Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am

Վճռաբեկ դատարան · Քրեական

ԼԴ/0047/01/23

Վճռաբեկ դատարանի որոշումների ցանկից (cassationcourt.am/decisions)՝ դատարանի նախադեպային շտեմարանում այն չկա։

Գործի համարը
ԼԴ/0047/01/23
Դիմող / մեղադրյալ
Արեն Բոյաջյան
Դատական ակտի ընդունման ամսաթիվը
21.08.2026
Որոշման տեքստում վկայակոչված այլ հոդվածներ
10 հոդված՝ որոշման տեքստից (դատարանի քարտում չկան)

Որոշման տեքստը

դատարանի Word ֆայլից
ԼԴ/0047/01/23 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան, նախագահող դատավոր՝ Լ.Սեփխանյան Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարան, նախագահող դատավոր՝ Լ.Հովհաննիսյան դատավորներ՝ Ս.Համբարձումյան Ռ.Պապոյան 21 օգոստոսի 2026 թվական ք.Երևան ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ` Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ մասնակցությամբ դատավորներ` Հ.ԳՐԻԳՈՐՅԱՆԻ Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ գրավոր ընթացակարգով քննության առնելով մեղադրյալ Արեն Հակոբի Բոյաջյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի հուլիսի 31-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Վարդապետյանի վճռաբեկ բողոքը, Պ Ա Ր Զ Ե Ց Վարույթի դատավարական նախապատմությունը. 1. Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան)՝ 2023 թվականի ապրիլի 26-ի դատավճռով ճանաչվել և հռչակվել է Արեն Հակոբի Բոյաջյանի անմեղությունը 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ նաև՝ ՀՀ գործող քրեական օրենսգիրք) 335-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում՝ իրեն մեղսագրվող արարքը չկատարելու հիմքով։ Նույն դատավճռով Ա.Բոյաջյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ գործող քրեական օրենսգրքի 457-րդ հոդվածի 1-ին մասով՝ երեք դրվագով և 469-րդ հոդվածի 1-ին մասով՝ երեք դրվագով նախատեսված հանցանքների կատարման մեջ։ Ա.Բոյաջյանի նկատմամբ՝ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 457-րդ հոդվածի 1-ին մասով երեք դրվագներից յուրաքանչյուրով պատիժ է նշանակվել տուգանք՝ 300.000 (երեք հարյուր հազար) ՀՀ դրամի չափով, իսկ 469-րդ հոդվածի 1-ին մասով երեք դրվագներից յուրաքանչյուրով՝ 200.000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամի չափով։ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ նաև՝ ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 66-րդ հոդվածի կիրառմամբ՝ պատիժները լրիվ գումարելու միջոցով Ա.Բոյաջյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել տուգանք՝ 1.500.000 (մեկ միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամի չափով։ Նույն օրենսգրքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի կիրառմամբ նշանակված պատիժը մեղմացվել է, և Ա.Բոյաջյանի նկատմամբ վերջնական պատիժ է սահմանվել տուգանք՝ 1.000.000 (մեկ միլիոն) ՀՀ դրամի չափով՝ թույլատրվելով տուգանքը վճարել մաս առ մաս՝ 10 (տասը) ամսվա ընթացքում՝ յուրաքանչյուր ամիս 100.000 (հարյուր հազար) ՀՀ դրամի չափով։ Ա.Բոյաջյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված բացակայելու արգելքը և գրավը մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը թողնվել են անփոփոխ։ 2. Դատախազի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2023 թվականի հուլիսի 31-ին որոշում է կայացրել բողոքը մերժելու, Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի ապրիլի 26-ի դատավճիռն անփոփոխ թողնելու մասին։ 3. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Վարդապետյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2024 թվականի մարտի 18-ի որոշմամբ ընդունվել է վարույթ, և սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։ Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը. Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով. 4. Բողոքի հեղինակի պնդմամբ՝ ստորադաս դատարանի որոշումն օրինական ու հիմնավոր չէ, դրանով թույլ է տրվել դատական սխալ՝ նյութական և քրեադատավարական օրենքի էական խախտում, որն ազդել է վարույթի ելքի վրա։ Բողոքաբերը, մասնավորապես նշել է, որ ստորադաս դատարաններն Ա.Բոյաջյանին ՀՀ գործող քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ն մասով առաջադրված մեղադրանքում արդարացնելիս իրենց հետևություններին հանգել են գործի փաստական տվյալները մեկը մյուսից անջատ, ոչ ամբողջության մեջ գնահատելու, ինքնավար և մակերեսային հետազոտման ենթարկելու արդյունքում՝ իրենց դատողությունների հիմքում դնելով Հ․Բ-ի հակասական ցուցմունքները, որոնք հակասում են նաև դատաձգաբանական փորձաքննության եզրակացությանը։ Ավելին՝ ստորադաս դատարանները հաշվի չեն առել, որ ավտոմեքենայում հայտնաբերվել է նաև մարիխուանա տեսակի թմրամիջոց, որի կապակցությամբ Ա.Բոյաջյանի նկատմամբ կայացվել է քրեական հետապնդում չհարուցելու մասին որոշում, համաձայն որի՝ խուզարկված ավտոմեքենան և հայտնաբերված թմրամիջոցը փաստացի պատկանում են հենց վերջինիս, իսկ պաշտպանության կողմը որոշումը չի բողոքարկել, և այն մտել է օրինական ուժի մեջ։ Ամփոփելով՝ բողոքի հեղինակը փաստարկել է, որ գործով ձեռք բերված ապացույցները միմյանց հետ համադրելու և Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումների համատեքստում վերլուծելու արդյունքում կարելի է գալ եզրահանգման, որ դրանք իրենց համակցության մեջ բավարար են Ա.Բոյաջյանի մեղավորությունը ՀՀ գործող քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշով հաստատված համարելու և հակառակի ողջամիտ հավանականության բացակայությունն արձանագրելու համար։ 4.1. Բացի այդ, ըստ բողոքաբերի՝ Ա.Բոյաջյանի նկատմամբ պատիժ նշանակելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները նույնպես հիմնավոր չեն. ստորադաս դատարանները պատշաճ գնահատման չեն ենթարկել մեղադրյալի կատարած արարքների բոլոր հանգամանքները, մասնավորապես՝ մեղքի ձևը (դիտավորություն), հանցավոր մտադրության իրականացման աստիճանը (ավարտված հանցագործություններ), խախտված հասարակական հարաբերության կարևորությունը (հանցագործությունները ոտնձգում են կառավարման կարգի դեմ), որոնք վկայում են ինչպես մեղադրյալի, այնպես էլ նրա կատարած արարքների բարձր հանրային վտանգավորության մասին։ 5. Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի որոշումը և վարույթը փոխանցել համապատասխան ստորադաս դատարան՝ նոր քննության կամ կայացնել դրան փոխարինող դատական ակտ, այն է՝ Ա.Բոյաջյանին մեղավոր ճանաչել ՀՀ գործող քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով և նշանակել պատիժ՝ ազատազրկում՝ 1 (մեկ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով, ՀՀ գործող քրեական օրենսգրքի 457-րդ հոդվածի 1-ին մասով յուրաքանչյուր դրվագով՝ տուգանք՝ 400.000 (չորս հարյուր հազար) ՀՀ դրամի չափով, իսկ 469-րդ հոդվածի 1-ին մասով յուրաքանչյուր դրվագով՝ տուգանք՝ 200.000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամի չափով՝ վերջնական պատիժ նշանակելով ազատազրկում՝ 1 (մեկ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով և տուգանք՝ 1.800.000 (մեկ միլիոն ութ հարյուր հազար) ՀՀ դրամի չափով։ Վճռաբեկ բողոքի պատասխանը. 6. Մեղադրյալ Ա.Բոյաջյանի պաշտպան Ա.Կարապետյանը ներկայացված վճռաբեկ բողոքի պատասխանում նշել է, որ սույն քրեական գործում առկա ապացույցների համակցությունը չի կարող անաչառ դիտորդի մոտ ձևավորել հիմնավոր կասկածից վեր համոզվածություն՝ Ա.Բոյաջյանի կողմից ապօրինի հրազեն և ռազմամթերք ձեռք բերելու և պահելու մեղավորության վերաբերյալ։ 6.1. Վերոգրյալի հիման վրա, պաշտպան Ա.Կարապետյանը խնդրել է ՀՀ գլխավոր դատախազի կողմից բերված վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժել։ Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները. 7. Արեն Բոյաջյանին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով՝ երեք դրվագով, 329-րդ հոդվածի 1-ին մասով՝ երեք դրվագով և ՀՀ գործող քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է ներկայացվել այն արարքների համար, որ «(…) [Ն]ա, դեռևս չպարզված ժամանակ և հանգամանքներում ձեռք է բերել պետական մարմնի կողմից տրվող, իրավունք վերապահող կեղծ փաստաթուղթ՝ ******** ******* ********, ծնված՝ **** թվականի ****** **-ին, տվյալներով և իր լուսանկարով Մեքսիկայի Միացյալ Նահանգերի նմուշի թիվ * ********* սերիա-համարի կեղծ անձնագիրը, որն օգտագործելով 2021 թվականի ընթացքում 3 անգամ ապօրինի` առանց սահմանված փաստաթղթերի և պատշաճ թույլտվության «Զվարթնոց» սահմանային անցակետով հատել է ՀՀ պետական սահմանը, մասնավորապես՝ 2021 թվականի մարտի 26-ին Արեն Բոյաջյանն իր լուսանկարով, սակայն ******** ******* ********, ծնված` **** թվականի ******** **-ին, Մեքսիկայի Միացյալ Նահանգների նմուշի թիվ * *********** սերիա-համարի կեղծ անձնագրով ապօրինի՝ առանց սահմանված փաստաթղթերի և պատշաճ թույլտվության «Զվարթնոց» սահմանային անցակետով հատել է ՀՀ պետական սահմանը և մուտք գործել ՀՀ։ 2021 թվականի հուլիսի 3-ին Արեն Բոյաջյանն իր լուսանկարով, սակայն ******** ******* ********, ծնված՝ **** թվականի ******** **-ին Մեքսիկայի Միացյալ Նահանգների նմուշի թիվ * ********** սերիա-համարի կեղծ անձնագրով ապօրինի՝ առանց սահմանված փաստաթղթերի և պատշաճ թույլտվության «Զվարթնոց» սահմանային անցակետով հատել է ՀՀ պետական սահմանը և մեկնել ՀՀ-ից: 2021 թվականի օգոստոսի 18-ին Արեն Բոյաջյանն իր լուսանկարով, սակայն ******** ******* ********,, ծնված՝ ***** թվականի ******** **-ին Մեքսիկայի Միացյալ Նահանգերի նմուշի թիվ * ********** սերիա-համարի կեղծ անձնագրով ապօրինի՝ առանց սահմանված փաստաթղթերի և պատշաճ թույլտվության «Զվարթնոց» սահմանային անցակետով հատել է ՀՀ պետական սահմանը և մուտք գործել ՀՀ։ Բացի այդ, Արեն Հակոբի Բոյաջյանը դեռևս չպարզված ժամանակ և հանգամանքներում ապօրինի կերպով ձեռք է բերել և մինչև 2022 թվականի նոյեմբերի 23-ն իր բնակության վայրում՝ ***** մարզի ******* քաղաքի ******** փողոցի **-րդ տանը, պահել կրակվելու համար պիտանի՝ ռազմամթերք հանդիսացող թվով 10 հատ 9մմ (9x18) տրամաչափի փամփուշտներ, ինչպես նաև դեռևս չպարզված ժամանակ և հանգամանքներում ապօրինի կերպով ձեռք է բերել և մինչև 2022 թվականի նոյեմբերի 23-ն իր կողմից շահագործվող «LEXUS GX 470» մակնիշի «** ** ***» հաշվառման համարանիշի ավտոմեքենայում պահել հրազեն հանդիսացող 1966 թվականի գործարանային արտադրության «ПМ» (Մակարով) մոդելի «ИП 8103» համարի 9մմ (9x18) տրամաչափի ակոսափող ատրճանակ և թվով 8 հատ գործարանային արտադրության 9մմ (9x18) տրամաչափի կրակվելու համար պիտանի ռազմամթերք հանդիսացող փամփուշտներ: 2022 թվականի նոյեմբերի 23-ին հիշյալ ատրճանակն ու փամփուշտները հայտնաբերվել և վերցվել են Արեն Բոյաջյանի բնակության վայրի և վերջինիս կողմից շահագործվող ավտոմեքենայի խուզարկությունների ընթացքում»: 8. Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի ապրիլի 26-ի դատավճռի համաձայն՝ «(...) Դատարանը փաստում է, որ սույն գործի նյութերում առկա չէ որևէ որոշակի ապացույց Արեն Բոյաջյանին մեղսագրվող հանցագործության առարկաների ձեռքբերման և պահելու վերաբերյալ։ Գնահատելով գործում առկա ապացույցները, Դատարանը գտնում է, որ ապացույցների բավարար համակցությամբ չի հաղթահարվում Արեն Բոյաջյանի անմեղության կանխավարկածը և նրան առաջադրված մեղադրանքն ապացուցված լինելու վերաբերյալ բոլոր կասկածները։ Դատարանը փաստում է, որ Արեն Բոյաջյանի, Հ․Բ-ի, Ս․Բ-ի ցուցմունքները չեն հերքվում գործում առկա ապացույցների համակցությամբ։ Իսկ այն, որ խուզարկության ժամանակ Արեն Բոյաջյանը հայտարարել է, որ հայտնաբերված փամփուշտների հետ իր ծնողները կապ չունեն, իսկ մեքենայի խուզարկության ժամանակ Հ․Բ-ը հայտարարել է, որ ինքը կապ չունի ատրճանակի հետ և մեքենան վարում է որդին, չի կարող գնահատվել փաստական տվյալների (ապացույցների) այնպիսի համակցություն, որը կարող է հաստատել Արեն Բոյաջյանի կողմից ռազմամթերք ձեռք բերելու և պահելու փաստը։ (...) Դատարանը նաև հարկ է համարում արձանագրել, որ սույն գործի նախաքննության ժամանակ Հ․Բ-ը և Ս․Բ-ը ցուցմունք են տվել, որ հայտնաբերված փամփուշտները և ատրճանակը պատկանում է Հ․Բ-ին, մինչդեռ նման պայմաններում վարույթն իրականացնող մարմինը որևէ գնահատական չի տվել Հ․Բ-ի արարքին, ինչը հաստատում է այն հանգամանքը, որ նախաքննության մարմինն ունեցել է չփարատված կասկածներ։ (...) Վերոգրյալի հիման վրա Դատարանը գտնում է, որ ապացույցների համակցությունը բավարար չէ Արեն Բոյաջյանին մեղսագրվող հանցավոր արարքի փաստական հանգամանքները հաստատված համարելու այն ծավալով, որը կբացառի դրա ապացուցվածության վերաբերյալ ցանկացած ողջամիտ կասկած, հետևաբար, Արեն Բոյաջյանին ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում պետք է արդարացնել՝ իրեն մեղսագրված արարքը կատարած չլինելու հիմքով: Միաժամանակ հարկ է նշել, որ տվյալ պարագայում անհայտ է մնում համապատասխան հանցանքը կատարած անձը, հետևաբար, Դատարանը գտնում է, որ դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք oրվա ընթացքում, դատարանը քրեական գործը պետք է ուղարկի իրավասու դատախազին` նոր անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հարցը լուծելու նպատակով։ (...) Դատարանը հաստատված համարելով մեղադրյալ Արեն Բոյաջյանի մեղավորությունը ՀՀ քրեական օրենսգրքի 457-րդ հոդվածի 1-ին մասով՝ 3 դրվագով, ՀՀ քրեական օրենսգրքի 469-րդ հոդվածի 1-ին մասով՝ 3 դրվագով, գտնում է, որ անհրաժեշտ է անդրադառնալ մեղադրյալի նկատմամբ պատիժ նշանակելու հետ կապված հարցերին։ (...) Դատարանը մեղադրյալ Արեն Բոյաջյանի պատասխանատվությունը ու պատիժը մեղմացնող հանգամանք է դիտարկում այն, որ (...) առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր է ճանաչել՝ դեռևս նախաքննության ընթացքում տվել խոստովանական ցուցմունք, ներկայացրել է կեղծ անձնագիրը, զղջացել է իր կատարած արարքի համար, (...) պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքներ առկա չեն։ Դատարանը մեղադրյալի անձը բնութագրող հանգամանք է գնահատում այն, որ վերջինս երիտասարդ է (...), բնութագրվում է դրական (...), խնամքին են կենսաթոշակառու ծնողները, հայրը վատառողջ է, [Ա.Բոյաջյանը] վատառողջ է, տառապում է «********* * ********» հիվանդությամբ (...)։ (...) Արեն Բոյաջյանի նկատմամբ պատժատեսակը և պատժաչափը որոշելիս, Դատարանը հաշվի է առնում դատապարտված մեղադրյալի կողմից կատարված հանցագործությունների բնույթը և հանրության համար վտանգավորության աստիճանը (այն, որ նա կատարել է ոչ մեծ ծանրության և միջին ծանրության դիտավորյալ հանցագործություններ), խախտված հասարակական հարաբերության սոցիալական նշանակությունը, հանցանքը կատարելուց հետո մեղադրյալի դրսևորած վարքագիծը, այն, որ չունի դատվածություն։ Դատարանը նաև փաստում է, որ մեղադրյալը կատարել է 3 դրվագով համասեռ հանցանքներ, սակայն հաշվի առնելով կատարված արարքների նպատակը՝ հայրենիք վերադառնալը, Հայաստանում ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալուց հետո այլևս կեղծ անձնագիր չօգտագործելու փաստը, Դատարանն արձանագրում է, որ տուգանք պատժատեսակի միջոցով հնարավոր է հասնել պատժի նպատակներին (...)։ (...) Անդրադառնալով մեղադրյալի կողմից պատիժը կրելու հարցին՝ Դատարանը փաստում է, որ Արեն Բոյաջյանը 2022 թվականի նոյեմբերի 23-ին ձերբակալվել է 2022 թվականի նոյեմբերի 26-ին ազատ է արձակվել, որից հետո 2023 թվականի հունվարի 20-ին կալանավորվել է, խափանման միջոցը փոխվել է 2023 թվականի ապրիլի 3-ից գտնվել է ազատության մեջ։ Նման պայմաններում Դատարանը գտնում է, որ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի կանոնների կիրառմամբ մեղադրյալի նկատմամբ նշանակվող պատիժը պետք է մեղմացնել (...)»։ 8.1. Առաջին ատյանի դատարանն իր դատավճռի հիմքում, ի թիվս այլնի, դրել է նաև հետևյալ ապացույցները. - մեղադրյալ Արեն Բոյաջյանի դատաքննական և նախաքննական ցուցմունքներն այն մասին, որ իրեն առաջադրված մեղադրանքում մասնակի է մեղավոր ճանաչում, տեղեկություն չունի իր ծնողների ննջասենյակում հայտնաբերված փամփուշտների մասին, այդ տանն ինքը որևէ իր չի թաքցրել կամ պահել։ Ավտոմեքենայի մեջ հայտնաբերված ատրճանակի մասին տեղյակ չի եղել, այդ մեքենան հոր սեփականությունն է, այն գնել է ինքը հոր համար, մինչև Հայաստան գալը։ Հայաստան գալուց հետո երբեմն ինքն էլ է շահագործել։ Փամփուշտների մասին իմացել է դրանք հայտնաբերելուց հետո։ ********* քաղաքի ******** հասցեի բնակարանում բնակվում են իր ծնողները, ինքը բնակվում է ******** քաղաքի ********* հասցեում։ Խուզարկության ժամանակ ասել է, որ փամփուշտներն իր ծնողներին չեն պատկանում, քանի որ վստահ է եղել, որ նրանք չեն կարող զենք, զինամթերք ունենալ, սակայն չի ասել, որ չի հիշում, թե ինչ հանգամանքներում են հայտնվել նշված սենյակում։ Հավանաբար քննիչը սխալ է հասկացել և սխալ ձևակերպել իր միտքը։ Խուզարկության ժամանակ, իրենից բացի, եղել են նաև ընթերականեր, ստորագրելուց առաջ չի ծանոթացել արձանագրությանը, այն չեն ընթերցել։ Մեքենայի խուզարկություններին ինքը չի մասնակցել, սակայն ստորագրել է արձանագրությունը։ Թմրանյութի մասին հայտարարություն է արել, որ տեղյակ չէ, թե այն ինչպես է հայտնվել մեքենայում, այդ մասին հայտարարել է տանը, մեքենայի մոտ չի եղել։ Արձանագրությանը չի ծանոթացել ստորագրելու ժամանակ։ Չի բացառում, որ հայտնաբերված թմրանյութը կարող է ինքը թողած լինի մեքենայի մեջ։ Հայաստան գալուց հետո մեքենան ավելի շատ շահագործել է ինքը, սակայն թաքստոցի տեղը չի իմացել։ - Վկա Հ․Բ-ի դատաքննական ցուցմունքն այն մասին, որ Ա.Բոյաջյանը Հայաստան է վերադարձել երկու կամ երեք տարի առաջ։ Մեքենան պատկանում է իրեն, ինքն է գնել, գնման համար գումար է հատկացրել նաև Ա.Բոյաջյանը, նա նույնպես վարել է մեքենան, չի եղել դեպք, որ մեքենան ինչ-որ մեկը վերցնի մի քանի օրով։ Մեքենայում հայտնաբերված ատրճանակը և իր ննջասենյակում հայտնաբերված փամփուշտներն իրենն են, ատրճանակը ձեռք է բերել մոտ 28-29 տարի առաջ։ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ իր հարևան Կ․Հ-ի հետ օգնություն են տարել Արցախ, այդ ժամանակ էլ ձեռք է բերել զենքը, որը պահել է իր առանձնատանը։ Քառասունչորսօրյա պատերազմի ժամանակ ցանկացել է վարժել իր կրակային պատրաստությունը, զենքն օգտագործել է բաց տարածքում կրակելու համար և դրել ավտոմեքենայի մեջ, տեղադրել է վարորդի աջ հատվածում՝ մեքենայի դիմացի մասում՝ թաքստոցում։ Մեքենան ձեռք է բերել քառասունչորսօրյա պատերազմից առաջ։ Գնելուց հետո անվանափոխություն են արել, ինքն է դարձել սեփականատերը։ Չի կարող ասել, թե ինչու պատերազմից հետո զենքը մեքենայից չի հանել, մոռացել է, որ զենքը գտնվում է այնտեղ։ Մասնակցել է մեքենայի երկու խուզարկություններին, այդ ժամանակ ասել է, որ տեղյակ չէ զենքի մասին, քանի որ վախեցած է եղել։ Ինքը ծանոթացել է դատարանի որոշմանը, սակայն չեն ասել, որ անօրինական զենք են փնտրում։ Տանը հայտնաբերված փամփուշտները նույնպես ձեռք է բերել արցախյան առաջին պատերազմի ավարտից մոտ 2-3 տարի հետո, իրեն այդ փամփուշտները տվել է Կ․Հ-ը, ասել է, որ պահի, դրանից հետո մոռացել է այդ փամփուշտների մասին, փամփուշտները պահել է իր առանձնատանը՝ դարակի մեջ, որտեղ պահում է նաև բանալիներ, ժամացույցներ, այլ իրեր։ Կ.Հ-ը մոտ ** տարեկան է, չի կարող ասել ողջ է, թե ոչ։ Տան խուզարկությանը նույնպես մասնակցել է, իր հիշելով ասել է, որ ինքն է պահել փամփուշտները։ Ա.Բոյաջյանը նույնպես մասնակցել է ******** ** հասցեի տան խուզարկությանը, չի կարող ասել, նա հայտարարություն արել է փամփուշտների մասով, թե ոչ։ Տանը փամփուշտները հայտնաբերելուց հետո հիշել է մեքենայում պահված զենքի մասին, չի ասել դրա մասին, քանի որ մտածել է, որ չեն գտնի։ Երկրորդ խուզարկության ժամանակ իր համար անակնկալ չի եղել, որ զենքը գտել են, սակայն փոքր-ինչ վախեցած է եղել և նշել է, որ տեղյակ չէ թաքստոցի մասին, մեքենան վարում է Ա.Բոյաջյանը, ինքը առնչություն չունի զենքի հետ։ Այդ մեքենան ընտանեկան մեքենա է, և ինքը և տղան վարել են։ Կ.Հ-նն իրեն տվել է 8-10 փամփուշտ՝ մոտ 15 տարի առաջ, սակայն չի բացառում, որ ավելի ուշ էլ տված լինի, բազմաթիվ վիրահատություններ է տարել և ժամանակահատվածը հնարավոր է, որ շփոթում է։ Փամփուշտների մասին իմացել է միայն ինքը։ Պնդում է, որ ատրճանակն ու բոլոր փամփուշտները պատկանում են իրեն։ Կ.Հ-ը Հայաստանից Արցախ տեղափոխվել է պատերազմից հետո։ Ստույգ չի հիշում, թե փամփուշտները կոնկրետ երբ է տվել իրեն։ Փամփուշտները գտնվել են իր ննջասենյակում՝ պահարանի մեջ։ Ա.Բոյաջյանը չի բնակվել ******** ** հասցեի բնակարանում, Հայաստան գալուց հետո այդտեղ բնակվել է մի քանի օր։ Ունեն երկու բնակարան՝ ********* և ********** փողոցներում։ ********** փողոցի տունը գնել են մոտ 2 տարի առաջ։ Արեն Բոյաջյանը Հայաստան վերադառնալուց հետո որոշ ժամանակ բնակվել է ********** փողոցի բնակարանում։ ******** փողոցի բնակարանը գնելուց հետո մի օր է մնացել ********** հասցեի տանը։ ********* հասցեի տան բանալիներն Ա.Բոյաջյանը չունի։ - Հ.Բ-ի նախաքննական ցուցմունքներն այն մասին, որ Ա.Բոյաջյանը որևէ առնչություն չունի նշված փամփուշտների և ատրճանակի հետ, դրանք պատկանում են իրեն: 1990-ական թվականներին սկսված արցախյան գոյամարտի ժամանակ շատ հայերի պես օգնություն է տարել Արցախ, և որպես ինքնապաշտպանական միջոց Արցախում ձեռք է բերել ատրճանակ, որը հայտնաբերվել է իր նախկին «Լեկսուս» ավտոմեքենայի խուզարկությամբ: Ձեռք բերման հանգամանքներն այդ պահին չի ցանկացել մանրամասնել, բայց վստահեցրել է, որ այն ձեռք է բերել Արցախում ավելի քան 30 տարի առաջ: Ինչ վերաբերում է փամփուշտներին, ապա դրանց մի մասը ձեռք է բերել ատրճանակի հետ, իսկ մյուս մասն ավելի ուշ, սակայն հստակ չի կարող մտաբերել, թե երբ: Նշված փամփուշտները պահել է իր ննջասենյակում, դրա մասին իմացել է միայն կինը: Արենը նշված փամփուշտների և ատրճանակի հետ որևէ կապ չունի: Իր մեքենայից հայտնաբերված թմրամիջոցների մասին որևէ տեղեկություն չունի, չգիտի, թե դրանք որտեղից են հայտնվել մեքենայի մեջ։ - Վկա Ս․Բ-ի դատաքննական և նախաքննական ցուցմունքներն այն մասին, որ ամուսինը 1992-1993 թվականներին գնացել է Արցախ և երբ վերադարձել է, զենքը եղել է նրա մոտ։ Փամփուշտ տեսել է մի անգամ, այն պահել է ամուսինն իրենց տան դարակի մեջ, իրեն ասել է, որ փամփուշտներին ձեռք չտա։ Չի կարող ասել, թե դրանք ամուսինը զենքի հետ է ձեռք բերել, թե ոչ։ Կոնկրետ չի հիշում, թե փամփուշտներն առաջին անգամ երբ է տեսել, հնարավոր է դա եղել է 1990-ականների վերջին և 2000-ականների սկզբին։ Ա.Բոյաջյանի մոտ երբևէ զենք կամ փամփուշտ չի տեսել։ Ա.Բոյաջյանը հիմնականում բնակվել է ********* ** հասցեում, ********* հասցեի բնակարանի բանալին վերջինս չի ունեցել։ ******** հասցեի տանն Ա.Բոյաջյանն օգտագործել է իր համար նախատեսված սենյակը, իր և ամուսնու սենյակում իրեր չի ունեցել, այդ սենյակը նրա կողմից չի օգտագործվել։ - Վկա Կ․Ն-ի դատաքննական ցուցմունքն այն մասին, որ իր անվամբ հաշվառված «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան պատկանում է Հ.Բ-ին, այն անվանափոխել են իր անունով՝ վարկ վերցնելու համար։ Վարկը տվել է Ա.Բ-ին։ Մեքենան շահագործվել է Հ.Բոյաջյանի կողմից։ Հնարավոր է մի քանի անգամ ինքը շահագործած լինի այդ մեքենան, սակայն այնտեղ երբևէ որևէ իր չի պահել, չի իմացել Ա.Բոյաջյանի կողմից զենք զինամթերք պահելու մասին, զարմացել է, որ Հ.Բ-ը զենք է պահել մեքենայի մեջ։ Հ.Բ-ն այդ մեքենայից բացի ունեցել է նաև այլ մեքենա։ Հ.Բ-ի հետ խոսելուց հետո հասկացել է, որ նա զենքը միշտ պահել է մեքենայի մեջ։ Ա.Բոյաջյանը բնակվում է ********* փողոցում, սակայն ավելի շատ բնակվել է *********** փողոցի բնակարանում։ - 2022 թվականի նոյեմբերի 23-ի խուզարկություն կատարելու մասին արձանագրությունը, համաձայն որի՝ խուզարկությունը կատարվել է ***** մարզի ******** քաղաքի ********** փողոցի ** հասցեի տանը։ Բնակարանի ննջասենյակներից մեկում հայտնաբերվել է 10 փամփուշտ, Ա.Բոյաջյանը հայտարարել է, որ այդ ննջասենյակը պատկանում է իր հորն ու մորը, բայց նրանք որևէ կապ չունեն այդ փամփուշտների հետ, չի հիշում, թե ինչ հանգամանքներում են դրանք հայտնվել նշված սենյակում։ Նշված փամփուշտները գտնվել են սենյակի մուտքի դռան դիմաց գտնվող պահարանում։ - 2022 թվականի նոյեմբերի 23-ի խուզարկություն կատարելու մասին արձանագրությունը, համաձայն որի՝ խուզարկությունը կատարվել է «Լեքսուս Ջիիքս» մակնիշի ** ** *** հաշվառման համարանիշի ավտոմեքենայում։ Մեքենայի սրահի բեռնախցիկից հայտնաբերվել և վերցվել է սպիտակ թղթի մեջ դեղնականաչավուն զանգված։ Ա.Բոյաջյանը հայտարարել է, որ ավտոմեքենան վարվում է իր կողմից, սակայն չգիտի, թե ինչ հանգամանքներում է դեղնականաչավուն զանգվածը հայտնվել իր մեքենայում, այն իրեն չի պատկանում։ - 2022 թվականի նոյեմբերի 23-ի խուզարկություն կատարելու մասին արձանագրությունը, համաձայն որի՝ խուզարկությունը կատարվել է «Lexus GX470» մակնիշի ** ** *** հաշվառման համարանիշի ավտոմեքենայում։ Մասնակից Հ.Բ-ը հայտարարել է, որ մեքենայում դատարանի որոշման մեջ նշված իրեր կամ առարկաներ չկան, ապօրինի հրազենի վերաբերյալ որևէ տեղեկություն չունի։ Մեքենայի վարորդից դեպի աջ՝ առջևի ուղևորի դիմացի հատվածում առկա սրահի բեռնախցիկը բացվել է, որի մեջ հայտնաբերվել է քողարկված թաքստոց, որը արտաքնապես նման է լազերային սկավառակների ձայնարկիչի, նշված թաքստոցը բացվել է և հայտնաբերվել է «ИП 8103» և 1966 գրառմամբ ատրճանակ, որի պահունակի մեջ առկա է 8 փամփուշտ (9մմ)։ Հ․Բ-ը հայտնել է, որ ինքը որևէ կապ չունի նշված ատրճանակի հետ։ Այդ մեքենան վարում է իր տղան, ատրճանակն իրեն չի պատկանում, ինքն անգամ նշված թաքստոցի մասին չգիտեր։ - 2022 թվականի նոյեմբերի 26-ի դատաձգաբանական փորձաքննության թիվ 2266-22 եզրակացությունը, համաձայն որի՝ փորձաքննության ներկայացված ատրճանակը հանդիսանում է նախկին ԽՍՀՄ 1966 թվականի գործարանային արտադրության «ПМ» (Մակարով) մոդելի «ИП 8103» համարի 9մմ (9x18) տրամաչափի ակոսափող ատրճանակ, սարքին է, պիտանի է կրակոցներ կատարելու համար և հանդիսանում է ակոսափող հրազեն։ Փորձաքննության ներկայացված ատրճանակի պահեստատուփից հանված թվով 8 հատ և առանձին ներկայացված թվով 10 հատ փամփուշտները գործարանային արտադրության 9մմ (9x18) տրամաչափի փամփուշտներ են՝ նախատեսված «ПМ», «AПC», «Байкал-442» տեսակի ատրճանակներից (այդ թվում՝ ներկայացված ատրճանակից) և համապատասխան տրամաչափի ակոսափող այլ զենքերից կրակվելու համար, պիտանի են կրակվելու համար և հանդիսանում են ռազմամթերք: Փամփուշտներից թվով 5 հատն արտադրվել են 1957 թվականին, թվով 5 հատը՝ 1968 թվականին, թվով 5 հատը` 2007 թվականին, թվով 3 հատը՝ 1977 թվականին: Փամփուշտների վրա արտադրող պետությանը վերաբերվող կոնկրետ դրոշմվածքներ կամ գրառումներ չհայտնաբերվեցին։ - ******** համայնքապետարանի կողմից 2022 թվականի նոյեմբերի 25-ին տրված տեղեկանքը, համաձայն որի՝ ****** համայնքի ****** փողոցի թիվ ** տանը ներկայումս բնակվում են Հ․Բ-ը և Ս․Բ-ը։ - ****** համայնքապետարանի աշխատակազմի բնակարանային տնտեսության և համատիրությունները համակարգող բաժնի կողմից 2022 թվականի նոյեմբերի 25-ին տրված բնութագիրը, համաձայն որի՝ Արեն Բոյաջյանը բնակվել է ******* քաղաքի ******** փողոց ** տուն հասցեում, վերջինի վերաբերյալ համայնքապետարան բողոք չի ներկայացվել։ 9. Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով վիճարկվող դատական ակտը, արձանագրել է հետևյալը. «Վերաքննիչ դատարանը, անդրադառնալով 2021 թվականի մայիսի 05-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով Արեն Բոյաջյանի մեղավորության վերաբերյալ Դատախազի փաստարկներին, քրեական գործի ուսումնասիրությամբ եզրահանգում է, որ Առաջին ատյանի դատարանը, պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում ստուգման ենթարկելով քրեական գործի հիմքում դրված ապացույցների ձեռքբերման աղբյուրները, յուրաքանչյուր ապացույց գնահատելով թույլատրելիության, վերաբերելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ՝ գործի լուծման համար բավարարության տեսանկյունից, ղեկավարվելով օրենքով, ներքին համոզմամբ, 2021 թվականի մայիսի 05-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով Արեն Բոյաջյանի անմեղության վերաբերյալ հանգել է ճիշտ հետևության։ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանի հետևությունները հիմնավորված ու պատճառաբանված են, իսկ քրեական գործի փաստական հանգամանքների մասին Առաջին ատյանի դատարանի հետևությունները հետազոտված ապացույցներին չհամապատասխանելու և 2021 թվականի մայիսի 05-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրյալ Արեն Բոյաջյանին առաջադրված մեղադրանքը հիմնավորված լինելու վերաբերյալ Դատախազի փաստարկները քրեական գործի նյութերում իրենց հաստատումը չեն գտել, հետևաբար չեն կարող հիմք հանդիսանալ Առաջին ատյանի դատարանի դատական ակտը բեկանելու համար։ Անդրադառնալով մեղադրյալ Արեն Բոյաջյանի նկատմամբ նշանակված պատժին, Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նշել, (...) որ մեղադրյալ Արեն Բոյաջյանի նկատմամբ պատիժ նշանակելիս Առաջին ատյանի դատարանը հաշվի է առել ինչպես ամբաստանյալի կողմից կատարված հանցագործության բնույթն ու հասարակական վտանգավորության աստիճանը, այնպես էլ նրա անձը բնութագրող, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները։ (...) Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանի կողմից մեղադրյալ Արեն Բոյաջյանի նկատմամբ ինչպես պատիժը, այնպես էլ պատժաչափն արդարացի են և համապատասխանում են մեղադրյալի կատարած հանցագործությունների ծանրությանը և նրա անձին։ (...)»։ Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը. 10. Սույն վարույթով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր են արդյոք ՀՀ գործող քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում Արեն Բոյաջյանին արդարացնելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները։ 11. ՀՀ գործող քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Ապօրինի կերպով հրազեն (բացառությամբ քաղաքացիական ողորկափող հրազենի, դրա փամփուշտների կամ դրա բաղկացուցիչ մասերի), դրա հիմնական բաղկացուցիչ մաս, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտ, պայթուցիկ նյութ կամ պայթեցման սարք ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրել[ը, առաքելը կամ կրելը (…)»։ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածի համաձայն՝ «1. Քրեական վարույթի համար նշանակություն ունեցող ցանկացած հանգամանք պետք է հաստատվի պատշաճ ապացույցների բավարար համակցությամբ: 2. Եզրափակիչ դատավարական ակտը պետք է հիմնվի հետազոտված ապացույցների ազատ և բարեխիղճ գնահատման վրա։ 3. Մեղադրական դատավճռի հիմքում դրվող յուրաքանչյուր փաստական հանգամանք պետք է հիմնավորվի ապացույցների այնպիսի ծավալով, որը կբացառի դրա ապացուցվածության վերաբերյալ ցանկացած հիմնավոր կասկած: Դատավճիռ կայացնելիս պետք է հաշվի առնվի անհրաժեշտ և հնարավոր ապացույցների բացակայությունը։ (...)»: Նույն օրենսգրքի 104-րդ հոդվածի համաձայն՝ «1. Քրեական վարույթի ընթացքում հավաքված ապացույցները ենթակա են պատշաճ ստուգման՝ ստացված ապացույցի ձևի և բովանդակության վերլուծության, այն այլ ապացույցների հետ համադրելու, նոր ապացույցներ հավաքելու, ապացույցների ստացման աղբյուրները վերհանելու միջոցով»: Նույն օրենսգրքի 105-րդ հոդվածի համաձայն՝ «1. Յուրաքանչյուր ապացույց ենթակա է գնահատման՝ վերաբերելիության, թույլատրելիության, հավաստիության, իսկ բոլոր ապացույցների համակցությունը՝ հիմնավոր եզրափակիչ դատավարական ակտ կայացնելու համար բավարարության տեսանկյունից: 2. Քննիչը, դատախազը, դատավորը, ղեկավարվելով քրեադատավարական օրենսդրությամբ, ներառյալ ապացուցման չափանիշների մասին վերաբերելի կանոններով, ապացույցները գնահատում են դրանց պատշաճ հետազոտման և վերլուծության վրա հիմնված ներքին համոզմամբ (...)»։ Նույն օրենսգրքի 106-րդ հոդվածի համաձայն՝ «1. Եթե քրեական վարույթի ընթացքում հակառակը չի ապացուցվում, ապա ապացուցված են համարվում՝ (...) 4) փաստը, որը մեղադրյալին հայտնի է կամ պետք է հայտնի լիներ՝ որպես նրա բացառիկ իրազեկության հանգամանք: 2. Եթե վարույթի մասնակիցը վիճարկում է սույն հոդվածի 1-ին մասով սահմանված փաստերի հավաստիությունը, ապա կրում է հակառակն ապացուցելու պարտականությունը»: 11.1. Ապացույցների գնահատման չափանիշների վերաբերյալ Վճռաբեկ դատարանը կայուն նախադեպային իրավունք է ձևավորել այն մասին, որ ապացույցների գնահատումը կատարվում է ներքին համոզման հիման վրա, ինչը՝ որպես ապացույցների գնահատման արդյունք, բնութագրվում է օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոնների անխզելի կապով. այն մի կողմից պետք է բխի հետազոտվող ապացույցների բավարար համակցությունից և հիմնվի դրանց վրա, իսկ մյուս կողմից անկողմնակալ դիտորդի մոտ պետք է առաջացնի այն վստահությունը, որ ապացույցները հետազոտվել են արդարության բոլոր պահանջների պահպանմամբ: Ընդ որում, թեև ապացույցները գնահատվում են ներքին համոզմունքի հիման վրա, այնուամենայնիվ, այն չի կարող կամայական լինել և պետք է բխի գործի հանգամանքների լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությունից: Այլ կերպ՝ յուրաքանչյուր գործով ապացուցման ենթակա հանգամանքները հաստատելիս (հանցագործության դեպքը և հանգամանքները, կասկածյալի և մեղադրյալի առնչությունը դեպքին, անձի մեղավորությունը քրեական օրենքով չթույլատրված արարքը կատարելու մեջ և այլն) դատարանը կրում է առկա ապացույցները բարեխիղճ գնահատման ենթարկելու պարտականություն, ինչն էլ իր հերթին պետք է արտահայտվի պատճառաբանված եզրահանգումների տեսքով։ 11.2. Վերահաստատելով և զարգացնելով «ապացույցների բավարարության» հասկացության վերաբերյալ նախկինում արտահայտած իր իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն Արարատ Ավագյանի և Վահան Սահակյանի գործով արձանագրել է հետևյալը. «(…) [Ա]պացույցների բավարարությունը» որոշելու չափանիշներն են. 1) անմեղության կանխավարկածը, 2) վարույթն իրականացնող մարմինների ներքին համոզմունքը, 3) դատավարական որոշումների հիմնավորվածությունը և պատճառաբանվածությունը։ (…) Հանցանք կատարելու մեջ անձի մեղավորությունը հաստատված համարելը ոչ այլ ինչ է, քան անմեղության կանխավարկածի հաղթահարում։ (…) [Դա] ենթադրում է ապացույցների այնպիսի ամբողջության առկայություն, որն անհրաժեշտ է անձի մեղավորությունը ողջամիտ (հիմնավոր) կասկածից վեր ապացուցված համարելու, այլ ոչ թե անձի մեղավորության մասին ենթադրություններ անելու համար։ (…) [Հ]անցանքի մեջ մեղադրվող յուրաքանչյուր անձի վերաբերյալ` ապացուցման ենթակա յուրաքանչյուր հանգամանքի կապակցությամբ դատարանի հետևությունը պետք է հիմնված լինի ոչ թե գնահատողական դատողությունների, կանխատեսումների կամ կարծիքների, այլ կոնկրետ գործով օրենքով սահմանված կարգով ձեռք բերված փաստական տվյալների վրա: (…) [Մ]եղսագրվող հանցագործության և դրա հատկանիշների ապացուցման բեռը կրում է մեղադրանքի կողմը, իսկ չփարատված կասկածները պետք է մեկնաբանվեն հօգուտ մեղադրյալի: Դրանից հետևում է, որ մեղադրանքի կողմը կրում է անձի մեղքը հաստատելու համար բավարար ապացույցներ ներկայացնելու պարտականությունը: (…) (…) [Ք]րեական դատավարությունում մեղքի հարցը լուծելիս որպես ապացույցների բավարարության շեմ պետք է գործի «հիմնավոր կասկածից վեր» ապացուցողական չափանիշը: Ընդ որում, «հիմնավոր կասկածից վեր» ապացուցողական չափանիշ ասելով՝ պետք է հասկանալ փաստական տվյալների (ապացույցների) այնպիսի համակցություն, որը բացառում է հակառակի ողջամիտ հավանականությունը։ Վերոգրյալը չի նշանակում, որ հանցանք գործելու մեջ անձի մեղավորությունն ընդհանրապես չի կարող առաջացնել որևէ կասկած, սակայն այդպիսի կասկածի հավանականության դեպքում դրա աստիճանը պետք է լինի աննշան (խիստ ցածր)։ Այլ խոսքով՝ մեղադրանքը կազմող յուրաքանչյուր փաստական հանգամանք պետք է հիմնավորվի ապացույցների այնպիսի ծավալով, որը կբացառի դրա ապացուցվածության վերաբերյալ ցանկացած ողջամիտ կասկած»: 12. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ՝ - Արեն Բոյաջյանին, ի թիվս այլնի, ՀՀ գործող քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել այն արարքի կատարման համար, որ նա չպարզված ժամանակ և հանգամանքներում ապօրինի կերպով ձեռք է բերել և մինչև 2022 թվականի նոյեմբերի 23-ն իր բնակության վայրում՝ **** մարզի ******** քաղաքի ******** փողոցի **-րդ տանը, պահել կրակվելու համար պիտանի՝ ռազմամթերք հանդիսացող թվով 10 հատ 9մմ (9x18) տրամաչափի փամփուշտներ, ինչպես նաև դեռևս չպարզված ժամանակ և հանգամանքներում ապօրինի կերպով ձեռք է բերել և մինչև 2022 թվականի նոյեմբերի 23-ն իր կողմից շահագործվող «LEXUS GX 470» մակնիշի «** ** ***» հաշվառման համարանիշի ավտոմեքենայում պահել հրազեն հանդիսացող, 1966 թվականի գործարանային արտադրության «ПМ» (Մակարով) մոդելի «ИП 8103» համարի 9մմ (9x18) տրամաչափի ակոսափող ատրճանակ և թվով 8 հատ գործարանային արտադրության 9մմ (9x18) տրամաչափի կրակվելու համար պիտանի ռազմամթերք հանդիսացող փամփուշտներ: - Առաջին ատյանի դատարանը, Ա.Բոյաջյանին ՀՀ գործող քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում արդարացնելով, արձանագրել է, որ գործում առկա ապացույցների համակցությունը բավարար չէ Ա.Բոյաջյանի անմեղության կանխավարկածը և նրան առաջադրված մեղադրանքն ապացուցված լինելու վերաբերյալ բոլոր կասկածները հաղթահարելու համար։ Առաջին ատյանի դատարանը փաստել է, որ Ա.Բոյաջյանի, Հ.Բ-ի, Ս.Բ-ի ցուցմունքները չեն հերքվում գործում առկա ապացույցների համակցությամբ, իսկ այն, որ խուզարկության ժամանակ Ա.Բոյաջյանը հայտարարել է, որ հայտնաբերված փամփուշտների հետ իր ծնողները կապ չունեն, իսկ մեքենայի խուզարկության ժամանակ Հ.Բ-ը հայտարարել է, որ ինքը կապ չունի ատրճանակի հետ և մեքենան վարում է որդին, չի կարող գնահատվել փաստական տվյալների (ապացույցների) այնպիսի համակցություն, որը կարող է հաստատել Ա.Բոյաջյանի կողմից ռազմամթերք ձեռք բերելու և պահելու փաստը: - Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը, իր հերթին փաստել է, որ Առաջին ատյանի դատարանը, պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում ստուգման ենթարկելով քրեական գործի հիմքում դրված ապացույցների ձեռքբերման աղբյուրները, յուրաքանչյուր ապացույց գնահատելով թույլատրելիության, վերաբերելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ գործի լուծման համար բավարարության տեսանկյունից ՀՀ գործող քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով Ա.Բոյաջյանի անմեղության վերաբերյալ հանգել է ճիշտ հետևության։ 13. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 11-11.2-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների ու շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարաններն Ա.Բոյաջյանին ՀՀ գործող քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում արդարացնելիս ըստ էության հիմք են ընդունել Հ․Բ-ի և Ս․Բ-ի ցուցմունքներն այն մասին, որ բնակարանում և ավտոմեքենայում հայտնաբերված զենքը և փամփուշտները պատկանում են Հ․Բ-ին, մինչդեռ, ստորադաս դատարանները վերոնշյալ անձանց ցուցմունքները չեն դիտարկել և պատշաճ գնահատման չեն ենթարկել ինչպես արժանահավատության, այնպես էլ գործում առկա մի շարք փաստական տվյալների համատեքստում։ 13.1. Այսպես՝ Վճռաբեկ դատարանը նախևառաջ փաստում է, որ ստորադաս դատարանները խուզարկությամբ «LEXUS GX 470» մակնիշի «** ** ***» հաշվառման համարանիշի ավտոմեքենայում հայտնաբերված զենքը և փամփուշտներն Ա.Բոյաջյանին պատկանելու փաստը չհաստատելիս պատշաճ գնահատման չեն ենթարկել մեքենայի փաստացի շահագործման վերաբերյալ վարույթի նյութերում առկա տվյալները, արժանահավատության տեսանկյունից չեն վերլուծել և իրավական գնահատականի չեն արժանացրել Ա.Բոյաջյանի և Հ.Բ-ի հայտնած տվյալները, չեն պարզել դրանցում առկա հակասությունները, և բավարարվելով միայն վերջիններիս ցուցմունքների պարզ շարադրմամբ, հետևության են հանգել, որ դրանք չեն հերքվում գործում առկա ապացույցների համակցությամբ, իսկ հայտնաբերված զենքն ու փամփուշտներն Ա.Բոյաջյանին պատկանելու հանգամանքի ապացուցվածությունը կասկած է հարուցում։ Վճռաբեկ դատարանը վերոնշյալի առնչությամբ հարկ է համարում նշել, որ «LEXUS GX 470» մակնիշի «** ** ***» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի փաստացի շահագործման հարցի պարզումը կարևորվում է այն առումով, որ քրեական գործի շրջանակում անմեղ համարվելու անձի իրավունքը և նրան ներկայացված մեղադրանքի ապացուցման բեռը կրելու պետության իրավասու մարմինների համար սահմանված պահանջը բացարձակ չեն, քանի որ քրեական իրավունքի ցանկացած համակարգում գործում են փաստի կամ իրավունքի կանխավարկածներ, և պետությունները որոշակի պայմաններում կարող են անձին պատժել պարզ կամ օբյեկտիվ փաստի հիման վրա՝ անկախ դրա հիմքում հանցավոր դիտավորության կամ անզգուշության առկայությունից, իսկ անձի կողմից տրանսպորտային միջոցի փաստացի շահագործումը հիմք է ենթադրելու, որ այնտեղ հայտնաբերված առարկաների պահման հետ կապված հանգամանքներն այդ անձի բացառիկ իրազեկության հանգամանքների շրջանակում են, եթե, իհարկե, չի ապացուցվում հակառակը։ 13.2. Անդրադառնալով սույն գործի փաստերին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում ստորադաս դատարանների կողմից պատշաճ վերլուծության և գնահատման չի ենթարկվել այն փաստական տվյալը, որ թե՛ Ա.Բոյաջյանը և թե՛ Հ.Բ-ը «LEXUS GX 470» մակնիշի «** ** ***» հաշվառման համարանիշի ավտոմեքենայում խուզարկություններ կատարելու ժամանակ հայտարարել են, որ վերոնշյալ ավտոմեքենան շահագործվում է Ա.Բոյաջյանի կողմից։ Այսպես՝ 2022 թվականի նոյեմբերի 23-ի խուզարկություն կատարելու մասին առաջին արձանագրության համաձայն, երբ մեքենայի սրահի բեռնախցիկից հայտնաբերվել է դեղնականաչավուն զանգված, մասնակից Ա.Բոյաջյանը հայտարարել է, որ ավտոմեքենան վարվում է իր կողմից, սակայն չգիտի, թե ինչ հանգամանքներում է դեղնականաչավուն զանգվածը հայտնվել իր մեքենայում։ Ավելին՝ Ա.Բոյաջյանն իր դատաքննական ցուցմունքով հայտնել է, որ Հայաստան գալուց հետո մեքենան ավելի շատ շահագործել է ինքը՝ դրանով իսկ հաստատելով խուզարկության ընթացքում մեքենայի շահագործման վերաբերյալ իր կատարած վերոնշյալ հայտարարությունը։ Բացի այդ, 2022 թվականի նոյեմբերի 23-ի խուզարկություն կատարելու մասին երկրորդ արձանագրության համաձայն, երբ ավտոմեքենայի բեռնախցիկում առկա թաքստոցից հայտնաբերվել է ատրճանակ՝ լիցքավորված 9մմ տրամաչափի փամփուշտներով, մասնակից Հ.Բ-ը հայտարարել է, որ մեքենան վարում է իր տղան, ինքը որևէ կապ չունի նշված ատրճանակի հետ և այն իրեն չի պատկանում։ Թեև հետագա ցուցմունքներով Հ.Բ-ը հայտնել է, որ մեքենան ընտանեկան մեքենա է, և՛ ինքը, և՛ տղան վարել են այն, իսկ հայտնաբերված զենքն ու փամփուշտները պատկանում են իրեն, սակայն որևէ ողջամիտ բացատրություն չի ներկայացրել այն մասին, թե ինչու՞ է մեքենայի խուզարկության ժամանակ հայտարարել, որ ինքը կապ չունի դրանց հետ, իսկ մեքենան վարում է իր տղան։ Ընդ որում՝ մեքենայի շահագործման վերաբերյալ Հ.Բ-ի հայտնած սկզբնական և հետագա տվյալներն արժանահավատության տեսանկյունից գնահատելիս հարկ է հաշվի առնել նաև ինչպես Ա.Բոյաջյանի հայտնած տվյալները, այնպես էլ վկա Կ․Ն-ի դատաքննական ցուցմունքն այն մասին, որ Հ.Բ-նն այդ մեքենայից բացի ունեցել է նաև այլ մեքենա։ Հ․Բ-ի ցուցմունքներն արժանահավատության տեսանկյունից գնահատելիս կարևոր է հաշվի առնել նաև, որ թեև վերջինս իր ցուցմունքներով պնդել է, որ հայտնաբերված զենքը և փամփուշտները պատկանում են իրեն, սակայն հակասական տեղեկություններ է հայտնել փամփուշտների ձեռքբերման ժամանակահատվածի վերաբերյալ, մասնավորապես պատասխանելով զենքը և փամփուշտները ձեռք բերելու ժամանակահատվածի վերաբերյալ հարցերին՝ վկան նախ նշել է, որ դրանք ձեռք է բերել արցախյան առաջին պատերազմի ավարտից մոտ 2-3 տարի հետո, ապա հայտնել, որ զենքը և փամփուշտների մի մասը ձեռք է բերել Արցախում ավելի քան 30 տարի առաջ, իսկ մյուս մասն ավելի ուշ՝ չկարողանալով մտաբերել, թե երբ: Իսկ սույն գործով իրականացված դատաձգաբանական փորձաքննության եզրակացության համաձայն փորձաքննության ներկայացված փամփուշտներից հինգն արտադրվել են 2007 թվականին։ Վերոգրյալի հետ մեկտեղ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել նաև, որ թեև փամփուշտների մի մասը զենքի հետ հայտնաբերվել է ավտոմեքենայում, իսկ մյուս մասը՝ ******* քաղաքի ******** փողոցի *** հասցեի տանը՝ Հ․Բ-ին և Ս․Բ-ին պատկանող ննջասենյակում, սակայն դրանք միևնույն անձին պատկանելու ողջամիտ ենթադրության առումով կարևորվում է ինչպես այն հանգամանքը, որ ըստ՝ դատաձգաբանական փորձաքննության թիվ 2266-22 եզրակացության փորձաքննության ներկայացված փամփուշտները նույն տրամաչափի են՝ գործարանային արտադրության 9մմ (9x18), և նախատեսված են «ПМ», «AПC», «Байкал-442» տեսակի ատրճանակներից, այդ թվում՝ ավտոմեքենայի խուզարկությամբ հայտնաբերված ու փորձաքննության ներկայացված ատրճանակից կրակվելու համար, այնպես էլ այն հանգամանքը, որ 2022 թվականի նոյեմբերի 23-ին ***** քաղաքի ******* փողոցի ** հասցեի տանը խուզարկություն կատարելու ժամանակ Ա.Բոյաջյանը հայտարարել է, որ թեև ննջասենյակը, որտեղ հայտնաբերվել են փամփուշտները, պատկանում է իր հորն ու մորը, սակայն նրանք որևէ կապ չունեն այդ փամփուշտների հետ։ 14. Վերոշարադրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում Արեն Բոյաջյանին արդարացնելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները հիմնավոր չեն։ 15. Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով դատական ակտեր կայացնելիս, ստորադաս դատարանները պատշաճ գնահատման չեն ենթարկել վարույթի նյութերում առկա փաստական տվյալները և թույլ են տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 22-րդ, 104-րդ, 105-րդ, 106-րդ հոդվածների պահանջների խախտումներ, որոնք իրենց բնույթով էական են, քանի որ ազդել են վարույթի ելքի վրա, և համաձայն նույն օրենսգրքի 387-րդ հոդվածի՝ հիմք են ստորադաս դատարանների դատական ակտերը մասնակիորեն բեկանելու և վարույթն Առաջին ատյանի դատարան՝ նոր քննության փոխանցելու համար: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նոր քննության ընթացքում Առաջին ատյանի դատարանը, վերացնելով արձանագրված խախտումները, սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ, պետք է հանգի համապատասխան հետևության: 16. Ինչ վերաբերում է բողոքաբերի՝ սույն որոշման 4.1-րդ կետում բարձրացված՝ Ա.Բոյաջյանի նկատմամբ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 457-րդ հոդվածի 1-ին մասով՝ երեք դրվագով և 469-րդ հոդվածի 1-ին մասով՝ երեք դրվագով ոչ համաչափ պատիժ նշանակված լինելու վերաբերյալ փաստարկներին, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ մեղադրյալ Ա.Բոյաջյանի նկատմամբ վերոնշյալ հոդվածներով պատիժ նշանակելիս ստորադաս դատարանները համադրված վերլուծության և իրենց ամբողջության մեջ պատշաճ գնահատման են ենթարկել սույն գործի փաստական տվյալները, մասնավորապես մեղադրյալի դրական բնութագրվելը, դատվածություն չունենալը, երիտասարդ լինելը, «******* * *****» հիվանդությամբ տառապելը, խնամքին կենսաթոշակառու ծնողներ ունենալը, հոր վատառողջ լինելը, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքները (մեղքն ընդունելը, խոստովանական ցուցմունք տալը, կեղծ անձնագիրը ներկայացնելը, կատարած արարքի համար զղջալը), պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը, ինչպես նաև հանցագործությունների բնույթը և հանրության համար վտանգավորության աստիճանը (այն, որ նա կատարել է ոչ մեծ ծանրության և միջին ծանրության դիտավորյալ հանցագործություններ), խախտված հասարակական հարաբերության սոցիալական նշանակությունը, հանցանքը կատարելուց հետո մեղադրյալի դրսևորած վարքագիծը, Հայաստանում ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալուց հետո այլևս կեղծ անձնագիր չօգտագործելու փաստը, և Ա.Բոյաջյանի նկատմամբ նշանակված պատժաչափի վերաբերյալ հանգել են հիմնավորված հետևության: Հետևաբար, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանը, մեղադրյալ Ա.Բոյաջյանի նկատմամբ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 457-րդ հոդվածի 1-ին մասով՝ երեք դրվագով և 469-րդ հոդվածի 1-ին մասով՝ երեք դրվագով տուգանքի ձևով պատիժ նշանակելով, իսկ Վերաքննիչ դատարանը, Առաջին ատյանի դատարանի դատական ակտն անփոփոխ թողնելով, նյութական և դատավարական իրավունքի խախտումներ թույլ չեն տվել և այդ մասով կայացրել են գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտեր: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 33-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 352-րդ, 359-րդ, 361-363-րդ, 385-387-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը Ո Ր Ո Շ Ե Ց 1. Արեն Հակոբի Բոյաջյանի վերաբերյալ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2023 թվականի ապրիլի 26-ի դատավճիռը և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի հուլիսի 31-ի որոշումը մասնակի՝ 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով բեկանել և վարույթը փոխանցել Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության: 2. Ստորադաս դատարանների դատական ակտերը մնացած մասերով թողնել անփոփոխ։ Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը: Նախագահող` Հ.ԱՍԱՏՐՅԱՆ Դատավորներ` Հ.ԳՐԻԳՈՐՅԱՆ Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ Ա.ՊՈՂՈՍՅԱՆ