Վճռաբեկ դատարան · Վարչական
ՎԴ/11458/05/24
Վճռաբեկ դատարանի որոշումների ցանկից (cassationcourt.am/decisions)՝ դատարանի նախադեպային շտեմարանում այն չկա։
- Գործի համարը
- ՎԴ/11458/05/24
- Հայցվոր
- Մաքսիմ Պուզանով
- Պատասխանող
- ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայություն
- Դատական ակտի ընդունման ամսաթիվը
- 18.08.2026
- Վարչական իրավունք
Որոշման տեքստը
դատարանի Word ֆայլիցՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ թիվ ՎԴ/11458/05/24
դատարանի որոշում 2026թ.
Վարչական գործ թիվ ՎԴ/11458/05/24
Նախագահող դատավոր՝ Ա. Պողոսյան
Դատավորներ՝ Հ. Խաչատրյան
Գ. Սոսյան
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը
(այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող և զեկուցող
Հ. ԲԵԴԵՎՅԱՆ
Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ
Լ. ՀԱԿՈԲՅԱՆ
2026 թվականի օգոստոսի 18-ին
գրավոր ընթացակարգով քննելով Մաքսիմ Պուզանովի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 24.09.2025 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի Մաքսիմ Պուզանովի ընդդեմ ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության՝ որոշակի գործողություններ կատարելուն պարտավորեցնելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան՝ Մաքսիմ Պուզանովը պահանջել է պարտավորեցնել ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությանը հարուցել իրեն ապաստան տրամադրելու և փախստական ճանաչելու վերաբերյալ վարչական վարույթ:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Դիլբարյան) (այսուհետ` Դատարան) 19.03.2025 թվականի վճռով հայցը մերժվել է։
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 24.09.2025 թվականի որոշմամբ Մաքսիմ Պուզանովի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 19.03.2025 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ։
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Մաքսիմ Պուզանովը (ներկայացուցիչ՝ Դավիթ Իսրայելյան)։
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումնը և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է «Փախստականների և ապաստանի մասին» ՀՀ օրենքի 13-րդ և 46-րդ հոդվածները, 47-րդ հոդվածի 2.1-ին մասը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը եկել է սխալ եզրահանգման, որ չի պահպանվել «Փախստականների և ապաստանի մասին» ՀՀ օրենքի 13-րդ և 46-րդ հոդվածներով նախատեսված ազատազրկման վայրում գտնվող անձանց կողմից ապաստանի հայց ներկայացնելու ընթակարգը, այն է՝ տվյալ անձանց ապաստանի խնդրանքը լիազոր մարմնին փոխանցվում է ազատազրկման վայրի վարչակազմի միջոցով:
Վերոգրյալի հիման վրա՝ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 24.09.2025 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վարչական դատարան՝ նոր քննության:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պետի 10.06.2024 թվականի թիվ 1097 գրության համաձայն՝ ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությանն է ուղարկվել ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Մաքսիմ Պուզանովի դիմումը: Դիմումով Մաքսիմ Պուզանովը խնդրել է իրեն տրամադրել քաղաքական ապաստան ՀՀ տարածքում (հատոր 3-րդ, գ.թ. 24, 27, 28)։
ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության 17.06.2024 թվականի թիվ 42/94/3/97389-24 գրության համաձայն՝ ի պատասխան 10.06.2024 թվականի ՀՀ-ում քաղաքական ապաստան ստանալու մասին դիմումի՝ հայտնել են, որ հաշվի առնելով, որ դիմումի հետ չեն ներկայացվել քաղաքական գործունեություն իրականացնելու վերաբերյալ և վերջինիս նկատմամբ քաղաքական հետապնդում իրականացվելու հանգամանքը հաստատող փաստաթղթերը, ինչի արդյունքում չի հաստատվել այն փաստական հանգամանքը, որ քաղաքացիության երկրում Մաքսիմ Պուզանովը քաղաքական գործունեություն է իրականացրել և այդ հիմքով հետապնդվել է, ՀՀ-ում քաղաքական ապաստան ստանալու մասին դիմումին ընթացք տրվել չի կարող (հատոր 1-ին, գ.թ. 20)։
Մաքսիմ Պուզանովի ներկայացուցչի 25.07.2024 թվականի դիմումով Մաքսիմ Պուզանովը խնդրել է հարուցել վարչական վարույթ իրեն ՀՀ-ում փախստական ճանաչելու և իրեն ապաստան տրամադրելու համար (հատոր 1-ին, գ.թ. 21-24)։
ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության 30.07.2024 թվականի թիվ 42/94/3/127965-24 գրության համաձայն՝ ի պատասխան հայցվորի ներկայացուցչի գրության՝ տեղեկացրել են, որ Մաքսիմ Պուզանովի ՀՀ-ում փախստականի կարգավիճակ տալու մասին դիմումին ընթացք տրվել չի կարող, քանի որ չի պահպանվել «Փախստականների և ապաստանի մասին» օրենքի 13-րդ և 46-րդ հոդվածներով նախատեսված ազատազրկման վայրում գտնվող անձանց կողմից ապաստանի հայց ներկայացնելու ընթակարգը, համաձայն որի՝ տվյալ անձանց ապաստանի խնդրանքը լիազոր մարմնին փոխանցվում է ազատազրկման վայրի վարչակազմի միջոցով (հատոր 3-րդ, գ.թ. 42)։
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից «Փախստականների և ապաստանի մասին» ՀՀ օրենքի 13-րդ և 46-րդ հոդվածների, 47-րդ հոդվածի 2.1-ին մասի խախտման հետևանքով առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում.
Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում հստակեցնել ազատազրկման վայրում գտնվող անձի կողմից ապաստանի հայց ներկայացնելու առանձնահատկությունները։
Անձին ապաստան տրամադրելու գործընթացն իր էությամբ մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության հատուկ իրավական մեխանիզմ է, որի նպատակն է ապահովել այն անձի պաշտպանությունը, ով իր քաղաքացիության կամ նախկին մշտական բնակության երկրից դուրս գտնվելով՝ չի կարող կամ հիմնավոր երկյուղի պատճառով չի ցանկանում օգտվել այդ պետության պաշտպանությունից։ Փախստականի կարգավիճակի որոշման ընթացակարգի առանձնահատուկ նշանակությունը բխում է նաև Հայաստանի Հանրապետության ստանձնած մի շարք միջազգային պարտավորություններից։
Այսպես. Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 14-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ յուրաքանչյուր ոք իրավունք ունի հետապնդումից ապաստան որոնելու ուրիշ երկրներում և օգտվելու այդ ապաստանից:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, անդրադառնալով փախստականների և ապաստան հայցողների իրավունքների արդյունավետ պաշտպանությանը, նշել է, որ պետություններն իրավունք ունեն վերահսկելու օտարերկրացիների մուտքը, բնակությունը և արտաքսումը: Կոնվենցիայի 13-րդ հոդվածը երաշխավորում է Կոնվենցիայով նախատեսված իրավունքների և ազատությունների էության ապահովման համար ազգային մակարդակում իրավական պաշտպանության միջոցի առկայությունը՝ անկախ նրանից, թե դրանք ինչպես են ապահովվում ներպետական իրավական կարգում: Այնուամենայնիվ, 13-րդ հոդվածով պահանջվող իրավական պաշտպանության միջոցը պետք է լինի «արդյունավետ» ինչպես գործնականում, այնպես էլ իրավական առումով։ Որպեսզի 13-րդ հոդվածով պահանջվող միջոցը արդյունավետ լինի, այն պետք է հասանելի լինի ինչպես գործնականում, այնպես էլ օրենքով, մասնավորապես այն իմաստով, որ դրա իրականացումը չպետք է անհիմն խոչընդոտվի պատասխանող պետության իշխանությունների գործողություններով կամ անգործությամբ։ Բացի այդ, հատուկ ուշադրություն պետք է դարձնել իրավական պաշտպանության միջոցի արագությանը, քանի որ չի կարելի բացառել, որ դրա չափազանց երկար տևողությամբ կարող է խաթարվել իրավական պաշտպանության միջոցի համարժեք բնույթը (տե՛ս, Դե Սուզա Ռիբեիրոն ընդդեմ Ֆրանսիայի գործով Եվրոպական դատարանի 13.12.2012 թվականի վճիռը, կետեր 77, 78, 80, 81):
Վերոնշյալ հարցին անդրադարձել է նաև ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գործակալության՝ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ծրագրի գործադիր կոմիտեն իր մի շարք փաստաթղթերում և մասնավորապես՝ 1987 թվականի թիվ 46 եզրակացության (j) կետով նշել է, որ ապաստանի ընթացակարգերի չարաշահման կանխարգելմանն ուղղված միջոցառումները վնասակար ազդեցություն չպետք է ունենան միջազգային պաշտպանության հիմնարար սկզբունքների, այդ թվում՝ ապաստանի ինստիտուտի վրա։
Հաշվի առնելով վերոնշյալ միջազգային կարգավորումները և Եվրոպական դատարանի դիրքորոշումը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ միջազգային իրավական երաշխիքները պահանջում են, որ հետապնդման վտանգի առկայության պայմաններում անձն ունենա այլ պետության տարածքում պաշտպանություն հայցելու իրական և արդյունավետ հնարավորություն։ Միևնույն ժամանակ, նշվածը չի կարող ընկալվել որպես պետության՝ ապաստան տրամադրելու անվերապահ պարտականություն, և պետություններն ունեն օտարերկրացիների մուտքը, բնակությունը և վտարումը կարգավորելու իրավասություն, որն, այնուամենայնիվ, սահմանափակվում է մարդու իրավունքների պաշտպանության միջազգային պարտավորություններով։
Ապաստան տրամադրելու գործընթացը պետք է լինի արդյունավետ ոչ միայն օրենքով, այլև՝ գործնականում։ Այդ արդյունավետությունը, ի թիվս այլնի, ենթադրում է, որ իրավասու մարմինները չեն կարող ապաստան հայցելու իրավունքի իրացումը պայմանավորել այնպիսի ձևական պահանջներով, որոնք օրենքից ուղղակիորեն չեն բխում։ Այս պահանջը ենթադրում է, որ ապաստան հայցող անձը պետք է ունենա իր դիմումը պատշաճ ներկայացնելու իրական հնարավորություն, պետք է ապահովվի դիմումի անհատական, բազմակողմանի և լրիվ քննությունը, իսկ պաշտպանության միջոցի կիրառումը չպետք է անհարկի խոչընդոտվի պետական մարմինների գործողություններով կամ անգործությամբ։ Նշված գործընթացի արդյունավետությունը գնահատելիս առանձնահատուկ նշանակություն ունի նաև ընթացակարգի տևողությունը, քանի որ ապաստանի տրամադրման հարցի անհիմն կամ անորոշ ժամկետով ձգձգումը կարող է հանգեցնել ծանր հետևանքների (այդ թվում նաև՝ անձին ազատությունից զրկելուն)։ Բացի այդ՝ այս ընթացակարգերի հնարավոր չարաշահումները կանխելու նպատակով նախատեսվող միջոցառումները չեն կարող ունենալ այնպիսի բնույթ կամ ծավալ, որը վնասում է միջազգային պաշտպանության հիմնարար սկզբունքներին, և չարաշահումների կանխարգելման նպատակը չի կարող արդարացնել այնպիսի ընթացակարգային պահանջների կիրառումը, որոնք իրենց բնույթով կամ գործնական ազդեցությամբ անհամաչափորեն դժվարացնում կամ փաստացի խոչընդոտում են ապաստան հայցելու իրավունքի իրականացումը։
Փախստականների և ապաստան հայցողների իրավունքների պաշտպանության միջազգային չափանիշներն իրենց անմիջական արտացոլումն են ստացել նաև Հայաստանի Հանրապետության ներպետական իրավական համակարգում։
Այսպես. Փախստականների և ապաստան հայցող անձանց ՀՀ Սահմանադրությամբ, վավերացված միջազգային պայմանագրերով և օրենքներով սահմանված իրավունքների ու օրինական շահերի պաշտպանության պատշաճ երաշխիք ապահովելու նպատակով, ի թիվս այլնի, ՀՀ Ազգային ժողովի կողմից 27.11.2008 թվականին ընդունվել է «Փախստականների և ապաստանի մասին» ՀՀ օրենքը (այսուհետ՝ Օրենք), որի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Օրենքը Հայաստանի Հանրապետությունում կարգավորում է փախստականի ճանաչման, ապաստանի տրամադրման հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև ապահովում է Փախստականների կարգավիճակի մասին 1951 թվականի կոնվենցիայի, դրա 1967 թվականի Արձանագրության կիրառումը և ճանաչում է բոլոր օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց` Հայաստանի Հանրապետության տարածքում և Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում ապաստան հայցելու, ինչպես նաև ապաստան ստանալու իրավունքը, եթե նրանք բավարարում են ապաստանի տրամադրման համար նույն օրենքով սահմանված անհրաժեշտ պահանջները:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նույն օրենքը, միջազգային իրավունքի սկզբունքներին և նորմերին համապատասխան, ապահովում է նաև բոլոր օտարերկրացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց իրենց քաղաքացիության կամ նախկին մշտական բնակության կամ որևէ այլ երկիր վտարելուց պաշտպանությունը, որտեղ նրանց սպառնում է խոշտանգումների, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի ենթարկվելու վտանգ:
Օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ապաստանի հայցը օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի կողմից Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստանալու նպատակով նույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված մարմիններին ներկայացված խնդրանք է կամ դիմում:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ապաստանի խնդրանք է համարվում Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում Ազգային անվտանգության ծառայության (...) կազմում գործող Հայաստանի Հանրապետության սահմանապահ զորքերին (...), իսկ Հայաստանի Հանրապետության տարածքում՝ լիազոր մարմնին, ինչպես նաև Ոստիկանության, կամ եթե անձը գտնվում է ազատազրկման վայրում՝ ազատազրկման վայրի վարչակազմին բանավոր, գրավոր, ժեստերի լեզվով կամ հաղորդակցության որևէ այլ միջոցով առերես արված ցանկացած հայտարարություն, որն արտահայտում է Հայաստանի Հանրապետությունում պաշտպանություն գտնելու նրա ցանկությունը: Նույն մարմինները նաև պարտավոր են տրամադրել տեղեկատվություն Հայաստանի Հանրապետությունում ապաստանի հայց ներկայացնելու հնարավորության մասին այն անձանց, որոնք, հնարավոր է, որ ապաստանի կարիք ունեն:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ ապաստանի դիմումը օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի կողմից ապաստանի ստացման նպատակով Հայաստանի Հանրապետության տարածքում լիազոր մարմնին ներկայացված գրավոր խնդրանքն է: Դիմումի ձևը հաստատում է Կառավարությունը: Ապաստանի դիմումը կարող է ներկայացվել ինչպես հաջորդելով ապաստանի խնդրանքին` նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` ապաստան հայցելու գործընթացն ավարտելու նպատակով, այնպես էլ անմիջապես՝ առանց ապաստանի խնդրանքի:
Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ նույն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով սահմանված` ապաստան հայցող ամբողջ ընտանիքի համար ապաստանի խնդրանքը և դիմումը կարող է ներկայացնել Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող ընտանիքի որևէ անդամ, ինչը, սակայն, չի սահմանափակում ընտանիքի մյուս անդամների` նույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով անձնական պատճառների հիման վրա անհատական դիմումներ ներկայացնելու իրավունքը:
Օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ապաստան հայցողների և փախստականների` նույն օրենքով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված բոլոր իրավունքները հարգվում են Հայաստանի Հանրապետության պետական և ոչ պետական բոլոր մարմինների կողմից:
Օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Միգրացիայի և քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինը նախարարությանը ենթակա Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունն է:
Օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նույն օրենքի իմաստով ապաստանի տրամադրման ընթացակարգ է համարվում լիազոր մարմնի կողմից իրականացվող փախստականի կարգավիճակի և ապաստանի տրամադրման վարչական վարույթը (…):
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ապաստանի տրամադրման ընթացակարգն իրականացվում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ:
Օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստանալու ցանկություն ունեցող օտարերկրյա քաղաքացիները ապաստան ստանալու խնդրանք են ներկայացնում նույն օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված մարմիններին:
Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ սահմանապահ զորքերը, Ոստիկանությունը կամ ազատազրկման վայրի վարչակազմը հարցազրույց են անցկացնում ապաստան հայցողի հետ նույն հոդվածի 3-րդ մասով սահմանված անհրաժեշտ տեղեկատվությունը ստանալու համար և ապաստանի խնդրանքը գրանցում են համապատասխան գրանցամատյանում:
(…)
Հարցազրույցը գրավոր արձանագրվում է ապաստանի խնդրանք ստացած մարմինների կողմից, ապա գրավոր ներկայացված ապաստանի խնդրանքի հետ, եթե այդպիսին կա, փոխանցվում է լիազոր մարմնին, իսկ պատճենները մնում են վերը նշված մարմինների մոտ:
Օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության տարածքում օրինական հիմքերով գտնվող օտարերկրյա քաղաքացիները, որոնք ապաստան ստանալու մտադրություն ունեն, դիմում են լիազոր մարմին և անմիջապես ներկայացնում են ապաստանի դիմումը` նույն օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն (…):
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության տարածքում անօրինական գտնվող օտարերկրյա քաղաքացիները, որոնք ապաստան ստանալու մտադրություն ունեն կամ անմիջապես դիմում են լիազոր մարմին և ներկայացնում են ապաստանի դիմումը, նույն օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն (…):
Նույն հոդվածի 2.1-ին մասի համաձայն՝ այն օտարերկրյա քաղաքացին կամ քաղաքացիություն չունեցող անձը, որն ապօրինի հատել է Հայաստանի Հանրապետության պետական սահմանը, կամ որի նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում Հայաստանի Հանրապետության տարածքում, կամ որը ենթակա է հանձնման օտարերկրյա պետությանը, կարող է դիմել ապաստան ստանալու կամ փախստականի կարգավիճակ ձեռք բերելու համար այդ իրավունքի մասին ծանուցման պահից՝ 15 օրվա ընթացքում: Իրավասու մարմնի պաշտոնատար անձը նույն մասում նշված անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու, նրան ազատությունից զրկելու կամ նրա ազատությունը այլ կերպ սահմանափակելու պահից սկսած՝ անհապաղ, բայց ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում, պարզաբանում է ապաստան կամ փախստականի կարգավիճակ հայցելու նրա իրավունքը, որի վերաբերյալ նրան տալիս է գրավոր ծանուցագիր և ապահովում է նրա իրավունքի իրացումը՝ Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստանալու մասին նրա դիմումն ուղարկելով լիազոր մարմին:
Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ նույն օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` ապաստանի դիմումը ապաստան հայցողը գրավոր ներկայացնում է լիազոր մարմնին` հայերեն կամ իր մայրենի լեզվով կամ Միավորված ազգերի կազմակերպության լեզուներից մեկով:
Վերոնշյալ իրավանորմերի համակարգային վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Օրենքը Հայաստանի Հանրապետությունում ապաստան հայցելու իրավունքը դիտարկում է որպես օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց հիմնարար պաշտպանական իրավունքներից մեկը, որն ուղղված է նաև ապահովելու միջազգային իրավական փաստաթղթերով նախատեսված անձի՝ պաշտպանություն ստանալու իրական հնարավորությունը, որն իրացվում է ապաստանի տրամադրման ընթացակարգով, այն է՝ լիազոր մարմնի կողմից իրականացվող փախստականի կարգավիճակի և ապաստանի տրամադրման վարչական վարույթով։ Անձը Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստանալու նպատակով կարող է ներկայացնել ապաստանի հայց, որը կարող է դրսևորվել ապաստանի խնդրանքի կամ ապաստանի դիմումի ձևով։ Ընդ որում՝ ապաստանի հայցի այս երկու տեսակները տարբերվում են իրարից ինչպես ներկայացման եղանակով, այդպես էլ՝ հասցեատիրոջով։
Մասնավորապես՝ եթե անձը գտնվում է ազատազրկման վայրում, ապաստանի խնդրանքը կարող է ներկայացվել այդ թվում նաև՝ գրավոր եղանակով, և այն ներկայացվում է ազատազրկման վայրի վարչակազմին։ Միևնույն ժամանակ, եթե անձը գտնվում է ազատազրկման վայրում, ազատազրկման վայրի վարչակազմի դերը ոչ թե ապաստանի տրամադրման հարցը լուծելն է, այլ խնդրանքը ընդունելը, գրանցամատյանում այն գրանցելը, հարցազրույց իրականացնելը և համապատասխան ընթացակարգով նյութերը ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությանը փոխանցելը։ Մինչդեռ՝ ապաստանի դիմումը ներկայացվում է միայն գրավոր եղանակով անմիջապես ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությանը։ Այլ կերպ ասած, փախստականի կարգավիճակի և ապաստանի տրամադրման վարչական վարույթում օրենսդիրը ազատազրկման վայրի վարչակազմին օժտել է ոչ թե դիմումն ընդունելու բացառիկ լիազորությամբ՝ արգելելով լիազոր մարմնին քննության առնել այլ կերպ ներկայացված դիմումները, այլ ազատազրկման վայրի վարչակազմին պատվիրակել է միջանկյալ գործառույթ՝ ընդունել և լիազոր մարմնին փոխանցել համապատասխան փաստաթղթերը, որն, ի լրումն անձի կողմից դիմումը անձամբ ներկայացնելու ընթացակարգի, ուղղված է ազատազրկման վայրում գտնվող անձանց պատշաճ վարչարարության և այլ իրավունքներն առավել արդյունավետ և հավասար պայմաններում իրացնելն ապահովելուն։
Հետևաբար, չնայած այն հանգամանքին, որ ապաստանի խնդրանքը և ապաստանի դիմումը կարող են ներկայացվել գրավոր եղանակով և ապաստանի խնդրանքի համար առկա է հատուկ կարգավորում, որը վերաբերում է ազատազրկման վայրում գտնվող անձի կողմից ներկայացվող ապաստանի խնդրանքի հասցեատիրոջը, այնուամենայնիվ, հաշվի առնելով նախ միջազգային իրավական երաշխիքներն առ այն, որ ապաստան տրամադրելու գործընթացը պետք է լինի արդյունավետ ոչ միայն օրենքով, այլև գործնականում, ինչպես նաև ներպետական կարգավորումները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ազատազրկման վայրում գտնվելու հանգամանքը, ինքնին, չի սահմանափակում անձի՝ ապաստան հայցելու իրավունքի իրացման ձևի ընտրության հնարավորությունը։ Ազատազրկման վայրում գտնվող անձը կարող է ապաստան հայցել՝ ներկայացնելով ապաստանի խնդրանք ազատազրկման վայրի վարչակազմին, կամ ապաստանի դիմում՝ անմիջապես լիազոր մարմնին, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև իրացնելով երկու ընթացակարգային հնարավորություններն էլ։ Ուստի ազատազրկման վայրում գտնվող անձը ապաստանի հայցը ապաստանի դիմումի տեսքով կարող է անմիջականորեն հասցեագրել ու ներկայացնել լիազոր մարմնին, այն է տվյալ դեպքում՝ ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությանը։
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն գործը հարուցվել է Մաքսիմ Պուզանովի կողմից ներկայացված գործողության կատարման հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է պարտավորեցնել ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությանը հարուցել իրեն ապաստան տրամադրելու և փախստական ճանաչելու վերաբերյալ վարչական վարույթ:
Դատարանը 19.03.2025 թվականի վճռով Մաքսիմ Պուզանովի հայցը մերժել է՝ պատճառաբանելով, որ «(...) ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության 30.07.2024 թվականի թիվ 42/94/3/127965-24 գրությամբ հիմնավորվել է, որ ի պատասխան Հայցվորի 2024 թվականի հուլիսի 29-ի գրության՝ տեղեկացրել են, որ Մաքսիմ Պուզանովի ՀՀ-ում փախստականի կարգավիճակ տալու մասին դիմումին ընթացք տրվել չի կարող, քանի որ չի պահպանվել «Փախստականների և ապաստանի մասին» օրենքի 13-րդ և 46-րդ հոդվածներով նախատեսված ազատազրկման վայրում գտնվող անձանց կողմից ապաստանի հայց ներկայացնելու ընթակարգը, համաձայն որի՝ տվյալ անձանց ապաստանի խնդրանքը լիազոր մարմնին փոխանցվում է ազատազրկման վայրի վարչակազմի միջոցով (...)»:
Վերաքննիչ դատարանը 24.09.2025 թվականի որոշմամբ Մաքսիմ Պուզանովի վերաքննիչ բողոքը մերժել է և Դատարանի 19.03.2025 թվականի վճիռը թողել է անփոփոխ՝ այն պատճառաբանությամբ, որ «(...) Մաքսիմ Պուզանովը պետք է ի սկզբանե դիմեր ազատազրկման վայրի իրավասու մարմնի պաշտոնատար անձին, իսկ վերջինս էլ դիմումը պետք է ուղարկեր ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայություն: Որպիսի պարագայում հնարավոր չէ պարտավորեցնել ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությանն ընթացք տալ դիմումին այն պարզ պատճառաբանությամբ, որ նշյալ պարագայում դիմումը վարչական մարմինը պետք է ստանար հենց ազատազրկման վայրի իրավասու մարմնի պաշտոնատար անձին կողմից (...)»:
Վճռաբեկ դատարանը, վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո, անդրադառնալով Վերաքննիչ դատարանի հետևությունների հիմնավորվածությանը, արձանագրում է հետևյալը.
Սույն գործի փաստերից հետևում է, որ ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ պետի 10.06.2024 թվականի թիվ 1097 գրությամբ ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությանն է փոխանցվել կալանավորված անձ Մաքսիմ Պուզանովի դիմումը, որով վերջինս խնդրել է իրեն տրամադրել քաղաքական ապաստան ՀՀ-ում։
ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը 17.06.2024 թվականի գրությամբ հայտնել է, որ դիմումին ընթացք տրվել չի կարող, քանի որ չեն ներկայացվել քաղաքական գործունեություն իրականացնելու կամ քաղաքական հետապնդման ենթարկվելու հանգամանքը հաստատող փաստաթղթեր։
25.07.2024 թվականին Մաքսիմ Պուզանովի ներկայացուցիչը դիմում է ներկայացրել ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայություն՝ խնդրելով հարուցել վարչական վարույթ Մաքսիմ Պուզանովին ՀՀ-ում փախստական ճանաչելու և ապաստան տրամադրելու համար։ Ի պատասխան վերոնշյալ դիմումի՝ ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը 30.07.2024 թվականի գրությամբ հայտնել է, որ այդ դիմումին ևս ընթացք տրվել չի կարող, քանի որ ազատազրկման վայրում գտնվող անձանց կողմից ապաստանի հայց ներկայացնելու՝ «Փախստականների և ապաստանի մասին» ՀՀ օրենքի 13-րդ և 46-րդ հոդվածներով սահմանված կարգը չի պահպանվել. տվյալ անձանց ապաստանի խնդրանքը լիազոր մարմնին փոխանցվում է ազատազրկման վայրի վարչակազմի միջոցով։
Դատարանը և Վերաքննիչ դատարանն արձանագրել են, որ հայցվորը պետք է ի սկզբանե դիմեր ազատազրկման վայրի իրավասու մարմնի պաշտոնատար անձին: Որպիսի պարագայում հնարավոր չէ պարտավորեցնել ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությանն ընթացք տալ դիմումին։
Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում Դատարանի և Վերաքննիչ դատարանի վերոնշյալ դիրքորոշմանն անդրադառնալ օրինականության սկզբունքի շրջանակներում։
ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի համաձայն՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական մարմինները պարտավոր են հետևել օրենքների պահպանմանը: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վարչական մարմինների լիազորությունները սահմանվում են օրենքով կամ օրենքով նախատեսված դեպքերում` իրավական այլ ակտերով: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ առանձին տեսակի վարչական վարույթների առանձնահատկությունները սահմանվում են օրենքներով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով։
ՀՀ վճռաբեկ դատարանը, իր նախկին որոշումներից մեկում անդրադառնալով օրինականության սկզբունքին, նշել է, որ այս սկզբունքն ուղղակիորեն պահանջում է, որ պետական մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեությունը հիմնված լինի Սահմանադրության և օրենքի վրա. (…): Օրինականության սկզբունքը բացառիկ կարևոր նշանակություն ունի հատկապես այն ժամանակ, երբ պետական մարմիններն առնչվում են մասնավոր անձանց հիմնական իրավունքների հետ (տե՛ս, «Ինեկոբանկ» ՓԲԸ-ն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ/2127/05/11 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.07.2014 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ արտահայտել է իրավական դիրքորոշում առ այն, որ ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված է առանցքային նշանակություն ունեցող սահմանադրական այն պահանջը, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց լիազորությունները պետք է սահմանված լինեն ՀՀ Սահմանադրությամբ կամ օրենքով: Միաժամանակ, ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասով օրենսդիրը նախատեսել է օրինականության ենթասկզբունք հանդիսացող օրենքի վերապահումը: Օրենքի վերապահում նշանակում է, որ վարչական մարմինը որևէ գործողություն իրականացնելու համար պետք է լիազորված լինի օրենքով կամ օրենքով նախատեսված դեպքում նաև այլ իրավական ակտով (տե՛ս, ՀՀ ֆինանսների նախարարության Կապանի տարածքային հարկային տեսչությունն ընդդեմ «Վարդանի Զարթոնքը» ՍՊԸ-ի թիվ ՎԴ/11193/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ իրավական պետությունում վարչական մարմիններն իրենց գործունեությունում «ազատ» չեն, այլ կապակցված են իրավունքով և օրենքով, ինչը դրսևորվում է նաև օրենքի գերակայությամբ (վարչական մարմնի ոչ մի իրավական ակտ, գործողություն կամ անգործություն չպետք է հակասի օրենքին) և օրենքի վերապահմամբ (վարչական մարմինը որևէ լիազորություն իրականացնելու համար պետք է լիազորված լինի օրենքով): Վարչարարություն իրականացնող բոլոր մարմինները պարտավոր են պահպանել վարչարարության հիմնարար սկզբունքները, որոնցից առավել մեծ նշանակությամբ, թերևս, առանձնանում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածում ամրագրված՝ վարչարարության օրինականության սկզբունքը: Այն իրավական պետության հիմնաքարերից մեկն է, քանի որ, եթե վարչական մարմինները գործում են ոչ թե իրավաչափորեն, այլ կամայականորեն, ապա մյուս սկզբունքների պահպանումն այլևս իմաստազրկվում է (տե՛ս, «ԱՄՈԿԱ ԳԼԱՍ» ՍՊԸ-ի ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ/7522/05/17 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 03.03.2022 թվականի որոշումը):
Վկայակոչված իրավակարգավորումների և իրավական դիրքորոշումների լույսի ներքո, կարևորելով նաև օրինականության՝ որպես իրավունքի սկզբունքների հիմնաքար հանդիսացող ելակետային հիմնադրույթի դերակատարությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վարչական մարմինը, ստանալով ապաստանի հայց, պարտավոր էր այն գնահատել ոչ թե ձևական-ընթացակարգային սահմանափակումների, այլ անձի՝ ապաստան հայցելու իրավունքի արդյունավետ իրացման երաշխիքների համատեքստում։
Սույն գործի փաստական հանգամանքներից հետևում է, որ Մաքսիմ Պուզանովի ներկայացուցիչը ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությանը ներկայացրել է ոչ թե ապաստանի խնդրանք՝ «Փախստականների և ապաստանի մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի իմաստով, այլ ապաստանի դիմում՝ նույն հոդվածի 3-րդ մասի իմաստով՝ խնդրելով հարուցել վարչական վարույթ Մաքսիմ Պուզանովին Հայաստանի Հանրապետությունում փախստական ճանաչելու և ապաստան տրամադրելու հարցի կապակցությամբ։
Մինչդեռ ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը նշված դիմումին ընթացք չտալու իր դիրքորոշումը հիմնավորել է այն կարգավորումներով, որոնք վերաբերում են ազատազրկման վայրում գտնվող անձի կողմից ապաստանի խնդրանք ներկայացնելու ընթացակարգին։ Այսպիսով, վարչական մարմինը փաստացի նույնացրել է ապաստանի խնդրանքը և ապաստանի դիմումը, այն դեպքում, երբ Օրենքը դրանց համար նախատեսում է տարբեր իրավական ռեժիմներ, ներկայացման տարբեր եղանակներ և տարբեր հասցեատերեր։ Ընդ որում, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ապաստան ստանալու կամ փախստականի կարգավիճակ ձեռք բերելու դիմումին ընթացք չտալու լիազորություն Օրենքով սահմանված չէ, ինչը ենթադրում է, որ այդպիսի դիմում ստանալու դեպքում լիազոր մարմինը պարտավոր է իրականացնել համապատասխան վարչարարություն՝ դիմումը եզրափակելով բարենպաստ կամ միջամտող վարչական ակտի կայացմամբ կամ վարույթը եզրափակող այլ ակտի ընդունմամբ։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործի փաստերի նկատմամբ թե՛ պատասխանող վարչական մարմնի, թե՛ ստորադաս դատարանների մոտեցումը չի բխում «Փախստականների և ապաստանի մասին» ՀՀ օրենքի 13-րդ, 46-րդ և 47-րդ հոդվածների համակարգային մեկնաբանությունից։ Ազատազրկման վայրում գտնվելու հանգամանքը չի կարող անձին զրկել ապաստանի դիմում անմիջապես լիազոր մարմնին ներկայացնելու հնարավորությունից։ Հակառակ մեկնաբանությունը կհանգեցներ ապաստան հայցելու իրավունքի անհամաչափ սահմանափակման և այդ իրավունքի իրականացումը կդարձներ կախված այնպիսի ձևական պահանջից, որն Օրենքից ուղղակիորեն չի բխում։
Ուստի, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Մաքսիմ Պուզանովի ներկայացրած ապաստանի հայցը ենթակա էր գնահատման ապաստանի դիմումի կառուցակարգերի շրջանակներում։ Ըստ այդմ՝ ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը պարտավոր էր դիմումին տալ օրենքով նախատեսված ընթացք՝ իրականացնելով համապատասխան վարչական վարույթ։ Վարչական մարմինը իրավասու չէր մերժել դիմումին ընթացք տալը այն պատճառաբանությամբ, որ այն չի փոխանցվել ազատազրկման վայրի վարչակազմի միջոցով, ընդհակառակը պատասխանող վարչական մարմինը պարտավոր էր իրականացնել համապատասխան վարչարարություն՝ դիմումը եզրափակելով բարենպաստ կամ միջամտող վարչական ակտի կայացմամբ, որպիսի պայմաններում հայցվորի պահանջն իրավաչափ է և բավարարման ենթակա։
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-151-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը բեկանելու և փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի վերոգրյալ հոդվածով ամրագրված` անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:
Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետի համաձայն՝ դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվում են՝ ապաստան հայցողները և փախստականները՝
ա. ապաստանի հայցի և փախստականի ճանաչման վերաբերյալ ընդունված որոշումները բողոքարկելու վերաբերյալ հայցերով,
բ. ապաստանի հայցի կամ փախստականի ճանաչման առնչությամբ հարուցված՝ ապաստանի ընթացակարգի շրջանակներում իրենց իրավունքների և երաշխիքների խախտման վերաբերյալ հայցերով։
Հաշվի առնելով, որ տվյալ դեպքում Մաքսիմ Պուզանովը ազատված է եղել պետական տուրքի վճարումից, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոք ներկայացնելու համար պետական տուրքի հարցը վերոգրյալ իրավանորմի ուժով պետք է համարել լուծված:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 24.09.2025 թվականի որոշումը և փոփոխել այն` բեկանել ՀՀ վարչական դատարանի 19.03.2025 թվականի վճիռը և փոփոխել այն. Մաքսիմ Պուզանովի հայցն ընդդեմ ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության բավարարել. պարտավորեցնել ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությանը հարուցել Մաքսիմ Պուզանովին ապաստան տրամադրելու և փախստական ճանաչելու վերաբերյալ վարչական վարույթ:
2. Դատական ծախսերի հարցը համարել լուծված:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:
Նախագահող և զեկուցող
Հ. ԲԵԴԵՎՅԱՆ
Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ
Լ. ՀԱԿՈԲՅԱՆ
