Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am

Վճռաբեկ դատարան · Կոռուպցիոն հանցագործություններ

ՀԿԴ/0131/09/24

Վճռաբեկ դատարանի որոշումների ցանկից (cassationcourt.am/decisions)՝ դատարանի նախադեպային շտեմարանում այն չկա։

Գործի համարը
ՀԿԴ/0131/09/24
Դատական ակտի ընդունման ամսաթիվը
10.09.2026

Որոշման տեքստը

դատարանի Word ֆայլից
ՀԿԴ/0131/09/24 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն դատարան, նախագահող դատավոր՝ Վ․Սարգսյան Հայաստանի Հանրապետության վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան, նախագահող դատավոր՝ Ա.Մարտիրոսյան 2026 թվականի սեպտեմբերի 10-ին քաղաք Երևանում ՀՀ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմը (այսուհետ նաև՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ` Ա․ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆԻ մասնակցությամբ դատավորներ՝ Ռ.ՄԽԻԹԱՐՅԱՆԻ Ս․ՉԻՉՈՅԱՆԻ Դ․ՎԵՔԻԼՅԱՆԻ գրավոր ընթացակարգով քննության առնելով թիվ ՀԿԴ/0131/09/24 դատական վարույթով ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան) 2025 թվականի հուլիսի 10-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա․Վարդապետյանի հատուկ վերանայման բողոքը, Պ Ա Ր Զ Ե Ց Վարույթի դատավարական նախապատմությունը. 1․ 2024 թվականի օգոստոսի 9-ին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննչական երկրորդ վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ ************ կողմից (այսուհետ նաև՝ Նախաքննության մարմին) ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 46-435-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով նախաձեռնվել է թիվ ******** քրեական վարույթը: 2․ 2024 թվականի դեկտեմբերի 5-ին Նախաքննության մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել ՀՀ հակակոռուպցիոն դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան)՝ թիվ ******** քրեական վարույթով Գևորգ Գագիկի Ղափլանյանի, Գեորգի Հովհաննեսի Թովմասյանի, Աշոտ Խաչիկի Բաղդասարյանի, Նորիկ Վարազդատի Գասպարյանի, Փիլոս Անդրանիկի Ղազանչյանի և Գրիգոր Գուրգենի Մալխասյանի նկատմամբ իրականացվող Ներքին դիտում», «Արտաքին դիտում» և Թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում» գաղտնի քննչական գործողությունների ժամկետը երկու ամսով՝ մինչև 2025 թվականի փետրվարի 13-ը երկարաձգելու մասին, որն Առաջին ատյանի դատարանի նույն օրվա որոշմամբ բավարարվել է։ 3․ Առաջին ատյանի դատարանի վերոհիշյալ որոշման դեմ մեղադրյալ Ա․Բաղդասարյանի պաշտպան Գ․Միքայելյանի և մեղադրյալ Գ․Մալխասյանի պաշտպան Պ․Սաֆարյանի հատուկ վերանայման բողոքների քննության արդյունքում Վերաքննիչ դատարանի 2025 թվականի հուլիսի 10-ի որոշմամբ Առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանվել է, և կայացվել է դրան փոխարինող դատական ակտ, այն է՝ «Ներքին դիտում», «Արտաքին դիտում» և «Թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում» գաղտնի քննչական գործողություններ կատարելու ժամկետը երկարաձգելու թույլտվություն ստանալու վերաբերյալ Նախաքննության մարմնի միջնորդությունը մերժվել է։ 4․ Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա․Վարդապետյանը բերել է հատուկ վերանայման բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2025 թվականի սեպտեմբերի 2-ի որոշմամբ ընդունվել է վարույթ, և սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։ Հատուկ վերանայման բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը. Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով. 5․ Բողոքաբերը գտել է, որ վիճարկվող որոշումն օրինական և հիմնավոր չէ, դրանով թույլ է տրվել դատական սխալ՝ քրեադատավարական օրենքի էական խախտում, որն ազդել է վարույթի ելքի վրա։ Մասնավորապես՝ Վերաքննիչ դատարանը, գաղտնի քննչական գործողություններ կատարելու թույլտվություն տալու մասին քննիչի միջնորդությունը մերժելով, թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 242-րդ հոդվածի խախտում, որի արդյունքում խախտվել է նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 15-րդ հոդվածով սահմանված՝ վարույթի հանրայնության սկզբունքը: 5․1․ Բողոքաբերը նշել է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում առկա չէ որևէ իմպերատիվ պահանջ առ այն, որ օրենսդիրն իրավակիրառողին առաջնորդել է «մեկ անձ-մեկ միջնորդություն» տրամաբանությամբ: Մասնավորապես, ըստ բողոքաբերի՝ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ եթե նորմատիվ իրավական ակտում բառը նշված է եզակի թվով, ապա դա տարածվում է նաև այդ բառի հոգնակիի վրա և ընդհակառակը, եթե տվյալ իրավական ակտով այլ բան նախատեսված չէ, կամ ուղղակի այլ բան չի բխում այդ իրավական ակտի բովանդակությունից: 5․2․ Անդրադառնալով վիճարկվող դատական ակտով Վերաքննիչ դատարանի համեմատական կերպով մեջբերած՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 348-րդ հոդվածի 4-րդ մասին առ այն, որ «Մի քանի մեղադրյալների դեպքում սույն հոդվածում նշված բոլոր վերաբերելի հարցերի պատասխանները շարադրվում են յուրաքանչյուր մեղադրյալի նկատմամբ առանձին», բողոքաբերը նշել է, որ մեջբերված նորմը վերաբերում է դատավճռի բովանդակությանը և որևէ կերպ չի կարող առնչություն ունենալ ապացուցողական գործողությունների կատարման դատական երաշխիքների շրջանակում ներկայացված միջնորդությանը կամ դատարանի կողմից կայացվող որոշմանը: Ըստ բողոքաբերի՝ վիճարկվող որոշումը վերաբերում է նույն վարույթով անցնող անձանց, որոնց մեղսագրված արարքները փոխկապակցված են միմյանց, ուստի յուրաքանչյուր անձի մասով առանձին միջնորդություն ներկայացնելը և այն դատարանի կողմից յուրաքանչյուրի մասով առանձին քննարկելը, ի թիվս այլնի, անհարկի արհեստական ծանրաբեռնվածություն է առաջացնում թե՛ վարույթն իրականացնող մարմնի, թե՛ ապացուցողական գործողությունների կատարման դատական երաշխիքների շրջանակում միջնորդությունը քննող դատարանի համար: 5․3․ Բողոքաբերի պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանն ըստ էության քրեադատավարական խնդրո առարկա նորմերի մեկնաբանման նկատմամբ դրսևորել է չափազանց ձևականացված (excessive formalism) մոտեցում, քանզի հարկ է փաստել, որ մեկ միջնորդության ներկայացմամբ մի քանի անձի նկատմամբ գաղտնի քննչական գործողություններ կատարելու թույլտվություն հայցելը ըստ էության չի խախտել և չէր էլ կարող խախտել որևէ մասնավոր անձի որևէ իրավունք: 5․4․ Միևնույն ժամանակ, բողոքի հեղինակը նշել է, որ Վճռաբեկ դատարանը թիվ 26/04.12.2020 գործով 2025 թվականի հունիսի 23-ի որոշման շրջանակներում քննության է առել վեց դատական ակտերի դեմ ներկայացված հատուկ վերանայման բողոքներ, որպիսի մոտեցումը թույլ է տալիս եզրակացնել, որ քրեական դատավարության օրենսդրության ընդհանուր տրամաբանությունը, mutatis mutandis, թույլատրում է մեկ փաստաթղթի մեջ մի քանի անձանց վերաբերող դատավարական ակտերի շարադրումը: 5․5․ Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի այն պնդմանը, որ դատական ակտում չի հիմնավորվել յուրաքանչյուր անձի տարբեր իրավունքների սահմանափակման անհրաժեշտությունը, և ստորադաս դատարանը քննիչի` թվով վեց անձի իրավունքի սահմանափակման նպատակով ներկայացված միջնորդությունը քննարկել է ընդհանրական կերպով՝ առանց բավարար պատճառաբանությունների, թե կոնկրետ անձի մասով արդյոք ներկայացվել են բավարար հիմնավորումներ վերջինի սահմանադրական իրավունքներին նման կոշտ միջամտություն թույլատրելու համար, հարկ է փաստել, որ քննիչն իր միջնորդությունում պատշաճ արձանագրել է բոլոր այն փաստարկները, որոնք հիմնավորում են անձանց սահմանադրական իրավունքների սահմանափակման անհրաժեշտությունը և համաչափությունը, այդ թվում՝ միջնորդվող ապացուցողական գործողությունից ակնկալվող արդյունքն այլ եղանակով ստանալու ողջամիտ անհնարինությունը, իսկ Առաջին ատյանի դատարանը վիճարկվող դատական ակտում ներկայացրել է բավարար պատճառաբանություններ և հիմնավորումներ՝ անձանց իրավունքների և ազատությունների ոլորտ նվազ միջամտության եղանակով նույն տեղեկությունների ձեռքբերման այլ միջոցների բացակայության, ինչպես նաև միջնորդության՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի պահանջներին բավարարելու վերաբերյալ՝ նշելով, որ ներկայացված միջնորդությունն իրավաչափ է, միջնորդվող գաղտնի քննչական գործողությունները նախատեսված են օրենքով, դրանց կատարումը հետապնդում է իրավաչափ նպատակ և անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում հետապնդվող նպատակին հասնելու համար, ինչպես նաև բավարար հիմքեր կան ենթադրելու, որ դրանց արդյունքում կարող են ձեռք բերվել տվյալ վարույթի համար նշանակություն ունեցող ապացույցներ, այդ թվում նաև` գործի լուծման համար անհրաժեշտ տեղեկություններ՝ հանցագործության դեպքի, հանգամանքների ու մասնակիցների վերաբերյալ։ 5․6․ Բողոքաբերը նշել է նաև, որ իրավակիրառ պրակտիկայում բազմաթիվ դեպքերում նմանօրինակ միջնորդությունները դատարանի կողմից քննարկվել և բավարարվել են, իսկ դրանց արդյունքները օգտագործվել են որպես ապացույց: 6. Վերոշարադրյալի հիման վրա բողոքաբերը խնդրել է ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի 2025 թվականի հուլիսի 10-ի որոշումը և կայացնել դրան փոխարինող դատական ակտ։ Հատուկ վերանայման բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները. 7․ Նախաքննության մարմնի՝ «Ներքին դիտում», «Արտաքին դիտում» և «Թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում» գաղտնի քննչական գործողությունների ժամկետը երկարաձգելու միջնորդության համաձայն՝ «(…) Այսպիսով, թիվ ******** քրեական վարույթի շրջանակներում իրականացվող գաղտնի քննչական գործողությունների ընթացքում արդեն իսկ ստացվել են քրեական վարույթով՝ կարևոր նշանակություն ունեցող մի շարք տվյալներ, սակայն հանցավոր դեպքի բոլոր հանգամանքները դեռևս չեն պարզվել, այդ թվում՝ ամբողջությամբ չի բացահայտվել կաշառք ստանալու, դրան օժանդակելու և կաշառք տալու բոլոր հանգամանքները և միաժամանակ այլ եղանակով այդ ապացույցի ձեռքբերումը ողջամտորեն անհնար է, ուստի անհրաժեշտություն է առաջացել ևս երկու ամիս ժամանակով շարունակել Գեորգի Թովմասյանի, Գևորգ Ղափլանյանի, Նորիկ Գասպարյանի, Աշոտ Բաղդասարյանի, Փիլոս Ղազանչյանի, Գրիգոր Մալխասյանի նկատմամբ՝ իրականացնել ներքին դիտում, արտաքին դիտում, ինչպես նաև թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում գաղտնի քննչական գործողությունները։ Նախաքննությամբ կատարված տարաբնույթ քննչական և վարութային այլ գործողությունների, ինչպես նաև իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հնարավոր չի եղել բացահայտել ենթադրյալ հանցանքների կատարման բոլոր հանգամանքներն ու մասնակիցներին և գաղտնի քննչական գործողությունների կատարմամբ վարույթն իրականացնող մարմինն ակնկալում է ձեռք բերել վերոնշյալ հանցանքների կատարման մասնակիցներին և նրանցից յուրաքանչյուրի դերակատարման մասին տվյալներ, այդ թվում՝ պարզել առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու, դրան օժանդակելու, կաշառք տալու բոլոր հանգամանքները, մասնակիցների ինքնությունները, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի, ՀՀ կադաստրի կոմիտեի այն պաշտոնատար անձանց ինքնությունները, ովքեր պատրաստակամություն են հայտնել կաշառքի դիմաց կատարել ապօրինի գործողություններ, իսկ դրանք էական նշանակություն ունեն վարույթի համար և այդ ապացույցներն այլ եղանակով ողջամտորեն հնարավոր չի եղել ձեռք բերել։ Հիշատակման է արժանի նաև այն հանգամանքը, որ Գեորգի Թովմասյանի, Գևորգ Ղափլանյանի, Նորիկ Գասպարյանի, Աշոտ Բաղդասարյանի, Փիլոս Ղազանչյանի, Գրիգոր Մալխասյանի նկատմամբ գաղտնի քննչական գործողությունների կատարմամբ նրանց սահմանադրական իրավունքի սահմանափակման անհրաժեշտությունը բխում է հանրային շահից, կատարվող գործողությունը համաչափ է գաղտնի քննչական գործողության արդյունքում ակնկալվող ապացույցին (...)»: 8․ Առաջին ատյանի դատարանի 2024 թվականի դեկտեմբերի 5-ի որոշման համաձայն՝ «(…) Ուսումնասիրելով միջնորդությունը և կից ներկայացված նյութերը, մասնավորապես՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության հինգերորդ բաժնի ավագ օպերլիազոր Ժորա Խաչատրյանի՝ հանցագործության մասին հաղորդումը, «Օպերատիվ հարցում» և «Օպերատիվ տեղեկությունների ձեռքբերում» օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքների մասին՝ 2024 թվականի հունիսի 21-ի, հուլիսի 8-ի և հուլիսի 15-ի արձանագրությունները, «Թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահասկում» օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքների մասին՝ 2024 թվականի օգոստոսի 8-ի արձանագրությունները, «Ներքին դիտում» և «Արտաքին դիտում» օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքների մասին՝ 2024 թվականի մայիսի 8-ի և նոյեմբերի 4-ի արձանագրությունը, ՀՀ հակակոռռուպցիոն կոմիտեի օպերատիվ հետախուզական վարչության պետ Հ.Գրիգորյանի՝ 2024 թվականի օգոստոսի 12-ի գրությունը, «Թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահասկում» գաղտնի քննչական գործողության անցկացման մասին` 2024 թվականի օգոստոսի 19-ի, օգոստոսի 27-ի, սեպտեմբերի 5-ի, սեպտեմբերի 17-ի, հոկտեմբերի 15-ի նոյեմբերի 4-ի, նոյեմբերի 18-ի, նոյեմբերի 25-ի արձանագրությունները և այլ նյութերը, Դատարանը գտնում է, որ ներկայացված միջնորդությունն իրավաչափ է, միջնորդվող գաղտնի քննչական գործողությունները նախատեսված են օրենքով, դրանց կատարումը հետապնդում է իրավաչափ նպատակ և անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում հետապնդվող նպատակին հասնելու համար, ինչպես նաև բավարար հիմքեր կան ենթադրելու, որ դրանց արդյունքում կարող են ձեռք բերվել տվյալ վարույթի համար նշանակություն ունեցող ապացույցներ, այդ թվում նաև՝ գործի լուծման համար անհրաժեշտ տեղեկություններ՝ հանցագործության դեպքի, հանգամանքների ու մասնակիցների վերաբերյալ։ Միևնույն ժամանակ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ այլ եղանակով այդ ապացույցների ձեռքբերումը ողջամտորեն անհնար է, այսինքն՝ բացակայում են անձի իրավունքների և ազատությունների ոլորտ նվազ միջամտության եղանակով նույն տեղեկությունների ձեռքբերման այլ միջոցները, ուստի Դատարանը, փաստելով, որ ներկայացված միջնորդությունը համապատասխանում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի պահանջներին, գտնում է, որ այն ենթակա է բավարարման (…)»։ 9․ Վերաքննիչ դատարանի 2025 թվականի հուլիսի 10-ի որոշման համաձայն՝ «(…) Վերաքննիչ դատարանը, նախևառաջ, հարկ է համարում արձանագրել, որ Առաջին ատյանի դատարանը բավարարել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննչական երկրորդ վարչության ՀԿԳ ավագ քննիչ Արթուր Խլղաթյանի միջնորդությունը, և թույլատրել շարունակել Գևորգ Ղափլանյանի, Գեորգի Թովմասյանի, Աշոտ Բաղդասարյանի, Նորիկ Գասպարյանի, Փիլոս Ղազանչյանի և Գրիգոր Մալխասյանի նկատմամբ կատարվող գաղտնի քննչական գործողությունների իրականացումը: Այս առնչությամբ, ներկայացված բողոքների հիմքերի և հիմնավորումների շրջանակում դատական վերանայման ենթարկելով ստորադաս դատարանի կայացրած դատական ակտը, Վերաքննիչ դատարանն արձանագրում է հետևյալը․ Ինչպես հետևում է վերը շարադրված նորմերի համալիր մեկնաբանությունից, օրենսդիրն առաջնորդվել է «մեկ անձ-մեկ միջնորդություն» տրամաբանությամբ։ Այդ է վկայում հիշյալ նորմերում միջնորդությանը ներկայացվող վավերապայմանների թվարկմամբ օրենսդրորեն վկայակոչվող ձևակերպումը՝ եզակի թվով «անձ» եզրույթի օգտագործումը, բացի այդ, այն տրամաբանությունը, որ անձի սահմանադրական իրավունքների միջամտության հարցին չպետք է անդրադարձ կատարել ընդհանրական կերպով, այլ յուրաքանչյուր կոնկրետ դեպքում ամեն անձի մասով պետք է անհատական իրավական գնահատականի արժանացնել նման միջամտության իրավաչափության հարցը: Ավելին, հենց այդ տրամաբանության արտացոլումն է նաև այն, որ օրենսդիրը միջնորդությունը մասնակի բավարարելու մասին որոշում կայացնելու հնարավորություն դատարանին չի վերապահում։ Այս առնչությամբ հարկ է հավելել, որ հանրային և մասնավոր շահերի միջև արդարացի հավասարակշռությունն ապահովելու նպատակով, դատարանին հնարավորություն է տրվել միջնորդությունը բավարարելու դեպքում ի շահ ապացուցողական գործողության արդյունքում իրավունքների սահմանափակման ենթարկվող անձի, փոխել թույլատրվող ապացուցողական գործողության կատարման վերաբերելի պայմանները, այդ թվում՝ ժամկետը (օրինակ՝ թույլ տալ ներքին դիտում կատարել նույն բնակարանի միջնորդվող երկու սենյակներից միայն մեկում կամ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների առգրավումը թույլատրել ավելի կարճ ժամանակահատվածի համար, քան միջնորդվում է կամ թույլ տալ ոչ թե երկու, այլ մեկ էլեկտրոնային սարքի խուզարկություն և այլն): Այսինքն՝ նույնիսկ օրենսդրի կողմից տրված մեկնաբանության պարագայում դատարանը կարող է միայն փոխել միջնորդվող գործողության վերաբերելի պայմանները, այն էլ ի շահ ապացուցողական գործողության արդյունքում իրավունքների սահմանափակման ենթարկվող անձի: Այս առումով մի քանի անձանց մասով գաղտնի քննչական գործողություններ կատարելու թույլտվություն ստանալու միջնորդության պարագայում դատարանը չի կարող մասնակի բավարարել այն, քանի որ սույն դեպքում գործ չունենք ապացուցողական գործողության պայմանի հետ, այլ կոնկրետ անձի, ում իրավունքների սահմանափակման հարցն էլ այդ թվում հիշյալ պայմանների պահպանման համատեքստում պետք է քննարկման առարկա դարձվի: Ստացվում է, որ բոլոր այն դեպքերում, երբ մեկ միջնորդությամբ կներկայացվի մի քանի անձի նկատմամբ գաղտնի քննչական գործողություն կատարելու թույլտվություն ստանալու վերաբերյալ միջնորդություն, դատարանն, ըստ էության զրկված լինելով այն մասնակի բավարարելու հնարավորությունից, պետք է ընդհանրական մոտեցում ցուցաբերի և արդյունքում, օրինակ, մեկ անձի իրավունքի սահմանափակման վերաբերյալ հետևության հանգելիս այն տարածի մյուսների վրա, ինչպիսի մոտեցումը, Վերաքննիչ դատարանի գնահատմամբ, անթույլատրելի է: Այլ է իրավիճակը, երբ մեկ միջնորդության շրջանակներում ներկայացվում է միևնույն անձի նկատմամբ մի քանի, համալիր գաղտնի քննչական գործողություններ կատարելու թույլտվություն: Այս դեպքում վերը նշված մեկնաբանությունների լույսի ներքո դատարանը հնարավորություն ունի դրանց ինքնուրույն իրավական գնահատականի արժանացնելու նաև այն համատեքստում, որ իրավունքների սահմանափակման հարցը վերաբերում է մեկ անձի: Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նաև համեմատական կերպով մեջբերել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 348-րդ հոդվածի 4-րդ մասն առ այն, որ «Մի քանի մեղադրյալների դեպքում սույն հոդվածում նշված բոլոր վերաբերելի հարցերի պատասխանները շարադրվում են յուրաքանչյուր մեղադրյալի նկատմամբ առանձին:»: Այսինքն, օրենսդիրը դատավճիռ կայացնելիս հնարավորություն է ընձեռում մեկ դատավճռի շրջանակներում անդրադարձ կատարել մի քանի մեղադրյալների արարքին, ընդ որում պայմանով, որ յուրաքանչյուր մեղադրյալի նկատմամբ պետք է առանձին շարադրվի հիշյալ հարցերի պատասխանները, մինչդեռ ապացուցողական գործողություն կատարելու միջնորդության և դրա արդյունքում կայացված դատական ակտի պարագայում նման օրենսդրական հնարավորություն առկա չէ: Վերաքննիչ դատարանը գտնում է, որ նույնիսկ եթե միջնորդությունը վերաբերում է միևնույն վարույթով անցնող, ենթադրաբար փոխկապակցված անձանց, միևնույն է՝ վերը շարադրված հիմնավորումների ուժով յուրաքանչյուրի մասով պետք է ներկայացվի առանձին միջնորդություն և կայացվի առանձին դատական ակտ՝ անհատականացված կերպով ներկայացնելով հստակ փաստական և իրավական հիմնավորումներ, որոնք պայմանավորում են գաղտնի քննչական գործողության կատարման անհրաժեշտությունը և կանխորոշում են դրա արդյունքում ապացույց ստանալու ողջամիտ հավանականությունը: Վերը շարադրվածի լույսի ներքո Վերաքննիչ դատարանի գնահատմամբ բողոքաբերների կողմից ներկայացվել են հիմնավոր փաստարկներ առ այն, որ տարբեր անձանց իրավունքների ընդհանուր կերպով սահմանափակման վերաբերյալ դատական ակտ կայացնելու օրենսդրական հնարավորություն առկա չէ, բացի այդ դատական ակտում չի հիմնավորվել յուրաքանչյուր անձի տարբեր իրավունքների սահմանափակման անհրաժեշտությունը: Այս համատեքստում Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նկատել, որ ստորադաս դատարանը քննիչի` թվով վեց անձի իրավունքի սահմանափակման նպատակով ներկայացված միջնորդությունը քննարկել է ընդհանրական կերպով՝ առանց բավարար պատճառաբանությունների, թե կոնկրետ անձի մասով արդյոք ներկայացվել են բավարար հիմնավորումներ վերջինի սահմանադրական իրավունքներին նման կոշտ միջամտություն թույլատրելու համար: Վերաքննիչ դատարանի գնահատմամբ, թեև հիշյալ վեց անձինք վարույթով ենթադրյալ փոխկապակցվածություն ունեն, սակայն յուրաքանչյուրի դեպքում առերևույթ առկա է տարբեր բնույթի ենթադրյալ հանցանքի կասկած, բացի այդ յուրաքանչյուրի պարագայում պետք է տեսանելի լինի գաղտնի քննչական գործողության կատարման հիմքը և այդ հիմքերի բավարարությունը։ Ընդ որում, ասվածը նաև պետք է դիտարկել համաչափության և որոշակիության սկզբունքների ապահովման համատեքստում՝ հաշվի առնելով, որ գաղտնի քննչական գործողության կատարումը պետք է լինի տվյալ ապացույցի ձեռքբերման վերջին միջոց, կատարվի միայն այն դեպքում, երբ այլ եղանակով այդ ապացույցը ձեռք բերել հնարավոր չէ, ուստի բոլոր դեպքերում պետք է հստակ պատճառաբանվի անձի սահմանադրական իրավունքներին նման խիստ միջամտության համաչափությունը հետապնդվող նպատակին: Այսինքն, բացի այն, որ վեց տարբեր անձանց իրավունքների միջամտության հարցը քննարկվել է մեկ դատական ակտի շրջանակներում, դեռ ավելին՝ առկա չէ յուրաքանչյուրի մասով առանձին հիմնավորումներ միջնորդվող ապացուցողական գործողությունների կատարման, դրանց տեսակների իրավաչափության վերաբերյալ։ Նման պայմաններում վերադաս ատյանի համար ևս տեսանելի չէ, թե ինչպիսի պատճառաբանությունների արդյունքում է Առաջին ատյանի դատարանը հանգել նման հետևությունների, հատկապես, երբ դրանց հիմքում դրվել են ընդհանրական, չանհատականացված դատողություններ: Այսպիսով, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ մեկ դատական ակտով վեց տարբեր անձանց իրավունքներին միջամտությունը ընդհանրական, չանհատականացված հիմնավորմամբ թույլատրելով ներկայացված միջնորդությամբ արտացոլված տվյալները պատշաճ ստուգման չենթարկելով, խախտվել է մինչդատական վարույթի նկատմամբ դատական պատշաճ վերահսկողության ապահովման պահանջը, որի արդյունքում Առաջին ատյանի դատարանը եկել է ոչ իրավաչափ և ոչ հիմնավոր եզրահանգման, իսկ բողոքաբերների կողմից այդ համատեքստում ներկայացվել են ծանրակշիռ փաստարկումներ։ Ուստի, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ թիվ 62268324 մինչդատական վարույթով մեղադրյալ Գրիգոր Մալխասյանի պաշտպան Պարույր Սաֆարյանի և մեղադրյալ Աշոտ Բաղդասարյանի պաշտպան Գոռ Միքայելյանի հատուկ վերանայման բողոքները պետք է բավարարել, իսկ ՀՀ հակակոռուպցիոն դատարանի 2024 թվականի դեկտեմբերի 5-ի ««Ներքին դիտում», «Արտաքին դիտում» և «Թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում» գաղտնի քննչական գործողություններ կատարելու ժամկետը երկարաձգելու թույլտվություն ստանալու մասին միջնորդությունը քննելու վերաբերյալ»» որոշումը բեկանել և կայացնել դրան փոխարինող ակտ. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննչական երկրորդ վարչության քննիչ *********** միջնորդությունը մերժել (...)»։ Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը. 10․ Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է․ հիմնավորվա՞ծ է արդյոք Վերաքննիչ դատարանի հետևությունն առ այն, որ Նախաքննության մարմնի կողմից ներկայացված միջնորդությունը, և դրա քննարկման արդյունքում կայացված դատական ակտը պետք է վերաբերի բացառապես մեկ անձի իրավունքների սահմանափակմանը։ 11․ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ նաև՝ ՄԻԵԿ) 8-րդ հոդվածի համաձայն՝ «1. Յուրաքանչյուր ոք ունի իր անձնական ու ընտանեկան կյանքի, բնակարանի և նամակագրության նկատմամբ հարգանքի իրավունք։ 2․ Չի թույլատրվում պետական մարմինների միջամտությունն այդ իրավունքի իրականացմանը, բացառությամբ այն դեպքերի, երբ դա նախատեսված է օրենքով և անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում ի շահ պետական անվտանգության, հասարակական կարգի կամ երկրի տնտեսական բարեկեցության, ինչպես նաև անկարգությունների կամ հանցագործությունների կանխման, առողջության կամ բարոյականության պաշտպանության կամ այլ անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով»: ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածի համաձայն՝ «1. Յուրաքանչյուր ոք ունի իր մասնավոր և ընտանեկան կյանքի, պատվի ու բարի համբավի անձեռնմխելիության իրավունք: 2. Մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, երկրի տնտեսական բարեկեցության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով»։ ՀՀ Սահմանադրության 34-րդ հոդվածի համաձայն՝ «1.Յուրաքանչյուր ոք ունի իրեն վերաբերող տվյալների պաշտպանության իրավունք: 2.Անձնական տվյալների մշակումը պետք է կատարվի բարեխղճորեն, օրենքով սահմանված նպատակով, անձի համաձայնությամբ կամ առանց այդ համաձայնության` օրենքով սահմանված այլ իրավաչափ հիմքի առկայությամբ:(...)»։ ՀՀ Սահմանադրության 78-րդ հոդվածի համաձայն` «Հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է պիտանի և անհրաժեշտ լինեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար: Սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է համարժեք լինեն սահմանափակվող հիմնական իրավունքի և ազատության նշանակությանը»։ ՀՀ Սահմանադրության 81-րդ հոդվածի համաձայն՝ «1. Հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ Սահմանադրությունում ամրագրված դրույթները մեկնաբանելիս հաշվի է առնվում Հայաստանի Հանրապետության վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան: 2. Հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակումները չեն կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված սահմանափակումները»։ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 242-րդ հոդվածի համաձայն՝ «1. Գաղտնի քննչական գործողություն կարող է կատարվել միայն այն դեպքում, երբ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ դրա արդյունքով կարող է ձեռք բերվել տվյալ վարույթի համար նշանակություն ունեցող ապացույց, և միաժամանակ այլ եղանակով այդ ապացույցի ձեռքբերումը ողջամտորեն անհնար է: 2. Գաղտնի քննչական գործողությունը կատարվում է քննիչի հանձնարարությամբ` դատարանի որոշման հիման վրա: 3. Գաղտնի քննչական գործողությունները կարող են կատարվել ծանր կամ առանձնապես ծանր, ինչպես նաև կաշառք ստանալու կամ կաշառք տալու ենթադրյալ հանցանքների վերաբերյալ վարույթներով: (...)»։ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 292-րդ հոդվածի համաձայն՝ «1. Ապացուցողական գործողություն կատարելու, ինչպես նաև գաղտնի քննչական գործողության ժամկետը երկարաձգելու վարույթը հարուցվում է քննիչի միջնորդության հիման վրա: 2. Քննիչի միջնորդությունը պարունակում է՝ 1) իրավասու դատարանի անվանումը. 2) քննիչի անունը, ազգանունը և պաշտոնը. 3) միջնորդությունը դատարան ներկայացնելու տարին, ամիսը, օրը, ժամը և րոպեն. 4) վարույթի համարը. 5) այն անձի վերաբերելի տվյալները, որի սահմանադրական իրավունքը միջնորդվում է սահմանափակել. 6) միջնորդվող ապացուցողական գործողությունը, ինչպես նաև դրա կատարման վերաբերելի պայմանները, այդ թվում՝ ժամկետները. 7) միջնորդվող ապացուցողական գործողությունից ակնկալվող արդյունքը. 8) գաղտնի քննչական գործողության ժամկետի երկարաձգման միջնորդության դեպքում` գաղտնի քննչական գործողության կատարման ընթացքում ստացված արդյունքը. 9) այն փաստարկները, որոնք հիմնավորում են անձի սահմանադրական իրավունքի սահմանափակման անհրաժեշտությունը և համաչափությունը, այդ թվում՝ միջնորդվող ապացուցողական գործողությունից ակնկալվող արդյունքն այլ եղանակով ստանալու ողջամիտ անհնարինությունը. 10) միջնորդությանը կցվող նյութերի ցանկը։ 3. Միջնորդությանը կցվում է քրեական վարույթ նախաձեռնելու մասին արձանագրության պատճենը, ինչպես նաև միջնորդության հիմնավորվածությունը հաստատող անհրաժեշտ նյութերի պատճենները, իսկ նույն քրեական վարույթով նույն միջնորդությունը մերժելու մասին որոշում կայացված լինելու դեպքում՝ նաև դատարանի համապատասխան որոշման պատճենը։ (…) 11. Վարույթի հարուցումը հիմնավորված մերժվում է, եթե պահպանված չէ սույն հոդվածի 2-8-րդ մասերով սահմանված որևէ պայման։ Վարույթի հարուցման մերժումը խոչընդոտ չէ նոր միջնորդություն ներկայացնելու համար»: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 293-րդ հոդվածի համաձայն՝ «3․ Միջնորդության քննության արդյունքով դատարանը կայացնում է հետևյալ որոշումներից մեկը. 1) միջնորդությունը մերժելու մասին. 2) միջնորդությունը բավարարելու և միջնորդվող ապացուցողական գործողության կատարումը թույլատրելու մասին. 3) միջնորդությունը բավարարելու և միջնորդվող գաղտնի քննչական գործողության կատարման ժամանակը երկարաձգելու մասին։ (…) 4. Միջնորդությունը բավարարելու դեպքում դատարանը կարող է, ի շահ ապացուցողական գործողության արդյունքում իրավունքների սահմանափակման ենթարկվող անձի, փոխել թույլատրվող ապացուցողական գործողության կատարման վերաբերելի պայմանները, այդ թվում՝ ժամկետը։ (…)»: 12․ Մեջբերված սահմանադրաիրավական և քրեադատավարական նորմերն ամրագրում են անձի՝ Սահմանադրությամբ ամրագրված հիմնական իրավունքները և նախատեսում դրա ապահովման երաշխիքները: Մասնավորապես՝ որպես այդպիսի երաշխիք է հանդես գալիս գաղտնի քննչական գործողության կատարումը մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության առարկայի շարքում նախատեսելը: 13․ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, քննության առնելով գաղտնի հեռահաղորդակցային վերահսկողության համակարգը, արձանագրել է, որ ՄԻԵԿ 8-րդ հոդվածի շրջանակում միջամտությունը կարող է համարվել իրավաչափ միայն այն դեպքում, երբ այն ուղեկցվում է բավարար երաշխիքներով կամայականության դեմ, այդ թվում՝ պատշաճ պատճառաբանվածության պահանջով։ Դատարանը, մասնավորապես, ընդգծել է, որ գաղտնի վերահսկողության թույլտվությունները պետք է հիմնված լինեն կոնկրետ և անհատականացված գնահատման վրա, այլ ոչ թե ընդհանուր կամ ձևական ձևակերպումների։ 14․ Վճռաբեկ դատարանը մշտապես ընդգծել է անձի մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքի հիմնարար բնույթն ու իր նախադեպային իրավունքում հետևողականորեն բացահայտել է այդ իրավունքի սահմանափակման նկատմամբ դատական վերահսկողության բովանդակությունը, համաձայն որի՝ նշված հիմնարար իրավունքին միջամտության ավելի բարձր աստիճան ունեցող օպերատիվ-հետախուզական միջոցառումների, ինչպես նաև գաղտնի քննչական գործողությունների իրականացման նկատմամբ նախնական դատական վերահսկողությունը պատշաճ ընթացակարգի երաշխիք է` գաղտնի վերահսկողությունը թույլատրող որոշումներում համապատասխան պատճառները նշելու պահանջի հետ մեկտեղ, ապահովելու այն, որ կիրառման ենթակա միջոցառումները պատահականորեն կամ առանց պատշաճ և հատուկ ուսումնասիրման չեն թույլատրվելու դատարանի կողմից։ Վերահսկողության այդ գաղտնի միջոցառումների դեպքում, գործի փաստական հանգամանքների (in concreto) համակողմանի գնահատմամբ, դատարանը պետք է ստուգման ենթարկի հայցվող միջամտության՝ իր բնույթին, նպատակային նշանակությանն օրենսդրությամբ առաջադրվող համաչափության պայմաններին համապատասխանելու հարցը՝ որոշելու համար, թե արդյո՞ք առկա են հայցվող միջամտությունը թույլատրելու բավարար և հիմնավոր հիմքեր։ 15․ Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով մեկ վարույթի շրջանակներում մի քանի անձանց նկատմամբ գաղտնի քննչական գործողություն իրականացնելու և դրա ժամկետը երկարաձգելու վերաբերյալ միջնորդության իրավաչափությանը, արձանագրել է, որ առկա չէ հստակ կարգավորում՝ մեկ միջնորդության շրջանակներում ապացուցողական գործողության արդյունքում իրավունքների սահմանափակման ենթարկվող անձանց քանակի վերաբերյալ: Ավելին, այդ փաստը չի կարող միջնորդության իրավաչափության տեսանկյունից գնահատվել։ Վճռաբեկ դատարանը գտել է, որ մեկ վարույթի շրջանակներում մի քանի անձանց նկատմամբ գաղտնի քննչական գործողություն իրականացնելու անհրաժեշտության առաջացման դեպքում արդարացված կլինի, եթե վարույթն իրականացնող մարմինը յուրաքանչյուր անձի մասով առանձին միջնորդություն ներկայացնի դատարան, իսկ դատարանն էլ, իր հերթին, յուրաքանչյուր անձի մասով քննարկի սահմանադրական իրավունքի սահմանափակման թույլատրելիության հարցը և կայացնի առանձին որոշում: Այնուհանդերձ, այն դեպքերում, երբ միջնորդությունը ներկայացվել է մեկ վարույթի շրջանակներում մի քանի անձանց վերաբերյալ, որոնց մեղադրանքները կամ նրանց վերագրվող փաստերը փոխկապակցված են, ապա վարույթն իրականացնող մարմնի կողմից այդ անձանց վերաբերյալ մեկ միջնորդություն ներկայացնելը ևս արդարացված է և բխում է վարույթի օպերատիվ քննության անհրաժեշտությունից։ Նույն որոշմամբ Վճռաբեկ դատարանը գտել է, որ գաղտնի քննչական գործողության կատարման փաստական հիմքն այն տվյալներն են, որոնք պայմանավորում են գաղտնի քննչական գործողության կատարման անհրաժեշտությունը և կանխորոշում են դրա արդյունքում ապացույց ստանալու ողջամիտ հավանականությունը։ Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ այն փաստարկները, որոնք հիմնավորում են անձի սահմանադրական իրավունքի սահմանափակման անհրաժեշտությունը, ինչպես նաև դրա համաչափությունը՝ ապացուցողական գործողության ակնկալվող արդյունքին, իրավունքների սահմանափակման ենթարկվող մի քանի անձանց դեպքում պետք է շարադրվի յուրաքանչյուրի մասով առանձին, և պատշաճ հիմնավորված լինի։ 16․ Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից հետևում է, որ` - Նախաքննության մարմինը միջնորդություն է ներկայացրել Առաջին ատյանի դատարան՝ թիվ ********* քրեական վարույթով Գ․Ղափլանյանի, Գ․Թովմասյանի, Ա․Բաղդասարյանի, Ն․Գասպարյանի, Փ․Ղազանչյանի, Գ․Մալխասյանի նկատմամբ իրականացվող «Թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում», «Ներքին դիտում» և տեխնիկական միջոցների կիրառմամբ «Արտաքին դիտում» գաղտնի քննչական գործողությունների կատարման ժամկետը երկարաձգելու վերաբերյալ՝ փաստարկելով, որ քրեական վարույթի շրջանակներում իրականացվող գաղտնի քննչական գործողությունների ընթացքում արդեն իսկ ստացվել են քրեական վարույթով՝ կարևոր նշանակություն ունեցող մի շարք տվյալներ, սակայն հանցավոր դեպքի բոլոր հանգամանքները դեռևս չեն պարզվել, այդ թվում՝ ամբողջությամբ չեն բացահայտվել կաշառք ստանալու, դրան օժանդակելու և կաշառք տալու բոլոր հանգամանքները, և միաժամանակ, այլ եղանակով այդ ապացույցի ձեռքբերումը ողջամտորեն անհնար է, ուստի անհրաժեշտություն է առաջացել ևս երկու ամիս ժամանակով շարունակել Գ․Թովմասյանի, Գ․Ղափլանյանի, Ն․Գասպարյանի, Ա․Բաղդասարյանի, Փ․Ղազանչյանի, Գ․Մալխասյանի նկատմամբ՝ իրականացնել «Ներքին դիտում», «Արտաքին դիտում», ինչպես նաև «Թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում» գաղտնի քննչական գործողությունները։ - Առաջին ատյանի դատարանը 2024 թվականի դեկտեմբերի 5-ի որոշմամբ Նախաքննության մարմնի միջնորդությունը բավարարել է՝ արձանագրելով, որ ներկայացված միջնորդությունն իրավաչափ է, միջնորդվող գաղտնի քննչական գործողությունների կատարումը հետապնդում է իրավաչափ նպատակ և անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում հետապնդվող նպատակին հասնելու համար, ինչպես նաև բավարար հիմքեր կան ենթադրելու, որ դրանց արդյունքում կարող են ձեռք բերվել տվյալ վարույթի համար նշանակություն ունեցող ապացույցներ, այդ թվում նաև՝ գործի լուծման համար անհրաժեշտ տեղեկություններ՝ հանցագործության դեպքի, հանգամանքների ու մասնակիցների վերաբերյալ։ - Վերաքննիչ դատարանը, բեկանելով Առաջին ատյանի դատարանի որոշումը և կայացնելով դրան փոխարինող դատական ակտ, արձանագրել է, որ գաղտնի քննչական գործողություններ կատարելու, ինչպես նաև դրանց ժամկետները երկարաձգելու վարույթի հարուցմանը ներկայացվող պահանջների համակարգային վերլուծությունից է բխում այն գաղափարը, որ և՛ Նախաքննության մարմնի կողմից ներկայացված միջնորդությունը, և՛ դրա քննարկման արդյունքում կայացված դատական ակտը պետք է վերաբերի մեկ անձի իրավունքների սահմանափակմանը։ Արդյունքում Վերաքննիչ դատարանը գտել է, որ յուրաքանչյուրի մասով պետք է ներկայացվի առանձին միջնորդություն և կայացվի առանձին դատական ակտ՝ անհատականացված կերպով ներկայացնելով հստակ փաստական և իրավական հիմնավորումներ, որոնք պայմանավորում են գաղտնի քննչական գործողության կատարման անհրաժեշտությունը և կանխորոշում են դրա արդյունքում ապացույց ստանալու ողջամիտ հավանականությունը։ 17․ Նախորդ կետում շարադրված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 11-15-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թեև առավել արդարացի կլիներ յուրաքանչյուր անձի իրավունքի սահմանափակման վերաբերյալ առանձին միջնորդություն ներկայացնելը, սակայն սույն դեպքում մեկ միջնորդություն ներկայացնելը, այդուհանդերձ, չի կարող այն մերժելու հիմք հանդիսանալ։ Մասնավորապես, Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ տվյալ դեպքում խնդրո առարկա միջնորդությունը վերաբերում է նույն վարույթով անցնող՝ միմյանց փոխկապակցված անձանց, որպիսի հանգամանքը առանձնահատուկ նշանակություն ունի նման միջնորդություն ներկայացնելիս։ Այլ կերպ՝ այն պարագայում, երբ մեկ միջնորդությամբ հայցվող տեղեկատվության ստացումը վերաբերում է մեկից ավել անձանց, որոնք նույն վարույթի շրջանակներում փոխկապակցված են միմյանց, և նրանց վերագրվող փաստերը փոխլրացնում են միմյանց, ապա մեկ միջնորդություն ներկայացնելու հանգամանքը առավել քան արդարացված է։ Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ չնայած Առաջին ատյանի դատարանը կայացրել է մեկից ավելի անձանց նկատմամբ գաղտնի քննչական գործողությունների կատարման ժամկետը երկարաձգելու թույլտվություն տալու մասին մեկ որոշում, սակայն դրա արդյունքում ինքնին չի խախտվել ապացուցողական գործողության արդյունքում իրավունքների սահմանափակման ենթարկվող անձանց սահմանադրական իրավունքները։ Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանի կողմից մեկ որոշմամբ Գ․Ղափլանյանի, Գ․Թովմասյանի, Ա․Բաղդասարյանի, Ն․Գասպարյանի, Փ․Ղազանչյանի, Գ․Մալխասյանի նկատմամբ «Թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում», «Ներքին դիտում» և տեխնիկական միջոցների կիրառմամբ «Արտաքին դիտում» գաղտնի քննչական գործողությունների կատարման ժամկետը երկարաձգելու թույլտվություն տալու արդյունքում չեն խախտվել ո՛չ նրանց սահմանադրական իրավունքները և ո՛չ էլ մինչդատական վարույթի նկատմամբ դատական պատշաճ վերահսկողության ապահովման պահանջը։ 18․ Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ թե՛ Նախաքննության մարմնի կողմից ներկայացված միջնորդության, և թե՛ դրա քննարկման արդյունքում կայացված դատական ակտի պատճառաբանություններն ու հիմնավորումները համապատասխանաբար ներկայացվել և Առաջին ատյանի դատարանի կողմից գնահատվել են «մեկ հիմնավորում՝ բոլորի համար» սկզբունքով, մինչդեռ պետք է կարևորվեր յուրաքանչյուր անձի մասով միջնորդության հիմնավոր լինելը, իսկ միջնորդությունն ու դրա հիման վրա կայացվող դատական ակտում տեղ գտած պատճառաբանություններն ու հիմնավորումները իրենց հերթին պետք է լինեին անհատականացված՝ յուրաքանչյուրի համար առանձին պատճառաբանված։ Այլ կերպ՝ Առաջին ատյանի դատարանն այդ առումով կայացրել է պատշաճ կերպով չպատճառաբանված դատական ակտ, ինչը հանգեցրել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով ամրագրված՝ դատավարական ակտի հիմնավորվածության հատկանիշի չեզոքացման։ Ուստի Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ մասով Վերաքննիչ դատարանը հանգել է էության մեջ ճիշտ եզրահանգման։ 19․ Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թեև Վերաքննիչ դատարանը սխալ է պատճառաբանել իր որոշումը, սակայն արդյունքում, բեկանելով Առաջին ատյանի դատարանի 2024 թվականի դեկտեմբերի 5-ի որոշումը և մերժելով Նախաքննության մարմնի՝ Ներքին դիտում», «Արտաքին դիտում» և Թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում» գաղտնի քննչական գործողությունների ժամկետը երկարաձգելու մասին միջնորդությունը՝ եկել է ճիշտ եզրահանգման, ուստի Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի 2025 թվականի հուլիսի 10-ի դատական ակտը պետք է թողնել անփոփոխ՝ հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 33-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 359-րդ, 361-363-րդ ու 400-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը Ո Ր Ո Շ Ե Ց Թիվ ՀԿԴ/0131/09/24 դատական վարույթով ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի 2025 թվականի հուլիսի 10-ի որոշումը թողնել անփոփոխ՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։ 2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը: Նախագահող` Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆ Դատավորներ` Ռ.ՄԽԻԹԱՐՅԱՆ Ս.ՉԻՉՈՅԱՆ Դ․ՎԵՔԻԼՅԱՆ