Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am

Վճռաբեկ դատարան · Քրեական

ԳԴ/0268/01/24

Գործի համարը
ԳԴ/0268/01/24
Դիմող / մեղադրյալ
Ժորա Դալլաքյան
Դատական ակտի ընդունման ամսաթիվը
28.08.2026

Որոշման տեքստը

դատարանի Word ֆայլից
ԳԴ/0268/01/24 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան, նախագահող դատավոր` Դ.Սարգսյան ՀՀ վերաքննիչ քրեական դատարան, նախագահող դատավոր՝ Մ.Պապոյան դատավորներ՝ Ռ.Պապոյան Լ.Աբգարյան 28 օգոստոսի 2026 թվական ք.Երևան ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ` Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ մասնակցությամբ դատավորներ` Հ.ԳՐԻԳՈՐՅԱՆԻ Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ գրավոր ընթացակարգով քննության առնելով մեղադրյալ Ժորա Վալոդյայի Դալլաքյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2025 թվականի հունիսի 30-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Արամյանի վճռաբեկ բողոքը, Պ Ա Ր Զ Ե Ց Վարույթի դատավարական նախապատմությունը. 1. 2023 թվականի ապրիլի 13-ին ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է թիվ 42107923 քրեական վարույթը: 2024 թվականի ապրիլի 22-ին ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 323-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է թիվ 42102224 քրեական վարույթը, որը նույն օրը միացվել է թիվ 42107923 քրեական վարույթին: 2024 թվականի ապրիլի 29-ին ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է թիվ 42102424 քրեական վարույթը, որը նույն օրը միացվել է թիվ 42107923 քրեական վարույթին: 2024 թվականի ապրիլի 29-ին Ժորա Վալոդյայի Դալլաքյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետով: 2024 թվականի հունիսի 27-ին Ժորա Դալլաքյանի նկատմամբ հարուցվել է նոր հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին մասով։ 2024 թվականի հուլիսի 4-ին Ժորա Դալլաքյանի վերաբերյալ թիվ 42107923 քրեական վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան)։ 2. Առաջին ատյանի դատարանի՝ 2025 թվականի ապրիլի 4-ի դատավճռով Ժորա Դալլաքյանին ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքը վերաորակվել է ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 11 (տասնմեկ) ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 79-րդ հոդվածի կարգով հաշվակցվել և նշանակված պատժից հանվել է 2024 թվականի ապրիլի 30-ից մինչև 2025 թվականի ապրիլի 4-ն արգելանքի տակ գտնվելու 11 (տասնմեկ) ամիս 4 (չորս) օր ժամկետը, և պատիժը համարվել է կրված: Ժորա Դալլաքյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` տնային կալանքը, վերացվել է, վերջինս ազատ է արձակվել դատական նիստերի դահլիճում, իսկ խափանման միջոց բացակայելու արգելքը թողնվել է անփոփոխ՝ մինչև դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելը: 3. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան)՝ 2025 թվականի հունիսի 30-ի որոշմամբ Գեղարքունիքի մարզի դատախազի տեղակալ Ա.Հովհաննիսյանի վերաքննիչ բողոքը մերժվել է՝ Առաջին ատյանի դատարանի՝ 2025 թվականի ապրիլի 4-ի թիվ դատավճիռը թողնվելով անփոփոխ: 4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Արամյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2025 թվականի դեկտեմբերի 30-ի որոշմամբ ընդունվել է վարույթ: Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը. Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով. 5. Բողոքի հեղինակը գտել է, որ Վերաքննիչ դատարանը, Առաջին ատյանի դատարանի դատավճիռը անփոփոխ թողնելով, թույլ է տվել դատական սխալ՝ նյութական օրենքի խախտում, որն ազդել է գործի ելքի վրա: Մասնավորապես, դատարաններն ապացույցների սխալ գնահատման արդյունքում ճիշտ չեն կիրառել նյութական օրենքը, այն է՝ կիրառվել է ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածը, որը ենթակա չէր կիրառման, և չի կիրառվել ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածը, որը ենթակա էր կիրառման։ Բողոքաբերի պնդմամբ՝ դատաքննության ընթացքում հետազոտված ապացույցների համադրված վերլուծությունը ցույց է տալիս, որ մեղադրյալ Ժորա Դալլաքյանին ներկայացված մեղադրանքը եղել է հիմնավորված, ինչի մասին են վկայում պատշաճ իրավական ընթացակարգերի շրջանակներում ձեռք բերված ապացույցները։ Բողոք բերած անձը փաստարկել է, որ Ժորա Դալլաքյանի նկատմամբ իրականացված «Թվային, այդ թվում՝ հեռախոսային խոսակցության վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառման ընթացքում ստացված հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումների ուսումնասիրությամբ պարզ է դառնում, որ վերջինը մի քանի անգամ միջոցներ է ձեռնարկել քրեակատարողական հիմնարկում գտնվող անձի համար հանձնուքներ ուղարկելու ուղղությամբ՝ նշելով, որ «մեծ ախպոր» համար «տուլիկ է» պատրաստում, միաժամանակ մի շարք խոսակցությունների ընթացքում, այդ թվում՝ Ա․Ա-ի և նրա *****՝ Լ․Մ-ի հետ, ինքն իրեն «գողական» տղա է համարում, հայտնում է, որ ապրում է «գողական կյանքով»: 6. Վերոգրյալի հիման վրա, բողոքաբերը խնդրել է բեկանել Առաջին ատյանի դատարանի դատավճիռն օրինական ուժի մեջ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի՝ 2025 թվականի հունիսի 30-ի որոշումը, և կայացնել դրան փոխարինող դատական ակտ՝ մեղադրյալ Ժորա Դալլաքյանին մեղավոր ճանաչելով ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի կատարման մեջ և նշանակելով համաչափ պատիժ, կամ վարույթը փոխանցել համապատասխան ստորադաս դատարան՝ նոր քննության։ Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները. 7. Ժորա Դալլաքյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է հանրային քրեական հետապնդում հետևյալ արարքի համար՝ «(…) [Ն]ա ներգրավված է եղել քննությամբ դեռևս չպարզված ժամանակահատվածում ստեղծված քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հետապնդած նպատակների իրականացմանը: Այսպես. Ժորա Վալոդյայի Դալլաքյանը, ներգրավված լինելով քննությամբ դեռևս չպարզված ժամանակահատվածում ստեղծված, քրեական աստիճանակարգությամբ ու միջանձնային հիերարխիկ հարաբերություններով օժտված անձանց միավորում հանդիսացող, իր սահմանած և ճանաչած վարքագծի կանոնների համաձայն գործող, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հետապնդած նպատակների իրականացմանը, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման սահմանած և ճանաչած վարքագծի կանոնների համաձայն՝ նպատակ ունենալով լուծելու պետության սահմանած վարքագծի համապարտադիր կանոններին և դրանց իրացման իրավաչափ ձևերին չհամապատասխանող, անօրինական այլ գործողությունների միջոցով հանրային կամ մասնավոր հարցերին առնչվող վեճերը (խնդիրները), ստանձնել է ***** մարզի ******** համայնքի բնակիչ Ա․Ա-ի մասնավոր հարցին առնչվող՝ Ա․Ա-ի՝ Ա․Ա-ին պարտք մնացած գումարի՝ ենթադրյալ բռնությամբ կամ անօրինական այլ գործողությունների միջոցով վերադարձման խնդրի լուծումը: Հիշյալ հարցի վերաբերյալ պարզաբանումներ կատարելու նպատակով Ժորա Դալլաքյանը 2022 թվականի դեկտեմբերից 2023 թվականի փետրվարի վերջն ընկած ժամանակահատվածում Ա․Ա-ին պարտք մնացած 150.000 ՀՀ դրամն իրեն վերադարձնելու պահանջով պարբերաբար հեռախոսային խոսակցություններ է ունեցել ինչպես Ա․Ա-ի հետ, այնպես էլ վերջինի *****՝ Լ․Մ-ի հետ՝ վերջինների կողմից նշված գումարներն իրեն վերադարձնելու պահանջների համար վերջնաժամկետ սահմանելով»: 8. Առաջին ատյանի դատարանի դատավճռով արձանագրվել է հետևյալը. «Քրեական վարույթի դատաքննությամբ հիմնավորվել է, որ՝ - Ճամբարակ համայնքի Վահան բնակավայրի բնակիչ Ժորա Վալոդյայի Դալլաքյանը, ստանձնել է ****** մարզի ********* համայնքի բնակիչ Ա․Ա-ի մասնավոր հարցին առնչվող՝ Ա․Ա-ի՝ Ա․Ա-ին պարտք մնացած գումարի՝ ենթադրյալ բռնությամբ կամ անօրինական այլ գործողությունների միջոցով վերադարձման խնդրի լուծումը. - Ժորա Վալոդյայի Դալլաքյանը հիշյալ հարցի վերաբերյալ պարզաբանումներ կատարելու նպատակով 2022 թվականի դեկտեմբերից 2023 թվականի փետրվարի վերջն ընկած ժամանակահատվածում Ա․Ա-ին պարտք մնացած 150.000 ՀՀ դրամն իրեն վերադարձնելու պահանջով պարբերաբար հեռախոսային խոսակցություններ է ունեցել Ա․Ա-ի և վերջինիս *****՝ Լ․Մ-ի հետ: - Ժորա Վալոդյայի Դալլաքյանը Ա․Ա-ի և վերջինիս ******՝ Լ․Մ-ի կողմից Ա․Ա-ին պարտք մնացած գումարներն իրեն վերադարձնելու պահանջների համար վերջնաժամկետ է սահմանել: - Ժորա Վալոդյայի Դալլաքյանը Ա․Ա-ին և վերջինիս *****՝ Լ․Մ-ին, նրանց մերձավոր ազգականներին, խնամքի տակ գտնվողների նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով, Ա․Ա-ի գույքի նկատմամբ իրավունքն իրեն հանձնելու պահանջ է ներկայացրել: Դատարանն արձանագրում է, որ Ժորա Վալոդյայի Դալլաքյանի կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ դրա հետապնդած նպատակների իրականացմանը ներգրավված լինելու կամ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հավաքներ կազմակերպելու կամ դրանց մասնակցելու վերաբերյալ փաստը հիմնավորող ապացույցներ քրեական գործում առկա չեն։ Հարցաքննված վկաները Դատարանին չներկայացրեցին փաստեր, որ Ժորա Վալոդյայի Դալլաքյանը որևէ առնչություն ունի քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը։ Ինչ վերաբերվում է հեռախոսային խոսակցությունների ընթացքում Ժորա Վալոդյայի Դալլաքյանի կողմից արտահայտած մտքերին, որ նա «գողավարի» է ապրում կամ հարցը պետք է «գողավարի» լուծվի, ապա Դատարանը դա չի կարող գնահատել, որպես Ժորա Վալոդյայի Դալլաքյանի քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանն առնչության փաստ։ Քրեական վարույթում չկա գեթ մեկ ապացույց, որը տեղեկություն կպարունակեր Ժորա Վալոդյայի Դալլաքյանի կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ դրա հետապնդած նպատակների իրականացմանը ներգրավված լինելու կամ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հավաքներ կազմակերպելու կամ դրանց մասնակցելու վերաբերյալ։ Դեռ ավելին, «Թվային, այդ թվում՝ հեռախոսային խոսակցության վերահսկում» օպերատիվ հետախուզական միջոցառման ընթացքում ստացված հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումները պարունակող լազերային սկավառակի զննությամբ, 2023 թվականի ապրիլի 1-ին, ժամը 14։30։27-ին Ժորա Դալլաքյանի և Լ․Մ-ի միջև տեղի ունեցած խոսակցության ժամանակ Լ․Մ-ը Ժորա Դալլաքյանին ասում է, որ ավելորդ չխոսի, դատարկ, մանկապարտեզի զրույցներ չանի։ Այսինքն՝ Լ․Մ-ը Ժորա Դալլաքյանին վերաբերվում է ավելորդ, դատարկ մանկապարտեզի զրույցներ անողի, այլ ոչ թե քրեական ենթամշակույթ կրող անձի։ Այսպիսով՝ Դատարանը հիմնավորված է համարում, որ ***** մարզի ********** համայնքի բնակիչ Ա․Ա-ի մասնավոր հարցին առնչվող՝ Ա․Ա-ի՝ Ա․Ա-ին պարտք մնացած գումարի՝ ենթադրյալ բռնությամբ կամ անօրինական այլ գործողությունների միջոցով վերադարձման խնդիրը լուծելու նպատակով Ժորա Դալլաքյանը 2022 թվականի դեկտեմբերից 2023 թվականի փետրվարի վերջն ընկած ժամանակահատվածում Ա․Ա-ին պարտք մնացած 150.000 ՀՀ դրամն իրեն վերադարձնելու պահանջով պարբերաբար հեռախոսային խոսակցություններ է ունեցել ինչպես Ա․Ա-ի հետ, այնպես էլ վերջինիս ******՝ Լ․Մ-ի հետ՝ վերջիններիս կողմից նշված գումարներն իրեն վերադարձնելու պահանջների համար վերջնաժամկետ սահմանելով: Փաստորեն սույն քրեական գործում առկա են բազմաթիվ ապացույցներ, որոնք վկայում են ամբաստանյալ Ժորա Վալոդյայի Դալլաքյանի կողմից անձի, նրա մերձավոր ազգականի, մերձավորի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով, ուրիշի գույքը մեկ այլ անձին հանձնելու և գույքային բնույթի պարտավորություն ստանձնելու մասին, դրանք հավաստի են, արժանահավատ, թույլատրելի և բավարար մեղադրյալի նկատմամբ մեղադրական դատական ակտ կայացնելու համար: (…) Դատարանը գտնում է, (…) [որ] հիմնավորվում է Ժորա Վալոդյայի Դալլաքյանի կողմից անձի, նրա մերձավոր ազգականի, մերձավորի, անձի դաստիարակության, խնամքի տակ գտնվողի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով, ուրիշի գույքը մեկ այլ անձին հանձնելու հանգամանքը։ (…) Դատարանն արձանագրում է, որ մեղադրյալ Ժորա Վալոդյայի Դալլաքյանի կատարած հանցանքը չի համապատասխանում ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներին, այլ համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության հատկանիշներին, հետևաբար Ժորա Վալոդյայի Դալլաքյանին առաջադրված մեղադրանքը ենթակա է վերաորակման (...)»: 9. Վերաքննիչ դատարանի՝ 2025 թվականի հունիսի 30-ի որոշման համաձայն՝ «(…) Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նկատել, որ Առաջին ատյանի դատարանը, պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում հետազոտելով սույն գործով ձեռք բերված ապացույցները և դրանք գնահատելով վերաբերելիության, թույլատրելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ գործի համար բավարարության տեսանկյունից, դրանց բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննության վրա հիմնված ներքին համոզմամբ, եկել է ճիշտ եզրահանգման, որ Ժորա Դալլաքյանի կատարած հանցանքը չի համապատասխանում ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներին, այլ համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության հատկանիշներին: Վերաքննիչ դատարանը, ուսումնասիրելով սույն քրեական գործի փաստական հանգամանքները և գործում առկա ապացույցները, հարկ է համարում արձանագրել, որ սույն դեպքում Ա․Ա-ի և Ա․Ա-ի միջև առկա են եղել ֆինանսական խնդիրներ, մասնավորապես՝ Ա․Ա-ն ավտոմեքենա է վարձակալել Ա․Ա-ից, որից հետո որոշակի գումար է պարտք եղել վերջինին, իսկ որոշ ժամանակ անց Ա․Ա-ն Ա․Ա-ին և վերջինի *******՝ Լ․Մ-ին հայտնել է, որ այդ գումարային հարցերը լուծեն Ժորայի հետ և գումարը փոխանցեն նրան, քանի որ պետք է մեկնի համայնքից։ Դրանից հետո, Ա․Ա-ը պայմանավորվել է Ժորա Դալլաքյանի հետ՝ նշված գումարը մաս-մաս վճարել։ Այնուհետև, Ա․Ա-ը մեկնել է երկրից, ուստի նշված գումարի վճարման հարցի հետ կապված Ժորա Դալլաքյանը կապ է հաստատել Ա․Ա-ի ****՝ Լ․Մ-ի հետ, որի ընթացքում գումարը վերադարձնելու վերջնաժամկետ է սահմանել, և երբ նշված ժամկետում գումարը չի վերադարձվել, Ժորա Դալլաքյանը գումարը պահանջելու հետ կապված սկսել է պարբերաբար զանգել Լ․Մ-ին, որի ընթացքում հնչեցրել է հայհոյանքներ, սպառնալիքներ՝ ասելով, որ տունը կվառի, մեքենան կխլի և նմանատիպ այլ արտահայտություններ, որի արդյունքում Լ․Մ-ը վախից դրդված գումարի մի մասը փոխանցել է Ժորա Դալլաքյանի նշած քարտային հաշիվներին։ Այսինքն՝ վերոգրյալից հետևում է, որ Ժորա Դալլաքյանն Ա․Ա-ի կողմից Ա․Ա-ին պարտք մնացած գումարը վերադարձնելու հարցի հետ կապված պարբերաբար զանգել է Ա․Ա-ին և վերջինի *****՝ Լ․Մ-ին, և պահանջել՝ վերադարձնել պարտք մնացած գումարը՝ սահմանելով վերջնաժամկետ, և երբ նշված ժամկետում գումարը չի վերադարձվել, Ժորա Դալլաքյանի կողմից բռնություն գործադրելու սպառնալիքներ են հնչեցվել։ Անդրադառնալով Ժորա Դալլաքյանի կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ դրա հետապնդած նպատակների իրականացմանը ներգրավված լինելու հանգամանքին՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանն իրավացիորեն արձանագրել է, որ քրեական գործում առկա չեն ապացույցներ, որոնք կհիմնավորեն, որ Ժորա Դալլաքյանն առնչություն ունի քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը։ Իսկ Ժորա Դալլաքյանի կողմից հեռախոսային խոսակցությունների ընթացքում հնչեցված արտահայտությունները և մտքերը բավարար հիմք չեն կարող հանդիսանալ հաստատված համարելու նրա առնչությունը քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը։ Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ Ա․Ա-ը նախաքննական ցուցմունքով հայտնել է, որ ***** պատմելով իմացել է, որ Ժորան անընդհատ զանգահարել է *****, սպառնալիքներ է հնչեցրել իրենց ընտանիքի անդամների հասցեին, ասել է, որ իրեն չկա խաթեր անելու, որպես ռայոնցի ****** է խաթեր արել, ժամկետ է տվել, որ փողը փակվի, նա գողական տղա է, նայեն այդ հարցը ուրիշ ձևով չլուծվի, ապա Վերաքննիչ դատարանի համար հատկանշական է, որ Լ․Մ-ը ցուցմունքով հայտնել է, որ Ժորան, երբ զանգել, ներկայացել է, չի ներկայացել որպես հեղինակություն, ներկայացել է որպես իրենց շրջանի բնակիչ, Ժորայի և իր խոսակցությունների ընթացքում չի եղել ժարգոնային կամ քրեական հեղինակության մասին խոսակցություն, նա ուղղակի գումարն է պահանջել, չի հիշում, որ Ժորան ասած լինի, որ «գողական տղա է»։ Նման պայմաններում Վերաքննիչ դատարանը գտնում է, որ քրեական գործում առկա չեն բավարար ապացույցներ, որոնցով կհիմնավորվի, որ Ժորա Դալլաքյանն առնչություն ունի քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը և ներգրավված է եղել նշված խմբավորման հետապնդած նպատակների իրականացմանը։ Այսպիսով՝ վերոգրյալից հետևում է, որ Առաջին ատյանի դատարանի հետևությունները հիմնավորված ու պատճառաբանված են, իսկ քրեական գործի փաստական հանգամանքների մասին Առաջին ատյանի դատարանի հետևությունները հետազոտված ապացույցներին չհամապատասխանելու և ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին մասով Ժորա Դալլաքյանին ներկայացված մեղադրանքը հիմնավորված լինելու վերաբերյալ փաստարկները քրեական գործի նյութերում իրենց հաստատումը չեն գտնում, հետևաբար` չեն կարող հիմք հանդիսանալ Առաջին ատյանի դատարանի դատական ակտը բեկանելու համար: Հետևաբար՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ վիճարկվող դատավճիռը բեկանելու իրավաչափ հիմքերը բացակայում են, Առաջին ատյանի դատարանը կայացրել է բավարար չափով հիմնավորված և պատճառաբանված դատական ակտ, որն անհրաժեշտ է թողնել անփոփոխ, իսկ ներկայացված վերաքննիչ բողոքը՝ մերժել»: Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հասկացության, ինչպես նաև քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը ներգրավելու հանցակազմի մեկնաբանման կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառություն ապահովելու խնդիր, ուստի, անհրաժեշտ է համարում սույն գործով արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկայի ճիշտ ձևավորման և իրավունքի զարգացման համար: 10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավորվա՞ծ են արդյոք մեղադրյալ Ժորա Դալլաքյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմի հատկանիշների բացակայության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները: 11. ՀՀ քրեական օրենսգրքի 323-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Սույն գլխի իմաստով՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորում (գողական աշխարհ) է համարվում քրեական աստիճանակարգությամբ ու միջանձնային հիերարխիկ հարաբերություններով օժտված անձանց միավորումը, որը գործում է իր սահմանած և ճանաչած վարքագծի կանոնների համաձայն, որոնք չեն համապատասխանում պետության սահմանած վարքագծի համապարտադիր կանոններին կամ դրանց իրացման իրավաչափ ձևերին, և որի նպատակը հանցագործություն կատարելն է կամ հանցագործության կատարումը հովանավորելը կամ այլ անձանց հանցագործության կատարմանը ներգրավելը կամ բռնության, սպառնալիքի, հարկադրանքի կամ անօրինական այլ գործողությունների միջոցով հանրային կամ մասնավոր հարցերին առնչվող վեճերը (խնդիրները) լուծելը կամ անօրինական օգուտ կամ այլ առավելություն ստանալը»: Քրեական ենթամշակույթը՝ որպես կազմակերպված հանցավորության դրսևորում, լուրջ սպառնալիք է հասարակության անվտանգության ապահովման և իրավական պետության հիմնարար արժեքների պահպանման տեսանկյունից, քանզի իրենից ենթադրում է հանցավոր գործունեության վերարտադրմանը նպաստող ոչ ֆորմալ նորմերի, վարքականոնների, հիերարխիկ հարաբերությունների և արժեքային համակարգի ամբողջություն, որն ուղղված է պետական իրավական համակարգին ոչ օրինական այլընտրանք ձևավորելուն և հանցավոր ազդեցությունը պահպանելուն։ Քրեական ենթամշակույթը հակադրվում է ՀՀ Սահմանադրությամբ հռչակված իրավական պետության գաղափարին՝ հիմնվելով իրավական նորմերի ժխտման, ոչ իրավական հեղինակությունների գերակայության, հանցավոր վարքագծի խրախուսման և հանցավոր կապերի ամրապնդման վրա։ Հետևաբար, քրեական ենթամշակույթ կրող խմբավորումը կամ գողական աշխարհը կազմակերպված հանցավորության առավել վտանգավոր դրսևորումներից է, որի դեմ արդյունավետ պայքար մղելը, միջազգային իրավունքի տեսանկյունից, պետությունների առաջնային պարտականություններից է։ Մասնավորապես, «Անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ ՄԱԿ-ի կոնվենցիան» (Պալերմոյի կոնվենցիա) պարտավորեցնում է պետություններին ձեռնարկել անհրաժեշտ իրավական մեխանիզմներ՝ կազմակերպված հանցավորության նախազգուշացման, բացահայտման և կանխարգելման համար։ Այսպիսով, ընդհանրացնելով վերոշարադրյալը, կարող ենք փաստել, որ քրեական ենթամշակույթ կրող խմբավորումը կամ «գողական աշխարհը» բնութագրվում է հետևյալ հիմնական հատկանիշներով․ - Քրեական աստիճանակարգության և միջանձնային հիերարխիկ հարաբերությունների առկայություն, որի պայմաններում խմբավորման անդամների միջև հարաբերությունները կառուցվում են ենթակայության, հեղինակության և զբաղեցրած կարգավիճակի վրա։ Այլ կերպ ասած՝ պետական իշխանության և իրավական կարգավորման փոխարեն գործում է ոչ ֆորմալ իշխանության և հեղինակության համակարգ, որտեղ անձի կարգավիճակը (հատկապես՝ «օրենքով գողի») պայմանավորված է նրա ճանաչմամբ, համբավով, պատկանելությամբ և, որոշ դեպքերում, հատուկ ծիսակարգի՝ «մկրտության» միջոցով։ - Սեփական նորմատիվ համակարգի և ներքին վարքագծի կանոնների առկայություն, այսինքն՝ խմբավորման կողմից սահմանված և ճանաչված վարքագծի կանոնների ամբողջություն, որը ներկայացվում և ընկալվում է որպես պետական իրավական համակարգին այլընտրանք՝ կարգավորելով խմբավորման անդամների վարքագիծը, միմյանց միջև հարաբերությունները, ինչպես նաև խմբավորման ներսում կարգավիճակի ձեռքբերման և պահպանման ընթացակարգերը։ - Կոլեկտիվ ֆինանսատնտեսական կառուցվածքի («օբշյակ») առկայություն, որը հանդես է գալիս որպես խմբավորման անդամների նյութական համախմբման, փոխադարձ աջակցության և ընդհանուր նպատակների ֆինանսական ապահովման մեխանիզմ։ - Զուգահեռ «արդարադատության» գործառույթի իրականացում և վեճերի լուծման ոչ իրավական մեխանիզմների կիրառում, որի պայմաններում հանրային կամ մասնավոր բնույթի հարցերի և վեճերի լուծումն իրականացվում է պետական իրավական մեխանիզմներից դուրս՝ խմբավորման հեղինակության, ազդեցության, կապերի, ինչպես նաև ապօրինի ներգործության այլ միջոցների օգտագործմամբ։ - Ինստիտուցիոնալ վերարտադրության և շարունակականության ապահովում, հատկապես՝ քրեակատարողական հիմնարկներում, որտեղ ձևավորվում, պահպանվում և վերարտադրվում են խմբավորման ներքին հիերարխիան, վարքագծի կանոնները և վերահսկողական մեխանիզմները՝ ապահովելով քրեական ենթամշակույթի փոխանցումն ու շարունակականությունը։ - Քրեական նպատակների և հանցավոր վարքագծի խրախուսում, ինչը վկայում է այն մասին, որ «գողական աշխարհը» պարզապես անձանց ոչ ֆորմալ միավորում չէ, այլ այնպիսի կազմակերպված հանցավոր խմբավորում, որի գործունեությունը կապված է հանցանքներ կատարելու, դրանք հովանավորելու, այլ անձանց հանցավոր գործունեությանը ներգրավելու, բռնության, սպառնալիքի, հարկադրանքի կամ անօրինական այլ գործողությունների միջոցով հանրային կամ մասնավոր հարցերին առնչվող վեճերը (խնդիրները) լուծելու կամ անօրինական օգուտ կամ այլ առավելություն ստանալու հետ: 11.1. Վերոնշյալ հանգամանքների հաշվառմամբ և քրեական ենթամշակույթի դեմ արդյունավետ քրեաիրավական հակազդեցություն ապահովելու նպատակով` «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2020 թվականի հունվարի 22-ի թիվ ՀՕ-87-Ն օրենքով քրեական ենթամշակույթի դեմ պայքարը ստացավ օրենսդրական կարգավորում, ինչի արդյունքում 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը համալրվեց քրեական ենթամշակույթի առանձին դրսևորումները քրեականացնող իրավանորմերով։ Մասնավորապես, քրեական պատասխանատվություն սահմանվեց քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալու կամ ստանալու կամ պահպանելու, քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու կամ ղեկավարելու, քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ ներգրավելու, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակցին կամ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելու համար (2003 թվականի ապրիլի 18-ի ՀՀ քրեական օրենսգրքի 223.1-223.4-րդ հոդվածներ)։ Վերոնշյալ հանցակազմերը՝ որոշակի փոփոխություններով, տեղ են գտել նաև գործող ՀՀ քրեական օրենսգրքի 322-325-րդ հոդվածներում։ 12. Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ նաև Եվրոպական դատարան) քրեական ենթամշակույթի՝ որպես կազմակերպված հանցավորության դրսևորման առանձնահատկություններին անդրադարձել է Աշլարբան ընդդեմ Վրաստանի գործով վճռի շրջանակներում։ Մասնավորապես, իրականացված համեմատաիրավական ուսումնասիրության արդյունքում Եվրոպական դատարանը փաստել է, որ «գողական աշխարհը» հետխորհրդային երկրների, այդ թվում՝ Վրաստանի, ժամանակակից կազմակերպված հանցավորության հիմնական հենասյունն է, որն ունի իր ճանաչված առաջնորդները, անդամակցության հատուկ կարգերը և վարքագծի կանոնների համակարգը։ «Օրենքով գողերը» կազմակերպված հանցավոր աշխարհի վերնախավն են, որոնք նախկին Խորհրդային Միության երկրների քրեական ենթամշակույթում վայելում են անվիճելի հեղինակություն և ունեն բարձր կարգավիճակ։ Անդրադառնալով «գողական աշխարհ» հանցավոր համայնքի վտանգավորությանը և վրացական հասարակության, հատկապես` երիտասարդության վրա դրա ունեցած բացասական ազդեցությանը՝ Եվրոպական դատարանն ընդգծել է, որ առկա էին այն հիմնավորումները, որոնցով պայմանավորված Վրաստանը 2005 թվականի դեկտեմբերի 20-ին ստեղծեց օրենսդրական հիմքեր՝ կազմակերպված հանցավորության վերոնշյալ դրսևորման դեմ առավել արդյունավետ պայքար մղելու նպատակով։ Մասնավորապես, հանցավոր այդ երևույթն այնքան խոր արմատներ էր գցել հասարակության մեջ և «օրենքով գողերի» հեղինակությունն այնքան բարձր էր, որ հասարակության շարքային անդամների համար «գողական աշխարհ», «օրենքով գող», «վեճերի լուծում՝ օրենքով գողի հեղինակության միջոցով», «օբշյակ» և նմանատիպ հասկացությունները լայնորեն հայտնի և հասկանալի էին։ Այլ կերպ, 2005 թվականի դեկտեմբերի 20-ի օրենսդրական փաթեթով «գողական աշխարհի» անդամ և «օրենքով գող» լինելու երկու նոր հանցակազմեր սահմանելով, վրաց օրենսդիրը պարզապես քրեականացրել է հանցավոր («գողական») ենթամշակույթին առնչվող հասկացություններն ու գործողությունները, որոնց ճշգրիտ բովանդակությունն արդեն իսկ լավ հայտնի էր լայն հասարակությանը։ Ընդ որում, վրաց օրենսդիրը նախընտրել է այդ հանցակազմերի իրավական սահմանումներում պահպանել խոսակցական լեզուն, ինչը, Եվրոպական դատարանի կարծիքով, արվել է, որպեսզի նոր քրեականացված արարքների էությունը հասարակության համար հեշտ ընկալելի լինի։ 13. Ամփոփելով վերոշարադրյալը՝ հարկ է փաստել, որ պատմանականորեն Հայաստանում նույնպես քրեական ենթամշակույթն աչքի է ընկել տարածվածությամբ և հասարակության վրա ունեցած որոշակի ազդեցությամբ, ինչը շարունակում է մեր օրերում արդիական խնդիր լինել։ Ընդ որում, ինչպես փաստել է Եվրոպական դատարանը Վրաստանի պարագայում, հայ հասարակությունում ևս քրեական ենթամշակույթին առնչվող երևույթներն ու հասկացությունները լայնորեն հայտնի են և հասկանալի, ինչով էլ պայմանավորված, օրենսդիրը նպատակահարմար է գտել որոշ իրավական եզրույթները ներկայացնել նաև խոսակցական լեզվով, որպեսզի հանրության համար առավել ընկալելի լինեն (օրինակ՝ գողական աշխարհ, օրենքով գող, քրեական հեղինակություն)։ Նշվածի համատեքստում անդրադառնալով ՀՀ քրեական օրենսգրքի 323-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հասկացությանը, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ օրենսդիրը, որպես դրա հոմանիշ օգտագործում է «գողական աշխարհ» արտահայտությունը, այսինքն՝ «քրեական ենթամշակույթ կրող խմբավորում» և «գողական աշխարհ» հասկացություններն օրենսդրական կարգավորման տեսանկյունից, ըստ էության, նույնանում են և վերաբերում են միևնույն երևույթին։ Հետևաբար, վերոնշյալ իրավանորմի շրջանակներում որպես քրեական ենթամշակույթ կրող խմբավորում պետք է դիտարկել ոչ թե առանձին խմբերը կամ խմբավորումները, այլ ամբողջ գողական աշխարհը՝ որպես միասնական համակարգ, իր ոչ ֆորմալ հիերարխիայով, հեղինակություններով և ազդեցությամբ, որը գործում է իր սահմանած և ճանաչած վարքագծի կանոնների համաձայն։ Վերջինին բնորոշ է «խնդիրների լուծումը» բռնությամբ, ահաբեկումով և հարկադրանքով։ Ընդ որում, գողական աշխարհի գոյությունը, որպես հանրահայտ փաստ, քրեական վարույթի շրջանակներում ինքնին ապացուցման կարիք չունի։ Այլ կերպ՝ վարույթն իրականացնող մարմինը պարտավոր չէ յուրաքանչյուր կոնկրետ գործով հիմնավորել և ապացուցել գողական աշխարհի՝ որպես քրեական ենթամշակույթ կրող համակարգի գոյությունը։ Այլ հարց է, որ գողական աշխարհին կամ քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցությունը կամ դրա հետապնդած նպատակների իրականացմանը ներգրավվածությունը կամ խմբավորման հավաքների կազմակերպումը կամ դրանց մասնակցությունը յուրաքանչյուր վարույթի շրջանակներում պետք է հաստատվի բավարար ապացույցների համակցությամբ։ 14. ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին մասը պատասխանատվություն է սահմանում հետևյալ արարքի համար՝ «Քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելը կամ դրա հետապնդած նպատակների իրականացմանը ներգրավված լինելը կամ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հավաքներ կազմակերպելը կամ դրանց մասնակցելը, եթե բացակայում են սույն օրենսգրքի 319-րդ և 321-րդ հոդվածներով նախատեսված հանցանքների հատկանիշները (…)»։ Հիշյալ իրավանորմը նախատեսելով՝ օրենսդիրը նպատակ է հետապնդել ապահովել քրեական ենթամշակույթի դեմ պայքարի ոլորտում քրեական հակազդեցության արդյունավետությունը՝ քրեական պատասխանատվություն սահմանելով ոչ միայն քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձանց, այլև քրեական ենթամշակույթ կրող խմբավորման (գողական աշխարհի) մյուս անդամների, ինչպես նաև այդ խմբավորման անդամ չհանդիսացող, սակայն դրա գաղափարախոսությամբ առաջնորդվող, դրա արժեքները կրող և, միաժամանակ, դրա ընդհանուր նպատակների իրագործմանը նպաստող անձանց նկատմամբ։ Քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ ներգրավելու հանցակազմի հիմնական անմիջական օբյեկտն անձանց, հասարակության և պետության անվտանգության պաշտպանությանն ուղղված հասարակական հարաբերություններն են, իսկ որպես լրացուցիչ օբյեկտ կարող են հանդես գալ կյանքի, առողջության, անձնական ազատության, պատվի, արժանապատվության, ֆիզիկական, հոգեկան անձեռնմխելիության կամ սեփականության պաշտպանությանն ուղղված հասարակական հարաբերությունները։ Հանցակազմի օբյեկտիվ կողմը նկարագրված է երկընտրելի արարքներով, մասնավորապես՝ քրեական պատասխանատվություն է նախատեսված քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ նման խմբավորման հետապնդած նպատակների իրականացմանը ներգրավված լինելու կամ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հավաքներ կազմակերպելու կամ դրանց մասնակցելու համար։ Միևնույն ժամանակ, նորմում նախատեսվել է բացասական հատկանիշ, քանի որ քննարկվող հանցակազմի մասին կարող է խոսք գնալ, եթե անձի արարքում բացակայում են հանցավոր կազմակերպությանը և օրենքով չնախատեսված զինված միավորմանը մասնակցելու հանցակազմերի հատկանիշները։ ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը նկարագրված է ձևական հանցակազմով և ավարտված է համարվում երկընտրելի արարքներից որևէ մեկը կատարելու պահից, իսկ սուբյեկտիվ կողմից դրսևորվում է դիտավորությամբ։ 14.1. Անդրադառնալով քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հետապնդած նպատակների իրականացմանը ներգրավված լինելու հանցակազմին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այն դրսևորվում է քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը չանդամակցող անձի կողմից խմբավորման հետապնդած նպատակներին որևէ կերպ ներգրավված լինելու, դրանց իրականացմանը նպաստելու ձևով։ Այլ կերպ՝ վերոնշյալ անձինք ըստ էության քրեական աստիճանակարգությունից դուրս են գտնվում, քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը (գողական աշխարհին) չեն անդամակցում կամ մասնակցում, պարզապես դրա նպատակների իրագործման հարցում ունենում են օժանդակ ներգրավվածություն։ Ընդ որում, հարկ է նկատել, որ քրեական պատասխանատվությունը վրա է հասնում այն դեպքում, երբ անձը ներգրավված է հենց քրեական ենթամշակույթ կրող խմբավորման (գողական աշխարհի) հետապնդած նպատակների իրագործմանը, այն է՝ հանցագործություն կատարելուն կամ հանցագործության կատարումը հովանավորելուն կամ այլ անձանց հանցագործության կատարմանը ներգրավելուն կամ բռնության, սպառնալիքի, հարկադրանքի կամ անօրինական այլ գործողությունների միջոցով հանրային կամ մասնավոր հարցերին առնչվող վեճերը (խնդիրները) լուծելուն կամ անօրինական օգուտ կամ այլ առավելություն ստանալուն (ՀՀ քրեական օրենսգրքի 323-րդ հոդվածի 3-րդ մաս): 15. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից հետևում է, որ՝ - Ժորա Դալլաքյանին մեղադրանք է առաջադրվել քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հետապնդած նպատակների իրականացմանը ներգրավված լինելու համար։ Մասնավորապես, վերջինս ստանձնել է ***** մարզի ******** համայնքի բնակիչ Ա․Ա-ի մասնավոր հարցին առնչվող՝ Ա․Ա-ի՝ Ա․Ա-ին պարտք մնացած գումարի՝ ենթադրյալ բռնությամբ կամ անօրինական այլ գործողությունների միջոցով վերադարձման խնդրի լուծումը: - Առաջին ատյանի դատարանն արձանագրել է, որ Ժորա Դալլաքյանի կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ դրա հետապնդած նպատակների իրականացմանը ներգրավված լինելու կամ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հավաքներ կազմակերպելու կամ դրանց մասնակցելու փաստը հիմնավորող ապացույցներ քրեական գործում առկա չեն։ Միաժամանակ, դատարանը եզրահանգել է, որ Ժորա Դալլաքյանի արարքում առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության՝ շորթման, հատկանիշները։ - Վերաքննիչ դատարանը փաստել է, որ Առաջին ատյանի դատարանը, պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում հետազոտելով վարույթով ձեռք բերված ապացույցները, Ժորա Դալլաքյանի արարքին տրված իրավական գնահատականի հարցում եկել է ճիշտ եզրահանգման: 16. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 11-14.1-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և կատարված իրավական վերլուծության լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները պատշաճ կերպով չեն վերլուծել և գնահատել գործում առկա փաստական տվյալների ամբողջությունը, ինչի արդյունքում մեղադրյալի արարքի քրեաիրավական գնահատականի հարցում հանգել են սխալ հետևության։ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նախևառաջ ընդգծել, որ սույն վարույթի նյութերով հիմնավորվում է, որ Ժորա Դալլաքյանը ****** մարզի ******* համայնքի բնակիչ Ա․Ա-ի մասնավոր հարցին առնչվող՝ Ա․Ա-ի՝ Ա․Ա-ին պարտք մնացած՝ 150.000 ՀՀ դրամ գումարի՝ ենթադրյալ բռնությամբ կամ անօրինական այլ գործողությունների միջոցով վերադարձման խնդիրը լուծելու նպատակով, 2022 թվականի դեկտեմբերից մինչև 2023 թվականի փետրվարի վերջն ընկած ժամանակահատվածում, պարբերաբար հեռախոսային խոսակցություններ է ունեցել ինչպես Ա․Ա-ի, այնպես էլ վերջինիս *****՝ Լ․Մ-ի հետ՝ սահմանելով վերջնաժամկետ նշված գումարն իրեն վերադարձնելու համար: Սահմանված ժամկետում գումարը չվերադարձնելու պատճառով Ժորա Դալլաքյանը պարբերաբար զանգահարել է Լ․Մ-ին, հնչեցրել է հայհոյանքներ և սպառնալիքներ, որի արդյունքում Լ․Մ-ը վախից դրդված գումարի մի մասը փոխանցել է Ժորա Դալլաքյանի կողմից նշված քարտային հաշիվներին։ Վերը նշված փաստական տվյալները թեև հաստատված են համարել նաև ստորադաս դատարանները, այնուամենայնիվ ընդգծել են, որ դրանք վկայում են անձի արարքում ոչ թե ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածով նախատեսված՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ ներգրավելու հանցակազմի, այլ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածով նախատեսված՝ շորթման հանցակազմի հատկանիշների առկայության մասին, քանի որ քրեական վարույթում առկա չեն քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը Ժորա Դալլաքյանի առնչությունը հիմնավորող ապացույցներ։ 16.1. Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ վերոնշյալ եզրահանգմանը գալով, ստորադաս դատարանները պատշաճ վերլուծության չեն ենթարկել գործում առկա ապացույցների համակցությունը։ Մասնավորապես, «Թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառման ընթացքում ստացված հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումները զննելու մասին արձանագրության ուսումնասիրությունից երևում է, որ ի պատասխան երկու օրում 20.000 դրամով պարտքը մարելու՝ Լ․Մ․ի խնդրանքին, Ժորա Դալլաքյանն ասում է, որ փոխանցեն նրան, որ սա ուրիշ թեմա է, գողական, գողավարի է ամեն ինչը, ինքն ուրիշ կյանքով է ապրում, թող խելոք մնան՝ չընկնի հետևից, չմտնի տուն՝ ինչ կա չկա վերցնի։ Բացի այդ, տարբեր հեռախոսազրույցների ընթացքում մեղադրյալը շեշտում է, որ ապրում է «գողական» կյանքով, իր բոլոր հարցերը «գողավարի է», նշում է նաև, որ «գրեֆ է ուղարկել բերդ», որին ի պատասխան, զրուցակիցն ընդգծում է, որ «գողականի կյանքը» նրան չի մոռանա։ Միաժամանակ, հեռախոսային խոսակցություններից երևում է, որ Ժորա Դալլաքյանը, ըստ էության, առնչություն ունի նաև քրեական աստիճանակարգությունն ընդգծող՝ «քերոբ» հանդիսացող անձանց հետ՝ կազմակերպելով ու ակտիվ ներգրավվածություն ունենալով քրեակատարողական հիմնարկ հանձնուքներ և այլ անհրաժեշտ միջոցներ հավաքելու ու ուղարկելու հարցերում։ Այս առումով Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ թեև հանձնուքներ ուղարկելը, ըստ էության, օրենսդրությամբ թույլատրելի է և չի կարող ինքնին քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցությունը կամ ներգրավվածությունը հաստատված համարելու հիմք լինել, այնուամենայնիվ, գործում առկա փաստական այլ տվյալների համատեքստում՝ ի թիվս այլ ապացույցների, կարող է վերոնշյալ հանգամանքները գնահատելու հարցում որոշակի նշանակություն ունենալ՝ հաշվի առնելով, մասնավորապես, անձանց շրջանակը, որոնց ուղարկվում են հանձնուքները, դրա պարբերականությունը, ինչպես նաև նրանց և ուղարկողի միջև առկա կապի բնույթը (օրինակ՝ ուղարկողի մերձավորը կամ մերձավոր ազգականը չեն հանդիսանում և այլն)։ 16.2. Վճռաբեկ դատարանը փաստում է նաև, որ 2023 թվականի ապրիլի 12-ին Լ․Մ-ը բանավոր հաղորդում է տվել այն մասին, որ դեկտեմբեր ամսին ամուսնուն է զանգահարել ***** գյուղի բնակիչ Ժորա Դալլաքյանը և հայտնել, որ Ա-ին պարտք մնացած գումարը պետք է տան իրեն, որի համար իրեն դիմել է Ա․ը՝ գումարը վերադարձնելու խնդրանքով: Դրանից հետո Ժորա Դալլաքյանը կրկին զանգահարել է իրեն և ասել է, որ ինքը գողական կյանքով է ապրում ու հարգված տղա է և իրենց կողմից Ա-ին պարտք մնացած գումարը պետք է տան իրեն, այնուհետև հաճախակի զանգահարել է իր հեռախոսահամարին և սպառնալիքներով ժամկետ է նշել՝ մինչև փետրվար ամսվա վերջ, ամբողջ գումարն իրեն փոխանցելու պահանջով։ 2023 թվականի ապրիլի 12-ին բանավոր հաղորդում է տվել նաև Ա․Ա-ն այն մասին, որ դեկտեմբեր ամսին իրեն է զանգահարել Ժորա Դալլաքյանը և ասել, որ Ա-ը դիմել է իրեն պարտքը վերցնելու խնդրանքով: Դրանից հետո զանգահարել է նաև իր **** և ամբողջ գումարն իրեն տալու պահանջով սպառնալիքով ժամկետ է սահմանել մինչև փետրվար ամսվա վերջ։ Ինքն ու կինը վախենալով՝ նրա կողմից ուղարկված երկու հաշվեհամարներին են փոխանցել 95.000 ՀՀ դրամ գումար, իսկ մնացած 55.000 ՀՀ դրամը տալու համար ժամկետ են պայմանավորվել՝ մինչև 2023 թվականի ապրիլի 16-ը: Միաժամանակ, վկա Ա․Ա-ը նախաքննության ընթացքում ցուցմունք է տվել այն մասին, որ 2022 թվականի դեկտեմբեր ամսին հեռախոսային խոսակցություն է ունեցել Ա-ի հետ, վերջինս հեռախոսազրույցի ընթացքում իրեն ասել է, որ պարտք մնացած գումարի հարցով կզանգեն իրեն։ 2022 թվականի դեկտեմբեր ամսվա վերջերին իրեն է զանգահարել Ժորա անունով մի տղա, ով ներկայացել է Օրջոյից Ժորա անունով, և հեռախոսային խոսակցության ժամանակ ասել է, որ «Ա-ն այդ փողի հետ գործ չունի, էտ գումարը ինձի էս տալու» և իրենք բանավոր պայմանավորվածություն են ձեռք բերել, որ մինչև 2023 թվականի փետրվարի վերջ գումարը կփոխանցի նրան: Այնուհետև ***** պատմելով է իմացել, որ Ժորան անընդհատ զանգահարել է նրան, սպառնալիքներ է հնչեցրել իրենց ընտանիքի անդամների հասցեին, ասել է, որ իրեն չկա խաթեր անելու, որպես ռայոնցի ****** է խաթեր արել, ժամկետ է տվել, որ փողը փակվի, նա գողական տղա է, նայեն այդ հարցը ուրիշ ձևով չլուծվի։ Որքանով որ լսել է Ժորայի մասին, նա հանդիսանում է քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ և շրջանառվող խոսակցություններից լսել է, որ ամեն ինչի ընդունակ անձնավորություն է։ Այդքան ժամանակ տեղի ունեցած հեռախոսազրույցների ընթացքում անընդհատ իր ընտանիքի հասցեին հնչեցվել են սպառնալիքներ, թե եթե գումարը չտան, ապա կվերցնի ավտոմեքենան, կվառի տունը, մեր ու մանուկ կուրանա, ինչից հետո իր մեջ վախի զգացում է առաջացել, և հնչեցրած սպառնալիքներն ինքը ընկալել է որպես իրական: Ընդ որում, նախաքննական և դատաքննական ցուցմունքների միջև առկա հակասությունների վերաբերյալ վկան հայտնել է, որ նախաքննության ընթացքում իրականությունն է հայտնել, ընդ որում՝ հայտնել է *****՝ Լ․Մ-ի պատմածով, և պնդել է նախաքննության ընթացքում տված ցուցմունքները: 17. Ընդհանրացնելով սույն որոշման 16-16.2-րդ կետերում մեջբերված փաստական տվյալները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վարույթի նյութերում առկա են փաստական տվյալներ առ այն, որ Ժորա Դալլաքյանն Ա․Ա-ի մասնավոր հարցի լուծմանը ձեռնամուխ է եղել ոչ թե որպես մասնավոր անձ, այլ որպես քրեական ենթամշակույթի բարքեր կրող՝ իր արարքները պայմանավորելով տվյալ երևույթի գաղափարախոսության և հետապնդելի նպատակների շրջանակներում, որպիսի գործողություններն արդեն իսկ դուրս են զուտ սեփականության դեմ ուղղված հարաբերությունների շրջանակներից։ Այլ կերպ՝ Ժորա Դալլաքյանի գործողությունները, ըստ էության, արտահայտվել են քրեական ենթամշակույթ կրող խմբավորման նպատակների իրագործմանը ներգրավված լինելով, այն է՝ բռնությամբ կամ անօրինական այլ գործողությունների միջոցով մասնավոր հարցին առնչվող վեճը լուծելով, որի ընթացքում նա ներկայացել է որպես «գողական» կյանքով ապրող անձ։ Ընդ որում, վերոնշյալը հաստատվում է նաև վարույթի ընթացքում իրականացված՝ «Թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքներով։ Հետևաբար, Վճռաբեկ դատարանն իր անհամաձայնությունն է արտահայտում ստորադաս դատարանների այն պատճառաբանություններին, որ քրեական վարույթում չկա գեթ մեկ ապացույց, որը տեղեկություն կպարունակի Ժորա Դալլաքյանի կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ դրա հետապնդած նպատակների իրականացմանը ներգրավված լինելու վերաբերյալ։ 18. Անդրադառնալով Առաջին ատյանի դատարանի այն դատողությանը, որ «Թվային, այդ թվում՝ հեռախոսային խոսակցության վերահսկում» օպերատիվ հետախուզական միջոցառման ընթացքում ստացված հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումները պարունակող լազերային սկավառակի զննությամբ, 2023 թվականի ապրիլի 1-ին, ժամը 14։30։27-ին Ժորա Դալլաքյանի և Լ․Մ-ի միջև տեղի ունեցած խոսակցության ժամանակ Լ․Մ-ը Ժորա Դալլաքյանին ասում է, որ ավելորդ չխոսի, դատարկ, մանկապարտեզի զրույցներ չանի, այսինքն՝ Լ․Մ-ը Ժորա Դալլաքյանին վերաբերվում է ավելորդ, դատարկ մանկապարտեզի զրույցներ անողի, այլ ոչ թե քրեական ենթամշակույթ կրող անձի, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերոնշյալը որևէ կերպ չի կարող վկայել Ժորա Դալլաքյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի հատկանիշների բացակայության մասին։ Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ, նախևառաջ, Ժորա Դալլաքյանի և Լ․Մ-ի միջև տեղի ունեցած խոսակցության այդ հատվածը գնահատվել է մեկուսի, անտեսելով այն իրողությունը, որ Ժորա Դալլաքյանի կողմից սահմանած ժամկետում գումարը չվերադարձնելու պատճառով վերջինը պարբերաբար զանգահարել է Լ․Մ-ին, հնչեցրել է հայհոյանքներ և սպառնալիքներ, որի արդյունքում Լ․Մ-ը, վախից դրդված, գումարի մի մասը փոխանցել է Ժորա Դալլաքյանի կողմից նշված քարտային հաշիվներին, որպիսի փաստը ստորադաս դատարանները հաստատված են համարել։ Բացի այդ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի իմաստով արարքը տվյալ հոդվածով որակելիս անձի ընկալումը չի կարող որոշիչ լինել։ 19. Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները, Ժորա Դալլաքյանին ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին մասով մեղսագրվող արարքը վերորակելով ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով, պատշաճ վերլուծության և գնահատման չեն ենթարկել գործում առկա ապացույցների ամբողջությունը։ Հետևաբար, մեղադրյալ Ժորա Դալլաքյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմի հատկանիշների բացակայության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները հիմնավորված չեն։ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները թույլ են տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 387-րդ հոդվածով նախատեսված` նյութական և դատավարական իրավունքի խախտումներ, որոնք իրենց բնույթով էական են և հիմք են ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանելու և վարույթը Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության փոխանցելու համար: Նոր քննության ընթացքում Առաջին ատյանի դատարանը, վերացնելով արձանագրված խախտումները, պետք է Ժորա Դալլաքյանին առաջադրված մեղադրանքի հիմնավորվածության հարցում հանգի համապատասխան հետևության՝ հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները: Ժորա Դալլաքյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված բացակայելու արգելքը պետք է թողնել անփոփոխ: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 33-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 352-րդ, 359-րդ, 361-րդ, 363-րդ և 385-387-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը Ո Ր Ո Շ Ե Ց 1. Ժորա Վալոդյայի Դալլաքյանի վերաբերյալ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 2025 թվականի ապրիլի 4-ի դատավճիռը և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2025 թվականի հունիսի 30-ի որոշումը բեկանել և վարույթը փոխանցել Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության: 2. Ժորա Վալոդյայի Դալլաքյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված բացակայելու արգելքը թողնել անփոփոխ: Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը: Նախագահող` Հ.ԱՍԱՏՐՅԱՆ Դատավորներ` Հ.ԳՐԻԳՈՐՅԱՆ Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆ Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ Ա.ՊՈՂՈՍՅԱՆ