Վճռաբեկ դատարան · Վարչական
ՎԴ/0008/05/23
Վճռաբեկ դատարանի որոշումների ցանկից (cassationcourt.am/decisions)՝ դատարանի նախադեպային շտեմարանում այն չկա։
- Գործի համարը
- ՎԴ/0008/05/23
- Հայցվոր
- ԱՁ Ալիտա Մինասյան
- Պատասխանող
- ՀՀ պետական եկամուտների կոմիտե
- Դատական ակտի ընդունման ամսաթիվը
- 04.09.2026
- Վարչական դատավարություն
Որոշման տեքստը
դատարանի Word ֆայլիցՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչական
Վարչական գործ թիվ ՎԴ/0008/05/23
դատարանի որոշում
2026թ.
Վարչական գործ թիվ ՎԴ/0008/05/23
Նախագահող դատավոր`
Կ. Գևորգյան
Դատավորներ`
Ա. Առաքելյան
Գ. Սոսյան
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը
(այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով
նախագահող
զեկուցող
Հ․ ԲԵԴԵՎՅԱՆ
Լ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ
Ք. ՄԿՈՅԱՆ
2026 թվականի սեպտեմբերի 4-ին
գրավոր ընթացակարգով քննելով ԱՁ Ալիտա Մինասյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 08․05․2025 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի ԱՁ Ալիտա Մինասյանի ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե)՝ 09.11.2022 թվականի թիվ 00643/21 (իրականում՝ թիվ 000643/21) որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` ԱՁ Ալիտա Մինասյանը պահանջել է անվավեր ճանաչել Կոմիտեի 09.11.2022 թվականի թիվ 00643/21 (իրականում՝ թիվ 000643/21) որոշումը։
ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Մ․ Պետրոսյան) (այսուհետ` Դատարան) 10․08․2023 թվականի վճռով հայցը բավարարվել է։
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 08․05․2025 թվականի որոշմամբ Կոմիտեի վերաքննիչ բողոքն ամբողջությամբ բավարարվել է՝ Դատարանի 10․08․2023 թվականի վճիռն ամբողջությամբ բեկանվել է, և գործն ուղարկվել է ՀՀ վարչական դատարան՝ ամբողջ ծավալով նոր քննության:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել ԱՁ Ալիտա Մինասյանը (ներկայացուցիչ՝ Արթուր Հովհաննիսյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
2.Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 1-ին մասը, 116-րդ հոդվածի 1-ին մասը, 118.1-ին հոդվածի 1-ին մասը, 124-րդ հոդվածի 2-րդ մասը։
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Դատարանը 11.01.2023 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունել է վարույթ և որոշել է գործը քննել գրավոր ընթացակարգով: Միաժամանակ Կոմիտե է ուղարկվել գրավոր պարզաբանում` վարչական վարույթի բոլոր նյութերը ներկայացնելու, նշված գործողությունը կատարելու ժամկետի և չկատարելու հետևանքների մասին: Կոմիտեն, Դատարանի 11.01.2023 թվականի «Հայցադիմումը վարույթ ընդունելու և գործը գրավոր ընթացակարգով քննելու մասին» որոշումը, ինչպես նաև 16.01.2023 թվականի թիվ ԴԴ-9-Ե-1739/23 գրավոր պարզաբանումը ստանալով 23.01.2023 թվականին, դիրքորոշում և վարչական վարույթի նյութեր ընդհանրապես չի ներկայացրել: Արդյունքում, Դատարանը հաստատել է, որ պատասխանողը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.1-ին հոդվածի 1-ին մասով սահմանված իմպերատիվ պահանջը:
Մինչդեռ Վերքանիիչ դատարանը, բեկանելով Դատարանի վճիռը և գործն ուղարկելով նոր քննության, արձանագրել է, որ Դատարանը պետք է անտեսեր ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.1-ին հոդվածի 1-ին մասով սահմանված պարտադիր պահանջը և կիրառեր նույն օրենսգրքի 5-րդ հոդվածով սահմանված՝ ի պաշտոնե գործելու սկզբունքը։ Վերաքննիչ դատարանի նման դիրքորոշման դեպքում խաթարվում է գրավոր ընթացակարգի էությունը:
Վերոգրյալի հիման վրա՝ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 08․05․2025 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 10․08․2023 թվականի վճռին
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) Կոմիտեի նախագահի տեղակալի 09․11․2022 թվականի թիվ 000643/21 որոշման համաձայն՝ ԱՁ Ալիտա Մինասյանը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182.6-րդ հոդվածով նախատեսված իրավախախտման համար ենթարկվել է 250.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանքի (գ. թ. 19-22)։
2) Դատարանի 11.01.2023 թվականի «Հայցադիմումը վարույթ ընդունելու և գրավոր ընթացակարգով քննելու մասին» որոշմամբ ԱՁ Ալիտա Մինասյանի կողմից ներկայացված վիճարկման հայցն ընդունվել է վարույթ, որոշվել է գործը քննել գրավոր ընթացակարգով և գործն ըստ էության լուծող դատական ակտը հրապարակել դատական իշխանության «Datalex.am» պաշտոնական կայքէջի միջոցով՝ 10.08.2023 թվականին (գ. թ. 29)։
3) Կոմիտեն Դատարանի 11.01.2023 թվականի «Հայցադիմումը վարույթ ընդունելու և գրավոր ընթացակարգով քննելու մասին» որոշումը, ինչպես նաև որոշումը ստանալուց հետո կատարման ենթակա գործողությունների, դրանց կատարման ժամկետների և չկատարելու հետևանքների մասին 16.01.2023 թվականի թիվ ԴԴ-9-Ե-1739/23 գրավոր պարզաբանումն ստացել է 23.01.2023 թվականին (գ. թ. 32)։
4) Դատարանի 23.03.2023 թվականի «Վարչական գործով հայցի հիմքի և առարկայի փոփոխություն կատարելու համար դատավարական ժամկետ սահմանելու մասին» որոշմամբ արձանագրվել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.1-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ժամկետում Կոմիտեի կողմից որևէ առարկություն, միջնորդություն, ինչպես առարկությունների հիմքում ընկած փաստերը հիմնավորող ապացույցներ չեն ներկայացվել և առաջնորդվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.1-րդ հոդվածի 3-րդ մասով՝ որոշումը ստանալու պահից սահմանել է երկշաբաթյա ժամկետ` անհրաժեշտության դեպքում հայցի հիմքի և առարկայի փոփոխություն կատարելու, ապացույցներ ներկայացնելու համար (․․․): Միաժամանակ արձանագրել է, որ այդ ժամկետի ավարտից հետո ներկայացված հայցի հիմքի և առարկայի փոփոխություն կատարելու, լրացուցիչ դիրքորոշում հայտնելու, ինչպես նաև ապացույց ներկայացնելու վերաբերյալ միջնորդությունը և ապացույցները չեն ընդունվելու և քննարկման առարկա չեն դառնալու (գ. թ. 33)։
5) Կոմիտեն Դատարանի 23.03.2023 թվականի «Վարչական գործով հայցի հիմքի և առարկայի փոփոխություն կատարելու համար դատավարական ժամկետ սահմանելու մասին» որոշումն ստացել է 29.03.2023 թվականին (գ. թ. 35)։
6) Կոմիտեն 13.04.2023 թվականին ներկայացրել է №/11-2/22364-2023 միջնորդությունը, որում նշել է․ «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վիճարկվող թիվ 00643/21 որոշման հիմքում ընկած են ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության պետի 15.08.2022թ.-ի թիվ 1517796 որոշմամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքները, որոնք իրենցից համաձայն «Օպերատիվ հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի ներկայացնում են պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ և ըստ այդմ այդ տեղեկությունների պահպանումը և տեղափոխումը իրականացվում է օրենքով սահմանված հատուկ կարգով, ուստի ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի 5-րդ մասով, 86-րդ հոդվածի 2-րդ մասով և 181.1 հոդվածի 3-րդ մասով՝ միջնորդում եմ թիվ ՎԴ/0008/05/23 վարչական գործով ՀՀ ՊԵԿ-ին տրամադրել վերոնշյալ նյութերը և դրանց վերաբերյալ դիրքորոշում ներկայացնելու ավելի երկար՝ եռամսյա ժամկետ, հաշվի առնելով, որ պահանջված նյութերը դեռևս չեն ստացվել։ (…) Հիմք ընդունելով վերոգրյալը և հաշվի առնելով սույն գործով ապացույցները զննելու և հայցադիմումում նշված փաստարկների վերաբերյալ հայցվորին հարցեր ուղղելու անհրաժեշտությունը՝ խնդրում ենք թիվ ՎԴ/0008/05/23 գործի քննությունն անցկացնել բանավոր ընթացակարգով: (…)» (գ. թ. 38-40)։
7) Դատարանի 25.03.2023 թվականի «Գործի քննությունը գրավոր ընթացակարգով իրականացնելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին» որոշմամբ, գործի քննությունը բանավոր ընթացակարգով անցկացնելու մասին միջնորդությունը մերժվել է (գ. թ. 45-47)։
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.1-ին հոդվածի խախտման հետևանքով թույլ է տրվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.
Վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ գործը գրավոր ընթացակարգով քննելու ժամանակ դատավարության մասնակիցների կողմից առարկությունները, միջնորդությունները, ինչպես նաև նրանց պահանջների և առարկությունների հիմքում ընկած փաստերը հիմնավորող ապացույցները ներկայացնելու առանձնահատկություններին։
ՀՀ վարչական դատարանում գրավոր ընթացակարգով գործերի քննության առանձնահատկությունները սահմանվում են ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 18-րդ գլխի նորմերով։
Օրենսգրքի 116-րդ հոդվածի համաձայն՝ վարչական դատարանում գործի գրավոր ընթացակարգով քննությունն իրականացվում է նույն օրենսգրքով նախատեսված գործի քննության ընդհանուր կանոնների համաձայն՝ այն հատուկ կանոնների պահպանմամբ, որոնք սահմանված են նույն գլխի դրույթներով:
Oրենսգրքի 117-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական դատարանում վիճարկման հայցերով գործերի քննությունն իրականացվում է գրավոր ընթացակարգով:
Oրենսգրքի 117-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ գործը չի կարող քննվել գրավոր ընթացակարգով, եթե՝
1) առկա է դատավարության մասնակիցներին, վկաներին, փորձագետին հարցաքննելու, փորձաքննություն նշանակելու, ապացույցը զննելու կամ դատական հանձնարարություններ տալու անհրաժեշտություն.
2) դատարանը վարույթ է ընդունել հակընդդեմ հայց.
3) առկա է ոչ պատշաճ պատասխանողին փոխարինելու կամ գործի քննությանն այլ անձանց (բացառությամբ երրորդ անձի) ներգրավելու անհրաժեշտություն.
4) անհրաժեշտ է ձեռնարկել նույն օրենսգրքի 5-րդ հոդվածով նախատեսված գործողություններ, որոնք դատարանի գնահատմամբ չեն կարող իրականացվել գրավոր ընթացակարգով։
Oրենսգրքի 118-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական դատարանը գործը գրավոր ընթացակարգով քննելու հարցը լուծում է հայցադիմումը վարույթ ընդունելու որոշմամբ, (…):
Oրենսգրքի՝ սույն գործի ՀՀ վարչական դատարանում քննության պահին գործող խմբագրությամբ, 118-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի 1-ին մասով նախատեսված որոշումների հետ մեկտեղ դատավարության մասնակցին ուղարկվում է գրավոր պարզաբանում՝ վարչական դատարանի որոշումն ստանալուց հետո կատարման ենթակա գործողությունների, այդ թվում՝ վարչական վարույթի բոլոր նյութերը ներկայացնելու, դրանց կատարման ժամկետների և չկատարելու հետևանքների մասին:
Oրենսգրքի՝ սույն գործի ՀՀ վարչական դատարանում քննության պահին գործող խմբագրությամբ, 118.1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավարության մասնակիցների առարկությունները, միջնորդությունները, ինչպես նաև նրանց պահանջների և առարկությունների հիմքում ընկած փաստերը հիմնավորող ապացույցները կարող են ներկայացվել գրավոր ընթացակարգ կիրառելու վերաբերյալ վարչական դատարանի որոշումն ստանալու օրվանից ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում՝ կցելով դրանց պատճենները դատավարության մյուս մասնակիցներին ուղարկելը հավաստող ապացույցը, իսկ եթե այդ փաստաթղթերը ծավալուն են, կամ դրանք դժվար է պատճենահանել` դատավարության մյուս մասնակցին ուղարկելով ծանուցում, որ նշված փաստաթղթերը դրանց ծանոթանալու նպատակով դեպոնացվելու են վարչական դատարանում։ Նույն մասով սահմանված պահանջները չկատարելու դեպքում դատավարության մասնակցի առարկությունները, միջնորդությունները և ապացույցները չեն ընդունվում և քննարկման ենթակա չեն:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գրավոր ընթացակարգի շրջանակներում հակընդդեմ հայց, ինչպես նաև հայցի հիմքը և (կամ) առարկան փոփոխելու միջնորդություն կարող է ներկայացվել գրավոր ընթացակարգ կիրառելու մասին վարչական դատարանի որոշումն ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետը լրանալուց հետո վարչական դատարանը դատավարության մասնակիցների համար սահմանում է մինչև մեկամսյա ժամկետ ապացույցներին և առարկություններին ծանոթանալու, դրանց հաշվառմամբ հայցի հիմքի կամ առարկայի փոփոխություն կատարելու, լրացուցիչ դիրքորոշում հայտնելու, ինչպես նաև ապացույցներ ներկայացնելու համար:
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ գրավոր ընթացակարգի դեպքում էլ օրենսդիրը երաշխավորել է կողմերի իրավահավասարության հիման վրա դատաքննությունն իրականացնելու կանոնի պահպանումը, ուստի գործի քննությունը գրավոր ընթացակարգով անցկացնելը չի փոխում դատավարության մասնակիցների իրավունքների և պարտականությունների հիմնական էությունը։ Այդուհանդերձ օրենսդիրը դատավարության մասնակիցներին ծանրաբեռնել է իրենց դատավարական իրավունքներից բարեխղճորեն օգտվելու և իրենց դատավարական պարտականությունները բարեխղճորեն կատարելու պարտականությամբ, ուստի վերջիններս պարտավոր են պահպանել այդ կանոնը, իսկ դրանք չպահպանելու, մասնավորապես՝ դատավարական պարտականությունները բարեխղճորեն չկատարելու պարագայում պետք է կրեն դրա բացասական հետևանքները։
ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ ստանալով վարչական դատարանի՝ գործը գրավոր ընթացակարգով քննելու վերաբերյալ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածով սահմանված որոշումը, ինչպես նաև այդ որոշումը ստանալուց հետո կատարման ենթակա գործողությունների վերաբերյալ վարչական դատարանի կողմից ուղարկված գրավոր պարզաբանումը, դատավարության մասնակիցները պարտավոր են օրենքով սահմանված մեկամսյա ժամկետում բարեխղճորեն կատարել դատարանի կողմից նախանշված գործողությունները։ Մասնավորապես, գրավոր ընթացակարգ կիրառելու վերաբերյալ վարչական դատարանի որոշումն ստանալու օրվանից ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում դատավարության մասնակիցները կարող են ներկայացնել առարկություններ, միջնորդություններ, ինչպես նաև իրենց պահանջների ու առարկությունների հիմքում ընկած փաստերը հիմնավորող ապացույցները՝ կցելով դրանց պատճենները դատավարության մյուս մասնակիցներին ուղարկելը հավաստող ապացույցը, իսկ եթե այդ փաստաթղթերը ծավալուն են, կամ դրանք դժվար է պատճենահանել` դատավարության մյուս մասնակցին ուղարկելով ծանուցում, որ նշված փաստաթղթերը դրանց ծանոթանալու նպատակով դեպոնացվելու են վարչական դատարանում։ Օրենսդիրը սահմանել է վերը նշված օրենսդրական պահանջները չկատարելու իրավական հետևանքը, այն է՝ դատավարության մասնակցի՝ նշված ժամկետից ուշ ներկայացված առարկությունները, միջնորդությունները և ապացույցները չեն ընդունվում և քննարկման ենթակա չեն:
Միևնույն ժամանակ, սակայն, օրենսդիրը դատավարության մասնակիցներին իրավունք է վերապահել ներկայացնել բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու մասին միջնորդություն, որպիսի իրավունքից ևս դատավարության մասնակիցները պետք է օգտվեն բարեխղճորեն։ Ընդ որում՝ այդ իրավունքը չիրացնելու իրավական հետևանքն օրենքով սահմանված դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված փաստաթղթերը դատարանի կողմից քննարկման առարկա չդարձնելն ու դրանք ներկայացրած դատավարության մասնակցին վերադարձնելն է։
ՀՀ վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ գրավոր ընթացակարգով գործի քննության ընթացքում դատավարության մասնակցի կողմից առարկությունները, միջնորդությունները, ինչպես նաև իր պահանջների և առարկությունների հիմքում ընկած փաստերը հիմնավորող ապացույցները գրավոր ընթացակարգ կիրառելու վերաբերյալ վարչական դատարանի որոշումն ստանալու օրվանից մեկամսյա ժամկետի խախտմամբ ներկայացնելու դեպքում, դատարանը չի կարող այդ ապացույցներն ընդունել և դարձնել քննարկման առարկա, այլ պետք է վերադարձնի դրանք ներկայացրած անձանց, եթե վերջիններիս կողմից չի ներկայացվել բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու մասին միջնորդություն, իսկ նման միջնորդության առկայության ու այն դատարանի կողմից բավարարվելու դեպքում դատարանը պետք է դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացրած փաստաթղթերն (ապացույցներ) ընդունի և գործի քննության ընթացքում հետազոտի ու գնահատի (տե՛ս, անհատ ձեռնարկատեր Սիմա Մարտիրոսյանն ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ/5893/05/23 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 06.11.2025 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատավարության մասնակիցների ներկայացրած առարկությունները, միջնորդությունները, ինչպես նաև նրանց պահանջների և առարկությունների հիմքում ընկած փաստերը հիմնավորող ապացույցները դատարանը բոլոր դեպքերում պետք է քննարկման առարկա դարձնի, եթե՝
- դրանք ներկայացվել են գրավոր ընթացակարգ կիրառելու վերաբերյալ վարչական դատարանի որոշումն ստանալու օրվանից ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում,
- թեև դրանք ներկայացվել են գրավոր ընթացակարգ կիրառելու վերաբերյալ վարչական դատարանի որոշումն ստանալու օրվանից հաշվված մեկամսյա ժամկետի խախտմամբ, սակայն առկա է ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի համարելու և այն վերականգնելու վերաբերյալ միջնորդություն, որը դատարանը բավարարել է,
- կցվել է դրանց պատճենները դատավարության մյուս մասնակիցներին ուղարկելը հավաստող ապացույցը,
- թեև դրանց պատճենները դատավարության մյուս մասնակիցներին ուղարկելը հավաստող ապացույցը չի կցվել՝ դրանց ծավալուն լինելու կամ պատճենահանման դժվարության փաստարկմամբ, սակայն կցվել է ապացույց այն մասին, որ դատավարության մյուս մասնակիցներին ուղարկվել է ծանուցում, որ նշված փաստաթղթերը դրանց ծանոթանալու նպատակով դեպոնացվելու են վարչական դատարանում։
ՀՀ վճռաբեկ դատարանի գնահատմամբ վերոնշյալ պայամանների առկայությունը հաստատված համարվելու պարագայում միայն գործը գրավոր ընթացակարգով քննելու ընթացքում դատավարության մասնակիցների առարկությունները, միջնորդությունները, ինչպես նաև նրանց պահանջների և առարկությունների հիմքում ընկած փաստերը հիմնավորող ապացույցները ներկայացնելու կարգը կարող է համարվել պահպանված, իսկ դրանցից որևէ մեկի բացակայության դեպքում դատավարության մասնակցի ներկայացրած առարկությունները, միջնորդությունները և ապացույցները չեն ընդունվում և քննարկման ենթակա չեն (տե՛ս, «Արփինե-Թագուհի» ՍՊ ընկերությունն ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ/6153/05/23 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 03.02.2026 թվականի որոշումը)։
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Կոմիտեի նախագահի տեղակալի 09․11․2022 թվականի թիվ 000643/21 որոշման համաձայն՝ ԱՁ Ալիտա Մինասյանը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182.6-րդ հոդվածով նախատեսված իրավախախտման համար ենթարկվել է 250.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանքի (գ. թ. 19-22):
Դատարանի 11.01.2023 թվականի «Հայցադիմումը վարույթ ընդունելու և գրավոր ընթացակարգով քննելու մասին» որոշմամբ ԱՁ Ալիտա Մինասյանի կողմից ներկայացված վիճարկման հայցն ընդունվել է վարույթ, որոշվել է գործը քննել գրավոր ընթացակարգով և գործն ըստ էության լուծող դատական ակտը հրապարակել դատական իշխանության «Datalex.am» պաշտոնական կայքէջի միջոցով՝ 10.08.2023 թվականին (գ. թ. 29):
Կոմիտեն Դատարանի 11.01.2023 թվականի «Հայցադիմումը վարույթ ընդունելու և գրավոր ընթացակարգով քննելու մասին» որոշումը, ինչպես նաև որոշումը ստանալուց հետո կատարման ենթակա գործողությունների, դրանց կատարման ժամկետների և չկատարելու հետևանքների մասին 16.01.2023 թվականի թիվ ԴԴ-9-Ե-1739/23 գրավոր պարզաբանումը ստացել է 23.01.2023 թվականին (գ. թ. 32):
Դատարանը 23.03.2023 թվականի «Վարչական գործով հայցի հիմքի և առարկայի փոփոխություն կատարելու համար դատավարական ժամկետ սահմանելու մասին» որոշմամբ արձանագրել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.1-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ժամկետում Կոմիտեի կողմից որևէ առարկություններ, միջնորդություն, ինչպես առարկությունների հիմքում ընկած փաստերը հիմնավորող ապացույցներ չեն ներկայացվել և առաջնորդվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.1-րդ հոդվածի 3-րդ մասով՝ նույն որոշումը ստանալու պահից սահմանել է երկշաբաթյա ժամկետ` անհրաժեշտության դեպքում հայցի հիմքի և առարկայի փոփոխություն կատարելու, ապացույցներ ներկայացնելու համար (․․․): Միաժամանակ արձանագրել է, որ այդ ժամկետի ավարտից հետո ներկայացված հայցի հիմքի և առարկայի փոփոխություն կատարելու, լրացուցիչ դիրքորոշում հայտնելու, ինչպես նաև ապացույց ներկայացնելու վերաբերյալ միջնորդությունը և ապացույցները չեն ընդունվելու և քննարկման առարկա չեն դառնալու։
Կոմիտեն Դատարանի 23.03.2023 թվականի «Վարչական գործով հայցի հիմքի և առարկայի փոփոխություն կատարելու համար դատավարական ժամկետ սահմանելու մասին» որոշումը ստացել է 29.03.2023 թվականին (գ. թ. 35)։
Կոմիտեն 13.04.2023 թվականին ներկայացրել է №/11-2/22364-2023 միջնորդությունը՝ նշելով․ «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վիճարկվող թիվ 00643/21 որոշման հիմքում ընկած են ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության պետի 15.08.2022թ.-ի թիվ 1517796 որոշմամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքները, որոնք իրենցից համաձայն «Օպերատիվ հետախուզական գործունեության» մասին ՀՀ օրենքի ներկայացնում են պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ և ըստ այդմ այդ տեղեկությունների պահպանումը և տեղափոխումը իրականացվում է օրենքով սահմանված հատուկ կարգով, ուստի ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի 5-րդ մասով, 86-րդ հոդվածի 2-րդ մասով և 181.1 հոդվածի 3-րդ մասով՝ միջնորդում եմ թիվ ՎԴ/0008/05/23 վարչական գործով ՀՀ ՊԵԿ-ին տրամադրել վերոնշյալ նյութերը և դրանց վերաբերյալ դիրքորոշում ներկայացնելու ավելի երկար՝ եռամսյա ժամկետ, հաշվի առնելով, որ պահանջված նյութերը դեռևս չեն ստացվել։ (…) Հիմք ընդունելով վերոգրյալը և հաշվի առնելով սույն գործով ապացույցները զննելու և հայցադիմումում նշված փաստարկների վերաբերյալ հայցվորին հարցեր ուղղելու անհրաժեշտությունը՝ խնդրում ենք թիվ ՎԴ/0008/05/23 գործի քննությունն անցկացնել բանավոր ընթացակարգով: (…)» (գ. թ. 38-40)։
Դատարանի 25.03.2023 թվականի «Գործի քննությունը գրավոր ընթացակարգով իրականացնելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին» որոշմամբ, գործի քննությունը բանավոր ընթացակարգով անցկացնելու մասին միջնորդությունը մերժվել է:
Դատարանը 10․08․2023 թվականի վճռով անհատ ձեռնարկատեր Ալիտա Մինասյանի հայցը բավարարել է այն պատճառաբանությամբ, որ «(...) Տվյալ դեպքում Դատարանը 11․01․2023 թվականի թիվ ԴԴ-9-Ե-1739/23 գրությամբ ՀՀ պետական եկամուտների կոմիտեին ուղարկել է հայցադիմումը վարույթ ընդունելու և գործը գրավոր ընթացակարգով քննելու մասին որոշումը, և պարզաբանել է, որ դատավարության մասնակիցների միջնորդությունները, ինչպես նաև նրանց պահանջների և առարկությունների հիմքում ընկած փաստերը հիմնավորող ապացույցները կարող են ներկայացվել գրավոր ընթացակարգ կիրառելու վերաբերյալ վարչական դատարանի որոշումը ստանալու օրվանից ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում։
Սակայն ՀՀ պետական եկամուտների կոմիտեն, 23.01.2023 թվականին ստանալով վերոնշված որոշումը, օրենքով սահմանված մեկամսյա ժամկետում սույն գործով վիճարկվող որոշման կայացման համար հիմք հանդիսացած որևէ ապացույց Դատարանին չի ներկայացրել:
Վերոգրյալի հիման վրա Դատարանն արձանագրում է, որ սույն գործով վիճարկվող որոշմամբ հայցվորին վերագրված՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182.6-րդ հոդվածով նախատեսված իրավախախտումը կատարված լինելու փաստը մնում է չապացուցված, իսկ դրա բացասական հետևանքները, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածի 1-ին մասի իրավակարգավորման համաձայն, կրում է պատասխանող ՀՀ պետական եկամուտների կոմիտեն:
Նման պայմաններում, հաշվի առնելով, որ սույն գործով վիճարկվող որոշմամբ արձանագրված իրավախախտման փաստը չի հաստատվում, Դատարանը գտնում է, որ որոշումը ենթակա է վերացման։
Վերոգրյալը ինքնին բավարար համարելով վարչական ակտն անվավեր ճանաչելու համար, Դատարանը հայցվորի կողմից վկայակոչված մյուս փաստարկներին չի անդրադառնում։ (...)»:
Վերաքննիչ դատարանը 08․05․2025 թվականի որոշմամբ Կոմիտեի վերաքննիչ բողոքն ամբողջությամբ բավարարել է՝ Դատարանի 10․08․2023 թվականի վճիռն ամբողջությամբ բեկանել և գործն ուղարկել է ՀՀ վարչական դատարան ամբողջ ծավալով նոր քննության՝ հետևյալ պատճառաբանությամբ. «(...) Ուսումնասիրելով սույն գործի նյութերը՝ Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ գործի նյութերում առհասարակ բացակայում են Վիճարկվող որոշումը կայացնելու համար հիմք հանդիսացած վարչական վարույթի նյութերը, ինչը փաստել է նաև Դատարանը: Այդուհանդերձ իր տրամադրության տակ չունենալով վիճարկվող վարչական ակտի ընդունմանն ուղղված վարչական վարույթում ձեռք բերված ապացույցները և, ըստ այդմ, զրկված լինելով բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին հա-մոզմամբ դրանք գնահատելու հնարավորությունից՝ Դատարանը բողոքարկվող դատական ակտում կատարել է եզրահանգում առ այն, որ «(…) սույն գործով վիճարկվող որոշմամբ հայցվորին վերագրված՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182.6-րդ հոդվածով նախատեսված խախտումը կատարված լինելու փաստը մնում է չապացուցված (…)»՝ արդյունքում բավարարելով հայցը:
Նման պայմաններում Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Դատարանը չի ձեռնարկել սույն վեճի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը պարզելու ուղղությամբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածով սահմանված՝ գործն ի պաշտոնե քննության նպատակով համարժեք դատավարական միջոցներ, մասնավորապես՝ գործի ճիշտ լուծման նպատակով էական նշանակություն ունեցող փաստը (փաստերը) պարզելու համար սահմանված կարգով ապացույցներ ձեռք չի բերել՝ հայցի բավարարման ենթակա լինելու վերաբերյալ եզրահանգումը կատարելով հայցադիմումով իր առջև բարձրացված հարցը (վեճը) ըստ էության քննության չառնելու ու չլուծելու արդյունքում՝ դրանով իսկ խաթարելով վարչական արդարադատության ոլորտում դատական պաշտպանության իրավունքի իրացման արդյունավետությունը և լիարժեքությունը:
Ըստ այդմ, Վերաքննիչ դատարանը փաստում է, որ Դատարանը, խախտելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ, 25-րդ, 27-րդ և 124-րդ հոդվածների պահանջները, սույն գործով իրականացրել է թերի քննություն և հետամուտ չի եղել գործով օբյեկտիվ ճշմարտության բացահայտմանը, որպիսի պարագայում առկա են բավարար հիմքեր թիվ ՎԴ/0008/05/23 վարչական գործով Դատարանի 10.08.2023թ. վճիռը բեկանելու համար: (...)»:
Վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
Սույն գործով Կոմիտեն, 23.01.2023 թվականին ստանալով Դատարանի 11.01.2023 թվականի «Հայցադիմումը վարույթ ընդունելու և գրավոր ընթացակարգով քննելու մասին» որոշումը և 16.01.2023 թվականի թիվ ԴԴ-9-Ե-1739/23 գրավոր պարզաբանումը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.1-ին հոդվածով նախատեսված գործողությունները կարող էր կատարել օրենքով սահմանված մեկամսյա ժամկետում, այսինքն՝ մինչև 24.02.2023 թվականը ներառյալ։
Մինչդեռ գործի նյութերից հետևում է, որ Կոմիտեն նշված ժամկետում Դատարան առհասարակ չի ներկայացրել որևէ առարկություն, միջնորդություն, ինչպես նաև իր առարկությունների հիմքում ընկած փաստերը հիմնավորող ապացույցներ։ Նշված հանգամանքն արձանագրվել է նաև Դատարանի 23.03.2023 թվականի «Վարչական գործով հայցի հիմքի և առարկայի փոփոխություն կատարելու համար դատավարական ժամկետ սահմանելու մասին» որոշմամբ։
Նշված որոշմամբ Դատարանը նաև, առաջնորդվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.1-ին հոդվածի 3-րդ մասով, որոշումն ստանալու պահից սահմանել է երկշաբաթյա ժամկետ՝ անհրաժեշտության դեպքում հայցի հիմքի և առարկայի փոփոխություն կատարելու, լրացուցիչ դիրքորոշում հայտնելու, ինչպես նաև ապացույցներ ներկայացնելու համար՝ բացառությամբ նույն հոդվածի 1-ին մասով նախատեսվածների։
Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.1-ին հոդվածի 1-ին և 3-րդ մասերով նախատեսված ժամկետներն ունեն ինքնուրույն դատավարական նշանակություն և վերաբերում են գրավոր ընթացակարգով գործի քննության տարբեր փուլերում կատարվող դատավարական գործողություններին։ Մասնավորապես, նույն հոդվածի 1-ին մասով սահմանված մեկամսյա ժամկետը նախատեսված է դատավարության մասնակիցների առարկությունները, միջնորդությունները, ինչպես նաև նրանց պահանջների և առարկությունների հիմքում ընկած փաստերը հիմնավորող ապացույցները ներկայացնելու համար, մինչդեռ նույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված ժամկետը սահմանվում է նախորդ դատավարական փուլի ավարտից հետո՝ դատավարության մասնակիցներին ներկայացված ապացույցներին և առարկություններին ծանոթանալու, դրանց հաշվառմամբ հայցի հիմքը կամ առարկան փոփոխելու, լրացուցիչ դիրքորոշում հայտնելու, ինչպես նաև այդ փուլով պայմանավորված ապացույցներ ներկայացնելու հնարավորություն ընձեռելու նպատակով։
Հետևաբար, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.1-ին հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետը չի հանդիսանում նույն հոդվածի 1-ին մասով նախատեսված մեկամսյա ժամկետի շարունակություն և ինքնին չի առաջացնում այդ ժամկետում չկատարված դատավարական գործողությունները հետագայում կատարելու նոր հնարավորություն։
Սույն գործով այդ հանգամանքն ուղղակիորեն արտացոլվել է Դատարանի 23.03.2023 թվականի որոշման մեջ, որով 118.1-ին հոդվածի 3-րդ մասի հիմքով երկշաբաթյա ժամկետ սահմանելիս Դատարանը հատուկ բացառել է նույն հոդվածի 1-ին մասով նախատեսված գործողությունները։ Հետևաբար, նշված երկշաբաթյա ժամկետը Կոմիտեի համար չէր կարող հանդիսանալ իր առարկությունները և դրանց հիմքում ընկած փաստերը հիմնավորող ապացույցներն առաջին անգամ ներկայացնելու ժամկետ, քանի որ այդ գործողությունները ենթակա էին կատարման 118.1-ին հոդվածի 1-ին մասով սահմանված մեկամսյա ժամկետում, որն այդ պահին արդեն ավարտված էր։
Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով տարբերակված են դատավարական ժամկետի երկարաձգման և բաց թողնված դատավարական ժամկետով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքի վերականգնման կառուցակարգերը։
Այսպես․ Օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավարական ժամկետների ավարտից հետո դատավարության մասնակիցները կորցնում են այդ ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը։ Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ (․․․) միջնորդության ներկայացման հետ միաժամանակ, եթե դա հնարավոր է, կատարվում են անհրաժեշտ դատավարական գործողությունները (դիմումի, բողոքի, փաստաթղթերի ներկայացում և այլն), որոնց կատարման ժամկետը բաց է թողնվել։
Նույն Օրենսգրքի 55-րդ հոդվածի համաձայն՝ դատարանի նշանակած՝ չավարտված դատավարական ժամկետները կարող է երկարաձգել նույն դատարանը` դատավարության մասնակցի միջնորդությամբ` սույն օրենսգրքի 54-րդ հոդվածով սահմանված կարգով։
Վերը նշված նորմերից, մասնավորապես, բխում է, որ դատավարական ժամկետի երկարաձգման կառուցակարգը կիրառելի է դեռևս չավարտված դատավարական ժամկետի նկատմամբ, մինչդեռ դատավարական ժամկետի ավարտից հետո դատավարության մասնակիցը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին մասի ուժով, կորցնում է այդ ժամկետով պայմանավորված գործողություն կատարելու իրավունքը, որի վերականգնումը հնարավոր է նույն հոդվածով սահմանված հատուկ դատավարական կարգով։ Դատավարական ժամկետի երկարաձգումը և բաց թողնված դատավարական ժամկետով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքի վերականգնումը չեն կարող նույնացվել, քանի որ առաջին դեպքում դատավարության մասնակիցը դեռևս պահպանում է համապատասխան գործողությունը կատարելու իրավունքը և հայցում է դրա իրականացման համար նախատեսված չավարտված ժամկետի տևողության ավելացում, մինչդեռ երկրորդ դեպքում ժամկետն արդեն ավարտվել է, համապատասխան գործողությունը կատարելու իրավունքը՝ կորսվել, և դատավարության մասնակիցը հայցում է հենց այդ իրավունքի վերականգնումը։
Վերոհիշյալի հիման վրա գնահատելով Կոմիտեի կողմից 13.04.2023 թվականին ներկայացված թիվ №/11-2/22364-2023 միջնորդության իրավական բնույթը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այն չի կարող դիտարկվել որպես ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածով նախատեսված՝ բաց թողնված դատավարական ժամկետով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու մասին միջնորդություն։
Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանվել է դատավարության մասնակիցների առարկությունները, միջնորդությունները, ինչպես նաև նրանց պահանջների և առարկությունների հիմքում ընկած փաստերը հիմնավորող ապացույցները ներկայացնելու կարգը, ինչը Կոմիտեի կողմից չի պահպանվել։ Մասնավորապես՝ Կոմիտեն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.1-ին հոդվածի 1-ին մասով սահմանված մեկամսյա ժամկետում համապատասխան առարկություններ, միջնորդություններ և ապացույցներ առհասարակ չի ներկայացրել Դատարան, որպիսի պարագայում վրա է հասել այդ նորմով սահմանված իրավական հետևանքը (դատավարության մասնակցի՝ նշված ժամկետից ուշ ներկայացված առարկությունները, միջնորդությունները և ապացույցները չեն ընդունվում և քննարկման ենթակա չեն), ինչն իրավաչափորեն կիրառել է Դատարանը։
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-151-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար։
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:
Դատական ակտին օրինական ուժ տալիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի՝ վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն` դատական ծախսերի հատուցման պարտականությունը մի քանի հայցվորների, բողոք բերողների կամ պատասխանողների միջև բաշխվում է հավասարաչափ, կամ յուրաքանչյուրը կրում է իր գործողություններով առաջացած ծախսերի մասնաբաժինը։
Վճռաբեկ դատարանը, հաշվի առնելով, որ Կոմիտեն վերաքննիչ բողոք ներկայացնելիս վճարել է 20.750 ՀՀ դրամ պետական տուրք (գ. թ. 73- 75), իսկ վճռաբեկ բողոքը ներկայացնելիս ԱՁ Ալիտա Մինասյանը վճարել է 30.750 ՀՀ դրամ՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Կոմիտեից հօգուտ ԱՁ Ալիտա Մինասյանի ենթակա է բռնագանձման 30.750 ՀՀ դրամ՝ որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար։ Ինչ վերաբերում է ՀՀ վարչական դատարանում գործի քննության հետ կապված դատական ծախսերին, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրան անդրադառնալու անհրաժեշտությունը բացակայում է, հաշվի առնելով այն հանգամանքը, որ օրինական ուժ է տրվում ՀՀ վարչական դատարանի վճռին, որով լուծվել է նաև դատական ծախսերի հարցը։
Դատական այլ ծախս առկա չէ։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 08.05.2025 թվականի որոշումը և օրինական ուժ տալ ՀՀ վարչական դատարանի 10.08.2023 թվականի վճռին:
2. ՀՀ պետական եկամուտների կոմիտեից հօգուտ անհատ ձեռնարկատեր ԱՁ Ալիտա Մինասյանի բռնագանձել 30.750 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:
Նախագահող
Զեկուցող
Հ. ԲԵԴԵՎՅԱՆ
Լ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ
Ք. ՄԿՈՅԱՆ
