Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am

Վճռաբեկ դատարան · Վարչական

ՎԴ/3799/05/21

Գործի համարը
ՎԴ/3799/05/21
Հայցվոր
Գագիկ Կաֆյան
Պատասխանող
Երևանի քաղաքապետարան
Դատական ակտի ընդունման ամսաթիվը
14.08.2026
Վարչական իրավունք

Որոշման տեքստը

դատարանի Word ֆայլից
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ թիվ ՎԴ/3799/05/21 դատարանի որոշում 2026թ. Վարչական գործ թիվ ՎԴ/3799/05/21 Նախագահող դատավոր՝ Հ․ Այվազյան Դատավորներ՝ Ռ․ Խանդանյան Ա․ Հարությունյան Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝ նախագահող զեկուցող Հ․ ԲԵԴԵՎՅԱՆ Ա․ ԹՈՎՄԱՍՅԱՆ Լ. ՀԱԿՈԲՅԱՆ 2026 թվականի օգոստոսի 14-ին գրավոր ընթացակարգով քննելով Երևանի քաղաքապետարանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 14․01․2025 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի Գագիկ Կաֆյանի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի՝ ■■■ բնակարանների վերնամասում մանսարդային հարկի կառուցման նախագծման թույլտվություն տրամադրելուն պարտավորեցնելու պահանջի մասին, Պ Ա Ր Զ Ե Ց 1. Գործի դատավարական նախապատմությունը. Դիմելով դատարան՝ Գագիկ Կաֆյանը պահանջել է պարտավորեցնել Երևանի քաղաքապետարանին տրամադրել ■■■ բնակարանների վերնամասում մանսարդային հարկի կառուցման նախագծման թույլտվություն։ ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Դ․ Դանիելյան) (այսուհետ` Դատարան) 05․05․2023 թվականի վճռով հայցը մերժվել է։ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 14․01․2025 թվականի որոշմամբ Գագիկ Կաֆյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Դատարանի 05․05․2023 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է՝ հայցը բավարարվել է: Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Երևանի քաղաքապետարանը (ներկայացուցիչ՝ Նադեժդա Մուրադյան): Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Գագիկ Կաֆյանը (ներկայացուցիչ՝ Նազելի Տեր-Պետրոսյան)։ 2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը. Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով. Վերաքննիչ դատարանը խախտել է «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 6-րդ, 22.1-ին հոդվածները, ՀՀ կառավարության 19․03․2015 թվականի թիվ 596-Ն որոշման հավելված 1-ով հաստատված կարգի 47-րդ, 63-րդ կետերը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 191-րդ, 224-րդ հոդվածները, «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքի 2-րդ, 11-րդ հոդվածները, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ 25-րդ, 26-րդ, 27-րդ, 28-րդ, 124-127-րդ հոդվածները: Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով. Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ հայցվորը ներկայացված դիմումում վարչական մարմնին պարզաբանել է նաև, որ անճշտության պատճառով 63 սեփականատերեր դարձել են 62 անճշտության հետևանքով: Հայցվորի կողմից հայտնվել է նաև, որ 4 սեփականատերեր մահացած են՝ հիմք ընդունելով ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության 16.06.2020 թվականի թիվ 8/9-938 գրությունը: Սակայն հայցվորի կողմից քայլեր չեն ձեռնարկվել՝ ճշտելու նաև մահացած անձանց իրավահաջորդներին, ժառանգությունն ընդունած անձանց շրջանակը կամ գույքը փաստացի տիրապետողներին: Հայցվոր կողմը ներկայացված հայցով որևէ կերպ չի հիմնավորել հայցվող գործողության իրավաչափությունը և չի ներկայացրել համապատասխան ապացույցներ՝ իր համար բարենպաստ փաստերի առկայության վերաբերյալ: Մինչդեռ, սույն գործով Վերաքննիչ դատարանն անդրադարձել է նախագծման թույլտվության տրամադրումը մերժելու իրավաչափությանը և առանձին ստուգման չի ենթարկել, դատական ակտով չի հիմնավորել նախագծման թույլտվության տրամադրման իրավաչափությունը, ինչի ապացուցման բեռը դրված է հայցվորի վրա։ Բազմաբնակարան շենքի շինությունների (բնակարաններ, ոչ բնակելի տարածքներ) սեփականատերերի համաձայնությունն անհրաժեշտ է նաև ճարտարապետահատակագծային առաջադրանք տրամադրելու դեպքերի համար, քանի որ առանց նշված առաջադրանքի առկայության կառուցապատողը չի կարող մշակել և նախապատրաստել նախագծային փաստաթղթերի փաթեթը, որի համաձայնեցման պարագայում միայն համայնքի ղեկավարը կարող է կառուցապատողին տրամադրել շինարարական թույլտվություն: Վերոգրյալի հիման վրա՝ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 14․01․2025 թվականի որոշումը և փոփոխել այն՝ հայցը մերժել կամ գործն ուղարկել՝ նոր քննության: 2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները. Վճռաբեկ բողոքում բերված փաստարկներն առարկայազուրկ են և չեն բխում ինչպես գործող և վերաբերելի օրենսդրության պահանջներից, այնպես էլ սույն գործի փաստական տվյալներից։ Մասնավորապես, բողոք բերած անձը վճռաբեկ բողոքում նշել է, որ չնայած Գագիկ Կաֆյանի կողմից պատասխանողին ներկայացվել են շենքի որոշ սեփականատերերի կողմից ստորագրված համաձայնագրեր, սակայն չի ներկայացվել վարչական մարմնի կողմից պահանջված՝ սեփականատերերի կողմից միանձնյա որոշում՝ համատիրության կողմից վավերացված։ Բողոքաբերը այս փաստարկները ներկայացնելիս առաջնորդվել է բացառապես կամայականությամբ, քանզի նման պահանջ «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքով նախատեսված չէ։ Ավելին, «համատիրության կողմից վավերացված» եզրույթը հակասում է «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքի կարգավորումներին այն նկատառումներով, որ օրենսդիրը նշված օրենքով ընդհանուր բաժնային սեփականության կառավարման բարձրագույն մարմին է սահմանել շինությունների սեփականատերերի ժողովը, որի բացառիկ իրավասությանն է պատկանում բազմաբնակարան շենքի ընդհանուր բաժնային սեփականության կառավարման բնագավառում ցանկացած հարցի լուծման իրավունքը։ Ուստի, անհիմն է այն պնդումը, որ համատիրության ներկայացուցիչը պետք է մասնակցեր ժողովին կամ ստորագրահավաքին։ Բողոքաբերը վճռաբեկ բողոքում նշել է, որ հայցվորի կողմից քայլեր չեն ձեռնարկվել ճշտելու մահացած սեփականատերերի իրավահաջորդներին, ժառանգություն ընդունած անձանց շրջանակը կամ գույքը փաստացի տիրապետողներին։ Այս դեպքում հարկ է արձանագրել, որ հայցվորը չի հանդիսանում նոտարական գործողություններ իրականացնող կամ նոտարական գաղտնիք պարունակող տեղեկատվության տնօրինող։ Հաջորդիվ՝ բողոքաբերը վիճարկում է այն, որ որոշ անշարժ գույքերի նկատմամբ գրանցված է ընդհանուր համատեղ սեփականության իրավունք, սակայն ներկայացված համաձայնագրերով հնարավոր չէ պարզել, թե բոլոր սեփականատերերն են տվել իրենց համաձայնությունը։ Նման դեպքում պարզ է դառնում, որ պատասխանողի կողմից պատշաճ հետազոտման և ուսումնասիրության չեն ենթարկվել ինչպես վարչական վարույթի ընթացքում ներկայացված փաստաթղթերը, այնպես էլ դատական գործի շրջանակում ներկայացված դիրքորոշումները, քանզի յուրաքանչյուր համաձայնագրում առկա է տվյալ անշարժ գույքի յուրաքանչյուր սեփականատիրոջ՝ համատեղ և բաժնային սեփականատերերի ստորագրությունը։ Այսպիսով, բողոքաբերը վճռաբեկ բողոքում չի մատնանշել Վերաքննիչ դատարանի կողմից թույլ տրված նյութական և դատավարական իրավունքի նորմի խախտում, որը հանգեցրել է գործի սխալ ելքի։ 3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը. Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը. 1) Գագիկ Կաֆյանը 20.08.2019 թվականին Երևանի քաղաքապետարան է ներկայացրել ■■■ բնակարանների վերնամասում մանսարդային հարկի կառուցման թույլտվություն ստանալու մասին թիվ Կ-3809 հայտը (հատոր 3-րդ, գ․թ․ 59)։ 2) Ի պատասխան 20.08.2019 թվականի ներկայացված հայտի՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի 16.09.2019 թվականի թիվ 18-08/1-Կ-3809 գրության համաձայն՝ հայցվորին տեղեկացվել է, որ ճարտարապետահատակագծային առաջադրանք ձևավորելու համար անհրաժեշտ է ներկայացնել «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածով սահմանված ■■■ հասցեի բազմաբնակարան շենքի ընդհանուր բաժնային սեփականության իրավունք ունեցող սեփականատերերի ժողովի արձանագրությունը՝ սեփականատերերի առնվազն երկու երրորդի չափով, համաձայնությունները վավերացված համատիրության նախագահի կողմից, և նախատեսվող վերակառուցման վերաբերյալ իրավասու կազմակերպության կողմից տրված տեխնիկական եզրակացություն (հատոր 1-ին, գ․թ․ 17)։ 3) Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 26.11.2019 թվականի թիվ 18-08/1-Կ-5126 գրությամբ Գագիկ Կաֆյանին հայտնվել է, որ «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 7-րդ կետի «դ» ենթակետի և 8-րդ կետի համաձայն՝ ընդհանուր բաժնային սեփականության կամ դրա մի մասի կառուցապատման կամ փոփոխման մասին հարցը կարող է ընդունվել շինության բոլոր սեփականատերերի ձայների համաձայնությամբ կայացված որոշման դեպքում՝ վավերացված շենքի կառավարման մարմնի՝ համատիրության կողմից և անհրաժեշտ է ներկայացնել թիվ 07062017-01-0175 վկայականով ամրագրված 74,7 քմ բնակարանի ուրվագծի չափագրությունը (հատոր 1-ին, գ․թ․ 18)։ 4) Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 16.07.2020 թվականի թիվ 18-08/1-Կ-2154 գրությամբ Գագիկ Կաֆյանին հայտնվել է, որ վերջինիս կողմից ներկայացվել է ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից տրված՝ քննարկվող շենքի սեփականատերերի 35 միավորից բաղկացած ցանկը (․․․) (հատոր 1-ին, գ․թ․ 20)։ 5) Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի պաշտոնակատարի 06.11.2020 թվականի թիվ 18-08/1365 գրությամբ հայտնվել է, որ Գագիկ Կաֆյանի կողմից հրավիրված շենքի սեփականատերերի ժողովին մասնակցել են թվով 63 սեփականատերերից թվով 53 սեփականատեր, որոնք գրավոր տվել են իրենց համաձայնությունները՝ արձանագրությունում նշված բնակարանների տանիքային հատվածում մանսարդային հարկ կառուցելու վերաբերյալ և հարցի հետագա քննարկմանը հնարավոր է անդրադառնալ «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 7-րդ կետի «դ» ենթակետի և 8-րդ կետի պահանջները ապահովելու պարագայում (հատոր 1-ին, գ․թ․ 23)։ 4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի իմաստով, այն է՝ ` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, քանի որ Վերաքննիչ դատարանի կիրառած նյութական նորմի՝ «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր։ Վերոգրյալով պայմանավորված Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ բազմաբնակարան բնակելի շենքում սեփականատերերին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող հատվածում մանսարդային հարկի կառուցման նախագծման թույլտվություն ստանալու առանձնահատկություններին։ Նախագծման թույլտվության կամ ճարտարապետահատակագծային առաջադրանքի իրավական բնույթի, բովանդակության, ինչպես նաև դրա տրամադրման հետ կապված հարաբերություններն օրենսդիրը կարգավորել է «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքով, որը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում քաղաքաշինական գործունեության հիմնադրույթները և կարգավորում այդ գործունեության հետ կապված հարաբերությունները:  Այսպես, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն՝ (...) կառուցապատողները պարտավոր են` «դ» քաղաքաշինական գործունեություն իրականացնելու համար ճարտարապետահատակագծային առաջադրանք (...) ստանալ տեղական ինքնակառավարման համապատասխան մարմիններից (...):  «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 15-րդ մասի համաձայն՝ ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերի մշակման համար կառուցապատողին տրվում է ճարտարապետահատակագծային առաջադրանք (նախագծման թույլտվություն), որը, հիմք ընդունելով համայնքի տարածական պլանավորման փաստաթղթերի և քաղաքաշինական կանոնադրության պահանջները, սահմանում է քաղաքաշինական գործունեության տվյալ օբյեկտին ներկայացվող նախագծման պարտադիր պայմաններ, պահանջներ և սահմանափակումներ։  Նույն հոդվածի 20-րդ մասի համաձայն՝ քաղաքաշինական փաստաթղթերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման, փոփոխման կարգերը սահմանում է Կառավարությունը։ «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 22.1-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ճարտարապետահատակագծային առաջադրանքը (կամ նախագծման թույլտվությունը) փաստաթուղթ է, որը, հիմք ընդունելով համայնքի տարածական պլանավորման փաստաթղթերի և քաղաքաշինական կանոնադրության պահանջները, սահմանում է քաղաքաշինական գործունեության տվյալ օբյեկտին ներկայացվող նախագծման պարտադիր պահանջները, պայմանները, այդ թվում` նույն օրենքի 6-րդ հոդվածի «դ» կետով սահմանված` քաղաքաշինական օբյեկտի ինժեներական ենթակառուցվածքների (ջրամատակարարում, ջրահեռացում, էլեկտրամատակարարում, գազամատակարարում և այլն) նախագծման Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված ելակետային տվյալները (այսուհետ` ելակետային տվյալներ) կամ տեխնիկական պայմանները (այսուհետ` տեխնիկական պայմաններ) և սահմանափակումները: Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ անշարժ գույքի սեփականատեր հանդիսացող կամ այն փոփոխելու իրավասությամբ օժտված օգտագործողին ճարտարապետահատակագծային առաջադրանքը տրվում է վերջինիս կողմից նույն հոդվածի վեցերորդ մասով սահմանված մարմնին ներկայացված հայտի հիման վրա:  Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ ճարտարապետահատակագծային առաջադրանքով սահմանված պայմանները հիմք են ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերի մշակման համար և պարտադիր են քաղաքաշինական գործունեության բոլոր մասնակիցների համար (...):  Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ ճարտարապետահատակագծային առաջադրանքը համայնքում տալիս է համայնքի ղեկավարը քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի կողմից համակարգվող քաղաքաշինական թույլտվությունների առցանց տրամադրման համակարգի միջոցով՝ Կառավարության սահմանած ընթացակարգով և ժամկետներում: «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի համաձայն՝ շինարարության թույլտվությունը փաստաթուղթ է, որը հաստատում է կառուցապատողի իրավունքը` իրականացնել որոշակի շինարարական գործունեություն ինչպես նոր կառուցապատվող կամ վերակառուցվող տարածքում, այնպես էլ գոյություն ունեցող շենքերում և շինություններում: (...) Շինարարության թույլտվությունը տրվում է ճարտարապետահատակագծային առաջադրանք տրամադրած մարմնի կողմից ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերը Կառավարության սահմանած կարգով համաձայնեցնելուց և կառուցապատողի կողմից դրանք հաստատելուց հետո` նույն օրենքի 6-րդ հոդվածի չորրորդ մասի «ժ» կետով նախատեսված ժամկետով (...):  Օրենսդիրը ճարտարապետահատակագծային առաջադրանքի և շինարարության թույլտվության տրամադրման կարգը սահմանելու լիազորությունը վերապահել է ՀՀ կառավարությանը: Վերջինս, հիմք ընդունելով իրեն վերապահված այդ լիազորությունը, 19.03.2015 թվականին ընդունված թիվ 596-Ն որոշմամբ հաստատել է Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգը (այսուհետ՝ Կարգ)՝ համաձայն նույն որոշման թիվ 1 հավելվածի:  Կարգի 2-րդ կետի համաձայն՝ կառուցապատման նպատակով թույլտվությունները և այլ փաստաթղթեր տրամադրվում են հետևյալ փուլերով` նախագծման թույլտվություն (կամ ճարտարապետահատակագծային առաջադրանք), շինարարության թույլտվություն և ավարտական ակտ (կամ շահագործման թույլտվություն) (...):  ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներից մեկում արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ կառուցապատողը մինչև համայնքի վարչական տարածքում շինարարության իրականացման համար շինարարական թույլտվություն պահանջելը, պարտավոր է նախապես սահմանված կարգով տեղական ինքնակառավարման մարմնին դիմել և ստանալ ճարտարապետահատակագծային առաջադրանք, որը համայնքի ղեկավարի կողմից տրվում է, եթե հայտով ներկայացված պահանջները համապատասխանում են օրենսդրությամբ, տարածական պլանավորման փաuտաթղթերով, բնակավայրի քաղաքաշինական կանոնադրությամբ, ինչպեu նաև քաղաքաշինական փաստաթղթերով սահմանված պահանջներին։ Առաջադրանքով uահմանված պայմանները հիմք են հանդիuանում նախագծային փաuտաթղթերի մշակման համար և պարտադիր են քաղաքաշինական գործունեության բոլոր մաuնակիցների համար։ Հետևաբար առանց նշված առաջադրանքի առկայության կառուցապատողը չի կարող մշակել և նախապատրաստել նախագծային փաստաթղթերի փաթեթը, որի համաձայնեցման պարագայում միայն համայնքի ղեկավարը կարող է կառուցապատողին տրամադրել շինարարական թույլտվություն (տե՛ս, «Գյումրի-հաց» ՍՊԸ-ն ընդդեմ Գյումրու քաղաքապետարանի թիվ  3-20(ՏԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.05.2007 թվականի որոշումը): ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ արձանագրել է, որ ճարտարապետահատակագծային առաջադրանքը կամ նախագծման թույլտվությունը` շինարարության թույլտվություն պահանջող շինարարական աշխատանքների իրականացման համար պարտադիր փաստաթուղթ է, որը սահմանում է կառուցապատվող օբյեկտի նախագծման պարտադիր պահանջները, պայմանները և սահմանափակումները և հիմք է հանդիսանում ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերի մշակման համար: Ընդ որում, ճարտարապետահատակագծային առաջադրանքի առկայությունը պարտադիր է շինարարության թույլտվություն ստանալու համար. առանց առաջինի առկայության երկրորդը չի կարող տրամադրվել։ (...) ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ քաղաքաշինական գործունեության բնագավառում կառուցապատողի վերջնական նպատակը շինարարության իրականացումն է, որը կարող է կատարվել միայն շինարարության թույլտվության հիման վրա, իսկ շինարարության թույլտվությունն էլ կարող է տրվել միայն ճարտարապետահատակագծային առաջադրանքի հիման վրա: Այսինքն՝ ճարտարապետահատակագծային առաջադրանքի առկայությունը շինարարության թույլտվության տրամադրման համար անհրաժեշտ նախապայման է: Հետևաբար ճարտարապետահատակագծային առաջադրանք ստանալու համար Կարգի 47-րդ կետով սահմանված հայտով իրավասու մարմնին դիմած կառուցապատողի իրական շահագրգռվածությունն ու մտադրությունն ուղղված է ոչ թե սոսկ ճարտարապետահատակագծային առաջադրանք ստանալուն, այլ` շինարարություն իրականացնելու համար անհրաժեշտ թույլտվություն ստանալուն։ (...) ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ճարտարապետահատակագծային առաջադրանքը տրամադրվում է շինարարության թույլտվության տրամադրմանն ուղղված վարչական վարույթի շրջանակներում: Շինարարության թույլտվության տրամադրմանն ուղղված վարչական վարույթն առանձին տեսակի, բարդ ընթացակարգով իրականացվող վարչական վարույթ է, որը հարուցվում է ճարտարապետահատակագծային առաջադրանք (նախագծման թույլտվություն) ստանալու վերաբերյալ համապատասխան համայնքին ներկայացված կառուցապատողի հայտի (դիմումի) հիման վրա, ինչին վարույթի ընթացիկ փուլում հաջորդում են ճարտարապետահատակագծային առաջադրանքի տրամադրումը և Կարգով սահմանված վերը նկարագրված մյուս գործողությունների կատարումը, իսկ վարույթը եզրափակվում է վարչական ակտի (շինարարության թույլտվության) ընդունմամբ: Շինարարության թույլտվության տրամադրմանն ուղղված վարչական վարույթի շրջանակներում ճարտարապետահատակագծային առաջադրանքի տրամադրման փուլն ունի առաջնահերթ նշանակություն, քանի որ այդ փաստաթղթով կառուցապատողը հնարավորություն է ստանում ձեռնարկելու շինարարության օբյեկտի նախագծային աշխատանքները և մշակելու համապատասխան նախագծային փաստաթղթերը (տե՛ս, Գեորգի Թովմասյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/3310/05/15 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.11.2018 թվականի որոշումը): Վճռաբեկ դատարանը, վերահաստատելով վերոգրյալ իրավական դիրքորոշումները, ևս մեկ անգամ արձանագրում է, որ ճարտարապետահատակագծային առաջադրանք ստանալու փուլն է այն նախադրյալը, որի հիման վրա կառուցապատողը հնարավորություն է ստանում ձեռնամուխ լինելու շինարարական գործունեության իրականացմանը, հետևաբար՝ շենքի կամ շինության կառուցմանը։ Վերոգրյալի լույսի ներքո անդրադառնալով բազմաբնակարան շենքում մանսարդային հարկ կառուցելու նպատակով նախագծման թույլտվություն ստանալու հարցին՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող գույքի կառավարման հարաբերությունները կարգավորվում են «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքով (այսուհետ՝ Օրենք)։ Այսպես․ Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` բազմաբնակարան շենքի շինությունների սեփականատերերին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանում են շենքը կրող կառուցվածքները, շենքի միջհարկային ծածկերը (առաստաղները, հատակները), նկուղները, ձեղնահարկը, տեխնիկական հարկերը, տանիքը, ինչպես նաև մեկից ավելի շինություններ սպասարկող և բազմաբնակարան շենքի միասնական ամբողջական սպասարկման համար նախատեսված մուտքերը, աստիճանավանդակները, աստիճանները, վերելակները, վերելակային և այլ հորերը, մեխանիկական, էլեկտրական, սանիտարատեխնիկական և այլ սարքավորումներն ու տարածքները, շենքի պահպանման և սպասարկման համար անհրաժեշտ հողամասերը, որոնք օրենքով նախատեսված կարգով չեն հանդիսանում այլ անձանց սեփականություն: Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` շինության սեփականատերերն ընդհանուր բաժնային սեփականությունը տիրապետում, օգտագործում և տնօրինում են նույն օրենքով սահմանված կարգով։ Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ընդհանուր բաժնային սեփականության կառավարման բարձրագույն մարմինը շինությունների սեփականատերերի ժողովն է (այսուհետ` ժողով), որին պատկանում է բազմաբնակարան շենքի ընդհանուր բաժնային սեփականության կառավարման բնագավառում ցանկացած հարցի լուծման իրավունքը, բացառությամբ այն հարցերի, որոնք, նույն օրենքի համաձայն, համարվում են կառավարման մարմնի բացառիկ լիազորությունը: Նույն հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ ժողովի լիազորություններն են` ա) բազմաբնակարան շենքի կառավարման ձևի, կառավարման մարմնի ընտրությունը. բ) բազմաբնակարան շենքի կառավարման մարմնի լիազորությունների դադարեցումը. գ) նույն օրենքով նախատեսված պարտադիր նորմերի իրականացումից բացի, կառավարման մարմնին տրվող այլ լիազորությունների ցանկի հաստատումը. դ) ընդհանուր բաժնային սեփականության անշարժ գույքի օտարման կամ գրավ դնելու մասին որոշումների ընդունումը. ե) ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող անշարժ գույքի մի մասի առանձնացման, դրա օտարման, գրավադրման մասին որոշումների ընդունումը. զ) ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող շարժական գույքի օտարման, օգտագործման, գրավադրման մասին որոշումների ընդունումը. է) բազմաբնակարան շենքի արդիականացմանն ուղղված աշխատանքների և միջոցառումների իրականացման նպատակով փոխառության կամ վարկային պայմանագրերի կնքման, ինչպես նաև խոշոր գործարքների կնքման համաձայնեցումը. ը) ընդհանուր բաժնային սեփականության անշարժ գույքի առանձնացված մասի անհատույց օգտագործման հանձնելու մասին որոշման ընդունումը. թ) ընդհանուր բաժնային սեփականության անշարժ գույքի առանձնացված մասի հատուցմամբ օգտագործման տրամադրելու մասին որոշման ընդունումը. ժ) բազմաբնակարան շենքի արդիականացմանն ուղղված անհրաժեշտ աշխատանքների և միջոցառումների իրականացման մասին որոշումների ընդունումը. ժա) գույքային իրավունքներ (օգտագործման, վարձակալության և այլն) ձեռք բերելու վերաբերյալ գործարքների մասին որոշումների ընդունումը. ժբ) ընդհանուր բաժնային սեփականության վրա գովազդ տեղադրելու կամ սեփականությունն այլ կերպ առևտրային նպատակներով օգտագործելու, իրազեկելու և ծանուցելու համար նախատեսված տեղի մասին որոշման ընդունումը. ժգ) շենքի կառավարման մարմինների կողմից շինությունների սեփականատերերին տեղեկանքներ տալու կամ սույն օրենքով նախատեսված այլ ծառայություններ մատուցելու համար գանձվող գումարի չափի որոշումը, որը չի կարող լինել ավելի, քան տվյալ գործողությունների համար ծախսված գումարի չափը. ժդ) շինությունների սեփականատերերից գանձվող՝ նույն օրենքով սահմանված պարտադիր և այլ վճարների չափի և վճարման ժամկետների սահմանումը. ժե) շինության սեփականատերերի և շենքի բնակիչների կողմից ընդհանուր բաժնային սեփականությունից օգտվելու կարգի սահմանումը. ժզ) շինության սեփականատերերի և շենքի բնակիչների ընդհանուր բաժնային սեփականությունն օգտագործելու կարգի սահմանումը. ժէ) բազմաբնակարան շենքի ընդհանուր բաժնային սեփականության կառավարման տարեկան բյուջեի հաստատումը. ժը) բյուջեի միջոցների հաշվին կառավարման մարմնի գործունեության աուդիտի իրականացումը. ժթ) ընդհանուր բաժնային սեփականության կառավարման հարցերով այլ որոշումների կայացումը, այդ թվում` կոմունալ ծառայություններ մատուցողների հետ շենքի կառավարման մարմնի՝ պայմանագրեր կնքելու հարցերը: Նույն հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի 7-րդ մասի «դ» և «ե» ենթակետերում նշված հարցերով որոշումները սեփականատերերն ընդունում են միաձայն, իսկ մնացած ենթակետերում նշված հարցերով որոշումներն ընդունվում են ձայների կեսից ավելիով: Նույն հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի 7-րդ մասով նշված հարցերով որոշումները կարող են ընդունվել գումարման կամ հարցման միջոցով, իսկ «զ», «է», «ժբ», «ժգ», «ժդ», «ժե» և «ժզ» ենթակետերով նշվածները` նաև իրազեկման միջոցով: Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ շինության սեփականատերը, շենքի կառավարման մարմինը կամ նույն օրենքով նախատեսված դեպքերում` համայնքի ղեկավարը, իրենց առաջարկությունները շինության սեփականատերերի ժողովի քննարկմանն իրավունք ունեն ներկայացնել գումարման միջոցով: Այս դեպքում նախաձեռնողը պարտավոր է ժողովի օրակարգի մասին ծանուցել շինության սեփականատերերին: (․․․) Նույն հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ ժողովը վարում է կառավարման մարմնի ներկայացուցիչը (լիազոր կառավարիչը), իսկ նրա բացակայության դեպքում` ժողովի նախաձեռնողը: Ժողովի արձանագրությունը կազմում է ժողովի կողմից ընտրված քարտուղարը: Օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ շինության սեփականատերը, շենքի կառավարման մարմինը կամ նույն օրենքով նախատեսված դեպքերում` համայնքի ղեկավարը, իրենց առաջարկությունները շինության սեփականատերերի ժողովի քննարկմանը ներկայացնելու իրավունք ունեն հարցման միջոցով: Նախաձեռնողը պարտավոր է ժողովի որոշման նախագիծը, իսկ կառավարման մարմնին կամ այլ անձանց լիազորությունների վերապահում նախատեսող համապատասխան լիազորագրի կամ պայմանագրի նախագիծը ներկայացնել ստորագրման կամ դրա պատճենն ուղարկել շինության յուրաքանչյուր սեփականատիրոջ: Որոշման նախագիծը պետք է կազմվի մեկ միասնական փաստաթղթի ձևով: Նույն կետում նշված փաստաթղթերի պատճեններն ի գիտություն են հանձնվում նաև շենքի կառավարման մարմնին: Վկայակոչված նորմերից հետևում է, որ ընդհանուր բաժնային սեփականության կառավարման բարձրագույն մարմինը շինությունների սեփականատերերի ժողովն է, որին պատկանում է բազմաբնակարան շենքի ընդհանուր բաժնային սեփականության կառավարման բնագավառում ցանկացած հարցի լուծման իրավունքը, բացառությամբ՝ կառավարման մարմնի բացառիկ լիազորությանը վերապահված հարցերի։ Ժողովի լիազորություններից է, ի թիվս այլնի, ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող անշարժ գույքի մի մասի առանձնացման, դրա օտարման, գրավադրման մասին որոշումների ընդունումը, որպիսի որոշումները սեփականատերերն ընդունում են միաձայն՝ գումարման կամ հարցման միջոցով։ ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ բազմաբնակարան շենքի շինությունների շենքը կրող կառուցվածքները, շենքի միջհարկային ծածկերը (առաստաղները, հատակները), նկուղները, ձեղնահարկը, տեխնիկական հարկերը, տանիքը, ինչպես նաև մեկից ավելի շինություններ (բնակարաններ, շինություններ) սպասարկող և բազմաբնակարան շենքի միասնական ամբողջական սպասարկման համար նախատեսված մուտքերը, աստիճանավանդակներն ու տարածքները, որոնք սեփականության իրավունքով այլ անձանց չեն պատկանում՝ տիրապետում են ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով: Հետևաբար, բազմաբնակարան շենքի շինությունների (բնակարաններ, ոչ բնակելի տարածքներ) սեփականատերերը շենքի վերը նշված գույքի նկատմամբ ունեն ՀՀ քաղաքացիական օրենսգրքով և այլ օրենքներով ընդհանուր բաժնային սեփականության մասնակիցների համար սահմանված բոլոր իրավունքները և կրում են բոլոր պարտականությունները՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Մասնավորապես, բազմաբնակարան շենքի սեփականատերերն ունեն ընդհանուր համաձայնությամբ ընդհանուր գույքը տիրապետելու, օգտագործելու և կառավարելու իրավունք, որն իրականացվում է ընդհանուր բաժնային սեփականության կառավարման բարձրագույն մարմնի՝ շինությունների սեփականատերերի ժողովի միջոցով, որին պատկանում է բազմաբնակարան շենքի ընդհանուր բաժնային սեփականության կառավարման բնագավառում ցանկացած հարցի լուծման իրավունքը, բացառությամբ այն հարցերի, որոնք նույն օրենքի համաձայն համարվում են կառավարման մարմնի բացառիկ լիազորությունը (տե՛ս, Գագիկ Ալեքսանյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/7196/05/08 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.05.2009 թվականի որոշումը): Վերահատատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումը՝ ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած մեկ այլ որոշմամբ հավելել է, որ սեփականության իրավունքի ճանաչման և պաշտպանության կապակցությամբ առաջացող նեգատիվ (սեփականության իրավունքին միջամտելուց ձեռնպահ մնալու) և պոզիտիվ (սեփականության իրավունքի պաշտպանությանն ուղղված միջոցներ ձեռնարկելու) պարտականությունները վերաբերում են նաև ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող՝ բազմաբնակարան շենքի շինությունների (բնակարաններ, ոչ բնակելի տարածքներ) սեփականատերերի ընդհանուր սեփականության իրավունքին։ Հետևաբար սեփականության իրավունքին չմիջամտելու պարտականությամբ պայմանավորված՝ որևէ անձի համար բարենպաստ վարչական ակտը չպետք է սահմանափակի բազմաբնակարան շենքի շինությունների (բնակարաններ, ոչ բնակելի տարածքներ) սեփականատերերի սեփականության իրավունքը, իսկ նման սահմանափակման համար անհրաժեշտ է վերջիններիս համաձայնությունը (տե՛ս, Միքայել և Կարեն Վարդանյաններն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/4091/05/16 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.08.2019 թվականի որոշումը): Ամբողջ վերոգրյալի հիման վրա՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է հետևյալը. բազմաբնակարան շենքի շինությունների սեփականատերերին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանում են շենքը կրող կառուցվածքները, շենքի միջհարկային ծածկերը, ձեղնահարկը և ընդհանուր օգտագործման՝ օրենքով նշված այլ տարածքները։ Բազմաբնակարան շենքի սեփականատերերի ընդհանուր ժողովին պատկանում է բազմաբնակարան շենքի ընդհանուր բաժնային սեփականության կառավարման բնագավառում ցանկացած հարցի լուծման իրավունքը։ Օրենսդրությամբ սահմանված է նաև ժողովի լիազորությունների մեջ մտնող հարցերի ընդունման համար անհրաժեշտ ձայների քանակը։ Այսպես՝ բոլոր սեփականատերերի միաձայն ձայների առկայությունն է անհրաժեշտ՝ ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող անշարժ գույքի մի մասի առանձնացման, դրա օտարման, գրավադրման մասին որոշումների ընդունման համար (Օրենքի 11-րդ հոդվածի 7-րդ կետի «ե» ենթակետ, 8-րդ կետ), (․․․)։ Այսպիսով՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ իրավակիրառ պրակտիկան պետք է զարգանա հետևյալ ուղղությամբ․ բազմաբնակարան բնակելի շենքի սեփականատերերի ընդհանուր ժողովի 2/3 ձայների առկայությունն ինքնին բավարար չէ բազմաբնակարան բնակելի շենքում սեփականատերերին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող հատվածում իրականացված ինքնակամ կառույցը սեփականատերերից մեկի դիմումով օրինականացնելու համար, քանի որ բազմաբնակարան շենքի սեփականատերերից մեկի դիմումի հիման վրա սեփականատերերին բաժնային սեփականության իրավունքով պատկանող հատվածում իրականացված ինքնակամ կառույցի օրինականացումը, որի արդյունքում փոփոխվելու է սեփականատերերի բաժնային սեփականությունը, համապատասխանում է Օրենքի 11-րդ հոդվածի 7-րդ կետի «ե», այլ ոչ թե «ժ» ենթակետով սահմանված լիազորությանը, քանի որ այն փաստացի հանդիսանում է սեփականատերերի բաժնային սեփականության փոփոխություն՝ սեփականատերերի բաժնային սեփականությունը հանդիսացող անշարժ գույքի մի մասի առանձնացում հօգուտ դիմումը ներկայացրած անձի, ինչպիսի լիազորության իրականացման համար անհաժեշտ է բոլոր սեփականատերերի ձայների առկայությունը (տե´ս, Վալոդյա Ռուստամյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/9853/05/18 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.02.2023 թվականի որոշումը)։ Ամբողջի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թեև վկայակոչված իրավական դիրքորոշումը վերաբերում է բազմաբնակարան բնակելի շենքում սեփականատերերին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող հատվածում իրականացված ինքնակամ կառույցի օրինականացմանը, սակայն այն հավասարապես կիրառելի է նաև մանսարդային հարկ կառուցելու նպատակով ճարտարապետահատակագծային առաջադրանք ստանալու դեպքի նկատմամբ, քանի որ, ինչպես արդեն իսկ նշվեց, ճարտարապետահատակագծային առաջադրանքը շինարարություն իրականացնելու, ըստ այդմ՝ շենք կամ շինություն կառուցելու առաջնային նախադրյալն է։ Ճարտարապետահատակագծային առաջադրանք ստանալու փուլն այն մեկնարկային կետն է, որից կառուցապատողը սկսում է շենք կամ շինություն կառուցելու գործընթացը, ուստի ճարտարապետահատակագծային առաջադրանք ստանալու համար նույնպես անհրաժեշտ է շենքի բոլոր սեփականատերերի միաձայն համաձայնությունը, քանի որ այն, ըստ էության, միտված է վերջիններիս բաժնային սեփականության ծավալի փոփոխությանը։ Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ. Սույն գործը հարուցվել է Գագիկ Կաֆյանի հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է պարտավորեցնել Երևանի քաղաքապետարանին տրամադրել ■■■ բնակարանների վերնամասում մանսարդային հարկի կառուցման նախագծման թույլտվություն։ Դատարանը 05.05.2023 թվականի վճռով հայցը մերժել է, այն հիմնավորմամբ, որ «(...) Սույն գործի քննության ընթացքում հայցվորի ներկայացուցիչը Դատարանին է ներկայացրել ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից 20.10.2022թ. տրված թիվ ԱՏ-20102022-01-0906 տեղեկանքը, որի համաձայն՝ ■■■ շենքն ունի թվով 33 գրանցված գույքային միավորներ, իսկ սեփականատերերի քանակն է 57: Միաժամանակ գործում առկա են «Համաձայնագիր» վերտառությամբ փաստաթղթեր, որոնց համաձայն՝ ■■■ շենքի սեփականատերերը հաստատել են և տվել իրենց համաձայնությունը, որպեսզի նույն շենքի թիվ 31 բնակարանի համասեփականատեր Լուսինե Ավագյանը և թիվ 33 բնակարանի սեփականատեր Գագիկ Կաֆյանը շենքի տանիքային հատվածում իրենց միջոցների հաշվին կառուցեն մանսարդային հարկ, ընդ որում՝ հիշյալ համաձայնագրերից մեկը հաստատված է «Կենտրոն-1» համատիրության կառավարչի կողմից: Դատարանը նախ փաստում է, որ տվյալ դեպքում հայցվորի կողմից ո՛չ Երևանի քաղաքապետարանին հայտին կից, ո՛չ Դատարանին գործի քննության ընթացքում չի ներկայացվել Օրենքի պահանջներին համապատասխան՝ ■■■ շենքի սեփականատերերի ընդհանուր ժողովի կողմից ընդունված որոշում նշված շենքի տանիքին մանսարդային հարկի կառուցման հարցի վերաբերյալ համաձայնություն տալու հետ կապված: Ընդ որում, Դատարանը հարկ է համարում ընդգծել, որ հայցվորի կողմից ներկայացված «Համաձայնագիր» վերտառությամբ փաստաթղթերը որևէ կերպ չեն կարող ընդունվել որպես Օրենքի պահանջներին համապատասխան ընդունված որոշումներ, քանի որ չեն համապատասխանում Օրենքով սահմանված ընթացակարգերի արդյունքում ընդունվելիք որոշման պահանջներին: Հաջորդիվ՝ Դատարանն արձանագրում է, որ «Կենտրոն-1» համատիրության կառավարչի կողմից ընդամենը հաստատվել է ■■■ շենքի սեփականատերերի և համասեփականատերերի բնակվելու վայրը: Ավելին՝ վերջինիս կողմից հաստատված համաձայնագրում փաստացի առկա է թվով 44 ստորագրություն, սակայն «Կենտրոն-1» համատիրության կառավարչի կողմից համաձայնագրի վերջնամասում գրառում է կատարվել այն մասին, որ ցանկում առկա է թվով 39 ստորագրություն, այսինքն՝ համատիրության կառավարչի կողմից ցանկը հաստատվելուց հետո դրվել են նոր ստորագրություններ: Բացի այդ, գործում առկա՝ «Համաձայնագիր» վերտառությամբ փաստաթղթերի վրա բացակայում է գրառում այն մասին, թե երբ են տրվել այդ համաձայնությունները: Այսպիսով, Դատարանը գտնում է, որ «Համաձայնագիր» վերտառությամբ փաստաթղթերը որևէ կերպ չեն կարող դիտարկվել որպես բազմաբնակարան շենքի տանիքում մանսարդային հարկի կառուցման հարցի օբյեկտիվ և արդարացի լուծմանն ուղղված բովանդակային փաստաթղթեր, որոնցով հնարավոր կլինի ապահովել հարցի լուծման համար անհրաժեշտ հիմքի առկայությունը, ինչպես նաև բովանդակային պահանջի պահպանումը։ Ասվածը հիմնավորվում է Դատարանի կողմից սույն որոշման շրջանակներում ներկայացված իրավական վերլուծությունների բովանդակային տիրույթում՝ մասնավորապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ բազմաբնակարան շենքի տանիքում մանսարդային հարկ կառուցելու որոշում ընդունելու իրավասությունը վերապահված է ընդհանուր բաժնային սեփականության կառավարման բարձրագույն մարմնին՝ շինությունների սեփականատերերի ժողովին, որպիսի հարցերով որոշումների ընդունման համար անհրաժեշտ է շինության բոլոր սեփականատերերի ձայները, իսկ որոշումների ընդունումը պետք է իրականցվի գումարման, հարցման կամ իրազեկման միջոցով: Ընդ որում, և՛ ժողովի գումարման միջոցով որոշումների ընդունումը, և՛ հարցման միջոցով որոշումների ընդունումը, և՛ իրազեկման միջոցով որոշումների ընդունումը ենթադրում են այնպիսի գործընթացի անցկացում, որը եզրափակվում է ժողովում որոշումներով և դրանց մասին շինությունների սեփականատերերի պարտադիր իրազեկմամբ, ինչը նշանակում է, որ ժողովի իրավասությանը վերապահված ցանկացած հարցի վերաբերյալ որոշումը չի կարող համարվել օրենքով սահմանված կարգով ընդունված, եթե չեն պահպանվել Օրենքի համապատասխան դրույթների պահանջները: Նման պարագայում առավել քան ակնհայտ է, որ գործում առկա՝ «Համաձայնագիր» վերտառությամբ փաստաթղթերը որևէ տեսանկյունից չեն համապատասխանում օրենսդրությամբ սահմանված պահանջներին, դրանցից որևէ կերպ հնարավոր չէ հետևություն անել այն մասին, որ ■■■ բնակարանների վերնամասում մանսարդային հարկի կառուցման համար առկա է նույն շենքի բոլոր սեփականատերերի համաձայնությունը կամ առհասարակ որևէ սեփականատիրոջ համաձայնությունը»։ Վերաքննիչ դատարանը 14․01․2025 թվականի որոշմամբ Գագիկ Կաֆյանի վերաքննիչ բողոքը բավարարել է՝ Դատարանի 05․05․2023 թվականի վճիռը բեկանել և փոփոխել է՝ հայցը բավարարել է, պատճառաբանելով, որ «(...) Վերաքննիչ դատարանը, նախ, արձանագրում է, որ ճարտարապետահատակագծային առաջադրանքը (կամ նախագծման թույլտվությունը) փաստաթուղթ է, որը սահմանում է տվյալ օբյեկտին ներկայացվող նախագծման պարտադիր պահանջներ, պայմաններ, այդ թվում՝ ինժեներական ենթակառուցվածքների (ջրամատակարարում, ջրահեռացում, էլեկտրամատակարարում, գազամատակարարում և այլն) նախագծման ելակետային տվյալներ կամ տեխնիկական պայմաններ և սահմանափակումներ, ինչը նշանակում է, որ ճարտարապետահատակագծային առաջադրանքի (կամ նախագծման թույլտվությունը) տրամադրումն ինքնին չի ենթադրում ընդհանուր բաժնային սեփականության անշարժ գույքի օտարում կամ գրավադրում, իսկ ճարտարապետահատակագծային առաջադրանքի հայցման դեպքում բազմաբնակարան շենքի բոլոր սեփականատերերի ձայների համաձայնությամբ կայացված շենքի կառավարման մարմնի (համատիրության) կողմից վավերացված որոշում ներկայացնելու պահանջ օրենսդրությամբ նախատեսված չէ: Միաժամանակ, գործի քննությամբ ձեռք բերված ապացույցներով և դատական ակտի կայացման պահին գործող օրենքների կիրառմամբ, հաստատվում է հայցվող գործողության՝ Երևանի քաղաքապետարանին ■■■ բնակարանների վերնամասում մանսարդային հարկի կառուցման նախագծման թույլտվություն տրամադրելուն պարտավորեցնելու պահանջի իրավաչափությունը: Այլ կերպ ասած՝ ՀՀ կառավարության 19.03.2015թ. ընդունված թիվ 596-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգի 47-րդ կետի համաձայն՝ կառուցապատողը քաղաքաշինական գործունեություն իրականացնելու նպատակով առաջադրանք ստանալու համար իրավասու մարմին է ներկայացրել հայտ՝ դրան կցելով նույն կարգի 48-րդ կետեով նախատեսված փաստաթղթերը, իսկ 63-րդ կետը, որը սահմանում է կառուցապատողի կողմից քաղաքաշինական գործունեություն իրականացնելու նպատակով առաջադրանք ստանալու համար իրավասու մարմնին ներկայացված հայտի մերժման հիմքերը, նախատեսվող վերակառուցման վերաբերյալ բոլոր սեփականատերերի համաձայնությունները չներկայացնելու հիմքով հայտի մերժման հնարավորություն չի նախատեսել, իսկ Կարգի 47-րդ և 48-րդ հոդվածների պահանջները պահպանված են: Հետևաբար, պետք է պարտավորեցնել Երևանի քաղաքապետարանին Գագիկ Կաֆյանին տրամադրել ■■■ բնակարանների վերնամասում մանսարդային հարկի կառուցման նախագծման թույլտվություն՝ ճարտարապետահատակագծային առաջադրանք(...)»։ Սույն որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը. Վերաքննիչ դատարանը, ըստ էության, համարել է, որ ճարտարապետահատակագծային առաջադրանքի (կամ նախագծման թույլտվության) տրամադրումն ինքնին չի ենթադրում ընդհանուր բաժնային սեփականության անշարժ գույքի օտարում կամ գրավադրում, իսկ ճարտարապետահատակագծային առաջադրանքի հայցման դեպքում բազմաբնակարան շենքի բոլոր սեփականատերերի ձայների համաձայնությամբ կայացված շենքի կառավարման մարմնի (համատիրության) կողմից վավերացված որոշում ներկայացնելու պահանջ օրենսդրությամբ նախատեսված չէ։ Մինչդեռ, Վճռաբեկ դատարանը, սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների հիման վրա, արձանագրում է, որ ճարտարապետահատակագծային առաջադրանքն ստանալու փուլն է կանխորոշում կառուցապատողի կողմից հետագայում շինարարության իրականացման, համապատասխանաբար շենք կամ շինություն կառուցելու հնարավորությունը, ուստի այն նույնպես ենթադրում է սեփականատերերի բաժնային սեփականության ծավալի փոփոխություն, որի համար կրկին անհրաժեշտ է շենքի բոլոր սեփականատերերի միաձայն համաձայնությունը։ Մինչդեռ, սույն վարչական գործի նյութերում առկա «Համաձայնագիր» վերտառությամբ փաստաթղթերում արտացոլված չեն ■■■ շենքի բոլոր սեփականատերերի ստորագրությունները։ Մասնավորապես՝ որոշ բնակիչներ, նշված է, որ մահացած են, իսկ ոմանց ստորագրությունների համար նախատեսված հատվածում առկա են «սխալ», «համաձայնագիր» նշումները, որոնցից պարզ չէ՝ նշված անձինք տվել են արդյոք իրենց համաձայնությունը, թե՝ ոչ։ Այսինքն՝ «Կենտրոն-1» համատիրության կառավարչի կողմից հաստատված «Համաձայնագիր» վերտառությամբ փաստաթուղթը լիովին չի արտացոլում ■■■ շենքի բոլոր սեփականատերերի համաձայնությունը՝ շենքի տանիքային հատվածում Գագիկ Կաֆյանի և Լուսինե Ավագյանի միջոցների հաշվին մանսարդային հարկ կառուցելու վերաբերյալ։ Ինչ վերաբերում է գործի նյութերում առկա «Համաձայնագիր» վերտառությամբ մյուս փաստաթղթերին, ապա դրանցից պարզ չէ, թե արդյոք դրանք կազմվել են հրավիրված ժողովի ընթացքում, թե՝ ոչ, ընդ որում՝ դրանք չեն համապատասխանում ընդհանուր ժողովի կողմից կայացվող որոշումներին օրենսդրությամբ ներկայացվող պահանջներին, ուստի դրանք չեն կարող համարվել պատշաճ կազմված ապացույցներ՝ դրանցում առկա անձանց կողմից համաձայնություն տրամադրված լինելու վերաբերյալ։ Ինչ վերաբերում է գործի նյութերում առկա արձանագրություններին, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դրանք միակողմանի կազմված փաստաթղթեր են, մասնավորապես՝ դրանք կազմվել են Գագիկ Կաֆյանի կողմից, դրանցում առկա է միայն վերջինիս ստորագրությունը, և պարզ չէ, թե արդյոք հենց Գագիկ Կաֆյանն է ժողովի կողմից ընտրվել որպես քարտուղար, ըստ այդմ՝ օժտված լինելով արձանագրությունը կազմելու իրավասությամբ։ Միաժամանակ, այդ արձանագրություններից չի երևում դրանց՝ ժողովի կողմից կազմված լինելու փաստը, հետևաբար դրանք չեն կարող համարվել պատշաճ կերպով կազմված արձանագրություններ։ Վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունների հիման վրա՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով չի հիմնավորվել նախագծման թույլտվություն կամ ճարտարապետահատակագծային առաջադրանք ստանալու համար Գագիկ Կաֆյանի կողմից ■■■ շենքի բոլոր սեփականատերերի համաձայնությունը ստանալու փաստը, որպիսի հանգամանքն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից։ Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 151-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար: Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ. «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի վերոգրյալ հոդվածով ամրագրված` անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է: Դատական ակտին օրինական ուժ տալիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը: 5. Վճռաբեկ  դատարանի  պատճառաբանությունները  և  եզրահանգումները  դատական ծախսերի բաշխման վերաբերյալ. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից: ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին: «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի «ա» կետի համաձայն՝ պետական տուրքը ենթակա է վերադարձման մասնակի կամ լրիվ, եթե պետական տուրքը վճարվել է ավելի, քան պահանջվում է գործող օրենսդրությամբ: Սույն գործով նկատի ունենալով այն փաստը, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, իսկ Երևանի քաղաքապետարանը վճռաբեկ բողոքի համար վճարել է 30.000 ՀՀ դրամ պետական տուրք, այնինչ՝ պետք է վճարեր 20.000 ՀՀ դրամ՝ որպես մեկ ոչ դրամական պահանջի գործով վճռաբեկ բողոքի համար օրենքով սահմանված պետական տուրքի գումար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Գագիկ Կաֆյանից, հօգուտ Երևանի քաղաքապետարանի, ենթակա է բռնագանձման 20.000 ՀՀ դրամ՝ որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար։ Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի «ա» կետի հիմքով ավել վճարված պետական տուրքը՝ 10.000 ՀՀ դրամի չափով, ենթակա է վերադարձման այն վճարած անձին: Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը Ո Ր Ո Շ Ե Ց 1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն։ Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 14․01․2025 թվականի որոշումը և օրինական ուժ տալ ՀՀ վարչական դատարանի 05․05․2023 թվականի վճռին՝ սույն որոշման պատճառաբանություններով։ 2. Գագիկ Կաֆյանից հօգուտ Երևանի քաղաքապետարանի բռնագանձել 20․000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար: 3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ: Նախագահող Զեկուցող Հ. ԲԵԴԵՎՅԱՆ Ա․ ԹՈՎՄԱՍՅԱՆ Լ. ՀԱԿՈԲՅԱՆ