Վճռաբեկ դատարան · Վարչական
ՎԴ/0054/05/23
Վճռաբեկ դատարանի որոշումների ցանկից (cassationcourt.am/decisions)՝ դատարանի նախադեպային շտեմարանում այն չկա։
- Գործի համարը
- ՎԴ/0054/05/23
- Հայցվոր
- «Ֆիրմա Արտեքս» ՍՊ ընկերություն
- Պատասխանող
- ՀՀ պետական եկամուտների կոմիտե
- Դատական ակտի ընդունման ամսաթիվը
- 14.08.2026
- Վարչական իրավունք
Որոշման տեքստը
դատարանի Word ֆայլիցՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ թիվ ՎԴ/0054/05/23
դատարանի որոշում 2026թ.
Վարչական գործ թիվ ՎԴ/0054/05/23
Նախագահող դատավոր` Կ․ Ավետիսյան
Դատավորներ՝ Ս․ Հովակիմյան
Ռ․ Մախմուդյան
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող
զեկուցող
Հ․ ԲԵԴԵՎՅԱՆ
Ա․ ԹՈՎՄԱՍՅԱՆ
Լ․ ՀԱԿՈԲՅԱՆ
2026 թվականի օգոստոսի 14-ին
գրավոր ընթացակարգով քննելով «Ֆիրմա Արտեքս» ՍՊ ընկերության վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 25․12․2024 թվականի որոշման դեմ` վարչական գործով ըստ հայցի «Ֆիրմա Արտեքս» ՍՊ ընկերության (այսուհետ` Ընկերություն) ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե)՝ 02․11․2022 թվականի թիվ 1518227 վարչական ակտն անվավեր ճանաչելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է անվավեր ճանաչել Կոմիտեի 02․11․2022 թվականի թիվ 1518227 վարչական ակտը։
ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Մ․ Համբարձումյան) (այսուհետ` Դատարան) 16․05․2023 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 25․12․2024 թվականի որոշմամբ Կոմիտեի վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Դատարանի 16․05․2023 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է՝ հայցը մերժվել է։
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը (ներկայացուցիչ՝ Սպարտակ Գինոսյան)։
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ և 27-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-9-րդ հոդվածները, կիրառել է «Սպառողների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածը, որը չպետք է կիրառեր, սխալ է մեկնաբանել «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 41-րդ և 42-րդ կետերը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկով.
Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, օբյեկտիվ և ամբողջությամբ չի ուսումնասիրել գործում առկա ապացույցները և հաշվի չի առել, ոչ դպրոցի՝ պետական ոչ առևտրային կազմակերպություն լինելը, ոչ էլ՝ դպրոցի կողմից դեղերի ձեռքբերման նպատակը։ Ըստ էության, Վերաքննիչ դատարանի կողմից «Դեղերի մասին» ՀՀ օրենքում և «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքում նշված «սպառող» հասկացությունները նույնացվել են առանց որևէ իրավական հիմքի և համապատասխան պատճառաբանության։
Վերոգրյալի հիման վրա` բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 25․12․2024 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 16․05․2023 թվականի վճռին:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը․
Կոմիտեի հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության պետի 10.10.2022 թվականի թիվ 1518227 որոշումից քաղվածքի համաձայն՝ ղեկավարվելով «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի 37-րդ և 38-րդ հոդվածներով թույլատրվել է իրականացնել ՕՀՄ 1 (օպերատիվ հարցում), ՕՀՄ 3 (համեմատական հետազոտումների նմուշների հավաքում), ՕՀՄ 6 (իրերի և փաստաթղթերի հետազոտում), ՕՀՄ 10 (շենքերի, կառույցների, տեղանքի, շինությունների և տրանսպորտային միջոցների հետազոտում) օպերատիվ-հետախուզական միջոցառումներ Ընկերության կողմից լիցենզավորման (ծանուցման) ենթակա գործունեությունն առանց լիցենզիայի (ծանուցման) իրականացնելու հանգամանքների ճշտման նպատակով (հատոր 1-ին, գ․թ․ 94):
Կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության 26.10.2022 թվականի արձանագրության համաձայն՝ Կոմիտեի ՀՕՀ վարչության պետի 10․10․2022 թվականի թիվ 1518227 որոշման համաձայն Ընկերության գործունեության նկատմամբ իրականացվել են օպերատիվ հարցում, համեմատական հետազոտումների նմուշների հավաքում, իրերի և փաստաթղթերի հետազոտում, շենքերի, կառույցների, տեղանքի, շինությունների հետազոտում օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։ Ընկերությունը մեծածախ իրացման լիցենզիայի պարտադիր պայմանի ուժի մեջ մտնելուց հետո (2020 թվականի օգոստոսի 15-ից)՝ 11․02․2021 թվականի թիվ Բ0769280422 և 23․02․2022 թվականի թիվ 1565409031 հաշիվ-վավերագրերով իրականացրել է դեղերի մեծածախ իրացում՝ չունենալով ՀՀ առողջապահության նախարարության կողմից տրամադրված համապատասխան տեսակի լիցենզիան (հատոր 1-ին, գ․թ․ 53-55):
Կոմիտեի իրավաբանական վարչության պետի 02․11․2022 թվականի թիվ 1518227 վարչական ակտի համաձայն՝ Կոմիտեի ՀՕՀ վարչության պետի 10․10․2022 թվականի թիվ 1518227 որոշմամբ Ընկերության նկատմամբ իրականացվել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնց արդյունքում պարզվել է, որ ընկերությունը մեծածախ իրացման լիցենզիայի պարտադիր պայմանի ուժի մեջ մտնելուց հետո (2020 թվականի օգոստոսի 15-ից)՝ 11․02․2021 թվականի թիվ Բ0769280422 և 23․02․2022 թվականի թիվ 1565409031 հաշիվ-վավերագրերով իրականացրել է դեղերի մեծածախ իրացում՝ չունենալով ՀՀ առողջապահության նախարարության կողմից տրամադրված համապատասխան լիցենզիան։
Նույն որոշմամբ ՀՀ հարկային օրենսգրքի 428-րդ հոդվածի 1-ին մասի և ՀՀ ՊԵԿ նախագահի 31.08.2022 թվականի թիվ 904-Լ հրամանի հիման վրա հաշվարկվել և «Ֆիրմա Արտեքս» ՍՊԸ-ին գանձման է առաջադրվել 1․000.000 ՀՀ դրամի չափով տուգանք՝ որպես հարկային պարտավորություն, ինչպես նաև 100․000 ՀՀ դրամ օրենքով սահմանված պետական տուրքի գումարի չափով վնասի հատուցում (հատոր 1-ին, գ․թ․ 89-92):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները․
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանի կողմից «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 41-րդ կետի խախտման արդյունքում թույլ է տրվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, ինչը, հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.
Սույն գործով վճռաբեկ բողոքի քննության շրջանակում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը վերահաստատելով նախկինում արտահայտած դիրքորոշումը՝ արդյո՞ք դեղերի իրացման ժամանակ գնորդի իրավաբանական անձ լինելն ինքնին հանգեցնում է դեղերի համապատասխան իրացումը մեծածախ որակելուն:
ՀՀ Սահմանադրության 79-րդ հոդվածի համաձայն՝ հիմնական իրավունքները և ազատությունները սահմանափակելիս օրենքները պետք է սահմանեն այդ սահմանափակումների հիմքերը և ծավալը, լինեն բավարար չափով որոշակի, որպեսզի այդ իրավունքների և ազատությունների կրողները և հասցեատերերն ի վիճակի լինեն դրսևորելու համապատասխան վարքագիծ:
Հայաստանի Հանրապետության սահմանադիրը ՀՀ Սահմանադրության «Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և ազատությունները» վերտառությամբ 2-րդ գլխում՝ 60-րդ հոդվածում, ամրագրել է, որ յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունք:
Վերոնշյալի վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սեփականության իրավունքը ներառված է հիմնական իրավունքների շարքում, և դրա սահմանափակումների հիմքերը և ծավալները պետք է լինեն բավարար չափով որոշակի, որպեսզի այդ իրավունքների և ազատությունների կրողները և հասցեատերերն ի վիճակի լինեն դրսևորելու համապատասխան վարքագիծ։ Վերջինս ցուցիչն է իրավական որոշակիության սկզբունքի, որին անդրադարձել են ՀՀ սահմանադրական դատարանը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ Եվրոպական դատարան), ինչպես նաև Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարություն իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովը (այսուհետ՝ Վենետիկի հանձնաժողով)։
Այսպես․ իրավական պետության սկզբունքը, ի թիվս այլոց, պահանջում է նաև իրավական օրենքի առկայություն։ Վերջինս պետք է լինի բավականաչափ մատչելի՝ իրավունքի սուբյեկտները պետք է համապատասխան հանգամանքներում հնարավորություն ունենան կողմնորոշվելու, թե տվյալ դեպքում ինչ իրավական նորմեր են կիրառվում։ Նորմը չի կարող համարվել «օրենք», եթե այն ձևակերպված չէ բավարար ճշգրտությամբ, որը թույլ կտա իրավաբանական և ֆիզիկական անձանց դրան համապատասխանեցնել իրենց վարքագիծը. նրանք պետք է հնարավորություն ունենան կանխատեսել այն հետևանքները, որոնք կարող է առաջացնել տվյալ գործողությունը։
Օրենքի կանխատեսելիությունը գնահատելու համար կարևոր գործոն է նաև տվյալ հարաբերությունները կանոնակարգող տարբեր կարգավորումների միջև հակասությունների առկայության կամ բացակայության հանգամանքը (տե՛ս, ՀՀ սահմանադրական դատարանի 13․05․2008 թվականի ՍԴՈ–753 որոշումը):
Եվրոպական դատարանը, անդրադառնալով իրավական որոշակիության սկզբունքին, նշել է, որ ներպետական իրավունքում իրավական հիմքի առկայությունն ինքնին բավարար չէ օրինականության սկզբունքը բավարարելու համար: Իրավական հիմքը պետք է ունենա որոշակի որակ՝ այն պետք է համապատասխանի իրավունքի գերակայությանը և պետք է ապահովի կամայականություններից ազատություն (տե՛ս, East West Alliance Limited v. Ukraine, թիվ 19336/04 գանգատով Եվրոպական դատարանի 23.01.2014 թվականի վճիռը, կետ 167): Օրինականության սկզբունքը ենթադրում է, որ ներպետական իրավունքի կիրառելի դրույթները բավականաչափ մատչելի, ճշգրիտ և կանխատեսելի պետք է լինեն իրենց կիրառության մեջ (տե՛ս, օրինակ՝ Lekić v. Slovenia, թիվ 36480/07 գանգատով Եվրոպական դատարանի մեծ պալատի 11.12.2018 թվականի վճիռը, կետ 95):
Հաշվի առնելով վերոգրյալը՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել, որ հիմնական իրավունքները և ազատությունները սահմանափակող իրավական նորմերը պետք է բավարարեն որոշակիության պահանջներին, որը հնարավորություն կտա անձանց հստակորեն կանխատեսել իրենց վարքագծի հետևանքները։ Ըստ այդմ՝ վարչական մարմինների իրականացրած գործունեության հիմքում նախ անհրաժեշտ է, որ առկա լինի համապատասխան իրավական հիմք։ Այդուհանդերձ զուտ իրավական հիմքի առկայությունը դեռ բավարար չէ, քանի որ այն պետք է ունենա որոշակի որակ՝ պետք է համապատասխանի իրավունքի գերակայությանը և պետք է ապահովի կամայականություններից ազատություն։
Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառում իրականացվող քաղաքականության բաղկացուցիչ մաս է կազմում դեղային քաղաքականությունը, որի նպատակը բնակչությանն անվտանգ, արդյունավետ, որակյալ, մատչելի դեղերով, ինչպես նաև դրանց ռացիոնալ կիրառումն ապահովելն է («Դեղերի մասին» ՀՀ օրենքի (այսուհետ նաև՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետ)։ Առողջապահության բնագավառում դեղային քաղաքականության մշակումն ու իրականացումը դեղերի շրջանառության պետական կարգավորման ուղղություններից մեկն է (Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետ) (տե՛ս, «ԱՌԳՈ ՖԱՐՄ» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ առողջապահության նախարարության թիվ ՎԴ/9898/05/19 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 11.12.2024 թվականի որոշումը):
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում անվտանգ, արդյունավետ և որակյալ դեղերի մատչելիության ապահովման կարևորությունը և առանձնահատուկ դերը բնակչության համար՝ օրենսդիրը կարգավորել է Հայաստանի Հանրապետությունում դեղերի շրջանառությունը, որն ընդգրկում է, ի թիվս այլնի, դեղերի մեծածախ և մանրածախ իրացումը և մեծածախ կամ մանրածախ իրացման համար լիցենզիայի տրամադրման պարտադիրությունն ու լիցենզիա ստանալու կարգը, ինչպես նաև՝ առանց համապատասխան լիցենզիայի դեղերի մեծածախ կամ մանրածախ իրացում իրականացնելու համար պատասխանատվությունը:
Այսպես․ «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ արգելվում է առանց լիցենզիայի զբաղվել նույն օրենքով նախատեսված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով, բացառությամբ «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18.1-ին հոդվածով սահմանված դեպքերի: Առանց լիցենզիայի նույն օրենքով նախատեսված լիցենզավորման ենթակա գործունեությամբ զբաղվելն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն և լիցենզավորման համար գանձվող պետական տուրքի գումարի չափով վնասի հատուցում:
«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվել է լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների աղյուսակը, որի 3-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսվել է դեղատնային գործունեության, իսկ 6-րդ ենթակետով՝ դեղերի մեծածախ իրացման տեսակները:
ՀՀ հարկային օրենսգրքի 408-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ համալիր հարկային ստուգումների ընթացքում և (կամ) «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերված՝ «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան լիցենզավորման ենթակա գործունեությունն առանց լիցենզիայի իրականացնելու կամ «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան ծանուցման ենթակա գործունեությունն առանց ծանուցման իրականացնելու կամ առանց թույլտվության կամ առանց լիցենզիայի ընդերքը կամ բնական պաշարներն օգտագործելու (այդ թվում՝ լիցենզիայի կամ թույլտվության գործողությունը կամ ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքն օրենքով սահմանված կարգով կասեցված լինելու) դեպքում գործունեության յուրաքանչյուր տեսակի մասով կազմակերպությունից կամ անհատ ձեռնարկատիրոջից գանձվում է տուգանք՝ լիցենզիայի կամ թույլտվության տրման կամ ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունք ձեռք բերելու համար օրենքով սահմանված պետական տուրքի դրույքաչափի տասնապատիկի չափով, բայց ոչ պակաս 500 հազար դրամից:
Վերոգրյալից հետևում է, որ Հայաստանի Հանրապետության իրավական համակարգում լիցենզավորման ինստիտուտը գործում է որպես անվտանգության, վերահսկողության ապահովման և հանրային շահի պաշտպանության կարևոր միջոց։ «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքը հստակ սահմանում է այն գործունեության տեսակները, որոնց իրականացումն առանց համապատասխան լիցենզիայի արգելվում է, և դրանց թվում է նաև դեղերի մեծածախ իրացումը։ Այս կարգավորումները միտված են կանխել անօրինական և չվերահսկվող գործունեությունն այն ոլորտներում, որոնք կարող են ազդել հասարակության առողջության, կյանքի և տնտեսական կայունության վրա։ Հետևաբար, առանց լիցենզիայի լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու արարքի համար օրենքը նախատեսում է պատասխանատվություն․ համապատասխանաբար առանց լիցենզիայի դեղերի մեծածախ իրացումը հանգեցնում է ՀՀ հարկային օրենսգրքով նախատեսված պատասխանատվության և լիցենզավորման համար գանձվող պետական տուրքի գումարի չափով վնասի հատուցման։
Օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում դեղերի, դեղանյութերի, դեղաբուսական հումքի և հետազոտվող դեղագործական արտադրանքի շրջանառության հետ կապված հարաբերությունները` բնակչությանն անվտանգ, արդյունավետ, որակյալ, մատչելի դեղերով և դրանց մասին հավաստի տեղեկատվությամբ ապահովելու նպատակով, ինչպես նաև սահմանում է Հայաստանի Հանրապետության իրավասու պետական մարմինների և դեղերի շրջանառության սուբյեկտների լիազորություններն այդ ոլորտում (Օրենքի 1-ի հոդված):
Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.
20) դեղերի շրջանառություն` դեղի ստեղծում կամ նախակլինիկական հետազոտություն կամ կլինիկական փորձարկում կամ ստանդարտացում կամ արտադրություն կամ պատրաստում կամ դեղաբուսական հումքի մշակում կամ որակի հսկողություն կամ գրանցում կամ ներմուծում կամ արտահանում կամ փոխադրում, պահպանում կամ իրացում կամ բաշխում կամ կիրառում կամ արդյունավետության, անվտանգության և կողմնակի ազդեցությունների դիտարկում կամ տեղեկատվության կամ գովազդի տարածում կամ ոչնչացում.
(...)
41) դեղերի մեծածախ իրացում` գործունեության տեսակ, որը ներառում է մատակարարի կողմից դեղ արտադրողից կամ դեղի գրանցման հավաստագրի իրավատիրոջից կամ այլ մատակարարից դեղեր ձեռք բերելը կամ ներմուծելը կամ արտահանելը կամ պահպանելը կամ իրացնելը (բաշխելը), բացառությամբ սպառողներին դեղերի իրացման.
42) մատակարար` սահմանված կարգով մեծածախ իրացման լիցենզիա ստացած իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր.
43) դեղերի մանրածախ իրացում` դեղերի իրացում կամ բաց թողնում սպառողներին:
Օրենքի 25-րդ հոդվածի 12-րդ մասի համաձայն՝ դեղատնային գործունեության լիցենզիա ունեցող անձը չի կարող իրականացնել դեղերի մեծածախ իրացում` դեղատնային գործունեության լիցենզիայի գործողության ժամանակահատվածում (այդ թվում՝ լիցենզիայի գործողության կասեցման ժամանակահատվածում):
Վերը նշված իրավանորմերի համակարգային վերլուծությունից հետևում է, որ օրենսդրությամբ սահմանվել են լիցենզավորման ենթակա գործունեության առանձին տեսակներ, որոնց շարքին են դասվում դեղատնային գործունեությունը և դեղերի մեծածախ իրացումը: Ընդ որում, օրենսդրությամբ հատուկ սահմանվել է դեղատնային գործունեության լիցենզիա ունեցող սուբյեկտի՝ դեղերի մեծածախ իրացում իրականացնելու արգելք: Միևնույն ժամանակ օրենսդրությամբ բացահայտվել է նաև դեղերի մեծածախ և մանրածախ իրացման հասկացությունների բովանդակությունը, և սպառողին դեղերի իրացման հանգամանքն օրենսդիրը դասել է դեղերի իրացումը մեծածախ որակելու բացառությունների շարքին՝ այն դիտարկելով որպես դեղերի մանրածախ իրացում:
Այլ կերպ ասած՝ դեղերի մանրածախ և մեծածախ իրացման էական տարբերակիչ հատկանիշը դեղերի իրացումը կամ բաց թողումն է սպառողներին, ուստի յուրաքանչյուր դեպքում պարզելու համար, թե դեղերի իրացումն արդյո՞ք համարվում է մանրածախ, թե մեծածախ, կարևոր է բացահայտել դեղը ձեռք բերողի՝ սպառող լինելու հանգամանքը։
Ինչ վերաբերում է «սպառող» հասկացությանը, ապա ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դրա եզրութաբանական բովանդակությունը Օրենքում բացահայտված չէ, իսկ Հայաստանի Հանրապետության իրավական համակարգում առկա են տվյալ եզրույթի տարաբնույթ սահմանումներ։
Մասնավորապես՝ «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն՝ նույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն են` սպառող` բացառապես անձնական, ընտանեկան, տնային կամ այլ օգտագործման համար նախատեսված, ձեռնարկատիրական գործունեության հետ չկապված, ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) պատվիրման կամ ձեռքբերման մտադրություն ունեցող քաղաքացի:
Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ սպառող հասկացությունը բացահայտվել է նաև «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով, ըստ որի՝ սպառողը սպառման նպատակով ապրանք ձեռք բերող կամ հնարավոր ձեռք բերող իրավաբանական կամ ֆիզիկական անձը կամ պետական մարմինն է:
Այսպիսով պարզ է դառնում, որ՝
- դեղերի մեծածախ իրացման սահմանումը նախատեսող, առանց համապատասխան լիցենզիայի դեղերի մեծածախ իրացման գործունեության արգելք և այդ արգելքը չպահպանելու հետևանքով պատասխանատվության միջոց սահմանող նորմատիվ իրավական ակտերը չեն սահմանում «սպառող» հասկացությունը,
- տարբեր նորմատիվ իրավական ակտեր նախատեսում են «սպառող» հասկացության տարբեր բնորոշումներ, մի դեպքում՝ սպառող է համարվում միայն քաղաքացին (ֆիզիկական անձը), մեկ այլ դեպքում՝ նաև իրավաբանական անձը կամ պետական մարմինը:
Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ ՀՀ հարկային օրենսգրքի 2-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ եթե հարկային հարաբերությունները կարգավորող՝ հավասար իրավական ուժ ունեցող իրավական ակտերի դրույթները պարունակում են հակասություններ, երկիմաստություններ կամ տարընթերցումներ, ապա դրանք մեկնաբանվում և կիրառվում են հարկ վճարողի օգտին:
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ հարկային օրենսգրքի 408-րդ հոդվածի և «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի ու «Դեղերի մասին» ՀՀ օրենքի համակարգային վերլուծությունից պարզ է դառնում, որ լիցենզավորման ենթակա գործունեությունն առանց լիցենզիայի իրականացնելու համար ՀՀ հարկային օրենսգրքով նախատեսված պատասխանատվությունը վրա է հասնում նաև դեղերի մեծածախ իրացումն առանց համապատասխան լիցենզիայի առկայության իրականացնելու համար, որպիսի լիցենզիայի առկայության պահանջը գնահատելու համար կարևորվում է «սպառող» հասկացության բացահայտումը։ Վերոնշյալ իրավական ակտերով «սպառող» հասկացության սահմանումը չկա, իսկ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» և «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքներում «սպառող» հասկացության տարբեր սահմանումներ են նախատեսված, հետևաբար՝ իրավական որոշակիության սկզբունքը և հարկ վճարողի իրավունքների արդյունավետ պաշտպանությունը պահանջում են սույն հարաբերությունների մեկնաբանումը հօգուտ հարկ վճարողի։
Վերոգրյալի հաշվառմամբ՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դեղերի առուվաճառքի գործարքի գնորդի՝ սպառող չհանդիսանալու վերաբերյալ եզրահանգման գալու համար զուտ գնորդի իրավաբանական անձ լինելը բավարար հանգամանք չէ, քանի որ Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 41-րդ կետի ձևակերպումից պարզ չէ, թե տվյալ պարագայում ով կարող է համարվել սպառող՝ հաշվի առնելով նաև Հայաստանի Հանրապետության իրավական համակարգում «սպառող» հասկացության տարաբնույթ սահմանումների առկայությունը։ Արդյունքում «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասի և ՀՀ հարկային օրենսգրքի 408-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա դեղերի առուվաճառքի գործարքի վաճառողին պատասխանատվության ենթարկելը և ըստ այդմ՝ տվյալ անձի սեփականության իրավունքը սահմանափակելը նրա համար, որ դեղերի վաճառք է իրականացրել իրավաբանական անձանց առանց դեղերի մեծածախ իրացման լիցենզիայի, հակասում է իրավական որոշակիության պահանջին, քանի որ տվյալ անորոշության պատճառով համապատասխան սուբյեկտի, այն է՝ դեղերի վաճառք իրականացնող սուբյեկտի համար կանխատեսելի չեն իր վարքագծի հնարավոր հետևանքները։ (տե՛ս, Մարիամ Բաղդասարյանն ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ/1012/05/23 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 09․06․2025 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն վարչական գործը հարուցվել է Ընկերության կողմից ներկայացված հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է անվավեր ճանաչել Կոմիտեի 02․11․2022 թվականի թիվ 1518227 վարչական ակտը:
Դատարանը 16․05․2023 թվականի վճռով հայցը բավարարել է՝ պատճառաբանելով, որ «(․․․) Պետական եկամուտների կոմիտեն վարչական վարույթի ընթացքում հաստատված է համարել այն փաստը, որ «Ֆիրմա Արտեքս» ՍՊԸ-ն առանց լիցենզիայի առկայության իրականացրել է լիցենզավորման ենթակա՝ դեղերի մեծածախ իրացում՝ հիմք ընդունելով այն փաստը, որ 11․02․2021 թվականի թիվ Բ0769280422 և 23․02․2022 թվականի թիվ 1565409031 հաշիվ-վավերագրերով «Երևանի երաժշտական թիվ 13 հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ին վաճառվել են դեղեր։
Մինչդեռ Դատարանը գտնում է, որ «Ֆիրմա Արտեքս» ՍՊԸ-ի կողմից 11․02․2021 թվականի թիվ Բ0769280422 և 23․02․2022 թվականի թիվ 1565409031 հաշիվ-վավերագրերով «Երևանի երաժշտական թիվ 13 հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ին դեղերի իրացումը չի կարող որակվել որպես դեղերի մեծածախ իրացում, քանի որ պատասխանողի կողմից չի ներկայացվել և սույն գործում առկա չէ որևէ ապացույց, որով կհաստատվեր այն փաստը, որ «Երևանի երաժշտական թիվ 13 հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ը «Ֆիրմա Արտեքս» ՍՊԸ-ից դեղերը ձեռք է բերել ոչ թե սպառման, այլ՝ դրանց հետագա արտահանման կամ պահպանման, կամ իրացման համար:
Ավելին, հայցադիմումով հայցվորը հայտնել է, որ «Երևանի երաժշտական թիվ 13 հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ը «Ֆիրմա Արտեքս» ՍՊԸ-ից դեղերը ձեռք է բերել անհրաժեշտության դեպքում սեփական աշխատողների և դպրոցի սաների կարիքները հոգալու նպատակով, որպիսի փաստարկը հերքող որևէ ապացույց սույն վարչական գործի քննությամբ ձեռք չի բերվել:Ինչ վերաբերում է վիճարկվող որոշմամբ նշված այն հիմնավորմանը, որ «սպառող» հասկացությունը սահմանված է «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքում, որի համաձայն՝ սպառողը բացառապես անձնական, ընտանեկան, տնային կամ այլ օգտագործման համար նախատեսված, ձեռնարկատիրական գործունեության հետ չկապված, ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) պատվիրման կամ ձեռքբերման մտադրություն ունեցող քաղաքացին է, հետևաբար, դեղատնային գործունեության լիցենզիա ունեցող սուբյեկտը կարող է դեղեր իրացնել կամ բաց թողնել միայն քաղաքացիներին՝ ապահովելով «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի պահանջները, ապա Դատարանն արձանագրում է, որ Հայաստանի Հանրապետությունում դեղերի շրջանառության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Դեղերի մասին» ՀՀ օրենքով, իսկ «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով կարգավորում է սպառողների և արտադրողների (կատարողների, վաճառողների) միջև ապրանքների վաճառքի (աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման) ժամանակ ծագող հարաբերությունները, ուստի, Դատարանի գնահատմամբ, «Դեղերի մասին» ՀՀ օրենքի իմաստով «սպառող» կարող է հանդիսանալ ինչպես ֆիզիկական անձը, այնպես էլ իրավաբանական անձը, եթե ձեռք բերված դեղն օգտագործվում է վերջինիս կարիքների համար:
Ամբողջ վերոգրյալի հիման վրա՝ Դատարանն արձանագրում է, որ «Ֆիրմա Արտեքս» ՍՊԸ-ի կողմից «Երևանի երաժշտական թիվ 13 հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ին դեղերի իրացումը տվյալ դեպքում չի կարող որակվել որպես դեղերի մեծածախ իրացում (…)»։
Վերաքննիչ դատարանը 25․12․2024 թվականի որոշմամբ Կոմիտեի վերաքննիչ բողոքը բավարարել է՝ Դատարանի 16․05.2023 թվականի վճիռը բեկանել և փոփոխել է՝ հայցն ամբողջությամբ մերժել է հետևյալ հիմնավորմամբ. «(…) Վերաքննիչ դատարանը փաստում է, որ «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով օրենսդիրը «սպառող»-ին բնորոշելու համար օգտագործել է «քաղաքացի» բառը՝ չհստակեցնելով կարգավորվող հարաբերությունների մասնակիցներին։ Բայցևայնպես, նույն օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ սպառողների իրավունքների պաշտպանության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, նույն օրենքով և այլ իրավական ակտերով։ Իսկ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1-ին հոդվածի 2-րդ մասի ուժով քաղաքացիական օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով կարգավորվող հարաբերությունների մասնակիցներ են նաև ֆիզիկական անձինք` Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա պետությունների քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք (այսուհետ` քաղաքացիներ) ու իրավաբանական անձինք։
Ըստ այդմ, կարելի է պնդել, որ «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ պարբերությամբ օգտագործելով «քաղաքացի» հավաքական տերմինը՝ օրենսդիրը նկատի է ունեցել հենց ֆիզիկական անձին, ով, ՀՀ քաղաքացիական օրենսդրության համաձայն, Հայաստանի Հանրապետության քաղաքացին է, օտարերկրյա պետությունների քաղաքացին կամ քաղաքացիություն չունեցող անձը, այլ ոչ թե իրավաբանական անձը կամ իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպությունը և այլն։
Նման պայմաններում Վերաքննիչ դատարանը գտնում է, որ սպառող քաղաքացին սպառող ֆիզիկական անձն է, ում դեղի իրացումը «Դեղերի մասին» ՀՀ օրենքի իմաստով որակվում է՝ որպես դեղերի մանրածախ իրացում։ Սա նշանակում է, որ դեղերի իրացումն իրավաբանական անձին (համապատասխանում է սույն դեպքին) կամ իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող անձին որևէ կերպ չի կարող համատեղելի լինել դեղերի մանրածախ իրացումը բնորոշող գործունեության հետ։
(…) Վերաքննիչ դատարանը բանաձևում է, որ Ընկերության կողմից 2021 թվականի փետրվարի 11-ի թիվ Բ0769280422 և 2022 թվականի փետրվարի 23-ի թիվ 1565409031 հաշիվ-վավերագրերով «Երևանի երաժշտական թիվ 13 հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ին դեղամիջոցների օտարումը համարվում է դեղերի մեծածախ իրացում, որպիսի գործունեությունը, «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված աղյուսակի համաձայն, համարվում է լիցենզավորման ենթակա գործունեություն, իսկ սույն դեպքում անվիճելի փաստ է, որ նշված իրավաբանական անձանց հետ դեղերի վաճառքի գործարքների կնքման պահին Ընկերությունը չի ունեցել դեղերի մեծածախ իրացում իրականացնելու լիցենզիա (…)»:
Սույն որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
Սույն գործով Կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության 26․10․2022 թվականի թիվ 1518227 արձանագրության համաձայն՝ Ընկերության գործունեության նկատմամբ իրականացվել են համապատասխան օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Ընկերությունը մեծածախ իրացման լիցենզիայի պարտադիր պայմանի ուժի մեջ մտնելուց հետո (15․08․2020 թվականին) 11․02․2021 թվականի թիվ Բ0769280422 և 23․02․2022 թվականի թիվ 1565409031 հաշիվ-վավերագրերով իրականացրել է դեղերի մեծածախ իրացում՝ չունենալով ՀՀ առողջապահության նախարարության կողմից տրամադրված համապատասխան տեսակի լիցենզիան։
Կոմիտեի իրավաբանական վարչության պետի 02.11.2022 թվականի թիվ 1518227 վարչական ակտի համաձայն՝ Ընկերությունից գանձման է առաջադրվել 1.000.000 ՀՀ դրամի չափով տուգանք՝ որպես հարկային պարտավորություն և 100.000 ՀՀ դրամ՝ օրենքով սահմանված պետական տուրքի գումարի չափով վնասի հատուցում:
Վճռաբեկ դատարանը նկատում է, որ Կոմիտեի իրավաբանական վարչության պետի 02.11.2022 թվականի թիվ 1518227 վարչական ակտի հիմքում դրվել է այն հանգամանքը, որ տվյալ դեպքում Ընկերության կողմից 11․02․2021 թվականի թիվ Բ0769280422 և 23․02․2022 թվականի թիվ 1565409031 հաշիվ-վավերագրերով իրականացրած դեղերի իրացման գործարքի մյուս կողմում՝ այսինքն` գնորդի կարգավիճակում, եղել է իրավաբանական անձ, մասնավորապես՝ «Երևանի երաժշտական թիվ 13 հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ը գործարքի գնորդի կարգավիճակում հանդես գալու հանգամանքը բավարար է եղել Կոմիտեի համար համապատասխան գործարքը որակելու որպես մեծածախ իրացում։
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 57-րդ հոդվածի համաձայն՝ գրավոր կամ գրավոր հաստատված վարչական ակտը պետք է պարունակի հիմնավորում, որում պետք է նշվեն համապատասխան որոշում ընդունելու բոլոր էական փաստական և իրավական հիմքերը:
Այսպիսով՝ հաշվի առնելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ իրավական նորմում ամրագրված իրավական հետևանքներն անձի նկատմամբ կիրառելու նախապայման է հանդիսանում իրավական նորմով նախատեսված փաստակազմի առկայության բացահայտումը, որպիսի հանգամանքը պետք է նաև արտացոլվի համապատասխան վարչական ակտում։
Վերոնշյալ դիրքորոշումների լույսի ներքո Վճռաբեկ դատարանը, սույն գործի շրջանակներում ձեռնամուխ լինելով գնահատելու վիճարկվող վարչական ակտի իրավաչափությունը, ստուգելով դրա համապատասխանությունն օրենսդրության պահանջներին, արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի եզրահանգումներն իրավաչափ չեն, և Կոմիտեի իրավաբանական վարչության պետի 02.11.2022 թվականի թիվ 1518227 վարչական ակտն անվավեր է` նկատի ունենալով, որ Հայաստանի Հանրապետության իրավական համակարգում «սպառող» եզրույթի միասնական սահմանման բացակայության պայմաններում դեղերի իրացումը մեծածախ որակելու և այն համապատասխան լիցենզիա պահանջող գործարք համարելու, ու ըստ այդմ՝ առանց լիցենզիայի համապատասխան գործունեությունն իրականացնելու դեպքում ՀՀ հարկային օրենսգրքի 408-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված պատասխանատվության միջոցը կիրառելու համար բավարար չէ միայն այն հանգամանքը, որ դեղն իրացվել է իրավաբանական անձանց առանց դեղերի մեծածախ իրացման լիցենզիայի առկայության։
Ամփոփելով վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու համար։
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:
Դատական ակտին օրինական ուժ տալիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի՝ վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Ընկերությունը վճռաբեկ բողոքի համար վճարել է 30.000 ՀՀ դրամ պետական տուրք, իսկ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, ուստի Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ընկերության կողմից նախապես վճարված պետական տուրքի գումարը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի հիման վրա, ենթակա է հատուցման Կոմիտեի կողմից: Ինչ վերաբերում է ՀՀ վարչական դատարանում հայցադիմումի համար նախապես վճարված պետական տուրքի գումարին, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրան անդրադառնալու անհրաժեշտությունը բացակայում է, հաշվի առնելով այն հանգամանքը, որ օրինական ուժ է տրվում Դատարանի վճռին, որով լուծվել է նաև հայցադիմումի համար նախապես վճարված պետական տուրքի հարցն ու պատասխանողից հօգուտ հայցվորի բռնագանձվել է 15․250 ՀՀ դրամ։
Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պետական տուրքից բացի, այլ դատական ծախս կատարված լինելու վերաբերյալ որևէ ապացույց գործում առկա չէ։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1․ Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 25․12․2024 թվականի որոշումը և օրինական ուժ տալ ՀՀ վարչական դատարանի 16․05․2023 թվականի վճռին:
2․ ՀՀ պետական եկամուտների կոմիտեից հօգուտ «Ֆիրմա Արտեքս» ՍՊ ընկերության բռնագանձել 30.000 ՀՀ դրամ՝ որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար։
3․ Վերաքննիչ բողոք ներկայացնելու մասով պետական տուրքի հարցը համարել լուծված:
4․ Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:
Նախագահող
Զեկուցող
Հ. ԲԵԴԵՎՅԱՆ
Ա․ ԹՈՎՄԱՍՅԱՆ
Լ. ՀԱԿՈԲՅԱՆ
