Վճռաբեկ դատարան · Կոռուպցիոն հանցագործություններ
ՀԿԴ/0229/11/25
Վճռաբեկ դատարանի որոշումների ցանկից (cassationcourt.am/decisions)՝ դատարանի նախադեպային շտեմարանում այն չկա։
- Գործի համարը
- ՀԿԴ/0229/11/25
- Դիմող / մեղադրյալ
- Լիազոր ներկայացուցիչ Գ․Սիմոնյան
- Դատական ակտի ընդունման ամսաթիվը
- 08.09.2026
- ՀՀ Քրեական դատավարության օրենսգիրք
- Որոշման տեքստում վկայակոչված այլ հոդվածներ
8 հոդված՝ որոշման տեքստից (դատարանի քարտում չկան)
ՀՀ Սահմանադրություն
ՀՀ Քրեական դատավարության օրենսգիրք
Որոշման տեքստը
դատարանի Word ֆայլիցՀԿԴ/0229/11/25
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության
hակակոռուպցիոն դատարան,
նախագահող դատավոր Գ․Հովհաննիսյան
Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան,
նախագահող դատավոր Կ․Ամիրյան
2026 թվականի սեպտեմբերի 8-ին քաղաք Երևանում
ՀՀ վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմը (այսուհետ` նաև Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ` Ա․ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ՝ Ռ․ՄԽԻԹԱՐՅԱՆԻ
Ս․ՉԻՉՈՅԱՆԻ
Դ․ՎԵՔԻԼՅԱՆԻ
գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան) 2025 թվականի դեկտեմբերի 1-ի որոշման դեմ «Սաղմոն» ՍՊ ընկերության ********** ************* լիազոր ներկայացուցիչ Գ․Սիմոնյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Վարույթի դատավարական նախապատմությունը.
1. 2025 թվականի նոյեմբերի 6-ին ՀՀ հակակոռուպցիոն դատարան (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան) է ստացվել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ընտրական, ինչպես նաև մասնավոր ոլորտում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ ավագ քննիչ *******՝ 2025 թվականի սեպտեմբերի 25-ի քրեական վարույթ նախաձեռնելուց հրաժարվելու ու այն հսկող դատախազի կողմից հաստատելու վարութային ակտերի և ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության ***************** (այսուհետ՝ նաև Վերադաս դատախազ)՝ 2025 թվականի հոկտեմբերի 13-ի բողոքը քննության առնելու մասին որոշման դեմ «Սաղմոն» ՍՊ ընկերության *********** ************ լիազոր ներկայացուցիչ Գ․Սիմոնյանի բողոքը։
2․ Առաջին ատյանի դատարանի 2025 թվականի նոյեմբերի 9-ի որոշմամբ «Սաղմոն» ՍՊ ընկերության ********* ************* լիազոր ներկայացուցիչ Գ․Սիմոնյանի բողոքի հիման վրա մինչդատական ակտի վիճարկման վարույթ հարուցելը մերժվել է։
3․ Վերոհիշյալ որոշման դեմ բողոքաբեր Գ․Սիմոնյանի կողմից բերված հատուկ վերանայման բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանի 2025 թվականի դեկտեմբերի 1-ի որոշմամբ՝ Առաջին ատյանի դատարանի որոշումը թողնվել է անփոփոխ:
4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ «Սաղմոն» ՍՊ ընկերության ******** ************* լիազոր ներկայացուցիչ Գ․Սիմոնյանը բերել է հատուկ վերանայման վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի 2026 թվականի հունվարի 14-ի որոշմամբ ընդունվել է վարույթ, և սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։
Հատուկ վերանայման բողոքի հիմքերը, դրանք հիմնավորող փաստարկները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.
5. Բողոքի հեղինակը գտել է, որ ստորադաս դատարանները թույլ են տվել դատական սխալ, մասնավորապես՝ խախտել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 301-րդ հոդվածը, 302-րդ հոդվածի 2-րդ մասը, ինչը հանգեցրել է Ս․Անդրասյանի՝ ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածով երաշխավորված դատական պաշտպանության իրավունքի խախտման։
5․1․ Բողոքաբերի պնդմամբ՝ ստորադաս դատարանները սահմանել են այնպիսի պարտավորություններ, որոնք ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 301-րդ հոդվածով սահմանված չեն, քանի որ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը չի նախատեսում դատախազի կողմից կայացված որոշումը ստանալու փաստը հավաստող փաստաթուղթը բողոքին կցելու պարտականություն, ուստի տվյալ պատճառաբանությամբ վարույթի հարուցումը մերժելու մասին ստորադաս դատարանների հետևությունները չեն բխում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի կարգավորումներից։
5․2․ Բացի այդ, բողոք բերած անձը փաստարկել է, որ ստորադաս դատարանների կողմից կայացված դատական ակտերում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 301-րդ հոդվածի վերաբերյալ արված մեկնաբանությունը հակասում է Նաիրա Մելիքյանի վերաբերյալ գործով թիվ ԵԴ1/0180/11/23 դատական վարույթով Վճռաբեկ դատարանի կողմից կայացված որոշման մեջ տվյալ նորմին տրված մեկնաբանությանը։
6. Վերոգրյալի հիման վրա բողոքաբերը խնդրել է ամբողջությամբ բեկանել Առաջին ատյանի դատարանի՝ 2025 թվականի նոյեմբերի 9-ի որոշումն ու այն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի՝ 2025 թվականի դեկտեմբերի 1-ի որոշումը և կայացնել դրան փոխարինող դատական ակտ՝ վերականգնելով ************** խախտված իրավունքները։
Հատուկ վերանայման բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
7․ «Սաղմոն» ՍՊ ընկերության ******** ******** լիազոր ներկայացուցիչ Գ․Սիմոնյանի կողմից Առաջին ատյանի դատարան ներկայացված բողոքում բացակայել է նշում՝ Վերադաս դատախազի՝ 2025 թվականի հոկտեմբերի 13-ի «Բողոքը քննության առնելու մասին» որոշումը բողոքաբերին հասանելի դառնալու ժամկետի մասին։
8. Առաջին ատյանի դատարանի որոշմամբ արձանագրվել է հետևյալը. «(...) Բողոքաբերի կողմից չի ներկայացվել մինչդատական ակտի դեմ դատարան ներկայացված բողոքն իրավասու դատախազին ուղղված բողոքի մերժման որոշումը՝ կայացված 2025 թվականի հոկտեմբերի 13-ին, ստանալուց հետո տասնհինգօրյա ժամկետում ներկայացնելու մասին որևէ հիմնավորում, այսինքն այն, որ դատախազ Ա.Փանոսյանի կողմից 13.10.2025 թվականի «Բողոքը քննության առնելու մասին» որոշումը բողոքաբերին հասու է դարձել սույն բողոքը դատարան ներկայացնելուց 15-օրյա ժամկետում, որպիսի փաստի հիմնավորման պարտականությունը կրում է բողոքաբերը, այսինքն պահպանված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով սահմանված պահանջը, հետևաբար Դատարանն արձանագրում է, որ ներկայացված բողոքը ժամկետանց է և հիմք ընդունելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 302-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված կառուցակարգերը, Դատարանը գտնում է, որ բողոքաբերի կողմից ներկայացված բողոքի կապակցությամբ մինչդատական ակտը վիճարկելու վարույթի հարուցումն ենթակա է մերժման (...)»։
9. Բողոքաբեր Գ․Սիմոնյանի կողմից հատուկ վերանայման վերաքննիչ բողոքին կից Վերաքննիչ դատարան է ներկայացվել նաև Վերադաս դատախազի կողմից կայացված վարութային ակտը ստանալու վերաբերյալ ծրարի պատճենը։
10․ Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով Առաջին ատյանի դատարանի վիճարկվող որոշումը, իր որոշմամբ փաստել է հետևյալը. «(...) Բողոքաբերի կողմից Դատարան ներկայացված բողոքի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այն չի պարունակել որևէ տվյալ վերադաս դատախազի 2025 թվականի հոկտեմբերի 13-ի «Բողոքը քննության առնելու մասին» որոշումը Բողոքաբերին հասանելի դառնալու ժամկետի մասին, այսինքն՝ Դատարանը չի ունեցել Բողոքաբերի կողմից նշյալ վարութային ակտը ստանալու ամսաթիվը հավաստելու հնարավորություն։
Վերաքննիչ դատարանը փաստում է, որ վարույթին ներգրավված անձանց կողմից փաստաթղթերի ստացման ժամկետը հավաստվում է վարույթի նյութերին կցված պատշաճ և համապատասխան փաստաթղթով, ինչը խնդրո առարկա դեպքում բացակայում է: Վերոնշյալի բացակայության պայմաններում, հաշվի առնելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 171-րդ հոդվածի 6-րդ մասի կարգավորումը, Դատարանը զրկված է եղել Բողոքաբերի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված բողոքարկման տասնհինգօրյա ժամկետի պահպանման հանգամանքը գնահատելու հնարավորությունից, ինչի արդյունքում էլ մինչդատական ակտի վիճարկման վարույթի հարուցումը հիմնավորված մերժվել է:
Այլ կերպ ասած, քննարկման առարկա դեպքում Դատարանը հնարավորություն կունենար գնահատելու Բողոքաբերի կողմից մինչդատական ակտի բողոքարկման ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված տասնհինգօրյա ժամկետի պահպանման հանգամանքը այն դեպքում, երբ Բողոքաբերը Դատարան ներկայացված բողոքին կից ներկայացներ նաև վերադաս դատախազի 2025 թվականի հոկտեմբերի 13-ի «Բողոքը քննության առնելու մասին» որոշման ստացման ամսաթիվը հավաստող համապատասխան փաստաթուղթը։ (...)
Ինչ վերաբերում է Բողոքաբերի փաստարկին առ այն, որ «Ակնհայտ է, որ տվյալ դեպքում՝ բողոքարկվող դատական ակտը կայացնողը ոչ միայն հաշվի չի առել վերոնշյալ սահմանադրաիրավական չափանիշները, ավելին՝ անձի վրա օրենքով չնախատեսված պարտավորություն դնելով խախտել է օրենքի (իրավունքի) գերակայության սահմանադրաիրավական հիմնարար սկզբունքը։ Վիճարկվող ակտով անձի վրա ոչ իրավաչափորեն դրվել է 15-օրյա ժամկետը պահպանած լինելը հիմնավորելու պարտավորություն՝ որն օրենքով նախատեսված չէ, ինչի հետևանքով խաթարվել է դատարան դիմելու իրավունքի բուն էությունը։»՝ Վերաքննիչ դատարանը փաստում է, որ նշյալ փաստարկը չի բխում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածի 3-րդ մասի կարգավորումից։ (...)»:
Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը.
11․ Սույն վարույթով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. իրավաչա՞փ է արդյոք «Սաղմոն գրուպ» ՍՊ ընկերության ******* ******** լիազոր ներկայացուցիչ Գ․Սիմոնյանի կողմից ներկայացված բողոքի կապակցությամբ մինչդատական ակտի վիճարկման վարույթի հարուցումը մերժելու մասին Առաջին ատյանի դատարանի որոշումն անփոփոխ թողնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունը։
12. ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «1. Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք»։
ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի համաձայն՝ «1․ Յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք (...)»:
ՀՀ Սահմանադրության 78-րդ հոդվածի համաձայն՝ «Հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է պիտանի և անհրաժեշտ լինեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար: Սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է համարժեք լինեն սահմանափակվող հիմնական իրավունքի և ազատության նշանակությանը»։
13․ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Դատական բողոքարկման ենթակա են հետևյալ մինչդատական ակտերը․
(…)
2) ենթադրյալ հանցագործության մասին հաղորդումն արձանագրելուց կամ քրեական վարույթ նախաձեռնելուց հրաժարվելը. (…):
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածի համաձայն՝ «(…) 2. Սույն օրենսգրքի 299-րդ հոդվածով նախատեսված մինչդատական ակտերի դեմ բողոքները կարող են ներկայացվել դատարան միայն իրավասու դատախազին բողոքարկելու և նրա կողմից բողոքի չբավարարման դեպքում (...)։
3. Սույն օրենսգրքի 299-րդ հոդվածով նախատեսված մինչդատական ակտերը դատարան կարող են բողոքարկվել տասնհինգօրյա ժամկետում: Այդ ժամկետի սկիզբն է`
1) իրավասու դատախազին ուղղված բողոքի մերժման որոշումը կամ բավարարումից տարբերվող պատասխանն ստանալու օրը.
2) բողոք ներկայացնելուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետը լրանալու օրը, եթե բողոքի վերաբերյալ պատասխան չի ստացվել»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 301-րդ հոդվածի համաձայն՝
1. Մինչդատական ակտի վերաբերյալ բողոքը պարունակում է՝
(…)
6) բողոքարկվող վարութային ակտի դատախազական բողոքարկման ընթացքը և արդյունքը.
(…) :
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 302-րդ հոդվածի 1․1-ին մասի համաձայն՝ Եթե մինչդատական ակտի վերաբերյալ բողոքը չի համապատասխանում սույն օրենսգրքի 301-րդ հոդվածով սահմանված որևէ պահանջի, ապա համապատասխան թերությունները մատնանշելով և երեքից վեց օր ժամկետ տրամադրելով՝ դատարանն այն վերադարձնում է բողոքը ներկայացրած անձին։ Դատարանի նշած ժամկետում թերությունները վերացնելու և կրկին ներկայացնելու դեպքում բողոքը համարվում է տրված դրա սկզբնական ներկայացման օրը:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Վարույթի հարուցումը հիմնավորված մերժվում է, եթե պահպանված չէ սույն օրենսգրքի 299-րդ և 300-րդ հոդվածներով սահմանված որևէ պահանջ, կամ երբ մինչդատական ակտի վերաբերյալ բողոքը դատարանի սահմանած ժամկետում չի համապատասխանեցվել սույն օրենսգրքի 301-րդ հոդվածով սահմանված պահանջներին»։
14․ ՀՀ Սահմանադրական դատարանն իր` 2018 թվականի հունիսի 19-ի թիվ ՍԴՈ-1420 որոշմամբ արձանագրած սահմանադրաիրավական մեկնաբանությամբ ամրագրել է, որ «(...) Բողոքի բովանդակությանը ներկայացվող բնույթով ձևական որևէ նախապայմանի խախտման հիմքով, երբ առկա է այն շտկելու իրավական՝ ողջամիտ՝ հնարավորություն, անձին Սահմանադրությամբ՝ երաշխավորված դատական բողոքարկման իր իրավունքի իրացումից զրկելը, սահմանափակելը, Սահմանադրական դատարանի գնահատմամբ, չի կարող բխել մարդու իրավունքների ու ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի երաշխավորման և իրացման սահմանադրորեն ամրագրված սկզբունքներից, ինչպես նաև այդ բնագավառում հանրային իշխանությանն առաջադրված սահմանադրաիրավական նպատակներից: (...)»:
15. Վճռաբեկ դատարանը, Նաիրա Մելիքյանի վերաբերյալ գործով որոշմամբ անդրադառնալով մինչդատական ակտերի իրավաչափության դատական երաշխիքների վարույթի իրականացման փուլային ընթացակարգին, արձանագրել է, որ մինչդատական ակտերի իրավաչափության դատական երաշխիքների վարույթի նախնական փուլն է հանդիսանում հարուցման փուլը, որի ընթացքում դատարանը լուծում է միայն համապատասխան վարույթ հարուցելու կամ վարույթի հարուցումը մերժելու հարցը, և դատարանը մինչդատական ակտի վերաբերյալ բողոքի հիման վրա մինչդատական ակտի վիճարկման վարույթ հարուցելու մասին որոշում է կայացնում, եթե պահպանված են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված վերաբերելի պահանջները: Հակառակ դեպքում, դատարանը կայացնում է վարույթի հարուցումը մերժելու մասին որոշում՝ հստակ նշելով, թե վարույթ հարուցելու համար պարտադիր որ պայմանը չի պահպանվել:
Վերոնշյալ որոշմամբ Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ստորադաս դատարանի այն դատողությանը, որ բողոքին կցված չէ դատախազի կողմից կայացված որոշումը ստանալու փաստը հավաստող փաստաթուղթը, արձանագրել է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 301-րդ հոդվածի 2-րդ մասով նման պահանջ սահմանված չէ, հետևաբար բողոքաբերի կողմից համապատասխան մինչդատական ակտը դատարան բողոքարկելու ժամկետը պահպանած լինելու պահանջը կարող էր քննարկման առարկա դառնալ ներկայացված բողոքի ըստ էության քննության շրջանակներում։
15․1․ Վճռաբեկ դատարանը մեկ այլ՝ թիվ ՀԿԴ/0292/11/24 որոշմամբ արձանագրել է, որ ստորադաս դատարան ներկայացված բողոքում բողոքաբերը նշել է հսկող և վերադաս դատախազների որոշումներն իր կողմից ստանալու ամսաթիվը, և որ վարույթի նյութերում առկա չէ որևէ տվյալ, որով կհաստատվեր բողոքաբերի կողմից բողոքն օրենքով սահմանված ժամկետի խախտմամբ բերված լինելու փաստը, ուստի պահպանվել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով սահմանված ժամկետները։
16․ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի գլուխ 40-ով նախատեսված վարույթի հանրային մասնակիցների վարութային ակտերի մինչդատական ակտերի իրավաչափության դատական երաշխիքների վերաբերյալ նորմերի համակարգային վերլուծությունից երևում է, որ դատական բողոքարկման ենթակա մինչդատական ակտերի դեմ բողոքները կարող են ներկայացվել դատարան միայն իրավասու դատախազին բողոքարկելու դեպքում և իրավասու դատախազին ուղղված բողոքի մերժման որոշումը կամ բավարարումից տարբերվող պատասխանն ստանալու օրվանից տասնհինգօրյա ժամկետում, հակառակ դեպքում, եթե մինչդատական ակտերի դեմ բողոքը նախքան դատարան ներկայացվելը չի բողոքարկվել իրավասու դատախազին կամ դատարան է ներկայացվել իրավասու դատախազին ուղղված բողոքի մերժման որոշումը կամ բավարարումից տարբերվող պատասխանն ստանալու օրվանից տասնհինգօրյա ժամկետի խախտմամբ, ապա դատարանը, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 302-րդ հոդվածի 2-րդ մասով, պետք է վարույթի հարուցումը հիմնավորված մերժի՝ նույն օրենսգրքի 300-րդ հոդվածով սահմանված համապատասխան պայմանն ապահովված չլինելու հիմքով։
Միևնույն ժամանակ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 301-րդ հոդվածի 1-ին մասով օրենսդիրը սահմանել է մինչդատական ակտի վերաբերյալ բողոքին ներկայացվող ձևական պահանջները, դրանց շարքում ներառելով նաև՝ բողոքարկվող վարութային ակտի դատախազական բողոքարկման ընթացքը և արդյունքը, ինչը ներառում է նաև իրավասու դատախազին բողոքը ներկայացնելու և բողոքի մերժման որոշումը կամ բավարարումից տարբերվող պատասխանը ստանալու օրերի վերաբերյալ տեղեկությունը։
17․ Վերոգրյալ իրավական վերլուծությունները համադրելով Սահմանադրական դատարանի սույն որոշման 14-րդ կետում մեջբերված սահմանադրաիրավական մեկնաբանման հետ՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն դեպքերում, երբ անձի կողմից ներկայացված բողոքի բովանդակությունից կամ դրան կից ներկայացված նյութերից հնարավոր չէ եզրահանգում կատարել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածով նախատեսված պահանջները պահպանված լինելու վերաբերյալ, ապա դատարանը պետք է կայացնի մինչդատական ակտի վերաբերյալ բողոքը վերադարձնելու մասին որոշում՝ հնարավորություն տալով բողոքաբերին բողոքում ներկայացնելու բողոքարկվող վարութային ակտի դատախազական բողոքարկման ընթացքի և արդյունքի, այդ թվում՝ իրավասու դատախազին բողոք ներկայացնելու և բողոքի մերժման որոշումը կամ բավարարումից տարբերվող պատասխանն ստանալու օրվա վերաբերյալ տվյալներ։ Հակառակ դեպքում դատարանը կկայացնի մինչդատական ակտը վիճարկելու վարույթի հարուցումը մերժելու կամ համապատասխան վարույթ հարուցելու մասին որոշում այն պայմաններում, երբ բացակայում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածով նախատեսված պահանջների գնահատման հնարավորությունը։
18. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ․
- «Սաղմոն» ՍՊ ընկերության ******* ********* լիազոր ներկայացուցիչ Գ․Սիմոնյանի կողմից Առաջին ատյանի դատարան ներկայացված բողոքում բացակայել է նշում Վերադաս դատախազի 2025 թվականի հոկտեմբերի 13-ի որոշումը բողոքաբերին հասանելի դառնալու ժամկետի մասին։
- Առաջին ատյանի դատարանը, մերժելով «Սաղմոն» ՍՊ ընկերության ******* *************** լիազոր ներկայացուցիչ Գ․Սիմոնյանի բողոքի կապակցությամբ վարույթի հարուցումը, գտել է, որ բողոքաբերի կողմից չի պահպանվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով սահմանված այն պահանջը, համաձայն որի՝ նույն օրենսգրքի 299-րդ հոդվածով նախատեսված մինչդատական ակտերը դատարան կարող են բողոքարկվել իրավասու դատախազին ուղղված բողոքի մերժման որոշումը կամ բավարարումից տարբերվող պատասխանն ստանալու օրվանից տասնհինգօրյա ժամկետում՝ միևնույն ժամանակ արձանագրելով, որ ներկայացված բողոքը ժամկետանց է:
- Բողոքաբեր Գ․Սիմոնյանի կողմից հատուկ վերանայման վերաքննիչ բողոքին կից Վերաքննիչ դատարան է ներկայացվել նաև Վերադաս դատախազի կողմից կայացված վարութային ակտն ստանալու վերաբերյալ ծրարի պատճենը։
- Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով Առաջին ատյանի դատարանի որոշումը, արձանագրել է, որ Առաջին ատյանի դատարանը զրկված է եղել բողոքաբերի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված բողոքարկման տասնհինգօրյա ժամկետի պահպանման հանգամանքը գնահատելու հնարավորությունից, ինչի արդյունքում էլ մինչդատական ակտի վիճարկման վարույթի հարուցումը հիմնավորված մերժվել է:
19. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 12-17-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանի այն հետևությունը, որ «Սաղմոն» ՍՊ ընկերության ******** *********** ներկայացուցիչ Գ․Սիմոնյանի կողմից չեն պահպանվել մինչդատական ակտի վերաբերյալ բողոքին առաջադրվող պահանջները, այն է` բողոքը չի համապատասխանել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածի 3-րդ մասի կարգավորումներին, իրավաչափ չէ։
Այսպես, «Սաղմոն» ՍՊ ընկերության ******* *************** լիազոր ներկայացուցիչ Գ․Սիմոնյանի կողմից ներկայացված բողոքում բացակայել է նշում՝ իրավասու դատախազին ուղղված բողոքի մերժման որոշումը կամ բավարարումից տարբերվող պատասխանն ստանալու օրվա ամսաթվի մասին, որի պայմաններում Առաջին ատյանի դատարանը հանգել է հետևության, որ բողոքաբերի կողմից չի պահպանվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով սահմանված պահանջը՝ միևնույն ժամանակ արձանագրելով, որ ներկայացված բողոքը ժամկետանց է, մինչդեռ իրավասու դատախազին ուղղված բողոքի մերժման որոշումը կամ բավարարումից տարբերվող պատասխանը ստանալու օրվա ամսաթվի մասին նշման բացակայության դեպքում Առաջին ատյանի դատարանը նման միանշանակ հետևության հանգել չէր կարող։
Ուստի, Առաջին ատյանի դատարանը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով սահմանված պահանջը պահպանված լինելու կամ հակառակի մասին եզրահանգում կատարելու համար պետք է կայացներ մինչդատական ակտի վերաբերյալ բողոքը վերադարձնելու մասին որոշում՝ մատնանշելով իրավասու դատախազին ուղղված բողոքի մերժման որոշումը ստանալու ամսաթվի վերաբերյալ նշման բացակայությունը՝ դրանով իսկ հնարավորություն ընձեռելով «Սաղմոն» ՍՊ ընկերության ********* **************** լիազոր ներկայացուցիչ Գ․Սիմոնյանին՝ ներկայացնելու իրավասու դատախազին ուղղված բողոքի մերժման որոշումը ստանալու օրվա վերաբերյալ տվյալը։
20․ Վերոգրյալի հաշվառմամբ անդրադառնալով «Սաղմոն գրուպ» ՍՊ ընկերության ******** ********** լիազոր ներկայացուցիչ Գ․Սիմոնյանի հատուկ վերանայման բողոքը մերժելու մասին Վերաքննիչ դատարանի որոշման իրավաչափության հարցին՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ բացի այն, որ Առաջին ատյանի դատարանը, մերժելով բողոքի կապակցությամբ վարույթ հարուցելը, գործել է ոչ իրավաչափ, ինչն արդեն իսկ հիմք է հանդիսացել Վերաքննիչ դատարանի կողմից Առաջին ատյանի դատարանի դատական ակտը բեկանելու համար, միևնույն ժամանակ «Սաղմոն» ՍՊ ընկերության ****** ************** լիազոր ներկայացուցիչ Գ․Սիմոնյանի կողմից հատուկ վերանայման բողոքին կից՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով սահմանված տասնհինգօրյա ժամկետի պահանջը պահպանված լինելու վերաբերյալ փոստային ծրարի պատճենը ներկայացրած լինելու պարագայում Վերաքննիչ դատարանն անտեսել ու առհասարակ գնահատման առարկա չի դարձրել նշված հանգամանքը, ինչն էլ իր հերթին հանգեցրել է անձի՝ դատական պաշտպանության և դատարանի մատչելիության իրավունքների խախտմանը:
21․ Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործով Առաջին ատյանի դատարանն իր որոշմամբ «Սաղմոն» ՍՊ ընկերության ******** **************** լիազոր ներկայացուցիչ Գ․Սիմոնյանի բողոքի հիման վրա մինչդատական ակտի վիճարկման վարույթ հարուցելը մերժելով, իսկ Վերաքննիչ դատարանը Առաջին ատյանի դատարանի դատական ակտն անփոփոխ թողնելով, թույլ են տվել դատական սխալ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 23-րդ հոդվածով ամրագրված՝ դատական պաշտպանության ապահովման, ինչպես նաև 15-րդ հոդվածով ամրագրված՝ վարույթի հանրայնության սկզբունքների խախտումներ, որոնք համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի, հիմք են Առաջին ատյանի դատարանի 2025 թվականի նոյեմբերի 9-ի որոշումը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի 2025 թվականի դեկտեմբերի 1-ի որոշումն ամբողջությամբ բեկանելու և վարույթը՝ մինչդատական ակտի վիճարկման վարույթի հարուցման հարցը լուծելու նպատակով, ՀՀ հակակոռուպցիոն դատարան փոխանցելու համար։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 33-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 352-րդ, 359-րդ, 361-363-րդ և 400-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Թիվ ՀԿԴ/0229/11/25 դատական վարույթով ՀՀ հակակոռուպցիոն դատարանի 2025 թվականի նոյեմբերի 9-ի որոշումը և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի 2025 թվականի դեկտեմբերի 1-ի որոշումը բեկանել և վարույթը փոխանցել ՀՀ հակակոռուպցիոն դատարան՝ նոր քննության։
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:
Նախագահող` Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆ
Դատավորներ` Ռ․ՄԽԻԹԱՐՅԱՆ
Ս․ՉԻՉՈՅԱՆ
Դ․ՎԵՔԻԼՅԱՆ
