Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am

Վճռաբեկ դատարան · Կոռուպցիոն հանցագործություններ

ՀԿԴ/0332/06/25

Վճռաբեկ դատարանի որոշումների ցանկից (cassationcourt.am/decisions)՝ դատարանի նախադեպային շտեմարանում այն չկա։

Գործի համարը
ՀԿԴ/0332/06/25
Դիմող / մեղադրյալ
Վ․ Խ.
Դատական ակտի ընդունման ամսաթիվը
27.08.2026

Որոշման տեքստը

դատարանի Word ֆայլից
ՀԿԴ/0332/06/25 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ Հայաստանի Հանրապետության hակակոռուպցիոն դատարան, նախագահող դատավոր Լ․Պետրոսյան Հայաստանի Հանրապետության վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան, նախագահող դատավոր Ս․Խաչատրյան 2026 թվականի օգոստոսի 27-ին քաղաք Երևանում ՀՀ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմը (այսուհետ նաև՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ` մասնակցությամբ դատավորներ՝ Ռ.ՄԽԻԹԱՐՅԱՆԻ Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆԻ Ս․ՉԻՉՈՅԱՆԻ Դ․ՎԵՔԻԼՅԱՆԻ գրավոր ընթացակարգով քննության առնելով Վ***** Ա****** Խ*********-ի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան)՝ 2026 թվականի հունվարի 8-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա․Վարդապետյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը, Պ Ա Ր Զ Ե Ց Վարույթի դատավարական նախապատմությունը. 1․ 2025 թվականի մարտի 14-ին ՀՀ hակակոռուպցիոն կոմիտեի քննչական երրորդ վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերի, 527-րդ հոդվածի 2-րդ մասի, 46-435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերի, երկու դրվագ 46-527-րդ հոդվածի 2-րդ մասի և 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով նախաձեռնվել է թիվ ******** քրեական վարույթը։ 2․ 2025 թվականի դեկտեմբերի 1-ին Վ***** Խ*********-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 46-436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 46-527-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ 3․ 2025 թվականի դեկտեմբերի 2-ին ՀՀ hակակոռուպցիոն կոմիտեի հանրային ծառայության շահերի դեմ ուղղված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության վարչության քննիչի պաշտոնակատար Մ․Սիմոնյանը (այսուհետ նաև՝ Քննիչ) ՀՀ hակակոռուպցիոն դատարան է ներկայացրել մեղադրյալ Վ․Խ********-ի նկատմամբ 2 (երկու) ամիս ժամկետով կալանք խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն, որը ՀՀ հակակոռուպցիոն դատարանի (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան)՝ 2025 թվականի դեկտեմբերի 3-ի որոշմամբ բավարարվել է մասնակի, և մեղադրյալի նկատմամբ համակցված կիրառվել են վարչական հսկողություն և բացակայելու արգելք այլընտրանքային խափանման միջոցներ։ 4․ Առաջին ատյանի դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ hակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ Ա․Կոստանյանի և մեղադրյալի պաշտպան Վ․Բադալյանի հատուկ վերանայման բողոքների քննության արդյունքում Վերաքննիչ դատարանն իր՝ 2026 թվականի հունվարի 8-ի որոշմամբ Առաջին ատյանի դատարանի վերը նշված որոշումը բեկանել է և կայացրել փոխարինող դատական ակտ՝ ամբողջությամբ մերժելով Քննիչի միջնորդությունը։ 5․ Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա․Վարդապետյանի կողմից բերվել է հատուկ վերանայման վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2026 թվականի փետրվարի 19-ի որոշմամբ ընդունվել է վարույթ, և սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։ Հատուկ վերանայման վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը. Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով. 6․ Բողոքաբերը գտել է, որ վիճարկվող որոշումն օրինական, հիմնավորված և պատճառաբանված չէ, Վերաքննիչ դատարանը թույլ է տվել քրեադատավարական օրենքի էական խախտումներ, որոնք ազդել են վարույթով ճիշտ որոշում կայացնելու վրա։ Մասնավորապես, ըստ բողոքաբերի՝ ստորադաս դատարանի կողմից սխալ են մեկնաբանվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 96-97-րդ հոդվածներն ու 116-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերը, ինչի արդյունքում խախտվել են քրեական դատավարության փուլային կառուցվածքը, հանրային և մասնավոր շահերի հավասարակշռված պաշտպանությունը։ Բողոքաբերի պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանը հիմնավոր կասկածի առկայության հարցը լուծելիս դուրս է եկել դատական վերանայման սահմաններից՝ ստուգելով մեղադրանքի հիմնավորվածությունն ու գնահատելով ապացույցները, որպիսիք պետք է իրականացվեին գործն ըստ էության քննելու ժամանակ։ Բողոքաբերը նշել է նաև, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 96-րդ և 97-րդ հոդվածները ենթակա են մեկնաբանման կաշառք ստանալու հանցակազմի համատեքստում, որը կաշառք տալու և կաշառք ստանալուն օժանդակելու հանցակազմերի հետ փոխկապվածության մեջ է, հետևաբար հիմնավոր կասկածի առկայության հարցը գնահատելիս օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված տվյալները կարող են օգտագործվել ինչպես կաշառք ստացողի, այնպես էլ կաշառք տվողի և կաշառք ստանալուն օժանդակողի մեղադրանքները հիմնավորելու համար՝ հաշվի առնելով, որ օրենսդիրը դրանց դեպքում ևս թույլատրել է գաղտնի քննչական գործողությունների կատարումը։ Բողոքաբերը միաժամանակ գտել է, որ վիճարկվող դատական ակտը հակասում է Վճռաբեկ դատարանի՝ Վահրամ Գևորգյանի վերաբերյալ գործով 2011 թվականի փետրվարի 24-ի թիվ ԵԿԴ/0678/06/10, Հարություն Խաչատրյանի վերաբերյալ գործով 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ՏԴ2/0009/06/11 և Էդգար Եղիազարյանի վերաբերյալ գործով 2017 թվականի հունիսի 22-ի թիվ ԵԱՆԴ/0017/06/16 որոշումներով արտահայտված իրավական դիրքորոշումներին։ 7․ Արդյունքում բողոքաբերը խնդրել է Վերաքննիչ դատարանի՝ 2026 թվականի հունվարի 8-ի որոշումն ամբողջությամբ բեկանել և կայացնել փոխարինող դատական ակտ՝ հաստատված համարելով Վ․Խ*******-ի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 46-436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցանք կատարված լինելու հիմնավոր կասկածի առկայությունը և բավարարելով Քննիչի միջնորդությունը, կամ վարույթը փոխանցել ստորադաս դատարան՝ նոր քննության։ Հատուկ վերանայման վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները. 8․ Վ․Խ***********-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 46-436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 46-527-րդ հոդվածի 2-րդ մասով հանրային քրեական հետապնդում է հարուցվել այն բանի համար, որ «(…) [Նա] օժանդակել է Ս******* Կ**********-ին ՀՀ ՊՆ կենտրոնական ռազմաբժշկական փորձաքննական հանձնաժողովի՝ ինքնությունը դեռևս չպարզված անդամներին տալ խոշոր չափերի կաշառք՝ վերջինի ******` Ա****** Կ*************-ի օգտին ապօրինի գործողության, այն է՝ վերջինիս ապօրինաբար զինվորական ծառայությունից վերջնականապես ազատելու համար՝ այդպիսով նաև օժանդակելով Ա***** Կ*********-ին՝ հիվանդության սիմուլիացիայի եղանակով և կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ վերջնականապես ազատվել զինվորական ծառայությունից։ (…)»։ 9. Առաջին ատյանի դատարանն իր՝ 2025 թվականի դեկտեմբերի 3-ի որոշմամբ արձանագրել է․ «(…) Քննարկելով մեղադրյալ Վ***** Խ*******-ի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 46-436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի (…) հատկանիշներով նկարագրված արարքում հիմնավոր կասկածի առկայության կամ բացակայության հարցը՝ Դատարանը փաստում է, որ վարույթի քննության այս փուլում առկա են բավարար փաստական տվյալներ առ այն, որ մեղադրյալ Վ**** Խ********-ն առնչություն ունի իրեն մեղսագրվող՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված ենթադրյալ հանցանքի կատարմանը, և այն առերևույթ համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի նշված նորմի հատկանիշներին։ Դատարանն ընդգծում է, որ նման եզրահանգման հիմք են հանդիսանում միջնորդությանը կից ներկայացված փաստական տվյալները։ Մասնավորապես՝ «Թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքների մասին 2025 թվականի մարտի 13-ին, 2025 թվականի մայիսի 22-ին կազմված արձանագրությունների, «Ներքին դիտում» և տեխնիկական միջոցների կիրառմամբ «Արտաքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքների մասին 2025 թվականի մարտի 13-ին կազմված արձանագրության, Ա******** Կ*************-ի անվամբ լրացված թիվ ******* հիվանդության պատմության լրացուցիչ զննության արձանագրության, ՀՀ ՊՆ ԶԶԾ *********** մարզի տարածքային ստորաբաժանումից 2025 թվականի մայիսի 20-ին առգրավված թիվ 18 անձնական գործի լրացուցիչ զննության արձանագրության, ինչպես նաև վերծանումներ պարունակող լազերային սկավառակը զննելու մասին արձանագրության համադրությունը պարունակում է այնպիսի տեղեկություններ, որոնք հավաստում են վերագրվող հանցավոր արարքում (ՀՀ քրեական օրենսգրքի 46-436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետ) հիմնավոր կասկածի առկայությունը։ Այլ կերպ ասած՝ միջնորդությանը կից ներկայացված փաստական տվյալների համադրված բովանդակությունը հնարավորություն է տալիս անաչառ դիտորդին գալու օբյեկտիվ եզրահանգման առ այն, որ մեղադրյալ Վ****** Խ********** հնարավոր է կատարած լինի իրեն վերագրվող՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված ենթադրյալ հանցավոր արարքը, և որ հանրային քրեական հետապնդման մասին որոշման մեջ շարադրված դեպքերն ու իրադարձությունները համընկնում են այն առերևույթ հանցանքին, որի կատարման մեջ վերջինս մեղադրվում է: (…)։ (…) Հիմք ընդունելով վերոշարադրյալը՝ Դատարանն արձանագրում է, որ սույն միջնորդությամբ և կից ներկայացված նյութերով հնարավոր է արձանագրել, որ հիմնավոր կասկածի նվազագույն շեմը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, հաղթահարված է։ (…)»։ 10. Վերաքննիչ դատարանը, 2026 թվականի հունվարի 8-ի որոշմամբ բեկանելով Առաջին ատյանի դատարանի որոշումը և ամբողջությամբ մերժելով Քննիչի միջնորդությունը, նշել է․ «(…) Վերաքննիչ դատարանը, առանց ապացույցի վերաբերելիության վերաբերյալ գնահատականներ տալու, գտնում է, որ (…) մեղադրյալներ Ս**** Ռ*******-ի և Վ**** Խ*******-ի միջև առկա են մի շարք հեռախոսային խոսակցություններ, որոնցով կարելի է առաջին անգամ հիմնավոր կասկածի հարցը քննարկելու արդյունքում հաստատված համարել Վ**** Խ**********-ի առնչությունն իրեն մեղսագրվող ենթադրյալ դեպքին, մասնավորապես․ 2025 թվականի մարտի 13-ի արձանագրության համաձայն՝ 2024 թվականի հոկտեմբերի 2-ին Վ***** Խ********-ի և Ս**** Ռ*********-ի միջև տեղի է ունեցել հետևյալ բովանդակությամբ հեռախոսային խոսակցություն․ (…) Նույն արձանագրության համաձայն՝ 2024 թվականի դեկտեմբերի 21-ին Վ******* Խ*********-ի և Ս***** Ռ********-ի միջև տեղի է ունեցել հետևյալ բովանդակությամբ հեռախոսային խոսակցություն․ (…) Նույն արձանագրության համաձայն՝ 2024 թվականի դեկտեմբերի 30-ին Վ****** Խ*********-ի և Ս***** Ռ*******-ի միջև տեղի է ունեցել հետևյալ բովանդակությամբ հեռախոսային խոսակցություն․ (…) Նույն արձանագրության համաձայն՝ 2025 թվականի հունվարի 4-ին Վ****** Խ********-ի և Ս**** Ռ*******-ի միջև տեղի է ունեցել հետևյալ բովանդակությամբ հեռախոսային խոսակցություն․ (…)։ Այսպիսով, առանց գործն ըստ էության քննելու և լուծելու ժամանակ պահանջվող աստիճանի չափ բազմակողմանի և խորը վերլուծության ենթարկելու մատնանշված փաստական տվյալները, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ դրանք պարունակում են որոշակի տվյալներ մեղադրյալ Վ****** Խ**********-ի կողմից իրեն մեղսագրված արարքին ունեցած առնչության վերաբերյալ, ինչը բավարար է տվյալ դիտանկյունից հիմնավոր կասկածի շեմը հաղթահարված համարելու համար: (…) Վարույթն իրականացնող քննիչը մեղադրյալ Վ******* Խ***********-ի արարքում հիմնավոր կասկածի առկայության հանգամանքը հիմնավորելու համար ներկայացրել է հետևյալ նյութերը. 1. «Թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքների մասին 2025 թվականի մարտի 13-ին կազմված երեք արձանագրությունները, 2. «Ներքին դիտում» և տեխնիկական միջոցների կիրառմամբ «Արտաքին դիտում» օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքների մասին 2025 թվականի մարտի 13-ին կազմված արձանագրությունը, 3. «Օպերատիվ հարցում» և «Օպերատիվ տեղեկությունների ձեռքբերում» ՕՀՄ-ների արդյունքների վերաբերյալ արձանագրությունից 2025 թվականի մարտի 13-ի քաղվածքը, 4. «Թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում» գաղտնի քննչական գործողության արդյունքների մասին 2025 թվականի մայիսի 22-ին կազմված արձանագրությունը, 5. Ա******** Ս******** Կ**********-ի անվամբ լրացված թիվ ******* հիվանդության պատմության զննում կատարելու մասին 2025 թվականի սեպտեմբերի 11-ի արձանագրությունը, 6. Ա******* Ս********* Կ***********-ի անվամբ լրացված թիվ 18 անձնական գործի զննում կատարելու մասին 2025 թվականի սեպտեմբերի 12-ի արձանագրությունը և նույն անձնական գործի լրացուցիչ զննություն կատարելու մասին հոկտեմբերի 3-ի արձանագրությունը, 7. Օպտիկական կրիչի (փաստաթուղթ) բովանդակության զննություն կատարելու մասին 2025 թվականի հոկտեմբերի 6-ի արձանագրությունը։ (…) Վերոգրյալի շրջանակներում անդրադառնալով հիմնավոր կասկածի հիմքում նախաքննական մարմնի կողմից դրված փաստական տվյալներին՝ Վերաքննիչ դատարանը նախևառաջ հարկ է համարում նշել, որ ինչպես հետևում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 3-րդ մասում ամրագրված իրավանորմից, քրեական վարույթի շրջանակներից դուրս իրականացված օպերատիվ-հետախուզական գործունեության արդյունքով դատարանի թույլտվությամբ ստացված տեսագրությունները, տեսաձայնագրությունները, ձայնագրությունները և այլ օբյեկտիվ փաստաթղթերը կարող են ճանաչվել արտավարութային փաստաթուղթ և կցվել վարույթի նյութերին միայն այն դեպքում, երբ համապատասխան միջոցառումն իրականացվել է ենթադրյալ հանցագործությունը կանխելու, խափանելու կամ ենթադրյալ հանցանք կատարած անձին հանցանքի կատարման պահին կամ դրանից անմիջապես հետո բացահայտելու նպատակով։ Իսկ նույն օրենսգրքի 97-րդ հոդվածում ամրագրված իրավակարգավորումներից անմիջականորեն հետևում է, որ այդ փաստաթղթերը թեև համարվում են թույլատրելի ապացույցներ, սակայն չեն կարող օգտագործվել ոչ մեծ կամ միջին ծանրության հանցանքով մեղադրանքը հիմնավորելու համար: Ինչպես հետևում է սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից, մեղադրյալ Վ***** Խ***********-ին վերագրվող հանցանքում հիմնավոր կասկածի առկայությունը հիմնավորող փաստական տվյալների շարքում դրվել են նաև «Թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքների մասին 2025 թվականի մարտի 13-ին կազմված երեք արձանագրությունները, «Ներքին դիտում» և տեխնիկական միջոցների կիրառմամբ «Արտաքին դիտում» օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքների մասին 2025 թվականի մարտի 13-ին կազմված արձանագրությունը, «Օպերատիվ հարցում» և «Օպերատիվ տեղեկությունների ձեռբերում» ՕՀՄ-ների արդյունքների վերաբերյալ արձանագրությունից 2025 թվականի մարտի 13-ի քաղվածքը, «Թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում» գաղտնի քննչական գործողության արդյունքների մասին 2025 թվականի մայիսի 22-ին կազմված արձանագրությունը, որոնք կազմվել են քրեական վարույթի շրջանակներից դուրս իրականացված համապատասխան օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված ձայնագրությունների վերծանման, ինչպես նաև լազերային սկավառակների զննության արդյունքում։ Դրան զուգահեռ՝ հարկ է փաստել, որ սույն վարույթով մեղադրյալ Վ****** Խ********-ին վերագրվում է միջին ծանրության հանցանք։ Նման պայմաններում Վերաքննիչ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 97-րդ հոդվածի 10-րդ մասում ամրագրված իրավանորմն այն մասին, որ նույն օրենսգրքի 96-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված արտավարութային փաստաթղթերը չեն կարող օգտագործվել ոչ մեծ կամ միջին ծանրության հանցանքով մեղադրանքը հիմնավորելու համար, փաստում է, որ «Թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքների մասին 2025 թվականի մարտի 13-ին կազմված երեք արձանագրությունները, «Ներքին դիտում» և տեխնիկական միջոցների կիրառմամբ «Արտաքին դիտում» օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքների մասին 2025 թվականի մարտի 13-ին կազմված արձանագրությունը, «Օպերատիվ հարցում» և «Օպերատիվ տեղեկությունների ձեռքերում» ՕՀՄ-ների արդյունքների վերաբերյալ արձանագրությունից 2025 թվականի մարտի 13-ի քաղվածքը, «Թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում» գաղտնի քննչական գործողության արդյունքների մասին 2025 թվականի մայիսի 22-ին կազմված արձանագրությունը տվյալ դեպքում չեն կարող օգտագործվել մեղադրյալ Վ******* Խ********-ին ՀՀ քրեական օրենսգրքի 46-436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով վերագրվող` միջին ծանրության հանցանքով մեղադրանքը հիմնավորելու համար: Այլ կերպ` մատնանշված օրենսդրական կարգավորումների պայմաններում ակնհայտ է և որևէ խորքային վերլուծություն չի պահանջում արձանագրելու համար այն, որ մատնանշված փաստական տվյալները ակնհայտորեն չեն կարող դրվել մեղադրյալին մեղսագրված հիշյալ արարքի՝ առերևույթ կատարման հիմնավոր կասկածը հիմնավորելու հիմքում։ Ինչ վերաբերում է մեղադրյալ Վ****** Խ********-ին վերագրվող հանցանքին վերջինի առնչությունը հիմնավորող՝ Առաջին ատյանի դատարան ներկայացված և վերը մատնանշված մյուս նյութերին, ապա (…) Վերաքննիչ դատարանը, ներկայացված նյութերի, այդ թվում՝ ապացույցների՝ գործը ըստ էության քննելու և լուծելու ժամանակ պահանջվող աստիճանի չափ բազմակողմանի և խորը վերլուծություն չկատարելով, փաստում է, որ վարույթի նյութերի, մասնավորապես՝ հիմնավոր կասկածի առկայության հիմնավորման հիմքում նախաքննական մարմնի կողմից դրված փաստական տվյալների ուսումնասիրությունից ակնհայտ է, որ նախաքննական մարմնի կողմից միջնորդությամբ մատնանշված և դրան կից ներկայացված նյութերը ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով մեղսագրված արարքը Վ******* Խ*********-ի կողմից կատարելու կասկածը հիմնավորող որոշակի որևէ փաստական տվյալ չեն պարունակում: (…)»։ 11. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի հանրային ծառայության շահերի դեմ ուղղված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության վարչության քննիչի պաշտոնակատար Մ․Սիմոնյանի՝ 2026 թվականի հուլիսի 21-ի թիվ 18-591կգ-26 գրության համաձայն՝ «(…) ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի հանրային ծառայության շահերի դեմ ուղղված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության վարչությունում իրականացված թիվ ******* քրեական վարույթով մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունեցած Վ******* Ա******* Խ***********-ի նկատմամբ 2025 թվականի դեկտեմբերի 2-ին հարուցված հանրային քրեական հետապնդումը հսկող դատախազի՝ 2026 թվականի մարտի 10-ի որոշմամբ դադարեցվել է»։ Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը. 12․ Սույն վարույթով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է․ հիմնավո՞ր է արդյոք մեղադրյալ Վ․Խ*********-ի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 46-436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցանք կատարված լինելու հիմնավոր կասկածի բացակայության վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունը: 13․ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք ունի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք: Ոչ ոքի չի կարելի ազատությունից զրկել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով. (…) գ) անձի օրինական կալանավորումը կամ ձերբակալումը՝ իրավախախտում կատարած լինելու հիմնավոր կասկածի առկայության դեպքում նրան իրավասու օրինական մարմնին ներկայացնելու նպատակով կամ այն դեպքում, երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է համարվում նրա կողմից հանցագործության կատարումը կամ այն կատարելուց հետո նրա փախուստը կանխելու համար (…)»: ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք ունի անձնական ազատության իրավունք: Ոչ ոք չի կարող անձնական ազատությունից զրկվել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով՝ (…) 4) անձին իրավասու մարմին ներկայացնելու նպատակով, երբ առկա է նրա կողմից հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկած, կամ երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է հանցանքի կատարումը կամ դա կատարելուց հետո անձի փախուստը կանխելու նպատակով․ (…)»: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Վարույթի ընթացքում անձի նկատմամբ հարկադրանքի միջոցները կարող են կիրառվել ոչ այլ կերպ, քան սույն օրենսգրքով սահմանված հիմքերով և կարգով: Վարույթի ընթացքում անձին ազատությունից զրկելը չպետք է պատժի նպատակ հետապնդի»: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Քրեական վարույթի շրջանակներից դուրս իրականացված օպերատիվ-հետախուզական գործունեության արդյունքով դատարանի թույլտվությամբ ստացված տեսագրությունները, տեսաձայնագրությունները, ձայնագրությունները և այլ օբյեկտիվ փաստաթղթերը կարող են ճանաչվել արտավարութային փաստաթուղթ և կցվել վարույթի նյութերին միայն այն դեպքում, երբ համապատասխան միջոցառումն իրականացվել է ենթադրյալ հանցագործությունը կանխելու, խափանելու կամ ենթադրյալ հանցանք կատարած անձին հանցանքի կատարման պահին կամ դրանից անմիջապես հետո բացահայտելու նպատակով»: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 97-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ «Սույն օրենսգրքի 96-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված արտավարութային փաստաթղթերը չեն կարող օգտագործվել ոչ մեծ կամ միջին ծանրության հանցանքով մեղադրանքը հիմնավորելու համար։ (...)»: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 116-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Խափանման միջոց չի կարող կիրառվել, եթե բացակայում է մեղադրյալի կողմից իրեն վերագրվող հանցանքը կատարելու մասին հիմնավոր կասկածը»: Նույն օրենսգրքի 288-րդ հոդվածի համաձայն՝ «1. Խափանման միջոց կիրառելու (…) միջնորդության քննության արդյունքով դատարանը կայացնում է հետևյալ երեք որոշումներից մեկը․ 1) միջնորդությունը մերժելու մասին. (…) 2. Դատարանը կայացնում է սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված որոշումը, եթե՝ (…) 2) չի հաստատվում մեղադրյալի կողմից իրեն վերագրվող հանցանքը կատարելու հիմնավոր կասկածը. (…)»: 14․ Հանցանք կատարած լինելու հիմնավոր (ողջամիտ) կասկածի վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ձևավորած նախադեպային իրավունքի համաձայն՝ հիմնավոր (ողջամիտ) կասկածի չափանիշը հիմնվում է փաստերի կամ տեղեկությունների առկայության վրա, որոնք հնարավորություն կտային անաչառ դիտորդին եզրակացնելու, որ տվյալ անձը հնարավոր է, որ կատարած լինի հանցանքը։ Սակայն պարտադիր չէ, որ կասկածը հիմնավորող փաստերը բավարարեն այն նույն սանդղակին, որն անհրաժեշտ է անձի դատապարտումը կամ նրա նկատմամբ մեղադրանք առաջադրելը հիմնավորելու համար, քանի որ այդ փաստերը կարող են հայտնաբերվել ավելի ուշ՝ քրեական գործի քննության փուլում։ Վճռաբեկ դատարանը, հիմնվելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ձևավորած նախադեպային իրավունքի վրա, «հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկած» եզրույթի էության և դրա ստուգման սահմանների վերաբերյալ տարբեր գործերով արտահայտել է մի շարք իրավական դիրքորոշումներ, որոնք թեև արձանագրվել են ՀՀ նախկին՝ 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված քրեական դատավարության օրենսգրքի կարգավորումների համատեքստում, սակայն mutatis mutandis կիրառելի են նաև գործող՝ 2021 թվականի հունիսի 30-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի դրույթներով սահմանված կարգավորումների նկատմամբ։ 14․1․ Մասնավորապես Հ․Խաչատրյանի վերաբերյալ գործով որոշման շրջանակներում Վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնելիս դատարանն իրավունք չունի անդրադառնալու մեղադրանքի էությանը, հիմնավորվածությանը, քանի որ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողությունը չի հետապնդում կատարված հանցագործության բոլոր հանգամանքները հետազոտելու և դրանց քրեաիրավական գնահատական տալու կամ տրված գնահատականը ստուգելու ու համապատասխան որոշում կայացնելու նպատակ։ Այդ հարցերը կարող են քննարկման առարկա դառնալ միայն գործն ըստ էության քննելու և լուծելու ընթացքում, այսինքն՝ հանդիսանում են արդարադատության իրականացման արդյունքում լուծման ենթակա հարցեր։ Եթե մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնելիս դատարանն անդրադառնա այդ հարցերին և որոշում կայացնի դրանց վերաբերյալ, ապա կխախտվի քրեական դատավարության փուլային կառուցվածքը, քրեադատավարական գործառույթների տարանջատման սկզբունքը, իսկ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողությունը կվերածվի բուն արդարադատության իրականացման գործընթացի։ Այլ կերպ՝ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնելիս դատարանը չպետք է այնպիսի հարցեր քննարկի և դրանց վերաբերյալ որոշումներ ընդունի, որոնք կազմում են հետագա դատական քննության առարկան: Վճռաբեկ դատարանը գտել է, որ հիմնավոր կասկածի հարցը քննարկելիս դատարանը, ելնելով մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանությունն ապահովելու պարտավորությունից, պետք է քննարկման առարկա դարձնի երկու հիմնական փոխկապված հարցեր։ Առաջին` առկա՞ են արդյոք կասկածը հիմնավորող տեղեկություններ, փաստեր կամ ապացույցներ, որոնք ուղղակիորեն կմատնանշեն անձի առնչությունն իրեն վերագրվող ենթադրյալ հանցագործությանը, երկրորդ` դեպքը, որի կատարման մեջ անձը կասկածվում է, առերևույթ համընկնու՞մ է քրեական օրենսգրքով սահմանված որևէ հանցակազմի հատկանիշներին: 14․2․ Էդ․Եղիազարյանի վերաբերյալ գործով որոշման շրջանակներում վերահաստատելով և զարգացնելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ իրավասու մարմինը պետք է ներկայացնի փաստեր կամ տեղեկություններ, որոնք կհամոզեն դատարանին, որ անձը հիմնավոր կերպով է կասկածվում /մեղադրվում/ ենթադրյալ հանցագործության կատարման մեջ: Այսինքն՝ քրեական հետապնդման մարմինները պետք է ներկայացնեն կասկածը հիմնավորող որոշակի փաստական հանգամանքներ, իսկ դրա վերաբերյալ դատարանի հետևությունները պետք է լինեն պատճառաբանված և, միևնույն ժամանակ, չպետք է պարունակեն իրավական գնահատականներ անձի մեղավորության կամ անմեղության հարցի առնչությամբ: Վճռաբեկ դատարանը, ի թիվս այլնի, ընդգծել է նաև հետևյալ հանգամանքները՝ - հիմնավոր կասկածը չի պահանջում կատարված արարքի մեջ մեղադրյալի մեղավորությունն ապացուցող՝ հիմնավոր կասկածից վեր ապացուցման չափանիշին համապատասխան բավարար փաստերի առկայություն, այնուամենայնիվ, «կասկածը» պետք է լինի ողջամիտ, այն պետք է հիմնված լինի օրենքով սահմանված կարգով ձեռքբերված որոշակի փաստական տվյալների վրա (որոնք կվկայեն կատարված արարքին անձի առնչությունը և դեպքի, իրադարձության համընկնումը այն հանցանքին, որի առերևույթ կատարման մեջ անձը կասկածվում /մեղադրվում/ է), իսկ դրա առկայության կամ բացակայության վերաբերյալ դատարանի հետևությունները պետք է լինեն հիմնավորված և պատճառաբանված, - մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնելիս դատարանն իրավասու չէ քննարկման առարկա դարձնելու այնպիսի հարցեր, որոնք դուրս են այդ պահին իր առջև դրված խնդիրների շրջանակից, ուստիև հիմնավոր կասկածի առկայությունը ստուգելիս դատարանն իրավասու չէ կանխորոշելու մեղքի հարցը, իրավական գնահատական տալու անձի մեղավորությանը կամ անմեղությանը, անմիջականորեն փաստելու անձի արարքում հանցակազմի առկայությունը կամ բացակայությունը: Միևնույն ժամանակ, դատարանը, վերոգրյալ հարցերի շուրջ իրավական գնահատականներ չտալով, իրավասու է որոշում կայացնել կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու կամ ժամկետը երկարացնելու կամ վերահաստատելու վերաբերյալ քրեական հետապնդման մարմնի ներկայացրած միջնորդությունը մերժելու մասին այն դեպքում, երբ հավաստում է քրեական գործով վարույթը բացառող հանգամանքի առերևույթ առկայությունը և դրա հնարավոր կիրառելիությունը: Ընդ որում, քրեական գործով վարույթը բացառող այդ հանգամանքի առերևույթ առկայության մասին վկայությունը պետք է լինի ոչ թե ներկայացված նյութերի, այդ թվում՝ ապացույցների` գործը ըստ էության քննելու և լուծելու ժամանակ պահանջվող աստիճանի չափ բազմակողմանի և խորը վերլուծության արդյունք, այլ այդպիսի վկայությունը պետք է հիմնված լինի ներկայացված նյութերից բխող համեմատաբար ակնհայտ փաստերի վրա (օրինակ՝ արարքը, որի կատարման մեջ մեղադրվում է անձը, դրա կատարման պահին հանցագործություն չի համարվել, կամ որպես մեղադրյալ է ներգրավվել քրեական պատասխանատվության ենթարկվելու տարիքի չհասած անձը, կամ անցել են վաղեմության ժամկետները, ընդունվել է համաներման ակտ և այլն)։ 14․3. Մեկ այլ՝ Ս․Ռուշանյանի վերաբերյալ գործով որոշման շրջանակներում անդրադառնալով խափանման միջոցների կիրառման դատական երաշխիքների վարույթի շրջանակներում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 97-րդ հոդվածի դրույթների կիրառելիության հարցին՝ Վճռաբեկ դատարանն իր համաձայնությունն է հայտնել դիրքորոշմանն առ այն, որ մեղադրյալի կողմից ենթադրյալ հանցանք կատարված լինելու հիմնավոր կասկածի առկայության հարցի քննարկման համատեքստում միջնորդությանը կից ներկայացված ապացուցողական նշանակություն ունեցող փաստաթղթերը ենթակա չեն գնահատման ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 97-րդ հոդվածի 10-րդ մասի կարգավորումների համատեքստում նույն կերպ, ինչպես նույն հոդվածով կարգավորվող ապացույցների թույլատրելիության հարցի համատեքստում, ինչը դատավարության հետագա փուլերի խնդիր է։ 15․ Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ․ - 2025 թվականի դեկտեմբերի 2-ին Վ․Խ*********-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 46-436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 46-527-րդ հոդվածի 2-րդ մասով, - Առաջին ատյանի դատարանը, արձանագրելով մեղադրյալ Վ․Խ********-ի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 46-436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցանք կատարված լինելու հիմնավոր կասկածի առկայությունը, իր՝ 2025 թվականի դեկտեմբերի 3-ի որոշմամբ Քննիչի միջնորդությունը բավարարել է մասնակի՝ մեղադրյալ Վ․Խ*********-ի նկատմամբ համակցված կիրառելով վարչական հսկողություն և բացակայելու արգելք այլընտրանքային խափանման միջոցներ, - Վերաքննիչ դատարանը նախ էության մեջ արձանագրել է, որ միջնորդությանը կից ներկայացված նյութերում առկա փաստական տվյալները բավարար են՝ մեղադրյալ Վ․Խ***********-ի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 46-436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցանք կատարված լինելու հիմնավոր կասկածը հաստատելու համար։ Այնուհետև վկայակոչելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 96-րդ և 97-րդ հոդվածների դրույթներով սահմանված իրավակարգավորումները՝ Վերաքննիչ դատարանը գտել է, որ մեղադրյալ Վ․Խ********-ի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 46-436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցանք կատարված լինելու հիմնավոր կասկածի առկայությունը հիմնավորող փաստական տվյալների շարքում վարույթն իրականացնող մարմնի կողմից դրված «Թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքների մասին 2025 թվականի մարտի 13-ին կազմված երեք արձանագրությունները, «Ներքին դիտում» և տեխնիկական միջոցների կիրառմամբ «Արտաքին դիտում» օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքների մասին 2025 թվականի մարտի 13-ին կազմված արձանագրությունը, «Օպերատիվ հարցում» և «Օպերատիվ տեղեկությունների ձեռքբերում» օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքների վերաբերյալ արձանագրությունից 2025 թվականի մարտի 13-ի քաղվածքը, «Թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում» գաղտնի քննչական գործողության արդյունքների մասին 2025 թվականի մայիսի 22-ին կազմված արձանագրությունը չեն կարող օգտագործվել Վ․Խ********-ին ՀՀ քրեական օրենսգրքի 46-436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով վերագրվող միջին ծանրության հանցանքով մեղադրանքը հիմնավորելու համար, ուստի դրանք չեն կարող հիմք հանդիսանալ նրա կողմից հանցանք կատարված լինելու հիմնավոր կասկածը հիմնավորելու համար։ Արդյունքում, հակասելով ինքն իրեն՝ Վերաքննիչ դատարանը հանգել է հետևության, որ միջնորդությանը կից ներկայացված նյութերում առկա չեն բավարար տվյալներ մեղադրյալ Վ․Խ********-ի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 46-436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցանք կատարված լինելու հիմնավոր կասկածի առկայությունը հաստատելու համար։ Վերոգրյալի հիման վրա Վերաքննիչ դատարանն Առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանել է և ամբողջությամբ մերժել Քննիչի միջնորդությունը։ 16․ Նախորդ կետում վկայակոչված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 13-14․3-րդ կետերում մեջբերված նորմերի և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, բեկանելով Առաջին ատյանի դատարանի որոշումը և արձանագրելով Վ․Խ*********-ի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 46-436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցանք կատարված լինելու հիմնավոր կասկածի բացակայությունը, դուրս է եկել խափանման միջոցների դատական երաշխիքների վարույթով դատարանի լուծման ենթակա խնդիրների շրջանակից։ Մասնավորապես, Վերաքննիչ դատարանը, վկայակոչելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 97-րդ հոդվածի 10-րդ մասը, փաստել է, որ «Թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքների մասին 2025 թվականի մարտի 13-ին կազմված երեք արձանագրությունները, «Ներքին դիտում» և տեխնիկական միջոցների կիրառմամբ «Արտաքին դիտում» օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքների մասին 2025 թվականի մարտի 13-ին կազմված արձանագրությունը, «Օպերատիվ հարցում» և «Օպերատիվ տեղեկություններ ձեռքբերում» օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքների վերաբերյալ արձանագրությունից 2025 թվականի մարտի 13-ի քաղվածքը, տվյալ դեպքում չեն կարող օգտագործվել մեղադրյալ Վ․Խ**********-ին ՀՀ քրեական օրենսգրքի 46-436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով վերագրվող՝ միջին ծանրության հանցանքով մեղադրանքը հիմնավորելու համար։ Մինչդեռ խափանման միջոցների կիրառման դատական երաշխիքների վարույթի շրջանակներում դատարանն իրավուսու չէ անդրադառնալ մեղադրանքի էությանն ու հիմնավորվածությանը, այդ թվում նաև՝ որոշելու նախաքննության մարմնի կողմից ի հիմնավորումն վերագրվող հանցանքը մեղադրյալի կողմից կատարված լինելու հիմնավոր կասկածի առկայության վկայակոչված նյութերի՝ որպես մեղադրանքը հիմնավորող ապացույցի թույլատրելիության և օգտագործման սահմանափակումներին վերաբերող հարցեր։ Այդ հարցերը կարող են քննարկման առարկա դառնալ միայն գործն ըստ էության քննելու և լուծելու ընթացքում, այսինքն՝ հանդիսանում են արդարադատության իրականացման արդյունքում լուծման ենթակա հարցեր, և եթե խափանման միջոցների կիրառման դատական երաշխիքների վարույթի շրջանակներում դատարանը քննարկման առարկա դարձնի և որոշում կայացնի դրանց վերաբերյալ, ապա կխախտվի քրեական դատավարության փուլային կառուցվածքը, քրեադատավարական գործառույթների տարանջատման սկզբունքը, իսկ խափանման միջոցների կիրառման դատական երաշխիքների վարույթը կվերածվի բուն արդարադատության իրականացման գործընթացի։ Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանի խնդիրը ոչ թե մեղադրանքի հիմնավորվածությունը ստուգելն էր, այլ մեղադրյալի կողմից հանցանք կատարված լինելու հիմնավոր կասկածի առկայությունը կամ բացակայությունը փաստելը՝ նախաքննության մարմնի կողմից ներկայացված տեղեկությունների, փաստերի և ապացույցների հիման վրա։ Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ մեղադրանքի հիմնավորման համար, հանցանքի տեսակով պայմանավորված՝ արտավարութային փաստաթուղթ ճանաչված և վարույթին կցված օպերատիվ-հետախուզական գործունեության արդյունքով դատարանի թույլտվությամբ ստացված տեսագրությունների, տեսաձայնագրությունների, ձայնագրությունների և այլ օբյեկտիվ փաստաթղթերի օգտագործման սահմանափակման վերաբերյալ քրեադատավարական կարգավորումն ինքնին չի կարող մեկնաբանվել որպես դրանց օգտագործման բացարձակ արգելք՝ խափանման միջոցի կիրառման դատական երաշխիքների վարույթի շրջանակներում հիմնավոր կասկածի՝ մեղսագրվող հանցանքին մեղադրյալի հնարավոր առնչության գնահատման համատեքստում, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից։ 17․ Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի հետևությունն առ այն, որ վարույթում առկա օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերված տվյալները չեն կարող օգտագործվել մեղադրյալ Վ․Խ***********-ի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 46-436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցանք կատարված լինելու հիմնավոր կասկածը հաստատելու համար, հիմնավոր չէ։ Վճռաբեկ դատարանը միաժամանակ արձանագրում է, որ նախաքննության մարմնի միջնորդությանը կից ներկայացված նյութերը տվյալ դեպքում պարունակել են մեղադրյալ Վ․Խ*********-ի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 46-436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցանք կատարված լինելու հիմնավոր կասկածը հաստատելու համար բավարար փաստեր, տեղեկություններ և ապացույցներ, ինչն իրավացիորեն արձանագրվել է Առաջին ատյանի դատարանի կողմից։ Ավելին՝ այն էության մեջ արձանագրվել է Վերաքննիչ դատարանի կողմից, սակայն վերջինս խափանման միջոցների դատական երաշխիքների շրջանակներից դուրս գալու և վարույթի այլ փուլին բնորոշ գործառույթ իրականացնելու արդյունքում հանգել է մինչ այդ իր իսկ կողմից արձանագրվածին հակասող անհիմն հետևության։ Ընդ որում, Վերաքննիչ դատարանը սույն դեպքում «Օպերատիվ հարցում» և «Օպերատիվ տեղեկությունների ձեռքբերում» օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված տվյալները ևս դիտարկել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 97-րդ հոդվածի 10-րդ մասի սահմանափակումների համատեքստում՝ անտեսելով այն հանգամանքը, որ նշված օպերատիվ-հետախուզական միջոցառումները ներառված չեն դատարանի թույլտվությամբ իրականացվող համապատասխան միջոցառումների շարքում, հետևաբար վկայակոչված նորմով սահմանված՝ արտավարութային փաստաթղթերի օգտագործումը սահմանափակող դրույթներն ինքնին կիրառելի չեն այդ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքների նկատմամբ։ 18․ Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մեղադրյալ Վ․Խ***********-ի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 46-436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցանք կատարված լինելու հիմնավոր կասկածի բացակայության մասին Վերաքննիչ դատարանի հետևությունը հիմնավոր չէ։ Արդյունքում Վճռաբեկ դատարանը հանգում է այն հետևության, որ սույն վարույթով Վերաքննիչ դատարանը, Առաջին ատյանի դատարանի դատական ակտը բեկանելով և Քննիչի միջնորդությունն ամբողջությամբ մերժելով, թույլ է տվել դատական սխալ՝ քրեադատավարական օրենքի էական խախտում, որն ազդել է վարույթի ելքի վրա, ինչը, նույն օրենսգրքի 362-րդ հոդվածի համաձայն, հիմք է ստորադաս դատարանի դատական ակտը բեկանելու համար։ Սակայն հաշվի առնելով, որ թիվ ******** քրեական վարույթով հսկող դատախազի՝ 2026 թվականի մարտի 10-ի որոշմամբ մեղադրյալ Վ․Խ*******-ի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է, որպիսի պայմաններում Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և փոխարինող դատական ակտ կայացնելու կամ այն փոփոխելու իրավական հնարավորությունը բացակայում է՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի՝ 2026 թվականի հունվարի 8-ի որոշումը պետք է թողնել անփոփոխ` հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 33-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 359-րդ, 362-րդ, 363-րդ, 400-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը Ո Ր Ո Շ Ե Ց 1. Վ****** Ա******* Խ***********-ի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի՝ 2026 թվականի հունվարի 8-ի որոշումը թողնել անփոփոխ՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։ 2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը: Նախագահող` Ռ.ՄԽԻԹԱՐՅԱՆ Դատավորներ` Ա․ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆ Ս․ՉԻՉՈՅԱՆ Դ.ՎԵՔԻԼՅԱՆ