ մեղադրյալը նախորդ քննությունների ժամանակ որևէ եղանակով փորձել է ներազդել գործով անցնող անձանց վրա։ Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն փաստարկին, որ պաշտպանը չի ներկայացրել մեղադրյալի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ այլընտրանքային խափանման միջոցներով փոխարինելու անհրաժեշտության վերաբերյալ ծանրակշիռ փաստական տվյալներ, ապա Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ ծանրակշիռ փաստարկներով հիմնավորման ենթակա է անձին շարունակաբար, տևական ժամանակ, տվյալ դեպքում՝ ութ տարուց ավելի կալանքի տակ պահելու անհրաժեշտ ու բավարար հիմքերի առկայությունը, այլ ոչ թե համապատասխան երաշխիքների կիրառմամբ անձին ազատ արձակելը: 15. Վերոշարադրյալի հաշվառմամբ՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ մեղադրյալ Ա.Կարադավիդովին շարունակական կալանքի տակ պահելու հիմքերի առկայության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևություններն իրավաչափ չեն: 16. Այսպիսով, ամփոփելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատական ակտ կայացնելիս, Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածով նախատեսված՝ անձի ազատության և անձնական անձեռնմխելիության սկզբունքի խախտում, որն իր բնույթով էական է և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի համաձայն` հիմք է ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանելու համար։ Սակայն, հաշվի առնելով, որ բողոքաբերը ներկայացված բողոքով խնդրել է մեղադրյալ Ա.Կարադավիդովի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոցներ կիրառել տնային կալանքը, գրավը և բացակայելու արգելքը, որոնք արդեն իսկ կիրառվել են, ինչպես նաև այն, որ Վերաքննիչ դատարանի դատական ակտը եղել է ժամանակավոր և կորցրել է իրավական նշանակությունը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի՝ 2025 թվականի դեկտեմբերի 18-ի որոշումը պետք է թողնել անփոփոխ՝ հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։ Միևնույն ժամանակ, հիմք ընդունելով արձանագրված խախտման բնույթը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ պետք է սույն վարույթով ճանաչել մեղադրյալ Ա.Կարադավիդովի անձնական ազատության իրավունքի խախտման փաստը։ Ելնելով վերոգրյալից ու ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 33-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 352-րդ, 359-րդ, 361-363-րդ ու 400-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը Ո Ր Ո Շ Ե Ց 1. Ճանաչել մեղադրյալ Արմեն Լևանի Կարադավիդովի անձնական ազատության իրավունքի խախտման փաստը։ 2. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ 2025 թվականի նոյեմբերի 19-ի որոշումը և այն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի՝ 2025 թվականի դեկտեմբերի 18-ի որոշումը թողնել անփոփոխ՝ հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։ Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը: Նախագահող` Հ.ԱՍԱՏՐՅԱՆ Դատավորներ` Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆ Հ.ԳՐԻԳՈՐՅԱՆ Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆ Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ Ա.ՊՈՂՈՍՅԱՆ