Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am

Վճռաբեկ դատարան · Քրեական

ԵԴ1/0215/08/24

Գործի համարը
ԵԴ1/0215/08/24
Դատական ակտի ընդունման ամսաթիվը
28.08.2026

Որոշման տեքստը

դատարանի Word ֆայլից
ԵԴ1/0215/08/24 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան, նախագահող դատավոր` Ա․Մարտիրոսյան Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարան, նախագահող դատավոր` Ա․Նիկողոսյան 28 օգոստոսի 2026 թվական ք.Երևան ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ` Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ մասնակցությամբ դատավորներ` Հ.ԳՐԻԳՈՐՅԱՆԻ Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ գրավոր ընթացակարգով քննության առնելով ******** ******** վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի մարտի 14-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա․Պողոսյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը, Պ Ա Ր Զ Ե Ց Վարույթի դատավարական նախապատմությունը. 1․ 2023 թվականի հուլիսի 14-ին, ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին մասի և 396-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է թիվ 12039323 քրեական վարույթը։ 2․ Նախաքննության մարմնի՝ 2024 թվականի հունվարի 31-ի որոշմամբ միջնորդություն է հարուցվել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)՝ ********* ******** անձնական խուզարկությամբ հայտնաբերված՝ «Սամսունգ Գալաքսի Ա10» ապրանքանիշի ******************* և «Սամսունգ լով» ապրանքանիշի ********************** գործարանային համարներով բջջային հեռախոսներում 2024 թվականի հունվարի 31-ից մինչև նույն թվականի փետրվարի 29-ն ընկած ժամանակահատվածում թվային խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու վերաբերյալ։ Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի հունվարի 31-ի որոշմամբ նախաքննության մարմնի միջնորդությունը բավարարվել է` թույլատրելով խուզարկություն կատարել՝ բացառապես թվային տվյալների հայտնաբերման նպատակով և միայն Առաջին ատյանի դատարանի սահմանած ծավալով։ 3․ Դատախազի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2024 թվականի մարտի 14-ին որոշում է կայացրել բողոքը մերժելու, Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի հունվարի 31-ի որոշումն անփոփոխ թողնելու մասին։ 4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա․Պողոսյանը բերել է հատուկ վերանայման վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2024 թվականի ապրիլի 26-ի որոշմամբ ընդունվել է վարույթ և սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։ Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը. Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով. 5. Բողոքի հեղինակի պնդմամբ՝ ստորադաս դատարանները թույլ են տվել դատական սխալ` քրեադատավարական օրենքի էական խախտում, որն ազդել է վարույթի ելքի վրա, խաթարել արդարադատության բուն էությունը, և միաժամանակ նույնանման փաստական տվյալների առկայության պայմաններում՝ ԵԴ1/0388/08/23, ԵԴ1/0268/08/23, ԵԴ1/0525/08/23, ԵԴ1/0139/08/23 և ԵԴ/0222/08/23 քրեական վարույթներով ստորադաս դատարանների կողմից միևնույն իրավական ակտը տարբեր կերպ է մեկնաբանվել և կիրառվել, որի կապակցությամբ Վճռաբեկ դատարանի կողմից կայացված որոշումը կարող է էական նշանակություն ունենալ oրենքի միատեսակ կիրառության համար: Բողոք բերած անձը փաստել է, որ թվային խուզարկության կատարման և թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում գործողությունների դատավարական կարգը նախատեսող օրենսդրական նորմերի վերլուծությունից ակնհայտ է, որ դրանց կատարման նպատակն ըստ էության համընկնում է, և դրանց հիմնական տարբերակիչ հատկանիշը՝ հայցվող տեղեկատվության առաջացման ժամանակային պահն է։ Միևնույն ժամանակ, բողոքի հեղինակը նշել է, որ գաղտնի քննչական գործողության դատավարական տրամաբանությունը հանգում է առանձին դեպքերի և իրադարձությունների վերահսկմանը, որոնք դեռևս տեղի չեն ունեցել, մինչդեռ թվային խուզարկությունը` արդեն իսկ տեղի ունեցած դեպքի կամ իրադարձության վերաբերյալ էլեկտրոնային սարքերում կամ կրիչներում պարունակվող թվային տվյալների որոնումն է։ Բողոքի հեղինակի պնդմամբ, ստորադաս դատարանները, նեղ մեկնաբանելով հայցվող միջամտության օրենսդրական պահանջը, սահմանել են «թվային խուզարկություն» կատարելու քննչական գործողության իրավաչափության նոր պայմաններ՝ սահմանափակելով ապացուցողական գործողությունն ամբողջ ծավալով իրացնելու հնարավորությունը, ինչի արդյունքում սխալ են մեկնաբանել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 236-րդ հոդվածը, կիրառելով քրեադատավարական այն դրույթը, որը կիրառման ենթակա չէր։ Բացի այդ, ըստ բողոք բերած անձի՝ ստորադաս դատարանները, անտեսելով բողոքում վկայակոչված իրավակարգավորումները, խուզարկության կատարման հիմքերը մեկնաբանել են անընդունելիորեն լայն՝ դրա անհրաժեշտությունը ենթարկելով սուբյեկտիվ գնահատման և չապահովելով քրեական վարույթում հանրային և մասնավոր շահերի հավասարակշռված և համաչափ պաշտպանությունը, ինչով խախտել են վարույթի հանրայնության սկզբունքը։ 6. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի մարտի 14-ի որոշումը և կայացնել դրան փոխարինող դատական ակտ՝ բավարարելով նախաքննության մարմնի՝ բջջային հեռախոսներում թվային խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու միջնորդությունը։ Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները. 7․ Նախաքննության մարմինը թվային խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու միջնորդությամբ Առաջին ատյանի դատարանին խնդրել է․ «(․․․) [Թ]ույլատրե[լ] թիվ 122-0393-23 քրեական վարույթով (․․․) 2024 թվականի հունվարի 31-ից մինչև 2024 թվականի փետրվարի 29-ն ընկած ժամանակահատվածում խուզարկություն կատարել ******* ******** անձնական խուզարկության ժամանակ հայտնաբերված «Սամսունգ Գալաքսի Ա10» ապրանքանիշի ******************* և «Սամսունգ լով» ապրանքանիշի **************** գործարանային համարներով բջջային հեռախոսներում՝ ապօրինի թմրաշրջանառությանը վերաբերվող հաղորդագրություններ, լուսանկարներ, բջջային հավելվածներում առկա ապօրինի թմրամիջոցների շրջանառմանը վերաբերվող տվյալներ որոնելու նպատակով (․․․)»։ 8․ Առաջին ատյանի դատարանը 2024 թվականի հունվարի 31-ի որոշմամբ արձանագրել է հետևյալը․ «(․․․) Տվյալ դեպքում քննիչը միջնորդել է թվային խուզարկություն կատարել հայտնաբերված բջջային հեռախոսներում՝ սույն քրեական վարույթի համար ապացուցողական նշանակություն ունեցող տվյալներ, մասնավորապես՝ հաղորդագրություններ, լուսանկարներ, բջջային հավելվածներում առկա տվյալներ հայտնաբերելու նպատակով։ Դատարանը առաջնահերթ արձանագրում է, որ բջջային հեռախոսում առկա հաղորդագրությունները հանդիսանում է թվային վերահսկողություն գաղտնի քննչական գործողության առարկա, որոնց ուսումնասիրության համար քրեադատավարական այլ մեխանիզմներ են նախատեսված, ուստի, միջնորդությունը սույն մասով ենթակա է մերժման։ (․․․) Տվյալ դեպքում Դատարանի համար հատկանշական է, որ թեև ******** ******* մոտ որևէ արգելված իր կամ առարկա չի հայտնաբերվել, այնուամենայնիվ, վերջին[ս] նույն մեքենայում է գտնվել ****** ******** հետ այն պահին, երբ վերջինի[ս] մոտ ենթադրաբար առկա է եղել թմրամիջոց։ Այս հանգամանքի առնչությամբ *********** *********** հայտնել է, որ տեղյակ չի եղել, երբևէ չի օգտագործել և որևէ կապ չի ունեցել, այնուամենայնիվ միայն այն հանգամանքը, որ վերջիններն այդ պահին միասին են եղել մեքենայում, ողջամիտ ենթադրություն կարող է առաջացնել, որ հնարավոր է ենթադրյալ իրացում է ծրագրվել, որպիսի փաստը ստուգել՝ հերքել կամ հաստատել սույն փուլում և ձեռք բերված փաստական հանգամանքների համադրման պայմաններում հնարավոր է բացառապես ********** ********* հեռախոսում թվային խուզարկություն կատարելու արդյունքում։ Հետևաբար, Դատարանը գտնում է, որ միջնորդվող բջջային հեռախոսներում ողջամտորեն կարող են հայտնաբերվել վարույթի համար հետաքրքրություն ներկայացնող տվյալներ (լուսանկարներ, գրառումներ), ուստի հաշվի առնելով վերոգրյալը և նկատի ունենալով, որ թվային խուզարկության օբյեկտ կարող են լինել միայն էլեկտրոնային սարքերում և կրիչներում առկա թվային տվյալները և ուսումնասիրելով միջնորդությունն ու դրան կից ներկայացված նյութերը՝ Դատարանը գտնում է, որ սույն միջնորդությունը ենթակա է բավարարման այն պատճառաբանությամբ, որ պահանջվող բջջային հեռախոսներում ողջամտորեն կարող են լինել քրեական վարույթի համար նշանակություն ունեցող և ենթադրյալ հանցագործության դեպքին առնչվող էական թվային տվյալներ, որոնք այլ ապացուցողական գործողությունների իրականացման արդյունքում ողջամտորեն չեն կարող ձեռք բերվել։ (․․․)»։ Արդյունքում, Առաջին ատյանի դատարանը որոշել է նախաքննության մարմնի միջնորդությունը բավարարել՝ թույլատրելով խուզարկություն կատարել ******** ********* անձնական խուզարկության ժամանակ հայտնաբերված բջջային հեռախոսներում, բացառապես թվային տվյալների հայտնաբերման նպատակով և միայն դատարանի սահմանած ծավալով։ 9․ Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով վիճարկվող դատական ակտը, արձանագրել է հետևյալը․ «(․․․) [Հ]աշվի առնելով, որ քննարկվող գործողության իրականացման օբյեկտ հանդիսացող էլեկտրոնային սարքավորումը պարունակում է տվյալներ ոչ միայն այն անձի վերաբերյալ, ով ենթադրաբար կատարել է հանցանք, այլ նաև երրորդ անձի վերաբերյալ, ում հետ տվյալ անձն ունեցել է հաղորդակցություն, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ նման տրամաբանությունից ելնելով էլ, օրենսդիրը հնարավորություն է տալիս մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքի մաս կազմող հաղորդակցության գաղտնիության իրավունքի նկատմամբ միջամտություն իրականացնել բացառապես գաղտնի քննչական գործողության շրջանակներում, որի իրականացումը նախատեսում է անձի սահմանադրական իրավունքների սահմանափակման առավել բարձր երաշխիքներ։ Ուստի վերոշարադրյալի հիման վրա Վերաքննիչ դատարանը հանգում է հետևության առ այն, որ անձի էլեկտրոնային նամակագրության և այլ հաղորդակցությունների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար վարույթն իրականացնող մարմինը պետք է գնա «թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում» գաղտնի քննչական գործողության թույլտվություն ստանալու ճանապարհով, իսկ թվային խուզարկություն կարող է իրականացնել բացառապես գործի համար էական նշանակություն ունեցող թվային տվյալների (նկարներ, հավելվածներ և այլն) ձեռքբերման նպատակով։ Վերոշարադրյալի հիման վրա պետք է փաստել, որ հիմնավորված են Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի (․․․) որոշմամբ արտահայտված հետևությունները, Առաջին ատյանի դատարանը հանգել է ներկայացված նյութերից բխող հիմնավոր եզրահանգման, և բացառապես թվային տվյալների բացահայտման նպատակով թվային խուզարկության իրականացման համար սահմանելով ծավալ՝ թույլ չի տվել նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի խախտում, որը հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել անհիմն դատական ակտ կայացնելուն, ուստի նման պարագայում հատուկ վերանայման բողոքի հիմնավորումներն ի զորու չեն չեզոքացնելու Առաջին ատյանի դատարանի իրավաչափ հետևությունները։ (․․․)»։ 10․ Թիվ 12039323 քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է և ըստ էության քննության առնելու համար 2024 թվականի մարտի 27-ին հանձնվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան։ Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը. 11. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ էլեկտրոնային սարքում կամ կրիչում պարունակվող թվային տվյալները խուզարկության ենթարկելու և թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում գաղտնի քննչական գործողություն իրականացնելու քրեադատավարական կարգի մեկնաբանման կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառություն ապահովելու և իրավունքի զարգացման խնդիր։ Ուստի, անհրաժեշտ է սույն վարույթով արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղենիշային նշանակություն ունենալ համանման փաստական հանգամանքներ ունեցող վարույթներով միատեսակ իրավակիրառ պրակտիկայի ձևավորման համար: 12․ Սույն վարույթով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչափ են արդյո՞ք ստորադաս դատարանների հետևություններն առ այն, որ բջջային հեռախոսներում առկա թվային տվյալները՝ մասնավորապես՝ հաղորդագրությունները, հանդիսանում են թվային վերահսկողություն գաղտնի քննչական գործողության առարկա։ Վճռաբեկ դատարանը նախ և առաջ հարկ է համարում նշել, որ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման պայմաններում էլեկտրոնային սարքերն ու կրիչները կարող են պարունակել բազմազան և բազմատեսակ տեղեկատվություն, ներառյալ՝ մասնավոր ու ընտանեկան կյանքին վերաբերող։ Ուստի, դրանց գաղտնազերծումը միջամտություն է ենթադրում անձի հիմնական իրավունքներին և ազատություններին։ Այս առումով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը զարգացրել է իր նախադեպային իրավունքը՝ արձանագրելով, որ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի կիրառման ոլորտին են վերաբերում նաև նոր տեխնոլոգիաներն ու, մասնավորապես, համակարգչային սերվերների վրա պահպանված թվային տվյալները՝ ներառյալ կոշտ սկավառակները և թվային կրիչները։ Գործող քրեադատավարական օրենսդրությամբ օրենսդիրը նախատեսել է նաև իրավակիրառական պրակտիկայում նախկինում հայտնի խուզարկություն քննչական գործողության նոր ենթատեսակ՝ թվային խուզարկությունն ու այն ներառել ապացուցողական գործողությունների կատարման դատական երաշխիքների շրջանակի մեջ։ 13․ ՀՀ Սահմանադրության 33-րդ հոդվածի համաձայն` «1. Յուրաքանչյուր ոք ունի նամակագրության, հեռախոսային խոսակցությունների և հաղորդակցության այլ ձևերի ազատության և գաղտնիության իրավունք: 2. Հաղորդակցության ազատությունը և գաղտնիությունը կարող են սահմանափակվել միայն օրենքով՝ պետական անվտանգության, երկրի տնտեսական բարեկեցության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով: 3. Հաղորդակցության գաղտնիությունը կարող է սահմանափակվել միայն դատարանի որոշմամբ, բացառությամբ երբ դա անհրաժեշտ է պետական անվտանգության պաշտպանության համար և պայմանավորված է հաղորդակցվողների՝ օրենքով սահմանված առանձնահատուկ կարգավիճակով»: «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Եվրոպական կոնվենցիա) 8-րդ հոդվածի համաձայն՝ «1. Յուրաքանչյուր ոք ունի իր անձնական և ընտանեկան կյանքի, բնակարանի և նամակագրության նկատմամբ հարգանքի իրավունք։ 2. Չի թույլատրվում պետական մարմինների միջամտությունն այդ իրավունքի իրականացմանը, բացառությամբ այն դեպքերի, երբ դա նախատեսված է օրենքով և անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում՝ ի շահ պետական անվտանգության, հասարակական կյանքի կամ երկրի տնտեսական բարեկեցության, ինչպես նաև անկարգությունների կամ հանցագործությունների կանխման, առողջության կամ բարոյականության պաշտպանության կամ այլ անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով»։ 13.1. Վերոնշյալ հոդվածով երաշխավորված իրավունքի նկատմամբ միջամտության իրավաչափության գնահատման համար Եվրոպական դատարանը կիրառում է եռաստիճան թեստ։ Այսպես՝ այս իրավունքի նկատմամբ միջամտությունը թույլատրելի և իրավաչափ դիտարկելու համար այն պետք է լինի «օրենքով նախատեսված», ինչն ընդգրկում է օրինական ընթացակարգի և սահմանված երաշխիքների պահպանումը, պետք է հետապնդի Եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի 2-րդ մասում թվարկված օրինական նպատակներից մեկը, և լինի անհրաժեշտ ժողովրդավարական հասարակությունում: 14․ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 26-րդ հոդվածի համաձայն՝ «1․ Իրավասու մարմիններն առանց անձի համաձայնության նրա վերաբերյալ տեղեկություններ կարող են հավաքել, պահել և օգտագործել միայն օրենքով սահմանված դեպքերում և կարգով, եթե դա անհրաժեշտ է վարույթի համար նշանակություն ունեցող հանգամանքներ բացահայտելու համար․ (․․․) 4. Վարույթի ընթացքում միջամտությունն անձի նամակագրությանը, հեռախոսային խոսակցություններին և հաղորդակցության այլ ձևերին կարող է կատարվել միայն դատարանի որոշմամբ՝ օրենքով սահմանված դեպքերում և կարգով․ (․․․)»։ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 209-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Բացառապես դատարանի որոշման հիման վրա [է] կատարվում՝ (․․․) 3) թվային խուզարկությունը․ (․․․)»։ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 236-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Թվային խուզարկություն[ն] էլեկտրոնային սարքերում կամ կրիչներում պարունակվող թվային տվյալների որոնումն է»։ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 241-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Գաղտնի քննչական գործողություններն են ` (․․․) 4) թվային, այդ թվում` հեռախոսային հաղորդակցության վերահսկումը. (․․․)»։ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 249-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն՝ «Թվային, այդ թվում` հեռախոսային հաղորդակցության վերահսկումը հատուկ կամ այլ տեխնիկական միջոցների օգտագործմամբ` սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված տվյալների գաղտնի պարզումը, հավաքումը, ամրագրումն ու պահպանումն է դրանք տիրապետող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից: Թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկման ենթակա են բովանդակային տվյալները։(․․․)»։ 15․ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում կրկին արձանագրել, որ քննչական գործողությունների կատարման նպատակն ընդհանրապես և թվային խուզարկության նպատակը, մասնավորապես՝ գործով ապացուցողական նշանակություն ունեցող տեղեկատվության ստացումն ու ճշմարտության բացահայտումն է։ Թվային խուզարկությունը որոնողական գործողություն է, որի նպատակն էլեկտրոնային սարքերում կամ կրիչներում որևէ տեղեկություն փնտրելն է։ Դրա օբյեկտ կարող են լինել միայն էլեկտրոնային սարքերում և կրիչներում առկա թվային տվյալները։ Խուզարկության այս տեսակը, ինչպես արդեն նշվեց, կարող է իրականացվել բացառապես դատարանի որոշմամբ։ I. Թվային տվյալները քրեական դատավարությունում. 16․ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված և 2007 թվականից ուժի մեջ մտած՝ «Կիբեռհանցագործության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի (Բուդապեշտի կոնվենցիա, ETS թիվ 185) դրույթներին։ Բուդապեշտի կոնվենցիան համակարգում է էլեկտրոնային (թվային) ապացույցների ձեռքբերման ընթացակարգային գործիքակազմը՝ թվային տվյալները դասակարգելով ինչպես ըստ դրանց բնույթի, այնպես էլ ըստ դրանց վիճակի։ Ըստ բնույթի՝ Բուդապեշտի կոնվենցիան առանձնացնում է թվային տվյալների հետևյալ տեսակները. ա) բաժանորդային տվյալ (subscriber information) (Կոնվենցիայի 18-րդ հոդվածի 3-րդ մաս)՝ ծառայության մատակարարի մոտ պահվող տեղեկություն բաժանորդի ինքնության, ծառայության տեսակի, հասցեի և վճարման տվյալների վերաբերյալ. բ) փոխանցվող տվյալ (traffic data) (Կոնվենցիայի 1-ին հոդվածի «դ» կետ)՝ հաղորդակցության ծագումը, ուղղությունը, երթուղին, ժամը, ամսաթիվը, ծավալը, տևողությունը կամ հիմքում ընկած ծառայության տեսակը մատնանշող մետատվյալ. գ) բովանդակային տվյալ (content data)՝ հաղորդակցության բուն իմաստն ու բովանդակությունը՝ փոխանցվող ուղերձը կամ տեղեկությունը։ Միաժամանակ, ըստ տվյալի վիճակի, Բուդապեշտի կոնվենցիան հստակ տարբերակում է արդեն գոյություն ունեցող, պահված տվյալը՝ հաղորդակցության ընթացքում գտնվող (իրական ժամանակի) տվյալից, ընդ որում՝ յուրաքանչյուր վիճակին համապատասխանեցնում է առանձին ընթացակարգային միջոց. պահված համակարգչային տվյալի դեպքում՝ դրա պահպանումը (16-րդ հոդված), տրամադրման հրամանը (18-րդ հոդված) և պահված տվյալի խուզարկությունն ու առգրավումը (19-րդ հոդված), իսկ իրական ժամանակի (real-time) տվյալի դեպքում՝ փոխանցվող տվյալի հավաքումը (20-րդ հոդված) և բովանդակային տվյալի գաղտնալսումը (21-րդ հոդված)։ Վերոնշյալ դասակարգումից հետևում է, որ «իրական ժամանակում» գտնվելը տվյալի վիճակ է, այլ ոչ թե դրա ինքնուրույն տեսակ։ Հետևաբար, էլեկտրոնային սարքում կամ կրիչում արդեն պահված հաղորդագրությունների բովանդակությունը հանդիսանում է պահված բովանդակային տվյալ, որի ձեռքբերումը Բուդապեշտի կոնվենցիայի համակարգում իրականացվում է խուզարկության կամ առգրավման (19-րդ հոդված), այլ ոչ թե ընթացող հաղորդակցության գաղտնալսման (21-րդ հոդված) միջոցով։ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը նույնպես տարբերակում է բաժանորդային, փոխանցվող և բովանդակային տվյալները, որոնք ըստ էության համընկնում են Բուդապեշտի կոնվենցիայով նախատեսված թվային տվյալների հետ, սակայն թվային տվյալի վիճակի մասին առանձին դրույթ նախատեսված չէ, ինչը գործնականում տեղիք է տալիս ոչ միատեսակ մեկնաբանման։ Այսպես, բովանդակային տվյալ եզրույթը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում հանդիպում է միայն թվային, այդ թվում` հեռախոսային հաղորդակցության վերահսկում գաղտնի քննչական գործողությունը կարգավորող 249-րդ հոդվածում, այսինքն` տվյալ դեպքում խոսքը գնում է «իրական ժամանակում» բովանդակային տվյալի ստացման մասին։ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 249-րդ հոդվածի առանձին և խստացված ռեժիմը պայմանավորված է ոչ թե նրանով, որ բովանդակային տվյալն «անձեռնմխելի» է, այլ նրանով, որ իրական ժամանակի գաղտնալսումն ինքնին ամենախիստ միջամտությունն է անձի մասնավոր կյանքի նկատմամբ։ Բուդապեշտի կոնվենցիայի բացատրական զեկույցը (Explanatory Report) բովանդակային տվյալի գաղտնալսումը որակում է որպես ներխուժող միջոց և հենց դրա համար 21-րդ հոդվածով պայմանավորվող կողմից պահանջում է այդ միջոցը նախատեսել միայն «լուրջ հանցագործությունների շրջանակում»։ Այսինքն՝ խստացված երաշխիքները կապված են ապագային ուղղված, ընթացիկ հաղորդակցության գաղտնի որսման հետ, ոչ թե պահված (պահպանված) բովանդակային տվյալի հետ։ Պահվելուն պես, բովանդակային տվյալը դառնում է պահված (պահեստավորված) համակարգչային տվյալ (stored computer data) և անցնում է Բուդապեշտի կոնվենցիայի 19-րդ հոդվածի՝ խուզարկության և առգրավման ռեժիմ։ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 236-րդ հոդվածը գործածում է «թվային տվյալ» սեռային հասկացությունը, որի ծավալի մեջ բովանդակային տվյալն ընդգրկվում է որպես տեսակ։ Սարքում կամ կրիչում պահված տվյալը միաժամանակ դասակարգվում է երկու ինքնուրույն հարթությունում. ըստ բնույթի՝ այն բովանդակային տվյալ է (հաղորդակցության իմաստն ու էությունը), իսկ ըստ վիճակի՝ պահվող, ստատիկ թվային տվյալ։ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 236-րդ հոդվածի կարգավորման չափորոշիչը հենց երկրորդն է՝ տվյալի պահվող վիճակը (էլեկտրոնային սարքերում կամ կրիչներում պարունակվող), և ոչ թե դրա բովանդակային կամ ոչ բովանդակային բնույթը։ Որոշիչն այն է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 236-րդ հոդվածի տեքստը որևէ բացառություն կամ վերապահում չի նախատեսում բովանդակային տվյալի համար, ավելին՝ հիշյալ դրույթում օրենսդիրը ընտրել է ամենաընդգրկուն՝ «թվային տվյալ» եզրույթը՝ առանց որևէ ենթատեսակ անտեսելու։ Ինչ վերաբերում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 249-րդ հոդվածում «բովանդակային տվյալ» եզրույթի առանձին հիշատակմանը, ապա այն բխում է ոչ թե այդ տվյալի ինչ-որ բացառիկ, «պաշտպանված» կարգավիճակից, այլ գաղտնալսման ինստիտուտի ներքին տրամաբանությունից։ Իրական ժամանակի վերահսկման ռեժիմում տվյալի բնույթն ունի կարգավորիչ նշանակություն. բովանդակային տվյալի ստացումը՝ որպես առավել ներխուժող միջամտություն, օրենսդիրը զատում է փոխանցվող և բաժանորդային տվյալներից ու ենթարկում խստացված պայմանների։ Ուստի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 249-րդ հոդվածում օրենսդիրը ստիպված է եղել անվանապես առանձնացնել բովանդակային տվյալը՝ այդ տարբերակված ռեժիմը կիրառելի դարձնելու համար։ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 236-րդ հոդվածը նման անհրաժեշտություն չունի. պահված տվյալների նկատմամբ գործում է միասնական ռեժիմ, և «թվային տվյալ» ընդհանուր եզրն արդեն սպառիչ կերպով ընդգրկում է բոլոր ենթատեսակները՝ ներառյալ բովանդակայինը։ II. Թվային խուզարկության ենթակա թվային տվյալի ստացման համակարգային վերլուծություն. 17. Զարգացնելով վերոնշյալ իրավական դիրքորոշումները, Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ թվային խուզարկության իրականացման կարգի վերաբերյալ քրեադատավարական իրավակարգավորումների և տվյալ ապացուցողական գործողության մասին օրենսդրի որդեգրած դիրքորոշման համակարգային վերլուծությունից ակնհայտ է, որ տվյալ ապացուցողական գործողությունը միտված է էլեկտրոնային սարքերում կամ կրիչներում պարունակվող թվային տվյալների հայտնաբերմանն ուղղված որոնողական գործողության իրականացմանը, այսինքն՝ օրենսդրական կարգավորման մեջ առկա «պարունակվող» եզրույթը ինքնին վկայում է այն մասին, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից վերոնշյալ ապացուցողական գործողությունը հետապնդում է թվային խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու միջնորդության հայցման պահին առկա, համապատասխան էլեկտրոնային սարքի կամ կրիչի վրա արդեն իսկ գոյություն ունեցող և ձևավորված թվային տվյալների հավաքագրման նպատակ։ 18․ Բացի այդ, նախքան ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում բաժանորդային, փոխանցվող և բովանդակային տվյալների ամրագրումը՝ այսինքն նախքան «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-393-Ն ՀՀ օրենքի ընդունումը, Վճռաբեկ դատարանը թիվ ՍԴ3/0002/10/23 գործով կայացված որոշմամբ, անդրադառնալով և վերլուծելով թվային, այդ թվում` հեռախոսային հաղորդակցության վերահսկում գաղտնի քննչական գործողության իրավակարգավորումները, արձանագրել է, որ գաղտնի վերահսկում է հանդիսանում հեռախոսային խոսակցության, տեքստային, պատկերային, ձայնային, տեսաձայնային և այլ հաղորդագրության բովանդակության, բաժանորդի մուտքային և ելքային զանգերի, հեռախոսային հաղորդակցությունը սկսելու և ավարտելու ժամանակի, հեռախոսազանգի վերահասցեագրման կամ փոխանցման համացանցային հաղորդակցության, այդ թվում` համացանցային հեռախոսային հաղորդակցության և համացանցի միջոցով փոխանցվող էլեկտրոնային հաղորդակցության բովանդակության, համացանցային հեռախոսազանգերի մուտքային և ելքային զանգերի պարզումը, հավաքումը, ամրագրումն ու պահպանումը։ Նշվածի հետ մեկտեղ, Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ վերոգրյալ գաղտնի քննչական գործողությունն ունի որոշակի առանձնահատկություններ․ ա) հիմք ընդունելով թվային, այդ թվում` հեռախոսային հաղորդակցության վերահսկում գաղտնի քննչական գործողության քրեադատավարական կարգը բացահայտող իրավակարգավորումները, անհրաժեշտ է արձանագրել, որ գաղտնի վերահսկումն իրենից ենթադրում է դեռևս տեղի չունեցած, օբյեկտիվ իրականության մեջ գոյություն չունեցող և ապագային վերագրվող բովանդակային տվյալների ստացմանը միտված, քրեական վարույթի արդյունավետության բարձրացմանը նպաստող հատուկ միջոց, և իրենց առաջացմանը զուգահեռաբար վարույթ իրականացնող մարմնի համապատասխան միջնորդության բավարարման պայմաններում միայն բովանդակային տվյալներն ենթակա են հավաքման, ամրագրման ու պահպանման։ բ) քննարկվող գաղտնի քննչական գործողության կառուցակարգը, մասնավորապես դրա իրականացման հիմքերը և պայմանները դիտարկելով անձի մասնավոր կյանքի անձեռնմխելիության սահմանադրական և կոնվենցիոն իրավունքի համատեքստում, անհրաժեշտ է ընդգծել, որ թվային, այդ թվում` հեռախոսային հաղորդակցության վերահսկման արդյունքում ձեռք բերված տվյալների հավաքումը, ամրագրումն ու պահպանումն իրականացվում է միայն ծանր կամ առանձնապես ծանր, ինչպես նաև կաշառք ստանալու կամ կաշառք տալու ենթադրյալ հանցանքների վերաբերյալ վարույթներով։ գ) բացի այդ, թվային, այդ թվում` հեռախոսային հաղորդակցության վերահսկում գաղտնի քննչական գործողությունը կարող է հայցվել միայն այն դեպքում, երբ ողջամտորեն անհնարին է այլ եղանակով համապատասխան ապացուցողական նշանակություն ունեցող տվյալների ձեռքբերումը, ինչը վկայում է տվյալ միջամտության հատուկ և բացառիկ միջոց լինելու մասին։ 19․ Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ` - նախաքննության մարմինը 2024 թվականի հունվարի 31-ին թիվ 12039323 քրեական վարույթի շրջանակներում միջնորդել է Առաջին ատյանի դատարանին թույլատրել թվային խուզարկություն իրականացնել ****** ********** անձնական խուզարկությամբ հայտնաբերված բջջային հեռախոսներում, մասնավորապես՝ ապօրինի թմրաշրջանառությանը վերաբերող հաղորդագրություններ, լուսանկարներ, բջջային հավելվածներում առկա ապօրինի թմրամիջոցների շրջանառմանը վերաբերող տվյալներ որոնելու նպատակով։ - Առաջին ատյանի դատարանը, քննության առնելով վերոգրյալ միջնորդությունը, արձանագրել է, որ բջջային հեռախոսում առկա հաղորդագրությունները հանդիսանում են թվային վերահսկողություն գաղտնի քննչական գործողության առարկա, որոնց ուսումնասիրության համար քրեադատավարական այլ մեխանիզմներ են նախատեսված և սույն մասով միջնորդությունը ենթակա է մերժման։ Միաժամանակ ընդգծելով, որ միջնորդվող բջջային հեռախոսներում ողջամտորեն կարող են հայտնաբերվել վարույթի համար հետաքրքրություն ներկայացնող տվյալներ (լուսանկարներ, գրառումներ), Առաջին ատյանի դատարանը գտել է, որ միջնորդությունը ենթակա է բավարարման այն հիմնավորմամբ, որ պահանջվող բջջային հեռախոսներում ողջամտորեն կարող են լինել քրեական վարույթի համար նշանակություն ունեցող և ենթադրյալ հանցագործության դեպքին առնչվող էական թվային տվյալներ, որոնք այլ ապացուցողական գործողությունների իրականացման արդյունքում ողջամտորեն չեն կարող ձեռք բերվել։ - Վերաքննիչ դատարանը, համաձայնվելով Առաջին ատյանի դատարանի հիմնավորումների հետ, ընդգծել է, որ քննարկվող գործողության իրականացման օբյեկտ հանդիսացող էլեկտրոնային սարքավորումը պարունակում է տվյալներ ոչ միայն այն անձի վերաբերյալ, ով ենթադրաբար կատարել է հանցանք, այլ նաև երրորդ անձի վերաբերյալ, ում հետ տվյալ անձն ունեցել է հաղորդակցություն, և նման տրամաբանությունից ելնելով էլ, օրենսդիրը հնարավորություն է տալիս մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքի մաս կազմող հաղորդակցության գաղտնիության իրավունքի նկատմամբ միջամտություն իրականացնել բացառապես գաղտնի քննչական գործողության շրջանակներում, որի իրականացումը նախատեսում է անձի սահմանադրական իրավունքների սահմանափակման առավել բարձր երաշխիքներ։ Արդյունքում, Վերաքննիչ դատարանը հանգել է հետևության, որ անձի էլեկտրոնային նամակագրության և այլ հաղորդակցությունների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար վարույթն իրականացնող մարմինը պետք է գնա «թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում» գաղտնի քննչական գործողության թույլտվություն ստանալու ճանապարհով, իսկ թվային խուզարկություն կարող է իրականացնել բացառապես գործի համար էական նշանակություն ունեցող թվային տվյալների (նկարներ, հավելվածներ և այլն) ձեռքբերման նպատակով: 20․ Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշմամբ վկայակոչված իրավադրույթների ու շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները փաստացի մասնակի բավարարելով բջջային հեռախոսներում թվային խուզարկություն իրականացնելու թույլտվություն ստանալու վերաբերյալ վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը, սխալ են մեկնաբանել ապացուցողական գործողություն հանդիսացող՝ թվային խուզարկության, և գաղտնի քննչական գործողություն հանդիսացող՝ թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկման իրականացման վերաբերյալ քրեադատավարական իրավակարգավորումները։ Տվյալ դեպքում հայցվող միջնորդության նպատակն է հանդիսացել քրեական վարույթի համար ապացուցողական նշանակություն ունեցող, ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ բջջային հեռախոսներում հնարավոր թվային տվյալների որոնումը, ինչը ենթադրում է արդեն իսկ գոյություն ունեցող և առկա (պահպանված) տվյալների որոնման նպատակ։ Ստորադաս դատարանները հայցվող միջնորդության առարկան հանդիսացող թվային տվյալների, մասնավորապես՝ հաղորդագրությունների ստացումը դիտարկելով թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում գաղտնի քննչական գործողության միջոցով ձեռք բերման ենթակա տվյալների շրջանակում, եկել են սխալ եզրահանգման։ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հայցվող միջնորդության նպատակը և ակնկալվող արդյունքը հանդիսացել է արդեն իսկ բջջային հեռախոսներում առկա, ձևավորված և տվյալ պահին գոյություն ունեցող թվային տվյալների ձեռք բերումը, որպիսի պայմաններում դրանք չէին կարող ստացվել թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում գաղտնի քննչական գործողության քրեադատավարական իրավակարգավորումների շրջանակում, քանի որ իրական ժամանակում անհնար է «գաղտնալսել» այն, ինչ արդեն ավարտվել է և դարձել ստատիկ։ Այսինքն՝ միջնորդության հայցման պահին արդեն իսկ առկա, ձևավորված և գոյություն ունեցող տվյալների վերահսկում ողջամտորեն հնարավոր չէ իրականացնել, ինչը նաև բխում է վերոնշյալ գաղտնի քննչական գործողության քրեադատավարական էությունից։ 21․ Վերոգրյալի հետ մեկտեղ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ ստորադաս դատարանները, մի կողմից գտնելով, որ պահանջվող բջջային հեռախոսներում ողջամտորեն կարող են լինել քրեական վարույթի համար նշանակություն ունեցող և ենթադրյալ հանցագործության դեպքին առնչվող էական թվային տվյալներ, որոնք այլ ապացուցողական գործողությունների իրականացման արդյունքում ողջամտորեն չեն կարող ձեռք բերվել, իսկ մյուս կողմից սահմանափակելով դրանց՝ ձեռք բերման ենթակա ծավալը՝ առանց հաշվի առնելու թվային խուզարկություն ապացուցողական գործողության և թվային՝ այդ թվում հեռախոսային հաղորդակցության վերահսկում գաղտնի քննչական գործողության իրականացման վերաբերյալ սույն որոշմամբ վկայակոչված առանձնահատկությունները, որոշակիորեն հակասել են իրենց կողմից արտահայտված դիրքորոշումներին և հանգել չհիմնավորված հետևությունների։ Ընդհանրացնելով վերոգրյալը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանների հետևություններն առ այն, որ թվային խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու վերաբերյալ հայցվող միջնորդության ծավալի մեջ ընդգրկված թվային տվյալները, մասնավորապես՝ հաղորդագրությունները, պետք է ձեռք բերվեն թվային՝ այդ թվում հեռախոսային հաղորդակցության վերահսկում գաղտնի քննչական գործողության իրավակարգավորումների գործադրմամբ, հիմնավոր չեն։ Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանների հետևություններն առ այն, որ բջջային հեռախոսներում առկա թվային տվյալները՝ մասնավորապես՝ հաղորդագրությունները, հանդիսանում են թվային վերահսկողություն գաղտնի քննչական գործողության առարկա, իրավաչափ չեն։ 22․ Ամփոփելով՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ստորադաս դատարանները թույլ են տվել քրեադատավարական օրենքի էական խախտում․ ճիշտ չեն մեկնաբանել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 236-րդ և 249-րդ հոդվածների պահանջները, որը հանգեցրել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 15-րդ հոդվածով ամրագրված՝ հանրայնության սկզբունքի խախտման, ինչը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի համաձայն՝ ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանելու հիմք է։ Սակայն, հաշվի առնելով, որ թիվ 12039323 քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի որոշումը պետք է թողնել անփոփոխ՝ հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 33-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 352-րդ, 359-րդ, 361-363-րդ ու 400-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը Ո Ր Ո Շ Ե Ց ********* ********* վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի մարտի 14-ի որոշումը թողնել անփոփոխ՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները: Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը: Նախագահող` Հ.ԱՍԱՏՐՅԱՆ Դատավորներ` Հ.ԳՐԻԳՈՐՅԱՆ Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆ Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ Ա.ՊՈՂՈՍՅԱՆ