Վճռաբեկ դատարան · Հակակոռուպցիոն քաղաքացիական
ՀԿԴ/0059/02/23
Վճռաբեկ դատարանի որոշումների ցանկից (cassationcourt.am/decisions)՝ դատարանի նախադեպային շտեմարանում այն չկա։
- Գործի համարը
- ՀԿԴ/0059/02/23
- Հայցվոր
- ՀՀ գլխավոր դատախազություն
- Պատասխանող
- Գևորգ Կարապետի Վարդանյան Երրորդ անձ՝ «Պոլի-Տրանսպորտ» ՍՊԸ
- Դատական ակտի ընդունման ամսաթիվը
- 12.08.2026
- Քաղաքացիական իրավունք
- Քաղաքացիական դատավարություն
Որոշման տեքստը
դատարանի Word ֆայլիցՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն Հակակոռուպցիոն քաղաքացիական գործ դատարանի որոշում թիվ ՀԿԴ/0059/02/23
Հակակոռուպցիոն քաղաքացիական գործ 2026թ.
թիվ ՀԿԴ/0059/02/23
Նախագահող դատավոր` Հ. Շահնազարյան
Դատավորներ՝ Դ. Հովհաննիսյան
Հ. Զարգարյան
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն
պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով
նախագահող Ա. ԴԱՎԹՅԱՆ
զեկուցող Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ
Գ. ԳՅՈԶԱԼՅԱՆ
Ա. ԿՈՒՐԵԽՅԱՆ
«12» օգոստոսի 2026թ. քաղաք Երևան
գրավոր ընթացակարգով քննելով ըստ ՀՀ գլխավոր դատախազության հայցի ընդդեմ Գևորգ Կարապետի Վարդանյանի, երրորդ անձ՝ «Պոլի-Տրանսպորտ» ՍՊ ընկերության (այսուհետ նաև՝ Ընկերություն)՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին, հակակոռուպցիոն քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան) 20.03.2025 թվականի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազության (այսուհետ նաև` Դատախազություն կամ Բողոքաբեր) կողմից բերված վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
02.03.2023 թվականին Դատախազությունը հայցադիմում է ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն դատարան (այսուհետ նաև՝ Դատարան) ընդդեմ Գևորգ Կարապետի Վարդանյանի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին։
06.03.2023 թվականի որոշմամբ Դատարանը (դատավոր՝ Կ. Բադալյան) հայցադիմումն ընդունել է վարույթ:
16.05.2023 թվականին Դատարանը Ընկերությանը ներգրավել է որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ։
20.06.2024 թվականին Դատարանը կայացրել է վճիռ, որով հայցը բավարարել է մասնակի: Դատարանը վճռել է․ «(...) Գևորգ Կարապետի Վարդանյանից՝ որպես ապօրինի ծագում ունեցող գույք, հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել.
1. ▪▪▪▪▪▪▪▪▪▪ հասցեով անշարժ գույքն ամբողջությամբ՝ ճանաչելով Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը տվյալ գույքի նկատմամբ,
2. ▪▪▪▪▪▪▪▪▪ մակնիշի տրանսպորտային միջոցը (նույնականցման համար՝ ▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪, պետհամարանիշ՝ ▪▪▪▪▪▪)՝ ճանաչելով Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը տվյալ գույքի նկատմամբ,
3. ▪▪▪▪▪▪▪▪▪ մակնիշի տրանսպորտային միջոցը (պետհամարանիշ՝ ▪▪▪▪▪▪)՝ ճանաչելով Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը տվյալ գույքի նկատմամբ,
4. «Լավիթա ֆարմ» ՍՊ ընկերության (գրանցման համար՝ 271.110.947095, ՀՎՀՀ՝ 00457689, գրանցման ամսաթիվ՝ 24.05.2012) Գևորգ Կարապետի Վարդանյանին պատկանող 25 տոկոս բաժնեմասը՝ ճանաչելով Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը բաժնեմասի նկատմամբ,
5. «Պոլի-Տրանսպորտ» ՍՊ ընկերության (գրանցման համար՝ 273.110.23881, ՀՎՀՀ՝ 02600193, գրանցման ամսաթիվ՝ 15.06.2011) Գևորգ Կարապետի Վարդանյանին պատկանող 20,3 տոկոս բաժնեմասը՝ ճանաչելով Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը բաժնեմասի նկատմամբ,
6. Գևորգ Կարապետի Վարդանյանի կողմից «Պոլի-Տրանսպորտ» ՍՊ ընկերությանը տրամադրված 10.280.000 ՀՀ դրամ փոխառության 99,4 տոկոսի՝ 10.218.320 ՀՀ դրամի պահանջի իրավունքը,
7. 5.893.750 ՀՀ դրամ, որպես կանխիկ և անկանխիկ ապօրինի դրամական միջոցների մնացորդ (որից՝ «****բանկ» ՓԲ ընկերության թիվ ****0101 հաշվեհամարին՝ 390,5 ՀՀ դրամ, «****բանկ» ՓԲ ընկերության թիվ 0100 հաշվեհամարին՝ 103.899 ՀՀ դրամ և նույն ընկերության թիվ ****0301 հաշվեհամարին՝ 1.333 ՀՀ դրամ),
8. 11.997.201 ՀՀ դրամ գումար, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել:
Դրամական միջոցների բռնագանձման մասով անբավարարության դեպքում բռնագանձումը տարածել Գևորգ Կարապետի Վարդանյանի օրինական գույքերի վրա:
Հայցը՝ մնացած մասով մերժել։ (...)»։
25․07․2024 թվականին Գևորգ Կարապետի Վարդանյանը (ներկայացուցիչ՝ Ե․ Կասպարովա) ներկայացրել է վերաքննիչ բողոք, որը Վերաքննիչ դատարանը 20.09.2024 թվականին ընդունել է վարույթ:
20.03.2025 թվականին Վերաքննիչ դատարանը Դատարանի 20․06․2024 թվականի վճռի դեմ հայցի բավարարմանը վերաբերող մասով Գևորգ Կարապետի Վարդանյանի անունից ներկայացված վերաքննիչ բողոքը բավարարել է, որոշել է․ «(...) Հակակոռուպցիոն դատարանի 20.06.2024 թվականի վճիռը՝ հայցի բավարարմանը վերաբերող մասով բեկանել, փոփոխել, այդ մասով հայցը մերժել: (...)»:
21.04.2025 թվականին Բողոքաբերը, փոստային ծառայության միջոցով, ներկայացրել է վճռաբեկ բողոք։
21.05.2025 թվականին Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքը վերադարձրել է և սահմանել է որոշումն ստանալու պահից հնգօրյա ժամկետ` վճռաբեկ բողոքում առկա թերությունները շտկելու ու վճռաբեկ բողոքը կրկին ներկայացնելու համար:
27.05.2025 թվականին Բողոքաբերը կրկին ներկայացրել է վճռաբեկ բողոք։
21.08.2025 թվականին Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքն ընդունել է վարույթ։ Նույն օրը զեկուցող դատավոր Լ. Մելիքջանյանը հայտնել է հատուկ կարծիք։
22.08.2025 թվականին գործը վերամակագրվել է դատավոր Լ․ Գրիգորյանին։
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը սույն գործով սխալ է կիրառել «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի (այսուհետ նաև՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերը, 20-րդ հոդվածի 3-րդ մասը, չի կիրառել նույն Օրենքի 7-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ նաև՝ Օրենսգիրք) 9-րդ հոդվածը, 62-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը։
Բողոքաբերը բողոքում ներկայացրել է հետևյալ փաստարկները։
Անդրադառնալով հանցանքի ու գույքի ապօրինի ծագում ունենալու ուղղակի կապի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի դիրքորոշումներին՝ նշել է, որ Օրենքի ընդունման հիմնավորումների համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում ընտրված և ներդրված մոդելը չբացատրվող (անհիմն) հարստացման վարույթն է (in rem բռնագանձում), որի հիմքում ընկած են անձի օրինական աղբյուրներից ստացված եկամուտների և նրա փաստացի եկամուտների համեմատության հիման վրա բացահայտված էական անհամապատասխանությունները։ Հանցավոր արարքի հետ անուղղակի կապի հաստատումը պարտադիր պայման չէ։ Այս դեպքում ապացուցման բեռը տեղափոխվում է պատասխանողի վրա, և ակտիվները բռնագանձվում են, եթե չի ապացուցվում դրանց ստացման օրինական աղբյուրը: Հայաստանի Հանրապետությունում ներդրվել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման 4-րդ մոդելը, որը ենթադրում է առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման կառուցակարգ։ Օրենքի հիմնավորումն ուղղակիորեն մատնանշում է հանցավոր գործունեության և գույքերի ապօրինի ծագման միջև անուղղակի կապի հաստատման անհրաժեշտության բացակայության մասին:
Օրենսդիրը ոչ բոլոր դեպքերում է ուսումնասիրություն սկսելու հիմքը կապում քրեական վարույթով ի հայտ եկած որոշակի հանգամանքների հետ, ուստի նշված հիմքերից որևէ մեկով նախաձեռնված ուսումնասիրությամբ ողջամտորեն կարող է բացակայել անձի ոչ իրավաչափ վարքագծի և ենթադրյալ ապօրինի գույքերի ձեռքբերման միջև անուղղակի կապն ապացուցելու հնարավորությունը և/կամ պարտականությունը:
Այսինքն՝ որոշակի հանցագործության կատարման մեջ անձի մեղադրվելու, կամ նույնիսկ օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտված լինելու հանգամանքը միայն ազդակ է մնացած պայմանների առկայության պարագայում ուսումնասիրություն նախաձեռնելու համար։ Ուսումնասիրության նախաձեռնումից հետո այս վարույթները քննվում են զուգահեռաբար և որևէ կերպ չեն կանխորոշում միմյանց հանգուցալուծումը։ Ասվածը չի նշանակում, որ հանցանքի և գույքի՝ ապօրինի ծագում ունենալու ենթադրությունը չի կարող սկզբունքորեն բացառել հանցավոր գործունեության ընդհանրապես որևէ ուղղակի կամ անուղղակի կապի հնարավոր առկայությունը:
Ըստ Վերաքննիչ դատարանի մեկնաբանության՝ ստացվում է, որ անձը կարող է բերել որոշակի փաստարկներ կամ ապացույցներ, որ իր գույքը որևէ կապ չունի հանցագործության հետ՝ ո՛չ ուղղակի, ո՛չ էլ անուղղակի, և իրավասու մարմինն այլևս չի կարողանա այդ գույքը բռնագանձելու պահանջ ներկայացնել, մինչդեռ պատասխանողը պետք է ապացուցի իր օրինական եկամուտների համապատասխանությունը կատարված ձեռքբերումներին։
Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը՝ իրավասու մարմնին պարտավորեցնելով ցույց տալ անուղղակի կապ ենթադրյալ արարքի և ապօրինի ծագում ունեցող գույք ձեռք բերելու միջև:
Բողոքաբերն ընդունելի չի համարել Վերաքննիչ դատարանի այն մեկնաբանությունը, որով հայցի ըստ էության քննության փուլում իրավասու մարմնի վրա է դրվում անհամաչափ ապացուցման պարտականություն այն պայմաններում, երբ ուսումնասիրությունն արդեն ավարտված է, Օրենքով իրավասու մարմնին վերապահված լիազորություններից այլևս հնարավոր չէ օգտվել, և ուսումնասիրության ավարտից հետո իրավասու մարմինն օգտվում է բացառապես հայցվորի իրավունքներից: Սիրիայի Հանրապետությունում օրինական եկամուտ ունենալու և «Հովնանյան Ինթերնեյշընլ» ՍՊ ընկերությանը Գևորգ Կարապետի Վարդանյանի ստանձնած պարտավորությունների համար՝ Արթին Կարապետի Վարդանյանի միջոցներով գումար վճարելու փաստը վկայակոչել է պատասխանող կողմը, և, հետևաբար, վերջինս պետք է կրի տվյալ փաստի ապացուցման պարտականությունը:
Օրենսդիրը նախատեսել է պատասխանողի կողմից իր օրինական եկամուտներն ապացուցելու հնարավորություն, այսինքն՝ այն դեպքում, երբ անձը վկայակոչում է այս կամ այն աղբյուրից ստացված եկամուտը որպես օրինական (ինչն էլ սույն գործով տեղի է ունեցել), ապա այդ եկամուտը վկայակոչած անձը, առաջնորդվելով Օրենքի 22-րդ հոդվածի և Օրենսգրքի 62-րդ հոդվածի կարգավորումներով, պարտավոր է ինքն ակտիվ վարքագծով փորձել ապացուցել այդ եկամտի առկայության փաստը։ Հետևաբար ակնհայտ է, որ հայցվորը չպետք է ապացուցեր այն եկամտի առկայության փաստը, որը վկայակոչել է պատասխանողը։
Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի փոխանցումների կամ վճարումների վերաբերյալ մեկնաբանություններին՝ նշել է, որ ցանկացած փոխանցում չի կարող դիտարկվել օրինական այն պայմաններում, երբ հայտնի չեն գրավոր կնքված գործարքի վերաբերյալ տվյալներ կամ այլ ապացույցներ, որոնք վկայում են փոխանցման իրավաչափ նպատակի մասին: Ավելին, իրավասու մարմնի վրա չի կարող դրվել այնպիսի անհամաչափ ապացուցման բեռ, ըստ որի՝ վերջինս պարտավոր է պարզել, թե փոխանցումներն ինչ իրավահարաբերության շրջանակում են եղել այն պայմաններում, երբ մեծամասամբ ապացույցները գտնվում են պատասխանող կողմի տիրապետության տակ և գործարքի բոլոր մանրամասներին տիրապետում է մյուս կողմը:
Վերաքննիչ դատարանը մի դեպքում նշել է, որ փոխանցումները պետք է դիտարկվեն օրինական եկամուտ, քանի դեռ հակառակը չի ապացուցվել, մեկ այլ դեպքում նշել է, որ ամեն դեպքում անհրաժեշտ է պայմանագիր, կամ պետք է հաստատվի կողմերի միջև նվիրատվության պայմանագրի կնքումը, և եթե առաջին դեպքն է անհատույց փոխանցման, ապա դա կարող է նվիրատվություն համարվել: Վերաքննիչ դատարանը վերացական դատողություններ է արել նվիրատվության և/կամ օգնության կարգով ստացված գույքի և դրամական միջոցների վերաբերյալ՝ առանց փաստարկելու և մատնանշելու այն նորմատիվ իրավական ակտը կամ այն նորմը, որը կիրառելի է վերոնշյալ դատողության համատեքստում և ցույց չի տվել այն տրամաբանական շղթան, թե հատկապես ինչու է գտել, որ եթե անհատույց փոխանցման առաջին դեպքն է, ապա դա կարելի է համարել նվիրատվություն: Գործնականում, իրավասու մարմինը չի կարող վերահսկել կողմերի միջև այլ հանդիպական պարտավորությունների առկայությունը և չի էլ կարող վստահ լինել, որ նախ՝ դա առաջին փոխանցումն է, այնուհետև՝ փոխանցումը կատարվել է անհատույց և երրորդ՝ կողմերի միջև առկա չէ այլ հանդիպական պարտավորություն։
Վերաքննիչ դատարանը չի պատճառաբանել, թե երկրորդ փոխանցումը որքանով է առանձնահատուկ, որ այն անհրաժեշտ է դիտել արդեն ոչ թե նվիրատվության, այլ օգնության կարգով ստացված օրինական եկամուտ և կրկին ցույց չի տվել այն կապը, որն ընկած է իր դատողությունների և այն իրավական նորմի միջև, որի հետ Օրենքը կապում է իրավահարաբերության ծագումը կամ դադարումը: Ավելին, որևէ իրավական նորմով նախատեսված և բացահայտված չէ, թե ինչ պետք է հասկանալ «օգնության կարգով ստացված» ասելով, այդ չափանիշները չի բացահայտել նաև Վերաքննիչ դատարանը։
Շարունակելով` նշել է, որ իրավասու մարմինը պարտավոր չէ ապացուցել Վերաքննիչ դատարանի կողմից կարևորվող փոխանցման օրինականության վերաբերյալ փաստական հանգամանքները, քանի որ ուսումնասիրում է անձին պատկանող գույքի և օրինական եկամուտների համապատասխանությունը, այլ ոչ թե ցանկացած փոխանցման իրավաչափությունը, փոխանցողի և ստացողի հարաբերությունների բնույթը և այլն: Սույն գործով պատասխանողն է վկայակոչել իր եղբոր կողմից փոխանցում կատարված լինելու փաստը, հետևաբար վերջինս պետք է ապացուցի Վերաքննիչ դատարանի կողմից մատնանշված հանգամանքները, այդ թվում՝ փոխանցման օրինական հիմքը։
Բողոքաբերն ընդգծել է, որ իրավասու մարմինը չի վիճարկում Արթին Կարապետի Վարդանյանի հաշվից գումարի փոխանցման փաստը, այլ վիճարկում է այն հանգամանքը, թե վերջինս ինչպե՞ս է այդ գումարները բերել Հայաստանի Հանրապետություն, արդյո՞ք կողմերի միջև չկան այլ հանդիպական պարտավորություններ և արդյո՞ք դա Արթին Կարապետի Վարդանյանի միջոցներն են, թե՞ Գևորգ Կարապետի Վարդանյանի: Պատասխանողի կողմից վկայակոչված դրամական միջոցների ծագման օրինական աղբյուրի ապացուցման պարտականությունը կրում է պատասխանողը։
Վերոգրյալի հիման վրա՝ Բողոքաբերը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 20․03․2025 թվականի որոշումը և գործն ուղարկել ստորադաս դատարան՝ նոր քննության։
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
24․07․2015 թվականին «Հովնանյան Ինթերնեյշնլ» ՍՊ ընկերության (այսուհետ` «Վաճառող») և Գևորգ Կարապետի Վարդանյանի (այսուհետ` «Գնորդ») միջև կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի համաձայն՝ Վաճառողը վաճառել է իրեն սեփականության իրավունքով պատկանող ▪▪▪▪▪▪▪▪▪▪ հասցեում գտնվող բնակելի տունը, իսկ Գնորդը գնել է այն։ Պայմանագրի 2․1 կետի համաձայն՝ նույն պայմանագրով տան գինը սահմանվել է 102․173․420 ՀՀ դրամ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը, որն ամբողջությամբ նույն պայմանագրի կնքման պահին վճարված է Գնորդի կողմից։ Պայմանագիրը վավերացվել է նոտարի կողմից և գրանցվել սեղանամատյանում 1590 համարի տակ (հատոր 3-րդ, գ.թ. 13-17)։
01․09․2015 թվականին անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին թիվ ▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪▪ վկայականի համաձայն՝ հողի կադաստրային արժեքի վճարման 19.06.2015 թվականի հ. 000004 անդորրագրի և 24․07․2015 թվականի անշարժ գույքի առուվաճառքի համար 1590 պայմանագիր հիման վրա ▪▪▪▪▪▪▪▪▪▪ հասցեում գտնվող գույքի նկատմամբ գրանցվել է Գևորգ Կարապետի Վարդանյանի սեփականության իրավունքը (հիմք՝ էլեկտրոնային կրիչ), (հատոր 6-րդ, գ.թ. 105)։
05.09.2019 թվականին Գևորգ Կարապետի Վարդանյանը թիվ 61209418 քրեական գործով ներգրավվել է որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի 38-189-րդ հոդվածի 3-րդ մասով, 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով և 3112-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, հանդիսանալով Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք ներդրումային ծրագրի այսուհետ նաև՝ Ծրագիր Տրանշ 1 և Տրանշ 2 հատվածների կապալառու, իսպանական Կորսան Կորվիամ Կոնստրուկցիոն ընկերության հայաստանյան մասնաճյուղի ենթակապալառու Պոլի-Տրանսպորտ ՍՊ ընկերության բաժնետեր և տնօրեն, իր եղբոր՝ Սուրեն Կարապետի Վարդանյանի, ինչպես նաև ընկերությունում դստեր՝ Անի Սարգսյանի անվամբ փաստացի բաժնեմաս ունեցող՝ ՀՀ երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր, ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնը զբաղեցնող Լյովա Սարգսյանի հետ, վերջինիս դիրքի և նրա հետ ունեցած կապերի հաշվին իրական ազդեցություն ունենալով Ծրագրում 250 միլիոն ԱՄՆ դոլար արժողության պայմանագրի շրջանակներում շինարարական աշխատանքներ կատարելու և ծառայություններ մատուցելու ցանկություն ունեցող ենթակապալառու ընկերությունների ընտրության և ներգրավման հարցերում, ինչի համար ըստ Ծրագրի ընթացակարգերի պահանջվել է նաև պատվիրատու՝ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության ու Տրանսպորտային ծրագերի իրականացման կազմակերպություն ՊՈԱ կազմակերպության իրավասու պաշտոնատար անձանց համաձայնությունը, ձեռք բերված նախնական համաձայնությամբ, շահադիտական դրդումներով և խմբային շահերից ելնելով օգտագործել են իրենց իրական ազդեցությունը՝ իրավաբանական անձի օգտին պաշտոնատար անձանց կողմից իրենց լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելուն նպաստելու և ծառայության գծով հովանավորչության համար միջնորդ Ռամի Ջուդիի միջոցով պահանջել ու իր և եղբոր՝ Գևորգ Կարապետի Վարդանյանի կողմից Ռամի Ջուդիի կազմակերպմամբ կատարված առանց ծառայությունների մատուցման գործարքների, … արդյունքում առանձնապես խոշոր չափերի՝ 205.165.000 ՀՀ դրամ փողերի լվացման միջոցով, որպես ապօրինի վարձատրություն ստացել են առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 60 միլիոն ՀՀ դրամ գումար (հատոր 2-րդ, գ.թ. 29-32)։
07.10.2020 թվականին ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության Ուսումնասիրություն սկսելու մասին որոշմամբ՝ Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքով ուսումնասիրություն է սկսվել Գևորգ Կարապետի Վարդանյանին պատկանող գույքի առնչությամբ, ուսումնասիրությանը շնորհվել է 22-36-20 համարը և որպես ուսումնասիրվող ժամանակահատված է սահմանվել 01.01.2015 թվականից մինչև ուսումնասիրության ավարտն ընկած ժամանակահատվածը (հատոր 2-րդ, գ.թ. 33-34)։
25.02.2022 թվականին ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության «Ուսումնասիրվող նոր ժամանակահատված սահմանելու վերաբերյալ որոշմամբ՝ թիվ 22-36-20 ուսումնասիրության համար սահմանվել է ուսումնասիրվող նոր ժամանակահատված՝ 24.05.2012 թվականից մինչև ուսումնասիրության ավարտն ընկած ժամանակահատվածը (հատոր 5-րդ, գ.թ. 48-50)։
01.03.2023 թվականին ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը վերջնական ամփոփել է ուսումնասիրության արդյունքները և որոշել է հայց ներկայացնել ՀՀ հակակոռուպցիոն դատարան (հատոր 6-րդ, գ.թ. 79-95):
03․10․2023 թվականի «Հովնանյան Ինթերնեյշնլ» ՍՊ ընկերության թիվ 26 գրության և կից ներկայացված համապատասխան 01․01․2005-29․09․2023 թվականների ժամանակահատվածի վճարումների (բանկային մուտքերի) առկա տվյալների համաձայն՝ ▪▪▪▪▪▪▪▪▪▪ տան համար գնորդ Գևորգ Կարապետի Վարդանյանի կողմից անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով նախատեսված վճարումներն իրականացվել են ամբողջ ծավալով։ Վճարումները կատարվել են 23.04.2012 թվականից մինչև 12.03.2015 թվականն ընկած ժամանակահատվածում, «Վճարողի անվանում» վերտառությամբ սյունյակի բոլոր տողերում որպես վերոնշյալ անշարժ գույքի համար վճարող նշված է՝ «Սուրեն Կարապետի Վարդանյան», իսկ «Մեկնաբանություն» վերտառությամբ սյունյակի տողերում նշված է՝ «▪▪▪▪▪ կանխավճար Արթին Վարդանյանի միջ․», և միայն 23․04․2012 թվականին, 08․05․2012 թվականին և 27․07․2012 թվականին կատարված վճարումների «Մեկնաբանություն» վերտառությամբ սյունյակի տողերում համապատասխանաբար նշված են՝ «▪▪▪▪▪ կանխավճար», «▪▪▪▪▪ կանխավճար», «01 փոփոխություն ▪▪▪▪▪» (հատոր 3-րդ, գ.թ. 10-12)։
19․12․2023 թվականի «Հովնանյան Ինթերնեյշնլ» ՍՊ ընկերության գրության և կից ներկայացված «▪▪▪▪▪ տան գծով» բանկային մուտքերի համաձայն՝ ▪▪▪▪▪▪▪▪▪▪ հասցեում գտնվող բնակելի տան ձեռքբերման համար բոլոր վճարումները կատարվել են փոխանցումային կարգով և մուտքագրվել «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲ ընկերությունում սպասարկվող «Հովնանյան Ինթերնեյշնլ» ՍՊ ընկերության հաշվեհամարին։ Ինչ վերաբերում է այն հարցին, թե ո՞ր բանկից և ո՞ր հաշվեհամարից են կատարվել վճարումները, ապա նշվել է, որ «Հովնանյան Ինթերնեյշնլ» ՍՊ ընկերությունը չի տիրապետում նշված տեղեկատվությանը։ Վճարումները կատարվել են 23.04.2012 թվականից մինչև 12.03.2015 թվականն ընկած ժամանակահատվածում, «Վճարողի անվանում» վերտառությամբ սյունյակը բացակայում է, իսկ «Մեկնաբանություն» վերտառությամբ սյունյակի տողերում նշված է՝ «▪▪▪▪▪ կանխավճար Արթին Վարդանյանի միջ․» (հատոր 4-րդ, գ.թ. 16-17)։
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է՝ Օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքով՝ նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի իմաստով, այն է՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի ը) ենթակետի միատեսակ կիրառության համար։
Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Որոշման պարզության տեսանկյունից, հաշվի առնելով վճռաբեկ բողոքում բարձրացված և Վճռաբեկ դատարանի կողմից ուշադրության արժանի հիմնական հարցերը, նպատակահարմար է համարում դրանց անդրադառնալ երկու հարցադրումների միջոցով․
արդյո՞ք Օրենքի հանցավորության դեմ պայքարի նպատակների շրջանակներում հարուցված վարույթում անհրաժեշտ է ենթադրյալ հանցանքի և ապօրինի ծագում ունեցող գույքի միջև ուղղակի կամ անուղղակի կապի առկայություն,
ի՞նչ պայմաններում է պաշտոնատար անձի ընտանիքի անդամների և այլ անձանց կողմից նրան նվիրատվության կամ օգնության կարգով (սեփականության իրավունքով) տրամադրված գույքը համարվում որպես օրինական եկամուտ և պաշտպանվում Սահմանադրությամբ։
Ա) Արդյո՞ք Օրենքի հանցավորության դեմ պայքարի նպատակների շրջանակներում հարուցված վարույթում անհրաժեշտ է ենթադրյալ հանցանքի և ապօրինի ծագում ունեցող գույքի միջև ուղղակի կամ անուղղակի կապի առկայություն։
Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ նույն օրենքով նախատեսված հանցագործություն է համարվում Հայաստանի Հանրապետության տարածքում կամ դրա սահմաններից դուրս կատարված արարքը, որը պարունակում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի, ի թիվս այլ հոդվածների, նաև 190-րդ և 3112-րդ հոդվածներով նախատեսված արարքները։
Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. «1. Սույն օրենքով նախատեսված կարգով իրավասու մարմինը կարող է սկսել ուսումնասիրություն հետևյալ հիմքերի առկայության դեպքում.
1) առկա է օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատական ակտ, որով հաստատվում է սույն օրենքով նախատեսված հանցագործություններից որևէ մեկի կատարումը, և տվյալ քրեական գործի նյութերով առկա են բավարար հիմքեր` կասկածելու, որ դատապարտված անձին կամ իր հետ փոխկապակցված անձին պատկանում է ապօրինի ծագում ունեցող գույք, որը չի բռնագանձվել դատավճռով.
2) հարուցված քրեական գործով անձը որպես մեղադրյալ է ներգրավվել սույն օրենքով նախատեսված հանցագործություններից որևէ մեկի կատարման համար, և առկա են բավարար հիմքեր` կասկածելու, որ առկա է ապօրինի ծագում ունեցող գույք.
3) առկա են բավարար հիմքեր` կասկածելու, որ առկա է ապօրինի ծագում ունեցող գույք, սակայն սույն օրենքով նախատեսված հանցագործություններից որևէ մեկի կատարման առնչությամբ քրեական հետապնդումը կամ քրեական գործի հարուցումն անհնար է հետևյալ հիմքերից մեկով.
ա. ընդունվել է համաներման մասին օրենք,
բ. անցել են վաղեմության ժամկետները,
գ. անձը մահացել է,
դ. անձն արարքը կատարելու պահին չի հասել քրեական պատասխանատվության ենթարկվելու` օրենքով նախատեսված տարիքին.
4) առկա են բավարար հիմքեր` կասկածելու, որ առկա է ապօրինի ծագում ունեցող գույք, սակայն սույն օրենքով նախատեսված հանցագործություններից որևէ մեկի կատարման առնչությամբ հարուցված քրեական գործը կասեցվել է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերից որևէ մեկով.
5) «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքով սահմանված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներով հայտնաբերված տվյալներով առկա են բավարար հիմքեր` կասկածելու, որ պաշտոնատար անձին կամ իր հետ փոխկապակցված անձին պատկանում է ապօրինի ծագում ունեցող գույք»։
Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հարաբերություններում գործում է գույքի՝ ապօրինի ծագում ունենալու կանխավարկածը, քանի դեռ չի ապացուցվել գույքի ձեռքբերման օրինականությունը։
Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ապօրինի ծագում ունեցող գույքը ենթակա է բռնագանձման, եթե ներկայացված ապացույցների գնահատմամբ դատարանը հանգում է հետևության, որ այդպիսի գույքի շուկայական արժեքը հայցի ներկայացման պահին գերազանցում է 50 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը։
Վճռաբեկ դատարանն վկայակոչված նորմերի շրջանակներում նախ անհրաժեշտ է համարում անդրադառնալ Օրենքի իրավաչափ նպատակին և հետապնդող շահին, ապա հանցանքի և ապօրինի ծագում ունեցող գույքի միջև կապի հարաբերակցությանը։ Ինչպես նշված է Օրենքի ընդունման հիմնավորման մեջ. «Առանձնապես վտանգավոր որոշ հանցագործությունների, այդ թվում՝ կոռուպցիոն հանցագործությունների հիմնական շարժառիթը դրանցից ստացվող ֆինանսական միջոցներն են։ Նման դեպքերում հանցագործները հաճախ նաև փորձում են թաքցնել այդ ֆինանսական միջոցների իրական աղբյուրները՝ դրանք «օրինականացնելով», իսկ ստացված միջոցներն արդեն իսկ օգտագործում են քաղաքական ազդեցությունը ուժեղացնելու կամ նոր եկամուտներ ստանալու համար։ Այս հանցագործությունների, հատկապես փողերի լվացման դեմ արդյունավետ պայքարի միջոցներից է ֆինանսական ուսումնասիրությունների իրականացումը և հանցավոր ճանապարհով ստացված միջոցների սառեցումը և բռնագանձումը։ Հանցավոր ծագում ունեցող ակտիվների բռնագանձման արդյունավետությունը պայմանավորված է նրանով, որ բացառելով տվյալ անձանց անհիմն հարստացման հնարավորությունը՝ այս գործիքը չեզոքացնում է հանցագործության կատարման հիմնական շարժառիթը։ Հանցավոր ճանապարհով ստացված ակտիվների բռնագանձման կիրառումը վերահաստատում է կարևորագույն սկզբունք՝ ոչ ոք չպետք է եկամուտ ստանա հանցավոր ճանապարհով։ Այս գործիքը մի կողմից ուղղված է հետագայում հանցագործությունների կանխարգելմանը, իսկ մյուս կողմից՝ հակաօրինական արարքով պատճառված վնասների փոխհատուցմանը և այլ անձանց խախտված իրավունքների վերականգնմանը։ Առանց մեղադրական դատավճռի ակտիվների բռնագանձումը (non-conviction based asset forfeiture) կարևորագույն գործիք է կոռուպցիոն և այլ բնույթի հանցագործությունների արդյունքում ստացված եկամուտները բռնագանձելու համար։ (…) Օրենքի նախագիծը ներմուծում է առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման չորրորդ մոդելը՝ չհիմնավորվող հարստացման բռնագանձումը: (…) Ընտրված հոդվածների ցանկը ներառում է այն հանցագործությունները, որոնց հիմնական շարժառիթը հանցավոր աղբյուրներով գույքի ստացումն է կամ որոնց կատարման համար էական է ֆինանսավորումը կամ որոշակի գույքի օգտագործումը։ Ընդ որում, այդ ապօրինի ծագում ունեցող գույքի հետ ուղղակի կամ անուղղակի կապը կարող է բխել հենց հանցակազմի էությունից կամ գոյություն ունենալ օբյեկտիվորեն, բայց կարևորված չլինել հանցակազմի շրջանակներում։ (…)»։
Օրենքի ընդունման նպատակին, հանցանքի և ապօրինի ծագում ունեցող գույքի միջև կապի հարաբերակցությանը հանգամանալից անդրադարձել է ՀՀ սահմանադրական դատարանն իր 16.04.2025 թվականի թիվ ՍԴՈ-1776 որոշմամբ (այսուհետ՝ ՍԴՈ-1776 Որոշում), մասնավորապես՝ նշելով. «101. (…) Օրենքի հիման վրա սեփականության իրավունքին՝ գույքի բռնագանձման միջոցով միջամտությամբ օրենսդրի հետապնդած նպատակներն են (1) կոռուպցիայի դեմ պայքարը և (2) հանցավորության դեմ պայքարը (…)։ 102. Թեպետ նշված երկու նպատակներն էլ ինքնուրույն են, և յուրաքանչյուրն իրենով հետապնդվող շահի տեսանկյունից՝ ծանրակշիռ, դրանք Օրենքով նախատեսված կառուցակարգերի և ընթացակարգերի կիրառմամբ միմյանց բացառող չեն և կարող են հանդես գալ ինչպես միմյանց համընկնելով կամ փոխլրացնելով (օրինակ՝ կոռուպցիոն բնույթի հանցանքներին առնչվող անձանց գործերով, որոնք Օրենքի իմաստով պաշտոնատար անձ են), այնպես էլ՝ առանձին-առանձին։ (…) 119․ Սահմանադրական դատարանի համար ընդունելի է պատասխանողի կողմից ներկայացված դիրքորոշումն առ այն, որ Օրենքի ընդունմամբ հետապնդվում է հանցագործությունների կանխման նպատակ՝ ֆինանսական օգուտ առաջացող հանցագործությունների գրավչությունը նվազեցնելով: Սահմանադրական դատարանը, ընդհանուր առմամբ, ընդունելի է համարում նաև պատասխանողի այն պնդումը, որ հանցագործությունների կանխարգելման նպատակ կարող են հետապնդել տարաբնույթ օրենսդրական մեխանիզմներ, ինչպես նաև այնպիսիք, որոնք չեն ենթադրում յուրաքանչյուր դեպքում քրեորեն հետապնդվող արարքի համար անձի դատապարտում։ (…) 121․ Օրենքի ընդունման գործընթացում Կառավարութան կողմից առաջադրված հիմնավորումներում ներկայացված՝ Օրենքով հանրային շահեր հետապնդվելու վերաբերյալ բացատրություններից զատ, մի շարք միջազգային պայմանագրերով Հայաստանի Հանրապետությունը, հանցագործությունների կանխարգելման ընդհանուր նպատակի ներքո, ստանձնել է առանց մեղադրական դատավճռի հանցավոր ճանապարհով ձեռք բերված միջոցների բռնագանձման արդյունավետ ընթացակարգ։ 127. ՄԻԵԴ-ի պրակտիկայում հանցավոր ճանապարհով ձեռք բերված միջոցների բռնագանձումը դիտարկվել է հանրային շահի ներքո, որպես կանխարգելիչ նախազգուշացում հանցավոր մտայնություն ունեցողներին, ինչպես նաև՝ երաշխիք, որ ոչ ոք չի վայելելու հանցավոր գործունեության պտուղները։ Նույնաբովանդակ դիրքորոշում է ունեցել նաև «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովը։ 128. Հետևաբար՝ Սահմանադրական դատարանը եզրահանգում է, որ Օրենքով հետապնդվող՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձումը Սահմանադրության 60-րդ հոդվածի 3-րդ մասի իմաստով դասվում է «հանրային շահ» հասկացության ներքո։ (…) 158. Հանցավորության դեմ պայքարի նպատակով ներդրված քաղաքացիական դատավարության կարգով գույքի բռնագանձման կառուցակարգերի համատեքստին վերաբերող իրավունքի զարգացմամբ՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներում միջամտության համաչափության պահանջի բաղադրիչ է դիտարկվել, մասնավորապես, բռնագանձման ենթակա գույքի և բռնագանձման վարույթի համար հիմք հանդիսացող հանցանքի միջև կապի առկայությունը, որի առնչությամբ, մասնավորապես՝ «Յորդանովն ընդդեմ Բուլղարիայի» գործով այս դատարանը նշել էր, որ որպեսզի գույքից անարգել օգտվելու իրավունքին միջամտությունը համապատասխանի 1-ին Արձանագրության 1-ին հոդվածի պահանջներին, ներպետական դատարանից ակնկալվում է, որ այն տրամադրի այն հանցանքի կամ զանցանքի վերաբերյալ որոշ տվյալներ, որի կատարման արդյունքում է ենթադրաբար ձեռք բերվել բռնագանձման առարկա գույքը, և ցույց տա, որ ողջամտորեն հնարավոր էր կապ այդ իրավախախտման և խնդրո առարկա գույքի միջև։ (…) 160. Հետևաբար՝ վերը նշված գործոնները, այնուամենայնիվ, սեփականության հիմնական իրավունքի սահմանափակման «նվազագույն նշաձողը» ՄԻԵԴ վճռով սահմանված լինելու պայմաններում, նույնիսկ իրենց ամբողջության մեջ չեն կարող ապահովել Օրենքով հետապնդվող՝ հանցավորության դեմ պայքարի նպատակով դրանով նախատեսված միջամտության համաչափությունը, եթե Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-4-րդ կետերի՝ 24-րդ հոդվածի 1-ին մասի հետ համակցության մեջ, մեկնաբանությունը չպարունակի բռնագանձման ենթակա գույքի՝ համապատասխան հանցանքի հետ այնպիսի կապը հիմնավորելու պահանջ, որը ներառում է տվյալ անձին վերագրվող հանցանքի՝ իր համար տնտեսական օգուտ գեներացնելու հնարավորությունը։ 161. Անձին վերագրվող հանցանքի՝ իր համար տնտեսական օգուտ գեներացնելու հնարավորությունն Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-4-րդ կետերից մեկի հիմքում ընկած հանցանքի արդյունքում տնտեսական օգուտ ձեռք բերելու հնարավորությունն է։ Ընդ որում, հաշվի առնելով Օրենքով նախատեսված գույքի բռնագանձման ընթացակարգի ներդրման անհրաժեշտության վերաբերյալ հիմնավորումները, մասնավորապես՝ հանցավոր գործունեության ընթացքում ձեռք բերվող գույքի բռնագանձման համար քրեական դատավարության ընթացքում պահանջվող բարձր ապացուցողական շեմի առկայությամբ պայմանավորված՝ հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքը շրջանառությունից դուրս բերելու և, հետևաբար, հանցավորության տնտեսական գրավչությունը նվազեցնելու նպատակներին հասնելու դժվարությունները՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ հանցանքից տնտեսական օգուտ ստանալու հանգամանքի հիմնավորման համար քրեական դատավարությունում գույքի բռնագանձման նպատակով կիրառվող ապացուցողական շեմը կիրառելի չէ Օրենքով նախատեսված ընթացակարգերով գույքի բռնագանձման համար։ Այսինքն՝ պատասխանողի գույքի՝ Օրենքի համաձայն բռնագանձման մասին եզրահանգման համար անհրաժեշտ չէ, որ այն հիմնված լինի հանցանքի հետ այնպիսի պատճառահետևանքային կապի վրա, որի առկայությունը պետք է հաստատված լինի «հիմնավոր կասկածից անդին» ապացուցողական շեմի բավարարմամբ, որովհետև Օրենքով նախատեսված ընթացակարգի նպատակը չէ հանցավոր վարքագծի հաստատումը քրեական իրավունքի նպատակների համար, այլ՝ որոշ հավաստիությամբ ցույց տալը, որ բռնագանձման ենթակա գույքը կարող էր գեներացված լինել հանցավոր վարքագծի արդյունքում։ Նման պայմաններում Սահմանադրական դատարանը եզրակացնում է, որ Օրենքով նախատեսված կառուցակարգի գործադրմամբ բռնագանձվելիք գույքի՝ հանցանքի հետ կապն անձի դրսևորած վարքագծի պայմաններում որոշակի ողջամիտ հավաստիությամբ խնդրո առարկա գույքի հանցանքի արդյունքում ստացված լինելու հավանականությունն է: Այսինքն՝ (1) քաղաքացիական դատավարության ընթացքում իր գույքի ձեռքբերումն օրինական եկամուտներով հիմնավորելու՝ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված բոլոր ընթացակարգային երաշխիքներն ապահովված լինելու և (2) գույքի նկատմամբ Օրենքով առաջադրվող նվազագույն արժեքային շեմի բավարարվածության պայմաններում, համապատասխան հանցանքից տնտեսական օգուտ ստանալու հնարավորությունն այն հանգամանքն է, որն ամրապնդում է գույքի ապօրինի ծագում ունենալու կանխավարկածը՝ անաչառ և տեղեկացված դիտորդի աչքում ավելի հավանական դարձնելով այն, որ գույքը, որի ձեռքբերման օրինականությունը չի հիմնավորվել օրինական եկամուտներով, ունի ապօրինի, քան՝ օրինական ծագում։ Արդյունքում՝ պատասխանողի կողմից՝ իր գույքի ձեռքբերման օրինականությունը չհիմնավորելու բացասական հետևանքները կրելը, Օրենքով նախատեսված մյուս պայմանների բավարարված լինելու դեպքում, համաչափ կլինի Սահմանադրության 78-րդ հոդվածի իմաստով։ (…) 165. Ի վերջո, Սահմանադրական դատարանը գտնում է, որ Օրենքով հետապնդվող՝ հանցավորության դեմ պայքարի նպատակի շրջանակում (1) Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված հանցանքներից որևէ մեկին Օրենքի իմաստով առնչություն ունեցող անձից (2) հայցը ներկայացնելու պահի դրությամբ 50 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամի արժեքը գերազանցող և (3) օրինական եկամուտներով չհիմնավորվող՝ պատասխանողին վերագրվող հանցանքին առնչվող այն գույքի բռնագանձումը, որի ձեռքբերման օրինականության հիմնավորման համար պատասխանողի արդար դատաքննության իրավունքն ապահովված լինելու պայմաններում՝ վերջինս չի հիմնավորում իր գույքի ձեռքբերման օրինականությունը, խնդրահարույց չէ Սահմանադրության 60-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի՝ 78-րդ հոդվածով նախատեսված համաչափության սկզբունքի տեսանկյունից։ (…) 233. Սահմանադրական դատարանը շեշտում է նաև, որ սույն որոշման (…) 160-161-րդ կետերում ներկայացված դիրքորոշումների պայմաններում Օրենքով նախատեսված բռնագանձման մեխանիզմի գործադրումը պետք է կապ ունենա որոշակի հանցանքի հետ (…):
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթներում՝ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածով երաշխավորված սեփականության իրավունքի շրջանակներում, անդրադարձ է կատարել նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ նաև՝ Եվրոպական դատարան) իր մի շարք վճիռներում: Դրանցից Վճռաբեկ դատարանն առանձնացնում է՝ Todorov and others v. Bulgaria, Yordanov and others v. Bulgaria, Mandev and others v. Bulgaria, ինչպես նաև Isaia and others v. Italy գործերը՝ հաշվի առնելով, որ բոլոր այդ գործերով քննության առարկա է դարձել հանցավորության դեմ պայքարի շրջանակներում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթով սեփականության իրավունքի միջամտության հարցերը։
Տվյալ գործերով Եվրոպական դատարանը ընդհանուր առմամբ նշել է․
- Միջամտության համաչափությունը գնահատելիս Եվրոպական դատարանը նշել է, որ պետք է հաստատվի կամ առնվազն ենթադրելի լինի ուղղակի կամ անուղղակի պատճառահետևանքային կապ բռնագանձման ենթակա գույքի և հանցավոր գործունեության միջև։
- Եվրոպական դատարանը համաչափության գնահատման շրջանակներում հաշվի է առել դիմումատուների մեղավորության կամ անփութության աստիճանը։ Դատարանը հաշվի էր առել, թե արդյոք ներպետական վարույթում հաստատվել էր բռնագանձման ենթակա գույքի ապօրինի կամ հանցավոր ծագումը, սակայն ոչ քրեական իրավունքում կիրառվող ապացուցման չափանիշով։ Ի տարբերություն դրա, Եվրոպական դատարանը Կոնվենցիայի դրույթների խախտում է արձանագրել բռնագանձման վերաբերյալ մի շարք այլ գործերով, երբ ներպետական մարմինները ցույց չէին տվել, որ բռնագանձված գույքը հանցագործությունից ստացված եկամուտ էր, կամ չէին իրականացրել գնահատում, թե կոնկրետ որ գույքը կարող էր ձեռք բերված լինել հանցավոր գործունեության արդյունքում։ (...)
- Դատարանն արձանագրել է, որ որպեսզի գույքից անարգել օգտվելու իրավունքին միջամտությունը համապատասխանի Թիվ 1-ին Արձանագրության 1-ին հոդվածի պահանջներին, ներպետական դատարանից ակնկալվում է, որ այն տրամադրի այն հանցանքի կամ զանցանքի վերաբերյալ որոշ տվյալներ, որի կատարման արդյունքում է ենթադրաբար ձեռք բերվել բռնագանձման առարկա գույքը, և ցույց տա, որ ողջամտորեն հնարավոր էր կապ այդ իրավախախտման և խնդրո առարկա գույքի միջև։ (...)
- Եվրոպական դատարանը նշել է, որ ներպետական դատարանները, որպես հակակշիռ, պետք է ներկայացնեն որոշակի կոնկրետ տվյալներ այն հանցավոր վարքագծի վերաբերյալ, որից ծագել էին բռնագանձման պահանջի առարկա հանդիսացող ակտիվները, և հաստատեն պատճառահետևանքային կապ այդ ակտիվների և համապատասխան հանցավոր վարքագծի միջև։ Նշված պահանջը կիրառելով քննված առանձին գործերով՝ Եվրոպական դատարանն արձանագրել է, որ այն դեպքում, երբ ներպետական դատարանները ողջամտորեն հիմնավորել են բռնագանձման ենթակա ակտիվների և դիմողների հանցավոր վարքագծի միջև պատճառահետևանքային կապի առկայությունը թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի խախտում չի արձանագրել։ Տվյալ գործով Եվրոպական դատարանն արձանագրել է, որ թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի խախտում տեղի չի ունեցել, այն հիմնավորմամբ, որ ներպետական դատարանները հաստատել են դիմողների օրինական եկամուտների և կատարված ծախսերի միջև էական անհամապատասխանություն։ Բռնագանձման վարույթի նպատակը չէր քրեական վարույթի նման եղանակով վերջնականորեն հաստատել հանցավոր վարքագծի առկայությունը, այլ՝ որոշակի հավաստիության աստիճանով ցույց տալ, որ բռնագանձման ենթակա ակտիվները կարող էին հանդիսանալ հանցագործությունից ստացված եկամուտներ»։
Վճռաբեկ դատարանը, նախկինում արդեն իսկ անդրադարձել է իրավահարաբերության ծագման պահին գործող Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետին, ինչպես նաև Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասին, 22-րդ և 24-րդ հոդվածների 1-ին մասերին, և արձանագրել է. «(…) Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասում նկարագրված հիմքերն իրավասու մարմնի համար ուսումնասիրություն սկսելու օրինական ազդակ են հանդիսանում։ Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասում նախատեսված բոլոր հիմքերում օրենսդիրն օգտագործել է «կասկածելու» եզրույթը, ինչը նշանակում է, որ իրավասու մարմնի կողմից վարույթ հարուցելը նպատակ է հետապնդում այդ կասկածի փարատմանն ուղղված գործողություններ կատարելը, ինչը կարող է ավարտվել և՛ վարույթը դադարեցնելով, և՛ հայցի հարուցմամբ (Օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մաս)։ Վճռաբեկ դատարանը համաձայնում է «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով եվրոպական հանձնաժողովի» (այսուհետ՝ Վենետիկի հանձնաժողով) այն կարծիքին, ըստ որի. «Վերոնշյալ հիմքերից ոչ մեկի դեպքում պետք չէ ապացուցել, որ համապատասխան գույքը ձեռք է բերվել որոշակի հանցագործության արդյունքում։ Օրենքի համաձայն՝ ուսումնասիրության փուլում վարույթի շարունակման համար անհրաժեշտ է հաստատել, որ «առկա են բավարար հիմքեր ենթադրելու, որ անձին պատկանում է ապօրինի ծագում ունեցող գույք», և որ գույքի արժեքի շեմը գերազանցված է (13-րդ հոդվածի 2-րդ մաս և 18-րդ հոդվածի 2-րդ մաս) »։
Վճռաբեկ դատարանը համամիտ է Վենետիկի հանձնաժողովի հետ, որ Օրենքը միտված է կոռուպցիայի, կազմակերպված հանցավորության և փողերի լվացման դեմ պայքարի ոլորտում միջազգային չափորոշիչների և համապատասխան միջազգային մարմինների առաջարկությունների իրագործմանը: Ապօրինի գործունեության արդյունքում կամ հանցավոր եղանակով ստացված եկամուտների հաշվին ձեռք բերված դրամական կամ այլ միջոցների բռնագանձումը հանցավոր գործունեության դեմ պայքարի անհրաժեշտ և արդյունավետ միջոց է։
Հաշվի առնելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը, համաձայնելով ՀՀ սահմանադրական դատարանի և Եվրոպական դատարանի դիրքորոշումներին (տե՛ս վերը՝ 4․7.-4․9․-րդ կետերը), արձանագրում է, որ բոլոր այն դեպքերում, երբ հարուցված վարույթը հանցավորության դեմ պայքարի շրջանակներում է նախաձեռնվել, ապա իրավասու մարմինը կաշկանդված է ուսումնասիրությունն իրականացնելու այդ շրջանակով և պետք է ողջամտորեն ցույց տա հանցավոր վարքագծի և ապօրինի ծագում ունեցող գույքի միջև կապը: Ընդ որում, Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ ենթադրյալ հանցագործության և ապօրինի ծագում ունեցող գույքի միջև կապը պարտադիր չէ, որ լինի ուղղակի, այն կարող է հանցավոր վարքագծի հետ դրսևորվել նաև անուղղակի ձևով: Անհրաժեշտ չէ, որ հանցավոր գործունեության արդյունք լինելը հաստատված լինի հանցանքի համար դատապարտումով և հանցավոր գործունեության արդյունքում գեներացված գույքի ծավալը համընկնի քաղաքացիական բռնագանձման ծավալի հետ։
Այլ կերպ ասած՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հայցի բավարարումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ Դատախազությունը ներկայացրել և հիմնավորել է ոչ միայն պատասխանողի գույքի և օրինական եկամուտների անհամապատասխանությունը, այլև կոնկրետ այն հանցավոր վարքագիծը, որը կարող էր տնտեսական օգուտ գեներացնել, և բավարար փաստական տվյալներով հիմնավորել է բռնագանձման ենթակա յուրաքանչյուր գույքի ու ենթադրյալ հանցավոր վարքագծի միջև առկա ողջամիտ կապը՝ առնվազն անուղղակի կապվածություն հանցավոր վարքագծի հետ, որից հետո ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի սեփականատերը պետք է պատրաստ լինի հստակ բացատրություն տալու, թե ինչ միջոցներով է ձեռք բերել իրեն պատկանող գույքը՝ հերքելով Օրենքով առաջ քաշված կանխավարկածը (տե՛ս վերը՝ 4.4.-րդ կետը) և լիարժեք օգտվելով Օրենսգրքով նախատեսված երաշխիքներից։
Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Օրենքով սահմանված 50 միլիոն ՀՀ դրամը գերազանցող գույքի քաղաքացիական բռնագանձման հայցի նկատմամբ միայն գույքի հանցավոր ծագում ունենալու ենթադրության կանխավարկածը Դատարանում չի կարող փոխարինել կապին, այլ կապն է անհրաժեշտ պայման՝ գույքի ապօրինի ծագում ունենալու կանխավարկածի։ Այդ կապի բացակայության պայմաններում գույքի և օրինական եկամուտների անհամապատասխանությունն ինքնին բավարար հիմք չէ գույքն ապօրինի ծագում ունեցող համարելու և դրա բռնագանձումը թույլատրելի ճանաչելու համար։
Բ) Ի՞նչ պայմաններում է պաշտոնատար անձի ընտանիքի անդամների և այլ անձանց կողմից նրան նվիրատվության կամ օգնության կարգով (սեփականության իրավունքով) տրամադրված գույքը համարվում որպես օրինական եկամուտ և պաշտպանվում Սահմանադրությամբ:
Հաջորդիվ, Վճռաբեկ դատարանն անցնում է Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի ը) ենթակետի՝ որպես օրինական եկամուտ՝ նվիրատվության կամ օգնության կարգով ստացված գույքի (նաև դրամական միջոցների) հարցերի քննարկմանը՝ բացահայտելով հիշյալ նորմում օրենսդրի կողմից օգտագործված՝ նվիրատվություն և օգնություն իրավական եզրույթների բովանդակությունը՝ վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումը։
Սահմանադրության 60-րդ հոդվածի սույն գործին վերաբերելի մասերը սահմանում են.
«1. Յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունք:
4. Ոչ ոք չի կարող զրկվել սեփականությունից, բացառությամբ դատական կարգով` օրենքով սահմանված դեպքերի»:
Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածը սահմանում է. «Յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ունի իր գույքից անարգել օգտվելու իրավունք։ Ոչ ոքի չի կարելի զրկել նրան գույքից, բացառությամբ ի շահ հանրության և այն պայմաններով, որոնք նախատեսված են օրենքով ու միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքներով։
Նախորդ դրույթները, այնուամենայնիվ, չեն խոչընդոտում պետության՝ այնպիսի օրենքներ կիրառելու իրավունքին, որոնք նա անհրաժեշտ է համարում ընդհանուր շահերին համապատասխան, սեփականության օգտագործման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու կամ հարկերի կամ մյուս գանձումների կամ տուգանքների վճարումն ապահովելու համար»:
Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի ը) ենթակետը սահմանում է. «Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները. (...) օրինական եկամուտ՝ (…) նվիրատվության կամ օգնության կարգով ստացված գույքը (նաև դրամական միջոցները)»:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը սահմանում է. «1. Նվիրատվության պայմանագրով մի կողմը (նվիրատուն) մյուս կողմի (նվիրառուի) սեփականությանն անհատույց հանձնում է կամ պարտավորվում է հանձնել գույք կա՛մ իրեն, կա՛մ երրորդ անձին ուղղված գույքային իրավունք (պահանջ), կամ ազատում է, կամ պարտավորվում է նրան ազատել իր կամ երրորդ անձի հանդեպ ունեցած գույքային պարտավորությունից։
Գույքի կամ իրավունքի հանդիպական հանձման կամ հանդիպական պարտավորության դեպքում պայմանագիրը նվիրատվություն չի համարվում: (…)։
2. Որևէ մեկին գույք կամ գույքային իրավունքներ անհատույց հանձնելու կամ որևէ մեկին գույքային պարտականությունից ազատելու խոստումը (նվիրատվության խոստումը) համարվում է նվիրատվության պայմանագիր և պարտավորեցնում է խոստացողին, եթե խոստումը տրվել է պատշաճ ձևով ու պարունակում է կոնկրետ անձին գույք կամ իրավունք ապագայում անհատույց հանձնելու կամ նրան գույքային պարտականությունից ազատելու մասին պարզ արտահայտված ցանկություն:
3. Իր ամբողջ գույքը կամ դրա մի մասը նվիրելու` առանց գույքի, իրավունքի կամ պարտականությունից ազատելու տեսքով նվիրատվության կոնկրետ առարկան նշելու խոստումը, առոչինչ է:
4. Նվիրատուի մահից հետո նվիրառուին նվերի հանձնում նախատեսող պայմանագիրն առոչինչ է:
Նման տեսակի նվիրատվության նկատմամբ կիրառվում են սույն օրենսգրքի` ժառանգման մասին կանոնները»:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 595-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է. «Նվիրատվության պայմանագիրը կնքվում է գրավոր»:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 295-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ բանավոր կարող են կնքվել կնքման պահին կատարվող բոլոր գործարքները, բացառությամբ այն գործարքների, որոնց համար սահմանված է նոտարական ձև, և այն գործարքների, որոնց հասարակ գրավոր ձևը չպահպանելը հանգեցնում է դրանց անվավերության, եթե այլ բան սահմանված չէ կողմերի համաձայնությամբ:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 298-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործարքի հասարակ գրավոր ձևը չպահպանելը վեճի դեպքում կողմերին զրկում է ի հաստատումն գործարքի ու նրա պայմանների` վկաների ցուցմունքներ վկայակոչելու, սակայն նրանց չի զրկում գրավոր և այլ ապացույցներ ներկայացնելու իրավունքից:
Նակինում, ՀՀ վճռաբեկ դատարանը, հիմքում ունենալով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 594-րդ և 595-րդ հոդվածները, արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը. «(…) Վերը նշված դրույթների վերլուծությունից հետևում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը նախատեսում է նվիրատվության պայմանագրի երկու տեսակ՝ ռեալ, երբ պայմանագիրը կնքված է համարվում համապատասխան գույքը կամ գույքային իրավունքը (պահանջը) հանձնելու կամ գույքային պարտականությունից ազատելու պահից, և կոնսենսուալ, երբ մեկ կողմը (նվիրատուն) պարտավորվում է մյուս կողմին (նվիրառուին) հանձնել նվերն ապագայում: Այսինքն՝ նվիրատվության պայմանագրի կնքման պահը կարող է չհամընկնել այդ պայմանագրով տրամադրվող գույքի նկատմամբ իրավունքի փոխանցման հետ: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նման դեպքում առաջանում է պարտավորական իրավահարաբերություն, որի բովանդակությունն է կազմում նվիրատուի պարտականությունը ապագայում ավելացնել նվիրառուի գույքն իր գույքի նվազման հաշվին մի կողմից և նվիրառուի՝ գույքը պահանջելու իրավունքը մյուս կողմից»:
Վկայակոչված նորմերի լույսի ներքո (տե՛ս վերը՝ 4.19.-4.23.-րդ կետերը), հիմքում ունենալով ՀՀ վճռաբեկ դատարանի նախկինում արտահայտած դիրքորոշումները, Վճռաբեկ դատարանը վերահաստատում է Վճռաբեկ դատարանի թիվ ՀԿԴ/0025/02/22 հակակոռուպցիոն քաղաքացիական գործով 15.04.2026 թվականի որոշմամբ Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի ը) ենթակետի՝ որպես օրինական եկամուտ՝ նվիրատվության կամ օգնության կարգով ստացված գույքի (նաև դրամական միջոցների) հարցերի քննարկման արդյունքով արձանագրած իրավական դիրքորոշումները։ Մասնավորապես՝ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ․ «(…) գործարքը որպես նվիրատվություն որակելու համար պետք է համապատասխանի հետևյալ օբյեկտիվ չափանիշներին. 1) նվիրատուի մտադրությունը (Animus Donandi), որ նա ազատ արտահայտված կամքի միջոցով նվազեցնում է իր սեփական գույքը՝ ավելացնելով նվիրառուի գույքը, 2) անհատույց լինելը (Gratuitousness), ըստ որի՝ նվիրատվության դիմաց նվիրատուն չի ստանում որևէ հանդիպական բավարարում, 3) նվիրառուի համաձայնությունը (Acceptance), ըստ որի՝ նվիրառուն ազատ արտահայտված կամքի միջոցով համաձայն է ընդունել կամ կոնկլյուդենտ գործողությունով ընդունում է գույքը, 4) գույքի փաստացի (ռեալ) կամ ապագայում (կոնսենսուալ) փոխանցումը, ըստ որի՝ գույքը տվյալ պահին կամ հետագայում փոխանցվում է նվիրառուին:
Նվիրատվության ռեալ պայմանագրի դեպքում (Նվիրատվության պայմանագրով մի կողմը (նվիրատուն) մյուս կողմի (նվիրառուի) սեփականությանն անհատույց հանձնում է գույք) նվիրատուն գույքը տվյալ պահին փոխանցում է նվիրառուին, իսկ նվիրառուն ընդունում է այն: Այսինքն՝ նվիրատվության պայմանագիրը կնքված է համարվում համապատասխան գույքը փոխանցելու և այն նվիրառուի կողմից ընդունելու պահին: Այս գործարքի դեպքում գրավոր պայմանագիր կնքելու պարտադիր պահանջ առկա չէ (…), սակայն վեճ առաջանալու դեպքում շահագրգիռ կողմերը պարտավոր են թույլատրելի ապացույցների միջոցով ապացուցելու նվիրատվության փաստը (այդ թվում նաև՝ վկաների ցուցմունքներով): Այլ է հարցը նվիրատվության կոնսենսուալ պայմանագրի դեպքում, մասնավորապես՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի 1-ին մասում նշված՝ «կամ պարտավորվում է հանձնել գույք կա՛մ իրեն, կա՛մ երրորդ անձին ուղղված գույքային իրավունք (պահանջ), (...) կամ պարտավորվում է նրան ազատել իր կամ երրորդ անձի հանդեպ ունեցած գույքային պարտավորությունից», ինչպես նաև նույն հոդվածի 2-րդ մասով սահմանված. «Որևէ մեկին գույք կամ գույքային իրավունքներ անհատույց հանձնելու կամ որևէ մեկին գույքային պարտականությունից ազատելու խոստումը (նվիրատվության խոստումը)» (…) իրենից ենթադրում է գրավոր պայմանագրի առկայություն: Վճռաբեկ դատարանն այս առումով ավելորդ է համարում մանրամասն անդրադառնալ նվիրատվության այն պայմանագրերին, որոնց համար օրենքով նախատեսված է նոտարական վավերացման և/կամ պետական գրանցման պարտադիր պահանջ՝ փաստելով միայն, որ բոլոր այն դեպքերում, երբ օրենսդիրը նվիրատվության գործարքի համար նախատեսել է նոտարական վավերացման, պետական գրանցման պահանջ կամ օրենքով նշել է, որ նվիրատվության պայմանագրի կոնկրետ ձևը չպահպանելը հանգեցնում է այդ գործարքի անվավերության, ապա նմանատիպ նվիրատվության գործարքը պետք է աներկբա համապատասխանի այդ պահանջներին:
Նվիրատվության կոնսենսուալ գործարքի դեպքում պայմանագրի գրավոր ձևի չպահպանումը վեճի դեպքում շահագրգիռ անձանց զրկում է ի հաստատումն գործարքի ու նրա պայմանների` վկաների ցուցմունքներ վկայակոչելու, սակայն նրանց չի զրկում գրավոր և այլ ապացույցներ ներկայացնելու իրավունքից (…):
Հիմքում ունենալով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի ը) ենթակետի՝ «Նվիրատվության (...) կարգով ստացված գույքը (նաև դրամական միջոցները)» հասկացության ներքո անհրաժեշտ է նախ և առաջ պարզել նվիրատվությունն իրականացվել է ռեալ պայմանագրի հիման վրա, թե՝ կոնսենսուալ: Ինչպես նշվեց վերը, ռեալ պայմանագրի դեպքում այդ փաստը կարող է ապացուցվել քաղաքացիական դատավարության օրենսգրքով թույլատրված ցանկացած ապացույցով (ներառյալ՝ վկաների ցուցմունքներով), իսկ կոնսենսուալ պայմանագրի դեպքում՝ անհրաժեշտ է գրավոր պայմանագրի առկայություն (դրա բացակայության դեպքում այլ գրավոր և այլ ապացույցներ (…): Դատարանն առանձնակի ուշադրություն պետք է դարձնի, թե ինչ պայմաններում է կողմերի միջև կնքվել նվիրատվության պայմանագիրը, արդյո՞ք առկա են վերը` 5.35-րդ կետում նշված օբյեկտիվ չափանիշները, թե՝ ոչ, ի՞նչ եղանակով է գույքը փոխանցվել նվիրառուին, արդյո՞ք նվիրատուն սեփականության իրավունքով տիրապետել է այն գույքին, որը նվիրատվությամբ փոխանցել է նվիրառուին: Հարկ է ուշադրություն դարձնել, որ վերը նշված չափանիշներից մեկի բացակայության դեպքում խոսք չի կարող գնալ նվիրատվության գործարքի մասին: Դատարանը նվիրատվության փաստը հաստատելիս առաջնորդվում է՝ հավանականությունների հավասարակշռման ապացուցման ստանդարտով (…)՝ նկատի ունենալով, որ բոլոր դեպքերում խոսքը ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի մասին է (…) և պատասխանողները հստակ պետք է ցույց տան այն հանգամանքները, որոնց պայմաններում կնքվել է նվիրատվության պայմանագիրը: (…)
Վճռաբեկ դատարանը բացառապես Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի ը) ենթակետի իմաստով, հաշվի առնելով նաև օրենսդրի կողմից տարբեր օրենքներում կիրառված՝ «օգնություն» եզրույթը, արձանագրում է, որ օգնության կարգով ստացված գույքը (ներառյալ՝ դրամական միջոցները) պետք է համապատասխանի հետևյալ օբյեկտիվ չափանիշներին․ 1) օգնություն ստացողի «փաստացի կարիքը», որը դրսևորվում է նրանում, որ պետք է առկա լինի կոնկրետ օբյեկտիվորեն գոյություն ունեցող ստուգելի կարիք: Առանց կարիքի՝ փոխանցված գույքն Օրենքի իմաստով չի կարող համարվել «օգնություն»: 2) Օգնություն տրամադրողի գույքային հնարավորությունը, որը դրսևորվում է նրանում, որ օգնություն տրամադրողն ունի բավարար օրինական միջոցներ՝ որպես օգնություն գույքը փոխանցելու համար: 3) Օգնություն տրամադրողի և ստացողի միջև կապը, որը դրսևորվում է նրանում, որ պետք է լինի այնպիսի կապ (ընտանեկան, արյունակցական, մտերիմ ընկերական, խնամակալական և այլն), որը տրամաբանական և հավանական է դարձնում նման գույքի փոխանցումը: 4) Փաստացի կարիքի և որպես օգնություն փոխանցված գույքի միջև ողջամիտ համամասնությունը, որը դրսևորվում է նրանում, որ տրամադրված օգնության չափը պետք է ողջամիտ և համամասնական լինի հիմնավորված կարիքը հոգալու համար:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ իրավակիրառ պրակտիկան պետք է զարգանա այնպես, որ մինչև Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի ը) ենթակետի հիման վրա որպես սեփականություն փոխանցված գույքն օրինական եկամուտ դիտարկելը, նախ պարզվի փոխանցված գույքը նվիրատվություն է, թե օգնություն՝ վերը նշված չափանիշներին (…) համապատասխան: Վճռաբեկ դատարանն ավելորդ չի համարում կրկնել, որ այս չափանիշները բացառապես վերաբերելի են Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի ը) ենթակետին»։
Ամփոփելով վերը ողջ ասվածը (տե՛ս վերը՝ 4.24.-րդ կետը)՝ Վճռաբեկ դատարանը պատճառ չի տեսնում վկայակոչված գործով որոշմամբ արձանագրված իրավական դիրքորոշումները չկիրառելու նաև սույն գործի փաստերի նկատմամբ և արձանագրում է, որ բոլոր այն դեպքերում, երբ պատասխանողներն իրենց գույքի ծագման աղբյուրը կփորձեն հիմնավորել որպես նվիրատվության կամ օգնության կարգով ստացված (ներառյալ դրամական միջոցները), ապա պետք է հստակ ցույց տան այն հանգամանքները, որոնց առկայությամբ պայմանավորված նրանք որպես նվիրատվություն կամ օգնություն ստացել են այդ գույքը՝ առաջնորդվելով Վճռաբեկ դատարանի կողմից սահմանած վերը նշված չափանիշներով և օգտվելով քաղաքացիա-դատավարական օրենսդրության ընձեռած ողջ գործիքակազմից:
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Կիրառելով վերը նշված դիրքորոշումները սույն գործի փաստերի նկատմամբ՝ Վճռաբեկ դատարանը նախ հարկ է համարում անդրադառնալ վիճելի այն հարցին, թե Օրենքի հանցավորության դեմ պայքարի նպատակների շրջանակներում, արդյո՞ք անհրաժեշտ է ենթադրյալ հանցանքի և ապօրինի ծագում ունեցող գույքի միջև ուղղակի կամ անուղղակի կապի առկայություն (տե՛ս վերը՝ 2.2.-2․4.-րդ կետերը)։
Դատարանը վերոգրյալ հարցի վերաբերյալ նշել է հետևյալը․ «(...) Ինչ վերաբերում է Գևորգ Վարդանյանին առաջադրված մեղադրանքի բովանդակությանն առ այն, որ նրան վերագրվել են 2015-16 թվականներին կատարված ենթադրաբար հանցավոր արարքներ, կամ 60 միլիոն դրամ գումար այլ անձանց հետ ապօրինի վարձատրություն ստանալու համար, ապա ուսումնասիրություն սկսելու համար Օրենքով նախատեսված հիմքերի առկայությունն է ենթակա ստուգման, այլ ոչ՝ մեղադրանքի բովանդակության տարրերի առկայությունը։ (...) գույքի ապօրինի ծագում ունենալու կանխավարկածի կիրառելիությունը սահմանափակող հանգամանքներ առկա չեն, իսկ կանխավարկածի ուժով պատասխանող կողմն է կրում վեճի առարկա գույքի՝ օրինական եկամուտով ձեռքբերված լինելու ապացուցման պարտականությունը։ Պատասխանողի ներկայացուցիչները՝ վկայակոչելով ՄԻԵԴ-ի կողմից Տոդորովը և մյուսներն ընդդեմ Բուլղարիայի թիվ 50705/11 գործ․ 13/07/2021 թվականի և Յորդանովն և այլք ըննդեմ Բուլղարիայի թիվ 265/17 և 26473/18 գործերով 19/02/2024 թվականի փետրվարի 19-ին կայացրած վճիռները, պնդում են, որ պետք է լինի ուղղակի կամ անուղղակի կապ հանցավոր արարքի և բռնագանձվող գույքի միջև, իսկ այդպիսի կապի բացակայությամբ գույքի բռնագանձումը կհանգեցնի սեփականության իրավունքի խախտման։ Դատարանը գտնում է, որ նման դիրքորոշումն արդարացված է Բուլղարիայի դեմ գործերով և հաստատված է ՄԻԵԴ վկայակոչված վճիռներով. Ըստ ՄԻԵԴ-ի՝ Բուլղարիայի համապատասխան օրենքը, դրա հիմնավորումները և բուլղարական դատարանների կողմից այդ կապակցությամբ հայտնված դիրքորոշումներն ուղղակիորեն պահանջում են հանցավոր արարքի և պահանջվող գույքի միջև ուղղակի կամ անուղղակի կապի առկայությունը, իսկ դրա բացակայությունը հանգեցնում է սեփականության իրավունքի խախտման, քանի որ սեփականության իրավունքի միջամտությունն անհամաչափ է եղել դրանով հետապնդվող իրավաչափ նպատակին: Այնինչ, «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքը հանցավոր արարքի և բռնագանձվող գույքի միջև կապի առկայությունը որպես պայման չի նախատեսում: (...): Օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետությունում ներմուծում է առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման չորրորդ մոդելը՝ չհիմնավորվող հարստացման բռնագանձումը, (...)։ Օրենսդրի կողմից ընտրված 4-րդ մոդելի՝ «Չբացատրվող (անհիմն) հարստացում» պայմաններում որևէ պատճառահետևանքային կապ չի պահանջվում հանցավոր գործունեության և այն գույքի միջև, որը պահանջվում է բռնագանձել որպես ապօրինի ծագում ունեցող։ (...) Դատարանը եզրահանգում է, որ Գևորգ Վարդանյանի հայտնի օրինական եկամուտներով չեն հիմնավորվում և ապօրինի ծագում ունեցող են հանդիսանում հետևյալ գույքերը․ 1․ ▪▪▪▪▪▪▪▪▪▪ հասցեով անշարժ գույքն ամբողջությամբ (...)»։
Իր հերթին, Վերաքննիչ դատարանը նշել է. «(...) Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-4 կետերով սահմանված հիմքերով սկսված ուսումնասիրության հիման վրա հարուցված ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի ընթացքում գույքի քաղաքացիական բռնագանձման հայցի քննության ընթացքում հանցավոր արարքի կամ դրա օբյեկտիվ կողմի հատկանիշի բովանդակությունը կազմող արարքի կամ գործողության ու ապօրինի ծագում ունեցող գույքի ձեռքբերման պատճառահետևանքային ուղղակի կապն ապացուցելու անհրաժեշտությունը բացակայում է: Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-4 կետերով սահմանված հիմքերով սկսված ուսումնասիրության հիման վրա հարուցված ապօրինի ծագում ունեցող և գույքի բռնագանձման վարույթի ընթացքում քաղաքացիական բռնագանձման հայցի հարուցման հիմքում դրված է գույքի հանցավոր ծագում ունենալու ենթադրության կանխավարկածը (անուղղակի կապի առկայությունը), (...)։ Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-4 կետերով սահմանված հիմքերով սկսված ուսումնասիրության հիման վրա հարուցված ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի ընթացքում ոչ պաշտոնատար անձին և իր հետ փոխկապակցված անձին պատկանող և Օրենքով սահմանված արժեքը գերազանցող գույքի քաղաքացիական բռնագանձման հայցի նկատմամբ գույքի հանցավոր ծագում ունենալու ենթադրության կանխավարկածը գործում է, քանի դեռ ոչ պաշտոնատար անձը կամ իր հետ փոխկապակցված անձը չի հիմնավորում այդպիսի գույքի օրինական եկամուտներով ձեռք բերված լինելը և (կամ) ապօրինի ծագում ունեցող գույքի Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված շուկայական արժեքից ցածր արժեք ունենալը կամ չի հերքում գույքի հանցավոր ծագման ենթադրությունը այնպիսի օբյեկտիվ փաստերով կամ հանգամանքներով, որոնք դատարանի մոտ կձևավորեն համոզմունք՝ արձանագրելու, որ գույքի ձեռքբերումն օրինական եկամուտներով չհիմնավորվելն ինքնին հավանական չի դարձնում գույքի՝ հանցավոր գործունեության արդյունքում ձեռք բերված լինելը (կանխավարկածի հերքում կամ հաղթահարում): (...) Փաստորեն, ուսումնասիրություն սկսելու հիմք է հանդիսացել իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ մասի հիմքով՝ Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում թվարկված հանցագործություններից որոշների մեջ Պատասխանողին հարուցված քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավվելու փաստը: (...) Մինչդեռ մեղադրանքի հիմքում դրված փաստերի և գույքի ձեռքբերման ուղղակի կապի վերաբերյալ վերը նշված իրավական վերլուծությունների հիման վրա արված եզրահանգումը կիրառելով սույն գործի փաստերի նկատմամբ՝ Վերաքննիչ դատարանը, չհամաձայնելով Բողոքի նման փաստարկների հետ, գտնում է, որ Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված հիմքով սկսված ուսումնասիրության հիման վրա հարուցված ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի ընթացքում քաղաքացիական բռնագանձման հայցի քննության ընթացքում Պատասխանողին մեղսագրվող հանցավոր արարքի կամ դրա օբյեկտիվ կողմի հատկանիշի բովանդակությունը կազմող, այն է՝ փողերի լվացման հետևանքով որպես ապօրինի վարձատրություն պահանջված և ստացված 60 մլն ՀՀ դրամ գումարի և ապօրինի ծագում ունեցող գույքի ձեռքբերման պատճառահետևանքային ուղղակի կապն ապացուցելու անհրաժեշտությունը բացակայում է, ուստի Գույքի բռնագանձման գործընթացն այս դեպքում անկախ է ենթադրյալ հանցագործության պատճառված վնասից, ինչպես նաև մեղադրանքի հիմքում դրված ենթադրյալ հանցավոր արարքի հակաիրավական արարքի հետևանքներից: (...) Օրենքն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթ հարուցելուց հետո չի պահանջում ո՛չ գույքի բռնագանձման հարցը քրեական վարույթի շրջանակներում որոշելու անհնարինություն, ո՛չ գույքի և հանցավոր արարքի միջև ուղղակի կապի պարտադիր հաստատում: (...) Վերաքննիչ դատարանն իրավաչափ է համարում Դատարանի դիրքորոշումն առ այն, որ (...) «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքը հանցավոր արարքի և բռնագանձվող գույքի միջև ուղղակի (...) կապի առկայությունը որպես պայման չի նախատեսում: (...) Ինչ վերաբերում է Բողոքաբերի այն պնդմանը, որ. «Օրենքի բովանդակային վերլուծության արդյունքում ակնհայտ է դառնում, որ այն պարագայում, երբ ուսումնասիրությունը հարուցվում է հիմք ընդունելով անձին մեղադրանք առաջադրված լինելու փաստը, ակնհայտ է, որ բռնագանձման ենթակա գույքի շրջանակը որոշելիս անհրաժեշտ է որպեսզի ենթադրաբար կատարված հանցանքի և գույքի միջև լինի գոնե անուղղակի կապ», ապա Վերաքննիչ դատարանը մասնակի իրավաչափ է համարում անուղղակի կապի վերաբերյալ այս դիտարկումը, ըստ այդմ՝ այս հետևության ուժով տրամաբանորեն իրավաչափ չի համարում անուղղակի կապի առկայությունն ընդհանրապես ժխտող Դատարանի եզրահանգումը՝ հետևյալ պատճառաբանություններից ելնելով. Վերաքննիչ դատարանն արդեն իսկ հանգել էր այն եզրակացության, որ Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-4 կետերով սահմանված հիմքերով սկսված ուսումնասիրության հիման վրա հարուցված ապօրինի ծագում ունեցող և գույքի բռնագանձման վարույթի ընթացքում քաղաքացիական բռնագանձման հայցի հարուցման հիմքում դրված է գույքի հանցավոր ծագում ունենալու ենթադրության կանխավարկածը (անուղղակի կապի առկայությունը) (...)։ (...) Հետևաբար, այս հիմնավորումներով անուղղակի կապի առկայության անհրաժեշտության մասով Բողոքաբերի վերը շարադրված փաստարկը Վերաքննիչ դատարանը հիմնավոր է դիտում, իսկ անուղղակի կապի հիմնավորման կամ ապացուցման վերաբերյալ փաստարկները համարում է անհիմն՝ հենց ներկայացված դիրքորոշումներից բխող կանխավարկածի գոյության փաստի ուժով: Ասվածից հետևում է, որ չնայած հանցանքի ու ենթադրյալ ապօրինի գույքի ծագման անուղղակի կապը էական է, սակայն հաշվի առնելով Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-4 կետերով սահմանված հիմքերի առանձնահատկությունները և դրա վերաբերյալ մանրամասն վերևում շարադրված վերլուծություններն ու եզրահանգումները՝ այն ոչ թե պետք է ապացուցվի, այլ ենթադրության կանխավարկածի ուժով այն գոյություն ունի և կարող է համապատասխան հիմքերով հերքվել գործի քննության ընթացքում: (...) Տվյալ դեպքում Գույքն օրինական եկամուտներով ձեռք բերված լինելու փաստի պարզումն ընդգրկված է վերաքննության ծավալի մեջ և այդ մասին Վերաքննիչ դատարանն իր եզրահանգումներն անելու է Բողոքի այդ հիմքի ու հիմնավորումների շուրջ ներկայացվելիք իրավական դիրքորոշումներում: Եթե այս դիրքորոշումներից պարզվի, որ Գույքը ձեռք է բերվել Օրենքի իմաստով օրինական եկամուտներով և Հայցվորը չի ապացուցել Գույքի՝ Օրենքի իմաստով ապօրինի ծագումը, ապա պետք է արձանագրել, որ Պատասխանողն, ըստ էության, գործի քննության ընթացքում հերքել է գույքի հանցավոր ծագում ունենալու ենթադրության կանխավարկածն ու այլևս հերքման մյուս հիմքին անդրադառնալու անհրաժեշտությունը բացակայում է: Գույքի հանցավոր ծագում ունենալու ենթադրության կանխավարկածի կիրառման հարցը որոշելով Բողոքում անուղղակի կապի մասով ներկայացված հիմնավորումների ու դրանք հաստատող ապացույցներից բխող փաստերի հիման վրա՝ հավանականությունների հավասարակշռման չափանիշով, Վերաքննիչ դատարանը պարզել է, որ Բողոքաբերը չի մատնանշել անուղղակի կապը հերքող և դրանով պայմանավորված՝ նաև կանխավարկածը ժխտող կոնկրետ փաստեր: (...) Քանի որ կոնկրետ Բողոքում սույն գործի այդպիսի հանգամանքների մասին հստակ, ստույգ ու կոնկրետ տեղեկություններ չեն ներկայացվել, ըստ այդմ՝ Բողոքի հիմնավորումներում բացակայում են հիշատակված կանխավարկածը հերքող կոնկրետ փաստերը, այդպիսիք չեն ներկայացվել նաև առաջին ատյանում գործի քննության ընթացքում, ապա անկախ այն հանգամանքից, թե անուղղակի կապի առկայությունը կարևորվել է Դատարանի կողմից, թե՝ ոչ, տրամաբանորեն Դատարանի մոտ չէր կարող ձևավորվել է կանխավարկածի գործողության կամ դրա հաղթահարման մասին համոզմունք: (...) անուղղակի կապի ուժով գույքի հանցավոր ծագում ունենալու ենթադրության կանխավարկածի հերքման մասին որոշակի, կոնկրետ, ստույգ փաստերի մասին Բողոքում համապատասխան հիմնավորումների բացակայության պայմաններում այս հիմքով ներկայացված Բողոքը Վերաքննիչ դատարանն անհիմն է համարում (...): (...) Վերաքննիչ դատարանն անհիմն է համարում Յորդանովի գործով կայացված ՄԻԵԴ-ի իրավական դիրքորոշումների կիրառելիության մասին Բողոքի փաստարկները՝ հաշվի առնելով վերը նշված իրավական դիրքորոշումներով բացահայտված ՀՀ օրենսդրության և Բուլղարիայի օրենսդրության տարբերությունները՝ պայմանավորված՝ մի դեպքում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ընտրված մոդելի ու Օրենքի ընդունման հիմնավորումներով, որոնք ապացուցման ենթակա փաստ չեն համարում գույքի և հանցավոր արարքի հետ կապի ապացուցման անհրաժեշտության բացակայությունը, ինչպես նաև ընդգծում են գույքի հանցավոր ծագում ունենալու ենթադրության կանխավարկածի գոյությունը, մյուս դեպքում՝ պայմանավորված հանցավոր կապի մասին փաստող Բուլղարիայի օրենսդրության՝ գույքի և հանցավոր արարքի հետ կապի ապացուցման անհրաժեշտության մասին կարգավորումներով, որտեղ հանցավոր արարքի ու գույքի ձեռքբերման ուղղակի կապն ունի առանցքային նշանակություն: (...) Պատասխանողը չի հիմնավորել գույքի ձեռքբերման օրինականությունը՝ ներկայացնելով այն ձեռք բերելու համար ծախսված օրինական եկամտի մասին տեղեկություններ: Ասվածից հետևում է, որ սույն գործով հստակ է արարքի ու ձեռք բերված գույքի անուղղակի կապի ենթադրության կանխավարկածի հիմքը (...)»։
Վճռաբեկ դատարանը, հիմքում ունենալով վերը՝ Ա) բաժնում արտահայտած իրավական դիրքորոշումները (մասնավորապես՝ տե՛ս վերը՝ 4.2.-4.14.-րդ կետերը), արձանագրում է, որ Գևորգ Կարապետի Վարդանյանին մեղսագրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 38-189-րդ հոդվածների 3-րդ մասով, 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով և 3112-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքների կատարում այն բանի համար, որ նա, հանդիսանալով «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրի Տրանշ 1 և Տրանշ 2 հատվածների կապալառու իսպանական «Կորսան Կորվիամ Կոնստրուկցիոն» ընկերության հայաստանյան մասնաճյուղի ենթակապալառու «Պոլի-Տրանսպորտ» ՍՊ ընկերության բաժնետեր և տնօրեն, առանձնապես խոշոր չափերի՝ 205․165․000 ՀՀ դրամի փողերի լվացման հետևանքով որպես ապօրինի վարձատրություն այլ անձանց հետ միասին ստացել է առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 60 մլն ՀՀ դրամ գումար։ Դատախազությունը 07.10.2020 թվականին Գևորգ Կարապետի Վարդանյանին պատկանող գույքի առնչությամբ ուսումնասիրությունը սկսել է Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքով։ 01.03.2023 թվականին Դատախազությունը, վերջնական ամփոփելով ուսումնասիրության արդյունքները, հայց է ներկայացրել Դատարան (տե՛ս վերը՝ 3․3.-3․6.-րդ կետերը)։
Վկայակոչված փաստերի լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանը նկատում է, որ Գևորգ Կարապետի Վարդանյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Օրենքով նախատեսված հանցանքներից որևէ մեկի, այն է՝ Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում թվարկված հանցանքներից որոշների կատարման համար որպես մեղադրյալ ներգրավվելու հիմքով։ Նկատի ունենալով, որ նպատակը եղել է հանցավորության դեմ պայքարը՝ Դատախազությունը հայց ներկայացնելիս նախ պետք է հիմնավորի պատասխանողի գույքի և օրինական եկամուտների անհամապատասխանությունը, կոնկրետ այն հանցավոր վարքագիծը, որը կարող էր տնտեսական օգուտ գեներացնել, ինչպես նաև բավարար փաստական տվյալներով հիմնավորի բռնագանձման ենթակա յուրաքանչյուր գույքի ու այդ հանցավոր վարքագծի միջև առկա ողջամիտ կապը՝ առնվազն անուղղակի կապվածություն հանցավոր վարքագծի հետ, որից հետո ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի սեփականատերը, լիարժեք օգտվելով Օրենսգրքով նախատեսված երաշխիքներից, Օրենսգրքով սահմանված թույլատրելի ապացույցներով հիմնավորի գույքի օրինական եկամուտներով ձեռքբերված լինելու հանգամանքը (տե՛ս վերը՝ 4․2․-րդ, 4․12.-4․13.-րդ կետերը)։
Անդրադառնալով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ներդրված գույքի բռնագանձման մոդելի և դրա առանձնահատկությունների վերաբերյալ ստորադաս դատարանների դիրքորոշումներին՝ հաշվի առնելով վերոնշյալ դիտարկումները (տե՛ս վերը՝ 4.12.-4.13.-րդ կետերը), ի տարբերություն Դատարանի, Վերաքննիչ դատարանն ընդհանուր առմամբ եկել է մասամբ ճիշտ եզրահանգման։
Ի տարբերություն Դատարանի այն եզրահանգման, որ անհրաժեշտ չէ ուղղակի կամ անուղղակի կապ հանցավոր արարքի և բռնագանձվող գույքի միջև, Վերաքննիչ դատարանը եզրահանգել է, որ Օրենքը հանցավոր արարքի և բռնագանձվող գույքի միջև ուղղակի կապի առկայությունը որպես պայման չի նախատեսում, սակայն մասնակի իրավաչափ է համարում անուղղակի կապի վերաբերյալ դիտարկումը, ըստ այդմ՝ այս հետևության ուժով տրամաբանորեն իրավաչափ չի համարում անուղղակի կապի առկայությունն ընդհանրապես ժխտող Դատարանի եզրահանգումը։
Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով Վերաքննիչ դատարանի՝ սույն որոշման 4․28․-րդ կետում նշված պատճառաբանություններին, հարկ է համարում նշել, որ Վերաքննիչ դատարանն այնուհետև եզրակացրել է, որ չնայած հանցանքի ու ենթադրյալ ապօրինի գույքի ծագման անուղղակի կապն էական է, սակայն հաշվի առնելով Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-4 կետերով սահմանված հիմքերի առանձնահատկությունները և դրա վերաբերյալ մանրամասն վերևում շարադրված վերլուծություններն ու եզրահանգումները՝ այն ոչ թե պետք է ապացուցվի, այլ ենթադրության կանխավարկածի ուժով այն գոյություն ունի, մինչդեռ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ Դատարանում չի կարող գոյություն ունենալ կանխավարկածի ուժով, այլ հայցվորը նախ պետք է հիմնավորի բռնագանձման ենթակա յուրաքանչյուր գույքի ու այդ հանցավոր վարքագծի միջև առկա ողջամիտ որևէ կապը՝ նվազագույնը անուղղակի կապվածություն հանցավոր վարքագծի հետ, և գույքի ապօրինի ծագման կանխավարկածն ինքնին չի կարող համարվել գույքի և համապատասխան հանցավոր վարքագծի միջև պահանջվող կապի ապացույց (տե՛ս վերը՝ 4․10․-րդ, 4.12.-4.13.-րդ կետերը), հետևաբար նման պայմաններում Վերաքննիչ դատարանը չէր կարող անուղղակի կապի ուժով գույքի հանցավոր ծագում ունենալու ենթադրության կանխավարկածի հերքման մասին որոշակի, կոնկրետ, ստույգ փաստերով համապատասխան հիմնավորումներ ներկայացնելու պարտականությունը դներ պատասխանողի վրա։
Տվյալ դեպքում, վերոգրայլի հաշվառմամբ (տե՛ս վերը՝ 4.29.-4.33.-րդ կետերը), առավել ևս այն պայմաններում, երբ Դատարանն ընդհանրապես բացառել է որևէ տեսակի կապ հանցավոր արարքի և բռնագանձվող գույքի միջև, Վերաքննիչ դատարանը բավարարել է վերաքննիչ բողոքը և օգտվել է դատական ակտը բեկանելու և փոփոխելու լիազորությունից, մինչդեռ պետք է օգտվեր դատական ակտը բեկանելու և բեկանված մասով նոր քննության ուղարկելու լիրազորությունից՝ նպատակ ունենալով ապահովել գործի բոլոր հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը, ինչպես նաև կողմերի համար հավասար դատավարական հնարավորությունների ստեղծումը, այլ ոչ թե գույքն օրինական եկամուտներով ձեռք բերված լինելու փաստի պարզման վերաբերյալ կատարեր իր եզրահանգումները։
Հաջորդիվ, հիմք ընդունելով սույն որոշման Բ) բաժնում արտահայտված իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն անդրադառնում է Բողոքաբերի 2.5․-2.10․-րդ կետերում բերված փաստարկներին։ Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում գնահատել ստորադաս դատարանների հետևությունների հիմնավորվածությունը՝ ▪▪▪▪▪▪▪▪▪▪ հասցեում գտնվող բնակելի տունը Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի ը) ենթակետի հիմքով՝ որպես նվիրատվության կամ օգնության կարգով ստացված (ձեռք բերված) և օրինական եկամուտ հանդիսացող գույք դիտարկելու իրավաչափության համատեքստում։ Այսպես․
Սույն գործի փաստերի համաձայն՝ (տես վերը՝ 3․1․-3․2․-րդ, 3․7․-3․8․-րդ կետերը) 24․07․2015 թվականին վաճառող «Հովնանյան Ինթերնեյշնլ» ՍՊ ընկերությունը գնորդ Գևորգ Կարապետի Վարդանյանին է վաճառել իրեն սեփականության իրավունքով պատկանող ▪▪▪▪▪▪▪▪▪▪ հասցեում գտնվող բնակելի տունը, 102․173․420 ՀՀ դրամ գնով, որն ամբողջությամբ նույն պայմանագրի կնքման պահին վճարված է եղել վերջինիս կողմից։ 01․09․2015 թվականին կատարվել է նշված գույքի նկատմամբ Գևորգ Կարապետի Վարդանյանի սեփականության իրավունքը։ 03․10․2023 թվականի «Հովնանյան Ինթերնեյշնլ» ՍՊ ընկերության թիվ 26 գրության և կից ներկայացված համապատասխան 01․01․2005-29․09․2023 թվականների ժամանակահատվածի վճարումների (բանկային մուտքերի) առկա տվյալների, 19․12․2023 թվականի «Հովնանյան Ինթերնեյշնլ» ՍՊ ընկերության գրության և կից ներկայացված «▪▪▪▪▪ տան գծով» բանկային մուտքերի համաձայն՝ ▪▪▪▪▪▪▪▪▪▪ տան ձեռքբերման համար վճարումները կատարվել են 23.04.2012 թվականից մինչև 12.03.2015 թվականն ընկած ժամանակահատվածում, «Վճարողի անվանում» վերտառությամբ սյունյակի բոլոր տողերում որպես վերոնշյալ անշարժ գույքի համար վճարող նշված է՝ «Սուրեն Կարապետի Վարդանյան», իսկ «Մեկնաբանություն» վերտառությամբ սյունյակի տողերում նշված է՝ «▪▪▪▪▪ կանխավճար Արթին Վարդանյանի միջ․», և միայն 23․04․2012 թվականին, 08․05․2012 թվականին ու 27․07․2012 թվականին կատարված վճարումների «Մեկնաբանություն» վերտառությամբ սյունյակի տողերում համապատասխանաբար նշված են՝ «▪▪▪▪▪ կանխավճար», «▪▪▪▪▪ կանխավճար», «01 փոփոխություն ▪▪▪▪▪»։
Դատարանը ▪▪▪▪▪▪▪▪▪▪ տան ապօրինի ծագում ունենալու վերաբերյալ պատճառաբանել է հետևյալը․ «(...) Պատասխանողի ներկայացուցիչներն առարկում են, որ անշարժ գույքն ապօրինի ծագում ունեցող չէ, քանի որ գտնում են, որ անշարժ գույքի գինը՝ 102․173․420 ՀՀ դրամը վճարել են Գևորգ Վարդանյանի եղբայրները՝ Սուրեն և Արթին Վարդանյանները՝ սկսած 23/04/2012 թվականից մինչև 12/03/2015 թվականը՝ վկայակոչելով «Հովնանյան Ինտերնեյշնլ» ՍՊԸ-ի կողմից տրված տեղեկանքներն ու քաղվածքները։ Այնինչ, անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը Գևորգ Վարդանյանի և «Հովնանյան Ինտերնեյշնլ» ՍՊԸ միջև կնքվել է 24/07/2015 թվականին և պայմանագրի 2․1 կետով հստակ արձանագրված է հետևյալը․ «Սույն պայմանագրով Տան գինը սահմանվում է 102,173,420 ՀՀ դրամ /մեկ հարյուր միլիոն հարյուր յոթանասուներեք հազար չորս հարյուրքսան/ ՀՀ դրամ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը, որը ամբողջությամբ սույն պայմանագրի կնքման պահին վճարված է Գնորդի կողմից»։
Գնորդը Գևորգ Վարդանյանն է, հետևաբար պայմանագրի նշված դրույթով հաստատված է, որ նա է վճարել պայմանագրի գինն ամբողջությամբ այն դեպքում, երբ ձեռքբերումը չի հիմնավորվում Գևորգ Վարդանյանի հայտնի օրինական եկամուտներով։
(...) Եթե անգամ պայմանականորեն ընդունենք, որ անշարժ գույքի դիմաց վճարումները կատարված են այլ անձանց կողմից, ապա նույնիսկ այդ դեպքում գումարները Գևորգ Վարդանյանին որևէ օրինական հիմքով ու եղանակով տրամադրված լինելու վերաբերյալ որևէ ապացույց չի ներկայացվել։ Այսինքն, չի հիմնավորվում անշարժ գույքի համար վճարված դրամական միջոցների՝ Օրենքի 3-րդ հոդվածով նախատեսված օրինական եկամուտ հանդիսանալու որևէ հիմքի առկայություն։ (...)»։
Իր հերթին, Վերաքննիչ դատարանը, անդրադառնալով Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի ը) ենթակետի մեկնաբանությանը, ▪▪▪▪▪▪▪▪▪ տան արժեքի վճարման միջոցներին և դրանց պատկանելուն, նշել է․ «(...) Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ իրականում Գույքի վճարումները կատարվել են ոչ թե անմիջապես Գնորդի կողմից իր անձնական միջոցների հաշվին, այլ՝ վերջինիս եղբոր՝ Արթին Վարդանյանի կողմից: (...) չնայած պայմանագրով սահմանվել է, որ պայմանագրի կնքման պահին գնորդի կողմից Գույքի արժեքը վճարված է, և այդպիսի վճարման ընդունումն անվիճելի է, սակայն այդ վճարումը գնորդի կողմից կատարվել է իր եղբոր՝ Արթին Վարդանյանի միջոցներից, այլ ոչ թե՝ անձամբ գնորդի կողմից ու փաստացի գնորդին պատկանող դրամական միջոցների հաշվին: (...) Վերաքննիչ դատարանը գտնում է, որ գնորդի եղբոր՝ Ա. Վարդանյանի միջոցներից 2012 թվականից սկսած մինչև պայմանագրի կնքման օրը կատարված վճարումների փաստակազմի պայմաններում Դատարանը պետք է հանգեր այն տրամաբանական հետևության, որ պայմանագրի 2.1 կետում Գույքի արժեքն ամբողջությամբ գնորդի կողմից վճարված լինելու պայմանն ամրագրվել է՝ ընկերության հաշվին տարբեր ժամանակահատվածներում ի կատարումն պայմանագրով ստանձնած պարտավորության Գույքի ամբողջ գումարը գնորդի եղբոր միջոցների հաշվին արդեն իսկ վճարված լինելու ուժով, (...): Օրենքի իմաստով օրինական եկամտի հատուկ տեսակ է համարվում ոչ միայն ՀՀ քաղաքացիական օրենսդրությանը հայտնի նվիրատվությունը, այլև օգնության կարգով ստացված գույքը (նաև դրամական միջոցները), որը, նորմի շարահյուսական կառուցվածքից ելնելով, չի նույնացվում նվիրատվության հետ (նվիրատվության եկամտի տեսակից այն տրոհվում է «կամ» շաղկապով), իսկ դրանց միևնույն կետում նշվելը պայմանավորված է այս եկամտի տեսակների անհատույց բնույթի ընդհանրությունով (թե՛ նվիրատվությունը, թե՛ օգնության կարգով ստացված գույքը (նաև դրամական միջոցները) կրում են անհատույց բնույթ): (...) Եթե խոսքն անհատույց փոխանցման առաջին դեպքի մասին է, ապա այն կարող է համարվել նվիրատվություն: Այս դեպքում պետք է առկա լինի գործարքի առնվազն երկու կողմի՝ նվիրառուի և նվիրատուի միջև կնքված նվիրատվության պայմանագիր կամ գործի փաստերով հաստատվի կողմերի միջև նվիրատվության պայմանագրի կնքման փաստը՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 298-րդ հոդվածի հիմքով, քանի որ օրենքը նման պայմանագրի կնքման համար մեկ փաստաթուղթ կազմելու պարտադիր պայման չի նախատեսում: Եթե խոսքն անհատույց փոխանցման երկրորդ դեպքի մասին է, ապա այն քաղաքացիաիրավական իմաստով նվիրատվություն չէ: Այն կարող է համարվել օգնության կարգով ստացված գույք (նաև դրամական միջոցներ), որն էլ Օրենքի իմաստով համարվում է օրինական եկամտի ինքնուրույն տեսակ: Այս դեպքում նվիրատվության պայմանագրի առկայությունը կամ այդպիսի գրավոր պայմանագրի բացակայության դեպքում՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 298-րդ հոդվածի հիմքով կողմերի միջև նվիրատվության պայմանագրի կնքման փաստի հաստատումն այլևս անհրաժեշտ չէ: Տվյալ դեպքում բավարար է օգնության կարգով գույքի (նաև դրամական միջոցներ) ստացման կամ փոխանցման փաստի առկայությունը, որի իրագործման ձևի վերաբերյալ թե՛ ՀՀ քաղաքացիական օրենսգրքով, թե՛ Օրենքով հատուկ կանոն սահմանված չէ: Ընդ որում, օգնության կարգով տրամադրված գույքը, այդ թվում՝ դրամական միջոցը պետք է տրամադրվի ի կատարումն գոյություն չունեցող պարտավորության, և գույքը, այդ թվում՝ դրամական միջոցը ստացողը պետք է տեղյակ լինի այն բացառապես օգնության կարգով և առանց հանդիպական պարտավորության փոխանցված (տրամադրված) լինելու հանգամանքի մասին: (...) Ա. Վարդանյանի միջոցներից Պատասխանողի փոխարեն պայմանագրով ստանձնած՝ Գույքի արժեքը վճարելու պարտավորության կատարմանն ուղղված գումարների տրամադրման կապակցությամբ Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ գործում առկա չեն տեղեկություններ փոխանցված գումարները որպես նվեր Պատասխանողին փոխանցելու մասին առուվաճառքի պայմանագրից անկախ ածանցյալ իրավահարաբերության ծագման մասին, մասնավորապես՝ գործում առկա չէ նման պայմանագրի առնվազն երկու կողմի՝ նվիրառուի և նվիրատուի միջև կնքված նվիրատվության պայմանագիր, իսկ գործի փաստերով այդպիսի պայմանագրի կնքման փաստ հաստատելու հարց չի բարձրացվել: Հետևաբար, այլ բան ապացուցված չլինելու պայմաններում, պետք է փաստել, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 351-րդ հոդվածի հիմքով Ա. Վարդանյանի կողմից Պատասխանողի փոխարեն առուվաճառքի պայմանագրով ստանձնած պարտավորության կատարումը որպես օգնության կարգով ստացված գույք (նաև դրամական միջոցներ) դիտարկելու համար գործում առկա էին ավելի քան բավարար փաստեր: Այսպես, գործի փաստերով (...) բավարար են եղել արձանագրելու գումարների՝ անհատույց կարգով և որպես օգնություն փոխանցված լինելու փաստի առկայությունը, որի իրագործման ձևի վերաբերյալ թե՛ ՀՀ քաղաքացիական օրենսգրքով, թե՛ Օրենքով հատուկ կանոն սահմանված չէ, այսինքն՝ այս մասին Պատասխանողի ու Ա. Վարդանյանի միջև որևէ ձևով գործարքի կնքման համար թե՛ ՀՀ քաղաքացիական օրենսգրքով, թե՛ Օրենքով հատուկ ձև սահմանված չէ, ուստի էականն այդ փաստի իրավաբանական հաստատումն է: (...) Պատասխանողի փոխարեն իր եղբոր կողմից պարտավորությունը կարող էր կատարվել առանց պատճառի՝ առանց Պատասխանողի ու իր եղբոր միջև ծագած որևէ իրավահարաբերության, ինչպես նաև կարող էր կատարվել օգնության կարգով»։
Տվյալ դեպքում, ի տարբերություն Դատարանի, որը ▪▪▪▪▪▪▪▪▪▪ հասցեում գտնվող բնակելի տան ձեռքբերումը չի դիտարկել Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի ը) ենթակետի հիմքով՝ որպես նվիրատվության կամ օգնության կարգով ստացված (ձեռք բերված) և օրինական եկամուտ հանդիսացող գույքը, Վերաքննիչ դատարանը եկել է այն եզրահանգման որ եթե խոսքն անհատույց փոխանցման առաջին դեպքի մասին է, ապա այն կարող է համարվել նվիրատվություն, եթե խոսքն անհատույց փոխանցման երկրորդ դեպքի մասին է, ապա այն քաղաքացիաիրավական իմաստով նվիրատվություն չէ, այն կարող է համարվել օգնության կարգով ստացված գույք և հետագա հետևությունները կատարել է տվյալ համատեքստում, մինչդեռ Վճռաբեկ դատարանը չի կարող համաձայնվել տվյալ հետևությունների հետ, քանի որ նվիրատվության կամ օգնության կարգով ստացված գույք հանդիսանալու փաստը հաստատելու համար պետք է անցնել վերջիններիս վերաբերյալ սահմանված օբյեկտիվ չափանիշներով (տե՛ս վերը՝ 4.26.-րդ կետը), հետևաբար գործի փաստերին անդրադարձը և գործում առկա ապացույցների վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները պետք է կատարվի սահմանված չափանիշների հաշվառմամբ։
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ Վերաքննիչ դատարանի 20.03.2025 թվականի որոշումը Դատարանի 20.06.2024 թվականի վճիռը՝ հայցի բավարարմանը վերաբերող մասով բեկանելու, փոփոխելու, այդ մասով հայցը մերժելու մասով բեկանելու համար, և գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել Օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը բեկանելու և գործը համապատասխան դատարան նոր քննության ուղարկելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը` գործն ամբողջ ծավալով քննելու, հաշվի առնելով սույն որոշման պատճառաբանությունները:
5.Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.
Օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
Օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:
Օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն գլխի [ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլուխ] կանոններին համապատասխան։
Նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքը բավարարելու արդյունքում Վերաքննիչ դատարանի 20․03․2025 թվականի որոշումը բեկանվում է, և գործն ուղարկվում է ՀՀ հակակոռուպցիոն դատարան՝ նոր քննության՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատական ծախսերի բաշխման հարցին պետք է անդրադառնալ գործի նոր քննության արդյունքում:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ու 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի 20.03.2025 թվականի որոշումը բեկանել և գործն ուղարկել ՀՀ հակակոռուպցիոն դատարան` ամբողջ ծավալով նոր քննության։
2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում։
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող
Զեկուցող
Ա. ԴԱՎԹՅԱՆ
Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ
Գ. ԳՅՈԶԱԼՅԱՆ
Ա. ԿՈՒՐԵԽՅԱՆ
