Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am

Վճռաբեկ դատարան · Վարչական

ՎԴ/6065/05/22

Գործի համարը
ՎԴ/6065/05/22
Հայցվոր
Տ․ Տ.
Պատասխանող
ՀՀ պաշտպանության նախարարություն
Դատական ակտի ընդունման ամսաթիվը
14.08.2026
Վարչական իրավունք

Որոշման տեքստը

դատարանի Word ֆայլից
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ թիվ ՎԴ/6065/05/22 դատարանի որոշում 2026թ. Վարչական գործ թիվ ՎԴ/6065/05/22 Նախագահող դատավոր՝ Դատավորներ՝ Ռ. Մախմուդյան Ա. Մկրտչյան Ս. Հովակիմյան Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝ նախագահող զեկուցող Հ. ԲԵԴԵՎՅԱՆ Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ Լ. ՀԱԿՈԲՅԱՆ 2026 թվականի օգոստոսի 14-ին գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ պաշտպանության նախարարության այսուհետ՝ Նախարարություն վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 10.10.2025 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի Տ․Տ-ի ընդդեմ Նախարարության, երրորդ անձ՝ ՀՀ ֆինանսների նախարարություն՝ պատասխանողին Տ․Տ-ին 6.023.500 ՀՀ դրամ՝ որպես չտրամադրված արձակուրդի (4.853.220 ՀՀ դրամ) և տրամադրված արձակուրդում ներառված ոչ աշխատանքային օրերի արդյունքում Տ․Տ-ի համար առաջացած և չտրամադրված արձակուրդի օրերի համար դրամական հատուցում (1.170.280 ՀՀ դրամ) վճարելուն, և որպես հետևանքների վերացման ածանցյալ պահանջ՝ 6.023.500 ՀՀ դրամ՝ որպես չտրամադրված արձակուրդի (4.853.220 ՀՀ դրամ) և տրամադրված արձակուրդում ներառված ոչ աշխատանքային օրերի արդյունքում Տ․Տ-ի համար առաջացած և չտրամադրված արձակուրդի օրերի համար չտրամադրված արձակուրդային վճարի (1.170.280 ՀՀ դրամ) նկատմամբ հաշվարկված տույժերը վճարելուն պարտավորեցնելու պահանջների մասին, Պ Ա Ր Զ Ե Ց 1. Գործի դատավարական նախապատմությունը. Դիմելով դատարան`  Տ․Տ-ն պահանջել է պարտավորեցնել Նախարարությանը վճարել 6.023.500 ՀՀ դրամ՝ որպես չտրամադրված արձակուրդի (4.853.220 ՀՀ դրամ) և տրամադրված արձակուրդում ներառված ոչ աշխատանքային օրերի արդյունքում իր համար առաջացած և չտրամադրված արձակուրդի օրերի համար դրամական հատուցում (1.170.280 ՀՀ դրամ), և որպես հետևանքների վերացման ածանցյալ պահանջ՝ վճարել 6.023.500 ՀՀ դրամ՝ որպես չտրամադրված արձակուրդի (4.853.220 ՀՀ դրամ) և տրամադրված արձակուրդում ներառված ոչ աշխատանքային օրերի արդյունքում Տ․Տ-ի համար առաջացած և չտրամադրված արձակուրդի օրերի համար չտրամադրված արձակուրդային վճարի (1.170.280 ՀՀ դրամ) նկատմամբ հաշվարկված տույժերը։ ՀՀ վարչական դատարանի (դատավոր Ա. Չիլինգարյան) (այսուհետ` Դատարան) 03.07.2024 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակի՝ Նախարարությունը պարտավորեցվել է Տ․Տ-ին վճարել 2.042.475.2 ՀՀ դրամ՝ որպես չտրամադրված արձակուրդի և տրամադրված արձակուրդում ներառված ոչ աշխատանքային օրերի արդյունքում Տ․Տ-ի համար առաջացած և չտրամադրված արձակուրդի օրերի համար դրամական հատուցում, իսկ մնացած մասով հայցը մերժվել է: ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 10.10.2025 թվականի որոշմամբ Նախարարության և Տ․Տ-ի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքները բավարարվել են մասնակի՝ Դատարանի 03.07.2024 թվականի վճիռը՝ Տ․Տ-ին 2.042.475,2 ՀՀ դրամ՝ որպես չտրամադրված արձակուրդի և տրամադրված արձակուրդում ներառված ոչ աշխատանքային օրերի արդյունքում Տ․Տ-ի համար առաջացած և չտրամադրված արձակուրդի օրերի համար դրամական հատուցում Նախարարությանը վճարելուն պարտավորեցնելու պահանջը բավարարելու և չտրամադրված արձակուրդային վճարի նկատմամբ հաշվարկված տույժերը՝ 1.529.854 ՀՀ դրամի չափով վճարելուն պարտավորեցնելու ածանցյալ պահանջը մերժելու և դրանց հետ կապված դատական ծախսերը բաշխելու մասով, բեկանվել և այդ նույն մասով փոփոխվել է՝ հայցը՝ Տ․Տ-ին 6.023.500 ՀՀ դրամ՝ որպես չտրամադրված արձակուրդի (4.853.220 ՀՀ դրամ) օրերի համար դրամական հատուցում, ինչպես նաև որպես հետևանքների վերացման ածանցյալ պահանջ՝ 6.023.500 ՀՀ դրամ՝ որպես չտրամադրված արձակուրդի (4.853.220 ՀՀ դրամ) նկատմամբ հաշվարկված տույժերը վճարելուն պարտավորեցնելու պահանջների մասով, բավարարվել է մասնակի՝ պարտավորեցվել է Նախարարությանը Տ․Տ-ինվճարել 1.529.854 ՀՀ դրամ՝ որպես չտրամադրված արձակուրդի օրերի համար դրամական հատուցում, ինչպես նաև որպես հետևանքների վերացման ածանցյալ պահանջ՝ պարտավորեցվել է Նախարարությանը Տ․Տ-ին վճարել 1.529.854 ՀՀ դրամ՝ որպես չտրամադրված արձակուրդի օրերի նկատմամբ հաշվարկված տույժ։ Հայցը մնացած մասով մերժվել է: Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Նախարարությունը (ներկայացուցիչ՝ Անահիտ Աղազանյան)։ Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Տ․Տ-ն (ներկայացուցիչ՝ Լևոն Բաղդասարյան)։ 2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը. Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով. Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասը, 73-րդ հոդվածը, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 68-րդ հոդվածի 11-րդ մասը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը և 13-րդ հոդվածի 6-րդ մասը, ինչպես նաև ՀՀ աշխատանքային օրենսգրքի 198-րդ հոդվածը։ Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով. Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ հայցվորի զորացրման պահին գործել է «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 16-րդ մասը, իսկ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի դրույթները չեն տարածվում նրա վրա, քանի որ օրենքի անցումային դրույթներում հետադարձ ուժ կիրառելու վերաբերյալ որևէ նորմ նախատեսված չէ։ Վերոնշյալ իրավակարգավորումների և վերոշարադրյալ եզրահանգումների լույսի ներքո բողոքաբերը հանգում է այն հետևությանը, որ Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել հայցվող բարենպաստ վարչական ակտի իրավաչափության հարցին (իսկ, եթե անդրադարձել է, ապա կատարել են դատական ակտի կայացման պահին գործող (իրավական այլ ակտերի) իրավակարգավորումներին հակասող եզրահանգումներ), սխալ է մեկնաբանել օրենքին հետադարձ ուժ տալու ինստիտուտը։ Հայցվորի կողմից զինվորական ծառայությունից արձակվելու պահին գործող ՀՀ աշխատանքային օրենսգրքի 198-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ եթե գործատուի մեղքով աշխատավարձի վճարումը կատարվում է նույն օրենսգրքով, կոլեկտիվ պայմանագրով կամ կողմերի համաձայնությամբ սահմանված ժամկետի խախտումով, ապա գործատուն աշխատավարձի վճարման կետանցված յուրաքանչյուր օրվա համար աշխատողին վճարում է տուժանք՝ վճարման ենթակա աշխատավարձի 0,15 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան վճարման ենթակա գումարի չափը: Վերոնշյալ նորմում օրենսդիրն օգտագործում է «աշխատավարձ» եզրույթը, որը, ինչպես հետևում է ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված աշխատավարձի հասկացությունից և «Աշխատավարձի պաշտպանության մասին» կոնվենցիայի իմաստով «աշխատավարձ» եզրույթի բովանդակությունից՝ օրենքով, իրավական այլ ակտերով սահմանված կամ աշխատանքային պայմանագրով նախատեսված աշխատանքները կատարելու դիմաց հատուցումն է: Այսինքն, այդ նորմով սահմանված տուժանքը նպատակաուղղված է ապահովելու գործատուի կողմից աշխատավարձը ժամանակին վճարելու պարտականության կատարումը: Հետևաբար՝ զինվորական ծառայության ընթացքում չօգտագործված արձակուրդի օրերի համար փոխհատուցվող գումարների նկատմամբ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 198-րդ հոդվածի 1-ին մասը կիրառելի չէ և տվյալ մասով ևս հայցը ենթակա էր մերժման: Բացի այդ, առկա է իրավունքի զարգացման խնդիր այն հարցի կապակցությամբ, թե արդյո՞ք ՀՀ աշխատանքային օրենսգրքի 198-րդ հոդվածի 1-ին մասում օգտագործվող աշխատավարձ եզրույթը կարող է ներառել նաև չօգտագործված արձակուրդի դիմաց փոխհատուցումը, այն պարագայում, երբ այդ փոխհատուցման տրամադրման պարտավորությունը գործատուի վրա է դրվում նույն դատական ակտով: Վերոգրյալի հիման վրա՝ բողոքաբերը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 10.10.2025 թվականի որոշումը և այն փոփոխել` հայցը բողոքարկված ու չբեկանված, ինչպես նաև մասնակի բավարարված մասերով մերժել կամ գործն ուղարկել ՀՀ վարչական դատարան՝ ամբողջ ծավալով նոր քննության` սահմանելով նոր քննության ծավալը: 2.1. Վճռաբեկ բողոքի վերաբերյալ Տ․Տ-ի կողմից ներկայացված պատասխանի հիմքերը և հիմնավորումները. Պատասխան ներկայացրած անձը գտնում է, որ արձակուրդի օրերի հաշվարկը, դրանց դիմաց վճարման չափը և վերջնահաշվարկի պարտականությունը պետք է իրականացվեն ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված կանոններով՝ ելնելով աշխատանքային օրերով հաշվարկվող ժամանակահատվածից, քանի որ այն չի կարգավորվում հատուկ օրենքով։ Հետևաբար, պատասխանողի կողմից չտրամադրված արձակուրդի դիմաց փոխհատուցման և դրա նկատմամբ հաշվարկված տույժերի չվճարումը հանդիսանում է օրենքի խախտում, ինչը հիմնավորում է հայցի բավարարումը և պատասխանողին համապատասխան գործողություններ կատարելու պարտավորեցումը։ Խնդրել է վճռաբեկ բողոքը մերժել։ 3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը. Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը. 1) Նախարարության կադրային և ռազմակրթական քաղաքականության գլխավոր վարչության պետ, գնդապետ Հ. Ստեփանյանի կողմից տրված թիվ 707-/6/6/61 գրության համաձայն՝ Տ․Տ-ն 02.11.1996-08.07.2000 թվականներին սովորել և ավարտել է ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը, 07.08.2000-27.05.2005 թվականներին ծառայել է ՊՆ թիվ 20644, 27.05.2005-14.11.2016 թվականներին ծառայել է ՊՆ թիվ 24923 զորամասերում։ Միաժամանակ տրամադրվել է Տ․Տ-ի՝ ծառայության ընթացքում օգտագործված (չօգտագործված) արձակուրդների վերաբերյալ տեղեկատվությունը հատոր 1-ին, գ.թ. 87։ 2) Նախարարության կենտրոնական արխիվի պետի 17.09.2022 թվականի թիվ 1539 տեղեկանքի համաձայն՝ ՀՀ ՊՆ 20644 զորամասում 01.01.2003-27.05.2005թթ. ժամանակահատվածում Տ․Տ-ին 19.01.2004 թվականի թիվ 13 § 3 հրամանով 19.01.2004-29.01.2004 թվականները տրվել է արձակուրդ, 30.01.2004 թվականի թիվ 22 § 3 հրամանով 30.01.2024 թվականին վերադարձել է արձակուրդից։ ՀՀ ՊՆ 24923 զորամասում 27.05.2005-31.12.2011 թվականները ժամանակահատվածում 15.09.2005 թվականի թիվ 258 § 3 հրամանով 15.09.2005-14.10.2005 թվականներին տրվել է հերթական արձակուրդ, 26.09.2006 թվականի թիվ 267 § 4 հրամանով 27.09.2006-26.10.2006 թվականներին տրվել է հերթական արձակուրդ, 03.04.2007 թվականի թիվ 87 § 3 հրամանով 03.04.2007-05.04.2007 թվականները տրվել է հերթական արձակուրդ (3 օր), 22.11.2007 թվականի թիվ 320 § 8 հրամանով 20.11.2007-11.12.2007 թվականներին տրվել է հերթական արձակուրդ (20 օր), 14.06.2008 թվականի թիվ 166 § 4 հրամանով 14.06.2008 -14.07.2008 թվականնորին տրվել է հերթական արձակուրդ (30 օր), 09.10.2009 թվականի թիվ 282 § 3 հրամանով 01.10.2009-30.10.2009 թվականներին տրվել է հերթական արձակուրդ (30 օր), 10.11.2010 թվականի թիվ 314 § 8 հրամանով 10.11.2010 թվականին տրվել է հերթական արձակուրդ (30 օր), 10.12.2010 թվականի թիվ 344 § 5 հրամանով 10.12.2010 թվականին վերադարձել է արձակուրդից, 06.05.2011 թվականի թիվ 126 § 6 հրամանով 06.05.2011 թվականին տրվել է հերթական արձակուրդ (15 օր), 11.05.2011 թվականի թիվ 131 § 2 հրամանով 11.05.2011 թվականին հետ է կանչվել արձակուրդից։ 07.07.2011 թվականի թիվ 188 § 4 հրամանով տրվել է հերթական արձակուրդ (30 օր), 21.07.2011 թվականի թիվ 202 § 4 հրամանով հետ է կանչվել արձակուրդից հատոր 1-ին, գ.թ. 88-89։ 3) Նախարարության 24923 զորամասի հրամանատար, գնդապետ Ա. Վարդանյանի կողմից ՀՀ ՊՆ կադրային և ռազմակրթական քաղաքականության գլխավոր վարչության պետ գնդապետ Հ. Ստեփանյանին հասցեագրված 15.09.2022 թվականի թիվ 2243 գրությամբ ներկայացվել է ՀՀ ՊՆ 24923 զորամասի նախկին զինծառայող, պահեստազորի մայոր Տ․Տ-ի 2012 թվականից մինչև 2016 թվականն օգտագործած արձակուրդի վերաբերյալ տեղեկատվությունը, ինչպես նաև զեկուցվել է, որ 2005 թվականից մինչև 2012 թվականը հրամանագրքերը հանձնված են ՀՀ ՊՆ կենտրոնական արխիվ և չօգտագործված արձակուրդային օրերի դիմաց փոխհատուցում ստանալու վերաբերյալ տեղեկատվություն առկա չէ։ Ըստ նույն տեղեկանքի՝ 2012 թվականին օգտվել է 40 օր, 2013 թվականին չի օգտվել, 2014 թվականին օգտվել է 30 օր, 2015 թվականին օգտվել է 30 օր, 14.11.2016 թվականին օգտվել է 40 օր հատոր 1-ին, գ.թ. 90։ 4) Նախարարության 03.05.2023 թվականի թիվ 657 գրությանը կից ներկայացված տեղեկանքի համաձայն՝ Տ․Տ-ի պաշտոնային դրույքաչափը 2015 թվականի դեկտեմբերից մինչև 2016 թվականի հոկտեմբեր ամսվա դրույքաչափը կազմել է 292,339 ՀՀ դրամ, իսկ 2016 թվականի նոյեմբեր ամսվա դրությամբ եղել է 300.364 ՀՀ դրամ հատոր 1-ին, գ.թ. 98։ 5) Նախարարության թիվ 24923 զորամասի հրամանատարի կողմից Նախարարության իրավաբանական վարչության պետ Ս. Սիմոնյանին հասցեագրված 28.02.2023 թվականի թիվ 134 գրություն համաձայն՝ Տ․Տ-ի պաշտոնային դրույքաչափը կազմել է 292,339 ՀՀ դրամ և զբաղեցրած վերջին պաշտոնի խումբը 23 հատոր 1-ին, գ.թ. 86։ 6) Փաստաբան Լևոն Բաղդասարյանը Նախարարության գլխավոր քարտուղարին հասցեագրված 01.08.2022 թվականի գրությամբ հայցվել է վերջինիս հանձնարարականը՝ իրականացնելու վերջնահաշվարկ չտրամադրված արձակուրդի մասով և վճարել չտրամադրված արձակուրդի օրերի գումարը և ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված տույժերը: Միևնույն ժամանակ, խնդրել է տրամադրել իրականացված վերջնահաշվարկի արդյունքները՝ նշելով չօգտագործված արձակուրդի օրերի քանակը և դրանց դիմաց վճարված գումարի չափը հատոր 1-ին, գ.թ. 18-19, 57-60։ 7) ՀՀ պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղարի կողմից փաստաբան Լևոն Բաղդասարյանին հասցեագրված 08.08.2022 թվականի գրությամբ հայտնվել է, որ զինծառայողի արձակուրդների տրման և արձակուրդի ընթացքում հաշվարկվող վարձատրության վերաբերյալ օրենքով սահմանված կարգավորումները չեն հակասել ՀՀ աշխատանքային օրենսգրքի պահանջներին, չեն խախտել աշխատանքային իրավունքները, որի կապակցությամբ վերահաշվարկներ կատարելու, գումարային տարբերություններ և վնասի փոխհատուցումներ վճարելու իրավաչափ հիմքեր առկա չէ հատոր 1-ին, գ.թ. 20-21, 53-56։ 4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի իմաստով, այն է՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 198-րդ հոդվածի 1-ին մասի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր։ Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը․ արդյո՞ք զինվորական ծառայության ընթացքում չտրամադրված արձակուրդային վճարի նկատմամբ կիրառելի է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 198-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ վճարման կետանցված յուրաքանչյուր օրվա համար գործատուի կողմից աշխատողին տուժանք վճարելու կանոնը՝ վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումը։ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 23-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի աշխատանքի, աշխատանքի ազատ ընտրության, աշխատանքի արդար ու բարենպաստ պայմանների և գործազրկությունից պաշտպանվելու իրավունք: ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է: ՀՀ սահմանադրական դատարանը 02.04.2014 թվականի ՍԴՈ-1142 որոշմամբ նշել է, որ «սոցիալական» եզրույթը դիտարկվում է որպես պետության սոցիալական բնույթի բնութագրիչ (…) աշխատողի շահի դրսևորում (…)։ Բոլոր դեպքերում էականն այն է, որ իրեն նաև սոցիալական հռչակած պետությունը սահմանադրորեն որդեգրում է մարդկանց սոցիալական կյանքին առնչվող խնդիրների նկատմամբ հստակ դիրքորոշումներ։ ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններն են: Նշված սահմանադրական նորմը սահմանում է պետության պարտականությունները հիմնական իրավունքների ու ազատությունների առնչությամբ` նախատեսելով այդ պարտականությունների երկու դրսևորում: Ըստ այդ նորմի` հանրային իշխանությունը պարտավոր է մի կողմից՝ «հարգել», իսկ մյուս կողմից՝ «պաշտպանել» հիմնական իրավունքներն ու ազատությունները: «Հարգելը» պետության պասիվ վարքագիծն է՝ հիմնական իրավունքով պաշտպանված բարիքին միջամտելուց ձեռնպահ մնալու եղանակով։ Ի տարբերություն դրա՝ հիմնական իրավունքները «պաշտպանելը» պետության վրա դնում է պոզիտիվ գործողություններ ձեռնարկելու պարտականություն՝ ի շահ հիմնական իրավունքի կրողների (ֆիզիկական և իրավաբանական անձանց)։ Դրանով ՀՀ Սահմանադրությունն ամրագրում է հիմնական իրավունքներից բխող` պետության նեգատիվ և պոզիտիվ պարտականությունները: ՀՀ վճռաբեկ դատարանի բնորոշմամբ՝ պետության պոզիտիվ պարտականությունների հիմնական հատկանիշն այն է, որ դրանք գործնականում պահանջում են հանրային իշխանություններից ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ պաշտպանելու մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներն ու ազատությունները, մինչդեռ նեգատիվ պարտականությունները պահանջում են ձեռնպահ մնալ անհարկի միջամտությունից։ Ըստ այդմ՝ պետության նեգատիվ և պոզիտիվ պարտականությունների նպատակը ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների ու ազատությունների երաշխավորումն է պետության՝ մի դեպքում՝ ակտիվ, մյուս դեպքում՝ պասիվ դերակատարության միջոցով: Իր հերթին, պոզիտիվ պարտականության պատշաճ կատարումը ներառում է նյութական և ընթացակարգային բաղադրիչների առկայություն, որպիսի տարբերակման հիմքում ընկած չափանիշը պետության կողմից ակնկալվող գործողության էությունն է: Նյութական բաղադրիչը ենթադրում է հիմնական իրավունքների և ազատությունների լիարժեք ու արդյունավետ իրացման համար անհրաժեշտ կառուցակարգերի և ընթացակարգերի ամրագրում, իսկ ընթացակարգային բաղադրիչը պահանջում է հանրային իշխանության մարմինների կողմից այդ կառուցակարգերի և ընթացակարգերի պատշաճ կենսագործում: Օրենքով հիմնական իրավունքների ու ազատությունների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր երաշխավորելը սահմանադրաիրավական պահանջ է (ՀՀ Սահմանադրության 75-րդ հոդված): Նշված սահմանադրական նորմից բխում է, որ պետությունը, ի դեմս օրենսդիր ու գործադիր մարմինների, պետք է նախատեսի համապատասխան կառուցակարգեր և ընթացակարգեր, ձեռնարկի այլ անհրաժեշտ միջոցառումներ, որոնց օգնությամբ հիմնական իրավունքների կրողները կկարողանան իրականացնել իրենց իրավունքները։ Այն, թե ինչ տեսակի միջոցառումներ պետք է ձեռնարկեն հանրային իշխանության մարմինները՝ այս կամ այն իրավունքի պաշտպանության պարտականությունը կատարելու համար, կախված է կոնկրետ հիմնական իրավունքի բովանդակությունից (տե՛ս, Գագիկ Հայրապետյանն ընդդեմ ՀՀ կառավարության և Երևանի քաղաքապետարանի, թիվ ՎԴ/3346/05/19 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.10.2024 թվականի որոշումը): ՀՀ Սահմանադրության 82-րդ հոդվածը, որը նվիրված է աշխատանքային պայմաններին, որպես սոցիալական ոլորտի օրենսդրական երաշխիք՝ յուրաքանչյուր աշխատողի համար նախատեսել է, ի թիվս այլնի, ամենամյա վճարովի արձակուրդի իրավունք: Վերանայված Եվրոպական սոցիալական խարտիայի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ կողմերը ընդունում են, որպես իրենց քաղաքականության նպատակ, որը պետք է ձեռք բերվի բոլոր համապատասխան ազգային և միջազգային միջոցներով, այն պայմանները ձեռք բերելը, որոնք կնպաստեն հետևյալ իրավունքների և սկզբունքների արդյունավետ իրականացմանը՝ բոլոր աշխատողները ունեն աշխատանքի արդար պայմանների իրավունք։ Նույն խարտիայի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն՝ աշխատանքի արդար պայմանների իրավունքի արդյունավետ կիրառումը ապահովելու նպատակով Կողմերը պարտավորվում են՝ ապահովել տարեկան նվազագույնը չորսշաբաթյա վճարովի արձակուրդ։ ՀՀ սահմանադրական դատարանը 10․07․2018 թվականի ՍԴՈ-1424 որոշմամբ արձանագրել է, որ, ամենամյա արձակուրդի սահմանադրական իրավունքն ուղղված է ապահովելու անձի՝ հանգստանալու և աշխատունակությունը վերականգնելու անհրաժեշտությունը, ինչից ելնելով էլ իրավակարգավորումներն, որպես ընդհանուր կանոն, արգելում են ամենամյա արձակուրդի փոխարինումը դրամական հատուցմամբ: Միևնույն ժամանակ, ամենամյա արձակուրդից օգտվելն անձի իրավունքն է, իսկ արձակուրդի տրամադրման կարգի սահմանման պարտականությունը կրում է պետությունը: Նույնիսկ այն դեպքերում, երբ արձակուրդի տրամադրման կարգի խախտումը տեղի է ունենում աշխատողի համաձայնությամբ կամ միջնորդությամբ, չեն կարող բացառվել դեպքեր, երբ այդ իրավունքը չիրացնելու արդյունքում աշխատանքի կամ ծառայության ընթացքում կուտակվեն ամենամյա արձակուրդների չօգտագործված օրեր: Համադրելով վերոգրյալը՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ աշխատողի հանգստի իրավունքը հիմնարար իրավունք է, որը փոխկապակցված է մարդու արժանապատիվ աշխատանքային պայմանների, առողջության պահպանման և սոցիալական պաշտպանության սկզբունքների հետ։ Միջազգային իրավունքն աշխատողի հանգստի իրավունքը դիտարկում է որպես աշխատանքի արժանապատիվ պայմանների բաղադրիչ։ Պետությունն իր հերթին ունի պոզիտիվ պարտավորություն ապահովելու աշխատողի հանգստի իրավունքը, որն էլ հանդիսանում է աշխատողի և գործատուի շահերի միջև աշխատանքային իրավունքի հավասարակշռող գործիք։ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի բովանդակային վերլուծությունից հետևում է, որ հանգստի իրավունքի խախտման դեպքում այն պետք է վերականգնվի կամ հատուցվի։ Այդ համատեքստում առաջանում է գործատուի պարտականությունը՝ վճարել համապատասխան գումարային փոխհատուցում չտրամադրված արձակուրդի համար։ Այսպես․ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 7-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ հանրային պաշտոններ և հանրային ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի աշխատողների աշխատանքային (ծառայողական) հարաբերությունները կարգավորվում են նույն օրենսգրքով, եթե համապատասխան օրենքներով այլ բան նախատեսված չէ: Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նույն օրենքի գործողությունը տարածվում է հանրային իշխանության մարմինների վրա, ինչպես նաև հանրային պաշտոններ և հանրային ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վրա: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հանրային ծառայության առանձին տեսակների կազմակերպման և գործունեության առանձնահատկությունները սահմանվում են համապատասխան օրենքներով: «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հանրային ծառայությունը հանրային իշխանության մարմիններին Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով վերապահված լիազորությունների իրականացումն է, որն ընդգրկում է պետական ծառայությունը, համայնքային ծառայությունը և հանրային պաշտոնները։ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 3-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ պետական ծառայությունն ընդգրկում է …, զինվորական ծառայությունը (բացառությամբ օրենքով սահմանված պարտադիր զինվորական ծառայության զորակոչի միջոցով իրականացվող շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության), (...): «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ զինվորական ծառայությունը Հայաստանի Հանրապետության զինված ուժերում և այլ զորքերում օրենքով սահմանված պետական ծառայության տեսակ է: (...)։ Վերոգրյալ իրավանորմերի համալիր վերլուծությունից հետևում է, որ զինվորական ծառայությունը, բացառությամբ օրենքով սահմանված դեպքի, հանդիսանում է պետական ծառայության, հետևաբար՝ հանրային ծառայության բաղկացուցիչ մաս։ Նշվածից հետևում է, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքը հանդիսանում է այն համապատասխան՝ Lex Specialis օրենքը, որի մասին օրենսդիրն ամրագրել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 7-րդ հոդվածի 7-րդ մասում և «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասում՝ միաժամանակ սահմանելով պետական ծառայության այս տեսակի առանձնահատկությունները։ Ըստ այդմ, օրենսդրի տրամաբանությունից հետևում է նաև, որ ՀՀ աշխատանքային օրենսգիրքը հանրային (այդ թվում՝ զինվորական) ծառայության ոլորտում ծագած իրավահարաբերությունների համար ունի սուբսիդիար (լրացնող) նշանակություն՝ դրանց նկատմամբ կիրառելի լինելով միայն այն դեպքում, երբ հատուկ օրենքով տվյալ հարաբերությունը կարգավորված չէ։ 30.11.1998 թվականին ուժի մեջ մտած և մինչև 16.12.2017 թվականը գործող «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 16-րդ մասի համաձայն՝ զինվորական ծառայությունից արձակվող և ոչ ավելի, քան երկու տարվա (զինվորական ծառայությունից արձակվելու և դրան նախորդող տարում) հերթական արձակուրդից չօգտված (կամ մասամբ օգտված) զինծառայողներին չօգտագործված արձակուրդի օրերի դիմաց տրվում է փոխհատուցում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափով: «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 61-րդ հոդվածի 16-րդ մասի համաձայն՝ զինվորական ծառայությունից արձակվող և զինվորական ծառայության ընթացքում չօգտագործված արձակուրդ ունեցող զինծառայողներին տրվում է փոխհատուցում՝ ոչ ավելի, քան զինվորական ծառայությունից արձակվելու և դրան նախորդող երկու տարվա չօգտագործված արձակուրդի օրերի դիմաց՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափով: Նույն մասում նշված դեպքում չօգտագործված արձակուրդի օրերի հաշվարկում չեն ներառվում զինծառայողի՝ նույն օրենքի համաձայն՝ զինվորական ծառայության ընդհանուր ժամկետում չներառվող ժամանակահատվածների օրերը: ՀՀ սահմանադրական դատարանը, 10.07.2018 թվականի թիվ ՍԴՈ-1424 որոշմամբ անդրադառնալով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 61-րդ հոդվածի 16-րդ մասի սահմանադրականության հարցին, արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումները. «(...) զինվորական ծառայության ընթացքում ամենամյա արձակուրդի չօգտագործված օրերի դիմաց փոխհատուցում նախատեսող իրավակարգավորման ապահովումը Սահմանադրությամբ, ինչպես նաև միջազգային իրավական փաստաթղթերով սահմանված՝ պետության պոզիտիվ պարտականությունն է: (...) Զինվորական ծառայությունը, ի թիվս այլնի, համարվում է պետական ծառայության տեսակ, որտեղ գործող հարաբերություններն Օրենսգրքի 7-րդ հոդվածի 7-րդ մասի ուժով կարող են կարգավորվել Օրենսգրքով միայն այն դեպքում, երբ համապատասխան օրենքներով այլ բան նախատեսված չէ: Մինչդեռ, Օրենքի 61-րդ հոդվածի 16-րդ մասով այլ բան է նախատեսվում, քան այն նախատեսված է Օրենսգրքով: Մասնավորապես, ի տարբերություն Օրենսգրքի 170-րդ հոդվածի, որը թույլատրում է աշխատանքից ազատվելիս հատուցում ստանալ չօգտագործված արձակուրդների համար առանց ժամկետային սահմանափակման, Օրենքը նախատեսել է հատուցում ստանալու իրավունք միայն զինվորական ծառայությունից արձակվելու և դրան նախորդող երկու տարվա չօգտագործված արձակուրդի օրերի դիմաց, իսկ Օրենքի 72-րդ հոդվածով հստակեցվում է զինծառայողների և զինծառայողներին հավասարեցված անձանց շրջանակը, որոնց վրա տարածվում է դիտարկվող սոցիալական երաշխիքը: Դրանք են՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ոստիկանության, ազգային անվտանգության հանրապետական գործադիր մարմինների համակարգերում համապատասխան ծառայության մեջ գտնվող անձինք, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայողները: Ի տարբերություն այլ աշխատողների՝ Օրենքի 72-րդ հոդվածով նախատեսված զինծառայողների և զինծառայողներին հավասարեցված անձանց համար նույն սոցիալական երաշխիքը նախատեսվել է ավելի փոքր ծավալով: Եվ դա նախատեսվել է Օրենսգրքի 7-րդ հոդվածի 7-րդ մասին համահունչ: Այլ է խնդիրը, թե արդյոք օրենսդիրն իրավասու էր աշխատանքային բնույթի հարաբերությունների մեջ գտնվող բոլոր անձանց համար նախատեսված սոցիալական երաշխիքը որոշ կատեգորիայի ծառայողների համար սահմանել այլ ծավալով: (...) արձակուրդի իրավունքը համապարփակ իրավունք է և տարածվում է ինչպես հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների, այնպես էլ մասնավոր անձանց վրա, որոնք գտնվում են աշխատանքային հարաբերությունների մեջ: Զինծառայողները թե՛ հանրային ծառայողներ են, թե՛ նաև լայն իմաստով՝ աշխատանք կատարող անձինք, որոնց արձակուրդի և հանգստի իրավունքը չի կարող չերաշխավորվել օրենքով: Թեև Սահմանադրության 82-րդ հոդվածի համաձայն՝ օրենսդրին է վերապահված ամենամյա վճարովի արձակուրդի իրավունքի բովանդակությունը որոշակիացնելու լիազորությունը, այդուհանդերձ, Սահմանադրությունը, ի թիվս այլնի, նախ՝ բացառում է ընդհանրապես այս իրավունքի չերաշխավորելը օրենքով, ինչպես նաև խտրական մոտեցումն այն երաշխավորելիս: Սահմանադրական դատարանը փաստում է, որ Օրենքը երաշխավորում է այս իրավունքը նաև զինծառայողների համար, բայց սահմանում է դրա պաշտպանության ավելի նեղ ծավալ՝ չսահմանելով և չհիմնավորելով այն չափանիշները, որոնցով հնարավոր կլիներ իրավաչափ տարբերակում դնել, մի կողմից՝ զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց, մյուս կողմից՝ այլ պետական ծառայողների միջև: Այդ առումով, Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ չօգտագործված արձակուրդների օրերի դիմաց փոխհատուցում ստանալու միասնական իրավակարգավորումների ապահովումն օրենսդրի իրավասության շրջանակներում է: Վերոգրյալից ելնելով՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում տարբերակումը չունի օբյեկտիվ բնույթ, հիմնավորված չէ և չի հետապնդում իրավաչափ նպատակ»: ՀՀ սահմանադրական դատարանը թիվ ՍԴՈ-1424 որոշման եզրափակիչ մասի 1-ին կետով որոշել է. ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 61-րդ հոդվածի 16-րդ մասը՝ զինծառայողի՝ չօգտագործված արձակուրդի օրերի դիմաց փոխհատուցում ստանալու հնարավորությունը զինվորական ծառայությունից արձակվելու և դրան նախորդող երկու տարվա ժամանակահատվածով սահմանափակելու մասով, ճանաչել Սահմանադրության 29, 60, 73-րդ և 82-րդ հոդվածներին հակասող և անվավեր»: ՀՀ սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներում սկզբունքային անդրադարձ է կատարել իր կողմից արտահայտած իրավական դիրքորոշումների էության, բովանդակության, դրանց իրավաբանական ուժի ու դերի հարցերին: Մասնավորապես, ՀՀ սահմանադրական դատարանը 25.02.2011 թվականի թիվ ՍԴՈ-943 որոշմամբ արձանագրել է, որ. «Սահմանադրական դատարանի որոշումները պետք է ընկալվեն նաև իրենց կառուցվածքային ամբողջության մեջ (նախաբան, նկարագրական-պատճառաբանական և եզրափակիչ մասեր)՝ ապահովելու այդ որոշումներով առաջադրված իրավակարգավորման բովանդակության, սկզբունքների ու առանձնահատկությունների, ինչպես նաև դրանցից բխող օբյեկտիվ և սուբյեկտիվ վարքագծի կանոնների իրացման հստակությունը: Այդ խնդրի իրագործմանն են միտված հատկապես Սահմանադրական դատարանի որոշումների նկարագրական-պատճառաբանական մասում արտահայտված իրավական դիրքորոշումները, որոնցում, որպես կանոն, բովանդակվում են սահմանադրական դատարանին հասցեագրված դիմումների առարկայի (բարձրացված հարցերի, սահմանադրաիրավական վեճերի) իրավավերլուծության արդյունքում դատարանի կողմից արված և որոշման եզրափակիչ մասի հիմքում դրված եզրահանգումները, որոնց էության և բովանդակության անտեսման դեպքում չի կարող երաշխավորվել դատարանի որոշման կատարումը»: ՀՀ սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումների էության և բովանդակության հարցերի վերաբերյալ վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով ՀՀ սահմանադրական դատարանի 10.07.2018 թվականի թիվ ՍԴՈ-1424 որոշմանը՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի բովանդակային ամբողջականությունը վկայում է, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 61-րդ հոդվածի 16-րդ մասը ՀՀ Սահմանադրության վերը նշված նորմերին հակասող և անվավեր է ճանաչվել միայն չօգտագործված արձակուրդի դիմաց փոխհատուցում սահմանելու հնարավորության ժամկետային սահմանափակման մասով: ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ ՀՀ սահմանադրական դատարանի թիվ ՍԴՈ-1424 որոշման ուժի մեջ մտնելու պահից «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 61-րդ հոդվածի 16-րդ մասի՝ չօգտագործված արձակուրդի դիմաց փոխհատուցում սահմանելու հնարավորության ժամկետային սահմանափակման մասով կարգավորման իրավական գործողությունը դադարել է և չօգտագործված արձակուրդի դիմաց փոխհատուցման հնարավորությունը կարգավորող իրավական նորմը գործում է առանց որոշակի ժամկետով սահմանափակող դրույթի: Հետևաբար՝ ՀՀ սահմանադրական դատարանի թիվ ՍԴՈ-1424 որոշման ուժով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 61-րդ հոդվածի 16-րդ մասը զինծառայողների համար երաշխավորում է չօգտագործված արձակուրդի դիմաց փոխհատուցում ստանալու իրավունքը՝ առանց որևէ ժամկետային սահմանափակման: Ամփոփելով վերոգրյալը և իրացնելով ՀՀ Սահմանադրության 171-րդ հոդվածում ամրագրված օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունն ապահովելու ՀՀ վճռաբեկ դատարանի առաքելությունը և այդ առումով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 7-րդ հոդվածի 7-րդ մասի կապակցությամբ իրավունքի զարգացումն ապահովելու անհրաժեշտությունից ելնելով՝ ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարել արձանագրել, որ իրավակիրառ պրակտիկան պետք է զարգանա այն ուղղությամբ, որ հանրային պաշտոններ և հանրային ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց աշխատանքային (ծառայողական) հարաբերությունների նկատմամբ վկայակոչված իրավանորմը կարող է կիրառելի լինել միայն այն պարագայում, երբ հանրային պաշտոններ և հանրային ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց աշխատանքային (ծառայողական) հարաբերություններին առնչվող կոնկրետ հարցերը կարգավորված չեն տվյալ ծառայության առանձնահատկությունները կարգավորող հատուկ օրենքներով։ Այլ կերպ ասած, եթե հանրային պաշտոններ և հանրային ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց աշխատանքային (ծառայողական) հարաբերությունները կարգավորված չեն տվյալ ծառայության առանձնահատկությունները կարգավորող հատուկ օրենքներով, ապա այդ հարաբերությունների նկատմամբ պետք է կիրառվի ՀՀ աշխատանքային օրենսգրքի 7-րդ հոդվածի 7-րդ մասը (տե՛ս, Մանվել Գաբրիելյանն ընդդեմ ՀՀ պաշտպանության նախարարության, երրորդ անձ ՀՀ ֆինանսների նախարարություն, թիվ ՎԴ2/0045/05/19 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.05.2023 թվականի որոշումը)։ Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ զինվորական ծառայության ընթացքում ամենամյա արձակուրդի չօգտագործված օրերի դիմաց փոխհատուցում ստանալու զինվորական ծառայողի իրավունքի վերաբերյալ ՀՀ սահմանադրական դատարանի և ՀՀ վճռաբեկ դատարանի դիրքորոշումը հստակ է՝ զինվորական ծառայության ընթացքում ամենամյա արձակուրդի չօգտագործված օրերի դիմաց փոխհատուցում նախատեսող իրավակարգավորման ապահովումը ՀՀ Սահմանադրությամբ, ինչպես նաև միջազգային իրավական փաստաթղթերով սահմանված պետության պոզիտիվ պարտականությունն է: Տվյալ դեպքում, սակայն, վիճելի է այն հարցը, թե զինվորական ծառայության ընթացքում չտրամադրված արձակուրդային վճարի նկատմամբ արդյո՞ք կիրառելի է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 198-րդ հոդվածի 1-ին մասը։ Այսպես, իրավահարաբերության ծագման պահին՝ մինչև 31.07.2023 թվականը գործող խմբագրությամբ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 198-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ եթե գործատուի մեղքով աշխատավարձի վճարումը կատարվում է նույն օրենսգրքով, կոլեկտիվ պայմանագրով կամ կողմերի համաձայնությամբ սահմանված ժամկետների խախտումով, ապա գործատուն աշխատավարձի վճարման կետանցված յուրաքանչյուր օրվա համար աշխատողին վճարում է տուժանք՝ վճարման ենթակա աշխատավարձի 0,15 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան վճարման ենթակա գումարի չափը: ՀՀ աշխատանքային օրենսգրքի 198-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված նորմը մեկնաբանելով նորմատիվ իրավական ակտի նորմի մեկնաբանման վերոգրյալ կանոններին համապատասխան՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ նախ, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 198-րդ հոդվածն ընդգրկված է ՀՀ աշխատանքային օրենսգրքի «Աշխատավարձ» վերտառությամբ 19-րդ գլխում, որով կարգավորվում են աշխատանքները կատարելու դիմաց աշխատողին վճարվող հատուցման՝ աշխատավարձի սահմանումը, աշխատանքի վարձատրության կազմակերպումը տարբեր պայմաններում, աշխատավարձի վճարման ժամկետները և կարգը, աշխատավարձի ժամկետանց վճարման հետևանքները և այլն, այսինքն՝ նշված գլխի նորմերը կարգավորում են կատարված աշխատանքի դիմաց աշխատողին վարձատրելու իրավահարաբերությունները: ․․․ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 198-րդ հոդվածով սահմանված նորմը նպատակաուղղված է տուժանքով ապահովելու գործատուի կողմից աշխատավարձը ժամանակին վճարելու պարտականության կատարումը, այսինքն՝ եթե գործատուն այդ պարտականությունը չի կատարում, նրա համար ակնհայտ է, որ խախտում է աշխատանքի դիմաց վարձատրելու օրենքով սահմանված իր նվազագույն պարտականությունները, այն է՝ ակնհայտ առկա է լինում գործատուի մեղքը: (...) (տե՛ս, Ռադիկ Սարուխանյանն ընդդեմ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի թիվ ԵԿԴ/0521/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 09.11.2020 թվականի որոշումը)։ ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքով, ընդհանուր առմամբ, կարգավորվում են Հայաստանի Հանրապետության տարածքում ծագած աշխատանքային հարաբերությունները, բացառությամբ, երբ հատուկ օրենքով «այլ բան նախատեսված չէ»։ Այսինքն, ինչպես արդեն նախկինում արձանագրվել է, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 7-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված կանոնը տարածվում է հանրային պաշտոններ և հանրային ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց նկատմամբ միայն այն պարագայում, երբ նշված պաշտոնները զբաղեցնող անձանց աշխատանքային (ծառայողական) հարաբերությունները կարգավորված չեն տվյալ ծառայության առանձնահատկությունները կարգավորող համապատասխան հատուկ օրենքներով։ Տվյալ դեպքում, զինծառայողների վարձատրության և դրան հավասարեցված վճարների, այդ թվում՝ արձակուրդային վճարների փոխհատուցման հարաբերությունները ևս կարգավորվում են հատուկ օրենքով, ուստի, նշվածի հաշվառմամբ, նման իրավահարաբերությունների նկատմամբ աշխատանքային օրենսդրության դրույթները կիրառելի չեն։ Ըստ այդմ, նկատի ունենալով, որ զինվորական ծառայություն իրականացնող անձանց աշխատանքային կամ ծառայողական հարաբերություններին առնչվող կոնկրետ հարցերը կարգավորվում են տվյալ ծառայության առանձնահատկությունները սահմանող հատուկ՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով, ուստի ՀՀ աշխատանքային օրենսգրքի 198-րդ հոդվածը նշված իրավահարաբերությունների նկատմամբ ևս կիրառելի չէ։ Նշվածը հիմնավորվում է նրանով, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 198-րդ հոդվածը, որն ընդհանուր աշխատանքային հարաբերությունները կարգավորող օրենսդրության մաս է, կարգավորվում է գործատուի մեղքով աշխատողին վճարման ենթակա աշխատավարձի և/կամ այլ գումարների՝ օրենքով սահմանված ժամկետի խախտմամբ վճարման արդյունքում ծագած իրավահարաբերությունները, մինչդեռ, ինչպես նշվեց, զինվորական ծառայությունն իր բնույթով հանրային-իրավական ծառայողական հարաբերություն է, որի ընթացքում ծագած ծառայողական իրավահարաբերությունների նկատմամբ տարածվում են այդ ոլորտը կարգավորող հատուկ օրենքի դրույթները։ Այսպիսով, ՀՀ վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ օրենսդիրը հստակեցրել է, որ հանրային-իրավական ծառայողական հարաբերությունների նկատմամբ կիրառելի է հատուկ օրենքը, տվյալ դեպքում՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքը: Միաժամանակ, նկատի ունենալով, որ Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքը կարգավորում է զինծառայողների դրամական ապահովության կամ այլ կերպ ծառայության համար սահմանված գումարների վճարման իրավահարաբերությունը՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 198-րդ հոդվածով ամրագրված տուժանքի նորմի դրույթը չի կարող տարածվել քննարկվող իրավահարաբերության նկատմամբ։ Ըստ այդմ, զինծառայողների կողմից ներկայացված տուժանքի բռնագանձման պահանջները քննելիս պետք է առաջնորդվել սույն որոշմամբ տրված մեկնաբանությամբ (տե՛ս, Արսեն Վարդանյանն ընդդեմ ՀՀ պաշտպանության նախարարության, երրորդ անձ ՀՀ ֆինանսների նախարարություն, թիվ ՎԴ/6075/05/22 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.05.2026 թվականի որոշումը)։ Վերոնշյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ․ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարչական գործով Տ․Տ-ն պահանջել է պարտավորեցնել Նախարարությանը վճարել 6.023.500 ՀՀ դրամ՝ որպես չտրամադրված արձակուրդի (4.853.220 ՀՀ դրամ) և տրամադրված արձակուրդում ներառված ոչ աշխատանքային օրերի արդյունքում իր համար առաջացած և չտրամադրված արձակուրդի օրերի համար դրամական հատուցում (1.170.280 ՀՀ դրամ), և որպես հետևանքների վերացման ածանցյալ պահանջ՝ վճարել 6.023.500 ՀՀ դրամ՝ որպես չտրամադրված արձակուրդի (4.853.220 ՀՀ դրամ) և տրամադրված արձակուրդում ներառված ոչ աշխատանքային օրերի արդյունքում Տ․Տ-ի համար առաջացած և չտրամադրված արձակուրդի օրերի համար չտրամադրված արձակուրդային վճարի (1.170.280 ՀՀ դրամ) նկատմամբ հաշվարկված տույժերը։ Դատարանի 03.07.2024 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն՝ այն պատճառաբանությամբ, որ «(…) Դատարանը եզրահանգում է, որ հայցվորին չտրամադրված 154 օր արձակուրդին պետք է գումարել նաև 50 շաբաթ և կիրակի օրերը, որոնք ներառվել են տրամադրված արձակուրդի օրերում, թեև վերը նշված պատճառաբանությամբ չպետք է ներառվեին, հետևաբար՝ հայցվորի չօգտագործված արձակուրդի օրերի քանակը համապատասխանաբար ավելանում է 50 օրով։ Դատարանն արձանագրում է, որ 14.11.2016թ. ծառայությունից ազատվելու պահին Տ․Տ-ն ունեցել է 204 չօգտագործված արձակուրդի օր։ Այդ օրերի դիմաց հատուցման չափը ենթակա է հաշվարկման հետևյալ կարգով՝ 300.364/30x204=2.042.475,2 ՀՀ դրամ։ (…): Անդրադառնալով հետևանքների վերացման ածանցյալ պահանջի շրջանակներում ներկայացված՝ չտրամադրված արձակուրդի և տրամադրված արձակուրդում ներառված ոչ աշխատանքային օրերի արդյունքում Տ․Տ-ի համար առաջացած և չտրամադրված արձակուրդի օրերի համար չտրամադրված արձակուրդային վճարի նկատմամբ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 198-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված տույժերի հաշվարկմանը՝ Դատարանն արձանագրում է հետևյալը։ (…): Դատարանի գնահատմամբ նշված նորմը տվյալ դեպքում կիրառելի չէ, քանի որ հայցվորի պահանջը վերաբերում է չտրամադրված արձակուրդի դիմաց չվճարված փոխհատուցմանը, մինչդեռ նշված կարգավորումը վերաբերում է բացառապես գործատուի կողմից աշխատավարձի չվճարմանը, հետևաբար՝ տույժ վճարելու պարտականությունը կարող է ծագել միայն աշխատավարձը սահմանված ժամկետից ուշ վճարելու դեպքում։ (…): Վերը նշված իրավական նորմերի և գործում առկա ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ Դատարանը եզրահանգում է, որ հայցը ենթակա է մասնակի բավարարման՝ 204 չօգտագործված արձակուրդի օրերի դիմաց հայցվորը պետք է ստանա հատուցում, այդ թվում՝ 2010թ. հետո տրամադրված արձակուրդում ներառված շաբաթ և կիրակի օրերը, սակայն հատուցման չափը պետք է հաշվարկվի ոչ թե միջին աշխատավարձով, այլ զինծառայողի զբաղեցրած վերջին պաշտոնի խմբին համապատասխան սահմանված պաշտոնային դրույքաչափը 30-ի բաժանելու և չօգտագործված արձակուրդի օրերի թվով բազմապատկելու միջոցով։ Չտրամադրված արձակուրդի օրերի համար չտրամադրված արձակուրդային վճարի նկատմամբ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 198-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված տույժերի վճարման պահանջի մասով հայցը ենթակա է մերժման»: Վերաքննիչ դատարանի 10.10.2025 թվականի որոշմամբ Նախարարության և Տ․Տ-ի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքները բավարարվել են մասնակի՝ այն պատճառաբանությամբ, որ «… Վերաքննիչ դատարանը գալիս է այն եզրահանգման, որ ներկայումս զորացրված զինծառայողների չօգտագործված ամենամյա արձակուրդի դիմաց դրամական հատուցման վերաբերյալ հատուկ կարգավորման բացակայության պայմաններում գործում են ՀՀ աշխատանքային օրենսգրքով նախատեսված համապատասխան իրավակարգավորումները: Մասնավորապես, նշված բացը լրացվում է ՀՀ աշխատանքային օրենսգրքի «Չօգտագործված ամենամյա արձակուրդի համար դրամական հատուցումը» վերտառությամբ 170-րդ հոդվածով սահմանված դրույթների կիրառմամբ՝ որպիսի հոդվածի համաձայն՝ ամենամյա արձակուրդի փոխարինումը դրամական հատուցմամբ չի թույլատրվում: Եթե աշխատանքային պայմանագրի լուծման հետևանքով ամենամյա արձակուրդի իրավունք ձեռք բերած աշխատողին չի կարող տրամադրվել ամենամյա արձակուրդ, կամ աշխատողը չի ցանկանում դրա տրամադրումը, ապա նրան վճարվում է դրամական հատուցում: (…): Այսպիսով, հիմք ընդունելով վերը նշվածը, ինչպես նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայցվորի չօգտագործված արձակուրդի օրերի քանակը կազմում է 152 օր (ինչպես վերը նշվեց դրամական հատուցում տրամադրելիս ենթակա է հաշվարկման 152.8 արձակուրդային օրվա հաշվարկով), ուստի Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ նշած օրերի համար փոխհատուցումը ենթակա է հաշվարկման հետևյալ կերպ՝ Հայցվորի զբաղեցրած վերջին պաշտոնի խմբին համապատասխան սահմանված պաշտոնային դրույքաչափը՝ 300.364 (հիմք ՀՀ ՊՆ թիվ 24923 զորամասի հրամանատարի տեղեկանք) 30-ի բաժանելու և չօգտագործված արձակուրդի օրերի թվով՝ 152.8-ով բազմապատկելու միջոցով: Վերոգրյալի հիման վրա Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Հայցվորին չտրամադրված (չօգտագործված) արձակուրդի օրերի համար փոխհատուցման ենթակա չափը կկազմի 1.529.854 ՀՀ դրամ (300.364 ՀՀ դրամ/30x152.8 օր): Ամբողջ վերոգրյալի հիման վրա Վերաքննիչ դատարանը գտնում է, որ հայցը՝ չտրամադրված արձակուրդի արդյունքում Հայցվորին 4.853.220 ՀՀ դրամ վճարելուն պարտավորեցնելու պահանջի մասով, ենթակա է մասնակի բավարարման` 1.529.854 ՀՀ դրամ չափով, իսկ 3.323.366 ՀՀ դրամի մասով (4.853.220 ՀՀ դրամ - 1.529.854 ՀՀ դրամ) հայցը ենթակա է մերժման:»։ Նման պայմաններում Վերաքննիչ դատարանը եզրակացնում է, առկա են բավարար պայմաններ, որպեսզի պատասխանողին պարտավորեցվի Տ․Տ-ին վճարել չտրամադրված արձակուրդի համար վճարվող դրամական հատուցման՝ 1.529.854 ՀՀ դրամի վրա հաշվարկված տուժանքը՝ օրական 0,15 տոկոսի չափով, սկսած 15.11.2016 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը, սակայն ոչ ավել, քան վճարման ենթակա գումարի չափը, որը կազմում է 1.529.854 ՀՀ դրամ։ Ամբողջ վերոգրյալի հիման վրա Վերաքննիչ դատարանը գտնում է, որ հայցվորի ածանցյալ պահանջը` չտրամադրված արձակուրդի օրերի նկատմամբ հաշվարկված տույժերը՝ 6.023.500 ՀՀ դրամ վճարելուն պարտավորեցնելու պահանջների մասով, նույնպես ենթակա է մասնակի բավարարման՝ 1.529.854 ՀՀ դրամի չափով, իսկ նկատի ունենալով, որ Հայցվորի հայցը՝ տրամադրված արձակուրդում ներառված ոչ աշխատանքային օրերի արդյունքում Տ․Տ-ի համար առաջացած և չտրամադրված արձակուրդի օրերի համար դրամական հատուցում 1.170.280 ՀՀ դրամ վճարելուն պարտավորեցնելու պահանջի մասով, ենթակա է մերժման, ուստիև ենթակա է մերժման նաև նշված գումարի նկատմամբ տույժերը վճարելուն պարտավորեցնելու ածանցյալ պահանջը՝ 3.323.366 ՀՀ դրամի մասով (4.853.220 ՀՀ դրամ - 1.529.854 ՀՀ դրամ)։ Հիմք ընդունելով վերոգրյալ վերլուծություններն ու հիմնավորումները, նման պայմաններում Վերաքննիչ դատարանն ոչ իրավաչափ է համարում Դատարանի եզրահանգումն առ այն, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 198-րդ հոդվածի 1-ի մասը տվյալ դեպքում կիրառելի չէ։ Ավելին, հիմք ընդունելով վերը նշված իրավանորմերն ու դրանց հիման վրա կատարված եզրահանգումները` Վերաքննիչ դատարանը ոչ իրավաչափ է համարում Դատարանի կողմից վճռի մի մասով կատարված եզրահանգումներն առ այն, որ հայցը՝ Տ․Տ-ին 2.042.475,2 ՀՀ դրամ որպես չտրամադրված արձակուրդի և տրամադրված արձակուրդում ներառված ոչ աշխատանքային օրերի արդյունքում Տ․Տ-ի համար առաջացած և չտրամադրված արձակուրդի օրերի համար դրամական հատուցում ՀՀ պաշտպանության նախարարությանը վճարելուն պարտավորեցնելու պահանջների մասով, ենթակա է բավարարման, իսկ ածանցյալ պահանջի, այն է՝ չտրամադրված արձակուրդային վճարի նկատմամբ հաշվարկված տույժերը՝ 1.529.854 ՀՀ դրամի չափով վճարելուն պարտավորեցնելու պահանջների մասով, ենթակա է մերժման, ուստիև նման պայմաններում Վերաքննիչ դատարանը գտնում է, որ բողոքաբերների կողմից ներկայացված վերաքննիչ բողոքները ենթակա են մասնակի բավարարման, իսկ ՀՀ վարչական դատարանի կողմից սույն վարչական գործի շրջանակներում 03.07.2024 թվականին կայացված վճիռը՝ ՀՀ պաշտպանության նախարարությանը Տ․Տ-ին 2.042.475,2 ՀՀ դրամ որպես չտրամադրված արձակուրդի և տրամադրված արձակուրդում ներառված ոչ աշխատանքային օրերի արդյունքում Տ․Տ-ի համար առաջացած և չտրամադրված արձակուրդի օրերի համար դրամական հատուցում վճարելուն պարտավորեցնելու պահանջը բավարարելու և չտրամադրված արձակուրդի օրերի նկատմամբ հաշվարկված տույժերը՝ 1.529.854 ՀՀ դրամի չափով վճարելուն պարտավորեցնելու ածանցյալ պահանջը մերժելու մասով, բեկանման»: Համադրելով գործի փաստերը և գնահատելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 198-րդ հոդվածով նախատեսված տուժանքի բռնագանձման մասին հայցվորի պահանջի մասին Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ. Այսպես, դիմելով դատարան՝ Տ․Տ-ն պահանջել է պարտավորեցնել Նախարարությանն իրեն վճարել չտրամադրված արձակուրդի և տրամադրված արձակուրդում ներառված ոչ աշխատանքային օրերի արդյունքում իր համար առաջացած և չտրամադրված արձակուրդի օրերի համար դրամական հատուցում և, որպես հետևանքների վերացման ածանցյալ պահանջ՝ պարտավորեցնել Նախարարությանն իրեն վճարել չտրամադրված արձակուրդի և տրամադրված արձակուրդում ներառված ոչ աշխատանքային օրերի արդյունքում իր համար առաջացած ու չտրամադրված արձակուրդի օրերի համար չտրամադրված արձակուրդային վճարի նկատմամբ հաշվարկված տույժ։ Նման պայմաններում, հաշվի առնելով այն համանգամանքը, որ զինվորական ծառայության ընթացքում ծագած աշխատանքային ծառայողական հարաբերությունների նկատմամբ կիրառելի է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքը, որը նշված ոլորտը կարգավորող հատուկ՝ Lex Specialis օրենք է, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քննարկվող իրավահարաբերության նկատմամբ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 198-րդ հոդվածը կիրառելի չէ, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից։ Նշված պատճառաբանություններով հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները: Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 151-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար: Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը մասնակիորեն փոփոխելու և Դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ. «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի վերոգրյալ հոդվածով ամրագրված` անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է: Դատական ակտին օրինական ուժ տալիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը: 5․ Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից։ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար (...)։ Հաշվի առնելով, որ Տ․Տ-ն, հայցադիմումը դատարան ներկայացնելու պահին «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի ուժով ազատված է սույն գործով դատարան դիմելու համար սահմանված պետական տուրքի վճարման պարտավորությունից, նրա կողմից ներկայացված հայցը ենթակա է մասնակի բավարարման, որպիսի պայմաններում սույն գործով վճռաբեկ բողոք ներկայացնելու համար Նախարարության կողմից վճարված օրենքով սահմանված չափով պետական տուրքի փոխհատուցման պարտականությունը չի կարող դրվել Տ․Տ-ի վրա, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պետական տուրքի հարցը պետք է համարել լուծված։ Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պետական տուրքից բացի, այլ դատական ծախս կատարված լինելու վերաբերյալ որևէ ապացույց գործում առկա չէ։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը Ո Ր Ո Շ Ե Ց 1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 10.10.2025 թվականի որոշումը՝ Տ․Տ-ի վերաքննիչ բողոքը մասնակիորեն բավարարելու մասով, բեկանել և օրինական ուժ տալ ՀՀ վարչական դատարանի 03.07.2024 թվականի վճռին: ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 10.10.2025 թվականի որոշումը մնացած մասով թողնել անփոփոխ։ 2. Դատական ծախսերի բաշխման հարցը համարել լուծված։ 3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ: Նախագահող Զեկուցող Հ. ԲԵԴԵՎՅԱՆ Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ Լ. ՀԱԿՈԲՅԱՆ