Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am

Վճռաբեկ դատարան · Վարչական

ՎԴ5/0183/05/24

Վճռաբեկ դատարանի որոշումների ցանկից (cassationcourt.am/decisions)՝ դատարանի նախադեպային շտեմարանում այն չկա։

Գործի համարը
ՎԴ5/0183/05/24
Հայցվոր
Էդգար Մաթևոսյան
Պատասխանող
ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայություն
Դատական ակտի ընդունման ամսաթիվը
21.08.2026
Վարչական դատավարություն

Որոշման տեքստը

դատարանի Word ֆայլից
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ թիվ ՎԴ5/0183/05/24 դատարանի որոշում 2026թ. Վարչական գործ թիվ ՎԴ5/0183/05/24 Նախագահող դատավոր` Դատավորներ՝ Ա․ Պողոսյան Գ․ Սոսյան Կ․ Գևորգյան Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝ նախագահող զեկուցող Հ․ ԲԵԴԵՎՅԱՆ Լ․ ՀԱԿՈԲՅԱՆ Ա․ ԹՈՎՄԱՍՅԱՆ 2026 թվականի օգոստոսի 21-ին Գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ ներքին գործերի նախարարության պարեկային ծառայության վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 13.02.2026 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի Էդգար Մաթևոսյանի ընդդեմ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) 21.12.2023 թվականի թիվ 8180296531 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, Պ Ա Ր Զ Ե Ց 1. Գործի դատավարական նախապատմությունը. Դիմելով դատարան՝ Էդգար Մաթևոսյանը պահանջել է անվավեր ճանաչել Ծառայության 21․12.2023 թվականի թիվ 8180296531 որոշումը։ ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Տ․ Սանթրոսյան) (այսուհետ՝ Դատարան) 04․06․2024 թվականի վճռով հայցը բավարարվել է: ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 13.02.2026 թվականի որոշմամբ Ծառայության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 04․06․2024 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ։ Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ծառայությունը (ներկայացուցիչ` Արևիկ Հարությունյան): Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել: 2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը. Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով. Վերաքննիչ դատարանը սխալ մեկնաբանությամբ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-27-րդ հոդվածները, 42-րդ և 124-րդ հոդվածները։ Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով. Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի ուսումնասիրել գործում առկա ապացույցները, ինչի արդյունքում եկել է սխալ եզրահանգման։ Վերաքննիչ դատարանը պարտադիր է համարել հայցվորի կողմից տրանսպորտային միջոցը վարելու փաստի հաստատումը և անտեսել է այն հանգամանքը, որ վարչական վարույթի նյութերում առկա տեսանյութերով ուղղակիորեն արձանագրվում է հայցվորի կողմից տրանսպորտային միջոցը վարելու փաստը: Վերոգրյալի հիման վրա՝ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 13.02.2026 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության։ 3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը. Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը. 1) 21.12.2023 թվականին, ժամը՝ 23։36-ին կազմված վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության համաձայն՝ Էդգար Մաթևոսյանը ժամը 23։00-ին, Երևան-Գյումրի-Բավրա Մ-1 ճանապարհի 56 կմ-ին BMW մակնիշի 95 DO 999 հաշվառման համարանիշի տրանսպորտային միջոցը վարել է ոչ սթափ վիճակում և վարորդի մեկ լիտր արտաշնչած օդի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը գերազանցել է 0,5 միլիգրամը։ Որպես խախտված իրավական նորմ՝ նշվել է ՃԵԱԱՄՕ-ի 24-րդ հոդվածի 7-րդ մասի «ա» ենթակետը: Արձանագրության մեջ «Վարչական իրավախախտում կատարած անձի բացատրությունը, դիտողությունը, ստորագրությունը» տողում առկա չէ հայցվորի գրառումը, իսկ «Արձանագրությանը ծանոթացա, իմ իրավունքների ու պարտականությունների մասին քաղվածքը և խախտման քննարկման վայրի ու ժամանակի վերաբերյալ ծանուցումը ստացա» տողում առկա է հայցվորի ստորագրությունը (գթ․ 42)։ 2) Սթափության վիճակի զննության թիվ 00216 արձանագրության համաձայն՝ Jupiter X/RP 91101091 գործարանային համարի ալկոտեստերի միջոցով կատարված զննման արդյունքում վարորդի մոտ հայտնաբերված ալկոհոլի պարունակությունը կազմել է 0,889մգ/լ։ Զննման ժամը նշված է՝ 23։08:42 (գթ․ 43)։ 3) Ծառայության 21.12.2023 թվականի վարչական իրավախախտման գործով թիվ 8180296531 որոշմամբ Էդգար Մաթևոսյանը ենթարկվել է վարչական պատասխանատվության Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 126-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված իրավախախտման համար և զրկվել է տրանսպորտային միջոցը վարելու իրավունքից 1 տարի ժամկետով (գթ․ 42): 4) «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ-ի կողմից տրված թիվ 113555 ստուգաչափման վկայականի համաձայն՝ JupiterX/RP 91101091 ալկոտեստեր սարքը ստուգաչափվել է 14.12.2023 թվականին և ուժի մեջ է մինչև 14.12.2024 թվականը։ Չափման տիրույթը՝ մինչև 2.000 մգ/լ (գթ․ 44)։ 4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-27-րդ հոդվածների խախտման հետևանքով առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով. Վերոգրյալով պայմանավորված՝ Վճռաբեկ դատարանը, վերահաստատելով նախկինում արտահայտված դիրքորոշումները, անհրաժեշտ է համարում անդրադառնալ այն իրավական հարցադրմանը, թե ինչ ապացույցների համակցությամբ կարող է հաստատվել տրանսպորտային միջոցը ոչ սթափ վիճակում վարելու վարչական իրավախախտման փաստը։ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքը (այսուհետ նաև՝ Օրենք) ամրագրում է հետևյալ խնդիրները՝ ճանապարհային երթևեկության անվտանգության սպառնալիքների, մասնավորապես, ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման, դրանց ծանրության և հետևանքների նվազեցման միջոցով քաղաքացիների կյանքի, առողջության և գույքի, նրանց իրավունքների և օրինական շահերի, հասարակության և պետության շահերի պահպանումը (1-ին հոդվածի 2-րդ մաս): Այս խնդիրների լուծման համատեքստում է Օրենքի 24-րդ հոդվածի 7-րդ մասի «ա» կետով սահմանված տրանսպորտային միջոցը ոչ սթափ վիճակում վարելու արգելքը: Օրենքով սահմանված նշված արգելքը խախտելու համար վարչական պատասխանատվությունը սահմանված է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի (այսուհետ նաև՝ Օրենսգիրք) 126-րդ հոդվածով։ Նշված հոդվածը սահմանում է․ «1. Տրանսպորտային միջոցները ոչ սթափ վիճակում վարելը, եթե վարորդը միայն ալկոհոլի ազդեցության տակ է, և զանցանքը չի պարունակում սույն հոդվածի երկրորդից հինգերորդ մասերի հատկանիշները` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանիննապատիկի չափով, տուգանային միավորի կիրառում` 4 միավոր: 1.1. Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցը կամ թեթև մարդատար-տաքսի ավտոմոբիլը ոչ սթափ վիճակում վարելը, եթե վարորդը միայն ալկոհոլի ազդեցության տակ է, և զանցանքը չի պարունակում սույն հոդվածի երկրորդից չորրորդ մասերի հատկանիշները` առաջացնում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում` վեց ամիս ժամկետով: 2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը կատարելը, եթե վարորդի արյան մեկ լիտրի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը գերազանցում է 1 գրամը կամ եթե նրա մեկ լիտր արտաշնչած օդի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը գերազանցում է 0.5 միլիգրամը` առաջացնում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում` մեկ տարի ժամկետով: (․․․)»։ Օրենսգրքի 126-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված իրավախախտման օբյեկտը ճանապարհային երթևեկության անվտանգության ոլորտում հասարակական հարաբերություններն են։ Օբյեկտիվ կողմը դրսևորվում է տրանսպորտային միջոցը ալկոհոլի ազդեցությամբ վարելու ձևով։ Օրենսգրքի 126-րդ հոդվածի 2-րդ մասի իմաստով՝ ալկոհոլի ազդեցության տակ գտնվելը նշանակում է վարորդի արյան մեկ լիտրի մեջ 1 գրամը գերազանցող մաքուր ալկոհոլի պարունակություն կամ մեկ լիտր արտաշնչած օդի մեջ 0.5 միլիգրամը գերազանցող մաքուր ալկոհոլի պարունակություն։ Ըստ այդմ՝ Օրենսգրքի 126-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված իրավախախտման օբյեկտիվ կողմի առկայությունը կարող է հաստատվել հետևյալ փաստերի միաժամանակյա առկայության դեպքում․ - ենթադրյալ իրավախախտի արյան մեկ լիտրի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը գերազանցում է 1 գրամը կամ մեկ լիտր արտաշնչած օդի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը գերազանցում է 0.5 միլիգրամը, և -ենթադրյալ իրավախախտը վարել է տրասպորտային միջոցը, այն է՝ տրանպսրտային միջոցի ընթացքի մեջ գտնվելու ժամանակ անմիջականորեն կատարել է վարորդի գործառույթը։ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետի 2-րդ ենթակետի համաձայն` տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է ոստիկանության ծառայողի պահանջով ոչ սթափ վիճակում գտնվելու բավարար հիմքերի առկայության դեպքում ենթարկվել համապատասխան ստուգման` սթափության վիճակը որոշելու համար (…): Օրենքի 9-րդ հոդվածի «իե.3» կետի համաձայն` ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է վարորդի սթափության վիճակի զննության կարգը, այդ զննության արձանագրության, ուղեգրի, գրանցման մատյանի ձևերը: Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի «ժդ» կետի համաձայն՝ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում ՀՀ ոստիկանությունը տեխնիկական միջոցով սահմանված կարգով իրականացնում է արտաշնչած օդի մեջ մաքուր ալկոհոլի պարունակության միջոցով վարորդի սթափության վիճակի զննություն։ «Վարորդի սթափության վիճակի զննության կարգը, այդ զննության արձանագրության, ուղեգրի, գրանցման մատյանի ձևերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 19.03.2009 թվականի թիվ 277-Ն որոշմամբ (այսուհետ՝ Թիվ 277-Ն որոշում) հաստատվել են բուժհաստատությունների կողմից վարորդի սթափության վիճակի զննության կարգը` համաձայն թիվ 1 հավելվածի (այսուհետ՝ Թիվ 1 հավելված), բուժհաստատությունների կողմից վարորդի սթափության վիճակի զննության արձանագրության ձևը՝ համաձայն թիվ 2 հավելվածի, ոստիկանության ծառայողի կողմից տեխնիկական միջոցով արտաշնչած օդի մեջ մաքուր ալկոհոլի պարունակության միջոցով վարորդի սթափության վիճակի զննություն (ոչ սթափ վիճակում լինելու փաստի ստուգում) իրականացնելու կարգը՝ համաձայն թիվ 4 հավելվածի (այսուհետ՝ Թիվ 4 հավելված): Միաժամանակ, նշված որոշման 1․1-ին կետով սահմանվում են արտաշնչած օդի մեջ մաքուր ալկոհոլի պարունակության միջոցով ոստիկանության ծառայողի կողմից վարորդի սթափության վիճակի զննություն (ոչ սթափ վիճակում լինելու փաստի ստուգում) իրականացնելու համար նախատեսված տեխնիկական միջոցին ներկայացվող հիմնական պահանջները։ Թիվ 1 հավելվածի 14-րդ կետի համաձայն՝ վարորդի օրգանիզմում ալկոհոլի հայտնաբերման համար զննությունն առաջին հերթին իրականացվում է վարորդի արտաշնչած օդի հետազոտության միջոցով (բացառությամբ քաղաքացու դիմումի հիման վրա իրականացվող զննության դեպքերի): Նույն հավելվածի 15-րդ կետի համաձայն՝ վարորդի գրավոր պահանջով և (կամ) իր կողմից արտաշնչված օդի նմուշներ հանձնելուց վարորդի հրաժարվելու դեպքում զննություն կարող է իրականացվել մեզի և (կամ) արյան հետազոտության միջոցով: Նույն հավելվածի 20-րդ կետի համաձայն՝ մեկ եղանակով (մեթոդով) սթափության վիճակի զննության արդյունքների հետ համաձայն չլինելու դեպքում զննվողը կարող է պահանջել, որ իր սթափության վիճակը որոշվի նաև այլ եղանակով (մեթոդով): Թիվ 4 հավելվածի 3-րդ կետի համաձայն՝ վարորդի սթափության վիճակի զննություն իրականացնելու համար ոստիկանության ծառայողը տեխնիկական միջոց է մուտքագրում զննության ենթակա վարորդի անունը, ազգանունը, տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշը, տեղադրում նոր զննության խողովակ (մունդշտուկ) և առաջարկում վարորդին արտաշնչելու միջոցով անցնել սթափության վիճակի զննություն՝ նրան բացատրելով զննություն անցնելու (արտաշնչելու) ձևը: Թիվ 4 հավելվածի 4-րդ կետի համաձայն՝ եթե վարորդի սթափության վիճակի զննության արդյունքում պետք է կազմվի վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, ապա տեխնիկական միջոցով կազմվում է (տպագրվում է) նաև վարորդի սթափության վիճակի զննության արձանագրություն՝ երկու օրինակից, որում պարտադիր նշվում են հետևյալ տվյալները` տեխնիկական միջոցի համարը. տեխնիկական միջոցի վերջին ստուգաչափման օրը, ամիսը, տարեթիվը. սթափության վիճակի զննության օրը, ամիսը, տարեթիվը, ժամը. ալկոհոլի պարունակությունը. վարորդի անունը, ազգանունը. տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշը. սթափության վիճակի զննություն իրականացնող տեսուչի ազգանունը, կրծքանշանի համարը: Թիվ 4 հավելվածի 5-րդ կետի համաձայն՝ վարորդի սթափության վիճակի զննության արձանագրության մեկ օրինակը ստորագրությամբ տրվում է վարորդին, իսկ երկրորդ օրինակը՝ կցվում վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությանը: Թիվ 4 հավելվածի 8-րդ կետի համաձայն՝ եթե վարորդը խուսափում է (այդ թվում՝ հրաժարվելու միջոցով) նույն կարգին համապատասխան վարորդի սթափության վիճակի զննություն անցնելուց, ապա սթափության վիճակի զննությունն իրականացվում է նույն որոշմամբ նախատեսված բուժհաստատությունների կողմից՝ սույն որոշմամբ սահմանված կարգով, իսկ բուժհաստատությունում սթափության վիճակի զննություն անցնելուց խուսափելու (այդ թվում՝ հրաժարվելու միջոցով) դեպքում առաջանում է օրենքով սահմանված պատասխանատվություն: Վերոհիշյալ իրավակարգավորումների վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Օրենսգրքի 126-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով անձին վարչական պատասխանատվության ենթարկելու համար անհրաժեշտ փաստակազմի պարտադիր տարրերից մեկի՝ արյան մեկ լիտրի մեջ 1 գրամը գերազանցող մաքուր ալկոհոլի պարունակության փաստը հաստատող պատշաճ վերաբերելի և թույլատրելի ապացույց է Թիվ 277-Ն որոշմամբ հաստատված ձևին (համաձայն թիվ 2 հավելվածի) համապատասխան կազմված՝ բուժհաստատության կողմից վարորդի սթափության վիճակի զննության արձանագրությունը, իսկ մեկ լիտր արտաշնչած օդի մեջ 0.5 միլիգրամը գերազանցող մաքուր ալկոհոլի պարունակության փաստը հաստատող պատշաճ վերաբերելի և թույլատրելի ապացույց է Թիվ 277-Ն որոշման թիվ 4 հավելվածի 4-րդ կետում շարադրված տվյալները բովանդակող՝ նույն որոշման 1․1-ին կետով սահմանված պահանջներին համապատասխանող տեխնիկական միջոցով կազմված՝ վարորդի սթափության վիճակի զննության արձանագրությունը։ Ինչ վերաբերում է Օրենսգրքի 126-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով անձին վարչական պատասխանատվության ենթարկելու համար անհրաժեշտ փաստակազմի պարտադիր մյուս տարրին՝ տրասպորտային միջոցը վարելու փաստին, ապա ՀՀ վճռաբեկ դատարանը թիվ ՎԴ/5866/05/22 վարչական գործով 07.03.2025 թվականի որոշմամբ արձանագրել է, որ անձին «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 126-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված սանկցիայի շրջանակներում վարչական պատասխանատվության ենթարկելու համար Ծառայությունը պարտավոր էր անհերքելի ապացույցներով հիմնավորել, որ վերջինս վարել է տրանսպորտային միջոցը՝ գտնվելով ոչ սթափ վիճակում։ Նման ապացույց կարող էր հանդիսանալ հսկողական տեսախցիկով արված տեսանյութը, որի պարունակությունը թույլ կտար ստանալ այն հարցի պատասխանը, թե արդյոք հայցվորն է վարել մեքենան։»։ Վերոհիշյալի հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ Օրենսգրքի 126-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով անձին վարչական պատասխանատվության ենթարկելու որոշման իրավաչափությունը գնահատելիս դատարանի խնդիրն է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-27-րդ հոդվածներին համապատասխան պարզել, արդյոք անձին վերագրված իրավախախտման փաստը հաստատվում է հսկողական տեսախցիկով կատարված տեսանյութով և Թիվ 277-Ն որոշման թիվ 4 հավելվածի 4-րդ կետում շարադրված տվյալները բովանդակող՝ նույն որոշման 1․1-ին կետով սահմանված պահանջներին համապատասխանող տեխնիկական միջոցով կազմված՝ վարորդի սթափության վիճակի զննության արձանագրությամբ կամ բուժհաստատության կողմից վարորդի սթափության վիճակի զննության արձանագրությամբ (տե՛ս, Արտյոմ Զարգարյանն ընդդեմ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության թիվ ՎԴ/5831/05/23 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 20․01․2026 թվականի որոշումը)։ Ըստ այդմ՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ յուրաքանչյուր կոնկրետ դեպքում դատարանի խնդիրն է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-27-րդ հոդվածների պահանջներին համապատասխան հետազոտել վարչական վարույթում առկա ապացույցները, մասնավորապես, հսկողական տեսախցիկով արված տեսանյութը (տեսանյութերը), սթափության վիճակի զննության արձանագրությունը, վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը։ Ընդ որում, տեսանյութի (տեսանյութերի) ոչ ամբողջական լինելն ինքնին չի կարող կասկածի տակ դնել տրանսպորտային միջոցը վարելու փաստը։ Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ. Սույն վարչական գործը հարուցվել է Էդգար Մաթևոսյանի կողմից ներկայացված վիճարկման հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է անվավեր ճանաչել Ծառայության 21․12.2023 թվականի թիվ 8180296531 որոշումը։ Դատարանը 04․06․2024 թվականի վճռով հայցը բավարարել է այն պատճառաբանությամբ, որ «(…) Անդրադառնալով ենթադրյալ իրավախախտման պահին տրանսպորտային միջոցը հայցվորի կողմից վարելու հարցին, Դատարանն արձանագրում է, որ. - 21.12.2023 թվականին ժամը 23:08:42-ին կատարվել է հայցվորի սթափության վիճակի ստուգում թիվ 91101091 համարի ալկոտեստերով: Արձանագրվել է, որ հայցվորի մեկ լիտր արտաշնչած օդը պարունակում է 0.889 մգ/լ մաքուր ալկոհոլ: - 21.12.2023 թվականին կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, որի համաձայն՝ Էդգար Մաթևոսյանը «ԲՄՎ» մակնիշի, 95DO999 համարանիշի տրանսպորտային միջոցը վարել է ոչ սթափ վիճակում, վարորդի մեկ լիտր արտաշնչած օդի մեջ ալկոհոլի պարունակությունը գերազանցում է 0.5 միլիգրամ. - Պատասխանող վարչական մարմնի կողմից ներկայացված էլեկտրոնային կրիչի վրա առկա պարեկային ծառայողին ամրակցված տեսանկարահանող սարքերով կատարված առաջին տեսանյութի ուսումնասիրությունից հետևում է, որ պարեկային ծառայողները բարձրախոսի միջոցով կանգնեցնում են 59 999 հաշվառման համարանիշի տրասպորտային միջոցը և այդքանով առաջին տեսանյութը ավարտվում է: Հաջորդ տեսանյութում պարեկային ծառայողները մոտենում են «BMW» մակնիշի, 95DO999 համարանիշի տրանսպորտային միջոցին, երբ այն գտնվում է կանգնած վիճակում: Դատարանն արձանագրում է, որ տեսանյութերով արտացոլված չէ այն իրողությունը, որ «BMW» մակնիշի, 95DO999 համարանիշի տրանսպորտային միջոցը եղել է շարժման մեջ: Առաջին տեսանյութից հետևում է, որ պարեկային ծառայողները տրասպորտային միջոցը կանգնեցնելու համար բարձրախոսով հայտարարում են 59 999 համարանիշը, մինչդեռ Հայցվորին պատկանող տրասպորտային միջոցի համարանիշն է 95DO999: Երկրորդ տեսանյութում «BMW» մակնիշի, 95DO999 համարանիշի տրանսպորտային միջոցը կանգնած վիճակում է, ուստի, պատասխանող վարչական մարմնի կողմից դատարան ներկայացված տեսանյութերում առկա չէ «BMW» մակնիշի, 95DO999 համարանիշի տրանսպորտային միջոցի ընթացքի մեջ գտնվելու դրվագներ: Ըստ այդմ՝ հնարավոր չէ եզրակացնել, որ ենթադրյալ իրավախախտման կատարման պահին տրանսպորտային միջոցը հայցվորը վարել է: Բացի այդ, Դատարանը նաև արձանագրում է, որ պատասխանողի կողմից ներկայացված տեսանյութերը դրվագային են և վարույթի ամբողջ ընթացքը լիարժեք չեն արտացոլում: Այս համատեքստում չի հերքվում նաև հայցվորի պնդումն առ այն, որ վարչական վարույթի ընթացքում վերջինս վիճարկել է տրանսպորտային միջոց վարելու փաստը։ Դատարանն արձանագրում է, որ վարչական վարույթի նյութերում այլ ապացույց, որը դրված է վիճարկվող 21.12.2023 թվականի թիվ 8180296531 որոշման հիմքում, առկա չէ: Իսկ հատկորոշված ապացույցներով չի հիմնավորվում ենթադրյալ իրավախախտման պահին հայցվորի կողմից տրանսպորտային միջոցը վարելու փաստը: Մասնավորապես՝ մի կողմից վարչական վարույթի նյութերում բացակայում են ապացույցներ որոնք միանշանակ կփաստեն «BMW» մակնիշի, 95DO999 համարանիշի տրանսպորտային միջոցը ենթադրյալ իրավախախտման պահին հայցվորի կողմից վարելու փաստը, մյուս կողմից հայցվորի պնդումներն առ այն, որ վարչական վարույթի ընթացքում վերջինս առարկել է իրեն վերագրվող իրավախախտման դեմ՝ պնդելով, որ չի վարել տրանսպորտային միջոց, չի հերքվում և չի կարող հերքվել պատասխանող վարչական մարմնի կողմից ներկայացված ապացույցներով՝ հաշվի առնելով, որ ներկայացված տեսանյութերը դրվագային են և ամբողջական չեն պատկերում վարույթի ընթացքը։ Արդյունքում Դատարանն արձանագրում է, որ վարչական վարույթի նյութերով չի հիմնավորվում հայցվորի կողմից Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 126-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված իրավախախտումը կատարելու փաստը,  (…)»։ Վերաքննիչ դատարանը 13․02․2026 թվականի որոշմամբ մերժել է Ծառայության վերաքննիչ բողոքը՝ Դատարանի վճիռը թողնելով անփոփոխ․ «(…)  Վերաքննիչ դատարանը փաստում է, որ պատասխանող կողմը ներկայացրել է նաև պարեկային ծառայողի համազգեստի վրա կրվող շարժական տեսախցիկների արձանագրած տեսաձայնագրությունները՝ էլեկտրոնային կրիչով /գ.թ. 41/, որոնց ուսումնասիրության արդյունքում կարելի է փաստել, որ հայցվորն ըստ էության գիտակցել է իր արարքի բնույթն ու հետևանքները: Ներկայացված առաջին տեսանյութից հետևում է, որ պարեկային ծառայողները բարձրախոսի միջոցով կանգնեցնում են «59 999» հաշվառման համարանիշի տրասպորտային միջոցը և այդքանով առաջին տեսանյութն ավարտվում է: Հաջորդ տեսանյութում պարեկային ծառայողները մոտենում են «BMW» մակնիշի, «95DO999» համարանիշի տրանսպորտային միջոցին, որը գտնվում է կանգնած վիճակում: Վերաքննիչ դատարանը գտնում է, որ պատասխանողի կողմից ներկայացված տեսանյութերը դրվագային են և վարույթի ամբողջ ընթացքը լիարժեք չեն արտացոլում: Այս համատեքստում չի հերքվում նաև հայցվորի պնդումն առ այն, որ վարչական վարույթի ընթացքում վերջինս վիճարկել է տրանսպորտային միջոց վարելու փաստը։ Ավելին, պարեկային ծառայողի այն հարցին, թե «բա որ ազդանշան տվեցի, չլսեցի՞ք» հարցին, հայցվորը պատասխանում է՝ «չէ, ախպերս» /տեսաձայնագրության 22:33:42 վրկյն/: Դատարանն արձանագրում է, որ վարչական վարույթի նյութերում այլ ապացույց, որը դրված է վիճարկվող 21.12.2023 թվականի թիվ 8180296531 որոշման հիմքում, առկա չէ: Իսկ հատկորոշված ապացույցներով չի հիմնավորվում ենթադրյալ իրավախախտման կատարման պահին հայցվորի կողմից տրանսպորտային միջոցը վարելու փաստը: Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ գործով ձեռք բերված ապացույցների (տեսանյութ) ուսումնասիրության արդյունքում կարելի է փաստել, որ վարչական վարույթի ընթացքում հայցվորը գտնվել է գիտակից վիճակում՝ հասկանալով իրականացված միջոցառումների էությունն ու իրավական հետևանքները, սակայն վիճելի է մնում հայցվորի կողմից տրանսպորտային միջոցը վարելու փաստը: Իր հերթին, հայցվորի կողմից միայն վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը ստորագրելը և առարկություն, դիրքորոշում չներկայացնելը որևէ կերպ չի կարող մեկնաբանվել, որ վարույթի ընթացքում հայցվոր կողմն ընդունել է իրեն վերագրվող իրավախախտումը կատարված լինելու հանգամանքը. Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 267-րդ հոդվածով նախատեսված վարչական պատասխանատվության ենթարկվող անձի կողմից իր իրավունքները չիրացնելը չի կարող վկայել վերագրվող զանցանքը կատարված լինելու ընդունում: Այսպիսով, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում վիճելի է մնում սույն գործով վիճարկվող որոշմամբ հացվորին վերագրված, վերջինիս կողմից Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 126-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված իրավախախտման կատարման փաստը, քանի որ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը բավարար չէ իրավախախտման դեպքի առկայությունն ապացուցված համարելու համար: Մասնավորապես, ձեռք բերված ապացույցներով առնվազը վիճելի է մնում հանգամանքն առ այն, թե, արդյոք, հայցվորը վարե՞լ է ոչ սթափ վիճակում, թե՝ ոչ։(․․․)»։ Վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունների հիմնավորվածությանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը. Սույն գործի փաստերի համաձայն՝ պարեկային ծառայողը 21․12.2023 թվականին, ժամը՝ 23։36-ին կազմել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, ըստ որի՝ Էդգար Մաթևոյանը ժամը 23։00-ին, Երևան-Գյումրի-Բավրա Մ-1 ճանապարհի 56 կմ-ին BMW մակնիշի 95 DO 999 հաշվառման համարանիշի տրանսպորտային միջոցը վարել է ոչ սթափ վիճակում և վարորդի մեկ լիտր արտաշնչած օդի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը գերազանցել է 0,5 միլիգրամը։ Որպես խախտված իրավական նորմ՝ նշվել է ՃԵԱԱՄՕ-ի 24-րդ հոդվածի 7-րդ մասի «ա» ենթակետը: Արձանագրության մեջ «Վարչական իրավախախտում կատարած անձի բացատրությունը, դիտողությունը, ստորագրությունը» տողում առկա չէ հայցվորի գրառումը՝ իսկ «Արձանագրությանը ծանոթացա, իմ իրավունքների ու պարտականությունների մասին քաղվածքը և խախտման քննարկման վայրի ու ժամանակի վերաբերյալ ծանուցումը ստացա» տողում առկա է հայցվորի ստորագրությունը։ Ծառայության 21.12.2023 թվականի վարչական իրավախախտման գործով թիվ 8180296531 որոշմամբ Էդգար Մաթևոսյանը ենթարկվել է վարչական պատասխանատվության Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 126-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված իրավախախտման համար և զրկվել է տրանսպորտային միջոցը վարելու իրավունքից 1 տարի ժամկետով: Վարչական վարույթի նյութերում առկա է սթափության վիճակի զննության թիվ 00216 արձանագրությունը։ Թիվ 00216 արձանագրության համաձայն՝ Jupiter X/RP 91101091 գործարանային համարի ալկոտեստերի միջոցով կատարված զննման արդյունքում վարորդի մոտ հայտնաբերված ալկոհոլի պարունակությունը կազմել է 0,889մգ/լ։ Զննման ամսաթիվը նշված է՝ 21․12․2023 թվական, ժամը՝ 23։08:42։ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն դեպքում հայցվորին Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 126-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով վարչական պատասխանատվության ենթարկելու համար անհրաժեշտ փաստակազմի պարտադիր տարրերից մեկի առկայությունը՝ մեկ լիտր արտաշնչած օդի մեջ 0.5 միլիգրամը գերազանցող մաքուր ալկոհոլի պարունակության փաստը հաստատվում է սահմանված պահանջներին համապատասխանող տեխնիկական միջոցով կազմված՝ վարորդի սթափության վիճակի զննության թիվ 00216 արձանագրությամբ։ Ինչ վերաբերում է Օրենսգրքի 126-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով վարչական պատասխանատվության ենթարկելու համար անհրաժեշտ փաստակազմի պարտադիր տարրերից մյուսին, այն է՝ տրանսպորտային միջոցը Էդգար Մաթևոսյանի կողմից վարելու փաստի ապացուցված լինելուն, ապա Վճռաբեկ դատարանի գնահատմամբ՝ ստորադաս դատարանները, այդ փաստի ապացուցման պատշաճ միջոց հանդիսացող՝ հսկողական տեսախցիկով կատարված տեսանյութերի հետազոտման արդյունքում հանգել են սխալ եզրակացության այդ փաստի բացակայության վերաբերյալ՝ ի խախտումն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-27-րդ հոդվածների։ Այսպես, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը նույն օրենսգրքով սահմանված կարգով ձեռք բերված ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը։ Նույն օրենսգրքի 26-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վերաբերելի է այն ապացույցը, որն ավելի կամ պակաս հավանական է դարձնում վեճը լուծելու համար էական նշանակություն ունեցող որևէ փաստի գոյությունը, քան այն կլիներ առանց այդ ապացույցի։ Ոչ վերաբերելի ապացույցն անթույլատրելի է։ Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գործի հանգամանքները, որոնք, օրենքի կամ այլ իրավական ակտի համաձայն, պետք է հաստատվեն միայն որոշակի ապացույցներով, չեն կարող հաստատվել այլ ապացույցներով։ Նույն օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ։ Վճռաբեկ դատարանը գործում առկա տեսանյութերի հետազոտման արդյունքում արձանագրում է․ - առաջին տեսանյութում պարեկային ծառայողը բարձրախոսի միջոցով հրահանգում է BMW մակնիշի «59 999» հաշվառման համարանիշի տրանսպորտային միջոցի վարորդին կանգ առնել, - հաջորդ տեսանյութում պարեկային ծառայողնը մոտենում է BMW մակնիշի 95 DO 999 տրանսպորտային միջոցին, որը թեև արդեն գտնվում է կանգնած, սակայն շարժիչը գործի դրած վիճակում, և հստակ երևում է, որ տրանսպորտային միջոցի ղեկին հայցվորն է, - պարեկային ծառայողի այն հարցին, թե «բա որ ազդանշան տվեցի, չլսեցիք» հարցին, հայցվորը բացասական պատասխան է տալիս, - ավելին, պարեկային ծառայողը Էդգար Մաթևոսյանին է ուղղում նաև հետևյալ հարցը՝ «ինչու՞ կանգառ հրահանգը լսելուց հետո շարունակեցիք ավելացնել արագությունը»։ Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ ողջ վարչական վարույթի ընթացքում հայցվորը որևէ կերպ չի առարկում տրանսպորտային միջոցն իր կողմից վարելու փաստի դեմ։ Ողջ վերոհիշյալի գնահատման արդյունքում Վճռաբեկ դատարանը հաստատված է համարում հայցվորի կողմից տվյալ տրանսպորտային միջոցը ոչ սթափ վիճակում վարելու, այն է՝ տրանսպորտային միջոցի ընթացքի մեջ գտնվելու ժամանակ վարորդի գործառույթն անմիջականորեն կատարելու փաստը։ Իսկ տեսանյութի ամբողջական չլինելու հանգամանքը որևէ կերպ կասկածի տակ չի կարող դնել հայցվորի կողմից տվյալ տրանսպորտային միջոցը վարելու փաստը, ինչն ակնհայտ է տեսանյութերից։ Ինչ վերաբերում է բարձրախոսով հնչեցված հրահանգում տրանսպորտային միջոցի համարանիշի («59 999») և հայցվորի տրանսպորտային միջոցի համարանիշի («95 DO 999») տարբերությանը, ապա միայն «5» և «9» թվերի հերթականության շփոթը և այդ հրահանգին հաջորդած վերը նշված փաստերի համակցությունը թույլ են տալիս եզրահանգել, որ պարեկային ծառայողի բարձրախոսով հնչեցված հրահանգն ուղղված է եղել հենց հայցվորին։ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վարչական վարույթի նյութերով հաստատվում է հայցվորին Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 126-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով վարչական պատասխանատվության ենթարկելու համար անհրաժեշտ փաստակազմի բոլոր պարտադիր տարրերի առկայությունը, որպիսի պայմաններում հայցվորը իրավաչափորեն է ենթարկվել վարչական պատասխանատվության Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 126-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով։ Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները, չպահպանելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-27-րդ հոդվածների պահանջները, չեն իրականացրել գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն և ոչ իրավաչափորեն հաստատված չեն համարել հայցվորին վերագրված իրավախախտման փաստի առկայությունը։ Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ և 163-րդ հոդվածների հիմքով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար: Միաժամանակ, ՀՀ վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու ՀՀ վճռաբեկ դատարանի լիազորությունը` հետևյալ հիմնավորմամբ. «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր։ Հետևաբար` գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է։ Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը։ 5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից: ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին: Նկատի ունենալով այն, որ Ծառայության կողմից վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար վճարվել է համապատասխանաբար 20.000 ՀՀ դրամ և 30.000 ՀՀ դրամ, և քանի որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, այսինքն` այդ ծավալով վճարված պետական տուրքն անհրաժեշտ է եղել վճռաբեկ բողոք բերած անձի դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար, ուստի, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ծառայության կողմից նախապես վճարված պետական տուրքի գումարը՝ 50․000 ՀՀ դրամի չափով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի հիմքով ենթակա է հատուցման Էդգար Մաթևոսյանի կողմից։ Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը Ո Ր Ո Շ Ե Ց 1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 13.02.2026 թվականի որոշումը և այն փոփոխել. Էդգար Մաթևոսյանի հայցն ընդդեմ ՀՀ ներքին գործերի նախարարության պարեկային ծառայության՝ 21.12.2023 թվականի թիվ 8180296531 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, մերժել։ 2. Էդգար Մաթևոսյանից հօգուտ ՀՀ ներքին գործերի նախարարության պարեկային ծառայության բռնագանձել 50․000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար նախապես վճարված պետական տուրքի գումարի հատուցում: 3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ: Նախագահող Զեկուցող Հ․ ԲԵԴԵՎՅԱՆ Լ. ՀԱԿՈԲՅԱՆ Ա․ ԹՈՎՄԱՍՅԱՆ