Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am

Վճռաբեկ դատարան · Քրեական

1-37 (394-07)

Վճռաբեկ դատարանի որոշումների ցանկից (cassationcourt.am/decisions)՝ դատարանի նախադեպային շտեմարանում այն չկա։

Գործի համարը
1-37 (394-07)
Դիմող / մեղադրյալ
Գագիկ Հակոբյան
Դատական ակտի ընդունման ամսաթիվը
11.08.2026
ՀՀ Քրեական դատավարության օրենսգիրք
Որոշման տեքստում վկայակոչված այլ հոդվածներ
3 հոդված՝ որոշման տեքստից (դատարանի քարտում չկան)

ՀՀ Քրեական դատավարության օրենսգիրք

Որոշման տեքստը

դատարանի Word ֆայլից
1-37 (394-07) ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան, նախագահող դատավոր Պ.Օհանյան ՀՀ վերաքննիչ քրեական դատարան, նախագահող դատավոր՝ Ս.Ղազարյան դատավորներ՝ Հ.Տեր-Ադամյան Գ.Մելիք-Սարգսյան 11 օգոստոսի 2026 թվական ք.Երևան ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), նախագահությամբ` Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ մասնակցությամբ դատավորներ՝ Հ.ԳՐԻԳՈՐՅԱՆԻ Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ գրավոր ընթացակարգով քննության առնելով նոր ի հայտ եկած հանգամանքի հիմքով ՀՀ գլխավոր դատախազ Ա.Վարդապետյանի բացառիկ վերանայման բողոքը, Պ Ա Ր Զ Ե Ց Վարույթի դատավարական նախապատմությունը. 1. Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան)` 2007 թվականի հուլիսի 16-ի դատավճռով Գագիկ Լենդրուշի Հակոբյանը ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 205-րդ հոդվածի 1-ին մասով, 215-րդ հոդվածի 4-րդ մասով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով ճանաչվել է անմեղ և արդարացվել: Նույն դատական ակտով ճանաչվել և հռչակվել է նաև **** ********ի անմեղությունն առաջադրված մեղադրանքում։ 2. Վերոնշյալ դատավճռի դեմ մեղադրողների և տուժողի ներկայացուցչի վերաքննիչ բողոքների հիման վրա քննության առնելով քրեական գործը՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան) 2007 թվականի նոյեմբերի 29-ի դատավճռով Առաջին ատյանի դատարանի՝ 2007 թվականի հուլիսի 16-ի դատավճիռը բեկանել է, Գագիկ Հակոբյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 205-րդ հոդվածի 1-ին մասով, 215-րդ հոդվածի 1-ին մասով, 325-րդ հոդվածի 2-րդ մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ և 69-րդ հոդվածների կանոններով դատապարտել ազատազրկման՝ 4 (չորս) տարի 2 (երկու) ամիս 25 (քսանհինգ) օր ժամկետով, գույքի բռնագրավմամբ` 1/2-ի չափով, բայց ոչ ավել 455․717․900 (չորս հարյուր հիսունհինգ միլիոն յոթ հարյուր տասնյոթ հազար ինը հարյուր) ՀՀ դրամից: Վճռվել է Գ.Հակոբյանի և *.********ի տնտեսությունից, համապարտության կարգով, հօգուտ պետբյուջեի բռնագանձել 455․717․900 (չորս հարյուր հիսունհինգ միլիոն յոթ հարյուր տասնյոթ հազար ինը հարյուր) ՀՀ դրամ՝ որպես հանցագործությամբ պետությանը պատճառված նյութական վնաս։ Հիշյալ դատական ակտով վճռվել է նաև Գ.Հակոբյանից հօգուտ «***» կազմակերպության՝ ի դեմս **** *********ի, բռնագանձել 555.825.5 (հինգ հարյուր հիսունհինգ հազար ութ հարյուր քսանհինգ ամբողջ հինգ տասնորդական) ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ՝ որպես հանցագործությամբ տուժողին պատճառված նյութական վնաս։ Նույն դատական ակտով դատապարտվել է նաև *.********ը։ Վերաքննիչ դատարանի՝ 2007 թվականի նոյեմբերի 29-ի մեկ այլ որոշմամբ՝ Գագիկ Հակոբյանի մասով ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, իսկ **** ********ի մասով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով քրեական գործի մասերը կարճվել են և վերջիններիս նկատմամբ քրեական հետապնդումները դադարեցվել են։ 3. Վճռաբեկ դատարանի՝ 2008 թվականի հունիսի 27-ի որոշմամբ Վերաքննիչ դատարանի վերոհիշյալ դատական ակտի դեմ բերված վճռաբեկ բողոքները վերադարձվել են։ 4. 2025 թվականի հուլիսի 24-ին Գագիկ Հակոբյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազություն ներկայացված հաղորդման հիման վրա նույն օրը նոր ի հայտ եկած հանգամանքների հիմքով հարուցվել է նախնական վարույթ, և այդ հանգամանքների առթիվ քննություն կատարելու հանձնարարություն է տրվել վարույթն իրականացնող մարմնին: 5. Նոր ի հայտ եկած հանգամանքների քննության արդյունքներով ՀՀ գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ Լ.Հակոբյանի կողմից 2025 թվականի դեկտեմբերի 26-ին կազմված եզրակացության հիման վրա ՀՀ գլխավոր դատախազ Ա.Վարդապետյանը ներկայացրել է բացառիկ վերանայման վճռաբեկ բողոք։ 6. Վճռաբեկ դատարանի՝ 2026 թվականի մարտի 9-ի որոշմամբ հարուցվել է բացառիկ վերանայման վարույթ և սահմանվել է բողոքի քննության գրավոր ընթացակարգ։ Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը. 7. Ըստ բողոքաբերի՝ առկա են նոր ի հայտ եկած հանգամանքներ, որոնք անհայտ են եղել Վերաքննիչ դատարանի կողմից դատական ակտ կայացնելիս, և որոնք ինքնին, ինչպես նաև մինչև այդ պարզված հանգամանքների հետ, ապացուցում են դատապարտյալի անմեղությունը կամ նրա կատարած հանցանքի նվազ ծանր կամ ավելի ծանր լինելը, քան այն, որի համար նա դատապարտվել է: Մասնավորապես, բողոքի հեղինակը փաստարկել է, որ Վերաքննիչ դատարանի կողմից դատական ակտ կայացնելիս ուսումնասիրվել և դատական ակտի հիմքում դրվել է դատահաշվապահական և դատատնտեսագիտական փորձաքննության թիվ 06-0184 եզրակացությունը, որի հիման վրա հաշվարկվել են հանցագործության հետևանքով առաջացած հարկային և մաքսային պարտավորությունները, մինչդեռ նոր ի հայտ եկած հանգամանքների հիմքով հարուցված նախնական վարույթով պարզվել է, որ փորձագետ **** *******ը ստորագրել է փորձագետի եզրակացությունը՝ ամբողջապես ծանոթ չլինելով դրա բովանդակությանը։ Նման պայմաններում բողոք բերած անձը գտել է, որ նոր ի հայտ եկած հանգամանքների վարույթով ձեռք են բերվել փաստական տվյալներ, որոնք կասկածի տակ են դնում փորձագետի եզրակացության հիմնավորվածությունն ու արժանահավատությունը, որպիսի հանգամանքը, սակայն, դատական ակտ կայացնելիս դատարանին անհայտ է եղել: 8. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է նոր ի հայտ եկած հանգամանքների հիմքով բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2007 թվականի նոյեմբերի 29-ի օրինական ուժի մեջ մտած դատական ակտը և վարույթը փոխանցել համապատասխան ստորադաս դատարան։ Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները. 9. Գագիկ Հակոբյանը որպես մեղադրյալ է ներգրավել և նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «(...) հանդիսանալով «***** *******» ՀՁ ՍՊԸ բաժնետեր, նույն ՍՊԸ բաժնետեր ***** ****** ********ի և նախկին տնօրեն **** ******* ********ի հետ հանցավոր համաձայնությամբ ստեղծել են կազմակերպված խումբ, որի կազմում, «***** *******» ՀՁ ՍՊ ընկերության մատակարար ամերիկյան «******* ********** **** **********» կողմից կազմված և «***** *******» ՀՁ ՍՊԸ հասցեով ուղարկված մեկ օրինակ /օրիգինալ/ բնօրինակ /ինվոյսները/ հաշիվ ապրանքագրերը և դրանցում նշված տվյալները փոխել են, որի արդյունքում այլ փաստաթղթերը խաբեությամբ օգտագործելու միջոցով 1999-2004 թվականների ընթացքում մաքսանենգորեն Հայաստան են ներմուծել խոշոր չափերի՝ 8 միլիարդ 148 միլիոն 21 հազար 593 դրամ արժեքով սուրճ, բրինձ և սև պղպեղ: 1999-2004 թվականներին ապրանքները՝ սուրճը, պղպեղը և բրինձը մատակարար, Ամերիկյան «******* ********** ****» ընկերությունից ձեռք են բերվել այլ գնով, սակայն հետագայում վերոհիշյալ կազմակերպված խմբի կողմից փոխվել են նշված ընկերության կողմից ներկայացված հաշիվ ապրանքագրերը /ինվոյսները/ և դրանցում նշվել են ապրանքների այլ գներ, հաշվապահորեն ցույց է տրվել ապրանքների ձեռք բերման միանգամայն տարբեր գումարներ, տարբերությունը, որը չի վճարվել Ամերիկյան «******* ********** ****» ընկերությանը, հանվել է շրջանառությունից և հետագայում ցույց է տրվել որպես արտասահմանյան ներդրում: Ընդ որում, ներդրված գումարները Կուբայի Հանրապետությունից, որի քաղաքացի է հանդիսանում ***** ********ը, ՀՀ չեն ներկրվել և ընդհանրապես ներդրված գումարների օրինական ձեռք բերման և ներդրման աղբյուրի կամ երկրի մասին չկա որևէ տվյալ: Նշված եղանակով Կուբայի քաղաքացի ***** ********ի կողմից, թե «***** *******» ՀՁ ՍՊ ընկերության մասնակից /փայատեր/ ***** ********ին պատկանող 51 տոկոսի բաժնեմասի ձեռք բերումը և թե' կանոնադրական կապիտալում հետագայում կատարված ավելացումները չեն կարող դիտվել որպես օտարերկրյա ներդրողի կողմից կատարված օտարերկրյա ներդրում, քանի որ «***** *******» ՀՁ ՍՊ ընկերության կանոնադրական կապիտալում ներդրված 563.500.000 դրամ ֆինանսական միջոցները պատկանում են ոչ թե Կուբայի քաղաքացի ***** ********ին, այլ «***** *******» ՀՁ ՍՊ ընկերությանը: Արդյունքում հաշվապահորեն ցույց տալով որպես ձեռք բերված ապրանքի վճարման գումար, շրջանառությունից հանելով առանձնապես խոշոր չափի գումարներ՝ կազմակերպված խմբի անդամները ակնհայտ հանցավոր ճանապարհով ձեռք են բերել դրամական միջոցներ՝ նպատակ ունենալով թաքցնել կամ խեղաթյուրել նշված նյութական արժեքների կամ դրանց առնչվող իրավունքների բնույթը, ծագման աղբյուրները, գտնվելու վայրը, տեղաբաշխումը, շարժը կամ իրական պատկանելիությունը, դրանք հետագայում ձևակերպել են որպես արտասահմանյան ներդրումներ, օգտագործել են տնտեսական գործունեություն իրականացնելու համար: «***** *******» ՀՁ ՍՊ ընկերության կանոնադրական կապիտալում վերը նշված խախտմամբ կատարված 563.500.000 դրամ գումարի ներդրման արդյունքում, «***** *******» ՀՁ ՍՊ ընկերությունը ձեռք է բերել թե հարկային և թե մաքսային հարկման գծով արտոնություններ, որի հետևանքով էլ, դատահաշվապահական փորձաքննությամբ հաշվարկվել է լրացուցիչ մաքսատուրք' 416.954.700 դրամ արժեքով և 38.763.200 դրամ լրացուցիչ շահութահարկ և շահութահարկի գծով տուգանք' 69.684.100 դրամ գումարի չափով: Քննության ընթացքում Ամերիկյան «******* ********** ****» ընկերության նախագահ **** *********ը հայտարարություն է տվել, որ Գագիկ Հակոբյանի կողմից իրենից խաբեությամբ հափշտակվել է 164 հազար ԱՄՆ դոլար, հետագայում իր կողմից հաշվարկներ կատարելուց հետո քննությանը հայտնել է, որ այդ գումարը կազմում է 368.000 ԱՄՆ դոլար: Հետագա քննությամբ պարզվել է, որ «***** *******» ՀՁ ՍՊԸ բաժնետերեր Գագիկ Լենդրուշի Հակոբյանը և ***** ****** ********ը, նույն ՍՊԸ նախկին տնօրեն *. ********ի հետ հանցավոր համաձայնությամբ ստեղծված կազմակերպված խմբի կազմում, «***** *******» ՀՁ ՍՊ ընկերության մատակարար ամերիկյան «******* ********** ****» ընկերության կողմից կազմված և «***** *******» ՀՁ ՍՊԸ հասցեով ուղարկված մեկ օրինակ /օրիգինալ/ բնօրինակ /ինվոյսները/ հաշիվ ապրանքագրերը և դրանցում նշված տվյալները փոխելու արդյունքում **** *********ից խաբեությամբ հափշտակել են 1.005.825,5 ԱՄՆ դոլար գումարին համարժեք 553 մլն 204 հազար 25 դրամ (...)»: 10. Փորձագետներ *.**********ի, *.*******ի և *.********ի կողմից տրված դատահաշվապահական և դատատնտեսագիտական փորձաքննության թիվ 06-0184 եզրակացության համաձայն՝ «(...) 1. «***** *******» Հ/Ձ ՍՊ ընկերությունը ստեղծվել է որպես հայ-լիբանանյան համատեղ ձեռնարկություն, որի կանոնադրական կապիտալը պարբերաբար փոփոխվել է և արդյունքում 92 տոկոս բաժնեմասով սեփականատեր է դարձել Կուբայի քաղաքացի ***** ********ը: Նախաձեռնողի կողմից, փորձաքննությանը տրամադրված «***** *******» Հ/Ձ ՍՊ ընկերության հաշվապահական փաստաթղթերի, պետ. ռեգիստրի գործի և թիվ 58201705 քր.գործի տվյալների, ինչպես նաև առաջադրված հարցին վերաբերվող նորմատիվ ակտերի համալիր հետազոտման արդյունքներով, սույն փորձաքննությամբ դիտվում է, որ թե «***** *******» Հ/Ձ ՍՊ ընկերության մասնակից /փայատեր/ ***** ********ի 51 տոկոս բաժնեմասի վաճառքը Կուբայի քաղաքացի ***** ********ին և թե՝ վերջինիս կողմից 2001թ. ընկերության կանոնադրական /բաժնեհավաք/ կապիտալում 512.500.000 դրամ գումարի ավանդի ներդրումը կատարվել է մի շարք խախտումներով, որի մասին մանրամասն շարադրված է սույն եզրակացության հետազոտական մասում: 2. «***** *******» Հ/Ձ ՍՊ ընկերությունում ստուգվող ժամանակահատվածում՝ 1999-2004 թվականներին, արտասահմանյան ներդրումների մասով կիրառված արտոնությունները զուտ հարկային, հաշվապահական հաշվառման և տնտեսագիտական տեսանկյունից չեն հիմնավորվում նախաձեռնողի կողմից, սույն փորձաքննությանը տրամադրված «***** *******» Հ/Ձ ՍՊ ընկերության հաշվապահական հաշվառման գրքերում, պետ. ռեգիստրի գործում և թիվ 58201705 քրեական գործում գտնվող փաստաթղթերով, ինչպես նաև առաջադրված հարցին վերաբերվող և հետազոտվող գործող ժամանակաշրջանում նորմատիվ ակտերի պահանջներով (...): 3. «***** *******» Հ/Ձ ՍՊ ընկերության կողմից ՀՀ մաքսային մարմիններին ներկայացված ինվոյսներում առկա տվյալները այդ կազմակերպության սուրճի մատակարար հանդիսացող ամերիկյան «******* ********** ****» ընկերության կողմից կազմված ինվոյսներին չեն համապատասխանում: Նշված անհամապատասխանության արդյունքում ՀՀ բյուջեի նկատմամբ առաջանում են լրացուցիչ պարտավորություններ, որոնք զուտ շահութահարկի և մաքսատուրքի գծով կազմում են ընդամենը` 525.402.000 (շահութահարկ` 38.763.200 + «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 69 հոդվածի համաձայն, հաշվարկված տուգանք՝ 69.684.100 + մաքսատուրք` 416.954.700) դրամ։ Բացի այդ, պարտավորություն է առաջանում սուրճի հիմնական մատակարար հանդիսացող ամերիկյան «******* ********** ****» կազմակերպության առջև 01.01.2005թ. դրությամբ 1005825,5 ԱՄՆ դոլար գումարի չափով: Հատկանշական է այն հանգամանքը, որ եթե հիմք չընդունվի սուրճի հիմնական մատակարար հանդիսացող ամերիկյան «******* ********** ****» կազմակերպության կողմից կազմված և նախաքննությանը ներկայացրած ինվոյսները, այլ հիմք ընդունվի «***** *******» Հ/Ձ ՍՊ ընկերության կողմից ՀՀ մաքսային մարմիններին ներկայացված ինվոյսներն, ապա նման պայմաններում, զուտ փաստաթղթային առումով «***** *******» Հ/Ձ ՍՊ ընկերության պարտքը «******* ********** ****» կազմակերպության հանդեպ 01.01.2005թ. դրությամբ կկազմի՝ 2003513,6 ԱՄՆ դոլար: Եթե նախաքննությամբ հիմք ընդունվի, որ մատակարար՝ «******* ********** ****» կազմակերպության 06.07.2000թ. և 29.12.2000թ. գրություններն օրինական են, ապա նման պայմաններում, «******* ********** ****» կազմակերպության նկատմամբ 01.01.2005թ. դրությամբ հաշվարկված կրեդիտորական պարտքի գումարների չափը` մատակարար` «******* ********** ****» կազմակերպության կողմից նախաքննությանը ներկայացված հաշիվ-ապրանքագրերում /ինվոյսներում/ ցույց տրված գներով, կկազմեն՝ 768.551,3 ԱՄՆ դոլար, իսկ նախաձեռնողի կողմից ՀՀ մաքսային մարմիններից և «***** *******» Հ/Ձ ՍՊ ընկերությունից առգրավված փաստաթղթերում առկա հաշիվ-ապրանքագրերում /ինվոյսներում/ ցույց տրված գներով՝ 1.766.239,4 ԱՄՆ դոլար: 4. Քննության տվյալներով «***** *******» ՀՁ ՍՊ ընկերության պատասխանատու անձանց կողմից ապրանքները՝ սուրճը, պղպեղը և բրինձը մատակարար, Ամերիկյան «******* ********** ****» ընկերությունից ձեռք են բերվել այլ գնով, սակայն հետագայում փոխվել են նշված ընկերության կողմից ներկայացված հաշիվ ապրանքագրերը /ինվոյսները/ և դրանցում նշվել են ապրանքների այլ գներ, հաշվապահորեն ցույց է տրվել ապրանքների ձեռք բերման միանգամայն տարբեր գումարներ, տարբերությունը, որը չի վճարվել Ամերիկյան «******* ********** ****» ընկերությանը, հանվել է շրջանառությունից և հետագայում ցույց է տրվել որպես արտասահմանյան ներդրում: Ընդ որում քննության տվյալներով ներդրված գումարները Կուբայի հանրապետությունից, որի քաղաքացի է հանդիսանում ***** ********ը, ՀՀ չեն ներկրվել և ընդհանրապես ներդրված գումարների օրինական ձեռք բերման և ներդրման աղբյուրի կամ երկրի մասին չկա որևէ տվյալ: Նկարագրված եղանակով՝ Կուբայի քաղաքացի ***** ********ի կողմից, թե «***** *******» ՀՁ ՍՊ ընկերության մասնակից /փայատեր/ ***** ********ին պատկանող 51 տոկոսի բաժնեմասի ձեռք բերումը և թե՝ կանոնադրական կապիտալում հետագայում կատարված ավելացումները չեն կարող դիտվել, որպես օտարերկրյա ներդրողի կողմից կատարված օտարերկրյա ներդրում, որովհետև, ըստ նախաձեռնողի կողմից նշված հարցում ցույց տրված ելակետային տվյալների, «***** *******» ՀՁ ՍՊ կանոնադրական կապիտալում ներդրված 563.500.000 դրամ ֆինանսական միջոցները պատկանում է, ոչ թե Կուբայի քաղաքացի ***** ********ին, այլ «***** *******» ՀՁ ՍՊ ընկերությանը: Միաժամանակ պետք է նշել, որ Կուբայի քաղաքացի ***** ********ի կողմից, «***** *******» ՀՁ ՍՊ ընկերության կանոնադրական կապիտալում վերը նշված խախտմամբ կատարված 563.500.000 դրամ գումարի ներդրման արդյունքում, «***** *******» ՀՁ ՍՊ ընկերությունը ձեռք է բերել թե՝ հարկային և թե՝ մաքսային հարկման գծով արտոնություններ, որի հետևանքով էլ սույն փորձաքննությամբ հաշվարկվել է լրացուցիչ մաքսատուրք՝ 416954700 դրամ մաքսատուրք և 38763200 դրամ լրացուցիչ շահութահարկ և շահուահարկի գծով տուգանք՝ 69684100 դրամ գումարի չափով: 5. Նախաձեռնողի կողմից առաջադրված «Առկա՞ են արդյոք «***** *******» ՀՁ ՍՊ ընկերության պատասխանատու անձանց գործողություններում գանձվող հարկերը, տուրքերը, կամ այլ պարտադիր վճարումները վճարելուց խուսափելու հետ կապված խախտումներ, եթե այո, ապա ու՞մ կողմից են դրանք կատարվել և ո՞ր գործարքներում են դրանք արտահայտվել» հարցը փորձագետ-հաշվապահների իրավասությունից դուրս է, այն ենթակա է իրավական գնահատման։ 6. Նախաձեռնողի կողմից առաջադրված «Ստուգել դեբիտորական և կրեդիտորական պարտքի առկայությունը, եթե կան այդպիսիք ապա որքա՞ն են կազմում դրանք, ի՞նչն է դրանց առաջացման պատճառը և ինչպիսի հետևանքներ են առաջացրել կամ կարող էին առաջացնել» հարցի կապկացությամբ պետք է նշել․ - «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածով ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» պետական ոչ առևտրային կազմկերպությունը ստուգումներ իրականացնող պետական մարմին չի հանդիսանում, հետևաբար նշված կազմկերպության փորձագետները դեբիտորական և կրեդիտորական պարտքերի առկայության փաստաթղթային արժանահավատությունը ստուգելու իրավասություն չունեն: - Հաշվի առնելով, որ ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ներքին աուդիտի գնահատման և ֆինանսական վերահսկողության վարչության, ինչպես նաև ՀՀ ԿԱ ՀՊԾ ՕՀՎ-ի աշխատակիցները ստուգել են նախաձեռնողի կողմից առաջադրված հարցերի շրջանակներում «***** *******» ՀՁ ՍՊ ընկերության գործունեությունը և ստուգման արդյունքների վերաբերյալ 21.04.06թ. ամսաթվով կազմել ակտ, որից երևում է, որ ստուգման առարկա են դարձել «***** *******» ՀՁ ՍՊ ընկերության և «******* ********** ****», «*******», «**** ************ ** ****» «**** ****» և «********» ընկերութունների միջև 2000-2004թ.թ. կատարված գործարքների արդյունքում գոյացած կրեդիտորական պարտքերը: Սակայն պետք է նշել, որ ստուգմամբ մատակարարի փաստաթղթերի համադրմամբ ճշգրտվել է միայն «******* ********** ****» կազմկերպության հանդեպ «***** *******» ՀՁ ՍՊ ընկերության ունեցած կրեդիտորական պարտքը: Ինչ վերաբերվում է մյուս մատակարարների հանդեպ ունեցած կրեդիտորական պարտքերի ճշգրտմանը, ապա պետք է նշել, որ այդ պարտքերի փաստաթղթային արժանահավատությունը ստուգողների կողմից ճշգրտվել են միայն «***** *******» ՀՁ ՍՊ ընկերության հաշվապահական փաստաթղթերով և ձևակերպումներով: - «******», «**** ************ ** ****», «**** ****» և «********» կազմակերպությունների նկատմամբ «***** *******» ՀՁ ՍՊ ընկերության ունեցած կրեդիտորական պարտքերի գծով ստուգողների կողմից տարբերություններ չեն հայտնաբերվել։ Տարբերությունները հայտնաբերվել են միայն «******* ********** ****» կազմակերպության նկատմամբ: Նշված տարբերություններն արդյունք են «******* ********** ****» կազմակերպությունից հետազոտվող ժամանակաշրջանում ձեռք բերված ապրանքների գները փոխված հաշիվ-ապրանքագրերում /ինվոյսներում/ տարբեր գներ ցույց տալուն, ինչպես նաև «***** *******» ՀՁ ՍՊ ընկերության դրամական միջոցներից մատակարարների պարտքի մարման նպատակով դուրս գրված գումարներն, ըստ վճարման փաստաթղթերի ոչ ամբողջությամբ մատակարարներին տրմանը: Վերոգրյալ գործողությունների արդյունքում, զուտ հաշվապահական հաշվառման տեսանկյունից «******* ********** ****» կազմակերպության կողմից նախաքննությանը ներկայացված հաշիվ-ապրանքագրերում /ինվոյսներում/ ցույց տրված առաքված սուրճի գներով «***** *******» ՀՁ ՍՊ ընկերության ներկայացված, որից կրեդիտորական պարտքը մատակարար` «******* ********** ****» կազմակերպության հանդեպ 01.01.2005թ. դրությամբ կազմում է 1005825,5 ԱՄՆ դոլար, իսկ նախաձեռնողի կողմից ՀՀ մաքսային մարմիններից և «***** *******» ՀՁ ՍՊ ընկերությունից առգրավված փաստաթղթերում առկա ինվոյսներում ցույց տրված առաքված սուրճի գներով «***** *******» ՀՁ ՍՊ ընկերության կրեդիտորական պարտքը մատակարար՝ «******* ********** ****» կազմակերպության հանդեպ 01.01.2005թ. դրությամբ կազմում է՝ 2003513,6 ԱՄՆ դոլար։ 7. Սույն փորձաքննությանը տրամադրված փաստաթղթային և ելակետային տվյալների բազայի պայմաններում, փորձագետներն իրենց իրավասության սահմաններում հետազոտել են ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ներքին աուդիտի գնահատման և վերահսկողության վարչության ու ՀՀ ԿԱ ՀՊԾ-ի աշխատակիցների կողմից 21.04.06թ. ակտում արձանագրված դրվագներին վերաբերվող «***** *******» Հ/Ձ ՍՊ ընկերության ղեկավարության և մեղադրյալների շահերի պաշտպանի կողմից ներկայացրած առարկությունները: Կատարված ուսումնասիրությունից երևում է, որ բերված այն առարկությունները, որոնք վերաբերվում են ստուգման և դատահաշվապահական փորձաքննության առարկաներին, զուտ հաշվապահական հաշվառման տեսանկյունից՝ ստուգմամբ, արձանագրված և սույն փորձաքննությամբ ճշգրտված արդյունքներում, փոփոխություններ չեն առաջացնում (...)»։ 11. Առաջին ատյանի դատարանի՝ 2007 թվականի հուլիսի 16-ի դատավճռի համաձայն՝ «(...) Վերլուծելով և գնահատելով դատաքննության ընթացքում հետազոտված ապացույցները՝ գործի հանգամանքների, մեղադրանքների ապացուցվածության և ամբաստանյալների մեղավորության մասին դատարանն եկավ հետևության, որ արարքները, որոնց կատարման մեջ մեղադրվում են ամբաստանյալներն՝ ապացուցված չեն։ (...)»: 12. Վերաքննիչ դատարանը, 2007 թվականի նոյեմբերի 29-ի դատավճռի հիմքում, ի թիվս այլ ապացույցների, դնելով նաև դատահաշվապահական և դատատնտեսագիտական փորձաքննության թիվ 06-0184 եզրակացությունը, արձանագրել է հետևյալը. «(...) Վերաքննիչ դատարանը, վերլուծելով գործով ձեռք բերված ապացույցները, համադրելով դրանք միմյանց հետ, տալով դրանց քրեաիրավական գնահատական, ղեկավարվելով օրենքով, իրավագիտակցությամբ և ներքին համոզմամբ՝ հանգում է այն հետևության, որ ամբաստանյալ Գագիկ Լենդրուշի Հակոբյանին մեղսագրված արարքները ՀՀ քր. օր-ի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետով, 205 հոդվածի 1-ին մասով, 215 հոդվածի 1-ին մասով, 325 հոդվածի 2-րդ մասով, (…) լիովին ապացուցված է, նախաքննական մարմինը արարքները որակել է ճիշտ և այդ մեղադրանքներում նրանց մեղքը հիմնավորվել է ինչպես նախաքննությամբ ձեռք բերված ողջ ապացույցներով, այնպես էլ դատաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցներով: Ամբաստանյալներ Գագիկ Հակոբյանը և **** ********ն իրենց մեղսագրված արարքում ՀՀ քր. օր-ի 12 և 13 հոդվածների, 205 հոդվածի 1-ին մասով պետք է պատասխանատվություն կրեն հանցանքը կատարելու ժամանակ գործող օրենքով համաձայն մեղմացնող օրենքի հետադարձ ուժի սկզբունքով, քանի որ նշված օրենքը հետագայում փոփոխման արդյունքում ավելի է խստացվել: Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը գործով ձեռք բերված ապացույցներին ճիշտ քրեաիրավական գնահատական չի տվել, բերված պատճառաբանությունները չեն բխում գործի հանգամանքներից, օրենքի պահանջներից և տրամաբանությունից, ապացույցները բազմակողմանի և լրիվ չի վերլուծվել և գնահատվել, որի պայմաններում սույն գործով առաջին ատյանի դատարանի 16․07․2007թ․ դատավճիռն ենթակա է բեկանման (...)։ Գործի քննությամբ և քր. գործով ձեռք բերված ապացույցներով չի ապացուցվել ամբաստանյալների կողմից կազմակերպված խումբ ստեղծելու հանգամանքը, որի պայմաններում նրանց մեղսագրված արարքը ՀՀ քր. օր-ի 215 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներ չի պարունակում, և մեղադրողների միջնորդությունը այդ մասով ենթակա է բավարարման։ Ամբաստանյալներ Գագիկ Հակոբյանին և **** ********ին ՀՀ քր. օր-ի 215 հոդվածի 4-րդ մասով մեղսագրված արարքը պետք է վերաորակել ՀՀ քր. օր-ի 215 հոդվածի 1-ին մասով, և նրանց պատասխանատվության ենթարկել այդ արարքի համար։ (…) Վերաքննիչ դատարանը, քննության առնելով ամբաստանյալների կողմից մաքսավճարների և լրացուցիչ շահութահարկի մասով քաղ․ հայցը, գտավ, որ այն լիովին ենթակա է բավարարման։ Ամբաստանյալների նկատմամբ պատիժ նշանակելիս, վերաքննիչ դատարանը հաշվի է առնում ինչպես նրանց կողմից կատարած արարքի բնույթն ու վտանգավորության աստիճանը, այնպես էլ պատասխանատվությունը մեղմացնող, ծանրացնող հանգամանքները և նրանց անձը, այն, որ ամբաստանյալները նախկինում դատապարտված չեն եղել, բնութագրվում են դրական։ Պատասխանատվությունը մեղմացնող և ծանրացնող որևէ հանգամանք դատարանը չի գտել (…)»։ 13. 2018 թվականի օգոստոսի 13-ին Գ.Հակոբյանը ՀՀ գլխավոր դատախազություն հաղորդում է ներկայացրել այն մասին, որ թիվ 58201705 քրեական գործով իրեն ներկայացված մեղադրանքի հիմքում դրված՝ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի փորձագետներ ****** **********ի, **** *******ի և ***** ********ի կողմից տրված դատահաշվապահական և դատատնտեսագիտական փորձաքննության թիվ 06-0184 եզրակացությունը կեղծ է, և խնդրել է փորձագետների կողմից կեղծ եզրակացություն տալու առթիվ հարուցել քրեական գործ: ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության ավագ քննիչ Վ.Հարությունյանի՝ 2018 թվականի սեպտեմբերի 6-ի որոշմամբ քրեական գործի հարուցումը մերժվել է: 14. Վերոգրյալ որոշումը Գ.Հակոբյանի և նրա ներկայացուցչի կողմից բողոքարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավսության դատարան: Բողոքի քննության ընթացքում դատարան է հրավիրվել փորձագետ **** *******ը, ով ի թիվս այլնի, բացատրություն է տվել այն մասին, որ վիճարկվող եզրակացության տեքստին ամբողջովին ծանոթ չէ, ծանոթ է այնքանով, որքանով ինքն օգնել է փորձագետ *.**********ին հավաքել տեքստը։ Որոշ մասեր է կարդացել, ինքն անձամբ ուսումնասիրություն չի կատարել, ամբողջ փորձաքննությունն իրականացրել է փորձագիտական բաժնի պետ *.**********ը, իսկ ինքն այն ստորագրել է որպես խմբի անդամ։ 14.1. 2025 թվականի հուլիսի 24-ին ՀՀ գլխավոր դատախազությունում ստացվել է Գ․Հակոբյանի հաղորդումը, որում վերջինս վկայակոչելով փորձագետների կողմից կեղծ եզրակացություն կազմելու առերևույթ դեպքի առթիվ քրեական գործի հարուցումը մերժելու մասին վարույթն իրականացրած մարմնի որոշման դեմ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ներկայացված բողոքի քննության ընթացքում փորձագետ *․******ի հայտնած՝ դատահաշվապահական և դատատնտեսագիտական փորձաքննության թիվ 06-0184 եզրակացության դրույթներին ծանոթ չլինելու և այն փորձագիտական բաժնի պետ ****** **********ի հորդորով ստորագրելու վերաբերյալ տեղեկությունները, արձանագրել է, որ նշված հանգամանքը դատական ակտ կայացնելիս դատարանին հայտնի չի եղել: 14.2. Նոր ի հայտ եկած հանգամանքների հիմքով հարուցված նախնական վարույթի շրջանակներում ստացվել է քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման դեմ ներկայացված բողոքի քննության շրջանակներում Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում 2019 թվականի սեպտեմբերի 10-ին տեղի ունեցած դատական նիստի արձանագրության լազերային սկավառակը, որի զննությամբ արձանագրվել է, որ քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշման դատական բողոքարկման ընթացքում դատարան է հրավիրվել փորձագետ *․*******ը, ով առաջադրված հարցերին պատասխանել է, որ եզրակացությունը տվել է *․**********ը: Ինքը մասնակցել է եզրակացության տեքստի կազմման աշխատանքներին, խորությամբ գործը չի ուսումնասիրել, եզրակացությանն ամբողջապես չի ծանոթացել, ստորագրել է այն որպես խմբի անդամ: 14.3. Նոր ի հայտ եկած հանգամանքների հիմքով հարուցված նախնական վարույթի ընթացքում հարցաքննվել է վկա *․*******ը, ով հայտնել է, որ փորձաքննության կատարմանը մասնակցել է որպես տնտեսագետ-փորձագետ: Փորձաքննության կատարման ժամանակ միայն փոքր մասն է ուսումնասիրել, որի վերաբերյալ կազմել է իր կարծիքը և այն հանձնել է փորձագիտական հանձնաժողովի ղեկավար ****** **********ին: Տեղյակ է, որ իր կարծիքը հետագայում տեղ է գտել եզրակացության մեջ: Ամբողջ փորձաքննության եզրակացությունը կազմվել է ****** **********ի կողմից, ապա ներկայացվել է իրենց, իրենք ստորագրել են: Ինքը կարդացել է միայն իր կողմից տրված հետևության մասը: Ամբողջը չի կարդացել, սակայն քանի որ տևական ժամանակ է անցել, չի կարող ասել, թե եզրակացության կոնկրետ որ հատվածն է կազմում իր հետևությունը: Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում էլ քրեական գործի հարուցումը մերժելու որոշման բողոքի քննության ժամանակ հայտնել է, որ ամբողջ գործին ծանոթ չէ, միայն իր հետևության մասով է ծանոթ: Եզրակացությունը ստորագրել է ոչ թե ****** **********ի հորդորով, այլ ստորագրել է, քանի որ եղել է հանձնաժողովի անդամ և իր հետևության համար ստորագրել է: Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը. 15. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո փորձագետ *.*******ի հայտնած տվյալները՝ որպես նոր ի հայտ եկած հանգամանք, հիմք են ստորադաս դատարանների դատական ակտերը վերանայելու համար։ 16. ՀՀ Սահմանադրության 68-րդ հոդվածի համաձայն՝ «1. Ոչ ոք չի կարող կրկին դատվել նույն արարքի համար: 2. Սույն հոդվածի 1-ին մասի դրույթները չեն խոչընդոտում գործի վերանայմանը՝ օրենքին համապատասխան, եթե առկա են նոր կամ նոր երևան եկած հանգամանքներ, կամ գործի քննության ժամանակ տեղ են գտել հիմնարար թերություններ, որոնք կարող էին ազդել գործի արդյունքի վրա»։ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիային (այսուհետ՝ նաև Եվրոպական կոնվենցիա) կից թիվ 7 արձանագրության 4-րդ հոդվածի համաձայն` «1. Ոչ ոք չպետք է միևնույն պետության իրավազորության շրջանակներում երկրորդ անգամ դատվի կամ քրեական դատավարության կարգով պատժվի այն հանցագործության կապակցությամբ, որի համար նա արդեն վերջնականապես արդարացվել է կամ դատապարտվել այդ պետության օրենքին և քրեական դատավարությանը համապատասխան։ 2. Նախորդ կետի դրույթները չեն խոչընդոտում գործի վերանայմանը տվյալ պետության օրենքին և քրեական դատավարությանը համապատասխան, եթե ի հայտ են եկել նոր կամ նոր բացահայտված փաստեր, կամ նախորդ քննության ժամանակ տեղ են գտել էական թերություններ, որոնք կարող էին ազդել դրա արդյունքի վրա (…)»։ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Անձի վիճակի բարելավման պահանջով վարույթը եզրափակող ակտի վերանայումը կրկին դատվել չէ։»։ Նույն օրենսգրքի 403-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` «Նոր ի հայտ եկած հանգամանքներով բողոք կարող է բերվել այն դեպքում, երբ՝ 1) պարզվել են դատական ակտ կայացնելիս դատարանին անհայտ մնացած այնպիսի հանգամանքներ, որոնք ինքնին կամ մինչև այդ պարզված հանգամանքների հետ ապացուցում են դատապարտյալի անմեղությունը կամ նրա կատարած հանցանքի նվազ ծանր կամ ավելի ծանր լինելը, քան այն, որի համար նա դատապարտվել է (...)»։ 16.1.  Ուժի մեջ մտած դատական ակտերի վերանայման ինստիտուտի, այդ թվում՝ նոր երևան եկած հանգամանքների հիմքով, որպես մարդու խախտված իրավունքներն արդար և արդյունավետ դատաքննությամբ վերականգնելու բացառիկ արդարադատական միջոցի սահմանադրաիրավական բովանդակության բացահայտման, դրա միակերպ ընկալման ու կիրառման խնդիրներին Սահմանադրական դատարանն անդրադարձել է իր մի շարք որոշումներում։ Դատական ակտերի վերանայման նոր երևան եկած հանգամանքների համատեքստում Սահմանադրական դատարանը նշել է, որ` - նոր երևան եկած հանգամանքների հիմքով դատական ակտերի օրինականության և հիմնավորվածության ստուգումն իրավական լուրջ երաշխիք է անձի խախտված իրավունքները վերականգնելու, դատական սխալներն ուղղելու և գործով ճշմարտությունը բացահայտելու ուղղությամբ, - այդ հանգամանքներն իրենց բնույթով այնպիսին են, որ չնայած օբյեկտիվորեն գոյություն են ունեցել գործով վերջնական դատական ակտի կայացման պահին, սակայն հայտնի չէին և(կամ) չէին կարող հայտնի լինել թե՛ գործին մասնակցող անձանց և թե՛ դատարանին, կամ հայտնի են եղել գործին մասնակցող անձանց, բայց նրանցից անկախ պատճառներով չեն ներկայացվել դատարան, կամ որոշ դեպքերում` նորահայտ են։ 16.2. Եվրոպական կոնվենցիայի 4-րդ հոդվածի 2-րդ մասի համատեքստում Մարդու իրավունքների եվրոպական դատարանը գտել է, որ իրավական որոշակիության պահանջները բացարձակ չեն, և քրեական գործերով դրանք պետք է գնահատվեն թիվ 7 արձանագրության 4-րդ հոդվածի 2-րդ մասի լույսի ներքո, ինչը հստակորեն թույլատրում է պայմանավորվող պետություններին վերաբացել գործը նոր հանգամանքների առկայության դեպքում կամ երբ տեղ են գտել վարույթի էական թերություններ։ Ավելին, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նշել է, որ «նոր կամ նոր երևան եկած հանգամանքներ» եզրույթը ներառում է նոր ապացույցներ, որոնք վերաբերում են նախկինում գոյություն ունեցող փաստերին։ Միաժամանակ, հարկ է նկատի ունենալ, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ձևավորած մոտեցման համաձայն` վարույթի վերաբացումը հիմնավորող հիմքերն ըստ թիվ 7 արձանագրության 4-րդ հոդվածի, պետք է այնպիսին լինեն, որ կամ հօգուտ անձի կամ ի վնաս վերջինիս ազդեն գործի ելքի վրա։ 16.3. Վճռաբեկ դատարանն անդրադառնալով նոր երևան եկած հանգամանքներով դատական ակտերի վերանայման ինստիտուտին` իր նախադեպային իրավունքի շրջանակներում նշել է, որ այն, լինելով օրինական ուժի մեջ մտած վերջնական ակտերի վերանայման բացառիկ եղանակ, հնարավորություն է տալիս ուղղել թույլ տրված հնարավոր դատական սխալները, վերականգնել խախտված իրավունքներն ու ազատությունները։ Նշված նպատակի կենսագործման համար նոր երևան եկած հանգամանքները, ի թիվս այլոց, հիմնականում բնութագրվում են հետևյալ հատկանիշներով․ ա) պետք է հայտնի եղած չլինեն դատարանին դատական ակտ կայացնելիս՝ վերջինիս կամքից անկախ պատճառներով, բ) պետք է գործի համար ունենան էական նշանակություն՝ պայմանավորված գործի ելքի վրա դրանց անմիջական ազդեցության հնարավորությամբ, գ) պետք է առերևույթ կասկածի տակ դնեն օրինական ուժի մեջ մտած դատական ակտի իրավաչափությունը։ Նշված հատկանիշներին համապատասխանող նոր երևան եկած հանգամանքները, հանգեցնելով դատական ակտի վերանայման, կարող են իրենց ազդեցությունն ունենալ անձի մեղավորության, մեղսագրված արարքի հանցավորության կամ դրա ծանրության որոշման վրա։ 16.4. Վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ դատական ակտերի վերանայման կառուցակարգում կարևորվում է անձի իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության երաշխիքների ապահովումը։ Մասնավորապես, նշված կառուցակարգը, պայմանավորված օրինական ուժի մեջ մտած և վերջնական դատական ակտերի վերանայման առանձնահատկություններով, պահանջում է պատշաճ ուշադրության արժանացնել անձի՝ ՀՀ Սահմանադրությամբ և Եվրոպական կոնվենցիայով նախատեսված իրավական երաշխիքների ապահովումը։ Նկատի ունենալով, որ դատական ակտերի վերանայումն անմիջականորեն հարաբերակցվում է նաև անձի՝ կրկին անգամ դատվելու անթույլատրելիության սկզբունքի հետ, ուստի նշված կառուցակարգը գործադրելիս անհրաժեշտ է գնահատման ենթարկել նաև այս սկզբունքի բաղկացուցիչ մաս կազմող՝ իրավական երաշխիքների ամբողջությունը՝ ապահովելով օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի կայունության և թույլ տրված հնարավոր դատական սխալների վերացման անհրաժեշտության միջև արդարացի հավասարակշռությունը, ինչը պետք է անվերապահորեն ուղեկցվի նաև անձի արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասը կազմող երաշխիքների պաշտպանությամբ։ 17. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ. - Առաջին ատյանի դատարանի` 2007 թվականի հուլիսի 16-ի դատավճռով Գ․Հակոբյանը ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 205-րդ հոդվածի 1-ին մասով, 215-րդ հոդվածի 4-րդ մասով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով ճանաչվել է անմեղ և արդարացվել: - Վերաքննիչ դատարանը, 2007 թվականի նոյեմբերի 29-ի դատավճռի հիմքում, ի թիվս այլ ապացույցների, դնելով նաև դատահաշվապահական և դատատնտեսագիտական փորձաքննության թիվ 06-0184 եզրակացությունը, Գ․Հակոբյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 205-րդ հոդվածի 1-ին մասով, 215-րդ հոդվածի 1-ին մասով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով և նշանակել պատիժ: - Վերաքննիչ դատարանի վերոհիշյալ դատական ակտի դեմ ներկայացված վճռաբեկ բողոքները Վճռաբեկ դատարանի՝ 2008 թվականի հունիսի 27-ի որոշմամբ վերադարձվել են։ - Փորձագետների կողմից կեղծ եզրակացություն կազմելու առերևույթ դեպքի առթիվ քրեական գործի հարուցումը մերժելու մասին վարույթն իրականացրած մարմնի որոշման դեմ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ներկայացված բողոքի քննության ընթացքում փորձագետ *․*******ը հայտնել է, որ վիճարկվող եզրակացության տեքստին ամբողջովին ծանոթ չէ, որոշ մասեր է կարդացել, ծանոթ է այնքանով, որքանով ինքն է հավաքել տեքստը։ Ինքն անձամբ ուսումնասիրություն չի կատարել, ամբողջ փորձաքննությունն իրականացրել է փորձագիտական բաժնի պետ *․**********ը, իսկ ինքը ստորագրել է որպես խմբի անդամ։ - Գ.Հակոբյանի հաղորդման հիման վրա, 2025 թվականի հուլիսի 24-ին, նոր ի հայտ եկած հանգամանքների հիմքով հարուցվել է նախնական վարույթ, որի ընթացքում հարցաքննվել է *.*******ը, ով հայտնել է, որ փորձաքննության կատարմանը մասնակցել է որպես տնտեսագետ-փորձագետ: Փորձաքննության կատարման ժամանակ միայն փոքր մասն է ուսումնասիրել, որի վերաբերյալ կազմել է իր կարծիքը և այն հանձնել է փորձագիտական հանձնաժողովի ղեկավար ****** **********ին: Տեղյակ է, որ իր կարծիքը հետագայում տեղ է գտել եզրակացության մեջ: Ամբողջ փորձաքննության եզրակացությունը կազմվել է ****** **********ի կողմից, ապա ներկայացվել է իրենց, իրենք ստորագրել են: Ինքը կարդացել է միայն իր կողմից տրված հետևության մասը: Ամբողջը չի կարդացել, սակայն քանի որ տևական ժամանակ է անցել, չի կարող ասել, թե եզրակացության կոնկրետ որ հատվածն է կազմում իր հետևությունը: Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում էլ քրեական գործի հարուցումը մերժելու որոշման բողոքի քննության ժամանակ հայտնել է այն, որ ամբողջ գործին ծանոթ չէ, միայն իր հետևության մասով է ծանոթ: Եզրակացությունը ստորագրել է ոչ թե ****** **********ի հորդորով, այլ ստորագրել է, քանի որ եղել է հանձնաժողովի անդամ և իր հետևության համար ստորագրել է: - Նոր ի հայտ եկած հանգամանքի հիմքով հարուցված նախնական վարույթի քննության արդյունքներով ներկայացվել է վճռաբեկ բողոք՝ գործով կայացված՝ Վերաքննիչ դատարանի դատական ակտը նոր ի հայտ եկած հանգամանքի հիմքով բեկանելու խնդրանքով։ 18. Նախորդ կետում վկայակոչված փաստական հանգամանքները, ինչպես նաև նոր ի հայտ եկած հանգամանքի հիմքով հարուցված վարույթի նյութերը գնահատելով սույն որոշմամբ վկայակոչված դրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նախնական վարույթի ընթացքում ձեռք են բերվել այնպիսի փաստական տվյալներ, որոնք ողջամիտ հիմք են տալիս ենթադրելու, որ *.*******ը, հանդիսանալով դատահաշվապահական և դատատնտեսագիտական փորձաքննության թիվ 06-0184 եզրակացությունը տրամադրած փորձագետներից մեկը, տվյալ եզրակացությունը ստորագրել է՝ առանց դրա բովանդակությանը, փորձաքննության շրջանակներում կատարված ուսումնասիրություններին, հիմնավորումներին և ձևակերպված եզրահանգումներին ամբողջությամբ ու պատշաճ կերպով ծանոթ լինելու։ Նշված հանգամանքը դատական ակտ կայացնելիս Վերաքննիչ դատարանին հայտնի չի եղել և գնահատման առարկա չի դարձվել։ Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նոր ի հայտ եկած հանգամանքի հիմքով հարուցված վարույթի ընթացքում ձեռք բերված տվյալներն առերևույթ կասկածի տակ են դնում Գ.Հակոբյանին մեղավոր ճանաչելու հիմքում դրված դատահաշվապահական և դատատնտեսագիտական փորձաքննության թիվ 06-0184 եզրակացության հիմնավորվածությունն ու արժանահավատությունը։ Մինչդեռ հիշյալ փորձագիտական եզրակացությունը էական և վճռորոշ նշանակություն է ունեցել Գ․Հակոբյանին առաջադրված մեղադրանքի հիմքում ընկած փաստական հանգամանքների հաստատման և մեղադրական դատավճիռ կայացնելու գործընթացում։ 19. Ամփոփելով՝ Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ սույն գործով առկա է դատական ակտ կայացնելիս դատարանին անհայտ մնացած այնպիսի հանգամանք, որն ինքնին կամ մինչև այդ պարզված հանգամանքների հետ առերևույթ վկայում է Գ.Հակոբյանի անմեղությունը կամ նրա կատարած հանցանքի նվազ ծանր լինելը, քան այն, որի համար նա դատապարտվել է, հետևաբար *․*******ի հայտնած տվյալները՝ որպես նոր ի հայտ եկած հանգամանք, հիմք են Վճռաբեկ դատարանի՝ 2008 թվականի հունիսի 27-ի որոշումը վերանայելու, Վերաքննիչ դատարանի՝ 2007 թվականի նոյեմբերի 29-ի դատավճիռը բեկանելու և վարույթը ՀՀ վերաքննիչ քրեական դատարան՝ նոր քննության փոխանցելու համար։ 20. Նոր քննության ընթացքում Վերաքննիչ դատարանը պետք է նոր ի հայտ եկած հանգամանքի հիմքով հարուցված վարույթի շրջանակներում հայտնի դարձած փաստական տվյալների գնահատման և սույն որոշմամբ արձանագրված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ հանգի համապատասխան հետևության։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 34-րդ, 118-րդ, 119-րդ, 264-րդ, 281-րդ, 361-րդ, 363-րդ, 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը Ո Ր Ո Շ Ե Ց 1. Գագիկ Լենդրուշի Հակոբյանի վերաբերյալ ՀՀ Վճռաբեկ դատարանի՝ 2008 թվականի հունիսի 27-ի որոշումը նոր ի հայտ եկած հանգամանքի հիմքով վերանայել։ 2. Բացառիկ վերանայման արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2007 թվականի նոյեմբերի 29-ի դատավճիռը բեկանել և վարույթը փոխանցել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան՝ նոր քննության։ Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը։ Նախագահող` Հ.ԱՍԱՏՐՅԱՆ Դատավորներ` Հ.ԳՐԻԳՈՐՅԱՆ Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆ Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ Ա.ՊՈՂՈՍՅԱՆ