Վճռաբեկ դատարան · Կոռուպցիոն հանցագործություններ
ՀԿԴ/0133/06/26
Վճռաբեկ դատարանի որոշումների ցանկից (cassationcourt.am/decisions)՝ դատարանի նախադեպային շտեմարանում այն չկա։
- Գործի համարը
- ՀԿԴ/0133/06/26
- Դիմող / մեղադրյալ
- Լուսինե Միսակյան
- Դատական ակտի ընդունման ամսաթիվը
- 10.09.2026
- ՀՀ Քրեական դատավարության օրենսգիրք
- Որոշման տեքստում վկայակոչված այլ հոդվածներ
7 հոդված՝ որոշման տեքստից (դատարանի քարտում չկան)
Միջազգային փաստաթղթեր
ՀՀ Սահմանադրություն
ՀՀ Քրեական օրենսգիրք
ՀՀ Քրեական դատավարության օրենսգիրք
Որոշման տեքստը
դատարանի Word ֆայլիցՀԿԴ/0133/06/26
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության
hակակոռուպցիոն դատարան,
նախագահող դատավոր Գ․Հովհաննիսյան
Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան,
նախագահող դատավոր Կ․Ամիրյան
2026 թվականի սեպտեմբերի 10-ին քաղաք Երևանում
ՀՀ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմը (այսուհետ նաև՝ Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ`
մասնակցությամբ դատավորներ՝
Ս.ՉԻՉՈՅԱՆԻ
Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆԻ
Ռ․ՄԽԻԹԱՐՅԱՆԻ
Դ․ՎԵՔԻԼՅԱՆԻ
գրավոր ընթացակարգով քննության առնելով Լուսինե Դերենիկի Միսակյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան)՝ 2026 թվականի մայիսի 21-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա․Վարդապետյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Վարույթի դատավարական նախապատմությունը.
1․ 2026 թվականի մարտի 23-ին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի տնտեսական գործունեության դեմ ուղղված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Վ․Մարտիրոսյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 1-ին մասով (13 դրվագ), 219-րդ հոդվածի 2-րդ մասով (13 դրվագ), 46-219-րդ հոդվածի 2-րդ մասով (5 դրվագ) և 221-րդ հոդվածով (2 դրվագ) նախատեսված հանցագործությունների հատկանիշներով նախաձեռնվել է թիվ ************ քրեական վարույթը։
2․ 2026 թվականի ապրիլի 15-ին ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազ Ա․Գևորգյանի որոշմամբ թիվ ************ քրեական վարույթով Լուսինե Միսակյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է հանրային քրեական հետապնդում։
3․ 2026 թվականի ապրիլի 16-ին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի տնտեսական գործունեության դեմ ուղղված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ Բ․Չիլինգարյանը (այսուհետ նաև՝ Քննիչ) ՀՀ hակակոռուպցիոն դատարան է ներկայացրել միջնորդություն՝ մեղադրյալ Լ․Միսակյանի նկատմամբ 2 (երկու) ամիս ժամկետով կալանք խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որը ՀՀ հակակոռուպցիոն դատարանի (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան)՝ 2026 թվականի ապրիլի 17-ի որոշմամբ մերժվել է։
4․ Առաջին ատյանի դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազ Ա․Գևորգյանի հատուկ վերանայման բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանն իր՝ 2026 թվականի մայիսի 21-ի որոշմամբ Առաջին ատյանի դատարանի վերը նշված որոշումը թողել է անփոփոխ։
5․ Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա․Վարդապետյանի կողմից բերվել է հատուկ վերանայման վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2026 թվականի հուլիսի 14-ի որոշմամբ ընդունվել է վարույթ, և սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։
Հատուկ վերանայման վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.
6․ Բողոքաբերը գտել է, որ վիճարկվող դատական ակտն օրինական և հիմնավոր չէ, դրանով թույլ է տրվել դատական սխալ` քրեադատավարական օրենքի էական խախտում, որն ազդել է վարույթի ելքի վրա։ Մասնավորապես, ըստ բողոքաբերի՝ մեղադրյալ Լ․Միսակյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանք կատարելու հիմնավոր և ողջամիտ կասկածը վարույթն իրականացնող մարմինը փաստարկել է բավարար ապացույցների համակցությամբ, մինչդեռ Առաջին ատյանի դատարանը միջնորդությունը մերժելիս, իսկ Վերաքննիչ դատարանը հսկող դատախազի կողմից ներկայացված բողոքը մերժելիս, ըստ էության, սույն փուլում դատական վերահսկողության խնդիրներից չբխող (անդրադառնալով մեղադրանքի հիմնավորվածությունը) հետևություններ են կատարել՝ գտնելով, որ բացակայում է մեղադրյալի կողմից հիշյալ հոդվածով նախատեսված հանցանքը կատարելու հիմնավոր կասկածը։
6․1 Բողոքաբերի պնդմամբ՝ սույն վարույթով ձեռք բերված փաստական տվյալները, այդ թվում՝ օպերատիվ–հետախուզական միջոցառումների ընթացքում ձեռք բերված տվյալները, տեղեկատվության պահանջի հիման վրա ստացված տվյալները, զննում կատարելու մասին 2026 թվականի մարտի 13-ի արձանագրություններում առկա տվյալները, ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական առաջին վարչության պետի պարտականությունները կատարողի՝ 2026 թվականի ապրիլի 6-ի թիվ 18/1-411-26 գրությունը, մեղադրյալ ************ ************ ցուցմունքը բավարար են հաստատված համարելու մեղադրյալ Լ․Միսակյանի առնչությունն իրեն վերագրվող հանցանքի կատարմանը:
6․2 Բողոքաբերը նշել է նաև, որ ստորադաս դատարանների դիրքորոշումն առ այն, որ իրականացված «Թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները չեն կարող օգտագործվել մեղադրյալ Լուսինե Միսակյանին ներկայացված՝ ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված մեղադրանքը հիմնավորելու համար, հակասում է ինչպես քրեադատավարական օրենսդրության վերաբերելի կարգավորումներին, ՀՀ վճռաբեկ դատարանի կայուն նախադեպային պրակտիկային, այնպես էլ՝ քրեական դատավարության փուլային կառուցվածքին և դրանցից յուրաքանչյուրում դատարանի դերի տրամաբանությանը, և մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնելիս նմանօրինակ հարցի անդրադառնալով՝ ստորադաս դատարանները, ըստ էության, խախտել են քրեական դատավարության փուլային կառուցվածքը, քրեադատավարական գործառույթների տարանջատման սկզբունքը, իսկ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողությունը վերածվել է բուն արդարադատության իրականացման գործընթացի։
Բողոքաբերը հավելել է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 97-րդ հոդվածի 10-րդ մասով նախատեսված սահմանափակումն առնչություն չունի խափանման միջոցների կիրառման դատական երաշխիքների վարույթի հետ, մինչդեռ, ստորադաս դատարանները քրեական վարույթի սույն փուլում իրենց առջև դրված խնդիրների շրջանակներից դուրս՝ ըստ էության մեղադրանքի հիմնավորվածությունը գնահատելուն բնորոշ, վերլուծություններ են կատարել և արդյունքում, ոչ իրավաչափ հետևության հանգել:
Ըստ բողոքաբերի փոխպայմանավորված և փոխկապակցված երկու արարքների՝ ընտրակաշառք տալու և ընտրակաշառք ստանալու պարագայում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 96-րդ և 97-րդ հոդվածներում ամրագրված վերոնշյալ դրույթների նման մեկնաբանությունն ու կիրառումը հիմնավոր չէ և փաստացի կարող է հանգեցնել միևնույն փաստական հանգամանքների վերաբերյալ իրարամերժ, միմյանցից տրամագծորեն հակառակ դատական ակտերի կայացման:
Բողոքաբերը միաժամանակ գտել է, որ վիճարկվող դատական ակտը հակասում է Վճռաբեկ դատարանի՝ Ներսես Միսակյանի վերաբերյալ գործով 2009 թվականի ապրիլի 10-ի թիվ ԱՐԴ1/0003/11/08, Վահրամ Գևորգյանի վերաբերյալ գործով 2011 թվականի փետրվարի 24-ի թիվ ԵԿԴ/0678/06/10, Հարություն Խաչատրյանի վերաբերյալ գործով 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ՏԴ2/0009/06/11 և Էդգար Եղիազարյանի վերաբերյալ գործով 2017 թվականի հունիսի 22-ի թիվ ԵԱՆԴ/0017/06/16 որոշումներով արտահայտված իրավական դիրքորոշումներին։
6․3․ Արդյունքում բողոքաբերը խնդրել է Վերաքննիչ դատարանի՝ 2026 թվականի մայիսի 21-ի որոշումն ամբողջությամբ բեկանել և կայացնել փոխարինող դատական ակտ։
Հատուկ վերանայման վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
7․ Լ․Միսակյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 1-ին մասով հանրային քրեական հետապնդում է հարուցվել այն բանի համար, որ «(…) [Նա] Ազգային ժողովի հերթական ընտրություն նշանակելու մասին» Հայաստանի Հանրապետության նախագահի՝ 2026 թվականի փետրվարի 6-ի թիվ ՆՀ-21-Ն հրամանագրով 2026 թվականի հունիսի 7-ին նշանակված ՀՀ Ազգային ժողովի հերթական ընտրությանը մասնակցելու և «********************» կուսակցության օգտին քվեարկելու պայմանով ստացել է 100.000 դրամ ընտրակաշառք։ (…)»։
8. Առաջին ատյանի դատարանն իր՝ 2026 թվականի ապրիլի 17-ի որոշմամբ արձանագրել է․ «(…) Դատարանը գտնում է, որ հիմնավոր կասկածի առկայությունը հիմնավորող ապացույցների շարքում դրված հետևյալ ապացույցները՝
«1/ Միջնորդությունը քննության առնելու մասին՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի 25.02.2026թ. որոշման հիման վրա ********** ************ ********** նկատմամբ՝ նրա կողմից օգտագործվող ************ բջջային հեռախոսահամարով, ինչպես նաև Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի 06.03.2026թ. որոշումների հիման վրա ********** ************ ********** նկատմամբ ************ բջջային հեռախոսահամարով, ********** ************ ************* նկատմամբ **** ******** բջջային հեռախոսահամարով, Ֆելիքս Ժորաի Աբրահամյանի նկատմամբ ************ բջջային հեռախոսահամարով իրականացված «Թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքների մասին 23.03.2026թ. արձանագրություններով, (...)
2/ Փաստաթղթերի զննում կատարելու մասին 13.03.2026թ. արձանագրությամբ, (...)
3/ Փաստաթղթերի զննում կատարելու մասին 13.03.2026p. արձանագրությամբ, (...)
4/ Փաստաթղթերի զննում կատարելու մասին 13.03.2026թ. արձանագրությամբ, (...)
չեն կարող օգտագործվել մեղադրյալ Լուսինե Դերենիկի Միսակյանին ներկայացված ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանքը հիմնավորելու համար, քանի որ դրանք քրեական վարույթի շրջանակներից դուրս իրականացված օպերատիվ-հետախուզական գործունեության արդյունքով դատարանի թույլտվությամբ ստացված ապացույցներ են, հետևաբար չեն կարող օգտագործվել նաև, որպես մեղադրյալ Լուսինե Դերենիկի Միսակյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 1-ին մասով ենթադրյալ հանցանքը կատարած լինելու հիմնավոր կասկածի առկայությունը հիմնավորող ապացույց:
Անդրադառնալով միջնորդությամբ, ինչպես նաև կից ներկայացված մյուս ապացույցներով մեղադրյալ Լուսինե Դերենիկի Միսակյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 1-ին մասով ենթադրյալ հանցանքը կատարած լինելու հիմնավոր կասկածի հիմնավորվածության հարցին, Դատարանն արձանագրում է, որ միջնորդությանը կից ներկայացված փաստաթղթերով չի ներկայացվել մեղադրյալի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքների օբյեկտիվ կողմի կատարման վերաբերյալ փաստական տվյալներ, այսինքն այն, որ մեղադրյալ Լուսինե Դերենիկի Միսակյանը՝
- հանրաքվեին կամ ընտրությանը մասնակցելու,
- հանրաքվեին կամ ընտրությանը որևէ ձևով քվեարկելու,
- քվեաթերթիկն անվավեր դարձնելու
- հանրաքվեին կամ ընտրությանը մասնակցելուց հրաժարվելու պայմանով.
անձամբ կամ միջնորդի միջոցով իր կամ այլ անձի համար ընտրակաշառք՝ գույք, ներառյալ դրամական միջոց, արժեթուղթ, վճարային այլ գործիք, գույքի նկատմամբ իրավունք, ծառայություն կամ որևէ այլ առավելություն է ստացել, պահանջել, տալու առաջարկ է ներկայացրել կամ տալու առաջարկը կամ խոստումն ընդունել է։ Որպես առանցքային ապացույց ներկայացվել է մեղադրյալ ************ ************ ցուցմունքը, որում ընտրակաշառքի մասին որևէ խոսք առկա չէ, իսկ իր կողմից Լուսինե Միսակյանին գումար փոխանցելու պատճառ նշված է կամավորության և աշխատանքներ կատարելու համար տրվող վարձատրություն, ինչը, որևէ ապացույցով չի նույնականացվել ընտրակաշառքի հետ։
Վերոգրյալի հիման վրա Դատարանը գտնում է, որ ներկայացված նյութերում առկա չեն տվյալներ մեղադրյալ Լուսինե Դերենիկի Միսակյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 1-ին մասով ենթադրյալ հանցանքը կատարած լինելու հիմնավոր կասկածի առկայության մասին հետևության գալու համար, այսինքն բացակայում է հիմնավոր կասկածը:
Բացի այդ Դատարանը գտնում է նաև, որ վերը նշված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները, որոնք Դատարանի գնահատմամբ չեն կարող օգտագործվել որպես մեղադրյալ Լուսինե Դերենիկի Միսակյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 1-ին մասով ենթադրյալ հանցանքը կատարած լինելու հիմնավոր կասկածի առկայությունը հիմնավորող ապացույց, ևս չեն պարունակում տեղեկություններ մեղադրյալ Լուսինե Դերենիկի Միսակյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 1-ին մասով ենթադրյալ հանցանքը կատարած լինելու հիմնավոր կասկածի առկայության մասին հետևության գալու համար, ավելին՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներով ստացված տվյալների համաձայն՝ անձանց միջև խոսակցությունները վերաբերում են աշխատանքներ կատարելուն, դրա վերաբերյալ դժգոհություններ ներկայացնելուն և աշխատանքից դուրս գալուն և դրա դիմաց վարձավճարներ ստանալուն։
Հիմք ընդունելով վերոշարադրյալը՝ Դատարանը նպատակահարմար չի գտնում անդրադառնալ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու հիմքերին։ (…)»։
9. Վերաքննիչ դատարանը, 2026 թվականի մայիսի 21-ի որոշմամբ անփոփոխ թողնելով Առաջին ատյանի դատարանի որոշումը, նշել է․ «(…) Վերաքննիչ դատարանն իր համաձայնությունն է հայտնում Դատարանի հետևությանն առ այն, որ «(...) Դատարանը գտնում է, որ ներկայացված նյութերում առկա չեն տվյալներ, մեղադրյալ Լուսինե Դերենիկի Միսակյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 1-ին մասով ենթադրյալ հանցանքը կատարած լինելու հիմնավոր կասկածի առկայության մասին հետևության գալու համար, այսինքն՝ բացակայում է հիմնավոր կասկածը»:
7.1 Անդրադառնալով իրականացված՝ «Թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները մեղադրյալ Լուսինե Միսակյանին ներկայացված՝ ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված մեղադրանքի տեսանկյունից օգտագործելը ոչ իրավաչափ համարելու մասին Հակակոռուպցիոն դատարանի հետևության վերաբերյալ Բողոքաբերի փաստարկներին` Վերաքննիչ դատարանը փաստում է, որ հիշյալ փաստարկի և դրա հիմքում Բողոքաբերի կողմից դրված դատողությունների համատեքստում Վերաքննիչ դատարանը նախ պետք է քննարկման առարկա դարձնի այն, թե ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված արտավարութային փաստաթղթերն արդյոք կարող են դրվել մեղադրյալին մեղսագրված՝ միջին ծանրության արարքի առերևույթ կատարման հիմնավոր կասկածը հիմնավորելու հիմքում, և արդյոք մինչդատական վարույթի դատական երաշխիքների շրջանակներում դատարանն իրավասու է անդրադառնալու և գնահատական տալու հիշյալ հարցին: (…)
Վերը մատնանշված, մասնավորապես՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 97-րդ հոդվածի 10-րդ մասում ամրագրված նորմից անմիջականորեն բխում է, որ անվիճելի է այն փաստը, որ արտավարութային այդ փաստաթղթերը չեն կարող օգտագործվել ոչ մեծ կամ միջին ծանրության հանցանքով մեղադրանքը հիմնավորելու համար: Դրան զուգահեռ՝ հարկ է նշել, որ «մեղադրանք» և «հիմնավոր կասկած» եզրույթներն անմիջականորեն փոխկապված տարրեր են. հիմնավոր կասկածը մեղադրանքի բաղկացուցիչ մասն է ու թեև դրա գնահատման սահմանները տարբերվում են մեղադրանքի գնահատման սահմաններից, այնուամենայնիվ, փաստն առ այն, որ որևէ ապացույց ակնհայտորեն և անվիճելիորեն չի կարող օգտագործվել մեղադրանքը հիմնավորելու համար, ինքնին ենթադրում է, որ այն չի կարող դրվել նաև հիմնավոր կասկածի հիմքում: Այլ կերպ՝ հաշվի առնելով այն, որ խնդրո առարկա հարցը որևէ բովանդակային կամ խորքային վերլուծություն չի պահանջում, այն ենթադրում է միայն օրենսդրական նորմի զուտ մատնանշում, այսինքն` իր բնույթով այնպիսինն է, որ դրա պատասխանն ունի բարձր աստիճանի ակնհայտություն՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ բոլոր այն դեպքերում, երբ վարույթն իրականացնող մարմինը հիմնավոր կասկածի առկայությունը հիմնավորում է նաև այդպիսի ապացույցներով, ապա դատարանը մինչդատական վարույթի դատական երաշխիքների շրջանակներում իրավասու է անդրադառնալու և գնահատական տալու դրան: Այսինքն՝ հիշյալ հարցը վարույթի սույն փուլում գնահատման ենթարկելը Վերաքննիչ դատարանի գնահատմամբ դատարանի իրավասությունների շրջանակի մեջ է մտնում: Հետևաբար՝ Վերաքննիչ դատարանը չի կարող ընդունելի համարել բողոքաբերի դիտարկումն առ այն, որ «(...) Նման մեկնաբանությունը հակասում է ինչպես քրեադատավարական օրենսդրության վերաբերելի կարգավորումներին, ՀՀ վճռաբեկ դատարանի կայուն նախադեպային պրակտիկային, այնպես էլ քրեական դատավարության փուլային կառուցվածքի և դրանցից յուրաքանչյուրում դատարանի դերի տրամաբանությանը»:
(...)
Վերաքննիչ դատարանը կրկնում է, որ հիմնավոր կասկածի գնահատման փուլում դատարանը չի լուծում մեղավորության կամ անմեղության հարցը և չի իրականացնում ապացույցների այնպիսի խորքային հետազոտություն, որը բնորոշ է գործի, ըստ էության, քննության փուլին: Սակայն այդ հանգամանքը չի նշանակում, որ դատարանը պարտավոր է հիմնավոր կասկածի հիմքում ընդունել ցանկացած ներկայացված նյութ՝ անկախ դրա օգտագործման նկատմամբ օրենքով սահմանված ակնհայտ սահմանափակումներից Հիմնավոր կասկածը պետք է հիմնված լինի ոչ միայն որոշակի և ստուգելի փաստական տվյալների, այլև այնպիսի տվյալների վրա, որոնք տվյալ մեղադրանքի շրջանակում օրենքի ուժով կարող են ունենալ ապացուցողական նշանակություն:
(...)
Վերաքննիչ դատարանը փաստում է, որ սույն որոշման 7.1-րդ կետում կատարված միջոցառումների եզրահանգման արդյունքներով ստացված տվյալների առերևույթ ուսումնասիրության պարագայում անգամ, մեղադրյալ Լուսինե Միսակյանին գումար տալու հանգամանքն ինքնին բավարար չէ փաստելու վերջինիս արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածով նախատեսված արարքը կատարած լինելու հիմնավոր կասկածի առկայությունը, քանի որ բացակայում են ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու և «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը կողմ քվեարկելու նպատակի առկայությանը վերաբերող՝ հիմնավոր կասկածի շեմի հաղթահարման համար անհրաժեշտ նվազագույն տեղեկություններ, տվյալներ կամ ապացույցներ։
7.3 Բացի այդ, Վերաքննիչ դատարանը փաստում է, որ մեղադրյալներից ************ ************ ցուցմունքի վերաբերյալ Դատարանի դիքորոշման հետ կապված որևէ հակափաստարկ հատուկ վերանայման բողոքը չի պարունակում։ Ավելին, վերոնշյալ ցուցմունքի բովանդակության վերաբերյալ ևս Դատարանը կատարել է իրավաչափ դատողություն։
7.4 Հաշվի առնելով վերոգրյալը՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Բողոքաբերի բողոքում մատնանշված հանգամանքները քննության առարկա դեպքում չեն պարունակում տեղեկությունների և փաստերի այնպիսի համակցություն, որը հնարավորություն կտար եզրահանգում անելու այն մասին, որ Դատարանը դատական ակտի բեկանմանը կամ փոփոխմանը հանգեցնող դատական սխալ է թույլ տվել»։
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
10․ Սույն վարույթով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է․ արդյո՞ք հիմնավոր են արդյոք մեղադրյալ ԼՄիսակյանի կողմից ՀՀ քրեական օերսնգրքի 218-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքը կատարված լինելու հիմնավոր կասկածի բացակայության մասին ստորադաս դատարանների հետևությունները։
11․ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝
«Յուրաքանչյուր ոք ունի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք: Ոչ ոքի չի կարելի ազատությունից զրկել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով.
(…)
գ) անձի օրինական կալանավորումը կամ ձերբակալումը՝ իրավախախտում կատարած լինելու հիմնավոր կասկածի առկայության դեպքում նրան իրավասու օրինական մարմնին ներկայացնելու նպատակով կամ այն դեպքում, երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է համարվում նրա կողմից հանցագործության կատարումը կամ այն կատարելուց հետո նրա փախուստը կանխելու համար (…)»:
ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝
«Յուրաքանչյուր ոք ունի անձնական ազատության իրավունք: Ոչ ոք չի կարող անձնական ազատությունից զրկվել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով՝
(…)
4) անձին իրավասու մարմին ներկայացնելու նպատակով, երբ առկա է նրա կողմից հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկած, կամ երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է հանցանքի կատարումը կամ դա կատարելուց հետո անձի փախուստը կանխելու նպատակով․ (…)»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝
«Վարույթի ընթացքում անձի նկատմամբ հարկադրանքի միջոցները կարող են կիրառվել ոչ այլ կերպ, քան սույն օրենսգրքով սահմանված հիմքերով և կարգով: Վարույթի ընթացքում անձին ազատությունից զրկելը չպետք է պատժի նպատակ հետապնդի»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝
«Քրեական վարույթի շրջանակներից դուրս իրականացված օպերատիվ-հետախուզական գործունեության արդյունքով դատարանի թույլտվությամբ ստացված տեսագրությունները, տեսաձայնագրությունները, ձայնագրությունները և այլ օբյեկտիվ փաստաթղթերը կարող են ճանաչվել արտավարութային փաստաթուղթ և կցվել վարույթի նյութերին միայն այն դեպքում, երբ համապատասխան միջոցառումն իրականացվել է ենթադրյալ հանցագործությունը կանխելու, խափանելու կամ ենթադրյալ հանցանք կատարած անձին հանցանքի կատարման պահին կամ դրանից անմիջապես հետո բացահայտելու նպատակով»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 97-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն՝
«Սույն օրենսգրքի 96-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված արտավարութային փաստաթղթերը չեն կարող օգտագործվել ոչ մեծ կամ միջին ծանրության հանցանքով մեղադրանքը հիմնավորելու համար։ (...)»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 116-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝
«Խափանման միջոց չի կարող կիրառվել, եթե բացակայում է մեղադրյալի կողմից իրեն վերագրվող հանցանքը կատարելու մասին հիմնավոր կասկածը»:
Նույն օրենսգրքի 288-րդ հոդվածի համաձայն՝
«1. Խափանման միջոց կիրառելու (…) միջնորդության քննության արդյունքով դատարանը կայացնում է հետևյալ երեք որոշումներից մեկը․
1) միջնորդությունը մերժելու մասին.
(…)
2. Դատարանը կայացնում է սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված որոշումը, եթե՝
(…)
2) չի հաստատվում մեղադրյալի կողմից իրեն վերագրվող հանցանքը կատարելու հիմնավոր կասկածը. (…)»:
12․ Հանցանք կատարած լինելու հիմնավոր (ողջամիտ) կասկածի վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ձևավորած նախադեպային իրավունքի համաձայն՝ հիմնավոր (ողջամիտ) կասկածի չափանիշը հիմնվում է փաստերի կամ տեղեկությունների առկայության վրա, որոնք հնարավորություն կտային անաչառ դիտորդին եզրակացնելու, որ տվյալ անձը հնարավոր է, որ կատարած լինի հանցանքը։ Սակայն պարտադիր չէ, որ կասկածը հիմնավորող փաստերը բավարարեն այն նույն սանդղակին, որն անհրաժեշտ է անձի դատապարտումը կամ նրա նկատմամբ մեղադրանք առաջադրելը հիմնավորելու համար, քանի որ այդ փաստերը կարող են հայտնաբերվել ավելի ուշ՝ քրեական գործի քննության փուլում։
Վճռաբեկ դատարանը, հիմնվելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ձևավորած նախադեպային իրավունքի վրա, «հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկած» եզրույթի էության և դրա ստուգման սահմանների վերաբերյալ տարբեր գործերով արտահայտել է մի շարք իրավական դիրքորոշումներ, որոնք թեև արձանագրվել են ՀՀ նախկին՝ 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված քրեական դատավարության օրենսգրքի կարգավորումների համատեքստում, սակայն mutatis mutandis կիրառելի են նաև գործող՝ 2021 թվականի հունիսի 30-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի դրույթներով սահմանված կարգավորումների նկատմամբ։
12․1․ Մասնավորապես Հ․Խաչատրյանի վերաբերյալ գործով որոշման շրջանակներում Վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնելիս դատարանն իրավունք չունի անդրադառնալու մեղադրանքի էությանը, հիմնավորվածությանը, քանի որ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողությունը չի հետապնդում կատարված հանցագործության բոլոր հանգամանքները հետազոտելու և դրանց քրեաիրավական գնահատական տալու կամ տրված գնահատականը ստուգելու ու համապատասխան որոշում կայացնելու նպատակ։ Այդ հարցերը կարող են քննարկման առարկա դառնալ միայն գործն ըստ էության քննելու և լուծելու ընթացքում, այսինքն՝ հանդիսանում են արդարադատության իրականացման արդյունքում լուծման ենթակա հարցեր։ Եթե մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնելիս դատարանն անդրադառնա այդ հարցերին և որոշում կայացնի դրանց վերաբերյալ, ապա կխախտվի քրեական դատավարության փուլային կառուցվածքը, քրեադատավարական գործառույթների տարանջատման սկզբունքը, իսկ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողությունը կվերածվի բուն արդարադատության իրականացման գործընթացի։
Այլ կերպ՝ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնելիս դատարանը չպետք է այնպիսի հարցեր քննարկի և դրանց վերաբերյալ որոշումներ ընդունի, որոնք կազմում են հետագա դատական քննության առարկան:
Վճռաբեկ դատարանը գտել է, որ հիմնավոր կասկածի հարցը քննարկելիս դատարանը, ելնելով մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանությունն ապահովելու պարտավորությունից, պետք է քննարկման առարկա դարձնի երկու հիմնական փոխկապված հարցեր։ Առաջին` առկա՞ են արդյոք կասկածը հիմնավորող տեղեկություններ, փաստեր կամ ապացույցներ, որոնք ուղղակիորեն կմատնանշեն անձի առնչությունն իրեն վերագրվող ենթադրյալ հանցագործությանը, երկրորդ` դեպքը, որի կատարման մեջ անձը կասկածվում է, առերևույթ համընկնու՞մ է քրեական օրենսգրքով սահմանված որևէ հանցակազմի հատկանիշներին:
12․2․ Էդ․Եղիազարյանի վերաբերյալ գործով որոշման շրջանակներում վերահաստատելով և զարգացնելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ իրավասու մարմինը պետք է ներկայացնի փաստեր կամ տեղեկություններ, որոնք կհամոզեն դատարանին, որ անձը հիմնավոր կերպով է կասկածվում /մեղադրվում/ ենթադրյալ հանցագործության կատարման մեջ: Այսինքն՝ քրեական հետապնդման մարմինները պետք է ներկայացնեն կասկածը հիմնավորող որոշակի փաստական հանգամանքներ, իսկ դրա վերաբերյալ դատարանի հետևությունները պետք է լինեն պատճառաբանված և, միևնույն ժամանակ, չպետք է պարունակեն իրավական գնահատականներ անձի մեղավորության կամ անմեղության հարցի առնչությամբ:
Վճռաբեկ դատարանը, ի թիվս այլնի, ընդգծել է նաև հետևյալ հանգամանքները՝
- հիմնավոր կասկածը չի պահանջում կատարված արարքի մեջ մեղադրյալի մեղավորությունն ապացուցող՝ հիմնավոր կասկածից վեր ապացուցման չափանիշին համապատասխան բավարար փաստերի առկայություն, այնուամենայնիվ, «կասկածը» պետք է լինի ողջամիտ, այն պետք է հիմնված լինի օրենքով սահմանված կարգով ձեռքբերված որոշակի փաստական տվյալների վրա (որոնք կվկայեն կատարված արարքին անձի առնչությունը և դեպքի, իրադարձության համընկնումը այն հանցանքին, որի առերևույթ կատարման մեջ անձը կասկածվում /մեղադրվում/ է), իսկ դրա առկայության կամ բացակայության վերաբերյալ դատարանի հետևությունները պետք է լինեն հիմնավորված և պատճառաբանված,
- մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնելիս դատարանն իրավասու չէ քննարկման առարկա դարձնելու այնպիսի հարցեր, որոնք դուրս են այդ պահին իր առջև դրված խնդիրների շրջանակից, ուստիև հիմնավոր կասկածի առկայությունը ստուգելիս դատարանն իրավասու չէ կանխորոշելու մեղքի հարցը, իրավական գնահատական տալու անձի մեղավորությանը կամ անմեղությանը, անմիջականորեն փաստելու անձի արարքում հանցակազմի առկայությունը կամ բացակայությունը: Միևնույն ժամանակ, դատարանը, վերոգրյալ հարցերի շուրջ իրավական գնահատականներ չտալով, իրավասու է որոշում կայացնել կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու կամ ժամկետը երկարացնելու կամ վերահաստատելու վերաբերյալ քրեական հետապնդման մարմնի ներկայացրած միջնորդությունը մերժելու մասին այն դեպքում, երբ հավաստում է քրեական գործով վարույթը բացառող հանգամանքի առերևույթ առկայությունը և դրա հնարավոր կիրառելիությունը: Ընդ որում, քրեական գործով վարույթը բացառող այդ հանգամանքի առերևույթ առկայության մասին վկայությունը պետք է լինի ոչ թե ներկայացված նյութերի, այդ թվում՝ ապացույցների` գործը ըստ էության քննելու և լուծելու ժամանակ պահանջվող աստիճանի չափ բազմակողմանի և խորը վերլուծության արդյունք, այլ այդպիսի վկայությունը պետք է հիմնված լինի ներկայացված նյութերից բխող համեմատաբար ակնհայտ փաստերի վրա (օրինակ՝ արարքը, որի կատարման մեջ մեղադրվում է անձը, դրա կատարման պահին հանցագործություն չի համարվել, կամ որպես մեղադրյալ է ներգրավվել քրեական պատասխանատվության ենթարկվելու տարիքի չհասած անձը, կամ անցել են վաղեմության ժամկետները, ընդունվել է համաներման ակտ և այլն)։
12․3. Մեկ այլ՝ Ս․Ռուշանյանի վերաբերյալ գործով որոշման շրջանակներում անդրադառնալով խափանման միջոցների կիրառման դատական երաշխիքների վարույթի շրջանակներում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 97-րդ հոդվածի դրույթների կիրառելիության հարցին՝ Վճռաբեկ դատարանն իր համաձայնությունն է հայտնել դիրքորոշմանն առ այն, որ մեղադրյալի կողմից ենթադրյալ հանցանք կատարված լինելու հիմնավոր կասկածի առկայության հարցի քննարկման համատեքստում միջնորդությանը կից ներկայացված ապացուցողական նշանակություն ունեցող փաստաթղթերը ենթակա չեն գնահատման ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 97-րդ հոդվածի 10-րդ մասի կարգավորումների համատեքստում նույն կերպ, ինչպես նույն հոդվածով կարգավորվող ապացույցների թույլատրելիության հարցի համատեքստում, ինչը դատավարության հետագա փուլերի խնդիր է։
Վերահաստատելով վերը նշված իրավական դիրքորոշումները՝ Վ․Խաչատրյանի վերաբերյալ որոշման շրջանակներում Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ մեղադրանքի հիմնավորվածության համար, հանցանքի տեսակով պայմանավորված՝ հանցանքի տեսակով պայմանավորված՝ արտավարութային փաստաթուղթ ճանաչված և վարույթին կցված օպերատիվ-հետախուզական գործունեության արդյունքով դատարանի թույլտվությամբ ստացված տեսագրությունների, տեսաձայնագրությունների, ձայնագրությունների և այլ օբյեկտիվ փաստաթղթերի օգտագործման սահմանափակման վերաբերյալ քրեադատավարական կարգավորումն ինքնին չի կարող մեկնաբանվել որպես դրանց օգտագործման բացարձակ արգելք՝ խափանման միջոցի կիրառման դատական երաշխիքների վարույթի շրջանակներում հիմնավոր կասկածի՝ մեղսագրվող հանցանքին մեղադրյալի հնարավոր առնչության գնահատման համատեքստում։
13․ Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ․
- 2026 թվականի ապրիլի 15-ին Լ․Միսակյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 1-ին մասով,
- Առաջին ատյանի դատարանը, արձանագրելով մեղադրյալ Լ․Միսակյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանք կատարված լինելու հիմնավոր կասկածի բացակայությունը, գտել է, որ հիմնավոր կասկածի առկայությունը հիմնավորող ապացույցների շարքում դրված՝ վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդությանը կից ներկայացված ապացույցները չեն կարող օգտագործվել մեղադրյալ Լ․Միսակյանին ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 1-ին մասով ներկայացված մեղադրանքը հիմնավորելու համար, քանի որ դրանք քրեական վարույթի շրջանակներից դուրս իրականացված օպերատիվ-հետախուզական գործունեության արդյունքով դատարանի թույլտվությամբ ստացված ապացույցներ են, հետևաբար չեն կարող օգտագործվել նաև, որպես մեղադրյալ Լուսինե Դերենիկի Միսակյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 1-ին մասով ենթադրյալ հանցանքը կատարած լինելու հիմնավոր կասկածի առկայությունը հիմնավորող ապացույց և բացի այդ միջնորդությանը կից ներկայացված փաստաթղթերով չի ներկայացվել մեղադրյալի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքի օբյեկտիվ կողմի կատարման վերաբերյալ փաստական տվյալներ։
- Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով բողոքարկված դատական ակտը, 2026 թվականի մայիսի 21-ի որոշմամբ իր համաձայնությունն է հայտել Առաջին ատյանի դատարանի դիրքորոշումներին։
14․ Նախորդ կետում վկայակոչված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 11-12․3-րդ կետերում մեջբերված նորմերի և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները, արձանագրելով Լ․Միսակյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանք կատարված լինելու հիմնավոր կասկածի բացակայությունը, դուրս են եկել խափանման միջոցների դատական երաշխիքների վարույթով դատարանի լուծման ենթակա խնդիրների շրջանակից։ Մասնավորապես, Վերաքննիչ դատարանը, վկայակոչելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 3-րդ մասը և 97-րդ հոդվածի 10-րդ մասը, փաստել է, որ հիմնավոր կասկածը մեղադրանքի բաղկացուցիչ մասն է, ու թեև դրա գնահատման սահմանները տարբերվում են մեղադրանքի գնահատման սահմաններից, այնուամենայնիվ, փաստն առ այն, որ որևէ ապացույց ակնհայտորեն և անվիճելիորեն չի կարող օգտագործվել մեղադրանքը հիմնավորելու համար, ինքնին ենթադրում է, որ այն չի կարող դրվել նաև հիմնավոր կասկածի հիմքում և իր համաձայնությունն է հայտնել Առաջին ատյանի դատարանի այն հետևությանը, որ «Թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները չեն կարող օգտագործվել Լ․Միսակյանին ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 1-ին մասով վերագրվող՝ միջին ծանրության հանցանքը հիմնավորելու, հետևաբար նաև նշված ենթադրյալ հանցանքը նրա կողմից կատարած լինելու հիմնավոր կասկածը հաստատած համարելու համար։ Մինչդեռ խափանման միջոցների կիրառման դատական երաշխիքների վարույթի շրջանակներում դատարանն իրավասու չէ անդրադառնալ մեղադրանքի էությանն ու հիմնավորվածությանը, այդ թվում նաև՝ որոշելու նախաքննության մարմնի կողմից ի հիմնավորումն վերագրվող հանցանքը մեղադրյալի կողմից կատարված լինելու հիմնավոր կասկածի առկայության վկայակոչված նյութերի՝ որպես մեղադրանքը հիմնավորող ապացույցի թույլատրելիության և օգտագործման սահմանափակումներին վերաբերող հարցեր։ Այդ հարցերը կարող են քննարկման առարկա դառնալ միայն գործն ըստ էության քննելու և լուծելու ընթացքում, այսինքն՝ հանդիսանում են արդարադատության իրականացման արդյունքում լուծման ենթակա հարցեր, և եթե խափանման միջոցների կիրառման դատական երաշխիքների վարույթի շրջանակներում դատարանը քննարկման առարկա դարձնի և որոշում կայացնի դրանց վերաբերյալ, ապա կխախտվի քրեական դատավարության փուլային կառուցվածքը, քրեադատավարական գործառույթների տարանջատման սկզբունքը, իսկ խափանման միջոցների կիրառման դատական երաշխիքների վարույթը կվերածվի բուն արդարադատության իրականացման գործընթացի։
Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում ստորադաս դատարանների խնդիրը ոչ թե մեղադրանքի հիմնավորվածությունը ստուգելն էր, այլ մեղադրյալի կողմից հանցանք կատարված լինելու հիմնավոր կասկածի առկայությունը կամ բացակայությունը փաստելը՝ նախաքննության մարմնի կողմից ներկայացված տեղեկությունների, փաստերի և ապացույցների հիման վրա։
Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ մեղադրանքի հիմնավորման համար, հանցանքի տեսակով պայմանավորված՝ արտավարութային փաստաթուղթ ճանաչված և վարույթին կցված օպերատիվ-հետախուզական գործունեության արդյունքով դատարանի թույլտվությամբ ստացված տեսագրությունների, տեսաձայնագրությունների, ձայնագրությունների և այլ օբյեկտիվ փաստաթղթերի օգտագործման սահմանափակման վերաբերյալ քրեադատավարական կարգավորումն ինքնին չի կարող մեկնաբանվել որպես դրանց օգտագործման բացարձակ արգելք՝ խափանման միջոցի կիրառման դատական երաշխիքների վարույթի շրջանակներում հիմնավոր կասկածի՝ մեղսագրվող հանցանքին մեղադրյալի հնարավոր առնչության գնահատման համատեքստում, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից։
14․1 Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանների հետևությունն առ այն, որ վարույթում առկա օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերված տվյալները չեն կարող օգտագործվել մեղադրյալ Լ․Միսակյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանք կատարված լինելու հիմնավոր կասկածը հաստատելու համար և բոլոր այն դեպքերում, երբ վարույթն իրականացնող մարմինը հիմնավոր կասկածի առկայությունը հիմնավորում է նաև այդպիսի ապացույցներով, ապա դատարանը մինչդատական վարույթի դատական երաշխիքների շրջանակներում իրավասու է անդրադառնալու և գնահատական տալու դրան, հիմնավոր չէ։
15․ Վճռաբեկ դատարանը միաժամանակ արձանագրում է, որ ստորադաս դատարանները թեև գտել են, որ օպերատիվ-հետախուզական գործունեության արդյունքները դատարանի թույլտվությամբ ստացված ապացույցներ են և սույն փուլում չեն կարող օգտագործվել, որպես մեղադրյալ Լ․Միսակյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 1-ին մասով ենթադրյալ հանցանքը կատարած լինելու հիմնավոր կասկածի առկայությունը հիմնավորող ապացույց, այնուհանդերձ՝ ի հակադրություն այդ հետևության՝ գնահատել են դրանում արձանագրված տվյալները և նշել են, որ այդ ապացույցը չի պարունակում տեղեկություններ մեղադրյալ Լ․Միսակյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 1-ին մասով ենթադրյալ հանցանքը կատարած լինելու հիմնավոր կասկածի առկայության մասին հետևության գալու համար։ Արդյունքում՝ դատարանն իր իսկ գնահատականներով հակասելով նույն որոշմամբ արված իր հետևություններին, մեղադրյալ Լ․Միսակյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքը կատարած լինելու հիմնավոր կասկածի բացակայության վերաբերյալ հանգել է համակցված փաստական տվյալներով չհաստատված և բավարար չափով չհիմնավորված հետևությունների։
Այլ կերպ՝ ստորադաս դատարանի կայացրած դատական ակտի ոչ պատշաճ պատճառաբանված լինելը հանգեցրել է այդ դատական ակտի՝ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված՝ դատական ակտի հիմնավորվածության հատկության չեզոքացմանը, ինչն ինքնին վկայում է ոչ իրավաչափ դատական ակտ կայացված լինելու մասին, մինչդեռ Դատական ակտի բովանդակային ստուգում իրականացնելու համար վերադաս դատարանը պետք է գնահատման ենթարկի ստորադաս դատարանի՝ վարույթի նյութերից բխող պատճառաբանված որոշումը, ինչը, սակայն, սույն դեպքում բացակայում է։
16․ Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն վարույթով Առաջին ատյանի դատարանը դատական ակտ կայացնելիս, իսկ Վերաքննիչ դատարանը՝ Առաջին ատյանի դատարանի դատական ակտն անփոփոխ թողնելով, թույլ են տվել դատական սխալ, ինչը նույն օրենսգրքի 362-րդ հոդվածի համաձայն՝ հիմք է ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանելու համար: Սակայն հաշվի առնելով, որ տվյալ դեպքում մինչդատական վարույթն ավարտվել է և Լ․Միսակյանի վերաբերյալ քրեական վարույթն ըստ էության քննության առնելու համար, փոխանցվել է ՀՀ հակակոռուպցիոն դատարան, և մեղադրյալի նկատմամբ խափանման միջոցի կիրառման հարցն արդեն իսկ գտնվում է վարույթն իրականացնող դատարանի տիրույթում, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանի դատական ակտերը բեկանելու իրավական հնարավորությունը բացակայում է։ Հետևաբար` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանների դատական ակտերը պետք է թողնել անփոփոխ՝ հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 33-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 359-րդ, 362-րդ, 363-րդ, 400-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Լուսինե Դերենիկի Միսակյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի՝ 2026 թվականի մայիսի 21-ի որոշումը թողնել անփոփոխ՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:
Նախագահող` Ս․ՉԻՉՈՅԱՆ
Դատավորներ` Ա․ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆ
Ռ․ՄԽԻԹԱՐՅԱՆ
Դ.ՎԵՔԻԼՅԱՆ
