Վճռաբեկ դատարան · Քրեական
ԵԴ1/0075/09/25
Վճռաբեկ դատարանի որոշումների ցանկից (cassationcourt.am/decisions)՝ դատարանի նախադեպային շտեմարանում այն չկա։
- Գործի համարը
- ԵԴ1/0075/09/25
- Դատական ակտի ընդունման ամսաթիվը
- 02.09.2026
- ՀՀ Քրեական դատավարության օրենսգիրք
- Որոշման տեքստում վկայակոչված այլ հոդվածներ
7 հոդված՝ որոշման տեքստից (դատարանի քարտում չկան)
ՀՀ Քրեական դատավարության օրենսգիրք
- Հոդված 171. Ժամկետների հաշվումը
- Հոդված 285. Կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ կալանավորման ժամկետը երկարացնելու մասին միջնորդությունների քննումը
- Հոդված 291. Ապացուցողական գործողությունների կատարման դատական երաշխիքների շրջանակը
- Հոդված 292. Ապացուցողական գործողություն կատարելու կամ գաղտնի քննչական գործողության ժամկետը երկարաձգելու վարույթի հարուցումը
- Հոդված 293. Ապացուցողական գործողություն կատարելու կամ գաղտնի քննչական գործողության ժամկետը երկարաձգելու միջնորդության քննությունը և դրա արդյունքում կայացվող որոշումները
- Հոդված 353. Դատական վերանայման բողոք բերելու իրավունքը
- Հոդված 362. Բողոքարկված դատական ակտի բեկանման կամ փոփոխման հիմքերը
Որոշման տեքստը
դատարանի Word ֆայլիցԵԴ1/0075/09/25
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Երևան քաղաքի առաջին ատյանի
ընդհանուր իրավասության քրեական դատարան,
նախագահող դատավոր` Ս․Յուզբաշյան
Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական դատարան,
նախագահող դատավոր` Է․Մանասյան
2 սեպտեմբերի 2026 թվական ք.Երևան
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ` Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ` Հ.ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
Ա․ԴԱՆԻԵԼՅԱՆԻ
Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ
գրավոր ընթացակարգով քննության առնելով Շենգավիթ վարչական շրջանի դատախազության դատախազ Է․Պողոսյանի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2025 թվականի ապրիլի 3-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Լ․Գրիգորյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Վարույթի դատավարական նախապատմությունը.
1․ Թիվ ********** քրեական վարույթով ******** ****** ******* ********* նկատմամբ «հեռախոսային հաղորդակցության վերահսկում» գաղտնի քննչական գործողություն կատարելու թույլտվություն ստանալու վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի քննիչի միջնորդությունը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)՝ 2025 թվականի փետրվարի 24-ի որոշմամբ մերժվել է։
2․ Շենգավիթ վարչական շրջանի դատախազության դատախազ Է․Պողոսյանի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան)՝ 2025 թվականի ապրիլի 3-ի որոշմամբ թողնվել է առանց քննության։
3. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Լ․Գրիգորյանը բերել է հատուկ վերանայման վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2025 թվականի հունիսի 3-ի որոշմամբ ընդունվել է վարույթ ու սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։
Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.
4. Բողոքի հեղինակի պնդմամբ՝ ստորադաս դատարանն առերևույթ թույլ է տվել դատական սխալ, և միաժամանակ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման անհրաժեշտություն։
Այսպես, բողոքաբերի պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանի փաստարկն առ այն, որ Առաջին ատյանի դատարանի դատական ակտը դատախազին հասու դառնալու պահը պետք է դիտարկել դատական ակտը քննիչին տրամադրելու օրվան հաջորդող աշխատանքային օրը՝ չի բխում դատախազի՝ դատական ակտերի բողոքարկման սահմանադրական գործառույթի համատեքստում ՀՀ Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների՝ համապատասխանաբար ՍԴՈ-1373 որոշմամբ և Վարդան Գրիգորյանի գործով ձևավորված իրավական դիրքորոշումներից։
Անդրադարձ կատարելով սույն վարույթի փաստական հանգամանքներին՝ բողոք ներկայացրած անձն արձանագրել է, որ Առաջին ատյանի դատարանի դատական ակտը դատախազին հանձնվել է 2025 թվականի մարտի 14-ին, ընդ որում, այդ փաստը հավաստող փաստաթուղթը կցված էր հատուկ վերանայման վերաքննիչ բողոքին, հետևաբար, ՀՀ Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների մատնանշված որոշումներում արտահայտված դիրքորոշումների ուժով, վերաքննիչ բողոքարկման 10-օրյա ժամկետի հաշվարկը սկսվում է այդ օրվանից, իսկ ստորադաս դատարանի տարբերվող մոտեցումը չարդարացված և չհիմնավորված կերպով սահմանափակել է դատախազի՝ դատական ակտերի բողոքարկման գործառույթը։ Տվյալ դեպքում, հատուկ վերանայման բողոքի էլեկտրոնային տարբերակը Վերաքննիչ դատարան է ստացվել 2025 թվականի մարտի 24-ին, այսինքն, Առաջին ատյանի դատարանի դատական ակտի դեմ հատուկ վերանայման բողոքը դատախազը ներկայացրել է օրենքով սահմանված ժամկետում։
5. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2025 թվականի ապրիլի 3-ի որոշումն ու կայացնել դրան փոխարինող դատական ակտ, այն է՝ բավարարել նախաքննության մարմնի միջնորդությունը և թույլատրել՝ վճռաբեկ բողոքը բավարարելու օրվանից սկսած 25 (քսանհինգ) օր ժամկետով ******** *********** նկատմամբ իրականացնել «թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում» գաղտնի քննչական գործողություն:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
6․ Գաղտնի քննչական գործողություն կատարելու թույլտվություն ստանալու միջնորդությունն Առաջին ատյանի դատարան է ստացվել 2025 թվականի փետրվարի 24-ին։ Միջնորդության քննության արդյունքով կայացված դատական ակտի պատճենն՝ երկու օրինակից, 2025 թվականի փետրվարի 25-ին, տրամադրվել է քննիչին։
7․ Դատական վերանայման վերաքննիչ բողոքին կից ներկայացվել է Առաջին ատյանի դատարանի որոշման պատճենը Շենգավիթ վարչական շրջանի դատախազությունում 2025 թվականի մարտի 14-ին, ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի պետի՝ նույն թվականի մարտի 13-ով թվագրված կից գրությամբ, ստացված լինելու փաստը հավաստող փաստաթուղթը։
8․ Դատական վերանայման բողոքն առանց քննության թողնելու մասին եզրահանգումը Վերաքննիչ դատարանը պատճառաբանել է հետևյալ կերպ․ «(․․․) [Ապացուցողական գործողություն կատարելու միջնորդության քննության արդյունքում] կայացված որոշման պատճենն Առաջին ատյանի դատարանի կողմից դատախազին տրամադրելու պարտականություն սահմանված չլինելու պայմաններում, և հաշվի առնելով, որ որոշման օրինակները տրամադրվում են քննիչին՝ օրենսդիրն, ըստ էության, այդպիսի պարտականություն անուղղակի կերպով դրել է քննիչի վրա՝ նկատի ունենալով, որ թե՛ քննիչը և թե՛ դատախազը հանդիսանում են վարույթի հանրային մասնակիցներ, և դատական ակտի բողոքարկման իրավասությամբ օժտված է միայն դատախազը: Ուստի քննիչը Առաջին ատյանի դատարանի որոշումը ստանալու պահից ամենասեղմ ժամկետներում պարտավոր է որոշման պատճենը հասանելի դարձնել հսկող դատախազի համար:
Նման պայմաններում (․․․) անհրաժեշտ է բացահայտել դատական ակտը դատախազին հասանելի դառնալու պահը, ինչն էական նշանակություն ունի բողոքարկման ժամկետների հաշվարկման համար:
(․․․) Վերաքննիչ դատարանը փաստում է, որ Առաջին ատյանի [դատարանի] դատական ակտը դատախազին հասանելի դառնալու պահը պետք է դիտարկել դատական ակտը քննիչին տրամադրելու օրվան հաջորդող առաջին աշխատանքային օրը (հաշվի առնելով, որ ոչ աշխատանքային ժամերին և օրերին կարող է առաջանալ դատական ակտը դատախազին տրամադրելու օբյեկտիվ անհնարինություն):
[Վերաքննիչ դ]ատարանի վերը նշված դիրքորոշումը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ դատախազական հսկողությունը և նախաքննությունն իրականացվում են բացառապես իրավունքի շահից ելնելով: Եվ իրավունքի շահը, սույն պարագայում, ենթադրում է քննչական և դատախազական գործառույթների պատշաճ իրականացում՝ ապահովելով հանրային և մասնավոր շահերի հավասարակշռված պաշտպանություն:
(․․․) Վերաքննիչ դատարանը հարկ է համարում անդրադառնալ նաև ՀՀ Սահմանադրական դատարանի՝ 2012 թվականի հոկտեմբերի 16-ի ՍԴՈ-1052 որոշմամբ, ՀՀ Վճռաբեկ դատարանի թիվ ԵԿԴ/0026/15/09 որոշմամբ, ինչպես նաև այլ վերաբերելի ՍԴ և ՎԴ որոշումներով արտահայտված իրավական դիրքորոշումներին, որոնց տրամաբանական էությունը կայանում է նրանում, որ վերադաս ատյան վերանայման բողոքարկման ժամկետները պետք է հաշվարկել շահագրգիռ անձին դատական ակտը հասու դառնալու, այսինքն՝ ստանալու պահից, և արձանագրել, որ վերը հիշատակված որոշումները կառուցված են անձի դատական պաշտպանության և դատարանի մատչելիության իրավունքի համատեքստում, իսկ այդ իրավունքից օգտվում են բացառապես վարույթի մասնավոր մասնակիցները, ուստի Բարձր դատարանների կողմից արտահայտած իրավական դիրքորոշումները սույն դեպքում կիրառելի չեն:
(․․․) Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանի՝ 2025 թվականի փետրվարի 24-ի որոշումը՝ երկու օրինակից, միջնորդություն ներկայացրած քննիչին տրամադրվել է հաջորդ օրը՝ փետրվարի 25-ին, որին հաջորդող աշխատանքային օրը փետրվարի 26-ն է, այսինքն՝ դատախազի ստանալու օրը 2025 թվականի փետրվարի 26-ն է, հետևաբար՝ հատուկ վերանայման բողոքը բերելու վերջնաժամկետը 2025 թվականի մարտի 10-ն էր: Մինչդեռ դատախազի կողմից էլեկտրոնային տարբերակով վերաքննիչ բողոք ներկայացվել է միայն 2025 թվականի մարտի 24-ին, այսինքն՝ բողոքարկման 10-օրյա ժամկետը լրանալուց հետո, ինչն էլ հիմք է հանդիսանում ներկայացված բողոքը ժամկետանց դիտարկելու համար։
Այսպիսով, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Շենգավիթ վարչական շրջանի դատախազի տեղակալ Է.Պողոսյանի կողմից չի պահպանվել հատուկ վերանայման բողոք բերելու համար ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված տասնօրյա ժամկետը, այսինքն՝ ներկայացվել է ժամկետանց բողոք, իսկ բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդություն հարուցված չէ, ուստի ներկայացված հատուկ վերանայման բողոքը պետք է թողնել առանց քննության»։
Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը.
9. Սույն վարույթով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավորվա՞ծ է արդյոք Շենգավիթ վարչական շրջանի դատախազության դատախազ Է․Պողոսյանի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքը ժամկետանց լինելու հիմքով առանց քննության թողնելու մասին ստորադաս դատարանի հետևությունը։
10․ «Ապացուցողական գործողությունների կատարման դատական երաշխիքների շրջանակը» վերտառությամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 291-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Սույն օրենսգրքով սահմանված պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում դատարանը քննում է՝
(․․․)
2) գաղտնի քննչական գործողություն կատարելու վերաբերյալ միջնորդությունը․ (․․․)»։
Նույն օրենսգրքի 292-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Ապացուցողական գործողություն կատարելու, ինչպես նաև գաղտնի քննչական գործողության ժամկետը երկարաձգելու վարույթը հարուցվում է քննիչի միջնորդության հիման վրա»։
Նույն օրենսգրքի 293-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ «Միջնորդության քննության արդյունքով դատարանի կայացրած որոշումը պատշաճ ձևով տրվում է միջնորդությունը ներկայացրած քննիչին ոչ ուշ, քան որոշման եզրափակիչ մասը հրապարակելուց հետո՝ 3 ժամվա ընթացքում»։
Նույն օրենսգրքի 353-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Դատական վերանայման բողոք բերելու իրավունք ունեն՝
(․․․)
3) դատախազը»։
Նույն օրենսգրքի 390-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Վերաքննիչ դատարանում հատուկ վերանայման բողոքը բերվում է համապատասխան դատական ակտն ստանալու օրվանից հետո՝ տասնօրյա ժամկետում»։
11․ Կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ կալանավորման ժամկետը երկարացնելու միջնորդության քննության արդյունքով կայացվող դատական ակտի հրապարակմանը հաջորդող վարույթը կանոնակարգող քրեադատավարական նախկին օրենսդրության դրույթների սահմանադրականության ստուգման շրջանակներում ՀՀ Սահմանադրական դատարանի՝ 2017 թվականի հունիսի 13-ի թիվ ՍԴՈ-1373 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը Վարդան Գրիգորյանի գործով որոշմամբ արձանագրել է, որ կալանքի վերաբերյալ դատական ակտն առաջին ատյանի դատարանը պետք է հանձնի (ուղարկի) ոչ միայն համապատասխան միջնորդությունը հարուցած քննիչին, այլ նաև դատախազին: Այլ կերպ՝ դատախազի՝ դատական ակտերի բողոքարկման սահմանադրական գործառույթի արդյունավետ իրացման համար անհրաժեշտ է, որ կալանքի վերաբերյալ կայացված դատական ակտի մասին դատարանը պատշաճ ձևով իրազեկի նաև դատախազին: Որպես այս տրամաբանության շարունակություն, Վճռաբեկ դատարանը նույն որոշմամբ ընդգծել է, որ վերաքննիչ բողոք բերելու ժամկետը դատախազի համար պետք է հաշվարկվի՝ որպես ելակետ ընդունելով դատարանի որոշումը բողոք բերելու իրավասություն ունեցող դատախազին հանձնելու պահը: Իսկ այն դեպքում, երբ որոշումը բողոքարկման իրավասություն ունեցող դատախազին հանձնվել է ոչ թե դատարանի, այլ քննիչի կողմից, ապա դատախազի կողմից դատական ակտի բողոքարկման ժամկետի սկիզբը պետք է հաշվարկվի ոչ թե քննիչի կողմից որոշումը ստանալու պահից, այլ այն պահից, երբ այդ փաստաթուղթը հասու է դարձել դատախազին։
11․1․ Շարադրված իրավական դիրքորոշման հաշվառմամբ և գործող քրեադատավարական օրենսդրության վերաբերելի իրավակարգավորումների վերլուծությամբ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ․ «(․․․) [Ք]ննիչը և դատախազը քրեական դատավարության ինքնուրույն սուբյեկտներ են և ունեն իրավունքների ու պարտականությունների ինքնուրույն շրջանակ։ Այնուամենայնիվ, նրանց գործունեությունն ուղղված է միևնույն` հանրային շահի ապահովման գործառույթի իրականացմանը, որի ուժով էլ նրանց լիազորությունները փոխլրացնում են միմյանց։ Ընդ որում, օրենսդիրը դատական վերանայման բողոք բերելու՝ վարույթի հանրային մասնակից է դիտարկել միայն դատախազին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ամրագրելով դատախազի, ի թիվս այլնի, օրենքով սահմանված դեպքերում և կարգով դատական ակտերը բողոքարկելու բացառիկ լիազորությունը։
Միևնույն ժամանակ, վերոնշյալից հետևում է, որ դատախազի՝ դատական ակտը բողոքարկելու գործառույթի իրացումը չի կարող սահմանափակվել քննիչի կողմից դրսևորվող որոշակի վարքագծով, իսկ քննիչի վրա չի կարող դրվել այնպիսի պարտավորություն, որը նախատեսված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի դրույթներով:
(․․․)
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 353-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով դատախազին վերապահված՝ դատական վերանայման բողոք բերելու իրավասությունն արդյունավետ իրացնելու համար անհրաժեշտ է, որ մինչդատական վարույթի դատական երաշխիքների շրջանակում կայացված դատական ակտի մասին դատարանը պատշաճ կերպով իրազեկի նաև մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին: Հակառակ մեկնաբանության պարագայում կվտանգվի դատախազական հսկողության արդյունավետ իրականացման սահմանադրաիրավական պահանջը, որի հետևանքով դատախազը կզրկվի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով իրեն վերապահված լիազորությունն արդյունավետ իրացնելու հնարավորությունից։
Ընդ որում, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերը նշված դիրքորոշումը համահունչ է նաև 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 285-րդ հոդվածի 5-րդ մասի դրույթների վերաբերյալ Սահմանադրական դատարանի կողմից արձանագրված սահմանադրաիրավական մեկնաբանմանն ու դրա հաշվառմամբ Վճռաբեկ դատարանի կողմից արձանագրված իրավական դիրքորոշմանն առ այն, որ համապատասխան դատական ակտն առաջին ատյանի դատարանը պետք է հանձնի (ուղարկի) ոչ միայն միջնորդությունը հարուցած քննիչին, այլ նաև՝ դատախազին»։
12․ Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ`
- 2025 թվականի փետրվարի 24-ին Առաջին ատյանի դատարան է ստացվել գաղտնի քննչական գործողություն կատարելու թույլտվություն ստանալու միջնորդություն, որը դատարանի նույն օրվա որոշմամբ մերժվել է, իսկ որոշման պատճենն՝ երկու օրինակից, քննիչին է տրամադրվել 2025 թվականի փետրվարի 25-ին,
- Առաջին ատյանի դատարանի որոշման պատճենը 2025 թվականի մարտի 14-ին, ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի պետի՝ նույն թվականի մարտի 13-ով թվագրված կից գրությամբ, ստացվել է Շենգավիթ վարչական շրջանի դատախազությունում,
- Վերաքննիչ դատարանը, գաղտնի քննչական գործողություն կատարելու թույլտվություն ստանալու միջնորդությունը մերժելու որոշումը դատախազին ուղարկելու օրենսդրական պահանջի բացակայությունը մատնանշելով, հանգել է հետևության, որ Առաջին ատյանի դատարանի դատական ակտը դատախազին հասանելի դառնալու պահը պետք է դիտարկել դատական ակտը քննիչին տրամադրելու օրվան հաջորդող աշխատանքային օրը։ Միևնույն ժամանակ, Վերաքննիչ դատարանը գտել է, որ ՀՀ Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների իրավական դիրքորոշումները, որոնց բովանդակությունը հանգում է նրան, որ դատական վերանայման բողոք բերելու ժամկետի հաշվարկը սկսվում է դատական ակտը շահագրգիռ անձին հասու դառնալու, այսինքն, ստանալու պահից, ձևավորվել են անձի դատական պաշտպանության և դատարանի մատչելիության իրավունքի համատեքստում, հետևաբար, վերաբերելի են բացառապես վարույթի մասնավոր մասնակիցներին և սույն դեպքում կիրառելի չեն։ Շարադրված դիրքորոշման հաշվառմամբ, Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ վիճարկվող դատական ակտը դատախազի կողմից ստանալու օրը պետք է դիտարկել այն քննիչին տրամադրելու օրվան հաջորդող աշխատանքային օրը՝ 2025 թվականի փետրվարի 26-ը, որպիսի պայմաններում դրա վերաքննիչ բողոքարկման 10-օրյա ժամկետի վերջին օրը եղել է նույն թվականի մարտի 10-ը, սակայն հատուկ վերանայման վերաքննիչ բողոքը, էլեկտրոնային տարբերակով, Վերաքննիչ դատարան է ստացվել 2025 թվականի մարտի 24-ին, այսինքն, Շենգավիթ վարչական շրջանի դատախազության դատախազ Է․Պողոսյանը հատուկ վերանայման վերաքննիչ բողոքը ներկայացրել է վերաքննիչ բողոքարկման 10-օրյա ժամկետի խախտմամբ։
13․ Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 11-11․1-րդ կետերում շարադրված իրավական դիրքորոշման լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի հետևությունն առ այն, որ Առաջին ատյանի դատարանի դատական ակտը դատախազին հասանելի դառնալու պահը պետք է դիտարկել դատական ակտը քննիչին տրամադրելու օրվան հաջորդող աշխատանքային օրը, և որպես արդյունք՝ վերաքննիչ բողոքարկման 10-օրյա ժամկետի ընթացքը պետք է հաշվարկել այդ օրվանից, հիմնավոր չէ: Այլ կերպ՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ գաղտնի քննչական գործողություն կատարելու թույլտվություն ստանալու միջնորդության քննության արդյունքով կայացված դատական ակտն Առաջին ատյանի դատարանը դատախազին չի ուղարկել, որպիսի պայմաններում վերաքննիչ բողոքարկման ժամկետը պետք է հաշվարկվեր ոչ թե քննիչի կողմից այդ որոշումը ստանալու օրվան հաջորդող աշխատանքային օրից, այլ այն պահից, երբ համապատասխան փաստաթուղթը ստացվել էր Շենգավիթ վարչական շրջանի դատախազությունում, որը նույնն է՝ հասու էր դարձել դատախազ Է․Պողոսյանին։
Ինչ վերաբերում է սույն վարույթով ՀՀ Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների համապատասխան դիրքորոշումների կիրառելիության առնչությամբ Վերաքննիչ դատարանի մոտեցմանը, ապա, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ, դատախազի՝ դատական ակտի բողոքարկման գործառույթի անհամաչափ սահմանափակում թույլ չտալու համար Վերաքննիչ դատարանն իր հետևությունը պետք է կառուցեր իրավակիրառ պրակտիկայում ձևավորված այդ դիրքորոշումների արժեբանական, իմաստային ծանրաբեռնվածության վերլուծության արդյունքում։
Ընդհանրացնելով՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատական վերանայման բողոքն առանց քննության թողնելու մասին որոշման շրջանակներում ներկայացված հիմնավորումն առ այն, որ գաղտնի քննչական գործողություն կատարելու միջնորդության քննության արդյունքով կայացված դատական ակտը դատախազին հասանելի դառնալու պահը պետք է դիտարկել դատական ակտը քննիչին տրամադրելու օրվան հաջորդող աշխատանքային օրը, որն էլ Վերաքննիչ դատարանին հիմք է տվել հանգելու դատական վերանայման բողոքը՝ վերաքննիչ բողոքարկման ժամկետի խախտմամբ ներկայացված լինելու հետևության, իրավաչափ չէ։
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ Շենգավիթ վարչական շրջանի դատախազության դատախազ Է․Պողոսյանի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքը ժամկետանց լինելու հիմքով առանց քննության թողնելու մասին ստորադաս դատարանի հետևությունը հիմնավորված չէ։
14․ Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարույթով Վերաքննիչ դատարանը դատական ակտ կայացնելիս թույլ է տվել քրեադատավարական օրենքի` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 171-րդ հոդվածի խախտում, որն իր բնույթով էական է, քանի որ ազդել է վարույթի ելքի վրա, ինչը, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի, հիմք է Վերաքննիչ դատարանի՝ 2025 թվականի ապրիլի 3-ի որոշումը բեկանելու և վարույթը նույն դատարան՝ նոր քննության փոխանցելու համար։ Նոր քննության ընթացքում, Վերաքննիչ դատարանը, սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ, Շենգավիթ վարչական շրջանի դատախազության դատախազ Է․Պողոսյանի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքի կապակցությամբ պետք է կայացնի համապատասխան որոշում։
Ելնելով վերոգրյալից ու ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 33-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 352-րդ, 359-րդ, 361-363-րդ ու 400-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
Շենգավիթ վարչական շրջանի դատախազության դատախազ Է․Պողոսյանի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2025 թվականի ապրիլի 3-ի որոշումը բեկանել և վարույթը փոխանցել նույն դատարան՝ նոր քննության:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:
Նախագահող` Հ.ԱՍԱՏՐՅԱՆ
Դատավորներ` Հ.ԳՐԻԳՈՐՅԱՆ
Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆ
Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆ
