Վճռաբեկ դատարան · Կոռուպցիոն հանցագործություններ
ՀԿԴ/0122/06/26
Վճռաբեկ դատարանի որոշումների ցանկից (cassationcourt.am/decisions)՝ դատարանի նախադեպային շտեմարանում այն չկա։
- Գործի համարը
- ՀԿԴ/0122/06/26
- Դատական ակտի ընդունման ամսաթիվը
- 11.09.2026
- ՀՀ Քրեական դատավարության օրենսգիրք
- Որոշման տեքստում վկայակոչված այլ հոդվածներ
7 հոդված՝ որոշման տեքստից (դատարանի քարտում չկան)
Միջազգային փաստաթղթեր
ՀՀ Սահմանադրություն
ՀՀ Քրեական օրենսգիրք
Որոշման տեքստը
դատարանի Word ֆայլիցՀԿԴ/0122/06/26
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության
հակակոռուպցիոն դատարան,
նախագահող դատավոր՝ Ս.Պետրոսյան
Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան,
նախագահող դատավոր` Ա.Մարտիրոսյան
2026 թվականի սեպտեմբերի 11-ին քաղաք Երևանում
ՀՀ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմը (այսուհետ նաև` Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ` Ս.ՉԻՉՈՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ` Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆԻ
Ռ․ՄԽԻԹԱՐՅԱՆԻ
Դ.ՎԵՔԻԼՅԱՆԻ
գրավոր ընթացակարգով քննության առնելով թիվ ՀԿԴ/0122/06/26 դատական վարույթով ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան)՝ 2026 թվականի մայիսի 29-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Վարդապետյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Վարույթի դատավարական նախապատմությունը.
2026 թվականի ապրիլի 13-ին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի հանրային ծառայության շահերի դեմ ուղղված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Էդ․Ծառուկյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 221-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ) և 46-221-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով նախաձեռնվել է թիվ ********** քրեական վարույթը:
Թիվ ********** քրեական վարույթով 2026 թվականի ապրիլի 14-ին ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազ Ա․Գևորգյանի (այսուհետ նաև՝ Դատախազ) որոշմամբ Գոհար Ղումաշյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 221-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ) հարուցվել է հանրային քրեական հետապնդում։
ՀՀ հակակոռուպցիոն դատարանի (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան)՝ 2026 թվականի ապրիլի 15-ի որոշմամբ նախաքննության մարմնի միջնորդությունը՝ մեղադրյալ Գ․Ղումաշյանի նկատմամբ տնային կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին, բավարարվել է մասնակի, և մեղադրյալ Գ․Ղումաշյանի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոցներ համակցված կիրառվել են վարչական հսկողություն և բացակայելու արգելք։
Առաջին ատյանի դատարանի վերոնշյալ որոշման դեմ Դատախազի և մեղադրյալ Գ․Ղումաշյանի պաշտպան Վ․Միսակյանի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքների քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2026 թվականի մայիսի 29-ի որոշմամբ Առաջին ատյանի դատարանի՝ 2026 թվականի ապրիլի 15-ի որոշումը բեկանել է, և կայացրել փոխարինող դատական ակտ՝մերժելով մեղադրյալ Գ․Ղումաշյանի նկատմամբ տնային կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը։
Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Վարդապետյանի կողմից բերվել է հատուկ վերանայման վճռաբեկ բողոք։
Վճռաբեկ դատարանի՝ 2026 թվականի հուլիսի 8-ի որոշմամբ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Վարդապետյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ, և սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։
Վճռաբեկ բողոքի հիմքերը, դրանք հիմնավորող փաստարկները և պահանջը.
Բողոքի հեղինակը գտել է, որ Վերաքննիչ դատարանի որոշումն օրինական և հիմնավոր չէ, դրանով թույլ է տրվել դատական սխալ` քրեադատավարական օրենքի էական խախտում, որն ազդել է վարույթի ելքի վրա։
Ըստ բողոքաբերի՝ Վերաքննիչ դատարանը քրեական վարույթի սույն փուլում իր առջև դրված խնդիրների շրջանակներից դուրս՝ ըստ էության մեղադրանքի հիմնավորվածությունը գնահատելուն բնորոշ, վերլուծություններ է կատարել և արդյունքում ոչ իրավաչափ հետևության հանգել։
7․1․ Բողոք բերած անձը նշել է, որ Առաջին ատյանի դատարանի դատական ակտի կայացումից հետո՝ 2026 թվականի մայիսի 26-ին, թիվ ********** քրեական վարույթն ըստ մեղադրանքի Գ․Ղումաշյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 221-րդ հոդվածի 1-ին մասով, և *********** ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-221-րդ հոդվածի 1-ին մասով, հանձնվել է ՀՀ հակակոռուպցիոն դատարան, իսկ 2026 թվականի մայիսի 27-ին որոշում է կայացվել վարույթը ստանձնելու և նախնական դատալսումներ նշանակելու մասին, որպիսի պայմաններում հիշյալ հարցի լուծումն այլևս գտնվել է վարույթը ստանձնած իրավասու դատարանի տիրույթում, մինչդեռ Վերաքննիչ դատարանը 2026 թվականի մայիսի 29-ի որոշմամբ բեկանել է Առաջին ատյանի դատարանի՝ սույն վարույթով բողոքարկվող որոշումը և կայացրել է դրան փոխարինող դատական ակտ, այն պայմաններում, երբ ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ ԵԴ1/0138/06/23 որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումների ուժով իրավասու չի եղել հիշյալ դատական ակտը բեկանել և փոփոխել:
7․2․ Բողոքաբերի պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանը, բեկանելով և փոփոխելով Առաջին ատյանի դատարանի՝ 2026 թվականի ապրիլի 15-ի դատական ակտը, սխալ է գնահատել և մեկնաբանել քրեական վարույթով ստացված փաստական տվյալները, ինչի արդյունքում եկել է սխալ եզրահանգման, մասնավորապես՝ սույն քրեական վարույթով մեղադրյալ Գ․Ղումաշյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 221-րդ հոդվածի 1-ին մասով (************ վերաբերյալ դրվագ) նախատեսված հանցանք կատարելու հիմնավոր և ողջամիտ կասկածը վարույթն իրականացնող մարմինը փաստարկել է բավարար ապացույցների համակցությամբ, մինչդեռ Վերաքննիչ դատարանը, բեկանելով Առաջին ատյանի դատարանի՝ 2026 թվականի ապրիլի 15-ի որոշումը, ըստ էության, սույն փուլում դատական վերահսկողության խնդիրներից չբխող (անդրադառնալով մեղադրանքի հիմնավորվածությունը) հետևություններ է կատարել՝ գտնելով, որ բացակայում է մեղադրյալի կողմից հիշյալ հոդվածով նախատեսված հանցանքը կատարելու հիմնավոր կասկածը։
Բողոքաբերը վերոգրյալ պնդումը հիմնավորել է, ի թիվս այլնի, Գ․Ղումաշյանի նկատմամբ իրականացված «Թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքում արձանագրված տվյալներով, «CIVILNET» լրատվական կայքում 2026 թվականի փետրվարի 19-ի զետեղված հրապարակմամբ, «News.am» լրատվական կայքից արտատպված տեղեկատվությամբ, Գ․Ղումաշյանի նկատմամբ իրականացված «Թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքները զննելու մասին 2026 թվականի ապրիլի 14-ի արձանագրությամբ։
Բողոքաբերը, անդրադառնալով Վերաքննիչ դատարանի՝ Գ․Ղումաշյանի և *************** միջև երկարամյա մտերիմ փոխհարաբերություններ ունենալու, ինչպես նաև Գ․Ղումաշյանի կողմից *************** ենթադրաբար տրված գումարի տրամադրմամբ որևէ եղանակով քաղաքական ենթատեքստում խոսակցություն չծավալելու հանգամանքներին, փաստել է, որ Գ․Ղումաշյանը հանդիսացել է «******* **************» կուսակցության անդամ, և հենց օրենսդրի տրամաբանությունն այն է, որ որոշակի ժամանակահատվածում պետք է արգելվի, այդ թվում՝ կուսակցության անդամի կողմից բարեգործության անվան տակ անհատույց կամ արտոնյալ պայմաններով ընտրողին դրամ տալը, և գտել է, որ ներկայացված փաստական տվյալները ողջամտորեն պարունակել են տեղեկություններ այն մասին, որ Գ․Ղումաշյանն առնչություն ունի իրեն վերագրվող ՀՀ քրեական օրենսգրքի 221-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքի կատարմանը, ինչպես նաև տվյալ դեպքը (իրադարձությունը) առերևույթ համընկել է մեղադրյալին մեղսագրվող առերևույթ հանցանքի հատկանիշներին:
7․3․ Արդյունքում բողոքի հեղինակը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի 2026 թվականի մայիսի 29-ի որոշումը և կայացնել դրան փոխարինող դատական ակտ։
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
2026 թվականի ապրիլի 14-ին Գ․Ղումաշյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 221-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ) հանրային քրեական հետապնդում է հարուցվել այն բանի համար, որ «նա հանդիսանալով «Ուժեղ Հայաստան կուսակցության» անդամ, հանդես գալով նշված կուսակցության անունից, 2026 թվականի հունիսի 7-ին «Ազգային ժողովի հերթական ընտրություն նշանակելու մասին» ՀՀ Նախագահի՝ թիվ ՆՀ-21-Ն հրամանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև ընտրությունների արդյունքների ամփոփումը՝ 2026 թվականի մարտին, ****** ******** ********** կողմից հանցագործության առարկա հանդիսացող գումարը *********** ************ փոխանցելու և Գոհար Ղումաշյանի հնարավոր բացահայտման խոչընդոտը վերացնելու եղանակներով դրսևորված օժանդակությամբ, ընտրելու իրավունք ունեցող ՀՀ քաղաքացի հանդիսացող՝ ********* ********* ************** բարեգործության անվան տակ անհատույց պայմանով տվել է չպարզված չափով գումար՝ այդ կերպ Ընտրության ժամանակ խախտելով բարեգործության արգելքը։
Բացի այդ, Կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանը, Ընտրության նշանակման որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև ընտրությունների արդյունքների ամփոփումը՝ 2026 թվականի ապրիլին, ****** մարզի ******** համայնքի *************** բնակավայրում գործող, շուրջ 200 աշխատակիցներ ունեցող ձեռնարկության սեփականատեր, ընտրելու իրավունք ունեցող ******* ******* ********* բարեգործության անվան տակ խոստացել է արտոնյալ պայմաններով, այն է՝ առանց նախապես գնահատելու ընկերության կողմից ծառայության պատշաճ կատարման հնարավորությունները, մասնագիտական կարողությունները, տեխնիկական հագեցվածությունը, փորձառությունը և մատուցվող ծառայության որակը, պատվեր տալու տեսքով մատուցել ծառայություններ՝ այդ կերպ Ընտրության ժամանակ խախտելով բարեգործության արգելքը (…)»։
Առաջին ատյանի դատարանը 2026 թվականի ապրիլի 15-ի որոշմամբ արձանագրել է հետևյալը. «(...) Միջնորդությանը կից ներկայացված նյութերով, մասնավորապես՝ առերևույթ հանցանքների հատկանիշներ հայտնաբերելու մասին 2026 թվականի ապրիլի 13-ի հաղորդումը, Գոհար Աշոտի Ղումաշյանի նկատմամբ իրականացված «Թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքում արձանագրված տվյալները, «CIVILNET» լրատվական կայքի 2026 թվականի փետրվարի 19-ի հրապարակման համաձայն, «News.am» լրատվական կայքից արտատպված տեղեկատվության համաձայն, Գոհար Ղումաշյանի նկատմամբ իրականացված «Թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքները զննելու մասին 2026 թվականի ապրիլի 14-ի արձանագրությամբ և այլ կից փաստաթղթերով, խիստ նվազ շեմով հաստատված է համարվում անձի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 221-րդ հոդվածի 1-ին մասով (********* ********* ******** վերաբերյալ դրվագ) նախատեսված ենթադրյալ կատարված արարքի հիմնավոր կասկածը, իսկ առաջադրված մյուս՝ ՀՀ քրեական օրենսգրքի 221-րդ հոդվածի 1-ին մասով (******* ************ վերաբերյալ դրվագ) նախատեսված ենթադրյալ կատարված արարքի հիմնավոր կասկածը Դատարանի կողմից հաստատվել չի կարող, քանի որ վերը նշված նյութերում առկա չեն տվյալներ, որոնք անաչառ դիտորդին կհամոզեն, որ տվյալ անձը կարող է կատարած լինել վերը նշված հոդվածով նախատեսված արարքներ։
(…):
Ինչ վերաբերում է Դատարանի կողմից հաստատված հիմնավոր կասկածին, ապա տվյալ անձի կողմից՝ արարքը կատարված լինելու կամ քրեաիրավական ճիշտ որակման համար անհրաժեշտ է բավարար ապացույցների ամբողջություն, ինչն արդեն իսկ ավելի բարձր ապացուցողական չափանիշ է և սույն միջնորդության քննության ընթացքում չի կարող քննարկվել, այն կարող է քննարկվել այն դեպքում, երբ գործն արդեն իսկ կգտնվի Դատարանի վարույթում
(…)
Ինչ վերաբերում է միջնորդությամբ ներկայացված՝ մեղադրյալի կողմից իր վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով կամ դատարանի որոշմամբ դրված պարտականությունների կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված կալանք կիրառելուն, ապա Դատարանը նշված հիմքի առկայությունը իրատեսական է համարում, սակայն տվյալ հիմքի առկայությունը այն աստիճան բարձր չէ»:
(…)
Դատարանի դիրքորոշումը պայմանավորված է այն հանգամանքով, որ վարույթը նախաձեռնվել է 2026 թվականի ապրիլի 13-ին, այսինքն՝ նախաքննությունը գտնվում է սկզբնական փուլում, սակայն կատարվելիք գործողությունների ծավալն այնքան մեծ չէ, որ անձը կարողանա ազդել ապացուցողական որևէ գործողության վրա և անհրաժեշտ լինի կիրառել միջնորդվող խափանման միջոցը:
Անդրադառնալով քննիչի այն պնդմանը, որ դեռևս պետք է պարզել անձանց ինքնությունները և հարցաքննել նրանց, պարզել հանցավոր արարքի հնարավոր հանգամանքը, ուստի սույն պարագայում, Դատարանն արձանագրում է, որ վարույթը գտնվում է ակտիվ՝ ապացույցների հավաքման և գնահատման փուլում:
Այսպիսով՝ Դատարանն արձանագրում է, որ հաշվի առնելով վերոգրյալը և այն համադրելով մեղադրյալի անձնական տվյալների և ներկայացված նյութերի հետ, կարելի է հանգել այն ողջամիտ ենթադրության, որ այլընտրանքային խափանման միջոցներից առավել նվազներն ի զորու են ապահովելու Գոհար Ղումաշյանի պատշաճ վարքագիծը կամ խափանման միջոց կիրառելու հիմքերի հավանականությունը ներկայումս առկա լինելով հանդերձ կարող են չեզոքացվել մյուս այլընտրանքային խափանման միջոցների կիրառմամբ և ապահովել մեղադրյալի պատշաճ վարքագիծը:
(…)»։
2026 թվականի մայիսի 20-ին Դատախազի որոշմամբ Գ․Ղումաշյանի նկատմամբ մեկ դրվագ ՀՀ քրեական օրենսգրքի 221-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված հանրային քրեական հետապնդումը (******** ************ բարեգործության անվան տակ արտոնյալ պայմաններով ծառայություններ մատուցելու վերաբերյալ) դադարեցվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքով։
Վերաքննիչ դատարանը վիճարկվող որոշմամբ արձանագրել է հետևյալը. «(…) Անդրադառնալով Գոհար Ղումաշյանի պաշտպան Վ.Միսակյանի բողոքում վկայակոչված փաստարկներին՝ Վերաքննիչ դատարանի արձանագրմամբ դրանք հանգում են այն հետևությանը, որ նույնիսկ կասկածի նվազագույն մակարդակում չի հիմնավորվում Գոհար Ղումաշյանի՝ որպես կուսակցության անդամ, որևէ անձի օժանդակությամբ անհատույց ******* ********* գումար տալու հանգամանքն՝ ակնկալելով ազդել նրա ընտրելու իրավունքի վրա: Այս առնչությամբ Վերաքննիչ դատարանն ուշադրություն է հրավիրում վարույթում առկա նյութերի ուսումնասիրությամբ ձևավորվող ամբողջական պատկերին, որն առանցքային նշանակություն ունի անձի կողմից իրեն վերագրվող կոնկրետ քրեական իրավախախտման հիմնավոր կասկածի առկայության կամ բացակայության հարցը գնահատելիս: Վարույթն իրականացնող մարմնի կողմից այս դրվագի շրջանակում Առաջին ատյանի դատարան են ներկայացվել մեծամասամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված տվյալներ, որոնց ուսումնասիրմամբ պարզ է դառնում, որ ******** ********* և Գոհար Ղումաշյանի միջև հեռախոսազրույցի շրջանակում, ի թիվս այլնի, քննարկվել է ******** ********** համար հեռուստացույց գնելու փոխարեն գումար տալու հանգամանքը: Ընդ որում, Առաջին ատյանի դատարանում տեղի ունեցած դատալսումների ընթացքում քննիչի կողմից հայտնվել է, որ ********* ************ ինքնությունը պարզված է, իսկ մեղադրյալ Գոհար Ղումաշյանի կողմից հայտնվել է, որ 2015 թվականից ճանաչում է ********* ************ և որպես վետերան փորձել է հոգ տանել նրա մասին, նկարահանել է վավերագրական ֆիլմեր նրա վերաբերյալ, արխիվացրել է բոլոր հիշողությունները, իսկ 2018 թվականին հիմնել է «********* ****** *****» հասարակական կազմակերպությունը, որի շրջանակում ներգրավված միակ կին վետերանը ********* ********** է, վերջինի հետ գտնվում են պարբերական բնույթի ջերմ հարաբերությունների մեջ: Ի վկայումն հիշյալ հանգամանքի՝ վարույթի նյութերում առկա են 2015 թվականից ի վեր տարբեր տարիներին ********* ************ և Գոհար Ղումաշյանի՝ սոցիալական ցանցերում կիսված համատեղ լուսանկարները և գրառումները, նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումների կատարման արդյունքում ստացված տվյալները նրանց միջև ծավալվող հեռախոսազրույցի համատեքստում։ Նշվածը կարևորվում է վարույթում առկա նյութերի պայմաններում մեղադրյալի և ******** ********** միջև ունեցած փոխհարաբերությունների բնույթի վերհանման տեսանկյունից, որն էլ իր հերթին էական նշանակություն ունի ՀՀ քրեական օրենսգրքի 221-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի կատարման հիմնավոր կասկածի շեմը հաղթահարված գնահատելու համատեքստում։ Մասնավորապես, հիշյալ հոդվածով նախատեսված հանցանքի կատարման դեպքում կուսակցության անունից հանդես եկող անձը բարեգործության շղարշի ներքո մեկ այլ անձի անհատույց կամ արտոնյալ պայմաններով դրամ, սննդամթերք, արժեթուղթ, ապրանք է տրամադրում կամ խոստանում կամ նույն պայմաններով ծառայություններ է մատուցում (խոստանում) կամ բարեգործության հետ միաժամանակ նախընտրական կամ հանրաքվեի քարոզչություն է իրականացնում։ Այսինքն, հիշյալ հանցանքն, ըստ էության, ընտրությանը մասնակցելու և կոնկրետ կուսակցությանը քվեարկելու նպատակ է հետապնդում՝ պարզապես ընտրակաշառք տրամադրելու փոխարեն այն քողարկվում է բարեգործության անվան տակ։ Հետևապես կարևորվում է նաև երկուստեք գիտակցումը և ընկալումը, որ տրամադրված առարկան կամ մատուցված ծառայությունը ոչ թե բխում է անձանց միջև ձևավորված հարաբերությունների բովանդակությունից, այլ իրականում նպատակաուղղված է տվյալ կուսակցության օգտին քվեարկելուն: Ասվածի պրիզմայով՝ դիտարկելով սույն իրավիճակը՝ Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ պաշտպանության կողմի ներկայացրած և Առաջին ատյանի դատարանում հետազոտված տեղեկությունների, ինչպես նաև վարույթի նյութերում առկա տվյալների համակցությամբ տեսանելի է Գոհար Ղումաշյանի և ******** *********** միջև երկարամյա մտերիմ փոխհարաբերությունների առկայությունը։ Դրան զուգահեռ վարույթի նյութերում բացակայում է որևէ տվյալ առ այն, որ Գոհար Ղումաշյանի կողմից ******* ************* ենթադրաբար տրված գումարի տրամադրմամբ որևէ եղանակով նշվել է կամ ակնարկվել է կամ ծավալվել է որևէ խոսակցություն առհասարակ քաղաքական ենթատեքստում, քանի որ նրանց միջև ձևավորված հարաբերություններն առկա տվյալների պայմաններում բացառապես անձնական շփումների մակարդակում են, որտեղ Գոհար Ղումաշյանը չի ընկալվում որպես կուսակցական գործիչ։ Ավելին՝ համաձայն վարույթի նյութերի ******* ********* տարեց կին է, ունի առողջական խնդիրներ, որոնցով պայմանավորված հավանականությունը մեծ է, որ վերջինն առողջական խնդիրներով պայմանավորված կարող է նաև ի վիճակի չլինել մասնակցելու ընտրություններին, ուստի նման պայմաններում ցանկացած օբյեկտիվ դիտորդի մոտ ողջամիտ դատողություն կարող է առաջանալ արդյոք ողջամիտ է նման չափի գումարի որպես ընտրակաշառքի փոխանցումը՝ մի կնոջ, ով առավել քան հավանական է, որ չի կարող մասնակցել ընտրություններին: Հետևապես Գոհար Ղումաշյանին մեղսագրվող հիշյալ դրվագի առնչությամբ ստորադաս դատարանի պնդումն առ այն, որ առկա է հիմնավոր կասկածի խիստ նվազ շեմ, Վերաքննիչ դատարանի գնահատմամբ իրավաչափ, հիմնավոր և պատճառաբանված չէ, քանի որ վարութային սույն փուլում առկա տվյալների պայմաններում վերադաս ատյանի համար առնվազն վարույթի նյութերի ուսումնասիրմամբ տեսանելի չէ Գոհար Ղումաշյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 221-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ենթադրյալ հանցավոր արարքի կատարման հիմնավոր կասկածի առկայությունը: Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նաև ընդգծել, որ յուրաքանչյուր անձի նկատմամբ խափանման միջոցի անհատականացված քննարկումը ենթադրում է նաև հիմնավոր կասկածի մակարդակում այնպիսի տվյալների և տեղեկությունների ներկայացում, որոնք անաչառ դիտորդի պատկերացմամբ կվկայեն ենթադրյալ հանցավոր դեպքին անձի առնչության և քննության առարկա դարձված դեպքի և անձին վերագրվող ենթադրյալ արարքի համընկնման մասին: Բացի այդ, Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նշել, որ որքան էլ խափանման միջոցի հարցի քննարկման ժամանակ անձին վերագրվող ենթադրյալ արարքի կատարման հիմնավոր կասկածի առկայության հաստատումը ենթադրում է առավել ցածր ապացուցման շեմի հաղթահարում, սակայն ամեն դեպքում վարույթն իրականացնող մարմնի առաջադրած վարկածից բխող ենթադրությունները ևս պետք է ունենան որոշակի փաստական հիմնավորում հենց անձին վերագրվող կոնկրետ հանցակազմի տարրերի վերաբերյալ առնվազն նվազագույն տեղեկություններ պարունակելու տրամաբանության շրջանակում: Մինչդեռ, սույն դեպքում որևէ կոնկրետ փաստ կամ տեղեկություն չի վկայակոչվում (ինչպես առանձին, այնպես էլ ամբողջության մեջ), որը հնարավորություն կտար այս դրվագով հիմնավոր կասկածի հարցի քննարկման համատեքստում դատողություններ անելիս վերացարկվել բացառապես ենթադրությունների մակարդակից։
(...)։
Այսպիսով ողջ վերոշարադրյալի պայմաններում Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ վարույթով առկա տվյալների պայմաններում Գոհար Ղումաշյանին վերագրվող երկու դրվագ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 221-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքների կատարման հիմնավոր կասկածի շեմը հաղթահարված չէ»։
2026 թվականի մայիսի 22-ին Գոհար Ղումաշյանի և ******* ********** վերաբերյալ քրեական վարույթն անջատվել է թիվ ********** քրեական վարույթից և 2026 թվականի մայիսի 26-ին թիվ ********** համարի ներքո մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է ՀՀ հակակոռուպցիոն դատարան:
2026 թվականի մայիսի 27-ին պաշտպան Լ․Գասպարյանի կողմից Վերաքննիչ դատարան է ներկայացվել գրություն առ այն, որ թիվ ********** վարույթով 2026 թվականի մայիսի 22-ին հայտնվել է նախաքննության ավարտ և կից ներկայացվել է Դատախազի՝ «քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ միջնորդությունը քննության առնելու մասին» որոշման պատճենը:
Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը.
Վճռաբեկ դատարանը նախևառաջ փաստում է, որ Գ․Ղումաշյանին ՀՀ քրեական օրենսգրքի 221-րդ հոդվածով մեղսագրվող 1 դրվագ ենթադրյալ հանցանքը (******* ************ բարեգործության անվան տակ արտոնյալ պայմաններով ծառայություններ մատուցելու վերաբերյալ) վերջինի կողմից կատարված լինելու մասով դատախազի որոշմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու, ինչպես նաև համապատասխան փաստարկներ բողոքաբերի կողմից հատուկ վերանայման վճռաբեկ բողոքում ներկայացված չլինելու պայմաններում սույն որոշմամբ արված հետևություններն ու ներկայացված պատճառաբանությունները վերաբերում են բացառապես Գ․Ղումաշյանին մեղսագրվող՝ ՀՀ քրեական օրենսգրքի 221-րդ հոդվածի 1-ին մասով (******** ******** *********** վերաբերյալ դրվագ) նախատեսված ենթադրյալ արարքն առերևույթ կատարելու հիմնավոր կասկածի առկայության կամ բացակայության հաստատմանը։
Այսպիսով, սույն վարույթով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր է արդյոք Վերաքննիչ դատարանի հետևությունն առ այն, որ Գ․Ղումաշյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 221-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքն առերևույթ կատարելու վերաբերյալ հիմնավոր կասկածը բացակայում է։
Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝
«1. Յուրաքանչյուր ոք ունի անձնական ազատության իրավունք։ Ոչ ոք չի կարող անձնական ազատությունից զրկվել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով`
(...)
4) անձին իրավասու մարմին ներկայացնելու նպատակով, երբ առկա է նրա կողմից հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկած, կամ երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է հանցանքի կատարումը կամ դա կատարելուց հետո անձի փախուստը կանխելու նպատակով.
(…)»։
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի համաձայն՝ «1. Յուրաքանչյուր ոք ունի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք։ Ոչ ոքի չի կարելի ազատությունից զրկել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և oրենքով uահմանված կարգով.
(…) գ) անձի oրինական կալանավորումը կամ ձերբակալումը` իրավախախտում կատարած լինելու հիմնավոր կաuկածի առկայության դեպքում նրան իրավաuու oրինական մարմնին ներկայացնելու նպատակով կամ այն դեպքում, երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է համարվում նրա կողմից հանցագործության կատարումը կամ այն կատարելուց հետո նրա փախուuտը կանխելու համար (…)»։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 116-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝
«Խափանման միջոց չի կարող կիրառվել, եթե բացակայում է մեղադրյալի կողմից իրեն վերագրվող հանցանքը կատարելու մասին հիմնավոր կասկածը»։
15․1 Վերահաստատելով և զարգացնելով կալանավորման պայմաններից «հիմնավոր կասկածի» գնահատման սահմանների վերաբերյալ Վահրամ Գևորգյանի, Հարություն Խաչատրյանի գործերով արտահայտված իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն Էդգար Եղիազարյանի գործով ընդգծել է, որ իրավասու մարմինը պետք է ներկայացնի փաստեր կամ տեղեկություններ, որոնք կհամոզեն դատարանին, որ անձը հիմնավոր կերպով է կասկածվում (մեղադրվում) ենթադրյալ հանցագործության կատարման մեջ։ Այսինքն՝ քրեական հետապնդման մարմինները պետք է ներկայացնեն կասկածը հիմնավորող որոշակի փաստական հանգամանքներ, իսկ դրա վերաբերյալ դատարանի հետևությունները պետք է լինեն պատճառաբանված և, միևնույն ժամանակ, չպետք է պարունակեն իրավական գնահատականներ անձի մեղավորության կամ անմեղության հարցի առնչությամբ։
Վճռաբեկ դատարանը ձևավորած նախադեպային իրավունքում, ի թիվս այլնի, ընդգծել է հետևյալ հանգամանքները՝
- հիմնավոր կասկածը չի պահանջում կատարված արարքի մեջ մեղադրյալի մեղավորությունն ապացուցող՝ հիմնավոր կասկածից վեր ապացուցման չափանիշին համապատասխան բավարար փաստերի առկայություն, այնուամենայնիվ, «կասկածը» պետք է լինի ողջամիտ, այն պետք է հիմնված լինի օրենքով սահմանված կարգով ձեռքբերված որոշակի փաստական տվյալների վրա (որոնք կվկայեն կատարված արարքին անձի առնչությունը և դեպքի, իրադարձության համընկնումն այն հանցանքին, որի առերևույթ կատարման մեջ անձը կասկածվում (մեղադրվում է)), իսկ դրա առկայության կամ բացակայության վերաբերյալ դատարանի հետևությունները պետք է լինեն հիմնավորված և պատճառաբանված,
- կալանավորման վերաբերյալ միջնորդությունը քննելիս դատարանն իրավասու չէ քննարկման առարկա դարձնելու այնպիսի հարցեր, որոնք դուրս են այդ պահին իր առջև դրված խնդիրների շրջանակից, ուստիև հիմնավոր կասկածի առկայությունը ստուգելիս դատարանն իրավասու չէ կանխորոշելու մեղքի հարցը, իրավական գնահատական տալու անձի մեղավորությանը կամ անմեղությանը, անմիջականորեն փաստելու անձի արարքում հանցակազմի առկայությունը կամ բացակայությունը։ Ընդ որում, քրեական գործով վարույթը բացառող այդ հանգամանքի առերևույթ առկայության մասին վկայությունը պետք է լինի ոչ թե ներկայացված նյութերի, այդ թվում՝ ապացույցների` գործն ըստ էության քննելու և լուծելու ժամանակ պահանջվող աստիճանի չափ բազմակողմանի և խորը վերլուծության արդյունք, այլ այդպիսի վկայությունը պետք է հիմնված լինի ներկայացված նյութերից բխող համեմատաբար ակնհայտ փաստերի վրա:
Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ՝
- Գ․Ղումաշյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 221-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է հանրային քրեական հետապնդում, և նրան մեղադրանք է ներկայացվել այն ենթադրյալ արարքի կատարման համար, որ նա, հանդիսանալով «******** ********** ***********» անդամ, հանդես գալով նշված կուսակցության անունից 2026 թվականի մարտին ********** օժանդակությամբ, ընտրելու իրավունք ունեցող, ՀՀ քաղաքացի հանդիսացող՝ ********** բարեգործության անվան տակ անհատույց պայմանով տվել է չպարզված չափով գումար՝ այդ կերպ ընտրության ժամանակ խախտելով բարեգործության արգելքը։
- Առաջին ատյանի դատարանը, գնահատելով նախաքննության մարմնի միջնորդությանը կից ներկայացված նյութերը, խիստ նվազ շեմով հաստատված է համարել Գ․Ղումաշյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 221-րդ հոդվածի 1-ին մասով (********** վերաբերյալ դրվագ) նախատեսված ենթադրյալ հանցանքը կատարված լինելու հիմնավոր կասկածը։
- Վերաքննիչ դատարանը, բեկանելով Առաջին ատյանի դատարանի որոշումը, փաստել է, որ նույնիսկ կասկածի նվազագույն մակարդակում չի հիմնավորվում Գ․Ղումաշյանի՝ որպես կուսակցության անդամ, որևէ անձի օժանդակությամբ անհատույց *********** գումար տալու հանգամանքը՝ ակնկալելով ազդել նրա ընտրելու իրավունքի վրա: Վերաքննիչ դատարանը նման որոշում կայացնելիս հաշվի է առել մեղադրյալի և *************** միջև ունեցած փոխհարաբերությունների բնույթը, մասնավորապես այն, որ Գ.Ղումաշյանը հայտնել է, որ 2015 թվականից ճանաչում է *********** և որպես վետերան փորձել է հոգ տանել նրա մասին, նկարահանել է վավերագրական ֆիլմեր նրա վերաբերյալ, արխիվացրել է բոլոր հիշողությունները, իսկ 2018 թվականին հիմնել է «********** ******* ********» հասարակական կազմակերպությունը, որի շրջանակում ներգրավված միակ կին վետերանը *********** է, վերջինի հետ գտնվում են պարբերական բնույթի ջերմ հարաբերությունների մեջ։ Վերաքննիչ դատարանը նշել է նաև, որ հիշյալ հանցանքը, ըստ էության, ընտրությանը մասնակցելու և կոնկրետ կուսակցությանը քվեարկելու նպատակ է հետապնդում՝ պարզապես ընտրակաշառք տրամադրելու փոխարեն այն քողարկվում է բարեգործության անվան տակ, դրան զուգահեռ վարույթի նյութերում բացակայում է որևէ տվյալ առ այն, որ Գ․Ղումաշյանի կողմից *********** ենթադրաբար տրված գումարի տրամադրմամբ որևէ եղանակով նշվել է կամ ակնարկվել է կամ ծավալվել է որևէ խոսակցություն առհասարակ քաղաքական ենթատեքստում, և հավանականությունը մեծ է, որ վերջինն առողջական խնդիրներով պայմանավորված կարող է նաև ի վիճակի չլինել մասնակցելու ընտրություններին, ուստի նման պայմաններում ցանկացած օբյեկտիվ դիտորդի մոտ ողջամիտ դատողություն կարող է առաջանալ՝ արդյոք ողջամիտ է նման չափի գումարի որպես ընտրակաշառքի փոխանցումը մի կնոջ, ով առավել քան հավանական է, որ չի կարող մասնակցել ընտրություններին։
Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 15-15․1-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Գ․Ղումաշյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 221-րդ հոդվածով նախատեսված հանցանքի առերևույթ կատարման վերաբերյալ հիմնավոր կասկածի բացակայության մասին Վերաքննիչ դատարանի հետևությունները հիմնավոր չեն։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելու հանցակազմի օբյեկտիվ կողմի դրսևորման ձևի առնչությամբ Վերաքննիչ դատարանի ձևավորած դատողությունը հիմնավոր չէ: Խնդրո առարկա հանցակազմը ձևական է, և քաղաքացու կողմից իր ընտրական իրավունքն իրացնել կամ չիրացնելը չի կարող որևէ նշանակություն ունենալ մեղսագրված արարքն առերևույթ կատարելու հիմնավոր կասկածի հաստատման տեսանկյունից։
Վերոգրյալի լույսի ներքո Վճռաբեկ դատարանն առարկայազուրկ է համարում ստորադաս դատարանի դատողություններն առ այն, որ ***************** իր առողջական խնդիրներով պայմանավորված կարող է նաև ի վիճակի չլինել մասնակցելու ընտրություններին, ինչպես նաև այն, որ վարույթի նյութերում բացակայում է որևէ տվյալ այն մասին, թե Գ․Ղումաշյանի կողմից *********** ենթադրաբար տրված գումարի տրամադրմամբ որևէ եղանակով նշվել է կամ ակնարկվել է կամ ծավալվել է որևէ խոսակցություն առհասարակ քաղաքական ենթատեքստում։ Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանը նախ հարկ է համարում նշել, որ **************** կողմից ընտրությանը մասնակցել կամ չմասնակցելը, չի կարող որևէ նշանակություն ունենալ մեղսագրված արարքն առերևույթ կատարելու հիմնավոր կասկածի հաստատման տեսանկյունից, և ստորադաս դատարանի կողմից ոչ միայն սխալ է վերլուծվել ՀՀ քրեական օրենսգրքի 221-րդ հոդվածի հանցակազմը, այլև արվել են այնպիսի մեկնաբանություններ ու հետևություններ, որոնք բնորոշ չեն սույն փուլին և, ըստ էության, դրանք կրել են գործն ըստ էության քննելու աստիճանին բնորոշ դատողությունների բնույթ։ Մինչդեռ հիմնավոր կասկածի առկայությունը ստուգելիս դատարանն իրավասու չէ կանխորոշելու մեղքի հարցը, իրավական գնահատական տալու անձի մեղավորությանը կամ անմեղությանը, անմիջականորեն փաստելու անձի արարքում հանցակազմի առկայությունը կամ բացակայությունը։
Բացի այդ, ստորադաս դատարանի պատճառաբանություններից, ըստ էության, հետևում է, որ վերջինը մեղադրյալ Գ․Ղումաշյանին մեղսագրվող արարքի առերևույթ կատարումը քննարկել և մեկնաբանել է մեկ այլ հոդվածի՝ մասնավորապես, ընտրակաշառք տալու հանցակազմի համատեքստում և արդյունքում հանգել է հիմնավոր կասկածի բացակայության վերաբերյալ հետևության, ինչն իրավաչափ չէ, քանի որ տվյալ դեպքում անձին մեղսագրված ենթադրյալ հանցանքն այլ դրսևորումներ ունի։ Ուստի մեղադրյալ Գ․Ղումաշյանին վերագրվող ենթադրյալ գործողությունների կատարումը պետք է քննարկման առարկա դարձվեր ՀՀ քրեական օրենսգրքի 221-րդ հոդվածի համատեքստում։
Ինչ վերաբերում է մեղադրյալի և *************** ունեցած փոխհարաբերությանը, ապա Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ նման տվյալները մեղսագրվող արարքի դեպքում չի կարող վճռորոշ նշանակություն ունենալ։ Այլ կերպ՝ անկախ այն հանգամանքից թե Գ․Ղումաշյանը նախկինում զբաղվել է բարեգործությամբ թե ոչ, *************** ցուցաբերել է օգնություն թե ոչ, սույն դեպքում դա չի կարող վարույթի տվյալ փուլում որոշիչ նշանակություն ունենալ հիմնավոր կասկածի առկայությունը կամ բացակայությունը հաստատելու համար։
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում կրկնել, որ հիմնավոր կասկածի հարցը քննարկելիս դատարանը պետք է քննարկման առարկա դարձնի, թե դեպքը, իրադարձությունն արդյո՞ք համընկնում է այն հանցանքին, որի առերևույթ կատարման մեջ անձը մեղադրվում է, արարքին տրված իրավական որակումն արդյո՞ք համապատասխանում է արարքի փաստական նկարագրությանը։
Վերոգրյալից ելնելով՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը Գ․Ղումաշյանի կողմից իրեն մեղսագրվող ենթադրյալ հանցանքը կատարած լինելու հիմնավոր կասկածի բացակայության վերաբերյալ հանգել է ոչ իրավաչափ և անհիմն հետևության, ինչն ինքնին հիմք է դատական ակտը բեկանելու համար։
Դրա հետ մեկտեղ՝ անդրադառնալով բողոքաբերի՝ սույն որոշման 7.1-րդ կետում մեջբերված փաստարկին՝ Վճռաբեկ դատարանը, հիմնվելով իր կողմից ձևավորած իրավակիրառ պրակտիկայի վրա, արձանագրում է, որ մինչդատական վարույթն ավարտվելուց և առաջին ատյանի դատարանի կողմից տվյալ քրեական վարույթն ստանձնելուց հետո, մինչդատական վարույթում մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց կիրառելու վերաբերյալ դատարանի որոշման՝ հատուկ վերանայման կարգով բողոքարկման արդյունքում, վերադաս դատարանն իրավասու չէ բեկանել և փոփոխել ստորադաս դատարանի դատական ակտը:
Հետևաբար, հիմք ընդունելով սույն գործով ՀՀ հակակոռուպցիոն դատարանի կողմից քրեական վարույթը ստանձնելու հանգամանքը, Վերաքննիչ դատարանն իրավասու չէր բեկանել մինչդատական վարույթում մեղադրյալ Գ․Ղումաշյանի նկատմամբ խափանման միջոց կիրառելու վերաբերյալ ստորադաս դատարանի որոշումը, նկատի ունենալով, որ այդ հարցի լուծումն այլևս քրեական վարույթը ստանձնած իրավասու դատարանի տիրույթում էր:
Նման եզրահանգման գալիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում նաև այն փաստը, որ Վերաքննիչ դատարանի տրամադրության տակ առկա է եղել ինչպես սույն գործով նախաքննության ավարտի մասին, այնպես էլ նախքան վիճարկվող որոշման կայացումը վարույթը ՀՀ հակակոռուպցիոն դատարանի կողմից 2026 թվականի մայիսի 27-ին ստանձնելու, և նախնական դատալսումներ նշանակած լինելու մասին տեղեկատվությունը։
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից մեղադրյալ Գ.Ղումաշյանի պաշտպանի հատուկ վերանայման բողոքի քննության արդյունքում Առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանելը վերը նշվածի տեսանկյունից ևս իրավաչափ չէ:
Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 15-րդ հոդվածով սահմանված սկզբունքի խախտում, ինչը նույն օրենսգրքի 362-րդ հոդվածի համաձայն, հիմք է ստորադաս դատարանի դատական ակտը բեկանելու համար:
Դրա հետ մեկտեղ, սակայն, հաշվի առնելով, որ սույն գործով մինչդատական վարույթն ավարտվել է, և Գ.Ղումաշյանի վերաբերյալ քրեական գործն ըստ էության քննության առնելու համար ուղարկվել է ՀՀ հակակոռուպցիոն դատարան, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բացակայում է բողոքարկված դատական ակտը բեկանելու իրավական հնարավորությունը։ Ուստի, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի որոշումը պետք է թողնել անփոփոխ՝ հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 15-րդ, 31-րդ, 33-34-րդ, 264-րդ, 281-րդ, 361-363-րդ և 400-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Թիվ ՀԿԴ/0122/06/26 դատական վարույթով մեղադրյալ Գոհար Ղումաշյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի՝ 2026 թվականի մայիսի 29-ի որոշումը թողնել անփոփոխ՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը։
Նախագահող` Ս․ՉԻՉՈՅԱՆ
Դատավորներ՝ Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆ
Ռ.ՄԽԻԹԱՐՅԱՆ
Դ․ՎԵՔԻԼՅԱՆ
