Վճռաբեկ դատարան · Վարչական
ՎԴ/10007/05/21
Վճռաբեկ դատարանի որոշումների ցանկից (cassationcourt.am/decisions)՝ դատարանի նախադեպային շտեմարանում այն չկա։
- Գործի համարը
- ՎԴ/10007/05/21
- Հայցվոր
- Աստղիկ Աբգարյան
- Պատասխանող
- Երևանի քաղաքապետարան
- Դատական ակտի ընդունման ամսաթիվը
- 18.08.2026
- Վարչական գործերով միջանկյալ գործեր
- Վարչական դատավարություն
Որոշման տեքստը
դատարանի Word ֆայլիցՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչական
Վարչական գործ թիվ ՎԴ/10007/05/21
դատարանի որոշում
2026թ.
Վարչական գործ թիվ ՎԴ/10007/05/21
Նախագահող դատավոր`
Կ. Գևորգյան
Դատավորներ
Ա. Առաքելյան
Գ. Սոսյան
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող և զեկուցող
Հ. ԲԵԴԵՎՅԱՆ
Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ
Լ. ՀԱԿՈԲՅԱՆ
2026 թվականի օգոստոսի 18-ին
գրավոր ընթացակարգով քննելով Աստղիկ Աբգարյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 08.05.2025 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի Աստղիկ Աբգարյանի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի՝ պատասխանողին օրենքի ուժով ընդունված համարվող բարենպաստ վարչական ակտը՝ ■■■ հասցեում գտնվող ինքնակամ շինությունն օրինականացնելու վերաբերյալ, տրամադրելուն պարտավորեցնելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Աստղիկ Աբգարյանը պահանջել է պարտավորեցնել Երևանի քաղաքապետարանին տրամադրել օրենքի ուժով ընդունված համարվող բարենպաստ վարչական ակտը՝ ■■■ հասցեում գտնվող ինքնակամ շինությունն օրինականացնելու վերաբերյալ։
ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Ավագյան) (այսուհետ` Դատարան) 01.06.2023 թվականի վճռով հայցը բավարարվել է։
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 08.05.2025 թվականի որոշմամբ Երևանի քաղաքապետարանի վերաքննիչ բողոքն ամբողջությամբ բավարարվել է՝ Դատարանի 01.06.2023 թվականի վճիռը բեկանվել, և գործն ուղարկվել է նույն դատարան՝ ամբողջ ծավալով նոր քննության:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Աստղիկ Աբգարյանը։
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ, 26-րդ, 27-րդ հոդվածները, 144-րդ հոդվածի 1-ին մասը, 145-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, 146-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետի «գ» ենթակետը։
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Դատարանը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով ներկայացված գործողության կատարման հայցի քննության շրջանակներում պարզել է ֆիկցիայի ուժով վարչական ակտն ընդունված համարելու համար անհրաժեշտ բոլոր պայմանները։
Բացի այդ, Վերաքննիչ դատարանն առանց հավաստի տեղեկությունների առ այն, որ վարչական մարմինն Աստղիկ Աբգարյանի կողմից 27.01.2021 թվականին ներկայացված դիմումի հիման վրա հավաքագրել է համապատասխան վարչական վարույթի նյութեր, թե ոչ, որոշել է, որ գործում առկա փաստաթղթերը թերի են, իսկ Դատարանն էլ իրականացրել է գործի թերի քննություն։
Ինչպես նաև Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ գործում առկա են Երևանի քաղաքապետի 09.09.2021 թվականի «■■■ հասցեին կից կառուցված ինքնակամ շինությունը քանդելու և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն ազատելու մասին» թիվ 3271-Ա որոշումը և Երևանի քաղաքապետի 01.12.2021 թվականի «■■■ հասցեին կից կառուցված ինքնակամ շինությունը քանդելու և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն ազատելու մասին» թիվ 4264-Ա որոշումը, որոնց հաշվառմամբ էլ Դատարանը գնահատել է հայցվող բարենպաստ վարչական ակտով հայցվորին տրամադրվող իրավունքի ակնհայտ ոչ իրավաչափ չլինելու հարցը։
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 08.05.2025 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 01.06.2023 թվականի վճռին կամ գործն ուղարկել ՀՀ վերաքննիչ վարչական դատարան՝ նոր քննության։
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
Աստղիկ Աբգարյանի կողմից Երևանի քաղաքապետին ուղղված 27.01.2021 թվականի դիմումով խնդրվել է ՀՀ կառավարության 18.05.2006 թվականի թիվ 912-Ն որոշման համաձայն օրինականացնել ■■■ տան հարակից կրպակը (հատոր 1-ին, գ.թ. 56):
Աստղիկ Աբգարյանի ներկայացուցչի կողմից Երևանի քաղաքապետին ուղղված 01.09.2021 թվականի դիմումով խնդրվել է Աստղիկ Աբգարյանին տրամադրել օրենքի ուժով ընդունված համարվող բարենպաստ վարչական ակտը՝ ■■■ հասցեում գտնվող ինքնակամ կառույցն օրինականացնելու վերաբերյալ (հատոր 1-ին, գ.թ. 15-16)։
Երևանի քաղաքապետի 09.09.2021 թվականի «■■■ հասցեին կից կառուցված ինքնակամ շինությունը քանդելու և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն ազատելու մասին» թիվ 3271-Ա որոշման համաձայն՝ որոշվել է 1. Չօրինականացնել ■■■ հասցեին կից, առանց հողօգտագործման իրավունքի պետական գրանցման օգտագործվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում ապօրինի կառուցված բետոնե հիմքով և քարե շարվածքով ինքնակամ շինությունը: 2. Հանձնարարել Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության ու հասարակական կարգի պահպանության ծառայության օժանդակությամբ ապամոնտաժել ■■■ հասցեին կից, առանց հողօգտագործման իրավունքի պետական գրանցման օգտագործվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում ապօրինի կառուցված բետոնե հիմքով և քարե շարվածքով ինքնակամ շինությունն ու անօրինական տիրապետումից ազատել համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը (հատոր 1-ին, գ.թ. 68-70):
Երևանի քաղաքապետի 01.12.2021 թվականի «■■■ հասցեին կից կառուցված ինքնակամ շինությունը քանդելու և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն ազատելու մասին» թիվ 4264-Ա որոշման համաձայն՝ որոշվել է 1. Չօրինականացնել ■■■ հասցեին կից, առանց հողօգտագործման իրավունքի պետական գրանցման օգտագործվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում ապօրինի կառուցված շինությունը: 2. Հանձնարարել Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության ու հասարակական կարգի պահպանության ծառայության օժանդակությամբ ապամոնտաժել ■■■ հասցեին կից, առանց հողօգտագործման իրավունքի պետական գրանցման օգտագործվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում ապօրինի կառուցված շինությունն ու անօրինական տիրապետումից ազատել համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը (հատոր 1-ին, գ.թ. 65-67)։
Ի պատասխան Աստղիկ Աբգարյանի ներկայացուցիչ Հասմիկ Մարտիրոսյանի՝ Երևանի քաղաքապետարան հասցեագրված 18.01.2022 թվականի հ.22/7657 դիմումի Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի պաշտոնակատար, վարչության պետի տեղակալ Դավիթ Դալլաքյանի կողմից 22.02.2022 թվականին տրվել է թիվ 18-06/2-7657 պատասխանը, որին կից տրամադրվել է նաև Աստղիկ Աբգարյանի կողմից Երևանի քաղաքապետին ուղղված 27.01.2021 թվականի դիմումի պատճենը, որով խնդրվել էր ՀՀ կառավարության 18.05.2006 թվականի թիվ 912-Ն որոշման համաձայն օրինականացնել ■■■ տան հարակից կրպակը (հատոր 1-ին, գ.թ. 55-56)։
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ, 26-րդ, 27-րդ հոդվածների, 144-րդ հոդվածի 1-ին մասի, 146-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետի «գ» ենթակետի խախտման և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 145-րդ հոդվածի 2-րդ մասը կիրառելու ու ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասը չկիրառելու արդյունքում թույլ է տրվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը և որը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.
Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ ապացուցման գործընթացին դատարանի միջամտության սահմաններին՝ ֆիկցիայի ուժով վարչական ակտն ընդունված համարվելու հարաբերությունների համատեքստում։
Վարչական մարմինների հետ հարաբերություններում ֆիզիկական ու իրավաբանական անձանց` ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված իրավունքների ու օրինական շահերի պաշտպանության պատշաճ երաշխիք ապահովելու նպատակով ՀՀ Ազգային ժողովի կողմից 18.02.2004 թվականին ընդունվել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքը, որի 1-ին հոդվածում ամրագրվել է, որ նույն oրենքը uահմանում է վարչարարության հիմունքները, կարգավորում է վարչական ակտեր ընդունելու, վարչական ակտերը, վարչական մարմինների գործողությունները և անգործությունը բողոքարկելու, վարչական ակտի կատարման, վարչական ծախuերի, ինչպեu նաև վարչարարությամբ հաuցված վնաuի հատուցման հետ կապված` վարչական մարմինների և ֆիզիկական կամ իրավաբանական անձանց միջև ծագած հարաբերությունները:
Նախկինում կայացված որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վկայակոչված օրենքի՝ վարչական մարմինների հետ հարաբերություններում ֆիզիկական ու իրավաբանական անձանց` ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված իրավունքների ու օրինական շահերի պաշտպանության պատշաճ երաշխիք ապահովելու նպատակի իրագործմանն է միտված նաև «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքում իրավաբանական ֆիկցիա հանդիսացող 48-րդ հոդվածի ամրագրումը, որով սահմանվել է վարչական մարմինների անգործությունից ֆիզիկական ու իրավաբանական անձանց իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելու գործուն միջոց (տե՛ս, Արսենիկ Մուշկամբարյանը և Դարիկո Մուշկամբարյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/5353/05/20 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.12.2023 թվականի որոշումը):
Այսպես. «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ եթե վարչական ակտ ընդունելու իրավասություն ունեցող վարչական մարմինը նույն օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի «ա», «դ» և «ե» կետերի պահանջների պահպանմամբ ներկայացված դիմումի հիման վրա հարուցված վարույթի արդյունքում օրենքով սահմանված ժամկետում որևէ որոշում չի կայացնում, ապա վարչական ակտը համարվում է ընդունված, և դիմողը կարող է ձեռնամուխ լինել համապատասխան իրավունքի իրականացմանը, բացառությամբ նույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 1-ին մասով նախատեսված վարչական ակտը չի կարող ընդունված համարվել, եթե դա նույն օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետի համաձայն առ ոչինչ է:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետի համաձայն՝ առ ոչինչ է այն վարչական ակտը, որում առկա են, մասնավորապես` հետևյալ ակնառու կոպիտ սխալները. ակտով դրա հաuցեատիրոջ վրա դրվում է ակնհայտ ոչ իրավաչափ պարտականություն, կամ նրան տրամադրվում է ակնհայտ ոչ իրավաչափ իրավունք։
ՀՀ սահմանադրական դատարանը, անդրադառնալով վարչական ակտի առոչնչության հիմքերին, իր 04.02.2014 թվականի թիվ ՍԴՈ-1137 որոշմամբ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ վարչական ակտի առ ոչինչ լինելու հանգամանքը պայմանավորված է ակնառու կոպիտ սխալներով, որոնք ի հայտ են գալիս առանց տվյալ վարչական ակտի իրավաչափությունը հատուկ ընթացակարգով ստուգելու և գնահատելու անհրաժեշտության և բացառում են տվյալ ակտի առ ոչինչ լինելու վերաբերյալ հնարավոր վեճերը:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ հայցվող վարչական ակտի իրավաչափությունը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածով սահմանված իրավաբանական ֆիկցիայի գործողության պայման չէ։ Նշվածից բացառություն է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետով նախատեսված վարչական ակտի առոչնչության հիմքի առկայությունը, այն է՝ ակտով դրա հասցեատիրոջը տրամադրվում է ակնհայտ ոչ իրավաչափ իրավունք: Այսինքն՝ օրենքով սահմանված ժամկետում վարչական մարմնի կողմից չընդունված վարչական ակտի՝ օրենքի ուժով ընդունված համարվելու ֆիկցիայի գործողությունը պարզելիս դատական վերահսկողությունը սահմանափակվում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետով նախատեսված վարչական ակտի առոչնչության հիմքի առկայությունը (բացակայությունը) գնահատելով։ Ինչ վերաբերում է հայցվող վարչական ակտի հնարավոր անվավերության հիմքերին, ինչպես նաև հնարավոր առոչնչության մյուս հիմքերին, ապա քննարկվող իրավաբանական ֆիկցիայի գործողությունը պարզելիս դրանց առկայությունը (բացակայությունը) պետք է ենթակա չլինի դատարանի կողմից գնահատման։
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ վարչական ակտի առոչինչ լինելու համար էական և անհրաժեշտ պայման է անձի վրա ակնհայտ ոչ իրավաչափ պարտականություն դնելը, կամ անձին ակնհայտ ոչ իրավաչափ իրավունք տրամադրելը: Այսինքն` անձի վրա դրվող պարտականությունը կամ անձին տրամադրվող իրավունքը պարտադիր կերպով պետք է լինի ակնհայտ ոչ իրավաչափ: Հետևաբար վարչական ակտով անձի վրա նույնիսկ «ոչ իրավաչափ» պարտականություն դնելը կամ անձին «ոչ իրավաչափ» իրավունք տրամադրելը, որը կարող է պարզվել այդ վարչական ակտի վիճարկման վարույթում, դեռևս բավարար չէ վարչական ակտն առոչինչ դիտելու համար: Այսինքն` վարչական ակտի առոչինչ լինելը հաստատված համարելու համար անհրաժեշտ է, որ դրանով տրամադրված իրավունքը կամ դրված պարտականությունը առերևույթ ոչ իրավաչափ լինի, իսկ բոլոր այն դեպքերում, երբ վիճարկվում է վարչական ակտի հիմքում դրված հանգամանքների հավաստիությունը կամ կիրառված նորմերի սխալ կիրառելիությունը կամ մեկնաբանությունը, ապա նման վարչական ակտը չի կարող դիտվել առոչինչ, այլ այն կարող է ճանաչվել անվավեր (տե՛ս, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Սպանդարյանի 1 հարկային տեսչությունն ընդդեմ «Նովռոսինվեստ» ՍՊԸ-ի թիվ ՎԴ/0562/05/09 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 12.03.2010 թվականի որոշումը, «Տավրոս-66» ֆիրմա ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Մաշտոցի հարկային տեսչության և ՀՀ ֆինանսների նախարարության թիվ ՎԴ/7157/05/08 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 12.03.2010 թվականի որոշումը, Ժիրայր Զոհրաբյանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Արարատի մարզային ստորաբաժանման, Աննա Զոհրաբյանի, երրորդ անձ ՀՀ Արարատի մարզի Գոռավանի գյուղական համայնքի թիվ ՎԴ3/0233/05/12 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.12.2017 թվականի որոշումը):
Այսպիսով, հաշվի առնելով նաև ողջ վերոգրյալը՝ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով ներկայացված գործողության կատարման հայցի քննության շրջանակներում անհրաժեշտ է պարզել` արդյո՞ք.
- բարենպաստ վարչական ակտ հայցելու վերաբերյալ անձի դիմումը պարունակում է դիմողի անունը, ազգանունը, իրավաբանական անձի դեպքում` նրա լրիվ անվանումը, դիմումով ներկայացվող պահանջը (դիմումի առարկա), դիմումին կցվող փաստաթղթերի ցանկը (եթե այդպիսիք ներկայացվում են),
- վարչական մարմինը, ում հասցեագրված է տվյալ դիմումը, իրավասու է ընդունել հայցվող բարենպաստ վարչական ակտը,
- վարչական վարույթն իրականացնող վարչական մարմինը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածով սահմանված 30-օրյա կամ օրենքով սահմանված այլ հատուկ ժամկետում չի ընդունել որոշում տվյալ դիմումով հայցվող պահանջի առնչությամբ,
- հայցվող բարենպաստ վարչական ակտով դրա հասցեատիրոջը տրամադրվող իրավունքն ակնհայտ ոչ իրավաչափ չէ (տե՛ս, «Մոլիբդենի աշխարհ» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության թիվ ՎԴ/13512/05/21 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 11.06.2024 թվականի որոշումը)։
Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերոնշյալ հանգամանքները կազմում են ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հայցատեսակով քննվող գործի շրջանակներում ապացուցման առարկան, որոնց առկայությունից կամ բացակայությունից է կախված գործողության կատարման համապատասխան հայցի իրավական հիմնավորվածության գնահատումը։ Հետևաբար նշված հանգամանքները դատարանի կողմից պետք է պարզվեն գործում առկա և օրենքով սահմանված կարգով ձեռք բերված ապացույցների հետազոտման ու գնահատման միջոցով։
Այսպես. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը նույն օրենսգրքով սահմանված կարգով ձեռք բերված ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ։
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատարանը դատական ակտի մեջ պետք է պատճառաբանի նման համոզմունքի ձևավորումը։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ վարչական դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելիս գնահատում է ապացույցները:
ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ, 26-րդ, 27-րդ և 124-րդ հոդվածների վերլուծությունից հետևում է, որ դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելու նպատակով գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը պարզում է ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով:
Ապացույցների գնահատումը՝ որպես ապացուցման գործընթացի տարր, մտավոր, տրամաբանական գործունեություն է, որի արդյունքում դատարանի կողմից եզրահանգում է արվում ապացույցներից յուրաքանչյուրի թույլատրելիության, վերաբերելիության, հավաստիության և ապացուցման առարկայի մեջ մտնող հանգամանքների բացահայտման համար ապացույցների համակցության բավարարության մասին:
Վարչադատավարական օրենսդրության համաձայն՝ դատարանը գործում եղած բոլոր ապացույցները գնահատում է ներքին համոզմամբ, որը պետք է հիմնված լինի գործում առկա բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա։
Դատարանի կողմից ապացույցների գնահատման արդյունքներն արտացոլվում են դատական ակտի պատճառաբանական մասում, որտեղ դատարանը պետք է մատնացույց անի այն ապացույցները, որոնց վրա կառուցում է իր եզրահանգումներն ու հետևությունները, ինչպես նաև այն դատողությունները, որոնցով հերքում է այս կամ այն ապացույցը: Դատական ակտը միայն այն դեպքում կարող է համարվել պատշաճորեն պատճառաբանված, երբ դրա պատճառաբանական մասում դատարանը ցույց է տվել ապացույցների գնահատման հարցում իր ներքին համոզմունքի ձևավորման օբյեկտիվ հիմքերը (տե՛ս, Միսակ Այանյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/0702/05/11 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2016 թվականի որոշումը)։
Այնուամենայնիվ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վարչական դատավարությունում ապացույցների ներկայացման և գնահատման շրջանակներում դատարանի դերը չի սահմանափակվում պասիվ գործողություններով, այն է՝ դատավարության մասնակիցների կողմից ներկայացված ապացույցների սոսկ ընդունմամբ և գնահատմամբ։ Օրենսդիրը հստակորեն ամրագրել է, որ դատարանն ինքնուրույն և ակտիվ կերպով ներգրավվում է փաստերի բացահայտման գործընթացում, երբ ներկայացված ապացույցները բավարար չեն պատշաճ կերպով պատճառաբանված դատական ակտ կայացնելու համար, որը դրսևորվում է, ի թիվս այլնի, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի 3-րդ մասում ամրագրված դատարանի պարտականության կատարմամբ, ըստ որի՝ գործի լուծման համար անհրաժեշտ ապացույցներ ձեռք բերելու նպատակով դատարանն իր նախաձեռնությամբ ձեռնարկում է համարժեք միջոցներ։
Այսպիսով, հաշվի առնելով ողջ վերոգրյալը, Վճռաբեկ դատարանը նշում է, որ վարչական դատավարությունում դատարանն ունի առանձնահատուկ և ակտիվ դեր նաև ապացուցման գործընթացում, ու այն չի սահմանափակվում միայն դատավարության մասնակիցների ներկայացրած ապացույցների գնահատմամբ։ Մասնավորապես, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի 3-րդ մասում ամրագրված իրավակարգավորման բովանդակությունից բխում է, որ վարչական դատարանը պարտավոր է սեփական նախաձեռնությամբ ձեռնարկել համարժեք դատավարական միջոցներ և պահանջել ներկայացնել գործի փաստական հանգամանքների լիարժեք, բազմակողմանի և օբյեկտիվ պարզման ու իրավական գնահատման համար անհրաժեշտ բոլոր ապացույցները։ Այսինքն՝ ապացուցման գործընթացում ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը դնում է դատարանի վրա գործուն պարտականություն օբյեկտիվ ճշմարտության բացահայտմանը միտված ապացուցողական բազայի բավարարությունն ապահովելու նպատակով կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված համապատասխան գործիքակազմը։
Ընդ որում, Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ վերոգրյալի համատեքստում դատարանին վերապահված ակտիվ դերն ինքնանպատակ չէ և չի կարող մեկնաբանվել այն կերպ, որը կհանգեցնի ապացուցման գործընթացին դատարանի անսահմանափակ միջամտության։ Այն պայմանավորված է բացառապես գործի ճիշտ լուծման անհրաժեշտությամբ և դրսևորվում է միայն այն դեպքերում, երբ դատավարության մասնակիցների կողմից ներկայացված ապացույցները բավարար չեն գործի լուծման համար էական նշանակություն ունեցող հանգամանքների լրիվ ու օբյեկտիվ պարզման համար։ Այլ կերպ ասած՝ դատարանի վերոշարադրյալ պարտականությունը պետք է կատարվի միայն գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերի պարզման համար ապացուցողական բազայի անբավարարության պայմաններում։
Հետևաբար՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ գործի համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերի պարզման, ինչպես նաև նույն օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման պահանջները կարող են պահպանված համարվել այն պարագայում, երբ դատարանը, ի թիվս այլնի, կատարել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի 3-րդ մասից բխող իր ակտիվ պարտականությունները՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված գործիքակազմի շրջանակներում ապահովելով համապատասխան վեճը լուծելու համար անհրաժեշտ ապացուցողական բազայի բավարարությունը։
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարչական գործով հայցվոր Աստղիկ Աբգարյանը պահանջել է պարտավորեցնել Երևանի քաղաքապետարանին տրամադրել օրենքի ուժով ընդունված համարվող բարենպաստ վարչական ակտը՝ ■■■ հասցեում գտնվող ինքնակամ շինությունն օրինականացնելու վերաբերյալ։
Դատարանը, 01.06.2023 թվականի վճռով բավարարելով հայցը, փաստել է, որ «պատասխանող Երևանի քաղաքապետարանը չի ներկայացրել որևէ ապացույց Աստղիկ Աբգարյանի կողմից վարչական ակտի հայցումն առերևույթ ոչ իրավաչափ լինելու վերաբերյալ, որպիսի պայմաններում (…) Աստղիկ Աբգարյանի կողմից վարչական ակտի հայցումն առերևույթ ոչ իրավաչափ չէ, այսինքն՝ առ ոչինչ չէ, մինչդեռ պատասխանող Երևանի քաղաքապետարանի կողմից հայցվոր Աստղիկ Աբգարյանի դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի արդյունքում որոշում չի կայացվել, որպիսի պայմաններում վարչական ակտը համարվել է ընդունված և հայցվոր Աստղիկ Աբգարյանը ձեռնամուխ է եղել համապատասխան իրավունքի իրականացմանը` պահանջելով օրենքով սահմանված ժամկետում վարչական ակտ չընդունվելու հետևանքով վարչական ակտն ընդունված համարվելու դեպքում տրամադրել օրենքով նախատեսված համապատասխան փաստաթուղթը:
(…) Ողջ վերոշարադրյալի արդյունքում Դատարանը գտնում է, որ Աստղիկ Աբգարյանի կողմից վարչական ակտի հայցումն առերևույթ ոչ իրավաչափ չէ, այսինքն՝ առ ոչինչ չէ, մինչդեռ պատասխանող Երևանի քաղաքապետարանի կողմից հայցվոր Աստղիկ Աբգարյանի դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի արդյունքում որոշում չի կայացվել, որպիսի պայմաններում վարչական ակտը համարվել է ընդունված և հայցվոր Աստղիկ Աբգարյանը ձեռնամուխ է եղել համապատասխան իրավունքի իրականացմանը` պահանջելով օրենքով սահմանված ժամկետում վարչական ակտ չընդունվելու հետևանքով վարչական ակտն ընդունված համարվելու դեպքում տրամադրել օրենքով նախատեսված համապատասխան փաստաթուղթը:
Ինչ վերաբերում է Երևանի քաղաքապետի 09.09.2021 թվականի «■■■ հասցեին կից կառուցված ինքնակամ շինությունը քանդելու և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն ազատելու մասին» թիվ 3271-Ա որոշմամբ և Երևանի քաղաքապետի 01.12.2021 թվականի «■■■ հասցեին կից կառուցված ինքնակամ շինությունը քանդելու և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն ազատելու մասին» թիվ 4264-Ա որոշմամբ վեճի առարկա հանդիսացող ինքնակամ շինությունը չօրինականացնելու հանգամանքին, ապա Դատարանը փաստում է, որ վերոնշյալ որոշումները կայացվել են հայցվորի կողմից օրենքի ուժով ընդունված համարվող բարենպաստ վարչական ակտը տրամադրելու 01.09.2021 թվականի դիմումի ներկայացումից հետո, այսինքն՝ վարչական ակտն արդեն իսկ ընդունված համարվելուց հետո, որպիսի պայմաններում նշված որոշումների առկայությունը չի կարող վկայել հայցվորի դիմումի հիման վրա վարչական վարույթ հարուցված լինելու և հայցվորի դիմումը մերժված լինելու վերաբերյալ»։
Վերաքննիչ դատարանը 08.05.2025 թվականի որոշմամբ Երևանի քաղաքապետարանի ներկայացրած վերաքննիչ բողոքը բավարարել է՝ Դատարանի 01.06.2023 թվականի վճիռը բեկանվել է և գործն ուղարկվել է ՀՀ վարչական դատարան՝ ամբողջ ծավալով նոր քննության, այն հիմնավորմամբ, որ «տվյալ պարագայում Դատարանը գործով օբյեկտիվ ճշմարտությունը բացահայտելու համար պետք է անհրաժեշտ դատավարական միջոցներ ձեռնարկեր բարենպաստ վարչական ակտ ընդունելու վերաբերյալ Աստղիկ Աբգարյանի 27.01.2021թ. դիմումի հիման վրա հարուցված վարույթի ընթացքում պատասխանող վարչական մարմնի՝ Երևանի քաղաքապետարանի կողմից նշված դիմումի առնչությամբ անգործություն դրսևորած լինելու և օրենքով սահմանված ժամկետում որևէ որոշում կայացված չլինելու հանգամանքը պարզելու ուղղությամբ, որպիսի գործողությունների կատարումից, սակայն, Դատարանը ձեռնպահ է մնացել»։
Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով սույն գործի փաստերին և Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
Վճռաբեկ դատարանը գործի նյութերի ուսումնասիրության արդյունքում արձանագրում է, որ նախ ի պատասխան հայցվորի ներկայացուցչի՝ Երևանի քաղաքապետարան հասցեագրված 18.01.2022 թվականի հ.22/7657 դիմումին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի պաշտոնակատար, վարչության պետի տեղակալի կողմից 22.02.2022 թվականին տրվել է թիվ 18-06/2-7657 պատասխանը, որին կցվել է նաև Աստղիկ Աբգարյանի կողմից Երևանի քաղաքապետին ուղղված 27.01.2021 թվականի դիմումի պատճենը, որով խնդրվել էր ՀՀ կառավարության 18.05.2006 թվականի թիվ 912-Ն որոշման համաձայն օրինականացնել ■■■ տան հարակից կրպակը։
Բացի այդ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարչական գործի նյութերում առկա է Աստղիկ Աբգարյանի ներկայացուցչի կողմից Երևանի քաղաքապետին ուղղված 01.09.2021 թվականի դիմումը, որով խնդրվել է Աստղիկ Աբգարյանին տրամադրել օրենքի ուժով ընդունված համարվող բարենպաստ վարչական ակտը՝ ■■■ հասցեում գտնվող ինքնակամ կառույցն օրինականացնելու վերաբերյալ։
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նաև նշել, որ Երևանի քաղաքապետարանը, սույն վարչական գործի շրջանակներում ներկայացնելով հայցադիմումին առարկություն, առնվազն չի հայտնել, որ օրենքով սահմանված ժամկետում ընդունվել է Աստղիկ Աբգարյանի կողմից Երևանի քաղաքապետին ուղղված 27.01.2021 թվականի դիմումը մերժող կամ վարույթն այլ կերպ եզրափակող որոշում։
Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերոնշյալ նյութերը բավարար էին ապահովելու` ինքնակամ կառույցի օրինականացման պահանջով դիմումի պատասխանի բացակայությամբ պայմանավորված օրենքի ուժով ընդունված համարվող բարենպաստ վարչական ակտը տրամադրելու պահանջի քննությունը, քանի որ գործում առկա նյութերը բավարար էր պարզելու, որ դիմումը պարունակում է դիմողի անունը, ազգանունը, ներկայացվող պահանջը (դիմումի առարկա), դիմումին կցվող փաստաթղթերի ցանկը, ինչպես նաև որ դիմումը ներկայացվել է իրավասու վարչական մարմնին, սակայն, օրենքով նախատեսված ժամկետում տվյալ դիմումով հայցվող պահանջի առնչությամբ վարույթը եզրափակող որևէ որոշում չի կայացվել։
Ինչ վերաբերում է տրամադրվող իրավունքն ակնհայտ ոչ իրավաչափ չլինելու պայմանին, ապա ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ հայցվող վարչական ակտով անձին տրամադրված իրավունքը կարող է համարվել ակնհայտ ոչ իրավաչափ, եթե նման ոչ իրավաչափությունն անվիճելի է՝ առանց տվյալ վարչական ակտի հիմքում ընկած այս կամ այն փաստական հանգամանքի հավաստիությունը պարզելու, այդ նպատակով ապացույցների հետազոտման ու գնահատման, կիրառված նորմերի կիրառելիության կամ մեկնաբանության ստուգման անհրաժեշտության (տե՛ս, «Մոլիբդենի աշխարհ» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության թիվ ՎԴ/13512/05/21 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 11.06.2024 թվականի որոշմումը)։
Վճռաբեկ դատարանը կրկին ամրագրում է, որ ընդունվող վարչական ակտի առոչինչ հանդիսանալը գնահատելու հարաբերություններում տրամադրվող իրավունքն ակնհայտ ոչ իրավաչափ լինելու կամ չլինելու պայմանի գնահատման համար անհրաժեշտ է, որ տրամադրվող իրավունքի ոչ իրավաչափ լինելու հանգամանքը լինի ակնհայտ, այն է՝ տրամադրվող իրավունքի ոչ իրավաչափ լինելը պետք է լինի այնքան տեսանելի, որ վարչական ակտի հիմքում ընկած այս կամ այն փաստական հանգամանքի հավաստիությունը պարզելու, կամ այդ նպատակով ապացույցների հետազոտում կամ գնահատում կատարելու անհրաժեշտություն չլինի։
Ելնելով վերոգրյալից՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ գործում առկա նյութերը բավարար են նաև պարզելու համար, որ հայցվող բարենպաստ վարչական ակտով դրա հասցեատիրոջը տրամադրվող իրավունքն ակնհայտ ոչ իրավաչափ չէ, մասնավորապես՝ Աստղիկ Աբգարյանը Երևանի քաղաքապետին ուղղված 27.01.2021 թվականի դիմումով խնդրել է ՀՀ կառավարության 18.05.2006 թվականի թիվ 912-Ն որոշման համաձայն օրինականացնել ■■■ տան հարակից կրպակը, ուստի, ելնելով դիմումի առարկայից՝ ակնհայտ է, որ օրենքի ուժով ընդունված համարվող վարչական ակտն ուղղված է ■■■ տան հարակից կրպակը օրինական ճանաչելուն։
Ելնելով ողջ վերոգրյալից՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործում առկա նյութերը բավարար էին գործի լուծման համար էական նշանակություն ունեցող հանգամանքների լրիվ ու օբյեկտիվ պարզման համար, ուստի Դատարանի կողմից ապացուցողական բազայի ձևավորման ուղղությամբ լրացուցիչ գործողություններ ձեռնարկելու անհրաժեշտությունը բացակայում էր։
Այսպիսով՝ Վերաքննիչ դատարանը, նշելով, որ Դատարանը բավարար չափով չի պարզել այն հանգամանքը, թե արդյո՞ք Աստղիկ Աբգարյանի 27.01.2021 թվականի դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի ընթացքում Երևանի քաղաքապետարանը օրենքով սահմանված ժամկետում որևէ որոշում կայացրել է, թե դրսևորել է անգործություն, իրավաչափ չէ հետևյալ պատճառաբանությամբ․
Այսպես․ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 145-րդ հոդվածով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանին վերապահված է ստորադաս դատարանի գործն ըստ էության լուծող դատական ակտը բեկանելու դեպքում գործը նոր քննության ուղարկելու լիազորություն։ Նույն օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանին վերապահված է հետևյալ լիազորությունը․ «(․․․) ամբողջությամբ կամ մասնակիորեն բավարարում է վերաքննիչ բողոքը` ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանելով վարչական դատարանի դատական ակտը՝ բեկանված մասով գործն ուղարկելով վարչական դատարան՝ նոր քննության, և սահմանելով նոր քննության ծավալը, իսկ չբեկանված մասով դատական ակտը թողնելով անփոփոխ (․․․)»։
ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով գործի նոր քննության վարույթի նպատակին ու էությանը, արձանագրել է, որ բողոքարկվող դատական ակտը բեկանելու և գործը ստորադաս դատարան նոր քննության ուղարկելու, ինչպես նաև ստորադաս դատարանում գործի նոր քննության ծավալ սահմանելու վարչական վերաքննիչ դատարանի լիազորությունը բխում է Հայաստանի Հանրապետության դատավարական օրենսդրությամբ ամրագրված ոչ լրիվ վերաքննության հայեցակարգի բովանդակությունից. այն նպատակ ունի լրացնելու վերաքննության փուլում գործն ամբողջ ծավալով քննելու վարչական վերաքննիչ դատարանի իրավազորության բացակայությունը, կանխելու վարչական վերաքննիչ դատարանի կողմից որպես առաջին ատյանի դատարան հանդես գալու հնարավորությունը, ապահովելու դատական ատյանների միջև գործառութային կապերի տրամաբանական բնույթը, երաշխավորելու դատավարության մասնակիցների արդյունավետ դատական պաշտպանության իրավունքը:
ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է նաև, որ բողոքարկվող դատական ակտը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու, ինչպես նաև ստորադաս դատարանում գործի նոր քննության ծավալ սահմանելու վերաբերյալ վարչական վերաքննիչ դատարանի որոշումը պետք է հստակ եզրահանգումներ բովանդակի գործի նախորդ քննության ընթացքում թույլ տրված նյութական և (կամ) դատավարական նորմերի խախտումների և դրանց վերացմանն ուղղված դատավարական գործողությունների վերաբերյալ: Ընդ որում, գործի նոր քննության արդյունքում կայացված վարչական դատարանի դատական ակտը վերաքննության կարգով վերանայելու ընթացքում վարչական վերաքննիչ դատարանը նախ և առաջ պետք է ստուգի, թե վարչական դատարանը գործի նոր քննությունն արդյո՞ք իրականացրել է վերադաս դատական ատյանի կողմից սահմանված ծավալի շրջանակներում, թե` ոչ (տե՛ս, «Ն. Ռ. Վ. Ա. Դ.» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ ֆինանսների նախարարության թիվ ՎԴ/0079/05/12 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.04.2015 թվականի որոշումը):
Վերոնշյալ իրավական նորմի և ՀՀ վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վարչական դատարանի դատական ակտը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու լիազորությունը չի կարող կիրառվել ինքնանպատակ կամ ձևական նկատառումներով։ Գործը նոր քննության ուղարկելը կարող է արդարացված լինել միայն այն դեպքում, երբ առկա են այնպիսի նյութական կամ դատավարական խախտումներ, որոնց վերացման համար անհրաժեշտ է լրացուցիչ դատավարական գործողությունների կատարում։ Գործի նոր քննությունը նպատակ ունի լրացնելու վերաքննության փուլում գործն ամբողջ ծավալով քննելու վերաքննիչ վարչական դատարանի իրավազորության բացակայությունը, կանխելու վերաքննիչ վարչական դատարանի կողմից որպես առաջին ատյանի դատարան հանդես գալու հնարավորությունը, ապահովելու դատական ատյանների միջև գործառութային կապերի տրամաբանական բնույթը, երաշխավորելու դատավարության մասնակիցների արդյունավետ դատական պաշտպանության իրավունքը:
Մինչդեռ այն դեպքում, երբ գործում առկա ապացույցները բավարար են վեճն ըստ էության լուծելու համար, փաստական հանգամանքները պարզված են, գործը նոր քննության ուղարկելը Վարչական դատարանի կողմից ապացույցներ պահանջելու համատեքստում լրացուցիչ դատավարական գործառույթներ իրականացնելու ձևական պահանջով չի բխում ո՛չ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 145-րդ հոդվածի նպատակից, ո՛չ էլ արդարադատության արդյունավետության և գործը ողջամիտ ժամկետում քննելու սկզբունքներից։ Մինչդեռ, դատարանը պետք է հնարավորության դեպքում գործն ըստ էության լուծող դատական ակտը կայացնի առանց անհարկի ձգձգումների։
Այս պայմաններում Վերաքննիչ դատարանի այն հետևությունը, թե գործն անհրաժեշտ է ուղարկել՝ նոր քննության, քանի որ գործով անհրաժեշտ էր իրականացնել լրացուցիչ փաստական հանգամանքների պարզում, չի բխում գործի նյութերի համակցությունից և հակասում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով ներկայացված գործողության կատարման հայցի քննության շրջանակներում ապացուցման առարկայի սահմանների տրամաբանությանը, քանի որ հաշվի առնելով Վճռաբեկ դատարանի վերոնշյալ դիրքորոշումները՝ սույն գործի քննության համար նշանակություն ունեցող հանգամանքները հնարավոր էր պարզել գործում արդեն իսկ առկա ապացույցների հիման վրա։
Ամփոփելով վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու համար։
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:
Դատական ակտին օրինական ուժ տալիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի՝ վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին։
Սույն գործով իրավահարաբերությունների ծագման պահին գործող «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասի «բ» կետի իմաստով՝ դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոքների համար պետական տուրքը գանձվում է ոչ դրամական պահանջի գործերով բազային տուրքի տասնապատիկի չափով։
Նույն հոդվածի 7-րդ մասի «բ» կետի իմաստով՝ դատարանի դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոքների համար պետական տուրքը գանձվում է բազային տուրքի քսանապատիկի չափով։
Նույն օրենքի 38-րդ հոդվածի «ա» կետի համաձայն՝ Պետական տուրքը ենթակա է վերադարձման մասնակի կամ լրիվ` եթե պետական տուրքը վճարվել է ավելի, քան պահանջվում է գործող օրենսդրությամբ։
Վճռաբեկ դատարանը, հաշվի առնելով, որ Աստղիկ Աբգարյանի վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, արձանագրում է, որ Երևանի քաղաքապետարանը վերաքննիչ բողոք ներկայացնելիս վճարել է 20.000 ՀՀ դրամ պետական տուրք (հատոր 2-րդ, գ. թ. 25), այնինչ պետք է վճարեր 10.000 ՀՀ դրամ, ուստի 10.000 ՀՀ դրամի մասով պետական տուրքի հարցը պետք է համարվի լուծված, իսկ մնացած 10.000 ՀՀ դրամը պետք է վերադարձվի Երևանի քաղաքապետարանին՝ որպես օրենքով սահմանված չափից ավել վճարված գումար։ Միաժամանակ, Երևանի քաղաքապետարանից հօգուտ Աստղիկ Աբգարյանի, ենթակա է բռնագանձման 20.000 ՀՀ դրամ՝ որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար։
Ինչ վերաբերում է ՀՀ վարչական դատարանում գործի քննության հետ կապված դատական ծախսերին, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրան անդրադառնալու անհրաժեշտությունը բացակայում է, հաշվի առնելով այն հանգամանքը, որ օրինական ուժ է տրվում ՀՀ վարչական դատարանի վճռին, որով լուծվել է նաև դատական ծախսերի հարցը։
Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պետական տուրքից բացի, այլ դատական ծախս կատարված լինելու վերաբերյալ որևէ ապացույց գործում առկա չէ։
Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 08.05.2025 թվականի որոշումը և օրինական ուժ տալ ՀՀ վարչական դատարանի 01.06.2023 թվականի վճռին՝ սույն որոշման պատճառաբանություններով։
2. Երևանի քաղաքապետարանից հօգուտ Աստղիկ Աբգարյանի բռնագանձել 20.000 ՀՀ դրամ՝ որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի հատուցման ենթակա գումար:
3. Երևանի քաղաքապետարանին վերադարձնել 10.000 ՀՀ դրամ՝ որպես պետական տուրքի՝ վերաքննիչ բողոք ներկայացնելու համար օրենքով սահմանված չափից ավել վճարված գումար։
4. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:
Նախագահող և զեկուցող Հ․ ԲԵԴԵՎՅԱՆ
Ա․ ԹՈՎՄԱՍՅԱՆ
Լ․ ՀԱԿՈԲՅԱՆ
