Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am

Վճռաբեկ դատարան · Քրեական

ԵԴ/0595/01/23

Վճռաբեկ դատարանի որոշումների ցանկից (cassationcourt.am/decisions)՝ դատարանի նախադեպային շտեմարանում այն չկա։

Գործի համարը
ԵԴ/0595/01/23
Դիմող / մեղադրյալ
Կարեն Ղազարյան
Դատական ակտի ընդունման ամսաթիվը
04.09.2026

Որոշման տեքստը

դատարանի Word ֆայլից
ԵԴ/0595/01/23 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան, նախագահող դատավոր՝ Ս.Գզոգյան ՀՀ վերաքննիչ քրեական դատարան, նախագահող դատավոր՝ Մ.Մելքոնյան դատավորներ՝ Ա.Բեկթաշյան Ա.Մաթևոսյան 4 սեպտեմբերի 2026 թվական ք.Երևան ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), նախագահությամբ՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ մասնակցությամբ դատավորներ` Հ.ԳՐԻԳՈՐՅԱՆԻ Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ գրավոր ընթացակարգով քննության առնելով մեղադրյալ Կարեն Համլետի Ղազարյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի փետրվարի 20-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Պողոսյանի վճռաբեկ բողոքը, Պ Ա Ր Զ Ե Ց Վարույթի դատավարական նախապատմությունը. 1. 2022 թվականի մարտի 1-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժնում 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նաև ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 268-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 17183422 քրեական գործը: 2. 2022 թվականի մարտի 2-ին քրեական գործը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Նոր Նորքի քննչական բաժին: 3. Նախաքննության մարմնի՝ 2022 թվականի ապրիլի 14-ի որոշմամբ Կարեն Համլետի Ղազարյանը ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով: 4. Նախաքննության մարմնի՝ 2023 թվականի մարտի 6-ի որոշմամբ քրեական վարույթը փոխակերպվել է բժշկական բնույթի հարկադրանքի վարույթի: 5. 2023 թվականի մարտի 17-ին նախաքննության մարմնի կողմից կազմվել է եզրափակիչ ակտ և հանձնվել դատախազին: 5.1. 2023 թվականի մարտի 22-ին Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Ն.Թոփուզյանի կողմից եզրափակիչ ակտը հաստատելու և վարույթի նյութերը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան հանձնելու վերաբերյալ որոշում է կայացվել: 6. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան)՝ 2023 թվականի հուլիսի 26-ի դատավճռով ապացուցված է համարվել Կարեն Համլետի Ղազարյանի կողմից ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքն անմեղսունակության վիճակում կատարելը և նրա նկատմամբ նշանակվել է հարկադիր արտահիվանդանոցային հսկողություն և հարկադիր բուժում։ Նրա նկատմամբ ընտրված անվտանգության միջոցը՝ ընտանեկան հսկողությունը, թողնվել է անփոփոխ՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը: 7. Դատախազ Ն.Թոփուզյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2024 թվականի փետրվարի 20-ի որոշմամբ բողոքը մերժել է, իսկ Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի հուլիսի 26-ի դատավճիռը՝ թողել անփոփոխ։ 8. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Պողոսյանը ներկայացրել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2024 թվականի հուլիսի 16-ի որոշմամբ ընդունվել է վարույթ և սահմանվել դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։ Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ փաստարկներով. 9. Բողոքաբերը նշել է, որ Կարեն Ղազարյանի նկատմամբ հարկադիր արտահիվանդանոցային հսկողություն և հարկադիր բուժում նշանակելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևություններն իրավաչափ չեն: Բողոքի հեղինակը փաստարկել է, որ Առաջին ատյանի դատարանը՝ Կարեն Ղազարյանի նկատմամբ սահմանելով հարկադիր արտահիվանդանոցային հսկողություն և հարկադիր բուժում, իսկ Վերաքննիչ դատարանը՝ համաձայնելով Առաջին ատյանի դատարանի հետ, թույլ են տվել դատական սխալ՝ նյութական օրենքի սխալ կիրառում, որն ազդել է վարույթի ելքի վրա՝ խաթարելով արդարադատության բուն էությունը: Բողոքաբերը նշել է, որ դատահոգեբուժական փորձաքննության եզրակացության համաձայն՝ Կարեն Ղազարյանը ճանաչվել է անմեղսունակ, քանի որ 1994 թվականից տառապում է ************ հիվանդությամբ, ընդ որում` նա իր հոգեկան վիճակով վտանգավորություն չի ներկայացնում։ Բացի այդ, դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությամբ արձանագրվել է, որ Կարեն Ղազարյանը կարիք ունի բուժման: Բողոք բերած անձը փաստարկել է, որ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 97-րդ հոդվածի համակողմանի վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը դատարանին վերապահել է հոգեկան վիճակով վտանգավորություն չներկայացնող անձանց հարկադիր արտահիվանդանոցային հսկողությունը և հարկադիր բուժումը կազմակերպելու նպատակով վերջիններիս վերաբերյալ անհրաժեշտ նյութերը ՀՀ առողջապահության մարմիններ հանձնելու լիազորություն: Մինչդեռ սույն դեպքում, արարքն անմեղսունակության վիճակում կատարած և միաժամանակ հոգեկան վիճակով վտանգավորություն չներկայացնող անձ Կարեն Ղազարյանի հարկադիր արտահիվանդանոցային հսկողության և հարկադիր բուժման հարցը լուծելու համար անհրաժեշտ նյութերը առողջապահության մարմիններին ուղարկելու փոխարեն, դատարանն ինքն է նշանակել հարկադիր արտահիվանդանոցային հսկողություն և հարկադիր բուժում: Ըստ բողոքի հեղինակի՝ ստորադաս դատարանների կողմից կիրառվել է ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 97-րդ հոդվածի 2-րդ մասը, որը ենթակա չէր կիրառման, և չի կիրառվել նույն օրենսգրքի 97-րդ հոդվածի 4-րդ մասը, որը ենթակա էր կիրառման: Բողոքաբերը նշել է, որ ստորադաս դատարանները ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 97-րդ հոդվածի 2-րդ մասը կիրառել են Վճռաբեկ դատարանի թիվ ԵԿԴ/0045/14/13, ԳԴ5/0014/01/13 և ԵԱՆԴ/0030/01/15 որոշումներով տվյալ նորմին տրված մեկնաբանությանը հակասող մեկնաբանությամբ: 10. Ելնելով վերոգրյալից՝ բողոքաբերը խնդրել է Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի հուլիսի 26-ի դատավճիռն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի փետրվարի 20-ի որոշումը մասնակի՝ Կարեն Ղազարյանի նկատմամբ հարկադիր արտահիվանդանոցային հսկողություն ու հարկադիր բուժում նշանակելու մասով բեկանել և փոփոխել, ու նրա վերաբերյալ անհրաժեշտ նյութերը հանձնել ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմ՝ նրա բուժման հարցը լուծելու համար: Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները. 11. Կարեն Ղազարյանին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «(…) [Ն]ա, խախտելով «Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջը, այն է՝ չունենալով բժշկական նպատակներով կամ բժշկի նշանակմամբ թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառություն իրականացնելու՝ թմրամիջոց պատրաստելու, վերամշակելու, ձեռք բերելու, պահելու, փոխադրելու կամ առաքելու թույլտվություն, 2021 թվականի դեկտեմբերի սկզբին, նախաքննությամբ չպարզված օրը և ժամին, ******-ի մարզի ****** ****** գյուղի հարևանությամբ գտնվող դաշտավայրերից մեկում նկատելով արդեն իսկ չորացած վայրաճ կանեփ տեսակի բույս, իր անձնական օգտագործման համար «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց պատրաստելու համար նշված բույսն իր տերևներով քաղել է, ինչից հետո մաղի վրա փշրելու միջոցով մանրացնելով բույսի տերևները, իր անձնական օգտագործման համար առանց իրացման նպատակի ապօրինի պատրաստել է «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց, ինչից քրեական գործի նախաքննությամբ չպարզված չափի թմրամիջոցը ծխելու եղանակով օգտագործել է, իսկ ընդհանուր զգալի չափերի՝ 3.52 գրամ հաստատուն չոր քաշով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցն առանց իրացնելու նպատակի ապօրինի պահել է իր հագուստի գրպանում, որն էլ հայտնաբերվել է ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնի աշխատակիցների կողմից 2022թ. փետրվարի 2-ին կատարված նրա անձնական խուզարկության ժամանակ»։ 12. Ամբուլատոր դատահոգեբուժական փորձագիտական հանձնաժողովի թիվ **/** եզրակացության համաձայն՝ «(…) Կարեն Համլետի Ղազարյանը 1994թ.-ից ի վեր տառապում է «********, ********** ***, ****** ********» ախտորոշմամբ խրոնիկական հոգեկան հիվանդությամբ: Այդ մասին վկայում են ինչպես անամնեստիկ տեղեկությունները 1994թ.-ից սկսած հոգեբուժական ստացիոնարներ նրա ունեցած բազմաթիվ հոսպիտալացումների մասին, նույն ժամանակվանից առաջացած ******* ******** ******* ********, ************ և ************ *********** ********************* *****************, ************* ************ ***********, *********** *********** ********* ********* *********** *****************, աստիճանաբար ձևավորված *************** տիպի անձի նեգատիվ փոփոխությունների՝ ************* ************** ************ մասին: Տվյալ ախտորոշումը հաստատվում է նաև ներկա փորձաքննության արդյունքներով, որոնք թույլ տվեցին փորձաքննվողի մոտ հայտնաբերել ************** *************, *******************, ****************, ***************** *****************, *******************, *********************, ************* ************** ******** ***********-************* **************, **************** և ************* ************* ***************: Որպես խրոնիկական հոգեկան հիվանդությամբ տառապող անձնավորություն իրեն մեղսագրվող արարքը կատարելու ժամանակահատվածում նա կարող էր հասկանալ իր գործողությունների միայն արտաքին ֆորմալ կողմը, սակայն հաշվի առնելով արտահայտված **********-************ և **************** խանգարումները, ************** *************** բացակայությունը, չէր կարող հասկանալ իր գործողությունների փաստացի բնույթը և հասարակական վտանգավորությունը և չէր կարող ղեկավարել դրանք: Ուստի Կարեն Համլետի Ղազարյանին հարկ է կատարածի նկատմամբ ճանաչել ԱՆՄԵՂՍՈՒՆԱԿ։ Ներկայումս իր հոգեկան վիճակով նա սոցիալական վտանգավորություն չի ներկայացնում, համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 114-րդ հոդվածի 4-րդ մասի կարիք ունի բուժման ընդհանուր հիմունքներով: Իր ներկա հոգեկան վիճակով նա կարող է քրեական գործի վերաբերյալ հաղորդել որոշ արտաքին նկարագրական տեղեկություններ, սակայն չի կարող հասկանալ դրանց ներքին բովանդակային կողմը, իր ասածների իրավական հետևանքները, չի կարող ինքնուրույն օգտվել իր դատավարական իրավունքներից, հասկանալ քրեական գործի համար կարևոր նշանակություն ունեցող հանգամանքները և տալ ճշմարիտ ցուցմունքներ, չի կարող մասնակցել քննչական և դատավարական գործողություններին»։ 13. Առաջին ատյանի դատարանի դատավճռի համաձայն՝ «(…) Դատարանը գտնում է, որ Կարեն Ղազարյանի վերաբերյալ վարույթը լուծելիս կիրառման ենթակա են 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ու վերջինին վերագրվող արարքի կատարման պահին գործող ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան դրույթները, իսկ 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգիրքի դրույթները Կարեն Ղազարյանի վերաբերյալ վարույթով կիրառելի են այնքանով, որքանով բարելավում են նրա իրավական վիճակը։ (…) Դատարանն ապացուցված է համարում Կարեն Ղազարյանին վերագրվող փաստական հանգամանքները, այդ արարքի քրեական հակաիրավականությունը, Կարեն Ղազարյանի կողմից այդ արարքը կատարելը։ (…) Միաժամանակ, հիմք ընդունելով ամբուլատոր դատահոգեբուժական փորձաքննության թիվ **/** եզրակացությունը՝ Դատարանն ապացուցված է համարում Կարեն Ղազարյանի կողմից նշված արարքն անմեղսունակության վիճակում կատարելը։ Դատարանն արձանագրում է նաև, որ Կարեն Ղազարյանի արարքն ամբողջությամբ համապատասխանում է 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով (2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 1-ին մասով) նախատեսված հանցագործության հատկանիշներին: (…) Այսպիսով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Կարեն Ղազարյանն իրեն վերագրվող արարքը կատարել է անմեղսունակության վիճակում, այսինքն՝ քրեական օրենսգրքով նախատեսված արարքը կատարելու պահին հոգեկան առողջության խնդիրների հետևանքով չի գիտակցել իր արարքի հակաիրավականությունը կամ չի ղեկավարել դա, ուստի Դատարանն արձանագրում է, որ վերջինն իր կատարած արարքի համար քրեական պատասխանատվության ենթարկվել չի կարող։ Միաժամանակ, քննարկելով Կարեն Ղազարյանի նկատմամբ բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու անհրաժեշտության հարցը՝ Դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը՝ (…): Տվյալ դեպքում, ամբուլատոր դատահոգեբուժական փորձաքննության թիվ **/** եզրակացությամբ հաստատված է, որ Կարեն Ղազարյանը կարիք ունի բուժման ընդհանուր հիմունքներով: Վերոգրյալի հիման վրա Դատարանը գտնում է, որ Կարեն Ղազարյանի նկատմամբ պետք է նշանակվի հարկադիր արտահիվանդանոցային հսկողություն և հարկադիր բուժում»։ 14. Վերաքննիչ դատարանի որոշման համաձայն՝ «(…) 01.07.2022 թվականին ուժի մեջ է մտել ՀՀ նոր քրեական օրենսգիրքը և Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ ժամանակի ընթացքում քրեական օրենքի գործողության ընդհանուր կանոնը նախատեսում է, որ արարքի հանցավորությունը, պատժելիությունը և քրեաիրավական այլ հետևանքները որոշվում են արարքը կատարելու ժամանակ գործող քրեական օրենքով և արարքի կատարումից հետո ընդունված քրեական օրենքին կարող է հետադարձ ուժ տրվել միայն այն ժամանակ, երբ տվյալ օրենքը վերացնում է արարքի հանցավորությունը, մեղմացնում է պատիժը կամ այլ կերպ բարելավում է հանցանք կատարած անձի վիճակը, և տվյալ դեպքում Առաջին ատյանի դատարանը որպես կիրառելի իրավունք իրավաչափորեն հիմք է ընդունել մինչև 01.07.2022 թվականը գործող իրավակարգավորումները, (…) Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանը Կարեն Համլետի Ղազարյանի նկատմամբ ՀՀ նախկին քրեական օրենգրքով նախատեսված բժշկական բնույթի հարկադրանքի կոնկրետ միջոցի ընտրության հարցով նյութական իրավունքի խախտում թույլ չի տվել, իսկ վերաքննիչ բողոքում նշված փաստարկներն ի զորու չեն չեզոքացնելու Առաջին ատյանի դատարանի իրավաչափ հետևությունն առ այն, որ. «Տվյալ դեպքում, ամբուլատոր դատահոգեբուժական փորձաքննության թիվ **/** եզրակացությամբ հաստատված է, որ Կարեն Ղազարյանը կարիք ունի բուժման ընդհանուր հիմունքներով: Վերոգրյալի հիման վրա Դատարանը գտնում է, որ Կարեն Ղազարյանի նկատմամբ պետք է նշանակվի հարկադիր արտահիվանդանոցային հսկողություն և հարկադիր բուժում»: Այսպիսով, Վերաքննիչ դատարանը տվյալ դեպքում իր համաձայնությունն է հայտնում Առաջին ատյանի դատարանի հետևություններին և գտնում, որ վերաքննիչ բողոքում նշված փաստարկներն անհիմն են, չեն բխում դատաքննությամբ հետազոտված ապացույցներից և վերաբերելի իրավանորմերից: Ամփոփելով վերոշարադրյալը՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում Առաջին ատյանի դատարանի բողոքարկված դատական ակտը բեկանելու և մեղադրողի վերաքննիչ բողոքը բավարարելու իրավաչափ հիմքեր չկան, Առաջին ատյանի դատարանը թույլ չի տվել գործի ելքի վրա ազդեցություն ունեցող դատական սխալ, և կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ, որը բեկանելու իրավաչափ հիմքեր չկան, հետևաբար (…) դատախազ Ն.Թոփուզյանի վերաքննիչ բողոքը պետք է մերժել, իսկ Առաջին ատյանի դատարանի 26.07.2023 թվականի դատավճիռը՝ թողնել անփոփոխ: (…)»։ Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը. 15. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչափ են արդյո՞ք Կարեն Ղազարյանի նկատմամբ հարկադիր արտահիվանդանոցային հսկողություն և հարկադիր բուժում նշանակելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները: 16. ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Հանրության համար վտանգավոր արարքն անմեղսունակության վիճակում կատարած անձի նկատմամբ դատարանը կարող է նշանակել բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ»: ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 97-րդ հոդվածի համաձայն՝ «1. Բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ դատարանը կարող է նշանակել այն անձի նկատմամբ՝ 1) ով սույն օրենսգրքի Հատուկ մասի հոդվածով նախատեսված արարքը կատարել է անմեղսունակության վիճակում. 2) ում մոտ հանցանքը կատարելուց հետո առաջացել է պատժի նշանակումը կամ կատարումն անհնար դարձնող հոգեկան խանգարում. 3) ով հանցանք է կատարել սահմանափակ մեղսունակության վիճակում. 4) ով հանցանք է կատարել և ճանաչվել է ալկոհոլամոլությունից կամ թմրամոլությունից բուժման կարիք ունեցող: 2. Բժշկական բնույթի հարկադրանքի միջոցները սույն հոդվածի առաջին մասում նշված անձանց նկատմամբ նշանակվում են միայն այն դեպքերում, երբ հոգեկան խանգարումները կապված են այդ անձանց կողմից այլ էական վնաս պատճառելու հնարավորության կամ իր կամ այլ անձանց համար վտանգավորության հետ: (…) 4. Դատարանը կարող է սույն հոդվածի առաջին մասում նշված և իրենց հոգեկան վիճակով վտանգավորություն չներկայացնող անձանց վերաբերյալ անհրաժեշտ նյութերը հանձնել առողջապահության մարմիններ՝ այդ անձանց բուժելու կամ նրանց հոգեբուժական կազմակերպություն ուղարկելու հարցը լուծելու համար»: ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 98-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «1. Բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ են՝ 1) հոգեբույժի մոտ հարկադիր արտահիվանդանոցային հսկողությունը և հարկադիր բուժումը. 2) հոգեբուժական կազմակերպության ընդհանուր հսկողության հոգեբուժական բաժանմունքում հարկադիր բուժումը. 3) հոգեբուժական կազմակերպության հատուկ տիպի հոգեբուժական բաժանմունքում հարկադիր բուժումը»: 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նաև ՀՀ գործող քրեական օրենսգիրք) 114-րդ հոդվածի համաձայն՝ «1. Դատարանը բժշկական բնույթի հարկադրանքի միջոց է նշանակում այն անձի նկատմամբ, որը՝ 1) պատժի սպառնալիքով արգելված արարքի կատարման պահին գտնվել է անմեղսունակության վիճակում, 2) հանցանքի կատարման պահին գտնվել է սահմանափակ մեղսունակության վիճակում, 3) հանցանքի կատարման պահին գտնվել է մեղսունակության վիճակում, սակայն դրանից հետո նրա մոտ դրսևորվել է հոգեկան առողջության խնդիր, 4) կատարել է հանցանք և ալկոհոլամոլությունից, թմրամոլությունից, դեղամոլությունից կամ թունամոլությունից բուժման կարիք ունի: 2. Դատարանն անձի նկատմամբ նշանակում է բժշկական բնույթի հարկադրանքի միջոց, եթե հանգում է հետևության, որ անձը, իր առողջական վիճակով պայմանավորված, կարիք ունի բժշկական միջամտության, որը կապահովի իր կամ այլ անձի անվտանգությունը, ինչպես նաև սույն օրենսգրքի 111-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված՝ անվտանգության միջոցների կիրառման նպատակի իրականացումը: (…) 4. Դատարանը սույն հոդվածի 1-ին մասում նշված և հոգեկան վիճակով իր կամ այլ անձի համար վտանգավորություն չներկայացնող անձի վերաբերյալ անհրաժեշտ նյութերն ուղարկում է առողջապահության համապատասխան մարմին՝ այդ անձի բուժման հարցը լուծելու համար»: 17. Անմեղսունակ անձի նկատմամբ բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու վարույթի առանձնահատկություններին Վճռաբեկ դատարանն անդրադարձել է մի շարք որոշումներում, արտահայտելով հետևյալ իրավական դիրքորոշումները. - բժշկական բնույթի հարկադրանքի միջոցները քրեական օրենսգրքով նախատեսված պետական հարկադրանքի միջոցներ են, որոնք կարող են նշանակվել ՀՀ քրեական օրենսգրքի 97-րդ հոդվածով սահմանված անձանց նկատմամբ՝ նրանց բուժելու և նոր հանրորեն վտանգավոր արարքների կատարումը կանխելու նպատակով: Ընդ որում, այդ միջոցների կիրառման հիմքը նշված անձանց կողմից հանրորեն վտանգավոր արարք կատարելն է: Այլ կերպ, եթե առկա է ՀՀ քրեական օրենսգրքի 97-րդ հոդվածով սահմանված հիմքերից մեկը, ապա դատարանը որոշում է կայացնում ՀՀ քրեական օրենսգրքի 98-րդ հոդվածով նախատեսված բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներից որևէ մեկը կիրառելու մասին: Միաժամանակ հարկ է շեշտել, որ բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ նշանակելը դատարանի իրավունքն է: Այսինքն՝ հոգեկան հիվանդության կամ խանգարման առկայությունն ինքնին չի ենթադրում բժշկական բնույթի հարկադրանքի միջոցների պարտադիր նշանակում, դրանք նշանակվում են միայն այն դեպքում, երբ անձը քրեորեն պատժելի արարք կատարելուց հետո վտանգ է ներկայացնում իր կամ շրջապատի համար, - ապացուցված համարելով, որ անձի կողմից քրեական օրենքով չթույլատրված արարքը կատարվել է անմեղսունակության վիճակում՝ դատարանն անձին չի ենթարկում քրեական պատասխանատվության և պատժի, այլ որոշում է կայացնում նրա նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 98-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված բժշկական բնույթի հարկադրական միջոց կիրառելու մասին, եթե այդ անձը շարունակում է վտանգավոր լինել հասարակության համար և կարիք ունի իր նկատմամբ այդպիսի միջոցի կիրառման, - բժշկական բնույթի հարկադրանքի միջոցները, լինելով պետական հարկադրանքի միջոցների հատուկ տեսակներ, դատարանի կողմից կարող են կիրառվել օրենսդրի կողմից սահմանված ներքոշարադրյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում՝ ա) կատարվել է քրեական օրենքով չթույլատրված արարք, բ) արարքը կատարելիս անձը գտնվել է անմեղսունակության վիճակում, գ) անձը շարունակում է վտանգավոր լինել հասարակության համար: Հիշյալ պայմաններից որևէ մեկի բացակայությունը բացառում է ենթադրաբար անմեղսունակության վիճակում արարք կատարած անձանց նկատմամբ բժշկական բնույթի հարկադրանքի միջոցների կիրառման հնարավորությունը: Ուստի, օրենսդիրն այդ պայմանների առկայությունը պարզելու անհրաժեշտությամբ է պայմանավորել նշված անձանց նկատմամբ բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու վարույթի ընթացքում դատարանի կողմից լուծման ենթակա հարցերի շրջանակը: 18. ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 97-րդ և ՀՀ գործող քրեական օրենսգրքի 114-րդ հոդվածների համեմատական վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հոգեկան վիճակով իր կամ այլ անձի համար վտանգավորություն չներկայացնող անձանց նկատմամբ բժշկական բնույթի հարկադրանքի միջոց նշանակելու հնարավորության կապակցությամբ Վճռաբեկ դատարանի կողմից արտահայտած վերոհիշյալ իրավական դիրքորոշումները շարունակում են կիրառելի լինել։ Ուստի, վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ անձի մոտ հոգեկան հիվանդության կամ խանգարման առկայության պարագայում դատարանի կողմից բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ նշանակվում են միայն այն դեպքում, երբ անձը քրեորեն պատժելի արարք կատարելուց հետո վտանգ է ներկայացնում իր կամ այլ անձի համար: Իսկ եթե քրեորեն պատժելի արարք կատարած անձն իր կամ այլ անձի համար վտանգ չի ներկայացնում, ապա այդ դեպքում դատարանը ոչ թե նրա նկատմամբ պետք է նշանակի բժշկական բնույթի հարկադրանքի միջոց, այլ նրա վերաբերյալ անհրաժեշտ նյութերը պետք է ուղարկի առողջապահության համապատասխան մարմին՝ այդ անձի բուժման հարցը լուծելու համար։ Ընդ որում, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ եթե ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 97-րդ հոդվածի 4-րդ մասը դատարանի հայեցողությանն էր թողնում հոգեկան վիճակով վտանգավորություն չներկայացնող անձանց վերաբերյալ անհրաժեշտ նյութերն առողջապահության մարմիններ հանձնելու հարցի լուծումը, ապա ՀՀ գործող քրեական օրենսգրքի 114-րդ հոդվածի 4-րդ մասն իմպերատիվ բնույթ ունի, ուստիև դատարանը այդ հոդվածի 1-ին մասում նշված և հոգեկան վիճակով իր կամ այլ անձի համար վտանգավորություն չներկայացնող անձանց վերաբերյալ անհրաժեշտ նյութերը պարտադիր կարգով պետք է ուղարկի առողջապահության համապատասխան մարմին՝ այդ անձանց բուժման հարցը լուծելու համար։ 19. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ` - ամբուլատոր դատահոգեբուժական փորձագիտական հանձնաժողովի թիվ **/** եզրակացությամբ հաստատվել է, որ Կարեն Համլետի Ղազարյանն իր հոգեկան վիճակով սոցիալական վտանգավորություն չի ներկայացնում, - Առաջին ատյանի դատարանի դատավճռով ապացուցված է համարվել Կարեն Ղազարյանի կողմից ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքն անմեղսունակության վիճակում կատարելը, և նրա նկատմամբ նշանակվել է հարկադիր արտահիվանդանոցային հսկողություն ու հարկադիր բուժում, - Վերաքննիչ դատարանն իր համաձայնությունն է հայտնել Առաջին ատյանի դատարանի դատողություններին՝ դատավճիռը թողնելով անփոփոխ: 20. Նախորդ կետում մեջբերված փաստական տվյալները դիտարկելով սույն որոշման 16-18-րդ կետերում մեջբերված իրավանորմերի և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանները Կարեն Ղազարյանի նկատմամբ բժշկական բնույթի հարկադրանքի միջոց կիրառելու հարցում եկել են սխալ հետևության։ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Կարեն Ղազարյանի կողմից իր կամ այլ անձի համար վտանգ չներկայացնելու պայմաններում, նրա նկատմամբ, ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 97-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների և Վճռաբեկ դատարանի կողմից արտահայտված իրավական դիրքորոշումների անտեսմամբ, Առաջին ատյանի դատարանի կողմից կիրառվել է բժշկական բնույթի հարկադրանքի միջոց՝ հարկադիր արտահիվանդանոցային հսկողություն և հարկադիր բուժում։ Մինչդեռ, եթե դատարանը գտնում էր, որ Կարեն Ղազարյանն ունի բուժման կարիք, ապա ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 97-րդ հոդվածի 4-րդ մասի հիման վրա պետք է նրա վերաբերյալ անհրաժեշտ նյութերն ուղարկեր առողջապահության համապատասխան մարմին՝ նրա բուժման հարցը քննարկելու և լուծելու համար: 21. Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Կարեն Ղազարյանի նկատմամբ հարկադիր արտահիվանդանոցային հսկողություն և հարկադիր բուժում նշանակելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևություններն իրավաչափ չեն: 22. Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանը, Կարեն Ղազարյանի նկատմամբ հարկադիր արտահիվանդանոցային հսկողություն և հարկադիր բուժում նշանակելով, իսկ Վերաքննիչ դատարանը, Առաջին ատյանի դատարանի դատական ակտն անփոփոխ թողնելով, թույլ են տվել նյութական օրենքի ոչ ճիշտ կիրառում՝ կիրառել են 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 97-րդ հոդվածի 2-րդ մասը, որը ենթակա չէր կիրառման, և չեն կիրառել նույն օրենսգրքի 97-րդ հոդվածի 4-րդ մասը, որը ենթակա էր կիրառման, ինչը, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 387-րդ հոդվածի՝ ստորադաս դատարանների դատական ակտերը փոփոխելու հիմք է։ Հետևաբար, Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի հուլիսի 26-ի դատավճիռը և այն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի փետրվարի 20-ի որոշումը պետք է փոփոխել, և Կարեն Ղազարյանի վերաբերյալ անհրաժեշտ նյութերն ուղարկել ՀՀ առողջապահության նախարարություն՝ նրա բուժման հարցը լուծելու համար համապատասխան մարմին փոխանցելու նպատակով: Ստորադաս դատարանների դատական ակտերը մնացած մասով պետք է թողնել անփոփոխ։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 352-րդ, 359-րդ, 361-363-րդ և 385-387-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը Ո Ր Ո Շ Ե Ց 1. Կարեն Համլետի Ղազարյանի վերաբերյալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ 2023 թվականի հուլիսի 26-ի դատավճիռն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի փետրվարի 20-ի որոշումը փոփոխել։ 2. Կարեն Համլետի Ղազարյանի վերաբերյալ անհրաժեշտ նյութերն ուղարկել ՀՀ առողջապահության նախարարություն՝ նրա բուժման հարցը լուծելու համար համապատասխան մարմին փոխանցելու նպատակով։ 3. Ստորադաս դատարանների դատական ակտերը մնացած մասով թողնել անփոփոխ։ Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը: Նախագահող՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆ Դատավորներ՝ Հ.ԳՐԻԳՈՐՅԱՆ Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆ Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ Ա.ՊՈՂՈՍՅԱՆ