Վճռաբեկ դատարան · Վարչական
ՎԴ/1162/05/23
Վճռաբեկ դատարանի որոշումների ցանկից (cassationcourt.am/decisions)՝ դատարանի նախադեպային շտեմարանում այն չկա։
- Գործի համարը
- ՎԴ/1162/05/23
- Հայցվոր
- Հովհաննես Հարությունյան
- Պատասխանող
- Երևանի քաղաքապետարան
- Դատական ակտի ընդունման ամսաթիվը
- 20.08.2026
- Վարչական իրավունք
Որոշման տեքստը
դատարանի Word ֆայլիցՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ թիվ ՎԴ/1162/05/23
դատարանի որոշում 2026թ.
Վարչական գործ թիվ ՎԴ/1162/05/23
Նախագահող դատավոր՝ Ա․ Հարությունյան
Դատավորներ՝ Մ․ Մելքումյան
Հ․ Խաչատրյան
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը
(այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝
նախագահող
զեկուցող
Հ․ ԲԵԴԵՎՅԱՆ
Ա․ ԹՈՎՄԱՍՅԱՆ
Լ. ՀԱԿՈԲՅԱՆ
2026 թվականի օգոստոսի 20-ին
գրավոր ընթացակարգով քննելով Երևանի քաղաքապետարանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 25․12․2024 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի Հովհաննես Հարությունյանի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի՝ պատասխանողին հայցվորի կողմից կառուցված և օգտագործվող ք.Երևան, Նորք 17 փ., 1 նրբ., 4 հասցեի դիմաց գտնվող անշարժ գույքի օրինական լինելու վերաբերյալ վարչական ակտ՝ ըստ կից ներկայացվող չափագրման փաստաթղթերի, տրամադրելուն պարտավորեցնելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան՝ Հովհաննես Հարությունյանը պահանջել է պարտավորեցնել Երևանի քաղաքապետարանին տրամադրել հայցվորի կողմից կառուցված և օգտագործվող ք.Երևան, Նորք 17 փ., 1 նրբ., 4 հասցեի դիմաց գտնվող անշարժ գույքի օրինական լինելու վերաբերյալ վարչական ակտ՝ ըստ կից ներկայացվող չափագրման փաստաթղթերի։
ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա․ Ավագյան) (այսուհետ` Դատարան) 07․03․2024 թվականի վճռով հայցը մերժվել է։
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 25․12․2024 թվականի որոշմամբ Հովհաննես Հարությունյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Դատարանի 07․03․2024 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է՝ հայցը բավարարվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Երևանի քաղաքապետարանը (ներկայացուցիչ՝ Սևակ Բարսեղյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Հովհաննես Հարությունյանը (ներկայացուցիչ՝ Ռուզաննա Գևորգյան)։
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ, 5-րդ, 25-րդ, 26-րդ, 27-րդ, 124-րդ, 126-րդ հոդվածները, 68-րդ հոդվածի 2-րդ մասը, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածը, ՀՀ կառավարության 18.05.2006 թվականի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշումը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը գործը քննել է թերի, չի իրականացրել գործի բազմակողմանի և օբյեկտիվ քննություն, գործի փաստերի ու ապացույցների բազմակողմանի, լրիվ և ամբողջական հետազոտություն չի կատարել, դրանք պատշաճ և օբյեկտիվ գնահատման չի արժանացրել, ի պաշտոնե չի պարզել գործով էական նշանակություն ունեցող փաստերն ու հանգամանքները, թույլ է տվել նյութական և դատավարական նորմերի էական խախտումներ, արդյունքում, հանգելով սխալ եզրահանգումների, կայացրել է ոչ իրավաչափ դատական ակտ:
Սույն գործով ներկայացված դիմումը չի համապատասխանել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի «ա», «դ» և «ե» կետերի պահանջներին, մասնավորապես՝ պահպանված չի եղել դիմումին կցվող փաստաթղթերի և դրանց ցանկը ներկայացնելու պահանջը, մասնավորապես ներկայացված չի եղել քննարկվող տարածքի տեղագրական հանույթը:
Հողամասը, որտեղ կառուցված է ինքնակամ շինությունը, չի պատկանում հայցվորին:
Վերաքննիչ դատարանը սույն գործով վերաքննիչ բողոքը քննելիս հետամուտ չի եղել գործով օբյեկտիվ ճշմարտության բացահայտմանը, գործը քննել է թերի, գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը չի պարզել, չի անդրադարձել վեճի լուծման համար անհրաժեշտ բոլոր փաստական և իրավական հիմնավորումներին, բողոքարկվող որոշումը բավականաչափ պատճառաբանված և հիմնավորված չէ, Դատարանը սխալ է մեկնաբանել և սխալ է կիրառել տվյալ իրավահարաբերությունները կարգավորող իրավական նորմերը։
Դատարանը գնահատման առարկա չի դարձրել նաև ՀՀ կառավարության թիվ 912-ն որոշմամբ սահմանված բացառող հանգամանքները:
Վերաքննիչ դատարանը չի պարզել ինքնակամ կառույցի օրինականացումը բացառող հիմքերը, մասնավորապես՝ վեճի առարկա հանդիսացող ինքնակամ շինությունը քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով կառուցված լինելու կամ չլինելու վերաբերյալ փաստի առկայության հաստատումը կամ հերքումը, հարկադիր սերվիտուտ պահանջելու առկայությունը կամ բացակայությունը, ինքնակամ շինության այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը խախտելու կամ քաղաքացիների կյանքին ու առողջությանը վտանգ առաջացնելու փաստի հերքումը:
Վերոգրյալի հիման վրա՝ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 25․12․2024 թվականի որոշումը և փոփոխել այն՝ հայցը մերժել կամ գործն ուղարկել՝ նոր քննության:
2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.
Հայցվորի ներկայացուցիչը վերահաստատել է հայցադիմումով և վերաքննիչ բողոքով ներկայացված փաստական և իրավական հիմնավորումները։
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) Երևանի քաղաքապետին ուղղված 29.01.2021 թվականի դիմումով Հովհաննես Հարությունյանը խնդրել է ՀՀ կառավարության 18.05.2006 թվականի թիվ 912-Ն որոշման համաձայն, օրինականացնել Նորքի 17 փող., 1 նրբ., 4 հասցեի դիմաց գտնվող շինությունը /հողամասը/, իսկ 07.05.2021 թվականի դիմումնով, ներկայացնելով լրացուցիչ պահանջված փաստաթղթերը, խնդրել է վերանայել իր դիմումը, իսկ 23․11․2022 թվականին ներկայացված դիմումով ներկայացվել է հաշվառման փաթեթը, և խնդրել է վերանայել ինքնակամ անշարժ գույքի օրինականացման վերաբերյալ դիմումը (հատոր 1-ին, գ․թ․ 58, 67, 84)։
2) Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 03.08.2021 թվականի թիվ 18-06/1-Հ-6158 գրության համաձայն՝ Երևանի քաղաքապետարան հասցեագրված Հարություն Հարությունյանի 07.05.2021 թվականի թիվ Հ-6158 դիմումի վերարերյալ ք.Երևան, Նորք Մարաշ 17-րդ փողոց 1-ին նրբանցք թիվ 4 հասցեի դիմաց գտնվող ինքնակամ կառուցված շինությունը և զբաղեցրած հողամասը ՀՀ կառավարության «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» 18.05.2006 թվականի թիվ 912-Ն որոշման շրջանակներում օրինականացնելու հետ կապված, հայտնվել է, որ համաձայն ՀՀ կառավարության 15.12.2005 թվականի թիվ 2330-Ն որոշումով հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի, քննարկվող տարածքը գտնվում է հասարակական նշանակության կանաչ տարածքների գոտում: Հայտնվել է նաև, որ հարցի քննարկմանը հնարավոր կլինի անդրադառնալ Երևան քաղաքի գլխավոր հատակագծում համապատասխան փոփոխություններ կատարելուց հետո (հատոր 1-ին, գ․թ․ 55)։
3) Հովհաննես Հարությունյանը 26.01.2023 թվականին Երևանի քաղաքապետին ուղղված դիմումով հայտնել է, որ Երևան, Նորք 17 փ., 1 նրբ. 4 հասցեի դիմաց գտնվող շինության և հողամասի օրինականացման վերաբերյալ Երևանի քաղաքապետի կողմից օրենքով սահմանված ժամկետով վարչական ակտ չի կայացվել, նշված անշարժ գույքն արդեն իսկ օրենքի ուժով համարվում է սեփականության իրավունքով հատկացված, ուստի խնդրել է տրամադրել նշված անշարժ գույքի օրինական լինելու վերաբերյալ վարչական ակտ (հատոր 1-ին, գ․թ․ 96-98)։
4) «ՊՐՈԷՔՍՊԵՐՏ» ՍՊԸ-ի 22.11.2022 թվականի շինությունների և հողամասի հատակագծերի համաձայն՝ ք.Երևան, Նորքի 17-րդ փողոց 1-ին նրբանցք թիվ 4 հասցեի դիմաց Հովհաննես Հարությունյանի կողմից ինքնակամ կառուցված բնակելի տան մակերեսը կազմում է 45,08քմ, իսկ ինքնակամ զբաղեցրած հողամասը կազմում է 0,0824հա (հատոր 1-ին, գ․թ․ 30, 32)։
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, ինչը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.
Վերոգրյալով պայմանավորված՝ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ ֆիկցիայի ուժով վարչական ակտն ընդունված համարվելու պայմաններին՝ վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները։
Վարչական մարմինների հետ հարաբերություններում ֆիզիկական ու իրավաբանական անձանց` ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված իրավունքների ու օրինական շահերի պաշտպանության պատշաճ երաշխիք ապահովելու նպատակով ՀՀ Ազգային ժողովի կողմից 18.02.2004 թվականին ընդունվել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքը (այսուհետ նաև՝ Օրենք), որի 1-ին հոդվածում ամրագրվել է, որ նույն oրենքը uահմանում է վարչարարության հիմունքները, կարգավորում է վարչական ակտեր ընդունելու, վարչական ակտերը, վարչական մարմինների գործողությունները և անգործությունը բողոքարկելու, վարչական ակտի կատարման, վարչական ծախuերի, ինչպեu նաև վարչարարությամբ հաuցված վնաuի հատուցման հետ կապված` վարչական մարմինների և ֆիզիկական կամ իրավաբանական անձանց միջև ծագած հարաբերությունները:
Անձի պատշաճ վարչարարության իրավունքը՝ որպես սահմանադրական իրավունք, իր ամրագրումն է ստացել ՀՀ Սահմանադրության 50-րդ հոդվածում, որը պարունակում է այդ իրավունքի երեք հիմնական բաղադրիչ, այն է՝
- վարչական մարմինների կողմից իրեն առնչվող գործերի անաչառ, արդարացի և ողջամիտ ժամկետում քննության իրավունք (50-րդ հոդվածի 1-ին մաս),
- վարչական վարույթի ընթացքում իրեն վերաբերող բոլոր փաստաթղթերին ծանոթանալու իրավունք, բացառությամբ օրենքով պահպանվող գաղտնիքների (50-րդ հոդվածի 2-րդ մաս),
- վարչական վարույթում լսված լինելու իրավունք (50-րդ հոդվածի 3-րդ մաս)։
ՀՀ Սահմանադրության 50-րդ հոդվածով սահմանված վարչական մարմինների կողմից անձին առնչվող գործերի ողջամիտ ժամկետում քննության իրավունքի իրացումը գործնականում երաշխավորելու նպատակով օրենսդիրը նախևառաջ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածով ամրագրել է վարչական մարմնի արագ գործելու պարտականությունը։ Այդ նպատակով օրենսդիրը նաև «ողջամիտ ժամկետ» հասկացությանը կոնկրետ բովանդակություն է հաղորդել՝ սահմանելով վարչական վարույթի առավելագույն ժամկետ․ Օրենքի 46-րդ հոդվածով նախատեսվել է վարչական վարույթի առավելագույն ժամկետը՝ 30 օր՝ օրենքով 30 օրից կարճ կամ ավելի երկար ժամկետներ սահմանելու հնարավորության սահմանմամբ։
Միաժամանակ ելնելով այն իրողությունից, որ ողջամիտ ժամկետում վարչարարության իրավունքը կլիներ երևակայական՝ առանց այդ իրավունքի իրացումն ապահովող իրավական երաշխիքների՝ օրենսդիրը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածով սահմանել է օրենքով սահմանված ժամկետում հայցվող բարենպաստ վարչական ակտը չընդունելու իրավական հետևանքները՝ որպես վարչական մարմինների անգործությունից ֆիզիկական ու իրավաբանական անձանց իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելու գործուն միջոց։
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի վերաբերյալ իրավական դիրքորոշում արտահայտելով այն մասին, որ քննարկվող իրավաբանական ֆիկցիայի նպատակն է ապահովել վարչարարության իրականացումը ողջամիտ ժամկետում, բարձրացնել վարչական մարմինների պատասխանատվությունը և բացառել այնպիսի դեպքերը, երբ իրավասու վարչական մարմինը, խախտելով օրենքով իր վրա դրված պարտականությունները, սահմանված ժամկետում չի քննարկում անձի դիմումը և դրա վերաբերյալ որևէ վարչական ակտ չի ընդունում՝ ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներում արձանագրել է հետևյալը.
ՀՀ նախագահի 30.06.2012 թվականի թիվ ՆԿ-96-Ա կարգադրությամբ հաստատված Հայաստանի Հանրապետության իրավական և դատական բարեփոխումների 2012-2017 թվականների ռազմավարական ծրագրով վարչական արդարադատության և վարչական վարույթի արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումների շարքում ներառվել է նաև «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի ուժով ընդունված վարչական ակտերով տրամադրվող իրավունքների իրացման գործնականում ապահովումը (5.4-րդ կետ)։ Մասնավորապես՝ այդ ծրագրի 5.4.1-րդ կետով արձանագրվել է, որ «(...) գործնականում առկա է ընդունված համարվող վարչական ակտերով մասնավոր անձին տրամադրված իրավունքի իրացման խնդիր: Մասնավոր անձը գործնականում ոչ միշտ է օգտվում այդ իրավունքից: Դատական մի շարք ակտերի ուսումնասիրությունը վկայում է, որ դատական պրակտիկայում նման վարչական ակտերին երբեմն ներկայացվում են պահանջներ, որոնք սահմանված չեն օրենքով, օրինակ, մինչև վարչական ակտով ստացված իրավունքից օգտվելը այդ ակտի իրավաչափության հաստատումը: Օրենքով սահմանված չէ այնպիսի ընթացակարգ, որով անհրաժեշտ է հաստատել 48-րդ հոդվածով ստացված վարչական ակտի իրավաչափությունը: Ուստի պետք է կատարվի համապատասխան ուսումնասիրություն՝ նշված ինստիտուտն այնպես կարգավորելու համար, որ մի կողմից չխաթարվի 48-րդ հոդվածում ամրագրված այս կարևոր ինստիտուտի բուն էությունը, մյուս կողմից պաշտպանվի հասարակական շահը» (տե՛ս, Գարեգին Խաչատրյանն ընդդեմ Երևան համայնքի թիվ ՎԴ/9652/05/16 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2021 թվականի որոշմումը)։
ՀՀ կառավարությունը, հիմք ընդունելով վերը նշված կարգադրությունը, ՀՀ Ազգային ժողով է ներկայացրել ««Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի նաև 48-րդ հոդվածում փոփոխություն կատարելու վերաբերյալ, որին կից ներկայացրել է նաև այդ իրավական ակտի ընդունման հիմնավորումը՝ դրանում նշելով, որ ««Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 48-րդ հոդվածի ներկայիս կարգավորմամբ` դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի արդյունքում օրենքով սահմանված ժամկետում վարչական ակտ ընդունելու իրավասություն ունեցող վարչական մարմնի կողմից այդ ակտը չընդունվելու դեպքում վարչական ակտը համարվում է ընդունված, և դիմողը կարող է ձեռնամուխ լինել համապատասխան իրավունքի իրականացմանը: Նշված նորմի հիմնական նպատակն է վարչական վարույթի շրջանակներում բարձրացնել վարչական մարմինների պատասխանատվությունը: Այս դրույթի կիրառումը կարող է կանխել կամ նվազեցնել այն դեպքերը, երբ մասնավոր անձինք դիմում են իրավասու վարչական մարմնին` բարենպաստ վարչական ակտ ստանալու ակնկալիքով, իսկ վարչական մարմինը սահմանված ժամկետում որևէ կերպ չի արձագանքում դիմումին: Սակայն գործնականում առկա է ընդունված համարվող վարչական ակտերով մասնավոր անձին տրամադրված իրավունքի իրացման խնդիր: Մասնավոր անձը գործնականում ոչ միշտ է օգտվում այդ իրավունքից: Դատական պրակտիկայի ուսումնասիրությունը վկայում է, որ նման վարչական ակտերին երբեմն ներկայացվում են պահանջներ, որոնք սահմանված չեն օրենքով, օրինակ, մինչև վարչական ակտով ստացված իրավունքից օգտվելը այդ ակտի իրավաչափության հաստատումը: Ուստի՝ անհրաժեշտ է հստակեցնել Օրենքի 48-րդ հոդվածը՝ ապահովելով այդ հոդվածի գործնական կիրառելիությունը: Մասնավորապես պետք է կարգավորվեն այն դեպքերը և դրանից բխող հետևանքները, երբ օրենքով սահմանված ժամկետում դիմումով հայցվող վարչական ակտն այն ընդունելու իրավասություն ունեցող վարչական մարմնի կողմից չի ընդունվում: Անհրաժեշտ է սահմանել, որ այդ դեպքում վարչական ակտը համարվում է ընդունված, և դիմողը կարող է ձեռնամուխ լինել համապատասխան իրավունքի իրականացմանը: Սակայն անգամ այդ դեպքում վարչական ակտը չի կարող համարվել ընդունված, եթե դրանով ակտի հասցեատիրոջը տրամադրվում է ակնհայտ ոչ իրավաչափ իրավունք կամ ներկայացված դիմումը չի համապատասխանում օրենքով սահմանված որոշակի պահանջների: Դիմումը պետք է պարունակի դիմողի անունը, ազգանունը, իրավաբանական անձի դեպքում` նրա լրիվ անվանումը, դիմումով ներկայացվող պահանջը (դիմումի առարկա) և դիմումին կցվող փաստաթղթերի ցանկը (եթե այդպիսիք ներկայացվում են): (…) Նշված փոփոխությունների անհրաժեշտությունը անմիջականորեն բխում է ՀՀ Նախագահի 2012 թվականի հունիսի 20-ի ՆԿ-96-Ա կարգադրությամբ հաստատված Հայաստանի Հանրապետության իրավական և դատական բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարական ծրագրի 5.2-րդ և 5.4-րդ և միջոցառումների ցանկի 3.2-րդ և 3.4-րդ կետերից»:
Դրանից հետո ՀՀ Ազգային ժողովը 25.10.2017 թվականին ընդունել է ««Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» թիվ ՀՕ-193-Ն օրենքը, որի 2-րդ հոդվածով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը շարադրվել են նոր՝ ներկայումս գործող հետևյալ խմբագրությամբ.
«1. Եթե վարչական ակտ ընդունելու իրավասություն ունեցող վարչական մարմինը սույն օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի «ա», «դ» և «ե» կետերի պահանջների պահպանմամբ ներկայացված դիմումի հիման վրա հարուցված վարույթի արդյունքում օրենքով սահմանված ժամկետում որևէ որոշում չի կայացնում, ապա վարչական ակտը համարվում է ընդունված, և դիմողը կարող է ձեռնամուխ լինել համապատասխան իրավունքի իրականացմանը, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված վարչական ակտը չի կարող ընդունված համարվել, եթե դա սույն օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետի համաձայն առ ոչինչ է»։
ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներից մեկում արձանագրել է, որ Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս իր օրենսդիր մարմնի, հիմք ընդունելով ՀՀ Նախագահի 30.06.2012 թվականի թիվ ՆԿ-96-Ա կարգադրությամբ հաստատված Հայաստանի Հանրապետության իրավական և դատական բարեփոխումների 2012-2017 թվականների ռազմավարական ծրագրի 5.4-րդ և 5.4.1-րդ կետերը, ու դրանց հիման վրա նախաձեռնված օրենսդրական փոփոխությունների հիմնավորումը, օրենքի ուժով վարչական ակտի ընդունված համարվելու իրավական կառուցակարգի առումով որդեգրել է այն քաղաքականությունը, որով այդ կառուցակարգի գործողությունը տարածել է բոլոր այն դեպքերի վրա, երբ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի «ա», «դ» և «ե» կետերի պահանջների պահպանմամբ ներկայացված դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի արդյունքում իրավասու վարչական մարմինն օրենքով սահմանված ժամկետում որևէ որոշում չի կայացնում։ Նշված կանոնից բացառություն է սահմանված միայն այն դեպքի համար, երբ հայցվող վարչական ակտը կլինի առ ոչինչ՝ ակտով դրա հասցեատիրոջը ակնհայտ ոչ իրավաչափ իրավունք տրամադրվելու հիմքով: Կատարված օրենսդրական փոփոխությունները վկայում են այն մասին, որ օրենսդրի կամքն ուղղված է վարչական մարմիններին առավել խիստ պահանջներ ներկայացնելուն։ Դրանց ուժով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածով սահմանված իրավաբանական ֆիկցիայի գործողությունը պայմանավորված չէ հայցվող վարչական ակտի իրավաչափությամբ, և նույնիսկ ոչ իրավաչափ վարչական ակտը, նշված իրավադրույթի համաձայն, կարող է համարվել ընդունված, բացառությամբ՝ եթե այդ ակտով դրա հասցեատիրոջը տրամադրվում է ակնհայտ ոչ իրավաչափ իրավունք:
Ամբողջ վերոգրյալի հաշվառմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ հայցվող վարչական ակտի իրավաչափությունը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածով սահմանված իրավաբանական ֆիկցիայի գործողության պայման չէ։ Նշվածից բացառություն է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետով նախատեսված վարչական ակտի առոչնչության հիմքի առկայությունը, այն է՝ ակտով դրա հասցեատիրոջը տրամադրվում է ակնհայտ ոչ իրավաչափ իրավունք: Այսինքն՝ օրենքով սահմանված ժամկետում վարչական մարմնի կողմից չընդունված վարչական ակտի՝ օրենքի ուժով ընդունված համարվելու ֆիկցիայի գործողությունը պարզելիս դատական վերահսկողությունը սահմանափակվում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետով նախատեսված վարչական ակտի առոչնչության հիմքի առկայությունը (բացակայությունը) գնահատելով։ Ինչ վերաբերում է հայցվող վարչական ակտի հնարավոր անվավերության հիմքերին, ինչպես նաև հնարավոր առոչնչության մյուս հիմքերին, ապա քննարկվող իրավաբանական ֆիկցիայի գործողությունը պարզելիս դրանց առկայությունը (բացակայությունը) պետք է ենթակա չլինի դատարանի կողմից գնահատման (տե՛ս, Գարեգին Խաչատրյանն ընդդեմ Երևան համայնքի թիվ ՎԴ/9652/05/16 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2021 թվականի որոշմումը)։
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը վերահաստատել է վերոգրյալ իրավական դիրքորոշումները՝ արձանագրելով, որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածը նախատեսում է օրենքով սահմանված ժամկետում վարչական մարմնի կողմից չընդունված վարչական ակտի՝ օրենքի ուժով ընդունված համարվելու իրավական հետևանք: Այսինքն՝ վարչական մարմնի կողմից չընդունված բարենպաստ վարչական ակտը, վերոգրյալ իրավանորմի ուժով, համարվում է ընդունված և առաջացնում է այդ վարչական ակտին բնորոշ բոլոր իրավաբանական հետևանքներն այն բոլոր դեպքերում, երբ օրենքով սահմանված ժամկետի ընթացքում վարչական վարույթը եզրափակելու փոխարեն վարչական մարմինը դրսևորում է անգործություն և բացակայում է վարչական ակտի առոչնչության «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետով նախատեսված հիմքը, այն է՝ վարչական ակտով դրա հաuցեատիրոջը չի տրամադրվում ակնհայտ ոչ իրավաչափ իրավունք, կամ նրա վրա չի դրվում ակնհայտ ոչ իրավաչափ պարտականություն։
ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ իրավաբանական ֆիկցիայի նպատակն է ապահովել ողջամիտ ժամկետում վարչարարության իրականացումը, բարձրացնել վարչական մարմինների պատասխանատվությունը և բացառել այնպիսի դեպքերը, երբ իրավասու վարչական մարմինը, խախտելով օրենքով իր վրա դրված պարտականությունները, սահմանված ժամկետում չի քննարկում անձի դիմումը և դրա վերաբերյալ որևէ վարչական ակտ չի ընդունում (տե՛ս, Արսենիկ Մուշկամբարյանը և Դարիկո Մուշկամբարյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/5353/05/20 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.12.2023 թվականի որոշմումը)։
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական վարույթ հարուցելու հիմքերն են` ա) անձի դիմումը, բողոքը. բ) վարչական մարմնի նախաձեռնությունը:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 1-ին մասի «ա» կետով նախատեսված դեպքերում վարչական վարույթը համարվում է հարուցված` համապատասխան դիմումը կամ բողոքը վարչական մարմնում ստանալու օրվանից, բացառությամբ այն դեպքերի, երբ դիմումը կամ բողոքը, նույն օրենքի 33-րդ հոդվածի համաձայն, վերահասցեագրվել է ըստ իրավասու վարչական մարմինների կամ վերադարձվել է դիմողին (բողոք բերողին):
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական մարմին դիմումը ներկայացվում է գրավոր և պետք է պարունակի`
ա) դիմողի անունը, ազգանունը, իրավաբանական անձի դեպքում` նրա լրիվ անվանումը.
(․․․)
դ) դիմումով ներկայացվող պահանջը (դիմումի առարկա).
ե) դիմումին կցվող փաստաթղթերի ցանկը (եթե այդպիսիք ներկայացվում են).
(․․․)։
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական վարույթի առավելագույն ժամկետը 30 օր է: Օրենքով կարող են սահմանվել հատուկ` 30 օրից կարճ կամ ավելի երկար ժամկետներ:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` վարչական վարույթի ժամկետն սկսվում է դիմումը տվյալ վարչական մարմնում մուտքագրելու օրվանից, իսկ վարչական մարմնի նախաձեռնությամբ ընդունվելիք վարչական ակտերի համար` նախաձեռնության օրվանից:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` եթե վարչական ակտ ընդունելու իրավասություն ունեցող վարչական մարմինը նույն օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի «ա», «դ» և «ե» կետերի պահանջների պահպանմամբ ներկայացված դիմումի հիման վրա հարուցված վարույթի արդյունքում օրենքով սահմանված ժամկետում որևէ որոշում չի կայացնում, ապա վարչական ակտը համարվում է ընդունված, և դիմողը կարող է ձեռնամուխ լինել համապատասխան իրավունքի իրականացմանը, բացառությամբ նույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 1-ին մասով նախատեսված վարչական ակտը չի կարող ընդունված համարվել, եթե դա նույն օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետի համաձայն առ ոչինչ է:
ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ արձանագրել է, որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածն ամրագրել է վարչական մարմնի «պոզիտիվ լռության» դոկտրինը, ըստ որի՝ այն դեպքում, երբ վարչական մարմինն օրենքով սահմանված կարգով և ժամկետում անձի դիմումի վերաբերյալ որոշում չի կայացնում, ապա հայցվող բարենպաստ վարչական ակտը de jure համարվում է ընդունված։ Այլ կերպ՝ օրենքով սահմանված ժամկետում վարչական մարմնի դիրքորոշման բացակայության դեպքում կատարվում է ենթադրություն հայցվող վարչական ակտի ընդունման վերաբերյալ, այսինքն՝ գործում է հայցվող բարենպաստ վարչական ակտի ընդունված լինելու կանխավարկածը։
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածով սահմանված՝ իրավական նորմերի մեկնաբանության կանոններին համապատասխան մեկնաբանելով Օրենքի 48-րդ հոդվածում ամրագրված նորմերը՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ օրենքի ուժով վարչական ակտն ընդունված է համարվում հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում․
1) բարենպաստ վարչական ակտ հայցելու վերաբերյալ անձի դիմումը համապատասխանում է Օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի «ա», «դ» և «ե» կետերի պահանջներին, այն է՝ դիմումը պարունակում է դիմողի անունը, ազգանունը, իրավաբանական անձի դեպքում` նրա լրիվ անվանումը, դիմումով ներկայացվող պահանջը (դիմումի առարկա), դիմումին կցվող փաստաթղթերի ցանկը (եթե այդպիսիք ներկայացվում են). այս պայմանի օրենսդրական ամրագրումը համակարգային առումով փոխկապակցված է Օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետի հետ, ըստ որի՝ առ ոչինչ է այն վարչական ակտը, որից պարզ չէ, թե դա որոշակիորեն ում է հասցեագրված, կամ հայտնի չէ, թե ինչ հարց է կարգավորում։ Նշված պայմանի սահմանումը նպատակ է հետապնդում բացառել օրենքի ուժով ընդունված առ ոչինչ վարչական ակտի գոյությունը, տվյալ դեպքում՝ այնպիսի վարչական ակտի գոյությունը, որից պարզ չէ, թե որոշակիորեն ում է հասցեագրված և (կամ) ինչ հարց է կարգավորում,
2) անձի դիմումը հասցեագրված է հայցվող բարենպաստ վարչական ակտն ընդունելու իրավասությամբ օժտված վարչական մարմնին․ այս պայմանը համակարգային առումով փոխկապակցված է Օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հետ, ըստ որի՝ առ ոչինչ է այն վարչական ակտը, որն ընդունել է ոչ իրավասու վարչական մարմինը։ Նշված պայմանի սահմանումը ևս նպատակ է հետապնդում բացառել օրենքի ուժով ընդունված առ ոչինչ վարչական ակտի գոյությունը, տվյալ դեպքում՝ այնպիսի վարչական ակտի գոյությունը, որն ընդունել է ոչ իրավասու մարմինը,
3) վարչական վարույթն իրականացնող վարչական մարմինն Օրենքի 46-րդ հոդվածով սահմանված 30-օրյա կամ օրենքով սահմանված այլ հատուկ ժամկետում դրսևորում է անգործություն՝ չընդունելով դիմումը բավարարելու կամ մերժելու վերաբերյալ որոշում,
4) բացակայում է վարչական ակտի՝ Օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետով նախատեսված առոչնչության հիմքը։
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վերը նշված պայմաններից որևէ մեկի բացակայությունը բացառում է օրենքի ուժով ընդունված վարչական ակտի գոյությունը։
Օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետի համաձայն՝ առ ոչինչ է այն վարչական ակտը, որով դրա հասցեատիրոջ վրա դրվում է ակնհայտ ոչ իրավաչափ պարտականություն, կամ նրան տրամադրվում է ակնհայտ ոչ իրավաչափ իրավունք։ Նույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի համաձայն՝ առ ոչինչ վարչական ակտն ընդունման պահից իրավաբանական ուժ չունի և ենթակա չէ կատարման կամ կիրառման: Առ ոչինչ վարչական ակտը չկատարելը չի կարող առաջացնել որևէ պատասխանատվություն այն անձանց համար, ում հասցեագրված է: Առ ոչինչ վարչական ակտի կատարումը կամ կիրառումն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն:
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ Օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետում «ակնհայտ ոչ իրավաչափ պարտականություն» և «ակնհայտ ոչ իրավաչափ իրավունք» եզրույթների բովանդակությունը հարկ է ընկալել և բացահայտել նույն հոդվածի 3-րդ մասով սահմանված այն կարգավորումների համատեքստում, որոնք թույլ են տալիս չկատարել առ ոչինչ վարչական ակտը, իսկ կատարելու կամ կիրառելու համար նախատեսում են համապատասխան իրավական հետևանքներ՝ օրենքով սահմանված պատասխանատվության տեսքով (տե՛ս, «Մոլիբդենի աշխարհ» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության թիվ ՎԴ/13512/05/21 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 11.06.2024 թվականի որոշումը)։
Առ ոչինչ վարչական ակտին բնորոշ հատկանիշների վերաբերյալ իրավական դիրքորոշումներ է արտահայտել նաև ՀՀ սահմանադրական դատարանը։ Մասնավորապես, ի տարբերություն վարչական ակտի անվավերության, վարչական ակտի առ ոչինչ լինելու հանգամանքը պայմանավորված է ակնառու կոպիտ սխալներով, որոնք ի հայտ են գալիս առանց տվյալ վարչական ակտի իրավաչափությունը հատուկ ընթացակարգով ստուգելու և գնահատելու անհրաժեշտության և բացառում են տվյալ ակտի առ ոչինչ լինելու վերաբերյալ հնարավոր վեճերը։ Ի տարբերություն առ ոչինչ չհանդիսացող մյուս ոչ իրավաչափ վարչական ակտերի, առ ոչինչ վարչական ակտերն այդպիսին են հանդիսանում հենց օրենքի ուժով, ինչն իրավունքի սուբյեկտին չի պարտադրում բողոքարկել նման վարչական ակտերը և դրա արդյունքում ունենալ վարչական ակտի առ ոչինչ լինելու հանգամանքի հաստատման վերաբերյալ իրավասու մարմինների կողմից կայացված որոշում, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով առ ոչինչ վարչական ակտի կատարումը կամ կիրառումն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն (տե՛ս, ՀՀ սահմանադրական դատարանի 04․02․2014 թվականի թիվ ՍԴՈ-1137 որոշումը)։
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում հավելել է նաև, որ վարչական ակտի առ ոչինչ լինելու համար էական և անհրաժեշտ պայման է անձի վրա ակնհայտ ոչ իրավաչափ պարտականություն դնելը, կամ անձին ակնհայտ ոչ իրավաչափ իրավունք տրամադրելը: Այսինքն` անձի վրա դրվող պարտականությունը կամ անձին տրամադրվող իրավունքը պարտադիր կերպով պետք է լինի ակնհայտ ոչ իրավաչափ: Հետևաբար վարչական ակտով անձի վրա նույնիսկ «ոչ իրավաչափ» պարտականություն դնելը կամ անձին «ոչ իրավաչափ» իրավունք տրամադրելը, որը կարող է պարզվել այդ վարչական ակտի վիճարկման վարույթում, դեռևս բավարար չէ վարչական ակտն առ ոչինչ դիտելու համար: Այսինքն` վարչական ակտի առ ոչինչ լինելը հաստատված համարելու համար անհրաժեշտ է, որ դրանով տրամադրված իրավունքը կամ դրված պարտականությունը առերևույթ ոչ իրավաչափ լինի, իսկ բոլոր այն դեպքերում, երբ վիճարկվում է վարչական ակտի հիմքում դրված հանգամանքների հավաստիությունը կամ կիրառված նորմերի սխալ կիրառելիությունը կամ մեկնաբանությունը, ապա նման վարչական ակտը չի կարող դիտվել առ ոչինչ, այլ այն կարող է ճանաչվել անվավեր (տե՛ս, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Սպանդարյանի 1 հարկային տեսչությունն ընդդեմ «Նովռոսինվեստ» ՍՊԸ-ի թիվ ՎԴ/0562/05/09 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 12.03.2010 թվականի որոշումը, «Տավրոս-66» ֆիրմա ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Մաշտոցի հարկային տեսչության և ՀՀ ֆինանսների նախարարության թիվ ՎԴ/7157/05/08 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 12.03.2010 թվականի որոշումը, Ժիրայր Զոհրաբյանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Արարատի մարզային ստորաբաժանման, Աննա Զոհրաբյանի թիվ ՎԴ3/0233/05/12 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.12.2017 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ առ ոչինչ վարչական ակտի պարագայում վերջինիս ոչ իրավաչափությունն անվիճելի է այն աստիճանի, որ նման ոչ իրավաչափությունը տեսանելի և ընկալելի է յուրաքանչյուրի ու ցանկացած վարչական մարմնի համար, և վերջիններս պարտավոր են ձեռնպահ մնալ այն կիրառելուց կամ կատարելուց։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 2-րդ մասով ամրագրվել է այն դատավարական կառուցակարգը, որի միջոցով անձը կարող է Օրենքի 48-րդ հոդվածով նախատեսված իրավաբանական ֆիկցիայի կիրառմամբ իրականացնել իր դատական պաշտպանությունն այն դեպքում, երբ վարչական մարմինն օրենքով սահմանված ընդհանուր կամ հատուկ ժամկետում վարչական ակտ չի ընդունել: ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «գործողության կատարման հայցով հայցվորը կարող է պահանջել նաև օրենքով սահմանված ժամկետում վարչական ակտ չընդունվելու հետևանքով վարչական ակտն ընդունված համարվելու դեպքում տրամադրել օրենքով նախատեսված համապատասխան փաստաթուղթը»:
Միաժամանակ, ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ հայցվող վարչական ակտով անձին տրամադրված իրավունքը կարող է համարվել ակնհայտ ոչ իրավաչափ, եթե նման ոչ իրավաչափությունն անվիճելի է՝ առանց տվյալ վարչական ակտի հիմքում ընկած այս կամ այն փաստական հանգամանքի հավաստիությունը պարզելու, այդ նպատակով ապացույցների հետազոտման ու գնահատման, կիրառված նորմերի կիրառելիության կամ մեկնաբանության ստուգման անհրաժեշտության (տե՛ս, «Մոլիբդենի աշխարհ» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության թիվ ՎԴ/13512/05/21 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 11.06.2024 թվականի որոշմումը, Հուսիկ Միլիտոսյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի՝ թիվ ՎԴ/6308/05/22 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 12.06.2025 թվականի որոշմումը)։
Վկայակոչված իրավական դիրքորոշումների լույսի ներքո Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ նաև պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերում գտնվող ինքնակամ կառույցների սպասարկման և պահպանման համար օտարվող հողամասերի տրամադրման առանձնահատկություններին։
Այսպես․ ՀՀ կառավարության 18.05.2006 թվականի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշմամբ հաստատվել է ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը (այսուհետ՝ Կարգ)։
Կարգի 33-րդ կետի համաձայն՝ համայնքի ղեկավարը սեփական նախաձեռնությամբ ընդունում է որոշում պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերում գտնվող ինքնակամ կառույցներն օրինականացնելու կամ քանդելու մասին: Ինքնակամ կառույցի օրինականացման վերաբերյալ որոշմանը կցվում է օրինական ճանաչված կառույցի (կառույցների) պահպանման և սպասարկման համար առանձնացված հողամասի և շինությունների` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հրամանով հաստատված ձևի հատակագծերը, ինչպես նաև ինքնակամ կառույցը Կադաստրի կոմիտեում հաշվառված լինելու փաստը հավաստող ծածկագիր, իսկ ծածկագիր չլինելու դեպքում՝ իրավունքի պետական գրանցման վկայական կամ կառույցը հաշվառված լինելու մասին Կադաստրի կոմիտեի կողմից տրամադրված տեղեկանք:
Կարգի 33.1-ին կետով սահմանվել է պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերում գտնվող ինքնակամ կառույցների սպասարկման և պահպանման համար կադաստրային արժեքով օտարվող հողամասերի առավելագույն չափ`
ա) ինքնակամ կառուցված բնակելի տների և այգետնակների համար` 1000 քառ. մետր,
բ) հասարակական նշանակության կառույցների համար` ինքնակամ կառույցով զբաղեցված տարածքի մակերեսի կրկնակին,
գ) արտադրական նշանակության կառույցների համար` ինքնակամ կառույցով զբաղեցված տարածքի մակերեսի եռակին:
Կարգի 33.2-րդ կետի համաձայն՝ որոշմամբ հաստատված` ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգի 33.1-ին կետով սահմանված հողամասի առավելագույն մակերեսի չափից ավելի հողամասի տրամադրման դեպքերում ավելի մակերեսով հողամասի գինը սահմանվում է տվյալ հողամասի կադաստրային արժեքի եռապատիկի չափով:
Կարգի 34.2-րդ կետի համաձայն՝ պետական կամ համայնքային սեփականության հողամասերում ինքնակամ կառույցներ համարվող ավտոտնակների, կրպակների, տաղավարների և այլ համանման ինքնակամ շինությունների օրինականացման ու տնօրինման դեպքերում` նշված շինությունները և դրանցով զբաղեցված ու սպասարկման և պահպանման համար անհրաժեշտ համապատասխան հողամասը սեփականության կամ վարձակալության իրավունքով տրամադրվում է ինքնակամ կառույցն իրականացրած անձին: Ընդ որում, եթե ինքնակամ շինությունների և դրանցով զբաղեցված ու սպասարկման և պահպանման համար անհրաժեշտ համապատասխան հողամասի` սեփականության իրավունքով տրամադրումը հակասում է սահմանված կարգով հաստատված գլխավոր հատակագծերի, քաղաքաշինական գոտևորման նախագծերի, հողերի օգտագործման սխեմաների և քաղաքաշինական ծրագրերի պահանջներին, ապա սույն կետում նշված ինքնակամ կառույցները և դրանցով զբաղեցված ու սպասարկման և պահպանման համար անհրաժեշտ համապատասխան հողամասը տրամադրվում է վարձակալության իրավունքով:
Վկայակոչված նորմերից հետևում է, որ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերում գտնվող ինքնակամ կառույցներն օրինականացնելու վերաբերյալ որոշում կայացնելիս համայնքի ղեկավարն անդրադառնում է նաև նշված շինությունները և դրանցով զբաղեցված ու սպասարկման և պահպանման համար անհրաժեշտ համապատասխան հողամասը սեփականության կամ վարձակալության իրավունքով ինքնակամ կառույցն իրականացրած անձին տրամադրելու հարցին։ Ընդ որում, պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերում գտնվող ինքնակամ կառույցների սպասարկման և պահպանման համար կադաստրային արժեքով օտարվող հողամասերի առավելագույն չափը՝ ինքնակամ կառուցված բնակելի տների և այգետնակների համար, սահմանվել է 1000 քառ. մետրը։ Իսկ նշված առավելագույն մակերեսի չափից ավելի հողամասի տրամադրման դեպքերում ավելի մակերեսով հողամասի գինը սահմանվում է տվյալ հողամասի կադաստրային արժեքի եռապատիկի չափով։
Այլ կերպ ասած՝ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերում գտնվող ինքնակամ կառույցների սպասարկման և պահպանման համար մինչև 1000 քառ. մետր հողամասն օտարվում է կադաստրային արժեքով, իսկ հողամասի առավելագույն մակերեսի չափից ավելի հողամասի տրամադրման դեպքերում ավելի մակերեսով հողամասի գինը սահմանվում է տվյալ հողամասի կադաստրային արժեքի եռապատիկի չափով: Հետևաբար, Կարգի 33.1-ին և 33.2-րդ կետերը վերաբերում են բացառապես պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերում գտնվող ինքնակամ կառույցների սպասարկման և պահպանման համար օտարվող հողամասերի արժեքին, այլ ոչ թե՝ այդ հողամասերի տրամադրման չափին:
Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել նաև, որ օրինականացման գործընթացը պետք է վերաբերի ինքնակամ կառույցին, այլ ոչ թե վերածվի հողի քողարկված օտարման:
Ինքնակամ կառույցի օրինականացման գործընթացը ենթադրում է նաև այդ կառույցով ծանրաբեռնված հողամասի, ինչպես նաև կառույցի պահպանման և սպասարկման համար անհրաժեշտ հողամասի օտարումը, ընդ որում, ակնհայտորեն ինքնակամ կառույցի մակերեսը բազմաթիվ անգամներ գերազանցող հողամասի տրամադրումը կվերածվի քողարկված հողհատկացման, որը կհանգեցնի տվյալ վարչական ակտի առոչնչությանը:
Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերում գտնվող ինքնակամ կառույցն օրինականացնելու վերաբերյալ որոշում կայացնելիս համայնքի ղեկավարն անդրադառնում է նաև նշված շինությունները և դրանցով զբաղեցված ու սպասարկման և պահպանման համար անհրաժեշտ համապատասխան հողամասը սեփականության կամ վարձակալության իրավունքով ինքնակամ կառույցն իրականացրած անձին տրամադրելու հարցին, որպիսի դեպքում ինքնակամ կառույցի սպասարկման և պահպանման համար տրամադրվող հողամասի չափը պետք է ողջամտորեն լինի տվյալ կառույցի սպասարկման համար անհրաժեշտ, հակառակ դեպքում՝ ակնհայտորեն ինքնակամ կառույցի մակերեսը բազմաթիվ անգամներ գերազանցող հողամասի տրամադրումը կվերածվի քողարկված հողհատկացման, որը կհանգեցնի տվյալ վարչական ակտի առոչնչությանը: Հետևաբար, պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերում գտնվող ինքնակամ կառույցն օրինականացնելու վերաբերյալ ֆիկտիվ վարչական ակտի ընդունված համարվելու փաստը հաստատելիս դատարանը պետք է անդրադառնա նաև ինքնակամ կառույցի և դրա սպասարկման և պահպանման համար տրամադրվող հողամասի չափերի հարաբերակցության հարցին՝ բացառելով ինքնակամ կառույցի մակերեսը բազմաթիվ անգամներ գերազանցող հողամասի ակնհայտ ոչ իրավաչափ տրամադրումը։
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն գործի փաստերի համաձայն՝ Երևանի քաղաքապետին ուղղված 29.01.2021 թվականի դիմումով Հովհաննես Հարությունյանը խնդրել է, ՀՀ կառավարության 18.05.2006 թվականի թիվ 912-Ն որոշման համաձայն, օրինականացնել Նորքի 17 փող., 1 նրբ., 4 հասցեի դիմաց գտնվող շինությունը /հողամասը/, իսկ 07.05.2021 թվականի դիմումով, ներկայացնելով լրացուցիչ պահանջված փաստաթղթերը, խնդրել է վերանայել իր դիմումը, իսկ 23․11․2022 թվականին ներկայացված դիմումով ներկայացրել է հաշվառման փաթեթը, և խնդրել է վերանայել ինքնակամ անշարժ գույքի օրինականացման վերաբերյալ դիմումը։
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 03.08.2021 թվականի թիվ 18-06/1-Հ-6158 գրության համաձայն՝ Երևանի քաղաքապետարան հասցեագրված Հարություն Հարությունյանի 07.05.2021 թվականի թիվ Հ-6158 դիմումի վերաբերյալ ք.Երևան, Նորք Մարաշ 17-րդ փողոց 1-ին նրբանցք թիվ 4 հասցեի դիմաց գտնվող ինքնակամ կառուցված շինությունը և զբաղեցրած հողամասը ՀՀ կառավարության «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» 18.05.2006 թվականի թիվ 912-Ն որոշման շրջանակներում օրինականացնելու հետ կապված, հայտնվել է, որ համաձայն ՀՀ կառավարության 15.12.2005 թվականի թիվ 2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի՝ քննարկվող տարածքը գտնվում է հասարակական նշանակության կանաչ տարածքների գոտում: Հայտնվել է նաև, որ հարցի քննարկմանը հնարավոր կլինի անդրադառնալ Երևան քաղաքի գլխավոր հատակագծում համապատասխան փոփոխություններ կատարելուց հետո։
Հովհաննես Հարությունյանը 26.01.2023 թվականին Երևանի քաղաքապետին ուղղված դիմումով հայտնել է, որ Երևան, Նորք 17 փ., 1 նրբ. 4 հասցեի դիմաց գտնվող շինության և հողամասի օրինականացման վերաբերյալ Երևանի քաղաքապետի կողմից օրենքով սահմանված ժամկետով վարչական ակտ չի կայացվել, նշված անշարժ գույքն արդեն իսկ օրենքի ուժով համարվում է սեփականության իրավունքով հատկացված, ուստի խնդրել է տրամադրել նշված անշարժ գույքի օրինական լինելու վերաբերյալ վարչական ակտ։
«ՊՐՈԷՔՍՊԵՐՏ» ՍՊԸ-ի 22.11.2022 թվականի շինությունների և հողամասի հատակագծերի համաձայն՝ ք.Երևան, Նորքի 17-րդ փողոց 1-ին նրբանցք թիվ 4 հասցեի դիմաց Հովհաննես Հարությունյանի կողմից ինքնակամ կառուցված բնակելի տան մակերեսը կազմում է 45,08 քմ, իսկ ինքնակամ զբաղեցրած հողամասը կազմում է 0,0824 հա:
Դիմելով դատարան հայցվորը պահանջել է պարտավորեցնել Երևանի քաղաքապետարանին տրամադրել հայցվորի կողմից կառուցված և օգտագործվող ք.Երևան, Նորք 17 փ., 1 նրբ., 4 հասցեի դիմաց գտնվող անշարժ գույքի օրինական լինելու վերաբերյալ վարչական ակտ՝ ըստ կից ներկայացվող չափագրման փաստաթղթերի։
Դատարանը 07․03․2024 թվականի վճռով հայցը մերժել է՝ այն հիմնավորմամբ, որ «(...) Տվյալ դեպքում Դատարանը փաստում է, որ հայցվոր Հովհաննես Հարությունյանը Երևանի քաղաքապետին ուղղված դիմումով խնդրել է ՀՀ կառավարության «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» 18.05.2006 թվականի թիվ 912-Ն որոշման շրջանակներում օրինականացնել Նորք 17 փող. 1 նրբ. 4 հասցեի դիմաց գտնվող շինությունը, որպիսի դիմումին ի պատասխան պատասխանող Երևանի քաղաքապետարանն օրենքով սահմանված մեկամսյա ժամկետում որևէ որոշում չի ընդունել: Ինչ վերաբերում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 03.08.2021 թվականի թիվ 18-06/1-Հ-6158 գրությանը, ապա Դատարանի գնահատմամբ այն չի հանդիսանում վարչական վարույթի արդյունքում ընդունված վարչական ակտ, քանի որ այն իր բովանդակությամբ չի համապատասխանում դրա ընդունման համար օրենքով սահմանված պահանջներին, նշում չի պարունակում այն բոլոր էական փաստական և իրավաբանական հանգամանքների վերաբերյալ, որոնք վարչական մարմնին հիմք են տվել ընդունելու համապատասխան որոշում: Մասնավորապես` այն չի պարունակում ակտով լուծվող հարցի նկարագրությունը, ակտի ընդունման հիմնավորումը, ընդունված որոշման շարադրանքը, ինչպես նաև ակտի բողոքարկման ժամկետը և մարմինը, ներառյալ` դատարանը, որին կարող է այդ ակտը բողոքարկվել:
Գործում առկա «ՊՐՈԷՔՍՊԵՐՏ» ՍՊԸ-ի 22.11.2022 թվականի շինությունների և հողամասի հատակագծերի համաձայն՝ ք.Երևան, Նորքի 17-րդ փողոց 1-ին նրբանցք թիվ 4 հասցեի դիմաց Հովհաննես Հարությունյանի կողմից ինքնակամ կառուցված բնակելի տան մակերեսը կազմում է 45,08 քմ, իսկ ինքնակամ զբաղեցրած հողամասը կազմում է 0,0824 հա:
(․․․)
Վերոգրյալ իրավական նորմերի վերլուծության, Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման և սույն գործի փաստերի համադրման արդյունքում Դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում հայցվոր Հովհաննես Հարությունյանի դիմումով հայցվող վարչական ակտը չի կարող համարվել ընդունված, քանի որ առկա է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածով նախատեսված՝ օրենքի ուժով վարչական ակտն ընդունված չհամարվելու հիմքը՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետով նախատեսված՝ ակտով դրա հասցեատիրոջն ակնհայտ ոչ իրավաչափ իրավունք տրամադրելը, որպիսի պայմաններում դիմող Հովհաննես Հարությունյանը չէր կարող ձեռնամուխ լինել համապատասխան իրավունքի իրականացմանը:
Մասնավորապես, թեև Հովհաննես Հարությունյանը դիմել է վարչական մարմնին՝ հայցելով բարենպաստ վարչական ակտ, այսինքն՝ վարչական վարույթը հարուցվել է Հովհաննես Հարությունյանի դիմումի հիման վրա և պատասխանող Երևանի քաղաքապետարանն էլ օրենքով սահմանված մեկամսյա ժամկետում որևէ որոշում չի ընդունել, սակայն սույն գործում առկա փաստերից, մասնավորապես՝ Երևանի քաղաքապետին ուղղված 29.01.2021 թվականի դիմումից և «ՊՐՈԷՔՍՊԵՐՏ» ՍՊԸ-ի 22.11.2022 թվականի շինությունների և հողամասի հատակագծերից հետևում է, որ Նորք 17 փող. 1 նրբ. 4 հասցեի դիմաց գտնվող հասցեում կառուցված ինքնակամ շինության մակերեսը կազմում է 45,08 քմ, իսկ դիմումով պահանջվել է օրինականացնել նույն շինությամբ զբաղեցված հողամասը, որի մակերեսը կազմում է 0,0824 հա, մինչդեռ ակնհայտ է, որ 0,0824 հա (824 քմ) հողամասը չի կարող համարվել 45,08 քմ շինության օգտագործման և սպասարկման համար անհրաժեշտ հողատարածք, իսկ Որոշմամբ նախատեսվել է միայն կառույցի պահպանման և սպասարկման համար առանձնացված հողամասի օրինականացման հնարավորություն:
Դատարանը գտնում է, որ ՀՀ կառավարության 18.05.2006 թվականի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշման նպատակն ինքնակամ կառույցների օրինականացումն է, իսկ կառույցի պահպանման և սպասարկման համար առանձնացված հողամասի օրինականացման հնարավորություն նախատեսելով՝ օրենսդիրը նպատակ է հետապնդել ապահովել շինության նկատմամբ անձի սեփականության իրավունքի իրացումը: Այսինքն՝ անձի համար իր կողմից ինքնակամ կառուցված շինությունների օրինականացման գործընթացում հայցվող իրավունքը՝ որպես վերջնանպատակ ինքնակամ կառույցի օրինականացումն է, իսկ կառույցի մակերեսը բազմապատիկ անգամ գերազանցող հողամասի՝ որպես կառույցի պահպանման և սպասարկման համար առանձնացված հողամաս, օրինականացման հայցումն ակնհայտ ոչ իրավաչափ է, ուստի նման իրավունք տրամադրող վարչական ակտն էլ հանդիսանում է առոչինչ վարչական ակտ:
Դատարանը գտնում է, որ որպես կառույցի պահպանման և սպասարկման համար առանձնացված հողամաս ինքնակամ կառույցի մակերեսը 18 անգամ գերազանցող (շինության մակերեսը 45,08 քմ, իսկ հողամասինը՝ 824 քմ) հողամասն օրինականացնելու մասին Հովհաննես Հարությունյանի կողմից հայցվող վարչական ակտով վերջինիս կտրամադրվի ակնհայտ ոչ իրավաչափ իրավունք:
Վերոշարադրյալի հիման վրա Դատարանը եզրահանգում է, որ Հովհաննես Հարությունյանի հայցը՝ պատասխանողին հայցվորի կողմից կառուցված և օգտագործվող ք.Երևան, Նորք 17 փ., 1 նրբ., 4 հասցեի դիմաց գտնվող անշարժ գույքի օրինական լինելու վերաբերյալ վարչական ակտ՝ ըստ կից ներկայացվող չափագրման փաստաթղթերի, տրամադրելուն պարտավորեցնելու պահանջի մասին, անհիմն է և ենթակա է մերժման»։
Վերաքննիչ դատարանը 25․12․2024 թվականի որոշմամբ Հովհաննես Հարությունյանի վերաքննիչ բողոքը բավարարել է՝ Դատարանի 07․03․2024 թվականի վճիռը բեկանել և փոփոխել է՝ հայցը բավարարել է, պատճառաբանելով, որ «(...) Ինքնակամ շինությունը օրինականացնելու մասին դիմումը մուտքագրվել է Երևանի քաղաքապետարան՝ 29․01․2021 թվականին, այսինքն՝ վարչական վարույթը հարուցվել է հայցվորի դիմումի հիման վրա։ Փաստորեն, առկա էր դիմումով ներկայացվող պահանջը (դիմումի առարկա): Ընդ որում, դիմումում նշված է դիմողի անունը, ազգանունը՝ Հովհաննես Հարությունյան, և դիմումին կցվող փաստաթղթերի ցանկը՝ անձնագրի պատճեն, լուսանկարներ, գեոդեզիական հանույթ: Այսինքն՝ դիմումը համապատասխանում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի «ա», «դ» և «ե» կետերի պահանջներին։
Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում հայցվորի կողմից ք. Երևան, Նորք 17 փող. 1 նրբ. 4 հասցեի դիմաց գտնվող ինքնակամ շինությունը և դրանով ծանրաբեռնված հողամասն օրինականացնելու վերաբերյալ հայցվող վարչական ակտն ընդունված համարվելու դեպքում հայցվորին դրանով չի տրամադրվի ակնհայտ ոչ իրավաչափ իրավունք:
Անդրադառնալով վարչական վարույթի նյութերում առկա Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 03.08.2021 թվականի թիվ 18-06/1-Հ-6158 գրությանը, որի համաձայն՝ Երևանի քաղաքապետարան հասցեագրված Հարություն Հարությունյանի 07.05.2021 թվականի թիվ Հ-6158 դիմումի վերարերյալ ք.Երևան, Նորք Մարաշ 17-րդ փողոց 1-ին նրբանցք թիվ 4 հասցեի դիմաց գտնվող ինքնակամ կառուցված շինությունը և զբաղեցրած հողամասը ՀՀ կառավարության «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» 18.05.2006 թվականի թիվ 912-Ն որոշման շրջանակներում օրինականացնելու հետ կապված, հայտնվել է, որ համաձայն ՀՀ կառավարության 15.12.2005 թվականի թիվ 2330-Ն որոշումով հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի, քննարկվող տարածքը գտնվում է հասարակական նշանակության կանաչ տարածքների գոտում: Հայտնվել է նաև, որ հարցի քննարկմանը հնարավոր կլինի անդրադառնալ Երևան քաղաքի գլխավոր հատակագծում համապատասխան փոփոխություններ կատարելուց հետո, ապա Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ ինչպես նշվեց, վարչական վարույթը հարուցվել է հայցվորի դիմումի հիման վրա՝ 29․01․2021թ.-ին, իսկ վարչական մարմնի կողմից 30-օրյա ժամկետում չի կայացվել հարուցված վարչական վարույթը եզրափակող վարչական ակտ, հետևաբար վերոհիշյալ գրությունը սույն գործի լուծման համար որևէ էական նշանակություն ունենալ չի կարող:
Ինչ վերաբերում է ՀՀ վարչական դատարանի կողմից հայցի մերժման հիմքում դրված այն հանգամանքին, որ որպես կառույցի պահպանման և սպասարկման համար առանձնացված հողամաս ինքնակամ կառույցի մակերեսը 18 անգամ գերազանցող (շինության մակերեսը 45,08 քմ, իսկ հողամասինը՝ 824 քմ) հողամասն օրինականացնելու մասին Հովհաննես Հարությունյանի կողմից հայցվող վարչական ակտով վերջինիս կտրամադրվի ակնհայտ ոչ իրավաչափ իրավունք, ապա Վերաքննիչ դատարանն արձանագրում է հետևյալը.
(․․․) Վերոգրյալ իրավանորմերը համադրելով սույն վարչական գործի փաստական հանգամանքների և վարչական գործում առկա ապացույցների, մասնավորապես՝ «ՊՐՈԷՔՍՊԵՐՏ» ՍՊ ընկերության կողմից 22.11.2022 թվականին տրված շինությունների և հողամասի հատակագծի բնութագրի համաձայն՝ ք.Երևան, Նորքի 17-րդ փողոց 1-ին նրբանցք թիվ 4 հասցեի դիմաց Հովհաննես Հարությունյանի կողմից ինքնակամ կառուցված բնակելի տան մակերեսը կազմում է 45,08 քմ, իսկ ինքնակամ զբաղեցրած հողամասը կազմում է 0,0824 հա: Այսինքն՝ ստացվում է, որ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում Հովհաննես Հարությունյանի կողմից կառուցված ինքնակամ բնակելի տան սպասարկման և պահպանման համար օտարվող հողամասերի առավելագույն չափը՝ 0,0824 հա, չի գերազանցում Կարգի 33.1-րդ կետով սահմանված ինքնակամ կառուցված բնակելի տների և այգետնակների դեպքում սպասարկման և պահպանման համար կադաստրային արժեքով օտարվող հողամասերի առավելագույն չափը՝ 1000 քառ. մետրը: Բացի այդ, Վերաքննիչ դատարանը փաստում է, որ որպես կառույցի պահպանման և սպասարկման համար առանձնացված հողամասի և ինքնակամ կառույցի չափերի տարբերությունը կարող է հանգեցնել խնդրարկվող վարչական ակտի անվավերությանը և ոչ առոչնչությանը:
Այսպիսով, սույն դեպքում Հովհաննես Հարությունյանի կողմից Երևանի քաղաքապետին ուղղված 29.01.2021 թվականի դիմումի հիմքով վարչական մարմնի կողմից որևէ որոշում չի ընդունվել, ուստի Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ վարչական մարմինն օրենքով սահմանված ժամկետում որևէ որոշում չի ընդունել, ուստի առկա է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան իրավիճակը:
Ամբողջ վերոգրյալի հիման վրա Վերաքննիչ դատարանը գտնում է, որ առկա են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածով սահմանված՝ օրենքի ուժով վարչական ակտի ընդունված համարվելու իրավական կառուցակարգի գործողության համար անհրաժեշտ պայմանները, ուստի ՀՀ վարչական դատարանի եզրահանգումը հայցը մերժելու վերաբերյալ հիմնավոր չէ (...)»։
Սույն որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
Վերոգրյալ փաստական հանգամանքների համադրմամբ Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ 23․11․2022 թվականին Երևանի քաղաքապետարան ներկայացված դիմումով հայցվորը խնդրել է վերանայել ինքնակամ կառույցի օրինականցման վերաբերյալ ներկայացված դիմումը, որը պարունակում է նշում՝ կից ներկայացվող փաստաթղթերի մասին, ըստ որի՝ դրանք են՝ անձնագրի պատճեն, լուսանկարներ, գեոդեզիական հանույթ։
Վերը նշված դիմումի հիմքով հարուցված վարչական վարույթն օրենքով սահմանված 30-օրյա ժամկետում եզրափակված լինելու և հայցվող բարենպաստ վարչական ակտի ընդունումը մերժելու վերաբերյալ վարչական ակտ ընդունված լինելու մասին որևէ ապացույց գործում առկա չէ։ Մինչդեռ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում առկա չեն Հովհաննես Հարությունյանի կողմից Երևանի քաղաքապետին ուղղված 23․11․2022 թվականի դիմումի հիմքով հարուցված վարչական վարույթի արդյունքում հայցվող բարենպաստ վարչական ակտն ընդունված համարելը փաստելու բավարար բոլոր հիմքերը։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թեև Հովհաննես Հարությունյանը ինքնակամ կառույցն օրինականացնելու մասին դիմում է ներկայացրել Երևանի քաղաքապետարան, որպիսի դիմումը համապատասխանում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի «ա», «դ» և «ե» կետերի պահանջներին, Երևանի քաղաքապետարանն օժտված է հայցվող վարչական ակտն ընդունելու իրավասությամբ և օրենքով սահմանված ժամկետում ցուցաբերել է անգործություն՝ չընդունելով որոշում՝ տվյալ դիմումով հայցվող պահանջի առնչությամբ, սակայն տվյալ դեպքում առկա է վարչական ակտի՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետով նախատեսված առոչնչության հիմքը։
Տվյալ դեպքում «ՊՐՈԷՔՍՊԵՐՏ» ՍՊԸ-ի 22.11.2022 թվականի շինությունների և հողամասի հատակագծերից հետևում է, որ Նորքի 17-րդ փող., 1-ին նրբ., 4 հասցեի դիմաց գտնվող հասցեում կառուցված ինքնակամ շինության մակերեսը կազմում է 45,08քմ, իսկ հայցվորը դիմումով պահանջել է օրինականացնել նույն շինությամբ զբաղեցված հողամասը, որի մակերեսը կազմում է 0,0824հա, մինչդեռ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ 0,0824հա (824քմ) հողամասը չի կարող օբյեկտիվորեն համարվել 45,08քմ շինության օգտագործման և սպասարկման համար անհրաժեշտ հողատարածք, ինչպիսի եզրահանգման իրավաչափորեն եկել է Դատարանը։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ինքնակամ կառույցն օրինականացնելու վերաբերյալ ընդունված ֆիկտիվ վարչական ակտի առոչինչ լինել կամ չլինելու հարցը գնահատելիս Վերաքննիչ դատարանը պետք է քննարկման առարկա դարձներ նաև վեճի առարկա ինքնակամ կառույցի և դրա սպասարկման և պահպանման համար տրամադրվող հողամասի չափերի հարաբերակցության հարցը։ Այլ կերպ ասած՝ արդյոք դիմումով հայցվող ինքնակամ կառույցի օրինականացման դեպքում դրա սպասարկման և պահպանման համար տրամադրվող հողամասի չափը ողջամտորեն կարող է լինել ինքնակամ կառույցի սպասարկման համար անհրաժեշտ, թե՝ ոչ։
Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն եզրահանգմանը, որ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում Հովհաննես Հարությունյանի կողմից կառուցված ինքնակամ բնակելի տան սպասարկման և պահպանման համար օտարվող հողամասերի առավելագույն չափը՝ 0,0824հա, չի գերազանցում Կարգի 33.1-րդ կետով սահմանված ինքնակամ կառուցված բնակելի տների և այգետնակների դեպքում սպասարկման և պահպանման համար կադաստրային արժեքով օտարվող հողամասերի առավելագույն չափը՝ 1000 քառ. մետրը, և բացի այդ, կառույցի պահպանման և սպասարկման համար առանձնացված հողամասի և ինքնակամ կառույցի չափերի տարբերությունը կարող է հանգեցնել խնդրարկվող վարչական ակտի անվավերությանը և ոչ առոչնչությանը, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում հարցն առնչվում է ոչ թե վիճելի հողամասի տրամադրման հնարավորությանը, այլ այդ հողամասի համապատասխան մակերեսի չափով տրամադրման հիմնավորվածությանը։ Հետևաբար, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ինքնակամ կառույցի օրինակացման դեպքում դրա պահպանման և սպասարկման համար չէր կարող, առանց բավարար հիմքերի, տրամադրվել տվյալ կառույցը մի քանի անգամ գերազանցող հողատարածք։ Հակառակ դեպքում, նման վարչական ակտը կդառնար ակնհայտ ոչ իրավաչափ, քանի որ ինքնակամ կառույցի մակերեսի չափը մի քանի անգամ գերազանցող հողատարածքը չի կարող օբյեկտիվորեն համարվել տվյալ կառույցի սպասարկման համար անհրաժեշտ հողատարածք։
Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Հովհաննես Հարությունյանի կողմից ներկայացված ինքնակամ կառույցն օրինականացնելու մասին դիմումի առնչությամբ առկա է եղել այնպիսի ակնառու կոպիտ սխալ, որը տեսանելի կլիներ առանց տվյալ վարչական ակտի իրավաչափությունը հատուկ ընթացակարգով ստուգելու և գնահատելու, ուստի տվյալ դիմումի առնչությամբ իրավաբանական ֆիկցիայի ուժով հայցվող բարենպաստ վարչական ակտը չէր կարող համարվել ընդունված, որպիսի փաստը հաշվի չի առնվել Վերաքննիչ դատարանի կողմից։
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 151-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված` Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու և Դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի վերոգրյալ հոդվածով ամրագրված` անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:
Դատական ակտին օրինական ուժ տալիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն՝ պետական տուրքը ենթակա է վերադարձման մասնակի կամ լրիվ, եթե պետական տուրքը վճարվել է ավելի, քան պահանջվում է գործող օրենսդրությամբ:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հայցվորի կողմից հայցադիմումի համար նախապես վճարվել է 20․000 ՀՀ դրամ, իսկ վերաքննիչ բողոքի համար՝ 20.000 ՀՀ դրամ՝ որպես պետական տուրքի գումար: Նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ վարչական դատարանում և ՀՀ վերաքննիչ վարչական դատարանում դատական ծախսերի հարցը պետք է համարել լուծված:
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հայցադիմումի համար վճարման էր ենթակա 10․000 ՀՀ դրամ, ուստի, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի հիմքով՝ ավել վճարված պետական տուրքի գումարը՝ 10․000 ՀՀ դրամը, ենթակա է վերադարձման Հովհաննես Հարությունյանին։
Նկատի ունենալով, որ Երևանի քաղաքապետարանի կողմից վճռաբեկ բողոքի համար վճարվել է 30.000 ՀՀ դրամ, իսկ Երևանի քաղաքապետարանի վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, որի արդյունքում Հովհաննես Հարությունյանի հայցը ենթակա է մերժման, վճռաբեկ բողոքի համար Երևանի քաղաքապետարանի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումարը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի հիմքով, ենթակա է հատուցման Հովհաննես Հարությունյանի կողմից:
Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն։ Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 25․12․2024 թվականի որոշումը և օրինական ուժ տալ ՀՀ վարչական դատարանի 07․03․2024 թվականի վճռին։
2. Հովհաննես Հարությունյանից հօգուտ Երևանի քաղաքապետարանի բռնագանձել 30․000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:
Նախագահող
Զեկուցող
Հ. ԲԵԴԵՎՅԱՆ
Ա․ ԹՈՎՄԱՍՅԱՆ
Լ. ՀԱԿՈԲՅԱՆ
