Վճռաբեկ դատարան · Քրեական
ԵԴ/0753/11/21
Վճռաբեկ դատարանի որոշումների ցանկից (cassationcourt.am/decisions)՝ դատարանի նախադեպային շտեմարանում այն չկա։
- Գործի համարը
- ԵԴ/0753/11/21
- Դիմող / մեղադրյալ
- Հայկ Մամիջանյան
- Դատական ակտի ընդունման ամսաթիվը
- 14.08.2026
- ՀՀ Քրեական դատավարության օրենսգիրք
- Հոդված 127. Բացակայելու արգելքը
- Հոդված 401. Բացառիկ վերանայման վարույթները և բացառիկ վերանայման ենթակա դատական ակտերի շրջանակը
- Հոդված 402. Բացառիկ վերանայման բողոք բերելու իրավունք ունեցող անձինք
- Հոդված 403. Բացառիկ վերանայման բողոք բերելու հիմքերը
- Հոդված 408. Բացառիկ վերանայման արդյունքով կայացվող դատական ակտերը և դրանց հրապարակմանը հաջորդող վարույթը
- Որոշման տեքստում վկայակոչված այլ հոդվածներ
7 հոդված՝ որոշման տեքստից (դատարանի քարտում չկան)
ՀՀ Սահմանադրություն
ՀՀ Քրեական դատավարության օրենսգիրք
- Հոդված 35. Քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքները
- Հոդված 290. Հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի և օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների անօրինական
- Հոդված 299. Մինչդատական ակտերի իրավաչափության դատական երաշխիքների շրջանակը
- Հոդված 352. Դատական վերանայման կառուցակարգերը
Որոշման տեքստը
դատարանի Word ֆայլիցԵԴ/0753/11/21
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
14 օգոստոսի 2026 թվական ք. Երևան
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ` Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ` Հ.ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ
գրավոր ընթացակարգով քննության առնելով Հայկ Ռուբենի Մամիջանյանի ներկայացուցիչ Ս.Պողոսյանի բացառիկ վերանայման վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Վարույթի դատավարական նախապատմությունը.
1. 2020 թվականի նոյեմբերի 19-ին հարուցվել է թիվ 15971020 քրեական գործը՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քրեական օրենսգիրք 225.1-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։
2020 թվականի նոյեմբերի 21-ին՝ ժամը 19։10-ին, Հայկ Մամիջանյանը ձերբակալվել է։
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան)՝ 2020 թվականի նոյեմբերի 21-ի որոշմամբ Հ.Մամիջանյանի ձերբակալումը ճանաչվել է ոչ իրավաչափ։
Նախաքննության մարմնի՝ 2020 թվականի նոյեմբերի 21-ի որոշմամբ Հ.Մամիջանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Նախաքննության մարմնի՝ 2020 թվականի նոյեմբերի 27-ի որոշմամբ Հ.Մամիջանյանը ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225.1-րդ հոդվածի 1-ին մասով:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Լ.Քաջազնունու՝ 2021 թվականի օգոստոսի 6-ի որոշմամբ մեղադրյալ Հայկ Մամիջանյանի նկատմամբ կիրառված ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը վերացնելու վերաբերյալ պաշտպանի միջնորդությունը մերժվել է։
Վերոգրյալ որոշման դեմ դիմող Հ.Մամիջանյանի ներկայացուցչի բողոքը Երևան քաղաքի դատախազության դատախազ Ա.Բեգլարյանի՝ 2021 թվականի օգոստոսի 23-ի որոշմամբ մերժվել է:
1.1. 2021 թվականի սեպտեմբերի 9-ին դիմող Հ.Մամիջանյանի ներկայացուցիչ Ս.Պողոսյանը 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի կարգով բողոք է ներկայացրել Առաջին ատյանի դատարան՝ խնդրելով որոշում կայացնել Հ.Մամիջանյանի իրավունքների և ազատությունների խախտումը վերացնելու՝ վարույթն իրականացնող մարմնի պարտականության մասին։
Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի հոկտեմբերի 14-ի որոշմամբ ներկայացուցիչ Ս.Պողոսյանի բողոքը մերժվել է:
1.2. Դիմողի ներկայացուցիչ Ս.Պողոսյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան)՝ 2022 թվականի հուլիսի 21-ին որոշում է կայացրել բողոքը մերժելու, Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի հոկտեմբերի 14-ի որոշումն օրինական ուժի մեջ թողնելու մասին:
1.3. Վճռաբեկ դատարանի՝ 2022 թվականի դեկտեմբերի 26-ի որոշմամբ դիմող Հ.Մամիջանյանի ներկայացուցիչ Ս.Պողոսյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:
2. ՀՀ Սահմանադրական դատարանը 2023 թվականի մայիսի 30-ի թիվ ՍԴՈ-1690 որոշմամբ, Հայկ Մամիջանյանի դիմումի հիման վրա քննելով 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը, որոշել է.
1. 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանում է Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, որի համաձայն՝ ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցն ընտրելու մասին վարույթն իրականացնող մարմնի որոշումն օրենքով սահմանված կարգով ենթակա է բողոքարկման դատարան:
2. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման՝ օրենքով սահմանված կարգով, քանի որ 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասը դիմողի նկատմամբ կիրառվել է սույն որոշմամբ տրված մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանությամբ (…):
3. Հ.Մամիջանյանի ներկայացուցիչ Ս.Պողոսյանը, վկայակոչելով ՀՀ Սահմանադրական դատարանի հիշյալ որոշումը, ներկայացրել է բացառիկ վերանայման բողոք՝ խնդրելով նոր հանգամանքի հիմքով վերանայել Վճռաբեկ դատարանի՝ 2022 թվականի դեկտեմբերի 26-ի որոշումը, բեկանել ստորադաս դատարանների դատական ակտերը և վարույթը փոխանցել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան՝ նոր քննության։
Վճռաբեկ դատարանի՝ 2023 թվականի սեպտեմբերի 29-ի որոշմամբ բացառիկ վերանայման վարույթի հարուցումը մերժվել է այն հիմնավորմամբ, որ բողոքը բերվել է այնպիսի դատական ակտի դեմ, որը, համաձայն 2021 թվականի հունիսի 30-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք 401-րդ հոդվածի 2-րդ մասի, ենթակա չէ բացառիկ վերանայման։
4. ՀՀ Սահմանադրական դատարանը Հ.Մամիջանյանի դիմումի հիման վրա 2024 թվականի հունիսի 4-ին կայացված թիվ ՍԴՈ-1736 որոշմամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 401-րդ հոդվածի 2-րդ մասն այնքանով, որքանով չի նախատեսում ՀՀ Սահմանադրական դատարանի որոշման՝ որպես նոր հանգամանքի հիմքով անձի նկատմամբ կայացված՝ խափանման միջոցի կիրառման վերաբերյալ վերջնական դատական ակտը վերանայելու հնարավորություն, ճանաչել է ՀՀ Սահմանադրության 40-րդ, 61-րդ և 75-րդ հոդվածներին հակասող և անվավեր։
5. Հ.Մամիջանյանի ներկայացուցիչ Ս.Պողոսյանը, որպես նոր հանգամանք վկայակոչելով ՀՀ Սահմանադրական դատարանի՝ 2024 թվականի հունիսի 4-ի թիվ ՍԴՈ-1736 որոշումը, բացառիկ վերանայման բողոք է ներկայացրել Վճռաբեկ դատարան:
6. Վճռաբեկ դատարանի՝ 2024 թվականի նոյեմբերի 27-ի որոշմամբ Հ.Մամիջանյանի ներկայացուցիչ Ս.Պողոսյանի բացառիկ վերանայման բողոքի հիման վրա Վճռաբեկ դատարանի՝ 2023 թվականի սեպտեմբերի 29-ի որոշումը վերանայվել է, հարուցվել է Վճռաբեկ դատարանի՝ 2022 թվականի դեկտեմբերի 26-ի որոշման բացառիկ վերանայման վարույթ և սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ:
7. Նախաքննության մարմնի՝ 2022 թվականի փետրվարի 9-ի որոշմամբ Հ.Մամիջանյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 225.1-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով դադարեցվել է և քրեական գործի վարույթը՝ կարճվել։
Բացառիկ վերանայման բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.
8. Բողոքաբերը գտել է, որ ՀՀ Սահմանադրական դատարանը 2024 թվականի հունիսի 4-ին կայացրած թիվ ՍԴՈ-1736 որոշմամբ Սահմանադրությանը հակասող և անվավեր է ճանաչել Վճռաբեկ դատարանի 2023 թվականի սեպտեմբերի 29-ի՝ «Բացառիկ վերանայման վարույթի հարուցումը մերժելու մասին» որոշմամբ Հ.Մամիջանյանի նկատմամբ կիրառված՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 401-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դրույթը։ Հետևաբար, Հ.Մամիջանյանի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը՝ բացառիկ վերանայման վարույթի հարուցումը մերժելու մասին Վճռաբեկ դատարանի` 2023 թվականի սեպտեմբերի 29-ի որոշումը, նոր հանգամանքի հիմքով ենթակա է բացառիկ վերանայման։
9. Բողոքաբերը խնդրել է նոր հանգամանքի հիմքով հարուցել բացառիկ վերանայման վարույթ և վերանայել Վճռաբեկ դատարանի 2023 թվականի սեպտեմբերի 29-ի՝ «Բացառիկ վերանայման վարույթի հարուցումը մերժելու մասին» որոշումը։
Բացառիկ վերանայման բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական և իրավական հանգամանքները.
10. Առաջին ատյանի դատարանը 2021 թվականի հոկտեմբերի 14-ի որոշմամբ քննության առնելով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի ՀԿԳ ավագ քննիչ Լ.Քաջազնունու` «Միջնորդությունը քննարկելու մասին» և Երևան քաղաքի դատախազության դատախազ Ա.Բեգլարյանի` Հ.Մամիջանյանի նկատմամբ կիրառված ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը վերացնելու միջնորդությունը մերժելու մասին որոշումների դեմ ներկայացված Ս.Պողոսյանի բողոքը, արձանագրել է, որ այն մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության առարկա չի հանդիսանում և բողոքը ենթակա է մերժման՝ առանց անդրադառնալու դրա հիմքերին և հիմնավորումներին:
10.1. Վերաքննիչ դատարանը 2022 թվականի հուլիսի 21-ի որոշմամբ մերժելով Հ.Մամիջանյանի պաշտպան Ս.Պողոսյանի վերաքննիչ բողոքը և օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի հոկտեմբերի 14-ի որոշումը, արձանագրել է, որ վարույթն իրականացնող մարմնի վերոնշյալ որոշումը չի հանդիսանում 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածով իրականացվող դատական վերահսկողության առարկա: Քննարկվող որոշման օրինականության և հիմնավորվածության դատական ստուգումը հնարավոր է գործն ըստ էության քննության ժամանակ: Քննարկվող որոշման բողոքարկումը դատավարության ավելի ուշ փուլում չի կարող հանգեցնել անձի իրավունքների և օրինական շահերի անհամարժեք սահմանափակման, հետևաբար՝ ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոց ընտրելու մասին որոշումը չի կարող հանդիսանալ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության առարկա։
10.2. Վճռաբեկ դատարանի՝ 2022 թվականի դեկտեմբերի 26-ի որոշմամբ Վերաքննիչ դատարանի՝ 2022 թվականի հուլիսի 21-ի որոշման դեմ դիմող Հ.Մամիջանյանի ներկայացուցչի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:
11. Վճռաբեկ դատարանը Հ.Մամիջանյանի ներկայացուցիչ Ս.Պողոսյանի բացառիկ վերանայման բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին 2023 թվականի սեպտեմբերի 29-ի որոշմամբ նշել է «(…) ՀՀ Սահմանադրական դատարանը 2023 թվականի մայիսի 30-ին թիվ ՍԴՈ-1690 որոշմամբ արձանագրել է, որ դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման՝ օրենքով սահմանված կարգով, քանի որ 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասը դիմողի նկատմամբ կիրառվել է այդ որոշմամբ տրված մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանությամբ։ Սակայն, հիմք ընդունելով 2021 թվականի հունիսի 30-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 401-րդ հոդվածի 2-րդ մասը, որում սպառիչ նախատեսված են բացառիկ վերանայման ենթակա դատական ակտերը, որոնց թվում խափանման միջոցի վերաբերյալ կայացրած ակտը ներառված չէ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ներկայացուցիչ Ս.Պողոսյանի բողոքի հիման վրա բացառիկ վերանայման վարույթի հարուցումը ենթակա է մերժման, քանի որ բողոքը բերվել է այնպիսի դատական ակտի դեմ, որը ենթակա չէ բացառիկ վերանայման։ (…)»:
Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը.
12. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք Սահմանադրական դատարանի՝ Հայկ Մամիջանյանի դիմումի հիման վրա կայացված 2023 թվականի մայիսի 30-ի թիվ ՍԴՈ-1690 որոշումը հիմք է Վճռաբեկ դատարանի՝ 2022 թվականի դեկտեմբերի 26-ի դատական ակտը նոր հանգամանքի առկայության ուժով վերանայելու և ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանելու համար:
13. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 352-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ «Բացառիկ վերանայումը կիրառվում է այն դեպքում, երբ (…) նոր հանգամանքի (…) հիմքով բողոքարկվում է սույն օրենսգրքի 401-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված` օրինական ուժի մեջ մտած դատական ակտը»։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 401-րդ հոդվածի համաձայն` «1. Բացառիկ վերանայման վարույթներն են՝
1) նոր հանգամանքներով վարույթը.
(…)
2. Բացառիկ վերանայման ենթակա են՝
1) օրինական ուժի մեջ մտած դատավճիռը, վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին դատարանի որոշումը.
2) մինչդատական ակտերի վիճարկման վարույթի շրջանակներում կայացված և օրինական ուժի մեջ մտած այն դատական ակտը, որով հաստատվում է քրեական հետապնդում չհարուցելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու իրավաչափությունը, քրեական հետապնդումը նորոգելու անիրավաչափությունը կամ վարույթը կարճելու իրավաչափությունը.
3) սույն մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված դատական ակտերի վերանայման արդյունքով վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարանի կայացրած և օրինական ուժի մեջ մտած որոշումը»:
Նույն օրենսգրքի 403-րդ հոդվածի համաձայն` «1. Նոր հանգամանքներով բողոք կարող է բերվել հետևյալ հիմքերով.
(…)
4) Սահմանադրական դատարանը տվյալ վարույթով դատարանի կիրառած նորմատիվ իրավական ակտի դրույթը ճանաչել է Սահմանադրությանը հակասող և անվավեր կամ այն իր մեկնաբանությամբ ճանաչել է Սահմանադրությանը համապատասխանող, սակայն գտել է, որ այդ դրույթը կիրառվել է այլ մեկնաբանությամբ. (...)»:
14. ՀՀ Սահմանադրական դատարանը 2024 թվականի հունիսի 4-ի թիվ ՍԴՈ-1736 որոշմամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 401-րդ հոդվածի 2-րդ մասը ճանաչելով ՀՀ Սահմանադրության 40-րդ, 61-րդ և 75-րդ հոդվածներին հակասող և անվավեր, արձանագրել է. «(…) [Վ]իճարկվող դրույթով օրենսդիրը չի նախատեսել անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր Դիմողի նկատմամբ կայացված՝ խափանման միջոցի կիրառման վերաբերյալ վերջնական դատական ակտը նոր հանգամանքի հիմքով վերանայելու համար այն դեպքում, երբ Սահմանադրական դատարանը դիմողի նկատմամբ կիրառված դրույթը ճանաչել է Սահմանադրությանը հակասող և անվավեր, ինչպես նաև այն դեպքում, երբ Սահմանադրական դատարանն այդ դրույթն իր մեկնաբանությամբ ճանաչելով Սահմանադրությանը համապատասխանող, միաժամանակ գտել է, որ այն Դիմողի նկատմամբ կիրառվել է այլ մեկնաբանությամբ:
Սահմանադրական դատարանը գտնում է, որ թեև օրենսդրի կողմից Օրենսգրքում սահմանվել են բացառիկ վերանայմանը վերաբերելի իրավանորմեր, սակայն դրանք, իրավունքների և ազատությունների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգերի և ընթացակարգերի բացակայության պայմաններում, ամբողջապես չեն ապահովում անձի դատական պաշտպանության իրավունքի իրացման արդյունավետությունն այնքանով, որքանով խափանման միջոցի կիրառման վերաբերյալ կայացված վերջնական դատական ակտով անձի հիմնարար իրավունքի խախտումը Սահմանադրական դատարանի կողմից արձանագրվելու պայմաններում չի նախատեսվում անձի նկատմամբ կայացված դատական ակտը նոր հանգամանքի հիմքով վերանայելու հնարավորություն, ինչը, Սահմանադրական դատարանի գնահատմամբ, խնդրահարույց է նաև Սահմանադրության 75-րդ հոդվածի համատեքստում:
Ընդ որում, Սահմանադրական դատարանը հատկապես ընդգծում է այն փաստը, որ Սահմանադրական դատարանի 2023 թվականի մայիսի 30-ի ՍԴՈ-1690 որոշման հիմքով Հայկ Մամիջանյանի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի հիմքով չվերանայելն ըստ էության հանգեցնում է դիմողի՝ Սահմանադրական դատարանի վերը նշված որոշմամբ արձանագրված՝ Սահմանադրության 40-րդ հոդվածով և 61-րդ հոդվածի 1-ին մասով ամրագրված իրավունքների շարունակական խախտման։
Այսպիսով, Սահմանադրական դատարանը գտնում է, որ Օրենսգրքի 401-րդ հոդվածի 2-րդ մասն այնքանով, որքանով չի նախատեսում անձի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի հիմքով վերանայելու հնարավորություն խափանման միջոցի կիրառման վերաբերյալ կայացված վերջնական դատական ակտով անձի նկատմամբ կիրառված դրույթը Սահմանադրական դատարանի կողմից Սահմանադրությանը հակաuող և անվավեր ճանաչվելու դեպքում, ինչպեu նաև այն դեպքում, երբ Սահմանադրական դատարանը, անձի նկատմամբ կիրառված դրույթն իր մեկնաբանությամբ ճանաչելով Սահմանադրությանը համապատասխանող, միաժամանակ գտել է, որ այն վերջինիս նկատմամբ կիրառվել է այլ մեկնաբանությամբ, համահունչ չէ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին և Սահմանադրության 75-րդ հոդվածով ամրագրված սահմանադրաիրավական պահանջին, քանի որ չի երաշխավորում Սահմանադրության 61-րդ հոդվածով ամրագրված՝ հիմնական իրավունքի արդյունավետ իրացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր: (…)»։
14.1. ՀՀ Սահմանադրական դատարանը 2023 թվականի մայիսի 30-ի թիվ ՍԴՈ-1690 որոշմամբ արտահայտել է իրավական դիրքորոշում առ այն, որ. «(…) Անդրադառնալով ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը ընտրելու մասին որոշման՝ դատական վերահսկողության առարկա լինելու հարցի շրջանակներում ձևավորված իրավակիրառ պրակտիկային՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ այն խնդրահարույց է, քանզի կարող է ուղղորդել դեպի իրավական պետության և մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից վտանգավոր և բացառելի այն հունը, թե անձի՝ մեղադրյալի (կասկածյալի) դատավարական կարգավիճակը, ինքնին, բավարար հիմք է անձի նկատմամբ նշված խափանման միջոցն ընտրելու/կիրառելու համար, քանի որ այդ կարգավիճակով պայմանավորված՝ անձի համար առաջ է գալիս կատարման ենթակա քննչական և դատավարական գործողություններին մասնակցելու, վարույթն իրականացնող մարմնի կանչով ներկայանալու պարտավորություն։
Դատարանների կողմից սույն գործով վիճարկվող նորմին տրված մեկնաբանության պայմաններում, ըստ էության, բացառվում է համապատասխան որոշման դատական անմիջական բողոքարկման հնարավորությունը (առաջարկվում է ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցն ընտրելու մասին որոշման իրավաչափությունը քննության առարկա դարձնել հետաձգված բողոքարկման գործիքակազմով):
Այդ համատեքստում կարևորվում են նաև դատական պաշտպանության իրավունքի բաղադրատարր հանդիսացող բողոքարկման իրավունքի վերաբերյալ Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումները: Այդ առնչությամբ Սահմանադրական դատարանի՝ 2011 թվականի փետրվարի 8-ի ՍԴՈ-936 որոշման մեջ, մասնավորապես, նշված է. «Սահմանադրական դատարանը գտնում է, որ դատական բողոքարկման ինստիտուտի կարգավորման և գործադրման հիմքում պետք է իրացվեն հետևյալ առաջնահերթ իրավապայմանները, մասնավորապես.
- անձի հիմնական իրավունքներն ու ազատությունները՝ որպես բարձրագույն արժեք, դատարանների կողմից ենթակա են անվերապահ պաշտպանության կոնկրետ գործի ինչպես ըստ էության քննության, այնպես էլ հնարավոր հետագա վերաքննության շրջանակներում,
- դատական բողոքարկումը, որպես դատական պաշտպանության եղանակ, պետք է արդյունավետ միջոց ծառայի վերականգնելու անձի խախտված իրավունքներն ու ազատությունները՝ պահպանելով արդարադատության իրականացման սահմանադրական սկզբունքները (...),
- դատական բողոքարկման ինստիտուտը, առանց բացառության, պետք է միջոց հանդիսանա հավասարության պայմաններում, օբյեկտիվ, բազմակողմանի, արդար և հրապարակային դատաքննության արդյունքում, ողջամիտ ժամկետներում բացահայտելու և շտկելու դատական բոլոր այն սխալները, որոնք թույլ են տրվել ինչպես նյութական, այնպես էլ դատավարական իրավունքի նորմերի խախտման արդյունքում, հետևաբար հանգեցրել են դատական գործի սխալ լուծմանը, (...)»:
Սահմանադրական դատարանը 2010 թվականի նոյեմբերի 2-ի ՍԴՈ-922 որոշմամբ անդրադարձել է դատական պաշտպանության իրավունքի բաղադրատարր հանդիսացող բողոքարկման իրավունքի իրացման հարցին՝ անմիջական և հետաձգված բողոքարկման շրջանակներում՝ մասնավորապես արձանագրելով. «(…) օրենսդիրը տարբերակում է միջանկյալ դատական ակտերի բողոքարկման երկու հիմնական կարգ, այն է՝ բողոքարկում գործն ըստ էության լուծող դատական ակտի բողոքարկման շրջանակներում՝ «հետաձգված բողոքարկում», և միջանկյալ դատական ակտի անմիջական բողոքարկում։ Եթե վարույթի հետագա ընթացքը կասեցնող միջանկյալ դատական ակտի դեմ իրավական պաշտպանության միակ հնարավոր միջոցը դրա անմիջական բողոքարկումն է և ըստ այդմ օրենսդրից պահանջվում է նախատեսել տվյալ ակտի անմիջական բողոքարկման կարգ, ապա չկասեցված և շարունակվող վարույթի ընթացքում ընդունված միջանկյալ դատական ակտի բողոքարկման նշված երկու կարգերի միջև ընտրությունն օրենսդրի հայեցողության շրջանակում է»:
Վերոնշյալի լույսի ներքո, ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցն ընտրելու մասին վարույթն իրականացնող մարմնի որոշման՝ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության առարկա լինելու հարցի առնչությամբ Սահմանադրական դատարանը գտնում է, որ նշված որոշումը պետք է հանդիսանա անմիջական բողոքարկման առարկա՝ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում՝ ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցի ընտրության/կիրառման հետևանքով սահմանափակվող՝ անձի ազատ տեղաշարժվելու սահմանադրական իրավունքի (նաև այլ հիմնական իրավունքների/ազատությունների սահմանափակման հնարավորությամբ) դատական պաշտպանության արդյունավետությունն ապահովելու համար:
Վերոնշյալ մոտեցումը հիմնավորվում է նրանով, որ պայմանավորված քրեական դատավարության փուլային այն տրամաբանությամբ, որի համաձայն՝ քրեական վարույթի փուլից փուլ անցման պայմաններում վարույթն իրականացնող մարմինը կրկին որոշում է խափանման միջոց կիրառելու, փոփոխելու, վերացնելու, այն պահպանելու հարցերը, այսինքն՝ քրեական վարույթի փուլից փուլ անցմամբ պայմանավորված՝ նշված հարցերի լուծումը ենթադրում է, ըստ էության, նոր որոշում՝ խափանման միջոցի կիրառման հարցի վերաբերյալ, մինչդատական վարույթի շրջանակներում անձի նկատմամբ կիրառված ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցի հետաձգված բողոքարկումը, ըստ էության, հանգեցնելու է նրան, որ դատական ակտով ստուգվելու է նախորդ փուլում կիրառված և տվյալ պահին իրավական հետևանքներ չառաջացնող որոշման իրավաչափությունը:
Քրեական վարույթի տևողությունը սահմանափակված չէ ժամկետներով, որպիսի պարագայում հետաձգված բողոքարկման գործիքակազմի կիրարկումը կարող է խիստ անարդյունավետ լինել՝ ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցն ընտրելու մասին վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ սահմանափակվող հիմնական իրավունքների/ազատությունների պաշտպանության առումով։ Նման պայմաններում չի բացառվում, որ անձին մինչդատական վարույթի շրջանակներում ոչ իրավաչափորեն սահմանափակված իր, մասնավորապես, ազատ տեղաշարժվելու իրավունքի դատական պաշտպանության իրական հնարավորություն ընձեռվի նշված իրավունքի ենթադրյալ խախտման պահից տևական ժամանակ անց։
Բացի դրանից, նշված խափանման միջոցի կիրառման անմիջական բողոքարկման հնարավորությունը բացառող մեկնաբանությունն այն պայմաններում, երբ մեղադրյալի (կասկածյալի) նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի և քրեական գործի վարույթը կարճվի, այլ կերպ՝ վարույթն ավարտվի մինչդատական փուլում՝ չթևակոխելով դատական քննության փուլ, գործնականում կարող է հանգեցնել այնպիսի իրավիճակի, երբ անձն ընդհանրապես կզրկվի իր խախտված իրավունքների/ազատությունների դատական պաշտպանության հնարավորությունից։ Հիշյալ մոտեցմանը հարող դիրքորոշում է ձևավորել ՄԻԵԴ-ը՝ նշելով, որ դատական քննության փուլում կամ գործն ըստ էության լուծող դատական ակտը բողոքարկելու արդյունքում քննիչի [ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոց կիրառելու] որոշման իրավաչափությունը քննարկելը հանգեցնում է Կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտման, քանի որ նման պայմաններում ներպետական օրենսդրությունը չի ապահովում բավարար երաշխիքներ կամայական խափանման միջոցներ կիրառելու դեմ բողոք ներկայացնելու համար (…): Քննության նման ընթացքում [դիմումատուի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել, իսկ քրեական գործի վարույթը կարճվել է] դատական վերահսկողությունն անհասանելի է եղել, ուստի՝ բողոքը դատարան ներկայացնելու հնարավորություն դիմումատուն չի ունեցել: Ավելին՝ ամբողջ նախաքննության ընթացքում դիմումատուն հնարավորություն չի ունեցել այլ եղանակներով իրացնել դատական պաշտպանության իր իրավունքը, ինչի արդյունքում չի կարողացել դատարանից պահանջել, որ որոշում կայացվի քննիչի որոշման իրավաչափության, համաչափության, ինչպես նաև խափանման միջոցը վերացնելու մասին (“Kotiy v. Ukraine", Application no. 28718/09, 05.03.2015, Final 05.06.2015, § 69-70):
Համաձայն սույն դիմումին կից ներկայացված նյութերի՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի՝ 2021 թվականի նոյեմբերի 4-ի որոշմամբ մերժվել է թիվ 15971020 քրեական գործով մեղադրյալ Հ.Մամիջանյանի պաշտպանի միջնորդությունը, որը վերաբերում էր Հ.Մամիջանյանին նույն թվականի նոյեմբերի 11-ից 15-ը արտերկիր մեկնելը թույլատրելուն («(...) նախաքննության ներկա փուլում վարույթն իրականացնող մարմինը չի կարող թույլատրել մեղադրյալ Հայկ Մամիջանյանին մեկնել այլ տեղանք (...)»):
Վերոշարադրյալը հիմք է տալիս եզրահանգելու, որ հիշատակված սահմանադրաիրավական արժեքների հետ անհամատեղելի է իրավակիրառ պրակտիկայում ձևավորված մեկնաբանությունը՝ հետաձգված բողոքարկման հնարավորության մատնանշմամբ ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցն ընտրելու մասին վարույթն իրականացնող մարմնի որոշման անմիջական բողոքարկման բացառումը. անձի համար պետք է երաշխավորվի ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցի ընտրության/կիրառման արդյունքում իր ազատ տեղաշարժվելու սահմանադրական իրավունքի (այդ որոշմամբ սահմանափակվող այլ իրավունքների և ազատությունների) սահմանափակման իրավաչափությունը գնահատելու հարցով մինչդատական վարույթի փուլում դատարան դիմելու իրավունքը:
Սահմանադրական դատարանը փաստում է, որ օրենսդիրը, 2021 թվականի հունիսի 30-ին ընդունված և 2022 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 299-րդ հոդվածով սահմանելով մինչդատական ակտերի իրավաչափության դատական երաշխիքների շրջանակը, դատական բողոքարկման ենթակա մինչդատական ակտերի շարքում նախատեսել է նաև խափանման միջոց կիրառելու մասին որոշումը (հիշյալ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետ)՝ այդպիսով օրենսդրական զարգացումներն ուղղորդելով վերը ուրվագծված տրամաբանությամբ:
Ողջ վերոնշյալի հաշվառմամբ Սահմանադրական դատարանը գտնում է, որ ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցն ընտրելու մասին վարույթն իրականացնող մարմնի որոշման անմիջական բողոքարկումը չպետք է բացառվի. դատական պրակտիկան պետք է առաջնորդվի այն մոտեցմամբ, որ ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցն ընտրելու մասին վարույթն իրականացնող մարմնի որոշումները ենթակա են դատական կարգով անմիջական բողոքարկման մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում՝ առաջնորդվելով անձի՝ ազատ տեղաշարժվելու իրավունքին (համապատասխան որոշմամբ սահմանափակվող նաև այլ իրավունքներին և ազատություններին) միջամտության իրավաչափությունը վիճարկելու, դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրացումն ապահովելու հրամայականով (…)»։
15. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից հետևում է, որ՝
- 2021 թվականի սեպտեմբերի 9-ին դիմող Հ.Մամիջանյանի ներկայացուցիչ Ս.Պողոսյանը մեղադրյալ Հայկ Մամիջանյանի նկատմամբ կիրառված ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը վերացնելու վերաբերյալ իր միջնորդությունը մերժելու մասին քննիչի՝ 2021 թվականի օգոստոսի 6-ի որոշման դեմ 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի կարգով բողոք է ներկայացրել Առաջին ատյանի դատարան։ Առաջին ատյանի դատարանը 2021 թվականի հոկտեմբերի 14-ի որոշմամբ մերժել է բողոքն այն հիմնավորմամբ, որ ստորագրություն չհեռանալու մասին որոշումը մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության առարկա չի հանդիսանում։
- Դիմողի ներկայացուցիչ Ս.Պողոսյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2022 թվականի հուլիսի 21-ի որոշմամբ Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի հոկտեմբերի 14-ի որոշումը թողել է օրինական ուժի մեջ՝ համաձայնություն հայտնելով Առաջին ատյանի դատարանի հետևությանը:
- Վճռաբեկ դատարանի՝ 2022 թվականի դեկտեմբերի 26-ի որոշմամբ դիմող Հ.Մամիջանյանի ներկայացուցիչ Ս.Պողոսյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:
16. Վերոշարադրյալ փաստական և իրավական հանգամանքները գնահատելով սույն որոշման 13-14-րդ կետերում վկայակոչված իրավական նորմերի և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանը նախևառաջ արձանագրում է, որ խափանման միջոց, այդ թվում՝ ստորագրություն չհեռանալու մասին, կիրառելու վերաբերյալ վերջնական դատական ակտերը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 403-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում նշված հիմքով բերված բացառիկ վերանայման բողոքի առկայության պայմաններում ենթակա են բացառիկ վերանայման։
Հետևաբար, ՀՀ Սահմանադրական դատարանի՝ 2024 թվականի հունիսի 4-ի թիվ ՍԴՈ-1736 որոշումը հիմք է ՀՀ Սահմանադրական դատարանի՝ 2023 թվականի մայիսի 30-ի թիվ ՍԴՈ-1690 որոշման հիման վրա Վճռաբեկ դատարանի՝ 2022 թվականի դեկտեմբերի 26-ի որոշումը վերանայելու համար։
17. Վերանայելով Վճռաբեկ դատարանի՝ 2022 թվականի դեկտեմբերի 26-ի որոշումը և հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրական դատարանի՝ 2023 թվականի մայիսի 30-ի թիվ ՍԴՈ-1690 որոշմամբ արտահայտված և սույն որոշման 14.1-ին կետում մեջբերված իրավական դիրքորոշումները, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոց ընտրելու մասին վարույթն իրականացնող մարմնի որոշումները ենթակա են դատական կարգով անմիջական բողոքարկման՝ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում։
Հետևաբար, սույն վարույթով մեղադրյալ Հայկ Մամիջանյանի նկատմամբ մինչդատական վարույթի ընթացքում կիրառված՝ ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը վերացնելու վերաբերյալ պաշտպան Ս.Պողոսյանի միջնորդությունը մերժելու մասին քննիչի՝ 2021 թվականի օգոստոսի 6-ի որոշման դեմ 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի կարգով դիմող Հ.Մամիջանյանի ներկայացուցիչ Ս.Պողոսյանի կողմից ներկայացված բողոքը՝ բողոքարկված որոշումը մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության առարկա չհանդիսանալու հիմնավորմամբ մերժելու մասին Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի հոկտեմբերի 14-ի և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի՝ 2022 թվականի հուլիսի 21-ի որոշումներն իրավաչափ չեն և ենթակա են բեկանման։
18. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 408-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «[Բացառիկ վերանայում իրականացնող դատարանն իրավասու է չբեկանելու բողոքարկվող դատական ակտը, միայն եթե ծանրակշիռ փաստարկների մատնանշմամբ հիմնավորում է, որ սույն օրենսգրքի 403-րդ հոդվածով նախատեսված հանգամանքներն ըստ էության չէին կարող ազդել վարույթի արդյունքի վրա (...)»:
19. Անդրադառնալով ստորադաս ատյանների դատական ակտերը բեկանելու հնարավորությանը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ բողոքարկվող դատական ակտը վերաբերել է մեղադրյալ Հ.Մամիջանյանի նկատմամբ մինչդատական վարույթում ընտրված ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցին։ Այդ որոշման կայացումից հետո՝ նախաքննության մարմնի՝ 2022 թվականի փետրվարի 9-ի որոշմամբ Հ.Մամիջանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է և քրեական գործի վարույթը՝ կարճվել։
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն բողոքի քննության պահի դրությամբ Հ.Մամիջանյանը չի կրում բողոքարկվող օրինական ուժի մեջ մտած դատական ակտերից բխող որևէ բացասական հետևանք: Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Հ.Մամիջանյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված ստորագրություն չհեռանալու մասին որոշման բողոքարկման արդյունքում Առաջին ատյանի դատարանի որոշումը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումը եղել են ժամանակավոր և դրանց բեկանումը չի վերականգնի մինչ խախտումն առկա իրավիճակը:
20. Վերոգրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ Վճռաբեկ դատարանի՝ 2022 թվականի դեկտեմբերի 26-ի որոշման՝ նոր հանգամանքի հիմքով վերանայման արդյունքում, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2021 թվականի հոկտեմբերի 14-ի և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2022 թվականի հուլիսի 21-ի որոշումները պետք է թողնել օրինական ուժի մեջ՝ հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 28-րդ, 31-րդ, 33-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 352-րդ, 361-րդ, 362-րդ, 363-րդ, 401-403-րդ և 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Հայկ Ռուբենի Մամիջանյանի ներկայացուցիչ Ս.Պողսյանի բացառիկ վերանայման բողոքի հիման վրա ՀՀ Վճռաբեկ դատարանի՝ 2022 թվականի դեկտեմբերի 26-ի որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայել:
2. Բացառիկ վերանայման արդյունքում Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2021 թվականի հոկտեմբերի 14-ի և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2022 թվականի հուլիսի 21-ի որոշումները թողնել օրինական ուժի մեջ՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:
Նախագահող` Հ.ԱՍԱՏՐՅԱՆ
Դատավորներ` Հ.ԳՐԻԳՈՐՅԱՆ
Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆ
