Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am

Վճռաբեկ դատարան · Վարչական

ՎԴ/15080/05/24

Վճռաբեկ դատարանի որոշումների ցանկից (cassationcourt.am/decisions)՝ դատարանի նախադեպային շտեմարանում այն չկա։

Գործի համարը
ՎԴ/15080/05/24
Հայցվոր
Գեղամ Գասպարյան
Պատասխանող
ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Դատական ակտի ընդունման ամսաթիվը
27.08.2026

Որոշման տեքստը

դատարանի Word ֆայլից
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ թիվ ՎԴ/15080/05/24 դատարանի որոշում 2026թ. Վարչական գործ թիվ ՎԴ/15080/05/24 Նախագահող դատավոր՝ Դատավորներ՝ Հ․ Այվազյան Կ․ Ավետիսյան Ա․ Բաբայան Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝ նախագահող զեկուցող Ա․ ԹՈՎՄԱՍՅԱՆ Ք․ ՄԿՈՅԱՆ Լ․ ՀԱԿՈԲՅԱՆ 2026 թվականի օգոստոսի 27-ին գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության այսուհետ՝ Ծառայություն վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 26․02․2026 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի Գեղամ Գասպարյանի ընդդեմ Ծառայության՝ 27.09.2024 թվականի թիվ 8400656193 և 29.10.2024 թվականի որոշումներն անվավեր ճանաչելու պահանջների մասին, Պ Ա Ր Զ Ե Ց 1․ Գործի դատավարական նախապատմությունը. Դիմելով դատարան` Գեղամ Գասպարյանը պահանջել է անվավեր ճանաչել 27.09.2024 թվականի թիվ 8400656193 և 29.10.2024 թվականի որոշումները։ ՀՀ վարչական դատարանի (դատավոր Մ․ Պետրոսյան) (այսուհետ` Դատարան) 17․04․2025 թվականի վճռով հայցը մերժվել է։ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 26․02․2026 թվականի որոշմամբ Գեղամ Գասպարյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Դատարանի 17․04․2025 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է՝ կայացվել է նոր դատական ակտ․ Ծառայության 27.09.2024 թվականի թիվ 8400656193 և Ծառայության պետի 29.10.2024 թվականի որոշումները ճանաչվել են անվավեր։ Վճռաբեկ բողոք է ներկայացրել Ծառայությունը (ներկայացուցիչ Ներսես Հակոբյան)։ Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Գեղամ Գասպարյանը։ 2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը. Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով. Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 254-րդ, 255-րդ, 267-րդ հոդվածները, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ, 26-րդ, 27-րդ, 42-րդ, 113-րդ, 124-րդ հոդվածները։ Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով. Հայցվորի նկատմամբ 04․09․2023 թվականին կազմված վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության «Արձանագրությանը ծանոթացա, իմ իրավունքների և պարտականությունների մասին քաղվածքը և խախտման քննարկման վայրի ու ժամանակի վերաբերյալ ծանուցումն ստացա» հատվածում առկա է հայցվորի ստորագրությունը։ Նշվածից պարզ է դառնում, որ հայցվորին բացատրվել են Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 267-րդ հոդվածով սահմանված վարչական պատասխանատվության ենթարկվող անձի իրավունքներն ու պարտականությունները։ Բացի իրավունքներին ու պարտականություններին ծանոթացնելուց՝ հայցվորին տրամադրվել է նաև իր իրավունքների և պարտականությունների մասին քաղվածքը։ Վերաքննիչ դատարանը, սխալ մեկնաբանելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ, 26-րդ, 42-րդ, 113-րդ, 124-րդ հոդվածները, սահմանված կարգով ձեռք բերված ապացույցների հետազոտման և գնահատման արդյունքում սխալ գնահատական է տվել հայցվորի նկատմամբ կազմված վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությանը։ Միաժամանակ, ՀՀ վարչական դատարանը թիվ ՎԴ/13509/05/21 վարչական գործի շրջանակներում հայտնել է հետևյալ դիրքորոշումը. անդրադառնալով հայցվորի այն փաստարկին, որ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը կազմելիս իրեն չեն բացատրվել իր իրավունքներն ու պարտականությունները, Դատարանը գտնում է, որ նշված փաստարկը ևս անհիմն է, քանի որ 25.10.2021թ. կազմված վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության «Արձանագրությանը ծանոթացա, իմ իրավունքների ու պարտականությունների մասին քաղվածքը և խախտման քննարկման վայրի ու ժամանակի վերաբերյալ ծանուցումն ստացա» տողում առկա է հայցվորի Մհեր Սարգսյանի ստորագրությունը և որևէ դիտողություն ներկայացված չէ: ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը թիվ ՎԴ/3942/05/23 վարչական գործի շրջանակներում հայտնել է հետևյալ դիրքորոշումը. Բացի այդ, հարկ է նշել, 23.03.2023 թվականին կազմված Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության «վարչական իրավախախտում կատարած անձի բացատրությունը, դիտողությունը, ստորագրությունը» և «Արձանագրությանը ծանոթացա, իմ իրավունքների ու պարտականությունների մասին քաղվածքը և խախտման քննարկման վայրի ու ժամանակի վերաբերյալ ծանուցումն ստացա» տողի «իրավախախտում կատարած անձի ազգանունը, ստորագրությունը» տողերում առկա է հայցվորի ստորագրությունը, այսինքն` վարչական պատասխանատվության ենթարկվող անձը՝ Հայցվորը, հայտնել է իր համաձայնությունն արձանագրված իրավախախտման վերաբերյալ, որի հիման վրա կայացվել է սույն գործով վիճարկվող որոշումը: Նշվածը, Վերաքննիչ դատարանի գնահատմամբ, մեկ անգամ ևս փաստում է հայցվորի մասնակցությամբ կատարված ընթացակարգային գործողությունների իրավաչափության մասին։ Այսինքն, ՀՀ վարչական դատարանի և ՀՀ վերաքննիչ վարչական դատարանների կողմից կայացված դատական ակտերը համեմատելով միմյանց հետ՝ պարզ է դառնում, որ դիրքորոշումները չեն համընկնում։ Վերոգրյալի հիման վրա՝ բողոքաբերը պահանջել է ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի 26․02․2026 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության՝ սահմանելով նոր քննության ծավալը։ 2.1. Վճռաբեկ բողոքի վերաբերյալ Գեղամ Գասպարյանի կողմից ներկայացված պատասխանի հիմքերը և հիմնավորումները. Հայցվորին չեն բացատրվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 267-րդ հոդվածով նախատեսված նրա իրավունքները և պարտականությունները, որպիսի պայմաններում նա զրկված է եղել նույն հոդվածով նախատեսված իրավունքներն իրացնելու հնարավորությունից։ Հայցվորը համաձայն չի եղել զննության արդյունքների հետ, պահանջել է այլ եղանակով զննության իրականացում, կասկածելի է եղել տեխնիկական միջոցի զննության խողովակի նոր լինելը, սակայն պարեկային ծառայողներն այլ եղանակով չեն ապահովել զննության իրականացումը։ Այսինքն, առկա են եղել վիճարկվող որոշումները վերացնելու հիմքեր, քանի որ դրանք կայացվել են օրենքի խախտմամբ։ 3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը. Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը. 1) Վարչական իրավախախտման վերաբերյալ 27․09․2024 թվականի, ժամը 00։46-ին կազմված արձանագրության համաձայն՝ Գեղամ Գասպարյանը, խախտելով Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 7-րդ մասի ա կետը, քաղաք Երևան, Կենտրոն, Ծովակալ Իսակովի պողոտայում 27․09․2024 թվականին, ժամը 00։28-ի սահմաններում «MERCEDES-BENZ S550» մակնիշի ■■■ հաշվառման համարանիշի տրանսպորտային միջոցը վարել է ոչ սթափ վիճակում վարորդի մեկ լիտր արտաշնչած օդի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը գերազանցել է 0․5 միլիգրամը, որը նախատեսված է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 126-րդ հոդվածի 2-րդ մասով։ Արձանագրության մեջ «Արձանագրությանը ծանոթացա, իմ իրավունքների ու պարտականությունների մասին քաղվածքը և խախտման քննարկման վայրի ու ժամանակի վերաբերյալ ծանուցումը ստացա» տողում առկա է ստորագրություն (գ.թ. 41)։ 2) Ծառայության 27․09․2024 թվականի «Վարչական իրավախախտման գործով» թիվ 8400656193 որոշմամբ՝ Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 7-րդ մասի ա կետի համաձայն՝ տրանսպորտային միջոցը ոչ սթափ վիճակում վարելու վարորդի մեկ լիտր արտաշնչած օդի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը գերազանցում է 0․5 միլիգրամը համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 126-րդ հոդվածի 2-րդ մասով Գեղամ Գասպարյանը զրկվել է տրանսպորտային միջոց վարելու իրավունքից՝ 1 տարի ժամկետով: Որոշման վերջնամասում առկա են քաղվածքներ՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 255-րդ, 267-րդ և 305-րդ հոդվածներին հղումներով (գ.թ. 12, 41): 3) Ծառայության պետի 29․10․2024 թվականի «ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության վարչական իրավախախտման վերաբերյալ գործով 27․09․2024թ․ կայացված 8400656193 որոշումն անփոփոխ, իսկ վարչական բողոքն առանց բավարարման թողնելու մասին» որոշմամբ Ծառայության «Վարչական իրավախախտման գործով» թիվ 8400656193 որոշումը թողնվել է անփոփոխ, իսկ Գեղամ Գասպարյանի վարչական բողոքը՝ առանց բավարարման (գ.թ. 15-17): 4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ բողոքարկվող դատական ակտում և թիվ ՎԴ/13509/05/21 վարչական գործով ՀՀ վարչական դատարանի կողմից 03․02․2023 թվականին կայացված, օրինական ուժի մեջ մտած վճռով և թիվ ՎԴ/3942/05/23 վարչական գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի կողմից 29․03․2024 թվականին կայացված, օրինական ուժի մեջ մտած որոշմամբ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենքի 267-րդ հոդվածի 1-ին մասը կիրառվել է հակասող մեկնաբանություններով, ուստի սույն դեպքում Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ նշված իրավանորմերի միատեսակ կիրառության ու նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար։ Սույն գործով վճռաբեկ բողոքի քննության շրջանակում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը․ - արդյո՞ք վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության «Արձանագրությանը ծանոթացա, իմ իրավունքների ու պարտականությունների մասին քաղվածքը և խախտման քննարկման վայրի ու ժամանակի վերաբերյալ ծանուցումը ստացա» հատվածում իրավախախտում թույլ տված անձի ստորագրության առկայությունը բավարար է հաստատված համարելու պարեկային ծառայողի կողմից վարչական պատասխանատվության ենթարկվող անձին՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 267-րդ հոդվածով նախատեսված իր իրավունքները և պարտականությունները բացատրված լինելու փաստը՝ վերահաստատելով նախկինում հայտնած իրավական դիրքորոշումը։ Վճռաբեկ դատարանը, վերահաստատելով թիվ ՎԴ/4295/05/24 վարչական գործով 03․07․2026 թվականին կայացված որոշմամբ հայտնած դիրքորոշումը, արձանագրում է հետևյալը․ ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով: «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն` նույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում առաջացող հարաբերությունները, սահմանում է ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի պետական քաղաքականության սկզբունքները և ուղղությունները, ճանապարհային երթևեկության կազմակերպման և անվտանգության ապահովման իրավական հիմքերը, ճանապարհային երթևեկության կազմակերպման և անվտանգության ապահովման բնագավառի պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները, ինչպես նաև ճանապարհային երթևեկության մասնակիցների իրավունքները և պարտականությունները։ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման նպատակով կիրառվող միջոցները պետք է համապատասխանեն իրադրությանը, լինեն պիտանի, անհրաժեշտ և չափավոր: «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի «ը» և «ժա» կետերի համաձայն` ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը (այսուհետ` ոստիկանություն)` կարգավորում է ճանապարհային երթևեկությունը, օրենքով սահմանված դեպքերում կանգնեցնում և արգելում է տրանսպորտային միջոցների երթևեկությունը, ․․․ իրականացնում է պարեկային ծառայություն: Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 7-րդ մասի ա կետի համաձայն՝ վարորդին արգելվում է տրանսպորտային միջոցը վարել ոչ սթափ վիճակում: Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 245-րդ հոդվածի համաձայն՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի վարույթի խնդիրներն են` յուրաքանչյուր գործի հանգամանքները ժամանակին, համակողմանիորեն, լրիվ և օբյեկտիվորեն պարզելը, գործը օրենսդրությանը ճիշտ համապատասխան լուծելը, ․․․: Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 251-րդ հոդվածի համաձայն՝ վարչական իրավախախտման վերաբերյալ գործի ապացույցներ են համարվում ցանկացած այն փաստական տվյալները, որոնց հիման վրա օրենքով սահմանված կարգով մարմինները (պաշտոնատար անձինք) հաստատում են վարչական իրավախախտման առկայությունը կամ բացակայությունը, տվյալ անձի մեղավորությունը այն կատարելու մեջ և գործի ճիշտ լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքներ: Այդ տվյալները հաստատվում են հետևյալ միջոցներով` վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությամբ, վարչական պատասխանատվության ենթարկվող անձի բացատրություններով, տուժողի, վկաների ցուցմունքներով, փորձագետի եզրակացությամբ, իրեղեն ապացույցներով, իրեր և փաստաթղթեր վերցնելու վերաբերյալ արձանագրությամբ, ինչպես նաև այլ փաստաթղթերով: Իրավահարաբերության պահին գործող խմբագրությամբ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 255-րդ հոդվածի համաձայն` վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության մեջ նշվում է` դրա կազմելու ամսաթիվն ու տեղը, արձանագրությունը կազմող անձի պաշտոնը, անունը, հայրանունը, ազգանունը. տեղեկություններ խախտողի անձի մասին. վարչական իրավախախտման կատարման տեղը, ժամանակը և էությունը. այն նորմատիվ ակտը, որը պատասխանատվություն է նախատեսում տվյալ իրավախախտման համար. վկաների և տուժողների ազգանունները և հասցեները, եթե այդպիսիք կան. խախտողի բացատրությունը. գործի լուծման համար անհրաժեշտ այլ տեղեկություններ: Արձանագրությունը ստորագրում են այն կազմող անձը և վարչական իրավախախտում կատարած անձը. վկաների և տուժողների առկայության դեպքում արձանագրությունը կարող են ստորագրել նաև այդ անձինք: Եթե իրավախախտում կատարած անձը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, դրանում այդ մասին նշում է կատարվում: Իրավախախտում կատարած անձն իրավունք ունի ներկայացնելու արձանագրությանը կցվող բացատրություններ և դիտողություններ արձանագրության բովանդակության առթիվ, ինչպես նաև շարադրելու այն ստորագրելուց իր հրաժարվելու շարժառիթները: Արձանագրություն կազմելիս խախտողին բացատրվում են նույն օրենսգրքի 267-րդ հոդվածով նախատեսված նրա իրավունքներն ու պարտականությունները, որի մասին արձանագրության մեջ նշում է արվում: Արձանագրությունը թվային եղանակով կազմելու դեպքում իրավախախտում կատարած անձի ստորագրությունն ստացվում է թվային եղանակով, իսկ նրա` բացատրություն տալու և դիտողություններ անելու իրավունքի իրացման փաստը և բովանդակությունն ամրագրվում են տեսաձայնագրման միջոցով: Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 267-րդ հոդվածի 1-ին պարբերության համաձայն՝ վարչական պատասխանատվության ենթարկվող անձը իրավունք ունի ծանոթանալու գործի նյութերին, բացատրություններ տալու, ապացույցներ ներկայացնելու, միջնորդություններ հարուցելու, գործի քննության ընթացքում օգտվելու փաստաբանի իրավաբանական օգնությունից. ելույթ ունենալու մայրենի լեզվով և օգտվելու թարգմանի ծառայություններից, եթե չի տիրապետում այն լեզվին, որով տարվում է վարույթը. գանգատարկելու գործով որոշումը: Վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննվում է վարչական պատասխանատվության ենթարկվող անձի ներկայությամբ: Գործը կարող է այդ անձի բացակայությամբ քննվել միայն այն դեպքերում, երբ տվյալներ կան գործի քննության տեղի և ժամանակի մասին նրան ժամանակին ծանուցելու վերաբերյալ և եթե նրանից միջնորդություն չի ստացվել գործի քննությունը հետաձգելու մասին։ «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ պարբերության համաձայն` ․․․ Ոստիկանության պարեկային ծառայության կանոնագիրքը հաստատում է ոստիկանության պետը։ ՀՀ ոստիկանության պետի 23.09.2020 թվականի «Ոստիկանության պարեկային ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» թիվ 36-Լ հրամանի 1-ին կետով հաստատվել է Ոստիկանության պարեկային ծառայության կանոնագիրքը (այսուհետ` Կանոնագիրք)` համաձայն հավելվածի: Կանոնագրքի 3-րդ կետի 1-ին և 4-րդ ենթակետերի համաձայն` ոստիկանության` օրենքով նախատեսված խնդիրներն իրականացնելիս պարեկային ծառայությունը` ապահովում է (...) ճանապարհային երթևեկության անվտանգությունը, իր իրավասության սահմաններում հասարակական վայրերում կանխում, հայտնաբերում, խափանում է ոստիկանության քննությանը ենթակա վարչական իրավախախտումները և կիրառում է օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցներ: Կանոնագրքի 45-րդ կետի 5-րդ և 6-րդ ենթակետերի համաձայն` պարեկային ծառայողն իր ծառայողական պարտականությունները կատարելիս լիազորված է կազմել վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ, (...) կիրառել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով նախատեսված այլ միջոցներ։ Կանոնագրքի 8-րդ բաժնով սահմանվել են վարչական իրավախախտումների արձանագրման ժամանակ պարեկային ծառայողների գործողությունները։ Մասնավորապես, Կանոնագրքի 142-րդ կետի համաձայն` վարչական իրավախախտման դեպք հայտնաբերելիս` պարեկային ծառայողները մոտենում են համապատասխան խախտումը կատարած անձին, ներկայանում` պատվի առնելով, վերջիններիս հասկանալի ձևով ներկայանում` հայտնելով իրենց պաշտոնը, կոչումը, ազգանունը և ստորաբաժանումը։ Անձի խնդրանքով պարեկային ծառայողները ներկայացնում են նաև իրենց ծառայողական վկայականը կամ ոստիկանության ծառայողի անհատական կրծքանշանը։ Կանոնագրքի 143-րդ կետի համաձայն` պարեկային ծառայողը վարչական իրավախախտում կատարած անձին հայտնում է, թե ինչ իրավախախտում է իր կողմից կատարվել և ինչպես է այն դրսևորվել, մատնանշում է համապատասխան իրավական նորմը, որով սահմանված է կատարված խախտումը։ Կանոնագրքի 144-րդ կետի համաձայն` պարեկային ծառայողը վարչական իրավախախտում կատարած անձին տեղեկացնում է, որ դրսևորած վարքագիծը առաջացնում է վարչական պատասխանատվություն, որից հետո իրավախախտման վայրում պարեկային ծառայողին ամրակցված պլանշետի հատուկ ծրագրային ապահովման միջոցով կազմվում է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։ Կանոնագրքի 146-րդ կետի համաձայն` վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության մեջ` համապատասխան հատկացված հատվածում, իրավախախտում կատարած անձից պարեկային ծառայողը վերցնում է բացատրություն: Պարեկային ծառայողը իրավախախտին տեղեկացնում է դիտողություններ, առարկություններ ներկայացնելու իրավունքի վերաբերյալ` ապահովելով անձի լսված լինելու իրավունքի իրացումը: Բացատրում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 267-րդ հոդվածով սահմանված նրա իրավունքներն ու պարտականությունները: Կանոնագրքի 148-րդ կետի համաձայն` պարեկային ծառայողը վարչական պատասխանատվության ենթարկված անձին պարտադիր տեղեկացնում է որոշման բողոքարկման կարգը (վարչական, ինչպես նաև դատական կարգով` օրենքով սահմանված կարգով և ժամկետներում): Անդրադառնալով պարեկային ծառայողի կողմից Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 255-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված արձանագրության կազմմանը՝ ՀՀ վճռաբեկ դատարանն ընդգծել է հետևյալը․ Պարեկային ծառայողի կողմից արձանագրություն կազմելն իրավական կարևոր գործընթաց է, որն ունի հետևյալ հիմնական նպատակները․ 1. իրավունքների և պարտականությունների իրազեկման հավաստում․ արձանագրություն կազմելիս պարեկային ծառայողը պարտավոր է տեղեկացնել ենթադրյալ իրավախախտում թույլ տված անձին իր իրավունքների և պարտականությունների մասին, լսել և արձանագրել նրա բացատրությունները կամ առարկությունները, պարզաբանել բողոքարկման կարգը։ 2. Ենթադրյալ իրավախախտման փաստի ամրագրում․ արձանագրությունը, վարութային փաստաթուղթ է, որում, ի թիվս այլնի, նշվում են ենթադրյալ իրավախախտման հիմքը և էությունը, դեպքի ժամն ու վայրը։ 3. Ապացուցողական հիմքի ստեղծում․ արձանագրությունը, ըստ էության, այն հիմնական ապացույցն է, որը հիմք է հանդիսանում ենթադրյալ իրավախախտման փաստը հաստատված համարելու և անձի նկատմամբ համապատասխան պատասխանատվության միջոցը կիրառելու համար։ ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ արձանագրել է, որ վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննությունն իրականացնելու իրավասություն ունեցող պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինները (պաշտոնատար անձինք) վարչական իրավախախտում կատարելու մասին արձանագրությունը պետք է կազմեն ենթադրյալ իրավախախտումը կատարած անձի ներկայությամբ, և վերջինս պետք է ստորագրի այն, իսկ եթե նա հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, ապա վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննելու իրավասություն ունեցող վարչական մարմինը (պաշտոնատար անձը) դրա մասին համապատասխան նշում է կատարում արձանագրության մեջ: Անձը, որին վերագրվում է ենթադրյալ վարչական իրավախախտումը, իրավունք ունի ներկայացնել բացատրություններ և դիտողություններ արձանագրության բովանդակության առթիվ, որոնք կցվում են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությանը, իսկ այն դեպքերում, երբ նա հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, ապա կարող է արձանագրությունում շարադրել այն շարժառիթները, որոնք իր կարծիքով հիմք են հանդիսացել արձանագրությունը ստորագրելուց հրաժարվելու համար: Բացի այդ, վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննությունն իրականացնելու իրավասություն ունեցող պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինները (պաշտոնատար անձինք) վարչական իրավախախտում կատարելու մասին արձանագրություն կազմելիս անձին պետք է բացատրեն Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 267-րդ հոդվածով նախատեսված՝ նրա իրավունքներն ու պարտականությունները, և դրա մասին նույնպես համապատասխան նշում կատարեն արձանագրության մեջ: Այսպիսով, ՀՀ վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ վարչական մարմինը (պաշտոնատար անձը) իրավասու է իրավախախտին ենթարկել վարչական պատասխանատվության միայն վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը կազմելու վերոգրյալ ընդհանուր կանոնների, ինչպես նաև արձանագրության բովանդակությանը ներկայացվող հիմնական պահանջների պահպանման պայմաններում (տե՛ս, ըստ հայցի Գառնիկ Վերմիշյանի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/0150/05/16 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22․03․2019 թվականի որոշումը): Վերահաստատելով նշված դիրքորոշումը՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 267-րդ հոդվածը, ըստ էության, հանդիսանում է վարչական պատասխանատվության վարույթի հիմնասյուներից մեկը, քանի որ այն երաշխավորում է անձի՝ վարչական վարույթի ընթացքում լսված լինելու իրավունքի պատշաճ իրացման հնարավորությունը։ Մասնավորապես, անձը, օրենքով սահմանված կարգով իրավունք ունի հասկանալու, թե կոնկրետ ինչում և ինչ հիմքով է մեղադրվում, կարող է ներկայացնել իր անմեղությունը հիմնավորող համապատասխան ապացույցներ, տալ բացատրություններ, իրացնել իր լսված լինելու իրավունքը, ստորագրել արձանագրությունը կամ հրաժարվել այն ստորագրելուց, վարչական ակտը բողոքարկել վերադասության և/կամ դատական կարգով։ Միաժամանակ անձը, որին վերագրվում է ենթադրյալ վարչական իրավախախտումը, իրավունք ունի ներկայացնելու բացատրություններ և դիտողություններ արձանագրության բովանդակության առթիվ, որոնք կցվում են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությանը, իսկ այն դեպքերում, երբ նա հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, ապա կարող է արձանագրությունում շարադրել այն շարժառիթները, որոնք իր համար հիմք են հանդիսացել արձանագրությունը ստորագրելուց հրաժարվելու։ Ընդ որում, ենթադրյալ իրավախախտում թույլ տված անձի կողմից արձանագրության ստորագրումն ինքնին բավարար է եզրակացնելու, որ նա առնվազն չի առարկում պարեկային ծառայողի կողմից արձանագրության կազմման ընթացակարգի պահպանման հարցում։ Այսպիսով, ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ իրավական տեսանկյունից, որպես ապացույց, բավարար է արձանագրության մեջ՝ «Արձանագրությանը ծանոթացա, իմ իրավունքների ու պարտականությունների մասին քաղվածքը և խախտման քննարկման վայրի ու ժամանակի վերաբերյալ ծանուցումն ստացա» տողում, ենթադրյալ իրավախախտում թույլ տված անձի ստորագրության առկայությունը փաստելու համար, որ անձը պատշաճ իրազեկվել է իր իրավունքների և պարտականությունների մասին։ Ամփոփելով վերոգրյալը՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը կարող է գնահատվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 255-րդ հոդվածի պահանջներին բավարարող և հիմք հանդիսանալ տուգանք կիրառելու մասին որոշում կայացնելու համար, եթե այն, ի թիվս այլնի, պարունակում է նաև նշում արձանագրություն կազմելիս խախտողին նույն օրենսգրքի 267-րդ հոդվածով սահմանված նրա իրավունքներն ու պարտականությունները բացատրելու մասին, ինչը ենթադրյալ իրավախախտում թույլ տված անձը հաստատում է Ծառայության պաշտոնատար անձի կողմից կազմված վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության՝ «Արձանագրությանը ծանոթացա, իմ իրավունքների ու պարտականությունների մասին քաղվածքը և խախտման քննարկման վայրի ու ժամանակի վերաբերյալ ծանուցումն ստացա» տողում ստորագրելով։ Այսինքն՝ Ծառայության պաշտոնատար անձի կողմից կազմված վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության՝ «Արձանագրությանը ծանոթացա, իմ իրավունքների ու պարտականությունների մասին քաղվածքը և խախտման քննարկման վայրի ու ժամանակի վերաբերյալ ծանուցումն ստացա» տողում ենթադրյալ իրավախախտում թույլ տված անձի ստորագրության առկայությունը, ըստ էության, դիտվում է որպես անձի կողմից այդ տողում նշված համապատասխան փաստի ընդունում, եթե առկա չեն դիտողություններ կամ արձանագրված փաստը հերքող այլ ապացույցներ (տե՛ս, Ստեփան Սարգսյանն ընդդեմ Ծառայության թիվ ՎԴ/4295/05/24 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 03.07.2026 թվականի որոշումը): Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ. Սույն վարչական գործը հարուցվել է Գեղամ Գասպարյանի կողմից ներկայացված հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է անվավեր ճանաչել Ծառայության 27.09.2024 թվականի թիվ 8400656193 և 29.10.2024 թվականի որոշումները։ Դատարանը հայցը մերժել է, ի թիվս այլնի, պատճառաբանելով, որ ․․․ թեև պարեկային ծառայողի համազգեստի վրա կրվող շարժական տեսախցիկից արված տեսանյութը չի պարունակում տեղեկատվություն հայցվորին իր իրավունքների ու պարտականությունների բացատրման մասին, Դատարանը գտնում է, սույն գործով վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը կազմվել է հայցվորի ներկայությամբ, իսկ իր իրավունքների ու պարտականությունների բացատրման վերաբերյալ ապացույցի չլինելը չի կարող հանդիսանալ այնպիսի ընթացակարգային խախտում, որը հիմք հանդիսանա վիճարկվող որոշումն անվավեր ճանաչելու համար հատկապես այն պայմաններում, 27․09․2024 թվականի վարչական իրավախախտման արձանագրության «Արձանագրությանը ծանոթացա, իմ իրավունքների ու պարտականությունների մասին քաղվածքը և խախտման քննարկման վայրի ու ժամանակի վերաբերյալ ծանուցումն ստացա» տողում առկա է հայցվորի ստորագրությունը, հետևաբար Դատարանը գտնում է, որ սույն դեպքում պահպանված են Վարչական իրավախախտման վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 267-րդ հոդվածով նախատեսված պահանջները։ Վերաքննիչ դատարանը բողոքարկվող որոշմամբ Գեղամ Գասպարյանի վերաքննիչ բողոքը բավարարել է՝ բեկանել է Դատարանի 17․04․2025 թվականի վճիռը և այն փոփոխել՝ հայցը բավարարել է։ Ըստ բողոքարկվող որոշման՝ Վերաքննիչ դատարանը, պարեկային ծառայողի համազգեստին ամրակցված տեսանկարահանող սարքի միջոցով նկարահանված տեսանյութի ուսումնասիրության արդյունքում փաստում է, որ այն ամբողջական չէ և չի պարունակում Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 267-րդ հոդվածով նախատեսված՝ Գեղամ Գասպարյանի իրավունքներն ու պարտականությունները բացատրելու դրվագը: Միաժամանակ, Վերաքննիչ դատարանը փաստում է, որ, թեպետ Ծառայության 27.09.2024թ., ժամը 00:46-ին կազմված վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության «արձանագրությանը ծանոթացա, իմ իրավունքների ու պարտականությունների մասին քաղվածքը և խախտման քննարկման վայրի ու ժամանակի վերաբերյալ ծանուցումը ստացա» տողում առկա է Գեղամ Գասպարյանի ստորագրությունը, սակայն տեսանյութի տվյալ հատվածի բացակայության պայմաններում հնարավորություն չի տալիս միանշանակ եզրահանգում կատարելու այն մասին, որ Գեղամ Գասպարյանին բացատրվել են իր իրավունքներն ու պարտականությունները և տրամադրվել է իրավունքների ու պարտականությունների մասին քաղվածքը: Ավելին, իրավունքների ու պարտականությունների մասին քաղվածքը կցված է Ծառայության կողմից ներկայացված արձանագրությանը կից և ստորագրված չէ Գեղամ Գասպարյանի կողմից: Ընդ որում, Գեղամ Գասպարյանի կողմից վիճարկվող փաստերը՝ արձանագրությունը կազմելու պահին Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 267-րդ հոդվածով նախատեսված իրավունքներն ու պարտականությունները բացատրված լինելու վերաբերյալ, ապացուցման են ենթակա Ծառայության կողմից: Մինչդեռ, այդ փաստերի ապացուցման բեռը կրելով հանդերձ, Ծառայությունը չի ապացուցել վիճելի փաստերի գոյությունը։ Ուստի, այդ փաստերի չապացուցման բացասական հետևանքները՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի ուժով, կրում է վարչական մարմինը, տվյալ դեպքում՝ Ծառայությունը: Ինչ վերաբերում է բողոքաբերի այն պնդումներին, որ համաձայն չի եղել զննության արդյունքների հետ, պահանջել է այլ եղանակով զննության իրականացում, ապա Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ նշված հանգամանքը չի հաստատվում գործում առկա որևէ ապացույցով: Հետևաբար, անհիմն են այդ առնչությամբ բողոքով ներկայացված պնդումները: Ամբողջ վերը նշվածի հաշվառմամբ՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Ծառայության 27.09.2024թ. թիվ 8400656193 որոշումն ընդունվել է վերոհիշյալ իրավանորմերի պահանջների խախտմամբ, ինչը, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն, բավարար է եղել այն անվավեր ճանաչելու համար: Միաժամանակ, Վերաքննիչ դատարանը փաստում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ եթե մինչև վարչական հայց ներկայացնելը միջամտող վարչական ակտը բողոքարկվել է վարչական կարգով, ապա հայցը ներառում է նաև վարչական բողոքի վերաբերյալ կայացված միջամտող վարչական ակտի վիճարկման պահանջ: Հետևաբար, վերոհիշյալ պատճառաբանությամբ անվավեր ճանաչման է ենթակա եղել նաև Ծառայության պետի 29.10.2024թ. որոշումը, որով 27.09.2024թ. թիվ 8400656193 որոշումը թողնվել է անփոփոխ, իսկ վարչական բողոքն առանց բավարարման: ․․․ Հաշվի առնելով, որ հաստատված փաստական հանգամանքները բավարար են վերջնական դատական ակտ կայացնելու համար, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել Վերաքննիչ դատարանի վճիռը բեկանելու և փոփոխելու լիազորությունը: ․․․։ Սույն որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը. Վարչական իրավախախտման վերաբերյալ 27․09․2024 թվականի, ժամը 00։46-ին կազմված արձանագրության համաձայն՝ Գեղամ Գասպարյանը, խախտելով Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 7-րդ մասի ա ենթակետը, քաղաք Երևան, Կենտրոն, Ծովակալ Իսակովի պողոտայում 27․09․2024 թվականին, ժամը 00։28-ի սահմաններում «MERCEDES-BENZ S550» մակնիշի ■■■ հաշվառման համարանիշի տրանսպորտային միջոցը վարել է ոչ սթափ վիճակում վարորդի մեկ լիտր արտաշնչած օդի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը գերազանցել է 0․5 միլիգրամը, որը նախատեսված է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 126-րդ հոդվածի 2-րդ մասով։ Արձանագրության մեջ «Արձանագրությանը ծանոթացա, իմ իրավունքների ու պարտականությունների մասին քաղվածքը և խախտման քննարկման վայրի ու ժամանակի վերաբերյալ ծանուցումը ստացա» տողում առկա է ստորագրություն։ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հայցվորը, ստորագրելով արձանագրության «Արձանագրությանը ծանոթացա, իմ իրավունքների ու պարտականությունների մասին քաղվածքը և խախտման քննարկման վայրի ու ժամանակի վերաբերյալ ծանուցումը ստացա» տողը, ըստ էության, փաստել է, որ պարեկային ծառայողի կողմից տեղեկատվությունը ստացել է, միաժամանակ, ըստ էության, հավաստել է, որ համաձայնել է պարեկային ծառայողի կողմից իրականցված արձանագրման ընթացակարգի հետ։ Տվյալ դեպքում նշված արձանագրության մեջ հայցվորի ստորագրության առկայությունը վերոգրյալ գրառման դիմաց արդեն իսկ բավարար է փաստելու, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 255-րդ հոդվածի իմպերատիվ պահանջով արձանագրությունը կազմելիս հայցվորին պարեկային ծառայողի կողմից բացատրվել են նույն օրենսգրքի 267-րդ հոդվածով նախատեսված նրա իրավունքներն ու պարտականությունները։ Ընդ որում, էական նշանակություն ունի այն հանգամանքը, որ հայցվորը չի հրաժարվել ստորագրել արձանագրությունը, չի ներկայացրել արձանագրությանը կցվող բացատրություններ և դիտողություններ արձանագրության բովանդակության առթիվ, որպիսի փաստն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից։ Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի այն հետևությանը, որ ․․․ պարեկային ծառայողի համազգեստին ամրակցված տեսանկարահանող սարքի միջոցով նկարահանված տեսանյութի ուսումնասիրության արդյունքում փաստում է, որ այն ամբողջական չէ և չի պարունակում Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 267-րդ հոդվածով նախատեսված՝ Գեղամ Գասպարյանի իրավունքներն ու պարտականությունները բացատրելու դրվագը, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ օրենսդիրը հստակեցրել է, որ տեսաձայնագրման միջոցով ամրագրվում է ոչ թե ենթադրյալ իրավախախտում կատարած անձին պարեկային ծառայողի կողմից Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 267-րդ հոդվածով նախատեսված՝ նրա իրավունքներն ու պարտականությունները բացատրելու հանգամանքը, այլ նրա` բացատրություն տալու և դիտողություններ անելու իրավունքի իրացման փաստը և բովանդակությունը, ընդ որում՝ նշվածն այն դեպքում, երբ արձանագրությունը կազմվում է թվային՝ տեսաձայնագրման եղանակով։ Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նշված պատճառաբանությամբ անհիմն է նաև Վերաքննիչ դատարանի վերոգրյալ հետևությունը։ Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել նաև հետևյալը. ՀՀ Սահմանադրության 171-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ Վճռաբեկ դատարանը դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում վերանայելու միջոցով ապահովում է օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը։ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ Վճռաբեկ դատարանը դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակում վերանայելու միջոցով ապահովում է օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը։ Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը Վճռաբեկ դատարանն ապահովում է, եթե առկա է իրավունքի զարգացման խնդիր, կամ տարբեր գործերով դատարանների կողմից նորմատիվ իրավական ակտը տարաբնույթ է կիրառվել կամ չի կիրառվել տարաբնույթ իրավաընկալման հետևանքով: «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք իր գործի քննության ժամանակ որպես իրավական փաստարկ իրավունք ունի վկայակոչելու նույնանման փաստերով այլ գործով Հայաստանի Հանրապետության դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատական ակտում առկա օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտի մեկնաբանությունները: Դատարանն անդրադառնում է նման իրավական փաստարկներին: Տվյալ դեպքում բողոք բերած անձի կողմից, որպես իրավական փաստարկ, վկայակոչվել է թիվ ՎԴ/13509/05/21 վարչական գործով ՀՀ վարչական դատարանի 03․02․2023 թվականի վճիռը, որով արձանագրվել է, որ ․․․ անդրադառնալով հայցվորի այն փաստարկին, որ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը կազմելիս իրեն չեն բացատրվել իր իրավունքներն ու պարտականությունները, Դատարանը գտնում է, որ նշված փաստարկը ևս անհիմն է, քանի որ 25.10.2021թ. կազմված վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության «Արձանագրությանը ծանոթացա, իմ իրավունքների ու պարտականությունների մասին քաղվածքը և խախտման քննարկման վայրի ու ժամանակի վերաբերյալ ծանուցումն ստացա» տողում առկա է հայցվորի Մհեր Սագսյանի ստորագրությունը և որևէ դիտողություն ներկայացված չէ։ Միաժամանակ, բողոք բերած անձի կողմից, որպես իրավական փաստարկ վկայակոչվել է նաև թիվ ՎԴ/3942/05/23 վարչական գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 29․03․2024 թվականի որոշումը, որով արձանագրվել է, որ ․․․ Բացի այդ, հարկ է նշել, որ 23.03.2023 թվականին կազմված Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության «վարչական իրավախախտում կատարած անձի բացատրությունը, դիտողությունը, ստորագրությունը» և «Արձանագրությանը ծանոթացա, իմ իրավունքների ու պարտականությունների մասին քաղվածքը և խախտման քննարկման վայրի ու ժամանակի վերաբերյալ ծանուցումն ստացա» տողի «իրավախախտում կատարած անձի ազգանունը, ստորագրությունը» տողերում առկա է հայցվորի ստորագրությունը, այսինքն` վարչական պատասխանատվության ենթարկվող անձը՝ Հայցվորը, հայտնել է իր համաձայնությունն արձանագրված իրավախախտման վերաբերյալ, որի հիման վրա կայացվել է սույն գործով վիճարկվող որոշումը: Նշվածը, Վերաքննիչ դատարանի գնահատմամբ, մեկ անգամ ևս փաստում է հայցվորի մասնակցությամբ կատարված ընթացակարգային գործողությունների իրավաչափության մասին։ Մինչդեռ, սույն գործով Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ ․․․ պարեկային ծառայողի համազգեստին ամրակցված տեսանկարահանող սարքի միջոցով նկարահանված տեսանյութի ուսումնասիրության արդյունքում փաստում է, որ այն ամբողջական չէ և չի պարունակում Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 267-րդ հոդվածով նախատեսված՝ Գեղամ Գասպարյանի իրավունքներն ու պարտականությունները բացատրելու դրվագը: ․․․ Ընդ որում, Գեղամ Գասպարյանի կողմից վիճարկվող փաստերը՝ արձանագրությունը կազմելու պահին Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 267-րդ հոդվածով նախատեսված իրավունքներն ու պարտականությունները բացատրված լինելու վերաբերյալ, ապացուցման են ենթակա Ծառայության կողմից: Մինչդեռ, այդ փաստերի ապացուցման բեռը կրելով հանդերձ, Ծառայությունը չի ապացուցել վիճելի փաստերի գոյությունը։ Ուստի, այդ փաստերի չապացուցման բացասական հետևանքները՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի ուժով, կրում է վարչական մարմինը, տվյալ դեպքում՝ Ծառայությունը: ․․․։ Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը, իրացնելով օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունն ապահովելու լիազորությունը, վերահաստատում է, որ արձանագրության «Արձանագրությանը ծանոթացա, իմ իրավունքների ու պարտականությունների մասին քաղվածքը և խախտման քննարկման վայրի ու ժամանակի վերաբերյալ ծանուցումը ստացա» տողի վրա առկա իրավախախտում կատարած անձի ստորագրությունը, ըստ էության, փաստում և հավաստում է, որ պարեկային ծառայողի կողմից տեղեկատվությունը ստացել է ու համաձայնել է արձանագրման ընթացակարգի հետ, որպիսի պարագայում Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 267-րդ հոդվածով սահմանված իրավունքների և պարտականությունների մասին անձի ծանուցված լինելու իրավունքը այսուհետ պետք է մեկնաբանել սույն որոշմամբ տրված դիրքորոշման հաշվառմամբ։ Նշված պատճառաբանություններով հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները: Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-151-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ. «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է: Դատական ակտին օրինական ուժ տալիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը: 5․ Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախuերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախuերից: ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին: Նկատի ունենալով այն, որ Ծառայության կողմից վճռաբեկ բողոքի համար արդեն վճարվել է 30.000 ՀՀ դրամ, և քանի որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, այսինքն` այդ ծավալով վճարված պետական տուրքն անհրաժեշտ է եղել վճռաբեկ բողոք բերած անձի դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար, ուստի, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ծառայության կողմից նախապես վճարված պետական տուրքի գումարը՝ 30.000 ՀՀ դրամի չափով, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի հիմքով ենթակա է բռնագանձման Գեղամ Գասպարյանից հօգուտ Ծառայության։ Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պետական տուրքից բացի, այլ դատական ծախս կատարված լինելու վերաբերյալ որևէ ապացույց գործում առկա չէ։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը Ո Ր Ո Շ Ե Ց 1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն։ Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 26․02․2026 թվականի որոշումը և օրինական ուժ տալ ՀՀ վարչական դատարանի 17․04․2025 թվականի վճռին: 2. Գեղամ Գասպարյանից հօգուտ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության բռնագանձել 30.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար: 3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ: Նախագահող Զեկուցող Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ Ք. ՄԿՈՅԱՆ Լ. ՀԱԿՈԲՅԱՆ